(երիտասարդական մրցանակ)
Ես միշտ մտածում եմ, թե որքանով է նկարիչը ձգտում պատկերել տեսարանի իրականությունը։ Նկարիչները ֆիքսում են իրականության միայն մեկ կադրը, բայց ոչ սկիզբը, և ոչ էլ վերջը։
Աբաս Քիառոստամի (1940-2016)
Ձյունը թավշյա վարագույրի պես ծածկել էր ողջ անտառը։ Շուրջբոլորը պատված էր սպիտակ սավանով։ Մեքենան սլանում էր արագությամբ, որը չէր համապատասխանում եղանակին։ Բայց սրտում տանջող կարոտ էր, նոստալգիա, որն արթնացել էր Ֆրանցիսկո Կանարոյի «Պոեմայի» հնչյուններից։ Ոչ թե հնչյուններից, այլ մեղեդուց։ Ոչ թե մեղեդուց, այլ տեսարանից, որտեղ երկու սև ձի, երկու կենդանի շունչ պարային գրկախառնության էին բռնվել։ Նման էին հին սիրեկանների, ովքեր չեն վախենում ցրտից ու աշխարհից։ Հնչում էր «Պոեման»՝ յուրատեսակ տանգոն, սակայն նա մենակ էր, իսկ տանգոն․․․Տանգոն նուրբ երկխոսություն է երաժշտության, մարմնի ու հոգու միջև։ Հոգին կարոտաշատ ու բարի հիշողություններով էր լցվել։
Մեքենան դանդաղեց։ Անջատեց երաժշտությունը, որպեսզի լռության մեջ լսի ձյան շշուկն ու երկու կենդանիների շնչառությունը։ Երբ երաժշտության մեջ թաքնված տանգոյի ծպտունը բռնեց նրա հոգին, զգաց, թե ինչու էր հենց այս ճանապարհն ընտրել։ Զգաց, որ իր ճանապարհորդությունը պատահական չէր․ այս անտառը նրան բերում էր մի պատմության, որից ժամանակը վաղուց հրաժարվել էր։ Ձիերը սիրահարված էին այնպես, ինչպես մարդիկ հազվադեպ են համարձակվում։ Եվ հենց այդ սերն էր, որ ձմռան խորքում նրանց տաք էր պահում։ Հասկացավ, որ ոչ թե իր որսի հետևից արագ հասնելու համար էր այստեղ եկել, այլ որպեսզի ճերմակ անտառի մթության մեջ լսի, թե ինչպես են անցյալն ու ներկան մեկ հնչյունի մեջ հանդիպում։
Չկարողացավ կրակել։ Շարունակելու էր քաղցա՞ծ մնալ․․․Ձյունը շարունակում էր թափվել, իսկ մեքենայի ներսում միակ իրական բանն այն երաժշտությունն էր, որ պատմում էր այն ամենի մասին, ինչից երբեք այդպես էլ չէր կարողացել ազատվել․․․Ճերմակ լռության միջով մեքենան առաջ սահեց։ Թվում էր՝ ձյունը պատրաստ էր փակելու բոլոր ճանապարհները, բայց նա համառ էր։ Անջատեց շարժիչը, ցրտից քարացած դուռը ճռռաց, և սառը օդը միանգամից կտրեց նրա շունչը։ Ոտք դրեց ձյան մեջ։ Առաջ շարժվեց։ Զայրույթը չէր նահանջում, ընդհակառակը՝ յուրաքանչյուր քայլի հետ, կարծես, սաստկանում էր։ Ձյունը խանգարում էր, սառնամանիքը խփում էր դեմքին, բայց ներսում եռացող կրակը չէր թողնում կանգ առնել։ Մի պահ կանգ առավ, նայեց դեպի այն կողմը, որտեղ քիչ առաջ երկու ձիերն էին կանգնած։ Ու հանկարծ անտառի լռությունը ճայթյունի ձայնով ընդհատվեց։ Վերևում նստած ագռավների կռկռոցը պատռեց ձյունե լռությունը՝ գորշ աղմուկով լցնելով երկինքը։
Անտառն այլևս խաղաղ չէր։ Եղջերունների հոտը խուճապահար փախչում էր։ Զայրույթի արձագանքը, որից երկար ժամանակ փորձում էր փախչել, կարծես հանդարտվեց։ Չէր հանդարտվել, փոխարենը ներսը դարձյալ տանջող կարոտով էր լցվել։ Եղջերուի պես, որին ևս մի բան տանջում էր։ Հոտից առանձնացել, սառել, մնացել էր ձյան մեջ, կարծես մեկին էր փնտրում։ Աչքերն անսահման տագնապով փայլում էին։ Առաջ նայեց, կարծես սպասում էր, որ ինչ-որ մեկը խավարից դուրս գա։ Նա նույնպես կանգնեց։ Կենդանու աչքերում տեսավ այն, ինչից ինքն էլ չէր կարողանում ազատվել․․․Ներսը մաշող կարոտ և սպասում․․․Եղջերուն մենակ էր մնացել, ինչպես ինքն էր իր աշխարհից հեռվացել։ Մի պահ թվաց՝ նրանց միջև սահմանները ջնջվեցին։ Մարդն ու եղջերուն նույն պատմության երկու դեմք էին դարձել։ Երկուսն էլ փնտրում էին մեկին, ում ճակատագիրն անժամանակ խլել էր։ Թվաց՝ ամեն ինչ ավարտված է։ Բայց հանկարծ հասկացավ, որ անտառի պատմությունը դեռ չի ավարտվել, և առնվազն եղջերուի համար այլ կերպ պիտի շարունակի։
Եղջերուն հետ գնաց այն կողմ, որտեղից մազապուրծ փախել էր։ Հայտնվեց զույգը, մոտեցավ, խոնարհվեց, և մի պահ երկուսի հոգին հաշտություն գտան։ Մի պահ երջանկություն ծագեց նրանց մեջ։ Բայց ուրախությունը երկար չտևեց։ Զույգը շուտով դարձյալ կանգնեց, նայեց շուրջն ու տեսավ, որ ձագուկը չկա։ Թեև մի պահ թվում էր՝ ամեն ինչ լավ է, բայց ձագուկի բացակայությունը խեղդեց նրանց սրտերը։ Ձագուկն ընկել էր․․․
Ձյան ծանրությունը տխրությունից ավելի մեծացավ։ Ներսում՝ մարդու մեջ, նույն տանջող կարոտը կրկին բորբոքվեց։ Տեսավ, որ հիմա իսկապես ամեն ինչ ավարտված է․ տանջող կարոտի պատմությունը շարունակում է թևածել արդեն ոչ միայն իր հոգում, այլ նաև այդ զույգի մեջ։ Երեքը ճակատագրի անտեսանելի կապով կապվել էին։ Սակայն մի տարբերությամբ․ եղջերուներն ամբողջովին դատարկ էին, իսկ մարդու փորը շուտով լցվելու էր համեղ ապուրով, բայց և այնպես դատարկ կարոտը շարունակելու էր կրծել նրա հոգին։
Սառցե քամին խփում էր նրա դեմքին, ներսում եռացող դատարկությունն ավելի էր բորբոքվում։ Եղջերուները հավաքվեցին շուրջը՝ երկու մեծերը՝ կողք կողքի, իսկ խեղճ ձագուկը՝ տապալված ձյան մեջ։ Ճակատագրի ամբողջովին մերկացած մի պատմություն․ այնքան անմեղ, պարզ ձագուկն անօգնական կերպով, ցավից անհավատալիորեն գալարվում էր։ Ցասում ու մարդկային ագահություն․․․
Մոտեցավ։ Ձյունը ոտքերի տակ ճռռում էր՝ փշրելով թախծոտ լռությունը։ Մեծ եղջերուները զարմանալիորեն ձայն չէին հանում, չէին հառաչում, նույնիսկ չէին էլ փախչում, այլ նայում էին աչքերի մեջ։ Մեղադրանք չէին փնտրում, այլ պատասխան էի ուզում ստանալ։ Սարսափելի հայացք․․․Կենդանիները երբեմն ավելի բարձր էին խոսում, քան մարդիկ։ Ձագուկը դեռ շնչում էր։ Մեղմ, դանդաղ, ցավոտ․․․
Շուրջբոլորը ճերմակ էր, բայց բոլորի ներսը շիկացել էր, ալ-կարմիր թանաքով էր ներկվել։ Այդ պահին հասկացավ՝ մարդը միակ էակն է, ում շնորհված է ընտրության շռայլությունը։ Հիմա նա կարող է մոտենալ, փրկել, բայց հաճախ…չի ուզում։ Ոչ թե չի կարողանում, այլ չի ուզում։ Ինչո՞ւ։ Կարոտի մեջ խեղդվող սիրտը մի կողմում, սեփական փորը՝ մյուս։ Ապուրը դեռ սպասում էր, իսկ միսը դեռ տաք էր։ Մի՞թե չէր բավարարվում սեփական կեցությամբ, դատարկությամբ, վաստակած ցավով։ «Մարդը միակ արարածն է, որը հրաժարվում է լինել այնպես, ինչպիսին որ է»։ Կամյուն ճիշտ է, մարդն ուզում է եղած սահմաններն անցնել, խախտել կարգուկանոնը, հասնել ազատության այլ մակարդակի։ Մարդկային ագահություն․․․
Տարիներ շարունակ կարծել է, որ որսը պարզապես ուտելիք է, ապրուստի միջոց, այն էլ՝ տրված բնության կողմից։ Չէ՞ որ «Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու»։ Ո՞ւմ խոսքերն էր հիշել։ Չէր կարողանում մտաբերել։ Միտքն անընդհատ շեղում էր, փորձում էր այլ բաների մասին մտածել։ Բայց այլ բաներն էլ էին նրան անտառ վերադարձնում։ Միայն մի բան հիշեց՝ 1984։ Ի՞նչ թիվ էր, ինքն էլ չէր հիշում։ Չէր էլ կարողանում հիշել, թե ում խոսքերն էին իր վրա այդպես ազդել։ Հիմա այդ փոքրիկ մարմնից չորս քայլ հեռավորության վրա կանգնած պետք է որոշում կայացներ։ Նորից քանդել, թե այս անգամ․․․Ծնկի եկավ, պառկեց, ձեռքերը դիպան ձագուկի մարմնին։ Ջերմություն չկար։ Նայեց վերև։ Երկինքն անտրտունջ էր, ագռավները՝ հեռացած, ձյունը՝ անդադար։ Գուցե այսքան ձյուն երբեք չէր եկել, գուցե իրեն էր այդպես թվում։ Այն գիշեր էլ էր այսպես առատ ձյուն եղել։ Երբ այս ձագուկի փոխարեն իր ձագուկն էր խոնարհված։ Այդ գիշեր էլ էր նա դարձյալ կանգնել որոշման առաջ՝ ներել, թե քանդել․․․Բայց ներել կարող էր միայն այս անգամ․․․
Բոլոր ճամփաները ծածկվել էին սպիտակով, ինչպես կյանքում են փակվում ճանապարհները, երբ մարդը չի հասկանում՝ ինչու է ապրում։ Ձագուկի շունչը դանդաղել էր։ Հայացքն ընկավ իր զենքի վրա։ Մի պահ մտածեց՝ այդ արծաթագույն պողպատն ավելի շատ կյանքեր էր խլել, քան փրկել։ Իսկ այսօր՝ դարձյալ ինքն էր որոշելու։ Այս անգամ ընտրությունը հեշտ չէր։ Մահով սնվելը մարդու սովորական ճանապարհն է, սերնդեսերունդ փոխանցվող։ Բայց երբ այդ մահը աչքիդ առաջ ունի անուն, շունչ, և դողացող սիրտ, այդ սովորական ճշմարտությունը փլվում է, ինչպես սառույցը ջրի մակերևույթին։ Ձագուկը շարժվեց, սեղմեց աչքերը։ Դեռ կյանքից չէր հրաժարվել։ Այդ պահին հասկացավ, որ ագահ մարդը ոչ մի բանից չի կշտանում, որովհետև կշտանալը նրա համար կորուստ է։ Հասկացավ նաև, թե այս երեկոն ինչու է այդքան նման այն երեկոյին, ինչու է այսքան սառնաշունչ։ Ոչ թե հասկացավ, այլ հուշեցին։ Դիքենս․․․«Ագահ սիրտը միշտ մրսում է»։ Արդեն ժամանակն է․․․ Չէր կարող նորից ուշանալ։ Չէր կարող թույլ տալ, որ իրեն նորից դատեն․ այս անգամ դատաստանն ավելի դաժան կլիներ, չէ՞ որ անտառն ունի սեփական օրենքները։ Անլեզու միջավայրում ամեն արյան կաթիլ իր գինն ունի․․․«Հա՜հ, անտա՞ռն է դատելու։ Հիմա՛ր, ինքնադատաստան է լինելու, շտապի՛ր»։
Հիմա այս փոքրիկ, օգնական մարմինն ավելի արժեքավոր է, քան իր մտքով անցնող բոլոր հիշողությունները։ Որովհետև հիմա պետք է անձամբ հասկանար, որ մարդը կարող է հաց ունենալ, բայց քաղցած լինել, կարող է կյանք ունենալ, բայց դատարկ թափառել։ Վերցրեց ձագուկին։ Մեծ եղջերուները ետ քաշվեցին, բայց չփախան։ Չէին վախենում։ Մի՞թե նրանք նույնպես այստեղ հույս էին տեսնում, ապավինում էին մարդու օգնությանը։ Մարդու օգնություն․․․Սին և դատարկ․․․Վստահություն․․․Ահա թե ինչ էին նրանք տեսնում․․․Ծանր, դանդաղ քայլերով դեպի մեքենան գնաց։ Ձյունը, կարծես, փորձում էր ջնջել բոլոր հետքերը, մաքրել բոլոր հիշողությունները։ Բայց անկարող է հիշողությունը մաքրել։ Ոչ հիմա․․․Նստեց վարորդի տեղում։ Մի պահ նայեց փոքրիկ մարմնին, որը հազիվ էր շնչում։ Հասկացավ՝ եթե փրկի նրան, ոչ ոք չի իմանա։ Եթե թողնի մեռնի, նույնպես ոչ ոք չի իմանա։ Բայց երբեմն ամենակարևոր վկան հենց սեփական հոգին է, խիղճը։ Շարժիչը միացավ։ Մեքենան սկսեց ընթանալ հակառակ ուղղությամբ, սակայն հեռացավ մեկ ուրիշ զգացողությամբ։ Սպիտակ անտառը նրա հետևից դարպասները փակեց։ Ձագուկը դեռ շնչում էր։ Մի փոքր, բայց կենդանի հույս։ Միգուցե փրկության ճանապարհը սկսվում է այն օրը, երբ մարդը վերջապես հասկանում է՝ ոչ թե կյանք խլելն է նվաճում, այլ այն վերադարձնելը կամ պահպանելը։ Միգուցե նրա փրկության ճանապարհն այս արահետից է սկսվում, հենց այսօր է սկսվում, ոչ ոք չգիտե․․․Փոշմանե՞լ է, գուցե․․․Մեքենան շարունակում էր ձյան մեջ թավալ տալ։ Ձագուկի մարմինը գրկում ծանրության զգացում էր առաջացնում, բայց խղճի ծանրությունն ավելի վաղ էր իջել նրա ուսերին, ու հիմա քանի գնում, խղճի ծանրությունը թեթևանում էր։ Քաղաքը հեռու չէր։ Դեպի այնտեղ տանող ճանապարհը լավ գիտեր․ տարիներ շարունակ նույն երթուղով էր անցել։ Բայց այս անգամ վերադարձն այլ էր։ Ոչ թե որսով, այլ կյանք վերադարձնելու հույսով էր հետ դառնում։
Տաք տներում ծվարած մարդիկ չէին էլ իմանում անտառի դատաստանի մասին, ոչ էլ այն մասին, թե մարդն այս րոպեին ինչ է անում իր խիղճ փրկելու համար։ Ձեռքին կյանքի փոքրիկ, աննշան մի բեկոր էր։ Դուռը բացվեց, ներս մտավ։ Փոքրիկին բուխարու մոտ դրեց։ Նայեց նրա աչքերին, ապա հայելու մեջ ինքն իրեն նայեց, գոռաց՝ «Քիչ է մնացել»։ Ինչի՞ն․․․Առանց մի բառ անգամ ասելու գործի անցավ, վերցրեց ձագուկին։ Ախտահանիչի հոտը խառնվեց ձյան մետաղական կծու բույրին։ Ծանոթ բույր էր․․․Քմծիծաղ․․․Մի պահ մարմինը հրաժարվեց շարժվել։ Ժամանակը փորձում էր դանդաղ հոսել։ Դրսում՝ լռություն, ներսում՝ աղմուկ։ Մեղադրական աղմուկ․․․Բայց դրա ժամանակը չէր։ Պետք է շտապել։ Պետք է պայքարել։ Նախ ինքը ձագուկի կյանքի համար, ապա՝ ձագուկը սեփական կյանքի․․․Հա՜հ, մարդը վարժ է քանդելուն, կոտրելուն, տեսնենք՝ փրկելու հարցում կարող է հաջողել։ Եվ ի՞նչ է նշանակում պայքարել կյանքի համար՝ մի էակի կյանքի, որը ոչ խոսել գիտի, ոչ էլ նույնիսկ․․․Չէ՝, մի անգամ հրաժարվել էր պայքարելուց, այս անգամ ամեն գնով պետք է դիմադրեր։ Աչքի առաջ մի պատկեր երևաց, անցյալի մի հիշողություն․․․Իր ձագուկն էր այսպես գալարվում։ Ավելի հեշտ է հրաժարվել, քանդել, քան փրկել․․․Բայց ոչ այս անգամ։ Շունչ քաշեց ու գլխով արեց, և այդ պահից նրա մեջ մի բան փոխվեց։ Բռնեց ձագուկի սառած ոտքերը։ Այնքան փափուկ էր, ինչ-որ բան էր հիշեցնում։ Լսեց շնչառության դանդաղ խշշոցը, ճիշտ էր, նման էր նրա խշշոցին։ Զգաց, որ քիչ առաջ սիրտն առաջին անգամ ուզում էր տալ, ոչ թե վերցնել․․․Գիշերը երկար էր։ Ձյունը դրսում շարունակում էր թափվել, կարծես ուզում էր կուտակված մեղքերը մի հսկա սպիտակ սավանով ծածկել։ Այդ գիշեր չքնեց։ Գիշերը պայքար էր։ Այդ գիշեր զգաց, որ խիղճը կարող է նաև տաք լինել, ջերմություն հաղորդել, այլ ոչ թե միայն այրել ու պատժել։ Բայց ձագուկը ձայն չէր հանում։ Անտառն իր դատաստանը ավարտել էր․․․
․․․Ձյունը թավշյա վարագույրի պես ծածկել էր անտառը։ Շուրջբոլորը պատված էր սպիտակ սավանով։ Սլանում էր արագությամբ, սրտում՝ կարոտ, նոստալգիա, որն արթնացել էր «Պոեմայի» հնչյուններից։ Հոգին կարոտաշատ ու թախծոտ հիշողություններով լի էր։ Մեքենան կանգնեց։ Տեսավ գրկախառնված ձիերին, արդեն երեքն էին։ Հասկացավ, որ այստեղ էր եկել, որպեսզի ճերմակ անտառի մթության մեջ լսի, թե ինչպես են անցյալի ու ներկայի հիշողությունները մեկ հնչյունի մեջ հանդիպում։ Քաղցած էր․․․Մի պահ կանգ առավ, նայեց դեպի այն կողմը, որտեղ քիչ առաջ երեք ձիերն էին կանգնած։ Ու հանկարծ անտառի լռությունն ընդհատվեց․․․
