Պատմվածք, Վարդան Սմբատյան

Աստծո նկարը

  

Գեղեցիկ տղուկ էի՝ շիկահեր, ալիքվող մազերս ծածկում էին իրանիս կեսը, աչքերիս մեջ լողում էր կապույտը։ Երկնքի հետ խոսելու տարօրինակ սովորություն ունեի, ու շատեր գժի տեղ էին դնում ինձ․ ամպերի մեջ գտնում էի չավարտված հեքիաթների հերոսներին, օրինակ, ջրահարսին, բայց նա, ի զարմանս ինձ, պոչ չուներ:

Մերս չէր կարողանում հեքիաթ պատմել ինձ ու եղբորս, չէր ստացվում մոտը: Հիմա եմ հասկանում՝ ո՞նց  պատմեր՝ խեղճն  ամեն օր կենաց մահու պայքար էր մղում իր վախերի ու հիվանդության դեմ: Մորս ցավերը հիշում եմ դեռ սաղմնավորմանս առաջին շաբաթից, երբ  բոլորը հորդորում էին.

– Քեզ պետք չի երկրորդը, վրադ հալ չկա, գնա հանի, էս հիմար մարդդ էլ ձեզ պահողը չի։

Չլսեց մերս ոչ ոքի, Ես գրկում էի նրա դողացող պորտալարը՝ թերի, չձևավորված ձեռքերով, երբեմն հարվածում էի փոքրիկ գլոբուս հիշեցնող փորին` ցրում վախի ազդակները: Զգում էի քո ցավ-սրտխփոցը մամ, ի՜նչ ափսոս, որ  խոսել չգիտեի:

Ծնվեցի չգիտեմ ինչու ու ինչպես․ մայրս ավելի հյուծվեց, հերս վայելում էր պոռնկության հերթական երկուշաբթին, երբ փողոցում մի թաղեցի բռնեց շլնքից.

– Արա, կինդ ա վատացել, շուտ գնա տուն։

Էպիլեպտիկ հոսանքը կայծակնահար կապույտով ցնցում էր խեղճ մորս պստիկ մարմինը, տատս վախվորած փորձում էր ուշքի բերել, շտապօգնությունը վերջապես հասավ՝ կես ժամ հետո: Ջուլիկը՝ մորական տատս, բոլորին իրար խառնեց, բժիշկ չմնաց, որ մորս մոտը չտաներ.

-Չէ, ախր հնարավոր չէ, ոչ-ոք՝ ո՛չ իմ, ո՛չ ամուսնուս կողմից չունի նման գենետիկ հիվանդություն,- հուսալքված կրկնում էր  բոլորին:

-Եթե գենետիկ գործոնը չկա, ուրեմն գործ ունենք ձեռք բերովի էպիլեպսիայի հետ, գուցե   երեխայի ծնունդն է նպաստել, Էպիլեպսիան կարող է առաջանալ հարվածից ու տարբեր մանկական տրավմաներից, ասացեք՝ Հասմիկը երբևէ ստացե՞լ է ուժեղ հարված կամ վնասվածք գլխի շրջանում:

Տատս գունատվեց, հետո կտրուկ ճերմակեց` այնքան ճերմակեց, որ մի քանի րոպե բժշկին թվաց, թե պատն է խոսում իր հետ։

 Քամին բացեց վարագույրը ու հպվեց սփրթնած, անհաղորդ դեմքին, թարթիչները զգայության փոխադրիչներ դարձան, արթնացրին վերջինս աֆեկտից։ Սպիտակը նահանջեց:

-Այո, փոքր տարիքում միջամտել է իմ ու ամուսնուս վեճին, ինձ պաշպանելիս հարված է ստացել գլխի շրջանում, աչքը շլվել էր, վիրահատել ենք։

-Աա՜․․․տեսնու՞մ եք, տիկին Ջուլիա, ահա և պատճառը, նմանօրինակ շատ հիվանդություններ  հաճախ ի հայտ են գալիս ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո։ Կարծում եմ՝ ակներև է, որ Հասմիկի մոտ երկրորդ տարբերակն է:

Ջուլիան լռեց՝ կուլ տալով կոկորդին շարված բառերը:

Ժամանկը զարկ տվեց գոյության մարաթոնին: Ես ու եղբայրս մեծանում էինք․ տատս մեր սուրբն էր` երկրորդ մայրը, Աստվածը, գոտեպնդողը, սաստողը․․․ տատս միակ կինը եղավ,  որի ապտակից  սովորեցի չընկնել։

Հիմա երկու տասնամյակ անց մայրս հազիվ է շպարվում, օրը չորս անգամ կուլ է տալիս դեղահաբերը, ծխում է՝ ցավը խեղդում էժան ծխախոտով:

-Ցավն այնքան չարժե, չէ՞, որ «Մալբորոյով» սպանես,- մի անգամ կատակով հարցրի ցավից կծկված, պստիկացած մորս,  ժպտաց` էնքան տխուր ու սիրուն, որ լացել ցանկացա, բայց կդիմանամ, այս անգամ էլ:

Մեր օրգանիզմի յոթանասուն տոկոսը ջուր է՝ աղի ջուր, ես ջուր գրեթե չեմ խմում, երեսունմեկ տարի օրգանիզմիս ջրային պաշարը բավարարվում եմ արցունքի ներհոսքով, սա սրտաճմլիկ փաստ չէ, ի սեր Աստծո, ասածս չընկալեք ողբերգական նրբերանգներով, սա սովորական ապրելու ցիկլ է:

 Երեկ կուրսընկերս էր հյուր եկել, երեք ժամ շատախոսությունից հոգնած, պարապությունից դրդված՝ լուսանկարների ալբոմս դեմ տվի. սա ռենտգեն-աչքերը չռած սկսեց հարցուփորձը, մինչևիսկ հասավ տատիս գերդաստանին:

 -Էս նկարն է լավը, Ալբերտ, դա նայի, — մոտենալով  միջամտեց պստիկ մայրս` հանգցնելով ծխախոտի գլանակը:

  Պատկերը կենդացավ էդ ակնթարթում, մերս աչքերը կախեց ու լռեց. շիկահեր լոքոններով սիրունիկ մերս`մինին հագին կանգնել է կենդաբանական այգում, ես էլ ինձ լուրջ տղա երևակայած, ինքնագոհ թեև գցել եմ վզով:

 Իսկ հայրդ՞,- հարցնում է ընկերս,-  ցույց տուր տեսնեմ գոնե նկարով։

-Հա՞յրս։

-Ես հայր չունեմ, երևի մի բան շփոթում ես,- պատասխանում եմ խռպոտ  ծիծաղով:

 -Ո՞նց թե՝ չունես, բայց էն օրը հարբել`ասում էիր …

– Հայրս վերևում է, ապուշ,  Աստծուն դեռ ոչ-ոք չի նկարել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *