Հովհաննես Սարդարյան, Վիպակ

Ջբուն, Կարենն ու «Դորիան Գրեյի դիմանկարը»

(հատված «Ուլիցերյան պատմվածքի հերոսը» վիպակից)

Մա՛մ, իսկ Դորիան Գրեյը լա՞վ մարդ էր։

-Չէ։ Շատ վատ մարդ էր, Կարեն ջան։

«Պիլիբիստրիկը մեռավ անաղմուկ»։ Հավանաբար այսպես կսկսի  պատումը Կարենը, երբ իրագործելու լինի «100 կվարտիրանոցից» իր Մակոնդոն կերտելու նպատակը։ Կհիշի  անաղմուկ մեռած  տատին, որ նույնպես «100»-ի հնաբնակներից էր` առաջին սերնդի hարյուրցի։ Տատի հոգեհանգիստը Կարենի ծննդյան օրն էր՝ 30-ամյակին։ Այդ օրը Կարենը վերստին համոզվեց, որ մարդը՝ որոշում, իսկ Աստված տնօրինում է։ Եվ Աստծո ձեռքին են թե՛ «տոները, որ միշտ մեզ հետ են», թե՛ անխուսափելի պատահելիք դժբախտությունները։ Ու թե ում երբ աշխարհ ղրկի, ում երբ աշխարհից տանի՝ հերթ որոշողն Աստված է։ Հասկացավ ու իր մեղավոր մտքերից մի անգամ էլ ամաչեց՝ վճռելով գնացողներին այլևս  հերթի չդնել։

 Հասկացավ, որ կյանքի ու մահվան առեղծվածը քննելն իր ուժերի սահմանից վեր գործ է, ու ավելի լավ է տնտղի իր ֆիքսած հավերժական կանացի ժպիտները՝ սահուն անցում կատարելով այլ բարեմասնություններին, օրինակ՝ «ոռիկների» չափերն ուսումնասիրելուն, որ վերջին 20 տարին ընթերցանությունն օրվա իր պարտադիր զբաղմունքը դարձրած չկայացած դոն Ժուանի երկրորդ պարտադիր գործն է՝ կարդալը ծխելով ընդմիջելու միջոցներին։

Հասկացավ, որ գրականագիտության մեջ իր դավանած «ձևի զարգացման պատմությունը» Աստծո՝ մարդակերպման արվեստին չի վերաբերում։ Իր կերպարով մարդ կերտելիս երբ, ինչ, որտեղ-ն Աստծո ձեռքին է ու Տերն այդ գործում մարդուն անձեռնահաս է պահում՝ թողնելով ընդամենը մարդաստեղծ արվեստում  բովանդակությունը ձևավորելու կամ ձևը բովանդակությամբ լցնելու ընտրության իրավունքը։ Երբեմն էլ՝ թողնելով ընդամենը տձևը, տգեղը, տմարդը, ինչպիսին իր արտահայտած որոշ գաղափարներ են աշխարհի կործանման ու վերակերտման՝ իր կարծիքով՝ առանց Աստծո միջամտության կատարվող գործում։ Հասկացա՞վ Պարոն Գրականագետը, որ «100»-ի իր կենսատարածքի պատումը միայն «ձևի անցավոր խաղն» առաջ տանելով հյուսել չի լինի։  Չգիտենք։ Բայց այդ գործը թողեց բովանդակությունն առաջ մղողին ու ինքն անցավ իր սերած ու սերտած դիսերտացիան սեղմագրելու հույժ կարևոր գործին։

 Ու եթե ինքը որպես գրականագետ իրավունք ունի հարելու «արվեստի զարգացման պատմությունը ձևի զարգացման պատմությունն է» թեզին, ապա հաստատապես անկարող է ժխտել նաև հակառակի կողմնակիցներին, որ գտնում  են, թե արվեստի ու դրա զարգացման հիմքում բովանդակությունն է, ինչպես Սերվանտեսի «Դոն Կիխոտը», ինչպես Կանտի «Ինքնին իր»-ը, որտեղ գրողն ու փիլիսոփան պարզապես մատուցման ձևն են գտել․ կարևորը մատուցվող նյութի բովանդակությունն է, որի մասին հանճար պարգևողը հոգացել է, և «հասկացողը կհասկանա»։

 Մարկեսին ու նոր Մակոնդոն թողնենք Կարենին, և մենք դառնանք ու պատմենք հենց իր՝ Պարոն Գրականագետի կենսապատումը, որտեղ «100 կվարտիրանոցը» կենտրոնական տեղ է զբաղեցնում։ Կարենն իր Կարեն լինելու համար այնքան է պարտական Մանաճիհր արմատով Մանուչարյան տոհմին և, իհարկե,  հարյուրկվարտիրանոցի իր միջավայրին, ինչքան Մարկեսն իր Մարկես Լինելու համար գնդապետ Աուրելիանո Բուենդիային, որ գնդապետ պապի նախատիպն էր։ 

Նրա մանկական ուշադրությունից չվրիպեց ավտոտնակում թաքցված դագաղը, որ շաբաթներ առաջ էին բերել մահամերձ հարևանի համար, որ դագաղի՝ ավտոտնակում լինելու մասին իմանալով՝ համառորեն ձգում էր հոգետուրքը՝ իր վրա մի կուշտ լացի փոխարեն մի կուշտ նյարդայնացնելով, բան ու գործից ու ինքնաթիռի ետդարձի տոմսից  գցելով իր   թաղման համար մի քանի օրով Հայաստան վերադարձած հարազատներին։

 Վաղաժամ պատվիրված դագաղով թաղումն ի վերջո կատարվեց։

Անաղմուկ մեռած Պիլիբիստրիկի թաղման պես այս պատմությունն էլ անաղմուկ կանցներ, եթե, իհարկե, չլիներ Կարենի՝ շուրջը կատսրվող ամեն ինչի մասին ավելի շատ աղմկող, քան լռող բնավորությունը (եթե, իհարկե, երբևէ լռում է)։ Ինչպես անաղմուկ կանցներ, կամ միայն «դը՛մփ-դը՛մփ հու՛»,-ի` շատերի ականջին հաճելի աղմուկով կսահմանափակվեր Սիրո ու համերաշխության մեր հեղափոխությունը, եթե չպայթեր Արցախյան Քառասունչորսօրյա պատերազմն ու իր հետ չպայթացներ նոր հեղափոխականների մասին դարձյալ շատերի ունեցած աստվածաշնչյան-փրկչային պատկերացումները։ Առաջին պլան բերելով Հրաչյա Սարուխանի մարգարեական տողերը՝ «Հիսուսի երկրորդ գալուստից առաջ// Սրա՞նք չէին հենց, որ պիտի գային // Եվ, իծամորուս դիմակներ առած,// Խոհաքննիչի դեր ստանային»։ Եվ հեղափոխական դագաղներն ու սև լենտերը գիտակցված կմնային որպես արժանի պատիժ «իշխանությունը դեռ 40 տարի էլ Մելիք-Ադամյան փողոցով է անցնելու» ասող և ասողից շատ այդպես լինելը փափագող հին և հատկապես նոր սերնդի հազարավոր Հանրապետականների համար, ովքեր հանրապետական իշխանությունը Հանրապետատանների ձեռքից առնելուց հետո, հիմա էլ սահուն անցում կատարեցին նիկոլականների շարքերը՝ նրա հետ ներդաշնության իրենց քաղաքացիական պայմանագիրը կնքելով։

Բայց այդպես չեղավ, քանզի ո՛չ Կարենը կարող էր լռել, ո՛չ էլ վերահաս պատերազմը կարող էր հավերժ հետաձգվել։ Այսքանից հետո ո՛չ էլ գրելու գայթակղությանը կարող էր (ավելի շուտ չէր ուզում) դիմանալ մի անասելի կարողականությամբ զարթնած գրողական ջիղս։

Ու ո՛չ էլ Ասլանը՝ պապի հայրը, կարող էր 65 տարեկանում Շալիկոյին չունենալ, ո՛չ էլ Շալիկոն կորող էր երկրորդ աշխարհամարտի ողջ ճակատն անցնելուց հետո չվերադառնալ ու խմելու ընդմիջներին՝ փղի նման, իրարից յոթական տարի ընդմիջումներով իր ձագերին՝ երկու կորյուն, մի էգ առյուծ չունենար, որոնք բոլորն էլ, սակայն, քաղցկեղից պիտի մահանային։ Դու էլ, Կարեն ջան, պիտի հորդ քրիստոսատարիքում ծնվեիր ու  պիտի Կազանձակիս սիրեիր. հատկապես Քրիստոսին ամուսնացնելու նրա հանդգնությունը ու «Հույն Զոռբայի» կնատյացությունը, քանզի դու ցանկամոլ կնատյացի, չնախաձեռնող հեշտասերի մի յուրօրինակ ձուլվածք ես քո ուրույն հոգե-մարմնակերտվածքով, որից ավելի շատ դժգոհ, քան գոհ ես, մինչդեռ անդորրավետ խաղաղությունը միայն Գոհության թևերին է գալիս։ Ու Արցախյան 44-օրյա պատերազմից պիտի վերադառնայիր ու մղեիր քո կյանքի պատերազմը, լողայիր կյանքի գետում, ավելի հաճախ հոսանքին հակառակ։ Հովհաննես Զորավիգն էլ քեզ ու քո պատմությունը բաց ծով հանելիս ակամա պիտի ապավինի հենց Հեմինգուեյի Ծերունու առնացի բազուկներին, որովհետև ո՛չ լողալ գիտի, որ Կոլումբոսի պես նավարկի, Ամերիկո Վեսպուչիի պես մի նոր ցամաք հայտնաբերի, ոչ էլ Ռոբերտո Կառլոսի պես տշել, ո՛չ էլ իրեն թույլ կտա Ռոբերտո Բաջոյի պես ամենակարևոր ու պատասխանատու պահին փուստ գալ։

-Ես  իմ գոլերը վաղուց եմ խփում գրականագիտության մեջ, դիպուկ նետումներ էլ ունեմ բասկետբոլի զամբյուղը, որ որոշ չափով  կլրացնի չկայացած բասկետբոլիստի իմ երազանքը,- ոգևորվում է Պարոն Գրականագետը։  —Իսկ դու չմոռանաս  հանկարծ, որ Կառլոսի նման տշել  չգիտես, ու քո «համբերանքի չիբուխը» աստղերից չես վառել։

-Հենց աստղից եմ վառել, իմ վառ Աստղն է լուսավորում միտքս Աստծո զորությամբ,- հակադարձում է  Մուսայի հերթական ներշնչանքն ստացած Հովհաննես Զորավգը։ — Ու քանզի Երկնավորը շռայլել է շնորհները,  մի օր շողալու է անգամ հանճարիս աստղը՝ ի տես քո պես  անհավատների, որ աչքով տեսածին անգամ չեն ուզում հավատալ։

 «Ռոբերտո Կառլոսի նման տշել իմանայի,- խորհում էր Հովհաննես Զորավիգը,- եվրոպայի ֆուտբոլի 2004 թվականի առաջնությանը կմասնակցեի ու չեմպիոն կհռչակվեի, ինչպես Յամին Յամալն այս տարի, ու տնօրենը 8-րդ դասարանի ռուսերենի քննության ժամանակ  հարցը հռետորական չէր տա. «Կարա՞ս Կառլոսի պես տշես․․․ Պատասխանը երկուսիս էլ պարզ էր ու անցանք շախմատի թեմային։ Այդ օրը խաղատախտսկին  չմոտեցանք․ ջենտլմենական ոչ-ոքին չխաղացած պարտիայի համար երկուսիս սրտովն էր։ Կամ որ Կառլոսի պես տշել կարողանայի, մի ամբարտավան քարով լցված գնդակ չէր դնի, ինքն էլ դարպասապահ կանգնի  ֆուտբոլի համար հարմարեցված դարպաս ծառայող քառակուսի երկաթի մեջ, թե՝ տշի։ Կառլոսի պես տշել իմացողը նենց կտշեր, որ  դարպասապահը գլխով սուրացող  քարե կարկուտից  խույս չէր տա։ Եվ չխուսափեց։ Դարպասապահն ուրիշ անգամներ և ուրիշ տեղերից էր հավաքելու գնդակի մեջ իր տեղադրած քարերը»։

-Քեզ թվում է՝ ամենատաղանդավոր հայ արձակագիրը դու՞ ես, դու պիտի մրցանակ ստանաս, հռչակ ունենաս․․․,-դժսրտնեղում է կարենը։ — Ես քսան տարի կարդամ, ու հազիվ մի դիսերտացիա գրեմ, դու տարին 3-4 կամ թող լինի 7-8 գիրք կարդալով՝ մեկել ու հռչակվես, էն էլ՝ համաշխարհային հռչակով անուն դառնաս՝ Հովհաննես Զորավիգ, հետն էլ՝ Հովհաննես Հանճարե՞ղ, մարդու լեզու էլ չի պտտվում էդ լավ բառը ասի (թեև ես ու՞ մ եմ էդ գովական բառերն ասում, որ քեզ ասեմ քիչ է, հետն էլ հավատամ, որ դու իրոք Հանճարեղ ես, աչքովս էլ տեսնեմ՝ հավատացողը չեմ, որ մի օր հանճարեղության քո վստահությունը, թեկուզ կատակով ասված ինքնաբնորոշում լինի, իրականություն է դարձել։ Ու մի դահլիճ լիքը ժողովուրդ (Աստված չանի՝ ես էլ մեջները) Օպերայի դահլիճի նման մեծ կամ թեկուզ մեր գրադարանի դահլիճի նման փոքրացած դահլիճում, հավաքվել ու հոտնկայս ծափահարում է քեզ։

-Ամենատաղանդավորն էլ,  ամենահանճարեղն էլ դու ես Պարոն Գրականագետ,- հանգստացնում է Հովհաննես Զորավիգը։ — Իմը Թումանյանի երազած «մի պտղունց բախտն» է։ Բախտիս Աստղը պտտվում, պտտվում, պտտվում է երջանկաբեր կարուսելի ուղեծրով, ու երևելիների շարքում, որպես սովորական Հասկացող, ապահովում իմ տեղը։ Ուզեմ՝ Կարմիր գորգի վրայով կքայլեմ, ուզեմ՝ Սթիվեն Հոքինգի պես (թեև ես աստղագիտություն չգիտեմ) հեքիաթի կախարդական Գորգով աշխարհեաշխարհ ման կգամ․ Հոքինգյան հոգևոր  կախարդանքն էլ ինձ համար է։ Ու մինչև դու Ռոնալդուի համար Մեսիի դեմ վիրտուալ պայքար ես մղում, ես՝ ֆուտբոլ խաղալ չկարեցողս, թաղի առաջնությունների վիդեոզապիսների հայտնի մեկնաբանս, մի անգամ դեռ քո ծննդյան՝ հեռավոր 1994 թվին եմ իսկական Ռոնալդոյի (էն որ դու՝ քաչալ, Մարինեն չաղ է ասում, ամենքդ ձեր կոմպլեքսներով բնորոշելով Մեծ Ատամին) հետ ու նրա պես պահեստայինների նստարանին նստած ֆուտբոլի աշխարհի գավաթ նվեր ստացել, մի անգամ էլ նրա կերտած  չեմպիոնությունն  եմ վայելել, ու որպես աշխարհի կրկնակի չեմպիոն, երբևէ ֆուտբոլ չխաղացողի նոփ-նոր չեմպիոնական մարզակոշիկներս  պատից կախել դեռ 2002-ի ամռանը։ Իմ հաջողությունների համար պատճառներ չփնտրես Կարեն ջան։ Ոչ մոլի կարդացող եմ, ոչ անտեղի տքնող․ դրանք չարչարանքով հաջողության հասնելու կողմնակիցներին են հատուկ։ Հաջողությունն  ինձ նվիրվում է․․․ Երկնավորի կողմից։ Վերջ։

Խոսակցությունը Պարոն Գրականագետի  սրտով չի։ Բայց երկու օրից կգա, ինքը կասի, որ աչքովն է ընկել «իսկական Ռոնալդոյի»՝ վերջերս տված մի հարցազրույց, որտեղ նա ասում է, թե ֆուտբոլի իսկական աստղերը Զիդանը, Ֆիգուն, Ռոնալդինյոն ու ինքն էին։ Տեսա՛ր։ Իսկ դու չես հավատում։ Ասում ես՝ ֆուտբոլից չեմ հասկանում։  Ռոնալդոյին ինչո՞վ կհակադարձես։ Մտածում էիր, թե Կրիշտիանու Ռոնալդուն Ֆիգուից ավելի շատ տիտղոսներ է նվաճել, ուրեմն Մեծն ինքն է, նույնիսկ «իսկական Ռոնալդոյից» էլ Մեծը, մինչդեռ Մեծը «Մեծ Ատամն» է, ոչ թե ատամների վրա մեծ միլիոններ ծախսելով դզած քո Կրիշը։ Մեծը Մհեր Մկրտչյանն է իր Մեծ Քթով, որի մեջ էր ողջ հունարը, ու «Նիկոլի» իր անզուգական դերակերտմամբ «Հին օրերի երգում», որի տխուր ելևեջները միշտ նորանուն ու նորոգվում են հայոց երկրում։

Մեծը տիտղոսների քանակով չի Կարեն ջան, «ոչ թե նետի մեծությամբ է, այլ նշանի ահագնությամբ»։

-Դեռ երեսունամյակիդ միջոցառման ծափերն են ականջներումս, էտ դեռ չեմ մարսել՝ հիմա էլ համաշխարհային հռչակ, կամ Պուլիցերյան, էլ չեմ ասում հանկարծ ու՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր լինես թեկուզ իմ մասին գրած պատմվածքով։  Թեև իմ մասին գրված պատմվածքը ո՛չ Պուլիցերյան մրցանակ կստանա, ո՛չ Նոբելյան։ Իմ թաքնված հակումները բացահայտելով, իմ միջի փողոցայինին իրական ու գրական մայրուղի հանելով կերպավորելն ու հերոս դարձնելը ռուսերեն «ուլիչնիցային» մոտ հայերեն տառադարձումով «Ուլիցերյան» մրցանակի արժանացող գործ դառնա մաքսիմում։  Բայց դու նենց ես գրում, կարծես արդեն Նոբելյան մրցանակն ստացել ես, ու էսա Նոբելյան ճառ ես ասելու։

-Ինքդ ասացիր, թող այդպես լինի։ Թեկուզ, – համաձայնության նշան է անում Հովհաննես Զորավիգը։

-«Գնդակահարության պատի տակ» ինձ էլ ես նկարել, ինչպես մի անգամ ես՝ Խորեն Գասպարյանին  ու գեղանկարիչ Կարլեն Քոչինյանին ա՜յ էն պատի տակ,_ ձեռքով ցույց է տալիս պատը,_ նկարեցի ու Գասպարյանն այդպես ասաց. «Կարեն ջան, էս Գնդակահարությա՞ն պատի տակ ես նկարում»,— հիշեց Կարենը՝ ակնարկելով «Ուլիցերյան պատմվածքի հերոսը» գործի շարվածքի նախնական տարբերակներից մեկը ձեռքին գրադարանի պատի տակ իրեն լուսանկարելս ու ֆեյսբուքում անոնսելը։

-Չէ, Գասպարյանին դեռ շուտ է Գնդակարության պատի տակ քաշելը։ Անավարտ թարգմանություններ շատ ունի։ Համ էլ՝ ես գրում եմ, դու ու ինքը՝ կարդում։ Հիշո՞ւմ ես՝ ինձ արգելել է բարձրաձայն ուրիշների մոտ կարդալ։ Ասում է՝ «դու գրի, մենք՝ կկարդանք»։

-Ուղիղ ասեմ, եթե դու բանավոր այնքան սահուն խոսեիր, որքան գրում ես, հաճելի զրուցակից կլինեիր,- կարդալով «Ուլիցերյան պատմվածքի հերոսը»-ի հերթական ստացված հատվածը՝ ասում է Կարենը։

-Երկու երնեկը մի տեղ չի լինում։ Եվ, առհասարակ, եթե մեկն ամեն ինչ կարող է անել, ապա մեծ է վտանգը, որ օրերից մի օր կողքիններին, հատկապես քո պես Մյորսոյանման մեկին, ավելորդ թթվածին շնչող համարի, – հակադարձում է Հովհաննես Զորավիգը։ —Ուրեմն ես գրեմ՝ դու համբերատար կարդա ու թե պեստք եղավ՝ համակարգչով էլ կշարես, ինչպես Համո Մաթևոսյանը համբերությամբ զինված, Հրանտ եղբոր անտիպ, անավարտ գործերի 1500, թե՞ 2000 էջը շարեց։ Նա էլ քո պես գրականագետ էր, գիտությունների թեկնածու, ու վայթե՝ քո պետականի հանձնաժողովի նախագահը։

-Չլինի՞ մեր ժամանակների Հրանտ Մաթևոսյանն էլ դու ես։

-Զորավիգ պատվանունն ստացած Հովհաննես Սարդարյանն եմ։     Իմ տեղում, իմ ուղեծրի մեջ։ Ինչպես որ Բակունցի սկզբնավորած ակոսում իր մեծ տեղն ունի և մեծ ուղեծիրը Հրանտ Մաթևոսյանը։

-էդ ուղեծրում են չէ՞, ըստ քեզ և քեզնից առաջ էլ՝ ըստ Վանոյի՝ նաև Աղասի Այվազյանն ու ինքը՝ Վանոն։ Սիրադեղյան։

-Նաև Վազգենն ու քո համածառայակից խրամատի  ընկեր Անմահական Վաչը։ Քո առաջաբանով լույս տեսած գրքում Վաչի «Դերասանը» պատմվածքը մեկ էլ կարդա, ու կհասկանաս, որ Վաչն էլ է այդ փաղանգում, հայ գրականության՝ բովանրակությունը տեղը պահած մատուցման ձևը հաջողացրած արձակագիրներից է Վաչը։

-Բակունցյան փաղանգը լրացնելն այդքան էլ հեշտ չէ, բայց եթե «Քերծված սրտից» հետո հիմա էլ «Ուլիցերյան պատմվածքի հերոսը» հաջողես, մեղքս ինչ թաքցնեմ, կգնահատեմ։ Կասեմ նույնիսկ, որ եթե Ստեփան Զորյանը հաջողակ պատմվածքագիր, ձախողված վիպասան է (Պերճ Զեյթունցյանի «Արշակ արքա»-ից հետո՝ հաստատ, ապա Հովհաննես Զորավիգը թե՛ հաջողված պատմվածքագիր, թե՛ վիպասան է միաժամանակ։

-Դե, դե, Զորյանին մի կպիր։ Սարուխանի «Մի խոնարհումի եռատող»-ը բկիդ կկանգնի։ Ուղղակի արի հիշենք, որ միշտ չի սենց մի շնչում վիպակի ծավալով ստեղծագործություն գալիս։  «Խելոքը» ինձ ինչքան տանջեց։ Վերջը մի կերպ տպագրության հասցրինք։(Շնորհակալություն Կարինե Խոդիկյանին, որ խրախուսեց ջանքս։  Խորեն Գասպարյանին ու քեզ էլ շնորհակալություն, որ համբերատար, երկուսդ իրար հետ մի 17 անգամ կարդացիք)։

     «Խելոքը» «Քերծված սրտից» հետո եկած ստեղծագործական երեք անխուսափելի հետցնցումների հանրագումար է։ Դրանք առանձին-առանձին կարդալով՝ Խ. Գասպարյանն ասաց. «Հովհաննե՛ս, ես քեզ թույլ եմ տալիս մի կամ առավելագույնը երկու հատ էլ սրանց նման մի բան գրես, ու եթե պիտի սենց ստացվի նաև հետագայում՝ էլ ընդհանրապես չգրես»։  Զորավիգը մի քիչ նեղվեց, բայց հասկացավ, որ Գասպարյանը ճիշտ է ասում ու ստեղծագործությունները գզրոցում հանգստի ուղարկեց։ Աշնան մի օր, Մուսան եկած մի պահի, աչքովն ընկան։ «Մարգահովիտի Զորավիգ» թերթի ջերմեռանդ թղթակից, վաստակաշատ մանկավարժ Անահիտ Դանիելյանի հորդորով «փոքր մարդու» կերպսրն սռաջ բերել-վեր հանելով (էն որ մեզանում այնքան լավ ցույց է տվել Ստեփան Զորյանը, իսկ ռուս գրականության մեջ՝ Չեխովը)՝ կերտեց իր «Խելոքը»։  Գրադարանի լավագույն աշխատակիցներից և մեր լավագույն դասախոսներից Աննա Խառատյանի և իր ուսանողների ջանքերով, հենց գրադարանի դահլիճում բանակի օրվա առթիվ երկու տարի առաջ «Խելոքը» բեմականացվեց։

-«Խելոքը» չէ՞ր, որ Գասպարյանի ծնունդին մոտը հանեցիր, որ եսիմ որերորդ անգամ կարդաս՝ ասավ՝ «հմի պտի կարդաս, գոնե տուր Կարենը կարդա»։— Իսկ էս մեկը լրիվ պատրաստի շարադրանքով է գալիս, կազմակառույցը տեղը, ձևիմասային բովանդակությունը տեղը և ամբողջական,- հիշեցնում է Պարոն Գրականագետը։

     Ուլիցերյան պատմվածքի հերոսի հախուռն կյանքի պես համանուն ստեղծագործության շարադրանքն էլ հախուռն ու ինքնքբերաբար է ստացվում։ Հերոսի կյանքի կարևոր իրադարձություններին գրեթե օնլայն ռեժիմով անդրադարձող հեղինակը հաճախ զուտ արձանագրող  կենսապատմիչ է, աննշան  ստեղծագործական միջամտություններով։ Առավել հաճախ  ինքնուրույն են գալիս բառերը, շարվում նախ մտքում, ապա արտաբերելու պատրատս՝ կանգնում կոկորդին, ու թե՝ շարի։ Ստեղծագործությունն ինքն է թելադրում իր ընթացքը,  ճյուղավորումներն էլ իրեք իրենց են ստացվում։ Մինչև ուզում է վերջակետի հասնել, նոր միտք է ծնվում ու շարվելու իր հերթին չի էլ սպասում։ Ավելին՝ նախադատության ընթացքն է իր ուզած հունով տանում։ Եվ «Ուլիցերյան պատմվածքի հերոսը» կերտողը  հասկանում է, թե ինչու Աննա Կարենինայի ինքնասպանությունն այդպես հանկարծակի եղավ կամ թվաց հանկարծական, և ինչու Մարկեսն այդքան դժվարությամբ խաղաղ մահվան հասցրեց Գնդապետին ու կնոջ հետ հեկեկաց։

 «Ուլիցերյան պատմվածքի հերոսը» հեղինակին երբեմն Գորդյան հանգույց է թվում։ Եվ  փնտրում է Սուրը․․․ Ափսոսանքով հիշում, որ Սուրն Ալեքսանդրը չնվիրեց, ինչպես որ Մեսսին Մեսյան չէ, և նրա ձախ ոտքը միայն Արգենտինայի հավաքականին է չեմպիոնական գավաթ պարգևում։ Մտքերի անկասելի հոսքը հեղինակին չի թողնում  ավարտել պատումն  ու կնոջ հետ դուրս գալ զբոսանքի,  առևտուր անել ու վերադառնալ, որ Էլենը չչարչարվի։ «Ավտոմեքենա  չունեմ, որ Մարկեսի նման գրավ դնեմ գումարը տամ Էլենին ու ասեմ՝ չխանգարես՝ ստեղծագործում եմ,- մտորում է Հովհաննես Զորավիգը։ — Կարենն իր Մակոնդոն կստեղծի, թե չէ՝ ես իմ «Ուլիցերյան պատմվածքի հերոսին» կերտեմ. գուցե «Պուլիցերյան» կամ դրա նման մի մրցանակի արժանանա, էդ փողով տուն էլ կառնեմ, ավտո էլ, Էլեն ջան ու Սելինջերի պես կառանձնանամ ու կգրեմ։ Ինձնից հետո թող հրատարակեն։ Պարոն Գրականագետն ուզում է  պատմվածքի որոշ մասեր հրատարակել որոշ հերոսների կամ հեղինակի մահից հետո։ Ապահավության համար։ Որոշ հերոսների սրտնեղանքի չափը, կարծում է, սրտի մեծությունից ավելին կաարող է լինել։ «Ուրիշ գործերի առրթով արդեն եղած արձագանքները վկա»,- հիշում է։  Բայց էդ մեկը չեղավ, Կարեն ջան։ Ինքդ ես ամեն հատվածը կարդալով ասում՝ «զիլ գործ ա»»։ 

-Սպասում եմ, որ գոնե Մարկեսի ոճով ասես՝ «Համարձակվում եմ մտածել, որ հենց այդ ֆանտաստիկ իրականությունը, այլ ոչ թե միայն նրա գրական պատկերն է իր վրա գրավել Շվեդիայի ակադեմիայի ուշադրությունը»։ Անհամբերությամբ սպասում եմ հենց միայն այս, գուցե թե համանման խոսքերի։ Չէ՞ որ ստեղծագործությունը քոնն է, իմը միայն այն միջավայրն է, որի մասին գրում ես։ Իմ կենսատարածքը այդպես հանգամանորեն, իմ ապրումներն այդքան հախուռն ու բազմակողմանի պատկերել ես չեմ կարող։ Իմը պահի ապրումն է, բանավոր խոսքը, գուցե պատկերավոր մատուցումը։ Ասում ու անցնում եմ, իսկ դու այնքան հեշտությամբ ես բառավորում, հանձնում գրի հավերժությանը,- ասում է Կարենը։Իսկ գուցե անողոք դատաստանի՞ն։

-Գուցե։ Ով իմանա։

-Անհոգ եղիր, երբ հաջողության հասնեմ, քեզ չեմ մոռանա, ինչպես իր հաջողությունն ապահոված Ալբերտ անունուվ հային չմոռացավ քո կուռքը՝ Կրիշը։ Ես էլ քեզ «կրիշ» կկանգնեմ ու նորոգել կտամ ձեր տան կրիշը։ Կկարողանաս իրագործել նպատակներդ, չես մտածի աշխատություններդ տպագրելու մասին, – վստահեցնում է Հովհաննես Զորավիգը։

Հաջողությունը հեղինակին գուցե ժպտա ու նա  կարողանա մեծամեծ շնորհակալություններ հայտնել թե՛ Կարենին, թե՛ իրեն ստեղծագործելու մղող բոլոր Սրտաբնակներին, իսկ մինչ այդ՝ պատմենք, թե ինչպես գտնվեց հաջողություն խոստացող ստեղծագործության փնտրվող վերնագիրը։ ինչպես ասում են՝ դիտմամբ չես հորինի։ Վերնագիրն իր մի պատահական վրիպումով գտնելու առիթ տվեց համակարգչային կենտրոնի գեղեցկուհի աշխատակցուհին։ Նա հրեշտակի արտաքին ու բացառիկ ներքին հմայք ունի, ինքն էլ մի չքնաղ ստեղծագործություն է, չքնաղատես բնական կերտվածք, ինչպես որ այսպիսի հազվագյուտ գեղեցկուհիներին բնորոշելիս ասում է հեղինակը,  Զգում եմ՝ երջանկությունից շողալու է այն սիրտը, որի տիրուհին ցանկանա դառնալ բնության բոլոր հրաշագեղություններն իր մեջ ամփոփող  այս օրիորդը։ Նրան ծնողներն իբրև աստվածուհի են  հրաշակերտել։ Աստված թև էլ է տվել ու դարձել է իսկական արարչակերտ էակ։ Համեստության տիպար է ու հատկապես արկածային գրականության սիրահար, Ագաթա Քրիստիի ստեղծագործության ջերմեռանդ երկրպագու։ Իբրև ապագա մայր, այս Գեղեցկուհին  բոլոր նախադրյալներն ունի՝  իր ափի մեջ ազգի լուսավոր ճակատագիրն ամփոփող բացառիկներից մեկը լինելու։ Այ, հենց այդ աղջնակը, առանց այս պատմվածքն անգամ մինչև վերջ կարդալու, «Պուլիցերյանի» փոխարեն «Ուլիցերյան» պիտի գրեր ու գտներ  փնտրված վերնագիրը, որ այնքան լավ է արտահայտում թե՛ քո անձնական, թե վիպակ դարձող պատմվածքիս հերոսի էության ներքին կոնֆլիկտը Կարեն ջան։

-Երկուսը մեկում ու երկուսով էլ չգիտեն՝ ի վերջո, ո՞րն է իմ փնտրածը՝ թեկուզ տոլիչերյան դատարկություն հիշեցնող գեղեցկուհի՞, թե՞, այնուամենայնիվ, նորմալ հասկացող, իմ աշխատանքը գնահատող, ընտանիքի աղջիկ։ Երկու տիպն էլ հանդիպել եմ, երկուսին էլ՝ սիրահետել, ո՛չ մեկից եմ գլուխ հանել, ո՛չ՝ մյուսից։ Ճիշտը որ ասեմ՝ ինձնից էլ գլուխ չեմ հանում, – ասում է Կարենը՝սահուն անցում կատարելով կայացող ստեղծագործության դեռ աննշմար փառքը ոչնչացնելու իր սիրած գործին։

 -Չեմ հանդուրժի, թեկուզ իմ մասին գրվածի առիթով հնչեն  ծափերը, չեմ հանդուրժի ու թեկուզ ինձ կերտես, ես էլ կերտածդ կերպարով համաշխարհային գրականության ամենահռչակավոր հերոսը լինեմ, թեկուզ համարյա դոն Կիխոտ, էդ բանը չեմ հանդուրժի, որ դու Հանճարի լուսապսակով մնաս աշխարհում,- մեջը բարձրացող սալերիական քինախնդրությամբ ասում ու մոտենում է ծառի տակ լուռ ծխող, տարին մեկ գիրք գրող ու, ի հեճուկս որոշ նախանձողների, նաև տպագրող բանաստեղծ Ռաֆ Բարաթյանին. «Ռա՛ֆ, ասում եմ գրքերիցդ մեկը, որն էլ լինի, մեկ է, ամեն տարի մի հատ տպում ես, էն որ խմբագիրը ես եմ, երևի էդ ամենահարմարն է, թարգմանել տանք, ուղարկենք Նոբելյան հանձնաժողովին, թե չէ Հովհաննեսը հրես սաղ մրցանակներն ստացավ, մնացինք մենք»։

-Չենք մնա, Կարեն ջան, ես արդեն ութ գիրք ունեմ,- հակադարձում ու իր սրտի հետ Կարենի սիրտն էլ է փորձում հանգստացնել Ռաֆ բանաստեղծը։

-էս արձակն էլ ավարտեց՝  կանցնի պոեզիայի․ չնայած, լավ է, գոնե էդ մեկը մոտը չի ստացվում։ Բայց մեկ էլ տետար՝ էդ էլ եղավ։ Հովհաննես Զորավիգը հավատավոր քերթողներից է, ու, ինչ մեղքս թաքցնեմ, չասել չի լինի, լավ է ստացվել թե՛ «Քերծված սիրտ»-ը, որ իրոք խոստումնալից մուտք էր (Ռաֆ ջան, լեզուս չի պտտվում ասեմ՝ շռնդալից, բայց դե հասկացար, էլի), թե իմ մասին էս քերթվածը, որ իբրև պատմվածք սկսեց, վախենամ վեպի ժանրի հասցնի ու լավագույն վեպերից լինի, մենք էլ մոտը խոսել չկարենանք։

-Ես կկարողանամ, ես արդեն ութ գրքի հեղինակ եմ, ուր որա՝ նաև հատընտիրիս առաջին հատորը լույս կտեսնի,- առարկում է Ռաֆ բանաստեղծը։

-Ո՛չ կլինի իմ մասին իրոք ստացված գործը փնովեմ, արժանիորեն չգովեմ, ո՛չ էլ կլինի, ասեմ՝ ինչ պատմել եմ, էդ էլ գրել։ Էդ ինքն էլ է ասում, որ լրիվ իրապատում է գրում, դետալ- մանրամասների կամ մեկ-երկու անունի փոփոխությամբ էդ էլ իմ խաթեր, որ որոշ մարդիկ «չհերձեն»։  Բացի էդ էլ՝ կասի Հրանտ Մաթևոսյանին էլ մայրն է պատմություններ պատմել, բայց գրողը Մաթևոսնն է, չէ՞։ Կարո՞ղ էիր, դու կգրեիր, ոնց որ մի անգամ արդեն ասել է։

-Է, դու էլ գրի, Կարեն ջան, համ Հովհաննեսից շատ ես կարդացել, համ իրանից լավ ես պատմում, նա էն ո՞վ ա, որ… բանավոր խոսքն էլ «կաղում է»,- հուսադրում է Ռաֆը։

-Ո՛չ միայն խոսքը, ինքն էլ է կաղում, Ռաֆ ջան, բայց էդ սիրտս չի հովացնում, – հակադարձում է Կարենը։ – Հովհաննեսի կաղալը չի օգնում, որ «իմ կաղ հանգերով», գոնե ինքնակենսագրկական մի վեպ գրեմ։  (Թու՜, էս ինչ եմ ասում, արձակում ինչ հանգ…  Սամվել Զուլոյան Բանաստեղծից հետո  էնքան անհամ (էս ինչ եմ ասում, է՜) անհանգ կամ կաղհանգ բանաստեղծություն կարդացի, ամեն ինչ շփոթում եմ մի տեսակ)։  Մեկ է չեմ կարող։  Հովհաննես Զորավիգի  պես չեմ գրի։ Ինձ սենց ճշգրիտ ներս ու դրսից նայել (ինչպես Խանջյանն՝ ինքն իրեն), ինտիմ կյանքիս մանրամասնությունները գրել՝ ես չէի համաձակվի, – մի կերպ ընդունում ու սրտնեղում  է Կարենը։

Հարցական հայացքը դարձնելով Սիրուշին՝ շարունակում է․ «Սովորական, այն ժամանակ առօրյայում նույնիսկ աննշան թվացող դետալ-մանրամասներով 100 կվարտիրանոցի մեր կյանքի պատկերը կողքից նայելով՝ ոնց որ թե այդքան էլ վատ ու տխուր չի եղել, զավեշտալին ավելի շատ է, չէ՞ մամ, Հովհաննեսին ոնց որ հաջողվում է կերտել կերպարս»,- ոգևորվում է։ 

-Ռաֆ ջան,- դառնալով բանաստեղծին՝ շարունակում է, –  բեր, բեր հլա քո էն լավ հանգավորներից մի քանիսը էն իմ խմբագրած գրքից կարդամ, սիրտս մի քիչ հովանա, լեզուս մի քիչ բացվի:  Էս իմաստնության ատամս հեռացնելիս բարդություններ եղան, լեզուս փաթ ա ընկել։ Դու ասա, իմաստությունս էլ ատամի հետ հեռացրած չլինեն։

-Հանգիստ էղի, Կարեն ջան, դու էնքան խելացի, կարդացած ու պատրաստված տղա ես, որ իմաստությունը ցմահ մեջդ ա լինելու, ոնց որ հանգախոս ու նույնիսկ անհանգ բանաստեղծելու՝ թեկուզ  ամենօրյա վարպետությունը իմ մեջ՝ հակառակ բոլոր չուզողների ու իմ հանգուվանկի հորդումների վրա վայիս եղողների, որոնցից մեկն էլ մեր էդ հընգերն ա։ Չկամ չի, չուզող չի, մեղքս ինչ թաքցնեմ, բայց ամենօրյա ռեժիմով բանաստեղծելուս դեմ ա,- Կարենին հուսադրում, իրեն  էլ գոտեպնդում է Ռաֆ բանաստեղծը։

-Ամեն դեպքում, Ուայլդի «Իմաստության ուսուցիչը» Խորեն Գասպարյանի թարգմանությամբ կարդալուց հետո, Գասպարյանին Զորյանի տուն-թանգարանի բեմից «իմաստունի ուսուցիչ» համարեց, վայթե «Առավոտ»-ում էլ գրեց էդ մասին։ Իմաստունն էլ, հասկացար ո՛վ է։ Ինքը։ Էլֆիքը խոստացել ա էս թեմայով մի սատիրա գրի, գոնե դրանով դեմն առնենք, ոնց որ, եթե ինձ մնար, շատ ուսանողների (և ոչ միայն) դեմը կառնեի, որ հանկարծ մեր առաջը չընկնեն, դիպլոմ ստանան ու դրանով իրանց մեզ հավասար կարծեն։ Էգուց էլ թատրոնում խաղան, մեզնից էլ լավ խաղան ու իրենց մեզնից բարձր համարեն (թե ինձ թատրոնի տնօրենը խի՞ չի գեղխորհրդում ընդգրկում, չգիտեմ), -փրփրաբերան ու արդեն վաղուց ներվատրյոպնիկը միացածի շարժումներով, օդում քֆուրը մի կերպ ատամների արանքին կիսածամելով սեղմած՝ ասում է Կարենը։

-Հանգստացի՛, Կարեն ջան,- խորհուրդ է տալիս Ռաֆ Բանաստեղծը։

-Ոնց հանգստանամ, էն օրն էլ  մեր ուսանողներից Գոգան էր թատրոնում խաղալու առաջարկ ստացել։ Ու  Հովհաննես Զորավիգն էլի զորակցեց ու խրախուսեց։ Եվ իրոք, ինչպես հանգիստ քնի Պարոն Գրականագետը, երբ ամեն ջանք գործադրում է, որ թատրոն ոչ մի նոր մարդ չմտնի, հատկապես երիտասարդ, այն էլ՝ ուսանող,  ու   Աբելյանի պրոֆեսյոնալ բեմում խաղան միայն նրանք, ում ինքն է պրոֆեսյոնալ համարում կամ խաղն իր սրտովն է։ Էլի չստացվեց։ Էլի ապարդյուն ջանքեր… Արկադին իսկի Պուտինին Պուշկինից չի տարբերում (հարցնում է՝ «Ընկեր Կարեն, Պուշկինի ժամանակ է՞լ էր նախագահը Պուտինը»), բայց «Աշնան արև»-ում ամենաերկարը Սերո խաղաց՝ չորս տարի՝13-17 տարեկանում։ Հիմա էլ թատերականում ուսանող է՝ ուսուցչին գերազանցող աշակերտ։  Թատերական ստուդիայի նախկին սան Հովոն էլ ավելի վաղ տարիքում պատանի Սարուխան կերտեց։ Խնդրեմ՝ դարձյալ ուսուցչին գերազանցող աշակերտի վառ օրինակ։ Արթուրի մասին էլ չասեմ։ Արտիստի դերում այնպես արտիստաբար էր Աբելյանի բեմում կանգնած, որ ֆիթնեսի տեղը ճռռացող դերասանները նրա մարմնակերտվածքին, բնական արտիստիզմին կնախանձեն հաստատ։ Արթուրն իսկի ավարտական ատեստատ չունի, բայց օժտում ունեցողից շատ բարձր է։ Արթուրը «բնակտոր է», ինչպես նման դեպքերի համար դիպուկ ասում է Արտակ Սարուխանյանը՝ հաճախակի հիշատակելով Արշակ Քոչինյան բանաստեղծ-երգահանին։ Եվ ահա, Աբելյանի բեմում «Արտիստին» մարմնավորող Արթուրն այնպիսի արտիստիզմով էր կանգնած, որ Արարատ Գյուլբանգյանի կերտած «Արտիստը» Շիրվանզադեի «Արտիստի» մոտ պարզապես կարկամեց։ Ինչպես կպապանձվեր Լևոն Արտիստի ներկայությամբ, կամ լեզուն ջուր կառներ Լևոնի արտիստիզմը կերտած Շիրվանզադեին հանդիպելիս։ Իսկ թե պատահաբար հանդիպեր Շիրվանզադեի գլխավոր գրական ախոյան Նար-Դոսին՝ լեզուն կուլ կտար։ Չլինի, թե հանկարծ խոստովանի, որ նրա «Պայքարը» 21-րդ դարում էլ ոմանց քունը խանգարել է։ Ու կյանքի՞, թե պայքարի բովում տանուլ տվածները տո ոչ էլ Ավոյի համարձակությունն ունեն, որ «բախտի վրա խնդան»։ Սատիրաներով դեռ միմյանց դեմ են պայքարում՝ դասականների չմարող փառքի դեմ անհաշտ կռիվ տալով։ Դավիթաբար կռվելը նրանցը չէ, որ գոնե իրենց մոլեգնող ինքնահավանությունը զսպեն. չեն հասկանում, որ կայացած Ուրիշների վաստակն անտեսելով իրենք վաստակավոր չեն դառնա։

-Ես ամեն ինչ անում եմ, որ ուսանողը չաշխատի, թեկուզ ուսման վարձի գումարի համար (թող ծնողը տա), իսկ Հովհաննես Զորավիգը» խրախուսում ու հավանում է աշխատավոր մարդուն,- սրտնեղած մտորում է Պարոն Գրականագետը։ — Բա որ բոլորն աշխատեն, իմ նման «Գյուլբանգյանացուն» չաշխատողի իր առավելություններն ու՞մ աչքը մտցնի («Խեցգեսնի արևադարձի» հայտնի հերոսին նմանվող Ա․ Գյուլբանգյանը չաշխատողի տիպիկ կերպար է՝ ամենաօրինակելին մեր Պարոն Գրականագետի՝ իր կերտած   Մանուչարի համար)։

 -Բայց դե Հովհաննեսը ո՛չ թատերականի ուսանող է, որ չնաշանակեք, թույլ չտաք աշխատի, ո՛չ էլ կարող եք գործից հանել տաք, ո՛չ էլ առավել ևս՝ իր  գրիչը կարող եք ձեռից խլել,- հակադարձում է Ռաֆը։

-Անձամբ ես շատ կուզեի ու խոստացել եմ՝ հենց գրադարանի տնօրեն դառա (ա՜խ երբ ա էդ օրը գալու), առաջինը հենց Հովհաննեսի ազատման հրամանն եմ արձակելու՝ իմ տնօրեն դառնալն ու իրան գործից հանելը մեկ անեմ։ Շատ էլ թե սաղ օրն իրար հետ աղուհաց ենք անում, «աղուհացը հո քաղաքական կատեգորիա չի», իսկ տնօրենի պաշտոնն, էդ արդեն լրիվ ուրիշ․․․), – երանությամբ է լցվում Կարենը։

Նա անգամ իր հոդվածները շարելիս է ալարում, ու ոչ մի բան չէր գրի (քանիցս խոստովանել է), եթե գիտությունների թեկնածուի  կոչումն ունենալու համար գրավոր հոդվածներն ու դիսերտացիան պարտադիր չլիներ, որպես աատիճան կորզելու և գոնե դրանով աստիճանավոր դառնալու՝ առաջին հերթին ինքնապարտադրանքը իրագործելիս։

-Ե՛ս, նույնիսկ ես՝ մեծն գրականագետս եմ նստել ու քեզ համար համակարգչային շարվածք արել,- ինքն իր արած լավությունից զարմացած՝ հիշում ու հիշեցնում է Պարոն գրականագետը։

-Ես անհանգստանալու բան  չունեմ։ Մի, թե նույնիսկ երկու անգամ Հովհաննես Զորավիգն անձամբ է ասել, որ պոետների շարքում իմ տեղն ունեմ։ Հատկապես, երբ իր սրտի բանաստեղծություն եմ գրած լինում։ Խոհափիլիսոփայական թեմայով։ Ամուր թելերով կապված եթե ոչ դասականության, ապա գոնե դասականների արմատին, չի հապաղում՝ զանգահարում է, ասում՝ «Ռաֆ ջան, շշել ես»։ Որպես ապացույց էլ միշտ  շշածներս  ՖԲ-ի էջում կիսվում է ու հրավիրում իրոք շշելու՝ մի-մի բաժակ բարձրացնենք ի գոհություն Տիրապարգև Մուսայի։ Ցավոք, Հովհաննեսին գոհացնելը շատ դժվար է, ու  գովեստի խոսքեր ասում է էն քիչ դեպքերում, երբ գրածս այնքան է հավանում, որ անգիր է անում ու էս ու էն բեմերից գրական միջոցառունմերի ժամանակ ասում։ Մի բանաստեղծությանս մասին ասում է՝ կուզեր ինքը գրած լիներ։ Հիշո՞ւմ ես, մի միջոցառման ժամանակ էլ գիրքս բերեց քեզ տվեց, որ կարդաս, Կարեն ջան։  Այսուհանդերձ, Հավհաննես Զորավիգը չի ասելու՝ ես Զուլոյից հետո ընդհատված շարքում իմ տեղը կունենա՞մ, թե՞ չէ։ Ես առանց իրա էլ, տո հենց թեկուզ իմ առատագրությամբ,  որով ամեն ճաշակի ընթերցողի համար էլ մի բան ունեմ գրած, իմ տեղը արժանավորների փաղանգում կգտնեմ։ Կարա՝ թող մի տող էլ ինքը գրի, գրած ոտանավորները, կամ ոնց որ Մանվել Միկոյանն ա ասում՝ «սիրահարական անգըրնին» տեսել ենք։ Պոեզիա որ հաստատ գրել չի կարում։ Ես ապահով եմ։ Էսա բազմահատոր հատընտիրս կկազմենք, մենակ վերջին գրքիցս բանաստեղծությունների 60 տոկոսը ներառելու եմ, դեռ նախորդ յոթի մասին՝ չասած, դու էլ, գործերիցդ թեթևանաս, Կարեն ջան, քո գրչին վայել մի համակողմանի վերլուծություն-առաջաբան կգրես բարով-խերով։  Դե թող Հովհաննես Զորավիգն ու իր նման չմահավանները էդքանից հետո էլ ասեն, թե Հատընտիրում հատուկենտ ընտիր գործեր կան։ Որոշներն էլ թող բերանը ջուր առած լռեն։ Իրենց գործն է, իսկ իմն իմ օրաբաժին բանաստեղծության բերած հաճույքն է, –   զրույցի ընթացքում երկու- երեք գլանակ ծխելով, ծխի թանձր քուլաներն օդում յուրատեսակ ֆռցնելով՝ ասում է Ռաֆ բանաստեղծը։

Կարենը լուռ լսում ու չի համարձակվում ասի՝ «Ախր այ Ռաֆ ջան Էն օրն սֆուդիայում էն Աուրիկան՝ աղջիկդ էր ասում՝ «ընկեր Կարեն, պապայի բանաստեղծություններից արդեն ձանձրացել ենք, մի ուրիշ, կարգին օրինակ բերեք»։

Ոնց ասի՝ Ռաֆ ջան, «կալոնկեն» նորոգելն ու ջրի ծորակը սարքելը տնեցիներին ավելի են հուզում, քան քո բանաստեղծությունից ստացվող հաճույքը։ Ախր ոնց ասի, երբ ինքն էլ է նույն վիճակում։ Աշխարհը պայթի-տրաքի, կողքի մարդիկ վեր ընկնեն մեռնեն՝ հեչ վեջին չի։ Ինքն ա ու իր դիսերտացիան։

Մտքում, թե՞ բարձրաձայն մի խորհուրդ Ռաֆին ամեն դեպքում տալիս է․ «Հաճույք ես ուզում, այ ախպեր, սեքս արա, մի դիրքը չի հերիքում՝ ուրիշը փորձի, կամասուտրան վերցրու կամ պոռնոսայտեր նայի, ոնց որ ես։ Արմինային ուրիշ դիրքով եմ արել, Երևանցի Անիին՝ լրիվ ուրիշ… Արի ու արի, մինչև մազից ծլլաց․․․ Հրազդանցի Արևիկին՝ վաբշե ուրիշ դիրքով արի, (թեև սրան էլ չեմ անում. պաս տվի Փոքր Գազարագույնին, Արևիկը Փոքր Գազարագույնին չհավանեց։ Ու հիմա իմ զանգերին էլ չի պատասխանում։ Փոքր Գազարագույնը տոփ-տոչնի Պիեռ Ռիշարն ա, առանց, իհարկե, դերասանի անուրանալի տաղանդի։ Ինքն էդ փաստից շատ ա նեղվում, ու միայն երազում է տեսնում, որ Ալեն Դելոնն ինքն է)։ Բայց էդքանից հետո էլ Ոռիկների նկատմամբ հետաքրքդությունս իր կարևորությամբ միայն դիսերտացիայիս է զիջում»։

Ու երբ ականջովն ընկած ամեն ելևէջ իր հետ բերում է որևէ կոնկրետ Ոռիկի մասին հիշողություն, արած կամ թաքուն երազած, Կարենի մոտ  անմիջապես գալիս է միտքը՝ տեսնե՞ս Մարկես կարդացած «100 տարվա մենություն»-ն իր ամենասիրելի վեպերից համարող մեր կենսաբան Ռաֆը իր մենության պահերին հիշու՞մ է սպասուհուն հետույքից շաղփաղփելու Մարկեսի սովորությունը։

Խորն է  մտահոգությունը ու Ռաֆի հետ շարունակում է դարդլամիշը։

-Վախենամ, որ «Ուլիցերյան պատմվածքի հերոսն» էլ մի լավ թարգմանչի ձեռք ընկնի ու «Շիլիոնի կալանավորը»-ի հաջողությունն ունենա, ու Հովհաննես Զորավիգի թուլությունն ուժի վերածվի՝ դառնալով Բայրոնյան «երանելի ու օրինակելի կաղություն»։ 

-Էդ ժամանակ, հաստատ, դեմը խաղ չի լինի, ինչպես «խաղ չկար 90-ականների սուպերնախարար Վանոյի դեմ, որին Հովհաննես Զորավիգը հայ արձակի մնայուն երախտավորներից է համարում՝ իր քչախոս տարողունակ արձակի պատճառով,- հաստատում է Ռաֆն ու ակամա ավելացնում Կարենի մտահոգությունը։

-Դեմը խաղ չի լինի, ինչպես իր ժամանակին խաղ չկար Սպարապետ Վազգենի, նրանից առաջ էլ՝ գրող, հրապարակախոս Վազգեն Սարգսյանի հերոսի՝ Թումոյի դեմ ո՛չ փակ դուռ, ո՛չ խաղ կար։

-Ու վերջապես դեմը խաղ չի լինի, ինչպես խաղ չկար Դոստոևսկու Խաղամոլի դեմ։ Մեր Հովհաննեսը թեև կազինոներում չի խաղում ու ժետոնի կանաչից մատների ծայրերը չե՛ն կանաչել, ինչպես, ասում են Ռաֆիկ Նահապետյանի մատների ծայրերն էին կանաչել, ու թեև ինքն իր տունը այլ պատճառով է կորցրել, այնուամենայնիվ, կյանքի հետ խաղալու իր սովորություններով շատ նման է Դոստոևսկու հերոսներին։ Հովհաննեսը որ Դոստոևսկուն հասավ, հետը խոսելու համար Բախտինը պիտի լինես, բայց թե Բախտինի բախտ ամեն մեկին տրված չէ ու ոչ էլ՝ գոնե Պարույր Սևակի տաղանդ ու բախտ՝ Սայաթ-Նովա հասկանալ-վերլուծելիս,- Պարոն Գրականագետին զգուշացնում է Ռաֆ բանաստեղծը։

-Բարձր նշաձողեր սահմանելու վճռականությունն Հովհաննես Զորավիգի շնորհն է։ Ու էդ բարձրությունից էլ սահմանել է Հրաչյա Սարուխանի ստեղծագործությունն ուսումնասիրելու մի տիեզերածավալ վերնագիր, ու, բարեբախտաբար, դեռ ընդամենը երկու հոդված է տպագրել թերթերում. (ու՞ր էր թե տպա(ց)րած լիներ, գոնե հակադարձելու բան կունենայինք։ Բայց չէ, լրիվ ինքնուրույն գործ է և մեծագույն ցանկության դեպքում էլ Հովհաննեսին պլագիատիստ չես կարող համարել, ինչպես, ահա, ձեռքիս տակ եղած լեզվաբանության դասգրքերում, որոնցից օգտվելով թատերաականի առարկայական դասախոսություններս կազմում, տեսնում եմ, թե ինչպես են Աղայանից տառը տառին համընկմամբ արտագրել մեր որոշ դոկտոր պրոֆեսորներ, –  «երբ ես խոսում եմ, մի ընդհատեք․ լռեք։ Լսեք, մինչև ինքս ավարտեմ» հավատամքով մենախոսություն դարձրարած՝ շարունակում է Կարենը։ — Պատկերացնու՞մ ես՝ Հովհաննեսը «Կենսածագման սարուխանական մեկնակերպը» աշխատությունն էլ «Ուլիցերյան պատմվածքի հերոսի» նման սրընթաց առաջ տաներ՝ հայտնաբերելով Սարուխանի «միլիոն դար փնտրած բանալին և միլիոն տեղ որոնած փականքը»։ Ակադեմիկոսի կոչում կտային, իրեն Հովհաննես Զորավիգ կասեն, դեմը փակ դուռ չկա,- ինքն էլ իր ասածին չհավատալով, զայրույթը զսպել չկարողանալով՝ շարունակում է Պարոն Գրականագետը։ — Մեկ-մեկ չգիտեմ կատակով թե լուրջ, թե պարզապես բարձր տրամադրության պահերին ինձ ջղայացնելու համար ասում է․ «Կարեն, պատկերացնում ես մի օր երկնքի պատին կարդաս՝ «Հովհաննես Հանճարեղ Զորավիգ»,- ինքն իր ասածին դարձյալ չուզենալով հավատալ (չլինի թե ճիշտ դուրս գա) ասում է Կարենը։ — Չեմ հավատում, բայց դե, չի ասվի․   դարդիս դարման անող չէր ճարվի։ Փառք Սարուխանին, որ խոշոր պոետ է։ Անգամ Հովհաննեսի՝ սահման չճանաչող ինքնավստահությունը, որ ես դարդից մեկ-մեկ փնովում եմ՝ իրականում անհույս երազելով այդպիսի ինքնավստահության գոնե մեկ-երկու տոկոս ունենալ՝ ահա նույնիսկ այդ ինքնավստահության տեր մարդը, ի վիճակի չի առանց գոնե մի հարյուր գիրք կարդալու Սարուխանի պոեզիան վերլուծելու՝ հատկապես  Հովհաննեսի որոշած վերնագրի շրջանակում։ Ու դա լավ է, որովհետև նա դանդաղ է կարդում․ կհասցնեմ թեկնածուականս ավարտեմ և Սարուխանի ու Թումանյանի գործերի մասին ինքս ինձ խոստացած «Տագնապի երկու ահազանգ Լոռվա աշխարհից» հոդվածս գոնե իր էդ գրքից առաջ գրեմ։

-Մի հանդուրժի, – հակադարձում է Հովհաննես Զորավիգը, – թող բախտս բերի, էն բախտը, որ Հանճարեղ Թումանյանը երազում էր ու որ Նա ու Չարենցը չունեցան, մյուսներին էլ չժպտաց, հենց էդ՝ ոչ թե հանճարի, այլ թեկուզ, թե կուզես՝ հանճարացնող բախտս թող բերի, ինչպես Սարոյանի բախտը բերեց երազանքների Ամերիկայում։ Ու մեր Վիլյամ Սարոյանին «Պուլիցերյան» մրցանակ տվին։  Հոգիս փառավորվում է, որ գոնե էս մեկին, թեկուզ ի սեր Շեքսպիրի, որպես նրա լեզվով ստեղծագործողի, Ֆենիմոր Կուպերի երկիրը, որտեղ Շեքսպիրի լեզվով խոսում ու այդ լեզուն հասկանում են նաև, ահա հենց այդ երկիրը՝ երազանքների Ամերիկան, իր լայնարձակ գիրկն առավ, ու զտարյուն հայ մեր Սարոյանին  հասցրեց Պառնաս, որտեղ երեկ քեֆեր էր սարքում իր համահավասար ժամանակի մեծերի հետ, էսօր էլ իր հոգին է քեֆեր սարքում Հոմերոսի, Դանտեի ու Շեքսպիրի հոգու հետ՝ իբրև Պենելոպեի 20-ամյա սպասումը պատկերած, ու իր Ոդիսևսին Հոմերոսի Ոդիսևսի պես նրա վարակիչ օրինակով հաջողությամբ տուն հասցրած, Դանտեի «Աստվածային կատակերգությանը» իր «Մարդկային կատակերգությամբ» մոտիկ կանգնելու գնացած  և այդ իրավունքը նվաճած մեր հսկան։

․․․ Անաղմուկ թաղումներ, ինչպիսին Պիլիբիստրիկ-Սերոժինն էր, էլի եղան շենքում։ Պիլիբիստրիկի երեք որդիներից թաղավոր երիտասարդների համար ձաձա էին Անդոն ու Արմենը։ Հենց Արմենն էլ մի օր իր երեխաների հետ Կարենին էլ տարավ զբոսայգի։ Պաղպաղակ ու ադիբուդի հյուրասիրեց։ Այդ լուսավոր օրը հավերժ դաջվելու էր մանկուց հոր կարոտը քաշող երեխայի հիշողության ամենալուսավոր անկյուններից մեկում։

Այն հազվադեպ օրերին, երբ Մարատն այստեղ էր լինում, որդու հետ կույր շախմատ խաղալուց (որտեղ միշտ հաղթող էր), բարձրագույն մաթեմատիկական խնդիրներ լուծելուց (բնատուր մաթեմատիկների գենը ժառանգած Կարենը ճակատագրի քմայքոտ հեգնանքով է հայտնվել բանասիրականի լեզվագրական բաժնում, որտեղ ընդունված վերջին տղան է վերջին 14-15 տարում) ու ֆուտբոլի ընթացիկ որևէ առաջնություն միասին դիտելուց հոգնած պահերին դուրս էին գալիս զբոսանքի։

Հայրը լավ գիտեր, որ Մանաճիհր արմատով իրենց Մանուչարյան տոհմանունից որդուն առաջինը «չար» արմատի չարությունն է անցել, և նախօրոք զգուշացնում էր. «Կարեն ջան, Արտուշիկն ա, հանկարծ չծիծաղես»։ Կարենի վրա էն երբ է նախազգուշացում ու նախատինք ազդել, որ հոր էս խոսքն ազդեր. Հակառակը․ Արտուշիկին մոտենալով՝ Կարենն անզուսպ հռհռում էր, լեզու հանում, հատկապես երբ մոտը բռնած էր լինում հորեղբորորդու «ջրիկ» բնավորությունը, որին իրենք հումոր են ասում, իսկ մաթեմատիկոս- ինժեների լրջությամբ Մարատն էդ հումորը ո՚չ հասկացավ, ո՚չ ընդունեց։

Ջբուի դեպքում Սամոն անգամ Սամվել չէր դառնում, ուր մնաց՝ ձաձան ավելանար։ Եվ Ջբուն թաղավորի համար Ջբու էլ մնում էր ծծկերից մինչև ալևորը։ «Ձաձա» չդարձողի իր անհուսությունը միայն երբեմն ստիպում էր քրֆել․ «Ա, Ջբու եմ քո հըմար, պացան շան որդի․․․,- ձայնում էր Ջբու ասողի ուղղությամբ։

      Ջբուն է։ Համեստ կենսակերպով, հնաւավոր է նույնիսկ անտառաճանաչ  բանվոր․  ոչ մի էական հատկանիշով չի առանձնանում։

-Հա էլի, որ դու չգրեիր, Ջբուին հիշողն ով էր լինելու։ Իսկի էսօր հարյուրկվարտիրանոցի սահմաններից ու «Լաչինի միջանցքից» դուրս հոր պիլիբիստրիկային քայլվածքով հայտնի Ջբուին հիշող քիչ կա, ուր մնաց հետագայում, իսկ քո պատմվածքն իրան լրիվ անմոռաց անուն կդարձնի,-հաստատում է Կարենը։ Իրական Լաչինի միջանցքը հանձնելուց հետո Վանաձորում հայտնի «Լաչինի միջանցքը» (որտեղ շուկայում բեռնակիր բանվոր է Ջբուն) և «Արցախ» պուրակն էն քիչ անուններից են մնացել, որ հիշեցնում են, թե մենք երբևէ Լաչինի միջանցքով մայր հայրենիքին կապված Արցախ ենք ունեցել։

-Եվ կարող է այնպես պատահել, որ Ջբուն այդպես էլ չիմանա՞, որ իր սովորական կենսակերպով դարձել է հեքիաթի թագավորի որդի, գրականության համաշխարհային ընթացքի մասնակից, -հարցնում է Հովհաննես Զորավիգը։ —Գոնե Լուսոն կկարդա, ու Ջբուն կիմանա։

-Ա, Լուսոն որ տառաճանաչի խելք ունենար, Ջբուին կուզեր, – պատասխանում է Կարենը։ —Չար լեզուներն ասում են, որ Տիգոյին՝ կրտսեր որդուն բանակից ազատել են Սուրեն Պապիկյանի հետ ազգակցական կապի շնորհիվ։ Ասում են, դպրոցական դասամատյանից հետո  ազգանունը որևէ տեղ չարտաբերած Ջբուն Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար դառնալուց և Տիգոյի՝ զորակոչի տարիքին հասնելուց հետո ինչ-որ հրաշքով պայծառացավ ու հիշեց, որ ինքն էլ, ախր, ազգանուն ունի, այն էլ ինչպիսի ազգանուն։ Նախարարակա՛ն։  Գոնե փաստաթղթերով, ինքն ախր Սամվել Պապիկյան է (համենայն դեպս, այդնպես էր Ջբու դառնալուց գոնե մի քսան տարի առաջ։ Իսկ Բարի լեզուները հակադարձում են, թե Տիգոն իրոք խնդիրներ ունի և ընդամենը մեկ տարով է հետաձգվել նրա զորակոչը։ Թե չէ, ո՞վ է տեսել ժողովրդավարության բաստիոնում բանակից ծանոթով ազատվեն, էս հո Սերժի վախտվա Հայաստանը չի, որ ամեն քայլափոխի նման մի խոսակցություն հասնի մարդու ականջին կամ ամենքի հարազատաբարեկամական շրջապատում փողով բանակից ազատված առողջ եզի ուժով մեկը լինի։

-Ու՞ր ես, Սերժ ջան, «էս երկրում օրենք ո՛չ էղել ա, ո՛չ էլ՝ կլինի», – Սերժ Սարգսյանի խոսքերից համապատասխան մոնտաժով պատրաստված հայտնի հոլովակը հիշելով, հեգնաբար երանելի տալով  չմոռացվող հնին՝ հոգոց է հանում Կարենը։

-Հա, բայց, դու էն վախտ էլ նրանցից էիր դժգոհ։

-էն վախտ օրենք չլինելուց էի դժգոհ, հիմա՝ խիստ օրինականությունից։ Դժգոհ էի, որովհետև համեմատելու բան չունեի։

-Կգա վերջինը՝ կհիշվի առաջինը։ Դժգոհ ես՝ գնա Գյուլբանգյան Արոյի կողքին նստի, հատկապես որ ասել ես՝ «Մի Գյուլբանգյանացու էլ ես եմ»,-հիշեցնում է Հովհաննես Զորավիգը։

-Կարևորն էն չի՝ ինչ կերավ մարդը, ինչ հագավ, ինչ մաշեց,- ասում է մինչև բոլորովին վերջերս պարտադիր «Ռոքֆոր» պանիր ուտող, «Ռոքֆորից» պակաս պանրի դեպքում առնվազն կամավոր կերպով իր մասնակցած Արցախյան 44-օրյա պատերազմից մեծ մի պատերազմի չափ կռիվ սարքող, շորտիկով ինտիտուտ՝ դասախոսելու և գրադարան՝ աշխատանքի ներկայացող, իր աշխատավարձը գերազանցող գումար արժեցող կուրտկա ու սպարտիվկա հագնող Կարենը (հո՞ր, թե՞ Ամերիկայի բարեկամների հաշվին): — Ամուրի Արարատը գոնե գրականություն է ժառանգություն թողնում, լավ ու վատ ապրողներից շատերն էդ չեն կարող։ Սա Գյուլբանգյանի անվիճելի առավելությունն է։Սակավագիր է․ ահա երկրորդ առավելությունը։ Գրական իր կենսատարածքում իր բառի համար վերին աստիճանի պատասխանատու։ Այլասերված կերպարներն անգամ, որ Գյուլբանգյանի գրական կենսատարածքի մշտաբնակներն են, ավելորդ բառ չեն ասում նրա գրչի տակ։ Ամենը տեղին է, բնորոշ թե՛ կերպարին, թե՛ տեղ-տեղ կերպարներին նույնացող հեղինակին,- սա էլ քեզ Գյուլբանգյանի հաջորդ առավելությունը,- բնորոշում է Հովհաննես Զորավիգը։

-Զավակ ունենալով շարունակվել դեռ չի նշանակում՝ Լինել ինչպես Շեքսպիրը եղավ։ Նա իր անմահ «Համլետ»-ով Պաստեռնակի «Համլետին» է ծնունդ տվել ու Սարուխանին հասցրել «Համլետի վերջին մենախոսությանը»։ Դու էլ էդ բոլորին իրար կապել ու «Կենսածագման սարուխանական մեկնակերպը» տիեզերական ընդգրկմամբ մի վերնագրի ներքո փորձում ես ամփոփել անընդգրկելին»,- ասում է Կարենը։

․․․ Հարբեցողությամբ էսօր ու՞մ կզարմացնես։ Թեև Ջբուն իրոք որ անտանելի շատ էր խմում։ Երբ վայրենի սասով երկար ազդանշան հիշեցնող բացականչությամբ լսվում էր Ջբուի «Լուսսոոո՜»-ն, ուրեմն Ջբուն հարբած էր, և իրենց գործն իմացողի պես պատրաստվում էին նաև շենքավոր տղամարդիկ։ Ժամանակին հասնեն, որ Ջբուն յոթհարկանիների հետ Լուսոյին էլ յոթերորդ հարկից ցած չուղարկի  (Ջբուի՝ Լուսոյին ուղղված թունդ հայհոյանքները հինգհարկանի շենքը երկու հարկով էլ են բարձրացնում հարևանների աչքերում)։

-Ի՞ նչ է եղել, տատի,- ասում էր Ջբուի վայրենի սասից գիշերը երազից վեր թռած Կարենը։

-Հեչ, Կարեն ջան, Ջբուն էլի խմել ա, դու հանգիստ քնի։

Առավոտյան թաղի կանայք էին ընդհանուր սրճխմության ժամանակ քննարկում գիշերվա պատահածը.

-Ջբուն էլի խմել էր, – սկսում էր մեկը։

-Ձենը լսեցինք թե չէ՝ Արոս իջավ։

Մի կերպ հանգստացրել էին, Լուսոն տարել պառկացրել էր, որ քնի։

Ջբուի խմածության հաջորդ օրերին Լուսոն հարևանուհիների առավոտյան սրճխմություններին կամ չէր մասնակցում, կամ լուռ նստում էր մի անկյունում՝ խմողի կնոջ ճակատագրի զոհը լինելու տխուր գիտակցումով։ Բարեկիրթ, քաղաքավարի Լուսոն դժվար էր մտաբերում, թե Ջբուն մի քաղցր խոսք ե՞րբ է ասել իրեն, ե՞րբ է մի լավ վերաբերմունքի արժանացրել, վերջին ռոմանտիկ ընթրիքը ե՞րբ էր, իսկ եղե՞լ է ընդհանրապես, որ հիշի։ Լուսո՞ն էր դժվար մտաբերում, թե՞ Կարենի մանկական հիշողություններում է այսպես տպավորվել նրա կերպարը, կդժվարանանք հստակ ասել։ Հատկապես, որ Հարյուրկվարտիրանոց մեր շրջայցի ժամանակ, որ Կարենի հետ գնացինք, որպեսզի գրողը մոտիկից ծանոթանա այն միջավայրին, որի մասին գրում է, ո՛չ Լուսոյին տեսանք, ո՛չ Ջբուին։

«Ուրախանալու առիթ է, օրինակ, բացվող օրն ու Մուսայիս՝ տարբեր հանդերձներով այցի գալը, որ միշտ սպասված ժամանում է,- մտորում է  Հովհաննես Զորավիգը։— Ահա այս ամենը Կարենը գնահատել, սրա համար Երկնավորին շնորհակալ լինել չգիտի։ Ու դեռ զարմանում է, թե սալերիական կարդացածությունն ինչու մոցարտաբար չի փայլատակում։  Մինչդեռ ես ինչքան տխուր էի, երբ առօրյա հոգսերով ծանրաբեռնվածությունը թույլ չէր տալիս, որ միտքս խաղաղվի ու մուսաս վերադառնա։ Եկած պահերին էլ ժամանակ հատկացնել չէի կարողանում։  Ո՞նց ժամանակ հատկացնեի, երբ ամենաշատը 31 օր ունեցող ամսվա օրերի թվից շատ էր իմ վարկերի թիվը։ Ամիսը 38 անգամ բանկ էի գնում՝ վարկ մուծելու։ Օրեր կային երեք-չորս անգամ։ Ավագ ընկերս՝  բանաստեղծ Մանվել Միկոյանն էլ դառը կատակում էր, թե ուզում է «Հովհաննես Սարդարյանից վարկերի հարցով քաշվածների» հասարակական կազմակերպություն բացի ու նախագահի։ Այնինչ, իր երաշխավորությամբ վերցրած ընդամենը երեք վարկերից երրորդը (ճիշտ է՝ բոլորն էլ առնվազն մի քանի անգամ հարկադիր գնալուց և բանկերի հետ կնքված հաշտության պայմանագրերով հարկադիրից հետ բերելուց հետո), արդեն փակվել են, մինչդեռ հերթում սպասողներ դեռ կան։ Ու ես էլ մեր վարչապետի՝ անցյալ նոյեմբերից կառավարության նիստում խոստացած «վարկային համաներման մասին» ԱԺ կողմից ընդունվելիք Օրենքին եմ սպասում, որ վարկերս վերաձևակերպեմ ու կարողանամ փակել. թե չէ տույժ-տուգանքները վաղուց են վերցրածս վարկերի մայր գումարները բազմակի գերազանցում։  

Պատանության տարիներից գիտեմ, թե ինչքան երանելի է ստեղծագործելը, և հավատում էի, որ Տերն ինձ կվերադարձնի թե՛ ներշնչանքս, որ պատանության անհոգ օրերին մի քանի գրչափորձի հոգեպարար առիթ է տվել (դրանք 20-ամյակիս ընդառաջ ուզում էի «Անմոռաց օրերի պատումներ» վերնագրով գրքում հրատարակել։ Վիճակված չէր։ Մնաց հետագային։ Այդ պատումներից մի քանիսն ընթերցողը «Մարգահովիտի Զորավիգ» իմ խմբագրած թերթում կարդացել է։ Եվ գուցե Հովհաննես Զորավիգի գրքում էլ կարդալու առիթը մի օր ունենա։  Ու հիմա անասելի ու անչափելի  Գոհություն է իջել վրաս, անկասելի մուսայի շռնդալից թափով բերած ստեղծագործական Գոհություն, որ առավոտվա մտահղացումն իրիկունն եմ իրագործած լինում, գիշերվա տարաժամի առկայծումները՝ ցերեկը։ Կարենն էլ իր կյանքում կատարվող սպասված լավ ու ցավոք նաև վատ իրադարձություններով նոր շտրիխներ է ավելացնում գրեթե պատրաստ գործին ու այն, թվում է, արդեն պատմվածքի ծավալն անցած, ծավալվում ու ծավալվում է, ինչպես ալեխառն ծովը Հեմինգուեյի Ծերունու առջև։

Փառք Տիրոջը. վերադարձրեց իմ խաղաղ օրերն ու ստեղծագործելու անդորրավետ մուսան՝ պակասեցնելով թե՛ առօրյա հոգսս, թե՛ հանդիպացնելով նոր ու չքնաղ Մուսաների, համարյա ամեն օր ու ամեն քայլափոխի։ Իսկ Կարենը Մուսան իբրև Աստծո նախախնամ նվեր չի ընդունում։ Փոխարենը ստիպված է հավատալ խոսքերիս, որ կայացող, օրըստօրե կուռ դարձող ստեղծագործության՝ ամենաանհավատին անգամ  (որպիսին երբեմն Կարենն է թվում) փաստի ուժը (Բուլգակովի ականջը կանչի) դեմ տալով է հաստատում իր կայացումը։ Ու այլևս ոչ մի առարկություն ի զորու չէ չեղարկել, քանզի «Ձեռագրերը չեն այրվում»։ Ու «Գիրս հիշատակող» կլինի։  Կարենն ստիպված է հավատալ, որ Աստծո գործոնն է իր կերպարը իմ գրչով հավերժացնելու գործը հաջողելու գլուխ կանգնած։ Ինչպես իմ բոլոր նախաձեռնություններում, դեռ էն գլխից։ Եվ նրանցում, որ դեռ գալու են»։

Երբ մոտը գլուխ է բարձրացնում հայհոյաբան բենոյախոսությունը, որ ժառանգաբար անցել է հորեղբորից և մանկության թաղի Ուստա Ռազմոյից մնացած ամենավառ հիշողությունն է, Պարոն Գրականագետն էլ է օդում քրֆում՝ առանց կողքերը նայելու. դեռ նեղվում է, երբ հանկարծակի նկատած մեկի պատճառով, որի ներկայությամբ բարձրաձայն քրֆելն իրեն լավ տեղ չի տանի, ստիպված է լինում բերանն էկած քֆուրը կուլ տալ, ատամների արանքում սեղմել ու կիսածամել։ Հետո, իհարկե, մի չափաբաժին էլ սա է ստանում (ցածրաձայն, անշուշտ, այն էլ, երբ հեռացած է լինում)։ «Օրենքը շրջանցելու համար է», ասում ու ըմբոստանում է օրինավորության ջատագովների դեմ։ Իհարկե, մինչև մի որոշակի աստիճան, քանի դեռ անվտանգ է իր աշխատանքային գործունեության համար, քանի դեռ վերադասը նկատում ու չնկատելու է տալիս, որ ինքը մասնավոր պարապունք է անում աշխատանքային ժամին, 5-6 ժամ պարտաճանաչ ընթերցում, մոտ 2 ժամ էլ ծխում, սուրճ խմում ու դեռ բողոքել-քրֆելով էլ գալիս-գնում գրադարան՝ իբր աշխատանքի։

-Արվեստագետի ազատություններն են սրանք, որ պիտի հարգվեն ցանկացած աշխատավայրում, – այսպես է մտածում Կարենը։

 Օդում մնացած բոլոր քֆուրները, որ իրենից գիրք վերցրած ու չվերադարձրած մեկի հասցեին էր տարիներով ուղարկում, մի օր վերջապես մի ուսանողուհու ուղղեց, երբ նա միամտաբար հայտնեց, որ «Դորիան Գրեյի դիմանկարն» իր մոտ է մնացել։ 

-Հա, ուրեմն էսքան ժամանակ անհասցե քֆուրներիս հասցեատերը դու ես, դե ստացի․ հաստատ կասեր՝ դե առ քեզ, եթե լսարանային աղջիկ-տղա ընդհանուր մթնոլորտի ճնշումը թոթոփած լիներ այնքան ու այնպես, ինչքան Ուստա Ռազմոն թաղավոր մեծ ու մանուկին էր կարողանում չնկատել, երբ բերանն էր գալիս Հերիքնազին այնքան հարազատացած հիշոցը։

Հազվադեպ լուրջ պահերին, երբ Հայտնի Հարբեցողը (ոչ հանճարեղ, ինչպես Էդգար Պոն)  նայում է ավագ որդուն, գուցե տեսնում է իր խմելու, որ նույնն է թե՝ իր պատկերը։ Թաղում շատերն էին այդպես մտածում, բայց միակ բարձրաձայնողը մանկապատանեկան տարիքին բնորոշ անկեղծության հետ նաև մեծին բնորոշ համարձակություն ունեցող Արսենչիկն էր՝ հայտնի Գագասը։  Աչքի առաջ հաշմանդամի քայլակով ծերացող իր պատկերով որդին գուցե Հարբեցողին էլ կհիշեցներ ծերացող Նկարը, եթե լսած լիներ Օսկար Ուայլդի մասին կամ կարդացած լիներ նրա «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը։

-Երբ Հենրին Դորիանին ասաց, որ երիտասարդությունը մեծ արժեք է, Դորիանը նախ հակադարձեց՝ «Չեմ կարծում»։ Ապա Հենրին ասաց. «Չես կարծում, որովհետև երիտասարդությունը քեզ համար ինքնին իրողություն է»,- Օսկար Ուայլդին է մեջբերում Կարենը։ -Դորիանը երիտասարդության արժեքը հասկանալու էր, երբ նայեր իր ծերացող նկարին, ինչպես ես հիմա եմ գիտակցում, երբ վաղուց ի հայտ է եկել «առաջին դավադիր ճերմակը», իսկ ես ընդամենը Հենրիի տարիքում եմ,-հառաչում է ,- բացի այդ, հիմա եմ հասկանում, որ «Դորիան Գրեյի դիմանկարը» ձևիմաստային իր կառույցով բացարձակ կատսրյալ է, ինչպես Ուայլդի վերաբերմունքը Գեղեցիկին։ ․․․Հոմերոսը, Դոստոևսկին հանճարներ են, բայց ձևիմաստային համադրության կատարելությանը չեն հասնում, ինչպես օրինակ հասնում է Տոլստոյը, թեկուզ «Աննա Կարենինան» կնոջը 16 անգամ արտագրել տալու գնով։ Իսկ Ուայլդը, ահա, հասել է այդ ապշեցնող կատարելությանը, անգամ իր գրած սիրային նամակներում։

-Նույնը թերևս կարելի կլինի ասել Հրաչյա Սարուխանի պոեզիայի մասին, որտեղ անգամ մի ավելորդ կետադրական նշան չկա։ Համենայն դեպս՝ իր ձեռքով մաքրագրված և խմբագրություն ուղարկված ձեռագրում չես գտնի գեթ մի ավելորդ կետադրական նշան,-հիշեցնում է Հովհաննես Զորավիգը։

-Այդպես է, ճիշտ ես։ Եվ եթե մի չար հրաշքով մնա ընդամենը Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարն» ու Սարուխանի «Վախճանից էլ պարզը», կարելի է հետագա սերունդներին համոզել, որ ձևիմաստային կատարելության հասած գրականություն աշխարհում երբևէ եղել է։ Բարեբախտաբար դեռ կա, -գրական քնարկում հիշեցնող երկխոսությունը եզրափակում է Պարոն Գրականագետը։

-«Դորիան Գրեյի դիմանկարը» ինձ համար բոլորովին «այլ արժեք ունի և ուրիշ իմաստ», ինչպես Հրաչյա Սարուխանի համար «կրքերից հեռու գրքերին մոտիկ խորհուրդն իրիկվա ու առավոտի», երբ «Վանաձորյան իր անկյունում էր։ Գիրքն ինձ համար իր քաղցրանուշ ձայնով կարդացել է Գանգրահեր գեղեցկուհիս՝ ինձ գրքերից հեռու՝ կրքերին մոտ պահելով,- հիշում է Հովհաննես Զորավիգը։

․․․Հազիվ տառաճանաչ Ջբուն իր մի արտահայտությամբ անտարբեր չէր թողնում ոչ միայն գրքասեր ու գրքակեր Կարենին, այլև թաղի ողջ ջահելությանը։

-Ա՛, ի՜նչ կա, ապո՛, է՜,- ասում էր Ջբուն հանդիպած ջահել-ջուհուլին, երբեմն էլ տարեկիցներին մի այնպիսի երանգով, որ ոչ այն է՝ հարց էր, ոչ այն է՝ պատասխան ակնկալող բացականչություն․ պարզապես ասում էր. «Ես այստեղ եմ»։

-Էս Ջբուն էլ նենց ա ծոր տալիս՝ «Ա՛, ի՜նչ կա, ապո՛, է՜» ու նենց ա ուսավզախառը փոշոտ ճտտացնում, որ մենակ իմը չէ, կողքինիս շորերն էլ են թոզոտ ըլում, ու ընկերուհուս մոտ ամաչում եմ: Ուր գնում ենք, մեկ էլ կտենաս ծլում ա, ու՝ «Ա՛, ինչ կա ապո է ասելով հաստատում իր ներկայությունը․ մարդ չգիդի՝  ոնց պրծնի Ջբուից։ Կարող ա գնամ Ամերիկա, որ զտարյուն Հարյուրցի, Հարյուրի  մշտաբնակ Ջբուն չհասնի,- Ջբուի արարքից վիրավորված՝ մի օր Կարենին գանգատվեց Արսենչիկը՝ Գագասը, երբ արդեն կարկատած շալվարը մի կողմ էր շպրտել, սազող շորերին դուխի ու օդիկոլոն ցանել՝ «100»-ի պատանիների մեջ առաջինը ձախ գնալուց հետո՝ առաջինը մտցնելով նաև ընկերուհի ունենալու նորամուծությունը։

 Կարենն սկզբում զարմացավ՝ հիշելով, որ Ջբուն մի քանի անգամ էլ իրեն է բարևել և ոչ մի անգամ ուսավզախառը չի ճտտացրել («100»-ի բնակիչներից ում էլ տեսներ Ջբուն, անպայման բարևում էր և միշտ ուսերն ուղղած, լանջը ձիգ, ինչ ծանրության մեշոկ էլ շալակին լիներ)։ Կարենը մի անգամ էլ զարմացավ ու հիշեց, որ իր և Ջբուի բոլոր հանդիպումներն ախր դեմ առ դեմ են եղել, մինչդեռ Ջբուն բարևելիս ուսավզախառը ճտտացնելու համար պիտի որ անպայման թիկունքից մոտենալիս լիներ։ Ինչպես որ ինքն է կնոջը բարեմասն համարելիս նախ հետույքը գնահատելուց սկսում։ Եվ հազվադեպ է լինում, երբ չունեցած ոռիկն է փչացնում գեղեցիկ արտաքինի կամ դեմքից ստացած տպավորությունը։ Էդ քիչ դեպքերում էլ Կարենը հարցական նայում ու անմեղ ձևակերպում է իր մեղավոր հարցը. «Էս չհասկացա, Ոռիկ չունի՞, թե՞ պարզապես սխալ է հագնվել»։

Օրերից մի օր դիմացից եկող աղջկա գեղեցկությունը դժվարանալով

գնահատել՝

-Սենց ոնց ասեմ, համբերի, այ էս ուրիշ բան,- ոռի տպավորող համաչափությունից գոհ՝ ասաց Կարենը՝ հիշելով բարեմասնություներ գնահատելու վաղեմի սովորությունը։

 Եվ հետո Կարենը, ըստ Ջբուի, զարգացած բարևողներից էր։ Համենայն դեպս միակը, որ Ջբուի հետ Դուք ու Ձեզով էր խոսում էն տարիներին։ Ուսյալներին (թեկուզ ընդամենը քոլեջի կամ բուհի առաջին կուրսի ուսանող լինեին), Ջբուն ակամա խոր հարգանքով էր բարևում։ Թեկուզ հետո թաղում տեսնելիս անպաման պիտի ասեր․ «Ա՜, էս ինստիտուտներ եք ընդունվել, զարգացե՞լ եք, լոպպազ շան որդիք, մարդու տենըմ եք, նորմալ չեք էլ բարևըմ)։ Ջբուն չէր հաշտվում, որ Աստծու Բարևը կյանքում ամեն Հարյուրցի իր բարձունքից է ծամծմում։ Մոռանալով պատերազմական անլույս օրերի իր «լուսաբեր» գործունեությունը։ Պատերազմի տարիներին թաղամասում լևի լույս ապահովողը Ջբուն էր․ փռից, որտեղ աշխատում էր, մի քանի «տոչկա» լույս էր հասցնում հարևաններին, ու մանկահասակ Կարենը, որ Ջբու բառը արտաբերել չէր կարողանում, նրան Լուլու էր ասում՝ «լույս բերող»՝ ըստ Կարենի մանկական երևակայության։

Հետագայում Արսենչիկին հարստանալու, հայրենիքից հեռու ապահով ապրելու ցանակությունից բացի ԱՄՆ էր տանելու երևի մեկ էլ Ջբուի ալրոտ ձեռքերով ուսավզախառը ճտտոցից փախչելը։ Չգիտենք՝ Արսենչիկն Ամերիկայում ինչ կորցրեց կամ շահեց, բայց գիտենք, որ պահպանել է Գագաս մականունը։ Իսկ մինչև ԱՄՆ հասնելը, բռնցամարտիկ Արսենչիկը բարձր տրամադրության պահերին  դեռ մի բան էլ ինքն էր Ջբուին խրախուսում,  հորդորում թոքերի ողջ ուժով գոռալ՝ «ա՜ ինչ կա, ապո, է՜»։ Մի օր էլ, ԱԺ ընտրությունների քվեարկությունից վերադարձող Ջբուին հարցրեց՝  «ու՞մ ընտրեցիր»։

-Վիկտըրի՞ն, – պատասխանեց Ջբուն։

-Ա, հետը երկու լավից վատից թեկնածու կար, քաղաքըմ հարգված բաքսյոռ տղերք, դու էլի դրան ընտրեցիր։

Վ․ Դալալքյանի՝ 100 կվառտիրանոցը վերանորոգելու հավերժական խոստումը շենքավորին՝ մեծից փոքր, այնպես էր հմայաել, որ նրանք իրենց պարտքն էին համարոմ Դալլաքյանի օգտին անվերապահ քվեարկելը։

-Դիսերտացիաս ավարտեմ, մի երկու պատմվածք, ավելի շուտ՝ երգիծական ժանրի ինչ-որ գործեր երևի գրեմ։ Օրինակ, թե ինչպես հայտնի ըննդիմադիր պատգամավոր Վ. Դալլաքյանը 1988–ի աղետալի երկրաշարժից վթարային դարձած 100 կվարտիրանոցը վերանորոգելու խոստման դիմաց մի քանի գումարման ԱԺ պատգամավոր ընտրվեց նաև մեր շենքի բնակիչների բացարձակ մեծամասնության քվեով։ Ամեն ընտրության վստահեցնում էր, թե «էս տարի հաստատ հիմնանորոգելու ենք»։

      Թեև քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված Վ. Դալլաքյանն արդեն վաղուց ասպարեզում չի երևում, Կարենի հիշողություններում դեռ թարմ են նրա հովանավորությամբ գործած ամառային ճամբարները, և գրվելիք պատմվածքի վերնագիրն էլ արդեն մտքում է՝ «Շնորհակալությո՛ւն Վիկտոր Դալլաքյանին»։  Ջոկատավարների՝ ճիշտ պահին և երբեք չուշացող հորդորով ճամբարական երեխաներն ամեն անգամ հացի նստելուց առաջ  միաբերան գոչում էին՝ «Շնորհակալությո՛ւն Վիկտոր Դալլաքյանին», ինչպես հոգևորականի հորդորով ուրախության թե տխրության սեղանից օգտվելուց առաջ են ասում՝ «Օրհնյալ է Տերը և իր պարգևները. Ամեն»։ Եվ հետո միայն սկսում ճաշակումը։

«Այդ ճամբարը ես էլ եմ հիշում․ լրիվ այլ գույներով ու երանգներով,- Կարենի պատմածը  լսելով՝ մտորում էր Հովհաննես Զորավիգը։ — Այնպես չի, որ ես ճաշարան չեմ գնացել. պարզապես իրավիճակն էր այլ։ Պատգամավոր ընտրվելիս Վիկտորի՝ Գուգարքում ձայներ ստանալու գործում քեռիս մեծ ներդրում ուներ, և դեռ հարց էր՝ ով ում պիտի շնորհակալություն ասի։  Ճամբարն ինձ համար ուրիշ առիթով է հիշարժան։ Հավասար պայքարում «բրեյնռինգը» հաղթելուն օգնեց Արամ Խաչատրյանի հանրահայտ բալետների՝ «Գայանե» և «Սպարտակ» անուններն իմանալն ու պատասխանի կոճակն արագ սեղմելը։ Ցնծում էին թիմակիցներս, ես ինձ հաղթանակած էի զգում։ Այդ հաղթական օրվանից հետո ցայսօր մի առանձնակի ջերմությամբ եմ լցված Գայանե անունը լսելիս, որն անտարբեր չի թողնում հատկապես գեղեցկուհի Գայանեների հանդեպ։ Ամենակարևորն այդ ճամբարում ինձ համար սերն էր՝ Թամարիկը, որ առ այսօր հիշողությունիցս չի գնում։ Մի խմբանկարում միասին ենք. կանաչ շորով է, դեմքի լուսաշող արտահայտությամբ։ Ճամբարի օրերից հետո չեմ հանդիպել, ո՞ւր է, ի՞նչ է անում՝ չգիտեմ։ «Սրտաբնակներ» շարքում նա էլ տեղ ունի»։

…Հետո հերթն Էդմոնինն էր։ Մարուքյան։ Նա հարյուրցիների քվեն սին խոստման դիմաց չէր կորզելու՝ նախընտրելով դառը ճշմարտությամբ սառը ցնցուղ մաղել բնակչության՝ շենքը նորոգելու դեռ առկայծող հույսի շողին։ Առաջինը Սիրուշն էր հարցը բարձրացնելու և հուսադրող պատասխանի փոխարեն՝ հերթական, այս անգամ անդառնալի հուսալքության չափաբաժինն ընդունելու։

«Քարոզարշավի ժամանակ Էդմոնը զանգել էր զինծառայող քեռորդուս, թե՝ հնարավո՞ր է հայրդ ինձ օգնի։ Գիտեմ՝ առանց իր օգնության էս գործը դժվար գլուխ գա։ Էդմոնն Արթուրի կուրսին դասավանդում էր, և լավ գիտեր թե՛ նրա, թե՛ Սուրո քեռուս հնարավորությունները,- հիշեց Հովհաննես Զորավիգը։ —Քեռիս օգնեց։ Էդմոնն անցավ։ Քեֆին, որտեղ քեռիս հատուկ հրավիրյալ էր, կենացը խմել էին, մեծարել (Գուգարքի պատմության մեջ երբևէ ամենաշատ ձայներով ընտրված ավագանու անդամն է Սուրո քեռիս)։ Էդմոնը քեռուս թաղմանն էլ եկավ, իսկ երբ Արթուրին մի գործում օգնելու իր հերթը եկավ, կլասիկ քաղաքական գործչի արդեն յուրացրած իր համար առաջի՞ն թե՞ երկրորդ կարևոր՝ սարուձոր անելու, խոսքը կտուրը գցելու հատկանիշով, թե՝ չի լինի։ Արդեն մոռացել էր, որ դասը խաղաղ անցկացնելու համար Արթուրն էր օգնում, պատգամավորի աթոռին նստելիս՝ Արթուրի հայրը»։

․․․ Ջբուն (ու առհասարակ հարյուրկվարտիրանոցի բնակիչները) այսպիսի կերպավորման համար պարտական է Կարենի վառ երևակայությանն ու մանկապատանեկան վառ հիշողություններին։  Այս պատմվածքի բոլոր դրվագները, որ պարզապես ընդհանուրի աչքի առաջ կատարված իր կյանքի հիշարժան  իրադարձություններն են, նա շարունակում է գունազարդելով պատմել ու պատմել գրեթե բոլոր  ուսանողուհիներին, աշխատակիցներին, երբեմն էլ պարզապես զրույցի բռնված ծանոթ-անծանոթին։Զգույշ եղեք՝ հարյուրցիների ականջը չընկնի,- ասում է Սիրուշը։

-Ականջ գցողը տղեդ ա, էլ ուսանող չթողեց, էս հինգ-վեց տարի ա մոտը դարդլամիշ եղավ,- հակադարձում է Հովհաննես Զորավիգն ու մտորում․ «Մինչև  կգրվի ու կհրապարակվի «Ուլիցերյան պատմվածքի հերոսը», հրեն ողջ թատերական ինստիտուտն ու ստուդիան, տղուդ կայացած ու չկայացած սիրարկածներից ու դրանց հետևանքներից են խոսում, որոնց մի մասը տղեդ մաշկի վրա տեսավ․ ավելի մեծ մի մասն էլ կտեսներ, եթե Դոգի (էն որ ամեն օր լսում ու մեջբերումներ է անում) ասած Անուշ Ապերները «պրապուսկատների» համար իրեն «հերձելու» եկած աղջկա ախպերներների ձեռքից չփրկեին ու թե՝ խոսքով ասեք՝ կհասկանա»։

Կարենը լավ էլ հասկացավ, թե ինչ սև ամպ է չոքել իր՝ նման գործունեության վրա և գուցե անգամ կյանքին էլ չոքի, եթե նման նամակ, որևէ աղջկա գեթ մեկ անգամ էլ գրի։ Նամակի բովանդակությունը ուրիշ առիթով․․․

-Տո լավ եմ արել պատմել եմ,- ասում է Կարենը,- մարդիկ պետք ա ընդունեն իրականությունը գեղարվեստականացնելու գրողի իրավունքը՛ նույնիսկ եթե դա իրենց կյանքի ինտիմ մանրամասներին է վերաբերում, որ երկուսի միջև կատարվելիս էլ արդեն չորս պատից դուրս էր կատարվում։ Ու եթե մեկը բոզի տղա ա, գրականության մեջ, հանուն արվեստի, կարա և գրվի, որ ԲՏ է։ Ինչպես Հեմինգուեյի տված միակ ինքնագիրն է փաստում, որ այդպիսի մարդիկ, իրոք կան։ «Վիկտոր Հիլլին․ իսկական պոռնիկի որդի, որ չի կարողանում հասկանա ոչ բառը»,_ ասված է Հեմինգուեի տված միակ ինքնագրում։

-Գուցե դրա համար եմ կերպարդ կերտելիս ակամա Հեմինգուեյի հետ համեմատել, քեզ էլ ես եմ բաց ծով հանել ու ցույց եմ տալիս, թե ինչպես է նորօրյա ջահել Ծերունին դիմակայում կյանքի Ծովի ալեբախումներին՝ ձգտելով թեկուզ մեծ ջանքով միշտ իր հետ պահել գոնե գրականության բերած տոնեերը։ Եվ իր կյանքը տոն դարձնող գրականությունն ու ամենօրյա ընթերցանությունը,-բացատրում է Հովհաննես Զորավիգը։ Եվ մտորում․ «էդքանից հետո կարելի է և Հեմինգուեյի համարձակությունից ունենալ, և երբ արդեն մինչև վերջին կոպեկը փակած լինեմ նաև ուրիշների անունով կամ երաշխավորությամբ վերցրած վարկերս, այլ կերպ՝ երբ «արտերս վարած լինեմ, պարտքերս մարած լինեմ», ինչպես սահյանահանգ խորհուրդ էր տալիս Աղանուսի միջն դպրոցի տնօրեն Վարյա Ավանեսյանը (այդ դպրոցն ինձ համար ավելի շատ սիրո բերած երջանկության օջախ է, որտեղ անմոռաց օրեր ենք ունեցել իմ «Տոնածառի աստղի»՝ ՋԱՀ-իս հետ, երբ միասին դասավանդում էինք), երբ գրված ու տպագրված կլինեն նաև «Սրտաբնակները», «Վերջին Ջուլոն» «Դագաղը տեղը դրեք»,  «Ուշացած հոգեհանգիստ» պատմվածքները ու մտքումս ինչքան սիրուն ստեղծագործական գաղափար կա իրագործած կլինեմ՝ նույնիսկ ամենասիրունը՝ «Կարմիր, կապույտ, դեղին, կանաչ… իմ աննման գեղեցկուհի»-ն։ Այն իմ անտիպ բանաստեղծության հիշվող միակ տողն է ՝ նվիրված երբեմնի մեծագույն սիրուն։ Եվ գուցե նաև ինձ շռայլվող Մուսաներին,  ուրախ ու տխուր իմ մի քանի սերերին մեկ ստեղծագործության մեջ նույն վերնագրի տակ հիշատակելու առիթ դառնա։ Այդքանից հետո կարելի է նաև Հեմինգուեյի նման փակել կյանքիս էջը․․․»։

․․․Եվ այսպես՝ Պիլիբիստրիկի կրտսեր որդին՝ Ջբուն, կմնար շարքային բանվոր, եթե Կարենն այնքան վառ չնկարագրեր նրան, Հովհաննես Զորավիգնէլ այնքան չտպավորվեի, որ, չնայած «100»-ից երբևիցե Մակոնդո կերտելու իր օրեցօր աճող վճռականությանը, Ջբուին առաջինը կերպավորելու,  դրանով իսկ իր կերպարը կերտելու առիթն առաջինն ինձ չընձեռեր (թեև թվում է, որ ի ծնե գրականագետի նրա մեջ նստած ջիղը, աշխարհին միայն իր նախընտրած  գրքերի աշխարհի պատուհանից նայողի հատկանիշը նրան պիտի որ շա՛տ հեռու տարած լինի բանվոր դասակարգից)։

-Ջբուին կերպավորելը քեզ եմ թողնում,-ասում է Կարենը՝ ոչ այնքան Ջբուից կերպար կերտելու իմ մղումը բավարարելու համար, որքան որ գիտի՝ Ջբուն էլ, մյուսներն էլ առիթ են(եթե նույնիսկ ստեղծագործությունն ի վերջո վերնագրեմ հենց «Ջբու»), որ ստեղծագործության հիմքում լինի ինքը՝ նորընծա գրականագետը։

-Մարկեսի «100 տարվա մենություն» վեպում (որն իհարկե, դու դեռ չես կարդացել Հովհաննես Զորավիգ), սյսպիսի պատկեր կա. «Գնդապետ Աուրելյանո Բուենդիան 17 տարբեր կանանցից 17 արու զավակ ունեցավ ու մի գիշերվա մեջ 17-ն էլ սպանվեսին»։ Եվ երբ ասում ես՝ «Շալիկոն յոթական տարի ընդմիջումով երեք զավակ ունեցավ՝ երկու կոյրուն և մեկ էգ առյուծ, որոնք երեքն էլ քաղցկեղից մեռան», ակամա Մարկեսի հերոսին եմ հիշում։ Կերպարս կերտելիս մեկ Մարկեսի, մեկ Հեմինգուեյի գրվածքներից ակամա մեջբերումներն ու ինձ նրանց հերոսների հետ դարձյալ ակամա համեմատելը, ակամա զուգահեռները ստիպում է գոնե փոքր-ինչ հավատալ Մուսայի զորությանը, ու գոնե քեզ երկնքից տրված ինչ-որ աներևակայելի Ուժի առկայությանը, որով այսպես արագ, մեկ-մեկուկես ամսում կերտեցիր կերպարս, թեև դու դրա համար համեստորեն չորս ամիս էիր ուզում,- ասւմ է Կարենը։

․․․Շարքային բանվորի մոռացվող անունը Ջբուի համար չէ։ Թաղավորի համար այդպես էլ ձաձա չդարձած, մաքսիմում Սամո եղած Ջբուն, մի ուրիշ առավլություն էր ունենալու, կամ պարզապես մի ուրիշ բախտ՝ գրական հավերժող հերոս դառնալու նախասահմանված ճակատագիր, կասեն շարքային բանվորի բախտին չհավատացող հոռետեսները, թեև նրանք բախտի գործոնն էլ միշտ անտեսում են։ Գրեթե միշտ։ Ջբուին վիճակված է հեքիաթական թագավորների կրտսեր որդու բախտը։ Երբ ամենամեծ օժտունմերը կրտսերն ունի, նրանն են գանձն ու գահը, երբ բոլոր իրադարձությունների կենտրոնում նա է։ Ինքն էլ իր հոր՝ Ուստա Սերոժի կրտսեր տղան է, ու թեև ավագ Անդրանիկն ու միջնեկ Արմենը կայացած ու շրջապատում ճանաչված են ավելի, միևնույնն է գրական հավերժող կերպարը Ջբուն է, ինչպես հեքիաթի թագավորի կրտսեր որդին։

Ջբուն այն երջանիկներից է, երբ անունը կամ իր մի արտահայտությունը  ամեն ինչ ասում է։ «Ա, ինչ կա, ապո՜, է՜»-ն նրան դնում է «Հարսանցուն Հյուսիսից»-ի Սերոբի կողքին՝ իր հայտնի կոստյումով,  «Ալամեզոն» Երվանդի կողքին՝ իր «անկիրթ մարդ»-ով ․․․  Այսուհետ Ջբուն սերունդների հավաքական հիշողության սեփականությունն է։ Հավատում եմ, որ նաև գալիք դարերում է ասելու՝ «Ա, ինչ կա, ապո՜, է՜․․․»։ Պատկերացնու՞մ ես, հարգելի ընթերցող, նրան որքան են նախանձելու անցյալ-ներկայի ու ապագայի կոչումավոր-կոչումամոլ մտավորականները, որ համոզված են, թե անվանը նախորդող իրենց իծաշարուկ կոչումները կօգնեն հավերժող անուն լինել։ Այնինչ, մարդ ապրել, ապրում է Անունի համար։ Անուն ունեցողն ինքն է զարդարում իր կոչումները, ինչպես որ բազում են պաշտոնով զարդարվածները, բայց քչերն են իրե՛նք զարդարում իրենց պաշտոնը։  Անանունին հիշվել չի տա աշխարհի ամենամեծ, ամենաշատ կոչումնազարդումն անգամ։ Հիշողության չափ զորեղ ու հեռահար ոչինչ չկա։ Իսկ մարդն ընդունակ է հիշելու ոչ միայն կոչումավորին, այլև, թե ինչպես է նա ձեռք բերել այդ կոչումը։ Կամ ինչ ճամփեքով է հասել ներբողալից գրավոր հիշատակումների այսուայնտեղ։ Թյուր ինքնախաբկանքի մեջ են շատերը. վերջին անգամ նրանց ունեցած ու փափագած կոչումների մասին մահազդի՝ ավանդաբար ճոխ ներբողալից տեքստերում են գրվելու (կարդացողներն էլ իրենց ակնկալածից քիչ կլինեն)։ Եվ այդ կոչումներով զարդարված կամ դրանց կարոտը քաշելով՝ կիջնեն գերեզման, ու քառասունքից, թե՞ տարելիցի արարողությունից հետո «հինգերորդ հարկի մարող լույսի» հետ կմարեն  նաև հողածածկ եղած նրանց անձի մասին կենդանության օրոք պարտադրված դիֆերամբաշատ խոսակցությունները։ Ու կսկսեն ապրել իրական ժամանակի իրական չափումներում՝ մոռացության անդնդի ու հիշողության մշուշոտ դաշտի սահմանագծին, ուր ապրողները Հեմինգուեյներն են՝ իրենց պարգևած «տոներով, որ միշտ մեզ հետ են», և տոն տվողները Հովհաննես Գրիգորյաններն են, որ կարողանում են «սեղմել ու կրծքի մեջ պահել այս մի բուռ, բռում սեղմված հայոց երկիրը»։ Իսկ իր համար անշառ ապրող Ջբուն, արդեն համարյա հավերժի ճամփորդ է իրավամբ անմոռաց անուններով լեցուն գրականության էջերում։

Հարյուրկվարտիրանոցի ամենատպավորիչ կերպարը երևի հենց Ջբուն է։ Հինգ տարի առաջ հարյուրկվարտիրանոցի մասին Կարենի սկսած հուշ-պատմությունները լսելով՝ հենց Ջբուն ամենաշատը տպավորեց ու գրգռեց Հովհաննես Զորավիգի գրողական՝ այդ պահին դեռ քնած ջիղը։ «Ջբուն կերպար ա, Կարեն, Ջբուն պիտի գրվի ու սերունդների հիշողության մեջ մնա․ հնարավոր է՝ նույնիսկ իր թոռ ու ծոռներից էլ երկար»,- ասաց հեղինակը։

Ու գրվեց «Ջբուն»․․․

-Կյանք ա Ջբուն, ամեն թաղի բախտ չի վիճակվում իրա Ջբուն ունենա, մեր շենքն իրոք բախտավոր ա, որ Ջբու ունի,- համոզված է Կարենը։ —Ու մենակ ես էի Սամո ձաձա ասում ու բարև Ձեզ, և Ջբուն կողքերն էր նայում, տեսնի՝ էլ ով կա, որ Կարենը Դուք ու Ձեզով է խրսում։ Իսկ երբ փողոցում տեսնելիս իր նման «ջիգյարով» բարևում էր ու մենք, կողքի մարդկանցից ամաչելով, իր չոբան բարևին իր նման չոբան-չոբան չէինք պատասխանում, լոկ սովորական բարևն առնելով, հետո տեսնելիս անպայման պիտի ասեր՝ «Ա, էս տենըմ, արհանարհըմ ես, պացան լակոտ»։ 

Բոլոր եռավանկ և ավել վանկեր ունեցող բառերի փոխարեն՝ վիրավորել, դավաճանել, խայտառակել, մեղադրել…. պիտի ասեր՝ «ա էս արհամարհում ե՞ս»։ 

Հարյուրցիներն առհասարակ բառերը խնայելու սովորություն ունեին։ Ինչպես Ուստա Ռազմոն, որ Հերիքնազին բոլոր քնքուշ բառերի փոխարեն ասելու ընդամենը մի արտահայտություն ուներ՝ «ա ես քու լավը…», որ միաժամանակ նշանակում էր՝ սիրելիս, քնքուշս, քաղցրիկս…

-Պատկերացնու՞մ ես Ջբուն նաև բեմադրվի,- հարցնում է Կարենը։

-Ինչու ոչ։ Ինչպես գրվեց, այնպես էլ կարող է բեմադրվել։ Դարձյալ քո ակտիվ մասնակցությամբ։ Ուսանողներդ էլ՝ ամենքն իր դերը կխաղա, ինչպես Էրիկ Կանտոնան իր դերն է կերտում ֆիլմում՝ մարմնավորելով ֆուտբոլիստ Կանտոնային,- արձագանքում է հեղինակը։

-Հա, բայց իմ դերը Սենիկը կխաղա, ինստիտուտում էլ են նկատել, ուսանողներն էլ ասում են, որ իմ շարժուձևին, դիմախաղին շատ նմանություն ունի։

-Ո՞ր Սենիկը, էն որ սկզբից հավատացրել էիր, թե դու «Պատվի համար»-ի միայն առաջին երկու գործողությունների մասնագետ ես, ու երրորդ գործողության համար ուրիշ պարապող դասախոս պիտի գտնի, ինքն էլ քաղաքով մեկ ընկել ամոբղջ «Պատվի համարն» իմացող էր փնտրում։

-Հա, հենց էդ Սենիկը։ Շատ լավ տղա է։ «Պատվի համարն» էլ շատ լավ յուրացրել է, որովհետև շնորհքով Աքորեցի է՝ Ալավերդու շրջանից ու լավ գիտի՝ ինչ ասել է Պատիվ ու պատվի համար։

-Ջբու ո՞վ կխաղա։ 

-Թատրոնի Արամը կարա խաղա, Մխիթարյան, էլ ո՞վ…

-Արթուրը։ Պապիկյան Արթուրը ավելի լավ կկերպավորի, «Ա, ինչ կա ապո, է՜»-ն նրանից լավ մեկ էլ իսկական Ջբուն կարա ասի։ Կանչենք թող ինքն էլ իրա դերը խաղա։

-էդ մի արտահայտությունը Ջբուն իրոք բոլորից լավ կանի, բայց դերը լրիվ չի կարա խաղա։ Եռավանկ ու ավել վանկով բոլոր բառերն ու արտահայտությունները Ջբուն էդ մի արտահայտությամբ է փոխարինել՝ «արհամարհըմ
ե՞ս»։ Բազմավանկ բառերից միայն արհամարհել բառն եմ իրանից լսել, որ դարձյալ փոխարինում է բոլոր բառերին՝ իբրև բազմիմաստ, բազմանշանակ, գուցե նաև՝ ամենիմաստ բառ։ Նույնիսկ եռավանկ Լուսինեն է հանդիպած օրից երկվանկ Լուսո դարձրել՝ խավարեցնելով նաև լուսավոր անվան անհատնում լույսը։ Խմած ժամանակ էլ «Լուսոոոոո» գոռալիս միայն «ո» հնչյունն էր լսողների ականջներին հասնում ու հիշոցները, որ հարյուրցիների հիշողության մեջ անջնջելի են։ Դրանք էլ են երկվանկ,_ ասում է Կարենը։

-Ուրեմն գոնե երկու հրավիրատոմս կտանես, թող գա դահլիճում նստի իր կերպարի խաղին հետևի։

-Կտանեմ բա ոնց չեմ տանի, էս գրածով ինքը գրականության հավերժական ընթացքի մասնակիցն է արդեն, կերպարն էլ կերտեն՝ թատրոնի բեմականացումների աֆիշից էլ չի իջնի։

-Ուզում եմ պատկերացնել ոնց կարձագանքի։ Դեմքի արտահայտությունն եմ ուզում տեսնել էդ պահին։

«Կարեն ջան, ինչ կա ապո է»,- կասի-կհարցնի, իր լինելու մասին իմաց կտա նախ։ 

-Հին սովորության համաձայն,  հա՞։

-Հետո կհարցնի՝ «էդ ինչ տոմս ա, ապո, է՜։ Թատրոնն ինչ ա, ինչ տեմ անիլ»։ Հետո կուրախանա, աշխարհքով մեկ կլինի, աշխատանքի տեղն ու շենքով մեկ կանի, որ իր մասին ներկայացում են բեմադրել, տոմսերն էլ բերել հրավիրել են, որ գնա նայի,- Ջբուի հավանական արձագանքն է իր ոճով պատկերավորում ներկայացման կամ ֆիլմի ապագա ռեժիսորը։

«Ա, ըսօր րիգունը թատրոն տեմ գնա,-կասի հարևաններին,- ինձ բեմից շհանց տեն տալ։ Էկեք։ Ձեզ տոմս չե՞ն տվել»։

-Չէ,- կասեն հարևանները։

«Ինձ էլ էրկու հատ են տվել, Լուսոյի հետ տեմ գնալ, թե չէ մինը կտայի։ Ոչինչ, ասըմ են թատրոնի շենքի դեմը մի բուդկա կա, (Ջբուն տոմսարկղ բառը լսած էլ չի երևի), ընդի էս տոմսերիցը ծախըմ են, մինն էլ վայթե Տիգոյի հըմար առնեմ, գա ինքն էլ հորը բեմի վրա տենա։ էկեք, առեք, դուք էլ տեհեք։ Ինձ բեմի վրա շհանց տեն տալ»։

2026 թվական։ Թատրոնում նստած Ջբուն հետևում է բեմում կատարվող գործողություններին։ Արթուր Պապիկյանի խաղը նրան շատ է դուր գալիս։ Այնքան շատ, որ երբ գործողությունը տեղափոխվում է այլ կերպարի վրա, Ջբուն փնտրում էր տանը թողած հեռուստացույցի հեռակառավարման վահանակը, որ ներկայացումն առաջ տա։ 

Ջբուի՝ Պապիկյանական կերպարակերտումից տպավորված ռեժիսորը՝ Պարոն Գրականագետը, մտորումների մեջ հիշողությունների գիրկն ընկավ։ Հասկացավ՝ «Ա՛յ, սրան էր սպասում Արթուր Պապիկյանը, որ իր «Ջբուն» կերտի, դրանով Խորեն Աբրահահամյանի ու Մհեր Մկրտչյանի կողքին հայ թատրոնի բեմում կանգնի ու միայն դրանից հետո բեմց իջնի՝ թատերաշորը պահարանում թոռների ողորմածությանը պահ տալով։

 Երջանիկ գոհության մեջ Ջբուն Լուսինեին թևը մտցրած տուն եկավ։ Գուցե առաջին անգամ տեսավ-զգաց Լուսինե անվան լույսը, որ լուսավոր Լուսինեից ճառագում էր հատկապես թատրոնում՝ բեմի աստղ դարձած ամուսնու կերպարին կողքից հետևելիս։ Կյանքում առաջին անգամ սկսեց հետաքրքրվել տղայի դասերով։ Մոռացել էր, որ արդեն դպրոցն ավարտել, ազգանվանակից նախարարի բարեհաճությամբ, թե՞ սեփական առողջական խնդիրների պատճառով բանակից տարկետում է ստացել։

-Տեհա՞ր, Տիգո ջան, ոնց էր իմ նման ասում՝ «Ա, ինչ կա ապո, է․․․»։ Բայց էլի մի բան էն չէր, իմ նման սկի դու չես կարըմ ասես, տղա ջան, ձենդ փորդ էս քցըմ, գոնե զլես, էն մի Ձենով Օհան կար է, դրա նման, թե՞ դու էդ կարդացել չես, կամ գոնե դասատուից լսել, ոնց որ ես։ Դե գնա, գնա պարապի, սըվորի, որ դու էլ բարձր կարենաս գոռաս «Ա ինչ կա ապո, է՜»։ Թե չէ մեկ էլ տեհսր բանակ տարանհո նախարարը չտի շադքից քու տեղը գոռա՝ ա ինչ կա ապո, է՜, կամ հո էս մի Պապիկյանին (ընդի մինն ասավ էդ իմ տեղը բեմից խոսացողն էլ ա մերոնցի, ինքն էլ ա Պապիկյան) հետդ բանակ չտենք ղրգի, հորդ թայ մարդ ա»։

Պիլիբիստրիկը մեռավ անաղմուկ, բայց Կարենի մոր՝ Սիրուշի գլխում դեռ աղմկում է արագաշարժ ու գործունյա այդ մարդու մասին հիշողությունները։ Իմանալով, որ Սիրուշը պատրասվում է շենքի իր բնակարանի հատվածը սավաղելու համար կռան կանչել, նա եկավ ու թե՝

-Կռանի համար նախատեսած գումար կեսը կտաս՝ ես գործդ կանեմ։

Սիրուշը վճարեց, Պիլիբիստրիկն արդեն իր կապած սկյալի վրա 5-րդ հարկի բարձրությանն էր հասել. սավաղում էր։

«էս մարդը չընկնի, գյաբռլամիշ էղնի»,- մտածում էր Սիրուշը։ Բարեբախտաբար չընկավ, թե չէ հոռետես Սիրուշի խնայած 8000 դրամը քթից էր գալու, ու Պիլիբիստրիկի մահվան բեռը ավելանալու էր միշտ անհանգիստ խղճին։

Պիլիբիստրիկն ուրիշ անգամ էր  ընկնել-վնասվելու։ Թաղի մեջտեղում տնկված ծառի բերքն իրենով անելիս։ Այդ ծառը Պիլիբիստրիկի մահից առաջ էր ընկնելու։  Հարյուրկվարտիրանոց մեր այցի ժամանակ Կարենը ցույց  տվեց ծառի տեղը։ Ասում են՝ կոլեկտիվ սեփականությունն իրենցով անելու՝ կոլխոզից մնացած սովորությամբ թաղի ծառերը սեփականացնելու մտադրություն «100»-ում միայն Պիլիբիստրիկը չուներ։ Ավագ սերնդի տնկած մի քանի ծառ սեփականացրել, իրենց համար այգի էին դարձրել Մարգոն ու Մարետը։ Մարգոն խանութ գնալիս քար էր հավաքում, որ բախչագող եկած երեխեքին, հատկապես նրանց, ում հայրերն էին այդ ծառերը տնկել, երկրորդ հարկից քարկոծի, ամռանն էլ եռման ջուր լցնի նրանց գլխին։ Իսկ Առաքել բիձեն, որ գուցե հայտնի երգի հերոսն է, ուշիուշով հետևում էր չարաճճի երեխաներին, որ բաղչեն մտնելուն պես մի լավ դնգստի։

… Ու գրվեց «Ջբուն»։ Ու իր հետ հավերժացրեց թե՛ Պիլիբիստրիկին, թե՛ կերպար դարձրեց հարյուրկվարտիրանոցի կոլորիտային բնակիչներին։ Եվ  «Ուլիցերյան պատմվածքի հերոս» Կարենի շուրջ ծնվեց ու զարգացավ մի ողջ «Հարյուրապատում», որ «Մակոնդոյի» ճակատագիրն է փափագում։ Տա՛ Աստված, գրականության ծովում լողալ ու նավարկել կարողանա Հեմինգուեյի Ծերունու պես։ Ոչ թե մնա Լոռվա ծմակներում, ինչպես հանիրավի մնաց Հրանտ Մաթևոսյանի «Ծմակուտը»։

 Չգիտեմ՝ ում համար Մարկեսը, բայց գրականագետ Վալերի Փիլոյանի համար Հրանտ Մաթևոսյանն «աչքերի քորը» բուժելու հարցում անփոխարինելի է։ Հա՛, հե՛նց Հրանտ Մաթևոսյանը, որ գրականագետի համոզված հիմնավորմամբ՝ հայ գրականության մեջ եթե առաջինը չէ, երկրորդն է, եթե երկրորդը չէ, առաջինն է, որ կարող էր մեր գրականությունը համաշխարհային ասպարեզ հանել։ Ի՛ր կերտած մե՛ր համաշխարհային գրականությունը, որ Խորենացուց սկսած ձգտում է մեր «փոքր ածուի» կատարած հիշատակելի գործերը աշխարհինը դարձնել։ Մաթևոսյանի փորձը հաջող էր, բայց դե, Նոբելյան հանձնաժողովը էդ կարծիքին չէր  կամ էդ կարծիքին լինելով՝ հերթական անգամ համաշխարհային աչքը խուփ արավ հայոց հանճարը նկատելիս։

Սյունյաց մթին անտառներում կորավ նաև Բակունցի «Մթնաձորը», լոկ երբեմնակի Ալպիական մանուշակագույն իր բարձունքներից ծիկրակելով իբրև ամռան բորբաբոսոր արևներից աշնանավերջին հասած մի թույլ շող, որ սակայն ինչպիսի ջերմությամբ էր ջերմացնելու գրականության ծարավի սրտերն աշխարհով մեկ, եթե իր կիզիչ էնէրգիայի պահին նկատող ունենար, և կամ Կաքավաբերդի գլխին տարին բոլոր նստած ամպը իրենով չծրարեր նաև հանճարի լույսը։

Առաջինը գրողը պիտի հավատա իր գրածի ուժին ու իր հաջողությանը, ինչպես հավատում էր հենց թեկուզ մեր Վիլյամ Սարոյանը։ Նա հավատում էր իր երազանքին, և նրա I have a dream-ը երազանքների Ամերիկան իրականացրեց՝ գնահատելով Պառնասականին արժանի պատիվներով։ Սարոյանին ժպտացողը, Կարեն ջան, թեկուզ, թե կուզես՝ հանճարեղացնող բախտն էր, որ մեր հանճարեղ Ամենայն հայոցին հայոց՝ սուգի, թե՞ լույսի դժար լեռներից դենը չտարավ։ Ցավո՛ք։ Ու խեղդեց հայոց վշտի անտակ ծովում։ Էդ Բախտը չժպտաց ոչ էլ մեր հանճարեղ Չարենցին, որ Վենետիկում Անմար Ավոյին հանդիպելով՝ վերադարձավ ու իր Հանճարի լույսը մարեց հայոց զնդանում։ Բախտներս բերեց գոնե, որ զնդանի մութ խորքերից անգամ այդ Լույսը սփռվեց ու սփռվեց գոնե հայոց Գալիքի «Ապագայի սերմնացաններին», որ լուսավորվեն, լուսե գիր ստեղծեն ու «հասկացողը հասկանա», քո պես շատ հասկացողն էլ, Կարեն ջան, ծնրադիր, ինչպես հավատացյալը խորանի առաջ է լինում, հանճարի մոցարտական փայլին հավատա ու խոնարհումով գնահատի, առանց սալերիական ջղաձգումների, ու թունարձակումների․ դրանց դեմ ես լավ պատվաստված եմ։

Դասականության ճամփան բռնած մեր Սարուխանն էլ էդ Բախտը չունեցավ, որովհետև այստեղ՝ իր Տանը մնաց ու կրկնաղերսեց. «Տե՛ր, իմ Տանը թող ինձ… Որ գծիկի տեղում Էջմըածին-Գառնու// Հայոց Ոգին հառնի խաչատեսիլ…»։ Իսկ հայոց Ոգին ու մեր ոսկեղենիկ մայրենին նավերի երկիր Շեքսպիրի Անգլիայում հասկացողները մի քանի դարը մեկ են ծնվում ու նրանց էլ վիճակված է իրենց հայրենիքից հեռու ու խռով մեռնել, ինչպես հայոց զորավարներին ու գիտնականներին, ինչպես հայոց Բանաստեղծներին, որ Հայրենիքի «…ցողի համար, անձրևի ու ձյան, նաև աշխարհիկ անխռովության՝ խռով են մեռնում անմեռ հայրենիքից»։ Կամ Չարենցից Սարուխան՝ «մահարձանների երկրում քարքարոտ՝ մի դեպքում մահարձանի, մյուս դեպքում՝ «հրճվանքի կարոտ մնում»։

Եվ քանզի ու քանի հայերենը համաշխարհային լեզու չէ, ինչպես դիպուկ նկատել է Խորեն Գասպսրյանը՝ «մեծ հայ բանաստեղծները չեն դառնում հայ մեծ բանաստեղծ»։ Եվ մնում են «սառն օտարուհուց» և օտարից, անգամ յուրայինից չհասկացված։

Հավատում եմ Վիլյամ Սարոյանի հանճարացնող բախտի զորությանը, հավատում եմ Ջբուի հավերժականությանը, «Ուլիցերյան պատմվածքի Հերոսի» շուրջ կերտված Հարյուրապատումի՝ համաշխարհային ծովերում ու օվկիանոսում լողալու ու դրանից էն կողմ գտնվող ցամաքներում ափ հասնելու հաջողությանը, ինչպես, բարեբախտաբար համաշխարհային ափ հասավ մեր Նարեկացու «Ողբերգության աղոթաՄատյանը», և դեռ կարող է ափ հասնել նաև «Մշտարթուն սիրով Նարեկացուն» իր «Տագնապող աղոթք»-ն ուղղող Սարուխանի «Վախճանից էլ պարզ»-ը։

Փոքր ածուները փաստորեն մեծերին տաքացնող վառարանի վառելանյութ են, նաև գրականության ու արվեստի բնագավառներում, ինչպես որ էին էս հին աշխարհի նախասկզբից ի վեր՝ ամենուր։ Թեև համամարդկային արժեքներն ու պրոբլեմները գրականության նյութ դարձնելով և ի վերջո   իբրև գրական արտադրանք ձևակերպելով գումար վաստակելը, փաստորեն, ողջ աշխարհում է ամենաբարդը (Մարկեսի ականջը կանչի՝ իր կիրակնօրյա հոդվածներից  ստացված գրոշներով, Ջեք Լոնդոնի ականջը՝ Մարտին Իդենի հետ կատարվածով)։ Ու մնում է տխուր մխիթարվել, որ գոնե այս դեպքում մենք մենակ չենք։ Հայրենիքներից միայն մերը  չի «շուկայակրոն-շուկայացող, մղձավանջային» ու գուցե բնավ էլ միայն մեզ մոտ չեն պոետները «կարմրեցնում սթափների կիրակին»։

Մի՞թե  ստամոքս ունեցող ամեն ոք նաև հոգի չունի, դրանով իսկ՝ հոգևոր սննդի պակաս  չի զգում։ Թե՞ քաղցում են բոլորը, իսկ «Ոգու սովը» ոչ բոլորի համար է սպառնալիք։ Եվ միայն խեղճ Րաֆֆիներն են նույն պահին կանգնում ուղեղ ու ոսկոր սղոցող դիլեմայի առաջ։ Ու միայն ստամոքսի պահանջը հոգալուց հետո, եթե  գրպանը դեռ ծակ չէ, ինչպես դարեդար լինում է հատկապես գրագետ մարդկանց հետ, նաև թերթ ու գիրք են առնում, ստամոքսի պահանջը հոգալ-վերջացնելուց հետո՝ նաև առաջացած ընթերցանության պահանջից «աչքերի քորը» բուժելու համար։

       Գուցե սա՞ է պատճառը, որ  Շուկան, ամեն դեպքում, ավելի հեշտ է իրացնում մարդու օրաբաժին-օրապահիկը, քան հոգևոր սննդի պահանջը։ Եվ դարձյալ նույն հավերժահարցը՝ ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ՝  լինել «կրկնաղերսող» Հայոց պոե՞տ՝ «Տեր, իմ տանը թող ինձ…» հավատամքով, Վենետիկից վերադարձած անգերեզման Չարե՞նց դառնալ «մահարձանների երկրում քարքարոտ», որտեղ այսօր էլ «հրճվանքի կարոտ հայ պոետներ» կան, թե՞ ամենակարևոր քայլը Երևանից Մոսկվա տեղափոխվելը համարող շախմատի աշխարհի չեմպիոն։ Հայրենիքում անգերեզման Չարենց լինե՞լ,  թե՞ հայ գիրը օտար գրով փոխարինած, առանց երգի օտար տարփուհիների սառը, թե՞ տաք գիրկը նետված Շահնուր լինել։  Եվ ձայնողի սպասել՝ ո՞ւր է շահդ և ո՞րն է այն։  Մի՞ թե այդքան վատը կամ զիջող են տաք ու տնական, երբեմն էլ՝ օտար արյունը հայկականին խառնած մեր հայուհիները, արտաքուստ տաք քմայքների տակ ներքին պաղությունը թաքցնող «սառն օտարուհիներից»։

․․․Բազմընդգրկուն է «Հարյուրապատումը». Ուլիցերյան պատմվածքի հերոս կարող են լինել թ՛ե Կարենը, ինչպես որ է՛, թե այս պատմվածքի յուրաքանչյուր հերոս, թե՛ ընթերցողներից յուրաքանչյուրն, ով ստեղծագործությունն ընթերցելիս իբրև հերոս իրեն կտեսնի կամ իր կենսակերպը կնույնացնի հերոսներից մեկի կերպարին։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *