Արտակ Վարդանյան, Ուղեգրություն

Նշխարներ սուրբ երկրից

Այս ճանապարհը շուրջ մեկուկես դար առաջ անցել է իմ նախապապ Վարդանը: Այդ օրը նա աքլորականչից էլ վաղ է արթնացել, ջորուն բարձել խուրջինը՝ մի կողմում իր համեստ օրապահիկը՝ փշրած չոր լավաշի ու պանրի խառնուրդ «փշրուփլավը», մյուսում՝ ջորու համար նախատեսված գարին: Շրջվել է դեպի Քամոտդար լեռան լանջին գտնվող մեր տոհմական Սուրբ Հակոբ մատուռը, երկյուղածությամբ արտասանել «Հայր մերը», խաչակնքել և ջորու սանձից բռնած՝ իջել դեպի Նշաղբյուր, որտեղ իրեն են սպասել հարևան գյուղերից եկած ևս երկու-երեք ուխտավորներ: Նախատատս փարչից ջուր է գցել նրա հետևից և հուզումնախառն աղոթել նրա անփորձանք ուխտագնացության և բարեհաջող տունդարձի համար:

 Իմ պապի պապը վտանգներով և անորոշություններով լի այս ճանապարհն անցել է մի քանի ամսում, ևս մի քանի ամսում էլ վերադարձել: Ես ինքնաթիռով եմ գնում, իսկ մեկնելու և վերադառնալու ժամանակը ընդամենը մի քանի ժամ է:

Մեկնում ենք շուրջ քառասուն ուխտավորներից բաղկացած խմբով՝ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա տեր Զենոն Բարսեղյանի առաջնորդությամբ: Հենց եկեղեցու բակում կարճատև ներկա-բացակայից, նախնական ծանոթությունից և ինքնաբուխ «Հայր մերից» հետո հրաժեշտ ենք տալիս ճանապարհող հարազատներին և շարժվում: Ինձ ճանապարհողը իմ զարմիկ Վարդանն է, որ իր նշանավոր նախապապի անունն է կրում:

Արդեն երեկո է, և ավտոբուսի խորհրդավոր կիսամութն ավելի խորհրդավոր է դարձնում երիտասարդ սարկավագի հուզառատ և առինքնող ձայնը.

Ես՝ մեղավոր ու անցավոր,

Հազար անգամ ապաշխարող,

Սակայն երբեք չարդարացող.

Ես՝ մեղավոր մի ուխտավոր:

Էջմիածի՜ն, Էջմիածի՜ն,

Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ…

Ես արդեն տեղյակ եմ, որ երգող սարկավագն իմ սենյակակիցն է լինելու Երուսաղեմում, շարժվելուց քիչ առաջ նրա հետ խմբի կազմակերպիչը ծանոթացրեց: Հայոց բանակի գնդերեց Վոլոդյան առաջին իսկ տպավորությամբ երիտասարդ հոգևորականի պայծառ և օրինակելի կերպար է:

…Ես՝ մի ընծա քո խորանում,

Մի կաթիլ խունկ քո բուրվառում,

Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,

Գուցե այդպես գութիդ հասնեմ:

Էջմիածի՜ն, Էջմիածի՜ն,

Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ…

Երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի խոսքերով գրված սրտառուչ երգը, որ հնչում է մեկնելու առաջին րոպեներին, շատերիս է հուզում, մանավանդ երբ երգիչը կրկներգերի ընթացքում «Էջմիածնի» փոխարեն նաև «Երուսաղեմ» է երգում…

Թել Ավիվ թռչող ինքնաթիռում փորձում եմ ուղևորների մեջ փնտրել-գտնել հրեական մարդաբանական տեսակը, չնայած տեղյակ եմ, որ նրանցից շատերը ճակատագրի բերումով այլևս չունեն հին հրեաներին բնորոշ դիմագծեր, այլ ավելի շուտ կազմում են եվրոպական, սլավոնական, կովկասյան, մերձավորարևելյան, անգամ աֆրիկյան մարդաբանական տեսակների հատկանիշների մի ամբողջ համախումբ: Այդուհանդերձ, մտովի առանձնացնում եմ մեծամասնություն կազմող մի տեսակ, որի ներկայացուցիչներից մեկն էլ կողքիս նստած տղան է, որ Թբիլիսիից Թել Ավիվ է մեկնում սլավոնական արտաքինով ընկերուհու հետ:

Պարզվում է, որ իսկապես Իսրայելից է՝ Թել Ավիվից, և անունն էլ ոչ ավել, ոչ պակաս… Նոյ է:

– Իսկ Դուք ո՞ր երկրից եք,- հարցնում է Նոյը:

– Հայաստանից,- պատասխանում եմ:- Գիտե՞ք, թե ջրհեղեղից հետո որտեղ է իջել Նոյ նահապետը:

– Եթե չեմ սխալվում՝ Արարատ լեռան վրա:

– Այո: Արարատն էլ հենց մեր խորհրդանիշ-լեռն է: Նաև մեր պետական զինանշանի վրա է պատկերված:

– Իսկ Նոյը Հայաստանո՞ւմ է ապրել,- հետաքրքրվում է զրուցակիցս:

Ես նրան պատմում եմ, որ Նահապետը, ջրհեղեղից հետո իջնելով Արարատ լեռան արևելյան կողմում գտնվող դաշտավայրը, հետջրհեղեղյան առաջին բնակավայրն է հիմնել, որն իր պատվին Նախիջևան՝ «Առաջին իջևան» է կոչվել: Այնտեղ էլ մահից հետո թաղվել է Նոյը, իսկ նրա գերեզմանը հազարամյակներ շարունակ ուխտավայր է եղել թե՛ քրիստոնյաների, թե՛ մահմեդականների և թե՛ հուդայականների համար:

Նոյն այս ամենի մասին եբրայերեն պատմում է ընկերուհուն և պարբերաբար հարցեր տալիս մինչև մեր ինքնաթիռի վայրէջքը ճերմակ երկնաքերներով լի ծովափնյա քաղաքի՝ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում:

Զարմանալիորեն մեր այցելությունն այս երկիր զուգադիպում է մի տխուր և մի ուրախ իրադարձության հետ՝ այսօր Իսրայելը վերջին հրաժեշտն է տալիս նախկին վարչապետ Շիմոն Պերեսին, իսկ վաղը նշելու է հրեական Ամանորը՝ Ռոշ հա Շանան:

Երուսաղեմը աշնան սկզբին բնորոշ խիստ շոգի փոխարեն զարմանալիորեն մեզ դիմավորում է մեղմ անձրևով: Քարե ճերմակ ու դեղնաճերմակ շենքեր, սալահատակ փողոցներ, անթիվ-անհամար աղավնիներ, դարերի գույներ ու բույրեր՝ խորհրդավոր ու զարմանահրաշ մի աշխարհ, որ բոլորովին էլ երազ չէ, այլ հենց ինքը՝ առասպելական Սուրբ քաղաքը® Հյուրանոցը, որտեղ տեղավորվում ենք, հին քաղաքից հեռու չէ և սալահատակ սարալանջի վրա խոյացող «Ջերուսալեմ Թաուեր» անվանումով հսկա մի երկնաքեր է, ի դեպ՝ տնօրենն ու փոխտնօրենն էլ տեղացի հայեր են:

Կեսօրից հետո հին Երուսաղեմում ենք: Հազարամյա պարիսպներին մերձակա հրապարակից ձգվող նեղլիկ փողոց-շուկաները տանում են քաղաքի ամենանվիրական հատվածը՝ Հարության տաճար: Դրսից որքան հնամենի և համեստ, ներսից այնքան շքեղ ու նորոգ տեսքով այս սրբազան համալիրն իր մեջ ներառում է Հիսուս Քրիստոսի խաչելության, պատանման վայրերը, սուրբ գերեզմանը, այն տեղը, որտեղ որդու խաչելության պահին կանգնած է եղել Մարիամ Աստվածածինը, այն քարայրը, որտեղ կյանքի վերջին տարիներին ճգնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը® Այս բոլորի, նաև այլ իրադարձությունների հետ կապված սուրբ վայրերի ու սրբությունների տեղերում այսօր մի-մի եկեղեցի ու խորան է հառնում, մի-մի մատուռ կամ խաչքար®

Թեև առաջին անգամ եմ ոտք դնում այս վայրերում, հավանաբար ժառանգաբանական հիշողությամբ, զարմանալի հարազատություն եմ զգում այս ամենից®

…Հայր Թեոդորոսի՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսչի մասին շատ էի լսել նախորդ խմբերի ուխտագնացներից, տեսել էի նրա լուսանկարները, գիտեի, որ համակողմանի գիտելիքների տեր հոգևորական է՝ արմատներով Գողթն գավառի Ցղնա գյուղից, բայց չէի պատկերացնում, որ նրա հետ ծանոթանալու բախտ եմ ունենալու Երուսաղեմում գտնվելու առաջին իսկ օրը՝ Հարության տաճարի բակում: Պարզվեց, որ մեր ուխտագնացության ողջ ընթացքում հայր սուրբն է լինելու մեր հիմնական ուղեկիցն ու մեկնաբանը:

Սուրբ քաղաքի գլխավոր սրբավայրին ծանոթանալուց հետո քայլում ենք դեպի հայոց Սրբոց Հակոբյանց նշանավոր մայրավանք: Ճանապարհը հաճելիորեն անցնում է եռագույններով զարդարված՝ հայկական թաղամասով, որ հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկն է, և որի երկայնքով երուսաղեմահայերին պատկանող կրպակների շարանն է:

Երկու Հակոբոսների տաճարում ուխտագնացներս անբացատրելի զգացողությամբ ենք վայելում առաջին պատարագը: Երևի արարողությունն առանձնահատուկ է դարձնում միջավայրը՝ պատերի հնամյա որմնանկարները, հախճասալիկները, տաճարը զարդարող գորգերը, հնագույն եկեղեցական սպասքն ու անթիվ-անհամար ջահերն ու կանթեղները: Պատարագի հնչյուններն ասես մի-մի աղավնի դարձած՝ ճախրում են գմբեթն ի վեր ու թեթևասահ դեպի երկինք սավառնում®

 Հայր Թեոդորոսի հետ զրուցելը նույնքան հաճելի է, որքան նրա անցկացրած լուսավոր պատարագն ու բովանդակալից քարոզն ունկնդրելը: Պարզվում է, որ, իրոք, մորական արմատներով Գողթն գավառի Ցղնա գյուղից է սերվում. մայրը՝ Ասյա Հայրապետյանը, ծնունդով ցղնեցի է, իսկ մորական տատը՝ Ոսկինարը, Ցղնայի ամենահարգված և իմաստուն մամիկներից է եղել:

 – Հա՛յր սուրբ, փաստորեն Ձեզ քեռի եմ գալիս®- կեսկատակ նկատում եմ ես:

Հայր Թեոդորոսն ի պատասխան և ի հաստատումն իմ խոսքերի՝ ժպտում է իր բարեկիրթ ժպիտով:

 Մի քանի օր անց սուրբ հայրն ինձ վարժարան կհրավիրի, հանպատրաստից կհանդիպեմ Ժառանգավորացի սաների հետ, կպատմեմ Նախիջևանի, նրա պատմության և մշակույթի մասին: Սաների հետ ընթրելուց հետո բախտ կունենամ տեսնելու Երուսաղեմի հռչակավոր գրադարանը՝ իր հսկա հատորյակներով ու առձեռն գրքույկներով, կծանոթանամ գրադարանի երկարամյա նվիրյալ և «տիրուհի» օրիորդ Արփիկի հետ, որի աշխատասենյակը ժամանակին ոչ այլ ինչ, քան Կիլիկիո Հեթում թագավորի ննջարանն է եղել, իսկ պատի մյուս կողմում Սուրբ Թեոդորոս եկեղեցին է, որտեղ դարեր առաջ առանձնացել և աղոթել է Կիլիկիո հայոց արքան®

Հետո տեսչական առանձնասենյակում հայր Թեոդորոսի հետ երկար կզրուցենք մեր կորուսյալ հայրենի եզերքի շուրջ, Համացանցի արբանյակային քարտեզների վրա կփնտրենք-կգտնենք Ցղնան ու Ազնաբերդը, որ այսօր դաժան ճակատագրի բերումով Չանանաբ ու Չալխանկալա են դարձել, Յութուբում գյուղերի այսօրվա վիճակի մասին ֆիլմեր կգտնենք, և մեր զրույցը երկար կձգվի: Միայն ուշ երեկոյան վարժարանի սաներից մեկի ուղեկցությամբ հյուրանոց կհասնեմ:

Համբարձման լեռը Ձիթենյաց լեռան գագաթներից մեկն է: Այստեղից է Հիսուս Քրիստոսը խաչելությունից քառասուն օր անց երկինք համբարձվել: Գրեթե ողջ Երուսաղեմը, Հորդանան գետն ու Մեռյալ ծովը մեր աչքի առաջ են: Առավոտյան Գեթսեմանում էինք, տեր Զենոնը շքեղ պատարագ մատուցեց Սուրբ Աստվածածնի տաճարում՝ Տիրամոր գերեզմանի մոտ: Դա այն եկեղեցին է, որ ժամանակին կառուցել է Երուսաղեմի հայ թագուհի Մելիսինդան: Ի դեպ, այստեղ ամբողջ շարք թագուհիներ են հայկական ծագում ունեցել՝ Մորֆիա, Արդա, Ագնես, Սիբիլ տպավորիչ անուններով, որոնցից մի քանիսի շիրիմները հենց Գեթսեմանում են՝ Տիրամոր շիրմի մոտ:

Պատարագից հետո նախաճաշել էինք նռնենիներով և ձիթենիներով լի Գեթսեմանի նշանավոր պարտեզում, ապա մեկնել Բոլոր ազգերի եկեղեցի՝ հոյակերտ-մարմարաշեն մի տաճար, որ քսաներորդ դարում է կառուցվել՝ բազմաթիվ եվրոպական երկրների տրամադրած միջոցներով:

Եվ ահա, այդ հարուստ շրջայցերից հետո, օրվա երկրորդ կեսին տպավորությունները շարունակվում են այստեղ՝ Համբարձման լեռան բարձունքում: Հայր Թեոդորոսը սուրբ լեռան վրա աճող մրտենու փոքրիկ թփից կապտավուն պտուղներ է հյուրասիրում ինձ, սարալանջից ուխտագնացներիս ցույց տալիս սալահատակ ճանապարհի պահպանված հատվածը, որտեղով խաչելության են տարել Հիսուս Քրիստոսին, Երուսաղեմի պաղեստինյան հատվածում՝ Օմարի սևագմբեթ և Ալ Ակսա (Ժայռի) ոսկեգմբեթ մզկիթները, որոնք կառուցվել են Երուսաղեմի տաճարի տեղում:

Քարի վրա թողնված՝ Տիրոջ վերջին ոտնահետքը բազմաթիվ հավատացյալների է Համբարձման լեռ բերում՝ թե՛ քրիստոնյաների, թե՛ մահմեդականների, քանի որ այսօր մզկիթի բաղկացուցիչ մասը կազմող մատուռանման փոքրիկ կառույցում է գտնվում՝ ապակյա ցուցափեղկ-պատյանի տակ: Երկակի զգացողություններ առաջացնող այդ պահին, երբ շատերի նման համբուրում եմ Տիրոջ ոտնահետքն ամփոփող ապակին, միաժամանակ վերևից մահմեդական աղոթքի մելամաղձոտ ելևէջներ լսում, Հայաստանում կատարվող ուշագրավ փոփոխությունների մասին հերթական կարևոր հաղորդագրությունն եմ ստանում Վարդանից: «Տե՛ր Աստված, Դու պահապան եղիր մեր երկրին ու ժողովրդին».- կրկին շշնջում եմ իմ աղոթքում:

Մզկիթի հակառակ կողմում ուղղափառ քրիստոնեական վանք ենք «հայտնաբերում»՝ ռուսական մենաստան, որը, պարզվում է, ժամանակին հայոց Համբարձման եկեղեցին է եղել, հատակի հախճանկար-գորգն էլ իր հերթին է այդ մասին խոսում: Ընդհանրապես, գրեթե բոլոր տերունական վայրերը նախապես հայերն են սրբացրել և հռչակել քրիստոնյաների շրջանում, միայն դարերի ընթացքում է դրանց զգալի մասը տնօրինվել ուղղափառների և կաթոլիկների կողմից:

Խմբի ամենակրտսեր ներկայացուցիչներից մեկը՝ հնգամյա Դավիթը, սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրում է խորանը՝ առաջ բերելով ջղային միանձնուհու բուռն զայրույթը: Նրա վրդովմունքը մեղմելու համար քահանան, սարկավագը և ես համատեղ ուժերով վերծանում ենք հախճանկարի գրաբար արձանագրությունը՝ «Այս է յիշատակարան տեառն Յակովբայ, որ եղեւ ձեռն խնդրելոց», աշխարհաբարով՝ «Տեր Հակոբի հիշատակին, որ եղավ նրա խնդրանքով»:

Թաբոր հարթագագաթ լեռան վրա Պայծառակերպության նշանավոր եկեղեցին է հառնում: Շրջապատի վրա իշխող լեռան բարձունքը իսկական դրախտի է նման: Զգացվում է Միջերկրականի հաճելի շունչը, և հեքիաթային այս վայրում այնպիսի փարթամ բուսականություն է աճում, որ միայն կինոնկարներում կարելի է տեսնել® Դափնեվարդերն ու ֆիկուսներն այստեղ հսկա ծառեր են, իսկ մեր ճանապարհի աջ ու ահյակ կողմերում ծաղկած հալվեի թփերով լի ամբողջ բլրակներ են փթթում® Ի դեպ, առավոտյան լեռան ստորոտում երկու հսկա ժանտաթզենի էլ տեսա՝ նարնջամարջանագույն պտուղներով ծանրաբեռնված® Ավետարանում հիշատակված այդ տարաշխարհիկ ծառի միայն լուսանկարներն էի համացանցում տեսել, իսկ իրականում սոսուն բավական նման ծառեր էին, որոնց ճյուղերից առատ ողկույզներով պտուղներն էին կախված: Սակայն այդ գեղեցիկ և գայթակղիչ պտուղները ճաշակել փորձողներս բավական աննախանձելի վիճակում հայտնվեցինք: Պարզվեց, որ հասունանալուն պես՝ ժանտաթզերի մեջ մրջյունների և զանազան այլ միջատների մի այնպիսի քանակություն է ներթափանցում՝ ներսի նեկտարով սնվելու համար, որ հետաքրքրասերներին, մեղմ ասած, մնում է ընդամենը հիասթափվել՝ պտուղների տարաշխարհիկ համի փոխարեն քիմքի վրա զգալով միջատների անկոչ ներկայությունը:

Հետդարձին հայտնագործության նման մի զարմանալի բան եմ անում: Թաբոր լեռան և նրա լանջին գտնվող Դեբորիա բնակավայրի անունները օգնում են վերջապես ստուգաբանել իմ շատ սիրելի հորական տատի՝ նախկինում գրեթե անստուգաբանելի անունը: Արմատներով վանեցի, ծնունդով վայոցձորցի իմ Թեբուր (Թեփուր) տատի անունը որոշ վերապահությամբ միշտ կապել եմ «փետուր» բառի բարբառային ձևի հետ, սակայն հենց այս պահին ակամայից առավել հավանական տարբերակի վրա եմ կանգ առնում® Տատիս անունը, ամենայն հավանականությամբ: Հին կտակարանում հիշատակված մարգարեուհի-դատավորուհի Դեբորայի անունն է՝ քրիստոնեական աշխարհում բավական տարածում գտած և հատկապես Միացյալ Նահանգներում և Անգլիայում խիստ կիրառական դարձած անձնանուններից մեկը®

Վայոց ձորի Խաչիկ գյուղում ծնված իմ տատին մկրտելիս հավանաբար գյուղական քահանան հենց Դեբորա է կոչել: Նման հինկտակարանյան անուններ քիչ չեն կիրառվել անցյալում: Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ Հայաստանի գյուղերում կարելի էր գտնել բազմաթիվ Զեբեթներ, Աբիսակներ, Մամբրեներ, Սողոմեներ, Բերսաբեներ, Ասանեթներ և աստվածաշնչյան այնպիսի այլ անուններ, որոնք միայն քահանաներին էին ծանոթ, իսկ հասարակ մարդկանց այնքան էին անծանոթ, որ նրանք երբեմն շփոթում էին այդ անունների սեռային պատկանելությունը:

Միանգամայն հնարավոր եմ համարում, որ տատիս ստացած Դեբորա անունն է տեղական բարբառի հնչյունափոխական կանոններով Թեփուր դարձել. նախ բառավերջի ա-ն ընկել է (ինչպես Թամարա-Թամար) երկու ձայնավորների միջև, բ-ն փ դարձել (ինչպես Թագուհի-Թաքուհի), ապա փ-ի ազդեցությամբ դ-ն դարձել է թ (ինչպես գըդակ-գըթակ-քըթակ), այնուհետև՝ ր-ից առաջ ո-ն դարձել է ու (ինչպես Հոռոմ-Հուռում): Եվ արդյունքում այդ անճանաչելի ձևն է ընդունել մեծ մորս աստվածաշնչյան ծագումով հնչեղ անունը®

Տատս պապիս հետ Առաջին աշխարհամարտին հաջորդած գաղթի տարիներին էր ամուսնացել և, բնականաբար, չէր տեսել նրա պապ Մուղսի Վարդանին, բայց նրա մասին լսած հիշողությունները հենց ինքն էր փոքրերիս փոխանցում: Պատմում էր, որ նա շատ աստվածավախ, գթասիրտ մարդ է եղել, Երուսաղեմ գնալուց առաջ իր ցորենի շտեմարանների ողջ պարունակությունը կարիքավոր համագյուղացիներին է բաժանել, նաև այլ բարեգործություններ արել:

– Որ ասեմ, ասելու են՝ հորինում է, բայց դե ո՞նց չասեմ: Էս ցեղում ով որ ազգանունը Մուղսու անունով Վարդանյան թողեց, տես քանի տղա ունեցավ. Աբգարինը՝ երեքն է, Տրդատինը՝ էլի երեքը, Լևոնինը՝ չորսը, Լևոնի Նահապետինն ու Անանիայինը՝ երեք-երեք, Փիլիպոսի Վարդազարինը՝ չորսը® Իսկ ով Վարդանի որդի՝ հյուսն Գրիգորի անունով գրվեց՝ կա՛մ տղա չունեցավ, կա՛մ էլ տղա թոռներից միայն աղջիկներ ծնվեցին® Էդպիսի սուրբ մարդու անունից նրա սերունդը երևի չպետք է հրաժարվեր…

Իր պապի անունից չհրաժարված պապս էլ էր երեք որդի ունեցել, սակայն մանկահասակ ավագ որդին մահացել էր գաղթի տարիներին, իսկ հայրս՝ քսանութը դեռ չբոլորած:

 Մի օր, երբ բավականաչափ մեծ էի, տատս առաջին անգամ իր հետ գերեզմանատուն էր տարել: Նա հուզված ցույց էր տվել հորս շիրմաքարը՝ գրաբար արձանագրությամբ և պատգամել, որ երբ ավելի մեծանամ և որդի ունենամ, անպայման նրան հորս անունով կոչեմ: Այդ օրը շիրմատան մեր տոհմական հատվածում մի հին գերեզմանաքար էլ նկատեցի՝ տարիների ընթացքում մի կողմի վրա քիչ թեքված, գորշ, նարնջագույն ու կանաչավուն քարաքոսերով այնքան պատված, որ ոչ մի մակագրություն հնարավար չէր նշմարել հսկա քարի վրա: Մեծ մայրս առանձնակի ակնածանքով էր խունկ ծխում այդ գերեզմանին:

– Տա՛տ, ո՞վ է թաղված այստեղ,- հարցրի:

– Ձեր ցեղի ամենամեծն է: Էլ ո՞վ պետք է լինի, բալե՛ս,- պատասխանեց նա:

Ես հասկացա, որ այնտեղ հենց ինքը՝ մեր տոհմի նահապետն է ննջում:

Նախապապիս շիրմաքարը, ապա նրա ժպտացող դեմքը աչքիս առաջ եկան խորհուրդներով լի այն գիշեր, երբ առաջին անգամ Տիրոջ գերեզմանին հպվեցի, երբ համբուրեցի ճերմակ մարմարե քանդակազարդ տապանաքարը՝ զարմանալիորեն սառնության նշույլ անգամ չզգալով® Գուցե հենց նույն տեղում էր չոքել և շիրմաքարի նույն տեղը համբուրել իմ պապի պապը® Տեսնես ի՞նչ էր խնդրել իր աղոթքում: Բնականաբար՝ իր ընտանիքին ու հարազատներին առողջություն ու երջանկություն, իր հայրենի երկրին ու հայրենակիցներին՝ բարօրություն: Այդ գիշեր ես փաստորեն մեկուկես դար անց նորոգեցի նրա աղոթքը՝ Տիրոջից խնդրելով նաև, որ պահպանի հայրենիքի սահմանին կանգնած զինվորին: Իսկ ամենավերջում իմ ամենանվիրական խնդրանքը Տիրոջն ուղղեցի, որ հոգուս խորքում պահպանել էի ուխտագնացության որոշումը կայացնելու առաջին իսկ պահերից՝ աղոթեցի, որ օրերից մի օր արժանի լինեմ տիրոջ իրավունքով իմ պաշտելի ծննդավայրի հողը համբուրելու, իմ հայրական տունը նորոգելու, իմ ապուպապ Վարդանի թեքված շիրմաքարը ուղղելու բախտին®

Սուրբ երկրում տեսած տերունական վայրերի թողած անջնջելի տպավորությունները շարունակում են յուրովի լրացնել Հրեաստանի բուսական աշխարհի հրաշքները, որոնք շարունակում էին զարմացնել հաջորդող օրերին Նազարեթում, Կափառնայումում, Տաբղայում, Կանայում® Ամենուրեք երկնասլաց արմավենիներ, մանգոյի ու բանանի անթիվ-անհամար այգիներ, անգամ ամենաթեք սարալանջերին՝ ձիթենիների անսկիզբ-անվերջ կանոնավոր շարքեր են, իսկ շքածառի հազվագյուտ մի տեսակը, օվալաձև պտուղներով ցիտրուսային բուրավետ կինկանի հսկա թփերը, որ տեսանք Գալիլիա լճի ափերին, ուղղակի հեքիաթային էին®

Ի դեպ, այդ զարմանահրաշ շրջայցից Գալիլիա լիճը կտրող-անցնող նավով վերադարձանք, որի վրա նավարկության ողջ ընթացքում հայ ուխտագնացներիս պատվին մեր եռագույնն էր ծածանվում, և մեր ազգային-հայրենասիրական երգերն էին հնչում՝ պարի հրավիրելով խմբի երիտասարդներին: Ճաշին համտեսեցինք այդ կողմերում շատ հայտնի «Պետրոսի ձուկը» և տեղական սառնորակ մոհիտոն:

Մի գիշեր անցկացրինք Տիբերիա քաղաքի «Ռոն Բիչ» հարմարավետ հյուրանոցում, որ տեղադրված էր Գալիլիա լճի գեղատեսիլ ափին: Առավոտյան, երբ հյուրանոցից լճափ իջա, իմ սենյակակից երիտասարդ սարկավագներին լճում լողալու փոխարեն լողազգեստով պլաստմասսե աթոռներին նստած, ոտքերը ջրի մեջ տեսա: Նրանք, ըստ երևույթին, ինչ-որ բան էին վայելում և, ինձ նկատելով, հրավիրեցին նստելու լճափի ազատ աթոռներից մեկին: Խիստ անսպասելի մի բան կատարվեց. նստելս ու տեղիցս ցատկելը մեկ եղավ՝ պարզվեց, որ լճում ապրում են «գառա ռուֆա» անունով հայտնի փոքրիկ ձկների անթիվ-անհամար վտառներ, և ոտքերի ավելորդ մաշկով սնվող այդ մաքրասեր «բժիշկ» ձկնիկներն ընդամենը մարդկանց ազատում են ոտքերի մահացած մաշկից:

Լինել Սուրբ երկրում և չայցելել Յաֆֆա հնագույն քաղաքի Ս. Նիկողայոս հայոց վանք, անկարելի էր: Գրեթե մի ամբողջ ցերեկ անցկացրինք ծովափնյա գեղատեսիլ այդ վանքում և նրա շրջակայքում, վայելեցինք Միջերկրականի մաքրամաքուր ջրերը:

Ս. Նիկողայոսը իր բարեկարգ տեսքով և ամրակուռ պատերով միջնադարյան ամրոցի էր նման, իսկ նրա վանահայրը՝ բարձրահասակ, շիկահեր հայր Տիրան վարդապետը, այնքան էր նման կիլիկյան շրջանի իշխանի, որ շատերիս թվում էր՝ Կիլիկյան Հայաստանից մնացած նվիրական հողի մի պատառիկի վրա ենք, մանավանդ որ քաղաքի անունը կապ ունի Նոյի կրտսեր որդի Հաբեթի՝ մեր ժողովրդի հեռավոր նախնու անվան հետ և հայկական աղբյուրներում հայտնի է նաև Հոպպե անունով:

Սուրբ երկրի ամենանշանավոր սրբավայրերից մեկն էլ Բեթղեհեմում է՝ Պաղեստինի տարածքում: Հսկա պարիսպներով շրջափակված սահմանից ներս մտնելով՝ շուտով հայտնվում ենք Ս. Ծննդյան վանք տանող սալահատակ փողոցում, որի երկայնքով շարված են հայ եկեղեցուն պատկանող անթիվ-անհամար կրպակները: Գնորդներին գրավելու համար արաբ առևտրականներից շատերը ոչ միայն կրպակների մուտքերին մեր եռագույնն են կախել, այլև ժամանակ առ ժամանակ Հայաստանի օրհներգն են հնչեցնում:

Բարձունքի վրա վեր հառնող Հայոց վանքի հազարամյա քանդակազարդ դուռը ուղղակի ցնցող վեհություն ունի: Կիլիկիո հայոց արքա Հեթում Առաջինի պատվերով հայ վարպետների պատրաստած դուռն արդեն շուրջ ութ դար զարդարում է վանքի մուտքը: Այդ օրը տեր Զենոնը մի հիշարժան պատարագ էլ Ս. Ծննդյան Մսուրում մատուցեց: Պատարագի պահին մի քանի ուխտավորներով պատիվ էինք ունեցել կանգնելու երեք մոգերի երկրպագության տեղում: Ի դեպ, աստվածաշնչյան Արևելքը, որտեղից եկել են Մելքոն, Գասպար և Բաղդասար մոգերը, շատ աստվածաբաններ աշխարհագրորեն նույնացնում են Հայաստանի հետ, ինչպես Հայաստանի հնագույն անվանումներից մեկի՝ Ազզիի անունից բխող Ասիա աշխարհագրական անունն է նախապես Փոքր Ասիա ընկալվել, ապա ողջ մայրցամաքին վերագրվել:

Պատարագից հետո բարձունքից վայելում ենք բեթղեհեմյան համայնապատկերը, ապա իջնում նշանավոր Կաթի քարայրը, որտեղ Տիրամայրն առաջին անգամ կերակրել է մանուկ Հիսուսին:

Երեկոյան Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Անահիտ Խաչատրյանի հետ երուսաղեմյան հուշանվերների և քաղցրավենիքների վերջին գնումներն ենք անում Սուրբ քաղաքի հին շուկայից: Մեր հերթական «Հա՞ու մաչ»-ին բավական վարժ հայերենով «Տասնհինգ դոլար» կամ «Քսան դոլար» են պատասխանում հայերի և Հայաստանի հանդեպ ընդգծված բարյացակամություն դրսևորող տեղացի արաբները: Քաղաքի հրապարակում իսրայելցի զինվորների ու զինվորուհիների շարքեր էլ ենք տեսնում, որոնք ինչ-որ տեղ են պատրաստվում մեկնել: Հետո իմանում ենք, որ այդ օրը հերթական միջադեպն է գրանցվել իսրայելցիների և պաղեստինցիների միջև, և անգամ զոհեր են եղել:

Այս վայրերով շուրջ մեկուկես դար առաջ է անցել իմ նախապապը՝ Խառատենց Վարդանը: Ուխտագնացությունից հետո վերադառնալով հայրենի գյուղ՝ Խառատ Գրիգորի թոռ Վարդանը ստացել է Մուղսի պատվանունը և դարձել Մղսոնց նորանջատ տոհմի նահապետը: Երեք որդիներ, երեք դուստրեր և բազմաթիվ թոռներ ու ծոռներ է ունեցել Մուղսի Վարդանը, և ծոռներից հենց հորս է վիճակվել կրել իր նշանավոր նախապապի անունը: Իսկ երրորդ Վարդանը, որ ժառանգեց իր մորական պապի անունը, քրոջս տղան եղավ:

Վարդանը իմ միակ զարմիկն է: Աշխարհ գալու օրվանից ես նրան նաև իմ տղան եմ համարում, քանի որ նրա ծննդյան հետ կապված՝ շատ զարմանալի, խորհրդավոր մի պատմություն կա մեր ընտանիքում:

Իր իրական ծննդից ամիսներ առաջ Վարդանը նախ իմ երազում է ծնվել. դեկտեմբերյան մի օր քրոջս գրկին տղա երեխա էի տեսել: Նա ծնվեց այդ երազից չորս-հինգ ամիս անց և դիմագծերով, ինչպես առաջինը քույրս էր նկատել ծննդատանը և երկտողում գրել, ճիշտ իր մորեղբորն էր նման:

Վարդանը նաև իմ որդին է, քանի որ նույնիսկ այդ երազից էլ շատ տարիներ առաջ նախ իմ երազանքում է ծնվել: Երբ պատանեկան տարիքում կարդում էի Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզները», ցնցվում մեր ժողովրդի հանդեպ թուրքերի իրականացրած հրեշավոր ոճրագործություններից, անվանի հրապարակախոսի՝ աշխարհասփյուռ հայերին ուղղված կոչ-պատգամից տպավորված՝ երազում էի, որ իմ ապագա տղան հենց ապրիլի 24-ին ծնվեր՝ ի հեճուկս մեր դարավոր թշնամու և ի հատուցումն մեր ազգային մեծ վրեժի: Որդի ունենալու ճակատագիր ես չունեցա, բայց իմ միակ զարմիկը՝ միակ քրոջս միակ տղան, զարմանալիորեն հենց ապրիլի 24-ին ծնվեց՝ ոչ միայն իմ երազած որդու ծննդյան օրը, այլև, որքան ես հասկացա՝ առաջին անգամ գրկելով նրան, ճիշտ և ճիշտ նրա պատկերով: Եվ այդ ամենից հետո ինչպե՞ս կարող էր չստանալ իր պապի ու նշանավոր նախապապի անունը®

Վաղուց որոշել էի զարմիկիս հետ մեկնել իմ տոհմի նահապետի ուխտագնացությունը նորոգելու, սակայն ընտանեկան ինչ-ինչ հանգամանքներ խանգարեցին, և Սուրբ երկիր մեկնողների խմբին միայնակ միացա: Այդուհանդերձ, իմ միակ ճանապարհողն ու դիմավորողը հենց Վարդանը եղավ:

Ողջ գիշեր կրկին Հարության տաճարում ենք: Առավոտյան մեր ուխտագնացության գլխավոր արարողությունը՝ Վարագա Սուրբ Խաչի պատարագն է անցկացվելու: Գիշերը, երբ դեռ հայ եկեղեցու կեսգիշերային ժամերգությունը չի սկսվել, ուղղափառներն են անցկացնում իրենց արարողությունը: Տաճարի բոլոր հարկաբաժինները լցված են հույն սաղմոսերգուների երգեցողության քաղցրանուշ ելևէջներով: Այդ ժամանակ ուխտագնացներս ազատ ուսումնասիրում ենք տաճարի ազատ խորանները: Ես և խմբի աղջիկներից մեկը՝ լրագրողուհի Ռուզան Ավոյանը, Գողգոթայի խորանի մոտ ենք:

– Կարո՞ղ եք ասել՝ ո՞ւմ է նման Տիրամայրը,- խորամանկ ժպիտով ասում է Ռուզանը, որ արդեն երրորդ անգամ է Երուսաղեմ գալիս:

– Իհարկե՝ քեզ,- ի զարմանս նրա՝ քիչ մտածելուց հետո պատասխանում եմ ես:

Իրոք, Տիրամոր պատկերը, որ կարծես խոշորացրած ոսկեզօծ բյուզանդական սրբապատկեր լինի, Ռուզանին շատ է նման®

Ողջ գիշեր անքուն մնացած ուխտավորներից ոչ մեկի դեմքին հոգնածության նշան անգամ չկա՝ ո՛չ խմբի ավագի՝ ութսունն անց մայրիկի, ո՛չ էլ երեք տարեկան աղջնակի: Հավատքի աներևույթ ուժը զորացնում է բոլորիս:

Առավոտյան, պատարագից առաջ, տաճարը լցվում է հայ ուխտավորների և երուսաղեմահայերի հոծ բազմությամբ:

Տոնական պատարագի ժամանակ ծանոթ դիմագծերով մի համակրելի տիկին է գրավում ուշադրությունս: Չնայած գլխին ժանեկազարդ գլխաշոր ունի, անմիջապես ճանաչում եմ նրան. դե իհա՛րկե, Անուշ Նագգաշյանն է՝ երուսաղեմցի ճանաչված բանաստեղծուհին և բանասերը, որի նրբաճաշակ ստեղծագործությունները հիացմունքով եմ կարդացել և նրան հանդիպելու առիթ եմ ունեցել Երևանում:

Երուսաղեմում գտնվելու առաջին իսկ օրը հետաքրքրվել էի՝ քաղաքո՞ւմ է արդյոք Անուշը, սակայն մի տարեց երուսաղեմահայ ասել էր, որ նա Միացյալ Նահանգներում է: Պարզվեց, որ տղան՝ Արփիարն է ԱՄՆ-ում ապրում, և Անուշն ընդամենը ժամանակ առ ժամանակ հյուր է գնում որդուն:

Ցավոք, ժամանակի սղության պատճառով չկարողացա Անուշին այցելել, տեսնել նրա նկարների հավաքածուն, բայց հասցրեցինք հաճելի մակագրություններով գրքեր փոխանակել: Բանաստեղծուհու նվիրած երեք գրքերի մեջ էջանշանի փոխարեն մի գեղեցիկ բացիկ-այցեքարտ հայտնաբերեցի, որի վրա Սրբոց Հակոբյանց մայրավանքի խորապատկերին իր հայտնի տողերն էին. «Ամէն առտու, երբ արթննամ ու սենեակիս վարագոյրը բանամ, Սուրբ Յակոբի զոյգ գմբէթները զոյգ խաչերով կը նային ինծի… Կը խաչակնքեմ… օրս կը սկսի…»:

Իմ գրադարանի ամենապատվավոր դարակում մի հնատիպ գիրք կա, որ ամենայն հոգատարությամբ և խնամքով եմ պահպանում: Դա ուղիղ երկու հարյուր երեսունհինգ տարեկան, կաշեկազմ հնատիպ մի գիրք է՝ «Գիրք պատմութեան Սրբոյ և մեծի Քաղաքիս Աստուծոյ Երուսաղէմիս և սրբոց Տնօրինականաց Տեղեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» պատկառելի վերնագրով: Տպագրվել է 1782-ին Կոստանդնուպոլսում, Հովհաննես վարդապետի աշխատասիրությամբ: Տոհմական այս մասունքը տարիներ առաջ ազգականներս են ինձ նվիրել Սուրբ Ծննդյան տոնի նախօրյակին: Գիրքն առաջին անգամ տեսել եմ իմ դպրոցական տարիներին, մեր տոհմի ավագ սերնդի ամենագրագետ և ամենագրասեր ներկայացուցիչներից մեկի՝ պապիս հորեղբորորդի Լևոն պապի ցորենի շտեմարանում: Որ անկեղծորեն խոստովանեմ՝ իմ տանը հանգրվանած այդ գիրք-մասունքին արժանի լինելու համար նաև որոշեցի Սուրբ երկիր մեկնել®

Ես ենթադրում էի, որ արդեն դարերի տարիք ունեցող ամրակուռ-կաշեկազմ այս գիրքը, ամենայն հավանականությամբ, իմ նախապապն է ժամանակին գնել Սուրբ քաղաքից կամ գուցե այնտեղ նվեր է ստացել որևէ հոգևորականից: Հնարավոր էի համարում նաև այն վարկածը, ըստ որի՝ գիրքը գուցե ուղղակիորեն ոչ մի կապ չունի Մուղսի Վարդանի հետ և ընդամենը Ազնաբերդի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերջին քահանան է խորհդային անաստվածության տարիներին՝ աքսորվելուց առաջ, փոխանցել մեր գերդաստանին:

Իրար հակասող այս մտքերով համակված՝ մի օր գիրքը Մատենադարան տարա՝ լուսանցքների բազմաթիվ անընթեռնելի մակագրություններն ու հիշատակարանները վերծանելու: Այդ խնդրում սիրահոժար օգնեց Մատենադարանի երիտասարդ ձեռագրագետ-գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանը:

«Քրիստոսի ծառայ Տէր Հայրապէտ, 1782»՝ ահա ամենահին մակագրությունը, որ իրենից ներկայացնում է ութանկյուն մի կնիք՝ գրքի վերջին էջերից մեկում: Փաստորեն, գրքի առաջին տերը սույն Հայրապետ քահանան է եղել, այնուհետև, ի թիվս բազմաթիվ հոգևորականների անունների, հիշատակարանների մեջ առանձնանում են «Աստուածատուր Տէր Ստեփանոսի ի Հազարջրիբ ի Ջուղաու ծանուցանեմ հրամանոցդ զի իցե ողջ և առողջ բարկեցութիւն®», «Յիսուս Քրիստոսի ծառայ Դաւիթ Տէր Ստեփանոսեան ի Հազարջրիբ ծանուցանի զհրամանոցդ իցե ողջ և առողջ բարի կեցութիւն®», «Ես՝ Քրիստոսի ծառայ Այվազս զքեզ աղաչեմ ով Տէր Յիսուս լեր ձեռնատու ինձ ® և հայրն իմ Ստեփանոս անվանի սա է Տեր Աբրահամի որդի» և նման մակագրություններ: Վերջիններս ակնհայտորեն հուշում են, որ այս գիրքը ամենայն հավանականությամբ պատկանելիս է եղել Նոր Ջուղայից ոչ հեռու գտնվող՝ Փերիա գավառի Հազարջրիբ գյուղի Ս. Աստվածածին վանքի քահանա տեր Ստեփանոս Տերտերյանին (1746-1813) և նրա քահանայական տոհմին: Տեր Ստեփանոսը հայտնի է եղել նաև որպես պատմաբան և բանաստեղծ՝ Ստեփանոս Երեց անունով:

Գրքի հիշատակարանները կարդալով՝ կրկին իրականի նման տեսնում եմ իմ նախապապ Վարդանին, որ Երուսաղեմում հանդիպել է հազարջրիբցի մի հոգևորականի: Գուցե նա հենց մակագրություններում հիշատակված տեր Դավիթ քահանա Ստեփանոսյանն է եղել՝ Ստեփանոս Երեցի թոռը կամ ծոռը, որ նախապապիս է հանձնել «Երուսաղեմի պատմությունը»՝ ասելով.

– Վարդա՛ն, որդի՛ս, մենք էլ ընդամենը երկուսուկես դար առաջ՝ Շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթի օրերին, Նախիջևանից ենք գաղթել: Քո հայրենի գյուղի եկեղեցուն եմ նվիրում մեր տոհմական այս մասունքը: Թող այսուհետ այն հանգրվանի մեր նախնիների բնօրրանում:

Հարյուր հիսուն տարի առաջ՝ աշնան մի մայրամուտի, իմ ուխտագնաց նախապապը ծննդավայր է վերադարձել: Նշաղբյուրի մոտ նրա գալստյան ավետիսին սպասող հարազատներն ու հարևան-բարեկամները որախության բացականչություններով և դհոլ-զուռնայով են դիմավորել Մուղսի Վարդանին: Երեկոյան նրա օջախում մեծ բազմություն է հավաքվել, աչքալուսանքի են եկել ոչ միայն համագյուղացիները, գյուղի քահանան, այլև հարևան Ճահուկ, Օծոփ, Այլապատ գյուղերից ազգականներ և բարեպաշտ հայրենակիցներ: Օրեր շարունակ ինքնաբուխ ուրախությամբ նշվել է ուխտագնացի տունդարձը, իսկ նրա տան սյուներից մեկի քարե պատվանդանին որդին՝ Ալեքսանը, փորագրել է հոր անունն ու ուխտագնացության տարեթիվը՝ «ՎԱՐԹԱՆ 1866»: Մի շաբաթ անց՝ Խաչվերացի պատարագին, Մուղսի Վարդանը գիրք-մասունքը հանդիսավորությամբ հանձնել է Ազնաբերդի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն:

Այս ամենը ես հստակ պատկերացնում եմ Երուսաղեմից վերադառնալու օրը: Սուրբ քաղաքը առաջին օրվա նման մեղմ անձրևով է ճանապարհում մեզ: Թել Ավիվ տանող ավտոբուսում, որպես վերջաբան մեր ուխտագնացության, ինքս ինձ համար կարդում եմ «Երուսաղեմի պատմության» վերջին էջերին՝ հիշատակարանների մեջ գրված ձեռագիր աղոթք-բանաստեղծությունը, որի պատճենը իմ պայուսակում է՝ Երուսաղեմի թեմի առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից երեկ ստացած ուխտագնացի վկայականի թղթապանակում: Ո՞վ գիտի, գուցե հենց Ստեփանոս Երեցի գրչի՞ն է պատկանում այդ ստեղծագործությունը, որ այս անգամ ուրիշ զգացումով եմ կարդում՝ սուրբ վայրերը տեսած մարդու հայացքով®

Հա՛յրդ գթած, քեն հեռացայ,

Զպատւիրանդ ոչ պահեցայ,

Անառակին նմանեցայ,

Մեղա՜յ, մեղայ:

Զի թշնամին խոցոտաց զիս

Եվ ընկղմեաց մեղաւորիս,

Արի, Տէ՛ր իմ, այց արա յիս,

Մեղա՜յ, մեղայ:

Յանապատի մոլորեցայ,

Փառս ի փայլէ պատառեցայ,

Հովի՛ւ բարի, Քեզ յուսացայ.

Մեղա՜յ, մեղայ:

Հարեալ վիրօք ի թշնամուն,

Կարօտացայ ի սպեղանուն,

Նայիմ ի գալ սամարացուն,

Մեղա՜յ, մեղայ:

Երեսս անկեալ քեզ աղաչեմ

Խորոց սրտէս ու հառաչեմ,

Տէ՛ր և Աստուած, զՔեզ գոչեմ,

Մեղա՜յ, մեղայ:

Տէ՛ր իմ Յիսուս, և Դու ներես,

Սո՛ւրբ Տիրուհի, բարէխօսես,

Աստուածատուր պիտակ գերես,

Մեղա՜յ, մեղայ…

Երևանում՝ կրկին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, ինձ կդիմավորի սիրելի զարմիկս՝ իմ երեք նվիրական Վարդանների վերամարմնավորումը: Տանը նրան կնվիրեմ երուսաղեմյան խաչ-տարոսիկը՝ պատգամելով, որ մի օր էլ ինքն անձամբ գնա իր անվանակից նախանախապապի անցած ճանապարհով:

Օրեր անց, խորհրդային հալածանքներից փրկված և գյուղի վերջին քահանայի կողմից Լևոն պապին հանձնված գրքի ազատ լուսանցքում, իմ հիշատակարանը կավելացնեմ. «Սուրբ քաղաք Երուսաղեմի և Տերունական սրբավայրերի մասին պատմող սույն գրքի սեփականատերը Նախիջևանի Ազնաբերդ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Երբ Աստծու կամոք կվերահայանա Ազնաբերդը, և նրա տարագիր զավակները կրկին տուն կվերադառնան, գիրքն այս անվերապահ կվերադարձվի գյուղի վերակառուցված եկեղեցուն: Նախքան այդ՝ գրքի պահառուն կլինի հոր կամ մոր կողմից Մուղսի-Վարդանյան տոհմի շառավիղներից մեկը»:

Եվ առավել քան համոզված կլինեմ, որ ամենազոր Աստծու անսահման բարեգթությամբ մի պայծառ օր այս նվիրական մասունքը իր նախասահմանված տեղը վերադառնալու բախտն ու երջանկությունը կունենա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով