Եվ եղավ այնպես, եղավ այսպես, իբր զարմանալի, որ դարերի մամլիչ ուժից գնդված ասացող-պատմիչ Անանունը թեթևասահ ետ ու առաջ էր անում ժամանակների մեջ և մաքուր կոկորդով ու կանաչ ձեռքով ասում-պատմում էր մահկանացուների մասին, հատկապես նրանց, ովքեր հասարակ, աննշան ու իր պես անանուն էին։ Այդ հորինումներից հետո աննշան հերոսներն էլի մնում էին անանուն, խոսքի ու գրի անարժան, լսողն ու կարդացողն էլ մի մարդու պես ձեռքը թափ էր տալիս և ժամանակ կորցրածի պես փոշմանում-գնում իր բանին։
Այդպես էր մինչև 21-րդ դարի այն օրը, երբ Անանունը նստած Երևանի քաղաքային այգու ամֆիթատրոնի նման կառուցած կենտրոնի բետոնե նստարանին, ձեռքը բարձրացրեց՝ խաղաղեցնելով հեքիաթասեր ծերերի ու մանուկների աղմուկը (այդպես էր ամեն կիրակի) և, երբ հասավ իր ուզած քար լռությանը, բարձր ասաց.
– Ո՛վ հարգարժան տիկնայք (մի քանի պառավ էին), այրեր (շատ էին) և մանկտիք (ավելի շատ էին), նվաստս՝ Անանուն ասացող-պատմիչս, այսօր ձեզ կասեմ մի մարդու մասին, որ գուցե հարազատ է ձեզ, այդ արարածը ծնվել է ձեր թվարկության 1959 թվին Սևանա լճի ափերին մոտ ու…
Սա լսելով տարեցները փնթփնթացին՝ ո՞ւր է հեքիաթը, այ բիձա, մեզ ինչի՞ տեղ ես դրել, 1959 թվին ծնվածն ո՞վ ա, որ մենք լսենք էդ լակոտի մասին, ուրիշ բան ասա։
Մանուկներն էլ ճչացին՝ Անգետիկի մասին պատմիր, Կարմիր գլխարկի…
Անանունի համար այսպիսի ընդունելությունը նորություն չէր, դեռևս նախնադարում կամ միջնադարում այդպես էին արձագանքում՝ մարդիկ չեն սիրում լսել իրենց կողքին ապրող մեկ այլ մեկի մասին հեքիաթ։ Դա հաստատապես գիտեր Անանունը և, աջ ձեռքը դանդաղ բարձրացնելով, ասաց.
– Մահականացուներ, և դուք՝ խաղից կտրված երեխեք, մի պահ լռեք ու լսեք, ես հեքիաթ չեմ պատմելու, ես ծիծաղելի բան եմ ասելու։
Այդ խոսքը զորավոր ազդեցություն թողեց և՛ ծերերի, և՛ մանուկների վրա, քանզի ուրիշ մեկին ծաղրելը խիստ մարդկային է և գալիս է հին ժամանակներից, և մարդն այսպես զատվեց մյուս իր նմաններից։ Լռության մեջ Անանունը հատ-հատ շեշտելով բառերը ասաց.
– Սևանի ափին ծնվածի անունը կոչեցին Թագվոր, այսինքն՝ Թագավոր, բայց երբ մեծացավ, 1965 թվից իրենց գյուղում նախ՝ փոքրերը, ապա և մեծերը սկսեցին ծաղր ու ծանակի ոճով նրան անվանել՝ Թագ ոռ։
Ահա հենց սրան էր սպասում ամֆիթատրոնի ժողովուրդը և մեկեն հռհռացին, իրար ծնկի խփելով հրճվեցին.
– Էս խելառ անտերը որտեղի՞ց բուսեց։
Կիրակնօրյա ուրախությունը կատարյալ չէր լինի, եթե Անանունը չասեր.
– Թագվորը փոքրուց երազում էր դառնալ թագավոր գոնե իրենց շրջանում, կամ որտեղ պատահի, անգամ ձիարշավարանում Երևանի, ուր ջահել տղա մաքրում էր ձիերի տակը և երբ թույլ էին տալիս, հեծնում-քշում էր, ու մի օր ընկավ ձիերի կղկղանքի մեջ:
Հեքիաթասերները միահամուռ խնդում, խրխնջում էին և միայն պառավների երգչախումբը միաձայն դժգոհեց՝ ամոթ է, ա՛յ բիձա, մորուքիցդ ամաչի, գնացինք, էլ հերիք ա։
Ամֆիթատրոնը դատարկվեց պառավներից, մի քանի գլորան քշող տղաներից, բայց իրենց տեղում դեռ ամուր նստոտել էին տարեցները։ Անանունը այս ամենը կանխատեսել էր և, աջ ու ձախ ձեռքերը բարձրացնելով՝ դեպի լռության մղեց ներկաների ժխորը և մուրճի ծանր հարվածի պես իջեցրեց խոսքը.
– Ո՛վ սիրելիներ, դուք հեքիաթը չգիտեք ինչ բան է, դա ձեզնից դուրս չէ, դա դուք եք, ամեն մեկդ մի հեքիաթի հավք, մի թռչող գորգ, մի թագավոր, մի… (լռության մեջ մեկը ճչաց՝ մի էշ)…
Ժողովուրդը սրան էր սպասում՝ ասա է՜, ճիշտ ա՜…
Անանուն ասացող-պատմիչը փորձեց ևս մեկ անգամ խաղաղեցնել, ասելու Թագվորի մանկության և պատանեկության մասին, բայց դանդաղ հեռացան լսողները և միայն երեք հոգի մնացին։ Նրանց համար էլ խոսեց Անանունը.
– Թագվորի պապը մահացավ, երբ ծնվեց Թագվորը։ Տղան մշտապես հիշատակում էր պապին ու երբեմն մեջբերում նրա առակները, առածները, որոնք հիմնականում հայկական և ռուսական բանահյուսական հայտնի փշրանքներ էին։
Թագվորը պապի պես լավ էր լողում Սևանի սառը ջրերում, նրա մկանները թրծվեցին բարձր լեռնային արևից ու քաղցահամ ջրից, և Թագվորը որոշեց ըմբշամարտիկ դառնել։
Ձիերի արտաթորանքը կռացած մաքրելը ամրացրել էր նրա գոտկատեղը։ Մինչև բանակ գնալը հասցրեց առաջին կարգ ստանալ /ըմբշամարտի/ ազատ ոճում։ Սովետական բանակում դա նրան շատ օգնեց տարբեր ազգությունների տղաների հետ կռիվ-պայքարում։ Եվ հենց այդ ուժը ստիպեց նրան տեղափոխվել օդադեսանտային գումարտակ, որտեղ Թագվորը 94 թռիչքով ապացուցեց, որ ինքը օդում, ջրում և ցամաքում կարող է պայքարել իր երազանքի համար։ 95-րդ թռիչքը կարող էր ճակատագրական լինել և…
Հանդիսատես երեք հոգու անհողդողդ լռությունն ու դեմքերի դիմակային անշարժությունը Անանունին կասկածելի թվաց, և նա հարցրեց.
– Դուք, պատվական այրեր, ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ պատահեց 95-րդ թռիչքի ժամանակ։
Ոչ մի պատասխան, նա էլի հարցրեց, մինչև երեքից մեկը ձեռը բերանին ու ականջին տանելով հասկացրեց, որ իրենք հուլ ու համր են։
Այ սա Անանունը չէր կանխատեսել, մթնեց նրա դեմքը, կոկորդը չորացավ և բերանը բաց ու խուփ անելով՝ պատմեց 95-րդ թռիչքի մասին։
Խուլ և համար երեք հոգին Անանունի շուրթերի շարժումից, դեմքի մկանների թրթռոցից ու վերջում երկու ձեռնափերի իրար հպումից հասկացան, որ Թագվորի պարաշյուտը չի բացվել, և նա յոթ կիլոմետր բարձունքից ընկել է ձնաբքից գոյացած բլրի մեջ։ Նույն օրը գտել են Թագվորին և հիվանդանոցում զարմանքից չռված աչքերի ներկայությամբ հայտնի վնասվածքաբան ընկեր Վասիլի Պետրովիչ Բեզդոմնին հայտարարել է՝ чудо (այսինքն՝ հրաշք), այս տղայի օրգանիզմը քարից է, միայն մկանային սալջարդեր և ուշագնացություն, ահա, նայեք, առողջ, կենդանի, ջինջ աչքեր, ապա, տղա ջան, ասա անունդ։ Եվ տղան մտաբերում է՝ Թագվոր, որի անծանոթությունն ու մոգականությունը այնքան զգալի է լինում, որ Վասիլի Պետրովիչը կրկնում է` Тагвор։ Այդ պահին խուլ-համրերը ժպտացին, որովհետև ռուսերենից հայերեն թարգմանելիս անվան վերջին վանկը՝ вор, նշանակում է գող։ Բժիշկն էլ անունը լսելիս մտածել է՝ էս հայերն ինչո՞ւ են մեծարում գողերին և անգամ տղայի անուն դնում։
Անանուն ասացող-պատմիչն ըմբռնեց՝ բավական է այսօրվա համար, այս երեք հոգին փորձեցին նստած մնալ, սակայն Անանունը վեր կացավ, ճիշտն ասած, նախապես հայացքով փնտրել-գտել էր զուգարանի տեղը, գլխի խոնարհումով շնորհակալություն հայտնեց երեք հոգուն և գնաց 0-0-ի կողմ, չմոռանանք ասել, որ նա երեք հանդիսատեսին հրավիրեց գալող կիրակի նույն տեղը՝ ամֆիթատրոն, այգի, նույն ժամին, որին ջերմ ժպիտով պատասխանեցին երեքը։ Անանունը մտքում 21-րդ դարի արտաքնոցը համեմատեց նախ՝ բրոնզե, ապա՝ մեր թվարկության 6-րդ ու նաև անցյալ դարերի զուգարանների հետ և եզրակացությունը՝ հօգուտ տվյալ այգու 0-0-ի էր։ Թեպետ նա տարբերություն չտեսավ մի շարք հարցերում, օրինակ, եթե երկու ընկեր մտնում են սույն վայրը, պարտադիր շարունակում են խոսել և միզելիս որոշակիորեն դաստակով ծածկում են առնանդամը։ Իհարկե, նա եղել էր մեր դարի այլ զուգարաններում, որտեղ ոչ բարձր պատնեշներով բաժանված են միզելու տեղերը։ Այս տհաճ թեման Անանունին գրավել էր այն պատճառով, որ սույն հիմնարկների որակն ու տեսքն են որոշում մարդկության առաջխաղացման ու քաղաքակրթության աստիճանը։ Դիցուք՝ զբոսաշրջիկներ առավել գալիս են այն երկիր, որտեղ կենցաղային մշակույթը բարձր է ոչ կենցաղային մշակույթից, ասենք գրականությունից և կամ փիլիսոփայական գիտության մակարդակից։ Բայց և գիտնականներ կան, որոնք կենցաղայինի և ոչ կենցաղայինի հարաբերությանը բովանդակային առումով և մշակութային որակի գնահատմամբ նույնական են համարում և համեմատում կշեռքի նժարների հետ։ Լավ է այն կշեռք-պետությունը, որի նժարները լիքը կամ դատարկ վիճակում հավասարաչափ են։ Անանունը տեղում բանաձևեց՝ դատարկ տեղը լցվում է, լիքը՝ դատարկվում, այդպես են գոյանում սև խոռոչները, որոնք ոչ դատարկ են, ոչ լիքը, կամ համ դատարկ են, համ լիքը, սա է տիեզերքի առեղծվածներից մեկը։
Այն պահին, երբ Անանունը զուգարանից դուրս էր գալիս թեթևացած ու վերոհիշյալ մտքերով, խուլ ու համրերը ձեռք-լեզվով զրուցում էին և վիճարկում Թագվորի հերոս լինելը, ու թե Անանունը որքանով է Ասացող։ Նրա տեսքը համոզիչ էր, ինչպես համաձայնեցին երեքը, բայց ընտրած թեման թույլ է։ Մի հարցում էին նույնակարծիք՝ Սևանի ջուրը բուժիչ է, ահա թե ինչու Թագվորը երկնքի ծերից ընկնելով չի փշրվել, սալջարդերով է ընկել հիվանդանոց։
Անանունին եթե հարցնեիք Սևանի ջրի բուժիչ բաղադրիչի վերաբերյալ՝ խորը հոգոց կհաներ, միայն այդքանը։ Դե արի ու հասկացիր՝ դրակա՞ն է, թե՞ բացասական։ Այո՛, ուրիշ է դարեր ապրածի, դարերի օդը շնչածի հոգոցը, կարելի է կրկնել՝ ա՜հ, օ՜հ, ո՜ւ…
Հ.Գ.
Այս հոգոցի մեջ Անանունը տեղավորել էր Սևանա կղզու 10-րդ դարի եկեղեցին իր հարակից շինություններով, թեպետ նա սկզբում քրիստոնյա չի եղել, այլ պաշտել էր Տիր աստծուն, քանզի գրի հովանավորն էր. մի խոսքով՝ ի՞նչ պատմիչ, որ…
Շատ ենք երկարացնում, բանավորը կարող է ձայնի հետ ձգվել, իսկ գրավորը խտանալու հատկություն ունի։
ԱՆԱՆՈՒՆԻ ՃԱՄՓԱՆ ՏԱՆՈՒՄ Է ԳԵՂԱՐԴ
Գեղարդը Երևանից հեռու է մոտ 40 կիլոմետր, բայց սա Անանունի համար յոթ թռիչքի ընթացք է, կարող է և՝ վեց, նայած ինչ տրամադրություն ունի ժամանակի մեջ ազատ թևածողը։ Հազարան հավքի նման է, բայց թռչուն չէ։ Այսպիսի հանելուկներով լի էր Անանունի կյանքն ու էությունը։ Ինչո՞ւ է թռչում Գեղարդ, պարզ է՝ անդնդախոր ձորերի մեջ, հսկա ժայռը վերից մի հատիկ մետաղե փորիչով Գալձագ վարպետը խորացել է քարի խորքը, խորքի խորքը և՝ Տաճար, Քրիստոսին վայել փառավորման գավիթ, խորան, սկզբի ու անվերջի հետ հաղորդակցության աղբրի ակ, որից անմահական ջուրը հոսելով, լվանում է վերք, մեղք, կասկած ու ջղագարություն, վերջապես՝ հագեցնում չծարավածի ծարավը։ Եկեղեցական հազարամյա համալիրից աջ ու ձախ վերձիգ, բերդանման քարափների մեջ քարանձավներ են, նրանցից մեկի մեջ է մինչև հաջորդ կիրակի կենալու Անանունը։ Այդտեղ ճգնել են իր նման երկարամորուս հավատացյալներ, գրել պատմություն, ծաղկել մատյաններ, կերել՝ հաց, մեղր, թռչնամիս, խմել՝ կաթ, մրգահյութեր և ամենակարևորը՝ ջուր։
Քարանձավը, որն ընտրել էր Անանունը, տաճարից 100 քայլ բարձր էր և արջերի համար հասանելի, սակայն արջերին առավել ձգում էին մեղվափեթակները։ Ոչ մի գազան դեռևս չէր կերել Անանունին, նա այդ պահին հայտնվում է մի այլ ժամանակի մեջ։ Ճանապարհին նա նայում էր Արարատ լեռանը Նոյի հայացքով, այնպիսի բազմանկյուն դիտակետից, որն ընդգրկում է և՛ լեռան գագաթը՝ վերից, և՛ լեռան պատկերը՝ դիմացից ու ետևից, ու մտածեց Անանունը՝ այս ճերմակ լեռ-առագաստանավը ոչ միայն փրկեց ջրհեղեղից, այլև կփրկի ապագա կործանարար դղիրդներից։ Ժպտաց։ Դա նշան էր, որ չհավատալով հավատում է։ Վերջ։ Քարանձավի մուտքի կողքը սեպագիր տեքստ էր, ինչպես հիմա է ընդունված ասել, Անանունը կարդաց՝ Կողմնակի անձանց մուտքն արգելվում է։ Ասացող-պատմիչը ներսից ձայն լսեց՝ քլունգի ու բահի գործողության գողունի ռիթմ էր։ Մտավ քարանձավ և, ա՜յ քեզ զարմանք, Թագվորն էր, մինչև գոտկատեղը՝ մերկ, քլունգով հարվածելիս քարացավ։ Այդպիսի մեկի մուտքն անսպասելի էր, այն էլ՝ օրը ցերեկով։ Նա մեղավոր ծռմռեց շուրթերն ու քրթմնջաց՝ հնագետ եմ։
Անանունին պետք չէր համոզել, նա վաղուց գիտեր Թագվորի սերն առ հնագույն տաճարները, քարանձավները, դամբարանները։ Ինքնահռչակ հնագետը միաժամանակ հինավուրց դրամների, գանձերի հավաքածուի համար պատրաստ ուներ իր տատի օժիտի սունդուկը՝ տատի մահից հետո դատարկ, ոչ դատարկ, երեխեքի խաղալիքներով լի՝ ճան, վեգ, փայտե չլիկ-դաստա, մարդանման մետաղե ձուլվածքների կտորտանք և մի խոզի կաշվից կարված, մեջը հարդ լցրած գնդակ, հա՝ բա խմորե ճատրակի խաղաքարե՞րը, որոնք տատի պապն էր Ալաշկերտից գաղթելիս հետը բերել։
Անանունը թփթփացրեց Թագվորի քրտնած մեջքին, որի պարծանքն էր կիսամաշ դաջվածքը՝ Տիրամոր նմանությամբ կնոջ պատկեր և տակը պարզ ընթեռնելի մաշտոցյան գիր՝ ով ուրանա թող կուրանա։
Թագվորին Անանունը կիսաժպիտ հարցրեց.
– Ո՞ւր է ստորակետը։
– Ես ստոր չեմ, հոպար, ասեցի՝ հնագետ եմ,– իբր ճիշտ ասաց Թագվորը։
– Տղա, մեջքիդ գրության մեջ ստորակետը բացակայում է, ո՞վ է դաջել,– իբր խիստ ասաց Անանունը։
– Մեր գյուղի գերմաներենի դասատուն, նա գերի էր ընկել Հիտլերի ձեռը, նրանից խեր էր մնացել գերմաներենը։
– Ո՞ւր է ստորակետը,– նորից հարցրեց Անանունը։
– Երևի գերմաներենում ստորակետ չկա,– խորամանկելու պես ասաց Թագվորը։
– Ջուրը խմե՞լ ես,– հարցրեց Անանունը։
– Գետի ջուրը՝ հա,– ճշտեց Թագվորը։
Անանունը ոտքով հրեց բահը, քլունգը վերցրեց Թագվորի ձեռքից, նետեց քարանձավից դուրս և հրամայեց.
– Գնա խմիր ջուրը, գնա գտիր ստորակետը, դու այսուհետև լեզվաբան ես։
Նման շրջադարձից շփոթված՝ Թագվորը ճիշտ համարեց ծլկել, իհարկե, չմոռացավ քարի վրայից ճանկել վերնաշապիկն ու փոշեթաթավ, մի ամիս չլվացած բամբակյա չինական շապիկը։
– Հաջող,– մռթմռթաց նա։
– Ցտեսություն, քերական,– բարեսիրտ պատասխանեց Անանունը։
Խոնավությանը միացել էր փոշու հոտը։ Անանունի քթանցքները ևս քարանձավի հատկություն էին ձեռք բերել, ինչքան չլինի ժամանակների անտուն թափառաշրջիկ է։
ԻՆՉՊԵՍ ՀՈՂԸ ԼՑՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԸ
Ամենահեշտ բանը դա է՝ ոտքերով, էն Թագվորն իր հետ տարել էր քլունգն ու բահը։ Նա հիմա օրավարձով ջարդում է Գեղարդի համալիրի բակ ընկած (պատկերացրեք, վերի քարափներից պոկվել, գլորվել, ընկել է բակը) ժայռաբեկորը։ Վրա հասած տեր հայրը զայրացած բռնում է նրա ջղուտ բազուկն ու ճչում.
– Ո՞վ է քեզ թույլ տվել, սա երկնային, սա վերից ընկած, ոչ մեկի չվնասած սուրբ նշան է, միայն այստեղ, միայն մեզանում կպատահեր, վերջ տուր։
– Էն տերտերը ասավ,– արդարացավ Թագվորը։
– Վերջ, որդյակս, հեռացիր,– խիստ ասաց տերհայրը։
Զբոսաշրջիկների համար այս քարը լավագույն տեղն է հանգստանալու, ողորկացել է, տեղ-տեղ փայլատակում. նստում են վրան ու ընկղմվում թմբիրի մեջ։ Սրածայր ժայռագագաթները, դեղնավուն քարափների սևաթույր շերտերը, դյութիչ քարանձավների թավշյա մուգ խոռոչները, այդ ամենի վրա ծանր թևածող Արծիվը, պեծին տվող վեհասլաց խաչերը և սալահատակ բակում վազվզող մանուկները չգիտես ինչ հմայանքով երանության լուսե ցանցի մեջ են առնում, տանում ուր որ յուրաքանչյուրն է ցանկանում։
Միայն Թագվորը չընկավ այս ցանցը, գնաց նստեց իր վարած տաքսի մեքենան և քիչ էր մնում քշի, երբ վրա հասան դհոլչին ու զուռնաչին, համատեղությամբ՝ դուդուկչի, կլարնետիստ, և հանպատրաստից նվագեցին հարսանիքներում հնչող հայկաարաբաթուրքապարսկազազայական մեղեդի։ Թագվորը մեքենայի բաց պատուհանից դուրս նայելով՝ հարցրեց.
– Կարա՞ք ընենց բան նվագեք, որ չվճարեմ։
– Ախպեր, քու համար կարանք,– պատասխանեց դհոլչին։
Նվագեցին Գյումրվա տրնգիից մի կտոր։
– Մերսի, ախպեր,– տղամարդավարի ասաց Թագվորը և 500 դրամ պարզեց զուռնաչուն։
Չուզելով վերցրեց զուռնաչին ու կարճ տզտզոց արձակեց, իհարկե, զուռնայից, ու գնացին։
Թագվորին մոտեցավ կանգառի հսկիչը։ Նրան էլ 200 դրամ տվեց։ Քշեց մարդկանց միջով դանդաղ ու հասցրեց քթի տակ մռմռալ՝ բան չշահած 700 դրամ կորցրի, շահեցի լեզվաբան դառնալը՝ ստորակետը ո՞ւր ա, եսիմ ուր ա, այ բիձա, թե որտեղի՞ց ծլեց։ Բա ջո՞ւրը։ Կողքը դրված պլաստիկե շշից խմեց՝ տաք էր, մտածեց՝ շեռ ա, ափսոս ջուր չվերցրեց գավիթից, բիձեն ասեց, չէ՞։ Տո, բիձու հե՛րն էլ, մե՛րն էլ, հազիվ ոսկորի էի հասել։
Անանունը Թագվորի փորած հողը ոտքերով հրեց, լցրեց բացվածքի մեջ, որից իրեն էին նայում գայլագանգի փոսորակները՝ նախկինում գազանային աչքեր ընդունած։ Հողը բոլորի տեսողության բներում լցնում է հանգստության փխրուն բնույթով, ահա այդ բնույթն Անանունին հուշեց աջ ձեռքով իր ծոցից դուրս բերել երկու թերթ լավ մշակված մագաղաթ, իսկ թիկունքի լայն գրպաններից ձախ ձեռքով հանել ծղիկ ու մելան, գրելու… որտե՞ղ նստել՝ դրսո՞ւմ, թե՞ խոնավ քարանձավում։ Դրսում։ Մուտքի կողքի քարին նստելով, մի հայացք նետեց ձորերի միջով երևացող հեռվի լեռնապատկերներին և տաքսու պատուհանից մասամբ դիտվող Թագվորի ժամանակից շուտ ճաղատացած, փոշուց փափուկ թվացող գլխին, ու խիղճը տանջեց Անանունին՝ ախր ինչի՞ նրան քերականի ճակատագիր գուշակեց, թեպետ՝ ժամանակավոր և անխղճորեն ուղարկեց ստորակետը փնտրելու… և ծղիկը ձգվեց մագաղաթի կանչող երեսին՝ պատմելու, ծաղկելու.
– Ո՜վ գալիքի ընթերցող, դու պիտի իմանաս հաստատապես 20-րդ դարի ոմն Թագվորի համառոտ կենսագրականը, նա արժանավոր ժառանգորդն է Հայկյան ցեղի և իր առակաբան պապ Բալաբեկի, ահա այդ Թագվոր ժառանգը, որն ուներ մայր, հայր (գյուղում) և մի եղբայր (քաղաքում), բանակային օդադեսանտային զորքերում գերազանց ծառայելուց և 95-րդ հերոսական թռիչքից հետո հայտնվել է Բելառուսի հույժ ցանկալի Վիտեբսկ քաղաքում և դարձել ըմբշամարտի (ազատ ոճի ձևից) քաղաքի և ապա Բելառուսի չեմպիոն (ըստ ըմբշամարտիկի ասածի), ես՝ պատմիչս, չեմ վիճարկում իսկությունը, բայց մի բան հաստատ է, քանզի գրանցված է վերոհիշյալ քաղաքի միլիցիայի բաժնի արխիվում՝ Թագվորը ամառային գիշերվա մթությունից օգտվելով հենց քաղաքային այգու նստարանին ցանկացել ու ձգտել էր կենակցել ոմն աղջկա հետ, պատմությունը հավաստում է, որ աղջիկը բողոք չի ներկայացրել, ուղղակի դա քաղաքի բարոյական կերպարը խաթարող արարք է գնահատվել, ու Թագվորը 15 օր ստիպված զբաղվել է հասարակական աշխատանքով՝ բանվորություն հատուկ գաղտնի շինարարությունում։ Այդ այն օրերին էր, երբ արագիլների հսկա երամը օդում բախվեց Արևմտյան Գերմանիայից դեպի Սիբիր թևող կռունկների նույնքան հսկա հավաքական ուժի հետ։ Զարմանալի է միայն, որ դա եղավ ամռան կեսին։ Թռչունները շփոթել էին եղանակը։ Երկնքում այնքան մետաղե թռչող ապարատներ կան, որ չեն կարող չշփոթվել բնական արարածները։ Պատիժը կրելու ընթացքում Թագվորին որպես մշակութային դաստիարակչական ապտակ, տարել են Վիտեբսկի պատկերապահ և Թագավորն իմացել է Շագալ և Մալևիչ կոչված նկարիչների մասին, որոնք Վիտեբսկի ծնունդ են եղել, դա ցնցել է Թագվորի ըմբիշի կարծր ներաշխարհը և նա որոշել է իր ուժերը փորձարկել նկարչական ասպարեզում, նա հավատացել է, որ Շագալի և Մալևիչի, մասնավորապես նրա «Սև քառակուսու» նման նկարելը երեխու գործ է։ Բանտում խնդրել է ստվարաթուղթ, յուղաներկ, վրձին չի ցանկացել։ Բերել են։ Թագվորը ներկերի պարկուճները բացել, սեղմել է ստվարաթղթի մակերեսին ու գույներն ազատորեն քսել, խառնել, էլի քսել, արագ-արագ ու… ով զարմանք, բանտի կառավարիչը նրան նկարի փոխարեն պատվոգիր է տվել, իսկ նկարն այդուհետև ցուցադրվելու է պատկերասրահում, որպես միակ կալանավորի էքսպրեսիվ ոճի հորինվածք՝ առանց վաճառքի իրավունքի։
– Ով ապագայի ընթերցող, այս մահկանացու Թագվորը աղջիկների թուղթ ու գրից ազատվելու համար քիչ է մնացել մտնի վանք՝ հավետ…
Երազ է տեսել, Բալաբեկ պապը խոժոռ դեմքով, մատը թափ տալով մի առակ է ասել՝
Ով որ ընկնի կնկա ցանցը,
Կմոռանա իր անձը։
Արթնանալուց անմիջապես հետո Թագվորը լրիվ չի հիշել առակը (իր ասելով), և չհիշածը չարագուշակ է թվացել իր ապագայի համար, մանավանդ ինքը շատ հեշտ է ընկել իր բանի խելքին և, որպեսզի ամբողջապես չկործանվի, առել է ինքնաթիռի տոմս և…
Երևանում նրանք տուն ունեին, թե ինչպես է պատահել, Թագվորի պատմածից չես ընկալի, նրա խոսքի գոնե կեսը ստի մոտիկ ճշմարտություն է, իսկ ճշմարիտ կեսը՝ ստին մոտիկ։
Երևանի կենտրոնում նրանց տունը քաղաքի կառուցման պլանի տակ է ընկել, և մեր հերոսը (եղբոր և քրոջ հետ) հայտնվել է բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում և մագնիտաֆոնի գործարանում, այս մագնիտաֆոնը, կներեք, չգիտեմ ինչ սարք է, բայց նրա մասերը Թորգոմի թեթև ձեռքով թռել են դուրս, վաճառվել Վլադիվաստոկ, Տաշքենդ և Խաբարովսկ քաղաքներում, ուր Թագվորը, որպես դեռ չամուսնացած տղա և գործի գիտակ, գործուղվել է, այ, էն (մատով ցույց է տալիս երկնքով այդ պահին սավառնող ինքնաթիռը) կախարդական թռչող գորգով։ Եղել են օրեր, սիրելի ապագայի ընթերցող, որ մեր հերոսը առավոտյան թռել է Տաշքենդ, կեսօրին՝ Վլադիվաստոկ, իսկ գիշերը Մոսկվայով վերադարձել Երևան։ Իսկ ընթացքում ծանոթացել ու… մի օտարուհու հետ։
Այսպիսի ծանրաբեռնված կյանքի կդիմանար միայն Թագվոր մականախաղի վարպետը, մի՛ զարմանա, ապագա ընթերցող, ստույգ եմ պատմում՝ մականախաղ։
Օրը մթնում էր, Խոսրովի անտառ-արգելոցից, ուր որ է արջերը պիտի իջնեին գետից ջուր խմելու։ Սա այն Խոսրով արքան է, որ հազարավոր տարիներ առաջ անմահանալու ուղիղ ճանապարհ ընտրեց՝ անտառ տնկելով, նրան մեծարելու ջանքով հավաքվեցին առյուծներ, հովազներ, արջեր, գայլեր, վարազներ… ի՜նչ հաճույք է սոսկ թվարկելը, չմոռանանք հիշեցնել մրջյունների, քարադոդոշների, մողեսների, օձերի և մի դեգերող դինոզավրի մասին՝ նա շրջում է գտնելու իր կեսին կամ էլ մարդկանց, որոնք գիտեն նրա տեղը։ Այս դինոզավրի հետքերը երևում են կավահողի վրա, իսկ ինքը չկա ու չկա։
Իր փոքրիկ կժից ջուր խմեց Անանունը, լայն գրպանից հանած լավաշ համտեսեց և ներս մտնելով՝ իր թիկնոցը հանեց, փռեց հողին, ապա պառկելով, մագաղաթը փռեց կրծքավանդակին, գիտեր, որ արջերը մելանի հոտից փախչում են, նրան գրագետ մարդ չեն ընդունում, ժանիքով ջարդում են ծղիկը։
Իսկ մենք լավ գիտենք, նրան համտեսել չի լինի, նա այնտեղ է, որտեղ չկա գազանություն, թեպետ բնության շղթայական գործողության մեջ գազանը մարդ է ուտում, մարդը՝ գազան, և հետո գազանը՝ գազան, մարդը՝ մարդ։
Թագվորը հասավ Երևան, նրա հետ երկու զբոսաշրջիկ, Գառնու տաճարի մոտից էր վերցրել։ Պատմիչն այդ ժամին արդեն քնած էր։ Արթուն Թագվորին երկու ամերիկահայ պառավները իբրև հավանության նշան, նախ կատակով, ապա լուրջ առաջարկեցին միաձայն.
– Մեր քրոջ աղջկան, 3-րդ մաս կկոչեք, այդտեղ է ապրում, բոյով-բուսաթով աղջիկ է, իսկը քեզ սազական, թե կուզես՝ ծանոթացնենք։ Պառավների հետ ծանոթացավ Թագվորը, մեկի անունը Սրբուհի էր, մյուսինը՝ Իսկուհի։ Նրանց խոսվածքից Թագվորը հասկացավ՝ պառավները Հայաստանից չված, ապա Ամերիկայից տուրիստ եկած քույրեր են։
– Ո՞վ չի համաձայնի ձեր նման բարեկամ, մարդ կերազի,– հումորով և լուրջ ասաց Թագվորը։
ՀԱՋՈՐԴ ՕՐՎԱ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Առավոտյան, երբ պատմիչ Անանունը քարանձավից դուրս էր եկել և շնչում էր ձորի մաքրամաքուր օդն ու լսում գետի խշշոցը, մտածելով բնության ու մարդու միասնականության ու ապրածը պարգև համարելու մասին, նույն այդ պահին ծմրկտալով անկողնու մեջ Թագվորը մտքով անցկացրեց՝ եթե կլոր է աշխարհը կամ ձվաձև, ապա ինչո՞ւ մարդիկ ու անասունները չեն գլորվում, ի՞նչ ուժ է իրենց պահում այդ ձվի մակերեսին, և բանաձևեց՝ այդ ուժը արարածների ճարպկությունն է, պատահական չէ Դարվինի տեսությունը՝ մարդու կապիկից առաջանալու վերաբերյալ։ Բոլոր արարածներն էլ ինչ-որ չափով կապիկ են։
Թագվորն ուրախացավ իր գյուտի ու մտածման համար և պիտի ոգևորված վեր թռչեր անկողնուց (գիտեր, ինչպես առույգ վեր ես թռչում, այդպես էլ անցնում է օրդ), երբ հնչեց բջջայինը։
Թագվորը աթոռի վրայից վերցրեց հեռախոսը, նայեց համարին, անծանոթ թվեր էին, կարծեց հաճախորդներից է, և միացրեց ու գռմռաց՝ ալո, նա անծանոթների հետ հզոր գազանի ձայնով էր փորձում խոսել։
Մի ձայն հարցրեց.
– Ալո, դուք տաքսիստ Թագվո՞րն եք։
– Այո,– բռբռաց Թագվորը։
– Դուք շախմատ խաղալ գիտե՞ք։
– Բա ո՜նց,– հպարտացավ Թագվորը,– կողքից նայելով եմ սովորել։
– Շատ լավ,– աշխուժացավ անծանոթ ձայնը,– ձեզ հրավիրում են Երևանի շախմատի տուն, գիտեք, չէ՞, որտեղ է։
– Այո,– վրա տվեց Թագվորը,– բա տաքսիստը դա էլ չիմանա՞։
– Ուրեմն այսօր երեկոյան ժամը 6-ին, այսինքն՝ 18-ին, սկսվելու է քաղաքի տաքսիստների առաջնությունը, մրցանակները երեքն են՝ տաքսիների անիվներ, դռներ, մի խոսքով՝ մասեր։
– Հրաշք է,– ասաց Թագվորը,– իմ մեքենան կիսախարխուլ «Մերսեդես» է, իսկը պետք կգա։
– «Մերսեդեսի» մասեր կան հաստատ, ուրեմն կսպասենք Ձեզ, պարոն Թագվոր, ցտեսություն։
– Անպայման,– զվարթ պատասխանեց Թագվորը։
Հեռախոսն անջատվեց, ու Թագվորը քթի տակ մրմնջաց. «Գնամ, ջարդեմ, փշրեմ, մասերս փոխեմ, է, ի՜նչ բախտ էր»։
Նա ընդհանրապես իրեն դժբախտ համարողներից չէր, ոչ էլ բախտավոր, միջին մարդ, որին կյանքը և՛ երես է տալիս, և՛ որոշ տեղերում ականջները քաշում. նա որոշակիորեն զվարթանում էր, երբ մտածում էր իր մարզական կարողությունների մասին՝ ըմբշամարտ՝ համարյա վարպետ, մականախաղ՝ Հայաստանի միակ թիմի խաղացող, նարդի՝ իրենց բակի չեմպիոն, պարաշյուտից թռիչքներ՝ համարյա Գինեսի գրքի թեկնածու, շախմատ՝ երեկոն ցույց կտա ինքը ով է։
Նա լվացվեց, պանիր, հաց ու պոմիդորով ձվածեղ սարքեց չորս ձվից, օրը երկար է, և վերջում՝ մրցում։ Քույրն էլ չկա, որ մի բան սարքի, ամուսնացել է ու գորգավաճառության հայտնի բիզնեսմեն է, մեծ առանձնատուն ունի։ Եղբայն էլ վատ չէ, իր տունն ունի,
Մեքենայի մեջ մշտապես փոքրիկ շախմատ էր պահում, որոշեց տաքսիների կանգառում որևէ ազատ վարորդի հետ, դատարկ տեղը սպասելու փոխարեն, շախմատ խաղա։ Մրցումից առաջ պետք է մարզվել։
Իր ընկեր վարորդ Հակոբի հետ երրորդ պարտիան էր խաղում (երկուսը հաղթել էր), երբ զնգաց հեռախոսը։
– Պասաժիր է,– ասաց Հակոբը և փորձեց ձիով քայլ անել։
– Ձեռ ես տվել, խաղա,– գոռաց Թագվորը և միացրեց հեռախոսը։
– Բարի լույս, պարոն Թագվոր,– լսվեց ծեր կնոջ ձայն,– ես Սրբուհին եմ, կհիշե՞ք Գառնո ճամփին, երեկ…
– Այո, այո,– ուրախ-ուրախ կտրեց Թագվորը,– իհարկե հիշում եմ, Ձեր քրոջ անունը՝ Իսկուհի։
– Ճիշտ եք, պարոն Թագվոր։ Ինչպես խոստացել էինք, ուզում ենք մեր քրոջ աղջկան ծանոթացնել ձեզ հետ։ Դուք որտե՞ղ եք։
– Ես հիմա շախմատ եմ խաղում Օպերայի դիմաց, ես հենց հիմա մատ եմ անում և ազատ եմ մինչև երեկո, ժամը 18-ը, հրավիրված եմ Հայաստանի տաքսիստների առաջնությանը՝ շախմատի, ես սիրով կգամ, ուր ասեք։
– Կարո՞ղ եք գալ Կրկեսի կողքի նորակառույց հոթելի մոտ։
– Այո, բա ո՞նց, կգամ, տիկին Սրբուհի, ե՞րբ գամ։
– Կես ժամից, այսինքն՝ ժամը 12-ին, կլինի՞։
– Իհարկե, աչքիս վրա, բայց գիտեք, աշխատանքային շորով եմ,– արդարացավ Թագվորը։
Նա միայն մի կոստյում ուներ, որ կարելի էր համարել ներկայանալի, և մի նոր վերնաշապիկ, կոշիկներ չուներ, այսինքն՝ նոր։
– Փույթ չէ,– ներողամիտ ասաց տիկին Սրբուհին,– կսպասենք հոթելի մուտքի մոտ, դրսում։
– Հասկանալի է,– ասաց Թագվորը,– ես «Մերսեդեսով» եմ գալու։
– Իրավ, իրավ, Ձեր մեքենան երեկ մեզ լավ հասցրեց Երևան։ Ցտեսություն։
– Հաջողություն,– ասաց Թագվորը և հեռախոսի անջատվելուց հետո Հակոբին բարի լուրի պես ավետեց.– գնում եմ աղջկատեսի, երևի էդ իմ բախտն է, արի հանձնվի, ամոթ ունե՞ս, արդեն մատ ես լինելու մի քայլից։
Հակոբը չհանձնվեց, չարեց իր քայլը։
Թագվորն անհամբեր խառնեց դիրքը, հավաքեց շախմատի քարերը, լցրեց տուփի մեջ ու բղավելով շախմատը գրկած մտավ իր մեքենան։ Ի՞նչ էր բղավում. «Էսօրը իմ համար է բացվել»։ Մեքենան ուղղվեց Մաշտոցի պողոտայի կողմ, առաջին խաչմերուկում կարմիր լույսը երկար մնաց, երևի Թագվորին այդպես թվաց, մյուս՝ Մաշտոցի և Պուշկինի խաչմերուկում ևս կարմիրը երկար տևեց, Թագվորի սիրտը երջանիկ պատահականության ակնկալիքից զարկում էր ծանր մուրճի թափով ու ռիթմով. նա՝ Թագվորը, պատանեկան խինդով էր ձգտում հանդիպմանը, թեպետ երեսուն տարեկանի մոտ էր և շատ բան էր տեսել և՛ գյուղում, և՛ քաղաքում, և՛ այլ հանրապետություններում, էլ չեմ ասում՝ սպորտում։
«Երկու ծառ» հյուրանոցի փոքրիկ բակում տեղակայեց մեքենան, չշտապեց իջնել, որ չթվա ծանր տեղը թեթևացնող մեկն է, թող քույրերը երևան, ապա ինքը կիջնի, դեռ տասը րոպե կար պայմանավորված ժամին։ Քրտինքի կաթիլներ երևացին Թագվորի ճաղատացող գլխին ու ճակատին, և մի ճանճ որտեղից որտեղ տզզալով նստեց մեր հերոսի գլխին։ «Այ քեզ խայտառակություն», մտածեց Թագվորը և աջ ձեռքով այնպես ճպպացրեց իր սեփական ճաղատին, որ ճանճին եթե դիպներ, նրա տեղը սև բիծ կմնար, եթե դիպչեր, պարզապես ամուր գլուխ ուներ Թագվորը և ըմբշամարտում կոփված գանգ, որ դիմացավ այդ հարվածին. «Չեղած խելքս թռավ», ինքն իրեն կսմթեց Թագվորը և հենց այդ պահին տեսավ կոկիկ հագնված պառաված քույրերին և նրանց ետևից հյուրանոցի բակ ելնող ոչ այնքան ջահել թվացող օրիորդին։ Առաջին հայացքից ձգող չէր, սակայն մորաքույր պառավների թեթև ժպիտ ուներ։
Մեքենայից դանդաղ դուրս ելավ Թագվորը և որքան հնարավոր էր, նախկին գյուղացու կոպտությունը ծածկող ժպիտ խաղացնելով, մոտեցավ քույրերին և օրիորդին։
– Բարև ձեզ,– բարձր ու զվարթ ասաց նա։
– Բարև, պարոն Թագվոր,– ձեռքը մեկնելով՝ ասաց Սրբուհին,– ահավասիկ մեր քույրիկի աղջիկ Մաքրուհին, ծանոթ եղեք։
– Թագվոր,– ներկայացավ ու ձեռքն արագ ձգեց օրիորդի կողմը։
– Մաքրուհի,– դանդաղ, մեղրածոր՝ թեթև ժպիտով ասաց և ձեռքը ծանրորեն համաձայնեց հայտնվի Թագվորի դաստակի մեջ։
Տղան գյուղացու բնազդով զգաց, որ Մաքրուհին փորձում է վերևից նայել իրեն ու երևի իր ճաղատացող գլուխը ծերացող մարդու տպավորություն է թողնում։ Եվ Թագվորը ըմբշամարտիկի և մականախաղի վարպետի մկանուտ դաստակով չափից ավելի սեղմեց Մաքրուհու նիհարիկ ձեռքը, որից թույլ «ա՜խ» թռավ օրիորդի ոչ այնքան հյութեղ շուրթերի զուսպ բացվացքից։ Հետո Մաքրուհին սեպ նայեց Թագվորի պարզունակ աչքերին ու մայրական փաղաքուշ և կախարդուհու հմայական բարձունքից ասաց.
– Արջուկի նման սեղմեցիք։
– Ես, ես…,– կմկմաց Թագվորը,– ես չուզեցի, այդպես ստացվեց, կներես։
– Դու լավ, պինդ տղա ես, մեր աղջիկը նրբագեղ ուռենու ճյուղ է,– միջամտեց Իսկուհին։
Սրբուհին էլ առաջարկեց գնալ ռեստորան։
– Սեղան ենք պատվիրած, հարկ է այս հանդիպումը նշել։
Թագվորը գրպանում այնքան էլ գումար չուներ, օրվա մեջ երկու հաճախորդ էր տեղափոխել, և մրթմրթաց.
– Տիկին Սրբուհի, ախր ես գործի եմ, ես…
– Երբ կարևոր, ճակատագրական պահ է, պիտք չէ հակաճառել,– Թագվորի աչքերի մեջ մեխելով՝ ասաց տիկին Սրբուհին և տատիկի հոգատարությամբ շարունակեց,– Թագվոր տղաս, ճակատիդ սատկած ճանճ է, դա լավ նշան է համարվում, կարծեմ՝ Հնդկաստանում։
– Վայ, տիկին Սրբուհի, ես էլ գիտեմ փախել էր ճանճը, դու մի ասա սատկացրել եմ։ Կներեք, տատիկներ ջան, Մաքրուհի ջան, ինչ էլ չեմ նկատել, որ…
– Դե, լավ, լավ,– միջամուխ եղավ Իսկուհին,– իրապես ճանճը սատկած լավ է, քան հոգի հանող տզզոցով, գնանք ռեստորան, հայդե։
Նրանք երեքով ներս մտան տոհմական նիհարոտն քայլվածքով, նրանց ետևից նույնքան տոհմական արջաքայլով ներս ընկավ Թագվորը։ Սեղանը պատվիրված էր, վրան բյուրեղապակե բարձր վազի մեջ տարատեսակ մրգեր՝ դա սեղանի կենտրոնում և վազի անմիջապես կողքին՝ թարմ կարմիր վարդերով ծաղկաման։
– Է՜, մենյուն վերցրեք, ծանոթացեք, պատվիրեք ձեր ցանկությամբ,– Թագվորին դիմեց Սրբուհին։
– Ես… ես,– կմկմաց Թագվորը։
– Դու, Թագվոր տղաս, այլևս մի կմկմա, դու արդեն մեր քրոջ աղջկա կողքին ես, քեզ վստահ զգա, հասկցա՞ր։
– Դե, այո,– չփորձեց կմկմալ Թագվորը։
– Տես ի՞նչ է Մաքրուհու ուզածը,– սա էլ Իսկուհին ավելացրեց։
– Մաքրուհի,– դիմեց Թագվորը։
– Ի՞նչ է, Թագավոր,– կարծես թույլ քամահրեց օրիորդը։
– Իմ անունը Թագվոր է, Մաքրուհի, Բալաբեկ պապս է դրել,– թեթև նեղացածությամբ ճշտեց տղան։
– Դդումով ճաշ եմ ուզում,– ասաց Մաքրուհին,– հա, մեկ էլ ֆրանսիական տտիպ գինի։
– Կըլլա, կըլլա՜,– ասաց Սրբուհին,– հոն համեղ ղափամա կերած եմ։
– Ես ալ դդումի մուրաբա ճաշակած եմ, ընտիր է,– ասաց Իսկուհին։
– Այո, մեր երկրում դդումները լավ եփելուց հետո համեղանում են,– հմայիչ նայվածքով ասաց Մաքրուհին։
Թագվորին թվաց իրեն է համարում չեփած, անհամ դդում և բերանից թռցրեց.
– Ես քյալլա եմ նախընտրում։
– Ի՞նչ,– շփոթվեց Սրբուհին,– քյալլա՞, դա ի՞նչ ճաշ է։
– Դա կովի եփած գլուխ է,– ասաց Թագվորը
– Ամա՜ն,– զարմանքից հառաչեց Իսկուհին,– կպատկերացնեք, թե ոնց են մեզի հայում կովի աչքերը, սարսափ։
– Դա բարբարոսություն է,– կարճ կապեց Սրբուհին,– հոստեղ կարծեմ թե կուլտուրական հոթել է, նման վայրենի ուտեստ չկրնար ըլլալ։
Մաքրուհու ժպիտը Ջոկոնդայինին չէր զիջում այդ պահին, ոչ այն է մարդկային, ոչ այն է աստվածային, երկուսի միացյալ պատկեր էր.
– Կով, աչքեր, քյալլա… Թագվոր, դուք երբևէ կերե՞լ եք, դա կարծեմ Գյումրվա ուտեստ է,– հարցրեց Մաքրուհին։
– Այո,– վստահ ասաց Թագվորը,– Գյումրիում են էփում, ես չեմ կերել, կուզեի ուտել, հետաքրքիր է, չէ՞,– հանկարծ խնդմնդաց տղան։
– Դե, որ ուզում ես, կլինի,– ասաց Մաքրուհին, որի խոսքը անակնկալի բերեց մորաքույրներին։
Նրանք հասկացան, որ Մաքրուհին համաձայն է ամուսնանալ Թագվորի հետ։ Թագվորն էլ դա ըմբռնեց, բայց չհավատաց, որ քյալլան կհայտնվի։
Մաքրուհին մոտ կանչեց Մատուցողին և շեշտելով պատվիրեց.
– Ճաշացանկում քյալլա չկա, Գյումրվա քյալլա, մեր պարոնը,– ցույց տալով Թագվորին,– ուզում է, կարո՞ղ եք բավարարել նրան։
– Իհարկե, օրիորդ, բայց՝ 50 րոպեից, մինչև Գյումրիից բերել տանք,– պատասխանեց մատուցողը ամենայն լրջությամբ,– ինքնաթիռով պիտի բերեն։
– Է՜, Գյումրի ինքնաթիռ կթռչե՞,– հարցրեց Սրբուհին։
– Իհարկե,– պատասխանեց մատուցողը,– մենք այնտեղի օդանավակայանին մոտ գտնվող ռեստորանից երբեմն քյալլաներ, խաշ և այլ Գյումրվա խոհանոցի ուտեստներ ենք շտապ բերել տալիս, մեր ռեստորանը շատ մարզերի հետ կապ ունի, այ, օրինակ, Արցախի…
– Ժինգյալով հաց,– ասաց Մաքրուհին։
– Այո,– հաստատեց մատուցողը.– Գավառից՝ քյուվթա, Սևանից՝ ձկան գաթա…
– Ի՞նչ է,– զարմացած հարցրեց Սրբուհին,– մեզ խամ տուրիստի տե՞ղ եք դրել, ձկան գաթա, չէմիչե՝ խոզի տորթ,– սեպ նայեց մատուցողին,– այ տղա, մենք Երևանից ենք գնացել Ամերիկա, քեզ համեստ պահի։
Մատուցողը ձգվեց.
– Տիկին, ես ամենայն լրջությամբ եմ ասում, մենք Կողբից խոզի տոտիկների թթու ենք բերել տալիս։
Մաքրուհին խստիվ ասաց.
– Դե լավ, լավ, քյալլան՝ 50 րոպեից, իսկ տիկնանց՝ հավի խորոված, նրանք տեղական հավ են սիրում։
– Իսկ առաջի՞նը,– հարցրեց մատուցողը։
– Ավելուկով սուպ, դա էլ, չէ՞,– հարցրեց Թագվորին։
Ինքնաբերաբար տղան գլխով դրական նշան տվեց։
– Չորս հատ ավելուկով սուպ, մեկ քյալլա, երեք բաժին հավի քյաբաբ։
– Դուք խորոված էլ ասացիք,– ճշտեց մատուցողը և գրիչը սեղմեց բլոկնոտին։
– Եվ երկու բաժին հավի խորոված,– ասաց Մաքրուհին։
– Ես մենակ ո՞նց ուտեմ էդ քյալլան,– ըմբոստանալու պես ասաց Թագվորը։
– Դա՝ քեզ պատիժ,– մայրաբար ասաց Մաքրուհին և կարծես թե ժպտաց։
Մինչ այդ Անանուն պատմիչը խառնել էր Թագվորի գդալի, պատառաքաղի ու դանակի տեղերը, և տղան աջ ձեռքով բռնում էր գդալը, ձախով՝ դանակը, հետո շփոթված սեղանին էր դնում դանակը, վերցնում պատառաքաղը և հետո կարմրում էր, հայացքը կախում, նայում էր գետնին ընկած սպիտակ մետաքսափայլ անձեռոցիկին ու մտածում. «Ախր դա իր ծնկին էր դրել, դրանից առաջ դոշին էր ամրացրել, այսինքն մտցրել վերնաշապիկի ճեղքից ներս ու…
Մաքրուհին կիսաթեք նայեց Թագվորին.
– Ոչինչ, Թագավոր, առաջինները վերջին կդառնան, վերջինները՝ առաջին։
Այս անգամ Թագվորը չճշտեց իր անունը, կարևորը՝ իրեն վերջիններից բերեց առաջին տեղեր ու հավատաց Մաքրուհու գուշակությանը։
– Մաքրուհիս իմաստուն աղջիկ է,– ասաց Սրբուհին։
– Դա իր իմաստուն խոսքերից է,– ասաց Իսկուհին։
Մաքրուհին պարզաբանեց.
– Սողոմոն իմաստունինը կլինի… համ էլ դա կարևոր չէ՝ ումն է, լինելիքը
լինում է։
Այս խոսքերը մրճահարեցին Թագվորի ճակատի այն մասը, որտեղ կպել էր սատկած ճանճը։ Նա թևաթափ հավի պես ընկավ Մաքրուհու հավանոցը, և կարծես աքլորը նա էր, ոչ՝ Թագվորը։
– Հարսանիքը ե՞րբ եք որոշում անել,– Թագվորին հարցրեց Սրբուհին։
– Ոնց կասի Մաքրուհին,– գլուխը կախ պատասխանեց Թագվորը։
– Տուն ունե՞ք,– հարցրեց Իսկուհին։
– Քրոջս և եղբորս հետ ենք ստացել, երկու սենյականոց, ղռերի մոտ,– ամաչելով ասաց Թագվորը։
– Քարանձավ էլ ունի,– կողքից հնչեց Անանունի ձայնը։
– Ո՞վ էր,– հարցրեց Սրբուհին։
– Ո՞վ էր,– հարցրեց Իսկուհին։
– Հնագույն ձայն էր,– ասաց Մաքրուհին։
– Քարանձավախույզինն է երևի,– ասաց Թագվորը,– երեկ Գեղարդում պեղում-ների էի, մի ծերունի կար, նրա ձայնն էր ոնց որ։
– Այս մարդը խելառ է,– Թագվորին նայելով՝ ասաց Սրբուհին։
– Ամա՜ն, խեղճ տղան խելքը թռցուց,– հոգոց հանեց Իսկուհին։
– Սա իմ ամուսինն է լինելու և թագավորը,– շեշտ ասաց Մաքրուհին,– խնդրում եմ, սիրելի մորաքույրեր, հարգել նրան, նա դեռ քարանձավային մտածողությանը թարգ չի տվել, բայց լավ նյութից է։
Ավելուկի սուպից գոլորշին բարձրացավ, քսվեց Թագվորի գանգամաշկին և նա հիշեց.
– Մորաքույրեր ջան, Մաքրուհի ջան, էսօր Հայաստանի շախմատի առաջնու-թյանն եմ մասնակցելու։
– Օ՜,– ճչաց Սրբուհին,– Պետրոսյան։
– Օ՜,– ճչաց Իսկուհին,– Վահանյան։
– Օ՜,– ճչաց Մաքրուհին,– Արոնյան։
– Չէ հա,– ամոթից գլուխը կախ ասաց Թագվորը։– Ջարդելու եմ, փշրելու ձիերին, փղերին, թագուհուն ու թագավորին։
– Կեցցես,– գոչեցին ազգակից տիկիններն ու օրիորդը։
Հենց այդ պահին սեղանին դրվեց չռված աչքերով քյալլան։ Տիկինները սարսափած նայեցին իրար։
Թագվորն ու Մաքրուհին ձեռքերով պոկոտում էին քյալլի փափուկ մասերը և ախորժակով ուտում։
– Այ թե զույգ են,– ասաց Սրբուհին։
– Հարսանիքը կլինի սեպտեմբերի 17-ին,– հայտարարեց Մաքրուհին։
– Մենք ձեզ մեկ սենյականոց բնակարան կնվիրենք,– ասաց Սրբուհին և նայեց Իսկուհուն։
– Այո, մեր քույր Զարուհու աղջկան՝ օժիտ, մեկ սենյականոց,– պնդեց Իսկուհին։
Մաքրուհին յուղոտ ձեռքերով պոկեց ևս մի կտոր և փայլփլացող շուրթերով բարբառեց.
– Ով ոնց ուտում է, այդպես էլ սիրում է։
Թագվորը գլուխը դրական վերուվարեց, իսկ կովի քյալլա կոչված գլխից միայն գանգոսկրն էր մնացել ու թավշյա նայվածքով, աշխարհից այդքանը արտացոլող աչեղ աչքերը։
– Սարսափելի է,– նորից թառանչեց մորաքույր Սրբուհին և մատուցողից խնդրեց սեղանի հաշիվը։
Երբ հաշիվը ներկայացվեց կաշեպատ կազմով հին մատյան հիշեցնող շագանակագույն հաշվեգրքով, Թագվորն առանց հաշվին նայելու համենայնդեպս ձեռքը գրպանը տարավ։ Տիկին Սրբուհին մշտապես հաշիվ փակող տղամարդուն վայել մեծահոգությամբ շեղակի նայեց Թագվորին և մրմնջաց.
– Խաղաղվիր, ջանս, դուն պատրաստվիր սեպտեմբերի 17-ին, մենք մնալու ենք մինչև այդ օրը։
Շատ դժվար էր բաժանումը, թղթե և մետաքսափայլ անձեռոցիկները չէին զորել լրիվ մաքրելու Թագվորի և Մաքրուհու ձեռքերի և բերանի յուղափայլը և, չգիտես ինչու, տիկին Իսկուհին, որ այդ ընթացքում երկրորդում էր իր քույր Սրբուհուն, հանկարծ ծղրտաց՝ գորկա… Դա նրան մնացել էր պատանեկան տարիներին Հայաստանում դիտած ռուսական ֆիլմերի հարսանիքների տեսարաններից։ Այս անգամ նրան կրկնեց Սրբուհին.
– Գորկա։
– Է՜, որ գորկա, գորկա,– ասաց Մաքրուհին և Թագվորին քաշեց իր կողմ ու շուրթերով հպվեց շշմած տղայի երեսին,– մնացյալը՝ հետո, հարսանիքից հետո։
Խնդացին։
– Է՜, պայմանավորվե՞լ եք հանդիպման համար,– հարցրեց տիկին Սրբուհին։
– Հեռախոսահամարները փոխանակել ենք,– հանդարտ պատասխանեց Մաքրուհին։
– Դե, հաջողություն, Թագվոր տղաս,– ասաց Իսկուհին։
– Հաջողություն ձեզ,– բարձրաձայնեց Թագվորն ու մի քնքուշ հայացք նետելով Մաքրուհուն, ուղղվեց դեպի մեքենայի դուռը։ Հին «Մերսեդեսը» կաքավի պես տեղից պոկվեց ու թեքվեց Գրիգոր Լուսավորչի փողոց։
– Բավականին բռի է,– եզրակացրեց Սրբուհին։
– Ջանմ, պոպոքի պես տղա է երևում, կհղկվի մեր Մաքրուհու ձեռը,– ասաց Իսկուհին։
– Լավ երեխեք կծնվեն,– ասաց Մաքրուհին,– համա թե շատակեր է։
– Խեղճ քյալլա,– մրմնջաց Սրբուհին։
– Ես էլ էի ուտում, որ չամաչի,– ասաց Մաքրուհին։
– Կարծես ամոթի տեսակետից թերի է, այդքանը նկատեցի,– ասաց Իսկուհին։
– Ոչինչ, լսող է,– կոշկակարի պես դիպուկ մեխեց Մաքրուհին,– մաման ու պապան կզարմանան, էսքան տարի մարդ չհավանեմ ու էս գեղցուն առնեմ, դա էլ ճակատագիր է։
ՇԱԽՄԱՏԻ ՏԱՆԸ
Երևանի շախմատի կենտրոնական տանը շատ բան էր գլխով անցկացրել, բայց այսպիսի աղմուկ-աղաղակ, շուխուր-մուխուր չէր տեսել։ Տաքսիստների առաջնության էմբլեման տաքսիների դռներին տպված շախմատի վանդակներն էին, որոնք ապացուցում էին շախմատի և տաքսու, շախմատիստների և տաքսիստների մերձավորագույն արնակցությունը։
Թագվորն աղյուսակի 5-րդ տեղում էր, 30-ի մեջ 5-րդը։ Նա մտածեց. «5-րդ տեղն էլ գրավի, գոհ կմնա, կզանգի Մաքրուհուն և կհպարտանա։ Բաժանվել էին զույգերի ու սկսվեց մրցումը։ Թագվորն այնպիսի քայլեր էր անում, որ դիմացինին թվաց նարդի են խաղում, այն էլ կարճ տիպի, և շատ կարճ էլ տևեց, Թագվորը զոհաբերեց թագուհուն և մատ հայտարարեց ութերորդ հորիզոնական հասած զինվորով, որն այլևս ձի էր։ Դա շշմեցուցիչ հաղթանակ էր, դիտողները զարմանքից չռված աչքերով, ինչպես քյալլան, լայն բացված բերանով բղավում էր.
– Արա՛, խաղալ չգիտես, ո՞ւր ես եկել։
Իհարկե, խոսքն ուղղված էր Թագվորի հակառակորդին։
– Ախպե՜ր, էսօր ընենց բան եմ լսել, որ խե՞լք կմնար գլուխս, մի հաճախորդ ասաց էն անցած թագավորին բռնելու են, դատեն, տարածը հետ բերեն։
– Վա՜հ,– միաձայնեցին կանգնած դիտողները,– մենք էլ ենք լսել, համա երրորդին էլ են բռնելու։ Առաջինն էլ ցուցմունք է տալու, նրան էլ…
– Բա որ Տիգրան Մեծին հասնեն,– ժպտաց Թագվորը։
– Նա էլ մի բարի պտուղ չէր, գրավեց, գրավեց, վերջը՝ ի՞նչ, սա չէ՞,– խոսեց նոր պարտվածը։
– Տո, եթե դու Տիգրան Մեծին հավան չես, քո խաղն էլ էդ կըլնի, էլի,– շշպռեց մի կանգնած ոչ մասնակից։
– Լավ, տղերք, մի վիճեք, տուրնիր է,– ասաց կազմակերպիչ երևացող մեկը։– Թագվորն ո՞վ է ձեզանից։
– Ես,– բարձր ասաց Թագվորը։
– Պատրաստվիր 11-րդ համարի հետ խաղալուն, Պողոս է անունը, կարծեմ՝ Հանեսյան։
Թագվորը գտավ Պողոս Հանեսյանին, նա էլ էր առաջին պարտիան հաղթել։
Խաղը սկսվեց երկուստեք անհեթեթ քայլերով, որոնց Թագվորը գրոհ էր անվանում։
Պողոսը հարցրեց.
– Էդ ճի՞շտ է, որ վարորդների տուգանքները զեղչելու են։
– Հա, լսել եմ, ես էլ շատ պարտք ունեմ։
– Հա, ես էլ ձիով կուտեմ քո փիղը։
Այդ միջոցին հայտնվեց Անանուն պատմիչը ու չզայրացավ, խելոք մարդիկ խոհեմ են խոսում.
– Ձին եթե ուտում է փղին, ուրեմն երկիրը ծանր վիճակում է, պիտի զինվորներ ունենա, պաշտպանի սահմանը։
Պողոսը թարս նայեց Անանունին.
– Դու էլ շախմատի լավ մեկնաբան ես երևում։
– Չէ, ես Հնդկաստանում չեմ եղել, չատուրանգը, կարծեմ, այնտեղի խաղ է,– մեղմ ասաց Անանունը։
– Թագվոր, էս ո՞վ է, դու ես բերել որպես մարզիչ։
– Տո, չէ, այ տղա, էս մարդը էրեկ Գեղարդի քարանձավներում էր, չթողեց ոսկի պեղեմ։
– Ի, հլա համբերում ես, մի հատ չանին տուր, թող տեղն իմանա,– հոխորտաց Պողոսը և հենց այդ ասելու ընթացքում «մատ» ստացավ։
– Արա, մա՜տ, չէի տեսել, ախպոր պես, միամիտ եղավ,– արդարացավ Թագվորը։
– Ի, էս բիձուն բերել ես ինձ խանգարի՞, էսի հաշիվ չի,– գոռաց Պողոսը, դատավորներից մեկին իրենց մոտ բերելու մղումով։ Դատավոր եկավ։
– Էս ի՞նչ աղմուկ է,– հարցրեց նա։
– Էս Թագվորը էս բիձուն,– նայեց, չտեսավ բիձուն,– ո՞ւր գնաց, ո՞ւր կորավ էն մորուքովը։
Չկար ու չկար։
– Թագվոր, ո՞վ էր դա,– հարցրեց դատավորը։
– Գեղարդի քարանձավում եմ տեսել, մեկ էլ էսօր ռեստորանում ձայնն եմ լսել, ինքը չկար, ըտենց բիձա ա,– պատասխանեց Թագվորը,– ինձ հետ գործ չունի։
– Քեզ էր բալետ անում,– ասաց Պողոսը։
– Ի՞նչ բալետ, ի՞նչ օպերա, էդ մարդը շախմատ խաղալ չգիտեր, չհասկացա՞ր, նա ոնց որ հնուց էր եկել,– ասաց Թագվորը և ավելացրեց,– դատավոր ջան, «մատ» եմ արել, գրանցեք։
– Դե ստիպված ենք արդարությունը պաշտպանել, եթե դատավոր ենք ու բիձեն էլ չկա։
Պողոսը փորձեց բողոքել, սակայն մի սեղանի մոտից լսվեց ահավոր ճիչ.
– Ի՞նձ ես «մատ» ասում, դու մի քայլ առաջ ես «մատ» եղել, խուլիգան,– տարեց տաքսիստ էր։
«Խուլիգան» կոչվածը պատասխանեց.
– Դու գրդոնչի ես, տաքսիստ չես, քեզ ո՞վ է թողել մրցում գաս, ես կբողոքեմ։
Տարեցը «գրդոնչի» կոչված, նավակով հարվածեց «խուլիգանի» գլխին։
Դահլիճը խառնվեց իրար։ Թագվորն էր, որ կարողացավ հարթել միջադեպը, նա երկուսին էլ ճանաչում էր և բղավեց.
– Տղերք, էսօր «կարմիր գծերը» որոշել են մաքրել։
Բոլորը աթոռներից վեր թռան, քըրթ կանգնեցին ու մոտ կանգնածները գրկեցին Թագվորին.
– Դու մեր փրկիչն ես, իրավապաշտպանը, Աքիլեսը դու ես։
Մրցումը շարունակվեց առանց «խուլիգանի» և «գրդոնչիի»։
Թագվորը նայում էր երրորդ հակառակորդին և ուզում էր ասել.
– Դու էն չե՞ս, որ գողացել ես մականս։
Բայց չասաց, որովհետև դիմացինը լավ էլ գիտեր, որ ինքը գող է և մականախաղի ձախորդ սկսնակ դարպասապահ, որ սկսնակ էլ մնաց, իսկ գողացած մականը նվիրեց իրենց գյուղի հովվին։
Տաքսիստները նայելով մեքենա նստածին, միանգամից ջոկում են, թե ինչ թեմայով խոսեն հետը, իհարկե, ամենանախընտրելին քաղաքականն է և իշխանությանը հայհոյելը, հատկապես հարուստ իշխանավորներին ու նրանց քթից թռած օլիգարխներին։ Շախմատ խաղալիս էլ կարող ես չլռել, քաղաքական թեման մագնիսի պես ձգում է։
Թագվորը հարցրեց.
– Ո՞ւմ ես պաշտպանելու գալիք քաղաքապետական ընտրություններին։
– Նրան՝ ում դու,– դժգոհ պատասխանեց հակառակորդ մական գողացողը։
– Այդպես էլ գիտեի, ավելի լավ է իրեն ծաղրողին ու մեզ ծիծաղացնողին ընտրել։
– Դե, որ գիտես՝ արագ խաղա,– ասաց մականագողը։
– Ի, ե՞ս եմ դանդաղ խաղում, հլը էս «շախից» փախի, թե կարող ես։
Հակառակորդի արքան փախավ և ընկավ ոստիկանություն։
Այդպես ցանկացավ Անանուն պատմիչը։
Անհետացած արքայի համար պարտություն գրանցվեց։ Մականագողը ճվճվում էր.
– Իմ ձեռից թռավ, ման գանք, սա ձև չի։
Չկա ոչ մի տեղ, հավաքարարներն էլ փնտրեցին, չկա քո արքան, ուրիշ արքաներն էլ խաղի մեջ են, վերջ։
Թագվորի դիմաց գրանցվեց երեք միավոր։
Նա մտածեց՝ «Ճիշտ որ, էսօր իմ օրն է, թեպետ արքան տեղ չուներ գնալու, բայց ո՞ւր թռավ շան որդին»։
Դահլիճում փղերը ոտատակ տվին նավերին, զինվորները կերան թագուհուն ու թագուհի դարձան, ոմանք՝ ձի ու փիղ։ Սևերն ու սպիտակները մորթում են իրար՝ մի այլ գույն՝ կարմիրը գերադասելով։ Խաղը վերածվել է իրական հաշվեհարդարի, դատավորները խնդրում են իրենց խղճալ, բանտերում փիղ ու ձի պահելու համար խցեր ու ախոռներ չունեն, դրանք հարմար են միայն թագավորների ու թագուհիների համար։
Նրանք հայտարարում են բացեիբաց, տաքսիստների զայրույթից մթագնած դեմքերին շպրտում են վերջնագրի նման.
– Դուք եք քաղաքն ու պետությունը խառնում ձեր չճշտված լուրերով ու բամբասանքներով, դուք գործակալներ եք հետախուզական գործակալությունների, դուք թաքուն շփվում եք թուրքերի, ամերիկացիների, պարսիկների, վրացիների, ռուսների և էլ չգիտենք որտեղից եկածների հետ։ Ձեր լիցենզիաները պիտի չեղարկել, ձեր համարները պիտի ոչ թե դեղին ու վառ գույներով, այլ սև ներկել…
Այսպես գոռգոռում էին դատավորներն ու չէին հասկանում՝ սա խա՞ղ է, թե՞ խաղք ու ցուցք։
Անանունը իրարանցման մեջ փնտրում էր Թագվորին, չէ՞ որ նրա հարսանիքը սեպտեմբերի 17-ին է նշանակված, ճիշտ չի լինի երազանքը փշրել ձիու սմբակի տակ։ 4 միավոր Թագվորին, 5 միավոր։ Եզրափակիչում հաղթում է Անանունը, բայց դա գրանցվում է Թագվորի հաշվին և՝ չեմպիոն, «Մերսեդեսի» նոփնոր դռներ ու մի անիվ։
– Մաքրուհի՜, անիվ եմ շահել «Մերսեդեսի» ու երկու դուռ, չեմպիոն եմ, չեմպիոն։
Մաքրուհուն թվաց, թե Թագվորը Հայաստանի շախմատի չեմպիոն է դարձել ու փքվեց մի քիչ, այնքան, որ չնկատի Սրբուհի մորաքույրը, և շնորհավորեց Թագվորին.
– Նոր քյալլաներ եմ ցանկանում և նոր բախտի անիվներ։
– Մերսի,– ուրախ ասաց Թագվորը,– դռները կծախեմ, մատանի կառնեմ, Մաքրուհի ջան։
– Ի՞նչ ըսավ Թագվորը,– հարցրեց Սրբուհի մորաքույրը։
– Հեչ, ասաց՝ չեմպիոն եմ դարձել Հայաստանի, այն էլ՝ շախմատի, և մատանի է առնելու, իզուր չի շախմատ ու մատանի բառերի նմանությունը։
ՀԱՋՈՐԴ ԿԻՐԱԿԻ
Ինչպես խոստացել էր Անանունը, եկավ այգի և ամֆիթատրոնի նստարաններին նկատեց երեք խուլ-համրերին, դժվար չէր նրանց նկատելը՝ կողքները մարդ չկար։ Քիչ այն կողմ մի խումբ երեխաներ «էշ-միլիցա» էին խաղում, իսկ մի քանիսն էլ՝ բռնոցի։ Ահա դանդաղ մոտեցան երկու պառավ և երեք ծերունի, նրանք նստեցին ուղիղ Անանունի դիմաց, որ լավ լսեն հեքիաթասացին, անցած կիրակի առանձնապես բան չէին հասկացել նրա պատմածից, ամենածերը մրթմրթացել էր.
– Ես գիտեի ես եմ խելքս գցել, պարզվում է՝ ինձնից խելառն էլ կա։
Անանունը նայելով բոլորին, այդ հունարն ուներ, իր նախորդից էր ժառանգել, հավասարաչափ ժպտաց բոլորին և, երգչի պես կոկորդը մաքրելով, օլիմպիական հանգստությամբ (ի միջի այլոց, նա ներկա էր եղել մեր Վարազդատ թագավորի հաղթանակներին հենց բուն օլիմպիական երկրում, է՜, դա վաղուց էր, չեմ հիշում որ թվին, 4-րդ, 5-րդ, թե մի այլ դարում), ասաց.
– Բարի լույս ծեր ու մանուկին, լսող-չլսողին, խոսող-չխոսողին։
Խուլ-համրերը պատասխանեցին զգացված, որ իրենց հիշում է պատմիչը և ավելի ուշադիր սկսեցին լսել, իսկ էն «էշ-միլիցա» խաղացողներն էլ պակաս անկարգ չէին։ Պատմիչը մեղմորեն սաստեց.
– Եթե չլսեք, Չինգիզ խանը կգա, դա՞ եք ուզում։
Երեխեքը թողեցին խաղերը և լուռ նստոտեցին բետոնե նստարաններին։
Պատմիչը նայեց իր ծղոտից հյուսած մաշիկներին ու շարունակեց նույն հանգով.
– Ես ձեզ պատմել եմ մի հասարակ տղայի՝ Թագվորի կյանքի մի փոքրիկ մասը, հատկապես նրա պարաշյուտով 95-րդ թռիչքի մասին, որից նա հրաշքով փրկվեց, դեռ նման դեպքերում որևէ մեկն աշխարհում չի շարունակել շնչել այս օդը։ Ուրեմն՝ Թագվոր տղան հիմա ոչ միայն ջուր է խմում, հաց է ուտում, այլև տաքսի է վարում և փորձում է գանձագողությամբ զբաղվել Գեղարդի և Արենիի քարանձավներում։ Իհարկե, նա վերջին օրերին կտրուկ փոխել է իր խոտոր վարքագիծը, որովհետև քիչ հետո կասեմ, նա երկու-երեք օր առաջ դարձավ Հայաստանի տաքսիստների շախմատի չեմպիոն։
– Ուռա՜,– գոռացին մանուկները, որից թեթևակի վախեցան այն պառավներն ու ծերունիները.
– Ի՜նչ եք գլուխ տանում, սա ձեր համար դպրոց չի,– բշտեց ամենածերը։
– Երեխեք են, ոչինչ,– մեղմ ասաց Անանունը և թելեց իր պատմությունը,– այս Թագվորը, գիտեք, նաև մականախաղի և ըմբշամարտի վարպետ է և գլուխ է գովում նարդի խաղալիս, բայց դա չէ կարևորը, այլ այն, որ նա Գյումրվա մի ողջ քյալլա կերավ ի հեճուկս ամերիկահայ քույրեր Սրբուհու և Իսկուհու, իհարկե, նրան օգնեց քույրերի քրոջ աղջիկ Մաքրուհին, որին Թագվորը խոստացավ ամուսնանալ այս տարվա սեպտեմբերի 17-ին, որ ճիշտն ասեմ Մաքրուհին օրիորդ է, բայց կարելի է ասել՝ պառաված։
Սա լսելիս, երկու պառավ ունկնդիրները միաձայն զայրալից բղավեցին.
– Հեյ, խելռուկ, պառավներին խի՞ կպար, հլը քեզ նայի կողքից։
Անանունը ձգվեց, չէր պատկերացնում, որ նախնադարի ու միջնադարի չխոսկան կանայք կարող են օրը ցերեկով քաղաքային այգում ճվճվալ ու արական էակին, այն էլ՝ մորուքով, նվաստացնել։ Սա անսպասելի հարված էր, որին շեշտակի միացան երեք ծերունիները։
– Հերիք չի՞ գլուխ տանես քո Թագվորով, նրա քյալլա ուտելով, ցնդած ես՝ գնա Սովետաշեն։
Անշուշտ, Անանունը չգիտեր, թե ինչ տեղ է Սովետաշեն կոչվածը, բայց հասկացավ, որ դա արքայական պալատ չէ և ոչ էլ հասարակաց տուն, հին արվեստի թիթեռներին պատմիչը ծանոթ էր, չեմ ասի, թե կզարմանար, եթե նման հաստատություն մտներ։ Բայց «Սովետաշեն» տեղանունը սթափեցրեց Անանունին և նա դառը ժպիտով ասաց.
– Կներեք, եթե պատմությունը ձանձրացրեց, հասցնեմ ասել (երեխեքն այդ միջոցին թռան) Թագվորը կամուսնանա Մաքրուհու հետ, կունենան սկզբից աղջիկ, հետո՝ տղա, կապրեն երջանիկ, մինչև այն օրը, երբ մեր տարածաշրջանի պատերազմից հետո զորավարի համհարզ Սաքոն՝ Թագվորի կնոջ հորաքրոջ աղջկա ամուսինը, Թագվորին կմերժի Մեղրու մաքսատան թելը…
– Ի՞նչ թել, այ բիձա,– գոռաց ամենածերը,– դու մեզ դերձակի տե՞ղ ես դրել, գնանք, այ մարդ։
Այդ պահին համրը ձեռքով հասկացրեց, որ կիսատ չթողնի, շարունակի թելի պատմությունը։ Ամենածերը սսկվեց և մտքով անցավ, թե երևի հետաքրքիր բան լինի հետո։
Անանունը խորհրդավոր ժպտաց.
– Այդ թելը մաքսատան տարածքում ներս ու դուրս անող մեքենաների մուտքը փակող ու բացող գերանի, կարծեմ գերմաներեն շլագբաում եք ասում, թելն է, Թագվորը հենց դա նկատի ուներ, հենց դրան էր ուզում հսկիչ ու տեր լիներ, մի բարակ թելի, մի անձրևից ու ձյունից խամրած խոզի պոչի պես բարակ թելի։ Սակայն պատերազմում հաղթած զորավարի համհարզ Սաքոն մերժեց, ասելով.
– Դու, Թագվոր տղա, պարսկերեն չգիտես, անգլերեն՝ առավել ևս, հայերեն Ալաշկերտի բարբառով ես խոսում, իսկ ռուսերեն՝ բելառուսի ակցենտով, չի լինի, համ էլ զորավարը կզայրանա, թե բարեկամիդ էդ ինչ քուչի գործ ես տվել, մի լավ բան գտի։
– Է, դու էլ գտի,– համարձակվեց ասել Թագվորը։
– Պատերազմին չես մասնակցել, չի հասնում, դու լավ կըլնի իմ ռեստորանում զալի վարիչի օգնական ու վարորդ աշխատես, դրանից լավ բա՞ն,– խոլոռ նայեց Սաքոն։
– Է՜, Մաքրուհին չթողեց կռիվ գնամ, ասաց՝ պապուս Արևմտյան Հայաստանում են սպանել թուրքերը, հերս Երկրորդ համաշխարհայինից է եկել վիրավոր, քեզ էլ ուզում ես զարկեն Արցախո՞ւմ, չես հիշո՞ւմ, քեզ է զանգել, դու էլ նրա լացը լսելով, ասել ես՝ թող Թագվորը զենք ու մենք տեղափոխի, ես էլ արել եմ, Սաքո ջան։
– Հա, Թագվոր, դրա համար էլ լավ գործ եմ ասում, համ էլ ինձ օգտակար կլինես, ընտանիքդ էլ լավ կպահես։
– Հետաքրքիր է, համարյա համոզվեցի,– ասաց հարցասեր տղան ու էլի հարցրեց,– դուք բոլորի՞ ապագան գիտեք։
– Դա Աստված գիտի, ես՝ մի քանի հասարակ, Թագվորի պես մարդկանց։
Ու շարունակեց։
Սակավաթիվ ունկնդիրներից այն տղան, որ ամենալավ «էշ-միլիցա» խաղացողն էր, ձեռքը բարձրացրեց, կարծես դպրոցում լիներ։
Անանունը ընդհատեց խոսքն ու հարցրեց.
– Ի՞նչ է, հարց ունես։
– Պարոն պատմիչ, դուք էնպես եք նկարագրում Թագվորի ապագան, ասես եղել եք նրա հետ, դուք ախր անցյալի պատմիչ եք, հո գուշա՞կ չեք։
Անանունը մեծահոգաբար աջ ձեռքով նշան արեց, որ տղան նստի, բարի ու համոզիչ տոնայնությամբ պատասխանեց.
– Լավ հարց էր, ես կարող եմ հավատացնել, որ և՛ անցյալի, և՛ ապագայի պատմիչ եմ,– ապա աջ աչքը կկոցեց.– գոնե Թագվորի մասով, տղա ջան, անցյալը, ներկան ու ապագան ժամանակի երեք երես են, ես ընդհանրական ժամանակի պատմիչ եմ, հասկանո՞ւմ ես, ողջ ժամանակի, նա միշտ կենդանի է, անցյալը մեռած չէ, և ներկան ու ապագան նույնքան տեսանելի են ու շոշափելի։ Մի զարմացի։
Երբ անցան տարիներ ու զորավարին նենգաբար սպանեցին ճիվաղները և համհարզն էլ մեքենայով ընկավ կամրջից, Թագվորը դառնորեն հիշում էր, արդեն ռեստորանից էլ հանել էին՝ կոպիտ վարվեցողության պատճառով, հիշում ու չէր ներում իրեն, որ չի պնդել, Մաքրուհուն չի ասել զանգի Սաքոյին ու համոզի՝ թելի վարիչ նշանակի իրեն։ «Հիմա գիտես ի՜նչ հարուստ կլինեի, Պարսկաստանից ինչքան ավտո էր գալի, Հայաստանից ինչքան ավտո էր գնում, ամեն մեկից 1 դոլար, տես ինչ է անում»։
– Հա՜,– Թագվորի դրության մեջ մտան և՛ պառավները, և՛ ծերունիները, և՛ անգամ խուլ հադիսատեսները։
– Էդքա՞նը,– հարցրեց ամենածերը։
Չէ, ամենահետաքրքիրն այն է, որ մի անգամ, ասենք Թագվորը քաղաքի բոլոր սեփական տների բնակիչներին ճանաչում էր, գիտեր ով ոնց է ապրում, ինչ կաշառք ու փող է կպցնում (սա Թագվորի սիրած խոսքն է), ով ինչ պաշտոնի է եղել, խմո՞ւմ է, թե՞ ուռում (սա էլ է Թագվորի խոսքերից), ով ինչ բարեկամ ունի արտասահմանում, մի խոսքով անվարձ, անպաշտոն գործնական ու լրտես, հա, ուրեմն՝ ամենակարևորը, մի անգամ Թագվորը փողոցում մեքենան ավտոտնակում կանգնեցնելուց հետո տուն էր գնում, ավելի ճիշտ՝ մայթին, հանկարծ ընկնում է Թագվորը։ Աշխարհին ճանաչող մարդուն կես ժամ ոչ ոք չի մոտենում, հետո, լավ է, մի հոգի շտապօգնություն է կանչում, տանում են մոտակա հիվանդանոց ու, տեսնելով անշունչ է, սիրտը՝ կանգնած, գցում են մահացածների մոտ։
– Վա՜խ, վա՜խ,– արեց երկու պառավներից առավել զգայունը,– խեղճ Թագվոր։
Բժիշկները գրպանից հանել էին վարորդական իրավունքի վկայականը և զանգել ոստիկանություն։ Պարզել էին Թագվորի հասցեն ու հեռախոսի համարը։ Տնեցիքին տեղեկացրել էին, թե գնացեք այսինչ հիվանդանոց։ Մաքրուհին հարևան Ավետին է խնդրում իր հետ գնալ։ Հիվանդանոցում ուղղակի ասում են, որ պացիենտին անշունչ բերել են հիվանդանոց, ոչ մի հարվածի հետք չուներ, ուղղակի, այդպես, ոչինչ չօգնեց՝ արհեստական շնչառություն, սա է վիճակը։
– Ո՞ւր է հիմա,– հարցնում է Ավետը։
– Էնտեղ, մահացածների հետ։
– Վայ, Աստված,– գոռում է Մաքրուհին,– նա ցլի պես առողջ էր, ոնց մի րոպեում մեռավ, չեմ հավատում, չէ՜։
Եվ կարծես կնոջ ձայնը հասել էր Թագվորի ականջին, նա բացում է աչքերը, աջ նայում՝ մեռել է, ձախ նայում՝ մեռել է, մտածում է՝ կարո՞ղ է ինքը էլ է մեռել, շոշափում է դոշը, գլուխը ու տեսնում է, որ ողջ է, թեթևակի նստում է ու սարսռում շուրջը պառկած մահացածների տեսքից, գոչում է.
– Բժիշկ, բժիշկ, ո՞վ կա։
Հարցասեր տղան նորից ձեռքը տնկեց։
– Ի՞նչ է, տղաս, էլի հա՞րց։
– Այո,– կանգնած վրա տվեց տղան,– ի՞նչ եղավ Թագվորի բջջայինը, եթե մոտն էր, թող զանգեր։
Անանունը անսպասելի հարցից քիչ էր մնում շփոթվի, բայց նա հիշեց, որ Թագվորի հեռախոսը հին էր և լռվել էր քարի պես, Թագվորն այն թողեց մեքենայում։ Հենց այսպես էլ պատասխանեց։ Որից հետո տղան լուրջ առաջարկություն արեց.
– Ես մտածեցի, որ մեռածների հետ կարելի է բջջային դնել։ Մեր Ազգային ժողովին եմ դիմելու, սա շատ կարևոր է ինձ թվում։
Անանունը համաձայնեց.
– Ամեն ժամանակ նոր խոսք է ծնում և նոր թաղման ձևեր, փարավոնների հետ հսկա հարստություն էին դնում, մի հեռախոսը մեծ բան չի, կարելի է,– ժպտաց Անանունը և շարունակեց Թագվորի պատմությունը, հիշեց կրկին, որ Թագվորն աղեկտուր բղավում է։
Միջանցքում անցնող հեռախոսի բժշկուհին լսում է խուլ ձայն, ականջ է դնում մետաղե դռանը և իսկապես, մեկը բժիշկ է կանչում, մեռածներից մեկը։ Շտապ զանգում է, հարայ-հրոց գցում։ Գալիս, բացում են հաստ, մետաղե, գունաթափ դուռը և տեսնում շլմորած, վախվորած, կանաչած Թագվորին։
– Ահա քեզ Թագվոր,– ասում է բժիշկը ու Մաքրուհուն շնորհավորում,– հարություն առավ ձեր ամուսինը, սա առաջին դեպքն է, կեցցես, Թագվոր։
Թագվորը նայելով Մաքրուհու արդեն դալկացած դեմքին, մեղավոր ժպտաց.
– Չեմ զգացել, որ մեռել եմ, մեկ էլ զարթնեցի մեռելների մեջ, հիմա ես կա՞մ, թե՞ չկամ։
– Կաս, կաս,– սրտապնդեց բժիշկը,– մի երկու օր կպահենք, կստուգենք ճնշումդ, շաքարդ, թոքերդ, սիրտդ և դուրս կգրենք։
– Ինձ արդեն դուրս էիք գրե՞լ,– փորձեց սրամտել Թագվորը։
– Հետո հրաշքների չենք հավատում,– մեղմ ժպտալով ասաց բժիշկը։
– Փառքդ շատ, Աստված,– ձեռքերը վեր կառկառած՝ մրմնջաց Մաքրուհին ու թեթև հրեց Թագվորին,– ուզում եմ զգալ՝ իսկակա՞ն ես, թե՞ չէ։ Երեխեքին չեմ ասել, հերդ ու մերդ էլ չգիտեն, հավատա, նույնն ես։
Ավետն էլ վրա բերեց.
– Քարի պես տղա է, իսկականի հետ ճիշտ է։
Անանունը լռեց։
– Այ քեզ Թագվոր,– ամենածերը խոսեց,– մենք էլ կասկածում ենք՝ հարություն կա՞, թե՞ չկա։
– Քրիստոսը վկա, կա՛,– շեշտեց զգայուն պառավը։
– Ա՛յ քեզ պատմություն,– ավելացրեց մյուս պառավը։
– Շոգը վրա տվեց, գնանք ծառերի տակ,–ասաց զգայունը։
– Հեքիաթասացը չի նեղանա, ինքն էլ հոգնեց,– ասաց մյուս պառավն ու փեշերը թափ տալով՝ ելան։ Համարյա միաձայն կանչեցին.
– Ապրես, Անանուն պատմիչ, էսօր քեզ արդարացրիր։
Անանունը համաձայնեց և ոչ բարձր, ոչ ցածր ասաց.
– Բոլորիդ հրավիրում եմ հարսանիք, սեպտեմբերի 17-ին, Սարդենիկ գյուղ։
Խուլ-համրերն էլ ելան գոհ, աչք-ունքով հասկացրին, որ Թագվորի պատմությունը հուզիչ էր և ուսանելի։ Գնացին հանրային զուգարանի կողմ։ Պատմիչ Անանունն էլ դեմ չէր այցելել այդ հաստատություն, երբ ականջին հասավ ընկերներին ուղղված հարցասեր տղայի խոսքը.
– Սկզբում մտածեցի գիժ է, բայց ոնց որ…
– Հա, էլի,– համաձայնեցին ընկերները։
ՀԱՐՍԱՆԻՔ
Սևանա լճից քիչ այն կողմ ծվարած Սարդենիկ գյուղը վաղուց չէր տեսել նման նախշուն հարսանիք։ Փեսայի ձեռքին հայտնված շքեղ, կարմրակատար աքաղաղը վերևից էր նայում հարսանքավորներին, հատկապես արևախանձ թշերով քավորին, որ Թագվորի հորեղբոր տղա Գոռն էր։ Աքաղաղը բացահայտ տանջվում էր՝ ոտքերը կապած, մարդկային ճանկերում զսպված, լավ էր միայն, որ թևերն են արձակ, նա տեսնում էր հարսի հոգնած դեմքն ու փնտրում իր հավանոցն ու հավերին, որոնք երբեք նման տեսք չեն ունենում, նրանք չեն մեծանում, ծերանում, նրանց իր աչքի առաջ քավորի պես մարդիկ վզքաշ են անում։ Չընկնենք աքլորի խելքին, նա իրեն պարսիկ շահ է պատկերացնում, չի իջնում իր թառից ու գահից։
Զարուհի, Սրբուհի, Իսկուհի քույրերն իրար հետ բարդիների շարք են հիշեցնում՝ նիհար, բարձրահասակ, գունագեղ ու նրբագեղ հագնված, զուգված, ասել կուզեն՝ մեզ չշփոթեք ամեն մեկի հետ, հատկապես գյուղի բարձր խավի կանանց հետ, որոնք իրականում պակաս գունագեղ չէին, բայց՝ պակաս նրբագեղ։ Գյուղի կանայք, ինչ էլ լինի, եռանդուն են ու արագաշարժ, որքան էլ ցանկանան հանդիսավոր թվալ, չի հաջողվի՝ գեղջկական առողջ բնազդը մղում է ջերմության, մարդամոտության։
Երեք քույրերը երեք հրեշտակների նման թևածում էին, աքաղաղից բարձր ու ազդեցիկ հովանի էին Մաքրուհի հարսին և, ինչու չէ, նաև փեսա Թագվորին։ Ասենք նաև, որ Մաքրուհու հայրն էլ՝ Սենիկը, որոշ հանդիսավորություն էր տարածում շուրջերքը, սակայն նաև տղամարդկանց հետ շփումներում պարզ էր ու հայավարի։
Հատկապես ջերմ էր Թագվորի հոր՝ Զարզանդի հետ, որը ժամանակին ֆերմայի վարիչ է եղել, հիմա իր տնամերձում կարտոլ է աճեցնում և պահում է երեք այծ, հինգ ոչխար, երկու կով։ Նա ժպտում է տեղի-անտեղի, ասել կուզի՝ վերջապես Թագվորս ամուսնացավ։
Թագվորի մայրն աննկատ էր, նա պտտվում էր սեղանների շուրջ, հարցնում՝ ինչ է պակաս, քաղաքից եկածներին մատուցողուհի էր թվում։ Միայն նվերներ հանձնելու միջոցին հայտարարվեց Թագվորի հայր Զարզանդի և մայր Հերիքնազի անունները։ Մաքրուհու հարազատներն առաջին և, երևի, վերջին անգամ նրանց տեսան։ Նվերը՝ Ալաշկերտից գաղթած (1828 թվին) տոհմի միջնադարյան պարզ մատանի էր՝ Հերիքնազը ճշտեց՝ նախատատիցս է հասել մեզ, պարսկական ոսկի է, Թավրիզի շուկայից առած։
Հարսանիքի նվիրատվության սույն արարողության ժամանակ Սրբուհին և Իսկուհին զույգ ծաղիկներին նվիրեցին Երևանի Աջափնյակ թաղամասի նորակառույց շենքերից մեկի չորրորդ հարկի մեկսենյականոց բնակարանի բանալի։ Հարսանիքը սսկվեց. Սա առաջին դեպքն էր, որ նման թանկարժեք նվեր էր տրվում զույգ ծաղիկներին։ Մաքրուհու հայրն ու մայրն էլ բնակարանի կահույք նվիրեցին (խոստացան) և ադամանդե քարով մատանի փեսային ու հարսին։
Զարուհին, Սրբուհին և Իսկուհին իրար հետ հին հայկական, Վանի նահանգի ուրախ մի երգ երգեցին, դա այնքան հուզիչ էր, այնքան զնգզնգուն, որ հարսանքավորներից ոմանք վեր թռան ու ձեռքերն ու ոտքերը տվեցին պարային շարժումներին, վերջում երեք քույրերն արտասվախառն լռեցին, և Սրբուհին բարձրախոսով պարզաբանեց.
– Սիրելի բարեկամներ, Սարդենիկ գյուղի հասարակություն, մենք վանեցի ենք, մեր պապական տունը մնացել է Արևմտյան Հայաստանում, մեծահարուստ տոհմից ծնվել են Թուրքիայի մեջլիսի պատգամավորներ ու խմբագիրներ, առևտրականներ, ինչ ասեմ, նրանցից քչերը մնացին, դուք լավ գիտեք, էս օրով չտխրեցնեմ, հիմա մեր բարեկամներից ամբողջ աշխարհում են ապրում, նրանցից քույրերս են՝ Զարուհին ու Իսկուհին այստեղ, մյուսները զանգելով շնորհավորում են, երջանիկ լինեն մեր զույգ ծաղիկները, կներեք, որ հուզվեցինք…
Հարսանքավորները ինքնաբուխ ծափահարեցին, և թամադան, որ հինգ չափահաս որդի ուներ, բոլորն էլ՝ մարզային հեղինակություն, բայց ոչ օրենքով գող, շարունակեց մեկ առ մեկ խմել հարսանքավորների կենացը։ Թագվորը չէր իմանում, որ Մաքրուհին այսքան շատ հարազատներ ունի, դա ուրախալի էր, նրանցից ոմանք թանկարժեք մեքենաներով էին եկել։ Պարզվեց՝ իրենց գյուղում էլ կան վանեցու ժառանգներ ու, բնականաբար, թամադան՝ դպրոցի նախկին հայ գրականության ու աշխարհի պատմության ուսուցիչ, պատվարժան ընկեր Հաբեթը, հանդիսավոր առաջարկեց խմել հայ ժողովրդի կենացը և, անհրաժեշտաբար, հարկ համարեց անդրադառնալ պատմական հիշարժան դրվագների, հերոսական և ողբերգական էջերի, վերջին փառապանծ արցախյան հաղթանակներին, որոնց մեջ իրենց դերն ունեին Գեղարքունիքի մարզի, հատկապես Սարդենիկ գյուղի քաջազուն զավակները, որոնցից ոմանք ներկա էին հարսանիքին։ Նա՝ թամադան, հաջորդ կենացը պիտի նվիրեր պատերազմում զոհվածներին ու ողջ հերոսներին, բայց մինչ այդ, մոռացա ասել, որ մեր հայոց հարսանիքները յուրահատուկ պատմության դասեր են և ով ճիշտ չի իմանում և ճշմարիտ չի ներկայացնում մեր պատմությունը, հարսանքավորների ներկայությամբ ջախջախվում է չորս կողմից, իմացող-չիմացող վրա են տալիս։
Թամադայի բուռն և հուզախռիվ խոսքից հետո ոտքի ելավ անծանոթ (ոմանք գիտեին հարսի կողմից է, հարսի հարազատներին էլ թվաց փեսայի պապոնցից է) Անանունը և, ձեռքը վեր բարձրացնելով՝ հանդարտեցրեց թամադայի հյութեղ խոսքից ազատագրված հարսանքավորներին և, երբ լռություն հաստատվեց, Անանունը բարբառեց.
– Հե՜յ, հնաշխարհից, նախասկզբից մինչ այս ծիսական պահը հասած հայրենակիցներ, ես չեմ ցանկանում իմ երկար խոսքով խաթարել այս հրաշք ոսկեփայլ հանդեսի ռիթմը, բայց ստիպված եմ ասել, քանզի թամադան կարծես թե բաց թողեց (որից շեշտակի ցնցվեց թամադա Հաբեթը), մեր այս Սևանի ափին Ուրարտուի բերդերն էին, մինչ այդ՝ կիկլոպյան ամրոցներ, հավատացած եմ, որ հիմա թե լավ փնտրենք, կգտնենք նրանց հետքերը։ Մեր պատմությունը առավելապես հողի ու ջրի տակ են, քան տեսանելի աշխարհում, հենց Լճաշենի այն փայտե սայլը, որ թանգարանում է, վառ օրինակ, այո, Սարդուր ուրարտական այրը իշխում էր այս հողերի վրա և, ինչպես թամադան չասաց, մենք հեծել ենք թևավոր առյուծներ ու Պեգասի պես թևավոր ձիեր, թող ների ինձ թամադան, նա չհիշատակեց, որ Սարդենիկ գյուղի անունը սարդ բազմաոտի հետ չի կապվում, այլ մեր ուրարտացի Սարդուրի, ա՛յ, շփոթեցի՝ Սարդուր Առաջինի՞, թե՞ Երկրորդի, սա էլ թող հիշեցնի թամա…
Վերոնշյալ բազմակետերը երեք արցունքի կաթիլ են հիշեցնում, որ ընկան Անանունի աչքերից, նա չհասցրեց ըմբռնել իրավիճակը, թամադա Հաբեթի ընդոստ կանգնելուց և ձեռքը Անանունի կողմը մեկնելուն զուգընթաց, նրա միջնեկ ու կրտսեր որդիները աջ ու ձախից հարվածներ տեղացին Անանունի դեմքին, փորին, գոչելով.
– Էյ, քոսոտ բիձա, դու ի՞նչ ես, որ մեր հորը չախես, քո համար պատմությունը բլո՞թ ա, դու ո՞վ ես, որ ընկել ես ըստե, էսի քեզ դաս։
Հարսանքավորները հասցրեցին բաժանել, նրանց մեջ էր Սարդենիկի վանեցի ժառանգ էն «էշ-միլիցա» խաղացող հարցասեր տղան, որին Արմեն էին կոչում, նա շնչակտուր բղավում էր.
– Նա պատմիչ է, հեքիաթասաց ու հին դարերից եկած իմաստուն։
Հարսանքավորները բավարար և արժանի համարեցին հարսանիքում կռիվ սարքելու և ծեծի հնավանդ սովորության իրականացումը, բայց էդ փոքր տղայի բացատրությունը մի քիչ զգաստացրեց, հատկապես թամադային, որ հարսանիքին ներկա մարզի ոստիկանապետի ներկայությամբ որդիները բավականին կոպիտ քաշքշեցին դարավոր պատմիչին, նա հաշտարար դատավորի թիկնոց հագած՝ գոռաց.
– Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է։
Բոլորը ոտքի կանգնեցին, կենացը մինչև վերջ խմվեց, միայն Անանունն էր լուռ, նրա քթի արյունն էին կտրում թղթե անձեռոցիկներով, որոնց փափկությունն ու սպիտակությունը Արարատի ձյան հուշ արթնացրին։
Նա մրմնջաց.
– Թագվորին ու թագուհուն նվեր եմ բերել։
– Ի՞նչ նվեր,– հարցրեց բուժքույր Նազիկը։
Գողթան երգ՝ Տեղ ոսկի տեղայր
– – – – – – – – – – – –
Հարսանքավորները շշմած լսում էին՝ բերանների մեջ տաք խորովածի կտորներ, նրանցից մեկը, որ արդեն կերել էր խոզի մսակտորը, վեր թռավ ու վարավորված ճչաց.
– Ինչո՞ւ գրաբար չես արտասանում, դու կեղծ պատմիչ ես։
– Է՜, մարգարեն իր գյուղում չի ընդունվում,– մրմնջաց գյուղի գլխավոր անասնաբույժ Սերոբը։
Մինչ սպասում էին պատմիչի պատասխանին, նա այլևս չկար, ոչ ոք չտեսավ՝ ոնց թռավ խեղճը, անգամ բուժքույր Նազիկը թղթե անձեռոցիկները սեղանին դնելով, արդարանում էր.
– Ես մեղավոր չեմ, նա մեկ էլ անհետացավ։
Ոստիկանապետը զանգեց ոստիկանություն և հրահանգեց.
– Ճամփեքը ստուգեք, երկինքը խուզարկեք, պատմիչ է անհետացել, տո, չէ, ի՞նչ Մովսես Խորենացի, Անանուն պատմիչ, գտնելուց ինձ շտապ տեղեկացրեք։
Ահա այսպիսի բովանդակալից հարսանիքից հետո Թագվորն ու Թագուհին առանձնացան լճափին կառուցած ոմն Կայծակ մեծահարուստի հյուրանոցում , և Թագվորը այն բելառուսուհուց հետո, առաջին անգամ տեսավ կնոջ բարեմասնությունները լիովին մերկ։ Չէ, մի անգամ էլ օտարուհու էր կիսամերկ տեսել, մութ էր, լավ չի հիշում Թագվորը՝ լրի՞վ էր, թե՞ կիսամերկ։ Զարմանալի էր, որ այդ բուռն և տարօրինակ գիշերվա ընթացքում Թագվորն իմացավ, որ Մաքրուհին 85-ամյա մորական տատ ունի, այսինքն՝ Զարուհու, Սրբուհու և Իսկուհու մայրը, անունն էլ՝ Անթառամ։ Նա հարսանիքին չի մասնակցում, ճիշտն ասած՝ Թագվորը տատի սրտով չէր, համ էլ այդքան ճամփա կտրելու ո՛չ հավես, ո՛չ էլ առողջություն ուներ։ Մաքրուհին, չգիտես ինչու, Թագվորին շշնջաց.
– Տատս մեծ գաղտնիքներ ունի։
Դա, իհարկե, շարժեց փեսայի հետաքրքրասիրությունը, սակայն դրանից առաջ շարժվել էր ու իր իրավունքների մեջ էր տենչում մտնել Թագվորի, ամոթ է ասել, էնիքը։
Սարդենիկում միայն խուլիգաններն ու հարբածներն են այդ անդամի բուն անունը տալիս, որ մաքուր հնդեվորպական արմատից է և ժողովրդի արմատավորման ու տարածման ազգանվեր գործում գլխավոր դերակատար է։
Մաքրուհին Թագվորին խնդրեց չմոռանալ Հերիքնազ մոր հրահանգը՝ առավոտյան սավանը պիտի ցուցադրել գյուղի բազմափորձ կանանց հանձնաժողովին։
Թագվորն անասելի զվարթությամբ համարյա խրխնջաց.
– Չէի հավատում կույս կլինես, ինչքան չլինի քաղաքի աղջիկ ես, սավանը հավաքի, որպես ապացույց, թե չէ ամբողջ երկրում խայտառակ կլինեմ։
– Նայիր, մի ուրիշ սավան էլ կա։
– Հա՜, իմ մտքով էլ անցավ, բայց լավ է, քիչ ցավեց, կարծում էի կմեռնեմ։
– Չմտածես, փոքր է իմը,– տղամարդկային մանկական հպարտությամբ ասաց Թագվորը։
– Այ տղա, կարող է գիտես քեզանից բացի…
– Չէ, չէ, Մաքրուհի ջան, համա թե քնքուշ կրծքեր ունես, ոնց որ փոքրիկ ավազե…
– Լավ է քարի հետ չհամեմատեցիր, ա՛յ ըմբիշ,– սաստեց Մաքրուհին և արյան հետքերով սավանը փաթաթեց, դրեց պահարանը, նորը փռեց, հետո գնաց բաղնիք։ Թագվորը մեջքին պառկած՝ երանելի վիճակում էր։ Չէր հավատում, որ ինքը ինքն է, ախր շատ է տրված փող աշխատելու մրցավազքին, տղերքն էլ ձեռ են առնում՝ փողը նաև աղջիկ-մաղջկա համար է։ Չէ, ախպեր ջան, ըսենց լավ էր, ոնց որ Կոլոմբոսը Ամերիկա հայտնագործեր, հիշեց պապու խոսքը՝ մեկին սիրի, լավ սիրի։
Հենց այդ մտքի վրա Մաքրուհին ցայված եկավ, պառկեց, իր մարմնի տաք ջրից կակղած կավը հպեց Թագվորին։ Տղան չհասցրեց մտածել, թե էս չոր սրունքներն ու նիհար ազդրերը ոնց են սարսռացնում իր ջանը, սիրտը։ Գուցե սերը սա է, չէ, սրան սեքս ասելը սրբապղծություն է, ինչքան չլինի ավանդական տոհմի տղա է։ Սեր, սեր։ Ահա, թե ինչը թևավորեց նրան և երկրորդ անգամ Թագվորի ու Մաքրուհու մարմինները հագան իրար, ինչպես բանալին է գտնում դռան իր անցքը, ինչպես դռան փեղկերն են փակվում, բացվում, ինչպես դուռը…
Այս դռան համեմատությունը որքան Թագվորինն էր, նույնքան էլ պատմիչինը։ Նրանք մի խոսք էլ ասացին դռանը առնչվող՝ թող բոլորի առջև էլ այդ դուռը բացվի։
Թվում է՝ այստեղ պիտի ավարտվի առաջին գիշերվա չնաշխարհիկ պատմությունը, բայց Մաքրուհու մտքով անցավ՝ հագնվել, իջնել ափ և այնտեղ կառանված փոքրիկ առագաստանավով ծով ելնել (Սևանա լճին հայերը ծով են կոչում)։ Նա, չգիտես ինչու, վստահ էր, որ Թագվորը կհամաձայնվի, և տաք անկողնուց վեր թռավ, շտապ-շտապ հագնվեց, այդ ընթացքում ուշադիր նայում էր Թագվորին, այդ հայացքը վիշապի էր, քանզի փեսան ճագարի պես ձգվեց դեպի նա, արագ-արագ հագնվեց ու չհասկացավ, թե ինչու Մաքրուհին պահարանից հանեց կուսության ապացույց արնաբիծ սավանը, ու դուրս ելան։ Պահակը քնած էր։ Հյուրանոցի դուռը անաղմուկ բացեցին, ու լուսաբացին հարող գիշերվա պաղ, աշնանային օդն ու ծովային քամին զգաստացրին քիչ առաջ ղունղունող աղունիկներին։
– Քամի է, ծովը՝ փոթորկոտ,– զգուշացրեց Թագվորը,– նավը կքշի խորքերը։
– Չէ, ափով կքշենք,– ասաց Մաքրուհին։
– Ախր սա առագաստանավ է,– շեշտեց Թագվորը։
– Ոչինչ,– խիզախելու պատրաստ՝ ժպտաց Մաքրուհին։
Այդ ժպիտը Թագվորին հրեց դեպի նավը, հրեց դեպի ջուրը, Մաքրուհին եղնիկի պես ցատկեց նրա մեջ, Թագվորը բռնել էր կնոջ սավանից ազատ ձախ ձեռքը, և նավը, ավելի ճիշտ՝ առագաստը տրվեց քամուն, քշվեցին ափով, հետո Թագվորը հուժկու բազուկներով թիավարեց, թույլ չտալով խրվեն խորքերը։
– Հետաքրքիր է, համ առագաստանավ է, համ թիակներ ունի, կարո՞ղ ես սավանն ամրացնել առագաստի վրա, թող երկու առագաստ լինի։
– Ինչի՞ համար,– զարմացավ Թագվորը։
– Այդպես եմ ուզում, երևի խելառ եմ,– խնդմնդաց Մաքրուհին։
Թագվորը առաջին գիշերվա ոգեշունչ բազուկներով սավանն ամրացրեց կայմին, կապեց ճոպաններով և այդ ժամանակ, Թագվորի թիերից ազատագրված նավը սկզբից թեթև, ապա արագացող շարժով քիթը տնկեց դիմացի լեռնաշղթայի կողմը։ Թագվորի սիրտը դող ընկավ։ նա գիտեր՝ որքան խորն է լիճը, այդքան անբացատրելի խարդավանքներ ունի։ Շատ էր լսել կործանված ձկնորսանավերի ու ձկնագողերի մասին։ Ափին հանգստացողները մշտապես խուսափել են խորքը լողալ, ջուրը հանկարծակի պաղում է, ընդերքից շատրվանող ջրաշիթեր կան, կապտացնում են մարմինը մի քանի րոպեում։
Բարեբախտաբար ալիքները դեպի ափերը քշեցին առագաստանավը, սավանն էլ իրեն առագաստի տեղ էր դրել, փքվել էր, ներշնչվել էր քամուց, արդեն լեռների կատարները ճառագայթահարող արևի հառնումից և որոշել էր ողջ հմայքով երևալ հեռվում, ջրերի մեջ հայտնված ձկնագողերին և նրանց նավակներին։
Քամին համարյա լսելի բերեց մեկի զարմացական ճիչը.
– Պահո, ոնց որ Ճապոնիայի դրոշը լինի…
Պողոս ընկերն էլ խեթեց.
– Դա շատ է նման Թուր Հեյերդալի «Ռա» նավի առագաստին, նրա վրա էլ է արև նկարած, էդ նավով էլ հասել է Զատկի կղզի։
– Ի՞նչ գիտես,– հարցրեց Ծովագյուղի հայտնի ձկնորս Բարեղամը։
– Մոռացե՞լ ես, որ ես ֆիզիկոս եմ, գիտության թեկնածու, ինձ ջահել օրերին կոմսոմոլը խրախուսել էր որպես երիտասարդ գիտնական և ուղեգիր վստահել՝ Սկանդինավյան երկրներ, Օսլոյում եմ տեսել «Ռա» նավը։
– Պահ-պահ, աշխարհ ես տեսել, չէ, մեր նման էս ձկների հույսին, միլիցուց վախեցած, մեր կյանքը կյանք չի, էլի,– քոթոթի պես մռթմռթաց Բարեղամը։
Այս զրույցը, ինչպես ասվեց, լսելի էր Թորգոմի ականջներին, սակայն նա ո՛չ ժպտում էր, ո՛չ խոսում, նա նախ սրթսրթում էր առավոտվա պաղ օդից և վախից, որ առագաստանավը կդառնա անկառավարելի, թևերի մեջ էլ ուժ չէր մնացել, ողջ մարզական կենսագրության մկանային զանգվածն ուղղել էր նավակը ափերին մոտ պահելու համար։ Նրան միայն եռանդ էր տալիս Մաքրուհու ինքնամոռաց, հմայական, երանելի գոհությունը՝ բարձրացող արևին երկրպագող։ Թագվորը մտքում մեղադրում էր իրեն, որ չի ֆայմել (այդ բառը շատ էր օգտագործում) տաք հագուստ վերցնելու մասին զգուշացնել, ախր ինքն էր էս կողմերից, խեղճ Մաքրուհին ի՞նչ իմանար, լավ է, որ ջինսե շալվար հագավ և քաշմիրի բրդից պուլովեր, բայց կարևորն այն էր՝ Մաքրուհին չէր մրսում, ոչ էլ անհանգստացավ Թագվորի ատամների կափկափոցից։ Աշխարհում այդպիսի այգաբաց դիտելու համար նա իր հարսանիքի նվեր տված ոսկե զարդերն ու մեկ սենյականոց բնակարանը կտար։ Ու հիմա ջրերի, օդի, լույսի աստվածներն իրար միացած՝ փառաբանության ճիչ արձակեցին նորահարսի համբույրներից նոր շունչ առած բերանից.
– Օ՜, օ՜, օ՜, օ՜…
Այդպես երկու րոպե շարունակ, առանց դադարի։
Թագվորն էլ ետ չմնալու համար ձգեց՝ օ՜, բայց դա միախառնված էր ա՜խ-ին։ Այս կողմերին ձայնավորները խառնում են իրար, և բառերը հնչում են մոտավորապես տաք կարտոլ ուտողի ձայնաշարով՝ օա՜խ, օարա՜ղ…
Լույսի լրիվ բացվելու հետ, բնականաբար, ջերմացավ օդը, բարեբախտաբար խաղաղվեց լիճը, Թագվորի վերջին ճիգերը զորեցին նավակը հյուրանոցի ափ հասցնելու համար։
Մաքրուհին ողջ հասակով, բարդու պես ձիգ, թևերը երջանիկ տարածած կանգնել, նայում էր ուժասպառ Թագվորին։ Տղան ծուռ ժպիտով փորձում էր ցույց տալ, թե ինքն էլ է նույն տրամադրության տեր, սակայն Մաքրուհին կնոջ մայրական չթաքցրած բնազդով տոգորված՝ աջ ձեռքով շոյեց Թագվորի քրտնաթոր ճաղատն ու հովի վերածված ծովային քամուն (այս կողմերում բրիզ չեն ասում) միաձույլ՝ շշնջաց .
– Պապդ չի՞ ասել՝ սիրո համար այրվել մինչև վերջ։
Թագվորը ստեց.
– Ասել է։
Իրականում նրա պապը սիրո վերաբերյալ ոչ մի առակ, առած, խտացած միտք չէր ասել, դա կդիտվեր տղամարդուն ոչ սազական արարք, այ ասել է իր պառավին.
– Սուս մնա, այ կնիկ, եթե տղամարդիկ շնից չեն տարբերվում, կնկտիք էլ կատվների պես մլավան են ու ճանկրտող։
Մաքրուհին պատրաստվեց ափի ավազներին դիպչած նավակից դուրս ցատկել, երբ լսվեց կանանց խմբային սուր աղմուկ-աղաղակ։
– Ո՞ւր ա մեր Թագվորը, ո՞ւր ա սավանը։
Մաքրուհին տեղում մեխվեց․ չէր սպասում պառավների հանձնաժողովի այսքան վաղ հայտնվելուն, նրանք հյուրանոցից շարունակում էին դուրս գալ, շարվել լճափին, գնալով բազմանում էին և այնքան սևեռուն էին նայում երեկվա փեսային ու հարսին, ասես Սևանի ազգային պարկի տեսուչներ լինեին, իսկ տղան ու աղջիկը՝ ձկնագողեր։ Թագվորը նավակից դուրս ցատկեց, օգնեց, որ կինն էլ դուրս գա և ապա, թեքվելով կանանց կողմը, որոնց մեջ առաջին շարքում առանձնանում էին Հերիքնազ մայրը, Նազիկ բուժքույրը, Թագվորի պորտը կտրած Զանազանը, մոտիկ և հեռու բարեկամներ, գյուղի հարևանուհիներ ու մեկ էլ դպրոցի կենսաբանության իր ուսուցչուհին՝ Այծեմնիկը, և ճչաց.
– Բարի լույս։
– Բարևն Աստծունն ա,– պատասխանեցին կանայք։
– Ի՞նչ կա, մամ ջան, ինչի՞ էսքան շուտ,– հարցրեց Թագվորը՝ մոտենալով կանանց։
– Բալա ջան, կովկիթի ենք, լիքը գործ ունենք, եկանք սավանը տեսնելու, ադաթ ա, տղա ջան, ճիշտ ա՝ դուք քաղաք տեղում եք, բայց գյուղում օրենք ա,– այնքան վախվորած ու խղճալի էր արտաբերում բառերը, որ Թագվորի սիրտը կմղկտար, եթե չլիներ սավանը, և անմիջապես զնգաց Մաքրուհու տիրական ձայնը.
– Հերիքնազ մայրիկ, ահա այն,– նորահարսը ցուցամատն ուղղեց նավի առագաստի վրա։
Կանայք սևեռվեցին, ինչպես ուրարտական տատերն ու մայրերը առյուծներ տեսնելիս, ու խմբով հառաչեցին.
– Այսքա՜ն արյուն, վա՛յ, անխիղճ Թագվոր։
Դա նշանակում էր, որ հարսը պատռվածքներ է ունեցել։
– Արի, հարս ջան,– փափկած սրտով ու հպարտ ասաց Հերիքնազը, մոտեցավ Մաքրուհուն և համբուրեց նրա ճակատը։
– Համենայն դեպս սավանը պետք է գյուղ տանել, որ մյուսներն էլ տեսնեն,– խորհուրդ տվեց Նազիկը,– հեռվից էլ երևաց, որ սավանի վրա կուսության արյան հետք է և ավելի։
Նազիկը չմանրամասնեց, թե ինչ է նշանակում «և ավելի» խոսքը, ինչպես Թագվորի պապն էր նման դեպքերում ասում. «Հասկացողը կհասկանա, չհասկացողը թող էդպես էլ էշ-էշ ապրի»։
Առագաստանավը զրկվեց իր նոր փառքից, թեպետ ամբողջ մարզում այդ և հաջորդ օրերին տարածվեց մի լեգենդ, իբր Թուր Հեյերդալը Զատկի կղզին հայտնագործելուց առաջ եղել է Սևանա կղզում, այն էլ՝ ճապոնական սուզանավով։
Մի անհավատի հորդորեցին՝ գնալ և տեսնել վերոհիշյալ «Ռա» սուզանավի դրոշը Սարդենիկի գավառական թանգարանում։
Անանուն պատմիչն այս դեպքի վերաբերյալ ասաց.
– Պատմությունն այնպիսի նյութից է, որ հավատացողին թվում է իրական, իսկ անհավատին՝ հեքիաթ։
Երկու դեպքում էլ մարդը գիտելիք է շահում, ահա պատմության մարդասեր հոգին։
ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ
Դեռ ոչ մի ձկնորս չի կարողացել ցանցը գցել օրերը, տարիները, նրանք հոսում են ջրի պես և կաթկթում ուռկանից, եթե փորձում ես որսալ։ Այդ տարիներն էին, որ անցան 20-րդ դարի վրայով և բարձրացան 21-րդ դար և ահա Երևանի արդեն սեփականաշնորհած (99 տարով) այգու ամֆիթատրոնում կրկին երևաց Անանուն պատմիչ ասացողը, օրը, ինչպես կռահեցիք, կիրակի էր ու բազմամարդ, թեպետ առավորյան ժամը 11-ն էր։ Նույն տեղում նստած չէին այն պառավներն ու ծերունիները, խուլ-համրերը, միայն հին հանդիսատեսներից հարցասեր տղան էր՝ Արմեն Վանեցին։ Պարզվում է՝ նա մեծանալով, տարիք առնելով չի մոռացել Անանուն պատմիչին և ամեն կիրակի եկել է այգի, սպասել նրան, հատկապես Սարդենիկ գյուղի հարսանեկան վայրի ծեծից հետո նա տենչում էր գոնե մի անգամ տեսնել պատմիչին և ներողություն խնդրել։ Եվ հիմա նրա համար տոն էր, նա նստարանին ցատկեց պատանեկան ավյունով, թեպետ երիտասարդ էր, և ջերմորեն մոտենալով Անանունին, նախ ողջունեց և ապա գլուխը կախ շշնջաց.
– Կներեք։
Պատմիչն ամեն ինչ ընկալեց, շոյեց Արմենի արմենոիդ գլուխը և ասաց.
– Մարդ եթե ծեծվում է, պիտի հարսանիքում ծեծվի, դա ապագա պինդ ու կուռ սերունդ ունենալու նախանշան է, ի դեպ, Թագվորն ու Մաքրուհին աղջիկ և տղա ունեն, աղջիկը հիմա անգլերենի մասնագետ է համալսարանում և պատրաստվում է…
– Այդ մասին հավաքվածներին պատմեք,– հորդորեց Արմենը և բարձրաձայնեց,– սիրելի մեծ ու փոքր, ժամանել է, այսինքն՝ հին դարերից, պատմիչ, ասացող Անանունը, նստեք ու լսենք նրան, ես բախտ եմ ունեցել փոքր տարիքում վայելել նրա խոսքը, կներեք, որ երկար խոսեցի։
Ժողովուրդը տեղավորվեց նստարաններին, իսկ պատմիչը, բնականաբար, մաքրեց կոկորդն ու խանձված, հինավուրց կոկորդային թավ ձայնով բարբառեց.
– Հե՜յ, քաղաքի ու շենի, վանքի ու քարանձավի ժողովուրդ, դուք երևի հիշում եք իմ հերոս Թագվորի պատմության սկիզբն ու միջնամասը…
– Ի՞նչ Թագվոր, գոնե Թագավոր ասա,– բռբռաց հանդիսատեսը։
Արմեն Վանեցին պարզաբանեց.
– Ով չի լսել, թող իմանա, որ Թագվոր հերոսը մեր նման հասարակ մարդկանցից է և նրա օրինակով է պատմիչ Անանունը ներկայացնում հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան։ Այսքանը, խնդրում եմ լռեք։
Լռեցին։ Անանունը զգաց, որ մի հանկարծական ու ցնցող դեպքից պիտի սկսել, այլապես այս մարդիկ՝ ծեր ու մանուկ, հեռուստացույց, այֆոն-մայֆոն են նայում, շոու-մոու, ցուցք ու մուցք, իր հավեսը չունեն և, ձայնին տալով մետաղի հնչեղություն, զարկի պես զարկեց.
Ամերիկայում հանձնաժողով է ստեղծվել 1915 թվականի ցեղասպանությունից տուն ու տեղից զրկված, այգի ու հանդ կորցրած մեր հայրենակիցներին փոխհատուցում տալու։
– Է՜, ո՞վ է մնացել, որ,– տնքաց մի պառավ։
– Կոտորեցին, ենիչերի ու չերքեզ, քուրդ ու թուրք միացած,–տխուր մրմնջաց մի ծերունի,– մեր ցեղից ես եմ փրկվել։
– Ներող եղեք, սիրելի բարեկամներ, որ ձեր ու մեր ցավից խոսեցի, բայց սա ավելի ճիշտ Թագվորի մասին էի ուզում պատմել, թեպետ նա ցեղասպանությունից շատ հետո է ծնվել, սակայն արի ու տես, մասամբ առնչվում է վերոնշյալ հանձնաժողովի գործունեությանը, քանզի եթե Թուրքիայի բանկերում գումարներ են ունեցել մեր հազիվ փրկված ու չփրկված հայրենակիցները, կամ եթե նրանք այն ժամանակ տարբեր երկրներում, հատկապես Ամերիկայում, գումարներ են ունեցել, ապա փաստաթղթերի առկայության դեպքում՝ հատուցում, և գուցե ողջ գումարը ստանան, չմոռանաք, այսինքն դու՝ Արմեն Վանեցի, որ Թագվորն ամուսնացել էր Մաքրուհու հետ, Մաքրուհին ունի 107 տարեկան տատ, որի հայրը եղել է ագարակատեր Կոստանդնապոլսից քիչ հեռու, որը ժամանակին գործարքներ է կնքել Նյու Յորքում, իսկ նրա եղբայրը ևս մեծահարուստ և կարծեմ Օսմանյան Թուրքիայի մինի մեջլիսի երեսփոխան է եղել, նա էլ երևի բանկային հաշիվներ է ունեցել Եվրոպայում կամ Ամերիկայում, կներեք, ես տնտեսագիտությունից հեռու եմ, չեմ հասկանում բանկային գործից, սակայն մի անգամ, երբ ամերիկյան հանձնաժողովի լուրն արդեն տարածվել էր և նույնիսկ հասել Մաքրուհու Անթառամ տատի հազիվ լսող (լսողական սարքով) ականջին։ Նա պառկած տեղից կիսանստել էր անկողնում և Զարուհուն՝ Մաքրուհու մորը, լսելի շշնջացել.
– Հորս հետ, լավ հիշում եմ, պիջակի գրպանում կարևոր թղթեր դրեցինք, հետը թաղվեց, որ շուն Ստալինի ձեռը չընկնի, սպանի հորս։ 47 թվին նոր էինք ներգաղթել, 49-ին հերս հանկարծամահ եղավ։
Մաքրուհու հայր Սենիկը, մայր Զարուհին խորհուրդ արին, երկու ցերեկ ու գիշեր գլուխ գլխի տվին ու որոշեցին տեղեկացնել նաև Սրբուհուն և Իսկուհուն։ Հեռախոսակապով երկար զրույցներից հետո եզրակացությունը մեկն էր. «Քանդել գերեզմանը» (որին կողմ էր նաև Անթառամը, որ բացեն դագաղն ու ստուգեն պիջակի գրպանը)։
Այս գործողությունն իրականացնելու համար պիտի մասնակցեին երեք քույրերի կողմից վստահված անձինք, բնականաբար Սենիկը Զարուհու կողմից պիտի լիներ, մյուս քույրերը Ամերիկայից Երևան գործուղեցին իրենց փեսաներին, նշանակվեց գործողության օր և ժամ՝ գիշերը, քանի որ չէին ցանկանում պետական օղակներն իմանան այդ մասին։ Իսկ ո՞վ էր փորելու, եթե թաղման բյուրոն իր բանվորներով բացառվում էր, Սենիկը միջամտեց՝ Թագվորը, հա՛մ մեր փեսեն է, հա՛մ էլ ջլապինդ է։
Ահա այսպես Թագվորը դարձավ գաղտնի գործողության գլխավոր մասնակիցներից։ Նա հետո պատմում էր, թե ինչպես ամերիկացի փեսաները ջինսերով, ուռած փորերով կանգնած գերեզմանի կողքը, ուշադիր հետևում էին իրեն, թե հանկարծ ու մի բան աչքաթող չանեն։ Սենիկ աներ-պապան, լավ էր, ձեռքի լուսարձակով լուսավորում էր փոսը, այլապես մարդ կզարզանդի մեռելների հետ նույն փոսում։
– Ամա՜ն, ամա՜ն,– ֆսֆսացին երկու հանդիսատես կանայք։
Հետո Թագվորը պատմում էր, թե ինչ է զգացել, երբ բահը դիպչել է Մաքրուհու պապի դագաղին. «Փտած փայտի խուլ ձայն լսեցի, հորս արև, վախեցա, էն ամերիկացի փեսեքից մեկը «զգույշ» ասաց, տո, ի՞նչ «զգույշ»՝ պիտի ասեի, հլը իջի մի բահ հող թափի, լռեցի, ու նորից բահով հողը նետեցի «զգույշ» ասողի ոտքերի տակ, թող ինքն էլ մի քիչ զարզանդի, իմ հոր անունը Զարզանդ է, ես էդքան էլ վախեցող չեմ, բայց, հորս արև, երբ դագաղը հողից լրիվ ազատեցի, կանգնեցի շվար, ի՞նչ անեմ՝հարցրի, Սենիկ աներ-պապան ասաց՝ «լինգով բաց»։ Էն երկուսն էլ, թե՝ բաց։ Ես մռմռալով ասի՝ հոգնել եմ, իջեք, օգնեք, նրանք թե՝ եղբայր, մենք բիզնեսմեններ ենք, էդքան ֆիզիկական չունենք, քեզ կվճարենք, ասի՝ արա, ես ձեզ կվճարեմ, կարծո՞ւմ եք գերեզման փորող եմ։ Չէ, չէ, ասին, մենք քո գործը կհասկընանք, դուն պատվական մարդ ես։ Մի խոսքով լինգը մտցրի դագաղի կափարիչի տակ, ու ճռռա՜ց։ Սիրտս դող ընկավ, տո որտեղից որտեղ մի թռչուն կռռաց՝ ոնց որ ոտանավոր ստացվեց, բայց էն եմ ասում, ինչ էղել է, բացեցի կափարիչն ու լուսարձակի դեղին լույսի տակ դագաղում սև պիջակ-շալվար էր ու չգիտեմ կմա՞խք, թե՞ կիսակմախք։ Սենիկ աներ-պապան ասաց փեսեքին՝ կուզե՞ք դուք մտնեք գրպանը։ Չէ, ջանըմ, ասացին, թող Թագվորը գործը վերջացնի։ Ես էլ ձեռքս դանդաղ, ուսուլով, նախ ասեմ, որ ծնկներս հողի ու քարի մեջ դողդողում էին, ձեռքս տարա պիջակի գրպանը, գողի պես աննկատ սահեցրի մատներս գրպանը, ու փոշի բարձրացավ, փռշտոցս հազիվ զսպեցի ձախ ափով, աջս նրա գրպանի մեջ էր, փոշին նստեց, չոր ոսկորների հպումից ջանս սարսռում էր, գրպանում ճիշտ որ մի բան կար, էն որ անձնագրերը դնում են մեջը, ցելոֆանի պես ողորկ բան էր, դուրս քաշեցի, էլի՝ փոշի, դեմքս թեքելով, մեռելի գրպանից հանած փաստաթղթերը մեկնեցի Սենիկին ու ծնկներս թափ տալով դուրս թռա գերեզմանի փոսից։ «Պահի, տանը կզննեք» – ասաց Իսկուհու փեսան։ Մի սիգարետ ծխեցի, մինչև շունչս տեղն էկավ, էլի թռա փոսը, ծածկեցի կափարիչը ու հողն արագ-արագ լցրեցի, ասես իմ մեջ լցնեի, իմ մտքի վրա, որ տեսավ կմախք ու փոշի։ Հետո Սենիկ աներ-պապայի հետ տապանաքարը տեղավորեցինք, հետներս տարած մի փունջ ծաղիկը փռեցինք դիվադադար եղած գերեզմանի վրա ու հայդե տուն։
Այդպես, սիրելի հանդիսատես, Թագվոր հերոսը մտավ վաղուց մեռածի գրպանը և փաստաթղթեր հանեց։ Անթառամ տատը հազիվ նշմարելով թղթերը, հաստատեց. «Ադոնք են, լավ կհիշեմ, շիտակ դրանք են»։
Սենիկը, Զարուհին, Իսկուհու և Սրբուհու փեսաները, Մաքրուհին և Թագվորը վստահեցին Մաքրուհուն, որ նա ցելոֆանե պատյանի միջից զգուշորեն դուրս բերի թղթերը։ Հազիվ-հազիվ դուրս քաշեց, մատների արանքում, լավ է, առանց որևէ գրի թղթի կտոր մնաց։ «Այդպես չի լինի,– ասաց Զարուհին,– հոնք քաշելու փոքրիկ գործիքով դուրս բերենք»։
Այդպես էլ արեցին։ Մաքրուհու հոնքերից նրբագեղություն ըմբռնած գործիքը դուրս քաշեց թղթերը, որոնք, ցավ ի սիրտ, այնքան խամրած ու անընթերնելի էին, որ միայն կնիքի տեսք էր հազիվ նշմարվում։ Թղթերը՝ էլի թիթեռի թևերի պես բեկբեկուն ու խամրած։
Որոշեցին Սրբուհու և Իսկուհու փեսաները փաստաթղթերը տանեն Ամերիկա, նախապես լիազորագիր պատրաստեցին, որտեղ նշված էր, որ Անթառամ տատի ժառանգը՝ Զարուհին, Երևանի այսինչ հասցեում ապրող, վստահում է իր Սրբուհի և Իսկուհի քույրերին փաստաթղթերը հանձնեն ամերիկյան հանձնաժողովին։
Երկու ամիս հետո հանձնաժողովից ստացվեց պատասխան, անգլերենը ճշգրիտ թարգմանեց Թագվորի աղջիկ Մանուշակը, գրված էր, թե դժվարությամբ են ընթերցել փաստաթղթերը, հաստատում են, որ դրանք կեղծ չեն և հատուկ ուսումնասիրությունից հետո կտեղեկացնեն ինչ ընթացակարգով կքննարկվի ժառանգության հատկացման հարցը։
Սրբուհին և Իսկուհին պարզել էին՝ մոտավորապես մեկ միլիոն ամերիկյան դոլարի մասին է խոսքը։
Թե ոնց էին իմացել, Թագվորը չգիտեր, նրա պետքն էլ չէր, միայն թե իր տղային կարողանա ուսման տա, վարձերը մուծի, միայն թե շուտ ուղարկեին հասանելիքը։
Անթառամ տատը ձգվեց, առույգացավ, ոչ միայն նստում էր անկողնում, այլև քայլեր էր անում դեպի տուալետ ու պատշգամբ, նայում էր հեռու, հեռու, մե՛րթ Թուրքիայում լքված իրենց ագարակների ու տների կողմը, մե՛րթ Ամերիկայի։ Մեկ էլ լսում էր Զարուհու փաղաքուշ ձայնը.
– Մամ, ղահվե մը կըմպե՞ս։
– Հալբաթ,– պատասխանում էր Անթառամ տատը։
Ականջներն էլ էին սկսել լսելին ջոկել անլսելիից, դե, աչքերն էլ թևածում էին աշխարհի վրա։
– Իսկ ի՞նչ եղավ հետո,– հանդիսատեսները գոռգոռում էին տարբեր կողմերից։
– Համբերություն,– հորդորեց Անանունը,– ով պատմության հետ է գործ ունենում, հարկ է համբերող ըլլա, այլապես պատմությունը կխնդա նրա շտապողականության վրա, հիշենք Թագվորի պապ Բալաբեկի խոսքը՝ «Շտապողի կինը տղա չի բերի»։
– Մեր վերջը ի՞նչ է լինելու,– դժկամ հարցրեց մի ծերունի։
– Վերջն ի՞նչ է, որ վերջից ես խոսում, միշտ սկիզբ, միշտ սկիզբ, այ, օրինակ, մեկ ամսից պիտի ամուսնանա Թագվորի աղջիկը՝ Երևանի գլխավոր թոքաբանի հետ, և Թագվորը սովորում է փողկապ հանգուցել, ահա այսպես։
– Դուք մեզ խաբում եք, չեք ասում ճշմարտությունը,– ուզում էր եզրափակել մի տղամարդ։
Անանուն պատմիչը անպատասխան չթողեց ճշմարտասերին, ասաց.
– Տղա ջան, դու ճշմարտությունը լսես էլ, չես հավատա, դու ուզում ես հրաշք, քանզի հեքիաթ եք սիրում, ես պատմեցի հասարակ մարզիկ, տաքսիստ, հող փորող ու ծառ տնկող մարդու մասին։ Դա է իմ արհեստը՝ կներես։
Ժողովուրդն այս վերջին խոսքից թոռմշեց, նայեց Արմեն Վանեցու կողմը՝ բա ասում էիր պատմիչ է, ասացող, սովորական բստրող է, մեկն էլ չկա մորուքը փետի։
Արմեն Վանեցին ու Անանունը թեքվեցին թատրոնի ուղղությամբ, դուրս եկան մեքենաներով խցանված փողոցի կողմը, և ուղիղ Մասիսին նայելով՝ պատմիչը մրմնջաց.
– Սիրտս Մասիսի ձյուն ուզեց։
Արմեն Վանեցին ինքն իրեն ժպտաց ու արդեն մենակ քայլեց ֆրանսիական դեսպանատան դիմացի մայթով։