Կարինե Ռաֆայելյան, Պատմվածք

Կայարան՝ առանց գնացքների

                                

                                                                                                                  Արինեին

Սարոն գրող էր: Ամեն նոր ստեղծագործություն գրելիս նա ներշնչանք էր փնտրում՝ գայթակղիչ, գեղեցիկ կնոջ տեսքով: Մի անգամ այդպես ներշնչվելուց հետո ամուսնացավ Մանուշի հետ, ու այդ ներշնչանքից ոչ մի երկ էլ չծնվեց: Փոխարենը՝ Սարոն հայրացավ երկու անգամ: Մանուշը, որ հիմա Սարոյի նախկին կինն է, հասկացել էր, թե որն է ամուսնու ստեղծագործելու խթանը, ուստի կատաղի, կասկածամիտ էր դառնում, երբ տեսնում էր ամուսնուն գրասեղանի առջև:

Սակայն ճշմարտությունն ուներ նաև հակառակ երես. Սարոն խիստ զղջացել էր իր գրվելիք վեպը կին ու զավակներ ունենալուն զոհաբերելու համար և որոշել, որ հետագայում պիտի ներշնչվի այնպիսի մեկով, որի հետ որևէ լուրջ վերջաբանը բացառված կլինի ի սկզբանե: Այո՛, այդուհետ նա ընտրում էր այնպիսի կնոջ, որի ուշադրությանն արժանանալու հույսը ոչ թե փոքր էր, այլ՝ զրոյական: Որքան անմատչելի էր լինում նրա մուսան, որքան մեծ էր նրանից մերժվելու հավանական տառապանքը, այնքան բեղուն էր լինում գրող Սարոյի երկունքը. ծնվում էին վեպեր: Իսկ եթե հանկարծ, այնուամենայնիվ, մուսան տարվում էր Սարոյով և սկսում արձագանքել նրա կիրթ ու զուսպ սիրահետումներին, տեղի էր ունենում գրական ֆիասկո: Այսպիսի դեպքերում Սարոն արվեստագետին բնորոշ նրբանկատությամբ հրաժեշտի արարողություն էր խաղարկում և իր կյանքից ջնջում մուսային՝ շա՜տ-շատ գրելով մեկ-երկու բանաստեղծություն կամ մի քանի էջանոց պատմվածք: Ասել է թե՝ Սարոյի սիրախաղերն ունեին զուտ ստեղծագործական նպատակ, ոչինչ ավելի:

Կինն այս մասին չգիտեր: Եվ ամեն նոր գրվածքից հետո նրանց տանը լսվում էին Մանուշի կատաղի ղժղժոցն ու իրար հետևից պատերին զարկվող աման-չամանի խշրտոցը: Այդ ընթացքում գրվող Սարոյի երկերը մռայլ էին ու մահաշունչ: Քննադատներն սկսել էին դժգոհել, որ Սարոյի գործերը միօրինակ են, որ մահվան ու հոռետեսության թանձր շերտը խեղդում է ընթերցողին:

Բայց մի օր այդ ամենը վերջացավ, որովհետև Սարոն գտավ այնպիսի մեկին (ավելի ճիշտ՝ այդ մեկը գտավ ու բաց չթողեց Սարոյին), որը տեղով մեկ լույս էր, ուրախություն: Սարոյի տան ռեպերտուարը կտրուկ փոխվեց. Մանուշի ղժղժոցին ու կոտրվող սպասքի խշրտոցին փոխարինեցին մեղմաձայն երգերը: Այո՛, Սարոյի երկրորդ կինը՝ Հայկուշը, երգչուհի էր, ու նրանց տանն անվերջ թևածում էր բարձրաճաշակ երաժշտություն՝ Կոմիտասից մինչև համաշխարհային դասականներ և անգամ՝ Կառլ Ջենկինսի ջազային վարիացիաներ: Այս մթնոլորտում գրվեց Սարոյի՝ երջանկություն ճառագող վեպը, որը թեև չարժանացավ գրական միջավայրի ջերմ արձագանքին, բայց Սարոն դրանից շատ չնեղվեց, քանի որ երկրորդ ամուսնությամբ իր կյանքից ջնջել էր Մանուշին ու նրա կենցաղային աղաղակը:

Երկրորդ կինն ավելի լայնախոհ ու ճկուն դուրս եկավ: Նա գիտեր, որ Սարոն որևէ դերակատարություն չի ունեցել առաջին կնոջը լքելու և իր հետ ամուսնանալու պատմության մեջ, որ ամեն բան՝ ներառյալ Մանուշին վերջնականապես Սարոյից կտրելու ու գրողի ծոցն ուղարկելու, նրա աշխարհացունց փոթորիկները սանձելու ոչ հեշտ գործը, ինքը միայնակ է գլուխ բերել: Եթե Սարոյին մնար, նա այդպես էլ կշարունակեր ապրել Մանուշի հետ՝ տառապելով ու գրելով մռայլ մահապատումներ: Սարոն ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ցանկություն ուներ ինչ-որ բան փոխելու իր կյանքում՝ անկախ նրանից  Մանուշի՞, թե՞ Հայկուշի ամուսինն է ինքը: Հետևաբար, պետք էր հանգիստ թողնել ստեղծագործական ներշնչանք որոնող իր ամուսնուն և վայելել օրեցօր աճող նրա գրական համբավին պաշտոնապես կառչած լինելու բախտավորությունը. թքած ստեղծագործական սիրախաղերի վրա: Չէ՞ որ դրանք են ապահովում իր և նորածին երեխայի բարօրությունը, հասարակության մեջ ունեցած դիրքը: Հայկուշը հաստա՛տ գիտեր՝ երրորդ ամուսնությունը Սարոյի նման աշխարհից, իրականությունից կտրված, գրքերի մեջ մոլորված մարդու կյանքում գործնականորեն բացառվում է:

Հայկուշի փառասիրությունը մի տեսակ շոյվում էր, երբ հարևան կանայք իրեն Տոլստոյի կնիկ էին կոչում. բակում արևածաղիկ չրթող, սուրճ խմող ու բամբասանքի համար միշտ թարմ նյութ ունեցող այդ կանայք մի անգամ կանգնեցրել էին նրան շքամուտքի դիմաց ու զննել պայուսակում եղած գրքերը, հարցաքննել ու պարզել էին, որ դրանք նրա ամուսնու գրած վեպերն են, որ էդ վեպերում պատմվում է գնացքների, սիրո ու մահվան մասին, հետո փորձել էին հիշել իրենց ջահել օրերին տեսած կինոն, որի միջի սիրուն կնիկն իրեն գցում է գնացքի տակ ու մեռնում սիրածի պատճառով: Հիշողությունը երկար քչփորելու կարիք չէր եղել, Հայկուշն ասել էր, որ էդ ֆիլմը նկարահանել են ռուս հայտնի վիպասան Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի հիման վրա, և որ էդ պատմությունը ոչ մի կապ չունի իր ամուսնու վեպերի հետ:

Միևնույն է, Լև Տոլստոյի ու Աննա Կարենինայի անունները մխրճվել էին պարապ-սարապ կանանց գլուխներում՝ արվեստի անսովոր երանգ խառնելով նրանց տարտամ, առտնին խոսքուզրույցին:

Դրանից հետո նրանք Հայկուշին կոչում էին Տոլստոյի կնիկ. եթե ամուսինը գրող է, ուրեմն՝ Տոլստոյն է՝ իրենց տեսած կինոյի գրողը: Եթե Տոլստոյն է, ուրեմն ինքն էլ՝ Տոլստոյի կնիկը:

Ակամա Տոլստոյի կերպարի մեջ հայտնվելու զավեշտը մի օր ստեղծագործաբար խլրտաց Սարոյի ներսում: Նրա գրած գրքերը նախ՝ ծնվում էին գլխում, հետո՝ տեսլանում երազներում, ապա արձանագրվում թղթի վրա. դա սովորական բան էր: Բայց Տոլստոյի շուրջ սկսված խլրտոցն այլ տեղ էր տանում. այս անգամ կինո էր ծնվել Սարոյի գլխում, այս անգամ նա ֆիլմ էր տեսել երազում ու սցենար էր գրում, որն ինքն էլ պիտի բեմադրեր ու դարձներ կինո: Ի՞նչ կարող ես ասել՝ տաղանդավոր մարդն ամեն ինչում է տաղանդավոր:

Սարոյին հանգիստ չէին տալիս Տոլստոյի հերոսները, հատկապես՝ Աննա Կարենինան, որ Նատաշա Ռոստովայից ու կոմս Բեզուխովից առավել կարևորվել, առաջին պլան էր մղվել, թերևս, բակի կանանց թեթև ձեռքով… թե՞ խելքով…

Եվ Սարոն որոշեց գտնել իր Աննա Կարենինային: Այնպիսի մեկին, որին ինքը պատրաստ էր դարձնել մուսա, նկարահանել ֆիլմում և «զոհաբերել» գնացքի անիվների տակ՝ հանուն մեծ արվեստի: 

Երկար ժամանակ ոչ մի դերասանուհի չէր գրավում նրան, և նա սուզվեց համացանցային օվկիանոսը՝ այնտեղ գտնելու իր ողբերգական հերոսուհուն: Անսպասելիորեն համակարգչի էկրանին հայտնվեց 19-րդ դարի հանդերձանքով մի ազվականուհու պատկեր, որը պարզապես շանթահարեց Սարոյին: Աղջիկը, ինչպես հետո պարզվեց, հայուհի էր, ապրում էր Փարիզում, փոքր դերեր խաղում տարբեր ռեժիսորների ֆիլմերում, անգամ՝ օսկարակիրների: Ի սկզբանե համոզված լինելով, որ անհավանական է այս գեղեցկուհու հետ կապի դուրս գալ, այնուամենայնիվ, Սարոն մի համառոտ էլեկտրոնային նամակ ուղարկեց նրան՝ առաջարկելով խաղալ իր ֆիլմում:

Ո՜վ զարմանք, աղջիկը ոչ միայն պատասխանեց, այլև հետաքրքրվեց Սարոյի առաջարկով և հայտնեց, որ ինքը մեկ շաբաթից լինելու է Հայաստանում ու սիրով կնկարահանվի նրա ֆիլմում. հայ մշակույթին ինչ-որ բանով օգտակար լինելը պարզապես հոգու պարտք էր իր հայրենիքը խենթորեն սիրող Աստղիկի համար:

Հայկուշը տեսավ Աստղիկի նկարը և միանգամայն հանգիստ արձագանքեց ամուսնու ոգևորությանը. չքնաղ եվրոպահայուհին ոչ մի վտանգ չէր կարող ներկայացնել իր ընտանիքի համար. ո՜վ էր Սարոյի նման մեկը նրա աչքում: Փոխարենը՝ այսպիսի գեղեցկությամբ և աղոտ օսկարափայլով նա հանրաճանաչության մի նոր հարթություն կտեղափոխեր Սարոյին, հետն էլ՝ իրեն:

«Աննա Կարենինան», հասկանալի է, պիտի նկարահանվեր երկաթուղային կայարանում: Սարոն սպասվածից առավել դյուրությամբ ստացավ նկարահանումների թույլտվությունը՝ առանց ենթադրվող երկար-բարակ թղթաբանության, քանի որ  կայարանապետը տեսել էր դերասանուհու լուսանկարն ու հայիլ-մայիլ եղել: Այսպիսի գեղեցկության առջև նա չէր կարող փակել իր թագավորության դռները, միայն թե հնարավորություն ունենար կենդանի աչքով տեսնելու-վայելելու այս գեղեցկությունը: Ոչի՛նչ, որ մի քիչ պիտի խախտվեր երկաթուղու չվացուցակը. ըստ Սարոյի սցենարի՝ սկզբում պիտի նկարահանվեր կայարան՝ առանց գնացքների, վերջում միայն՝ Աննա Կարենինայի ինքնասպանության պահին էին հայտնվելու դրանք: Կայարանապետը հատուկ խորհրդակցության էր կանչել իր օգնականին, ապսպրել գնել լավագույն խմիչքն ու քաղցրավենիքը. պետք էր պատշաճ ընդունելություն կազմակերպել կինոյի երկնային բարձունքներից իրենց անգույն աշխարհ եկող գեղեցկուհու համար: Սարոյին ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ նկարահանումները հնարավոր են դարձել դերասանուհու հետ իր հանդիպման նախապայմանով միայն: Սարոն էլ մեծահոգաբար խոստացել էր չդրժել նախապայմանը: 

Աստղային տենդից լիովին զերծ Աստղիկը արևի պես ջերմացրեց Սարոյի հոգին:

– Արփիացնցո՛ւղ աղջիկ,- Նարեկացու Մատյանից մտապահած բառով բնորոշեց Աստղիկին Սարոն ու թևեր առավ իր ներսում ծայր առած զգացումից:

Յուրաքանչյուր հաջորդ վայրկյանն ավելի ու ավելի էր հեռացնում նրան իր ստեղծագործական ծրագրերից և տանում պատանեկան սիրահարվածության վերասլաց ոլորտները:

Աստղիկն իր վրա էր սևեռել կայարանի բոլոր ուղևորների և ծառայողների ուշադրությունը: Հիացմունքով, հետաքրքրությամբ, նախանձով էին հետևում երկաթգծի երկայնքով արտիստիկ քայլքով ճեմող գեղեցկուհուն, զննում նրա արտասովոր մոխրագույն զգեստը, աչքերին իջնող խորհրդավոր քողով ու նուրբ վարդերով զարդարուն գլխարկը:

Գյումրի մեկնող գնացքի ժամանումից առաջ հայտնվեցին հոգնատանջ, արևառ դեմքերով գյուղացի կանայք՝ իրենց մեծ պայուսակներն ու արկղերը դժվարությամբ քարշ տալով դեպի կառամատույց:

Նրանցից մեկը նկատեց Աստղիկին:

– Աղջի՛, էն ի՞նչ ա: Վայ թե կինո են հանում:

– Հա՛, կինո ա, էն էլ դերասանուհին ա,- իրազեկի ինքնավստահությամբ բացատրեց կայարանի մաքրուհի Լուսիկը, որ առավոտյան գործն ավարտելուց հետո սովորականի նման տուն չէր գնացել, մնացել էր կայարանում ու սպասել կինոյի ժամին:

– Ի՞նչ կինո ա, որ…

– Աննա Կարենինա:

– Իա՜, հըլը նո՞ր են Աննա Կարենինա նկարում: Էդ կինոն ե՜րբ ենք տեսել:

– Էսի ուրիշ Աննա Կարենինա ա, արտասահմանցի ա:

– Հա՜,- հառաչեց  կինը:- Բա չէ՝ մենք: Ի՞նչ հասկացանք կյանքից, առավոտից իրիկուն՝ բոստան-գոմ-բազառ: Սրա բախտն ունեի՞նք, մի անգամ էլ մենք էս շորից հագնեինք:

– Վա՜յ-վայ, Աննա Կարենինայի բախտին էլ նախանձող եղավ,- խաղընկերոջ ականջին շշնջաց Աստղիկը, որ ակամա լսել էր կանանց խոսակցությունը:

Բայց դե, Աստղիկի հագուկապն ու կինոն, ինչ խոսք, չափազանց գունագեղ բաներ էին ծանր առօրյայով ապրող պարզամիտ կնոջ աչքում:

Աստղիկը վաղուց սովորել էր չկարևորել կանանց նախանձոտ հայացքներն ու տղամարդկանց՝ անթաքույց ցանկասիրությամբ վառվող աչքերը: Սակայն դա մի բան էր սառը-անհաղորդ եվրոպացիների պարագայում, այլ բան՝ հուզական-տաքարյուն հայերի:

Սարոն ու օպերատոր Խաչիկը երկար ժամանակ լուռ հակամարտում էին՝ հանուն Աստղիկի ուշադրության: Աստղիկը դիվանագիտորեն պահում էր հավասարակշռությունը: Սակայն մթնոլորտը նրանց արանքում հետզհետե շիկանում էր, և Աստղիկը չէր կարողանում կենտրոնանալ դերի վրա: Մի քանի դուբլից հետո Սարոն կտրուկ կանգնեցրեց Խաչիկին ու հայտարարեց, որ գնացքի տակ ընկնելու տեսարան չի լինելու ֆիլմում:

– Էդ ո՞նց, է՜: Ի՞նչ Աննա Կարենինա՝ առանց գնացքի տակ ընկնելու,- զարմացավ օպերատորը:

– Իմ ֆիլմն ա, որոշողն էլ ես եմ: Աստղիկն ինքնասպան չի լինելու: Ես փրկելու եմ նրան:

– Ախպե՛րս, քեզ լրիվ ա՞ տարել: Էս կինոյի համար փող ենք ստացել, նախագիծ կա, բան կա: Ո՞նց ես տակից դուրս գալու: Կարող ա՞, «Աննա Կարենինան» թողած, «Ռոմեո և Ջուլիետ» նկարենք:

– Ի՜նչ ես դուրս տալիս: Թե չէ ի՛նչ տարբերություն՝ ոնց ինքնասպան կլինի՝ Աննա Կարենինայի նմա՞ն, թե Ջուլիետի: Չեմ թողնելու Աստղիկը մահանա, փրկելու եմ նրան: Ո՞նց «Ճերմակ անուրջներում» փրկեցին Լիլոյին: Թոթովենցը հաստա՛տ դրա համար հաշիվ չի պահանջել փրկողներից էն աշխարհում:

Իբրև թե ստեղծագործական այս վեճն իրականում երկու արուի աքլորակռիվ էր, վատ քողարկված մրցակցություն: Աստղիկը մի քիչ շփոթված էր, բայց և զվարճանում էր Սարոյի քմահաճ հղացումով: Սարոն ինչ-որ տեղ նման էր իրեն: Ինքն էլ էր էդպես վարվում, բայց՝ երազներում: Աստղիկը սեփական երազները վերահսկելու և ենթագիտակցությունը կառավարելու զամանալի հատկություն ուներ: Սարսափ երազներ տեսնելիս, երբ վտանգն անմիջականորեն մերձենում էր իրեն, Աստղիկը կտրուկ ընդհատում էր երազն ու հայտարարում.

– Դե որ էդպես է, ես էլ կարթնանամ: Իմ երազը չի՞, ինչ կուզեմ՝ կանեմ:

Եվ, ինչպես որ Աստղիկն էր կտրուկ որոշումներ կայացնում ու փոխում երազների ընթացքը, այդպես էլ արեց Սարոն. կայարանի տեսարանն ավարտեցին առանց ինքնասպանության դրվագի, Գյումրու գնացքը պարզապես մնաց կադրից դուրս:

«Երանի՜ իրականությունն էլ Սարոյի ֆիլմի ու իմ երազների նման լիներ. խելքիդ փչածն անեիր ու չմտածեիր հետևանքների մասին,- իր կյանքի գլխավոր մտածումին վերադարձավ Աստղիկը:- Հայաստանը դառնար կայարան՝ առանց գնացքների, ու ոչ մի չվերթով հնարավոր չլիներ հեռանալ էստեղից: Երանի՜ Երկինքը լսեր ամեն նոր ծնվող հային հորքուրիս տված օրհնանքը. «Հորով-մորով-Հայրենիքո՛վ մեծանաս»: Երանի՜…»:

Աստղիկի ու Աննա Կարենինայի զգեստով հիացած կնոջ հայացքները խաչվեցին այն պահին, երբ փնչոցով, ծանր-ծանր տեղից պոկվեց ու երկաթգծի վրայով դանդաղ սահեց գնացքը: Աստղիկը հարազատավարի ժպտաց կնոջն ու խնդրեց Խաչիկին լուսանկարել նրան, քանի դեռ գնացքը չի արագացրել ընթացքը: Խաչիկն արեց Աստղիկի ուզածն ու սկսեց հավաքել տեխնիկան. կայարանի տեսարանը նկարված-ավարտված էր: Թվաց, թե հաշտ ու խաղաղ կբաժանվեն, մանավանդ որ կռվելու ո՛չ ժամանակ կար, ո՛չ իմաստ. Աստղիկը լուսադեմին պիտի վերադառնար Փարիզ: Բայց երբ Սարոն Աստղիկին հրավիրեց երեկոն միասին անցկացնել սրճարանում և իբրև թե պատահաբար մոռացավ նրան հանդիպեցնել աչքը ջուր կտրած կայարանապետի հետ, Խաչիկը պայթեց ամպրոպի նման՝ անզուսպ գոռգոռոցի մեջ շիլաշփոթի պես ինչ-որ մասնագիտական առարկություններ տեղալով նրա գլխին: Սարոն հակադարձեց սառն արհամարհանքով:

Աստղիկն արագ կողմնորոշվեց, թե հեռանալուց առաջ ինչպես սփոփի Խաչիկին: Դեմքին մի ջերմ ժպիտ նկարեց, արտիստուհու կոկետությամբ հանեց Աննա Կարենինայի գլխարկն ու նրբագեղ ժեստով մեկնեց Խաչիկին.

– Դու էնքա՜ն լավ էիր աշխատում, որ ուզում եմ ինձնից մի փոքր հուշ թողնել քեզ մոտ:

Խաչիկն անսպասելիությունից կարկամեց, մի ոչնչացնող հայացք նետեց Սարոյի կողմն ու օդում թափահարեց իր հաղթաթուղթը: Հա՛, նա երեկոյան Աստղիկի հետ գինի կխմի, գուցե նույնիսկ ձեռքը բռնի, բայց հաստա՛տ նրանից նվեր չի ստանա:

Սարոն հասկացավ ու գնահատեց Աստղիկի նրբանկատությունը: Մի քիչ խանդեց, իհարկե, բայց իսկույն էլ խաղաղվեց. նա կանխավայելում էր Աստղիկի հետ անցկացվելիք երեկոն՝ առանց որևէ Խաչիկի ու կայարանապետի:

Սարոն Աստղիկին տվեց մի յասամանագույն թերթիկ, որի վրա գրված էր սրճարանի հասցեն, և ևս մեկ անգամ հիշեցրեց հանդիպման ժամը:

Աստղիկը մի քանի րոպեով մտավ օրհնանքներ հորինող իր հորաքրոջ տուն, ազատվեց Աննա Կարենինայի հանդերձանքից և վազեց դուրս՝ ևս մի քանի ժամ վայելելու Երևանը: Հասավ զովասուն ծառերի ստվերում ծվարած մի սրճարան, նստեց, սուրճ ու կարմիր նարնջի հյութ պատվիրեց, հանեց հեռախոսն ու… Հեռախոսը մարել էր, երեկվանից չէր լիցքավորել: Բայց ինչ էլ լիներ, նա տուն վերադարձողը չէր, մի քանի ժամ էլ թող կորչի էդ հեռախոսացավը: Սարոյի տված հասցեն մոտն է, կտա տաքսիստին ու պայմանավորված ժամին կլինի տեղում:

Երբ մոտեցավ հանդիպման ժամը, Աստղիկը վեր կացավ, քայլեց դեպի փողոց՝ հույսով, որ շատ արագ տաքսի կգտնի: Պարզվեց՝ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Քիչ հեռու բաց դարպասով մի առանձնատուն կար: Աստղիկը որոշեց մտնել ներս ու տանտերերից խնդրել տաքսի պատվիրել իր համար: Առանձնատան բակից դուրս պրծավ մի սև, բրդոտ շուն և սկսեց կատաղի հաչել Աստղիկի վրա: Աստղիկը նույնքան կատաղի հակադարձեց.

– Ի՜նչ ես ձենդ գլուխդ գցել, ի՜նչ ես անկապ հաչում: Էս ի՜նչ անհյուրընկալ կենդանի ես, տո՛:

Շան հաչոցից անհանգստացած՝ դուրս եկավ տանտերն ու զվարթ քրքջաց՝ տեսնելով Աստղիկի ու շան մենամարտը:

– Տեսնում եմ՝ իմ օգնության կարիքը չունեք, ոնց որ՝ ոչ թե Ձեզ է պետք փրկել մեր շնից, այլ շանը՝ Ձեզնից,- կատակեց նա:

Աստղիկը, երիտասարդ տղամարդու աչքերում հայաստանյան եղբայր-ընկերների՝ իրեն ծանոթ հայացքը որսալով, սիրտ առավ ու բացատրեց, թե ինչ վիճակում է: Խնդրեց իր համար տաքսի պատվիրել: Կարդալով յասամանագույն թերթիկի վրա նշված հասցեն՝ տղամարդը մի քիչ հապաղեց, հետո առաջարկեց Աստղիկին նստել իր մեքենան:

– Հազիվ թե հնարավոր լինի արագ լուծել տաքսու հարցը, ինքս քեզ տեղ կհասցնեմ,- հարյուր տարվա ծանոթի պես դու-ի անցավ նա:     

– Իսկ ի՞նչ կարժենա ուղևորությունը,- մի քիչ շփոթված հարցրեց Աստղիկը: 

– Ինչ մտքովդ կանցնի,- անտարբեր նետեց տղամարդը:

– Լա՛վ, իսկ եթե մտքովս եվրո անցնի, դեմ չե՞ք լինի: Մի քանի ժամից թռչելու եմ Փարիզ, մոտս դրամ քիչ է մնացել:

– Հարց չկա: Էդ էլ չտաս, ոչինչ: Մենակ՝ ավտոս գազ պիտի լցնենք, դրա փողը տուր, հերիք ա:

– Եղավ,- ավելի ապահով զգաց իրեն Աստղիկը նրա անմիջականությունից:

Սարոն իրարանցման մեջ էր, Հայկուշին պատմել էր նկարահանման մասին, ասել, որ երեկոյան հանդիպելու է Աստղիկին՝ իբրև թե որոշ ստեղծագործական հարցեր քննարկելու, ապա, ասես չկարևորելով, հավելել, որ Աստղիկը լուսադեմին արդեն մեկնում է Փարիզ: Հայկուշը առերևույթ հանգիստ ու անհույզ լսել էր Սարոյին, իմաստնորեն ենթադրել, որ մի քանի ժամում ճակատագրական ոչինչ չի կարող կատարվել Սարոյի և Աստղիկի միջև: Ամեն դեպքում, կնոջ աչքով զննել էր ամուսնուն ու առաջարկել հագնել ամենաանճաշակ տաբատն ու վերնաշապիկը՝ հավատացնելով, որ դրանք բոհեմական տեսք են տալիս նրան:

Սարոն թաքցրել էր Հայկուշից, որ Աստղիկի համար մի թանկարժեք կախազարդ է գնել և հույս ունի, որ այն թալիսմանի պես կկապի իրենց: Նաև գործի էր դրել իր ազդեցիկ կապերը, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպվեր իր այցը Փարիզ: Միայն մեկ տարի հետո՝ Աստղիկի հաջորդ արձակուրդին նրան տեսնելու միտքը դաժան էր թվում Սարոյին, նա այլևս չէր կարող ապրել առանց իր Աննա Կարենինայի. հո իզուր չփրկե՞ց նրան ինքնասպանությունից: Փարիզ գործուղվելու համար էլ արդեն լավ պատրվակ էր հորինել, որ նույնիսկ պատրվակ չէր, այլ լուրջ ստեղծագործական ծրագիր: Համաշխարհային կինոյի լեգենդ Կոստա Գավրասի հետ հանդիպելու, նրա արվեստանոցում կատարելագործվելու նպատակն էր նախանշել, քանի որ ազգությամբ հույն, փարիզաբնակ այդ ռեժիսորը մի առիթով պատմել էր, թե ինքը գնացել է Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, որպեսզի գրել սովորի, բայց իր համար էլ անսպասելի սկսել է ստեղծագործել պատկերներով ու դարձել ռեժիսոր: Սարոն մտածում էր, որ երկու ստեղծագործողի ավելի դիպուկ համընկնում, քան իրենն ու Կոստա Գավրասինն է, հազիվ թե կարելի է գտնել: Ուստի, նրան միանգամայն տրամաբանական էր թվում համապատասխան կառույցների կողմից իր ցանկությանն ընդառաջելու և փարիզյան ուղևորությունը ֆինանսավորելու հեռանկարը: Հոգ չէ, որ Աստղիկն առայժմ անմատչելի է ու անհաղորդ Սարոյի տվայտանքներին, նրան նվաճելու մարտավարությունը պետք է մանրամասնորեն մշակել ու չհուսահատվել: Մի քանի ժամվա շփումից չէր էլ կարելի շատ բան սպասել: Այն, որ Աստղիկը չմերժեց իր հետ երեկո անցկացնել, արդեն լավ սկիզբ է, մնացածի մասին կմտածի հընթացս: Առաջին անգամ կյանքում ինքն էր նախաձեռնողը սիրային մի պատմության, որը բնավ էլ ստեղծագործական ներշնչանք որոնելու ժանրից չէր: Դա, իհարկե, անսովոր, բայց երանելի վիճակ էր: Սարոն մտածում էր, որ գործի կդնի հորինելու, ստեղծագործելու, սիրելիին հրապուրելու բոլոր հնարները, որ այնքա՜ն հաճախ է նկարագրել իր ստեղծագործություններում: Իսկ ամենակարևորը՝ պետք է անսալ սրտի ձայնին, որը երբե՛ք չի խաբում:  

Սարոն չգիտեր, թե ինչ վերերկրային ուժեր էին համախմբվել իր դեմ, որոնք կառավարվում էին միաժամանակ մի քանի բևեռից:

Աստղիկը անհագ հայացքով զննում էր մեքենայի պատուհանից այն կողմ տարածված

Երևանը: Սկզբում պատկերները ծանոթ ու հարազատ էին, բայց աստիճանաբար տեսարանը փոխվեց: Աստղիկին թվաց, թե մեքենան երթևեկում է գյուղական վայրերով: Իհարկե, կարելի էր հարցնել վարորդին այդ մասին, բայց նախընտրեց լռել, քանի որ ինքը

Երևանի ամեն փողոց ու բակ չէ, որ ճանաչում է, գուցե վարորդը՝ Արտեմը, որոշել է խուսափել մեծ փողոցների խցանումներից ու կորած ճամփաներով իրեն հասցնել Սարոյի ասած տեղը: Սպասվածից ավելի երկար տևեց ուղևորությունը: Մեքենան կանգ առավ մի փոքրիկ պուրակի մոտ. ըստ թղթի վրա գրված հասցեի՝ տեղ էին հասել: Աստղիկն իջավ, կասկածանքով նայեց շուրջը, խնդրեց Արտեմին առայժմ չհեռանալ, մինչև ինքը համոզվի, որ ճիշտ տեղում է: Մտավ պուրակ, քայլեց նեղլիկ ծառուղով, որի խորքում պանդոկանման մի բան նկատեց: Մտածեց, որ Սարոն հենց այստեղ է հրավիրել իրեն, հեռվից հրաժեշտ տվեց Արտեմին ու բացեց պանդոկի դուռը: Ներսում մի քանի սեղան ու աթոռ էին դրված, չորս-հինգ հոգի նստած էին սեղանների շուրջ, լսվում էր հաճելի երաժշտություն:

Աստղիկի մուտքն արտասովոր իրարանցում առաջացրեց կիսամութ սրահում, ձանձրացող մատուցողը դուրս եկավ բարի հետևից և լայն ժպիտով մոտեցավ Աստղիկին:

-Բարև Ձեզ, համեցեք: Ի՞նչ կկամենաք:

-Ես Սարոյի հետ եմ պայմանավորված: Հավանաբար, դեռ չի եկել: Ո՞րն է նրա պատվիրած սեղանը,- անհարմարության զգացումը մի կերպ հաղթահարելով՝ հարցրեց Աստղիկը:

-Ես տեղյակ չեմ: Ո՞վ է Սարոն… Գուցե մեր տնօրենի ծանո՞թն է, գուցե նա՞ է տեղյակ: Հիմա կճշտեմ,- ասաց տղան ու գնաց խորքի սենյակը:

Քիչ անց այնտեղից դուրս եկավ մի բարետես երիտասարդի հետ: 

-Վահա՞գն,- կմկմաց Աստղիկը:

-Տե՜ր Աստված, մի՞թե Դու էսքան հզոր ես,- մեկուսի շշնջաց Վահագնը:

Վահագնը և Աստղիկը ծանոթացել էին օրեր առաջ, Փարիզից Երևան թռչող ինքնաթիռում: Մի քանի ժամվա շփումը անբացատրելի ջերմությամբ էր լցրել թե՛ մեկի, թե՛ մյուսի հոգին, ջերմություն, որը չէին հասցրել բանաձևել բառերով: Միայն այն, որ Վահագնը մասնակցել էր 44-օրյա պատերազմին և աներկբա հավատում էր, որ կորցրածը հետ ենք բերելու, որ ունենալով Արևմուտքում լավ կապեր ու պահանջված մասնագիտություն՝ հայտարարում էր, թե երբեք, ոչ մի գնով չի լքի Հայաստանը, արդեն բավական էր, որ Աստղիկը հմայվեր իր ուղեկցով: Երբ իջել էին «Զվարթնոց» օդանավակայան, Վահագնը համարձակվել էր Աստղիկից կորզել Facebook-ում իր հետ ընկերանալու խոստումն ու անմիջապես տվել ընկերության հայտը: Բայց երևանյան բուռն ու տաք օրերի մեջ տարրալուծվել էր Աստղիկի խոստումը:

Հիմա, երբ տեսավ Վահագնին, ինքնաթիռում ապրած զգացումների ալիքը խաղաց երակներում, ու նա շառագունեց:

-Վահա՛գն, ի՞նչ ես անում էստեղ: Կարծեմ ասում էիր, որ դիզայներ ես, որ քո դիզայնով պանդոկ ես բացել Արտաշատում, որ ուզում ես մարդիկ Երևանից գան ու անցկացնեն էդտեղ իրենց հանգիստը…

– Այո՛: Ու ես էս բոլոր օրերին անհույս խնդրում էի Աստծուն, որ քեզ մի հրաշքով բերի Արտաշատ:

– Ի՞նչ ես խոսում, չեմ հասկանում… Ո՞ւր է Սարոն:

– Ոչ մի Սարո չեմ ճանաչում: Բայց որ Աստված լսել է աղոթքներս, ու դու հիմա իմ պանդոկում ես, կասկած չունեմ: Պատմիր, ո՞նց էստեղ ընկար:

Աստղիկը Վահագնին մեկնեց Սարոյի տված յասամանագույն թերթիկը, որը լավ ծանոթ էր նրան. համակարգչային ծառայություններ մատուցող ընկերն էր տպագրել՝ պանդոկը գովազդելու նպատակով, ու այն տարածվում էր Երևանի մարդաշատ վայրերում: Հակառակ կողմում ձեռագրով մի հասցե էր նշված, որն էլ, հավանաբար, երևանյան սրճարանինն էր:

Վահագնի աշխատասենյակում Աստղիկը լիցքավորեց հեռախոսն ու զանգեց Սարոյին: Բացատրեց ինչն-ինչոց է, կտրուկ մերժեց նրա՝ իր հետևից գալու և իրեն Երևան տանելու առաջարկը՝ ինքն էլ չգիտակցելով, թե ինչու այդքան կտրուկ: Երբ ամեն բան հստակ դարձավ, երբ հանգուցալուծվեցին բոլոր տարակույսներն ու թյուրըմբռնումները, Աստղիկը նոր նկատեց իր վրա սևեռված վառվող աչքերը: Վահագնը, դաշնակցած Աստծու հետ, վերադասավորել էր Սարոյի, Հայկուշի, Խաչիկի, կայարանապետի արանքում Աստղիկի հայտնությամբ ծայր առած երթուդարձի սլաքները: Իսկ թե ինչ հովվերգություն էր զարգանում իր և Աստղիկի միջև, հայտնի էր միմիայն Աստծուն: 

Մեկ տարի անց կայացավ Սարոյի ֆիլմի պրեմիերան: Դա ո՛չ «Աննա Կարենինա» էր, ո՛չ էլ «Ռոմեո և Ջուլիետ»: Սարոն նկարել էր բուռն կրքերի, իրարամերժ ապրումների, մոլեգին բախումների ու դրանց հաջորդած իմաստուն-անդորրավետ համակերպումի մասին մի կինոպատում, որ վերնագրել էր «Կայարան՝ առանց գնացքների»:

Ֆիլմը դիտելու էր եկել երևանյան արվեստասեր հասարակությունը: Դահլիճում էին Սարոն, Հայկուշը, Վահագնը, Աստղիկը, Խաչիկը, Արտեմը, կայարանապետը, Լուսիկը, «Հորով-մորով-Հայրենիքո՛վ մեծանաս» օրհնանքը դեմքից թափվող՝ Աստղիկի հորաքույրը ու էլի լիքը ծանոթ-անծանոթ մարդիկ: Բոլորն առանձնահատուկ հետաքրքրությամբ զննում էին Աստղիկի կողքին նստած, տարօրինակ հագուկապով, գեղջկական միամիտ-զարմացած ժպիտը դեմքին կնոջը: Ֆիլմի ավարտից հետո Աստղիկը ներկայացրեց Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղի բնակիչ տիկին Հասմիկին, որը հագել էր 19-րդ դարի դժբախտ Աննայի զգեստը՝ թքած ունենալով բոլոր կարգի նախապաշարմունքների վրա:

Թե Խաչիկի արած լուսանկարները ձեռքներին քանի դուռ էին բախել Աստղիկն ու Վահագնը նրան գտնելու համար, առանձին պատմություն է, իսկական կինո: Նախ՝ այդ երկարուձիգ փնտրտուքի օրերին նրանք բանաձևել էին իրենց վերաբերմունքը մեկմեկու հանդեպ, և հիմա Աստղիկի մատին փայլում էր Վահագնի նվիրած ամուսնական մատանին: Իսկ տիկին Հասմիկը քիչ էր մնացել ուշաթափվեր սիրահար զույգի սարքած անակնկալից: Հասմիկի տունը գտնելուց հետո Աստղիկն ու Վահագնը փաթեթավորել էին Աննա Կարենինայի զգեստը փայլփլուն թղթով, վրան գրել Աստղիկի հեռախոսահամարը, փաթեթը դրել բակի կեռասենու տակ ու հեռացել: Րոպեներ անց հեռախոսի մեջ լսվել էին Հասմիկի շնչակտուր ձայնն ու Աստղիկի զվարթ ծիծաղը: Բնականաբար, երիտասարդները մի ջերմ, հայկական հյուրընկալություն էին վայելել Հասմիկի տանը և բարեկամացել այդ ընտանիքի հետ:

Ու թեև Հասմիկի հագին իր երազած զգեստն էր, ու թեև  նա անասելի ոգևորված էր, որ իրենց գյուղի ակումբի փակվելուց երեսուն տարի անց եկել էր կինո, էն էլ՝ Երևանում, ու թեև երջանիկ լինելու համար կարծես թե պակաս տեղ չկար, այդուհանդերձ նրա աչքից չվրիպեց Հայկուշի շքեղ կախազարդը, որը, նրա կարծիքով, շա՜տ կսազեր Աննա Կարենինայի զգեստի հետ: Բայց էդպիսի թանկ բան ինքը երբեք չէր կարող ունենալ, ու Հայկուշն էլ Աստղիկ չէր, որ վզից հաներ, նվիրեր իրեն: «Համ էլ՝ մարդն էդքան աչքածակ չի լինի, ա՛յ կնիկ»,- ինքն իրեն շշպռել էր մտքում Հասմիկն ու հայացքը դժվարությամբ շեղել Հայկուշի շողշողուն զարդից: Հասմիկի համար, իհարկե, մութ էր մնալու կախազարդի գոյության խորհրդավոր նախապատմությունը, որի վերաբերյալ նմանապես ոչ մի կասկած չունեին ո՛չ  Հայկուշը, ո՛չ Աստղիկը, ո՛չ Վահագնը, ո՛չ էլ արդեն՝ Սարոն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով