Աշոտ Աղաբաբյան, Վեպ

Գաղտնիքների տիրակալը

2022թ․ «Գաղտնիքների տիրակալը» վեպը արժանացել է ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ մրցանակի՝ «Կենսագրական վեպ» անվանակարգում

(հատված)

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ՝ ՖՈՐԴԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Չնայած գերծանրաբեռնվածությանը, Աղայանցը մամուլի էջերում մշտապես հետևում էր մշակութային միջոցառումներին, գնում էր ցուցահանդեսների։ Մի քանի նկարիչ ընկեր ուներ, լինում էր նրանց արվեստանոցներում։ Նկարիչները սիրով էին շփվում ԽՍՀՄ հյուպատոսի հետ, որն իրենցից լավ գիտեր ֆրանսիական արվեստի ու գրականության պատմությունը։ Երբեմն խնդրում էին որպես քննադատ, մեկնաբանություն տալ իրենց ստեղծած նոր կտավին։ Աղայանցը սիրում էր գրականության մասին բանավիճել ֆրանսիացի ժամանակակից գրող իր ընկերների հետ։ Շատերին թվում էր, թե նա գրականության ու արվեստի մարդ է, և դիվանագիտությամբ զբաղվում է դեպքերի բերումով։

Նկարիչներից մեկի արվեստանոցում նա իմացավ, որ գերմանացիների՝ Փարիզ մտնելուց առաջ ռուս հայտնի նկարիչ Պյոտր Պետրովիչ Կոնչալովսկու գեղանկարների մեծ ցուցահանդես է եղել, որին հեղինակը չէր մասնակցել։

Ֆրանսիացի նկարիչը այդ ժամանակ ծանոթացել էր Կոնչալովսկու գործերին և մեծ հիացմունքով էր խոսում նրա բնանկարների ու նատյուրմորտների մասին։

— Ցավոք, ֆաշիստներն ավտոմատներով մտան ցուցասրահ, և մինչև այժմ անհայտ է, թե որտեղ են Կոնչալովսկու կտավները,— ափսոսանքով ասաց ֆրանսիացին։

Ֆորդին այս պատմությունը շատ հետաքրքրեց։ Հեռագիր ուղարկեց Կենտրոն. «Խնդրում եմ նկարիչ Պյոտր Կոնչալովսկուց հետաքրքրվեք, թե որտեղ են Փարիզի ցուցասրահում ցուցադրված իր աշխատանքները»։ Հետախուզությունում զարմացան, թե ռեզիդենտ Ֆորդն ինչու է հետաքրքրված այդ նկարիչով։ Մի քանի օր անց Կենտրոնից տեղեկացրին. «Կոնչալովսկին անտեղյակ է, թե որտեղ են իր հարյուր նկարները։ Ժամանակին նրան տեղեկացրել են, թե գերմանացիներն առևանգել են դրանք»։

Աղայանցը հանդիպեց Փարիզի մշակույթի ֆոնդի ղեկավարին։ Անձնական «հետաքննություն» սկսեց այն ցուցասրահում, որտեղ վերջին անգամ տեսել էին նկարները։

Երկու շաբաթվա ընթացքում պարզեց, որ բոլոր 100 կտավներն էլ ինչ-որ մշակութային կազմակերպության նկուղում են։ Համապատասխան փաստաթղթեր պատրաստելուց հետո բոլոր կտավները հանեց խոնավ նկուղից և տարավ դեսպանատուն, պահեստավորեց առանձին սենյակում։ Այնպես բավարարված էր զգում իրեն, որ փրկել էր Կոնչալովսկու նկարները, ասես հետախուզական մեծ օպերացիա էր հաջողությամբ ավարտել։ Սակայն Փարիզից Մոսկվա տեղափոխելը մեծ խնդիր էր։ Ինքնաթիռները կանոնավոր չէին գործում։ Որոշեց հարմար պահի ուղարկել։

* * *

Ռոմեն Ռոլանի գրականության մեծ սիրահար էր։ Մի օր առիթ ստեղծեց և ծանոթացավ մեծ գրողի այրու՝ Մարիա Պավլովնա Կուդաշևայի հետ։ Ռոմեն Ռոլանը միշտ իրեն համարում էր Խորհրդային Միության հավատարիմ բարեկամ։ Երբեք բացասաբար չէր արտահայտվել ռուսների հասցեին: Աղայանցը տեղյակ էր, որ նա մահից առաջ կնոջն էր հանձնել իր հաստափոր օրագիրը։ Դրանք Ռոլանի ձեռագրերն էին։ Անտիպ ձեռագրերը։ Լսել էր, որ ինչ-որ խորհրդավոր բան կար՝ կապված օրագրի հետ։ Իսկ կտակում գրել էր, որ իր մահից քսանհինգ տարի հետո է թույլատրում տպագրել օրագիրը։ Աղայանցը մտերմացավ Մարիա Պավլովնայի հետ, նրան իր տուն հրավիրեց, եղավ նաև նրանց տանը։ Այրին մեծագույն բավարարվածությամբ էր լսում Աղայանցի վերլուծությունները Ռոմեն Ռոլանի գործերի մասին։ Իվանը մի օր Մարիա Պավլովնային խնդրեց, որ թույլատրի ընթերցել գրողի օրագիրը։ Աղայանցին հետաքրքիր էր, թե ինչու է հեղինակը կտակում գրել, որ չի թույլատրում տպագրել 25 տարի։

Մարիա Պավլովնան նրան պատմեց իր մտադրության մասին։

— Իվա՛ն Իվանովիչ, մոտ օրերս ես Ռոմենի օրագրի բնագիրը ի պահ եմ տալու Ֆրանսիական բանկում, իսկ միակ կրկնօրինակը հանձնելու եմ Ստոկհոլմի բանկին։

Միայն քսանհինգ տարի հետո այն կհանեն իմ ժառանգները։ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողի գործերից Աղայանցն ամենից շատ սիրում էր «Ժան Քրիստոֆ» և «Հմայված հոգին» վեպերը։

— Իվա՛ն Իվանովիչ, գիտեմ՝ Դուք գաղտնապահ մարդ եք, պետք է Ձեզ հիասթափեցնեմ՝ Ռոմեն Ռոլանը, շատ սիրելով Խորհրդային Միությունն ու ռուսներին, իր օրագրում բացասական է արտահայտվել ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հասցեին՝ որպես բռնապետի։ Եվ կտակել է այն տպագրել 25 տարի հետո հենց այդ պատճառով։

Չէր ուզում վնասել ԽՍՀՄ-ին՝ իր այդ տողերով։ Դուք հիմա ինձնից խնդրում եք ևս մի օրինակ տպագրել, որպեսզի այն պահվի Մոսկվայի համաշխարհային գրականության ինստիտուտում։ Դուք դիվանագետ եք, չե՞ք կարծում, որ Ստալինի մասին Ռոմեն Ռոլանի խոսքերը, եթե հասնեն Մոսկվա, կվնասեն Ձեր կարիերային, էլ չեմ ասում, թե Ձեզ «հայրենիքի դավաճանի» պիտակ կկպցնեն,— անկեղծացավ Մարիա Պավլովնան։ Աղայանցն, այնուամենայնիվ, ընթերցեց բնագիրը։

Խոստացավ ԽՍՀՄ ուղարկելով՝ ապահովել անվտանգությունն ու այնպես «փաթեթավորել», որ 25 տարի ոչ ոք չկարդա։

— Այնուամենայնիվ, ռիսկի եք դիմում, հանուն ինչի՞,— հարցրեց Կուդաշևան։

— Մեծ գրողը մեր երկրի մեծ բարեկամն է, ճիշտ կլինի, որ նրա ձեռագիրը լինի նաև Մոսկվայում, մնացած հետևանքներն անկարևոր են,— պատասխանեց Աղայանցը։

Նրանք միասին տպագրել տվեցին կրկնօրինակը։ Հատուկ փաթեթավորելով՝ ԽՍՀՄ հյուպատոս Իվան Ավալովը այն կողպեց իր չհրկիզվող պահարանում։

Հարմար պահի Կոնչալովսկու նկարների հետ հայրենիք կուղարկեմ, մտածեց նա։

* * *

1947-ի մայիսին ռուս կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովին նվիրված հուշ-երեկոն ու համերգն էր։ Ելենայի և Կոլյայի հետ Աղայանցը Ֆրանսիայի արտգործնախարարության հրավիրատոմսով գնաց համերգի։ Աշխարհահռչակ ռուս կոմպոզիտորին ներկայացրին որպես ԱՄՆ-ի մշակույթի պարծանքի և բոլշևիզմից հալածված վտարանդու։ Նրա մասին հուշեր պատմեցին հայտնի երաժշտագետներ։ Պաշտոնյաներից մեկն էլ տեղեկացրեց, որ Ռախմանինովի մեծ արխիվը պահպանվում է Փարիզի երաժշտական ընկերությունում։

Իվանը մանրամասն ուսումնասիրել էր կոմպոզիտորի կյանքը։ Գիտեր, որ նա հարուստ կալվածատիրոջ որդի է, իսկ պապերից մեկը մեծահարուստ գեներալ էր։ Վիրտուոզ դաշնակահարն ու դիրիժորը Մոսկվայի Մեծ թատրոնն էր ղեկավարում, երբ տեղի ունեցավ բոլշևիկյան հեղափոխությունը։ Սանկտ Պետերբուրգի նրա շքեղ տունը կոմունիստները խլեցին։ Վտանգի տակ էր նաև Մոսկվայի բնակարանը։ 1917-ի վերջերին նրան համերգների հրավիրեցին Հելսինկի։ Առիթից օգտվելով՝ Ռախմանինովը հեռացավ երկրից։ Իսկ մեկ տարի անց մեկնեց Նյու Յորք։

1929-1939 թվականներին հյուրախաղերով շրջել է ողջ Եվրոպայում։ Ապրել է Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ Երբ սկսվել է երկրորդ համաշխարհայինը, մեկնել է Նյու Յորք։ Մահացել էր չորս տարի առաջ՝ 1943-ի մարտին։ Մահից մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի քաղաքացիություն էր ստացել։ Եվ ամերիկացիները, դա դրոշակ դարձնելով, նրան «սեփականացրել» էին։ Իսկ Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինովը մահից առաջ գրած կտակում նշել էր, որ կուզենար թաղվել Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանոցում՝ իր հարազատների կողքին։

Համերգից հետո Աղայանցը մոտեցավ այն երաժշտագետ կնոջը, որն իր ելույթում խոսել էր Ռախմանինովի հարուստ արխիվի մասին։ Պայմանավորվեցին հանդիպել հաջորդ օրը։

Երաժշտական ընկերությունում Աղայանցի տեսածը վեր էր բոլոր սպասելիքներից։ Իրականում Ռախմանինովի արխիվը մշակութային մեծ արժեք ուներ։ Նա զարմացավ, որ այդքան փաստաթղթեր, ձեռագրեր, վկայություններ խնամքով պահպանվել էին ֆրանսիացիների կողմից։

Իվանի քունը փախավ, ինչպե՞ս անի, որ այդ ամենը տեղափոխվի հայրենիք։ Մի քանի անհաջող փորձերից հետո դիմեց դեսպան Բոգոմոլովին։

Անձամբ հանդիպեց Ֆրանսիայի արտգործնախարարին, որն իրեն հին ու մտերիմ բարեկամի պես ընդունեց։

Հիշեց իրենց Ալժիրյան հանդիպումները, Բաքվից գնացքով Մոսկվա ուղևորությունը՝ Շառլ դը Գոլի հետ։ Մինչ այդ Ռախմանինովի արխիվը Իվանը չէր կարողանում վերցնել, որովհետև քաղաքական աստառ էին տալիս։ Իբր կոմպոզիտորը ԱՄՆ քաղաքացի է, և Ամերիկան մեծ աղմուկ կբարձրացնի։ Աղայանցին հաջողվեց համոզել նախարարին և արխիվները վերցնելու թույլտվություն կորզել։

Այդ ամենը տեղավորեց դեսպանատան այն սենյակում, որտեղ պահում էր Կոնչալովսկու նկարները։

Փարիզում դիվանագետների շրջանում խոսակցություններ էին գնում, թե ԽՍՀՄ հյուպատոս Իվան Ավալովը մոլի արվեստասեր է և անընդհատ ռուսական «գանձեր» է փնտրում։ Մի ընկերությունից նրա մոտ պատվիրակություն եկավ, որն առաջարկում էր իրենցից գնել թանկարժեք մի փաստաթուղթ։ Ավալովն ուշադիր ընթերցեց. Կառլ Մարքսի ձեռագրով բնագիր նամակ էր ֆրանսիացի հայտնի գիտնական ու քաղաքական գործիչ Իլիզե Ռեկլյուին։ Առանց սակարկելու գնեց նամակը, որովհետև նախկինում լսել էր դրա գոյության մասին։ Իհարկե, վճարեց միայն երկու օր հետո, երբ մասնագետները հայտարարեցին, որ նամակն իսկապես գրել է Մարքսը…

ՄԱՐՇԱԼԻ ՊԼԱՆԻ «ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ»

Ապրիլի 30-ին՝ ուշ երեկոյան, Ֆորդը կարճ հաղորդագրություն ստացավ ԱՄՆ-ի դեսպանատան իր զինվորական գործակալից. «Շտապ, շտապ, Ֆորդին։ Առավոտյան ժամը 11-ին անձամբ լինել Փարիզի մերձակայքի հանդիպման վայրում՝ սև պորտֆելով»։ Աղայանցը նախորդ անգամ նրան հանդիպել էր հենց այդտեղ՝ քաղաքի արվարձաններից ոչ հեռու գտնվող Ֆեշերել գյուղի XII դարի եկեղեցու բակի հարակից սրճարանում։ Եթե կցորդի օգնականը գալիս է սև պորտֆելով, ուրեմն նրան հաջողվել է իրականացնել Ֆորդի առաջադրանքը։ Նա պետք է առաջիկա համաշխարհային կոնֆերանսի գլխավոր զեկուցող Մարշալի ելույթը ձեռք գցեր։ Ֆորդի ավտոմեքենան կանգ առավ սրճարանից հիսուն մետր վերև։ Քայլելով հասավ սրճարան, մի բաժակ ֆրանսիական սուրճ պատվիրեց ու մի բաժակ «Դյուբոնն»։ Գործակալը ժամանեց «Պեժո» ավտոմեքենայով։ Պայուսակը դրեց ոտքերի տակ՝ Ֆորդի պայուսակի կողքին ու դողացող ձայնով ասաց.

— Կյանքում առաջին անգամ եմ այսպիսի գերգաղտնի փաստաթուղթ տեսնում։ Սա «Մարշալի պլանն» է։ Բայց ոչ թե սովորական պլան, որը մասնակից երկրների ներկայացուցիչներին բաժանվելու է հինգ օր հետո։ Գաղտնի պլանն է։ Այնտեղ բացված են բոլոր փակագծերը՝ թե ինչը ինչի համար է արվելու։

— Դուք նույնիսկ հասցրել եք կարդա՞լ,— զարմացավ Ֆորդը,— խմեք Ձեր «Դյուբոննը»։

Գործակալը զարմացած նայեց Ֆորդին՝ որտեղի՞ց գիտի, որ իմ սիրած խմիչքն է։ — Շեֆս քաղաքից բացակայում էր, ես էլ օգտվեցի առիթից։ Միակ օրինակն իր սեյֆում էր։ Հագուստը փոխել էր, բանալին մոռացել կիտելի գրպանում։ Լա՛վ, ես գնացի,— ասաց գործակալն ու վերցնելով Ֆորդի պայուսակը՝ դուրս եկավ։

Աղայանցը հասնելով դեսպանատուն՝ անմիջապես փակվեց իր աշխատասենյակում։ Ուշադիր ընթերցեց փաստաթղթերը։ Գրողը տանի, սրանք իսկապես պետական գաղտնիք են պարունակում։ Սրանցով բացահայտվում է ԱՄՆ-ի իրական դեմքը։ Պարզ երևում էր նրանց ծրագրերը Եվրոպայում, թե ինչպես են պայքարելու ԽՍՀՄ-ի դեմ՝ Եվրոպայի երկրներում տնտեսության զարգացման և դեմոկրատիայի հաստատման անվան տակ։ Մոլոտովի գործը հեշտացրինք։ Փաստաթղթերը նոր էր դրել սեյֆի մեջ, երբ դուռը թակեցին։ Պետրովիչն էր։ Պարզվեց, որ մինչև Ֆեշերել գյուղից դուրս գալը մեր հետախույզները գործակալների միջոցով արդեն ձեռք էին բերել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Բելգիայի արտգործնախարարների՝ կոնֆերանսում կարդալիք ելույթների կրկնօրինակները։

— Սրանցով չի կարելի սահմանափակվել։ Ինձ անհրաժեշտ են Շվեյցարիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լյուքսենբուրգի, Նորվեգիայի, Դանիայի, Պորտուգալիայի և Իռլանդիայի նախարարների դիրքորոշումները։ Իսկ դրա համար ընդամենը երեք օր ժամանակ ունենք։ Երեք օրից ԽՍՀՄ պատվիրակությունը կժամանի Փարիզ։ Ես պետք է բոլոր երկրների խաղաքարտերը դնեմ Մոլոտովի սեղանին…

Երեկոյան Իվան Աղայանցի սեղանին դրվեցին Շվեյցարիայի, Ավստրիայի, Դանիայի և Նորվեգիայի նախարարների ելույթների կրկնօրինակները։ Աղայանցն սպասում էր ևս չորս երկրների ելույթների տեքստերին։ Ժամը իննին հաղորդագրություն ուղարկեց Կենտրոն. «Հույժ գաղտնի Ընկ. Վիկտորին, Մեր ձեռքի տակ են թղթախաղի գլխավոր խաղացողի բոլոր խաղաքարտերը։ նաև յոթ հոգու մտադրությունները։ Մեր խաղացողը պետք է տեղում դասավորի իր խաղաքարտերը, որովհետև բոլորովին նոր կոմբինացիա է անհրաժեշտ, նոր քայլեր։ Ֆորդ»։ Գեներալ Պավել Ֆիտինի աչքերն ուրախությունից փայլեցին։ Գրողը տանի, մտածեց, Ֆորդը կարողացել է մտնել բոլորի գաղտնի որջերը։ Նորից կարդաց վերջին նախադասությունը։ Աղայանցը նույնիսկ հուշում է, որ Մոլոտովն իր ելույթը պետք է գրի այդ փաստաթղթերը կարդալուց հետո։ Ամենայն հավանականությամբ գաղտնիությունից ելնելով չի ուղարկել «Մարշալի պլանը»։ Գեներալն անմիջապես հակիրճ տեղեկանք պատրաստեց և ուղարկեց արտգործնախարարին։

…Փարիզ թռչելու նախորդ երեկոյան Վյաչեսլավ Միխայիլովիչ Մոլոտովը Ստալինին ներկայացրեց Ֆորդի ծածկագիրը։

— Ափսոս, որ այն դեռ իմ ձեռքին չէ, «Մարշալի պլանը» Աղայանցից կստանամ Փարիզում,— ասաց Մոլոտովը։

— Դուք այնտեղ, ընկե՛ր Մոլոտով, մշտապես խորհրդակցեք Աղայանցի հետ։ Նա քաղաքականությունից մեզանից ավելի լավ է հասկանում։ Համենայնդեպս, երբ նրան լսել ենք, չենք տուժել,— ասաց Ստալինը։

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ

Խորհրդային Միության արտգործնախարարության պատվիրակությունը վայրէջք կատարեց Փարիզի օդանավակայանում։ Այդ օրերին օդանավակայանի անձնակազմն աշխատում էր շուրջօրյա ռեժիմով։ Անընդհատ պաշտոնական պատվիրակություններ էին գալիս։ Երկու օր անց սկսվելու էր կոնֆերանսի նախնական հավաքը ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների մասնակցությամբ։ Դեսպանի աշխատասենյակը հանձնվեց Մոլոտովին։ Դեռ վերարկուն չկախած՝ նախարարը կարգադրեց իր մոտ հրավիրել Իվան Աղայանցին։ Ֆորդը ներկայացավ հաստափոր կաշվե պայուսակով։ Բացի Մոլոտովից, ներկա էր նաև նրա տեղակալ Անդրեյ Վիշինսկին։

— Այս անգա՞մ ինչ անակնկալ եք մեզ մատուցելու, Իվա՛ն Իվանովիչ,— հարցրեց Մոլոտովը՝ Աղայանցին առաջարկելով նստել իր դիմաց։

Ֆորդը պայուսակից հանեց հաստափոր մի թղթապանակ և հանձնեց նրան։ Մոլոտովը բացեց ու սկսեց մտքում կարդալ։

Մոտ տասնհինգ րոպե սենյակում լռություն էր։

— Սատանան տանի, սա Մարշալի սովորական պլանը չէ, սա ամենագաղտնի փաստաթուղթն է, այստեղ բոլոր առաջարկվող քայլերի ենթատեքստերը բացահայտված են։ Սրիկաները դեմոկրատիայի և տնտեսական աջակցության անվան տակ հակախորհրդային արշավ են սկսում։ Սա բացառիկ կարևոր փաստաթուղթ է, Իվա՛ն Իվանովիչ, այստեղ ամերիկացիներն ինձ հուշում են, թե ինչպես գործեմ։ Կեցցե՛ք։ Ողջ գիշեր կետ առ կետ մենք սա կքննարկենք,— և՛ զայրացած, և՛ ոգևորված ասաց Վյաչեսլավ Մոլոտովը։

Նա փաստաթղթերի տրցակը փոխանցեց Վիշինսկուն, ապա դիմեց Աղայանցին.

— Իսկ հնարավո՞ր է, որ տեղեկանանք, թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցում բրիտանացիներն ու ֆրանսիացիները։

Աղայանցը պայուսակից հանեց երկու բարալիկ թղթապանակ և մեկնելով նախարարին, ասաց՝ Ձեր թվարկած երկրների նախարարների ելույթներն են, Վյաչեսլա՛վ Միխայիլովիչ։

Մոլոտովն ապշած նայեց Ֆորդին ու ծիծաղելով ասաց,

— Այս ի՜նչ կախարդական պայուսակ ունեք, բոլոր ցանկություններս կատարում է, գուցե այդտեղ Մոլոտովի զեկույցն է՞լ կա։

— Չկա, ընկե՛ր նախարար, միայն այն պատճառով, որ Դուք այն դեռ չեք գրել,— կատակին կատակով պատասխանեց Աղայանցը։

— Իսկ Դուք պատահաբար չե՞ք գրել ընկեր Մոլոտովի ելույթը՝ այս փաստաթղթերն ընթերցելուց հետո, Իվա՛ն Իվանովիչ,— հիմա էլ կատակեց Վիշինսկին։

— Կներեք, այդ հարցում թերացել եմ,— հակադարձեց Աղայանցը։

Մոլոտովն ընթերցեց բրիտանական և ֆրանսիական ելույթները։ Գլուխն անընդհատ օրորում էր։ Հետո դարձյալ դիմեց Աղայանցին.

— Իսկ հնարավո՞ր է, որ Դուք…

— Իհարկե, հնարավոր է,— համարձակվեց ընդհատել Վիշինսկին։- Ընկեր Մոլոտովը ցանկանում է, որ պայուսակից հանեք նաև Իտալիայի, Բելգիայի, Շվեյցարիայի և մնացած երկրների նախարարների ելույթները։

Աղայանցը պայուսակը դատարկեց՝ այնտեղից հանելով վեց ելույթ։

— Մնացածը կստանաք վաղը՝ օրվա երկրորդ կեսին։

— Իվա՛ն Իվանովիչ, անչափ գոհ եմ Ձեզանից։ Տիտանական աշխատանք եք կատարել։ Այս ամենը փոխեց իմ բոլոր մտադրությունները։ Ես արդեն գիտեմ իմ նոր անելիքը Ձեր շնորհիվ։ Դուք ազատ եք, ես պետք է անմիջապես խորհրդակցեմ ընկեր Ստալինի հետ։ Իրավիճակն ամբողջությամբ փոխվել է,— ասաց Մոլոտովն ու բարի գիշեր մաղթեց Աղայանցին։

* * *

Հաջորդ օրը Ֆորդը Մոլոտովին փոխանցեց ևս չորս նյութ։ Մեկ օր անց սկսվեց չորս երկրների նախարարների հանդիպումը։ Նախորդ օրը բոլորին բաժանել էին «Մարշալի պլանը»։ Դա աշխատանքային տարբերակ էր՝ առանց ենթատեքստերը բացելու։ Մոլոտովն իր ելույթում ուղղակի ջախջախեց ամերիկացիներին, ապացուցեց, որ տնտեսական զարգացման ու դեմոկրատիայի հաստատման քողի տակ քաղաքական, հակախորհրդային գործողություններ են իրականում նախատեսված «Մարշալի պլանով»։ Մարշալն ապշել էր՝ ինչպե՞ս է Մոլոտովը կարողացել թափանցել խնդրի իրական էության մեջ։ Նախարարներն ստիպված էին հետաձգել իրենց ելույթները՝ նոր իրավիճակի պատճառով։ Նիստերը մի քանի օր դեռ պետք է շարունակվեին։ Ֆրանսիայի հակահետախուզության գնդապետը, որը Ֆորդի գործակալն էր ու նրա հետ ծանոթացել էր Ալժիրում, շտապ հանդիպում խնդրեց Աղայանցի հետ։

Հանդիպեցին Պրե-Սեն-Ժերվե փողոցի վրա գտնվող ընդհատակյա բնակարանում։

— Վատ լուր ունեմ,— ասաց գնդապետը,— բրիտանացիներն ու ամերիկացիները երկու-երեք օրից, քանի դեռ ձեր արտգործնախարարը Փարիզում է, մեծ սկանդալ են բարձրացնելու։ Ձեր դեսպանատան աշխատակիցներից մեկը դավաճան է, համագործակցում է անգլիական հետախուզության հետ։ Խնդրի բարդությունն այն է, որ այդ աշխատակիցը ԽՍՀՄ բարձր պաշտոնյայի որդի է՝ ձեր արտաքին առևտրի նախարարի տեղակալ Կրուտիկովի որդին է։ Երեք օր անց նա թռչելու է Ժնև և այնտեղ ասուլիսում քաղաքական ապաստան է խնդրելու Բրիտանիայից։ Քարոզչամեքենաները պատրաստ դրան են սպասում։ Թերթերի համար հոդվածներն էլ են պատրաստ։ Ուզում են քաղաքական սկանդալ բարձրացնել՝ Մոլոտովին անհարմար վիճակի մեջ դնելու համար։ Եթե դուք մեկուսացնեք դավաճանին, ապա անգլիացիները կհրապարակեն նրա գրած նամակը և ձեզ կմեղադրեն քաղաքական հողի վրա սպանության մեջ։ Մտածեք համապատասխան լուծում գտնելու մասին։

Տհաճ լուր էր, անշուշտ, մանավանդ՝ դավաճանը նախարարի տեղակալի որդի էր։ Ֆորդը շնորհակալություն հայտնեց գնդապետին և ասաց, որ լուծում կգտնի։

— Ի դեպ, անգլիացիներն այնքան են կարևորում այս օպերացիան, որ հատուկ այդ գործի համար Լոնդոնից ժամանել է նրանց հետախուզության՝ «Սիքրեթ ինտելլիջենս սերվիսի» փորձառու մի գնդապետ, որն աշխատել է նաև Իրանում։ Ազգանունն ասացին, բայց չեմ հիշում։

Հակահետախուզության գնդապետը չգիտեր, որ Ֆորդն աշխատել է Իրանում։

— Իսկ եթե ես հուշեմ, կհիշե՞ք նրա անունը,— հարցրեց Ֆորդը։

— Այսի՞նքն, չհասկացա։

— Գուցե նրա անունը գնդապետ Սփենսե՞ր է։

— Այո՛, այո՛, հենց գնդապետ Սփենսեր է։ Ի՞նչ է՝ գիտեի՞ք, որ այստեղ է,— զարմացավ ֆրանսիացին։

— Ո՛չ, պարզապես այդպիսի մեկին գիտեմ։

Գնդապետը հեռացավ։ Աղայանցը մտքերի մեջ ընկավ։ Ժամանակ չկա։ Պետք է մի անաղմուկ ելք գտնել։

Սրիկա Սփենսերի հետ դարձյալ իր ճանապարհը խաչվեց։ Հիմա նրա մռութն այնպես կջարդեմ, որ էլ չհանդիպի ինձ։ Շտապ գնաց դեսպանատուն։ Ճանապարհին խելահեղ մի սցենար մշակեց։ Բարձրացավ այն սենյակ, որտեղ Պյոտր Կոնչալովսկու հարյուր կտավներն էին պատերի տակ դարսված։ Դարակից հանեց Ռոմեն Ռոլանի «Մոսկովյան օրագիրը»։ Ապա նայեց աշխարհահռչակ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի արխիվներին։ Ձեռքը վերցրեց Կառլ Մարքսի բնագիր նամակը Իլիզե Ռեկլյուին։

Չէ՛, մտածեց Ֆորդը, պետք է դիմեմ այս քայլին, Մոլոտովն ինձ կհասկանա։ Դուռը կողպեց և ուղիղ գնաց դեսպանի ընդունարան։ Ընդունարանում սպասողներ կային։ Մոտեցավ օգնականին և ականջին շշնջաց՝ ինձ անհրաժեշտ է շտապ առանձին հանդիպել ընկեր Մոլոտովին։ Օգնականը ճանաչում էր Աղայանցին, անմիջապես ներս մտավ։ Մեկ րոպե անց նրա հետ արտգործնախարարի մոտից դուրս եկան երեք հոգի։ Ներս անցեք, ասաց օգնականը։

Մոլոտովն անհանգստացած հարցրեց՝ ինչ-որ բա՞ն է պատահել։

— Վյաչեսլավ Միխայիլովիչ, Դուք դեռ հինգ օր կմնա՞ք Փարիզում։

— Այո, իսկ ինչ կա։

— Ձեր ինքնաթիռը այդքան օր մնալու է օդանավակայանո՞ւմ։

— Այո, իհարկե։

— Մի մեծ խնդրանք ունեմ։ Երկու օրով ինձ տվեք Ձեր ինքնաթիռը։

Մոլոտովը զարմացած ու հարցական նայեց Աղայանցին, բնականաբար նման խնդրանքի չէր սպասում։ Աղայանցը մանրամասն պատմեց նախարարի տեղակալ Կրուտիկովի որդու պատմությունը։

— Եվ այս իրավիճակից չոր դուրս գալու ի՞նչ ելք ունեք,— մտահոգված հարցրեց Մոլոտովը։

— Վյաչեսլա՛վ Միխայիլովիչ, ես ելքը գտել եմ, մնում է Ձեր աջակցությունը,— պատասխանեց Աղայանցը,— հայտնի նկարիչ Պյոտր Կոնչալովսկու 100 կտավ եմ հայտնաբերել Փարիզում, որոնք պահվում են մեր դեսպանատանը, այստեղ է նաև Ռոմեն Ռոլանի անտիպ օրագիրը, կոմպոզիտոր Ռախմանինովի արխիվները, Մարքսի բնագիր նամակը…

— Բայց դրանք ի՞նչ կապ ունեն այս սրիկա Կրուտիկովի դավաճանության հետ,— հարցրեց Մոլոտովը։

— Հիմա բացատրեմ իմ ծրագիրը։ Կանչում ենք Կրուտիկովին։ Արտգործնախարար Մոլոտովը փակ-գաղտնի ծրար է տալիս նրան՝ հանձնարարելով, որ նա Մոլոտովի ինքնաթիռով այն տանի Ժնև ու հանձնի այսինչ մարդուն։

Մոլոտովը լարված լսում էր ռեզիդենտին։ Աղայանցը շարունակեց.

— Կրուտիկովն, անշուշտ, կուրախանա, որովհետև հենց Ժնևում պիտի հայտարարի քաղաքական ապաստան խնդրելու մասին։ Նա սիրով կհամաձայնի թռչել։ Մենք Կոնչալովսկու բոլոր կտավները, մնացած գործիչների արխիվները կդնենք ինքնաթիռ։

— Հետո՛, հետո՛,— լարված հետաքրքրությամբ ասաց Մոլոտովը։

— Հետո՝ վերջ։ Կհայտարարվի, որ այսինչ ինքնաթիռը հատուկ չվերթով թռչում է Ժնև։ Ինքնաթիռն օդ կբարձրանա և ուղղություն կվերցնի դեպի…

— Դեպի ո՞ւր,— չհամբերեց Մոլոտովը։

— Իհարկե, դեպի Մոսկվա։ Անգլիացիները նրան կսպասեն Ժնևում՝ ոչինչ չկասկածելով։ Մինչև նրանք կպարզեն ինչն ինչոց է, Կրուտիկովին մերոնք կդիմավորեն Մոսկվայի օդանավակայանում։ Մոլոտովը ծիծաղելով ափերն իրար զարկեց՝ հոյակապ է, ասաց, ինքնաթիռս Ձեզ եմ նվիրում։

— Երկու օրից ինքնաթիռը դարձյալ վայրէջք կկատարի Փարիզում,— ասաց Աղայանցը,— Վյաչեսլա՛վ Միխայիլովիչ, անչափ շնորհակալ եմ, որ ընդառաջեցիք։

— Մենք ընդհանուր գործ ենք անում, Դուք իմ աշխատանքը հեշտացրիք, ես էլ՝ Ձեր։ Ուրախ եմ, որ պետք եկա։

Տնօրինեք ինքնաթիռն ինչպես ուզում եք,— արձագանքեց արտգործնախարարը։

Ֆորդն արագ կազմակերպեց մշակութային արժեքների փոխադրումը օդանավակայան։ Խնամքով ինքնաթիռի հետնամասում դասավորեցին նկարները։ Արխիվային փաստաթղթերը հանձնեց իր երկու աշխատակիցներին, որոնք ուղեկցելու էին Կրուտիկովին։

— Երբ ինքնաթիռն օդ բարձրանա, մեկուկես ժամից Կրուտիկովը կանհանգստանա ՝ հասկանալով, որ Ժնևում վայրէջք չի լինելու։ Հենց այդ ժամանակ էլ ձեռաշղթաներ կհագցնեք, իսկ Մոսկվայի օդանավակայանում նրան անհամբեր սպասող խումբ կա։ Նկարներն ու արխիվները համապատասխան գերատեսչություններին կհանձնեք տեղում։ Հաջորդ օրը նույն ինքնաթիռով կվերադառնաք Փարիզ,— բացատրեց Ֆորդը։

Հաջորդ օրը դեսպան Բոգոմոլովը աշխատակից Կրուտիկովին հանձնեց Մոլոտովի փակ նամակն ու Ֆորդի տղաների հետ ուղարկեց օդանավակայան։ Կրուտիկովին Ժնև գործուղելու մասին հայտնել էին նախորդ օրը։ Անգլիացիներն արդեն տեղյակ էին և Շվեյցարիայում սպասում էին ժամանմանը։ Աղայանցը երեկոյան ծածկագիր էր ուղարկել Կենտրոն։ Ամեն ինչի մասին տեղեկացրել էր գեներալ Ֆիտինին։ Խնդրել էր ավտոմեքենա տրամադրել նկարիչ Կոնչալովսկուն և օգնել տեղափոխելու նկարները։ Մոսկվայի համաշխարհային գրականության ինստիտուտի աշխատակիցները վերցնելու էին Ռոմեն Ռոլանի «Օրագիրը»։ Իսկ կոմպոզիտորների միությունը «տիրանալու» էր Ռախմանինովի արխիվին։ Ֆորդը Պետրովիչի հետ գնաց օդանավակայան։ Սպասասրահից հետևում էր, թե ինչպես է ուրախ ու զվարթ տրամադրությամբ Կրուտիկովը բարձրանում ինքնաթիռ։

Հայտարարեցին, որ Ժնև մեկնող ուղևորները մոտենան մուտքին։ Սա մի այլ չվերթ էր։ Պետրովիչը թեթև հրեց Ֆորդին՝ տեսեք ով է մեր դիմաց կանգնած։ Գնդապետ Սփենսերն էր, վերջին անգամ հանդիպել էին երկու տարի առաջ՝ Թեհրանի օդանավակայանում, երբ Աղայանցն ընտանիքով Մոսկվա էր վերադառնում։ Միաժամանակ նկատեցին իրար:

— Այս ո՞ւր եք շտապում, պարոն Սփենսեր,— լայն ժպտալով՝ հարցրեց Ֆորդը։

— Օ՜, պարո՛ն Ավալով, չէի սպասում Ձեզ այստեղ տեսնել,— մոտենալով՝ ասաց Սփենսերը։

— Երևի Ժնև՞ եք թռչում,— հարցրեց Ֆորդը։

— Այո՛, գործեր ունեմ, մեծ սիրով Ձեզ հետ սեղան կնստեի, բայց, ցավոք, իմ ինքնաթիռը շուտով կշարժվի,— պատասխանեց Սփենսերը։

— Խորհուրդ չէի տա Ժնև մեկնել, վատ եղանակ է այնտեղ, կփոշմանեք,— քմծիծաղով ասաց Աղայանցն ու բարի թռիչք մաղթեց։

Սփենսերը տեղյակ էր, որ Ժնևում հրաշալի եղանակ է։

Մտածեց՝ ինչո՞ւ այսպես ասաց հետախույզ Ֆորդը…

Երեք-չորս ժամ անց Ժնևի անգլիական դեսպանատան հետախուզական բաժնում համոզվեցին, որ վերջնականապես կորցրել են Կրուտիկովի հետքերը։ Գնդապետ Սփենսերը զանգահարեց Փարիզ՝ Մեծ Բրիտանիայի դեսպանին, և խնդրեց պարզել, թե ԽՍՀՄ դեսպանատանն աշխատո՞ւմ է, արդյոք, Իվան Ավալով անունով մարդ։ Մեկ ժամ անց ստացավ պատասխան՝ Իվան Իվանովիչ Ավալովը Ֆրանսիայում ԽՍՀՄ հյուպատոսն է։ Սատանան տանի, հանկարծ զայրացած բարձրաձայնեց Սփենսերը, դրա համա՞ր էր Ֆորդն ասում, որ անտեղի Ժնև չթռչեմ։

Պարոնայք, վերջ, մենք հավետ կորցրինք Կրուտիկովին, գործին խառնվել է ռեզիդենտ Ֆորդը, նա միշտ մի քայլ առաջ է մեզանից։ Հետո օգնականի ականջին շշնջաց՝ էլ անելիք չունենք, Լոնդոնի տոմսեր գնիր…

…Իսկ Մոսկվայի օդանավակայանում՝ Մոլոտովի ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ, ԽՍՀՄ պետանվտանգության աշխատակիցները ձերբակալեցին ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարի տեղակալ Կրուտիկովի որդուն։

Հաջորդ օրը արտգործնախարարի ինքնաթիռը վայրէջք կատարեց Փարիզի օդանավակայանում։

Կոնֆերանսի աշխատանքները շարունակվում էին։ Ի նշան բողոքի՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց ամերիկյան տնտեսական օգնությունից։ ԱՄՆ-ը Եվրոպական երկրների տնտեսության վերականգնման համար հատկացրեց 12 միլիարդ դոլար (այժմյան 135 միլիարդ)։ Ամենամեծ հատկացումներն ստացան Մեծ Բրիտանիան (26%), Ֆրանսիան (18%), Արևմտյան Գերմանիան (11%):

Մոլոտովի Մոսկվա մեկնելու նախօրեին Աղայանցը հերթական առանձնազրույցն ունեցավ նրա հետ։ Խնդրեց ճաշի հրավիրել Ֆրանսիայի կառավարության անդամներից մեկին, որն անձնական մտերմություն ուներ Մոլոտովի հետ։ Երբ արտգործնախարարն իմացավ, թե ինչ նպատակով է Ֆորդն ուզում մոտիկից ծանոթանալ այդ պաշտոնյայի հետ, ուղղակի ապշեց։ Դա անհնար է, Իվա՛ն Իվանովիչ, և՛ անհնար է, և՛ մեծ ռիսկ է պարունակում, ասաց Մոլոտովը։ Ով ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում, պատասխանեց Աղայանցը։ Նա ուզում էր կառավարության այդ անդամի աջակցությամբ իր մարդկանց բարձր պաշտոնի նշանակել Ֆրանսիայի ԱԳՆ-ում, ոստիկանությունում և հետախուզությունում։ Իսկ իր գնդապետ գործակալին նպատակ ուներ նշանակել Ֆրանսիայի հակահետախուզության ԽՍՀՄ-ի բաժնի պետ։

— Ես այնպես զգույշ կաշխատեմ նրա հետ, որ ինքն էլ չի հասկանա, թե ինչպես օգտակար եղավ մեզ,— համոզում էր Աղայանցը։

Ի վերջո, Մոլոտովը տեղի տվեց։ Ճաշկերույթի ժամանակ կառավարության անդամը այնքան գերվեց ֆրանսիական գրականության ու արվեստի, ճարտարապետության ու երաժշտության ոլորտում Աղայանցի իմացությամբ, որ նրան հրավիրեց իր տուն՝ արվեստագետ կնոջ հետ ծանոթանալու։ Նրա գնալուց հետո Մոլոտովը զարմացած դիմեց Իվանին.

— Դուք անճանաչելի էիք նրա հետ զրուցելիս, մշտապես քչախոս Աղայանցը իմ աչքի առաջ ուղղակի հավաքագրեց նախարարին։ Չգիտեի, որ այդքան ճարտար լեզու ունեք և այդպիսի գեղեցիկ ու հարուստ բառապաշարով եք ֆրանսերեն խոսում։ Այդ ե՞րբ եք հասցրել այդքան խորությամբ ուսումնասիրել սրանց գրականությունն ու արվեստը։ Նա ուղղակի սիրահարվեց Ձեզ։

— Կարելի է ասել, որ ես արվեստաբան եմ։ Ուղղակի զուգահեռ նաև հետախուզությամբ եմ զբաղվում,— կատակեց Աղայանցը։

— Ձեր դիվանագիտական նուրբ մոտեցմամբ նրան ուղղակի գրավեցիք։ Ճիշտ էր ասում Իոսիֆ Վիսարիոնովիչը, որ Աղայանցն ավելի լավ է գլուխ հանում դիվանագիտությունից, քան մենք։

Աղայանցը չէր սպասում, որ Ստալինը նման կարծիք ունի իր մասին։

Հաջորդ օրվա երկրորդ կեսին Մոլոտովը վերադարձավ Մոսկվա։

Աղայանցը Ելենայի հետ հյուրընկալվեց կառավարության անդամի տանը։ Նրա կնոջը նվիրեց երկու մեծանուն մարդկանց նամակների բնագրեր՝ Ռոմեն Ռոլանի և Ավգուստ Ռոդենի։ Գրականագետ կինը ուրախությունից արտասվում էր։ Հաջորդ շաբաթ կառավարության անդամը կնոջ հետ հյուրընկալվեց հյուպատոսի տանը։

…Երկու ամիս անց Ֆորդի գործակալը նշանակվեց Ֆրանսիայի հակահետախուզության՝ ԽՍՀՄ-ի ուղղությամբ վարչության պետ։ Մայրաքաղաքի փոխոստիկանապետ նշանակվեց Ֆորդի մեկ այլ գործակալ։ Արտաքին գործերի նախարարությունում նա «նշանակեց» իր երկու ընկերներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով