Սամվել Խաչատրյան, Վեպ

Երևան բլյուզ

(հատված)

Տիգրանի ու Նունեի զբոսանքները ձկան աչքով


Օգոստոսի 1, 2022

Հայտնի ու ձանձրալի պատմություն է։ Հատվածի մի ծայրում մեկն է, մյուսում՝ մյուսը։ Կա դիպված, որի բերմամբ մեկը հանդիպում է մյուսին։ Միասին հարթում են ճանապարհ, անցնում այն, ապա բաժանվում։ Հետո նման մեկ այլ դեպք, հետո` ևս մեկը, ևս մեկը։ Կարևորը հնչերանգներն են, որ մեկ խլացնող աղմուկով, մեկ անորսալի արձագանքներով բացառում են ճանապարհի եզրագծով մեկ աճող մոլախոտերը՝ քաղաքային կակաֆոնիան։

Տիգրանի ու Նունեի ստեղծած ինտերաղմուկն իրականում մեկուսիչ խորանարդ է, որում հայտնվողը պոկվում է կակաֆոնիայից ու որպես տարրական մասնիկ՝ սկսում իր գոյությունը զրոյական կետից, սնվելով աղմուկով ու լռությամբ՝ դրանց հոմանիշ ու հարակից տարբեր այլ գոյականներով։ Գոյության բազմազանությունը բացահայտող այդ ինտոնացիաների բացահայտումը, դրանց յուրացումը և վերջինիս շնորհիվ առկա պարտադրանքի (միանմանության) ու քաոտիկ աղմուկի բացառումը վերջ չունի։ Այս պատմությունն ավարտ չունի։

Կտրանցումով երազից հայտնվում է իրականության մեջ։

Հետաքրքիր է, որ երբեք աչքերը դանդաղ բացելով ծուլորեն չի մտել օրվա ռիթմի մեջ։ Միանգամից է արթնանում․ կա՛մ ուշանում է, կա՛մ նորից մտքով, թե ուր որ է՝ կհասնեն իր ետևից։ Իսկ այս անգամ երազում տեսել է, թե ինչպես են այդքան խոսելուց, պատկերացնելուց ու գրելուց հետո, վերջապես, եկել ետևից ու խաղաղությամբ թակել դուռը։ Աչքերը արագ բացեց, իր կարճ խելքով որոշեց դուրս թռչել երազից ու տնից։ Թե չէ չէր հասցնի զանգել ու մեկնումեկից օգնություն խնդրել։

Հայաստանում ժամը տասնմեկն է։

Եվ ընդհանրապես, հինգ րոպե է պետք, որ արագ հագնվի, լվացվի ու դուռը ետևից փակի։ Իսկ ի՞նչ կա տանը՝ կանաչ պատեր։ Նախկինում անգույն պաստառներ էին, իր կարճ խելքով եզրակացրել էր, թե վառ գույները վատ տրամադրությունները կցրեն։ Նկարներ պատերից ժամանակին չեն կախել, նկատի ունենալով, թե պետք է կենտրոնացած մնալ, սա էլ հետո դրան սովոր դառնալով ոչինչ չի փոխել։ Ապրում է փոշու հաստ շերտի տակ․ ամռան տապին պատուհանը միշտ բաց է թողնում, իսկ նրբանցքով մեկ տարվող անվերջանալի շինարարությունից (ի դեպ, այդ աղմուկն էլ է Տիգրանի սրտով, որովհետև Նունեին ու Ջեյ Թամրազին է հիշում) ողջ փոշին լցվում է նոր մաքրած սենյակը։ Սրան հետևում է մազածածկ անկողինը, որը սևով խառնվում է ճերմակ սավանին ու ոսկեգույն ավազափոշուն։ Առհասարակ ամաչում է և նախընտրում է լռել, իսկ սա, երբ խնդրում են պատմել տեսած երազների մասին, հակադարձ համեմատական է առատ խոսքին ու պատկերավոր համեմատություններին։ Երազներ ու կարծիքներ հարցնող այդ քչաքանակ մարդիկ պարտադիր չէ, որ բառացի խնդրեն իրեն խոսել (ակնարկն էլ բավական է), հետո էլ, ի վերջո, կրակն են ընկնում, որովհետև մեր ընկերը երազները բառ առ բառ, տեսարան առ տեսարան գրի է առնում։ Հույս ունի, թե մի օր դրանք ինչ-որ մեկին պետք կգան։ Չէ, չէ, հեչ մեկին էլ պետք չեն գա, խոստովանում է գիշերները, պետք չեն գա, ինձ կմնան — հիշելու ինչ-որ բան կլինի վերջում։ Գրի է առել տհաճ ու ամոթաբեր, եթերային ու անորոշ տեսարանները։ Երազներին հղում կատարելուց գուցե ինքնակամ հրաժարվելու լիներ (հանուն հանգիստ առօրյայի), եթե չլիներ կիրքը։ Բնավորությունն ամեն կերպ անփոփոխ թողնելու անսանձ կամքը։ Վերջ ի վերջո, դա է, ինչ նրան իր աչքում ինչ-որ բան է դարձնում։ Բայց այս մի երազը, որ պարբերաբար կրկնվում է իբրև գովազդ, երևի թե բաց թողնի։ Հիշողությամբ հետին թվով մի օր գրի կառնի, իր իսկ համար իբրև բոնուս, եթե պլստա ու տեղում անհողդողդ մնա, ճիշտ բռնացնելով այն պահը, երբ երկար սպասված մենակության ծանրությունը խփի գլխին, տա սպանի, տակը մնան կանաչ պատերը, կանգուն բնավորությունն ու փոշու մեջ կորած ձայնապնակները։

Հիմա ամեն ինչ անտեր թողած, կարծես դրանց նկատմամբ սեփականության ոչ մի զգացում չունի, հերթական անգամ կյանքը դասավորելու վճռականությամբ լցված, Տիգրանը դուրս է գալիս տնից, բակից, բեմից՝ տարածությունն ազատ թողելով քաղաքի առօրյա աղմուկի համար:

Միտումնավոր դանդաղությամբ Տիգրանը քայլում է Հյուսիսային պողոտայով։ Հենց սկզբից էլ, կարծես փորձելով միանգամից բացառել իր համաձայնությունը քաղաքային ապօրինություններին, հայտնում է, որ Հյուսիսայինն առանձնանում է իր համար որպես անհեթեթության ու անորսալի ամոթի հակադիր բարձրակետ։ Քայլում է պողոտայի երկայնքով օրը մի քանի անգամ, որպեսզի հիշողությունը չթմրի, որպեսզի չմոռանա, թե իր մտքում բորբոքած տնային դավադրությունն ինչ կետի է հասել։ Վերջապես, որպեսզի չդադարի ինքն իր համար ընդգծել իր մերժելիությունը քայլող ամեն շնչին։ Տիգրանի մարմինն արձագանքում է հեղեղ դարձած ամբոխի հոսքերին, իսկ արյունն ասես հակառակ ուղղությամբ է հոսում օդում մաշկահոտերի քաոտիկ պտույտից։ Ճանապարհի մեջտեղում մարդիկ մոտենում են ու անցնում, փորձությունները գալիս են, պատահում ու անցնում, իսկ Տիգրանը անշեղ զբոսուղու վերջում կանգնում է՝ ամենքին հաղթահարած, ամենքին վերապրած։ Ինքն իրեն դնելով մի իրադրության մեջ, որտեղ իրեն հասնում են մանր դետալներն ու եթերային օրվա վերջում ցնդող մանրամասները։ Ահա դրանից էլ, անհամաչափ տարբերակումից, սնվում է իր երևակայությունը․ նա՝ մի փոշեհատիկ հողամրրիկի դեմ, անզեն ու անպաշտպան մարմինը ամբոխների մաշկաշերտերից քարացած հաստ պատի դեմ։ Եվ կռվելու ու պաշտպանվելու միտք էլ չունի։ Նա կանգնած է այդ պատի դիմաց, հայացքով դեպի ողորկ մակերեսը։ Ճակատով շոշափում է պատը, փորձում մաշկով զգալ, որսալ պատասխան ինչ-որ ձայներ ու հնչյուններ, լեզու գտնել հետը, մտերմանալ, իսկ որպես պատասխան, երբ պատն իր հետ խաղ անելը դադարեցնում է, դղրդյունով փլվում է գլխին՝ անվայելուչ ուրախության ու անբնական հանգստության տեսքով։ Սա էլ ձեռքով դեմքի վրայից մաքրում է հողն ու դեմքով շրջվում դեպի իր զբոսուղու հերթական կանգառը։ Շրջվում է ու նույն դանդաղությամբ շարունակում քայլել դեպի վրա հասնելիք տեսարանը, որը սպասված ձեռքերի մեջ է առնելու իրեն ու գիրկը նստեցնելով ասելու՝ դե ասա, ի՞նչ ա եղել, քեզ ո՞վ ա նեղացրել, էդ ո՞վ քեզ սովորեցրեց էդքան արագ ջարդվել։ Դե հավաքվի, լավ, հլը սրա դեմքի  կեղտը նայի․․․

Գիծը երկար է, այն փառահեղ է ու երկար։

Հեռանալով կենտրոնական փողոցներից՝ Տիգրանը եկավ հասավ իր բոլոր ճանապարհների հատման կետին՝ Այգեստանի դալանին։ Ուր էլ գնա, ինչ արագությամբ էլ գնա, հասնեն ետևից թե հետքը կորցնեն, նա գալիս ու ծակող հայացքը հառում է քարտեզից դուրս մնացած այդ կետին։ Դալանը կանգուն է, իր մեջ է առնում մեր տղային, կլանում ուշադրությունն ու մագնիսի պես ենթագիտակցությունից քաշում կպչուն ու դանդաղասահ մտքերը։ Եվ միայն այստեղ Տիգրանն իրեն վերագտնում է իր խաղի կենտրոնում։ Հենց այդտեղ է նա զգում իր իրական չնչինությունը, ինչպես ապաստան հայցող փախստականը։ Երկարունեղ այդ դալանի միջով անցնելը նրան հիշեցնում է աղբահորը նետած տեքստերից կազմած լիքը տողեր։ Տող, գիծ, հատված կամ ճառագայթ, որոնք սկսվում են մի տեղից ու շարունակվում իրենք իրենց՝ ստիպելով սահել վրայով ու չընդհատվել։ Քայլել ու աղմուկից զատորոշել հստակ շարադրված բառերն ու կառույցները, մաշկի վրայով անցկացնել ամեն բառի իմաստն ու պտտվել, սայթաքել ենթատեքստերում։ Տիգրանի համար հոգ չէ․ դալանի մթությունն իրեն ստիպում է կենտրոնանալ մաշկի վրայով սահող հնչյունառատ գոյականների ու որոշիչների, բայերի ու ձայնարկությունների վրա ու թույլ տալիս մտքով սուզվել առանձին տառերի հնչյուններում ու դալանի հակառակ կողմում խաղ անող երեխաների նման ցատկել մի ձայնից մյուսը, վերապրել ամեն կարճուերկար նախադասությունը։ Որոշները բթությամբ սկսվում ու կտրուկ ավարտվում, շատերը՝ լուռ սկսվում են ու լուռ էլ ավարտվում։ Որոշները բաց ավարտով են (դիր ու երևակայությամբդ ազատ տարածությունը լցրու), իսկ որոշները սկսվում ու վերջանում են իրարից չնչին հեռավորության վրա (դիր ու վերապրիր նախադասության զգացմունքը)։ Այդ ամենը դալանով շքերթային դանդաղությամբ քայլող Տիգրանն է, բառակույտ ու դրամա։ Զարմանալի Տիգրանը, ինքն իր խոսքն այլ խոսքով ընդհատող Տիգրանը։

Դատարկ իրականության մեջ փլատակներ դառնալու ենթակա շենքերի պատերով իջնում է քաղաքային բազմաղմուկը, այնտեղից յուրաքանչյուրը կարող է քաշել ու լսել սրտի ուզածը։ Մարդկանց քչփչոցն ու երթևեկության աղմուկը, ծիծաղն ու ազդանշանները, թռչունների երգն ու շատրվանների խշխշոցը, անհասանելի ռադիոհաճախականություններն ու քաղաքի գլխին կախված կեղծիքի ուրախարար երգը։ Նա լսում ու մտքի դարակներում խնամքով դասավորում է ականջին հասած ամեն հնչյուն։ Ասես ուշադրությունը կենտրոնացրած լինի աղմուկը մտքի խորքերում ձայնագրելու վրա։ Ինքն իրեն մոռանալով, հատկապես քաղաքի կենտրոնում, նա ձուլվում է քաոսին ու քաոսը մանելով դարձնում թել։ Այդ թելի վրայով էլ, իբրև վերջին լարախաղացը, ճոճվում ու զվարճացնում է գոյություն չունեցող, իրեն լսելու եկած մարդկանց։ Քաոսի մի դրվագը մյուսի կողքին անտրամաբանական հերթականությամբ շարելով ստանում է մի կոլաժ (կամ խճանկար, եթե կուզեք), որին հանդիսատեսը հատուկ գալիս է մերժելու։ Իսկ խճանկարներն այդ նա դնում է նրբակերտ շրջանակներում ու մտովի կախում սենյակի կանաչ պատերին՝ իբրև կյանքը կանոնակարգելու ու ինքն իրենից ազատվելու սեզոնային արարողություն։ Նունեին դա դուր կգար։

Դալանի վերջում Տիգրանը, մտքում երգած լինելով ամեն երգ ու արձակած լինելով ամեն ձայնարկություն, ետ է նայում ու հրաժեշտ տալիս ծնողին։ Ծնողը, ով իր ձեռքերով մաքրում է փոշոտ դեմքն ու ցեխոտ ձեռքերը, մի վերջին կանգունությամբ ու առանց ավելորդ սենտիմենտալության պատասխան հրաժեշտն է տալիս։ Այն ինքնակամ իր վրա է վերցնում չսառելու պատրաստակամությունը, փոխարենը թույլ տալով Տիգրանին դանդաղ քայլքով կտրել հազար աղմուկներ, աստիճաններ բարձրանալ, խաչմերուկներ անցնել, ճանապարհներ գնալ, սարեր մագլցել, ցատկել հարմոնիայից պոլիֆոնիա, պոլիֆոնիայից էլ կակաֆոնիա, ապա նորից դուրս պրծնել լույս աշխարհ ու դալանի հակադիր ծայրում գտնել Նունեին։

Տիգրանը դալանով դուրս է գալիս բակ, Տիգրանը գնում է տուն։

Դուռը փակում է ներսից ու վերստին բացահայտում իր իրերը՝ գրքերը, ձայնապնակները, պատից կախած ռադիոընդունիչը, լուսանկարները, անկանոն իրար վրա դասդասած արխիվային գրառումները։ Հանգստանում է։ Շնչառությունը կանոնակարգվում է։ Դեմքի գույնը տեղն է գալիս։ Վերականգնվում է։

Հայաստանում ժամը տասնվեցն է։

Օգոստոսի 2, 2022

Իսկ Նունեի հայտնությունը հարթության վրա լրացնելու եկավ այն բացը, որը Տիգրանը ինքն իրեն էր հնարել, երբ փորձում էր պարբերաբար արդարացնել իր գոյությունը Երևանի կենցաղում։ Հատկապես երեկոյան ժամերի դուրս էր գալիս բակ ու հայացք գցում լուսամոտներին, որոնցից ներս ջերմ-դեղին լուսավորությամբ աչքի էր զարնում ուրիշների կյանքը՝ պատերին երևակվող ստվերներից մինչ հոտեր։ Նրա մտքերն ընդմիջվում էին կանաչ սենյակում մարսած բազում, ռադիոեթեր կազմած հարցազրույցներից ինչ-որ տողեր։ Իսկ ի՞նչ է ընտանիքը․․․ բույն է (հա՞), որտեղ պարտադիր կերպով միմյանց վրա դասդասված են սեփական կարծիքը, սեփական մաշկահոտը, յուրայինին պաշտպանելու համար սպանելու ու մանրատելու պատրաստակամությունը։ Իսկ երբ բնից մեկը բացակայում է, ցնցվում ու տեղաշարժվում են մնացողները։ Այլ կերպ ասած՝ կործանում։ Հիմա Տիգրանը նայում է լուսամուտներից ներս ծավալվող ուրիշների իրականություններին ու համոզվում, որ ինքն ու Նունեն կարող էին դառնալ բետոնե հիմք, որի վրա ոտքի է կանգնած (ան)տեսանելի ու (ան)շոշափելի աշխարհը։ Մեկը՝ քանդող, մյուսը՝ ստեղծող, պղծող ու սրբագրող, սևագիր ու մաքրագիր, բարի գործ ու զանցանք, սարկազմ ու դրամա։ // Դեմքով ժպտուն և մտքով խոցված։ Երկու ձեռքում երկու ըմպանակ կա մեկում՝ արյուն և մյուսում՝ կաթ։ Երկու կրակալի բուրվառ մեկում՝ խունկ, մյուսում՝ ճենճեր։ Համերով լի երկու ափսե մեկում՝ քաղցրություն, մյուսում՝ դառնություն։ Զույգ բաժակներ երկու պարունակությամբ մեկն՝ արտասուքով, մյուսը՝ ծծմբով։ Մատների ծայրով պահված տաշտեր մեկում՝ գինի, մյուսում՝ լեղի։ Տեսության ներհակ դռներ մեկը՝ լացի, մյուսը՝ վրիպման։ Հակարդյունք հալոցներ մեկն այրում է, մյուսը՝ հանգցնում։ Երկու դեմքերի նայվածքներ մեկը՝ դույզն-ինչ ողոքանքով, մյուսը՝ անխնա բարկությամբ։ Երկու բազկի բարձրացում մեկը՝ հարվածելու, մյուսը՝ մերժելու։ Դեմքի կրկնակի արտահայտություն մեկը՝ տխրած, մյուսը՝ ցասմնալից։ Մեկի փոխարեն երկու կշտամբանք մեկը՝ այժմյանը մյուսը՝ գալիքինը։ Կարծեցյալ ապավինություններ մեկը՝ գոնե, մյուսը՝ թերևս։ Երկու խոսք մեկ բերանում մեկը՝ եղկության, մյուսը՝ խռովության։ Երկու ազդեցություն մեկ սրտում մեկը՝ կեղակարծ հույսի, մյուսը՝ ստույգ կորստյան։ Ահագնատեսիլ լրթագույն ամպ՝ կրկնակի տեղմամբ մեկը՝ նետերի, մյուսը՝ քարերի ահեղ որոտում երկու բերումով, մեկը՝ կարկուտի, մյուսը՝ կրակի երկու վտանգների ցավագին գիշեր մեկը՝ լալու, մյուսը՝ մահվան։ Երկու բողոքի սգո առավոտ մեկը՝ սաստի, մյուսը՝ սպառնալիքի։ Երկու ծայրերից երկու արեգակ. մեկը՝ խավարի, մյուսը՝ կիզման։ // Իսկ Նունեն բարձրությունից նայում է Տիգրանին ու նրա շուրջը ծավալվող շրջանին ու դիտողություններ անում, կարող ես և ավելին լինես, ծույլ ես, քիչ ես կարդում, չես կարդում։ Կարևորը՝ կատարվողի նկատմամբ գործողությանդ ինտոնացիան ճիշտ ընկալես, թե դերասան ես ուզում լինել։ Նունեն բազմադեմ ու տարաբնույթ հայտնությունները տարբերի օրերի տարբեր աստիճանի տպավորություններ է թողել Տիգրանի վրա։ Խիստ միայնության օրերին Նունեն գալիս էր իբրև ցնորք, մաշկը շոյող քամու տեսքով ու քամուց օրորվող կենցաղով հասկացնում իր գոյությունը։ Մինչդեռ վայրի հիացքի օրերին նա առաջանում է իբրև ներկայացման անլուրջ շոուի սկիզբ՝ դանդաղ քայլերով հայտնվելով պարաբեմում։ Հիվանդության օրերին արև ու ջերմություն, իսկ առողջանալուն պես՝ լռություն ու կանաչ պատից վար սահող սառնություն։ Նունեին հասնելը դեպի դալան տանող այն ճանապարհն էր, որում Տիգրանին միշտ համակում էին մտքերը «մեկ այլ ելքի» մասին – մեկ այլ ելք կա կյանքին նայելու, նույն տեքստը մեկ այլ կերպ գրելու, մի ֆիլմի տեսարանը մեկ այլ կերպ մեկնաբանելու կամ մտքում միզանսցենների հերթականությունը փոխելու։ Դալան տանող ճանապարհին է Տիգրանը հանկարծ իրեն բռնում այն մտքի վրա, որ միևնույն գործողությունը կարելի է տարբեր իրավիճակներից բխեցնել․ ներքին թատրոնում, ենթադրենք, Տիգրանից պահանջվում է խոսել միայնության մասին։ Մի դեպքում նա կարող է տեր կանգնել միայնությանն ու ուժեղի դիմակը դանդաղ հանելով դիմել հանդիսատեսին, իսկ մեկ այլ դեպքում նրա հոգեպահուստային խոր սենյակներից հանում են տարիների լավ արարքների համար իրեն հանձնած հարստությունները։ Հանում են օրը ցերեկով, մի քանի զույգ ձեռքերով՝ այդպիսով Տիգրանի հագից հանելով բոլոր հանդերձները՝ տակը թողնելով ոսկորներ ու ու կաշի։ Իսկ այս անգամ, երբ նա մտքով թափառում է ուրիշի բնակարաններով՝ մի Նունե գտնելու հույսով, աչքի առաջ բացվող հարթությունները — բակը, որում գտնվում է, հորիզոնների ու երկնքի հատման ուղիղները, կեսգիշերային ծանրացած լռությունը և այլն — իրեն հիշել են տալիս ինչ-որ անհայտ երգչի երգեր։ Բախտը բերել, ռադիոյով էր լսել, կոնկրետ մի օր, կոնկրետ մի ժամի։ Երգերից հետո մտքում՝ ներքին թատրոնում, բեմադրել է մոնոներկայացում, որի երկրորդ գործողության մի ընթացքում հնչում են այդ երեք երգերը։ Նման է նրան, որ իր տնից բակ հասնելու համար իջնում է երեք աստիճաններով։ Երեք աստիճան ու երեգ երգ՝ յուրաքանչյուրն իր հստակ սկզբով ու ավարտով, իր լայնությամբ ու խորությամբ, չափածո տողերի մեջ տեղավորվող էսսեների սկզբով, միջնամասով ու վերջաբանով։ Եթե համերգը տեսագրված լիներ ու մշտապես դրան վերադառնալու հնար լիներ, ապա նրբանկատ դիտողն ինչ-որ ժամանակ արդեն ինչ-որ օրինաչափություն կնկատեր երգերի միջև։ Մոռանանք մի պահ, որ դրանք ընդամենը երգեր են, որ շարվել են ինչ-որ հերթականությամբ ինչ-որ ձայնապնակի դատարկ խորունակություն կամ համերգի տևողություն լցնելու համար։ Երեքում Տիգրանը, հենց Տիգրանը կամ նրան հասկացող (իրեն անհայտ) մեկը կնկատեր, որ բոլորով կարուսել են նստել․ արագություն ավելացնելուն պես երգերը դառնանում են։ Արտիստը, ով իբր ուշադրություն չի դարձնում ինտոնացիաների փոփոխությանը, շարունակում է մի անսովոր թեթևությամբ պատմել երգերը, առաջվա պես արձագանքել նվագախմբին ու զրուցել հանդիսատեսի հետ (եթե չնկատենք աչքերը թարթելու դանդաղությունը կամ հայացքի դրամատիզմը), մինչդեռ երաժշտությունը գնալով դառնում է ավելի թավ ու ծանրամարս։ Աստիճանականության սկզբունքով ինքնակամ տխրեցման առաջին խայծը, որ նման է կորցնելուն, լսարանը կարողանում է կուլ տալ, երկրորդի տակ, որը կորցրածը գիտակցելն է, շփոթվում է, ու դա դեռ չմարսած՝ ստանում երրորդ, անտանելի հարվածը՝ հետ բերելու անկարողության դեմ շարունակական կռիվը։ Իրենց ծավալից մեծ ինչ-որ անպատկերացնելի ու անմեկնաբանելի շփոթմունք կյանքում պատահող մանրումեծ հոգնություններից, որոնք, ի տարբերութուն ճմրթած վերնաշապիկների, հնարավոր չէ արդուկել կամ չնկատել, փոխարենը, մնում է դրանց վտանգավոր ջրերում խորանալն ու խեղդվելը։ Առաջին երգում ծիծաղում են, երկրորդում՝ երազում, երրորդում էլ՝ լռում։ Վերելք, գագաթ, անկում։  Երազանք, հաղթանակ, պարտություն։ Սկիզբ, շարունակություն, ավարտ։ Լաց, թմբիր, վերակազմակերպում։ Այս ամենից հետո միայն բեմի լույսերի վառվելուն պես արտիստը ներկայանում է իր իրական կերպարով ու ժպիտով կարծես ասի՝ դե լավ, լավ, կատակ էր էսքանը։ Ուշքի եկեք։

Տիգրանը վերջին հարկի պատուհաններից հայացքը շքամուտքին սահեցնելիս անցնում է երեք կանգառների միջով ու վերջում չի գտնում ոչ մի բավարարում։ Սիրտը չի հովանում, այլ միայն հոգնածություն ու զզվանք, որոնք, գուցե, չկրկնվեն հաջորդ անգամ։ Գուցե մուսան՝ Նունեն, մի օր, ամեն դեպքում, հայտնվի առաջն ու ասի՝ լավ, կատակ էր, հավաքի քեզ․․․։

Օգոստոսի 3, 2022

Բոլոր իրական ու երևակայական գործողությունները կատարվում են արվարձանային բնակարաններից մեկում՝ Երևանի ընդհատակում, պատերազմներից, համաճարակներից ու խելագարություններից էլ մի քանի հարկ ներքև։ Ընդհատակում հայտնվողին հասնում են դրանց խուլ արձագանքները, և այնտեղ մեկն իրեն ապահով է զգում։ Ու կա մի բնակարան՝ Երևանի մանրակերտը, որի պատերն ականջ ունեն ու որսում են արձագանքներն ու տնային լռության մեջ եռացող բազմաձայնությունը։ Զուգահեռ պատերի ականջները կլանում են իրենց միջև բացվող հարթության աղմուկը, այն սահում է հատակի մակերեսով, սեղանի հարթությանը թողնում խազեր ու փոշի, լցվում ու թափվում բարձրություններից դեպի խորություններ։ Մի պատը որսում է պայթյուն ու դղրդոց, մինչդեռ մյուսը կլանում է խշշոց ու ճարճատյուն։ Կամ, եթե կուզեք, շարժ ու մարդկային շշուկ։ Միանում են իրար, համադրվում երևակայական հնոցում, որը սենյակում հայտնվողին ամայի Երևանը գուցե հիշեցնի։ Արտաքին թատրոնի բեմում քայլողի ուշադրությունը շեղվում է մարդկանցից ու ծայրաստիճան խաղարկային տեսարաններից, մինչդեռ լուռ ու փոշոտ սենյակում նա մնում է ներքին քաղաքի փողոցներում մոլորված։ Ու չկան մարդիկ, չկան տեսարաններ, չկա նվաստացնող ոչ մի էպիզոդ, որից պարտադիր կլիներ երեսը թեքելը։ Ներքինում աղմուկը արտաքնից դեպի հիշողությունը սահող ուշացած արձագանք է, նա չի ուզում ականջները փակել, որովհետև փափուկ արձագանքից թմրել է ու հանգստացել։ Դանդաղությանը ծանոթ չեն դրսի քաղաքում, էլ ուր մնաց հինգ հարյուր տոկոսով ավել դանդաղությունը, որը թերևս կաթվածի կհասցներ շատերին։

Իսկ պատերը շարունակում են ընկալել, հավաքել ու համադրել ձայներն ու դրանց ետևում շարադրվող նարրատիվները շարում կամայական հերթականությամբ, շրջանակում ու կախում երևակայական պատերից՝ որպես հիշողություն քանդվող դրսի քաղաքի։ Դրսի քաղաք, որի քանդվող փողոցներից դղրդյունով պոկվում են հիշողություններն ու ընկնում պատերի ականջները։ Մենք այդ պատերն ենք, մենք դադարեցրել ենք արտաքին քաղաքում մեր միգրացիան ու խորացել մեր մեջ՝ ներքին միգրացիա, ներքին փնտրտուք՝ վերհիշելու կամ բացահայտելու ու պահպանելու հնարավոր ամեն ձայն ու հիշողություն, միջավայր ու մթնոլորտ։ Որ մնան ու մնան․ մնան՝ զուտ մնալու համար։ Գտնողը գուցե հազար տարի հետո գտնի ու ձայնապնակի նման պտտի, գիրկը նստի ու փախչի։ Հնարավոր է նաև, որ չգտնի, ու արխիվները գնան-կորեն, տեր չունենան։ Մենք դրան էլ ենք համաձայն։ Մենք, որ պատ ենք, էլ չենք զգում, չենք հուզվում, անշեղորեն ընթանում ենք ձայնագրությունների ու ռադիոհաճախականությունների ճառագայթներով ու մեր չգոյությամբ նույնիսկ հրաժարվում բողոքել նրանից, որ Երևանը քանդում են օրը ցերեկով, իսկ հիշողությունները մադկանց նման մնում են անտեր։ Մենք մեր ներքին շարժունակության մեջ կատաղի դանդաղությամբ ասես ձայնագրելիս լինենք ամեն հնարավոր ձայն ու տեսագրելիս լինենք մարդկային ցանկացած շարժում ու ժեստ, որոնք մասամբ նաև ժամանակի ու մոդայի արդյունք են։ Ուստի նայողը շրջանակած աբստրակտ կոլաժն ուսումնասիրելիս կհասկանա այն ժամանակները, որոնց միջով մենք մինուս անվերջությունից ձեռք ձեռքի տված գալիս ենք ներկային ընդառաջ։

-Բայց ո՞նց էր էսքանը։

-Չգիտեմ, բլբլում ես, բլբլում ես, ինչ-որ․․․ բաներ ես․․․ ասում։

-Փորձեցի սթափ մնալ։

-Գիտես տպավորություն է, թե իբր մեջդ էնքան էներգիա կա, իսկ ձեռքումդ՝ էնքան քիչ ժամանակ, որ շնչահեղձ լինելով փորձում ես ասելիքդ հասկացնել։ Մի քանի վայրկյանում փորձում ամիսներով կուտակված ասելիքդ դուրս թափել, միաժամանակ ձեռքուոտքով, աչքերով, ինտոնացիայով — ոնց, ասենք, Ռադիո Երևանի երաժշտությունն է ընդմիջվում գովազդով — դիմացինի ուշադրությունը շեղել քեզ վրա, այլ ոչ ասելիքիդ։ Դարակներ չունես մտքիդ մեջ, որ մտքերդ դասավորես, համեստություն չունես, որ հասկանաս՝ ինչ ասես, ինչ՝ չէ։ Ես եմ, որ դիմանում եմ քեզ։ Ուրիշը ոտքերի տակ կառներ քեզ։ Լսիր, պարզ եղիր, բան ունես ասելու՞, ասա՛, ուղիղ ու պարզ։

-Լավ, կասեմ ուղիղ ու պարզ։ Նորից սկսե՞մ։

-Սկսիր։

-Սա սկիզբն էր։ Երևանի մանր ու մեծ դրամաները կառուցվում են իմ ու Նունեի զբոսանքների վրա․ մենք ասես միջուկ լինենք, որից ճառագում է հսկայական էներգիա՝ պայմանավորելով քաղաքի տարբեր անկյունների ամենայն լավն ու վատը։ Մենք խոսում ենք, երգում, ծիծաղում, բարկանում, վիճում, բայց և միաժամանակ մտքով տեսաձայնագրում մեր ինտերաղմուկն ու դրանք ընդմիջող առանցքային խոսքերը՝ հիմնականում հաստատական նախադասություններ ու թվացյալ անկապ ձայնարկություններ ու հարցական բառեր՝ ի՞նչ, ո՞նց, էլի՞։ Կարող ենք երբեմն մեջբերել երգերի բառեր, հարցազրույցներից տողեր, գրքերից ցիտատներ, նույնիսկ եթե դրանք կապ չունեն մեր ասելիքի հետ և միայն հեռու հնչերանգով են նմանվում իրար։ Երբեմն մեր աղմուկը, ինչպես Ռադիո Երևանի եթերը, ընդհատվում են լուրերով ու գովազդով։ Եվ սրանք ասես խորը շունչ լինեն, որոնք մենք պետք է առնենք ու հասկանանք՝ չե՞նք շեղվել մեր ընտրությունից, չե՞նք գնում այլ ճանապարհով, այդ ճանապարհին մենք կկորցնե՞նք միմյանց։ Երբ թարմ ուժերով շարունակում ենք գրել ու խմբագրել, լսել ու տեսնել, մեր զբոսանքներով մոտենում ենք մարդկանց ու մոտեցնում մեր արտիստիկ բողոքը։ Տխմար մակերեսայնություն։ Ինչ զգում են բոլորը, բայց քչերն են՝ հիմնականում ինձ ու Նունեին մտերիմ, բայց երկրում չապրող ջահելները, համարձակվում քայլ անել ու դառնալ անկանխատեսելի։ Մենք երկուսով այն գորրծիքներն ենք՝ աչք-տեսախցիկներն ու ականջ-ձայնագրիչները, որոնք իրենց ուշադրության տակ են առել գնացածներին ու մնացածներին, բարձրացողներին ու իջնողներին։ Ապա խիստ թատերականացված կերպով (բայց ոչ նրանց կողմից սպասված խաղարկայնությամբ) պատմում իրար, ապա մյուսներին։ Համենայն դեպս, փորձում ենք։ Վերջիններս մեզ չեն հասկանում, բայց հոգ չէ․ մենք երկուսս իրար ունենք, մեր արածն էլ իրեն զգացնել կտա տարիներ անց։ Ես կարծում եմ։ Մենք Երևանը պատկերացնում ենք որպես ահռելի մի բեմ․․․ Տես, ես սրա մասին քեզ մի անգամ արդեն պատմել եմ, դու հրամայեցիր, որ դրան չվերադառնամ, բայց պիտի։ Կներես։

․․․ որտեղ դռներից նրբանցքներ, խաչմերուկներից տարատեսակ բարձրություններ, արտիստներն ու զանգվածներն անդադար շարժման մեջ են։ Վարագույրը՝ գիշերն, անշտապ սահելով հանդիսատեսի /առաջ/՝ մեր առջև կբացի տեսարան, որտեղ բոլորի աչքին այդպես էլ չբացահայտված ռեժիսորի հմտությամբ ոգևորված արտիստները՝ մենք, ինչ-որ բան ցույց կտան, կասեն, ձայն կհանեն, կշարժվեն։

-Կիրք․․․

-Կիրք։ Թող չլինի ներկայացում, թող լինի համերգ, կատարողական ինչ-որ բան։ Թատերականացված, բայց ոչ գռեհիկ։ Դրա մասին կխոսենք հետո։ Ինքներս մեր քթից բռնած՝ զգացմունքների ու լռությունների միջով էքսկուրսիաների կտանենք։ Տեսագրությունը նայելիս մենք ձկան աչքով կհետևենք, թե ինչ հերթականությամբ է տեսարանների շարքը է՛լ ավելի սրում զգացողությունը, հայացքի, ձայնի, շարժման ու հիշողության հիշարժանությունը։ Նախընտրում ենք խեղել իրադարձությունների հերթականությունը ու մտքում տեսաձայնագրել ներկայացումներ ու մենահամերգներ, որոնց միզանսցեններին հետևում ենք ձկան աչքով՝ պարզելով, թե որքան կարելի է միևնույն տրամադրությամբ երգել-խաղալ-շարժվել միևնույն տողը, թե ինչպես կարելի է անընդհատ նայել միևնույն տեսարանն ու անընդհատ մի նոր բան նկատել (ժպտաց, քմծիծաղ տվեց, ձայնը խզվեց) ու, վերջապես, երբ կհոգնենք ամեն ինչից։ Ձկան աչքով նորից կնայենք, թե նույն փողոցով քանի /անգամ/ արդյոք հնարավոր կլինի տարբեր զգացողություններով անցնել։ Հյուսիսայինով, ասենք, կարելի է հազար անգամ անցնել գլուխը կախ, կարծես փորձելով պաշտպանվել սրա-նրա ծաղրալի հայացքներից, բայց միգուցե դեր կսահմանվի, որով այդ ճանապարհը ժպիտով ու թեթևությամբ անցնենք, ասենք, էդ երկնաքերերի տեր/ը/ զգանք մեզ, պահի մեր տրամադրությանը համահունչ։ Գուցե սառը պատերը մեզ պաշտպանե՞ն նրանցից այնպես, ինչպես նրանց բոլորին են պաշտպանում մեզնից, և գուցե պողոտայից դուրս ծավալվող թշվառությունը մեզ մի օր հարազա՞տ թվա։ Մենք ինքներս մեզ և՛ ռեժիսոր ենք, և՛ դերասան։

-Հետո նույնը կկրկնենք առանց հոգնելու ու նյարդայնության։ Մեր արխիվները՝ մեր ուղեղները, անպատկերացնելի ծավալներով թույլ կտան կենդանի պահել հիշողությունը որպես ողջ լինելու ու բթացած չլինելու ապացույց, որպես կենդանության նշան։ Նունե՛, որ կանք, մեզ հաճելի չէ, մեզ համար միևնույն չեն հարափոփոխ սպառնալիքները։ Բացահայտման էս տեսարանները մեկ ներկայացման առաջին գործողությանը բնորոշ տեսարաններ են, որոնք ամենևին էլ կատաղություն չեն հարուցում, ոնց մենք կարծում էինք ճանապարհը սկսելիս։ Շոգը հիշողության մեջ դաջվում է իբրև ջերմություն ու հանգստություն, աղմուկը՝ ջահելություն ու արած մանրումեծ մանկամիտ սխալներ, իսկ ձայնը մեր մտքում հնչող, ջահելության տարիները բնութագրող արտեֆակտ։ Բայց  տարիների հետ ձայները տարրալուծվում են ու թեթև արձագանքով անհետանում։ Իսկ հետո՝ լռություն։ Առաջին գործողությունն ավարտվում է անվերջ երեկույթների (երեկույթ, որովհետև մենք հաճույք էինք ստանում կյանքն ինքներս մեր միջոցով բացահայտելուց) մթնանցումով։ Կադրից դուրս մի փառահեղ վերջաբանով երեկույթն ավարտվում է ու մենք, այլևս ուժ չունենալով ոտքի վրա մնալու, գլորվում ենք տուն։ Վարագույր է իջնում, այլ կերպ ասած։

Հետո կոմայից արթնանում ենք։ Հոգնեցի՞ր։

-Չէ, հոգնած չեմ։

-Ես էլ։ Ես էլ։

Կհոգնենք, միանշանակ կհոգնենք։ Բայց հետո նորից ոտքի կկանգնենք — երկուսով — ու նորից կսկսենք նույն պտույտն անել, ժամանակի հետ ավելի ու ավելի դանդաղ, ավելի ու ավելի հոգնաքայլ, վերջի նկատմամբ ավելի սառնասիրտ։ Եթե շրջանը վերածելու լինենք հարթության վրա ծավալված ուղի, անվերջանալի գծի կամ ճանապարհի, ապա մենք երկուսով ճանապարհի վերջին հասնելիս չենք լինի․ սկզբում կընկնես դու, հետո ես կամ հակառակը։ Իրար կորցնելով կանհետանանք անորոշության ու հարափոփոխությունների մեջ ու մեզ կլանած խավարում ինչ-որ մեկին ցույց կտրվի «ֆիլմի վերջը» գրությունը, ավելի մանր տառերով էլ՝ հեղինակային իրավունքն ու ինչ-որ տարեթիվ։

-Հետո՞։

-Ոչ մի բան։ (Ամեն ինչ կանցնի, սա էլ կանցի)։

Վարագույր է իջնում, այլ կերպ ասած։

Իսկ հետո կոմայից արթնանում ենք։

-Ինստիտուցիոնալ հիշողություն․․․ Շարունակիր, խնդրեմ, ավելի դանդաղ։

// Իսկ մահաբեր պատճառները, որոնք դժոխարմատ ծառիս դառը պտուղներն են (ընտանի թշնամիներ, հարազատ հակառակորդներ և դավաճան որդիներ), մաս առ մաս իրենց անուններով ցույց պիտի տամ ստորև։

Ահա դրանք՝

մանրախորհուրդ սիրտ, չարախոս բերան, անպարկեշտ աչք, վրիպալուր ականջ, մահաձիգ ձեռք, անփորձ երիկամներ, մոլորաշավիղ ոտք, աներկյուղ ընթացք, խոտորնակ հետք, ծխախառն շունչ, խավարային քայլք, լյարդի քարացած գոյացություն, ծորած խորհուրդ, անկայուն կամք, անփոփոխ չար, սասանված բարեմասնություն, տարագիր անձ, վաճառված ավանդ, վիրավոր գազան, նետահար թռչուն, քարավեժ փախստական, բռնված հանցապարտ, ծովասույզ ավազակ, նենգավոր զինվոր, անպատրաստ մարտիկ, անժուժկալ սպառազեն, ծուլացած մշակ, անխրախույս աղոթական, ստորաքարշ բեմական, անկնդրուկ քահանա, աննվեր օրենսգետ, նախատված դպիր, խելագար իմաստակ, անճոռնի ճարտասան, անպատկառ կերպարանք, անամոթ դեմք, լպիրշ երես, անախորժ գույն, տմարդի տիպ, ծանակված գեղեցկություն, փչացած խորտիկ, գարշելի ճաշակում, բաղեղապատ այգի, որդնահար որթ, փշաբեր պարտեզ, ուտճահար հասկ, մկներից ճարակված մեղր, անպատսպար ընկած, սնապարծ հուսահատ, անհամոզելի նզովյալ, անհաշտ բաժանված, ունայնաբան շաղակրատ, պաճարամիտ գոռոզ, անասնորեն ապիրատ, դժոխային ագահ, անսանձ հանդուգն, անաստված մոլեգնություն, սպանիչ ձեռնձգություն, տատասկացան հողագործ, եղկելի երջանկություն, վատթարացած մեծություն, անշքացած վայելչություն, տկարացած կարողություն, խոնարհված բարձրություն, ընդոտնված փառավորություն, հարակա պատրվիրանազանցություն, ինքնակամ սխալանք, կամակոր մատակարար, նենգավոր խորհրդակից, օտարացած բարեկամ, գողամիտ հազարապետ, կծծի մերձավոր, ժլատ բաշխող, կարկամ վերատեսուչ, անզգա հոգի, անսեր իղձեր, ատող բարք, անգութ աղիք, անխոհեմ ընթացք, վնասված անտեսանելիներ, անիծված ծածուկներ, նախատված դիպվածներ, վատնիչ վաճառական, շվայտ շահարար, հարբեցող պաշտոնյա, խարդախ գանձապահ, բանսարկու պատգամավոր, քնկոտ դռնապան, հպարտ աղքատ, ուրացող հարուստ, անօրեն դիվանապետ, մատնիչ պահապան, չարախոս բնակակից, ուշացող սուրհանդակ, մեղապարտ թղթաբեր, խռովարար առաքյալ, անիմաստ միջնորդ, հալածված արքա, անպիտան թագավոր, հոգեկործան կայսր, տիրադավ իշխան, զրկող զորավար, աչառու դատավոր, ինքնագլուխ ռամիկ, նախատողի ծաղր, սիրելիի ողբ, բանագրի պարսավ, հանդիմանողի դատախազություն։

Արդարև, մի ժամանակ վեհագույն կոչումներ էլ ունեի, իսկ հետո վատթար որակումների արժանացա։

Ահա սրանք են բազմաթիվ վնասակար խարդախությունները, որոնց մի մասից խաբվեցի իբրև հիմար, մի մասից էլ պարտվեցի իբրև տկար, ինքս ինձ կամովին մատնելով մահվան։ //

Օգոստոսի 4, 2022

Ծանրուդատարկ օրվանից հետո, ինչքան էլ որ հոգնած լինեմ, դեպի տուն տանող ճանապարհս երկարացնում եմ՝ երթուղումս ընդգրկելով նաև քաղաքի գլխավոր փողոցները պիկ ժամերին։ Արևահարվելու ու թուլանալու ռիսկն ընդունում եմ որպես ծավալվելիք տեսարանների դիմաց գրոշից էլ քիչ վարձավճար, այդպիսով ինձ նախապատրաստելով քաղաքի ներքին՝ այդքան զազրելի ջրերում լող տալուն։ Ես ինձ կարողացել եմ ժամանակի ընթացքում մարզել ու ստիպել ամեն անգամ քաղաքին մոտենալ իբրև առաջին անգամ, այսինքն՝ գիտակցաբար խաբել ինձ, թե գիտեմ Երևանը ու փորձել մոտենալ դրան՝ կարծես թե դրա մասին ոչինչ չգիտեմ։ Ու ամեն անգամ քաղել ու հիշողության մեջ պահել տեսարաններ։ Ենթադրում եմ՝ դրանցից արդեն մի ամբողջ խաղարկային ֆիլմի նյութ կարելի է կազմել։ Մանումենտի աստիճաններով իջնում եմ Կասկադ։ Ձեռքումս պինդ բռնած ձայնագրիչը պատկերացնում եմ իբրև տամբուր, որով լրացուցիչ գործիքավորմամբ ծանրաբեռնում եմ հազարերորդ անգամ լսածս երգը։ Ես ինձ տրամադրում եմ, որ բեմելից առաջ, կամ դեֆիլեի, կամ զբոսանքի, ոնց կուզեք, ես պիտի բարձր տրամադրությամբ լինեմ, որպեսզի ներքին քաղաքի հանդիսատեսը հավատա, թե իրոք ուրախ եմ։ Իսկ եթե ներքուստ բոլորն ուրախ են, ապա արտաքին քաղաքում բոլորն իմ մեջ կտեսնեն Հյուսիսայինի պատերի նման սառն ու ինքնավստահ կերպար։ Ու վերջ, մենք մի համասեռ զանգված ենք, չկա ինչ-որ օտար մարմին, համակարգի մեջ ինչ-որ բացթողում, որը որևէ կերպ կխաթարի քաղաքի ընդհանուր պատկերը։ Այ հենց էս դեպքում է կարելի Երևանը պատկերել որպես հարթ մակերես, ցանկալի է անգույն, հակառակ խորդուբորդությունների ու բարդությունների։ (Միայն քաղաքից շատ հեռու գտնվելիս եմ ես կրկին հաստատում, որ բարդությունների ու խճողումների նկատմամբ ունեմ համարյա թե հիգիենիկ պահանջ)։

Իսկ եթե ներքին դահլիճում իմ մեջ ֆալշ նկատեն, իսկ արտաքին բեմում ինձ ընդառաջ եկող կամայական մեկը չկարողանա իրեն իմ ներսում պարզորոշել, ապա այդտեղ կարելի է նկատել ներքին քաղաքային հավասարակշռության խախտումը դեպի քաոս։ Հանկարծ ինչ-որ անհասկանալի պատճառով ներկայացումը տապալվում է, և հանդիսատեսը հայհոյելով ու սուլելով (կարճ ասած՝ աղմուկով) սկսում է դահլիճից հեռանալ։ Դերասանին սովորեցրել են ամեն անգամ բեմ դուրս գալ ասես վերջին անգամ և ամեն անգամ խաղալ այնպես, ինչպես երբեք չի խաղացել։ Ամեն դեպքում, թատերական ներկայացումն ինքը կենդանի օրգանիզմ է, որի շնչառությունը, այսինքն՝ նախադասությունները, ամեն անգամ տարբեր հնչերանգներով են հնչում, տարբեր ժեստերի ու դիմախաղերի զուգակցությամբ։ Սակայն այս մի վերջինը վերջնականն է, որովհետև անտեսանելի պատից պարզ երևում է, որ դերասանը ձախողվում է, իրեն քաոսի է մատնում իրեն նայելու եկած հանդիսատեսի մեկ այլ ուժ՝ բարձրացնել գլխից վեր ու ուշադրությամբ ու միևնույն հուզմունքով սպասել, թե երբ կտապալվես ասֆալտին։ Իսկ վերջին հանդիսականը, երբ իր ետևից փակում է դահլիճի (սենյակի) դուռը, արդեն կրկեսային ներկայացումը սկսվում է արտաքին աշխարհում։ Հենց պիկ ժամին, հենց քաղաքի կենտրոնում։ Հենց այստեղ հարթությունը սկսում է ճաքճքել, առաջանալ գագաթներ ու անդունդներ, բլուրներ ու լեռներ, առվակներ ու օվկիանոսներ, որտեղ մի կողմից մարդիկ քեզ բարձրացնում են գլխից էլ վեր ու ցած նետում կամ էլ ձեռքերով նետում ջուրն ու խեղդում։ Հանկարծ կենտրոնական փողոցների անդորրը խանգարվում է և երևան են գալիս կրքերը, կախվածություններն ու խլացրած լիքը մտքեր։ Մի կայծ է պետք, փաստորեն, որ դրանք խիտ թույնի նման անշտապ տարածվի Երևանի երակներով։ Ու միատեսակությունը վերանում է՝ շեփորների ու ծնծղաների ուղեկցությամբ տեղը զիջելով ինքնամոռացության հասնող բազմազանությանը։ Փոքրոգության դեպքում հնարավոր կլիներ ներքին թատրոնում շեղվել, անգամ դուրս գալ պիեսից ու մանր զվարճալի ձեռնածություններով ու ծանակություններով կրկին գրավել մարդկանց ուշադրությունը, մինչդեռ արտաքին թատրոնում դա արդեն իրականություն է։ Կրում եմ դա մեջքիս նախանձելի համբերությամբ ու քար լռությամբ։ Եվ եթե ներքին թատրոնում դու խաղում ես ուղղահայաց, այսինքն՝ դու ու քննադատը, ապա դրսում պիտի խաղաս հորիզոնական՝ միայն մարդկանց համար, հանուն նրանց թեթև ժամանցի։ Ենթատեքստով ակնկալում ես, որ նրանք կհանդարտվեն ու բարեգութ կլինեն, բայց ներսում նրանք հետևում են քեզ համակ ուշադրությամբ, անգամ սուլոցով ու բացականչություններով սպասում կուլմինացիային։ Ուղեղի ծալքերում ձայնագրած ունենալով արտաքաղաքային երեկոյան խրախճանքը, կուլմինացիան գալիս ու անցնում է առանց նկատվելու։ Պատկերացրեք, թե տապալումից հետո մտովի հավաքվելու համար (լեռան փոխարեն) բլուր եք բարձրանում։ Հասնում ու ոտք եք դնում քիչ թե շատ հարթ մակերեսին։ Ու ի՞նչ։ Ինքներդ ձեզ էդպես էլ հարցնում եք՝ ու ի՞նչ, վե՞րջ, էս է՞ր։ Հենց այստեղ էլ դրսի քաղաքի թատերական անվերջ ներկայացումը հանդարտ մթնանցումով փոխարինվում է հաջորդ տեսարանով։ Վերջին հաշվով, կուլիսներից դեպի ներքին բեմն ու մայթերով դեպի արտաքին բեմ ճանապարհները նույնական են այնքանով, որ երկուսում էլ ես ու Նունեն միասին ենք․ Նունեն է միակը, որ խուզարկուի նման նստում է առաջին շարքում ու ուսումնասիրում էությունս, մինչդեռ Երևանում Նունեից մշտապես ակնկալվում է հայտնվել ճանապարհիս ցանկացած ծանոթի կերպարանքով։ Այնպես, որ հենց նա՛ պատահի ինձ՝ չի լինի երբեք, որովհետև ես դրան արժանի չեմ, և Նունեն այդչափ հասանելի չէ։ Ո՛չ քաղաքում, ո՛չ բեմահարթակում։ Այդ պատահական հանդիպումների ընթացքում է, երբ տխրությունս փարատվում է և հասկանում եմ, որ իզուր չեմ։

Օգոստոսի 5, 2022

Հաջորդ տեսարանը՝ ներքին միգրացիա։ Ընդհանրապես, Տիգրանի հիշողությունն ասոցիատիվ է․ պետք է ինչ-որ մի կայծ, որից հետո Տիգրանն իրեն կվերաբացահայտի ժամանակի ու տարածության մեջ, որտեղ ունի անձնագիր, քայլում է փողոցներով, մտնում է առևտրի տներ, հանդիպում է մարդկանց, ունի կենցաղ ու բնորոշ մաշկահոտ։ Այդ կայծի միջոցով են վերականգնվում տեսարաններն ու դրանց մանրամասները՝ տեղանքից մինչ մարդիկ։ Հակառակ դեպքում մնում է ժամանակների շունչը, որը խոշոր հաշվով մի քանիսն են՝ ամեն մեկը որոշակի հասակի ու փորձառության համար։ Նրա մտքում այդ ժամանակների փոփոխությունն այնքան դանդաղասահ է, որ ջնջվում են ոտքի տակ տված փողոցների սկիզբն ու վերջը, իսկ լսած մեղեդիները լղոզվում են միմյանց։ Դժվար է զատորոշել ինչ-որ բան, հետևաբար տպավորություն է, կեղծ տպավորություն, որ Տիգրանն ամպերի մեջ է ապրում։ Մի կողմ թողնենք նրա սկզբի շուրջ ծավալվող անորոշությունը (ինչպես և Նունեի), բայց, ասենք, գարնան ամպամած օրերին Բուզանդի փողոցից փչող միզահոտն է նրան հիշել տալիս տասնյակ տարիների վաղեմության տեսարանները, երբ քաղաքով մեկ ընկած Ջեյ Թամրազի ձայնապնակներն էր ման գալիս։ Մարդիկ գուխները տարուբերելով, համատարած մերժում են տղային։ Երկար փնտրտուքն ու գլխապտույտ մոլորությունը Տիգրանին խուճապի ու հուսալքության են հասցնում։ Բայց։ Իսկ միզահոտին խառնվող օծանելիքի ու կեղծ հարստության հոտերի միախառնումից առաջ է գալիս առաջին հիշարժան հաջողությունը՝ Ջեյ Թամրազի ձայնապնակի վերջին օրինակը, ահա, Տիգրանի ձեռքում է։ Լսածը հայտնի է, զգացածը՝ նույնպես․ Տիգրանը, որպես իր առանձնակիությունը սխալ հասկացած դեռահաս, քայլում է Կենտրոնական հրապարակով, սիրտը աշխարհի առջև բաց, հաղթանակից առկայծող սիրառատությամբ քայլելով մարդկային հոսքերի միջով ու ամեն մեկին տալիս իր բաժին հոգատարությունը։ Այդժամ նա հաղթանակ է տանում աշխարհի նկատմամբ, որովհետև իր ներքին միգրացիայի առաջին կանգառը մի շնչով գրավված է։ Նախկինում նույն հոսքերը մարմնի փափուկ մասերին ոտուձեռով խփում էին, գոռում, թքում, դիմազրկում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, նախընտրական պաստառներով, երաժշտությամբ, կինոյով, ընկեր համարված մարդկանցով՝ նկատի ունենալով, իբր տես, Տիգրան, չսխալվես։ Տիգրանը չլսեց ու հաղթեց։ Տիգրանը Ամիրյանի շենքերից իրեն առանձնացրել է ապակե հաստ շերտերով ու անփորձանք հասնում է տուն։ Այստեղ հիշողությունն ընդհատվում է։ Սկսում է թվալ, թե Տիգրանը գոյություն չի ունեցել կամ ունեցել է այնպես, ինչպես մայթին հանգրվանած ավազահատիկը։ Բայց Օպերայի պատերին մի քանի անգամ ձեռքով գրած Qucha Fashion գրությամբ Տիգրանն իրեն վերստին գտնում է Թատերական հրապարակում՝ Օպերայի շենքի հետ վերն աստիճանի թատերականացված ինքնավստահությամբ, բայց շշուկով զրույց տանելիս։ Շենքը վրա է հասնում սպառնալիքի տոնայնությամբ, որպես Երևանում էժան ուրախության ու ստորաքարշ հասանելիության միակ հակակշիռ, իսկ իր քարե զրուցակիցը անհաղորդ սառնությամբ Տիգրանի վրա փչում է բալետի ու օպերայի քամիները։  Այստեղ Տիգրանը, սխալմամբ իրեն կարծելով Օպերային հավասար չգնահատված ու դուրս թքված ֆիգուր, քաղաքին է պարտադրում իր նորամուծությունը, որն անվանում էր «ձկան աչք»։ Խուզարկու շան պես ներքևից, այնպես, որ շենքն ամպերը ծակի, ուսումնասիրում է պատերի ողորկ մակերեսն ու խորշերից դուրս պրծնող ծանր ու մելոդիկ շունչն, այնպես, որ այն իր դեմքին փչի։ Բազմակի փոքրանալով, դառնալով ճանապարհին ընկած պլատիկե ջրի շիշ, նա փոթորիկ դարձած շնչառության միջից հիշողության օրագրերում գրի է առնում այն, ինչ Հյուսիսայինով ճեմող ոչ մի ծլվլան երկոտանու մտքով չէր անցնի։ Օպերայից ճառագող սառը շունչը Տիգրանին հուշում է, որ հենց այդ կետից ու այդուհետ Երևանը հռչակվում է միայնակների քաղաք, որտեղ չնայած աշխուժությանն ու ականջ ծակող աղմուկին, ապրում են խուլ միայնության մատնված ու ներքին քաղաքի մասին ջնջվող հիշողություններով մարդիկ։ Օպերան առկա է, ներկա է ու փլվող քաղաքի ֆոնին ավելի բարձր ու որոշիչ ձայնով է ճառագում պարզ խոսքի ու հպումի մտերմությունը, աչքի մեջ մտնող ավազահատիկ, որ այնքան մերժելի է, որքան սեփական բարդույթները պիկ ժամին հիշելը։ Այն Տիգրանին է սնուցում իր չպատմած պատմություններով, տեսած բռնության դեպքերով, փոքրիկ, ծանր լուսավորությամբ բնակարանի հյուրասենյակում՝ թեյի սեղանի մոտ, ցածր ձայնով, երեկոյան։ Տիգրանը խորամանկորեն նստել է միացրած ձայնագրիչի վրա՝ ուշքումիտքը մայր քաղաքին, զմայլվում խոր կնճիռների մերկացնող հարազատությամբ։ Նույն ձկան աչքով պատմություններ ու պատկերներ է որսում անհետացած փողոցներով քայլող այլախոհների ու գերազանցիկների մասնակցությամբ, փլված գրատների ու համերգային դահլիճների ավերակների վրայով քայլելով՝ նա մտովի վերականգնում է մինչև հախուռն խելագարությունը զարգացող քաղաքային տեսարաններ ռաբիզների ու քյարթուների, պուզատիների ու թիկնապահների, պուտանկեքի ու մուրացկանների, անձեռոցիկ ծախող անչփահաս դպրոցականների ու Ամիրյանի Մարիոթի տակ բլատնոյ երգողների ու սրանց կլանած Երևանի մասին։ Նա նույն Ջեյ Թամրազն է, ում Տիգրանը թյուրիմացաբար նույնացնում էր հարևանուհու հետ, ով այնքան գեղեցիկ ու խորհրդավոր էր, որ տան արտաքին պատերն անգամ հուշում էին դա իրենց բացառիկ ողորկ մակերեսով։ (Տիգրանը խաչմերուկն անցավ, անցավ Մաշտոցի պողոտա)։ Ջեյը ոչ մեկի աչքով չընկած այն բնակչուհին էր, ով հարևան տուն տեղափոխվելուն պես մեկուսացավ։ Մարդիկ հիշում են, որ երկար ու շեկ մազեր ուներ, կտրուկ հայացք ու անբնականորեն երկար թարթիչներ։ Ողորկ պատերով նրա ջահելության աստիճանը որոշելը Ջեյին պատկերացնելու Տիգրանի միակ հնարավորությունն էր։ Դուռը ծեծում է, չի բացում, քարով խփում պատուհանին, չի արձագանքում, գիշեր է իջնում, լույսը վառող չկա։ Բայց օդի խտությամբ պարզ է, որ Ջեյը կա ու ներսում է։ Գիշերները Տիգրանն ականջը սրած փորձում էր Ջեյի շշուկը զատորոշել գիշերային թեթև աղմուկից, մթության մեջ սենյակի պատն իբրև ստվարաթուղթ պատկերացնում ու աչքերով իր հայեցողությամբ պատկերում Ջեյին՝ երկար մազեր, սուր քիթ, խոշոր աչքեր, երկար թարթիչներ, գունատ մաշկ ու մարմին, բարձրահասակ, առանց որևէ կաթիլ սեքսուալ գրավչության։ Նրան կարելի է միայն ձգտել ու երբեք չհասնել, ուղղվել, փոխվել, նորից ձգտել  ու նորից չհասնել։ Ազատվել նենգ մարդկանցից, ապաշխարել, նորից ձգվել ու նորից չհասնել։ Պատերը սկսում են ճաք տալ, Ֆիրդուս են գալիս նոր տերեր, դու մեծանում ես ու մարմնապես հասունանում, ձգվում, Ջեյին չես հասնում, հին տները քանդելով գալիս են առաջ։ Առաջին հիասթափությունները մարսում ես, ակնարկով նայում Ջեյին, իբր՝ տեսա՞ր, կարողացա, քո՛ օգնությամբ, քո՛ բարեհաճությամբ, բայց Ջեյն ասում է՝ կարող ես և ավելին, կարող էիր և (ընդհանրապես) շրջանցել, ճաքերը խորանում են, Ջեյի կնճիռները՝ շատանում, ամռանը քրտնում ես, իսկ ձմռանն ընկերներդ հեռանում են, Ջեյը դուռն առաջդ չի բացում, ջրակալած աչքերով գաղնիքներն ու կյանքի չափ վախը լուռ հաշվում է ու հերթական քնովն անցնում, երբ հաջորդ օրն արթնանում ես Ջեյի առանձնատունը քարուքանդ անող դղրդյունից։

Մոտենում ես փլատակներին։


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով