Այդ տունը քաղաքից այնքան հեռու էր, որ ավտոբուսներն այնտեղ չէին հասնում։ Ասում էին՝ ձմռանը ճանապարհը փակվում է, ամռանը՝ ոչ ոք չի գնում այնտեղ, իսկ աշնանը տունը պարզապես անհետանում է մառախուղի մեջ։ Բայց տունն իրականում չէր անհետանում։ Այն մնում էր նույն տեղում՝ բլրի լանջին, մուգ պատերով, կիսաքանդ պատշգամբով ու միակ պատուհանով, որի ապակուն նույնիսկ արևոտ օրերին ինչ-որ մշտական խավար էր նստած։
Մարիամը տունը ժառանգել էր մոր մահից հետո։ Տասնյոթ տարի չէր եղել այնտեղ։ Մոր մահից հետո նա երկար ժամանակ չէր կարողանում որոշել՝ գնա՞լ, թե՞ ոչ։ Վերջապես մի ցուրտ նոյեմբերյան երեկո նստեց մեքենան և ճանապարհ ընկավ։ Երբ դարպասը բացեց, մետաղը երկար ճռռաց։ Տունը ներսից նույն հոտն ուներ, ինչ իր մանկության հիշողություններում՝ փայտ, փոշի, հին գրքեր և ինչ-որ անորոշ խոնավություն։ Սենյակները գրեթե դատարկ էին։ Մոր իրերը մնացել էին այնպես, կարծես նա ընդամենը մի քանի րոպեով դուրս էր եկել։ Մարիամը վառեց միջանցքի լույսը։ Առաջին բանը, որ տեսավ, պատի ժամացույցն էր։ Հին, ծանր, փայտե շրջանակով ժամացույց, որը մանկության տարիներին միշտ իրեն վախեցրել էր։ Ժամացույցը չէր աշխատում։ Սլաքները կանգնած էին՝ 03։17։ Մարիամը ժպտաց։
— Դեռ նույնը… Չգիտեր՝ ինչու այդ բառերն ասաց բարձրաձայն։ Այդ գիշեր նա քնեց հյուրասենյակում։ Ժամը 03։17-ին արթնացավ։ Սկզբում չհասկացավ՝ ինչից։ Հետո լսեց։ Թակոց։ Մեկ։ Երկու։ Երեք։ Մարիամը նստեց անկողնում։ Տունը լուռ էր։ Նա սպասեց։ Ոչինչ։ Հետո վերևից լսվեց հատակի թույլ ճռռոց։ Նա հիշեց, որ վերևի հարկում մանկության տարիներին մի սենյակ կար, որի դուռը միշտ փակ էր։ Մայրը երբեք չէր թողնում, որ ինքը մոտենա այդ դռանը ասելով ․ «Այնտեղ ոչինչ չկա»։ Երբ Մարիամը հարցնում էր՝ ինչո՞ւ է դուռը փակ, մայրը պատասխանում էր. «Որովհետև որոշ դռներ բացվելու համար չեն»։ Այդ միտքը հիշելով՝ Մարիամի մարմնով սարսուռ անցավ։ Նա վեր կացավ։ Վերև տանող աստիճանները ճռճռացին նրա ոտքերի տակ։ Միջանցքի վերջում իսկապես մի դուռ կար։ Նա ձեռքը դրեց բռնակին։ Փակ էր։ Մարիամը վերադարձավ ներքև և սկսեց փնտրել մոր իրերի մեջ։ Չգիտեր՝ ինչ էր փնտրում, բայց գտավ։ Մի փոքրիկ բանալի։ Բանալին դրված էր մոր հին կոճակների տուփի մեջ։ Դրանց մեջ նաև մի թղթի կտոր կար։ Մարիամը բացեց այն։ Միայն երկու բառ էր գրված. «Մի՛ բացիր»։ Նա երկար ժամանակ նայում էր գրությանը։ Հետո բարձրացավ վերև։ Դուռը բացվեց դժվարությամբ։ Տարիների խոնավությունն իրենն արել էր։ Բայց ի վերջո այն տեղի տվեց բանալու համառ ջանքերին։ Սենյակը փոքր էր։ Պատուհան չուներ։ Մեջտեղում մի փայտե սեղան կար, սեղանի վրա՝ հին լուսանկարներ, իսկ պատին՝ մեծ հայելի էր կախված։ Մարիամը մոտեցավ լուսանկարներին։ Առաջին լուսանկարում իր մայրն էր՝ դեռևս այնքան երիտասարդ։ Երկրորդում՝ կրկին մայրը, բայց կողքին մի փոքրիկ աղջիկ։ Մարիամը մոտեցրեց լուսանկարը լույսին։ Աղջիկն ինքն էր։ Նա հիշում էր այդ զգեստը։ Հիշում էր նաև լուսանկարվելու օրը։ Բայց լուսանկարի հետևում գրված ամսաթիվը ստիպեց նրան շունչը պահել։ 1989 թվական։ Մարիամը ծնվել էր 1993-ին։ Նա շրջեց հաջորդ լուսանկարը։ Նույն աղջիկը։ Մի քանի տարով մեծ։ Հետո ևս մեկը։ Եվս մեկը։ Տարիները հերթով անցնում էին արդեն դեղնած լուսանկարներում։ 1989։ 1990։ 1991։ 1992։ 1993։ Բոլոր լուսանկարներում նույն աղջիկն էր, նույն աչքերը, նույն ծննդյան նշանը պարանոցին, նույն դեմքը։ Մարիամը հետ քաշվեց։
— Ոչ… – հանկարծակի ճչաց նա։ Մարիամը նայեց հայելուն։ Հայելու մեջ ինքն էր։ Բայց մի պահ թվաց, թե իր արտացոլանքը մի փոքր ուշ շարժվեց։ Մարիամը քարացավ։ Հայելու մեջ աղջիկը դեռ կանգնած էր, իսկ ինքը արդեն մեկ քայլ հետ էր գնացել։ Նա փակեց աչքերը։ Նորից բացեց։ Հայելին սովորական էր։ Նա ծիծաղեց՝ ավելի շատ վախից, քան հանգստությունից, հետո սեղանի տակ նկատեց մի փոքրիկ, ժամանակի փոշով պատված ու արդեն մամռակալած ձայնագրիչ։ Մարիամը մի քանի վայրկյան տատանվեց։ Հետո սեղմեց կոճակը։ Սենյակի լռության մեջ հնչեց մոր ձայնը՝ խուլ, հոգնած․
-Եթե դու սա լսում ես, նշանակում է՝ վերադարձել ես։
Մարիամի ձեռքերը դողացին․
-Ես քեզ երբեք չեմ ասել, թե ինչ է եղել այդ գիշեր, որովհետև դու չէիր հիշում և ես ուզում էի, որ երբեք չհիշես։
Մի քանի վայրկյան լռություն տիրեց։ Հետո մայրը շարունակեց.
-Դու այստեղ չես ծնվել։
Մարիամը շունչը պահեց․
-Դու այստեղ եկել ես 1989 թվականին։ Երեք տարեկան էիր։ Քո անունը Մարիամ չէր։
Ձայնագրությունը մի պահ խզվեց, հետո լսվեց մոր շնչառությունը․
-Այդ գիշեր դու կորել էիր։ Մենք քեզ գտանք այս սենյակում։ Դուռը ներսից փակ էր։
Մարիամը նայեց դռանը․
-Բայց երբ բացեցինք այն, դու մենակ չէիր։
Ձայնագրությունն ընդհատվեց։ Մարիամը մի քանի անգամ սեղմեց կոճակը։ Ապարդյուն։
-Մա՛մ։
Ներքևում զարկեց պատի ժամացույցը։ Մարիամը նայեց ձեռքի ժամացույցին։ 03։17։ Եվ այդ պահին դուռն ինքն իրեն փակվեց։ Մարիամը վազեց դեպի այն։ Բռնակը չէր շարժվում։ Նա սկսեց հարվածել դռանը։
-Բացվի՛ր։
Ոչ ոք չպատասխանեց։ Հետո լսվեց նույն ձայնը։ Թակոց։ Մեկ։ Երկու։ Երեք։ Այս անգամ թակոցները դռան մյուս կողմից էին։ Մարիամը դանդաղ հետ քաշվեց։ Դռան տակով մի փոքրիկ լուսանկար սահեց ներս։ Նա վերցրեց այն։ Լուսանկարում նույն սենյակն էր, նույն սեղանը, նույն հայելին և երկու երեխա։ Մեկը՝ փոքրիկ Մարիամը, մյուսը՝ մի անծանոթ աղջիկ, որի դեմքը չէր երևում։ Լուսանկարի հետևում գրված էր. «Նա խնդրեց, որ իրեն տուն տանեմ»։ Մարիամի աչքերը լցվեցին արցունքներով։
-Ո՞վ է․․․ – ինքն իրեն մտածեց նա։
Մարիամի աչքերը կանգ առան հայելու մշուշապատ ապակուն, որի վրա դանդաղ հայտնվեցին բառեր։ «Ես»։ Մարիամը շրջվեց։ Սենյակում ոչ ոք չկար։ Նա նորից նայեց հայելուն։ Այս անգամ այնտեղ ինքը չէր։ Այնտեղ սպիտակ զգեստով մի փոքրիկ աղջիկ էր կանգնած։ Աղջիկը լաց չէր լինում։ Նա պարզապես նայում էր Մարիամին, հետո մատը դրեց շուրթերին և ցույց տվեց դուռը։ Մարիամը մոտեցավ։ Դուռը բացվեց՝ 03։17։ Միջանցքը դատարկ էր։ Ներքևում պատի ժամացույցը դեռ ցույց էր տալիս նույն ժամը։ Մարիամը իջավ աստիճաններով։ Առավոտյան նրան հարևաններն էին գտել բակի նստարանին քնած։ Նա ոչինչ չէր հիշում նախորդ գիշերվանից, ասես այն չէր էլ եղել։
Տունը վաճառվեց մի քանի շաբաթ անց։ Նոր սեփականատերը վերանորոգման ժամանակ վերևի հարկում ոչ մի փակ սենյակ չգտավ։ Միայն պատի մեջ՝ հին աղյուսների հետևում, հայտնաբերեց փոքրիկ փայտե տուփ։ Տուփի մեջ կար մի լուսանկար։ Լուսանկարում երկու աղջիկ էին, իսկ կողքին՝ մի փոքրիկ թղթի կտոր, որին գրված էր. «Նա արդեն վերադարձել է»։ Այդ օրվանից անցավ մեկ տարի։ Մի գիշեր Մարիամը հանկարծ արթնացավ։ Ժամը 03։17 էր։ Նա երկար նստեց մթության մեջ, հետո լսեց թակոց։ Մեկ։ Երկու։ Երեք։ Մարիամը չվախեցավ։ Վեր կացավ, մոտեցավ իր ննջասենյակի դռանը և ձեռքը դրեց բռնակին։ Այդ պահին, առաջին անգամ կյանքում, նա հիշեց այն անունը, որը մայրը երբեք չէր ասել։ Փոքրիկ աղջկա անունը։ Նրա իսկական անունը։ Եվ հասկացավ, թե ինչու էր մայրը այդքան տարիներ վախեցել դռներից, որովհետև որոշ դռներ երբեք չեն բացվում։ Դրանք պարզապես սպասում են, մինչև հայտնվի ճիշտ հասցեատերը։
