Խանում Ավանյան, Պատմվածք

Հաբեթը

Տների արանքում, չերևացող մի անկյունում, տուն էր կառուցել Հաբեթը՝ Անահիտի ամուսինը՝ բարակ, բարձրահասակ, տաբատը միշտ խցկած սապոգների մեջ, իսկ Անահիտը կարճահասակ էր ու, ի տարբերություն Հաբեթի, հումորի զգացում չուներ, պարզ ու հասարակ կին էր: Նրա տունը միշտ մաքուր էր։ Թե ոնց էր հասցնում այդքան երեխաների հետ մեկսենյականոցը մաքուր պահել, հանելուկի պես բան էր, բայց որ լվացքը փռում էր, թաղեցիները լվացքի ճերմակությունից զարմանք էին կտրում: Տասը տղամարդու ուժ ուներ, երեք անգամ զույգ երեխա էր բերել…

Նրանց տան դիմաց լայն հողատարածք էր՝ մի անկյունում հավաբունն էր, մյուսում՝ ջրով լի տարաններ: Այդտեղ էր Անահիտը իր տասը երեխաների շորերը լվանում, հետո գցում պարաններին, որ չորանան: Նույն տեղում թթենին էր՝ տան տիրոջ պես բարձրահասակ, թթի քաղցրությունն էլ Հաբեթինն էր: Հաբեթն էլ պակասը չէր. գոմշի ուժ ուներ, հսկայական կաղնին կտապալեր գետնին, միայնակ ծառի քոթուկները կդասավորեր սայլի վրա ու մի ուսով սայլը հրելով՝ ձմեռվա վառելիքը կհասցներ տուն: Հորը տեսնելուն պես ժրաջան մեղուններն իրենց մի սենյականոցից դուրս էին վազում: Անժիկը սափորն էր բերում, Մարան ՝ օճառը: Անահիտն էլ անընդհատ կրկնում էր՝ «Ա՛յ  Հապետ, Սուսանանց քյոթուկ կտաս, րախեքը չմրսեն»: Էս Հաբեթն էլ սրտաբաց մարդ, մեկի տեղը տասն էր տալիս:

Մի անգամ ջահել ժամանակ դուրս է գալիս տանից, տեսնում՝ գյուղամիջում տղամարդիկ կռվի են բռնվել։ Գումարի դիմա՞ց, թե՞ անփոխ, այդ մեկը Հաբեթն այդպես էլ չասաց, այդպես էլ չիմացան, թե էդ տասը մանեթը որտեղից էր աշխատել: Հեռվից սրանց նայում, նայում է ու որոշում, որ կարելի է ուժը փորձել: Վերջում մնում է մի աժդահա, մի գլխակերի հետ: Հաբեթս էս գլխակերի աչքերին է նայում, հետո՝ բազկին : Ու բարձրաձայն ասում . «Փղին մռջիմը կարա ղիտիկ տա»: Հաբեթը աժդահա մարդու կոնքերից բռնում, տապալում է գետին: «Մեդվեդ, յոբ տվայու մած», –  ասում  է աժդահան: Հաբեթին որ հարցնում էին՝ որտեղ ես աշխատել, ասում էր.  «Շան աղջիկ, դե տասը տարի սուդի զասիդատել եմ ըլել, հետո էլ սելապան եմ ըլել»:

Մի օր էլ գյուղի յոթ սելապաններով գնում են ձորը փայտ բերելու: Էս Հաբեթ պապը բոլորին օգնում, դասավորում է, ինքն էլ վերջում ձիուն համընթաց գալիս: Պապից բավական հեռու տասնհինգ ու տասնվեց տարեկան Սեդրակի ու Սիսանդրիկի սելը շրջված է լինում, չեն կարողանում տեղից շարժեն: Սելապանները հերթով անցնում են, ու նրանցից ոչ ոք տղաներին չի օգնում։ « Այ, շան տղերք, ո՞ւր եք քնյում, բա էս րախունց չե՞ք տենում»:- Պապն ուսը տակն է տալիս, հանում սելը, տղաներին ճամփու դնում:

Վրա է հասնում պատերազմը: Տղամարդկանց հավաքում են, տանում գերմանացու բերան, Հաբեթին ու իր երկու եղբորը՝ նույնպես: Էն ամենաթեժ ժամանակ մի գերմանացի գերի են տալիս, թե «տար, գնդակահարիր»։ Պապը տանում է հեռու, օդում կրակում, գերուն բաց թողնում ,ասում. «Սյա էլ րախեք կունենա, քնյա րախունցդ կուշտը»: Գերմանացու գլխարկը բերում, տալիս է կրակելու հրահանգ տվող գեներալին:

Օրեր անց մի բարձրաստիճան պաշտոնյայի մոտ են հրավիրում: Մտքում ասում է. «Ես ուր, սյա ուր»: Պաշտոնյան ասում է.

-Կարապետյան Հաբեթ, քանի որ դու տասը երեխայի հայր ես, քեզ ուղարկում ենք տուն: –Չէ, պարոն, որ գնամ, ախպորանցս րախունց աչքերին չեմ կարա նայել, կքնյամ, երբ նրանց էլ տուն ղարկեք:

-Կարապետյան, դու գնա՛, ես իրենց կուղարկեմ, ես էլ Սեդրակն եմ։

Միջնեկին ուղարկում է, փոքրը զոհվում է: Փոքրին երեխեք է ունենում, ծղան են գցում եղբայրներով, թե որ մեկը որ երեխուն որդեգրի, ու այդպես Հաբեթի տասը դառնում է տասնմեկ: Մինչ ամուսնու վերադարձը Անահիտը տասը երեխու հոգսը ուսերին ավելի է բարակում, մաշվում: Ասում է. «Հայաթիս չորս ոտնանիները թող սատկեն, մարդս տուն գա»: Ոնց որ անեծք լիներ, Հաբեթի գալու մոտ ժամանակը օձը կովին կծում է, երեխեքը մնում են առանց կաթի ու մածնի, էշն էլ թունավոր խոտից է սատկում, մնում են անվառելիք: Մեծ տղան ՝ Լեվուշը գնում է Թիֆլիս ՝ հաց գնելու։ Հենց էդ գնացքում էլ հանդիպում է պատերազմից վերադարձող հորը: Հացը լցնում է մեշոկը, շալակը գցում ու հայդե՜ տուն՝ մինչ հոր հասնելը: Գալիս է տեսնում մերը լաց լինելով խաղողն է քաղում ու քթի տակ դնդնում:

-Այ մերա, որ մարդիդ բերեմ՝ ի՞նչ կանես,- ասում է Լեվուշը։

-Լեվուշ, սրտովս քնյա, հմի ո՞ր քարի տակին կուչ եկած ա հերդ:

Մեկ էլ որ Հաբեթը առաջ չի գալիս, ի՜նչ խաղող, ի՜նչ լաց, ի՜նչ դնդնալ, ամեն ինչ մոռանում, մարդուն ամուր գրկում է:

Պապը տատին անափ է սիրել. ուր գնար, գրպանը կլցներ, կտաներ Անահիտին: Հղի ժամանակ ծիրանի հոտն Անահիտի քթովն է ընկել։ Մարդն էլ ժողովրդի աչքից հեռու. դե, էն ժամանակ ամոթ էր կնոջը սիրելն ու փայփայելը, գերաններին նստացնում է Անահիտին ու գրպանների ծիրանը դատարկում կնոջ փեշին, հեռվում կանգնում է, որ մարդ չտեսնի:

Իրենց երեխեքին անուսում չեն թողել. մեկը դարձավ դաստիարակ, մյուսը՝ ուսուցչուհի, բայց երեխեքից ու փեսեքից շատ էր սիրում Մայիսին ու նրա ընտանքը: Խանումին սիրում էր, որովհետև իր նման ասող-խոսող էր, Շուշիկին՝ մոր նման խոհեմ էր, Լեվուշին՝ պեծ ու կրակ էր, Մարային՝ ճիշտը խոսող էր: Իսկ մի օր փեսա Ագևը՝ Խանումի  ամուսինը  ծերացած պապին լողացրել է, գնացել-եկել է հարցրել.

-Հապետ, լավ լղցրի՞:

Շատ չէ, մի տասն անգամ հարցրել է, պապն էլ թե՝

-Մոխիր պի, ջանիս քսի, հերիք ա, ա՛ շան տղա, կլյոխս տարար:

Մինչև խոր ծերություն էլ իր բաղը ինքն էր բեջարում։ Բաղի ցանկապատն այնքան բարձր էր, որ չէր երևում՝ ներսում ինչ ծառեր ունի: էդպիսի մարդկանց չեն ասի, որ ծեր է. հումորն ու երիտասարդությունը եռում էր մարմնում, ամեն անհրաժեշտ պահի գյուղացիք գիտեին՝ պապն իր խոսքը կունենա, իր խորհուրդը կտա. բերանից բառերը հանում, վրեն ժապավեն կապած նվիրում էր զրուցակիցներին:

Իր մահը կնքեց ութսունհինգ տարեկանում, խաղաղ ու հանգիստ քնի մեջ:

Առավոտյան դուրս է եկել շրջել իր բակում, վերադարձել, քնել ու էդպես էլ չզարթնել։

․․․Հաբեթ պապ ջան, օղորմի քեզ, ես Խանումիդ թոռ Խանումն եմ, քեզնից մի մազ ունեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով