Գոհարի
որդի Հայկազը տռուզ թշեր, խոշոր ձեռքեր ու աննկատ չմնալու չափսի գլուխ ուներ: Ոչ ոք
չէր հիշում՝ մոր անխնա բամփելուց առաջ է՞լ էր նրա գլուխն այդքան մեծ, թե՞ աստիճանաբար
աճեց: Ճիշտ է, Գոհարն ինքնատիրապետումից խեղճ էր, բայց գուցե մտածում էր՝ անհայր մեծացող
տղան կոպիտ ձեռքից զուրկ չմնա:
Համադասարանցիները Հայկազին հաստատ «դդում» մականունն էին կպցնելու, եթե մինչ այդ մայրն
իր կարճ խելքով ու երկար լեզվով նրան երկրորդ անգամ անվանակոչած չլիներ, և այս անգամ
արդեն՝ վերջնականապես: Դանդալո՜շ՝ ճչում էր նա տանը թե դրսում՝ առանց կոկորդի զսպանակները
ձգելու, տեղի-անտեղի որդու վրա զայրանալիս: Իսկ առնվազն շաբաթը մեկ նրանց փակ լուսամուտների
մաշված փեղկերի արանքից ազատորեն դուրս էր լցվում Գոհարի գրեթե նույն բղավոցը՝ «Նորի՞ց,
ա՛յ դանդալոշ, քեզ չասեցի՞ բուռդ պի՛նդ փակի:- Ձայնի մի պահ դադարը հուշում էր, որ
բամփեց գլխին,- դե հիմա գնա կոպեկները գտի՛ ու առանց հացի տուն չգա՛ս»: Հայկազին էլ
էդ էր պետք, որ սուրալով անցներ հարևան երեք տների կողքով, հասներ Սուսիկենց բակ ու
այնքան սուլեր՝ հեռուստացույցով լսած ու սիրտը դող գցած մեղեդին, մինչև աղջիկը դանդաղաքայլ
դուրս գար տնից ու աչքերը պսպղացնելով վերցներ՝ տղայի ափի տաքից դեռ չգոլացած ծամոնը:
Սուսիկն ի՞նչ իմանար, որ իր ընծաները մեկ հացի ու մի քանի հարվածի գին ունեին: Այնպե՜ս
էր հրճվում դրանք ընդունելիս, որ այդ պահին ամեն ինչ թռչում էր մտքից, անգամ՝ իր մշտական
արցունքների պատճառը:
Հայկազի իսկական անունը միայն ուսուցիչների շուրթերից էր հնչում: «Դանդալոշ»-ը կրճատվել, դարձել էր «Դանդ» և անօրեն, բայց փառավոր կերպով գրավել «Հայկազ»-ի օրինական պաշտոնը: Հետագայում գյուղ հարս եկած կանայք սկզբում զարմանում էին՝ այդ անսովոր անունը լսելիս, բայց ծագումնաբանությանը ծանոթանալուց հետո մի երկար «հաաա» էին բացականչում ու մեղավոր ժպտում, որ անմիջապես չեն կռահել:
Մի անգամ
Սուսիկենց բակում սուլելիս դուռը բացեց նրա հայրը, որ գյուղի միակ դուդուկչին էր ու
մեծ պահանջարկ ուներ մեռելատներում: Նա տղային տուն կանչեց, թշերին ճտճտացնելով ստուգեց
դրանց ամրությունը, մի քանի անգամ՝ օդը ներս քաշել, հետո դանդաղ բերանից դուրս մղել
տալով թոքերի ուժը փորձարկեց և մերժում բացառող վստահությամբ հարցրեց.
-Դուդուկ կփչե՞ս, ա՛յ տղա:
Սուլելը
Դանդի համար ջուր խմելու պես սովորական անհրաժեշտություն էր: Սուլում էր թռչուններին
ձայնակցելով, առանց թռչունների, օրվա բոլոր՝ կիսատ ու լի ժամերին, թե՛ պարապը մաշելիս,
թե՛ հանգստի րոպե փափագելիս: Սուլում էր ինքն իր հետ խոսելու պես՝ տնավարի անվայելուչ,
առանց սխալվելու վախի, անտեսելով մոր՝ «գլուխս տարա՜ր, դանդալո՛շ» ճղավոցը:
Միայն դասերի ժամին էր մտքում սուլում: Դպրոցի տնօրենը՝ մոր հեռավոր ազգականը, խղճով
մարդ էր: Գոհարը երկու ճակատում էլ ապահով էր. հավաքարարի աշխատանքն ուներ, որդին էլ
առանց խոսք ու կռվի փոխադրվում էր հաջորդ դասարան:
Տասնվեց տարեկան էր արդեն ու տասը ձվանի ծվածեղի հախից գալիս էր մի քանի րոպեում: Ճիշտ է, սովորելու հետ սեր չուներ, բայց խելոք, մաքրասիրտ տղա էր: Համագյուղացիները սիրում էին նրան: Գարնանը հողի հետ կռվելիս, կամ աշնան բերքահավաքի սուր օրերին հենց Դանդի ուժեղ ձեռքերի օգնությանն էին դիմում և իրենց բերք ու բարիքից առատորեն բաժին հանում նրան:
Սուսիկը Դանդից չորս տարով փոքր էր: Սուսիկ մի ասա, մի լույսիկ ասա: Շուշան մաշկով ու ծիծառ աչքերով, սրճագույն մազերի երկար հյուսքերով այդ բարալիկ աղջիկը հրեշտակի էր նման: Նրա մայրը երկար էր սպասել զավակ ունենալու երջանկությանը, սակայն պտղավորման բերկրանքը մարել էր ծննդկանի իր ճիչերի հետ, երբ հայտնել էին, որ երեխան ծնվել է խեղված ճակատագրով: Դանդը փոքր ժամանակ լսել էր մեծերի խոսակցությունն աղջկա անբուժելի հիվանդության մասին և տարակուսանքը հալածում էր նրան՝ «հիվանդ» բառի՝ իր պատկերացրած իմաստի և Սուսիկի կատարյալ գեղեցկության հակասական մտքերից: Միայն, երբ աղջիկը բավականին ուշ իջավ մանկասայլակից, տղան տեսավ, որ նա բոլորից տարբերվող քայլվածք ունի, և իր համար շատ կարևոր մի բացահայտում արեց՝ հիվանդ՝ կարող է նշանակել նաև՝ ուրիշ: Սուսիկը պարզապես ճոճվելով էր քայլում՝ դեպի ներս թեքված ոտնաթաթերի վրա:
Երբ դպրոցում
մի քանի լեզվանի իրենց մաշկի վրա զգացին Դանդի բռունցքների «գգվանքը», մյուսներն այլևս
չէին համարձակվում Սուսիկի հասցեին ավելորդ մի բառ հնչեցնել:
Աղջիկը լավ էր սովորում ու պաշտում էր ընթերցանությունը: Հինգերորդ դասարանում «Իմ
երազանքը» թեմայով շարադրության մեջ նա պատմել էր իր ամենամեծ բաղձանքի՝ ուղիղ ու գեղեցիկ
քայլելու մասին, հետո՝ բժշկուհի դառնալու և բոլոր հիվանդներին անվճար բուժելու ցանկության
մասին, իսկ Դանդի հետ նրանց տան կտուր բարձրանալու և թիթեղների տակ բնավորված ճնճղուկների
ձագերին տեսնելու երազանքի մասին ամաչելով լռել էր: Ընկերոջից էլ էր թաքցրել: Բայց
այնպե՜ս էր ուզում իր ձեռքով նորոգել նրանց բները, որպեսզի նորածին ձագուկները երբեմն
վայր չընկնեն ու սատկեն, ինչպես պատմում էր Դանդը: Անհասկանալի էր, թե թռչել չսովորած,
ինչո՞ւ էին շտապում «թռչել» բներից: Իր հարցին, թե ինչպիսի՞ն են նրանք, տղան պատասխանել
էր՝ «փետրած հավի պես, բայց շա՜տ փոքր»: Հետո նկարագրել էր՝ ինչպես է նրանց թաղում
իրենց այգու ծայրամասում, փոքրիկ հողաթումբը ծածկում խոտով ու սուլում իր իմացած ամենատխուր
մեղեդին: «Ուրիշ ոչ մեկը չգիտի սրա մասին, մենակ դու,- հավելել էր վերջում»: Աղջիկը
դրանից իրեն կարևոր ու հատուկ էր զգացել, ձգվել էր ամբողջ մարմնով, ու թվացել էր՝ ա՛յ-ա՛յ,
ոտքերն էլ կհրաժարվեն ծուռտիկությունից:
Արտաքուստ՝ զարմանալի տարբեր, ներքուստ՝ զարմանալի նման էին Սուսիկն ու Դանդը, և նույնն էին նրանց ծիծաղի ու լացի պատճառները: Այո, մի անգամ երկուսով լացեցին, երբ հարևան Արշակ պապին իրենց աչքի առաջ կտրում էր հսկա ընկուզենին: Ծեր ծառի հուժկու արմատները ձգվել հասել էին տան հիմքին ու գետնի տակից փորում էին հատակը: «Ա՛յ էրեխեք ջան, ախր ի՞նչ անեմ, հո տունս չե՞մ տալու իրան, ես մնամ քուչեն,- արտասվախառն արդարանում էր ծերունին,- ախր ճար չունեմ, գիտեք՝ ինձ հե՞շտ ա, պապական ծառ ա, է՜…»: Այդ օրը երեխաները մի քանի տարով հասունացան ոչ թե նրա համար, որ զրկվեցին՝ ծառից կախված ճոճանակի պարգևած կչկչոցից, այլ որովհետև մի թաքուն անհաշտություն իր արմատները խրեց նրանց անմեղ մտքի փխրուն հողի մեջ…
-Ծիրան
շատ ես սիրում, չէ՞,- այս հարցով սկսեց դուդուկի առաջին դասը Սուսիկի հայր Սերոբը:
-Էն էլ՝ ինչքան:
-Ծառի խեժից կերած կա՞ս:
-Էն էլ՝ ինչքան:
-Ա՛յ տղա, դու ուրիշ բառ չգիտե՞ս:
-Էն էլ՝ ինչքան:
-Լավ, քո խոսալը կարևոր չի, կարևորը քո լսելն ա:
Ու կլոր փորը հանդիսավոր կերպով տեղավորելով բազկաթոռի մեջ՝ Սերոբը սկսեց պատմել դուդուկի
մասին իր իմացած բոլոր պատմությունները. թե դրանցից որն էր ինչ-որ տեղից լսած, որը՝
հորինած, արդեն ինքն էլ չէր տարբերում: Դանդը պետք է իմանար ամենակարևորը՝ դուդուկը
պատրաստվում է ծիրանենու փայտից, որովհետև այդ ծառը համարյա մարդու չափ զգայուն է,
ծերունու կնճիռների պես խոր ակոսներ ունի կեղևին, որի տակից խեժի տեսքով դուրս են ծորում
ամոքում չգտած արցունքները: Ծիրանափողի հնչյուններով պետք է կարողանալ այնպես պատմել
հայի ուրախ ու տխուր օրերի մասին, որ լսողի սիրտը մեկ ուրախությունից ցնծա, մեկ մղկտա
ցավից: Դա է նվագողի ու գործիքի՝ նմանը չունեցող մերձեցման կախարդանքը:
Այդ ամենը տղան դյուրությամբ յուրացրեց, իսկ այ, անիծյալ նոտաները նրա համար մնացին
օտար ու անհասանելի: Բարեբախտաբար, Սերոբը շուտ հասկացավ, որ Դանդի ու նոտաների միջև
կռիվը երկար ձգվողներից է՝ առանց հաշտության հեռանկարի, ու ինքը փոխարինեց նոտաներին՝
բարձրաձայն երգելով նրանց նկարածը ու հիացած աշակերտի բացառիկ լսողությամբ:
Դանդը
հորը չէր հիշում: Նրա թոթովախոս լեզուն դեռ չէր հասցրել ընտելանալ «պապա» բառի հարազատությանը,
երբ հայրը կտրուկ հարստանալու անշեղ մտադրությամբ մեկնել էր Ռուսաստան աշխատելու: Հեռավոր
Նովոսիբիրսկ քաղաքում մի միայնակ կին հենց նրան էր ճանաչել՝ որպես իր աղոթքների՝ բարեգութ
երկնքի կողմից ուղարկված պատասխան, ջերմեռանդորեն սիրել էր, թագադրել ու աստվածացրել:
Իսկ այդպիսի փորձությունը տղամարդու համար դժվար հաղթահարելի է, ուժերից վեր դժվար…
Ամուսնու՝ ռուս կնոջ ծոցում չափազանց հարմարավետ տեղավորվելու մասին լուրը Գոհարի ջահել
սրտում այնպիսի երկրաշարժ էր արել, որ նրա շուրթերից շիկացած լավայի պես սկսել էին
հոսել անեծքի փրփրուն գետեր: Անդադար անիծել էր ամենքին ու ամեն ինչ՝ սկսած իր երկար
հյուսքերից, որոնց պատճառով ապագա սկեսուրն իրեն աչքի տակ էր առել, վերջացրած Եկատերինայի
անառակ սերունդներով: Մի օր գյուղի խորդուբորդ ճանապարհին նրա առաջն էր կտրել «վախ
բռնող» Փառո տատը և խորհրդավոր տոնով զգուշացրել. «Աղջիկ ջան, հերիք ա, քեզ չես խղճում,
գոնե մինուճար էրեխուդ խղճա»: Օրհնվես դու, լուսահոգի Փառո տատ: Այդ օրվանից Գոհարի
լեզուն սսկվել էր, այսինքն՝ միայն լեզվի անիծող կողմը, թե չէ ձայնի զլությամբ նրան
զիջում էին անգամ գյուղի աքաղաղները:
Գոհարը դեռ չէր կողմնորոշվել՝ որդու դուդուկի պարապմունքներին ի՞նչ աչքով նայի՝ քա՞ղցր, թե՞ թթու, բայց ամեն դասից հետո, այնուամենայնիվ, չէր զլանում մի հատ բշտել տղային, որ հողի գործերը թողած՝ փչելով է զբաղվում: Արդեն ձեռքը չէր հասնում գլխին, իսկ մկանուտ մարմնին հարվածելիս ավելի շատ իր ափն էր դաղվում: Միայն, երբ Սերոբը սկսեց Դանդին հետը տանել նվագելու և մի քիչ գումար դնել գրպանը, Գոհարը եզրակացրեց, որ դուդուկն ու դուդուկահարներն արժանի են հարգանքի: Նույնիսկ մի վառեկ մորթեց՝ ոչ ամենանվազը, ու գնաց Սերոբին շնորհակալություն հայտնելու: Բա ո՞նց, թող չմտածեն, թե Գոհարի խելքը էդ տեսակ բաներից չի կտրում:
Դանդը լավ էր մտապահել ուսուցչի ասածը, որ մեռած մարդը ամենաանվնաս մարդն է, նրանից վախենալու պատճառ բացարձակապես չկա, ու առանց լարվածության էր նվագում հուղարկավորությունների ժամանակ՝ չշեղվելով լացուկոծի՝ երբեմն նույնիսկ սրտապատառ ձայներից: Ախր, այդ նույն ողբացողներին հետո տեսել էր լիաթոք ծիծաղելիս, և հասկացել, որ մահն էլ կյանքի մի անխուսափելի «պարգև» է, որից անհնար է հրաժարվել՝ որքան էլ այն սրտովդ չլինի, ինչպես իր անճոռնի մեծ գլուխն ու Սուսիկի ծիծաղելի ծուռ ոտքերը:
«Ա՛յ կտեսնես,
մի օր ես ուղիղ ու սիրուն կքայլեմ,- հաճախ էր զրույցի ժամանակ անափ հուզմունքով կրկնում
Սուսիկը,- ու ծնողներս էլ չեն ամաչի ինձ հետ տեղ գնալուց… Ես մի քանի անգամ մամայիս
բռնացրել եմ՝ ինձանից թաքուն լացելիս: Բայց հավատում եմ, որ մի օր մամաս կտեսնի իմ
նորմալ քայլելն ու էդ օրը վերջին անգամ ուրախությունից կլացի»: «Ըհը, ես էլ եմ հավատում»,-
պատասխանում էր Դանդն ու ուրիշ համոզիչ բառեր չէր գտնում՝ իր հավատն ապացուցելու համար:
Շատ-շատ այդ պահին մի ուրախ մեղեդի սուլեր: Բայց մտածում էր, շատ էր մտածում, թե ինչպե՞ս
ցույց տա, որ իսկապես հավատում է:
Նրբիկ սիրունիկը տեղյակ չէր, որ ոչ Փառո տատն է իր մայրիկին հույս տվել՝ գլխին երեք
անգամ «մոմ թափելուց» հետո, ոչ էլ Երևանի բժիշկը, որն, ամեն դեպքում, խորհուրդ էր տվել
հատուկ մերսումներ ու վարժություններ կատարել: Սուսիկն արդեն վաղուց ինքնուրույն էր
դրանք կատարում՝ առանց մայրիկի օգնության և շատ պարտաճանաչ կերպով: Երբ Դանդը որսում
էր նրա՝ իրեն քաջածանոթ հարցական-աղերսող հայացքը, վստահ ձայնով ու հսկա գլխի հաստատող
շարժումով ասում էր, որ քայլվածքի մեջ փոփոխություն է նկատում: Աղջկա հրեշտակային դեմքն
անմիջապես ողողվում էր այնպիսի լուսափթիթ ժպիտով, որով միայն ընտրյալներն են ժպտում
ընտրյալներին…
Դանդը
կոշիկի փող էր հավաքում: Հագիններն այնպես էր չլել, որ լրիվ զրկել էր նախնական տեսքից
ու համարյա հողաթափերի պես էր կրում: Թե ոտքեր ունենային՝ բազմիցս ջրափոսերում թրջված,
ցեխակոլոլ եղած ու քթերն անխնա ջարդած այդ կոշիկները հիմա վաղուց էին տիրոջից փախել
ու պահ մտել նկուղի մի թաքուն անկյունում: Ու չնայած Դանդին տեսնողը հայացքը նրա զռլամա
գլխից վար չէր իջեցնում, բայց արդեն ամոթ էր այդ աստիճան քրքրված կոշիկներով ման գալը:
Շրջկենտրոնի խանութի մեծ ու լուսավոր սրահում պատանին ինքնագոհ սուլելով շրջում էր
գեղեցիկ դասավորված կոշիկների շարքերի միջով, երկար ու անթաքույց հաճույքով տնտղում
ճռճռան, փայլուն ու անթերի գեղեցիկ նմուշները: Եղած գումարը դեռ չէր հերիքում:
Զմրուխտ
գարուն էր, որոտներից պայթող երկինքների, բացվելու անդիմադրելի տենչից պայթող բողբոջների,
անձրևորդերի խրախճանքից պայթող հողի, հուսավառ իղձերի ալեկոծումից պայթող սրտերի գարուն:
Ճնճղուկները եռանդուն պտույտներ էին գործում օդում՝ շտապելով կեր հասցնել՝ կտուցները
լայն բացած, անկուշտ ձագերին:
Սուսաննան շատ վաղ էր տնից դուրս գալիս, որպեսզի իր շորորուն քայլվածքով ժամանակին
հասներ դասի: Ճանապարհի ցեխի մեջ խրվելով՝ նա մի կերպ էր ոտքերն առաջ գցում՝ նայելով
ծտերի աշխույժ եռուզեռին ու դառնությամբ հիշելով նախորդ օրվա անախորժ զրույցը Դանդի
հետ: Նա երկու զոհ էր թաղել այդ գարուն: Աղջիկը տխրաձայն ասել էր, որ գիտի, իմացել
է սիրտ կեղեքող ճշմարտությունը. ճտերը պատահաբար չեն ընկնում բներից, դրանք հիվանդ
ձագերն են՝ թռչելու անընդունակ, որոնց խանգարող ներկայությունից բունն ազատում են ճարահատ
ծնողները: Դանդն էլ էր գլխի ընկել՝ ինչն ինչոց է: Մի անգամ նա աստիճանի օգնությամբ
հասել էր տանիքին ու ընկած ճտին, որը կենդանության նշաններ էր ցույց տվել, հարմար տեղավորել
էր մյուս երկու ձագերի կողքին, բայց քիչ անց նրան նորից գետնին էր գտել:
Այդ նշանով էր դեռահասների առաջ բացվել բնության գլխավոր օրենքը՝ թույլերին վիճակված
չէ հասնել կյանքի բերկրալի եզերքին, նրանք կեսճամփին շունչները փչում են դաժան մրցակցության
ճիրաններում: «Բայց դու ահագին դուզ ես քայլում, Սուս,- ասել էր ընկերը՝ աղջկա ներաշխարհի
փոթորիկը հանդարտեցնելու մղումով,- բան չի մնացել, որ լրիվ դզվես»: Սուսիկի թերահավատ
ժպիտը տագնապի ազդանշան էր միացրել տղայի սրտում. ինքը պետք է ամեն գնով կանխի ընկերուհու
հուսալքումը, ոգով կոտրվելը պարտության չարագուշակ սկիզբն է:
Ոչ դպրոց գնալու, ոչ տունդարձի ճանապարհին Սուսաննան չէր տեսել Դանդին և, ունկը՝ սուլոցին,
հայացքով նրան էր որոնում, երբ հանկարծ նկատեց իրենց դռան առջև դրված տուփը: Նստեց
քարե աստիճանին ու զգուշորեն բացեց այն:
Արևի մայրաբար գորովալից շողերի տակ պսպղում էին աղջկա հրճվագին աչքերը, նրա ձեռքի
բարձրակրունկ, նրբագեղ կոշիկները և ծառի հետևից ծիկրակող պատանու հաղթական ժպիտը: