Ամալյա Սողոմոնյան, Էսսե

Ինչ-որ տեղ

 Ինչ-որ տեղ այս ահասարսուռ լռության մեջ կա՛, գոյություն ունի մի հանգրվան: Մեզ ինչ-որ մեկը հաստատ լսում է, կամ էլ, չգիտեմ, գուցե ձայները տեղ չեն հասնում: Սպասել է պետք: Մեզ մոռացել են: Բոլոր գոյություն ունեցող աստվածները մեզ մոռացել են: Մի ծեր մարդ անցավ իր ծեր շան հետ: Տեսնես ո՞վ ավելի շուտ կմեռնի: Մենք ամեն օր անցնում ենք ապրելու ու մեռնելու սահմանագծով ու բթացած շարունակում առաջ մղվել: Մեր կենսահյութերը շուտով կսպառվեն: Ավելի ճնշող դատարկության զգացում հնարավոր չէ պատկերացնել: Կորցնում ենք ու կորցնում: Արդեն չենք էլ ընկալում՝ ինչ է իրականում կատարվում մեր հոգիների հետ: Ապատիա:

Տեսնես մեզ կփրկի՞ L’Obscur-ը: Կամ ինչ-որ մեկն ով փրկել գիտի: SOS: Փրկեք Ձեր հոգիները: Մի վերջին անգամ Ձեզ մարդ զգացեք: Հետո գուցե ուշ լինի: Մաքրեք մտքերն ու հոգին: Թույլ մի տվեք քաոսը հաղթի: Մի վայրկյան լռե՛ք, որ լսեք ինքներդ Ձեզ: Ամեն ինչ հօդս է ցնդում: «Աղավնիներ պահող պապիկը սրտի կաթված ստացավ, ու նրանք փակված մնացին իրենց բնում: Ինչքա՜ն խաղաղություն մեռավ մի վայրկյանում: Ինչ-որ մեկը մահախոսական էր կարդում, իսկ աղավնիները շարունակում էին  ճախրել երկնքում»: Քանի հազար վերադարձներ չկայացան: Ինչքան սերեր կորան ճանապարհին: Աշխարհը կխաղաղվի մի օր: Լույսը հանգիստ կբացվի, գարունը նորից կգա, գնացողները հանգիստ կգնան, և մի օր կսկսենք հանգիստ նայել մարդկանց ու աշխարհին։ Իսկ եթե էդպես էլ խաղաղությունը չգա, մենք կգնանք նրա մոտ:

Դու իմ հիշողության մեջ կմնաս մի հայացքով, մի ժպիտով, ինչ-որ տեղ հեռվում, մշտապես լուռ, փակ տարածքում, որտեղից չես կարողանա այլևս դուրս գալ։ Անցյալը կբաժանվի ինձնից ու կմնա հիշողությանս մեջ։ Դու կանհետանաս, բայց հիշողությանս մեջ կմնաս նույն  դատարկ տեղում՝ տխուր դեմքով՝ դատարկ տարածության մեջ։ Այնտեղից դուրս գալու հուսահատ փորձեր կանես, բայց իզուր, էլ հույս չի լինի։ Նորից կգաս: Կփախցնեմ հայացքս, կփակեմ աչքերս՝ հուսալով, որ կանհետանա խավարը։ Մարդիկ կլինեն, որ կբարձրանան մահը տեսնելու, իրենց աչքերով, որ ոչ ոք չխաբի։ Մենք մի օր կսովորենք, որ հանգուցյալին պետք է մենակ թողնել իր դատարկության հետ։ Այդժամ մահը մոռացության կմատնվի։ Մի պահ կխզվի աշխարհի ու իմ հիշողության կապը, հետո կհասկանամ, որ տարածությունն առաջ է անցել ժամանակից։ Մի օր կավարտվի այս՝ գրողի տարած մղձավանջը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով