Գրիշ Սարդարյան, Պատմվածք

EVN – HVN – EVN

Օդանավակայնը դատարկ էր։ Ասես երկիրը չէին լքում։ Դիմավորողները քիչ էին։ Գնացողը գնացել էր, մնացողը՝ մնացել։ 

Գիշեր էր։ Հերթական գիշերը։ Հրամայված էր սպասել։ Ջահելները սպասում էին, չէին ընդդիմանում։ Ո՞վ էր գալիս, որտեղի՞ց, չգիտեին։ Հավանայից Երևան, Հերենվենից Երևան, թե՞ մեկ այլ տեղից, հայտնի չէր նրանց։ Ասել էին՝ լսել էին, ուղարկել էին, նրանք էլ գլուխ տվել ու ճամփա էին ընկել սաստկացող ցրտին, որպեսզի եկվորին դիմավորեին, հյուրերի քանակը պարզեին, ուղեկցեին դեպի հյուրանոց, հյուրատուն կամ ուր որ կհրամայեին։ Ի վերջո, նրանց գործը հրամաններին ենթարկվելն էր։ Հասարակ բան, ի կատար էր ածվում հերթական հրահանգը, չնայելով ժամատախտակին, չտենչալով ավելին, քան կային, կանգնել էին ոստիկանական ծառայողները, վեց թե յոթ հոգի, համազգեստը հագներին, հոգնում էին նրանք, ներսուդուրս անում, շրջում էին՝ աչքի տակ պահելով ժամանման դռների հարթակը։

Բայց դռները չէին բացվում, և ստիպված, կատակների անհերթ ու անսպառ, դիտարկումների անվերջ ու անբավ, ծիծաղի զուսպ ու չափավոր զրնգոցներ արձակելով, շրջում էին սպասասրահով հինգ տղա և երկու օրիորդ ոստիկան, և լինում էր, որ բաժանվում էին, մի տղան հեռանում էր աղջկա հետ, շրջում էին առանձին-առանձին, զույգերով, եռյակով, ցանկացած դեպքում, յուրաքանչյուրի հայացքը վերադառնում էր ժամանման դռներին, էկրանի չվացուցակին, HVN – EVN անհասկանալի չվերթի, անգուշակելի հյուրի ազդեցությամբ, գիշերվա ժամը երեքին, կոկված-սոկված, մտորմունքն ու շփոթը թաքցնելով, շարունակում էին հերթապահել ոստիկանական խմբերը։ Նրանց ընկերներն ակտիվ գործի էին անցել։ Համալիրի սրահում էին արդեն բազմապատիկ թվով ոստիկաններ, որոնք մի կողմ էին հրավիրում հուսահատ ժողովրդին, խնդրում, վիճում, պահանջում դրսում սպասել, բարկանում, նեղանում, ռադիոկապով հաղորդում տեղեկություններ և ստանում նոր հրահանգներ, նորանոր կարգադրություններ, նորանոր ոստիկաններ, իսկ սկզբում շրջող յոթնյակից ոչինչ չէր պահպանվել, մեծաթիվ համազգեստավորներ կուտակվել էին տարբեր անկյուններում, լուծվել, կորցրել դիմագիծ և դեմք, շարվեշարան, փակել էին մուտքերն ու ելքերը, անջատել շարժասանդուղքը, երիզել նստարանները, շրջափակել վաճառակետերն ու զուգարանները, պատրաստվել, ինչպես հարկն է, պատշաճ ընդունելության պատրաստ կանգնել, մի ընդունելության, որը չէր վերծանվում, HVN – EVN ծածկագրով ինքնաթիռը վայրէջք էր կատարել և բոլորին ստիպում էր սպասել…

Ով գիտի, թե այդ ինչ հյուր, պետական պաշտոնյա, համաշխարհային նշանակության ինչպիսի դեմքեր էին գալիս։ Սիգարներ, պանամաներ ու կրեոլներ, թխահեր, թխաշիկահեր, գավաթակիրներ կամ գուցե օլիմպիական չեմպիոններ էին ուշացած գալիս, հույժ գաղտնի, Հավայներից, Հավանայից, մի խոսքով, լարվածությունից ու հանդիսավորությունից ճնշված, նախապես ժամանած ոստիկանական խմբի անդամներից մեկը վերագտավ իրեն, սկսեց հարցուփորձ անել այստեղ բերված ուրիշ ոստիկանների, թե որտեղի՞ց և ովքե՞ր են գալիս, պատասխան չհնչեց, միայն ենթադրություններ, պարոն լեյտենանտ, մնում էր միայն ենթադրել, որ Ձեր ասած՝ Հավանայից, հույժ գաղտնի, սակայն հայտնի, ազդեցիկ անձինք են Երևան ուղևորվել, պարոն ավագ լեյտենանտ, պարոն կապիտան, պարոն մայոր, մինչև իսկ՝ պարոն գեներալ-գնդապետ, բոլորն այստեղ են, պատրաստվում են դիմավորել, գրկել, տանել, մեր երկրին ու մեր քաղաքին ծանոթացնել, տպավորություն գործել, չխնայելով իրենց, ուս-ուսի, բոլորը օգնում էին բոլորին, բանակն այստեղ էր, որպեսզի օգներ ոստիկաններին, ռազմական նվագախումբը դրսում էր կանգնել, որպեսզի մեղմեր անտանելի ցրտի գրոհը, ուշադրություն շեղեր, տեսախցիկները վկայում էին սպասվածից էլ կարևոր հյուրերի մասին, գուցե շախմատի թագակիրն էր գալիս, գիտության և սպորտի նվաճումներն էին բերում, մեդալներ, դափնիներ, ոսկեփայլ, ժպիտներ, ծաղիկներ, գուցե ինչ-որ բանից հետ է մնացել, մտածում էր լեյտենանտը, վերջերս գլուխը խառն էր, նորություններին հետևելու ուժ չուներ, ցանկություն չկար, ափսոսաց, ջանաց մերվել ընդհանուր տրամադրությանը, կազդուրվել, ձուլվել, հավատալ, ժպտալ…

Այդժամ վերադասների սառը դեմքերը լրջություն պահանջեցին։ Ուրախանալու առիթ չկար, դեռ պարզ չէր, թե ով է վերադառնում… տաք երկրներից վերադարձող թռչունների պես, Հավանան հիմա նրա գլխում էր, մտքերում նստել, հանգիստ չէր թողնում, ու լեյտենանտն ամաչում էր իր ծալը պակաս, խեղված մտածողությունից, զլանում էր հարցնել, թե որտեղի՞ց, եթե ոչ Հավանա, ապա ո՞ր քաղաքից են ճանապարհվել, միգուցե ինքը չգիտեր, բոլորը տեղյակ էին, ինքը՝ չէ, խայտառակ բացահայտում կլիներ, միգուցե բոլորն էին անտեղյակ, բայց վախենում էին բարձրաձայնել կամ ուշադրություն չէին դարձրել, նորից էր նայում էլեկտրոնային չվացուցակին, EVN-HVN-EVN, լավ դե, հոգ չէ, որոշել էր, ինչ գնով էլ լինի, կպարզի, հեռվից եկավ, մոտեցավ գնդապետին, ողջունեց, կատակեց, ակնարկեց, ասես սովորական բանի մասին է հարցնում։

Այդպես էլ գիտեր։ Ծածկագիր էր։ Այդպես նրան ասացին՝ դա հատուկ կարևոր չվերթի ծածկագիրն է։ Բայց կասկածները չփարատեց։ Ավելին էր ցանկանում իմանալ։ Չեք խաբի։ Զուր տեղը ոչինչ չի գաղտնագրվում։ Ճիշտ է, նա երեք օր չէր քնել, հոգնել էր, մաշվել, ոտքերի ցավը տվել էր որովայնին, որովայնացավը՝ մեջքին ու գոտկատեղին, մարմնացավը առաջ էր բերել գլխացավ, և հազիվ էր իրեն պահում, որ չգլորվեր, քայլում էր, որ թարմանար, կանգնում էր, զգում էր, որ կջնջվի, կփլվի, գլխապտույտը բարկությունից սաստկանում էր, շունչ առնելու մասին էր երազում, մի անկյուն քաշվեր, պառկեր, հեռու մի անկյուն, պապենական գյուղ, ծառի շողքին, տաքուկ քամին, փչեր դեմքին, գիշերը արթուն լուսացրած, ցերեկվա նինջը գար, թույլ տար անրջել, քունն առնել, իսկ հետո հովին, տան պատերից ներս, պատուհանի տակ, իր մահճակալին, պատշգամբից արևը կանչեր, շողշողար, փայլեր, դուրսն ամբողջությամբ լույսով ողողված, փռվեր տան զովին, թուլանար ու հանգչեր, ու երբ արթնանար, ցերեկվա նույն ժամին, նույն լուսառատ երկինքը, կանաչ տերևները, րոպե իսկ կորցրած չլիներ, ամեն բան հին հանգստավետության մեջ, անփոփոխ սպասեր իրեն, արթնացման հետ երազն ու օրորը կտրող ինքնաթիռը գոչելով անցներ, գյուղական գլուխները կախ ու անտարբեր, ախ չքաշեին նույնիսկ վեր ձգվել, իզուր շլանալու հոգս չքաշեին, դա ո՞ր ֆիլմում էր, արև էր, առո՛ւ, հռնդյունը խախտում էր անդորրը, թռչում էր, և գյուղացիք գիտեին, որ վայրկյանների հարց է, սովոր էին, բարեկամաբար, ընդմիջման պես էր, հեքիաթի նման, օրվա ընթացքում մեկ-երկու անգամ թռչում էր ինքնաթիռը, և որքան հաճախ, այնքան նվազ բարեկամաբար, ավելի սպառնական էին ինքնաթիռները ճեղքում երկինքը, իր երազների գյուղը վտանգված էր, լեյտենանտը սթափվեց, ստուգեց իրեն, ամեն ինչ կարգին էր, շուրջն իրարանցում էր, իսկ գլխում մշուշվել էր ներկան, խառնվել էր անցյալը, ապահովության կետում այլևս ապահով չէր, պաղատագին բացվում էին ժամանման դռները և փակվում, հարկ էր սպասել, ճակատագրի թաթը նրան առաջ էր հրել, կարգադրելով անցնել և օգնել, այսպիսով, հերթական հրամանի համաձայն, նոր գործընկերների հետ լրիվ նոր խումբ կազմած, ժամանման դռներից մտան ներս։

Աղջիկը ակնթարթորեն նկատեց։ Լեյտենանտի չքացումը հենց սկզբից զարմացրել ու զայրացրել էր նրան։ Խմբով էին եկել, միասին զատվել էին խմբից ու քայլել էին օդանավակայանի կուռ մետաղ երկնքի տակ։ Միասին նրանք շրջում էին քաղաքի փողոցներով, աչքները լույսերին, աստղերի փոխարեն նրանց ուշադրությունը խլում էր խանութների լուսավորությունը, խոսում էին իրար հետ, բայց հայացքներն ուղղած կասկածելի անցուդարձին, երբեք չկտրվելով շրջակայքից, անտարբեր, ցրված վերաբերմունք կար միմյանց նկատմամբ, որը եթե աղջիկը խախտեր՝ խախտեր, թե չէ՝ լեյտենանտն ամբողջ ուշադրությունը կսևեռեր արտաքին աշխարհին և ուսի վրայով երբեք չէր ժպտա կողակից գործընկերուհուն։

Սեր և սիրո բացակայություն։ Սա ի՞նչ էր։ Ջերմություն և պաղություն։ Փախուստի ակնթարթը ճշգրիտ բռնացրեց։ Տղան մտավ ժամանման դռներից։ Կարևոր չի, թե ով նրան կարգադրեց, կարևորն ակնթարթն էր, որում այդ անցումը կատարվեց։ Լեյտենանտը չսպասեց հակառակ սեռի լեյտենանտին, կարգադրությունը նրա սրտի ցանկությանն համընկավ ու համապատասխանեց։ Աղջիկ լեյտենանտը մնաց դրսում, հիմա նա երկու հոգու էր սպասում։ Առնվազն երկու մարդ պիտի անցնեին այս դռներով, և մեկը իր առջև պարտավոր էր արդարացումներ փնտրել, մյուսն առանց արդարանալու կարող էր գնալ, կորչել, անէանալ…

Աղջիկը զգում էր, որ հյուրը հաստատապես մենակ է լինելու։ Չէր զորի բացատրել, դա այնպիսի նախազգացում է, որը բառերով հազիվ թե արտահայտես։ Մենակ էր, տղամարդ էր։ Արագորեն որոշել էր և հետաքրքրությունը սպառել։ Դրանից զատ ոչինչ չէր ուզում իմանալ, արդեն գիտեր, որ կարևոր մեկն է ու տարեց տղամարդ, ստուգելու, համոզվելու պահանջ չկար, թող գա, տեսնեն, թե դեռ կասկածներ ունեն, կփարատեն, վերջում խմբին այդպես էլ կասի, ինքը առանձնապես անհանգստացած չէր նրա գալով ու չգալով, իսկ թե ինչո՞վ էր տապակված՝ գաղտնի կմնա, միայն տղային հայտնի կլինի, նրա ցրվածությունը մեղքի զգացումով կլցվի, այլ բանով հնարավոր չէ հագեցնել այդ կավե սառնությունն ու դատարկությունը։

Եվ աղջիկը սպասում էր տղային, ինչպես հուրը կավին կսպասի։ Ձևի համար՝ լեյտենանտը սպասում էր լեյտենանտին։ Ողջ տերմինալը սպասում էր ժամանողին։ Տեսնես էլ ո՞վ էր իր նման, նույն օրի, նույն ապրումներով, լրիվ ուրիշի գալուստն ակնկալելով, կասկածները նույնքան խորը թաքցնում, տեսնես ի՞նչ էր անում, այդ ցրված, սառած, աչք չփակած կավե անոթը հիմա ինչ պատվիրակության լեզուներով էր լցվում, ի՜նչ սրտով էր ժպտում, ասում, խոսում և գործընկերուհուց զատ, որևէ բանի մասին մտածում։

Եվ հիմա աղջիկը վստահ էր, որ կյանքի գնով այնկողմ է անցնելու։ Բացահայտումի էր մղվում, մոտեցել, դիրքավորվել էր վերադասների թիկունքում, թակարդ էր լարել, մարաղ մտել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում իրեն նկատեն, հանձնարարություն տան, նպատակն իրագործելի էր, կասկած չուներ, դա կարող էր դրոշը լինել, վերադասներից մեկը, զրուցակիցների զարմանքը զգալով շրջվել էր, նայում էր դիմացը տնկված լեյտենանտ աղջկան, իսկ աղջիկը մտածկոտ հայացքը կախել էր նրա թաթերի մեջ ճմռթվող դրոշին, ճիշտ պահին, ճիշտ տեղում, անհապաղ կարգադրությունը ստացավ կամ կորզեց՝ ավելի ճիշտ։ Եռագույնն իր ձեռքին, նոր եռանդով ու կրկնապատիկ ինքնավստահությամբ դուռը հրեց։ Նպատակն էր տեսնել, հասավ իր նպատակին, մտավ, տեսավ լեյտենանտին ու հոգուց մի ծանր բեռ ընկավ ասես, միառժամանակ բոլոր ներկաների հոգուց էր այդ բեռն ընկել։ Երկար, ուղղանկյունաձև արկղ էր։ Տղամարդիկ  քանդում էին, քանդում, ահա թե ինչու էին ուշանում։ Տախտակները դժվարությամբ էին բաժանվում իրարից։ Պարզելու բան չկար, այստեղ գրեթե գաղտնիք էլ չկար, գրած, կպցրած էր՝

▪Բեռ 200▪ Erevan – Heaven – Erevan

Փակ դագաղում պառկածը մենակ էր, տարեց  ու տղամարդ, անկասկած, կարևոր մեկը, որին երկար էին սպասել, ինչպես և ակնկալվում էր, աղջիկն իրեն հանձնարարվածը ճշգրտությամբ կատարեց, նա փոխանցեց եռագույնը, լեյտենանտն ու ընկերները փռեցին, լայնք ու երկայնքով հավասարեցրին, խնամքով ծածկեցին… բռնաձողերից վերցրին, դուրս եկան ժամանման դռներով և արժանացան ծափահարությունների…

Մեղադրյալը նրանց ձեռքում էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով