Հովիկ Աֆյան

Քաղցր կյանք

2022թ․  «Քաղցր Կյանք» վեպը արժանացել է ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ մրցանակի՝ «Երիտասարդական մրցանակ» անվանակարգում

(հատված)

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ. ԿՐԱԿ

Այստեղ քաղցր չեն ուտում

Արփիկի մանուշակագույն դույլի մեջ թթուն պճպճում էր: Ծիծակն ու սխտորը՝ բոլ-բոլ, լոլիկը՝ թեթեւ կարմիր, կաղամբը՝ դույլի պես մանուշակագույն, գազարն էլ՝ բազուկի գույնի: Հոտն էլ՝ անտանելի, ճիշտ Արփիկի տրամադրության պես: Պատերազմը նոր էր ավարտվել: Մարդիկ, որը` ողջ, որը` մեռած, գնում էին առաջ:

-Պիտի նոր քաղաք կառուցենք,-ասել էր քահանան, երբ քաղաքից դուրս եկածներին լուրը հասավ, որ իրենց քաղաքն էլ չկա:

Պիտի՜, պիտի՜, պիտի՜…արձագանքեց քահանայի թավ ձայնը ամայի վայրում: Մարդիկ հիմնականում հավատացյալ էին ու լուռ էին հետեւում քահանային: Հին քաղաքի համար մեռածները՝ առավել եւս:

Քիչ թե շատ ամրակազմ տղամարդիկ մեռածներին առանձին շարքով էին տանում: Հիմնականում կանայք ու երեխաները՝ առանձին շարքով էին քայլում՝ դաշտերով, սար ու ձորերով՝ դեպի հեռու մի տեղ, որ նոր քաղաք կառուցեն: Երբ ողջ մնացածներով հավաքվեցին, առանց հարց ու պատասխանի միաձայն որոշեցին, որ ուր էլ գնան, որտեղ էլ կառուցեն իրենց նոր քաղաքը, իրենց մեռելներին հետները տանելու են.

-Մեռելն ամրացնում է հողը: Առանց գերեզման հայրենիք չի լինում,-ասել էր մի ծերունի:

Հավաքի մասնակիցներն էլ բոլորը հայրենասեր էին ու մեռելներին շալակեցին եւ ճամփա ընկան՝ խաչով, տերտերով: Ու գաղթականների այս քարավանը հենց ճանապարհի սկզբից բաժանվեց երեք գծի՝ ողջերի, մեռելների ու նրանց մեջտեղով քայլող վիրավորների ու տկարների, որոնց թիվը պատերազմից հետո շատացել էր, որոնցից մեկը դառնալու ցանկությունը՝ նույնպես: Կար նաեւ չորրորդ գիծը: Հին քաղաքի, որը գուցե պարզապես մեծ գյուղ էր, ոչ թե քաղաք, անասունը: Ջահել անասնապահ Մխոն առաջնորդում էր անասունի հոտը, ինչպես քահանան էր առաջնորդում մարդկանց:

Արփիկը քայլում էր կանանց ու երեխաների շարքի առջեւից, տերտերի հետեւից, հիվանդ մոր ձեռքը բռնած: Եթե երեխաները չաղմկեին, միայն քայլող հույսի ու ապրելու ցանկության ձայնը կլսվեր, բայց եթե երեխաները չլինեին ոչ հույսը կքայլեր, ոչ էլ ապրելու ցանկություն կլիներ: Ոչ մեկը չհարցրեց Արփիկին, թե էդ թթուն ո՞ւր ես տանում. Արփիկի թթուն իրենց երջանկահիշատակ քաղաքի խորհրդանիշներից մեկն էր: Նույնիսկ արտասահմանից տուրիստներ էին գալիս՝ հատուկ Արփիկի թթուն ուտելու: Հատկապես գյուղի քահանան խելագարվում էր Արփիկի լոլիկների համար: Արփիկն էլ հավատացյալ կին էր: Նույնիսկ գաղթի քարավանի մեջ հավատում էր, որ մի օր ամուսնանալու է, սիրտը թթու է ուզելու, չորս տղա է ունենալու…Չնայած վերջինի հաշվով Արփիկը կամաց-կամաց հավատը կորցնում էր. արդեն 40 տարեկան էր դառնում ու չնայած հրեշտակի աչքեր ուներ ու գանգուր մազեր, նիհար մեջք ու լայն սիրտ, բայց քաղաքում տղամարդ էլ չէր մնացել, քաղաքն էլ չէր մնացել: Միակ հույսն Աստվածն էր, դրա համար էլ ամեն օր եկեղեցի էր գնում, դրա համար էլ քահանան, որ ամուսնացած էր ու երկու փոքրիկ տղա ուներ, սկսեց ծխել:

Որ հասնում էին հով սարերի կամ մութն ընկնում էր, կանգ էին առնում: Քահանան բարձրանում էր սարը՝ աղոթելու, որ շուտ տեղ հասնեն, որ տեղ հասնեն, որ բոլորով հասնեն: Մյուսները հարմարվում էին ստորոտին: Երիտասարդ Նահապետն ու Անթառամը հարմարվողներից էին: Անթառամն աշխարհի գեղեցկուհին էր, բայց 15 տարեկանում իրենց գյուղի տան կտուրից ընկել էր: Բարձրացել էր լվացքը հավաքելու ու աստիճանից ընկել: Երբ Անթառամը բարձրանում էր լվացք փռելու կամ հավաքելու, ամբողջ գյուղի ջահելները, ամեն մեկը մի ծառի տակ, անթարթ հայացքով հետեւում էին Անթառամի նուրբ մարմնի անսանձ թվացող շարժումներին: Գիշերներն այն տներում, որտեղ ջահել տղա էր ապրում, Անթառամն էր շրջում՝ երազի տեսքով: Բայց հենց աստիճանից ընկավ, ծառերի հետեւն էլ ոչ մեկը չէր գալիս, մենակ Նահապետը: Սիրտը կպել էր: Հերն ու մերն ասին՝ «Ա՛յ բալա, էս լեն ու բոլ աշխարհում ուրիշ աղջիկ չկա՞», ինքն էլ ասաց՝ «Կան, բայց ամենալավը նա է լվացք փռում»: Մի օր ձեռքը բռնեց ու բերեց տուն: Սիրում էր: Հետո քաղաք եկան: Հետո պատերազմ սկսվեց: Հետո էլ գաղթը: Հիմա դրա ճամփին են, Նահապետը, Անթառամը, Նահապետի մեռած հերն ու մերը, Արփիկը, տերտերը, Մխոն…Մի քաղաք մարդ:

Նահապետը հողի մարդ էր: Պատերազմից առաջ իրենց քաղաքի փոքրիկ տան բակում այգի էր տնկել: Ցերեկները ծառերն էր խնամում, գիշերները՝ կնոջ հիվանդ ոտքը: Ինքը պատերազմ չգնաց. Անթառամին չկարողացավ մենակ թողնել: Չէր սիրում, երբ կինը դուրս էր գալիս ու հետեւից մեծերը՝ շշնջում, փոքրերը գոռում էին թոփալ: Այգին սարքել էր, որ կինն իրեն թագուհի զգա տանը: Գաղթի ճանապարհին Անթառամը հղի էր. արքայադուստր էին ունենալու:

-Էս կեր, մի քիչ կթողի,-մի գիշեր ասած Արփիկը՝ մի աման թթու բերելով Անթառամին, երբ պառկել էին սարի ստորոտին:

Իսկապես թողեց սրտխառնոցը, ու երբ Նահապետը կնոջ ոտքերն էր տրորում, որ առավոտյան շարունակեն ճանապարհը, հենց Արփիկի գլխավերեւում մի լույս վառվեց: Քահանան էր սիգարետը վառել: Արփիկը շրջվեց՝ տեսնելու, թե ո՞վ է գլխին կանգնել, քահանան մի մուխ քաշեց ու ասաց.

-Բարձրանում եմ սարը՝ աղոթելու, գալի՞ս ես:

Արփիկը գնաց:

-Թթուն թող ստեղ, վերեւը պետք չէ,-ժպտաց քահանան:

Արփիկը դույլը դրեց գետնին ու գնաց քահանայի հետեւից, ինչպես բոլոր անհույս կանայք կգնային:

Բայց ոչ սարն էր Սինա կոչվում, ոչ քահանայի անունն էլ Մովսես, ոչ էլ Աստված երեւաց նրան: Ամբողջ գիշեր տղամարդն ու կինը իրար հետ էին, իսկ նման դեպքերում Աստված չի երեւում: Չնայած՝ գուցե հենց նման դեպքերում է միայն Աստված երեւում: Ամեն դեպքում, սարից իջած Արփիկի դեմքն այնպիսինն էր, ասես քիչ առաջ դրախտն է տեսել:

Առավոտյան քարավանը շարժվեց առաջ: Դիմացը գետ էր երեւում, որի շուրջբոլորը ընտիր արոտավայրեր կային: Մարդկանց հրապուրեց տեսարանը ու մարդիկ կանգ առան:

Երբ միաձայն որոշեցին առաջինը եկեղեցի կառուցել, քահանան օրհնեց քաղաքի շինարարության մեկնարկը: Դիտմամբ հին քարով շարեցին պատերը, որ միջնադարյան շունչ հաղորդեն, որ տուրիստները գան իրենց քաղաք, որ իրենք փող աշխատեն: Եկեղեցու անունը դրեցին քահանայի անունով՝ Սուրբ Հովհաննես: Երբ հնչեցին եկեղեցու զանգերը՝ միախառնվելով անասունի բառաչի հետ՝ հեռվից լսելի դարձնելով այն փաստը, որ մարդիկ այստեղ քաղաք կառուցեցին, որոշեցին քաղաքի դարպասների վրա մի ցուցանակ փակցնել՝ Այստեղ քաղցր չեն ուտում: Երբ միտքը բարձրաձայնողին հարցրեցին, բայց ինչո՞ւ, խորը հոգոց հանեց ու պատասխանեց.

-Որովհետեւ պատերազմից հետո քաղցր չի կարելի:

Քաղաքն արագ էր զարգանում: Եկեղեցուց հետո երկրորդ շինությունը, որ կառուցվեց, շուկան էր: Շուկան փոխեց մարդկանց տրամադրությունը: Պատերազմից հետո մարդիկ առաջին անգամ զգացին, որ սոված են, որ պիտի հագնվեն, որ աշխարհում դեռ այնքան բան կա, որ իրենք չունեն: Հարեւանն ունի, բայց իրենք չունեն: Շուկան իր հետ բերեց ուրախությունը: Ոչ միանգամից իհարկե: Առաջինը խնդաց Մխոն: Ուսումնասիրում էր շուկայի տարածքը, որ տեսնի, թե որտե՞ղ է հարմար խանութ սարքելու համար ու տեսավ, որ պատերազմում հաշմված Վաչիկը՝ հենակների օգնությամբ կանգնել է ոսպ ու հին բազկաթոռ վաճառողների մեջտեղում:

-Այ տղա Վաչո՛, դո՞ւ էդ ինչ ես ծախում,-սովորության համաձայն բարձր ասաց Մխոն ու մոտիկ կանգնած մարդիկ հետաքրքրությամբ նայեցին Վաչոյին՝ պարզելու, թե իսկապես, նա՞ ինչ է վաճառում:

-Կաստիլներս,-իրեն չկորցրեց Վաչոն,-վաղվանից որոշել եմ թռնել:

Մխոն վարակիչ էր խնդում ու Վաչոյի պատասխանից հետո շուկայում հավաքված մարդիկ սկսեցին հռհռալ՝ պատերազմից հետո առաջին անգամ:

 Ու չնայած՝ պատերազմից ու գաղթից հետո մարդկանց ձեռքին առանձնապես փող չկար, բայց շուկայում բոլորն ուրախ էին, որ քաղաքը վերջապես սիրտ ունեցավ: Ջահել անասնապահ Մխոն քաղաքի առաջին վաճառականներից մեկը դարձավ: Անասունը մորթում էր ու միսը հանում վաճառքի: Նույնիսկ խորովում էր, որ պատրաստի խորոված վաճառի՝ տարածելով ախորժալի հոտը՝ սոված քաղաքում: Տղամարդիկ, որը՝ հենակով, որը ձեռնափայտով, որը՝ ոտ ու ձեռով, բոլորն էլ դատարկ ստամոքսով, հավաքվում էին Մխոյի նորաբաց խանութի մոտ, ու ամեն մեկն իր խորհրդով՝ օգնում, որ խորովածն ավելի համեղ ստացվի: Մի օր նրանցից մեկը, որ երկու որդի էր տվել պատերազմին, նայեց ուղիղ Մխոյի աչքերի մեջ ու ասաց.

-Չե՞ս ամաչում, որ էսքան սոված էրեխեքի մեջ միս ես խորովում:

Բոլոր տղամարդիկ լռեցին: Բոլորն էլ մտածել էին այն, ինչը բիձեն ասաց, ու բոլորին էլ հետաքրքիր էր, թե Մխոն ինչ է ասելու: Իսկ Մխոն, կացնով կոտրեց հորթի ոսկորն ու շատ հանգիստ ասաց.

-Թե դու ի՞նչ ես հասկանում առեւտրից: Բա դիտմամբ եմ հոտը տարածում, որ էդ սոված էրեխեքի անխելք ծնողները գան առնեն:

-Բայց փող չկա,-հեռվից ասաց մեկը, ու ոչ մեկը չնկատեց, թե կոնկրետ ով, քանի որ ասաց ու թաքնվեց հավաքվածների մեջ:

-Փող չկա, պարտքով կտամ, հետո կտան: Հո միշտ սենց չե՞նք մնալու,-գոռաց Մխոն:

Հետո-ն դարձավ քաղաքում ամենահաճախն օգտագործվող բառը:

Արփիկն էլ ոչ մեկին թթու չէր տալիս: Չնայած առաջ շատ էր ուտում, բայց վերջերս սկսել էր չկշտանալ թթվից:

Տնաշենները

Մեռելներին թաղեցին արագ: Քահանան հուղարկավորության կարգ մատուցեց ու քաղաքում, որտեղ դեռ տուն չկար, հայտնվեցին գերեզմանները: Բայց տներն արդեն կառուցում էին: Նահապետն իրենց տան բակում մանուշակներ աճեցրեց: Ավելի ճիշտ՝ մանուշակներն աճեցրեց, նոր տունը կառուցեց: Անթառամի համար երկու ծառից ճոճ էր կապել, որ հարմար նստի ու թագուհու պես հետեւի իր պալատի շինարարությանը: Սկզբում ստեղից-ընդեղից ժեշտի կտորներ էր գտել, մի տանիք սարքել, որ Անթառամը քնելու տեղ ունենա: Ինքը չէր քնում: Համոզված էր, որ տղամարդը քնելու իրավունք չունի: Կոնկրետ ինքը ցերեկներն աշխատում էր, գիշերները՝ կնոջ հիվանդ ոտքերը խնամում, որոնք հղիության պատճառով նաեւ սկսել էին ուռել: Մեկ-մեկ Անթառամն աչքը բացում էր ու ասում.

-Էլ չի ցավում:

-Ցավից հետո հաճույքն է,-ասում էր:

Նահապետին առեւտուրը երբեք չէր հետաքրքրել: Անթառամին էլ, բայց Անթառամը կուզեր, որ Նահապետն առեւտրով զբաղվի, որ մի մեքենա առնեն, նստի մարդու կողքին ու պտտվեն՝ անցավ:

Որպես պատերազմից փրկվածներ՝ պետությունը որոշ օգնություն ցուցաբերեց՝ քարի, ավազի տեսքով: Պետության հետ բանակցողը քահանան էր ու երբ եկավ եւ մարդկանց ասաց, թե պետությունը մենակ քար ու ավազ կարող է տալ՝ էս պահին իհարկե, մի մարդ ասաց.

-Աստվածային պետություն ա էլի. Աստված էլ մի քար ա տալիս մարդուն ու ասում՝ դե բախտդ սարքիր:

Ոչ մեկը՝ մյուսին չէր օգնում: Ամեն մեկն ուզում էր իր տունն առաջինը սարքի: Բայց մեկ-մեկ գնում-նայում էին, թե ուրիշներն ինչպե՞ս են սարքում: Ամենաշատը Նահապետի մոտ էին գալիս.

-Բա էդ սենյակի մեջտեղն ինչի՞ ես փորում,-ասաց մեկը:

-Պադվալ ա: Որ Անթառամս բալի կոմպոտ սարքի, սիրուն դասավորեմ:

-Տնաշեն, մի տունդ սարքիր, նոր կանցնես պադվալիդ,-ասաց մեկ ուրիշը, ձեռքը թափ տվեց ու հեռացավ՝ իր հողի մեջ պադվալ փորելու:

Քահանան Արփիկին եկեղեցում տեղավորեց: Համոզեց, որ միշտ մնա, բայց Արփիկն ասաց.

-Ամոթ ա: Համ էլ եկեղեցում ո՞նց եմ թթու դնելու:

Քահանան կարողացավ պետությանը համոզել՝ երկու բանվոր ուղարկել՝ մի վարպետի հետ ու Արփիկի համար քաղաքի ծայրամասում, ծառերի հովին մի տուն օգնեցին-սարքեցին: Մի ամիս եկեղեցում մոմը քչություն արեց, փոխարենը Արփիկը թթվի կճուճներ ստացավ, քահանան էլ, երեւի կյանքում առաջին անգամ, իրեն զգաց ինչպես դրախտում:

Քաղաքն արագ ոտքի էր կանգնում: Նույնիսկ պատերազմում հաշմվածներից շատերն արդեն քայլում էին, բռնում էին, տեսնում էին, խոսում էին, երազում էին,…բայց սարսափելին այն էր, որ նաեւ հիշում էին ու ամաչում, որ ապրում են: Ոմանք չդիմացան.

-Պատերազմից հետո միշտ ավելի դժվար է, քան դրա ժամանակ,-տղերքից մեկի հոգեհացին ասաց սեղանի շուրջը նստածներից տարիքով ամենամեծը:

Բոլորը գլուխները կախեցին:

-Կյանքի կենացը,-հանկարծ ասաց քահանան՝ սգո սեղանի շուրջը:

Բոլորը՝ նույնիսկ ոտք չունեցողները, հոտընկայս խմեցին ու արագ դուրս եկան. գործը շատ կար՝ տները կիսատ էին:

Նահապետի ու Անթառամի տան այգում մանուշակներն այնքան սիրուն էին, որ քաղաքում Անթառամի ու Նահապետի տունն սկսեցին կոչել մանուշակների տուն:

Քաղաքում առաջին ծնունդը ջահել անասնապահ Մխոյի հորթն էր եւ Նահապետի ու Անթառամի դուստրը՝ Գոհարը:

Մանուշակի ծնվելուն դեռ 25 տարի կար, երբ քաղաքում եկեղեցուց շուկա տանող փողոց կառուցեցին ու անունը դրեցին Սուրբ Հովհաննես:  Հենց այդ փողոցով էլ քաղաք եկավ Մխոյի մանկության ընկեր Գուգոն, որին այն ժամանակ դեռ Բոքոն չէին ասում: Գուգոն կնոջ ու փոքրիկ աղջկա՝ Սոֆիի հետ էր: Մխոն կանչել էր ընկերոջը, որ միասին գործ անեն:

Ողջ ճանապարհին Սոֆին լացում էր:

Մանուշակ

Մանուշակը նախ մահացավ, հետո ծնվեց: Գոհարը նույնիսկ ժպտաց, երբ չլսեց Մանուշակի առաջին ճիչը: Նա որոշել էր ծննդաբերելուց հետո երեխային թողնել աղբանոցի մոտ: Փնտրել-գտել էր դրանցից ամենամաքուրը: Բայց Մանուշակը որոշեց մեռնել, նոր ծնվել: Գոհարն էր որոշել անունը՝ շատ տարիներ առաջ, մի ցուրտ առավոտ, երբ Մանուշակի հետ ոչ մի կապ չունեցող Սարգիսը դեռ չէր խմում: Հենց այդպես էլ ասել էր ինքն իրեն. «Եթե մի օր աղջիկ ունենամ, անունը դնելու եմ Մանուշակ»:

Գոհարի եւ Սարգիսի համատեղ կյանքը բաժանվում էր երկու մասի՝ նախքան Սարգիսի խմելը, եւ Սարգիսի խմելուց հետո: Իսկ խմել սկսեց, երբ իմացավ, որ հայր չի կարող դառնալ: Գոհարը հասկացավ, որ տղամարդու ամլությունից օղու հոտ է գալիս, եւ քանի որ ինքը մեծացել էր մի փոքրիկ հեռու տանը, որի դիմաց մանուշակներ էին աճում ու միշտ սեր կար, որոշեց հեռանալ: Տնից միայն կարմրած թաշկինակ վերցրեց, դա էլ չէր վերցնի, պարզապես ուժեղ հարվածից հետո շուրթերից ու քթից արյուն էր ծորում, ծածկել էր պետք:

Սարգիսը դարձավ բոլոր հարբեցողների սիրելին: Նախ նա միշտ խմելու փող ուներ, բացի այդ երրորդ բաժակից սկսվում էր Գոհարի մարմնի նկարագրությունը: Քաղաքի բոլոր տղամարդիկ իմացան, որ Գոհարը ձախ կրծքի տակ մի մեծ կանաչ խալ ունի եւ ամենաշատը սիրում է, երբ համբուրում ես մեջքը: Եւ երբ Սարգիսը հայտարարեց, որ Գոհարին ի՛նքն է թողել, որովհետեւ նա մի քաղաք տղամարդ է ճանաչել, քաղաքի բոլոր տղամարդիկ հաստատեցին սա՝ Գոհարի մարմինը՝ ոմանք բռի, ոմանք էլ քնքուշ նկարագրելով:

Գոհարն այս ամենից հեռու էր: Նա վերադարձել էր մանուշակների տուն՝ ծնողների՝ Անթառամի ու Նահապետի մոտ: Երկու օր մայրը պադվալում պահեց դստերը, որ հայրը հանկարծ չիմանա, որ դուստրը բաժանվել է, մանավանդ, որ խեղճը սրտի կաթված էր տարել ու դեղերով էր ապրում: Բայց հայրն իմացավ: Անբարոյական կանանց մասին խոսակցությունները օղու հոտի հետ ու պես տարածվում են քաղաքից քաղաք: Մի օր, երբ Գոհարի հայրը որոշել էր դեղերը չխմել, գինետներից մեկում լսեց, որ հեռու քաղաքում մի կին, որը ձախ կրծքի տակ մեծ կանաչ խալ ունի, դավաճանել է ամուսնուն՝ ամբողջ քաղաքի հետ: Նա հասկանում էր՝ ձախ կրծքի տակ սովորական խալ հազարավոր կանայք կարող են ունենալ, բայց նախ բաժակակիցն ասաց, որ այդ կինը իրենց քաղաքից է, բացի այդ ձախ կրծքի տակ մեծ կանաչ խալ աշխարհում ուներ միայն երկու կին՝ Նահապետի աղջիկն ու կինը: Գոհարի հայրը սա հաստատ գիտեր:

Եկավ տուն ու սիրտը բալի կոմպոտ ուզեց: Անթառամն ասաց, որ հիմա կիջնի պադվալը՝ բերի, ինքն էլ թե. «Չէ, սպասի՛ր, էդ թոփալ ոտովդ ո՞ւր ես իջնում, ես կիջնեմ»: Գոհարի մայրը սիրտը բռնեց: Պադվալից մի ճիչ լսվեց, հետո ապտակի ձայն, հետո Նահապետն աղջկա մազերից բռնած՝ պադվալից դուրս եկավ: Հայրն աղջկան մի ապտակով տապալեց գետնին ու բղավեց.

-Շան քած:

Մանուշակների տուն այդ օրն առաջին ու վերջին անգամ օղու հոտ էր մտել: Իսկ քաղաք, որի հիմնադիրներից մեկը մանուշակների տան տերն էր, մտել էին բազմաթիվ օտար մարդիկ՝ բոլորն էլ նոր կյանք սկսելու:

Գոհարը քնել է ամբողջ քաղաքի հետ

Նահապետը դժվար, բայց համակերպվեց: Սկսեց շուտ տուն գալ, առաջ սիրում էր գործից հետո երկար զբոսնել քաղաքում, որտեղ գերեզմանների թիվը միշտ աճում էր, տներինը՝ լավագույն դեպքում մնում նույնը՝ դեռ հիմնադրման օրից: Նահապետն անցնում էր Սուրբ Հովհաննես փողոցով, որը սկսվում էր համանուն եկեղեցու բակից եւ հասնում քաղաքի շուկա: Իրականում, սակայն, փողոցը քաղաքացիներն անվանում էին Սոդոմ-Գոմոր: Եթե եկեղեցու բակից էիր մայթն անցնում, սովորական անասնապահից՝ տաղանդավոր ղասաբ դարձած Մխոյի խանութն էր: Գրեթե ամբողջ փողոցը Մխոյին պարտք էր, որը՝ հարյուր, որը՝ երեք հարյուր, որը՝ նույնիսկ քսան դոլար: Հետո պիտի տային: Մխոյից կա՛մ էլիտար ընտանիքներն էին առեւտուր անում, կա՛մ էլ պարտքով: Վերջին կես տարում 7 կիլոգրամ չաղացել էր Մխոն, հաստ բազուկներին ավելի շատ մազ կար, քան գլխին: Գոգնոցն արյան ու ճարպի մեջ աղոտ հիշեցնում էր, որ առաջ սպիտակ էր: Մարդիկ եկեղեցուց դուրս էին գալիս ու ոմանք մտնում էին Մխոյի մոտ՝ միս առնելու, ոմանք էլ հենց խանութի մոտ սիգարետ էին կպցնում ու կանգնում-ծխում: Մխոն հենց խանութում նաեւ խորոված էր անում, հոտը տարածվում էր ու խառնվում եկեղեցու մոմերի հոտին՝ ձեւավորելով քաղաքի հոտը: Ոչ մեկին ձրի միս չէր տալիս: Մենակ Նինային: Նինայի մարդը գիտնական-քիմիկոս էր՝ Լեւոն Առնոլդովիչը: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում էին ծանոթացել ու հետը բերել էր կապուտաչյա գեղեցկուհուն: Նինան այդպես էլ հայերեն խոսել չսովորեց, չնայած հրաշալի հասկանում էր: Մի քանի տարի առաջ, երբ ամուսինն ուզում էր քաղցկեղի դեմ դեղամիջոց ստեղծել, հենց փորձի ժամանակ պայթյուն եղավ, Լեւոն Առնոլդովիչը կուրացավ: Հետո անհետ կորավ: Մի քանի օր փնտրեցին, գտան քաղաքի մոտ՝ գետի ափին, գրպանում էլ մի գրություն. «Քաղցկեղը հնարավոր է հաղթել»: Այդպես էլ ոչ ոք չիմացավ, թե ինչպես…Սգո բոլոր արարողությունների միսը Մխոն ապահովեց՝ լրիվ անվճար: Հուղարկավորության ժամանակ սգո թափոր դարձած ամբողջ քաղաքը՝ կանայք՝ իրար թեւ մտած, տղամարդիկ մի-մի սիգարետ ծխելով, իրար կամաց հարցնում էին, թե էդ ճի՞շտ ա, որ Նահապետի աղջիկ Գոհարն ամբողջ քաղաքի հետ քնել ա: Ոմանք հաստատում էին, երկրորդ տեղում՝ եսիմ պատասխանն էր: Նույնիսկ դպրոցում ուսուցչուհիներին տանջող հարցերի թոփ-տասնյակում Գոհարի տղամարդիկ առաջին տեղում էին, ընդ որում այնքան արտահայտիչ ու բարձրաձայն էին տանջվում ուսուցչուհիները, որ աշակերտները անգիր գիտեին քաղաքի բոլոր տղամարդկանց անունները: Երկրի նախագահ դառնալ պատրաստվող Գեւորգն, օրինակ, որ տնեցիներից վարպետորեն թաքցնում էր պատմությունից ստացած անբավարար գնահատականները, վստահ էր, որ Գոհարը քնել է նաեւ իր հոր հետ, քանի որ ոսկերիչ Դավիթը, որի անունը Գոհարի կողքին տալիս էին ուսուցչուհիները, իր հոր մտերիմ ընկերն էր ու հայրն ու Դավիթը ամեն շաբաթ-կիրակի գնում էին ձկնորսության եւ գիշերը տուն չէին գալիս:

Առավոտները Նինան գալիս էր Մխոյի խանութ՝ թարմ թոք-սիրտ առնելու: Հետո սկսեց չգալ: Մխոյի կողքի վարսավիր Սլավիկը, երբ օրվա վերջին հաճախորդին սափրեց ու վարսավիրանոցը փակել էր ու ուզում էր տուն գնալ, հանկարծ նկատեց, որ երեկոյան Մխոն խանութը ներսից է փակում, պատուհանից էլ տապակվող թոք ու սրտի հոտ է գալիս: Սլավիկը սիգարետը կպցրեց եւ լսեց Մխոյի ձայնը.

-Պատոմ վմեստե զավտռակ բուդեմ դելատ:

Սլավիկը միակն էր փողոցում, որ Մխոյին պարտք չէր: Ամեն շաբաթ Մխոն գալիս էր մոտը՝ սափրվելու: Եթե նաեւ աստիճանաբար սակավացող մազերն էր կտրում՝ խոզի միս էր բերում, եթե միայն մորուքը՝ տավարի՝ ջիլերով:

Վարպետ Նահապետը, մինչեւ աղջկա հետ գալը, առանց Մխոյին ու Սլավիկին բարեւելու տուն չէր գնում: Միշտ հավանում էր Մխոյի ճարպկությունը: Բայց հիմա չէր ուզում ոչ մեկին տեսնել: Թարսի պես էլ Աբոյի դեղատունը Մխոյի եւ Սլավիկի խանութների շարքում էր, եկեղեցուց՝ երրորդը: Նահապետը որոշեց, որ սրանից հետո էլ ինքը դեղերը չի առնի, կնոջը կասի՝ նա կառնի: Այդպես էլ արեցին. խեղճ Անթառամը՝ մի ոտքից կաղ, ամբողջ քաղաքն անցնում էր, որ մարդու համար դեղ առնի: Ճանապարհին ով հարցնում էր՝ «Աղչի՞, էդ աղջկադ հետ ես բերե՞լ», կանգնում էր, ձեռքը տանում մեջքին, խորը շունչ քաշում ու շատ հանգիստ պատասխանում՝ «Բա հո չէ՞ի թողնելու, որ սպանի»…Ով ուզում էր երկրորդ հարցը տալ, Անթառամը ձեռքով հաջող էր անում ու գնում՝ նետելով, թե ուշանում է, մարդու համար դեղեր պետք է առնի, որ էս անիրավ աշխարհում դիմանա: Կային, որ Անթառամի հետեւից շշնջում էին՝ «Խեղճ կնիկ», կային, որ ծիծաղում էին, եւ կային, որ ասում էին՝ «բո՛զի մեր, վառվե՛ք դուք»:

Անթառամը Սուրբ Հովհաննես փողոցն էր մտնում շուկայի կողմից: Այստեղ առաջինը մոմի ու սրբապատկերների խանութն էր: Սեփականատերը Մարիամն էր: Նա Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանայի դուստրն էր: Ապրում էր մոր՝ Արփիկի հետ, որին ոչ ոք փողոցում չէր տեսնում: Ասում էին՝ անկողնային հիվանդ է: Իսկ քահանայի՝ հայր Հովհաննեսի երկու որդիներից մեկը՝ Ռուսաստանում ասֆալտի գործ էր անում, մյուսն էլ մայրաքաղաքում քաղաքականությամբ էր զբաղված, նույնիսկ սեփական կուսակցությունն ուներ եւ Ազգային ժողովում 7 մանդատ, ելույթների վերջում էլ միշտ ասում էր՝ Ամէն:

Մարիամի խանութի կողքին նիհար Սահակի կտորի խանութն էր: Սահակն ամենաշատն էր պարտք Մխոյին: Սահակն առհասարակ պարտքի մեջ խրված էր: Սոված քաղաքում ոչ մեկը կտոր չէր առնում, նույնիսկ ամենափափուկն ու ջերմացնողը: Սահակը չքնաղ կին ուներ ու երկու աղջիկ: Քաղաքում ամենասիրունն ու գունեղն էին հագնվում, բայց ամենասովածն էին: Սահակը որոշել էր վաճառել խանութն ու տունը եւ քոչել Ամերիկա: Հինգ անգամ մասնակցել էր Գրին քարտի խաղարկությանը, բայց ապարդյուն: Սահակը չէր հանձնվում, մանավանդ երբ իմացավ, որ իրենց դասարանի ամենասիրուն աղջիկը Բոստոնում բժիշկ է աշխատում: Սահակն ամեն անգամ դասընկերուհուն զանգելիս՝ այսօրվա պես զգում էր նրա շուրթերի քաղցրությունը, օդի սառնությունը, ծառի ճյուղերի նուրբ հպումը: Սահակի կինն էլ էր զգում, որ ամուսինը դողում է հեռախոսը ձեռքին, բայց նա շատ էր ուզում վաղն Ամերիկայում զարթնել: Սահակը բրիտանական համալսարաններից մեկի շրջանավարտ էր եւ հիմա կտոր էր վաճառում, ավելի ճիշտ, քանի որ կտորը չէր վաճառվում, ուզում էր խանութը վաճառել, որ երեխաները սովից չմեռնեն:

Անթառամն անցավ կտորի խանութից՝ առանց նկատելու, որ Սահակը խանութի վրա Վաճառվում է հայտարարությունը սիրուն ասեղնագործել էր՝ կտորին, որ փողոցի չարաճճի, իսկ գուցե հայրենասեր երեխաները չկարողանան ջնջել:

Կտորի խանութից մինչեւ հաջորդը՝ «Արեւելյան քաղցրավենիքը», մի քանի մետր տարածքում խանութ չկար: Քաղաքի պարապ ջահելների հավաքատեղին էր: Հենց այդտեղ, որովհետեւ ինչպես կտորի, այնպես էլ արեւելյան քաղցրավենիքի խանութների հաճախորդները կանայք էին: Ջահելներն էլ հավաքվում էին եւ օրվա գեղեցկուհի ընտրում: Լինում էր, որ մի քանիսին էին ընտրում, ամեն դեպքում նպատակը գիշերը երազ տեսնելն էր: Մեկ-մեկ քաղաքի ջահելների հետ մի սիգարետ էր ծխում Սուրբ մականունով Հակոբը: Հակոբը եկեղեցու սարկավագն էր: Երազում էր դառնալ քահանա, չնայած գիշերները ուրիշ բաների մասին էր երազում:

«Արեւելյան քաղցրավենիք»-ի տերը սիրիահայ Պետրոսն էր: Հալեպում էլ էր նույն գործին: Երբ այնտեղ պատերազմն սկսվեց ու ընտանիքն առած՝ հայրենիք եկավ, որը Պետրոսի պարագայում դժվար է հայրենիք կոչելը, քանի որ ինքն էլ էր Հալեպում ծնվել, հայրն էլ, մայրն էլ, կինն էլ, երեխաներն էլ, վստահ էր, որ այստեղ գործերը լավ կլինեն, որովհետեւ, ինչպես խանութի վրա էր գրել՝ «Մարդիկ միշտ քաղցրի կարիք ունեն, մանավանդ անուշ հայրենիքում», բայց Պետրոսը հուսախաբ եղավ. միայն Մխոյին նա 150 դոլար էր պարտք, վերջինը՝ քսան դոլարի միս վերցրեց, երբ կինը՝ տիկին Մարթան, գիշերը հայտնեց, որ կարոտել է կեբբեի համը/սիրիական ավանդական ուտեստ, որը պատրաստվում է բլղուրից, սոխից ու մանր կտրատված տավարի, գառան, այծի կամ ուղտի մսից/։

Պետրոսի խանութը քաղաքում միակն էր, որտեղ քաղցրավենիք էին վաճառում: Քաղաքի դարպասներին դեռ գրված էր՝ Այստեղ քաղցր չեն ուտում  ու մարդիկ, Սահմանադրությունից ուժեղ ավանդույթի համաձայն, քաղցր չէին ուտում: Ավելի ճիշտ՝ թաքուն էին ուտում: Տղամարդիկ, որպես քաղաքի ավանդույթների պահապաններ, իրենք չէին առնում, բայց կանանց ուղարկում էին Պետրոսի խանութ:

Պետրոսի խանութից հետո՝ նույն շարքում, պատերազմին որդի նվիրած Անգին մայրիկը զինվորական համազգեստ էր վաճառում ու մատների՝ արդեն բնազդային դարձած շարժումներով գուլպա էր գործում՝ ամառ-ձմեռ: Նրա կողքին բեղերով Անոն ծաղիկ էր ծախում, հետո դիզայնի խանութն էր, որտեղ ոտքը՝ ոտքին քցած, Մոդիլյանի ստորագրությամբ նկարների տակ նստած էր տիրուհին՝ Էլեանորան, որ ամեն պահի, եթե նայեիր, եղունգներին լաք էր քսում ու փչում, այս խանութի կողքին էլ ղասաբ Մխոյի մանկության ընկեր Բոքոն անունով կնքված Գուգոյի փուռն էր: Մոդիլյանին Էլեանորայի սիրած նկարիչն էր: Ինքը Փարիզից էր հայրենիք վերադարձել: Նույնիսկ պատմում էր, թե Լուվրում է աշխատել ու Ալեն Դելոնը մի անգամ համբուրել է իր ձեռքը:

Էլեանորան երբեք ամուսնացած չէր եղել: Չէր էլ ուզել: Նախ, ամուսնությունը նորաձեւ չէ, ինչպես ինքն էր ասում իր խանութ մտնող երիտասարդ, սիրուն աղջիկներին, բացի այդ աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը դեռ չի ծնվել,-ինչպես էլի ինքն էր ասում բոլոր հետաքրքրվողներին, եւ վերջապես Էլեանորան վստահ էր, որ իսկական արվեստը չի կարող լինել մեկինը, առավել եւս նրա սեփականությունը:

Երբ քաղաքի աղջիկները փորձառու կնոջը հարցնում էին, թե ինչո՞ւ է թողել Փարիզն ու եկել, Էլեանորան պատասխանում էր.

-Որովհետեւ նույնիսկ Փարիզում դրախտ չկա:

Իսկ երբ աղջիկները ճշտում էին, թե ուրեմն նա եկել է իրենց քաղաք, որովհետեւ դրախտ է փնտրո՞ւմ, Էլեանորան թույլ ժպտում էր ու ասում.

-Ես չեմ փնտրում. ինձ են փնտրում:

Մոդիլյանիից հետո ամենաշատը սիրում էր ֆրանսիական հաց՝ ձիթապտղով: Գուգոն էլ հաստ դրամապանակի մեջ նկարի երկու տեղ ուներ: Մեկում աղջկա՝ Սոֆիի նկարն էր դրել, որին ճանապարհել էր արտասահման՝ սովորելու, մյուսում Էլեանորայինը՝ ոտքը ոտքին քցած, պուտիկներով զուգագուլպայով:

Նահապետը հանձնարարել էր Անթառամին, որ կինը հենց ա՛յս փողոցով ամեն օր անցնի, ինքն էլ չէր ուզում: Անթառամն էլ անցնում էր: Եւ ամբողջ Սուրբ Հովհաննես կամ Սոդոմ-Գոմոր փողոցը, իր բանուգործը, ցավուդարդը թողած, իրենց հին քաղաքն ու պատերազմը մոռացած, որը՝ շշնջում, որը՝ բարձրաձայնում, որն էլ մտածում էր, թե տեսնես Նահապետի ու Անթառամի աղջիկ Գոհարը իսկապե՞ս ամբողջ քաղաքի հետ է քնել, թե՞ մի քիչ չափազանցնում են:

Պարող ծառը

Մանուշակի աչքերի գույնը ոչ ոք չտեսավ:

-Ի՞նչ անենք,-ասաց մայրաքաղաքի հիվանդանոցի բժիշկը՝ Գոհարին, երբ նա արդեն կարողանում էր խոսել:

-Ինչ ուզում եք,-ասաց Գոհարը՝ նայելով, թե ինչպես է պատուհանի այն կողմում ծառը պարում քամու նախընտրած հնչյունների տակ:

Բժիշկը մտածեց, որ Գոհարը պարզապես մեծ ցավ է ապրում: Բժիշկը չգիտեր, որ ցավը Գոհարի ենթագիտակցության մի փոքր սենյակում պարփակվել-մնացել է, իսկ իրականում կինն ազատվել է:

-Կուզե՞ք էլի տեսնել,-այս անգամ բուժքույրը խոսեց Գոհարի հետ:

Գոհարը ոչինչ չպատասխանեց, միայն նայեց բուժքրոջը, դա բավարար էր:

-Իսկ հարազատներ չունե՞ք քաղաքում, կուզե՞ք կանչենք,-այս անգամ բժիշկն էր:

-Ո՛չ,-տեղից վեր թռավ Գոհարը,-չունեմ: Մի կանչեք:

Բժիշկն ու բուժքույրը իրար նայեցին ու լուռ դուրս եկան հիվանդասենյակից:

Ծառը հիվանդանոցի հետեւի մասում էր՝ փոքրիկ այգում: Այնտեղ հնարավոր էր մտնել միայն հիվանդանոցից, այն էլ եթե բուժանձնակազմի ներկայացուցիչ ես, այն էլ ոչ միշտ: Այդ օրը այգի մտնելու օրերից էր: Երբ բժիշկն ու բուժքույրը դուրս եկան սենյակից, Գոհարը նկատեց, որ ծառն էլ չի պարում, ասես սպասում է նոր երաժշտության: Գոհարը փորձեց ոտքի կանգնել մահճակալից: Կարողացավ: Հենվելով մահճակալին՝ նա մոտեցավ պատուհանին եւ խորհրդավոր այգին ամբողջությամբ երեւաց երիտասարդ կնոջը: Գոհարը տեսավ, որ հիվանդանոցի հետնադուռը բացվեց եւ սպիտակ խալաթներով 2-3 տղամարդ դուրս եկան այգի: Նրանցից մեկի ձեռքին ինչ-որ բան կար, էլի սպիտակ: Գոհարը ուշադիր նայեց եւ տեսավ, որ սպիտակը սավան է, բայց դրանով ինչ-որ բան էր փաթաթված: Սպիտակ խալաթներով տղամարդիկ կարճ ժամանակ կանգնած մնացին ծառի տակ, հետո ինչ-որ բան խոսեցին եւ նրանցից մեկը, վերցնելով պատին հենած բահը, սկսեց փորել հողը: Գոհարը նայում էր վերեւից՝ արարչի անզոր հայացքով: Սավանով փաթաթված բանը սպիտակ խալաթներով տղամարդիկ իջեցրին փոսը: Բայց քամին՝ այդ անկոչ գուժկանը…

-Մանուշա՜կ,-հանկարծ գոռաց Գոհարը:

Նա նախ զրկվեց երեխայից, հետո ունեցավ նրան:

Թուլումբա

Կտորի եւ արեւելյան քաղցրավենիքի խանութների մեջտեղում կանգնող ջահելներից մեկը բոյով Սամոն էր: Միակ բանը, որ ուզում էր՝ սիրահարվելն էր: Լավ հագնվում էր, լավ ուտում էր, լավ խոսում էր, շատ կարդում էր ու այս ամենը նրա համար, որ սիրահարվի, որ իրեն սիրեն: Սամոն այն մարդկանցից էր, որոնք միայն մեկ բան են ուզում, որ իրենց հիշեն: Կապ չունի՝ ինչով կզբաղվեն: Երբ ծնողները, հիասթափված նոր քաղաքում հին կյանքից, թողեցին ու գնացին Ամերիկա, Սամոն որոշեց, որ ինքը պետք է մնա: Կողքից ասում էին. բառադի գյադա ա, սաղ օրը ապարատը վերցրած չխկացնում ա, իսկ մեր տղերքը հենա արտասահմանում շենքեր են կառուցում:

Հայրը երազում էր, որ օդաչու կդառնա, մայրը, որ ջութակահար, ինքը լուսանկարել էր սիրում, մանավանդ մարդկանց դեմքեր: Վերցնում էր ֆոտոպարատն ու անմահացնում: Չնայած՝ մի անգամ, երբ որդեկորույս Անգին մայրիկին նկարեց, կինը, չդադարելով գուլպան գործելը, գլուխը թեքեց ու ասաց՝ «Իզուր ա, բալա՛, ուզում չեմ»: 

Բացի լուսանկարելուց Սամոն ուրիշ բան էլ էր անում: Հարցեր էր տալիս՝ անծանոթ մարդկանց: Օրինակ ծաղկավաճառ Անոյին մի անգամ հարցրել էր, թե օրական, հատկապես գարնանը, քանի՞ ծաղիկ են առնում նրանից: Հետո գնացել էր ղասաբ Մխոյի մոտ ու հարցրել, թե ամեն օր քանի՞ կիլոգրամ միս է վաճառում: Ստացած թվերը համեմատել էր ու եզրակացրել. մեր քաղաքում կրկնակի քիչ սիրում են, քան ուտում:

Սամոն սիրում էր նաեւ մարդկանց տները լուսանկարել, հատկապես՝ պատուհանները: Քաղաքում ամենասիրունը Նահապետի ու Անթառամի պատուհանն էր: Սամոն որոշեց, որ գիշերն էլ է գալու՝ լուսանկարի: Հետո նայում էր արած նկարները ու հանկարծ տեսավ. պատուհանի հետեւը մարդ կար: Իրեն էր նայում:

Փոքրիկ քաղաքում, որի դարպասին դեռ գրված էր՝ Այստեղ քաղցր չեն ուտում, Սամոն հայտնի դարձավ ոչ միայն որպես անմահացնող, այլեւ որպես առաջին տղամարդը, որը մտավ հալեպցի Պետրոսի խանութը: Իսկ մտավ հատուկ նպատակով:

-Թուլումբա ունե՞ք,-ամաչելով ասաց Սամոն՝ Պողոսի կնոջը: Տիկին Մարթան ժպտաց. հա՛մ տղամարդ հաճախորդ, հա՛մ թուլումբա:

-Անշուշտ,-ասաց կինը,-համեցեք:

Սամոն ներս մտավ՝ փորձելով հետ քաշել դեմքի վրայից կարմիր գույնը:

-Քանի՞սն եք կամենում,-ասաց տիկին Մարթան՝ այնպիսի դեմքով, ասես պատերազմից չէր փախել:

-Դե մի 5-6 հատ տվեք,-ասաց Սամոն՝ ուշադիր զննելով թուլումբայի չափսերը:

Տիկին Մարթան ժպտալով անցավ գործի: Սամոն պարբերաբար հետ էր նայում՝ դեպի խանութի դուռը, որ հանկարծ իրեն ներսում տեսնող չլինի տղերքից: Ամաչում էր, որ քաղցր է առնում. քաղաքում բոլոր տղերքն էին ամաչում:

-Ահա, համեցե՛ք,-ասաց տիկին Մարթան՝ մեկնելով «Արեւելյան քաղցրավենիք» գրությամբ տոպրակով 6 հատ թուլումբան՝ Սամոյին,-մեկը՝ խանութի կողմից նվեր. շատ անուշ ճաշակ ունեք:

Սամոն չգիտես ինչու ժպտաց: Ավելի ճիշտ՝ միայն Սամոն գիտեր, թե ինչու ժպտաց: Նա չնկատեց, թե տոպրակի վրա ինչ է գրված եւ արագ վերցնելով այն տիկնոջ ձեռքից՝ շտապ դուրս եկավ խանութից:

Ամբողջ Սոդոմ-Գոմոր փողոցը Սամոն անցավ՝ «Արեւելյան քաղցրավենիք» գրությամբ տոպրակով: Տղերքից մեկը ձայնեց հետեւից.

-Սա՛մ, էս ո՞ւր ախպեր:

-Տեղ եմ գնում, հավաքվեք, հեսա գալիս եմ,-ասաց Սամոն՝ չնայելով ընկերոջ աչքերի մեջ:

-Բա էդ ի՞նչ ա,-ասաց ընկերը՝ գլխով ցույց տալով Սամոյի ձեռքի տոպրակը:

-Հեչ, ախպեր, տանը միս էր պետք, առա մի քիչ:

Սամոն գլուխը թեքեց ու արագ հեռացավ: Ճանապարհին նա հասկացավ, որ ախր Մխոյի խանութը վերեւում է, իսկ ինքը ներքեւից էր բարձրանում: Սամոն շուրթերը կծեց: Նա այդպես էլ չիմացավ, որ իր հեռանալուց հետո ընկերը մատը ցցել էր ու ինչպես բոլոր սիրահարված տղերքի հետեւից էին ասում, ասել.

-Էս էլ գժվեց, արա, հորս արեւ…

Սամոն եկեղեցի էր շտապում, ավելի ճիշտ եկեղեցու մոտի այգին, որն իրականում այգի չէր, այլ դամբարան, բայց քաղաքի սիրահարները հատկապես մութ ժամերին հավաքվում էին շիրիմների մոտ ու համբուրվում, որ իրենց սիրո վկաները միայն մեռած լինեն: Սամոն նստել էր այգու նստարաններից մեկին ու թուլումբայի տոպրակը ձեռքին դողում էր: Հենց եկեղեցում էլ առաջին անգամ հանդիպել էին: Տեսելքի նման էր: Սամոն չհասկացավ, թե հետն ինչ կատարվեր: Հասկանում էր, թե դիմացն ով է, բայց չէր հասկանում, թե իր հետ ինչ կատարվեց: Ու կատարվեց: Ամեն դեպքում մոտեցավ աղջկան ու ասաց, թե աշխարհում ամենաքաղցր բանը այդ աղջիկն է: Աղջիկն էլ շրջվեց ու ասաց.

-Խաբում ես. աշխարհում ամենաքաղցր բանը Պետրոսի խանութի թուլումբան է, կերած կա՞ս:

Սամոյին դուր եկավ աղջկա համարձակությունը: Ամեն կիրակի հանդիպում էին, էլի եկեղեցում: Սամոն բերում էր ֆոտոապարատն ու հավերժացնում պահը, նրա ժպիտը, աչքերը, հայացքը… Երբ արդեն վանքի դիմացի այգում իրար կողքի նստում էին, Լուսնի լույսն էլ հարմար տեղավորվել էր աղջկա դեմքին, Սամոն չդիմացավ…

-Պետրոսն ուշ է փակում խանութը, կգնա՞ս թուլումբա բերես ուտենք,-հետո ասաց աղջիկը:

Սամոն վեր թռավ տեղից.

-Կսպասես չէ՞:

Աղջիկը խնդաց: Սամոն վազեց:

Հիմա բերել է, եկել է, բայց նա չկա: Սամոն դողում էր: Աղջիկն ասես անհետ կորել էր: Աղջիկը Գոհարն էր, որ հոր թույլտվությամբ տնից դուրս էր գալիս՝ միայն եկեղեցի գնալու համար: Սամոն երկու ժամ մնաց նստած: Հետո տուն գնաց: Ծնողների՝ Ամերիկա գնալուց հետո Սամոն ապրում էր քեռու տանը: Հենց քեռին էլ, հանգցնելով սիգարետը լեփ-լեցուն մոխրամանի մեջ, նկատեց Սամոյի ձեռքին անսովոր տոպրակն ու ասաց.

-Էդ ի՞նչ ա, արա՛:

-Քաղցր բան,-նետեց Սամոն բառերն ու տոպրակը եւ մտավ իր սենյակ: Սիրտը ցավում էր:

Միս ու արյուն տանք մեր երազանքներին եւ փրկվենք չարից

Բոքոն Գուգոյի աղջիկը ամառները գալիս էր արձակուրդ: Այդ ամառ աղջիկը ժամանեց ավելի շուտ, քան սովորաբար գալիս էր: Ընդանրապես Սոֆին սովորական աղջիկ չէր: Երբ մինչեւ արտասահման գնալը, խելոք մեծանում էր Բոքոն Գուգոյի տանը, ոչ մի ընկերուհի չուներ: Նույնիսկ տիկնիկների հետ չէր խաղում: Հասակակից աղջիկները, ոմանք անկեղծ մղումներով, ոմանք էլ իրենց ծնողների դրդմամբ, գալիս էին, ծեծում մեծահարուստ Բոքոնի դուռը, որ նրա աղջկա հետ խաղան, բայց Սոֆին կարդում էր, երբ մյուսները խաղում էին: Արդեն ավելի մեծ տարիքում, երբ աղջիկները ոչ միայն սիրահարվում են, այլեւ պատկերացնում իրենց առաջին համբույրը, նույնիսկ լոլիկի վրա փորձարկումներ անում, Սոֆին որոշեց, որ իր դուրս գալու ժամանակն է: Միանգամից դարձավ բոլոր աղջիկների սիրելին: Սոֆին գրքերում կարդացել էր, որ եթե սիրում ես, պետք է ասես, չպետք է ամաչես, պետք է սրտիդ ուզածն անես՝ կապ չունի տղան ես դու, թե աղջիկը:

-Էդ ամեն ինչը գրքերում է գրված, իրական կյանքում այդպես չէ,-մի անգամ ասաց մի աղջիկ:

-Դու չգիտես՝ իսկական կյանքում ինչպես է,-վրա բերեց մեկ ուրիշը:

-Իսկական կյանքում դժբախտություն է: Իսկական կյանքը սխալ է,-ասաց Սոֆին ու բոլոր աղջիկները ժպտացին:

-Օրինակ, որ դու սիրե՞ս մի տղայի ու հայրդ դեմ լինի, կամուսնանա՞ս,-հարցրեց մի աղջիկ:

-Իսկ դուք գիտե՞ք, թե քանի մարդ է աշխարհում սիրում՝ առանց մտածելու ամուսնության մասին: Ու քանի մարդ է ամուսնացած՝ առանց իմանալու, թե սերն ինչ է: Ե՞րբ եք վերջապես հասկանալու, որ սիրելն ամոթ չէ, ապրելն ամոթ չէ…Տո հենց լավ էլ ուրիշի տղամարդուն ցանկանալն ամոթ չէ:

Բոլորը լռեցին, բայց մի փոքրիկ աղջիկ՝ հազիվ 13 տարեկան, որի մորը հենց երեկ էին հարեւանուհիները աչքալուսանք տարել՝ մաղթելով, որ արդեն մեծ աղջիկը միշտ սիրվի ու սիրված լինի, շշուկով ասաց.

-Բայց ամոթ չէ՞:

Բոլորը ծիծաղեցին: Սոֆին էլ: Բայց հանկարծ նա լրջացավ ու ասաց.

-Ամեն ինչը մեր ձեռքերում է: Կարող ենք ապրել, ինչպես մեր մայրերն են ապրել՝ ձեթի հոտի ու տան փոշու մեջ կորած: Բայց կարող ենք սիրուն շորեր հագնել, կարող ենք ընդանրապես շոր չհագնել ու դառնալ աշխարհի տերը:

Բոլորը լուռ էին ու Սոֆին, ոգեւորված այդ լռությունից, շարունակեց.

-Ամբողջ աշխարհի գրքերում մի հարց կա, որի պատասխանը ոչ մի տեղ չկա: Գիտե՞ք որն է:

Լռությունը շարունակվում էր:

-Ո՞վ է կինը: Ի՞նչ է ուզում, ի՞նչ կարող է անել…Ոչ մեկը չի հասկանում, որ եթե կինը ծննդաբերողն է, եթե ամեն ծնունդ կարող է փոխել աշխարհը, ուրեմն աշխարհի փոփոխության բանալին կնոջ ձեռքերում է: Կամ դրանով կբացի պահարանն ու ամենասիրուն շորը հագնելով՝ կգնա պարահանդես, կամ էլ կբացի դարակը, որ փոշիները տա:

Լռությունը խախտեց մի շշուկ.

-Դու ուզում ես փոխե՞լ աշխարհը:

-Ես մենակ չեմ կարող,-ասաց Սոֆին:

…Հունիսի սկզբին Սոֆին արդեն քաղաքում էր: Ուսումն ավարտել էր եւ եկել հայրենի քաղաք՝ գիտությամբ զբաղվելու: Հենց այդ ամառ էլ ղասաբ Մխոն որոշեց առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Լուրջ հիմքեր ուներ: Նախ, գրեթե ամբողջ քաղաքն իրեն պարտք էր, բացի այդ հրաշալի տարբերում էր տավարի միսը՝ խոզից, գառանը՝ հավից, պատահում էր, որ շանն էլ՝ ձկից: Որեւէ լուրջ խնդիր Մխոն իր առաջ չէր տեսնում: Միակ խնդիրը ռուսերենի կատարյալ չիմացությունն էր, ինչը Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու խոչընդոտ էր, իսկ Մխոյին, չնայած ինչո՞ւ միայն Մխոյին, թվում էր, որ ամեն իրեն հարգող քաղաք, գյուղ պետք է հարաբերությունները խորացնի Ռուսաստանի հետ: Բայց երկար մտածելուց հետո, Մխոն հասկացավ, որ այս հարցն էլ խնդիր չէ, քանի որ այրի Նինան իրեն կօգնի ռուսների հետ բարեկամական կապեր հաստատել եւ առանց հանելու արնայուղագույն գոգնոցը՝ գնաց ընտրական հանձնաժողով ու թղթերը ներկայացրեց: Հանձնաժողովի նախագահը՝ մի ուտող-խմող մարդ, քյուվթայի լուրջ սիրահար, թաքուն աչքով արեց Մխոյին ու իմիջիայլոց ասաց.

-Շատ լավ, չեմ կարծում, թե որեւէ պրոբլեմ լինի:

Մխոն ոչինչ չհասկացավ, բայց Մխոն նոր-նոր էր մտնում քաղաքականություն: Ղասաբն սկսեց ամեն օր եկեղեցի գնալ եւ մոտիկից ծանոթացավ քահանայի կրտսեր որդու հետ ու մտավ նրա կուսակցություն: Մխոն նաեւ ընտրական կարգախոս հորինեց՝ «Միս ու արյուն տանք մեր երազանքներին»:

Ուրեմն հենց այս նախընտրական ամառն էլ Սոֆին եկավ: Իսկական գեղեցկուհի էր: Երկար մազերով, բարձրահասակ, նրբիրան: Ու չնայած բնատուր գեղեցկությանը՝ գիտությունը հետաքրքիր հմայք էր հաղորդել աղջկան, օրինակ երբ նայում էիր աչքերին, համարձակությունդ չէր ներում՝ մինչեւ խորքը հասնել: Նույնիսկ հայրը չէր կարողանում: Սոֆին փիլիսոփայական գիտությունների թեկնածու էր դարձել, նեղ մասնագիտությունը՝ քաղաքագետ: Հենց նա Մխոյին հուշեց, որ ղասաբից լավ քաղաքապետ կլինի, բոլոր նախադրյալները կան, հա՛մ ճանաչված մարդ է, հա՛մ ազդեցիկ, համ էլ բառիս բուն իմաստով արյան հետ գործ ունի: Մանկության ընկերներ Գուգոն ու Մխոն որոշել էին համատեղ բիզնես սկսել՝ համբուրգերների: Մխոն միսն էր ապահովում, Գուգոն՝ հացը: Հենց այս ծրագիրն էին քննարկում Բոքոնն ու ղասաբը, երբ Սոֆին հանդես եկավ իր փիլիսոփայական դիտարկմամբ, որ Մխոյից հրաշալի քաղաքապետ կլինի: Մխոն խոսք տվեց, որ Բոքոնը կդառնա փոխքաղաքապետ, Բոքոնը ժպտաց: Սոֆին նշանակվեց Մխոյի նախընտրական շտաբի պետ, հենց նա կազմեց թեկնածուի նախընտրական ծրագիրը, որի առաջին կետը հետեւյալն էր. «Հաշվի առնելով, որ քաղաքն իր չափերին արդեն իսկ գերազանցող գերեզմանոց ունի, ընտրվելու դեպքում պարտավորվում ենք ընդարձակվող գերեզմանոցի տարածքն օգտագործել այլ՝ ավելի կյանքին մոտ նպատակներով»: Ընդ որում, ծրագրում գրված չէր, թե որն է այդ այլ նպատակը: Սոֆին գտնում էր, որ գաղտնիքը դեռ պետք է պահել, քանի որ դրա բացահայատումը կարող է նվազեցնել իրենց թեկնածուի վարկանիշը: Իսկ Մխոյի վարկանիշը կողքի քաղաք էր հասնում: Հատկապես երբ ղասաբը որոշեց, որ ամեն կիրակի՝ ընտանեկան ընթրիքի համար քաղաքի բոլոր ընտանիքները կարող են մսի խանութից անվճար ստանալ ցեղական տավարի երկու կիլոգրամ միս:

Չհամարձակվեցին թեկնածությունը դնել ղասաբի կողքին: Մխոն միայն մեկ մրցակից ուներ. սրբապատկերների խանութի սեփականատեր Մարիամը: Նրա նախընտրական կարգախոսն էր՝ «Փրկվենք չարից»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով