Մհեր Իսրայելյան, Պատմվածք

Հեռու անկյուն

        Հենց աշխարհի մի անկյունում պատերազմ է բռնկվում, լրատվական հաղորդումների սրտաճմլիկ տեսարանի զարդն է դառնում կոտրտված վերջույթներով, ճղրտած շորերով մի տիկնիկ։ Այդ տիկնիկը ռմբահարված տան փլատակներում լքված ու մոռացված՝ սպասում է չգիտես թե ինչի։  Չէ որ ամեն տիկնիկ այս աշխարհում իր տերն ունի, մայրը, քույրը, դայակը, որ պատերազմի հետ անհետանում են գետնի տակ։ Եթե պատերազմը չգա, հնգամյա աղջնակը կսանրի մազերը, ինչպես սանրում էր, կհարդարի հագուստը, ինչպես հարդարում էր, կշոյի այտը ու կփայփայի նրան՝ մայրական բնազդի տրոփյունը դեռ մանկուց սրտում զգալով։ Ավելի ոգևորվելով գուցե խանձարուրի մեջ պարուրի, պուպուշ անի, օրորոցայինի պես մի բան ծվծվա ու մեղմիկ ճոճի։ Լքված ու միայնակ  տիկնիկն ի՞նչ տիկնիկ, մնալով առանց գորովանքի, նա կդադարի կոչվել խաղալիքի այդ տեսակի անունով ու կհանձնվի որբուկի դառը ճակատագրի քմահաճույքին։ Գուցե երբեմնի շքեղ հագուստը ցնցոտիների վերածվի, որպես հնոտի դեն նետվի ու մի օր էլ բարեգործի ձեռամբ կամ տիկնիկ հավաքող աղջկա խանդավառ ջանքով հայտնվի մանկատուն գնացող իրերի կապոցում։ Եթե կյանքը շարունակվում է, իսկ կյանքը անշուշտ շարունակվում է, որբուկը վաղը կամ մյուս օրը անպայման գտնելու է իր նոր մայրացուին, գուցե քույրացուին՝ մանկատանը, փողոցում կամ այլուր։ Եթե բախտը ժպտա նույնիսկ դառնալու է տիկնիկային թատրոնի իսկական աստղ։ Թելերով կխաղացնեն, կծափահարեն, թե պարզապես կրծքին կսեղմեն՝ էական չէ, կարևորը՝ կգտնի իր օրհնյալ տեղն ու արդար քունը մեծ ու փոքր աշխարհի վրա, ազգային հեքիաթասացի երազած այն հեռու անկյունում։ Բայց առայժմ մեքենայի բեռնախցիկում կծկված, նոր պսպղուն հագուստին դեռ չընտելացած, կսպասի իրադարձությունների հեքիաթային ընթացքին։ 

Ամեն ավտոմեքենա էլ, բնականաբար, իր վարորդն ունի ու իր ուղևորները, ամեն ուղևոր էլ՝ իր սրտի գաղտնիքները, որ չգիտես ինչու ազատորեն շռայլում է տաքսու վարորդներին, հույսով, թե կյանքում վերջին անգամ է նրան տեսնում։ Անկեղծանալու այդ պոռթկումները հատկապես սրվում են պատերազմի ժամանակ ու հետո էլ շարունակվում իքնաբերաբար, երբ թվում է Աստծու բաշխած ամեն օրը կարող է վերջինը լինել։

Պատահական չէ, որ մի երևելի  ժամանակակից գրող վերջերս մի քանի ամիս տաքսի էր վարել, որ ուղևորների հետ շփման միջոցով գրքի նյութ ու ասելիք կուտակի։ Ու պատկերացնու՞մ եք՝ արդեն վեց ամիս հետո լույս տեսավ նրա գիրքն ու արագորեն դարձավ բեսթսելեր։ Տաղանդավոր գրողի հնարամտությունը տվեց իր պտուղները, ու նա առատաձեռն ուղևորներին զուգընթաց նորանոր ընթերցողներ ձեռք բերեց, պարզապես զարմանազան պատմությունները ձեռի հետ անմահացնելով։ Նույնիսկ գրքի մասին հեռուստատեսային հաղոդումը լուսարձակվեց տաքսու խցիկից, դառնալով  գրականության պատմության մեջ աշխարհում պատահած նման առաջին դեպքը։ Վարորդ-գրողը ղեկն էր պտտում, լրագրողն էլ, որ կարծեմ նաև գրականագետ էր, գլուխգործոցն էր մեկնաբանում ու ապացուցում, որ երկրի նյարդը ամենալավը, իբր, տաքսու վարորդներն են զգում։ Իբր թե՝ ուզում ես իմանալ իրերի իրական վիճակը, պետք է ոչ թե հեռուստացույց դիտես, ուր ամեն ալիք իր տերն ու պատվիրատուն ունի, ու տարբեր գույնի ակնոցով է աշխարհը տեսնում, այլ տաքսիով շրջագայես այսուայնկողմ ու վարորդներին հարցուփորձ անես դեսից-դենից։ Իբր, միայն այդպես է հնարավոր բացահայտել ճշմարտությունն ու մեր ազգին ուղղորդել երանելի ճանապարհով։  

Իմ դեպքն այլ է, ես ի ծնե, ի բնե տաքսու վարորդ եմ և երկրի նյարդն ու սրտի թրթիռները վաղուց եմ ուղնուծուծով անցկացրել։ Երկիրն իր հունով գնում է, ինչպես հազարամայակներ շարունակ գնացել է, քարտեզը մեծանում ու փոքրանում է, ինչպես հազարամյակներ շարունակ եղել է, ու հանկարծ մեկը որոշում է բռնել ու փրկել նրան անխուսափելի կործանումից։ Չէ, եղբայր, ես տարատեսակ փրկիչներին չեմ հավատում, փրկողն արդեն մի անգամ փրկել է այս աշխարհը, ես իմ ղեկը կբռնեմ ու կպտտեմ մեկ աջ, մեկ ձախ, ինչպես վայել է իսկական տաքսու վարորդին, երկրի նյարդն ամենալավը զգացող այս առանձնյակին։ Մեկ-մեկ էլ՝ միայն ուղիղ, ոչ՝ աջ, ոչ՝ ձախ։ Թե պետք լինի ուղևորներիս զարկերակն էլ կշոշափեմ ու կփորձեմ զգալ, թե ուր է հոսում արյունը, կարմիր լինի թե երկնագույն։ Այլ բան է, որ գիրք երբևէ չեմ գրել և գրողական հմտություններս փորձարկելու որոշումը կայացրեցի զուտ հնարամիտ գրողի դեպքից ոգեշնչված, մի փոքր գլխիվայր տարբերակով։ Եթե երևելի գրողը դարձել է հաջողակ վարորդ, գուցե փորձված վարորդի աստղն էլ գրական դաշտում փայլատակի ու մի քանի դափնու արժանացնի, ինչպես ռուսները կասեին՝ սատանան էլ կարող է կատակել։ Հետևաբար, սատանայի կատակին տուրք տալով, այսօր ձեր դատին կներկայացնեմ առաջին նման փորձառությունս։ Երևի գլխի ընկաք, որ մեքենան, որի բռնախցիկում հայտնվել էր տիկնիկը, վարում էր հենց ձեր խոնարհ ծառան։

-Ով աղջիկ չունի՝ դժբախտ մարդ է,- ասաց սիունատես կինը, իմ ուղևորուհին ու առաջին գրական ներշնչանքի աղբյուրը։

-Քույրիկ ջան, որքան գիտեմ, սեռը մարդկային հատկանիշների հետ առնչություն չունի,- հակաճառեցի ես։

-Երևի պատերազմնե՞րն էլ են կանայք սկսում,- հռետորական հարց նետեց ուղևորուհին։

-Իսկ պատերազմներ սկսած տղամարդկանց ծնած մայրերը մեղք չունեն երևի,- փորձեցի պաշտպանվել ես։

        Կնոջ լեզվի ու համոզմունքի դեմ գնալը անօգուտ գործ է, հետևաբար որոշեցի լռել։ Կինն էլ պատմեց, որ պատերազմի թատերաբեմից փրկված տիկնիկներ է հավաքում, վերանորոգում, նոր զգեստներ հագցնում ու նոր շունչ ու կյանք տալիս նրանց, այդպես փորձելով մեղմել պատերազմի ցավն ու ամոքել վերքերը։ Բայց կապոցում կա մի տիկնիկ, որ ամենաթանկն է իր համար, իր մանկության տիկնիկը, որ երեսուն տարի պահել-փայփայել էր աղջկա համար, այն աղջկա, որ այդպես էլ չծնվեց։ Ուզում էի ասել, որ թեև ես տաքսու հասարակ վարորդ եմ, բայց էն վարորդներից չեմ, որ նախկինում միլիոնատեր են եղել, դասախոս կամ փիլիսոփա, ուզում էի ասել, որ հույս չունենա թե նման բարդ հարցերի մեջ անդարդ գլուխս կմտցնեմ, կախարդական բանալի կառաջարկեմ, բայց ակամա ասացի, թե դեռ ամեն ինչ առջևում է, խաղաղություն էլ կլինի, աղջիկներ էլ կծնվեն, տղաներ էլ։ Փիլիսոփայեցի, թե բնությունն իմաստուն է ու պատերազմից հետո խախտված հավասարակշռությունը վերականգնելու համար ավելի շատ տղաներ է լույս աշխարհ բերում։ Իսկ առջևում համառորեն չէր երևում մանկատունը, գնում էինք գնում, չկար ու չկար։ Հենց այդ պահին էլ թերևս փակուղին ճեղքելու առաքելությամբ մայթին երևաց մի կին՝ մանկահասակ աղջիկների հետ։ Ուղևորուհիս էլ որսաց առկայծած հույսի շողը ու խնդրեց արգելակել, որ մանկատան տեղը փորձի ճշգրտել։ Եթե ասեմ, որ նա երեք րոպե հետո վերադարձավ մանկատան տեղն ու ճանապարհը պարզած, դիպվածը կդառնա մի աննշան մանրուք, առաջին պատմվածքիս մեջ զետեղելու համար անարժան մի բան։ Այլ բան է, երբ երիտասարդ ուղևորուհիս վերադարձավ ու  ոգեշնչված ասաց․

-Որոշ բաներ այնուամենայնիվ հաջողվեց ճշտել։

Ես չգիտեմ, թե ինչ էին խոսել երկու երիտասարդ կանայք, երեք րոպեում ինչքան էին ընկղմվել մեկմեկու հոգու խորխորատներում, բայց այնքան էին մտերմացել, որ անցորդ կինը ուղևորուհուս համար բացահայտել էր ինչ-ինչ կարևոր գաղտնիքներ։ Չզարմանաք՝ նա հանգամանալիորեն պարզաբանել էր, թե լուսնային ինչ օրերի ու արևային ինչ պատեհ ժամերի և ամենակարևորը՝ Կամասուտրայի ներկապնակի հարյուր դիրքից հատկապես որ մեկի ընտրությամբ պետք է անել այն կարևոր բանը, որ Աստծուն հնարավորություն է տալիս արարել մարդու ծննդյան ամենամեծ հրաշքը, ու հետն էլ որոշել, որ անպայման աստվածային ընծան ունենա մարդկության լավագույն ու առավել զգացմունքային կեսի վարդագույն դրոշմը։ Վերջում էլ ավելացրել էր, թե մինչ գործողությունը անպայման կինը պետք է թուզ կերած լինի, իսկ տղամարդը ընկույզ, իսկ եթե տղա են ուզում՝ հակառակը։ Ահա՝ իր ձեռքից բռնած երկու աղջնակներն էլ՝ ասածի ժպտացող առհավատչյան։

-Որ ասում էի ամեն ինչ դեռ առջևում է, չէիք հավատում,- ապշահար կմկմում եմ ես,- Աստծո գործերն անիմանալի են։

Ու քանի որ անիմանալի են, այնքան անիմանալի, որ հերքում են ընկերոջս հավաստիացումը, թե Երկնավորը մանր-մունր բաներով չի զբավում, մեքենայիս ղեկն ինքն իրեն պտտվում, անիվներն իրենք իրենց գլորվում ու մեզ տանում հասցնում են որոնվող մանկատան շեմին։ Աստծո գործերն այնքան անիմանալի են, որ բացվում է մանկատան դուռը, ու դեպի մեզ է վազում մի հնգամյա աղջնակ։ Ուղևորուհիս գրկում է աղջկան, ես բացում եմ բեռնախցիկը և նվերների կապոցից հանելով առաջին պատահած տիկնիկը մեկնում եմ նրան։ Աղջնակն էլ մայրական բնազդի բերկրանքը ըմբոշխնած՝ տիկնիկը սեղմում է կրծքին ու շնորհակալություն հայտնելով համբուրում այտը։ Ցավոք, արդեն ասել եմ, որ սատանան էլ կարող է կատակել, ու մանկատան դայակը, որ հայտնվում է այդ պահին ու աղջկանից խլում տիկնիկը, ասածիս տխուր առհավատչյան է։

-Հազար ներողություն, բայց նվերների բաշխումն ունի հստակ չափորոշիչներ, նվիրատուն չի կարող որոշել ու հենց այնպես մեր սաներին ում ինչ ուզի՝ տա,-փնթփնթում է դայակը։

-Այս տիկնիկը այդ աղջկա ղսմաթն է, իմ մանկության տիկնիկն է, ես նվիրում եմ նրան,- փորձում է իրավիճակը փրկել ուղևորուհիս։

-Ցավում եմ տիկին, գնահատում եմ Ձեր մարդասիրությունը, բայց Դուք չեք որոշում նման հարցերը, իրական բարեգործները պարզապես անում են իրենց բարեգործությունը ու համեստորեն մի կողմ քաշվում,- պնդում է դայակը։

-Ոչ մի չափորոշիչ չարժե այս աղջկա արցունքի կաթիլը,-շարունակում է ուղևորուհիս։

-Բայց չէ՞ որ նրա նման հարյուրավոր երեխաներ կան, բոլորին էլ պետք է հավասար աչքով նայել,- չի ընկրկում տիկինը։

-Բայց հենց նա վազեց ընդառաջ,- մի վերջին անգամ հոգոց է հանում ուղևորուհիս։

Չգիտեմ, գուցե դայակը ճիշտ է, գուցե մանկատանը կան պատերազմում ծնողներին կորցրած երեխաներ, հիվանդներ ու հաշմանդամներ, գուցե մենք պարզապես փորձում էինք բավարարել մեր եսասիրական կիրքը, ցույց տալ, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք, գուցե սատանան ոչ էլ սիրում է կատակել, ով գիտե։ Հետդարձի ճանապարհին ես և ուղևորուհիս լռում ենք, ամեն ինչ առանց այդ էլ պարզ է։  Վստահ եմ՝ նույն բանն ենք մտածում։ Մենք մտածում ենք, որ հաստատ մի օր պատերազմները կավարտվեն, աշխարհում կլինի այն հեռու անկյունը, մեր ազգային հեքիաթասացի երազած այն եզերքը, ուր մանուկները արդար քուն կունենան, իրենց տիկնիկներն կունենան, ինչքան ուզեն մազերը կսանրեն, իսկ թե շատ ոգևորվեն՝ խանձարուրի մեջ կպարուրեն, պուպուշ կանեն ու օրորոցայինի նման մի բան ծվծվալով մեղմիկ կճոճեն։ Իսկ տիկնիկներն էլ, եթե բախտները մի քիչ շատ բերի, կդառնան տիկնիկային թատրոնի աստղ։ Հաստատ բնությունն այնքան իմաստուն է, որ թքած ունի սատանայի ծիծաղի վրա էլ, պատերազմի վրա էլ ու աշխարհին ու մեր երկրին շատուշատ տղաներ կընծայաբերի ու բնականաբար՝ շատուշատ լույսի կտոր աղջիկներ։   

Ոչ մի երկնքից իջած փրկիչ էլ չկա։ Երկրի նյարդն ամենալավը մենք՝ տաքսու վարորդներս չենք զգում, սիրելի ուղևորներ և ընթերցողներ։ Տիկնիկ հավաքող աղջիկն է զգում, ու թե մեկը փրկի մեզ, նա է փրկելու, առանց զարկերակը շոշափելու էլ պարզ է։ Եթե լռում ենք, լռում ենք մինչև վերջ։  Լռության մեջ է ծնվում ճշմարտությունը, լռության մեջ է արյունը հանդարտ հոսում, բնությունն արարում իր հրաշքները, ու միայն վերջում, երբ լույսի շողը ծակծկում է նորաբաց աչուկները, բախտավոր մեկը առաջին ճիչն է արձակում։ 

Այնպես որ, երբ ուղևորուհիս ինձ պարզի ուղեվարձը, ներողություն կխնդրեմ, կարդարանամ, թե տղամարդիկ էլ սիրտ ունեն, կհրաժարվեմ վերցնել փողը, նա էլ կժպտա ու արտասվախառը կհարցնի․

-Չորդեգրե՞մ այն աղջնակին։     


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով