(հեքիաթը տպագրվել է ԿԱՅԱՐԱՆԻ 2023#2 համարում)
Մի աղջիկ ամռանը գնացել էր գյուղ։ Գյուղից ոչ հեռու կիսաքանդ տներ կային, որտեղ ոչ ոք չէր ապրում։ Նա շատ էր սիրում բարձրանալ այդ հին տների երդիկներին։ Մի անգամ, ինչպես եղավ, աղջիկը երդիկից վայր ընկավ։
Անբնակ, գոմի նման տուն էր։ Մթության մեջ աղջիկը ոչինչ չէր տեսնում, բացի սարդոստայններից, որոնք ամենուր կախված էին վարագույրների նման։ Այդպիսի սարդոստայններ չէր տեսել՝ ահռելի չափերի և տարբեր ձևերի ու հյուսքերի։ Նա զարմացած չորս կողմն էր նայում ու երբեմն խճճվում
էր այդ բարակ, մկագույն ու կպչուն ցանցերում՝ վախ ու զզվանք զգալով։ Երդիկից թափանցող արևի շողերից նրանք երբեմն-երբեմն շողշողում էին, և աղջիկն այդ պահերին մի քիչ սիրտ էր առնում ու փորձում զննել նրանց։ Բոլորը տարբեր էին, միայն նրանց աչքերի անտարբեր սառնությունն էր նույնը։ Աղջիկը գնալով տխրում էր և արդեն սկսում անհանգստանալ։ Հանկարծ լսվեց մի բարակ ձայն․
-Սիրուն աղջիկ, դու ինձ պես
Ինչու՞ թեշիկ չես մանում․
Համ կիմանաս ով եմ ես,
Համ էլ՝ ում եմ պահպանում․․․
Միայն շատ եմ խնդրում քեզ՝
Ինձ հանկարծ չվնասես․․․
Աղջիկը հնազանդորեն վերցրեց իլիկը, որ դեպի իրեն էր պարզել չափերով իրենից մեծ սարդը, ու փորձելով պտտեցնել, տեղավորվեց ցանցի մեջ։ Որսալով աղջկա հարցական հայացքը, սարդն ասաց․
-Ես անուն չունեմ, ես այս թագավորության ծառաներից եմ, այստեղ ծառաներն անուն չունեն․․․
-Բա ո՞վ ունի,- զարմացավ աղջիկը։
-Միայն թագուհին, Թելան,- ասաց սարդը,- դու նրան անպայման կտեսնես, եթե կարողանաս գուշակել հանելուկները, որոնք քեզ հերթով կառաջադրեն ծառաները։
«Որ այդպես է, ես իմ անունը չեմ ասի․․․ Տեսնես ինչպիսի՞ն է նրանց թագուհին, ինչ էլ անուն ունի՝ Թե՜լա»։ Աղջիկը հիշեց, թե ինչպես բակում խաղալու ժամանակ, բոլորը շրջան կազմած, իրար էին միացնում ափերը, շուռումուռ տալով, ասում․
-Ցելա, ցելա, ես դուրս ելա․․․
«Թելա, Թելա․․․երևի թել բառից է»,- մտածեց աղջիկը ու շարունակեց զրույցը․
-Իհարկե, կուզենամ տեսնել Սարդոստայնների թագավորության տիրուհուն։ Իսկ հանելուկները շա՞տ դժվար են․․․
-Նայած ում համար։
-Հենց հիմա ասա, տեսնեմ կհանե՞մ, իսկ եթե չհանեմ, այդ դեպքում ի՞նչ կլինի։
Սարդը չպատասխանեց այդ հարցին։
-Դու գո՛րծդ արա,- ասաց նա,- մի քիչ իլիկդ աշխատացրու, այնտեղ կերևա․․․
Մի քանի ժամ անց, սարդը իր անդուր, սղոցող ձայնով ասաց հանելուկը․
-Ոչ օձ է նա,
Ոչ ձկնորս,
Համ թույն ունի,
Համ էլ որս։
Քիչ մտածելուց հետո, աղջիկը գուշակեց։ Սարդը նրան բաց թողեց իր ցանցից։ Աղջիկը վազեց դեպի հաջորդ սարդոստայնը, որը նախորդից ավելի անհրապույր էր։ Հետաքրքիրն այն է, որ այս սարդն էլ նույնությամբ կրկնեց․
-Սիրուն աղջիկ, դու ինձ պես
Ինչու՞ թեշիկ չես մանում․
Համ կիմանաս ով եմ ես,
Համ էլ՝ ում եմ պահպանում․․․
Միայն շատ եմ խնդրում քեզ՝
Ինձ հանկարծ չվնասես․․․
Աղջիկը տհաճությամբ մտավ նոր ցանցի մեջ։ Նա արդեն հոգնել էր։ Անօդ և մութ տեղում գտնվելը շատ դժվար էր։ Իսկ ավելի շատ նա նեղվում էր այն մտքից, որ ինքն ակամա ծառայի ծառան է։ Նույնիսկ՝ ծառաների ծառան։ «Չէ, ես պետք է դուրս պրծնեմ այստեղից»,- մտածեց նա և արագ պտտեց թեշիկը։ Աղջկա երկրորդ գերությունը մի քանի օր տևեց։ Եկավ հանելուկի երանելի պահը։
Երանելի, որովհետև, ամեն հանելուկի հետ մի հույս էր ավելանում, որ իրեն տանում էր դեպի լույս և ազատություն։Չէ՞ որ այստեղից մի ելք պիտի լինի․․․
Ահա հանելուկը․
Ինքը՝ միջատ,
Որսը՝ միջատ,
Հյուսք անելիս՝
Իսկական տատ։
Աղջիկը մտածեց, մտածեց և բացականչեց պատասխանը։
-Կամա՜ց, օձիքս թռցրեցիր․․․ հանկարծ ինձ չվնասես։
Բայց աղջիկը էլ չէր լսում սարդին։ Նա արդեն դուրս էր ցատկել սարդոստայնից, ինչպես իրենց ամառանոցի ճոճացանցից․․․Հիշե՜ց, ու չուզենալով հեռանալ այդ տաքուկ հուշից, հասկացավ, որ կարոտել է իրենց տունը, տանեցիներին՝ քույրերին, եղբայրներին, ընկերներին, անգամ փնթփնթան հարևանուհուն։
Ամենաշատը կարոտել էր մայրիկին, հայրիկին ու պապին։ Ամեն բան կտար, որ տեսներ նրանց, գրկեր․․․Սիրտը ճմլվեց։ Աղջիկը հազիվ զսպում էր արցունքները։ Նա հերթով տեղափոխվում էր ցանցից ցանց, կատարում հերթական ծառայի հրամանները, գուշակում հանելուկը, մինչև վերջապես հայտնվեց թագուհու մոտ։
Թելան շատ ազդեցիկ էր։ Նրա սարդոստայնը փոշոտ ու խավար չէր մյուսների նման։ Նրա թելերը ծիածանափայլ էին։ Անընդհատ փոխում էր ձևը՝ մեկ թիթեռի էր նմանվում, մեկ ծաղկի, մեկ աստղի և զարմացնում էր իր թափանցիկ, ժանյակավոր, գեղեցիկ թևերով․․․ Թելան շողշողում էր, բայց դեմքը, միևնույն է, մյուսների նման անժպիտ էր, սառը ու վանող։ Ձեռքին՝ մի կիսաթոշնած, մեկթերթանի ծաղիկ կար։
Ձայնը քիչ ավելի բարձր էր, քան մյուս սարդերինը։ Նա հենց սկզբից հանելուկն առաջադրեց՝ ասելով․
-Եթե գուշակես, նոր կշարունակենք մեր զրույցը, իսկ եթե ոչ․․․
-․․․Եթե ոչ՝ ի՞նչ․․.- ցածրաձայն, վախեցած հարցրեց աղջիկը, բայց պատասխան չստացավ։
«Սրանք ինձ ուզում են տագնապի ու վախի մեջ պահել, չե՛ն տեսնի։ Հետաքրքիր է՝ ինչու՞ բոլորը միաբերան նույն բանն են կրկնում՝ միայն շատ եմ խնդրում քեզ, ինձ հանկարծ չվնասես։ Ուրեմն նրանք խոցելի են։ Եթե ուզում եմ փախչել, պիտի օգտվեմ դրանից։ Հենց Թելայից էլ կսկսեմ․․․ Ամեն գնով պիտի պատռեմ նրա հյուսած շքեղ ցանցը»։
Այդ վճռական միտքն առույգացրեց աղջկան և նա՝ սրտապնդվելով, հարցրեց Թելային․
-Կասե՞ք, ձեր ձեռքինը ի՞նչ ծաղիկ է։
-Այս տան ծաղկամանի վերջին ծաղիկն է։ Վաղուց սպասում եմ, թե երբ է ընկնելու նրա վերջին թերթիկը,բայց աներեսություն է անում, չի ընկնում։ Այն օրը, երբ դա տեղի ունենա, սարդոստայնների թագավորությունում մեծ խնջույք եմ անելու։ Ինձ համար, այս տան վերջին շունչն է այս ծաղիկը։ Նա շատ երկար սպասեց տան տերերի վերադարձին։ Այնքան, մինչև մնաց նրա վերջին թերթիկը․․․
Այնտեղ, որտեղ․.. էլ կյանք չկա, մենք հիմնում ենք մեր թագավորությունը։ Ինչքան մեծ են մեր չափերը, այնքան երկար ժամանակ ուրեմն այնտեղ մարդը ոտք չի դրել։
Որքան մեծ լինի իմ թագավորությունը, այնքան ավելի շուտ կդառնամ աշխարհի տերը․․․
Աղջիկը շատ զարմացավ՝ լսելով ծաղկի պատմությունը։ «Դա երևի կարոտի ծաղիկն է՝ հույսի վերջին թերթիկով,- տխուր մտածեց նա, տեսնես որտե՞ղ են նրանք, ում սպասում է կարոտի ծաղիկը, կվերադառնա՞ն արդյոք»․․․
Հանկարծ լսվեց ցածր, բայց շատ գեղեցիկ, զնգուն ձայն, որը բոլորովին նման չէր սարդերի անդուր կրտկրտոցին։ Աղջիկը զարմացած նայեց շուրջը։ Ոչ ոքի չտեսավ։
-Այդ ե՛ս եմ, ե՛ս, ծաղի՜կը, իմ ձայնը լսում է միայն սիրտ և հոգի ունեցողը, սարդերին լսելի չէ իմ ձայնը․․․
Աղջիկը զարմացավ, իսկ ծաղիկը շարունակեց․
-Հիմա, առանց իմ կողմը նայելու, ուշադիր լսիր, թե ինչ կասեմ քեզ։ Այստեղ ոչ մեկին չհավատաս։ Չխաբվես Թելայի շողշողուն ցանցին, նրա թելերն ամենաթունոտն են։ Ամեն գնով դուրս պրծիր այստեղից։
Հանկարծ լսվեց Թելայի բարկացած, դժգոհ ձայնը․
-Դու մոռացա՞ր, որ հանելուկ էիր կռահելու, անպիտան աղջիկ․․․Տեսնեմ՝ տակից ոնց ես դուրս գալու։ Վկայում է սիրտս, որ դու ընդմիշտ մնալու ես այստեղ՝ իմ թագավորությունում։ Այն ինչն է, ինչը․․․
Երբ հեռանում են
Բայց չեն մոռանում․
Դա շատանում է,
Սրտում կուտակվում
Ու քար է դառնում։
-Կարո՜տը,- լսելուն պես բղավեց աղջիկը։ Սարդերը դա չեն հասկանա։ Կարոտը մարդու համար է․․․շների, դելֆինների, բայց ո՛չ սարդերի։
Դա ասելով, վերցրեց Թելայի օբսիդիանից թեշիկը։ Եթե չգիտեք ինչ է օբսիդիանը, ապա ձեզ ասեմ, որ նրա ժողովրդական անվանումը՝ սատանի եղունգ է․․․Դե պատկերացրեք, որքան սուր էր Թելայի իլիկը։ Ձևացնելով, թե իբր խոնարհաբար թել է մանում թագուհու փոռիկավոր զգեստի համար, աղջիկը հանկարծ տեղից ցատկեց ու կտրուկ շարժումներ անելովով, իլիկի սուր ծայրով սկսեց վնասել Թելայի ծիածանափայլ, կլոր ցանցը․․․ Թելան չհասցրեց անգամ մի ծպտուն հանել։ Նա մնաց սարդոստայնի կռկված կույտում՝ առանց ինքն իրեն օգնելու հնարի։ Աղջիկը խլեց ծաղիկն ու փախավ։ Ծառաները փորձում էին կանգնեցնել նրան, սակայն նա սուր թեշիկով խոցում էր բոլորին, ասես աշխարհի երեսից ուզում էր ջնջել ողջ չարությունն ու բռնությունը, մութն ու խավարը։
Այն սարդերը, որ հրաշքով ողջ մնացին, փախան՝ չուզելով մնալ անապահով տեղում։
Այդպիսով, աղջիկը վերջ դրեց Սարդոստայնների թագավորությանը, հաղթեց նենգ ու մեծամիտ Թելային ու նրա միադեմ և անանուն անթիվ ծառաներին։
Միայն մենամարտից հետո աղջիկը նկատեց տանը պահպանված որոշ իրեր ։Երբ սրբեց նրանց փոշին, տունը շնչեց։ Աղջիկը տեսավ պատից կախված մի ընտանեկան լուսանկար, որտեղ բոլորը երջանիկ ժպտում էին։ Մեծ ընտանիքի ամենակրտսերը փոքրիկ աղջնակն էր՝ ձեռքին հենց այն ծաղիկը, որը քիչ առաջ էր ազատվել սարդի երկարատև գերությունից։
Աղջիկը վերադարձավ իր տուն, որտեղ վաղուց սպասում էին նրան և արդեն անհանգստանում։ Նա պատմեց իր հետ կատարվածի մասին։
-Այդ անանուն էակների թագավորությունում քիչ մնաց մոռանայի սեփական անունս,- ասաց աղջիկը,- բայց չէ՜, չէ՜, Շաղիկն եմ, ձեր Շաղի՜կը․․․Մայրի՜կ, ես այդ թագավորությունում հաճախ էի հիշում, թե ինչպես էիր քո երկար ավելով մեր տան անկյուններում պահ մտած սարդերի վերջը տալիս․․․
Շաղիկին հանգիստ չէր տալիս գյուղի տունը։ Մի քանի օրից նա վերադարձավ այնտեղ իր ընկերների հետ։ Միասին կարգի բերեցին տունը, ծաղիկը տնկեցին հողով ծաղկամանի մեջ։ Ա՛յ հրաշք․․․ ծաղիկը կրկին թերթիկներ ձեռք բերեց, թարմացավ ու բուրեց։ Նա՝ հռհռալով, անդադար ավելացնում էր ատլասափայլ թերթիկները, որոնք արագ-արագ երդիկից դուրս էր ուղարկում, որ քամու թևով թռնեին աշխարհով մեկ։ Կարող է մեկը գտնի կարոտի բառերով լցված իրծաղկաթերթերը ու վերադառնա տուն․․․
Հ․Գ․ Գիտեմ, որ կուզենայիք ասեի հանելուկների պատասխանները, բայց դուքինքներդ հեշտությամբ կգուշակեք։ Միայն մի հուշում կանեմ՝ բոլոր սարդ-ծառաների հանելուկների պատասխանը մեկն է։
