Գրականագիտություն, Սաթենիկ Ավեստիսյան

ԻՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՖԱԿԱՆ ՆԱԻՐԻՆԵՐԻ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ «ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ» ՎԵՊՈՒՄ

  Հոդվածը նվիրված է Եղիշե Չարենցի  «Երկիր Նաիրի» վեպի քննությանը։  Ուսումնասիրվող հիմնախնդիրը առնչվում է  վեպում առանցքային կարևորություն ներկայացնող իրական և միֆական նաիրիների հակադրությանը։   Որպես հետազոտական մեթոդ կիրառվել են յունգյան հերմենևտիկայի մեթոդաբանական սկզբունքները և  պատմահամեմատական   մեթոդը, ինչպես նաև  օգտագործվել են սեպագրագիտական և պատմագիտական նորագույն հետազոտությունները։   Նկատվել է, որ «Երկիր Նաիրի»  կապակցությունը վեպում կիրառվել է որպես հայրենիք-բնօրրանի նույնանիշ  և  ստացել արքետիպային սխեմայի արժեք։  Կարսի անկման գեղարվեստական պատմությունը ներկայացնում է  հեղինակ- պատմողը, որը  որոնում է պատմական Նաիրի երկրի նյութական-իրական գոյության հիմնավորումները և  դրանք փորձում գտնել իր նկարագրած իրականության մեջ.  հիմնավորումների բացակայությունը  խզում է առաջացնում իրականության  և  անցյալի միջև։  Ուսումնասիրությունը կառուցված է  հակադրությունների միասնության  և  պայքարի   փիլիսոփայական հայեցակարգով, որի գաղափարական   շարժիչը հեղինակային ես-ն է և նրա վերաբերմունքը նկարագրվող իրադարձություններին։

                                                       Ներածություն

       Չարենցի վեպը Կարսի անկման թեմայով ակնհայտորեն առանձնանում է կորուսյալ հայրենիքին նվիրված մյուս գործերից թե՛ պոետիկայով, թե՛ հեղինակի աշխարհայացքային ուղղվածությամբ, մասնավորապես հայրենիքի փիլիսոփայական ընկալման սահմաններով, ինչը պայմանավորում է վեպի քրոնոտոպը՝ տարածաժամանակային շրջափուլերի հակադրությամբ, իրական և միֆական հայրենիքների որոնման գեղարվեստական խնդրադրությամբ։ Հայրենիքի ազգային մտապատկերը ներկայացնում է մի բանաձև, որ Չարենցը ժառանգել էր Վահան Տերյանից՝ «Երկիր Նաիրի»։ Այս արքետիպային սխեմայի բովանդակությունը հետազոտելու  համար կիրառվել են յունգյան հերմենևտիկայի մեթոդաբանական սկզբունքները։    Գրական ստեղծագործությունները վերլուծելու նպատակով առաջինն այն կիրառել է Մոդ Բոդկինը   համաշխարհային բանաստեղծության տարբեր  փուլեր  ներկայացնող ստեղծագործություններ վերլուծելու նպատակով։ «Արքետիպային սխեմաներ կամ  կաղապարներ» նա կոչում է բոլոր այն կայուն մտապատկերները, որոնք պոեզիայում ստանում են  պատկերային ամրագրում և ներկայացնում են տվյալ մշակութային իրականության  արքետիպային շերտերում առկա համընդհանուր մոդելները (Bodkin M., 1934, p. 25)։ Հայ գրականության մեջ այդպիսի խորքային մշակութաբանական բովանդակություն ունի «երկիր Նաիրի»   կապակցությունը։  Թե պատմագիտական ինչպիսի վավերականության պատվանդանին էր բարձրանում այս բանաձևը Վ․Տերյանի և Ե․Չարենցի  համար, դժվար է ասել, բայց վստահորեն կարելի է պնդել, որ հնագույն Հայաստանի այս անվանումը խորհրդանշում էր հայկական ազգային պետականության հզորությունն ու անպարտելիությունը, հետևաբար ընդհանրական    իմաստը կապվում էր  հայրենիքի արքետիպին։ Վեպի պատմափիլիսոփայությունը կառուցվում է հին ու նոր նաիրիների հակադրության, անգո անցյալի և անգույն ներկայի, միֆի և իրականության բախման հիմքով։  Հետևաբար առաջադրված խնդիրների քննությունը պետք է սկսենք Նաիրի երկրի    ճանաչողությունից։

            Երկիր Նաիրի․ առասպե՞լ, թե՞ իրականություն

    Եղիշե Չարենցի վեպի առաջաբանը կառուցված է  Նաիրի երկրի հանդեպ հեղինակի վերաբերմունքի  և ընկալումների հակասական բազմաշերտությամբ։ Նկատենք, որ վեպի ժանրային յուրատիպությունը շեշտադրող «պոեմանման» որակումն առավել խտությամբ արտահայտվում է առաջաբանում՝ հուզական հոսքերի, ներանձնային զգացականության, անշոշափելի-անիրականի սուբյեկտիվ ընկալումների առատությամբ, որոնք նվազեցնում են պատումի վիպական խտությունը և շեշտադրում իրականության խորհրդանշական շերտերի  գերակայությունը։ Հեղինակը որոնում է իր անանձնական կարոտների կիզակետում հայտված երկիրը Նաիրի, որ այդուհետ դառնալու է իր ծննդավայր Կարսի նույնանիշը։ Չարենցյան գեղարվեստական համակարգի անպարագիծ հնարավորությունների կիրառմամբ Նաիրի երկիրը հայտնաբերվում է նախ՝ որպես մորմոքող կարոտի զգացում  հեղինակի ներաշխարհում, որովհետև Կարսն այլևս նաիրական չէր․ գրվում էր նրա կործանման գեղարվեստական պատմությունը։   «Նաիրի» բառը և նրանից բաղադրված ձևերը, որ Տերյանի պոեզիայի տարածքով հաստատուն կերպով մուտք գործեցին Չարենցի պոետիկայի տիրույթ, դարձան Հայաստանն ու հայկականը բնութագրող անուններ: Ռ․Սաքապետոյանը, հետազոտելով «Նաիրի» բառից կազմված կապակցություններն ու բաղադրյալ բառերը, եզրակացնում է․ «Ահա այդ «անգո Նաիրին», որ  «ուղեղային մորմոք» է ու «սրտի հիվանդություն», Չարենցի վեպում ենթարկվում է ժխտողական վերաբերմունքի․հեղինակն աշխատում է այդ հասկացության մեջ տեսնել սոսկ մերժելին, մահացողը» (Սաքապետոյան Ռ․, 1977, էջ 201)։ Լեզվաբանը նշում է, որ «Նաիրի» բառը փոխարինում է «Հայաստան» բառին, բայց թե բառակազմության մակարդակում ինչպիսի առնչություն ունեն դրանք, այդ հարցը չի քննվում։ Վերջապես ինչո՞ւ է հայերի երկիրը կոչվել Նաիրի, իրապես գոյություն ունեցե՞լ է այն, թե՞ «ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն․․․» (Եղիշե Չարենց, 2022, էջ 26)։  Հեղինակին շատ են հետաքրքրում բառի  քերականական հատկանիշները՝ առարկայական-թանձրացական գոյության ասպեկտով․ «Մեր լեզվագիտության ամուլ անդաստանում չէր ճարվում և ոչ մի Մանուկ Աբեղյան, որ զբաղվեր այդ չամիչի պես գործածական դարձած բառի քերականական կազմությամբ» (Եղիշե Չարենց, 2022, էջ 268)։ Կարսի անկման պատմությունը  փոփոխում է «Նաիրի» բառի քերականության չարենցյան ընկալումը, որն, ըստ հեղինակի,  ոչ թե գոյական է, այլ «մազութի համոյական», սկզբում շեշտադրվում է բառի քերականական կազմը, բայց Նաիրին գտնելու չարենցյան պատգամը իրագործելու համար պետք է բառի  արմատական-իմաստաբանական քննություն՝ բացառելու նրա պատմական բովանդակության սուբյեկտիվությունը։  Ի՞նչ է նշանակում «Նաիրի», ի՞նչ կապ ունի այս բառը հայի և հայկականության հետ։ Փորձենք գտնել բառի իմաստաբանության բանալին, գուցե գտնենք գաղափարի և թեմայի ելակետը։ Մշակութաբան Համլետ Մարտիրոսյանը Նաիրի երկրին նվիրված իր արժեավոր ուսումնասիրության մեջ գրում է, որ Նաիրի երկրանունը առաջինը հիշատակում է Ասորեստանի արքա Թուկուլթի-Նինուրթա Ա-ն  (մ․թ․ա․1244-1208թթ․)՝ NA-I-RI  վանկագիր գրելաձևով․ «Իսկ Երկրի ամբողջական տարածքին վերաբերող հարցի միարժեք պատասխանը տալիս է  Կելյաշինի երկլեզվյան արձանագրությունը, որի աքքադերեն տեքստում NAIRI երկրանունը գործածված է որպես ուրարտերեն տեքստի BIAINA=Քաջանց երկիր երկրանվան հոմանիշ» (Մարտիրոսյան Հ․, Երկիր Նաիրի)։ Հետազոտողը նշում է, որ Կելյաշինի արձանագրությունը կազմվել է Իշպուինի արքայի  և նրա որդի Մենուայի անունից,  աքքադերեն տեքստում  նրանք կոչվում  են «Արքա Նաիրի երկրի», իսկ ուրարտերեն տեքստում՝ «Արքա  Բիայնա երկրի», նույնն է թե՝ արքա Քաջանց երկրի, նշանակում է՝  Նաիրի, Բիայնա և Ուրարտու ձևերը նույն երկրի անվան տարբեր ձևերն են։ «Նաիրի» բառը արձանագրություններում գրվում է kur ցուցիչով, որ նշանակում է երկիր, առկա է նաև կրկնակի ցուցիչով գրելաձև, որ  նշանակում է Նաիրի երկրներ, ինչը վկայում է, որ  Նաիրին հայկական պետությունների համադաշնություն էր Ասորեստանի Թուկուլթի-Նինուրթա Ա-ի  արդեն հիշատակված արձանագրության մասին տեղեկություն է հաղորդում նաև Արտակ Մովսիսյանը՝ վկայաբերելով «արքա շուբերցիների, կուտիների և Նաիրի բոլոր երկրների»   ձևակեպումը և գրքի ներդիր քարտեզում ներկայացնում Նաիրի երկրի  սահմանները (Մովսիսյան Ա․, 2005, էջ 47)։

    Ըստ սեպագրագիտական քննության՝  Na սեպանշանը շումերերենից թարգմանվում է մարդ, na-naye շումերերեն-հայերեն զույգը ունի ջրից ծնված էակ իմաստը` նայէ-մարդ (Դավթյան Ա․, 2014, էջ 341), հայոց ջրային ծագումնաբանությունը վկայված է ազգային դիցաբանական պատկերացումներում և էպոսում։  Na սեպանշանը երկրորդ ընթերցմամբ ունի «հայ» իմաստը,  Na-ի երկու իմաստների զուգորդմամբ կունենանք «հայ մարդ» բանաձևը։ Կատարված պատմալեզվագիտական բացահայտումները հիմք են տալիս պնդելու, որ Նաիրին ստուգաբանվում է  հայ մարդկանց, հայերի երկիր, այն հայկական պետական միավորումների միասնական  անվանումն է և իրական պատմաքաղաքական կազմավորում  և ոչ առասպելական  հորինվածք։

  Հայաստանի պատմության հանդեպ  սրված հետաքրքրությունը Չարենցի մշակութային ինքնության բաղկացուցիչն էր, Նիկողայոս Մառին զարմացրել են նրա իմացությունները Հայաստանի պատմության մասին․ «Համարձակ զրուցում էր ակադեմիկոսի հետ՝ գիտնականին զարմացնելով իր գիտելիքներով(Հուշեր․․․,1986, էջ 41)։  Իսկ հայրենիքի հանդեպ նրա վերաբերմունքի հոգեբանական ճշգրիտ բնորոշումը Մարտիրոս Սարյանինն է․ «Ինքը հայրենիքի զինվորի հոգեբանություն ուներ և նույնը պահանջում էր շրջապատից։ Ամեն ինչ և ամենքին, հենց իրեն, գնահատում էր այդ   հոգեբանությամբ»(Չարենցի հետ․․․, 1997, էջ 412)։    Նաիրիի չարենցյան որոնումների առաջին նյութական հանգրվանը բանաստեղծի արյունն է. «Գիտեմ, որ նա-կա, եղել է և հին է, որպես իմ արյունն է- հին» (Եղիշե Չարենց, 2022, էջ 24)։ Սա Նաիրի երկրի   քրոնոտոպի ամենակատարյալ վկայությունն է․ տեսակի արյունն ու երկրի ժամանակը նույնական են՝ երկուսն էլ նույն կենսամիջավայրից սկզբնավորված։ Միխայիլ Բախտինը կերպար-քրոնոտոպ հարաբերակցության մասին գրում է. «Քրոնոտոպը, որպես ձևաբովանդակային կատեգորիա, որոշարկում է (մեծամասամբ) նաև մարդու կերպարը գրականության մեջ, այդ կերպարը միշտ քրոնոտոպային է»(Բախտին Մ․, 2017, էջ 6)։ Այս դեպքում հեղինակի կերպարը հայտվում է «տարժամանակային  երևույթների համակեցության»(Բախտին) տիրույթում՝ դառնալով կապավոր երկիր Նաիրի  անունով արքայապետության և իր բնօրրան Կարսի միջև։ Այս երևույթը Ս․Մուրադյանն անվանում է ինքնակերպավորում՝ նկատելով, որ «հեղինակը վիպական կերպարների և խորհրդանիշների համակարգում և ամբողջ պատումի ընթացքում ստեղծել է նաև սեփական ինքնակերպարը»(Մուրադյան, 2017,էջ 56)։ Առաջաբանի տեքստը առաջմղող գաղափարը կառուցվում է հակադրությունների միասնության և բախման հիմունքով։ Նաիրին հայտնաբերվում է և   կորսվում է միաժամանակ։ Ինչպես տեսանք, այն առաջին հերթին հեղինակային ինքնությունը բաղադրող հիմնանյութն է, որ ամենուր նրա հետ է, բջիջներում ու արյան կազմի մեջ «ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա» (Եղիշե Չարենց, 2022, էջ 23)։ Երկիր Նաիրին անստույգ անցյալն է, որ ժամանակ առ ժամանակ նյութականանում է փայտ ծախող գյուղացու հայացքում, հոր՝ Աբգար աղայի դեղնած, դեղնափայլ մազերում, այսինքն՝ հայի ինքնության խորքերում, հետևաբար առավել քան աքսիոմատիկ է հեղինակի հետևյալ սահմանումը․ «Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա։ Ապրում է աներևույթ մեր ամեն ինչում» (Եղիշե Չարենց, 2022, էջ 24)։ Այս ամենն, ըստ հեղինակի, բավարար չէ Նաիրին նյութականացնելու համար, պատկերը բեկորված է, մշուշոտ, տարածաժամանակային համակարգ չի ստեղծվում։ 

 Թվում է՝ հոգևոր բաղադրիչը գոնե հեղինակի ներաշխարհում գտնված է, իսկ առարկայական –նյութական Նաիրին չի հայտնաբերվում։

       Նյութական Նաիրիի կերպարը

    Նկատենք,  որ Նաիրին՝ որպես Հայաստան,  և նրանից բաղադրված բառաձևերը՝ որպես հայկականության բնութագրիչներ, կային Չարենցի բանաստեղծական իրականության մեջ  «Երկիր Նաիրի» վեպի ծնունդից առաջ և հետո։ Նաիրի երկրի Չարենցյան ընկալումը համընկնում է Երկիր մոլորակի մասին վաղնջական դիցաբանական պատկերացումներին, ինչը վկայում է բանաստեղծի աշխարհատեսության իրական–բնական կերպի  մասին․ այն է՝ Երկիրը կին է, և հենց Կի անունն ունի շումերական դիցաբանության մեջ, այս աստվածուհին մարմնավորում է քարակոփ, ժայռեղեն մոլորակը, նրա մականուններից մեկը՝ Նինհուրսագ, շումերերենից թարգմանվում է «Ժայռեղեն երկրի տիրուհի»( Якобсен Т․,1995, ст. 68․)։  Վազգեն Սաֆարյանը, անդրադառնալով կին-Նաիրի չարենցյան զուգահեռին, նկատում է, որ «բանաստեղծական առաջին շարքերի հասցեատեր կանայք շատ ավելի երազի մթնորոլորտ են բերում՝ տագնապը նրբորեն հարադրելով հայրենիքի ընկալումներին»(Սաֆարյան Վ․, 2017, էջ 144)։ Համեմատվող-զուգորդվող կին-հայրենիք երևույթների նմանության հիմքում անմարմին-անորոշ գոյակերպն է, ինչը ժամանակ առ ժամանակ առարկայական է դառնում՝ կապված տվյալ ժամանակի մեջ բանաստեղծի ընկալումներից և հարաբերություններից․ «Չարենց Նամե»-ում Լյուսի Թառայանին նվիրված  պատկերներում  կինը խորհրդանշում է նորացած Նաիրին ․«Նա այնտեղ է-դուրսը, նա կա,// Որպես կին, որպես նո՜ր Նաիրի»(Չարենց Ե․, 1986, էջ 425), կամ՝ Իսկ// Երբ// Տուն դարձանք բանակից,//Սպասում էր ինձ արդեն,// Նաիրին․․․երկրային մի կին» (Չարենց Ե․,1986, էջ 431), կին-երկիր նույնականացումն իր բարձրակետին է հասնում «Իմ Հայաստան յարն եմ սիրում»  սահմանումով։ Ինչպես կինը տղամարդու նյութական պատվանդանն է, այնպես էլ հայրենիքը ազգի  ամրացման և աճի կենսամիջավայրն է, որ հոգևոր և մտավոր բաղադրիչների հետ պետք է ունենա նաև նյութական հենքը։ Ռադիոպոեմներից առաջինն ունի «Նաիրի երկրից» խորագիրը և բացառապես դրական զգացողություններով, հպարտորեն Չարենցն ազդարարում է՝ «Ես եմ՝  նաիրցի մի հսկա պոետ», որ հայրենիքի հետ կապված է անտրոհելի հաստատուն կապերով․

  Ոտքերս ամուր հողի մեջ մխած,

  Գլուխս աստղերում,

  Անսասան, հաստատ կանգնած հողմային

  Օրերի հրում-

  Իմ հավերժատես, պայծառ աչքերով

  Նայում եմ հեռուն (Չարենց Ե․,1986, էջ 363)։

   Եվ հանկարծ այս տողերը գրելուց կարճ ժամանակ անց ծաղրվում է այն ամենը, ինչ կապված է հատկապես մարմնավոր, շոշափելի Նաիրիի հետ։   Վեպի առաջին գլուխը՝ «Քաղաքը և բնակիչները», ըստ էության Նաիրիի նյութական բաղադրիչն են պատկերագրում։  Քաղաքի անունը բացակայում է, հեղինակը որպես փոխանուն կիրառում է «նաիրյան այդ քաղաքը» կապակցությունը։ Գրականագետ Վ․Դանիելյանը այդ երևույթը բնութագրում է որպես սեփական պատմությունից ազատվելու և  Կարսի հետ նույնականացումից խուսափելու միտում (Դանիելյան Վ․, 2012, էջ 193)։ Ինչպես նկատեցինք, նաիրյան-նաիրական մակդիրը ծաղրական երանգ ունի միայն  վեպի տարածքում, նախորդող և հաջորդող գրեթե բոլոր կիրառումները բարձրագույն իմաստով հայկականության, ազգային պետականության խորհրդանիշ են, ինչպես հայտնի «դոֆինը նաիրական», այնպես որ վեպում առաջադրված է ոչ թե սեփական պատմությունից ազատվելու, այլ սեփական պատմությանն առերեսվելու և  ազգային աղետը համակարգի մեջ դիտարկելու խնդիրը, իսկ Կարսը «երկիր Նաիրի» համակարգի մի հատվածն էր միայն։ 

    Նաիրյանին առնչվող տերյանական բոլոր բնաբանները ծաղրական շեշտադրում ունեն, Տերյանի դրական-հաստատական վերաբերմունքը՝ «Այնտեղ նաիրյանն է նազում»,  երգիծվում, ժխտվում-բացասվում է՝ «Այստեղ նաիրյանն է նազում» տարբերակով։ Քարեղեն ամրակուռ շինվածքներ ունի նաիրական այդ քաղաքը, որոնցով հիանում է հեղինակը ոչ առանց երգիծանքի․ «Եվ ճիշտ որ․ ինչու համար կատարյալ հրաշալիքներ չեն կարող համարվել –թեկուզ հենց բերդը, կամ, ասենք,- Վարդանի կամուջը, կամ, վերջապես-Առաքելոց եղեղեցին․․․Իսկ ձորի Սլլան քա՞րը, Ճգնավորի մատո՞ւռը, որը թվեմ։ -Բոլորն էլ հրաշք են, զարմանալի զարմանք, անկարելի հնճարք»(Չարենց Ե․, 2022, էջ 29)։ Այս  պարբերությունից սկսած էջեր շարունակ Չարենցը պատկերում է հենց մարմնավոր ու շոշափելի Նաիրին ՝ իր զարմանալի զարմանք կոթողներով, և ակամա հերքում իր տագնապները, որ «միրաժ է  Նաիրին, ֆիկցիա, միֆ․․․»։ Հնամյա նաիրյան այդ քաղաքի քրոնոտոպը մնում է անորոշ, բայց ենթադրելի․ «Երբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը-աստված ինքը գիտե, բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ․- գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ» (Չարենց Ե․, 2022, էջ 27)։ Այդ դեպքում ինչո՞ւ է կասկածի տակ դնում Նաիրիի գոյությունն ու երբեմնի փառքը, ո՞րն է հայրենիքի չարենցյան կատարելատիպը կամ երազների   երկիրը։ Պատմական հուշարձանների և  նորակառույցների պատկերը ներկայացնում էր քաղաք, որը ոչ մի  աղերս չուներ պատմական Նաիրի քաղաքների հետ՝ զարմանալիորեն հօգուտ նաիրական Կարսի․ «Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այդ քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել․նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող․․․Էյֆելյան աշտարակին» (Չարենց Ե․, 2022, էջ 27)։    Հեղինակն ակնհայտորեն  քաղաքաշինության առաջընթացի իմաստով առավելություն է տալիս Կարսին, թեև հիմնականում այն բնութագրվում է որպես «միօրինակ տափակություն»՝ անկախ նաիրյան և ոչ նաիրյան հին ու նոր հրաշալիքներից։  Իրական և միֆական նաիրիների հակադրության առաջին մակարդակում քաղաք-Նաիրին նյութական-մարմնավոր կերպավորում ունի, բայց նրա վաղնջական նախորդի՝ արքայապետություն Նաիրիի երբեմնի հզորությունը  ոչ մի կերպ չի հիմնավորվում, և պատճառն ակնհայտորեն ոչ թե նաիրյան այդ քաղաքն է, այլ նրա բնակիչները։                             

 Նաիրցիներ-կարսեցիներ․ հակադրությո՞ւն, թե՞ նմանություն

  Եթե հաշվի առնենք, որ իր վեպի բոլոր կարսեցի հերոսներին Չարենցը նաիրցիներ է անվանում, ապա հակադրության ենթադրյալ եզրը կվերանա, բայց հեղինակը շեշտում է, որ վեպը հերոսներ չունի․ «Բայց այս առթիվ ես, մի անգամ ընդմիշտ, հարկադրված եմ ասել, որ սույն իմ այս վեպում չկա և երևի չի էլ լինելու և ոչ մի «հերոս»- և այս տխուր հանգամանքում, կարծում եմ ոչ թե ես եմ մեղավոր, այլ նաիրյան այդ քաղաքը» (Չարենց Ե․, 2022, էջ 88)։ Իր վեպի գործող անձանց ապահերոսականացնելով, այսինքն՝ հերոսական գործողությունների անընդունակ համարելով՝  հեղինակն անուղղակիորեն հակադրում է նրանց առաջին մասի սկզբում հիշատակված քաղաքը հիմնողներին՝  հին նաիրցիներին՝ «խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ»,  «գանգրահեր ուրարտացիներ», որոնց  էթնիկ համարժեքը նորօրյա նաիրյան իրականության մեջ հեղինակը չի գտնում։ Հարուստ է վեպի կերպարային համակարգը՝ «պատկառելի» և «անպատկառ» նաիրցիների չարենցյան դիպուկ բնութագրումներով, որոնք  ամենասեղմ  բառահումքով պատկեր-կերպար են կառուցում։ Հեղինակի վերաբերմունքն անխտիր հեգնական է,  և իհարկե, տրամադրում է ընթերցողին նրանց դեմ, բայց արդյոք նրանք ավելի վատն են, քան Դոստոևսկու հերոսները  կամ Մարկեսի  միֆական Մակոնդոյի բնակիչները կամ Հյուգոյի «Թշվառների» գործող անձինք, պատասխանը միարժեք է՝ ո՛չ։ Իսկ թե փոխակերպումների ինչպիսի ցավոտ ընթացք է ունենցել նրանց ազգային ինքնությունը նաիրցիներից մինչև 20-րդ դարասկզբի  Կարսի քաղաքացիներ  պատմական երթի ժամանակահատվածում, հայտնի է։ Նրանք բոլոր էլ երգիծվում են, Չարենցն ակնհայտորեն չի ներում նրանց իր բնօրրանի ողբերգական ճակատագրի համար։  Հակադիր դրական եզրում բարձրացնելով արքայապետություն Նաիրին՝ Չարենցը որպես ծաղրանմանակում ստեղծում է «նաիրապետություն» եզրը, որն ըստ էության դառնում է պետականության բացակայության խորհրդանիշ՝ դրանից ածանցվող բոլոր ողբերգական հետևանքներով։ Մի փոքր հակադրվելով հեղինակին և հիմնվելով իր իսկ կերտած կերպարների գործողություններին և հոգեբանական պատկերին՝ պնդենք, որ վեպն ունի երկու առանցքային կերպար, որոնք չեն հերոսանում կամ բարձրացվում գրական հերոսի մակարդակի, բայց ազգային ինքնության շատ կարևոր որակների կրող են, որոնցով կարելի է բնութագրել նորօրյա նաիցիներին և որոշ ընդհանրություններ տեսնել նրանց փառապանծ նախնիների միջև։  Նրանցից մեկը Մազութի Համոն է՝ «միակ կենտրոնական անձնավորությունը նաիրյան այդ քաղաքի-և ո՛չ մի ազգային կամ հասարակական խնդիր չի կարող արծարծվել կամ ընթացք ստանալ առանց նրա՝ Մազութի Համոյի սանկցիայի» (Չարենց Ե․, 2022, էջ 58)։ Մազութի Համոյի նախատիպի՝ Համազասպ Նորհատյանի և  Չարենցի վեպի առանցքային կերպարի գործունեության,  գաղափարների, կարսի և կարսեցիների հանդեպ վերաբերմունքի զուգահեռ քննությամբ  Դավիթ Գասպարյանը նկատում է, որ թե՛ նախատիպը, թե՛ նրա չարենցյան կերպավորումը խորապես ազգային նկարագրի տեր, հայրենիքի ճակատագրով մտահոգ և անանձնական մարդիկ են, և պատմական ժամանակի ողբերգականությունն ու իրադարձությունների հակասական բազմաշերտությունն է թյուրընկալումների տեղիք տվել և խտացրել  կերպարը ոճավորող ծաղրը ու բացասական  վերաբերմունքը նրա հանդեպ (Գասպարյան Դ․, 1994, էջ 335-337)։ Հիմնականում համաձայնվելով գրականագետի դիտարկումներին՝ պետք է նկատենք, որ հեղինակն ինքն է խտացնում ծաղրի շեշտերը՝ ոչ առանց բավարար հիմքի։ Ալմաստ Զաքարյանը փաստերի համադրությամբ արձանագրում է, որ 1919 թվականի աշնանը Չարենցն ականատեսն է եղել շատ ու շատ իրադարձությունների, որոնք հետո բնօրինակին հարազատ կերպավորում են ստացել վեպում, գրականագետը մասնավորապես նկատի ունի  1919-ի աշնանը վերսկսված  եղերական իրադարձությունները․ «Արյունալի դեպքեր են տեղի ունենում և Կարսի շրջանում՝ խտացնելով երիտասարդ բանաստեղծի տագնապները։ Եվ մինչդեռ դրությունն անելանելի էր բոլոր տեսակետներից, քաղաքի վերնախավը՝ ի դեմս քաղաքագլուխ Նորհատյանի, շահատակող անզուսպ եռանդով շարունակում էր Չարենցի պոեմանման վեպի լեզվով ասած «թոզ փչել» չգիտես ո՞ւմ աչքերին․․․Հենց այդ տագնապալի օրերին 1919-ի դեկտեմբերի 22-ին, Կարսից հաղորդվում էր․ «Այսօր մեր քաջարի զորքի բանակի տոնի առթիվ կայացած երեկույթին խուռն բազմության կեցցեների տարափի տակ խմում ենք մեր հայրենիքի պաշտպան անձնազոհ բանակի կենացը․․․ » (Զաքարյան Ա․, 1997, էջ 370)։ Բանակի օրվա առթիվ տեղի էր ունեցել զորահանդես, հրավառություն բերդից, բոցաշունչ ճառեր էին ասվել․ «Կարելի է պատկերացնել, թե Առաքելոց եկեղեցու հրապարակում, լսելով Նորհատյանին և մյուսներին, սուտ-հաղթական, սուտ-հանդիսավոր բաժակաճառային այդ ոգևորութանը որպիսի՜ նողկանքով է վերաբերվել երիտասարդ Չարենցը․․․» (Զաքարյան Ա․, 1997, էջ 370)։   

    Բայց  երիտասարդ Չարենցն ավելի քան  հասուն քաղաքական հայացք ուներ Կարսում և ամբողջ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող պատմաքաղաքական զարգացումների հանդեպ և համակարգային պատկերացում աղետի ակունքի մասին։  Հեղինակի ծաղրի վեկտորներն ուղղված են գործող բոլոր կուսակցությունների քաղաքական տհասությանը։ Թվում է ՝ թե  Մազութի Համոյի գրասենյակը, որ հեղինակը կոչում է «Նաիրյան գործերի կենտրոն»,  վճռում էր նաիրապետությանն առնչվող բոլոր խնդիրները, բայց հեղինակը զարմանալի քննախույզ հայացքով հայտնաբերում է   ազգային աղետները կանխորոշող, նախագծող ուժին, որ գործում էր դրսում, ուներ առևրևույթ ազգանվեր, հայափրկիչ ծրագրեր, բայց նրա բոլոր որոշումները աղետալի հետևանքներ էին  ունենում ազգի և հայրենիքի համար։ Ճիշտ է նկատում գրականագետ Դ․ Գասպարյանը, եթե երգիծանքի շղարշը հանենք, Մազութի Համոյի կերպարը կներկայանա Կարսին, մեծ իմաստով հայրենիքին նվիրված, պետականամետ, փառավոր Նաիրին վերականգնելու  վեհ նպատակին լծված հանրային և քաղաքական գործիչ, որը զոհն էր պատմաքաղաքական զարգացումների, և նվիրյալ զինվորն էր այն ուժի, որի աներևույթ պարագլուխները՝ նույն ինքը կենտրոնաուղեղասարդը, կատարման էին հղում ի սկզբանե   հայակործան ծրագրեր։ Երկիր Նաիրին հետևողականորեն կործանող արտահայաստանյան  այս ուժին գրականագետները զարմանալիորեն չեն անդրադառնում։ Վեպի մյուս կերպարը   հեղինակն է՝ նույնպես զտարյուն նաիցի, որ ոչ միայն իր արյան կազմում կրում է Նաիրին և նրա հետ կապված պատմական հիշողությունը, այլև միակ դիտող ներքին աչքն է, որ տեսնում է նաիրապետության ողջ ողբերգությունը։ Ժ․ Քալանթարյանը, քննելով պատմող-հեղինակ փոխառնչությունը, եզրակացնում է ․«Երկիր Նաիրի» վեպի հեղինակը մեզ հիշեցնում է հունական դիցաբանության մեջ Արևի և լույսի աստված Յանոսին, որի երկու երեսներից մեկը դեպի անցյալն էր նայում, մյուսը՝ դեպի ապագան։ Այդպես էլ Չարենցի էության հեղինակային կեսը առաջ է տանում պատումը մինչև գործողությունների տրամաբանական վախճանը(հեղինակը գործող անձ չէ, «դրսից» է ղեկավարում), մյուս կեսը որոշակի դիրքերից մթնոլորտ է ստեղծում մարդկանց ու իրադարձությունների շուրջը»(Քալանթարյան Ժ․, 2012, 72)։ Քալանթարյանն իրավացիորեն նկատում է, որ այդ երկու կեսերը միասնական են և անտրոհելի, հեղինակ-պատմողը կամ պատմող-հեղինակը նույն գեղարվեստափիլիսոփայական հայեցակարգի կրողն  է,  և վիպական տարածաժամանակային  միասնականությունը նրա աշխարհայացքի ամբողջականության  արդյունքն է։ 

    Հեղինակ-պատմողը վեպի առաջաբան-վերջաբան կոմպոզիցիոն եզրերը հակադրում և միավորում է դարձյալ «երկիր Նաիրի» բանաձևով, որն ըստ էության նրա  ապրած և վեպը գրելու ժամանակի մեջ արդեն ուներ քրոնոտոպային տարակերպություններ, հետևաբար պատմական Նաիրին՝ որպես արքետիպային սխեմա, միակը չէ այս վեպում։ Եթե արքայապետություն Նաիրիի բովանդակությունը չի ձևավորվում և կաղապարն այդպես էլ հեղինակի և ընթերցողի համար մնում է դատարկ, ապա հակադրվող եզրը`  Կարս-Նաիրին կամ նորօրյա նաիրապետության քրոնոտոպը,, որոշակի է, բայց «պետություն» եզրը  կազմալուծված  և անհամապատասխան «Նաիրի»  բառի իմաստային բոլոր դրսևորումներին։ Մազութի Համոյին տրված «արքայակերպ»  մակդիրը բացառապես իրադրության ողբերգաերգիծականությունը  շեշտադրելու նպատակ ունի,  և թվում է՝ բացառում է արքայականի հետ հարաբերվելու բոլոր հնարավոր տարբերակները։  Ժամանակ առ ժամանակ թագադրելով Մազութի Համոյին, իսկ  պիրկ պարանից ճոճվելիս գլխավերևում կախելով «Մազութի Համո՝  Արքա Նաիրի» գրությունը՝ ակնհայտորեն Չարենցը հակադրում է արքայապետություն Նաիրին  «Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասին»։ Ավելի ուշ Խանջյանի  հետ պոետի մտերմությունը պիտի բացահայտեր, որ պետականակերտ արքայի երազանքը ուղեկցել է նրան ամբողջ կյանքում, և վերջապես Խանջյանի կերպարում հայտնակերպվեց նա՝ «Դոֆինը նաիրական», այնքան սպասված հայոց արքայի կատարելատիպը, հետևաբար կար երկիր Նաիրիի մի երրորդ տարբերակը՝ որպես նոր հայրենիք, որպես իրական և մարմնավոր իրողություն, «որ կոչվում է Հայաստան» («Առաջաբան»), «մի երկիր, սակայն, որի գոյական լինելը ճշտելու համար կարիք չկա դիմելու ոչ մի Մանուկ Աբեղյանի» («Վերջաբան»)։ «Նաիրի» բառի ստուգաբանությամբ ճշտեցինք, որ այն նշանակում  է հայերի երկիր, հետևաբար Հայաստանն ու հայերի երկիր Նաիրին նույնանիշներ են, և Չարենցն ինքն էլ  1926 թվականին վեպի՝ առանձին գրքով հրատարակության «Երկրորդ հրատարակության առթիվ» վերնագրված հատվածում Խորհրդային Հայաստանը կոչում է Նաիրի, երբ վեպի հետ կապված հարցերով իրեն գրելու համար նշում է հետևյալ հասցեն՝ «Երկիր Նաիրի․ Եղիշե Չարենցին»։

    Այսպիսով՝     «Երկիր Նաիրի»  վեպում  Եղիշե Չարենցը  որպես հայրենիքի արքետիպ կիրառել է «երկիր Նաիրի» կապակցությունը, որ վիպական տարածության մեջ ունի քրոնոտոպային երեք մակարդակ։ Առաջինը պատմական Նաիրին է, որի  գոյության փաստը հիմնավորող  նյութական-առարկայական լծակներ հեղինակը չի գտնում․ Նաիրիի միֆականությունը ժխտելուն օգնում են պատմագիտական և սեպագրագիտական նորագույն  հայտնագործությունները։ «Երկիր Նաիրի» արքետիպային  կաղապարի երկրորդ բովանդակությունը հարաբերվում է  հեղինակի բնօրրան Կարսին, որը,  գոյելով  իրականության և միֆի սահմանագծին, կործանվում է՝ չկարողանալով արքայապետության կառուցվածք ստանալ։ Եվ միայն Նաիրի երկրի երրորդ մակարդակը կամ ապագան է հարաբերվում պետականության մասին հեղինակի  պատկերացումներին և դառնում է հայրենիքի քրոնոտոպի ճշգրիտ սահմանումը։                                          

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. Արզումանյան Ս․, Սովետահայ վեպը, հ․1, Երևան, «Հայաստան», 1967, 581 էջ։
  2. Բախտին Մ․, Ժամանակի և քրոնոտոպի ձևերը վեպում, Երևան, «Անտարես», 2017, 346 էջ։
  3. Գասպարյան Դ․, Փակ դռների գաղտնիքը, Երևան, «Ապոլլոն», 1994, 726 էջ։
  4. Դանիելյան Վ․, Կարսը՝ որպես վեպի տարածություն, «Չարենցյան ընթերցումներ 9», Երևան, ԵՊՀ հրատ․, 2012, 223 էջ։
  5. Դավթյան Ա․, Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարան, Երևան, հեղինակային հրատ․, 2014, 489 էջ։
  6. Զաքարյան Ա․, Եղիշե Չարենց․ կյանքը, գործը, ժամանակը, գիրք 1, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ․, 1997, 968 էջ։
  7. Հուշեր Եղիշե Չարենցի մասին, Երևան, «Սովետական գրող» հրատ․, 1986, 500 էջ։
  8. Մովսիսյան Ա․, Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Երևան, ԵՊՀ հրատ․, 2005, 173 էջ։
  9. Մուրադյան Ս․, Ինքնակերպավորված Չարենցը «Երկիր Նաիրի» վեպում և Կարսի անկումը նրա հայացքով, «Չարենցյան ընթերցումներ 10», Երևան, ԵՊՀ հրատ․, 377 էջ։
  10. Չարենց Ե․, Երկերի ժողովածու 4 հատորով, հ․1, Երևան, «Սովետական գրող» հրատ․, 1986, 440 էջ։
  11. Չարենց Ե․, Երկիր Նաիրի, Երևան, «Վերնատուն», 2022, 269 էջ։
  12. Չարենցի հետ, Հուշեր, Երևան, «Նաիրի», 1997, 424 էջ։
  13. Սաքապետյան Ռ․, Երգիծանքի լեզվական միջոցները «Երկիր Նաիրի» վեպում,  «Չարենցյան ընթերցումներ 3», Երևան, ԵՊՀ հրատ․, 1977, 212 էջ։
  14. Սաֆարյան Վ․, Երազը և սարսափը Չարենցի նաիրյան ընկալումներում, «Չարենցյան ընթերցումներ 10», Երևան, ԵՊՀ հրատ․, 2017, 377 էջ։
  15. Քալանթարյան Ժ․, Եղիշե Չարենց․ Ուսումնասիրություններ, Երևան, ԵՊՀ հրատ․, 2012, 312 էջ։
  16. Якобсен Т., Сокровища тьмы: история месопотамской религии, Москва, изд. “Восточная литература”, 1995, 293 с.
  17. Bodkin M., Archetipal patterns in poetry, Oxford Univesity Press, 1934, 368 p.
  18. Մարտիրոսյան Հ․, Երկիր Նաիրի, URL: https://www.academia.edu /59891509/KUR_NAIRI?fbclid=IwAR1yYInRycE3aFPqSeahXYZxmpvfSQPXBHiEelHLC2d1QuyT6lkc1sjmFbg , մուտք՝  02․11․2022)։

REFERENCES

  1. Arzumanyan S․, Sovetahay vepy /The Soviet Armenian novel/, h․1, Yerevan, “Hayastan” hrat. / “Armenia” pub. /, 1967, 581 p.  (In Armenian).
  2. Bakhtin M.,  Jamanaki ev kronotopi dzevery vepum / Forms of Time and Chronotope in the Novel /, Yerevan, “Antares” pub., 2017, 346 p.  (In Armenian).
  3. Bodkin M., Archetipal patterns in poetry, Oxford Univesity Press, 1934, 368 p.  (In English).
  4. Gasparyan D․,  Pak drneri gaghtniqy / The secret of closed doors /, Yerevan, “Apollon” pub., 1994,  726 p.  (In Armenian).
  5. Danielyan V․,  Karsy vorpes vepi taratsutyun / Kars as a novel space/, “Charentsyan yntertsumner 9” / “Charents readings 9” /, Yerevan, EPH hrat․ / YSU pub. / 2012,  223p.  (In Armenian).
  6. Davtyan A․, Hayeren-shumereren yndhanrutyunneri bararan / Dictionary of Armenian-Sumerian generalities /, Yerevan, heghinakayin hrat․ / author pub. /, 2014, 489 p.  (In Armenian).
  7. Zaqaryan A․, Yeghishe Charents. Kyanqy, gortsy, jamanaky / Yeghishe Charents: Life, work, time /, girq 1, Yerevan, HH GAA hrat. / NAS of RA pub./, 1997, 968p.  (In Armenian).
  8. Husher Yeghishe Charentsi masin /Memories about Yeghishe Charents/, Yerevan, “Sovetakan grogh” hrat. / “Soviet Writer” pub. /1986, 500 p.  (In Armenian).
  9. Jacobsen T․, Sokrovishcha tmi: Istoriya mesopotamskoy religii / The Treasures of Darkness: A History of Mesopotamian Religion /, Moskva, izd. “Vostochnaya literatura” / “Oriental literature” pub. /1995, 293 p.  (In Russian).
  10. Movsisyan A․, Hayastany Qristosits araj yerrord hazaramyakum (yst gravor aghbyurneri) / Armenia in the 3rd Millennium BC (according to written sources)/, Yerevan, EPH hrat․ / YSU pub. /, 2005, 173 p.  (In Armenian).
  11. Muradyan S․,  Inqnakerpavorvats  Charentsy “Yerkir Nairi” vepum ev Karsi ankumy nra hayatsqov / The self – formed Charents in the novel “Land of Nairi” and the fall of Kars in his point of view/, “Charentsyan yntertsumner 10” / “Charents readings 10”/, Yerevan, EPH hrat․ / YSU pub. /, 377 p.  (In Armenian).
  12. Charents Y․,  Yerkeri joxovatsu 4 hatorov / Collection of writings in 4 volumes/, h․1, Yerevan, “Sovetakan grogh” hrat. / “Soviet Writer” pub./, 1986, 440 p.  (In Armenian). 
  13. Charents Y․, Yerkir Nairi / Land of Nairi/, Yerevan, “Vernatun” pub․, 2022, 269 p.  (In Armenian).
  14. Charentsi het, Husher / With Charents, Memories/, Yerevan, “Nairi” pub., 1997, 424 p.  (In Armenian).
  15. Sakapetyan R․,  Yergitsankilezvakan mijotsnery “Yerkir Nairi” vepum / Linguistic means of satire in the novel “The land of Nairi”/, “Charentsyan yntertsumner 3” / “Charents readings 3”/,  Yerevan, EPH hrat. / YSU pub. /,1977, 212 p.  (In Armenian).
  16. Safaryan V․,  Yerazy ev sarsapy Charentsi nairyan ynkalumnerum / Dream and horror in the nairian perceptions of Charents /, “Charentsyan yntertsumner 10” / “Charents readings 10”/, Yerevan, EPH hrat. / YSU pub. /, 2017,  377 p.  (In Armenian).
  17. Kalantaryan Zh․, Yeghishe Charents: Usumnasirutyunner /Yeghishe Charents: Studies/, Yerevan, EPH hrat. / YSU pub. /, 2012, 312 p.  (In Armenian).

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով