Նարինե Կռոյան, Պատմվածք

Խլության ծովը

I

Արթնացավ: Անսովոր աղմուկ էր: Թվաց` Նազան տատի տանը տեսած խխուջի հսկայական խեցին է ականջին: Գիտեր, որ քնած չէ, սակայն պիտի համոզվեր: Հակոբը դժվարությամբ բացեց ասես սոսնձված կոպերն ու լարեց լսողությունը, սակայն ընդարձակ սենյակի առաստաղին ու պատերի վրա լողացող լույսերի և ստվերների իրար հաջորդող տարօրինակ խաղը ընդհատեց մտքերը: Դեռ անկողնում ձեռքն ակամա սահեցրեց մահճակալի կողքի պատն ալիքող տեսարանի վրայով ու սկսեց զարմանալ:

Ասես մահաթմբիրի մեջ՝ քայլեց քնած տղաների մահճակալների մոտով` մոռանալով հագնել մաշված հողաթափերը: Ոտքերը սահում էին սառը հատակի խամրած հայելու վրայով` մինչև ելքի դուռը: Միջանցքում աղմուկն ավելի լսելի էր: Այն ինչ-որ տեղ ներքևում էր` գուցե առաջին հարկում, կամ էլ դրսում, սակայն այն ամեն դեպքում հեռու չէր. չէր կարող հեռու լինել:

Չհասկացավ` ինչպես դուրս եկավ շենքից: Սակայն այն, ինչ տեսավ, հասկանալու կամ չհասկանալու հետ որևէ կապ չուներ. կղզիացած բլրի վրա ծվարած շինության ստորոտում ծով էր: Մտածեց, որ լուսնի ահռելի սկավառակը երևի իսկապես անքունների արևն է, որ գուցե նույն Նազան տատի սիրելի բանաստեղծը մի օր կամ մի գիշեր իր նման եղել է հեքիաթային այս ծովի ափին ու խոսել լուսնի հետ: Արևը ծովի` ափը թրջող,  ասեղնագործ ժանյակների նմանվող փրփուրով եզրագծված մանրիկ ալիքները կապտականաչ էր ներկում` տարուբերելով վերևից  իջնող լույսի մելամաղձոտ արահետը:  Ոտնաթաթերը շոյող ջուրը տաք էր, սակայն անբացատրելի մի զգացում հովվերգական գիշերային ցերեկվա  հետ միասին ուրիշ բան էր հուշում. թվում էր, թե և ծովը, և լուսինն ավելի շատ իր ներսում են, քան դրսում: Հանկարծ հասկացավ, որ անքուններն աշխարհի միայնակներն են, և որ ինքն էլ պարզապես նրանցից մեկն է:

Իսկ եթե մեռե՞լ է քնի մեջ` Նազան տատի անհասկանալի երազանքի պես…

Մտածեց ու ոչինչ չզգաց: Հանկարծ հիշեց այն օրը, երբ ծովն առաջին անգամ տեսավ` նույնքան կենդանի ու իրական, որը պարզապես ցեխաջրի անսահման և ցավալիորեն իրական հեղեղ էր: Սակայն այն ծովն ամեհի էր ու ամենակուլ, որ սպառնում էր խորտակել իրեն ու ամեն բան, ինչ թանկ էր իր համար: Հիշեց, որ անզոր էր, անզոր ու փոքր. երեխա էր…

Հակոբն անսպասելի կծկվեց ու ափերով սեղմեց ականջները. «Մի՞թե լսում եմ, կրկին… լսում եմ….»:

– Ես այլևս խուլ չեմ…..,-  որքան թոքերում ուժ կար գոռաց  ու …. բացեց աչքերը:

II

Շփոթված էր:

Արտասովոր առավոտը նույնքան արտասովոր օր էր խոստանում:

Բժշկին էին սպասում: Արտառոց լուրը բոլորին վաղուց ոտքի էր հանել: Դասերի մասին ոմանք մոռացել էին, ոմանք էլ ձևացնում էին, թե մոռացել են: Միջանցքներում փսփսոց էր, անկյուններում` մատների անհանգիստ խաղ, իսկ բժիշկը, որ խուլ ու համրերի գիշերօթիկում ընդամենը կես դրույքով էր ձևակերպված և հազվադեպ էր տեղում լինում, ուշանում էր:

– Փաստորեն, լսում ես, լսողությունդ ինչ-որ հրաշքով վերականգնվել է,- ասես ինքն իր հետ խոսեց գիշերօթիկի  տնօրենն  ու աչքերը կկոցելով՝  դեմքին նայեց:- Բայց, ախր, ինչպե”ս:

Մեղքի անտրամաբանական զգացումը մարմինը մի ոտքից մյուսին էր հենում, և ինքն էլ չհասկանալով՝ ինչ համար, փորձում էր արդարանալ.

– Չգիտեմ, պարոն Դիլոյան, բայց ես իսկապես լսում եմ Ձեզ, այլապես չէի պատասխանի:

– Գուցե  կատակու՞մ ես: Ասեմ, որ դառը և հիմար…. Իսկ եթե պարզվի, որ շուրթերս ես կարդու՞մ: Գիտե՞ս, չէ….

Հակոբը չհամբերեց: Նա մեջքով շրջվեց գրասեղանի ետևում նստած ու գլուխն ափերով բռնած տնօրենի կողմն ու ասաց.

– Խոսեք,պարոն Դիլոյան, հարցեր տվեք, ես Ձեզ չեմ նայում:

Դիլոյանը ելավ տեղից ու քայլեց դեպի պատուհանը.

– Քանի՞ տարի է, որ այստեղ ես:

– Արդեն  չորորդ տարին է:

Տնօրենը բացեց օդանցքը:

Թվաց` ետևում կանգնած մարդը ծանր հոգոց հանեց:

Հակոբը դարձյալ  շրջվեց` այս անգամ զրուցակցի կողմն ու դանդաղ բարձրացնելով հայացքը՝ նայեց  զրուցակցի աչքերի մեջ.

– Պարոն Դիլոյան, ինչ որ վատ բան եմ արե՞լ: Չէի ուզենա որևէ մեկին ցավ պատճառել: Ես գիտեմ` դա ինչ է նշանակում:

Այս անգամ շփոթվելու հերթը տնօրենինն էր.

– Ոչ, ոչ, ինչ ես ասում: Պարզապես այսպիսի արտառոց դեպք մեր դպրոցի պատմության մեջ դեռևս չէր եղել: Կներես, տղաս:

Հակոբը ոչինչ չպատասխանեց: Նա մի քանի վայրկյան էլ սպասեց, ապա կրկին դիմեց Դիլոյանին.

– Կարո՞ղ եմ գնալ:

– Այո, այո, իհարկե:

Թվաց՝ տնօրենը շտապում է մենակ մնալ:

Հակոբը մեխանիկորեն ձեռքերն առաջ պարզեց ժեստերի օգնությամբ  հրաժեշտ տալու համար, սակայն  ժպտաց ու բացելով բերանը` հատ-հատ արտասանեց բոլոր հնչյունները.

– Ցը- տե-սու-թյուն:

Արդեն տնօրենի աշխատասենյակի դռան ետևում հասկացավ, որ գիշերվա զարմանահրաշ երազից, թե արթնությունից հետո առաջին անգամ ժպտաց. «Այ քեզ բան, ինչու՞ են բոլորն այսքան խառնվել, ասես` դժբախտ պատահարի են ականատես եղել ու հիմա չգիտեն` իրենց ինչպես պահեն: Ուրախանալ է պետք: Մի՞թե  չեն հասկանում, թե ես որքան երջանիկ եմ»:

Հակոբը հպարտորեն բարձրացրեց  գլուխն ու ձեռքով արեց միջանցքում հավաքվածներին: Հետո սկսեց հիշողության մեջ մնացած ինչ-որ երգի բաղաձայն եղանակ սուլել, ապա վազելով սանդուղքների կողմը` ճաղաշարի բազրիքի վրայով սահեց ցած:

Օրն ուրիշ էր, քամին` ուրիշ:

Ներքևում քաղաքն էր, իր տունը: Քաղաքի աղմուկը քամու հետ մտավ ականջների մեջ ու խուտուտ տվեց: Մոռացված կարոտներ եկան, մտան աչքերի մեջ ու սպառնացին  ներքև թափվել:

III

Ճանապարհը լավ գիտեր, ծանոթ էր, սակայն հիմա այն այնքան աղմկոտ էր, որ գլուխը պտտվեց: Ախր, կարող էր զանգել…. Նա մի պահ կանգ առավ, ձեռքով շփեց ճակատն ու ժպտաց:  Քանի ամիս է՝ ոչ ոքի չի տեսել: Իրեն էլ այցելության չեն եկել: Միայն հիմա մտածեց այդ մասին ու անհանգստացավ: Գուցե ինչ-որ բան է պատահե՞լ:

Դեռ երկար պիտի քայլեր, դրա համար էլ փորձեց ցրել անհանգիստ մտքերն ու արդարացում գտնել ծնողների, քույրերի համար: Երբ աշխարհը նոր էր փակել ձայների ողջ ներկապնակն իր համար, և կարոտը շուտ-շուտ էր նրան գիշերօթիկից տուն տանում, միևնույն է, նայելով հարազատների դեմքերին, ոչինչ չէր հասկանում: Գիտեր, որ նրանք կաշվից դուրս են գալիս, փորձում  իրեն բան հասկացնել, բայց ապարդյուն: Դեռ չգիտեր, շուրթերը կարդալ դեռ չէր սովորել: Ի վերջո, հերթական անգամ հեռուստացույցի առջևից դժկամությամբ վեր կացող հոր տեսքից հասկանում էր, որ գնալու ժամանակն է, որ բոլորին հոգնեցրել է, որ ինքն այստեղ՝ լսողների աշխարում տեղ չունի: Մայրն արտասվախառն հայացքով նրան ճանապարհ էր դնում՝ ետևից ծածկելով տնակի խարխլված դուռը և վերջ:

Սակայն այդքան շուտ գիշերօթիկ վերադառնալ չէր ուզում, որովհետև սովորության ուժով շարունակում էր խոսել, երբ շուրջը իրեն ոչ ոք չէր լսում, իսկ ժեստերի լեզուն դեռ յուրացնել էր պետք: Նա անլսելի թակում էր ծեր հարևանուհու տնակի դուռն ու սպասում:

– Հակոբս, Հակոբս է եկել,- Նազան տատն ափերն իրար էր զարկում, և ժպիտն էլ ավելի էր կնճռոտում նրա թառամած դեմքը:

 Երբեմն թվում էր, թե ինքը լսում է այդ զարկը: Իսկ գուցե սրտի անսովոր զարկերն էին ցնցում կծկված ստոծանին, սակայն նա համոզված էր, որ դրանք հենց ծեր կնոջ ափերի զարկերն են բախվում թմբկափաղանթին: Մի քիչ էլ, և ինքը կլսի նաև նրա ձայնը:

Ծեր կինը նրան ներս էր տանում՝ շարունակելով խոսել, սեղան էր պատրաստում՝  հանելով պահած-պահպանած քաղցրավելիքն ու էլի շատ ու շատ համով բաներ: Սիրտն ուրախանում, թեթևանում էր, սակայն ետդարձի ճանապարհին հերթական անգամ մեղադրում էր իրեն՝ համոզված լինելով, որ բոլոր այս այցելություններն իրականում հենց Նազան տատին տեսնելու համար էին միայն, որ ընտանիքն օրեցօր ավելի ու ավելի էր հեռանում իրենից, որ մի օր էլ գուցե իսպառ մոռանար իրեն, ասես՝ ինքը չէր էլ եղել: Եվ հիմա ամիսների լռությունից հետո նա լսում է սեփական տնակի բացվող դռան անշուք ու հուսահատ ճռռոցը:

Առաջինը մորը տեսավ՝ ինչպես միշտ ձեռքերը լվացքի օճառաջրի մեջ: Մայրը դեռահաս աղջնակի պես վեր թռավ ու վազեց դեպի որդին: Մոր գրկի մեջ Հակոբը հասկացավ, որ ընտանիքը հերթական անդամին է սպասում ու տխրեց:

– Ո՞վ է,- հայրն էր:- Չեն թողնի, որ մարդ մի քիչ քնի: Էդ ինչ ղալմաղալ է:

– Հակոբս է եկել, տղես ….

Մոր ձայնը կտրտվում էր, բայց ինքը լավ գիտեր, որ իր լսողությունը դրանում մեղավոր չէ:

– Ո՞նց ես, բալես, քոռանամ ես՝ նիհարե՞լ ես,- մայրը պատասխանի չէր էլ սպասում:

– Հա, տղեդ է եկե՞լ,- հայրը երևաց տնակի մյուս հատվածից:- Էնպես ես խոսում, ասես քեզ լսելու է, այ տնաշեն: Հարյուր եմ ասել, քյառացել է տղեդ, քյառացել…..

Հակոբը ազատվեց մոր ջերմացնող գրկից ու հորը նայեց.

– Քյառ չէ՝ խուլ: Ավելի շուտ՝ խուլ էի, հիմա՝ չեմ:

Ծնողները զարմանքից մի պահ անշարժացան:

– Եկա ձեզ տեսնեմ, հարցնեմ՝ ինչի՞ չէիք գալիս…..

Մայրը ձեռքերն աչքերին տարավ ու կրկին գիրկը նետվեց.

– Մեռնեմ Աստծո զորությանը: Գլուխս ամեն անգամ բարձին դնելիս՝ մայրիկ-մայր Աստվածածին էի կանչում, խնդրում, որ բալիս սաղ-սալամաթ դարձնի…

– Լավ, հասկացանք, տղեդ եկել է, էլ քյա… խուլ չի, էլ լացդ ո՞րն է,- հայրն ուրախ էր:- Հիմա կօգնի, որ ոտի կանգնենք: Տունը ո՞վ պտի պահի, ստամոքսիս խոցը, գիտես, ինձ վաղուց ոտից-ձեռից գցել է:

Հակոբը, դեռ մոր գրկում, հանկարծ մտաբերեց այն ճակատագրական օրվա բոլոր մանրամասները, երբ ձայների աշխարհն իր համար այլևս դադարեց գոյություն ունենալ:

Ողջ օրը, ինչպես միշտ, շշեր և ստվարաթղթի արկղեր էր հավաքում՝ շրջելով քաղաքի փողոցներով, սպասելով խանութների դռների մոտ երանելի այն պահին, որ հենց իրեն կհասնեն խանութների դռներից դուրս նետվող արկղերը, և այդ օրն իրենց փոքրիկ տնակում տաք ու հարմարավետ կլինի բոլորի համար: Պլաստմասե շշերը կհանձնի թաղամասի ծայրում դրանք գնող տղամարդուն, որի վրայից մշտապես այրված ռետինի զզվելի հոտ էր գալիս, որ փողը կտանի մոտակա կրպակն ու հոր համար ծխախոտ գնելուց հետո՝ նաև ուտելիք կառնի, որ…. որ…. որ….

Հանկարծ մեծ ու փոքր քույրիկների աղմկոտ հեղեղը ներս լցվեց, ու մտքերն ընդհատվեցին: Հազիվ կարողացավ նստել աթոռին. համբույրների, գրկախառնությունների տարափը նրան ոտքի վրա չէր թողնի: Հիմա հասկացավ, թե  որքան էր կարոտել նրանց:

Մայրն արագ սեղան պատրաստեց, ու նստեցին հացի:

Սեղանն, ինչպես և առաջ էր, աղքատիկ էր: Ոչինչ չկերավ, ստեց՝ ասելով, որ կուշտ է՝ ինչպես նախկինում էր անում, երբ հասկանում էր, որ հատկապես մայրը քաղցած է մնալու:

– Աչքիս՝ էդ գիշերօթիկում ձեզ լավ էլ ուտելիք են տալիս: Բախտդ փաստորեն բերել է, ասա, որ քյառա… խլացար,- հայրը միաժամանակ ծամելով՝ սկսեց բարձրաձայն ծիծաղել:

Մյուսները լուռ էին՝ նույնիսկ երեք տարեկան փոքրիկը, որին ինքը աղոտ էր հիշում, զույգ թաթիկներով ծածկեց աչքերն ու գլուխը մոր գոգին դրեց:

– Հա, բա ոնց, մեծ, շատ մեծ բախտավորություն էր,- չդիմացավ:

– Լակոտ, էդ ո՞նց ես հորդ հետ խոսում: Իմ տանը ո՞նց ես հետս խոսում, այ պիդարազդ,- տղամարդը զայրացած ելավ տեղից ու սեղանին շպրտեց հավի մերկացած ոսկորի կտորը:

– Ի՞նչ եղավ քեզ, այ մարդ,- թափ հավաքող լարվածությունը փորձեց թուլացնել մայրը:

– Ձենդ, ես քու մոր ….,- բղավեց հայրը:

Աղջիկները գլխիկոր ու սուսուփուս դուրս եկան:

– Հակոբ, ջան, գնա, գլխիդ մեռնեմ, գնա, հորդ մի բան կպատահի, կատաղել է, կմնանք անտեր,- թախանձեց մայրը:

Չէր հասկանում՝ ինչ է իր հետ կատարվում, սակայն գնալ չէր ուզում, պարզապես չէր կարող.

– Կգնամ, կգնամ, մամ ջան, բայց սա է ձեր տերը՞, էս ձրիակեր անասունը, որ սուտ հիվանդություն է հնարել, որ դիվանից ոռը վեր չքաշի…..

Արդեն հևում էր, կոկորդն արտասուքից սեղմվել ու պատառոտում էր բառերը.

– Թող սատկի, թող սատկի, որ փորդ էլի լցրել է, ինչ է թե նպաստ ստանա, շատ նպաստ ստանա: Բա մենք՝ դու, ես, էս երեխեքը մեղք չե՞նք: Ի՞նչ են տեսել էս կենդանուց, դու ի՞նչ ես տեսել… Թե՞ իրա պապիրոսի համար շիշ հավաքողն ու կարտոն հավաքողն ինչքան շատ, էնքան լավ…

– Ձենդ, շան ծիծ կերած ….

Հայրն արդեն ճանկել էր փայտյա ծանր աթոռակն ու պատրաստվում էր վրան շպրտել, սակայն մայրը հասցրեց  տարածել ձեռքերը՝ փակելով հարձակվողի տեսադաշտը:

– Գնա, Հակոբ ջան, գնա, կյանքիդ մեռնեմ,- մի կերպ կանխելով հոր առաջխաղացումը և արցունքների միջից մերթ իրեն, մերթ ամուսնու կողմը նայելով՝  կրկնում էր մայրը:

Մնում էր դուրս գալ ու շրխկացնել հազիվ կենդանության նշաններ ցույց տվող տնակի դուռը:

IV

Ոտքերն ակամա տարան այնտեղ, ուր իր վերքերը միշտ ամոքվում էին:

Ավաղ: Նազան տատի դուռը փակ էր:

– Տատը հիվանդ էր, տղեն համոզեց, տարավ իր տուն՝ արդեն երեք ամիս է,- մեծ քույրն էր:

Հակոբը գրկեց քրոջ ուսերն, ու տեղավորվեցին տնակի կողքի փոքրիկ նստարանին, որտեղ արևոտ եղանակին սիրում էր նստել ծեր կինն ու գիրք կարդալ: Հիշեց, որ Նազան տատը հրաժարվել էր որդու հետ ապրելու պարբերաբար իրեն առաջարկվող գաղափարից: Այստեղ էր եղել նրա տունը, որ փլվել էր երկրաշարժի ժամանակ՝ իր հետ տանելով նաև նրա ամուսնուն: Այստեղ էր, որ առաջին անգամ նստեց ու զրուցեց ծեր կնոջ հետ ու սիրեց նրան, այստեղ նրանից ստացավ իր առաջին գիրքն ու զարմացավ. աշխարն ավելի մեծ էր, քան ինքն էր կարծում, և տարբեր՝  այնքան տարբեր: Մի՞թե այդպես լինում է:

Անիմանալի մի թախիծ սեղմեց կուրծքը.

– Գիտե՞ս, թե որտեղ է ապրում Նազան տատի տղեն:

– Չէ, չգիտեմ:

– Հեռախոսի համարն էլ չգիտե՞ք:

– Չէ:

Հակոբը քրոջը հրաժեշտ տվեց ու վեր կացավ:

– Հակոբ, երանի քեզ… երանի ես էլ խլանայի…,- քույրն ամուր սեղմեց ձեռքն ու ներքև ձգեց:

Շփոթվեց:

Ամաչեց:

Փախավ, որպեսզի վերադառնա այնտեղ, որտեղից եկել էր ու չէր ուզում վերադառնալ:

Երկար պտտվեց քաղաքում այն թաքուն հույսով, որ Նազան տատին գուցե տեսնի: Չտեսավ:

Թվաց՝ բոլորն իրեն էին սպասում. գիշերօթիկի դռների մոտ ով ասես չհայտնեց  Դիլոյանի՝ իրեն անհապաղ գտնելու և տեսնելու լուրը:

Երբ զգուշորեն բացեց տնօրենի աշխատասենյակի դուռը, դեպի իր կողմը շրջվող գլուխների ամենատարբեր հայացքներից հասկացավ, որ բոլորն իրեն են սպասում:

– Ներս արի, Հակոբ,- Դիլոյանի ձայնի մեջ տագնապ կար:

Տագնապի այդ զգացողությունն արագ իրեն փոխանցվեց: 

Սենյակի ոչ այնքան երկրաչափական կենտրոնում կանգնած՝ իրեն որսորդներով շրջապատված վայրի գազանի նմանեցրեց, ու խուճապն անցավ: Պիտի պաշտպանվեր, բայց ինչի՞ց… Գուցե հարձակվե՞ր, բայց ինչու՞ ….

– Պարոն Դիլոյան, չեմ հասկանում՝ ինչու՞ եք ինձ կանչել, երբ այնքան ակնհայտ է, որ տղայի լսողությունը վերականգնվել է,- բժիշն էր ժամանել:

– Այդքան ակնհայտը ակնհայտ, պարոն Մամվելյան ջան, բայց գուցե սա ժամանակավոր երևույթ է, գուցե վաղը, մյուս օրը լսողությունը նորից անհետանա:

Հակոբը տնօրենի ասածը չհասկացավ: Թվաց, թե վերջինս ուրախ կլիներ, եթե ինքը կրկին խլանար և խլանար ընդմիշտ:

– Լավ,- ասաց բժիշկն ու բացեց փոքրիկ պայուսակը:

Իրեն լավ ծանոթ էին բժշկի պայուսակից դուրս բերվող բոլոր գործիքները՝ մանավանդ ճակատին ամրացվող ձագարանման լուսարձակը, որ իրեն մի ժամանակ շատ էր դուր գալիս:

Մանվելյանը երկար զննեց՝ աջ ու ձախ պտտելով մարմինը, նույնիսկ ակնոցները մի քանի անգամ մաքրեց, սակայն նրա հոգոցն արդեն ամեն ինչ ասաց.

– Ավելացնելու ոչինչ չունեմ: Լսողական ապարատն ամբողջությամբ առողջ է: Հրաշք:

Լռությունը կախվեց ու ծանրացավ սպասողների վրա, և Հակոբին մի պահ թվաց, թե այն չարաբաստիկ օրվա ցեղաջուրը կրկին փակեց ականջները:

– Լավ, դու գնա, Հակոբ ջան- առաջինը կրկին Դիլոյանը խոսեց:

Միջանցքում ոչ ոք չկար: Միաժամանակ և չէր ուզում, և ուզում էր լսել սենյակի ներսում հավաքվածների խոսակցությունը: Ի վերջո կարողացավ համոզել իրեն  լսել այն, ինչ ասելու էին և ինչն իրեն էր վերաբերելու: Նա ականջը մոտեցրեց տնօրենի աշխատասենյակի դռան նեղ ճեղքին ու պահեց շունչը:

– Մանվելյան ջան, ախր, ոնց կլինի՞…,- Դիլոյանն էր:

– Փոխանակ ուրախանաք՝ երեխան այլևս հաշմանդամ չէ, ողբերգություն եք սարքել, – հակադարձեց բժիշը:

– Ողբերգություն չէ, ի՞նչ է: Դպրոցի համար ամեն երեխա ոսկու գին ունի: Հակոբն էլ որ գնաց, գիշերօթիկը հաստատ կփակեն: Առանց այն էլ, հազիվ ենք պահում,- ձայնն անծանոթ էր, սակայն խոսողին տեսնելու հնարավորություն չկար:

– Ճիշտ է ասում Սաքանյանը, ատամներով ենք պահում,- շարունակեց Դիլոյանը, և պարզ դարձավ, որ մինչ այդ խոսողը մաթեմատիկայի ծեր, թոշակառու ուսուցիչն էր:

– Պարոն Մանվելյան,- այս անգամ խոսողը կին էր,- Դուք հասկանու՞մ եք: Էս խեղճ երեխեքը մի կողմ, բա մե՞նք…. Մենք բոլորս, ախր, գործազուրկ ենք դառնալու… Ու՞մ ենք մենք պետք, որտե՞ղ ենք աշխատելու, որ տուն, երեխա պահենք….

Կինը կարծես հուզվեց, և խոսքն ընդհատվեց:

– Իմիջիայլոց, Դուք էլ, պարոն Մանվելյան… Թե՞ էս հաստատությունից Ձեր ստանալիքն էնքան քիչ է, որ թքած ունեք:

Քննարկման վերջին մասնակցի խոսքը կոպիտ էր, կծու:

Հակոբն զգաց, որ ամբողջ մարմնով դողում է: Ինչու՞: Ինչու՞ հենց իրենով են պայմանավորված այսքան մարդկանց ճակատագրերը: Ո՞րն է իր մեղքը:

Նա արագ վազեց դեպի ննջարան, ընկավ մահճակալին ու լաց եղավ:

Հիշեց, թե ինչպես տարիներ առաջ անձրևի ու ցեխաջրի հեղեղն իրեն բաց դիտահորի երախը նետեց ու դուրս գալու ոչ մի հնարավորություն չտվեց. խնամքով ծալված ստվարաթղթե արկղերի հսկայական կույտը, որ ուսապարկի նման միշտ մեջքից էր կախում, թրջվել էր, ծանրացել ու իրեն ներքև էր քաշում: Չէր հիշում՝ ինչպես են իրեն այնտեղից դուրս հանել, սակայն ցավը մոռանալ հնարավոր չէր: Հիվանդանոցից արագ դուրս գրեցին. գումար չկար: Տանը, անկողմում պառկած, ականջներից հոսող թարախից միայն բարձի երեսներն էր թրջում ու տնքում: Մի օր էլ թվաց, թե բոլորն իրեն լքել են, անգամ Նազան տատը, որ ինչ-որ դեղեր էր բերում, խնամում և կերակրում էր իրեն: Չէին լքել: Ինքն էր լքել լսողների մոլորակը: Նազան տատի բերած բժիշկն էլ ոչինչ չկարողացավ  անել: Ուսերը վերուվար արեց ու գնաց: Հիշեց, թե ինչպես ծեր կինը թաքուն լաց եղավ: Մոր լացը չտեսավ. նա լաց լինելու ժամանակ չուներ, շուտով հերթական փոքրիկին էր աշխարհ բերելու: Գիշերօթիկ էլի Նազան տատը տարավ. իր, գուցե նաև մյուսների տառապանքին  չդիմացավ:

Ուսը ցնցեցին:

Դասընկերն էր:

Պիտի տնօրենի մոտ գնար:

V

– Ներս արի, տղաս, նստիր,- Դիլոյանը շփոթված էր:

Որոշեց կանգնած մնալ:

Հասկացավ, որ դիմացինը դեռ չի կարողանում ձևակերպել ասելիքն ու նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց.

– Գիտեմ, պարոն Դիլոյան, ես բոլորիդ անհարմար վիճակի մեջ եմ դրել: Փաստորեն, ես մեղավոր եմ, որ առողջացել եմ, որ այլևս խուլ չեմ:

Տնօրենը չէր սպասում: Նա բռնվելով գրասեղանից՝ դանդաղ նստեց:

– Տեսնես՝ ո՞ր օրենսգրքով են ինձ մեղադրանք ներկայացնելու: Ախր, մեկի փոխարեն, քանի մարդու եմ վատություն անում,- Հակոբն ակամա հեգնում էր:- Գիշերօթիկն իմ պատճառով կփակվի, և Դուք այլևս տնօրեն չեք լինի, ուսուցիչ-դաստիարակներն անգործ կմնան՝ այսինքն՝ առանց մի կտոր հացի…. Հա, մի բան էլ կա: Ո՞նց չեմ ես ամաչում այսքան խուլ երեխաների մոտ լսող դառնալով: Մեղք է, մահացու մեղք:

Դիլոյանի ծնոտն անկառավարելի դողում էր:

– Ի՞նչ եք ինձնից ուզում: Ես չեմ ընտրել իմ լսել-չլսելու ունակությունը, որն արդեն ինքս էլ չգիտեմ՝ պարգե՞վ է, թե՞ պատիժ:

Հասկացավ, որ այլևս անզոր է: Ծնկները ծալվեցին, և ստիպված՝ նստեց.

– Հիմա երևի ուզում եք, որ ես նորից խլանամ: Դա եք ուզում, չէ՞:

Դիլոյանը ափերով ծածկեց դեմքը: Հետո վեր կացավ, անշտապ մոտեցավ փակագծի նման աթոռի վրա կուչ եկած նիհարավուն տղային ու ձեռքով բարձրացներց նրա՝ արցունքներից թաց ծնոտը.

– Դու ի՞նչ մեղք ունես, որդի: Մեղավորը մենք ենք, որ էս տեսակ երկիր ենք ձեզ տվել ու չգիտենք, թե վաղն ինչ ենք ձեզ թողնելու: Կներես, կներես… Եթե կարող ես, ներիր:

Ոտքերը քարշ տալով՝ Դիլոյանը սենյակից դուրս գնաց՝ իրեն թողնելով մենակ:

Ամաչեց: Խղճաց:

Այս մարդն ինչ մեղք ուներ…

Թևքով երեսը սրբեց ու ինքն էլ քայլեց դեպի դուռը:

Մարգարեացել էր: Բակում գտնվող երեխաներն իրենից բացահայտ խույս էին տալիս: Միայն առաջին դասարանցի փոքրիկ Մարիամը, դեմքն ամբողջությամբ ժպիտի մեջ, մոտ վազեց ու թափով գրկեց իրեն: Հակոբն իջավ ծնկների վրա և համբուրեց երեխայի ճակատը: Մարիամիկը արագ բռնեց ձեռքն ու տարավ դեպի բակի մի անկյունում խմբված տղաների կողմը:

Հակոբը մտածեց, թե ինչպես է մյուսների աչքերին նայելու, սակայն տղաների վարանոտ գրկախառնությունները սթափեցրին նրան.

– Ես եմ, տղերք ջան, Հակոբն եմ ու վարակիչ չեմ, – մատներն օդում պարեցին, և վերջապես ինքն էլ ժպտաց:

Մի քիչ ֆուտբոլ խաղացին, մի քիչ բռնվոցի, և արևը թեքվեց:

Մարիամիկը կրկին մոտ վազեց.

– Հակոբ, դռնապան Վահան պապն ասում է՝ վռազ արի:

Չմտածեց, այլևս չէր ուզում մտածել ու գնաց:

Ինչ-որ արկղ էին իր համար թողել: Դռնապանն ասաց, որ մի տղամարդ է բերել ու խնդրել, որ իրեն փախանցեն: Առաջին հայացքից ոչինչ չասող, սովորական ստվարաթղթե արկղ էր:  Մոտեցան նաև ընկերները, և միասին որոշեցին արկղի պարունակությունը ննջարանում նայել:

Գրքեր էին, ձայնապնակներ, խխունջի մեծ ու փոքր խեցիներ, Նազան տատի լուսանկարը և մի երկտող.

– Սա մայրս էր խնդրել, որ փոխանցեմ: Քեզ շատ էր կարոտում և վերջին օրերին անընդհատ քո մասին էր խոսում: Ապրես: Նրա համար լավ ընկեր ու որդի ես եղել: Ես չկարողացա: Լավ մնա:

Հակոբը կարող էր ոռնալ որքան սիրտն էր ուզում. ոչ ոք իրեն չէր լսի: Բայց կարծես լսեցին ու հասկացան նրա ցավը՝ այն ցավի նման, որ փակեց ականջներն ու … բացեց աչքերը:

Նա ձեռքի ջղաձգումով դեն նետեց դատարկված արկղն ու կրծքին սեղմեց ծեր կնոջ թոշնած լուսանկարը:

Մի՞թե ստվարաթղթե արկղերից կարելի էր լավ բան սպասել …

Հետո կտրուկ ելավ տեղից ու գնաց:

Տնօրենի սենյակում լռություն էր: Թակեց ու ներս մտավ:

Ասես, ժամանակը կանգ էր առել. առավոտվա կազմը, կրկին այնտեղ էր, և  հասկանալի էր, որ իրեն հաստատ չէին սպասում:

«Երևի նորից են հավաքվել»,- մտածեց ու առաջ գնաց:

– Մի անհանգստանա, տղաս: Վաղը քո փաստաթղթերը կպատրաստենք, և դու մեզ հրաժեշտ կտաս,- տնօրենի ժպիտը չստացվեց:

– Մի բան եմ ուզում ասել, պարոն Դիլոյան: Կարելի՞  է,- հոգնած էր, սակայն խոսքը վճռական էր, նյարդային:

– Ասա, տղաս:

– Ես կարծես նորից եմ կորցնում լսողությունս և դժվարությամբ եմ ընկալում ձայները:

– Ինչպե՞ս….,- սենյակն արձագանքեց::

– Այո, ես կործես նորից եմ խլանում- Հակոբը դիմեց մատների օգնությանը:

– Ինչպե՞ս,- կրկնեց ասես փոքրացած տնօրենը:

– Պարոն Դիլոյան, ես Ձեզ չեմ հասկանում: Եթե կարելի է ժեստերի օգնությամբ ձևակերպեք Ձեր ասելիքը:

Այս անգամ էլ տղամարդու մատների ելևէջը ծածանեց ներկաների միջև խտացող լռությունը.

– Կստուգեն…

Տնօրենի խոսքը վեհերոտ էր ու միաժամանակ և իրեն, և մյուսներին էր ուղղված:  Հակոբը շարունակեց.

– Գիտեմ, բայց ես համացանցում կարդացել եմ, որ խլության ոչ բոլոր պատճառներն են բացահայտված և բացատրելի:

Սենյակի հայացքներն այս անգամ թեքեցին ուղղությունն ու կենտրոնացան բժշկի վրա:

– Այո, իհարկե, բժշկությունն ամենազոր չէ, և հետևանքը միշտ չէ որ հայտնի է դարձնում պատճառը,- պատասխանեց Մանվելյանը:

Երբ ներկաների չդադարող բանավեճը սպառնում էր պատռել թմբկաթաղանթը, Հակոբը, առանց հրաժեշտ տալու, դուրս եկավ:

Միջանցքում իրեն էին սպասում: Այստեղ հայացքների անհանգստությունն ուրիշ էր:

Հ. Գ. 

Արթնացավ: Անսովոր աղմուկ էր: Թվաց` Նազան տատի նվիրած խխուջի հսկայական խեցին է ականջին: Գիտեր, որ քնած չէ, սակայն պիտի համոզվեր: Հակոբը դժվարությամբ բացեց ասես սոսնձված կոպերն ու լարեց լսողությունը, սակայն ընդարձակ սենյակի առաստաղին ու պատերի վրա լողացող ստվերների իրար հաջորդող տարօրինակ խաղը ընդհատեց մտքերը: Դեռ անկողնում ձեռքն ակամա սահեցրեց մահճակալի կողքի պատն ալիքող տեսարանի վրայով ու դարձյալ զարմացավ:

Բոլորին պիտի արթնացներ. բոլորը պիտի տեսնեին անքունների արևն ու ծովի՝ ասեղնագործ ժանյակների նմանվող փրփուրով եզրագծված մանրիկ, կապտականաչ ալիքները:

Մեկը մյուսին արթնացնելով՝ երեխաներն անխոս ներքև իջան:

Կղզիացած բլրի վրա ծվարած գիշերօթիկի ստորոտում ծով էր՝ ծանրաշարժ ցեղաջրով լի ոռնացող մի ծով, որ երևի կուլ էր տվել անքունների արևն ու մուգ դարչնագույն փրփուր էր թքում ափերին:

Սարսափազդու տեսարանը բլրի վրա հավաքվածներին աղի արձանների նման գամել էր տեղում: Թվում էր՝ կենդանի էին մնացել միայն նրանց աչքերը, որ չռվել էին ակնաբներում և եթե կարողանային, դուրս կպրծնեին:

Միայն ինքը չէր վախենում:

Մարիամիկի ձեռքը բռնած՝ Հակոբը հանգիստ նայում էր ցեխաջրի այնքան ծանոթ հեղեղին, որ արդեն իր մեջ էր ամփոփել բոլոր նրանց, ովքեր ներքևում էին՝ լցվելով ընկղմվածների աչքերի ու ականջների մեջ:
– Չվախենաք,- գոռաց նա՝ շուրջը նայելով,- սա ընդամենը խլության ծովն է: Այն միշտ է այնտեղ եղել: Իրեն չլսեցին:


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով