Մարինա Բաղդագուլյան, Պատմվածք, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Սիրելի աքսոլոտլ

Մեջքացավի մեջ մի կերպ հարմարվելով՝ մարմինը կտրեց անկողնուց, բարձը մեջքի տակ խցկելու հետ ձեռքը գցեց հեռախոսին։ Սուր-մուր ծակծկեց աչքերը էկրանի լույսը։ Հինգ հազարի մոտ մարդ, նրանց ընկերները, ընկերների ընկերները եկան։ Բոլորն իրենց մտքերով՝ այսօրվանները, վերջին տասը տարիների ընթացքում մարգարեաբար գրվածները, ժամանակի պահանջներին և մոդայիկ արքետիպերին համապատասխանողները, սոցցանցի հիշողությունների գզրոցում պահածները։ Իրան-Ամերիկան, Թուրքիա-Ադրբեջանը, Ռուսաստան-Ուկրիանան, Կովկաս-Եվրոպան ու Պակիստանը՝  գիրկընդխառը լցվեցին սենյակ՝ տարածքային վերճերով, քաղաքակրթական հակամարտություններով, սառը պատերազմով, հիբրիդային պատերազմով, տաք պատերազմով, պատերազմի սպառնալիքներով։  

Ո՞վ է էս կինը՝ գլխի գագաթին անփույթ պոզ արած խառը մազերով։ Լվացքի  մեքենան լիքն է։ Եթե էսօր կիսաթաց շորերը չփռի, արդեն մգլահոտ կկպնի։ Բաբոն ասում էր, որ իսկական կնոջ լվացարանում կեղտոտ ափսե չպիտի լինի։ Թեկուզ մի հատ։ Իսկական բարոյական ու մաքրասեր կինը էդ բանը չպիտի թույլ տա։ Գնաց խոհանոց ափսեները լվալու։ «Իսկ եթե ջրերը կտրե՞լ են»,- հարցրել էր պատերազմի տարիներին բակի ցայտաղբյուրից դույլերով ջուրը երկրորդ հարկ բարձրացրած էն երեխան։ Բաբոն էդ էրեխուն ասել էր․ «Ուրեմն պիտի չիշիկ անի, չիշիկով լվանա»։ Զուգարանի լույսը չվառեց, մթության մեջ նստեց։ Պատերազմի ժամանակ էլի լույս չկար, փոքր եղբայրը լիքը դույլով բաղնիքից ջուրը տանում էր, լցներ էդ անտերի մեջ, ոտքը սոթ էր տվել, դույլով-գլխով ընկել հենց մեջը։ Էդ զահրմարը ջարդվել էր, իսկ տղայի գլուխն ուղղակի շատ ցավացել էր։ Դրանից հետո տնեցիք երկար ժամանակ մի կողմի վրա էին նստում։ Եվ կարիքներն էլ հոգում էին խիստ միակողմանի։ Շենքի պատին բակի էրեխեքով կապույտ ներկով մեծ շրջան էին գծել, վրան գրել՝ «50»։ Էդպիսի խաղ էր։ Գնդակը որոշ հեռավորությունից պիտի ուղիղ էդ «50»-ի մեջ գցեին։ Ով առաջինը կարողանար, հաղթելու շանսերը նրանն էին։ Ամբողջ գիշեր խփեցին քաղաքին։ Դուռ-լուսամուտ չմնաց, ջարդվեց-փշրվեց։ Հարևանի տունը հրկիզվեց։ Հրաշքով ողջ մնացին։ Առավոտյան իջավ բակ, կանգնեց նայեց՝ որտեղ էր ընկել «գրադը»․ շենքի պատի «50»-ից 5 պակաս էին կպել։ Մտածում էր՝ «Մի քիչ էլ ճիշտ խփեին, մի քիչ, շատ քիչ․․․»․․․    

Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ կոմիկ Քրիս Ռոքն անհաջող կատակ է անում դահլիճում նստած մի կնոջ սափրած գլխի մասին։ Այնինչ կինը տառապում է մասնակի մազաթափությամբ։ Կինը դեմքի արտահայտությամբ բացահայտ ցույց է տալիս, որ կատակն ախմախ էր և տհաճ։ Մինչդեռ նրա ամուսինը՝ «Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված Ուիլլ Սմիթը, չբավարարվեց նստած տեղից բացահայտ հայհոյելով, այլև բարձրացավ բեմ և շառաչուն ապտակ հասցրեց Քրիս Ռոքին։ Քրիս Ռոքը չպատասխանեց։ Ուիլլ Սմիթը բեմից հանդարտ իջավ դահլիճ և նստեց կնոջ մոտ։ Դրանից հետո Սմիթին պատժեցին՝ նրան տասը տարով զրկելով «Օսկար» մրցանակաբաշխության մասնակցությունից, ստուդիաները խզեցին նրա հետ պայմանագրերը, մասնակիցներից ու հեռուստադիտողներից շատերը հիասթափվեցին դերասանից փչացած երեկոյի համար։ Բայց այսքան վատ բանի մեջ կար մի լավ բան՝ Սմիթի կինը, որ մտքում որոշել էր բաժանվել ամուսնուց, այդ հրապարակային շառաչուն ապտակից հետո մեկընդմիշտ փոխեց որոշումը։ Կինն ասաց․ «Այդ ապտակից հետո ես նրան ուրիշ աչքերով և նոր լույսի տակ տեսա»։

Ցինիկ Քրիս Ռոքը։ Արժանապատիվ Ուիլլ Սմիթը։ Նրա հիվանդ, բայց պաշտպանված տիկինը։ Իսկ ո՞վ է այս կինը, որ զուգարանից հյուրասենյակ է գնում։

Թափթփած շորեր են ամենուր՝ աթոռներին, բազմոցին, բազկաթոռներին։ Ներքնաշորերը մի կողմ, հարդուկելունը՝ մյուս կողմ, սրանք երեխայի շորերն են։

Հեռախոսը ծլնգաց՝ ո՞նց ես։ Լա՞վ եմ։ Վա՞տ եմ։ Նորմա՞լ։ Ո՞նց եմ։ Բառերի մոգության մասնագետ էն կինն ասում է․ «Մի ասեք վատ եք, քանզի ոչ մի բառ չի կորչում անհետ այս անսահման տիեզերքում»։ Ուրեմն՝ լավ եմ։ Իսկ ֆեյսբուքի էն ակտիվիստն ասում է․ «Ո՞նց կարող է նորմալ մարդը լավ լինել, երբ հայրենիքդ հոշոտված է»։ 

Կիսաթաց լվացքը լցնում է թասի մեջ, գրկում բարձրացնում, որ տանի պատշգամբ, ճամփի կեսից հիշում է, որ ողնաշարի ճողվածք ունի, ծանր բաներ չի կարելի բարձրացնել, բայց հոգնում է բեռը դնել գետնին՝ ոտքով հրելով հասցնել չորանոցի մոտ և էդպես բռնած էլ հասնում է պատշգամբ։ Լվացքը փռում է պարանին՝ ըստ հերթականության՝ սև-սպիտակ-մեծ-փոքր-կին-տղամարդ-երեխա-ոչ մի կորած գուլպա։ Ո՞վ է իրեն անընդհատ ցուցում տալիս, թե շորերից որը որից հետո փռի։ Շոր է, էլի։ Ո՞վ պիտի նայի, գնահատի․․․ Շորերը փռվում են այնպես, ինչպես մորը հաճելի կլիներ տեսնել։

Պատշգամբից գնում է խոհանոց ճաշ եփելու։ Ծլնգ-ծլնգ։ Ծանուցում բառերի մոգության մասնագետից։ Ինքդ քեզ վերագտնելու երեք րոպեանոց մեդիտացիա։ Շնչիր, ժպտա, սիրիր քեզ։ Փակիր աչքերդ։ Զգա քո ներսում ծաղկող լույսը։ Ասա․ «Ես հարգում եմ իմ տարածքը։ Մարմինս իմ տաճարն է»։

Փաստորեն, տաճար։    

Մտքում պահած «տաճար» լինելու գայթակղությունը՝ խոհանացում հրաշքներ է գործում։ Կաթսա, սոխ, ձեթ, ոսպ մը, ոսպ մը, ոսպ մը․․․ Տաճարի ներշնչանքի հերոսները հանգիստ չեն տալիս։ Ուիլլը։ Սմիթը։ Էդ նույն Ուիլլը չի՞, որ Փիդիդիի սկանդալային խրախճանքների մասնակից էր հերիք չէ, անչափահաս որդուն էլ էր տարել հետը։ Փաստորեն, երկու Ուիլլ։ Երկու տաճար։ Արժանապատվության ասպետն ու այլասերված հաճույքների սիրահարը։   

Ո՞վ է էս կինը՝ ծանր, ծանր, ծանր։ Ամանները լիքը լցված են լվացարանում։ Լվացարանի անկյունի աթոռը «կանչում» է։ Նստում է, հեռախոսը ձեռքը վերցնում։ Աքսոլոտլը կյանքում չի հասնում հասուն փուլին։ Նրա մարսողական համակարգը, սեռական օրգանները, նույնիսկ ուղեղը գործում են ինչպես մեծի, բայց մարմինը մնում է մանկական վիճակում։ Բնական ընտրությունը չի մղում նրան փոխվելու։ Հանիր աքսոլոտլի աչքը՝ կաճեցնի, պոկիր սիրտն ու թոքերը՝ նորից կգոյանան, ուղեղը դեն նետիր՝ կապրի, էլի կաճեցնի։ Պարզապես հանգիստ պայմաններ են պետք՝ մշտական ջերմություն, մաքուր ջուր։ Եվ ժամանակ։ 

Աքսոլոտլն ուղիղ իրեն է նայում իր մանր աչքերով։

Վայրի բնության մեջ գրեթե չկա։ Հայրենիքը Մեքսիկայի լճերն են։ Բայց աղտոտվածության և այլ կենդանատեսակների կատաղի անհավասարակշռությունը նրան քշեցին ակվարիում։ Այսօր ապրում է ապակե չորս պատերի ներսում։ 

Նրա հավերժ երիտասարդ մնալու, կտրածն ու պոկածն աճեցնելու տարօրինակ հատկանիշի վերհանումը հավերժական ապագայի հնարավորությունն է։    

Սիրելի, սիրելի աքսոլոտլ։ Քեզ հետ ըլլանք մտերիմ։

․․․ Թեյի մեջ մազ կար։ Մատը տարավ, որ հանի, բերանը բացեց, որ խոսի։ Հետո որոշեց․ «Չփչացնես չասված խոսքը»։ 

Սիրելի տարդիգրադ

Քարքարոտ ճանապարհ է, գնում ես, գնում ես, գնում, փայտե կամարներով մի սիրուն տուն է, այգին շեն է, խնձորն առատ է։ Եկ, ա՛ խոխա, էս խինձորը կեր, մեր ապեր ա էս խինձորի ծառը տնգալ։ Կայանան կողքից կախած դաշույնով խնձորը կես է անում, տալիս ինձ։ Մի կեսն իրեն եմ վերադարձնում, ժպտում է։ Կեր, բալաս, կե՛ր, կեռիքդ պենդ ա, կծի։ Ծմեռային խինձոր ա, ամեն մինին կեռիքը փռնում չի։ Տու մերն ես, քունդ փռնում ա, կե՛ր։ Ժամհարյանների քաղաքային հիվանդանոցի շենք, Համբարձում Հախումյանի, Շամշյանի ու Պռոշյանի հիմնած Սուրբ Մարիամի Օրիորդաց դպրոց, Մովսես Բեկի տունն է՝ Ռեալական ուսումնարան էին սարքել, էս էլ նոր Ռեալական ուսումնարանի ընդարձակ շենքն է՝ Գրիգոր Առաքելյանն իր միջոցներով հիմնեց։ Եկ, եկ քեզ տանեմ Ջդրդուզ։ Կայանա, հոգնել եմ, էլ չեմ կարողանում։ Հըմանչես տու, հըմանչես։ Էրկու վենդ տեղ ա, առաջ ինգի։ Ջդրդուզում կարմիր ձին հողը փոշի սարքելով մոտենում է Կայանային։ Կայանան հեծնում է ձիուն։ Տղամարդիկ էլ կան, բոլորը՝ ձիերով։ Մրցում են իրար հետ՝ ով ավելի լավ կխաղացնի իր ձին։ Կայանան թռցնում է իր կարմիրին։ Կայանային ոչ ոք չի հասնի։ Ա՛ խոխա, մետդ պահի, մետդ պահի, մուռանաս վեչ՝ մեր սորտը տհենց ա։ Մեզ կարալ չեն հաղթեն։

Նրանք գոյություն ունեն վաղուց՝ դեռևս 500 միլիոն տարի առաջ։ Նրանք ապրում են ամենուր, անգամ՝ Անտրակտիդայում։ Ոչ ոք ու ոչինչ չի կարող սպանել նրան։ Նրան սառեցրել են -30 աստիճան Ցելսիուսի պայմաններում։ Մի քանի անգամ սառեցրել-հալեցրել են։ Եվ նա ապրել է։ Եվ նա կարող է գոյատևել անգամ -271 աստիճան Ցելսիուսի՝ այսինքն բացարձակ զրոյի մոտ պայմաններում։ 

Ցորենի դաշտը ծփում է ոսկի, ոսկի, ոսկի։ Ծակծկում է ձեռուոտ։ Կայանան դաշույնով մի փունջ հնձում է, ձեռքի մեջ տրորում, հատիկները տալիս ինձ։ Կեր, ա՛ խոխա, ծամի։ Կայանա, կոշտ ա, չի ծամվում։ Հըմանչես տու, հըմանչես։ Մեր ապոր դաշտի ցորենն ա։ Կե՛ր, քեզ հալալ ա, խալխին հարամ ա։

Նրանք կարող են 30 տարի և ավել ապրել առանց սնվելու և առանց ջրի, քիմիական ճառագայթման մահացու դոզաներ ստանալ և չմահանալ։

Կլորաձև աշտարակները միացված են բարձր պարիսպով։ Պարիսպը ձգվում է քաղաքի երկայնքով։ Կայանան վազում է պարսպի վրայով։ Ա խոխա, ե՛կ, վազ տուր։ Տես՝ պարցուր ա, տես՝ պենդ ա։ Կայանա, վախում եմ, Փանահ բեկը կգա, կասի՝ իջեք՝ իմ սարքած ամրոցն է։ Հըմանչես տու, հըմանչես։ Սարիջալու ցեղապետը հի՞նչ կապ ունի բերդաքաղաքի պարիսպին նըհետ։ Սա մեր ապեր ա սարքալ, վեր Մխիթարաշենան ու Քարինտական հարձակվեն, պարիսպի կլխան կրակ թափենք։ Էն ցորենը, վեր կերար, Հունոտի ջրաղացումն ենք աղում, ալյուր անում։ Հունոտի ջրաղացնին չպիտի հարամի ծերքերը հըսնեն։ Ա՛ դամլա, ա՛ միամիտ իսան, մեր ապոր սարքած պարիսպը քեզ պաշտպան, քեզ պաշտպան։

Եթե ինչ-ինչ պատճառներով նա ընկնում է անաբիոզի մեջ, երբ դանդաղում կամ ընդհանրապես դադարում են նյութափոխանակությունն ու շնչառությունը, ապա, միևնույն է, նա կարող է գոյություն ունենալ տասնամյակներ շարունակ։ Հենց արտաքին պայմանները վերադառնում են քիչ թե շատ բարենպաստ վիճակի, նա վերադառնում է իր բնականոն վիճակին՝ կարծես ոչինչ չի պատահել։ Նրան համեմատում են հեքիաթի Քնած գեղեցկուհու հետ՝ կարող են «քնել» երկար տարիներ, բայց արթնանալ նույն կերպ՝ չծերացած ու թարմ։ 

 Կայանան գլուխը դրել է հողին, չի շարժվում։ Կայանան քար է դարձել։ Աչքերն անշարժ են։ Կայանա, քեզ ի՞նչ եղավ, վեր կաց, խնդրում եմ, ես վախենում եմ։ Ա խոխա, մի րոպե սասդ կտրի։ Պյան եմ լսում։ Սո՜ւս․․․ Հա, կյամ են, եկալ են, վառում են քաղաքը։ Կայանա, արի փախչենք։ Կայանան կատաղի նայեց։ Էս խանչալս տեսնո՞ւմ ես։ Գիդում ե՞ս էս խանչալի ծերը քանի բողազ ա կտրալ։ Կայանա, բայց դու կին ես, մայր ես, ո՞նց ես նման դաժան բաներ արել։ Կայանան դառը նայեց երեսիս։ Սասդ կտրի, ա՛ դամլա, մի դարում իրեք հետի քաղաքը վառալ են, մեր ապոր տները, մեր աղջկորանցը, մեր խոխորցը կրակի են տվալ։ Քշաց, անջուկդ տիր հողին, լսի, լսի, հողը խաբար ա տամ։

Նրանք ապրում են ցամաքում, ջրում, կրակի մեջ։ Նետիր նրանց լավայի մեջ՝ կապրեն։ Անտանելի պայմաններում նրանք ոտքերն իրենց են քաշում, ավելի փոքրանում, մարմինը սկսում է չորանալ։ Չորացած մարմինը պատվում է մոմով, որ վերջնականապես չգոլորշանա, իսկ ներքին օրգանները ծածկվում են հատուկ շաքարե գելով, որ ապակի է հիշեցնում։ Այդ ժամանակ նրանք ոչ մեռած են, ոչ էլ ապրում են։ 

Հին գերեզմանոցի տեղն եմ փնտրում։ Թշնամին ջարդել-վերացրել է։ Այնտեղ առանձնատներ են, որոնց հիմքում լցված են ջարդուփշուր շիրմաքարերը։ Քարակույտեր կան՝ տառերի բեկորներ, որ մնացել են ջարդուխուրդ եղած շիրիմներից։   

Հինչ ե՞ս ման կյամ, շտեղ ե՞ս ման կյամ, հոր ե՞ս ման կյամ։ Հանգիստարանը կա վեչ։ Կա վեչ։ Իմ հեր, իմ մեր, իմ ախպեր, իմ քուր, իմ քվոր խոխերքը, իմ ախպոր խոխերքը, վեշ մինին ստեղերք ճըրիլու չես։ Ստեղ եշի, ա՛ խոխա։ Աշկիս միջին եշի։ Տու ծիիս եշի։ Պռռաաա՜, ա՛յ ծի, վեննը-վեննը չանես, մեր խոխան ա, իմ ծոռ Անահիտին աղջիկն ա։

Նրանց ասում են՝ «մեռյալներից հարություն առնողները»։ Հավանաբար, միակ բանը, որ կարող էր խանգարել նրանց դառնալու Երկիր մոլորակի վրա գերիշխող տեսակ, նրանց չափազանց փոքր չափսն է՝ ընդամենը մեկուկես միլիմետր։ Եվ կյանքի կարճ տևողությունը, որը սովորաբար չի գերազանցում մի քանի տարին, եթե, իհարկե, նրան չեն սառեցրել, չեն այրել, քաղցի ու ծարավի չեն մատնել։