Ամեն ինչ սկսվեց իմ տարօրինակ երազից: Այն ասես համր նախազգուշացում էր հիշողությանս մութ հեռուներից և նախապատրաստում էր ինձ գալիք իրադարձություններին:
Երազում Աթեշաֆրուզին ու Տանկին էի տեսել: Չինարն էլ կար` երկարավուն ու բարակ, նույն լղար պարանոցով, երկար ձեռք ու ոտքով: Գնացքում էինք: Ճամպրուկս թողեցի վագոնում, իջա: Ժամանակ չունեի: Գնացքը սուլում էր: Ոտքերս գետնին էին կպել, վազել չէի կարողանում: Սոֆին էլ էր: Կանգնել էր գնացքի միջանցքում` լուսամուտի մոտ, և անքթիթ ինձ էր նայում: Գնացքը սուրաց, բայց ալ գլխաշորով բոլորված Սոֆիի դեմքը մնաց օդում: Աչքերս բացեցի ու տեսա` քրտինքից մարմինս խոնավացել է: Սիրտս ապառաժ էր դարձել:
Վերջին անգամ Աթեշաֆրուզին տեսել էի հեղափոխությունից առաջ: Փողոցում պատահաբար դեմ-դիմաց էինք դուրս եկել և երկու անծանոթների նման անցել իրար կողքով: Ո՛չ ես էի նրան բանի տեղ դրել, ո՛չ էլ ինքը` ինձ: Գուցեև ինձ չէր էլ նկատել: Կամ չէր ճանաչել: Ուշք ու միտքն այլ տեղ էր: Ցրված էր, անուշադիր:
Ի՜նչ տարօրինակ երազ էր: Քանի տարի է` այդ մարդկանց չեմ հանդիպել: Այժմ անսպասելի հայտնվել են երազիս մեջ, ու գիտեմ` դա պատահականություն չէ: Հիմա էլ ասես շուրջս են և խավարի միջից նայում են ինձ: Զգում եմ այդ մարդկանց կենդանի, իրական ներկայությունը և մարմնիս` նրանց անտեսանելի մատների հպումը: Գիտեմ, որ Տանկին (պաշտոնաթող գեներալին) մահապատժի են ենթարկել: Անունն ու լուսանկարը թերթում եմ տեսել: Ունեցած-չունեցածը բռնագրավել են: Ներքին ձայնս հուշում է` շուտով նրանցից լուր եմ ստանալու:
Կանխազգացումս ճիշտ է դուրս գալիս:
Չորեքշաբթի օրերին մեր տուն պարսկերենի ուսուցիչ է գալիս (երեխաներիս ուսուցիչը): Միջին տարիքի տղամարդ է, նախկինում մշակույթի ոլորտում է աշխատել, բայց հիմա վտարանդի է, թափառական: Թափառական ու անփող: Շատախոս, հետաքրքրասեր մարդ է: Բոլորին ճանաչում է: Բոլորին` այսինքն` Ֆրանսիայում վերաբնակություն հաստատած իրանցիներին: Սիրում է քիթն ամեն տեղ խոթել: Ներս չմտած` սկսում է բողոքել սրանից-նրանից: Պարոն «Ռ»-ի անունն է տալիս: Սիրտս թպրտում է: Ասում է. «Ինչ տեսակ մարդու ասես չես հանդիպի էս աշխարհում: Էդ կինն իսկական խելագար է (համոզված եմ՝ նկատի ունի Աթեշաֆրուզին): Խե՜ղճ ծերուկ: Չեք պատկերացնում` էդ կինն ինչ օյին է խաղում թշվառի գլխին: Իմ ներկայությամբ ինչ ասես ասում է: Ինքս ինձ խոստանում եմ, որ այլևս ոտք չեմ դնելու նրանց տուն: Սակայն ծերուկին խղճում եմ: Կարող են ուրիշին էլ գտնել, բայց դե, մարդն ինձ կապվել է, հենց հեռանալուս մասին խոսք եմ բացում, սփրթնում է: Ողջ շաբաթն ինձ է սպասում: Որևէ տեղ գնալու հնարավորություն չունի: Միակ ուրախությունը հարևան փողոցներում մի քանի ժամ շրջելն է, այն էլ՝ անվասայլակով: Երեխաների հետ գլուխ դնելը հեշտ չէ, բայց ավելի լավ է, քան խնամողի գործը, հատկապես, երբ խնամքիդ տակ ծեր մարդ է: Փա՛ռք Աստծո, որ գոնե շաբաթական երկու օր է»:
Հարցնում է. «Դուք նրանց չե՞ք ճանաչում»:
Պատասխանում եմ` ոչ:
Շարունակում է. «Ինչպե՞ս: Բոլորը նրանց ճանաչում են: Դժբախտ ծերուկը լավ է ապրել: Շատ փող է ունեցել, տուն, տեղ, հարստություն: Ի՜նչ էստեղ, ի՜նչ Թեհրանում…»:
Երեխաներս գալիս են: Դաս անելու տրամադրություն չունեն: Նվնվում են: Դասատուն ըմպում է թեյի վերջին կաթիլները և գիրքն ու գրիչը սեղանին դնում: Լսում եմ` ինչպես է քթի տակ խոսում. «Աննորմալ, հոգեկան հիվանդը… »:
Փաստորեն Աթեշաֆրուզն ու նրա ամուսինը` պարոն «Ռ»-ն, Փարիզում են՝ երկու թաղամաս այն կողմ: Երբ պարոն «Ռ»-ն մեր կյանք մտավ, ծեր ու դժբախտ չէր: Հորս կարծիքով նա անխելք էր, թեթևամիտ ու կնամոլ: Շատակեր էր ու հաստափոր: Քահ-քահ ծիծաղը իրենից առաջ էր մտնում Շեմիրանի տուն: Հորս տարիքին էր, բայց նոր-նոր էր տղամարդ դառնում. սիրունատես կանանց, մոլախաղերի, տուրուդմբոցների ու անկարգությունների սիրահար էր: Հայրս ասում էր` այդ անխելքը վերջն իր անմտության պատճառով գլխին փորձանք է բերելու: Պարոն «Ռ»-ն էլ լեզվի տակ չէր մնում և կծու, հեգնական պատասխաններ էր տալիս: Ասում էր. «Ճգնավո՛ր, դու որ խելացի ես, ի՞նչ: Ինձանից շուտ ես մեռնելու: Փողերդ թողնելու ես ու գնաս էս աշխարհից: Ձե՛րդ մեծություն, ուզո՞ւմ ես` գրազ գանք»:
Զուր չէր, որ Աթեշաֆրուզին սիրահարվեց: Նման էին իրար` զվարճասեր, անհոգ, ցոփ ու սանձարձակ: Աթեշաֆրուզը իսկական խելագար էր: Դա գիտեին բոլորը, բայց կարծում էին, որ, ի վերջո, ժամանակի հետ խելքի կգա, կհասունանա և տարօրինակ ու արտասովոր արարքներից ձեռք կքաշի: Հայրս, սակայն, համոզված էր, որ էշը միշտ էշ է մնում, ջահել լինի թե ահել: Ասում էր. «Մինչև հիմա մեկնումեկդ խելացի ավանակ տեսած կա՞ք»:
Նրա իրական անունը Շոլե[1] էր: Աթեշաֆրուզը[2] մականունն էր, որ ուրիշներն էին նրան կպցրել: Համենայն դեպս, այդ աղջիկը ճայթուցիկի էր նման: Դռնից ներս մտնելուն պես այնպիսի աղմուկ-աղաղակ էր բարձրացնում, որ հյուրերը տեղներից մի մետր վեր էին թռչում: Անիմաստ ծիծաղում էր, ուշքից գնում: Ծանոթ-անծանոթ չէր հարցնում: Ում պատահի, գրկում էր, համբուրում: Բավականության ու ոգևորության ուժգնությունից խրխնջում էր: Հաճախ էր ձեռքով խփում-շրջում ինչ-որ մեկի թեյի տաք բաժակը, կամ ոտքը դիպչում էր պատի տակ դրված ծաղկամանին, որն ընկնում ու կոտրվում էր (հեչ վեջն էլ չէր): Կարճ ասած` նրա հայտնվելը մեծ աղետ էր: Եթե նրա ուրախության ու ոգևորության օրերից էր լինում, վա՜յ մեզ. այնքան էր հռհռում, շատախոսում, ուտում ու պարում, որ մյուսները մեռնում էին գլխապտույտից ու սրտխառնոցից: Եվ ընդհակառակը, տխուր ու անտրամադիր լինելիս բոլորի հոգին հանում էր, հյուրերին իրար խառնում: Ինձնից յոթ-ութ տարի մեծ էր և յոթը տակ շպարվում էր: Արհեստական ակնեղենի սիրահար էր ու անօրինակ-տարօրինակ շորեր էր հագնում: Դրսում մարդիկ զարմացած նայում էին, փողոցի տղաները սուլում էին հետևից: Մեծերը նրա հետ գլուխ չէին դնում, համադասարանցիները նրան չէին սիրում: Զոռով խցկվում էր իմ մտերիմների ու ընկերների շրջապատ և, եթե իմանում էր` մի տեղ ենք գնում, հետևներիցս ընկած գալիս էր: Կինո գնալու համար մեռնում էր. հատկապես սիրում էր «Իրան» և «Ռեքս» կինոթատրոնները: Եթե ֆիլմը հավանում էր, տասը անգամ գնում էր նայելու: Կինոյից դուրս էր գալիս բոլորովին այլ մարդ դարձած: Ձայնն ու խոսելաձևը նմանեցնում էր կինոյի հերոսուհուն: Իրեն դնում էր Գրետա Գարբոյի տեղը, նրա նման քթի մեջ խոսում կամ արտասվում: Կանգնում էր հայելու առաջ, ինքն իր հետ զրուցում, ֆիլմից իրեն դուր եկած հատվածները կրկնում: Սիրեկանն էլ էր երևակայական: Երբեմն գրկում էր երկար պոչով ավելը և կրծքին սեղմած` պտտվում սենյակում:
Պարսկերենի դասատուն անտեսանելի կամրջի նման կապ է դառնում իմ և, ինչպես ինքն է ասում, խելագար կնոջ ու դժբախտ ծերուկի միջև: Նրանց տան եղած-չեղածը պատմում է ինձ: Ուզում է գլուխ հանել այդ երկուսի անցյալից:
«Ակնհայտ է, որ այդ կինը երիտասարդության տարիներին գեղեցիկ է եղել: Ինչո՞ւ է ամուսնացել ծերունու հետ: Փողի՞ համար: Երանի մեկը գրի առներ նրանց կյանքի պատմությունն ու ֆիլմ նկարահաներ», – ասում է նա: Պատասխանում եմ. «Դուք գրեք: Մեկ էլ կտեսնեք` գրող եք դարձել»: «Շատ բաներ կան, որ չգիտեմ, օրինակ` երբ և որտեղ են ծանոթացել»:
Բոլոր հարցերի պատասխաններն ունեմ, բայց լռում եմ:
Ե՞րբ և որտե՞ղ:
Հարցը կախարդական գորգի նման սահում է ոտքերիս տակ և ինձ տեղափոխում Ֆիրդուսու օդանավակայան:
Այն օրերին այդ օդանավակայանի բացումը մեծ իրադարձություն էր: Բոլորն այդ մասին էին խոսում և իրենց կոտորում էին երկհարկանի լայնարձակ օդանավակայան գնալու համար: Ոչ մեկն Աթեշաֆրուզի նման խանդավառված չէր: Նրա ոգևորվելն էլ էր յուրահատուկ, մնացած բոլոր արաքների պես մոլեգնության երանգ ուներ: Առաջին անգամ էր, որ շարժասանդուղք էր տեսել: Հրճվանքից ու ցնծությունից ճչում էր: Սանդուղքի մոտ հսկիչ էր կանգնած: Երեխաներին ու չադրայավոր կանանց թույլ չէին տալիս օգտվել: Վախենում էին` աստիճանները կքաշեն չադրայի փեշերը, և կանայք ներքև կգլորվեն: Նման փորձանք Նազի հետ էր պատահել: Տանկն ու Չինարն էլ էին եկել: Տանկը, հաղթանակած գեներալի փառավորությամբ, կանգնել էր շարժասանդուղքին` գլուխը բարձր, կուրծքն առաջ ցցած: Երկրորդ հարկում գերմանական բար-ռեստորանն էր, որտեղից արևմուտքի կախարդական կերակուրների բույրն էր տարածվում: Երբ ռեստորան հասանք, Աթեշաֆրուզի աչքերը բավականությունից խամրեցին: Ես էլ պակաս երջանիկ չէի: Սա Անդրեի երշիկանոցը կամ քաբաբանոցը չէր: Յուրահատուկ տեղ էր. մի տեսակի ուտելիք ունեին՝ կարտոֆիլով ու մայոնեզով գերմանական նրբերշիկ: Մայրս ու քեռիներս էլ էին եկել: Տղամարդիկ փողկապերով էին, կանայք՝ իրենց լավագույն զգեստներով: Աթեշաֆրուզն այնքան կերավ, որ տռզեց, ու սրտխառնոցը բռնեց: Ֆիրդուսու օդանավակայանի բացումը Տանկը կապում էր պետության առաջադիմության ու զարգացման հետ, և եթե ունկնդրող լիներ, շահի գովքը կերգեր: Աթեշաֆրուզը վստահ էր, որ իր ապագա փեսացուն օդանավակայանի գերմանական բարում իրեն է սպասում և աչքերը չորս արած` շրջապատի տղամարդկանց էր զննում:
Որտեղի՞ց գիտեր: Վեցերորդ զգայարա՞նն էր հուշում, թե՞ ճակատագրի խաղ էր:
Հինգշաբթի էր՝ հետկեսօր: Ֆիրդուսու օդանավակայանի դռները փակ էին: Ասում էին` գողություն է եղել և երկու երիտասարդ կանանց էին փնտրում: Ոչ ոք ներս մտնելու իրավունք չուներ: Աթեշաֆրուզը նյարդայնացած էր ու վիճում էր մուտքի հսկիչների հետ: Հետո լուր տարածվեց, որ մի չարաճճի երեխա առանց թույլտվության բարձրացել է շարժասանդուղքով, ոտքը խրվել է աստիճանների արանքն ու կոտրվել: Այնուհետև պարզ դարձավ, որ այրվել է գերմանական բար-ռեստորանի խոհանոցը. դա արդեն բարբաջանք չէր: Երկու հրշեջ մեքենա մոտեցան: Ամբոխը ճանապարհ չտվեց: Մեքենաներից մեկը, որ սլանում էր մեծ արագությամբ, միանգամից արգելակելով` դուրս եկավ ճանապարհից, և հետևի ակն ընկավ առվի մեջ: Մարդիկ ծափ տվեցին, մի քանի հոգի էլ, «Մահ իշխանությանը» վանկարկելով, աղմուկ-աղաղակ բարձրացրին: Աթեշաֆրուզը քաղաքականությունից գլուխ չէր հանում: Ակամայից խառնվել էր ամբոխին ու գոռգոռում էր:
Մայրիկն ու Չինարն էլ էին մեզ հետ: Ոստիկանները հարձակվեցին մարդկանց վրա: Քիչ էր մնում ` Աթեշաֆրուզին էլ ձերբակալեին: Մայրիկը շտապեց լքել տարածքը: Չինարն իրեն կորցրել էր: Հեռացանք բազմությունից: Փողոցում սպասում էինք՝ երբ պիտի տաքսին գա, մեկ էլ մի մեքենա արգելակեց ուղիղ ոտքներիս առաջ: Վարորդն իջավ, ողջույնի խոսքեր փոխանակեց մայրիկի հետ, հետո կռացավ ու համբուրեց նրա ձեռքը: Մայրիկը ժպտաց, բայց հաջորդ վայրկյանին ձեռքը աճապարանքով հետ քաշեց: Աթեշաֆրուզն ինձ նայեց: Սա ո՞վ է: Տղամարդը հայրիկիս տարիքին էր` մեծ փորով, կարճ բաճկոնով, կիսաճաղատ, մանր աչքերով ու մեծ բերանով: Ո՞վ էր, որ եվրոպացու վարք ու բարք էր դրսևորում` համբուրելով կանանց ձեռքերը: Աթեշաֆրուզը շրջեց երեսը` ոտնաթաթն անհամբերությամբ սահեցնելով գետնի վրայով:
Մայրիկը պարոնին ներկայացրեց Չինարին, և պարզվեց, որ «Ռ»-ն հորս ընկերներից է, ապրում է Փարիզում, Սոֆի անունով աղջիկ և Մարի անունով կին ունի: Երբ Փարիզը մեջտեղ եկավ, ականջներս զնգացին, իսկ Աթեշաֆրուզի աչքերը կլորացան: Պարոն «Ռ»-ի անճոռնի արտաքինն ակնթարթորեն փոխվեց: Փորը ներս քաշվեց, կարճ պիջակը երկարեց, փոշոտ կոշիկները քսուքապատվեցին, և գլխին լուսապսակ իջավ:
Նստեցինք պարոն«Ռ»-ի մեքենան և միասին «Նադերի» սրճարան գնացինք: Երեկոն նոր էր սկսվում: Սրճարանի նվագախումբը ժամը ութից սկսեց նվագել: Երկու ժամ ունեինք: Ժամանակը կայծակնային արագությամբ անցավ: Պարոն «Ռ»-ն շատակեր էր և, տեղ չհասած, երկու ափսե «Օլիվիե» աղցան կերավ, երեք գավաթ գարեջուր խմեց: Մեզ էլ ստիպեց ուտել: Աթեշաֆրուզը իրեն բաց էր թողել, հռհռում էր: Պարոնի գրպանները լի էին թղթադրամներով: Հանում էր և մատուցողներին բաժանում: «Նադերի» սրճարանի մեծ այգին Ֆիրդուսու օդանավակայանից պակաս չէր և ողողված էր ախորժաբեր բույրերով ու գայթակղիչ գույներով: Երբ մթնեց, նվագախումբն սկսեց արտասահմանյան ստեղծագործություններ նվագել: Եվրոպական պարերի սիրահարները դուրս եկան պարահրապարակ: Պարոն «Ռ»-ն նախ մայրիկին, ապա Չինարին հրավիրեց պարելու: Երկուսն էլ տարուբերեցին գլուխները` շնորհակալություն հայտնելով: Աթեշաֆրուզը տեղից ցատկեց: Չհամբերեց` հերթն իրեն հասնի: Ասաց՝ ես կպարեմ, և թևանցուկ արեց պարոնին: Մայրիկը հառաչեց, Չինարը քթի տակ աղջկան գովերգեց: Ես զվարճանում էի մտովի, երևակայությանս մեջ պարում տարբեր տղաների հետ և շուրջս գտնվողների հետ գործ չունեի: Աթեշաֆրուզը պտտվում էր, կախվում պարոնի պարանոցից ու թևերից, սեթևեթում:
Այդ երեկոյից հետո սկսվեց ինչպես պարոն «Ռ»-ի, այնպես էլ Տանկի ու Չինարի ուղեկցությամբ մեր տուն Աթեշաֆրուզի գնալ-գալը: Պարոնը մենակ էր գալիս, և կնոջ ու աղջկա մասին խոսք չկար: Ավելի ուշ հայտնվեցին նաև տիկին Մարին ու Սոֆին: Երբ որոշեցինք` ուրբաթ օրը` կեսօրին, հյուրընկալելու ենք նրանց, ֆրանսուհու` մեր երևակայության մեջ նկարած կերպարը ոսկեփոշու նման ցրիվ եկավ օդում, ու մեր աչքերը նախապես լցվեցին երանությամբ ու հիացմունքով: Առաջին անգամ էր, որ մեկը Եվրոպայի սրտից` Փարիզից, մեր տուն էր գալու: Ինչպե՞ս պիտի դիմավորեինք պատվական հյուրերին, որոնց կինոաստղեր էինք կարծում ու մեզնից վեր դասում: Ձեռքնե՞րն էինք սեղմելու, թե՞ մեր զգեստի փեշերը բարձրացնելով` խոնարհվելու էինք նրանց առաջ:
Չինարը միակն էր, որ մի քիչ անգլերեն գիտեր: Ռուսերեն էլ էր խոսում: Ասաց. «Ես բոլորիդ կներկայացնեմ: Երբ ներս մտնեն, բարի գալուստ կմաղթեմ»:
Որոշեցին տան եղած-չեղածը փոխել: Վերցրին առօրեական ամանեղենը, և դրանց փոխարեն պահոցներից հանեցին չինական ափսեները, բյուրեղապակյա բաժակները, ռուսական գդալ-պատառաքաղը, ձեռագործ ժանեկազարդ սփռոցը (հատուկ պատվավոր հյուրերի համար): Արագ-արագ հավաքեցին հյուրասենյակի կահույքի ծածկոցները[3]: Արտասահմանից բերված, բնականին շատ նման արհեստական ծաղիկները զգուշությամբ ու երկյուղածությամբ հանեցին տուփերի ու փայլաթիթեղների միջից, և դրանք դրեցին ծաղկամանի մեջ` սպիտակ ու մանուշակագույն գեորգինների փոխարեն: Բերեցին գրամաֆոնը: Աթեշաֆրուզը փեշով մաքրեց հին սկավառակների փոշին ու կեղտը:
Հայրիկն ասաց. «Ի՞նչ խաբար է: Շա՞հն է գալու»: Առաջին անգամ նրա խոսքին ոչ ոք ականջ չարեց:
Կանայք տասը տակ շպարվեցին: Չինարը, ընդօրինակելով Հեդի Լամարին, խոպոպները բարձր հավաքեց ու կողքից մի ծաղիկ ամրացրեց: Աճապարանքով ու իրար անցած` Աթեշաֆրուզն աննկատ թռցրեց հոր ծղոտե գլխարկը, անցքերը լցրեց խորդենու ծաղիկներով ու գլխին դրեց:
Հայրիկն ասաց. «Ինչո՞ւ եք ինքներդ ձեզ գազանանոցի կապիկ սարքել»: Ու կրկին նրա խոսքը ուշադրության չարժանացավ:
Գրեթե ժամը երկուսն էր: Սովածությունից փորներս գռգռում էր: Հայրիկը հայտարարեց. «էշ մարդը ժամին չի նայում: Հիմա խռխռոցը գցած` քնել է: Ես չեմ սպասելու»,- և բարձր գոռաց՝ ճա՜շը:
Մայրիկն ասաց. «Մենք կսպասենք: Հաստատ մի բան է պատահել: Եվրոպացիները ճշտապահ են»:
Հայրիկը դարձյալ գոռաց` ճա՜շը, և Հասան աղան տեղից ցատկեց:
Ազդու ձայնը բոլորին ոտքի հանեց: Չինարն ասաց. «Արտասահմաններում մեզ նման թափթփված ու ավարա չեն, թե չէ էսքան զարգացած չէին լինի»: Աթեշաֆրուզը մեջ ընկավ. «Ես ճաշում եմ: Սոված եմ: Հողը նրանց գլխին, ինչքան ուզում են, թող ուշանան»:
Թիմսար Տանկը մտքերի մեջ էր: Ձեռքերը հետևը դրած` գնում-գալիս էր: Ցանկանում էր շատ կարևոր բան ասել, բայց չէր իմանում` որտեղից սկսի: Մի երկու անգամ կոկորդը մաքրեց ու ինչ-որ բան քրթմնջաց: Սակայն փոշմանեց ու վերստին լռեց:
Հասան աղան մատուցեց հատուկ հորս համար պատրաստած կերակուրը: Աթեշաֆրուզը մատներով վերցրեց խորոված հավի ազդրը և կծեց: Մայրս բարկացած տարուբերեց գլուխը: Չինարը սիրով ու գորովանքով հետևում էր աղջկա չփչփոցին: Հայրիկն ասաց. «Եթե մի անգամ էլ մատներով հարձակվես խորոված հավի վրա, պատառաքաղը ձեռքդ կխրեմ»: Աթեշաֆրուզը, որ իրեն բարեկիրթ օրիորդի տեղ էր դրել, նեղացավ և բարկացած վեր կացավ տեղից: Հենց այդ պահին հնչեց դռան զանգը, ու բոլորը լռեցին:
Սպասում էինք կինոդերասանուհու նմանվող կնոջ մուտքի, երբ մեր աչքերի առաջ հայտնվեց կարճահասակ ու նիհար մի կին` ամուսնու տարիքին, օպտիկական ակնոցով, խարտյաշ ցանցառ մազերով: Սոֆին գեղեցիկ էր: Կարծես իմ տարիքին էր: Ոսկեգույն երկար վարսեր, երկնագույն խոշոր աչքեր ուներ: Սվետլանային էր նման: Նրան տեսնելով` սիրտս նեղվեց, նա ինձ դուր չեկավ: Սոֆին թաքնվեց հոր թիկունքում, ի վերջո, թևանցուկ արեց պարոն «Ռ»-ին ու սոսնձվեց նրան:
Քեռիներս ու նրանց կանայք տեղներում քարացան: Ոչ մեկը ողջույնի խոսքեր չասաց: Չինարը, որ գեղեցիկից ու տգեղից բան չէր հասկանում և ի սրտե սիրում էր բոլորին, ուրախությամբ ընդառաջ ելավ ու անգլերեն նրանց բարի գալուստ մաղթեց:
Հայրս վերջացրել էր ճաշելը: Վերջապես գլուխը բարձրացրեց ու ասաց. «Բարեհաճեցի՞ք: Սա՞ է ժամը տասներկուսը»:
Ֆրանսուհին կանգնել էր ամուսնու թիկունքում: Կարծես նրանց տան սպասուհին կամ Սոֆիի դայակը լիներ: Պարոն «Ռ»-ն հանգիստ ու մտերմորեն համբուրեց բոլորին, նույնիսկ հորաքույր Ազարին գրկելիս, կամա թե ակամա, փոքր-ինչ իրեն սեղմեց և Աթեշաֆրուզի ձեռքերն ընդունվածից երկար պահեց ափերի մեջ, այնպես, որ Սոֆին բարկացավ ու ավելի սեղմվեց հորը: Հայրիկս ճիշտ էր: Պարոն «Ռ»-ն արդեն ճաշել էր և ներողություն խնդրելու մտադրություն չուներ: Ձեռքին մի քանի մեծ տուփ քաղցրավենիք ու շոկոլադ կային: Ֆրանսուհին էլ բազմաթիվ փոքրիկ գունավոր փաթեթներ էր բռնել: Եվրոպական նվերներ ու հուշանվերներ էին. օծանելիք, դիմափոշի, զուգագուլպա մայրիկի համար, սանր, վարսակալ, ռետինե գոտի (որն ինձ պետք չէր ու տվեցի Աթեշաֆրուզին) ինձ համար, ծաղկավոր փողկապ հայրիկի համար, տհաճ հոտով պանիր (որն ի վերջո աղաջրով լի դույլի մեջ դրեցին) և ժանեկազարդ մեծ սփռոց, որ հիացրեց բոլորիս: Նույնիսկ Հասան աղային չանտեսեցին և քսան թումանանոց թղթադրամը գրպանը խցկեցին: Մեր կյանքում երբեք չէր եղել, որ հենց այնպես, առանց ակնկալիքի ու պատճառի այսքան նվերներ ու ընծաներ մեզ տային: Պարոն «Ռ»-ի գալուստը նոր կյանքի սկիզբ էր, և նրա ճմռթած տաբատի ու բաճկոնի կարերից Եվրոպայի անուշ բույրն էր տարածվում:
Հայրիկն աղմուկ չէր սիրում և կեսօրից հետո քնում էր: Մի քանի բառ փոխանակեց ֆրանսուհու` մադամ Մարիի հետ, շոյեց Սոֆիի գլուխն ու գնաց: Ճաշից հետո աղա «Ռ»-ի խնդրանքով խաղաթղթեր բերեցին: Աթեշաֆրուզը նստեց նրա թևի տակ և նրան հաջողություն բերեց: Հաղթելիս զվարճասեր մարդը մի քանի կարմիր ժետոն էր տալիս Աթեշաֆրուզին, որն էլ ցնծագին ճչում էր: Սոֆին խոժոռ հայացքով հետևում էր նրան: Մի երկու անգամ հորանջեց` նայելով մորը, և փնթփնթաց հոր ականջի տակ: Ակնհայտ էր, որ համբերությունը սպառվել էր: ժամանակ առ ժամանակ հրում էր հոր թևը, ձգվում նստած տեղում: Մադամ Մարին լուռումունջ նստել էր Տանկի կողքին և լսում էր նրա անվերջանալի ճառը Ադրբեջան նահանգի փրկության մասին: Նա պարսկերեն չէր խոսում, բայց հասկանում էր: Պարոն «Ռ»-ն արհեստավարժ խաղամոլ էր: Խաղում էր Եվրոպայի խաղատներում: Ասում էին՝ հազարներով կրում է ու տանուլ տալիս, հարյուր ֆրանկանոց ժետոնները բաժանում է խաղատան գեղեցիկ կանանց: Հայտնի էր, որ իր տունը թղթախաղում տանուլ է տվել ու հետագայում ավելի մեծ տուն է գնել: Երբ մեծերը նրա փողերից, կալվածքներից ու ունեցվածքից էին խոսում, անհասկանալի էր մնում, թե այդպիսի հարստություն ունեցողի հագուստն ու կոշիկները ինչու են այդքան հին, կարկատված ու բզկտված: Կծծի էլ չէր: Ոչ մի պարագայում: Բան ու գործը առատաձեռնություն ու նվիրաբերություն անելն էր: Ամեն անգամ այցելելիս՝ լիքը ձեռքերով էր գալիս: Հեռանալիս էլ լցնում էր այգեպանի ու խոհարարի գրպանները, ասես մանրախիճ էր բաժանում: Բոլորը թիթեռնիկների նման թռվռում էին աղա «Ռ»-ի շուրջը, և եթե մի օր նա չէր երևում, ձանձրանում էին ու չէին իմանում` ինչ անեն: Նախկինում խաղաղ ու լավ կյանքով էինք ապրում: Ժամանակը վատ չէր անցնում: Զվարճասեր մարդն աղմուկ-աղաղակով, երգ ու նվագով, քրքջոցով, թղթախաղով, կերուխումով, փողերը ցրիվ տալով հայտնվեց ու ամեն ինչ գլխիվայր շրջեց: Նախ և առաջ մեր տան կերակուրների միօրինակությունը քննադատեց և ինչ-որ չափով խոհարար դարձավ: Հասան աղան վրդովվեց, բայց երբ մի քսան թումանանոց հայտնվեց գրպանում, փնթփնթոցից ձեռք քաշեց և դարձավ նոր խոհարարի օգնականը: Մայրիկն առողջ սննդի ջատագով էր, իսկ հայրիկը ծտի չափ էր ուտում: Պարոն «Ռ»-ի գալուստով խոհանոցը լցվեց հնդկական, չինական, ֆրանսիական համեմունքների բույրով: Յուղալի սոուսները, սրահամ կանաչեղենով թունդ, տհաճ հոտով պանիրները, գլխապտույտ առաջացնող համերը, տարատեսակ քաղցրավենիքը, թթուները, խեցգետինը, շատակերությունն ու ստամոքսի խանգարումները մեր տուն մտան: Քաշներս ավելացավ, անքնությունը փոխարինեց հանգստին ու շուտ պառկելուն: Զվարճասեր մարդը քուն ու դադար չուներ: Չգիտեր՝ ինչ է հոգնելը: Ցանկանում էր առավոտից ուտել ու խմել, խաղալ, զրուցել, զուգահեռաբար էլ` ծածուկ շոյել Աթեշաֆրուզին: Ուրբաթ երեկոները սազանդար ու թառահար էր հրավիրում: Բոլորին պարտադրում էր պարել, ինքն էլ շարժում էր կոնքերը, պար գալիս ու ծիծաղում: Մարին դիտորդի դերում էր: Ծպտուն չէր հանում: Ոչ մի խրախճանքի չէր մասնակցում: Նստում էր բոլորից հեռու՝ մի անկյունում, և սպասում, թե ամուսինը երբ է որոշելու տուն վերադառնալ: Ո՛չ հոգնածության նշաններ էր ցույց տալիս, ո՛չ հորանջում էր, ո՛չ ոտքերն էր պարզում, ո՛չ էլ կոշիկն էր հագից հանում: Տեսքն ու դեմքը չէին փոխվում: Ասես քարե արձան լիներ: Նրա կյանքի ամենամեծ իրադարձությունն անակնկալ փռշտոցն էր կամ էլ մի քանի ընդհատ, կարճ հազը: Հետո նորից նույնն էր դառնում` լուռ ու շլմորած: Երբևէ այդքան հլու կին չէի տեսել: Հլու այնքան, որքան մի ակնոցավոր խարտյաշ ոչխարն է:
Մայրիկն ասում էր. «Այս կինը հրեշտակից էլ անմեղ է»: Հայրիկը, որ չափազանցություններ չէր սիրում, պատասխանում էր. «Անմեղ չէ, չափազանցում եք»:
Պարոն «Ռ»-ի բոլոր գործերն ու փողերը կինն էր ղեկավարում: Պարոնը միայն ծախսում էր: Ունեցվածքի տնօրինումը հանձնել էր Մարիին, և խիղճը հանգիստ էր: Այդ ամենից տեղյակ էի, քանի որ դա շրջապատողներիս վիճաբանության մշտական նյութն էր:
Մայրիկը գնում-գալիս, ասում էր. «Այդ կինը հրեշտակ է: Ամուսնու փողերի վրա էլ աչք չունի»:
Երբ խոսքը փողին էր հասնում, հայրիկը ոչ մեկին չէր վստահում: Պատասխանում էր. «Հրեշտակներին էլ պետք չէ վստահել: Փողն այնպիսի բան է, որ նույնիսկ հրեշտակներին է կուրացնում»:
Սոֆին, ի տարբերություն Մարիի, քինախնդիր էր ու բարկացկոտ, մեր հավաքույթների տրամադրությունը չուներ և Աթեշաֆրուզին չէր հավանում: Երբ աչքը նրա վրա էր ընկնում, կարմրում-կապտում էր, հոնքերը կիտում ու կպչում հորը: Աթոռը դնում էր հոր աթոռի կողքին, թևանցուկ անում նրան: Ասել կուզեր` սա իմ հայրիկն է: Երբ նայում էի նրան, աչքերիս առաջ հայտնվում էր Սվետլանան, և սրտիս խորքում թաքնված հին վերքը նորից մրմռում էր: Նրա ձայնը հնչում էր ականջներիս մեջ. «Ի՛մ փոքրիկ ընկերն է, միայն ի՛մը»:
Մարին չէր խոսում: Սոֆիի դաստիարակությամբ հայրն էր զբաղվում: Թեև պարոն «Ռ»-ն պաշտում էր աղջկան, այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ հրապուրված է Աթեշաֆրուզով: Չէր կարողանում ինքն իրեն վերահսկել: Նրա համար թանկարժեք նվերներ էր գնում` օծանելիք ու եվրոպական շոկոլադ, թանկարժեք գոհարեղեն: Նրան իր հետ զբոսանքի կամ կինո էր տանում: Մենք Աթեշաֆրուզի և Սոֆիի մրցակցության ու պատերազմի լուռ, անուղղակի վկաներն էինք: Մեծերն իրար էին նայում, աչքով անում, փսփսում միմյանց ականջի: Մայրիկը մի երկու անգամ կշտամբեց ու նախազգուշացրեց Աթեշաֆրուզին, նույնիսկ պահանջեց, որ հայրիկը խոչընդոտի պարոն «Ռ»-ի` մեր տուն հաճախակի այցերին: Չինարի հետ էլ զրուցեց, որոշ ակնարկներ էլ Տանկի մոտ արեց: Սակայն բոլորը կարծես կուրացել ու խլացել էին: Աթեշաֆրուզն էլ չընկրկեց: Ավելի երես առավ ու հակառակ Սոֆիի` ավելի կիպ կպավ պարոն «Ռ»-ին: Ամռան վերջն էր, երբ սկսվեցին Սոֆիի ուժեղ սրտծակոցները: Սրտծակոց` նյարդային լացի ուղեկցությամբ: Պարոն «Ռ»-ն, ոտք ու ձեռք ընկած, որոշեց Սոֆիին Փարիզ ուղարկել: Սոֆին էլ երդվեց, որ առանց հոր ոչ մի տեղ չի գնա: Դժվար իրավիճակ էր: Աթեշաֆրուզն անսպասելիորեն որոշեց սիրաշահել Սոֆիին (մի ծրագիր կազմեց): Նրա համար թութակ[4] գնեց և մեր տուն բերեց: Սոֆին նայեց հորը և հոնքերը կիտեց: Գլուխը կախեց` արագ-արագ կկոցելով աչքերը: Աթեշաֆրուզն ու թութակը սպասում էին Սոֆիի մտերմիկ ժպիտին, որը, սակայն, չէր հայտնվում: Պարոն «Ռ»-ն Աթեշաֆրուզի ձեռքից վերցրեց վանդակն ու Սոֆիի ականջի տակ ինչ-որ բան փսփսաց: Սոֆին ուսերը թոթվեց և չպատասխանեց: Աթեշաֆրուզը զուր էր բարձր ծիծաղում ու չփչփացնում` թութակին նայելով: Սոֆին քարացել էր: Չէր շարժվում: Ամեն անգամ, երբ իրեն վատ էր զգում, արագ-արագ թարթում էր աչքերն ու ծամում ներքևի շուրթը: Աթեշաֆրուզը վանդակը ձեռքին մոտեցավ և շոյեց նրա այտը: Սոֆին ափով մաքրեց թուշն ու երկու քայլ հետ քաշվեց: Աթեշաֆրուզը չնկատելու տվեց և մեկնեց վանդակը՝ ասելով. «Վերցրո՛ւ, սա քոնն է: Սիրո թռչուն է, մտերմության թռչուն»:
Սոֆին գլուխը կախեց: Աթեշաֆրուզի ձեռքն անիմաստ կախված էր օդում: Պարոն «Ռ»-ն ստիպված էր միջամտել: Նա վերցրեց վանդակը և հարկադրանքով դրեց Սոֆիի պաղ ձեռքերի մեջ: Սոֆիին ո՛չ վանդակն էր հետաքրքրում, ո՛չ էլ մտերմության, ստիպողական ու շինծու մտերմության թռչունը: Նա վանդակն իրենից հեռու էր պահել: Շնորհակալության մասին խոսք լինել չէր կարող: Պարոն «Ռ»-ն կրկին ինչ-որ բաներ փսփսաց նրա ականջի տակ: Սոֆին նյարդային էր: Ոտքը գետնին խփեց, ապա նույն խոժոռ դեմքով, պրկված շուրթերով մոտեցավ ջրավազանին, կանգնեց, հետո վանդակը բարձրացրեց ու նետեց ջրի մեջ: Չինարը ճչաց, Աթեշաֆրուզը տեղից ցատկեց: Վանդակը ջրի մակերևույթին էր: Թութակը թափահարում էր թևերը: Մի երկու հոգի վազեցին դեպի ջրավազանը: Մնացած հյուրերը հեռվից շվարած նայում էին: Աթեշաֆրուզը ձայնը գլուխն էր գցել: Ուզում էր շորերով ջուրը նետվել: Պարոն «Ռ»-ն կախվել էր նրա մեջքից: Քիչ էր մնում` երկուսն էլ ընկնեին: Հասան աղան փոցխը ձեռքին մոտեցավ և վանդակը հանեց ջրից: Սիրո թռչունը թրջվել ու դողում էր:
Սոֆին գոհ էր իր արածից: Ժպտում էր ու բավականությամբ նայում կիսամեռ, դողացող թութակին: Պարոն «Ռ»-ն բարկացած էր ու անտրամադիր, ուզում էր Սոֆիի հետ խոսել: Նա բռնեց աղջկա ձեռքն ու տարավ տանը կից սենյակը: Դուռը փակեց: Աթեշաֆրուզի այտերը կարմրել էին: Հևում էր: Հունից այնպես էր դուրս եկել, որ կարող էր տունը կրակի տալ: Երեխա ժամանակ, երբ դպրոցի տնօրենը նրան ծեծել էր, վրեժ լուծելու համար հրդեհել էր դասասենյակը: Ձմեռ էր եղել, և դասարաններում նավթի վառարաններ էին եղել: Նա մի շիշ նավթ էր թաքցրել դպրոցական պայուսակի մեջ, և դասամիջոցին, երբ դասասենյակում մարդ չէր եղել, նավթը լցրել էր վառարանի վրա ու լուցկին վառել: Կրակը հասել էր սեղան-նստարաններին, ու քիչ էր մնացել` ամբողջ դպրոցը մոխրի վերածվի:
Սոֆին սենյակից դուրս եկավ անտրամադիր ու մռայլ: Ակնհայտ էր, որ արտասվել է: Որոշ ժամանակ լուռ էր, հետո, երբ սկսեցին ընթրիքի սեղանը բացել, նրա ատամնացավը բռնեց: Սկսեց լաց ու կոծը: Ձեռքը դրել էր այտին ու ցավից կծկվել: Ճիշտ էր թե սուտ, Աստծուն էր հայտնի: Հոր թույլ կողմը գիտեր և համոզված էր, որ սրտից թույլ հայրը անտարբեր չի մնա իր լացի ու ցավի հանդեպ: Մեկը` ես վստահ էի` դերասանություն է անում: Փոքրիկ ընկերոջս հիշեցի ու տխրեցի: Պատմությունը կարծես կրկնվում էր: Սոֆին ուզում էր վերադառնալ տուն, իհարկե, հոր ուղեկցությամբ: Դա նրան հաջողվեց: Բռնեց հոր ձեռքը, ու հեռացան: Այս անգամ հաղթողն ինքն էր:
Երեխաներս հոգնել են ծանր չորեքշաբթիից և պարսկերենի դասերից: Նրանց համար դժվար է արաբական բառեր արտաբերելն ու պարսկերեն բանաստեղծություններ արտասանելը: Նրանց դուր չի գալիս դասատուի շատախոսությունը, շարունակ հորանջում են: Հազար պատճառ ու պատրվակ են փնտրում թաքնվելու աստիճանների տակ կամ մտերիմ հարևանի տանը: Ի հակադրություն նրանց` ես օրերն եմ հաշվում, թե երբ է գալու չորեքշաբթին, որ դժբախտ ծերուկից ու խելագար կնոջից տեղեկություն ստանամ:
Դասատուն օգտվում է երեխաների բացակայությունից և անմիջապես անցնում հիմնական նյութին: Նա տեղյակ չէ, որ ես ծանոթ եմ «խելագար կնոջն» ու «դժբախտ ծերուկին»: Այդպես ավելի հանգիստ եմ: Չորեքշաբթի օրերը՝ մեր տուն գալուց առաջ, նա այցելում է «դժբախտ ծերուկին», և եթե լավ ու արևոտ եղանակ է լինում, նրան զբոսանքի է տանում:
Այսօր, ի տարբերություն մնացած օրերի, ուշացած է եկել: Անձրևոցը մոռացել է ավտոբուսում: Նրան ասում եմ, որ մոռացկոտությունը տարիքի հետ կապված չէ: Ես էլ եմ հաճախ փնտրում բանալին, ակնոցս կամ անուններ եմ մոռանում: Մոռացկոտությունը համընդհանուր հիվանդություն է: Անցյալում այս մարդը լուրջ ու կարգապահ ծառայող է եղել և իրեն ոչ մեկի հետ չի համեմատում: Առաջին անգամ է, որ ուշացել է, և առաջին անգամ է, որ անձրևոցը կորցրել է: Նստում է: Պայուսակի մեջ ինչ-որ բան է փնտրում: Չի գտնում: Հայացքը հառում է պատուհանից երևացող գունատ արևին:
Ասում է.
-Ես գիտեմ` բարկությունից, նյարդային ու անհանգիստ վիճակից է: Այլևս ոտք չեմ դնի էդ անպիտանների տուն: Գժանոց է: Դժբախտ ծերուկի ձայնը դուրս չի գալիս: Անկողին է ընկել ու դռան արանքից, ինչպես բերդից, ինձ է նայում: Մարդու սիրտ է ցավում: Գիժ կինն էլ բերանին փակ չունի: Իմ ներկայությամբ խեղճին անպատվում է, անիծում: Անցած անգամ մոլագարի նման ցատկեց ու ճանկռեց խեղճ մարդու երեսը: Ուժեղ խփեց գլխին: Ու դա իմ ներկայությամբ: Այդ կնոջն էլ եմ խղճում: Գնում-գալիս, մենակությունից ու աղքատությունից է բողոքում: Ծխախոտ ծխախոտի հետևից, ծխախոտ ծխախոտի հետևից… Մի կաշվե բաճկոն ունի, ողջ օրը հագին է: Գիշերանոցի վրայից հագնում է և հողաթափերով, այն էլ մաշված, փողոց է դուրս գալիս, շուկա գնում: Չեք պատկերացնում` ինչքան գզգզված ու թափթփված է: Տունն էլ մկան բնի չափ է: Նկուղի նման փնթի երկու խարխլված սենյակ ունեն: Միջատները խոհանոցի դռների ու պատերի արանքից դուրս են թափվում: Պիտի տեսնեք: Ինչպե՞ս է, որ դրանց չեք ճանաչում: Անուննե՞րն էլ չեք լսել:
Այս մարդը շատ ավելին է, քան պարզապես պարսկերենի ուսուցիչը: Իմ ու նրա միջև անտեսանելի կապ է առաջացել: Ես էլ, նա էլ երկու տարօրինակ ճակատագրերի վկաներն ենք: Ես տեղյակ եմ նրանց անցյալից, ինքն էլ առնչվում է ներկային և շատ բաներ կան, որ չգիտի: Օրինակ` Սոֆիի գոյության մասին: Ժամանակ առ ժամանակ հարցնում է ինքն իրեն կամ ինձ, թե ո՞ւր են այդ մարդու փողերը: Եթե ասեմ, որ նման փորձանքի մեջ նրան գցել են հարազատ աղջիկն ու կինը` ֆրանսիացի հրեշտակները, խառը պատմություն կստացվի: Պիտի ստիպված լինեմ բացատրել, պիտի սկզբից սկսեմ` հեղափոխությունից մի քանի տարի առաջ, Շեմիրանի տնից, ուրբաթ օրերի հյուրընկալությունից, մորիցս, մորեղբայրներիցս, Տանկից, Չինարից, Սոֆիի տնաքանդ խանդից, Մարիի կասկածելի լռությունից և այն բոլոր իրադարձություններից, որոնք շղթայվելով իրար` այսպիսի ճակատագիր ձևավորեցին, և Աթեշաֆրուզը մեծ հրդեհ բորբոքելով` բոլորին կրակը գցեց:
Պարսկերենի դասատուն խոսում է ինքն իրեն ու ինձ հետ: Վարակվել է նրանց պատմությամբ: Արդեն տասներորդ անգամ հարցնում է. «Ձեր ընկերների՞ց էլ նրանց անունները չեք լսել»: Պատասխանում եմ` ոչ: Ստում եմ: «Նրանք»` անծանոթ մարդիկ` դժբախտ ծերուկն ու խելագար կինը, որոնց կյանքը պարսկերենի ուսուցչի համար առեղծված է, իմ անցյալի հեռավոր օրերի մի մասն են եղել: Այդ այրն ու կինը հուշերիս խորքերում` Շեմիրանի այգում նստած, վիճում են:
Ուրբաթ է, երեկո: «Հելեն Տրոյացի» ֆիլմն են ցուցադրում: Աթեշաֆրուզն ուզում է, ինչ գնով էլ լինի, դիտել կինոնկարը, այն էլ՝ պարոն «Ռ»-ի հետ: Պարոն «Ռ»-ն այդ ֆիլմն արդեն դիտել է: Մայրիկը, որ ավելի հաճախ լուռ է, հունից դուրս է գալիս.
-Ի՞նչ գործ ունես աղա «Ռ»-ի հետ: Մենա՛կ գնա: Մո՛րդ հետ գնա: Հազար բան են հետևիցդ խոսում: Ամեն ինչ չափ ու սահման ունի:
Աթեշաֆրուզը կարմրում է, կապտում ու վերջնագծին է հասնում` ասելով.
-Եթե ուզում եք ճիշտն իմանալ, աղա «Ռ»-ն ֆրանսուհուց բաժանվելու է և ինձ հետ ամուսնանա: Ես համաձայնությունս տվել եմ: Այնպես որ դուք ամաչելու պատճառ չունեք:
-Ղալա՛թ ես արել,- պատասխանում է մայրիկը:
Աթեշաֆրուզը բղավում է և բռունցքով հարվածում սեղանին: Տանկը զգուշավորությամբ ու զսպվածությամբ միջամտում է.
-Աղջի՛կս, հո՞ աշխարհի վերջը չի: Հարյուր գեներալ ու հրամանատար ձեռքդ են խնդրում: Հերիք է միայն մատդ շարժես, սպաները քեզ համար ինչ ուզես, կանեն: Մի բանակ երկրպագու ունես:
Մայրիկը շարունակում է.
-Խայտառակություն է: Ինչ ուզում է լինի, սրա դեմն առնել է պետք:
-Թեթևամի՛տը: Հո՛րթը: Այս աղջկա հոր տարիքին է: Գժվել է,- ասում է հայրիկը` ապշահար ու ափսոսանքով տարուբերելով գլուխը:
Աթեշաֆրուզը մատները խցկել է ականջների մեջ ու կրկնում է.
-Ինչ ուզեմ, այն էլ կանեմ: Լա՛վ կանեմ:
Չինարը մեջ է ընկնում.
-Մեռնե՛մ էդ լուսնի նման դեմքիդ: Փեսացուների պակաս չունես: Ես ուզում էի ամուսնացնել քեզ շահի հետ, բայց Նորին մեծությունը Սորայային ընտրեց: Բայց թագաժառանգ Ալի Ռեզան, Ահմադ Ռեզան…
Մայրիկն ընդհատում է.
-Թագաժառանգ Ալի Ռեզան մահացել է: Կյանքը ձեզ նմաններին է բաշխել: Մնացած թագաժառանգներն ամուսնացած են: Այդ մարդը կին ու երեխա ունի: Նրա կինն իսկական հրեշտակ է: Ֆրանսուհի հրեշտակ: Բա՞ աղջիկը: Սոֆին հաստատ հուզմունքից է հիվանդացել: Նազանի Սոֆին: Ծաղկեփնջի նման Սոֆին:
Աթեշաֆրուզը պայթուցիկի նման թռչում է տեղից: Ճչում է, վազում այգի ու արմատախիլ անում լոլիկի թփերի մեծ մասը:
Հայրիկը գոռում է.
-Այս աղջկան պետք է շղթայել:
Մայրիկն ասում է.
-Հավատալու բա՞ն է: Այդ տարիքի մարդը մի թեթևամիտ աղջկա ձեռքին խաղալիք կդառնա՞:
Հեռվից լսվում է Աթեշաֆրուզի գոռգոռոցն ու բողոքները: Տեսնես իսկապես սիրահարվա՞ծ է աղա «Ռ»-ին, թե՞ ձևեր է թափում: Սոֆին հորը կսպանի: Աթեշաֆրուզին էլ կսպանի: Ես եմ տեսել` ինչպես է խանդից այլայլվում ու եղունգները կրծում:
Պարսկերենի ուսուցիչը ստեղծագործող է: Իմ հետաքրքրասիրությունը տեսնելով` ավելի է ոգևորվում: Ասում է.
-Ես այդ մարդկանց անցյալի մասին ոչինչ չգիտեմ, բայց լսել եմ, որ նրա ֆրանսուհի կինը նման է եղել լիալուսնի, կինոաստղի (սխալ է լսել): Լքել է ամուսնուն և ամուսնացել ֆրանսիացու հետ (ծիծաղս գալիս է ): Աղան էլ, վրեժխնդրությունից դրդված, կյանքը կապել է երիտասարդ աղջկա հետ: Իհարկե, թշվառը գլխի չի ընկել, թե ինչ վհուկի է տուն տանում: Բայց խոսքը մեր մեջ, նրա փողերն ի՞նչ են եղել: Ունեցվածքը բռնագրավել են: Հասկանալի է: Ընդունում եմ: Բայց Եվրոպայում պահ տված փողերին ի՞նչ է պատահել:
-Գուցե այդ կնոջ հետ ինչ-որ վատ բան է պատահել: Դժբախտությունը մարդուն խելագարեցնում է,- պատասխանում եմ:
Այդ մարդուն չի զարմացնում իմ հետաքրքրասիրությունը: Մարդկանց` հատկապես հայրենակիցների կյանքի գաղտնիքներն ու առեղծվածները քննելը նրա համար սովորական բան է: Նույնիսկ ուրախ է, որ ունկնդիր է գտել և կարող է զրուցել:
Շարունակում է.
-Մարդ ու կին վիճում էին: Խոսքը փողի և Սոֆի անունով կնոջ մասին էր: Մեկ էլ նրա կինը գժվեց: Քաշեց ճամպրուկն ու սկսեց հագուստը հավաքել: Ասաց. «Գնում եմ: Հենց էսօր վերադառնում եմ: Հայրս իմ պատճառով գնաց: Մայրս կուրացավ, ես էլ դարձել եմ ծեր քաֆթառի գերին: Ինչ սխալ արեցի` դարձա կինդ: Ծերուկի կին: Վերադարձի՛ր եվրոպացի մադամիդ մոտ: Փողերդ լա՜վ թռցրին: Թաղե՛մ Սոֆիին: Սև գա նրա գլխին»: Անիծեց: Ճամպրուկը քարշ տվեց դեպի աստիճանները: Ծերուկը կծկվել էր: Գլուխը կախ՝ ամոթից ու կատաղությունից գալարվում էր: Կինն էլ նստել էր աստիճանների գլխին ու ողբում էր: Ծերուկի մի ոտքն այն աշխարհում է: Նրա վերջը եկել է:
Ինքս ինձ ասում եմ. «Երանի նրանց տեսնելու գնայի: Երանի Սոֆիին հաշտեցնեի հոր հետ»: Կար ժամանակ, որ այդ ծերուկն առողջ էր, ուրախ ու բախտավոր: Կարծում էր՝ Նոյի կյանքը կապրի, այն էլ` երջանիկ: Աթեշաֆրուզն էլ երևակայության մեջ երկնքից աստղեր էր իջեցնում և մտովի վայելում Փարիզի ճոխ կյանքը: Ո՞ւմ մտքով էր անցնում, որ հեղափոխություն կլինի և աղա «Ռ»-ի ունեցած-չունեցածը կբռնագրավեն: Ո՞ր մի խելքը գլխին մարդը (բացի հայրիկից ) կմտածեր` հրեշտակ Մարին ջրից չոր դուրս կգա և ամուսնու ունեցվածքը, կուտակածը, հարստությունն իրենով կանի: Իսկ Սոֆի՞ն… Սոֆին, որ պաշտում էր հորը: Անմեղ ու քնքուշ Սոֆին, որ հիմա հոր առաջ դուռը չի բացում և չի ընդունում նրան:
Պարսկերենի ուսուցիչը խոսում է ինքն իրեն ու ինձ հետ: Վարակվել է նրանց պատմությամբ: Ասում է.
-Ոչ ոք այդ կնոջը չի այցելում. ո՛չ ընկեր, ո՛չ ծանոթ, ո՛չ բարեկամ: Մտքում անդադար անցյալն է` թիմսար հայրը, մայրը, իրենց տունն ու այգին, տոները, զբոսանքները, հօդս ցնդած երազանքները: Ամբողջ սենյակը լցրել է իր նկարներով` ծնված օրից մինչև հարսանիքը: Հարյուր հատ էլ ծնողների լուսանկարներից ունի: Բոլորը փակցրել է պատին: Գժի նման խոսում է նրանց հետ, սիրտը դատարկում: Նրան խղճում եմ: Հեկեկում է: Ասում է` ամեն օր մոմ է վառում, աղոթում, հոր հոգուն է կանչում: Գնում է նաև տարօրինակ, անծանոթ տեղեր` հոգի կանչող կախարդների տները, և ունեցած փողը ծախսում է գուշակությունների ու նմանատիպ բաների վրա: Նախորդ անգամ երդվում էր, որ հոր ուրվականն է տեսել: Սենյակում մութ է եղել, մեկ էլ սեղանն սկսվել է շարժվել: Հետո լուսաշաղախ ստվեր է հայտնվել` սպայական գլխարկով: Մի ակնթարթ երևացել, ապա անհետացել է: Պատմում էր ու արտասվում: Մի քանի անգամ էլ Սոֆիի անունն արտաբերեց: Տալիս էր նրա անունն ու անիծում: Չեմ հասկանում` ով է Սոֆին: Հավանաբար ծերուկի սիրուհին է եղել: Չգիտեմ: Ուզում եմ հարցնել, բայց երեսս չի բռնում: Մի անգամ, երբ այդ անունը թռավ բերանիցս, ծերուկը վատացավ, սփրթնեց, սկսեց դողալ: Քիչ էր մնում՝ կաթված ստանա: Ասաց. «Դու որտեղի՞ց գիտես: Եկե՞լ էր: Զանգե՞լ է»: Դժբա՛խտ: Կես մարդ էր դարձել: Աչքերով ինձ ուտում էր: Ուզում էր հասկանալ` որտեղից եմ լսել Սոֆիի անունը: Նրա կինն անկայուն մարդ է: Հազար տեսակ բաներ է պատմում: Մարդ չի իմանում` որն է ճիշտ, որը՝ սուտ: Օրինակ, ասում է` հորը մահապատժի են ենթարկել, հայրը Ադրբեջանի ազատության համար է կռվել ու հարյուրավոր շքանշաններ ունի: Ասում է` մայրը ռուս արքայադուստր է, ու նրա արմատները Ռոմանովների արքայատոհմից են սերում: Ասում է` ամուսինը Սեֆյան դարաշրջանի ոսկեթել ծածկոցներ է ունեցել, բայց ոստիկանները բոլորը տարել են: Երդվում է, որ իրենց սոճիների պուրակում՝ մի տեղ, որ նույնիսկ սատանայի մտքով չի անցնի, հնամյա գոհարեղենով լի կճուճ են թաղել, ու նույնիսկ Սոֆին դրա տեղը չգիտի:
«Սոֆին առեղծված է: Ո՞վ է նա: Ի՞նչ կապ ունի նրանց հետ»,- հարցնում է ուսուցիչն ինքն իրեն ու հոնքերը վեր քաշում: Ինձ չի հարցնում, քանի որ համոզված է` ես նրանց չեմ տեսել ու չեմ ճանաչում: Այդ մարդկանց կյանքն ասես տարիներ առաջ տեսածս հին ֆիլմերից լինի, իհարկե, առաջին մասը, մինչև այնտեղ, որտեղ հերոսներն իրար սեր ու գորով են տալիս, յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անում և ուրախ ու երջանիկ ապրում: Ֆիլմի շարունակությունը` երկրորդ հատվածը, պարսկերենի ուսուցիչն է դիտել ու պատմում է ինձ: Հեռուստատեսային սերիալը չորեքշաբթի օրերին է` դժբախտ ծերուկի և խելագար կնոջ մասնակցությամբ՝ լի լաց ու կոծով, առեղծվածային հարաբերություններով, ինչպես դեդեկտիվ ստեղծագործություններում: Հիմա էլ Սոֆի անունով մի կին է մեջտեղ եկել: Ստեղծագործության հիմնական թելը նրա ձեռքում է, պիտի հայտնվի, բայց չկա, միայն անունն է քննարկվում: Համբերել է պետք: Պետք է սպասել նոր իրադարձությունների: Փողերը որտե՞ղ են: Ծերուկի առասպելական հարստությունն ո՞ւր կորավ: Հավանաբար դավաճանության ու ոճրագործության դրվագներ ի հայտ կգան:
Աթեշաֆրուզ: Գիշերն անկողնում նրա մասին եմ մտածում: Նրա մասին, ում չեմ ճանաչում, լուռ Աթեշաֆրուզի, որը մթության մեջ՝ մոմի առաջ նստած, հոր հոգուն է կանչում: Ամեն անգամ, նրա մասին մտածելիս, աչքերիս առաջ է գալիս նրա՝ այն ժամանակների կերպարը` սև, փարթամ մազերով, երկար արտևանունքով, բարակիրան, խենթ ներաշխարհով ու սին ցանկություններով:
Պարսկերենի ուսուցիչը հավատում է ճակատագրին: Ասում է` բոլոր իրադարձությունները նախապես կանխորոշված են, և դրանից փախուստ չկա: Ամեն մարդ ինքնատիպ է ու իր փիլիսոփայությունն ունի: Նրա կարծիքով աշխարհի բոլոր իրադարձությունները փոխկապակցված են` հավերժության պես անհուն կիրճերում հնչող ձայնի արձագանքի նման: Շարունակում է.
-Ես այստեղ ի՞նչ եմ անում: Թափառական եմ, դռնեդուռ ընկած: Ո՞ւմ օձիքից բռնեմ, մեղքն ո՞ւմ վրա բարդեմ: Եթե պատերազմ չլիներ, կվերցնեի տղայիս ու կվերադառնայի: Ինչո՞ւ պատերազմ սկսվեց: Ինչո՞ւ հեղափոխություն եղավ: Այս պատճառով, այն պատճառով… Սակայն յուրաքանչյուր պատճառ իր պատճառն ունի, և ինչուները չեն ավարտվում:
Իրավացի է: Բոլորը վստահաբար ամբողջ մեղքը Աթեշաֆրուզի վրա էին բարդում: Ասելը հեշտ է, սակայն բոլոր մասնակիցներն էլ իրենց մեղքի բաժինն ունեին: Մարին մեղավոր էր, կարող էր այդ ամենի առաջն առնել: Բայց լռեց: Իր հրեշտակային բնավորությամբ ու պահվածքով ժպտաց՝ ամուսնուն հիմարի տեղ դնելով: Նստեց ու նայեց` սրտի խորքում հավանություն տալով կատարվածին: Թե չէ կարող էր պարզ ու հստակ ասել` եթե այդ աթիշփարեի[5] հետևից գնաս, հերդ կանիծեմ: Այսինքն՝ ասեր այն, ինչն ի վերջո արեց: Նրա ամբողջ ունեցվածքին տիրացավ ու դուռն էլ փակեց երեսին: Եթե հորս հարցնեին, կասեր, որ եղածի պատասխանատուն անամոթ, թափթփված մարդն է` քոռը: Խելքը գլխին մարդն իր ունեցած-չունեցածը կնոջ կամ երեխայի ձեռքը կտա՞: Ի՞նչ է նշանակում ժառանգություն: Նշանակում է մահանալուց հետո ունեցվածքդ թողնել կնոջդ կամ երեխայիդ:
Բոլորը խղճում էին Սոֆիին` թախծոտ աչքերով անմեղ աղջկան: Ոչ մեկը չէր ասում` հնարավոր է քինախնդիր ու խանդոտ Սոֆին ամենամեղավորն է: Եթե նա Աթեշաֆրուզին պատերազմ չհայտարարեր, գուցե բանն այդտեղ չհասներ: Եթե հորն այդքան կպած չլիներ, եթե չփորձեր հորն այդքան իրենով անել, այդքան եսասեր ու նախանձ չլիներ, իրադարձություններն այլ կերպ կդասավորվեին, և ճակատագիրն այլ հունով կգնար: Կամ ես, որ ցանկանում էի Սվետլանայի վրեժը Սոֆիից առնել, հին վիրավորանքի համար նրան պատժել: Ուզում էի վարկաբեկել, բոլորին ապացուցել, թե այդ եվրոպացի հրեշտակը, այդ շիկահեր Սվետլանան ինչքան սուտասան, խորամանկ ու նենգ է:
Գնանք ավելի հետ՝ այդ իրադարձություններից մի ամիս առաջ: Սոֆին հիվանդացել էր: Տարօրինակ սրտծակոցներ էր ունենում, և ուշքը գնում էր: Այդ սրտծակոցներով` իրական թե կեղծ, ճանկում էր հորը ու պահում բռան մեջ: Աղա «Ռ»-ի մեր տուն գնալ-գալը քչացավ, հետևաբար՝ Աթեշաֆրուզինն էլ: Մայրս շունչ քաշեց, բայց հետո աստիճանաբար տրամադրությունն ընկավ: Մյուսներն էլ էին անհանգիստ, կարոտում էին աղա «Ռ»-ի զվարճալի կատակներն ու աղմկոտ եռուզեռը: Չինարն ափսոսում էր, որ այլևս կարթ չենք խաղում (մինչև իմ հաղթելը), և խաղաթղթերը փռելով սեղանին` բախտ էր բացում: Հասան աղան էլ նախկինի պես խոհանոցով ոգևորված չէր: Մեկը չկար` գովեր նրա պատրաստածը և առատաձեռն պարգևատրեր: Կյանքը խաղաղվել էր, բայց կորցրել էր համը:
Ավելի ուշ լուր տարածվեց, թե Աթեշաֆրուզը մտադիր է ամուսնանալ Եվրոպայից ժամանած բժշկի հետ: Տանկն ու Չինարը ո՛չ ժխտում էին, ո՛չ հաստատում, իսկ երբ Աթեշաֆրուզից հարցրինք, քրքջաց և պատասխանեց` գուցե` այո՛, գուցե` ո՛չ: Հայրիկն ասաց. «Այս աղջկա հետ ամուսնացողն առնվազն պիտի անասնաբույժ լինի»: Տանկը վիրավորվեց, Չինարը` հռհռաց, կարծեց` համով կատակ է, և բոլորին պատմեց:
Աթեշաֆրուզի ամուսնության լուրը Սոֆիին էլ հասավ: Նա չհավատաց և կասկածանքով նայեց Աթեշաֆրուզին ու հորը, որոնք առաջվա նման իրար չէին կպչում ու չէին փսփսում: Հնարավոր է` ճիշտ էին ասում, և Աթեշաֆրուզն իրոք փեսացու էր ճարել: Որոշ ժամանակ շարունակվեցին Աթեշաֆրուզի և պարոն «Ռ»-ի սառը հարաբերությունները: Սոֆին քիչ-քիչ խաղաղվեց: Իհարկե, խաղաղության գագաթնակետին չէր, բայց վիճակը բավականին բարելավվեց: Ձայնը փորից դուրս եկավ, ավելի ուշ նույնիսկ սկսեց ծիծաղել, անշուշտ, աչքի պոչով հետևելով հորն ու հայացքը պտտեցնելով Աթեշաֆրուզի հետևից: Երբեմն ես ու ինքը նստում էինք մի անկյունում, գիրք ընթերցում կամ թերթում նրա բերած արտասահմանյան ամսագրերը: Ընթացքում Սոֆին անսպասելի վեր էր թռչում, ականջ դնում դռների հետևից կամ ծիկրակում լուսամուտից: Ուշադրության մի մասը հոր կողմն էր: Մոր հետ չէր էլ շփվում: Կարծես նրան հաշվի չէր առնում. միայն ու միայն հորն էր ձգտում: Նույնիսկ մորն էր խանդում: Չէր ցանկանում, որ հոր գործերը մայրը տնօրինի: Պարբերաբար ասում էր, որ երեք տարուց տասնութը կլրանա, և հոր բոլոր գործերն իր ձեռքը կվերցնի: Պատմում էր հոր հետ ճանապարհորդությունների, այն տան մասին, որը երազում էր` գնեին (ինքն ու հայրը) Փարիզի արվարձանում և միասին ապրեին: Ես ֆրանսիացի բարակիրան երիտասարդների մասին էի հարցնում, նա պատմում էր իր հաստափոր ծերուկ հոր մասին:
Ամռան կեսն էր, երբ քեռիներիս, քեռորդիներիս, գերդաստանի այլ անդամների հետ ճամփա ընկանք դեպի Դեմավենդ: Որոշված էր, որ Սոֆին ու հայրն էլ են գալու: Որոշված էր, որ Աթեշաֆրուզը, Տանկն ու Չինարը չեն գալու: Սոֆիի համար դրանից լավ բան լինել չէր կարող: Երբ նրա միտքը խաղաղ էր, երբ ուրախ էր ու երջանիկ, բոլորովին ուրիշ մարդ էր: Արագ-արագ չէր թարթում աչքերը, չէր կծում ներքևի շուրթը, չէր կրծում եղունգները: Սրտծակոցներն անցել էին, և այլևս չէր ուշաթափվում կամ թուլանում: Դարձել էր մեզ նման, առողջ էր ու երիտասարդ: Կարելի էր նրա հետ զրուցել ու ծիծաղել: Կարելի էր խաղալ նրա հետ:
Որոշել էինք միասին գնալ: Ես, Սոֆին և մայրիկս պարոն «Ռ»-ի մեքենայով էինք գնալու: Բայց ծրագիրը փոքր-ինչ փոխվեց, և Սոֆին դարձյալ կիտեց հոնքերը: Վերջին պահին պարոն «Ռ»-ն հայտարարեց, որ կարևոր գործ է մեջտեղ եկել, և ինքը հաջորդ օրը կմիանա մեզ: Մեկ օր անց: Սոֆին ասաց, որ ինքն էլ կմնա, սակայն հայրն ընդդիմացավ: Աղջիկն իջավ մեքենայից, ձեռքի պայուսակը դրեց գետնին: Չէր ցանկանում հորը մենակ թողնել. չէր վստահում նրան: Հայր ու աղջիկ վիճեցին: Ֆրանսերեն էին խոսում: Ի վերջո, Սոֆին համաձայնեց: Գուցե ինձնից ու մյուսներից ամաչեց: Քմահաճությունն էլ չափ ու սահման ուներ: Բայց նրա տրամադրությունն ընկավ: Մեքենայի ապակին իջեցրեց ու նորից հարցրեց հորը, թե հաստատ կգա՞: Հաստա՞տ: Վաղը երեկոյա՞ն:
Շարժվեցինք: Ուշանում էինք: Սոֆին գլուխը հանեց պատուհանից, գոռաց: Կանչեց հորն ու կրկին հարցրեց` հաստա՞տ: Ձեռքը թափահարեց, և երբ անցանք ճանապարհի շրջադարձը, հոնքերը կիտեց: Անհանգիստ էր: Սուզվել էր մտքերի մեջ: Լուռ էր: Ի՞նչ գործ: Հայրը կարևոր գործերի մարդ չէր: Ուտում էր ու ման գալիս: Համենայն դեպս Իրանում ոչնչով չէր զբաղվում, բացառությամբ այն դեպքերի, երբ լսում էր որևէ տեղ հնաոճ իրեր և գտածոներ են վաճառում, կամ երբ մեկն աճուրդի էր հանում իր հին գորգերը: Գուցե խորամանկե՞ց: Գուցե:
Ես ու Սոֆին քնեցինք նույն սենյակում: Սոֆին խորը քնած չէր ու անընդհատ թավալ էր տալիս: Տասը րոպե չէր անցել, մեկ էլ վեր կացավ, նստեց: Լույսը վառեց և սկսեց փնտրել ժամացույցը: Ասաց, որ քունը չի տանում: Բռունցքով բարձին էր խփում: Ջերմում էր: Մոծակները խայթել էին երեսն ու պարանոցը: Լաց եղավ: Ասաց` ուզում է վերադառնալ, հենց հիմա` կեսգիշերին՝ հենց այս պահին: Մեկը դրսից գոռաց` լռե՜ք: Սոֆին գլուխը խցկեց բարձի տակ և պարսկերեն ու ֆրանսերեն հայհոյեց համայն աշխարհին: Այնքան թավալգլոր եղավ, մինչև, փառք Աստծո, ձայնը կտրվեց:
Կերուխումը Դեմավենդում սկսվեց կեսօրին և ավելի թեժացավ ժամը հինգին: Սոֆին ախորժակ չուներ: Մերթընդմերթ ժամացույցին էր նայում: Մի քանի բակլա դրեց բերանն ու թքեց: Մի գդալ էլ սմբուկից փորձեց, բայց փսխեց: Ասաց.
-Արի՛ գնանք մայրուղի: Ինչո՞ւ հայրս ուշացավ: Թերևս ինչ-որ բան է պատահել: Գուցե վերցնենք քեռորդիներիցդ մեկի հեծանիվն ու երկուսով` մի հեծանիվով, գնանք:
Սոֆին ծանր էր, և ուժս չէր բավականացնում ոտնակները շարժելու: Շրջադարձին հեծանիվը շրջվեց, և երկուսս էլ ընկանք: Բռնակը մտավ Սոֆիի գրպանն ու պատռեց շորը: Որոշեցինք, որ ես նստեմ հետնամասում: Զառիթափին հեծանիվի արագությունը մեծացավ: Արգելակները բավականաչափ ամուր չէին: Ջանում էինք ոտնաթաթերի ծայրերով մեղմացնել արագությունը: Չստացվեց: Կոշիկս դուրս թռավ: Սոֆիի ոտքը մտավ հեծանիվի շղթայի մեջ: Երկանիվը շուռ եկավ, և երկուսս էլ գլխով բախվեցինք հանդիպակաց ծառին: Սոֆին սկսեց ճչալ: Նրա ճակատն այտուցվել էր, ոտքը ցավում էր: Բարկացել էր և սրտի մաղձն ամբողջությամբ իմ գլխին թափեց: Մի բուռ հող վերցրեց գետնից և ցրիվ տվեց երեսիս: Ուզում էի խեղդել նրան: Ուզում էի գոռալ, որ հայրը խաբեբա է և հիմարացրել է նրան, որ հենց այս պահին Աթեշաֆրուզի գրկում է, բայց լեզուս կծեցի, քանի որ կարող էր գլխիս փորձանք բերել: Նա ինձնից ուժեղ էր, ինձնից՝ մեծ: Աչքերս մրմռում էին, ավազը բերանս էր լցվել: Թիկունք արեցի նրան ու վերադարձա տուն: Հոգնած էի, անտրամադիր: Օտար, տարօրինակ իրադարձություններին դիմակայելու ուժ չունեի: Անցյալի խաղաղությունն ու անդորրն էի փափագում: Այդ ընտանիքի հայտնվելը խառնաշփոթի էր վերածել մեր պարզ ու հասարակ կյանքը: Զվարճասեր տղամարդը մեզանից ուրիշ արարած էր կերտել` գրգռված, մոլորված:
Երկու օր անց ժամանեց պարոն «Ռ»-ն` քաղցրավենիքի տուփերով, մրգերի արկղերով, աղմուկ-աղաղակով, ծիծաղով, գումարած` էլեկտրագրամաֆոն` Սոֆիի համար, լուսանկարչական ապարատ` ինձ համար: Սոֆին նեղացած էր և հորը հազար տակ հարցաքննեց. որտե՞ղ էիր, ինչո՞ւ ուշացար, ո՞ւմ հետ էիր: Կարծես լաչառ կին լիներ, որ ամուսնուց հաշիվ էր պահանջում: Եթե այդպիսի թեկուզ մի հարց ես հորս տայի, կզրկվեի ամբողջ ամսվա ծախսի գումարից ու վզակոթի` մի տեղը տեղին հարված կվաստակեի, որպեսզի այլևս նման սխալ թույլ չտայի:
Պարոն «Ռ»-ն ուներ բոլոր հարցերի պատասխանները: Ամեն անգամ, երբ Սոֆին սպառնալից ու երկմտանքով նրան էր նայում, պարոնը քաշքշում էր նրա այտերը կամ համբուրում էր ու դրվատում նրան:
Էլեկտրագրամաֆոնը բոլոր խոսքերից ու հորինվածքներից ավելի համոզիչ էր: Սոֆիի բարկությունը նվազեց` իր տեղը զիջելով հուզմունքին ու հետաքրքրասիրությանը: Գրամաֆոնի հետ երկու հատ էլ երեսուներեք պտուտանոց[6] սկավառակ կար: Պակաս չէր մեծահասակների ուրախությունը:
Կյանքն ընթանում էր Սոֆիի ուզածի պես: Այլևս նախկինի նման չէր կպչում, չէր հետևում հորը: Չորրորդ օրը հեռվից մի մեքենա նշմարվեց: Սկզբում Տանկը, ապա` Չինարը, վերջում` Աթեշաֆրուզն իջան մեքենայից: Սոֆին գույնը գցեց և սկսեց արագ-արագ կկոցել աչքերը: Պարոն «Ռ»-ն հայրիկի հետ նարդի էր խաղում. տեղից չշարժվեց: Երանի շարժված լիներ: Նրա անսպասելի անտարբերությունը շինծու էր: Վատ դերասան էր: Աթեշաֆրուզն էլ ամենքի հետ սիլի-բիլի արեց, վերև-ներքև ցատկեց, կախվեց բոլորի պարանոցներից` համբույրներ շռայլելով այս ու այն կողմ, սեղմեց յուրաքանչյուրի ձեռքը, բացի պարոն «Ռ»-ից: Միայն մի կոշտ ու կոպիտ բարև: Նա էլ էր վատ դերասան: Սոֆին մտավ իր սենյակը` շրխկացնելով դուռը: Ոչ մեկը չարձագանքեց:
Աթեշաֆրուզի և պարոն «Ռ»-ի վարքագիծն անբնական էր: Բոլորն էլ արտասովոր իրադարձության էին սպասում: Ոչ մեկը ոչինչ չէր ասում, բայց հայացքներից ու անհանգիստ վիճակից ակներև էր, որ այս ամենի տակ ինչ-որ բան կա թաքնված: Պարոն «Ռ»-ն տարօրինակ կերպով լուռ ու հանգիստ էր և մարդկանց հետ շատ չէր շփվում, հատկապես` Աթեշաֆրուզի: Մեծամասամբ Սոֆիի հետ էր և չափազանց շատ էր նրան գուրգուրում: Աթեշաֆրուզը երեսի առաջ թերթ էր պահում ու ձևացնում` իբր կարդում է: Սակայն ժամանակ առ ժամանակ քթի տակ ժպտում և առանձնահատուկ հայացքով նայում էր մարդկանց: Կարծես ասում էր. «Երանի ձեզ, որ այդքան հիմար եք»:
Սոֆին կողքիս է քնում և ամեն ձայնի հետ վեր է թռչում: Լսողությունը լարած` հետևում է ոտնաձայներին ու խոսակցություններին: Ես էլ եմ նրա նման դարձել. ամեն չխկոցից արթնանում եմ:
Սոֆին արթուն է: Հարցնում է.
-Լսեցի՞ր:
Փսփսոց է լսվում: Մի պահ լռություն է իջնում, ապա պոռթկում է Աթեշաֆրուզի ցածրաձայն ծիծաղը, որ հասնում է երկուսիս ականջին էլ: Սոֆին կքանստում է մահճակալին. մթության մեջ պսպղում են նրա աչքերը: Աստիճանների վրա բաժակի ընկնելու, ապա գլորվելու ձայն է լսվում: Մեկը հարցնում է` ո՞վ է: Սոֆին ինձ է նայում: Նրա հայացքը չեմ սիրում: Ձևացնում եմ` իբր քնած եմ: Հարցնում է.
-Լսեցի՞ր:
Չեմ պատասխանում:
Ասում է.
-Աթեշաֆրուզի ծիծաղն էր:
-Կատու է, քնի՛ր,- պատասխանում եմ:
Դարձյալ ծիծաղի ձայն է լսվում: Երկուսս էլ վեր ենք թռչում ու աճապարանքով վազում դեպի պատուհանը: Կեսգիշեր է: Այգում` ծառերի տակ, ստվերներ կան: Սոֆիի սիրտը տրոփում է: Երկինքն էլ է նրա դեմ: Ամպերը լողում են, և լուսնի ցոլքերը լուսավորում են Աթեշաֆրուզի ու պարոն «Ռ»-ի դեմքերը:
Սոֆին Աթեշաֆրուզին սպանելու ծրագիր է առաջարկում. ես համաձայնում եմ: Նա համոզված է, որ եթե մարդն ամբողջ սրտով ցանկանա մեկի մահը, ապա, վերջիվերջո, ինչ-որ ձևով, նա կմահանա: Որոշում ենք` ամեն գիշեր՝ քնելուց առաջ, հարյուր անգամ կրկնել` Աթեշաֆրուզը պիտի մեռնի:
Աթեշաֆրուզը պիտի՛ մեռնի: Պիտի՛ մեռնի: Պիտի՛ մեռնի: Պիտի՛ մեռնի:
Սոֆին բարկանում է.
-Դու ամբողջ սրտով չես ասում:
-Աթեշաֆրուզը պիտի՛, պիտի՛, պիտի՛ մեռնի: Ամբողջ սրտով: Ամբողջ սրտով: Պիտի՛, պիտի՛, պիտի՛ մեռնի:
Մի ողջ շաբաթ ես ու Սոֆին ի սրտե ցանկանում ենք, որ Աթեշաֆրուզը մահանա, սակայն ոչինչ էլ չի պատահում: Ինչո՞ւ: Մի անգամ ոտքը գայթում է և քիչ է մնում` սանդուղքից գլորվի, սակայն ձեռքը գցում է ճաղաշարին ու չի ընկնում:
Սոֆին մեղքը գցում է ինձ վրա: Ասում է` աղոթքդ սրտի խորքից չէ: Ճիշտ է ասում. սրտիս խորքից չէ:
Սոֆին առաջարկում է.
-Ես գիտեմ` ինչ անենք: Գյուղապետից կխնդրենք, որ թունավոր օձ գտնի: Նրան գումար կտանք:
Ես գումար չունեմ: Սոֆին ունի: Բայց եթե գյուղապետը չընդունի՞: Եթե հարցնի` թունավոր օձն ինչի՞ համար եք ուզում: Եթե մայրիկին ասի՞:
Չէ՛: Գյուղապետի օգնության կարիքը չունենք: Ես ասում եմ` կարիճի խայթոցն ավելի թունավոր է: Ավելի արագ է սպանում: Կարիճ բռնելն էլ դժվար չէ: Մեծ քեռիս զգուշացրել է, որ ջրամբարում լիքը կարիճ ու մորմ կան, և հորդորել է` ոտքներս էդ կողմերը չդնենք: Որոշեցինք մի դատարկ շիշ գտնել: Դատարկեցինք մուրաբայի տարան և ճամփա ընկանք:
Սոֆին ասաց.
-Դու՛ գնա:
-Դո՛ւ ես ուզում Աթեշաֆրուզին սպանել, դո՛ւ էլ գնա,- պատասխանեցի:
Որոշեցինք միասին գնալ: Երբ հասանք երրորդ աստիճանին, ես ընկրկեցի ու հետ փախա: Սոֆին կախվեց քղանցքիցս: Զգեստիս փեշը պատռվեց: Ճանկռեց սրունքս ու վերք բացեց: Բայց ուժը չբավականացրեց: Ինքն էլ էր վախեցած: Մի երկու աստիճան իջավ, հետո վերադարձավ: Ավելի հարմար ծրագիր մշակեցինք: Մի երկար փայտ գտանք և ծայրը մտցրինք ապակյա տարայի մեջ: Սոֆին իջավ մինչև վերջին աստիճանը: Ես կանգնեցի երկրորդի վրա: Բանկան գցեցինք ու դուրս եկանք:
Մեկ օր, երկու օր, երեք օր… Ողջ շաբաթը տագնապով ու հուզված գնում էինք և հեռվից նայում: Բանկան դատարկ էր: Համարյա մտափոխվում էինք, երբ մի մեծ կարիճ երևաց: Կանգնել էր բանկայի մոտ: Սոֆին դողում էր: Նա ամուր բռնել էր ձեռքս: Մենք կարիճին էինք նայում, կարիճը՝ մեզ: Չնայած կենդանիների նկատմամբ ունեցած մեծ վախին` Սոֆին վերցրեց փայտը, մոտեցրեց կարիճին և զգուշորեն հրեց ապակյա տարայի մեջ: Ո՞վ էր վերցնելու բանկան: Ես հետ քաշվեցի և արագ-արագ բարձրացա աստիճաններով: Սոֆին, ընդհակառակը, անսպասելիորեն արիացել էր: Իմ կարծիքով` կարիճն Աթեշաֆրուզի մարմնի վրա գցելու միտքն էր նրան ուժ տվել: Բանկան վերցրեց և բերանը փակեց:
Երեկոները մեծահասակները դաշտ էին գնում: Դաշտը դատարկ հրապարակ էր, որտեղ, ինչպես Թաջրիշի կամրջի վրա, հավաքվում էին բոլոր թեհրանցիները և եգիպտացորեն ու ընկույզ էին ուտում:
Սոֆին ձևացրեց` իբր սիրտը ծակում է, ես էլ ասացի, որ նրան մենակ չեմ թողնի: Աթեշաֆրուզի ուզածն էլ դա էր: Պարոն «Ռ»-ն չհամոզեց դստերը. նրա ուզածն էլ էր դա:
Կարիճի բանկան Սոֆիի ձեռքին էր: Իրիկնամուտին Հասան աղան պատրաստում էր անկողինները և քաշում միջատապաշտպան շղարշները: Սպասեցինք մինչև գործն ավարտեց: Աթեշաֆրուզի մահճակալը մի փոքր հեռու էր Չինարի մահճակալից. պատշգամբում էր: Տանկը սենյակում էր քնում: Հասան աղայի հեռանալուն պես` Սոֆին դադար չտվեց, իսկույն ևեթ հետ տարավ Աթեշաֆրուզի վերմակը, կարիճը բաց թողեց անկողնու մեջ ու վերադարձավ: Սառնասիրտ էր ու հանգիստ: Ո՛չ ուրախ էր, ո՛չ՝ այլայլված: Անտարբեր էր: Ո՛չ այս կողմ, ո՛չ` այն: Մեկնվեց թախտին ու սկսեց լրագիր թերթել: Ես, ընդհակառակը, սրտխառնոց ու սրտծակոց ունեի:
Երեկոն նոր էր սկսվում, երբ բոլորն էլ վերադարձան դաշտից: Մայրիկս հարցրեց.
-Լավ չե՞ս:
Անհանգստացած նայում էր երեսիս:
Աթեշաֆրուզը հոգնած էր: Պառկեց իր մահճակալին: Շունչս կտրվեց: Սոֆին աչքի տակով հետևում էր: Կարիճը վերմակի տակ էր: Աթեշաֆրուզը վեր կացավ: Սոֆին խոժոռվեց: Չինարը նստեց նրա մահճակալին: Ես թույլ ճչացի: Սոֆին վեր թռավ: Մայրիկը վերադարձավ: Նայեց դեմքիս: Սոֆին լրագիրը երեսին էր պահել: Տանկն էլ մոտեցավ ու նստեց Չինարի կողքին, նույն տեղում, որտեղ գցել էինք կարիճը: Սոֆին նշան արեց, որ լուռ մնամ: Չկարողացա: Գոռացի.
-Կարի՜ճը: Ձեր տակ կարիճ կա: Վերմակի տակ:
Սոֆին լրագրով ուժեղ խփեց բերանիս: Մայրիկը բարկացավ: Պարոն «Ռ»-ն մոտեցավ, ակնապիշ նայեց ինձ ու Սոֆիին: Աթեշաֆրուզը թռավ, կանգնեց: Նա վախենում էր ամեն տեսակ կենդանուց: Շուրջն էր նայում: Հարցրեց՝ ե՞րբ, որտե՞ղ, և աղմուկ-աղաղակ բարձրացրեց:
Մայրիկը հարցրեց.
-Ո՞ւր է կարիճ:
Ձայնը լի էր կասկածով:
Դողում էի: Լեզուս փաթ էր ընկել: Մայրիկը նորից հարցրեց.
– Ո՞ւր է կարիճ: Ո՞ւմ տակ:
Սոֆին միջամտեց.
-Հնարում է: Այսօր այգում մի կարիճ է տեսել և վախենում է:
Մայրիկը ձեռք չէր քաշում: Ճանաչում էր ինձ: Աչքը երեսիցս չէր կտրում:
-Ի՞նչ կարիճ: Որտե՞ղ:
Մատնացույց արեցի Տանկին ու Չինարին, և արցունքները հորդեցին աչքերիցս: Փորձեցի փախչել, բայց Սոֆին առաջս կտրեց ու քաշքշեց մազերս: Պարոն «Ռ»-ն բղավեց` Սոֆի՜, և տեղից թռավ: Աթեշաֆրուզը կրկին սկսեց աղմուկ-աղաղակ անել:
Մայրիկն աճապարանքով տեղից հանեց Տանկին, վերմակը հետ տարավ: Բոլորի հայացքները կանգ առան մեծ կարիճի վրա: Լռություն էր: Սոֆին վազեց սենյակ և դուռը ներսից կողպեց: Մայրիկը կանչեց Հասան աղային: Խոհարարի դեմքը վախից գաջի գույն ստացավ: Մայրիկը սավանը գցեց կարիճի վրա, կոշիկը հանեց և մի քանի անգամ ուժեղ խփեց այդ հատվածին: Աթեշաֆրուզը նոր էր գլխի ընկնում, որ կարիճն իր անկողնու մեջ է: Նա վախից ուշաթափվեց. ընկավ պարոն «Ռ»-ի ձեռքերի մեջ: Աղմուկ էր: Հասան աղան սարսափահար ու դողեդող ներքնակի վրայից վերցրեց սատկած կարիճին և շպրտեց այգու կողմը: Մայրիկը բոլորին հանգստացրեց՝ ասելով, որ ոչ մի արտառոց բան էլ չի պատահել, Դեմավենդը լիքն է օձ ու կարիճով և, փառք Աստծո, որ երեխաներն ուշադիր են եղել, ապա սաստեց Աթեշաֆրուզին` ասելով, թե ի՞նչ է պատահել, որ այդպես աղմկում է: Խուճապը մեղմելու համար մի սկավառակ դրեց գրամաֆոնի մեջ և բարձրացրեց երաժշտության ձայնը:
Աթեշաֆրուզը տեղի չէր տալիս: Ճչում էր.
-Ես գիտեմ` Սոֆին ուզում է ինձ սպանել: Նա է կարիճը գցել իմ անկողնու մեջ:
Չինարը մի քանի անգամ ափերով արագ-արագ խփեց այտերին: Տանկը պահանջեց, որ բացահայտեն եղելությունը: Աթեշաֆրուզը շարունակում էր գոռալ.
-Ցանկանում են ինձ սպանել: Ես այստեղ չեմ մնա: Ուզում եմ վերադառնալ:
Սոֆին չէր բացում դուռը, ես էլ խոսելու համարձակություն չունեի: Սկսվեցին ինչուները:
– Ո՞ւմ ձեռքի գործն է: Ո՞վ է որոշումը կայացրել:
Մեծահասակները հավաքվեցին և ընտանեկան խորհուրդ կազմեցին: Միակ մարդը, որ չէր մասնակցում այդ իրադարձությանը, հայրիկն էր: Պարոն «Ռ»-ն շվարել էր. դեմքին գույն չկար: Նոր էր գլխի ընկնում, թե Սոֆիի սրտում ու գլխում ինչ է կատարվում: Քնից նոր արթնացածի նման ապշահար նայում էր մարդկանց:
Մեկժամյա դատավարությունից, հարցաքննությունից ու քննարկումներից հետո ինձ թույլ տվեցին քնել: Որոշեցին շարունակել հաջորդ օրը: Սակայն իմ ու Սոֆիի սենյակն առանձնացրին: Հասան աղան ներքնակս սենյակում գցեց: Բիբիջանը, որը գողությունից վախենում էր և իրերը թաքցնելու մոլուցքով էր տարված, գիշերվա կեսին վեր կացավ, մթության մեջ ոտքը փորիս դնելով` անցավ, խարխափելով հասավ կոշիկներիս, դրանք վերցրեց, թաքցրեց վարագույրի հետևում և վերադառնալով` քնեց: Հաջորդ օրը, երբ սենյակ մտա, ներքնակիս տակն ու սենյակի անկյունները լցված էին դանակ-գդալներով, սրա-նրա հողաթափերի զույգերով:
Սոֆին քնեց հոր կողքին` նրա անկողնում, ձեռքը փաթաթած նրա պարանոցին: Մեծերն ասացին, որ հոր ու աղջկա միջև այդչափ մոտիկությունը ճիշտ չէ, և խոժոռեցին դեմքերը: Միայն Չինարն առարկեց: Ասաց` երեխան մինչև տասնհինգ տարեկանը ծնողների գորովանքի կարիքն ունի և, գրկելով խոշոր արջ հիշեցնող Աթեշաֆրուզին, ամուր համբուրեց: Աթեշաֆրուզը չէր սիրում, երբ իրեն համբուրում էին: Ճչաց` ոտքը գետնին զարկելով: Տրամադրությունը տեղը չէր. մոտենում էիր թե չէ` վրա էր տալիս: Ամենից առաջ երեք-չորս ափսե խփեց գետնին ու ջարդեց: Ուզում էր գրամաֆոնն էլ կոտրել, երբ դեմն առան: Ուշքն ու միտքը օձը, կարիճն ու մորմն էին. դրանց փնտրում էր ներքնակների, վերմակների ու բարձերի տակ: Մի անգամ փոքր սարդ տեսավ. այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ ամբողջ տունը գլխին հավաքեց: Ստիպված եղան նրան հանգստացնող դեղահաբ տալ: Երկու օր անց Սոֆին ու պարոն «Ռ»-ն վերադարձան Թեհրան: Աթեշաֆրուզը մի քանի օր մնաց, բոլորի հոգին հանեց և առանց հրաժեշտի` Տանկի ու Չինարի հետ մեկնեց քաղաք:
Պարսկերենի ուսուցիչը մի քանի շաբաթվա բացակայությունից հետո վերադարձել է, իհարկե, նախկինից ավելի թույլ, վտիտ ու նվազ: Հիվանդ է ու հազում է: Ասում է.
-Լավ կլինի` վերադառնամ: Այս կյանքից հոգնել եմ:
Մի ամիս է` Աթեշաֆրուզից ու պարոն «Ռ»-ից լուր չունեմ: Ցանկանում եմ նրանց մասին խոսք բացել: Սպասում եմ, որ ուսուցիչն ինքը որևէ բան ասի, և խոսակցությունը տանում եմ այդ ուղղությամբ:
Ասում է.
-Կյանքը մարդկանց նախանձ ու քինախնդիր է դարձնում, հազար տեսակ փորձանք բերում նրանց գլխին: Մտերիմները թշնամի են դառնում, քույր ու եղբայր իրար միս են ուտում, ամուսինները միմյանց աչք են հանում, և մեծամասամբ` փողի պատճառով: Օրինակ` դժբախտ ծերուկն ու նրա կինը (մոտենում է ուզածս թեմային): Այդ կինն իր ողջ բարկությունը սրա-նրա գլխին է թափում: Առավոտից իրիկուն կշտամբում է ամուսնուն, ստորացնում նրան: Երբեմն ծերուկը գլուխը մտցնում է բաճկոնի տակ ու լալիս: Մի քանի օր առաջ նրան զբոսայգի էի տարել: Թևի տակ էի ընկել, ոտքերը դողում էին: Ատամները կարկափում էին: Սիրտս մորմոքում էր: Ցանկանում էր ինձ ինչ-որ բան ասել. տասն անգամ բերանը բացեց, ապա` փոշմանեց: Ի վերջո, վերադառնալու ժամանակ, ձեռքը տարավ գրպանը, մի ծրար հանեց: Ծրարը փակ էր: Վրայի հասցեն ցույց տվեց, խնդրեց` իր հաշվին տաքսի բռնեմ, գնամ ու իմ ձեռքով նամակը Սոֆիին հանձնեմ: Հիվանդանոցի հասցե էր: Սոֆիի ազգանունը չէր գրել, միայն` բժշկուհի Սոֆի: Ասաց` ակնաբուժական բաժանմունքում է, բոլորը նրան ճանաչում են: Կարծում եմ` այդ կնոջ հետ գաղտնի սիրավեպ է ունեցել: Գուցեև իր նախկին կինն է, քանի որ չէր ցանկանում` Աթեշաֆրուզն իմանա: Հորդորեց, որ պատասխան նամակը տամ իրեն այն ժամանակ, երբ ինքը մենակ լինի: Չէր ցանկանում, որ կինը գլխի ընկնի: Հորդորը խիստ էր: Երեկ գնացի հիվանդանոց: Բժշկուհին զբաղված էր: Նամակը հանձնեցի և սպասեցի պատասխանի: Շատ էի ուզում նրան տեսնել: Քարտուղարուհին նամակը հետ բերեց: Ասաց` բժշկուհին պատասխան չունի: Թեև ես այդ կնոջը չեմ ճանաչում, բայց ակնհայտ է` չարացած է ու նեղացած:
Ինքս ինձ հարցնում եմ` ինչո՞ւ Սոֆին անցյալը չի մոռանում: Ինչո՞ւ չի հասկանում: Ինչո՞ւ չի ներում: Ինչո՞ւ: Կան վերքեր, որ չեն սպիանում, մրմուռ են տալիս ու ժամանակի հետ էլ ավելի են խորանում: Սոֆիի վերքը խորն է, տարիների պատմություն ունի, արմատ է ձգել ու սպեղանի չունի: Նման է իմ սրտում եղած մորմոքին:
Տարիներ շարունակ այդ մարդկանցից լուր չունեի. հիմա անսպասելիորեն խուժել են կյանքիս մեջ: Նախ երազիս եկան, ապա ուսուցիչը հայտնվեց ու նրանց մասին պատմեց: Այսօր մորիցս նամակ ստացա: Չինարի մասին էր գրել: Չեմ կարծում, թե այս ամենը պատահականություն է: Տարիներ է, որ Տանկի ու կնոջ մասին չենք էլ խոսել, և հիմա մայրս անսպասելիորեն գրում է Չինարի մասին. Չինարի, որ կորցրել է հիշողությունն ու Աթեշաֆրուզին չի հիշում: Թիմսար անունը լսելիս էլ խոժոռվում է, բայց ոչինչ չի արտաբերում: Ոչ մեկը չունի: Եթե հարևանները չայցելեն, քաղցից կմեռնի: Որոշ ժամանակ առաջ դուռը բաց է եղել, գող է մտել, տեսել է՝ մի պառավ` մեն-մենակ, թախտին թուլացած նստած է: Տանը ո՛չ գողանալու, ո՛չ էլ ուտելու բան է եղել: Խղճացել է: Գնացել, նրա համար հաց ու պանիր է գնել: Հիմա էլ կանոնավոր այցելում, Չինարին տիրություն է անում, կատարում տան գործերը:
Հիշեցի Չինարին` Աթեշաֆրուզի ու պարոն «Ռ»-ի հարսանյաց հանդեսի երեկոյին: Տոնածառի էր նմանվել: Զգեստը թավշյա կանաչ էր` օձիքը, թեզանիքները, գոտկատեղը, փեշերը գունավոր ժապավեններով բոլորված: Շրջազգեստի տակ ասես թերթ կամ փայլաթիթեղ խցկած լինեին. քայլելիս ձայն էր հանում` շըրխկ- շըրխկ, և խշխշում էր: Նրա ձեռքին մի աման քաղցրեղեն ու մի ափսե շոկոլադ կար: Պտտվում էր ու հյուրասիրում հյուրերին: Ծիծաղում էր և ուրախությունից արտասվում: Պարոն «Ռ»-ն Աթեշաֆրուզի համար գնել էր հնամյա զմրուխտե ապարանջան, ոսկե մանյակ ու կանաչ ականջօղեր: Աստված գիտի` ինչքան արժեին: Երբ ապարանջանը Աթեշաֆրուզի պարանոցին կախեց, լռություն իջավ: Բոլորի բերանները բաց մնացին: Ես տեսա կամ երևակայեցի, որ Աթեշաֆրուզի վարսերի միջից հրե ցոլքեր դուրս թռան, և ինձ թվաց` մարգագետնի մեջտեղում կրակվող հսկա բոցի նման նա իր այրող շունչը հեռվից Սոֆիին է ուղարկում: Այդ գիշեր Աթեշաֆրուզը ցնծությունից ջրավազանը նետվեց: Լավ հիշում եմ: Կարծես երեկ լիներ: Աղա «Ռ»-ի սոճիների պուրակն ամբողջությամբ լուսավորել էին: Յոթ օր, յոթ գիշեր կերուխում էր, երգ ու պար: Քերեջի ողջ բնակչությանն ամեն օր ընթրիք էին տալիս: Ողջ Թեհրանը՝ վեզիրից մինչև նախարար, գեներալից մինչև դիվիզիայի հրամանատար, հրավիրված էին հարսանիքին: Ծառերի տակ աթոռներ ու փայտե թախտեր էին դրել` ոսկեկար մութաքաներով, թավշե ծածկոցներով, գունավոր թիկնակներով: Նվագում էին իրանական նվագախումբը, «Կոնտինենտալ» սրճարանի եվրոպական նվագախումբը, թուրքականը: Ցուրտ էր: Աղա «Ռ»-ն էլ էր խելքը թռցրել: Նա էլ ցատկեց ջրավազանի մեջ ու գրկեց Աթեշաֆրուզին: Հյուրերն էլ, նրանց օրինակին հետևելով, լցվեցին ջուրը: Երկու հազար երեխա նույնպես նրանց հետևից աղմուկ-աղաղակով ցատկեցին ավազանի մեջ: Հարևանները պատերի վրայից բերանները բաց նայում էին:
Ինչպե՞ս եղավ, որ այդ հարսանիքը գլուխ եկավ: Ոչ մեկը նրանց գաղտնի որոշումներից, հարս ու փեսայի փոխանակած նամակներից տեղյակ չէր: Սոֆին կարծում էր` հաղթել է և յոթերորդ երկնքում էր: Կարիճի հետ կապված դեպքից ու այդ իրարանցումից հետո պարոն «Ռ»-ն, լարվածությունը թուլացնելու համար, բռնեց Սոֆիի ձեռքն ու մեկնեց արտասահման: Սոֆին հաճույքով կապեց ճամպրուկները՝ կարծելով, որ հայրն իսկապես փոշմանել է, և այդ ճամփորդությունը իրենցից ոչ մեկի համար վերադարձ չի ունենա: Աթեշաֆրուզը ցույց տվեց, թե ուրախ է հոր ու աղջկա մեկնումով. մենք էլ հանգիստ շունչ քաշեցինք: Վերադարձանք մեր նախկին կյանքին` պարզ, փոքր ուրախություններով, սահմանափակ ցանկություններով, մաքուր ու լուսավոր սենյակներով:
Երկու ամիս անց տեղեկացանք, որ պարոն «Ռ»-ն ու Մարին ամուսնալուծվել են: Դարձյալ իրարանցում սկսվեց: Հայտնի դարձավ, որ Սոֆին հիվանդ է, դասն ու դպրոցը թողել է ու գիշերներն էլ տուն չի գալիս: Ապա` կրկին լռություն: Անցավ վեց ամիս: Կրքերը հանդարտվեցին, և պարոն «Ռ»-ի հետ կապված պատմությունները մոռացության մատնվեցին: Լուր տարածվեց, որ Աթեշաֆրուզը շուտով ամուսնանալու է: Մարդիկ խոր շունչ քաշեցին: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ փեսացուն զվարճասեր մարդն է: Այս անգամ հաղթողն Աթեշաֆրուզն էր:
Բոլոր նրանք, ովքեր հարս ու փեսայի հետևից բամբասում էին, կայծակնային արագությամբ պատրաստվեցին առաջիկա ճոխ հարսանիքին: Ոչ մեկը չհարցրեց` ո՞ւր է Սոֆին, ի՞նչ է անում: Ոչ մեկը չէր էլ սպասում, որ հրեշտակները վրեժ կլուծեն: Սոֆին հեռվից հետևում էր ու պլաններ կազմում: Մադամ Մարին էլ նրա օգնականն էր. լիազորագիր կազմեց և պարոն «Ռ»-ի ողջ ունեցվածքը գրանցեց Սոֆիի անունով:
Հարսանիքից հետո սկսվեց նորապսակներին տուն հրավիրելու ծիսակարգը, ապա` ճանապարհորդությունները, զբոսանքներն ու անվերջանալի զվարճանքները: Աթեշաֆրուզը հղի էր և ինչ տեսակ նազ ու տուզ ասես չէր թափում: Քմահաճություններ էր անում, օրը հազար տեսակ բան ուզում: Թիմսարը պտտվում էր աղջկա շուրջը, Չինարը ջան ու ղուրբան անում, պարոն «Ռ»-ն մերսում էր ոտքերը: Հարս ու փեսա ծփում էին երջանկության մեջ, երբ մեկ էլ սկսվեց հեղափոխությունը: Էջն այլևս թերթված էր: Թիմսարին ձերբակալեցին: Ավելի ուշ նրան դատապարտեցին ու մահապատժի ենթարկեցին: Աթեշաֆրուզը կորցրեց երեխային: Պարոն «Ռ»-ի ունեցվածքի վրա նախ կալանք դրեցին, հետո` բռնագրավեցին: Զվարճասեր մարդն այլափոխվեց դժբախտ ծերուկի:
Օրաթերթում կարդացի պարոն «Ռ»-ի մահվան լուրը: Ախ ու վախ անելով` հայտնվեց նաև ուսուցիչը: Նա պատմեց, որ Աթեշաֆրուզը ողբացել ու չի թողել, որ ծերուկի դին տանեն: Աստիճանների վրայից իրեն նետել է դիակի վրա և քիչ է մնացել` ներքև գլորի անշնչացած մարմինն էլ, քաղաքապետարանի աշխատակցին էլ: Որոշեցինք միասին գնալ դժբախտ ծերուկի հուղարկավորության արարողությանը: Գերեզմանատունը քաղաքից հեռու էր: Մի ժամ ճանապարհ գնացինք: Ուղեկցորդների թիվը տասից չէր անցնում: Ոչ մեկին չէի ճանաչում: Աթեշաֆրուզը ոտքից գլուխ սև էր հագել ու քայլելիս կաղում էր: Ընկել էին նրա թևերի տակ: Վատ օր էր, ցուրտ ու ամպամած: Կանգնել էի թափորից հեռու: Ուսուցիչը խոսում էր Աթեշաֆրուզի հետ: Մխիթարում էր նրան: Այդ պահին անձրև սկսվեց: Անձրևոցս բացեցի: Տարօրինակ զգացողություն ունեի: Բոլորից հեռու՝ ծառերի տակ, մի կին էր կանգնած: Սև ակնոց էր կրում, որի տակից հոսում էին արցունքները: Երբ անցա կողքով, նայեց ինձ: Սիրտս թուլացավ: Սոֆին էր` կծկված, ջարդուփշուր եղած: Պառավել էր, ծեր էր ու գեշ: Ավա՜ղ: Հանեց ակնոցն ու թաշկինակով սրբեց աչքերը, պաղ, սգավոր աչքերը:
Գերեզմանատան դիմաց ավտոբուս էր կանգնած: Ուսուցչին չսպասեցի: Ցանկանում էի այդ մարդկանցից հեռու մնալ: Նստեցի լուսամուտի մոտ և զվարճասեր մարդուն՝ անցյալի հոգիների հետ, փակեցի հիշողությանս հեռավոր խորդանոցում` ինքս ինձ ասելով` այս էջն էլ է թերթված:
Դրսում՝ թաց սիզամարգի վրա, փարթամ մազերով ու կարմիր այտերով մի տղա էր նստած` անտարբեր անձրևի կաթկթոցներին: Իր փոքրիկ ձեռքերով մի մեծ սենդվիչ էր բռնել. ախորժակով կծեց: Խաղընկերները փողոցի հակառակ մայթին նրան էին սպասում: Ֆուտբոլի գնդակը նրա կողմը նետեցին: Հետո վազեցին ու իրենց մանկական գոռում-գոչյուններով վախեցրին ագահ, գեր աղունիկներին:
Սոված էի: Սիրտս տաք կերակուր էր ուզում:
Սոֆին մոլորված ուրվականի պես անցավ ավտոբուսի կողքով: Ապա շրջվեց և թիկունքը դեպի ինձ` գնաց ուրիշ ճանապարհով: Չէի ուզում նրան նայել:
Հայրս իրավացի էր, երբ ասում էր. «Վա՜յ էն օրին, երբ հրեշտակները կայլափոխվեն գայլերի»:
Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը
[1] Բոց:
[2] Հրավառություն, հրթիռ:
[3]. Պատմվածքներից մեկում նշվում է, որ հյուրասենյակի կահույքը ծածկում էին սավաններով: Դրանք հավաքում էին միայն հյուրեր ունենալու ժամանակ:
[4]. Բնագրում` սիրո թռչուն: Այդպես անվանում են թութակներին:
[5] Բառախաղ: Թարգմանաբար` կրակի կտոր:
[6] Սկավառակ, որ րոպեում կատարում էր 33⅓ պտույտ: