Մեսրոպ Հարությունյան, Վեպ

Սեթ՝ որդի Մկաց Ադամի

2022թ․ վեպն արժանացել է ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ մրցանակի
Գրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ

(Հատված)

«– Эти добрые люди … ничему не учились и все перепутали…».

Иешуа Га-Ноцри

(Михаил  Булгаков, «Мастер и Маргарита»)

Սեթն արդեն մի քանի ամիս Բեռլինում էր: Հարմարվել էր տեղի կյանքին, մանավանդ իր համար կարգուկանոնը պահելը դժվարություն չէր: Դասերը հետաքքրքիր էին, ապագա թեզի թեման էլ, որ ընտրել էր, հետաքրքիր էր: Երեկոները, ազատ ժամանակ, սիրում էր գարեջրատուն գնալ, հիմնականում մենակ, երբեմն ուսանող ընկերներից որեւէ մեկի հետ: Ամենից շատ սիրում էր «Եվրոպա ցենտրի» իռլանդական փաբը:

2016 թվականի սկիզբն էր, նստած էր իռլանդական գարեջրատանը, մեկ էլ հեռվից լսեց ռուսերեն զրույցի հատուկենտ բառեր, որ հետաքրքրությունը շարժեցին: Սեթն ականջները սրեց։ Երկուսն էլ ակցենտով էին խոսում: Ընդ որում՝ մեկը ակնհայտորեն ադրբեջանական ակցենտով, մյուսը՝ հայկական։ Խոսակցությունն ինչ-որ հարսանիքի մասին էր։

Սեթի հետաքրքրությունը գնալով ավելի ու ավելի էր սրվում, մոռացել էր իր սիրած «Գինեսը», համարյա չէր լսում գարեջրատան իռլանդական երաժշտությունը, միակ ուշադրությունը ռուսերեն խոսակցությունն էր։ Եթե հնարավոր լիներ նրանց ավելի մոտենալ… Բայց թարսի պես նրանց ամենամոտ սեղանի շուրջ մի խումբ կիսահարբած մարդիկ էին՝ երեք տղամարդ ու մի կին, որ անընդհատ հերթով համբուրում էր տղամարդկանց…

Ի վերջո չդիմացավ, վերցրեց գավաթն ու մոտեցավ ռուսերեն զրուցող զույգին.

– Բարեւ ձեզ,- ռուսերեն դիմեց,- ներեցեք, ձեր ձայներն այնքան հարազատ թվացին, չէի կարող չմոտենալ։ Եթե կխանգարեմ՝ գնամ։

– Չէ, չէ, ի՞նչ եք ասում,- միաժամանակ ասացին երկուսն էլ,- նստեք, մենք առանձանպես գաղտնի բան չենք զրուցում։ Համ էլ բարեւ ձեզ։

– Ծանոթանանք. Սեթ, ուսանող  եմ, Հայաստանից եմ, երկու տարով Բեռլին եմ եկել ուսանելու։

– Ռոբերտ,- ասաց մեկը։- Հայ եմ՝ Հայաստանից: Բեռլին եմ եկել երեւի դեռ ծնված չէիր: Ո՞ր թիվ ես, տղա ջան: 1988-ի նոյեմբերին եմ կնոջս հետ փախել մեր գյուղից Ռուսաստան, էնտեղից էլ 90-ին առաջին ալիքի հետ եկել եմ Գերմանիա:

– Ալիկ,- ասաց մյուսը: – Ես էլ համարյա նույնը. ադրբեջանցի եմ, Բաքվից 1988-ին փախել եմ Ռուսաստան, հետո եկել էստեղ:

Սեթը զարմացած հարցրեց.

–  Բայց 88-ին դուք ինչո՞ւ էիք փախչում ձեր տեղերից։

Տղամարդիկ մի պահ լուռ էին, հետո ադրբեջանցին ասաց.

– Զարմանալու բան չկա. ես ամուսնացած եմ հայուհու հետ, Բաքվում հալածում էին: Կամ կնոջիցս պիտի բաժանվեի, կամ փախչեի: Ռոբերտն էլ, ընդհակառակը, ադրբեջանուհու հետ է ամուսնացած: Մեր երկուսի պատմությունները նման են իրար, բայց պատմելու առանձին բան չկա: Որ պատմենք՝ հնդկական կինո կստացվի: Մենք իրար հանդիպել ենք էստեղ՝ դեռ 1990-ականների սկզբին, փախստականների ճամբարում: Մտերմացել ենք ընտանիքներով: Իմ երկու երեխաներն էստեղ են ծնվել: Ռոբերտի տղան՝ Ռուսաստանում, աղջիկն արդեն էստեղ: Հիմա Ռոբերտի տղան ու իմ աղջիկը ուզում են ամուսնանալ, սիրում են իրար: Էս քանի օրը նշանդրեք կանենք, հետո կմտածենք հարսանիքի մասին:

Ռոբերտն անսպասելի ասաց.

– Ալիկ, արի «զեմլյակին» էլ վերցնենք՝ գնանք մեր տուն,- դարձավ Սեթին,- դեմ չե՞ս:

Սեթը դեմ չէր, մանավանդ՝ առիթ էր, կարող էր հարցուփորձ անել նաեւ Բայրամ-Արարատի մասին. դեռ ոչ մի անգամ հնարավորություն չէր եղել, որ Աբկայի տղայի մասին որեւէ մեկին հարցուփորձ անի: Նաեւ թեզի հետազոտության համար օգտակար կլիներ ծանոթությունը:

Ռոբերտը զանգեց կնոջը, ասաց, որ Ալիկի ու հայաստանցի մի հյուրի հետ գալիս է, ի՞նչ պետք կլինի գնել… Իսկ Ալիկն էլ զանգեց իր կնոջն ու ասաց. «Պատրաստվիր, գալիս եմ քեզ վերցնեմ, գնում ենք Ռոբերտենց տուն»:

Սեթը սկզբում կաշկանդվում էր. մանկությունից այդ պրոբլեմը եղել էր: Այդպես էր նաեւ «ԻմԳետաշեն» ասող գյուղացու տանը՝ երբ իրեն գյուղացիք հավասարը-հավասարի ընդունեցին, թեպետ ինքն ընդամենը 11 տարեկան էր… Այնտեղ էլ կոկորդը մի տեսակ սեղմվում էր, ու աչքերը ջրակալում էին անկախ իրենից: Այդպես էր Արամի եւ Սոնայի հետ ապրելու առաջին օրերին: Իր թերությունը զգացնել էր տալիս հատկապես աղջիկների հետ զրուցելիս, եւ ուսանողական տարիներին դա հարաբերությունների դժվարություն էր ստեղծում: Հենց որեւէ աղջիկ սկսում էր իր հետ զրուցել, նույնը կատարվում էր, ինքը պիտի մի կերպ աչքերը թաքցներ…

Ռոբերտի տանը հանպատրաստից հավաք ստացվեց: Այդտեղ էր նաեւ մի բավականին տարիքով կին.

– Անունս Եղիսաբեթ է, – ծանոթանալիս ասաց նա,- բայց էստեղ սկսեցին նախ Էլիզաբեթ կոչել, հետո կրճատեցին՝ Բեթ են ասում: Թուրքիայից դեռ 60-ականներին եմ եկել: Ամուսնացա գերմանացու հետ, մի աղջիկ ունեմ ՝ Էրիկա Հանման: Անունին մի նայիր, ինքը հայուհի է ամբողջությամբ, ու նաեւ իմ մշակած ծրագրով կիրակի օրերը Թուրքիայից էստեղ գաղթած հայերի երեխաներին հայոց լեզու է սովորեցնում, բնականաբար արեւմտահայերեն: Մի օր ձեզ կտանեմ կտեսնեք:

Սեթը գրանցեց նրա հեռախոսահամարը: Իսկապես, հետաքրքիր կլիներ տեսնել, թե ոնց են կիրակնօրյա դպրոցում հայերեն սովորում հիմնականում անատոլիական գավառներից գաղթած թրքախոս հայերի զավակները: Ընդ որում, տիկին Բեթն ասաց, որ ոչ միայն զավակները, ծնողներն էլ, որ Թուրքիայում հայերեն սովորելու հնարավորություն չեն ունեցել, գալիս են գրել-կարդալ սովորելու:

Քիչ հետո եկավ նաեւ Ալիկը կնոջ հետ: Նրա կինն իսկապես գեղեցկուհի էր: Շատ ազատ, անկաշկանդ, ինչքան Սեթը հասցրեց հասկանալ՝ առանց կոմպլեքսների կին էր՝ Նինա անունով: Երբ զգաց, որ Սեթին հետաքրքրում է, ասաց.

– Ալիկի հետ նույն հիմնարկում էինք աշխատում Բաքվում: Ալիկը մեր վարորդն էր: Սիրահարվեցի, էլի, ես ի՞նչ իմանամ ոնց եղավ:

Ընթացքում Ռոբերտի կինն ու Ալիկի կինը մեկ-մեկ անցնում էին ադրբեջաներենի, որովհետեւ Ռոբերտի՝ Հայաստանում ծնված-մեծացած ադրբեջանուհի կինը՝ Գյուլնարան, ռուսերեն վատ էր հասկանում, բայց լավ հայերեն գիտեր, իսկ Ալիկի բաքվեցի կինը՝ Նինան, հայերեն վատ գիտեր, խոսում էր հիմնականում ռուսերեն, բայց գիտեր նաեւ ադրբեջաներեն: Երկու կանայք էլ էդքան տարի ապրելով Բեռլինում, թեպետ սովորել էին գերմաներեն, բայց այդ լեզվով համարյա չէին խոսում:

Այս բոլոր մանրամասները Սեթը պահում էր մտքում, որովհետեւ ապագա թեզի համար դա կարեւոր էր: Իսկ թեզի թեման հենց Եվրոպա (Գերմանիա) ներգաղթածների ինտեգրման խնդիրն էր: Հատուկ էր այդ թեման ընտրել, որ ուսումնասիրությունների ընթացքում ինչքան հնարավոր է շատ մարդկանց հանդիպի ու նրանց միջոցով կարողանա գտնել Բայրամ-Արարատին:

Պիտի ուսումնասիրեր մի քանի տարբեր ալիքների փախստականների՝ սկսած 60-70-ականներին եկած ու արդեն ինտեգրված թուրքերից, Թուրքիայից եկած հայերից, քրդերից ու նրանց սերունդներից, վերջացրած՝ Խորհրդային Միության փլուզումից հետո նոր ալիքի փախստականներով ու նրանց սերունդներով:

Այդ իմաստով Ռոբերտի ու Ալիկի ընտանիքները իդեալական նյութ էին իր հետազոտության համար: Մանավանդ՝ իրար հետ բարեկամությունն ու նաեւ արդեն խնամիանալը:

Տիկին Բեթի հետ ծանոթությունն էլ շատ կարեւոր էր, նրա միջոցով Թուրքիայից գաղթած հայերի հետ կարող էր շփվել: Էրիկայի դպրոցն էլ, հաստատ, ուսումնասիրության լիքը նյութ կտա իրեն:

Մինչ կանայք սեղան էին պատրաստում, մի հյուր էլ ավելացավ. 2008 թվականի մարտի 1-ի երեւանյան դեպքերից հետո փախստական դարձած կին էր, որ Ռոբերտի կրտսերի հետ դաշնամուր էր պարապում:

Այս ծանոթությունը Սեթի համար անակնկալ էր, որովհետեւ սովորական, հայավարի՝ «սրան ճանաչո՞ւմ եք, նրան ճանաչո՞ւմ եք» հարցուփորձից հետո պարզեց, որ այդ կինը իրենց զինվորական շարքերի առջեւով անցնող եւ «Դու ինձ վրա կկրակե՞ս» ասող ծերունու աղջիկն է: Նա համարյա Սեթի հասակակիցն էր՝ ծնվել էր 1989-ին եւ Ղարաբաղյան Շարժման ակտիվիստ հայրը նրան Ազատուհի էր անվանել:

– Ես 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո պլանավորված ծնունդ եմ,- պատմեց այդ կինը: – Հայրս 55 տարեկան է եղել, որ ես ծնվել եմ: Ինձանից 15 եւ 18 տարի մեծ երկու քույր ունեմ: Ազատուհի անունս էլ հայրս է դրել: Մի տարեկան եմ եղել, որ ինքը միացել է ջոկատներից մեկին ու գնացել Ղարաբաղ: Մինչեւ 6-7 տարեկան իրեն շատ քիչ էի տեսնում: Բայց երբ զինադադարից հետո վերջնականապես տուն վերադարձավ, սկսեցինք ավելի շատ շփվել, թեպետ իր ստացած կոնտուզիայի պատճառով հաճախ էր հիվանդանում:

Երբ արդեն սեղանի շուրջ զրույցն աշխուժացավ, Սեթին հարցրին իր գալու նպատակը: Սեթն ամեն ինչ պատմեց իր եւ իր ուսման մասին: Նաեւ ասաց, որ սովորելուց զատ եւս մի մեծ նպատակ ունի. պետք է գտնի եղբոր որդուն եւ հույս ունի, որ հայրենակիցները կօգնեն իրեն: Սեղանակիցները, լսելով Սեթի համառոտ պատմությունը, խոստացան մի բան իմանալու դեպքում նրան տեղյակ պահել:

Խնջույքը շատ աշխույժ էր: Սեթը, որ բազմամարդ հավաքներ առանձնապես չէր սիրում, էստեղ իրեն շատ լավ էր զգում: Մասնակցում էր զրույցներին, հարցուփորձ անում: Բազմալեզու զրույց էր՝ հիմնականում ռուսերենով, որին ընթացքում միանում էին հայերենը, ադրբեջաներենը, գերմաներենը:

Երբ հանպատրաստից խնջույքն ավարտվեց, Սեթն ու Ազատուհին միասին դուրս եկան: Մետրոյով (U-Bahn-ով) գնացին մինչեւ «ԱդենաուերՊլաց», ու էդտեղ հենց պարզվեց որ ոչ միայն նույն փողոցում են ապրում, այլեւ նույն շենքում:  

Խնջույքի ժամանակ չէր ստացվել երկար զրուցել, հիմա, երբ քայլում էին դեպի տուն, Սեթը հետաքրքրվեց Ազատուհու հոր ճակատագրով:

– Հենց մարտի 1-ին ոստիկաններն իրեն հալածելով մտել էին մեր տուն, ավերել ամեն ինչ: Դրանց մահակներից ինձ էլ բաժին հասավ, նայիր,- ցույց տվեց ճակատի սպին,- դրա հետեւանքն է:

Մինչ իրենց շենքին հասնելը մի փոքրիկ սրճարան կար: Մտան՝ մի-մի գավաթ գարեջուր վերցրին ու շարունակեցին զրույցը:

– Հորս տարան ոստիկանություն, ինչ-որ արձանագրություն կազմեցին ու բաց թողին: Բայց հաջորդ օրերին ինքը գնում էր հրապարակ:

– Գիտեմ, -ասաց Սեթը,- ես հրապարակում կանգնած զինվորներից էի, ինքն անցնում էր մեր շարքերի առջեւով ու ասում. «Դու ինձ վրա կկրակե՞ս»… Ոստիկանները քշում էին, նորից էր գալիս… ուրեմն մահացել է…

– Այո, բայց դրանից մի տարի հետո՝ 2009-ի մարտին է մահացել, չդիմացավ… Երբ 2008-ին մեր տունն ավերել էին՝ ինձ ասաց. «Մենք քեզ երկրաշարժից հետո ունեցանք, որ Հայաստանում ծնունդները շատանան, որ մարդիկ ավելանան: Բայց էս իշխանությունը ոնց որ չի ուզում, որ դու մնաս ու ավելացնես… Գնա,- ասաց,- ես չեմ կարող, բայց դու գնա Հայաստանից, քեզ էստեղ անընդհատ կհալածեն…»: Մեր ընտանքի պատմությունը եվրոպական մի լրատվամիջոց գրել էր, ու երբ փախա Գերմանիա՝ արագ քաղաքական ապաստան տվին, ապա՝ ե՛ւ կացության, ե՛ւ աշխատանքի իրավունք: Սկզբում մի փոքր քաղաքում էի ապրում, հետո տեղափոխվեցի Բեռլին: Մեծ քույրերս են պապային թաղել, ես չկարողացա գնալ: Հենց գնայի՝ «Զվարթնոցում» կձերբակալեին. սուտ մատնության հոդվածով գործ են հարուցել: Էստեղ կապվեցի մի հայի հետ, աղջիկս ծնվեց, բայց մեր ամուսնությունը չստացվեց: Էդ տղան, որ քեզ նման ծրագիր էր շահել եւ ուսանող էր, չէր հարմարվում գերմանական կարգուկանոնին, անընդհատ ուզում էր Ռուսաստան գնա: Ու գնաց: Էդ ուսանող տարիներին էստեղի բոլոր արտոնություններից օգտվում էր, օրական մի քանի նամակ էր գրում տարբեր մարմիններին: Օգնություններ էր, որ ստանում էր: Ավելի շատ գերմանացիների սոցիալական ծրագրերի մասին գիտեր, քան էն առարկաները, որ սովորում էր մագիստրատուրայում:

– Մի խոսքով, իրար չհասկացանք, – մի պահ շունչ քաշելուց եւ գարեջուր կում անելուց հետո շարունակեց Ազատուհին։ – Ավելի ճիշտ՝ ես չէի հասկանում, թե ոնց կարող ես համ ամեն ինչից օգտվես, համ էլ հայհոյես էդ երկրին: Գերմանացիներին անվանում էր «կապիտալիստ շան որդիներ», ասում էր մինչեւ գնալս սրանցից պիտի քամեմ ամեն ինչ: Մի բան պատմեմ՝ պատկերացնես ինչ մարդ էր․ մի սոցիալական ծրագրից ստացած գումարում ինչ-որ սխալ էր եղել, ու հինգ եվրո պակաս էին ուղարկել։ Տեսնեիր ինչ սկանդալ սարքեց։ Ընդ որում, էդ ծրագրից հենց առաջին նամակին պատասխանեցին, որ ընդունում են իրենց սխալը եւ ամսվա վերջին կուղարկեն էդ հինգ եվրոն․․․ Չէ, չէր հանգստանում, երկու օրը մեկ նամակ էր գրում՝ թե ինչ եղավ իմ հինգ եվրոն, մինչեւ որ էդ ծրագրի պատասխանատուները զզված ուղարկեցին․․․ Դե, իրեն կոմունիստական պատկերացումներով տատն ու պապն էին մեծացրել, ու ինքը Սովետը իդեալականացնում էր: Տատու նման էլ ասում էր «Գյոռբագյոռ դառնա Գորբաչովը, գյոզալական երկիրը քանդեց: Սրանց հետ քանդեց, ու ես սրանց պիտի քամեմ…»: Տենց էլ արեց, հետո, թե՝ «իմ իսկական տեղը Ռուսաստանն ա՝ էնտեղ իմ իմացած միջավայրը կլինի»: Ինձ էլ առաջարկեց գնալ միասին, էնտեղ էլ իբր պսակվենք: Չգնացի: Ինքը գնաց: Ռուսաստանում սկսեց բիզնեսով զբաղվել… Սկզբում գրում էր, փող էր ուղարկում աղջկա համար: Էրեխուն էլ իր տատու անունն ենք դրել՝ Համեստ: Գերմանացիները էս անունը հեշտ են արտասանում, ի տարբերություն իմի: Հիմա արդեն երկու տարի կլինի ոչ մի լուր չունեմ: Նույնիսկ էրեխու փողն էլ չի ուղարկում, կարծում եմ էնտեղ պսակվել է, դրա համար կապերը կտրեց, – ավարտեց պատմությունը Ազատուհին:

Սրճարանից ելան եւ երկու րոպե հետո իրենց շենքի մոտ էին:

– Ես չորրորդ հարկում եմ ապրում,- ասաց Ազատուհին,- իսկ դո՞ւ:

– Ես հին կորպուսում եմ, մյուս մուտքով՝ երկրորդ հարկում…

– Դու հաստատ իմ Համեստի հոր սենյակում ես ապրում, էն անկյունայի՞նն է՝ 202 սենյակը:

– Հա,- պատասխանեց Սեթը:

– Հետաքրքիր է: Դե լավ է, որ հարեւաններ ենք, մեկ-մեկ կարող ենք հանդիպել, զրուցել:

***

Սեթը հիշեց Բեռլին գալուց առաջ երեւանյան մի պատահական հանդիպում. ընկերներից մեկի հայրն էր մահացել, եւ ինքը մասնակցում էր թաղմանը: Թաղումից հետո մի 15 րոպե միայն նստեց հենց գերեզմանատան ճանապարհին գտնվող սրահում կազմակերպված հոգեհացին: Ընկերոջից ներողություն խնդրեց ու դուրս եկավ: Դարպասից դուրս կանգնած մեքենայի էր սպասում, մեկ էլ գերեզմանատան կողմից մի հին «Ժիգուլի» հայտնվեց՝ ծուռ տաքսու նշանով: Սեթը ձեռքով արեց, ապա հարցրեց՝ կտանի՞ Ավան. Ժուռնալիստի տուն պիտի գնար: Մարդն ասաց.

– Ես երկար ճանապարհներ չեմ քշում, մենակ էս տարածքում, իմացար: Հիմա որ էստեղ, իմացար, կանգնես, կարող ա ժամերով սպասես ու տաքսի, իմացար, չպատահի,: Արի ես քեզ, իմացար, մինչեւ «Շիրակի» խաչմերուկ տանեմ՝ էնտեղից, իմացար, կգնաս:

Տաքսիստները հիմնականում զրուցասեր են: Այս մեկն էլ բացառություն չէր: Մենակ մի բան կար, որ Սեթի ականջին անսովոր էր: Այդ մարդը ամեն երեք-չորս բառը մեկ ասում էր «իմացար»: Էդ «իմացար»-ը ոնց որ ստորակետի տեղ օգտագործեր, էլի: Հենց նստեցին անմիջապես ասաց.

– Դեմքդ, իմացար, ոնց որ ծանոթ ա, ախպերս:

Սեթն արդեն ճանաչել էր նրան. քիչ առաջ թաղման տեղում դագաղը փոսն իջեցնող գերեզմանափորներից մեկն էր: Բայց չուզեց ասել, թե այդտեղից կլինի, այլ.

– Եսիմ, եթե Մեղրիում եղել եք, կարող է հանդիպած լինենք:

– Մեղրեցի ե՞ս: Ականջը ծակ Արամին, իմացար, գիտե՞ս… Բա Աբկայի՞ն…

Եվ երբ Սեթն ասաց, որ մեկն իր եղբայրն է, մյուսն էլ իրեն հերություն է արել, մարդը ոգեւորվեց, ասաց որ ինքն էլ նախկին ազատամարտիկ է, հետո բանակում է մնացել, իսկ հիմա՝ պաշտոնաթող սպա է։ Ու սկսեց պատմությունների շարքը: Արամի՝ տանկը խփելու պատմությունը ճոխացրած պատմեց: Սեթը ձեն չհանեց, թեպետ գիտեր իրականությունը:

Կենսուրախ մարդ էր, բացի «իմացար»-ից, նաեւ անընդհատ հայհոյում էր՝ ծիծաղի միջից, զինվորական սովորություն էր: Սեթը զորացրվելուց հետո այդքան հայհոյանք չէր լսել: Բանակում դա սովորական բան է: Էստեղ էր անսովոր, բայց վարորդի մշտական ծիծաղը փրկում էր… Սեթն ասաց, որ էլի կհանդիպի նրան, որովհետեւ ուզում է հասկանալ, թե 2008-ի մարտի 1-ից հետո ինքն ինչո՞ւ էր օրերով կանգնած հրապարակում… Ում եւ ինչից էր պաշտպանում…

– Էնքան բան կարամ, իմացար, ասեմ, ես դրանց տիրու մայրիկը, իմացար… Ես հենց դրանց երեսից, իմացար, թողեցի ծառայությունը… դրանց, իմացար, նանը…: Երկու եղբայր եմ կորցրել պատերազմում, մեկը, իմացար, ազգային հերոս է: Ես էլ 28 տարի զենքի հետ եմ քնել, իմացար, բայց զեկուցագիրս լուռուսուս մակագրեցին, իմացար. «գնա ոնց ուզում ես ապրի…»: Հա, զինվորական թոշակն, իմացար, ուրիշների համեմատ բարձր է, բայց եթե էս գերեզմանափորի աշխատանքը, իմացար, չլինի, տուն չեմ կարա պահեմ… Դե, գերեզմաններ բերվող հոգեհացն էլ, իմացար, կիսում ենք գերեզմանափորներով… Հիմա էդ նոր մեռելի գերեզմանին, իմացար, մի երկու բաժակ խմել եմ, դրա համար հեռու տեղեր չեմ քշում, իմացար: Ստեղի միլիցեքը ինձ գիտեն, իմացար, չեն կայնացնում: Քեզ հիմա, իմացար,  հարմար տեղ իջեցնեմ՝ դու ուրիշ մեքենայով գնա, ես, իմացար, ստեղ կայնելու եմ, էլի մարդ վերցնեմ, հետ գնամ: Մարդուց 500 դրամը ինձ, իմացար, լրիվ հերիքում է:

Սեթը դրամ հանեց, որպեսզի վճարի: Մարդը կտրականապես հրաժարվեց, հետո ասաց.

– Ժողովրդի մոտ ինձ, իմացար, խայտառակ մի արա. ես Աբկայի ախպորից, իմացար, փող վերցնե՞մ: Ինձ միշտ կարաս, իմացար, ստեղ գտնես… Սպասիր հեռախոսահամարս էլ տամ, հենց պետք լինի՝ զանգիր, իմացար, ասա Աբկայի ախպերն ա, կհանդիպենք: Էնքան բան կպատմեմ էդ մարտի 1-ի մասին, իմացար, ես դրանց ազգուտակի …

Սեթը հիմա հիշեց, ու ափսոսեց, որ այդ մարդուն երկար չպահեց, չզրուցեց հետն ու այլեւս չհանդիպեց:

***

Ազատուհու հետ պարբերաբար հանդիպում էին: Համեստն էլ արդեն կապվել էր Սեթին: Ազատուհին աշխատանք ուներ՝ բուժքույրական դասընթացներ էր անցել ու միանգամից ընդունվել մի հիվանդանոցում աշխատանքի: Աշխատանքը հերթափոխով էր: Մի օր հերթապահում էր, երկու օր հանգստանում: Շաբաթվա ազատ օրերին էլ Ռոբերտի փոքրին դաշնամուրի դասեր էր տալիս: Ինքը Երեւանում երաժշտական ուսումնարան էր ավարտել: Համեստն էլ մանկապարտեզ (Kindergarten) էր գնում: Սեթը փորձում էր Համեստի հետ հայերեն խոսել, բայց աղջիկը, գուցե անկախ իրենից, գերմաներեն էր պատասխանում: Թեպետ մայրն ամեն ինչ անում է, որ երեխան չմոռանա լեզուն, բայց դե Համեստիկը ամբողջ օրը գերմանախոս միջավայրում էր:

Շատ լավ մտերմություն էր ստացվել:

***

Ռոբերտի տան հավաքը չգիտեր երջանիկ պատահականությո՞ւն համարեր, թե՞ պատահական անհրաժեշտություն: Բոլորի հեռախոսահամարները վերցրել էր, բոլորի հետ պայմանավորվել հանդիպել ու զրուցել: Ասել էր, որ զրույցները ձայնագրելու է, բայց օգտագործելու է անանուն, եթե մարդիկ չցանկանան:

Առաջինը զանգեց տիկին Բեթին՝ նրա ու Էրիկայի հետ կիրակնօրյա դպրոցում հանդիպման համար պայմանավորվելու: Տիկին Բեթն ասաց, որ կցանականար նախ իր տանը հյուրընկալել Սեթին: Պայմանավորվեցին շաբաթ օրը հանդիպել տանը, իսկ կիրակի արդեն Էրիկայի հետ կգնան դպրոց`ծանոթանալու ու զրուցելու հայ երեխաների, եթե եկած լինեն` նաեւ ծնողների հետ:

***

Առավոտ էր դեռ, Ազատուհին զանգեց Սեթին.

– Եթե գործ չունես, բարձրացիր մեր սենյակ մի րոպեով:

2016 թվականի ապրիլի 1-ն էր, Սեթը մտածեց, թե Ազատուհին ապրիլմեկյան ինչ-որ խաղ է ուզում խաղալ: Հետաքրքիր կլիներ: Գնաց:

Այդ մեծ շենքի հին ու նոր կորպուսները կապված էին երրորդ հարկի միջանցքով: Սեթը դրանով անցավ նոր կորպուս, բարձրացավ չորրորդ հարկ, գտավ 415 սենյակն ու դուռը թակեց:

Բացեց անծանոթ մի տղամարդ ու ներս հրավիրեց:

– Համեստի հայրն է,- ասաց Ազատուհին,- ծանոթացեք:

– Ստալիկ:

– Սեթ, շատ հաճելի է,- հավուր պատշաճի ասաց Սեթը, թեպետ այդ մարդը հենց առաջին հայացքից իրեն դուր չեկավ:

– Գիտեմ արդեն ինչ հետազոտություն ես անում,- երբ Ազատուհին գնաց փոքրիկ խոհանոցը՝ սուրճ սարքելու, ասաց Ստալիկը՝ առանց քաշվելու միանգամից անցնելով դու-ի, – կարամ քեզ օգնեմ: Ճիշտ ա, ստեղ երկար չեմ մնալու, ընդամենը երկու-երեք օր, բայց որ ուզենաս՝ սրանց ամեն ինչի մասին քեզ կսովորեցնեմ, որ սրանց քամես, ես սրանց ֆաշիստ տիրու մերը:  Ես սրանցից դիպլոմս պիտի ստանամ, բյուրոկրատ օղռաշները ասացին անձամբ պիտի գաս ստանալու: Երկու օրից էդ հարցն էլ լուծեմ ու թռնեմ: Մինչեւ վերջին կոպեկը կթել եմ էս կապիտալիստ բոզի վաստակներին: Ափսոս չի՞ Ռուսաստանը, էնտեղ լավ գործ եմ դրել արդեն, սաղ ռայոնի ղեկավարների հետ քիփըցել եմ, ես իրանց եմ պահում՝ իրանք ինձ: Անունս մանավանդ իրանց դզում ա: «Սլուշայ,-ասում են,- էդ անունն ո՞վ ա քեզ տվել»: Դե ես էլ ասում եմ, որ պապս ա դրել, պապս՝ Ստալինի զինվորն ա եղել, մինչեւ Պրագա հասել ա…:

– Պապս,- շշուկի անցավ Ստալիկը, որ Ազատուհին խոհանոցում չլսի,- թաքուն ինձ ասել ա, որ Պրագայում մի կնոջ տիրություն ա արել… Հասկացար, չէ՞… Բոզարած պապ եմ ունեցել…

– Երկու օրից Ազատուհուն ու Համեստին վերցնում եմ գնանք էնտեղ,- ասաց արդեն բարձրաձայն: – Նորմալ եկեղեցով-բանով պսակվենք, ապրենք:

– Մենք չենք գալու, – խոհանոցից ձայն տվեց Ազատուհին, – դու գնա:

– Այ սենց կամակոր կնիկ ա,- ասաց Ստալիկը,- իսկը իրա հերը: Իրա հոր նմաններն էին, որ Գորբաչովի հետ քանդեցին գյոզալական երկիրը… Պուտինի ցավը տանեմ, սրանց սաղին վախի ու կախվածության մեջ ա պահում… Էս կապիտալիստ շան թուլեքը գիտես, չէ՞, ոնց են աստվածացնում Գորբաչովին ու Շեւարդնաձեին, որ Բեռլինի պատը փլեցին… Դրա համար էլ ինչքան կարեցան տուտուց վրացիներին օգնեցին… Մի խոսքով, քեզ հասցեներ տամ՝ նամակներ գրի, ինչքան ասես կկթես սրանց… Ես, ասացի չէ՞, տենց եմ արել… Ճիշտ ձեր պրեզիդենտ Սերժի նման. «հեսա-հեսա պայմանագիր եմ կնքելու» ասելով Եվրոպային քամեց-քամեց, վերջ թռավ Պուտինի գիրկը: Ես էլ եմ սրանց տենց քամել…

Չնայած Սեթը տասը րոպե էլ չկար եկել էր, բայց էլ չդիմացավ՝ էնքան տհաճ էր այդ մարդը: Վեր կացավ, Ազատուհուն ձայն տվեց.

– Կներես, – ասաց, – ես պիտի գնամ, կարեւոր գործեր ունեմ…

– Հաաաա, դուրդ չեկա՞վ, դու էլ էս երեւի ճշմարտության ու կարգուկանոնի մեռած, հաստատ Ղարաբաղում էլ ծառայած կլինես, – համարյա գոռաց Ստալիկը,- գնա, գնա, տեսնեմ մինչեւ երբ եք էդ ղարաբաղցիների ձեռքին տառապելու ձեր էդ Հայաստանում..

Արդեն Ազատուհին էլ չդիմացավ, խոհանոցից արագ եկավ ու գոռաց.

– Անմիջապես հեռացիր իմ տնից ու էլ չերեւաս… Եթե ուզում ես Համեստին տեսնել, վաղը շաբաթ է, ինքը մանկապարտեզ չի գնալու, կգաս ներքեւ կսպասես՝ կիջնի, երկու ժամ կզբոսնեք ու հետ կբերես: Մտքովդ չանցնի ուրիշ բան…

Ստալիկի հեռանալուց հետո դիմեց Սեթին.

– Կներես, խնդրում եմ, ինձ թվաց քեզ համար լավ բան եմ անում՝ ծանոթացնում եմ:

– Բան չկա,- ասաց Սեթը,- էս տեսակն էլ է իմ հետազոտության համար հետաքրքիր:

Սեթն ուղիղ Ազատուհու աչքերի մեջ էր նայում էդ ասելիս, իսկ կնոջ շրթունքները սկսեցին դողալ, աչքերը ջրակալում էին ու հանկարծ… Ազատուհին միանգամից ընկավ Սեթի կրծքին ու սկսեց համբուրել, վիզը, կզակը, գտավ շրթունքները… Սեթն անակնկալի եկավ, բայց չդիմադրեց… Իրենք էլ չիմացան, թե ոնց նախ հայտնվեցին լոգարանում՝ ցնցուղի տակ, հետո թաց մարմիններով՝ անկողնում… Ազատուհին սիրելիս անընդհատ խոսում էր, երբեմն նույնիսկ կոպիտ բառերով, ինչը Սեթին ավելի էր գրգռում…

Մի ժամ հետո, արդեն խոնջացած, Ազատուհին, կարծես ամաչելով, թիկունքով դեպի Սեթը պառկած, ասաց.

– Երկու տարի տղամարդու հետ չէի եղել…

Սեթը լուռ էր:

– Հայրս քո եղբայր Աբկային ճանաչում էր:

– Գիտեմ,-ասաց Սեթը,- սիգարետ ունե՞ս,- կյանքում չէր ծխել, բայց հիմա ծխելու ցանկություն ունեցավ…

Ազատուհին կողքի պահարանիկից ծխախոտ հանեց: Վառեցին: Սեթն անսովորությունից հազաց:

– Հայրս նաեւ Աբկայի մասին գիրքն էր գնել, ինձ էլ համոզեց, որ կարդամ: Չէի ասի, թե շատ հավանեցի, բայց էնտեղ մի դրվագ կար… Էն, որ իր դպրոցական սերը գալիս է, իրար սիրում են, հետո էդ կինը երկտող է գրում. «Քնքուշ դեւ…»: Դու էլ էիր դեւ անկողնում…

– Ես դիվականից շատ հեռու եմ,- ասաց Սեթը՝ համարյա չծխած սիգարետը հանգցնելով մոխրամանի մեջ,- Ես Աբկային չեմ կարող հասնել… Իրա էությունը դրված էր իր անվան մեջ… Ես կիսով եմ էդպիսին…

– Ինձ համար շատ հաճելի էր քեզ սիրելը,- ասաց Ազատուհին՝ արդեն շրջվելով դեպի Սեթն ու գրկելով նրան,- բայց արի չշարունակենք, մնանք միայն բարեկամներ ու լավ ընկերներ…

Սեթը չպատասխանեց, թեպետ համաձայն էր: Լուռ հագնվեց, ապա ասաց.

– Կուզե՞ս էսօր ես Համեստին մանկապարտեզից վերցնեմ, արդեն ժամն է, չէ՞: Դու սենյակը կարգի բեր:

Ազատուհին համաձայնեց, բայց դեռ գլխի չէր՝ Սեթը ընդունե՞ց միայն բարեկամներ մնալու առաջարկը:

Արդեն դռան մոտ Սեթը շրջվեց ու ասաց.

– Հա, մենք լավ բարեկամներ կմնանք, իսկական ընկերներ: Իսկ ընկերներն իրար հետ չպետք է… Էսօր էստեղ կատարվածն էլ թող էս սենյակում մնա: Ընկերություն կանենք: Քեզ, վստահ եմ, մի լավ տղամարդ կպատահի, կսիրի՝ Համեստին էլ հայրություն կանի: Ես էլ ձեզ՝ քավոր:

– Կա մի տղամարդ, մեր հիվանդանոցում,- ասաց Ազատուհին,- լիտվացի է: Սանիտար է աշխատում: Մի ոտքը պրոթեզ է. եկել էր էստեղ բուժվելու, էդպես էլ մնացել ա: Անընդհատ ինձ սիրահետում ա: Ես դեռ լուրջ չէի արձագանքում: Բայց էսօր հասկացա, որ ինձ տղամարդ ա պետք: Յուրգիսը, թեպետ արդեն 50 տարեկան ա, ամենահարմար թեկնածուն ա: Ամուսնացած եղել ա, բաժանված ա, չափահաս էլ աղջիկ ունի Վիլնյուսում… Նախկին կնոջ ու աղջկա հետ էլ նորմալ հարաբերություններ ա պահում: Դե իրենց մոտ տենց ա, էլի: Քեզ էս քանի օրը կծանոթացնեմ…

***

Հաջորդ օրը՝ 2016-ի ապրիլի 2-ը, շաբաթ էր: Ինքը որոշել էր մի քիչ երկար մնալ անկողնում, մանավանդ նախորդ օրվանից հետո հանգիստ էր ուզում: Պլանավորել էր նախաճաշելուց հետո մինչեւ ժամը 14-ը երկու օրվա գնումներ անել, ապա պատրաստվել տիկին Բեթին ու Էրիկային այցելելու:

Ազատուհու անսպասելի զանգը խանգարեց: Մտածեց, թե էլի Ստալիկն է եկել, ու հաստատ պրոբլեմ կլինի, մանավանդ, որ Ազատուհու ձայնը տագնապահար էր: Բայց Ազատուհու ասածն ավելի վատ լուր էր, քան հնարավոր էր սպասել: Կինը տեղեկացրեց, որ Արցախից վատ տեղեկություններ են գալիս: Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են սահմանային գյուղերի վրա:

Սեթն արագ միացրեց համակարգիչը, սկսեց փնտրել տեղեկությունները, որոնք դեռ շատ ցաքուցիր ու անորոշ էին: Շատ արագ կապվեց Երեւան՝ Ժուռնալիստին, նա էլ շատ բան չգիտեր, նա էլ Սեթի պես միայն լրատվական կայքերին էր հետեւում: Կպավ համացանցին՝ հետեւելով Ղարաբաղում կատարվող իրադարձություններին: Կեսօրին արդեն տեղյակ էր, որ թեժ կռիվ է՝ զոհեր նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում, մանավանդ գյուղերում դաժանությունները տեսավ եւ ինքն իր մեջ շատ արագ որոշումը կայացրեց:

Փնտրեց Երեւան հասնելու արագ ու կարճ ճանապարհ: Տոմս գտնվեց. կիրակի առավոտյան Բեռլին-Մոսկվա-Երեւան: Հետադարձի մասին դեռ չէր մտածում՝ չգիտեր ինչքան կմնա: Մի բան հաստատ էր՝ հենց տեղ հասավ, կամավոր է գրվելու ու գնալու է սահման:

Նախ զանգեց տիկին Բեթին: Ոչ նա, ոչ էլ աղջիկը դեռ բանից տեղյակ չէին: Սեթը ներկայացրեց իրավիճակը, ապա ներողություն խնդրեց՝ ասելով, որ հանդիպումը հետաձգվում է, որովհետեւ ինքը պատրաստվում է մեկնել Հայաստան: Չի կարող էստեղ հանգիստ նստել, երբ սահմանում էդպիսի կռիվներ են:

Անմիջապես նամակ գրեց նաեւ համալսարանի իր մագիստրոսական ծրագրի ղեկավարությանը՝ թույլտվություն խնդրեց  երկու շաբաթ բացակայելու: Ընդ որում՝ չկեղծեց, պատճառներ չհորինեց, այլ ուղիղ գրեց, թե ինչ է կատարվում եւ ինչ համար է ինքը մեկնում: Վստահ չէր, թե թույլ կտան, բայց դա արդեն իր համար կարեւոր չէր, անգամ եթե հեռացնեին համալսարանից: Բնականաբար, ոչ այդ օրը, ոչ էլ կիրակի պատասխան չէր ստանա. գերմանացիներին սպանես հանգստյան օրը գործնական նամակներ իսկի չեն բացի… Սեթը մտածում էր, որ պատասխան կստանա լավագույն դեպքում երկուշաբթի, էն էլ հայտնի չէ, թե ինքը որտեղ կլինի:

Կիրակի երեկոյան արդեն Երեւանում էր, իսկ երկուշաբթի առավոտյան ներկայացավ իր հաշվառման զինկոմիսարիատ եւ ասելով, որ ծառայել է Ղարաբաղում ՝ հենց էդ սահմանին ու հաստատ կարող է օգտակար լիներ՝ խնդրեց կամավորական ուղարկել ճակատ:

Հաջորդ օրն իսկ մի խումբ իր նման կամավորների հետ մեկնեց: Ճիշտ է ամսի 5-ից հետո արդեն թեժ բախումներ չեղան, բայց իրենք փոքր ջոկատներով հսկում էին դիրքերը, նաեւ՝ ինժեներական կառույցներ սարքում, խրամատ փորում եւ այլն: Թեժ մարտեր չէին լինում, բայց օրական մի քանի անգամ իրար ուղղությամբ կրակում էին, իրար զգոնություն էին ստուգում:

***

Քանի որ համալսարանից երկու շաբաթ էր խնդրել, սահմանից անմիջապես Երեւան չեկավ: Ջոկատը Լաչին-Գորիս ճամփով էր վերադառնում, ինքն էլ Գորիսում տղերքին հրաժեշտ տվեց, մեկնեց Մեղրի:

Գորիսում տղերքը որոշեցին անցած 10 օրերից հետո առաջին անգամ մի-մի գավաթ գարեջուր խմել: Ինքն էլ միացավ, մանավանդ որ 10 օրվա ժուժկալությունից հետո գարեջուրն իսկապես ձգում էր: Խմեցին: Տղերքը սպասեցին մինչեւ Երեւանից եկող տաքսին, որում Սեթը նախապես տեղ էր պատվիրել, եկավ: Իրեն հրաժեշտ տվին՝ ամուր գրկելով, իսկ տաքսիստը, որ Սեթին ճանաչում էր, իմանալով, թե նա որտեղից է գալիս, ասաց.

– Քեզ անվճար եմ տանելու, հանկարծ չփորձես վճարել…

Մեղրիում Սոնա-կրտսերի ու նրա ամուսնու, երեխաների հետ անցկացրած այդ երկու օրը խաղաղություն հաղորդեց իր արդեն խռոված հոգուն: Սոնա-կրտսերի ամուսինն էլ էր ցանկացել Արցախ գնալ, բայց մերժում էր ստացել:

Էդ 10 օրվա ընթացքում համարյա ինտերնետ չէր բացել, դե դիրքերում դա չէր կարելի, անգամ հեռախոս միացնելը հազվադեպ էին թույլատրում. հեռախոսը անօդաչուների թիրախ է: Բարեկամների հետ մի երկու բառ փոխանակելուց հետո  առաջին գործը փոստը ստուգելը եղավ: Համալսարանը, զարմանալիորեն, չէր մերժել իր խնդրանքը: Կային եւս մի քանի նամակներ, որոնք հետաքրքրիր չէին:

Սեթը Երեւան-Մոսկվա-Բեռլին տոմս պատվիրեց, հաշվեց ժամանակը, թե երկու օր հետո երբ դուրս գա, որ Երեւան հասնի ու չվերթից չուշանա: Իր բախտից մեկնելու օրվա առավոտ շուտ տաքսի կար գնացող, եւ Երեւան հասնելու դեպքում դեռ քաղաքում էլ կարող էր մի բան ուտել, հետո գնալ օդանավակայան:

***

Առավոտյան տաքսին եկավ ճիշտ ժամանակին:  Իրենից բացի մեքենայում մի մայր ու երեխա էին ու մի աղջիկ: Հենց նստելուց արդեն այդ աղջիկը սկանդալ սարքեց:

Վարորդն ասաց.

– Էս մեր ախպերը թող իմ կողքին նստի, դուք երեքով՝ հետեւում: Համաձայն ե՞ս, սիրուն ջան:

Էս աղջիկը փրփրեց ու գոռաց.

– Ինչու ասացիք «սիրուն ջան»: Դա ի՞նչ սեքսիզմ ա, հը՞, որ տղա լինեի, ասելո՞ւ էիք սիրուն ջան…

Վարորդը կարկամել մնացել էր: Սեթը հետո իմացավ, որ այդ աղջիկը ինչ-որ ֆեմինիստական շարժման անդամ է, եւ նրա համար սեռի ցանկացած ընդգծում խտրականություն է…

Վարորդը, ուշքի գալով, փորձեց կատակի տալ.

– Լավ, որ չես ուզում, սիրուն չեմ ասի, կասեմ տգեղ ջան: Եղա՞վ աղջիկ ջան…

– Էդ հիմար կատակներին էլ վերջ տվեք, եւ հիշեք՝ ես «աղջիկ ջան» չեմ, իմ անունը Իվետա է եւ վերջ…

Ճանապարհի սկիզբը սենց անհաջող էր: Սեթը ուզեց միջամտել, բայց լռեց՝ հասկանալով, որ անիմաստ է:

Սակայն սկանդալները սրանով չավարտվեցին:

Վայոց ձորում վարորդը կանգ առավ ճամփեզրի շուկաներից մեկի մոտ: Սեթը գիտեր, որ էդտեղ լավ բրդուճներ են վաճառում: Ինքն ու վարորդը մի-մի հատ տհալով բրդուճ վերցրին, բայց չէին հասցրել կծել, մեկ էլ աղմուկ լսեցին. նորից Իվետան էր, կռիվ էր անում վաճառողներից մեկի հետ:

Էս վաճառողը իր գինուն հումորային գովազդ էր կպցրել. «Շատ դզող գինի: Երրորդ բաժակից հետո տերը չեմ, զոքանչիս արեւ»:

– Անմիջապես պոկեք այդ գրությունը, դուք դրանով վիրավորում եք կանանց..

– Աղջիկ ջան, սա հումոր ա, – ասում էր կատակասեր գյուղացին,- էդքան լուրջ մի ընդունեք, իսկի զոքանչս սրանից չի նեղացել:

– Ի՞նչ հումոր,- գոռում էր Իվետան,- հումոր էր՝ գրեիք աներոջս արեւ, ինչո՞ւ եք կնոջը կպել: Տղամարդուն կպնեիք: Զոքանչ, թե աներ, ի՞նչ տարբերություն…

Էս կատակասեր գյուղացին էլ ոչ դես, ոչ դեն.

– Հեսա աներոջս կանչեմ՝ տարբերությունը հանի թալի էս սեղանին…

Այս խոսքի վրա տղամարդիկ ու կանայք չորս կողմից մի հռհռոց կապեցին, մի հռհռոց…

Սեթը վաղուց էր իր համար պարզել, որ մի գաղափարի վրա անվերապահ սեւեռվածների հետ չարժե վիճել. կարեւոր չէ, ինչ գաղափար ՝ սոցիալական, քաղաքական, թե այլ: Առավել եւս, երբ էդ մարդիկ հումոր չեն հասկանում: Դրա համար էլ՝ չփորձեց միջամտել:

Մինչեւ Երեւան էլ չխոսեցին: Լավ էր Իվետան առաջինն իջավ տաքսիից ու լավ էր, որ վարորդը մանր ուներ: Իվետան քսանհազարանոց տվեց, վարորդն էլ, որ հաստատ ուրիշ մեկին համենայն դեպս կհարցներ՝ «մանր չունե՞ք», նրան ոչ մի բան չասաց՝ մանրը վերադարձրեց, պայուսակը բեռնախցիկից տվեց ու հաջողություն մաղթելով նստեց ղեկին:

Բայց հենց նստեց՝ ե՛ւ Սեթը, ե՛ւ հետեւի նստատեղի կինն ու նրա աղջիկը բռնվեցին հոմերական քրքիջով՝ հիշելով գինեվաճառի խոսքը…

Սեթն իջավ Օպերայի մոտ, բարձրացավ Տերյան ու մտավ իր սիրած ճաշարանը՝ ճաշելու:

– Սե՞թ…

Համակուրսեցիներից էր, գերազանցիկն ու  ուսխորհրդի կարկառուն դեմքը,  որ մագիստրատուրան ավարտել, հիմա էլ ասպիրանտուրա էր սովորում, նաեւ կուսակցական էր դարձել. «Ապեր, բա ի՞նչ անեմ, ապրել ա պետք»,- մի անգամ ասել էր շրջապատում: Ու ապրում էր, վատ չէր ապրում. պաշտոն ուներ իշխող կուսակցության երիտասարդական հիմնադրամում, լավ ճառեր էր ասում հայրենասիրության մասին, իսկ դեռ ուսանող ժամանակներից էլ տեղի-անտեղի Նժդեհին էր ցիտում…

– Սե՞թ… Բա դու Բեռլինում չե՞ս…

– Էլի գնում եմ: Երկու շաբաթով էի եկել:

– Չլինի՞ եկել՝ Արցախ էիր գնացել:

– Հա,- կարճ կապեց Սեթը՝ չցանկանալով ծավալվել: Չէր սիրում նման բաների համար գլուխ գովել:

– Յաաաա, բա ուսանող ժամանակ ասում էիր պատերազմը ատում ես, խաղաղություն ես ուզում, – իր արեւին Սեթին էր կպնում գերազանցիկը: – Տեսա՞ր, որ թուրքը մնում է թուրք,- ապա հանդիսավոր, –  եւ մենք միշտ պիտի պատրաստ լինենք դիմագրավելու ոսոխին…

– Տեսնում եմ, որ էսքան տարի անց էլ ոչինչ չես հասկացել, – ասաց Սեթն ու ցանկանում էր հեռանալ, բայց միտքը փոխելով՝ շարունակեց,- հա, ես հիմա էլ ատում եմ պատերազմը, ու չեմ պատկերացնում, որ մարդ կլինի՝ կսիրի պատերազմն ու կատի խաղաղությունը: Բայց երբ ինձ կռիվ են պարտադրում, ես չեմ խուսափում: Իսկ խաղաղության հասնում են ուժեղանալով: Նժդեհն ի՞նչ կասեր էս դեպքում…

Իվետայից հետո երկրորդ անհումոր մարդն էր մի օրվա մեջ պատահում. չհասկացավ Սեթի հեգնանքը.

– Նժդեհն այս դեպքում ասում է. «Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից», – չիմանալով ինչ ասել, գերազանցիկը մեջբերեց գլուխը եկած առաջին միտքը, որ իրենց զրույցի հետ կապ էլ չուներ:

– Իսկ դո՞ւ …

– Ես էլ իմ կռիվն եմ վարել, – հանեց հեռախոսն ու ցույց տվեց իր լուսանկարը՝ մի խումբ զինվորականների հետ, – այ, էս մոտիկ գնդերից մեկում եմ, զինվորների մարտական ոգին եմ բարձրացնում՝ հայրենասիրության մասին դասախոսություն եմ կարդում:

– Հաաա, կեցցես… Զինվորները քո ելույթը լսելով երեւի տոգորվեցին բուռն հայրենասիրությամբ,- գերազանցիկը դարձյալ չընկալեց հեգնանքը:

– Էն էլ ոնց: Մանավանդ «կամանդիրն» էլ էնքան էր ոգեւորվել իմ ելույթով, որ երեկոյան հո պատիվ չտվեց, հո պատիվ չտվեց…

Սեթը հասկացավ, որ զրույցը շարունակելն անիմաստ է: Արագ ավարտեց ճաշն ու ասաց.

– Ափսոս, մեզ մոտ՝ դիրքեր չեկար դասախոսության, տղերքը դրանից հետո հաստատ ազատ ժամանակ քո մտքերն ու քեզ կքննարկեին… Ի~նչ ես կորցրել…

– Լո՞ւրջ,- հարցրեց գերազանցիկը,- հեսա որ դիսերտացիաս պաշտպանեմ՝ կասեմ մի անգամ էլ թող սահմանային դիրքեր ուղարկեն: Շատ չեն կրակում, չէ՞, արդեն…

Սեթը պատկերացրեց դրան դիրքերում, ու հիշեց, թե ոնց նկարվելու եւ «սելֆի» անելու եկած մի պատգամավորի տղերքը ձեռ առան:

Պատգամավորը երեք թիկնապահի ուղեկցությամբ բարձրացել էր դիրք: Բացի էդ պահին հերթապահություն անողներից, մնացածները թեթեւ ճաշում էին՝ պահածո, հաց, պանիր… Պատգամավորին էլ առաջարկեցին, սա թե՝ «Չէ, տղերք ջան, ինձ Ստեփանակերտում լավ կերակրել են», ու էդ զրուցելու պահը երեք թիկնապահները տարբեր ռակուրսներից նկարում էին, որ հետո ինտերնետով տարածեն ու գրեն՝ «Պատգամավորը կամավորների հետ մի ամբողջ օր անցկացրեց դիրքերում»:

– Բա ինչի՞ կարիք ունեք, ինչո՞վ կարամ օգնեմ…

Սեթը, որ կյանքում համարյա չէր հայհոյում, ցանկանում էր ասել «քո սիքտիր լինելով», բայց չհասցրեց, որովհետեւ գյումրեցի կատակասեր տղերքից մեկը թե.

– Պարոն դեպուտաՆտ ջան, – էդ ն-ն հատուկ շեշտեց, սովորաբար ասում էր «դեպուտանկա», բայց չգիտես ինչու սրան խղճաց,-  օր էրթաս Ստեփանակերտ, շտաբում ասա մեզի համար քիչըմ տանկի քլիրենս[1] ուղարգին, էստեղ պակասություն կէնի…

Դեպուտատը մի պահ կարկամեց, կարծեց իրեն հայհոյում են. բառի իմաստը չգիտեր, հարցնել էլ չէր կարող, ամոթ կլիներ իր նման տղու համար՝ ցույց տար, թե ինչ-որ բան չգիտի:

– Հարց չկա, տղերք ջան, մենք մեր բանակի հըմար ամեն ինչ կանենք…

– Մի քսան հատ էլ «Կալաշնիկովի» «պրիցելի օս» [2] թող ուղարկեն,- ասաց ապարանցի Գարիկը։

Պատգամավորը դարձավ թիկնապահին.

– Գրի, որ չմոռանանք՝ տանկի քլիրենս, մեկ էլ քսան հատ, «Կալաշնիկովի»… ոնց ասացի՞ք… Հա, «պրիցելի օս»։

Զինվորների քրքիջը հետո պայթեց՝ դրա գնալուց րոպեներ անց… Տղերքը պատկերացրին գեներալների ռեակցիան, երբ այս պատգամավորը Ստեփանակերտում մտնի շտաբ ու ասի կամավորները  «տանկի քլիրենս» ու «Կալաշնիկովի» «պրիցելի օս» են ուզում։

Հիմա ճաշարանում սա հիշելով՝ Սեթը քրքջաց: Ճաշողները նայեցին իր կողմը, իսկ գերազանցիկը՝ բութ հայացքը հառել ու չէր հասկանում ծիծաղի իմաստը:

– Բան հիշեցի, – մի կերպ ծիծաղը զսպելով, ասաց Սեթը, – բայց որ գնաս դիրքեր, չմոռանաս մի քանի տուփ լավ, թանկարժեք ու ամուր պահպանակ տանես, տղերքը դրա կարիքը շատ ունեն…

– Բայց էնտեղ դա ինչի՞ համար ա պետք,- զարմացավ գերազանցիկը։

Սեթը մի կերպ իրեն զսպեց, որ չասի. «քեզ նմանների գլխին քաշելու».

– Դաշտային արշավների ժամանակ դրանց մեջ ջուր են պահում… Աֆղանստանում կռվածներն են սովորեցրել…

– Լո՞ւրջ, այ քեզ բան: Դե ուրեմն, անպայման, աչքիս վրա, կտանեմ…

Սեթն, իհարկե, գիտեր, որ մեր զինվորները ջուր պահելու այդ ձեւը չեն օգտագործում, միայն Սովետի տարիներին Աֆղանստանում ծառայած մի քանի վետերաններ են սովորույթի ուժով պահում իրենց մոտ պահպանակներ: Պարզապես շատ կուզենար տեսնել զինվորների ռեակցիան, երբ այս գերազանցիկը կասի. «Տղերք, ձեզ համար որակյալ պահպանակներ եմ բերել…»:

– Արի հրաժեշտից առաջ մի հատ սելֆի անենք,-ասաց գերազանցիկը:

– Չէ, – ասաց Սեթը, – ինձ չի կարելի լուսանկարվել,- ապա թեքվեց ու ականջին շշնջաց, – ես հատուկ առաջադրանք էի կատարում, իմ դեմքը պիտի գաղտնի մնա…

Գերազանցիկի ապշահարությունը կատարյալ էր…

Բայց էսքանով օրվա իրադարձությունները չավարտվեցին:

Տաքսի նստեց, որ գնա օդանավակայան, վարորդը՝ ջահել մի տղա, անմիջապես զրույց սկսեց՝ «ո՞ւր ես գնում», «երկա՞ր ժամանակով, թե՞ ոնց»… Սեթն անհավես պատասխանեց, թե Բեռլին է գնում:

– Ճիշտ էլ անում ես, ախպերս,- ասաց տաքսիստը,- ստուց փախնել ա պետք: Տեսա՞ր ինչ էր կատարվում՝ թուրքը հարձակվեց, 100 մարդու գլուխ կերավ… Ախպորս ասեմ, որ նենց չի, ոնց սրանք ներկայացնում են: Գիտե՞ս էդ իբր թուրքին հետ քշելուց հետո ինչեր են եղել… Ասեմ իմանաս, ախպերս. մեր կամավորները, որ սահման գնացին, էնտեղ լիքը ուրիշ բաներ եղան, որի մասին ոշշշշ մեկը չգիտի: Մի անգամ, ուրեմն տղերքը տենում են, որ էլի ադրբեջանցիների դրոն ա գալիս՝ ուղիղ իրանց վրա: Ախպորս ասեմ, տղերքը էդ դրոնը խփում են, հետո սկսում են մտածել, որ էդ դրոնն իրանց վրա էր գալիս, որովհետեւ ինչ-որ մեկը հեռախոսը միացրած ա պահել: Գիտես չէ՞, որ էդ դրոնները գալիս են հեռախոսի ազդանշանի վրա: Վոբշըմ, ախպորս ասեմ, ջոկատի հրամանատարը սաղին շարում ա, էդ դրոնը խփողին պարգեւատրում, հետո բոլորի հեռախոսները հանել ա տալիս, ու տեսնում ա ումն էր միացրած, սրան ասում ա «փասափուսեդ հավաքի ու ստուց սիքտիր էղի», որովհետեւ դրա պատճառով սաղովի կարային վարի էթային:

– Դու էնտեղ էի՞ր,- հարցրեց Սեթը,- կամավորներից ե՞ս..

– Չէ, ախպեր, հերս ա եղել էդ ջոկատում: Ասեմ իմանաս՝ էդ դրոնը խփողն էլ հենց հերս ա եղել:

– Որտե՞ղ է եղել, ո՞վ էր ջոկատի հրամանատարը…

Ջահելը տվեց Սեթենց ջոկատի հրամանատարի անունը եւ ճշտիվ նշեց իրենց ծառայության վայրը:

Սեթը կատաղել էր: Մտածում էր՝ ոնց սրան հասկացնի, որ իր հերը ստախոս գլուխգովան է: Ջահելին չէր ուզում վիրավորել, բայց մի բան պիտի ասեր: Երբ հասան օդանավակայան, Սեթը վճարելուց հետո ասաց.

– Չգիտեմ հայրդ ով ա, բայց երեկոյան տանը հորդ կասես պասաժիրիս պատմեցի քո հերոսությունը, ինքն ասաց «կգնաս հորդ կասես ձեր ջոկատի Սեթը բարեւում էր…»:

– Դու էլ ես էնտեղ ծառայե՞լ…

Սեթն այլեւս չպատասխանեց: Պայուսակը վերցրեց ու մտավ օդանավակայանի հաշվառման սրահ…


[1] . Քլիրենս – Ցանկացած տրանսպորտային միջոցի, այդ թվում տանկի հատակի ամենացածր կետի եւ գետնի միջեւ ընկած տարածությունը: Տանկի դեպքում դա հավասար է մոտ 428 – 470 միլիմետրի: «Քլիրենս բերելու» ուղարկելը Սովետական բանակում նորակոչիկների գլխին խաղ խաղալու հայտնի կատակ է:

[2] . Ось прицеливания – Բառացի՝ նշանառության սռնի կամ առանցք: Պահեստից ավտոմատի «Ось прицеливания» բերելու ուղարկելը նույնպես Սովետական բանակում նորակոչիկների գլխին խաղ խաղալու հայտնի կատակ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով