Մհեր Իսրայելյան, Պատմվածք

Տուփից Դուրս

 Տարոնին․․․

Ի՜նչ մի զարմանալու բան է՝ բոլոր մարդիկ էլ փորձում են ճեղքել շրջափակումը։ Ի ծնե լինելով ազատ, մարդը միշտ էլ ձգտելու է կտրել իր իսկ հնարած փշալարը, քանդել կառուցած պատնեշը կամ սրբել ուղեղը մթագնած փառը։ Ե՛վ իր մտքերի մեջ խարխափող մոլորյալը, և՛ լաբիրինթոսի փակուղում խճճված ճամփորդը, և՛ թշնամական զորքի աքցանում կալանված զինվորը նույն բանն են երազում․ ելք գտնել դեպի ազատություն։ Դժվարը երազանքին հասնելու ճանապարհն է։ Մի անգամ էլ եմ տնտղել այդ հարցերի հարցը ու շրջափակման մեջ հայտնված զինվորի փրկության հանելուկը միամտաբար վստահել ընթերցողի երևակայությանը, հերքելով կրակի ճիրաններում հայտնված կարիճի ինքնասպանության չարչրկված վարկածը։ Վերջին փամփուշտի տարբերակը, ուսադիրի մեջ խնամքով թաքցրած թույնով լի պարկուճը նույնպես հակված չեմ դիտարկել։ Բռունցքի մեջ զսպած նռնակի մասին էլ եմ երկար մտածել, բայց փակուղուց դուրս չեմ եկել։ Ընդամենը հուշել եմ, որ պետք է անգլերեն մի արտահայտությամբ ձևակերպված՝ «տուփից դուրս մտածել», որի հայերեն համարժեքն այս պահին չեմ գտնում, սակայն խոստանում եմ ապագայում շարունակել լեզվաբանական որոնումները։ Թե ինչ է որոշել ընթերցողը, Աստված գիտի, ի տարբերություն ինձ, նա քչախոս է ու գաղտնապահ: Նույնը չես ասի իմ սիրելի թատրոնի դերասանների մասին, որ ականջը ձայնիս կախած տարիներով թնդացրել են բեմն ու արաժանացել որոտընդոստ ծափահարությունների։

Ամեն մեկն իր դերն ունի այս կյանքում, կամ թե կուզեք՝ խաչը։ Երևի կռահեցիք՝ ես ընտրել էի հուշարարի խաչը։ Ո՞վ ասաց որ հեշտ գործ է, մի բան սխալ ասացիր՝ վերջ, ամբողջ կյանքդ խղճի խայթից կտանջվես։ Սայթաքեմ՝ տարիներով համբավ ամբարած դերասանը մի վայրկյանում կկործանվի, թե շատ ուզեմ՝ բեմադրիչն էլ խայտառակ կլինի։ Այս փեշակի ամբողջ հմայքն այն է, որ հանդիսատեսը քեզ չի տեսնում, դերասաններն էլ քո ձեռքին ոնց որ թելից կախված տիկնիկներ լինեն․ ոնց ուզես կշարժես։ Ե՛վ հուշարար եմ եղել, և՛ ծաղրածու․ երկու դեպքում էլ մի քիչ թաքցնում ես քո իրական դեմքը, բնականաբար բարի նկատառումներով։ Երկրորդ դեպքում՝ ուրիշ դեմքով ես պատսպարվում, ինչն ավելի մեծ համարձակություն է հաղորդում քո անդուլ ջանքերին։ Հիմա երբ պատերազմ է, ու տղերքից որին տարել են, որն էլ կամավոր է գնացել, բեմը մնացել է կիսադատարկ, ծաղրածուի հանդերձանքն էլ՝ մի անպիտան հնոտի, էլ չասած կարմիր քթի ու ծղրտան սուլիչի մասին։ Բայց չկարծեք, թե անգործ եմ մնացել։ Հենց հիմա էլ երևակայական հուշարարի խցում նստած զրուցում եմ շրջափակման մեջ հայտնված զինվորի հետ։ Չգիտեմ՝ հուշարա՞րն եմ, թե՞ ծաղրածուն, չգիտեմ՝ հուշո՞ւմ եմ, թե՞ ծաղրում։ Իրականում ոչ էլ խցի մեջ եմ, պարզապես ապահով մի եզերքում եմ ծվարել, իբր՝ հեռվից ավելի շատ օգուտ կարող եմ տալ, իբր՝ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի։ Մեր թատրոնի  տղերքն էլ, երեք հոգի, որ ընկել են շրջափակման մեջ,  բռնել հավատացել են իմ մոգական ուժին ու հրամանատարին զանգելու փոխարեն ինձ են բռնացրել, թե բա՝ աշխարհ տեսած մարդ ես, հազար հոգու բառուբան հուշած մեկը, մի բան ասա, անենք։   

-էս նեղ մաջալին ի՞նձ եք հիշել,- զարմանում եմ ես։- «Տուփից դուրս» պիտի մտածել, տղերք,- նետում եմ լեզվիս եկած առաջին միտքը։

-Ո՞ր տուփից,- հարցնում են տղերքը,- ամբողջ կյանքդ հուշել ես, դե ասա մի բան։ 

-Դե, տուփից էլի,- կմկմում եմ ես,- բա ո՞ւր է ձեր հրամանատարը։

-Չկա, երևի ճեղքել է շրջափակումը,- ենթադրում են իմ հաճախորդները (այդպես էի կատակով անվանում դերասաններին),- կամ էս կողմում է, կամ էն կողմում, կամ  տուփի մեջ է կամ տուփից դուրս։ 

Չգիտես ինչու հիշում եմ վերջերս զարմիկիս ցույց տված տեսանյութը, որ թափառում է համացանցում։ Տեսանյությում ավստրիացի բանվորները խանդավառությամբ, եթե չասենք գորովանքով, հորատիչների ներդաշնակ հռնդյունով մի կոկիկ թունել էին փորում ճանապարհի եզրից դեպի մոտակա լճակ տանող երթուղով։ Ինչպես բացատրեց զարմիկս, թունելը նախատեսված էր գորտերի համար, որ մոծակի որսից վերադառնալիս տունդարձի ճանապարհին հանկարծ ավտոմեքենայի տակ չընկնեն ու անմեղ նահատակ դառնան։ Կամ էլ՝ էշ նահատակ, ավելի անկեղծ բառապաշարով ասած, այսօրվա իրողություններին ու լեզվական միտումներին  համահունչ։ Հենց այդ պահին մտաբերել էի հայտնի հեքիաթը փրկված լճակի մասին ու մտքում ժպտացել․ ավստրիացիները խելացի ժողովուրդ են, նրանք գորտերին են փրկում, որ գորտերն էլ լճակը փրկեն՝ ինչպես հեքիաթասացն էր գուցե տողատակում մտածել։ Այնքան էի ազդվել տեսանյութից, որ մի տարօրինակ միտք էր համակել ինձ․ ավելի լավ է Ավստրիայում գորտ լինել, քան աշխարհի մի այլ եզերքում` մարդ։ Զարմիկս աչքերիս մեջ կարդացել էր այդ ցնցող հայտնագործությունը ու, հավանաբար, փոշմանելով, որ լուսավորել է ինձ՝ հեռախոսն արագ անջատել։

-Իսկ եթե թունել փորե՞ք,- լսափողի մեջ գոռում եմ ես։

-Ի՞նչ, թունե՞լ,- զարմանում են տղերքը,- էս դու հիմա հուշարա՞ր ես, թե՞ ծաղրածու։

-Երեխա ժամանակ գորտ պայթեցրած կա՞ք,- հարցնում եմ ես,- էն որ ծղոտը հետևից մտցնում էիր, փչում ու փքված գորտին գցում օդ, սա էլ երկրագնդի  ձգողականության ուժին տուրք տալով գահավիժում էր ցած ու ասֆալտի վրա գմփում։ Պայթած գորտերի ճայթյունը մինչև օրս զնգում է ականջներումս։ Իհարկե լինում էր նաև, որ խուլ էին պայթում, նայած ոնց էին նախընտրում դիմավորել անակնկալ վրա հասած մահը։

Շրջափակման մեջ ընկած զինվորն էլ է հայտնվում դժվար ընտրության շեմին՝ ճայթյունո՞վ պայթել, թե՞՝ սուսուփուս (այս վերջին միտքը մտքում եմ շշնջում)։

-Մեր ընկերը աչքիս գժվեց,- քչփչում են տղերքը,- տո՛, գորտ էլ ենք պայթեցրել, ճնճղուկի սիրտ էլ ենք կուլ տվել, դու ասա՝ ինչ անենք,  տարիներով հուշում էիր, բա, քեզ ինչ եղավ։ Կամ թե չես կարող, գոնե քո ծաղրածուությունը մարդավարի արա։  

Բեմն ու կյանքը բռնեցին համեմատեցին՝ մտքում քմծիծաղ եմ տալիս ես։ Էն էլ ե՞րբ՝ պատերազմի ամենաթեժ պահին։

-Հիմա էդ գորտերը մեզնից վրեժ են լուծում, մինչդեռ ավստրիացիները որպես հեռատես ժողովուրդ, հիմիկվանից սկսել են քավել իրենց մեղքը, թունել են փորում,- շարունակում եմ այնպես, ասես ոչ մի արտառոց բան էլ չի պատահել։ 

-Չէ, սա հաստատ ցնդեց,- նորից լսափողի մեջ քչփչում են տղերքը,֊ մի բան ասա, էս հեռախոսը հեսա կնստի, մենք էլ կմնանք խավարի մեջ։

Իրականում, ժամանակ եմ շահում, իբր տղերքին հումորով քաջալերելով՝ ծաղրածուի տարերքի մեջ եմ։ Էս համարս որտեղի՞ց են պեղել տեսնես, էս ինչ փորձանքի մեջ ընկա։ Իմ համար հեռու քաշված կուլ էի տալիս պարտության դառը լեղին էլի ու անելանելիությունից դեմքս ծամածռում։ Սրանք երևի զանգել են, որ թքեն երեսիս, դերասանները մի քիչ լկտի ժողովուրդ են, խոսքը մեր մեջ։   

-Տղերք, տուփի հանելուկը գիտե՞ք,- հարցնում եմ ես։

-Ո՞ր տուփի, մե՞ր,- հարցնում են տղերքը։

-Էն տուփի, որի մեջ ամեն ինչ կա, բացի մի բանից, պիտի գուշակեք, թե ինչը չկա,- շարունակում եմ ես։

-Երևի մենք չկանք,- ենթադրում են տղերքը։

-Դուք էլ կաք, դուք միշտ էլ կլինեք,- իբր քաջալերում եմ ես ու բացահայտում հանելուկը՝ եթե տուփի մեջ ամեն ինչ կա, ուրեմն տեղ չկա։

-Չէ, երևի վերջնականապես ցնորվեց,- ասում են տղերքը,- իզուր էլ զանգեցինք սրան, մեր համար հանգիստ կմեռնեինք, էլի՛։

Էս աշխարհն էլ տուփի պես մի բան է, ում համար տեղ չկա, տանում տուփի մեջ փակում են՝ մտածում, բայց կուլ եմ տալիս ես։ 

-Տղերք, վերջերս գիտե՞ք ինչ էր եղել, ինչ գործ էր բացահայտվել,- ու առանց սպասելու անցնում եմ մանրամասներին։

Պատմում եմ նախկին գլխավոր դատախազի դեպքը, որ շոգեբաղնիքը տնից մի քանի հարյուր մետր հեռու էր սարքել, հետո հասկացել, որ տնից շոգեբաղնիք գնալու ճանապարհն այնքան էլ անվտանգ չէ, և որքան էլ թզենու տերևով քողարկվի, կարող է դառնալ լրագրողների, քաղաքական հակառակաորդների կամ պարզապես հետաքրքասերների թիրախ։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ եզրակացության է հանգել փորձառու և իմաստուն մարդը։ Շատ ճիշտ ասացիք՝ թունել է սարքել։ Հետո ինչ, որ մի ընդդիմադիր թերթ չարախոսել է, թե իբր այդ թունելի փողով կարելի էր երեք, թե չորս տանկ գնել, իբր, եթե գլխավոր դատախազը սեփական շոգեբաղնիք չունենար ու սեփական թունել, բանակը կփրկվեր, երկիրը կհզորանար ու չէինք պարտվի։ Մեկ այլ մեկնաբան էլ ավելի հեռու գնալով եզրակացրել էր, որ եթե ամեն պաշտոնյա ու մեծահարուստ ռազմական նշանակության մի-մի թունել սարքեին, անպարտելի կլինեինք, լճակն էլ կփրկվեր։ Մի խոսքով փորձել են քավության նոխազ սարքել խեղճ մարդուն ու պարտության ամբողջ մեղքը բարդել այդ շոգեբաղնիքի վրա։ Երբ եկել են դատախազին ձերբակալելու, պարզվել է, որ հենց այդ թունելով էլ ճողոպրել է։ Այդպիսի բաներ, իսկ դուք ասում եք։

-Տղերք, մտքով մի թունել փորեք ու փորձեք տուփից դուրս գալ,-շշնջում եմ լսափողի մեջ,- էլ ոնց ասեմ, որ հասկանաք, հրաշքներ լինում են։

-Արդեն մեզ նկատել են, կրակում են ու կամաց-կամաց մոտենում, դու՝ տուփ, թունել․․․ ժամանակին կարգին հուշարար էիր, քեզ ի՞նչ եղավ։ Մի բան ասա, կախե՞ց ուղեղդ։

-«Տուփից դուրս» մտածեք,- մի վերջին անգամ հուշում եմ ես,-հոգնեցի կրկնելով։

-Ասում են՝ մեզ երրորդ երկիր կուղարկեն, ասում են, որ չվախենանք, մեզ չեն սպանի,- ասում են տղերքը։

-Դե որ ասում են, դուք էլ վայր դրեք զենքը,- փորձում եմ հուշել տղերքին,- մարդ մի անգամ է ապրում։

-Տո սրանից ինչ հուշարար, սա ծաղրածու է, մեր թատրոնի ծաղրածուն,- ասում են տղերքը։

«Տուփից դուրս» է պետք մտածել, գտեք թշնամու նկարած տեսանյութը, հենց ինքն է՝ մեր բակի Տարոնը։ Ինքը կհուշի ձեզ, ես ինչ հուշարար։ Ես հեռվում ծվարած մի ծաղրածու եմ, ընդամենը կարող եմ հուշել հաջորդ արարի մանրամասները։ Տարոն, դու ասա, ասա, որ նրանք վախկոտներ են։ Նրանք կասեն, որ քեզ չեն սպանի, երրորդ երկիր կուղարկեն, կասեն, որ առոք-փառոք կապրես ուրիշի անունով, բայց դու չհավատաս։ Դու Տարոնն ես։ Միայն դու կարող ես փրկել մեր լճակը։

-Դուք վախկոտներ եք, ծաղրածուներ, մենք ձեզանից չենք վախենում,- կգոռան տղերքը ու կրակ կբացեն։

Գրպանից կհանեմ ծղրտան սուլիչս ու լիաթոք կփչեմ հեռախոսի մեջ, գուցե խլացնեմ կրակահերթը ու ծանր երազից լեղաճաք վեր թռնեմ։  Բայց բեկբեկված լռությունը ի վերջո կհաղթի։ 

-Ասում էի, չէ՞, հրաշքներ լինում են, դուք բոլորդ վախկոտներ եք,- քիչ ուշ կլսեմ ես, բայց ոչ թե հեռախոսի լսափողից, այլ ավելի բարձրից, ու հայացքս դանդաղ կհառեմ երկնքին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով