(մրցույթին ներկայացված պատմվածքները չեն խմբագրվում և չեն սրբագրվում )
Այս՝ ծիկրակելում վարպետացածն իհարկե պետք է ինձ վիրտուալ տիրույթում փնտրեր: Բայց ես, նրա մասին ունենալով արդեն ձևավորված կարծիք, աշխատելու էի որակմանս դիպուկությունն ապացուցելու համար, պահպանել առաջին հայացքի տպավորությունը, ուստի քմծիծաղ տվեցի՝ որտեղ քոնը կասես, էնտեղ իմը չմոռանաս… Իմ կարծիքն ու իրեն ուղղված պատասխանը տարբերվում էին իրարից, հո չէի՞ ասելու.
-Գիտեմ բարևից հետո ինչ ես գրելու, գիտեմ, որ առիթ ես փնտրելու ինձ հանդիպել:
Գրողների համար հանդիպում կազմակերպելն ամենահեշտն է. որ կողմն էլ ասի, թե ուզում եմ Ձեր գիրքը ձեռք բերել, կամ իմը նվիրել, մյուս կողմը կդժվարանա մերժել՝ արանքում գիրքն է:
Գրող լինելն ի դեպ ինքնավարակման պես մի բան է. պատճառ չունեցար՝ կստեղծես, հետո շուրթերդ կուռեցնես, կզակդ կդողդղա, քիթդ կֆսֆսա, ապրումդ ներս կգցես, մի երեք օր կկուտակես ու կփսխես թղթին: Ավարտելուց հետո էլ գրածդ կկարդաս, մի լավ կզռռաս ու վերջ, ինքնավարակումը գնա՜ց…Բայց գրողը նաև էգոիստ է՝ կասի՝ ինչու՞ միայն ես, գիրս տամ, թող ուրիշներն էլ վարակվեն: Ճիշտ գրիպով հիվանդ երեխայի նման, որը կարծում է, թե որ ուրիշին վարակի, ինքը կլավանա: Հա՛, գրողը գրիպով հիվանդ երեխայի նման է մտածում, ոչ ավելի…Օրինակ մեկը մի քիչ ավելի մտածեց՝ թագավոր դարձավ, ասում էր՝ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ… Գրողը չէ՜…իր սեփական ծլուլը ընթերցողի քթից էլ թափվի, հերիք է: Հիմա ասածս ինչ է, նստել ու մեկ բառանոց նամակի հետագան եմ շարադրում՝ էսօր գրել է բարև, վաղը կժամադրի գրքի մահանան անելով ու ի՞նչ…գնալու եմ դրա ինքնավարակումը վերցնեմ՝ փռշտա՞մ…Իսկ նա շարունակում է.
-Դու Տիկոյի աղջի՞կն ես…
-Հա,-ասում եմ սխալ կանխատեսման մանթրաժով:
-Քո հերն իմ մորն էր սիրում…
-Ե՞վ,-հլը որ մեկ բառանոց ձայներ եմ հանում:
-Բայց իմ մերը բարոյանական կին էր, նա միշտ տղամարդկանց ուշադրության կենտրոնում էր ու քո հայրն էլ բացառություն չէր:
Ու առանց հրավերի նկարներ է ուղարկում՝ 80-ականների համար շատ համարձակ, բաց հագնված կնոջ լուսանկար, որն այնպես է հենվել, որ երևակայությանդ մեջ տեսնում ես դիմացը կանգնած ու նրան դեպի պատուհանագոգը սեղմած տղամարդուն:
-Լավիկն է,-ասում եմ, որովհետև նա գնահատականի էր սպասում:
-Երբ ուշ գրեցիք, ինձ թվաց չեք հավանում, ճիշտն ասեք, կարո՞ղ է մտածեցիք, թե էս բոզն ո՞վ է…
Ես նյարդայնացած ելա…Հա, ինչու՞ պիտի չմտածեմ: Այդ թվերին այնքան հեշտ էր տարբերել նման կանանց: Մեծերն ասում էին՝ ճակատին գրված է…Ես էլ արդեն այն տարիքում եմ, որ տառաճանաչ եմ նման ճակատներ կարդալու համար: Բայց դու ի՞նչ իրավունքով ես օգտագործում գռեհիկ բառ, մենք էդքան մտերի՞մ ենք…
Հետագա նամակներն անարձագանք եմ թողնում, իսկ նա փոքրիկ դադարներով շարունակում է.
……Բայց ես քո հորը շնորհակալ եմ. նա մի հարցով օգնել է մեզ:
…….Լավ մարդ էր:
…….Ի դեպ արտաքինով նրան ես նման:
……..Լիլի՞թ…
……..Չե՞ս պատասխանում…
Հը, ոնց որ հարցներ՝ հիմա ի՞նչ, գրիպս չե՞ս ուզում վերցնել: Չեմ պատասխանում, ինքն էլ լռում է: Թող իմանա, որ անընդունելի է նման բառապաշարը: Երկու օր անցավ, ոչինչ չգրեցինք իրար ու կմոռանայի նրան, եթե անծանոթ մեկը չհարցներ.
-Բարև ՁԵզ. տեսա որ գրող եք, կուզենայի իմանալ, թե ի՞նչ կարծիք ունեք Ձեր համաքաղաքացի քանդակագործ ու լուսանկարիչ Կարեն Մովսիսյանի մասին: Ինձ շատ են դուր գալիս նրա աշխատանքները, հատկապես պատերազմի մասին պատմող լուսանկարների շարքը, որի ցուցահանդեսը պտտվեց եվրոպական մի շարք երկրներում, ի դեպ նա նաև ստիխներ է գևում:
– Ինձ դուր չեն գալիս իր ստիխները,-ասացի,-լավ լուսանկարիչ է, բայց պոետ չես ասի:
-Վա՜յ ի՞նչ եք ասում, նա լուրջ արվեստագետ է, իր ,,Մայր հող,, քանդակը մրցանակի է արժանացել Գերմանիայում:
-Դուք բանաստեղծությունների մասին հարցրեցիք, ես էնտեղ բարձր գիր չտեսա, սա իմ կարծիքն է…
-Լավ, արվեստը թողնենք մի կողմ: Ես նրանց վաղուց եմ ճանաչում, հարևաններ ենք եղել, նրա մայրը իմ առաջին սերն էր: Երանի տեսած լինեիք՝ սպիտակ մարմարյա մաշկով, սև աչքունքով ու գանգուրներով: Այնքան գեղեցիկ կուրծք ու հետույք ուներ, որ կարծես իդեալական չափսերի համար էտալոն լինեին: Քայլում էր գլուխը բարձր ու գեղեցիկ սեթևեթանքով: Երանի կտայի, որ իմը լիներ:
-Իսկ ինչու՞ եք դա հիմա ինձ պատմում, Ֆելի՛քս,-հարցնում եմ ջութակով ու միմիկաներին մեղեդայնություն տված լուսանկարով անծանոթին:
-Գիտեք, Ձեր էջում տեսա, որ հոգեբան եք, գրող, չգիտես ինչու մտածեցի, որ կարելի է Ձեզ վստահել:
,,Վստահելուց առաջ ինչու՞ ինձ չեն հարցնում՝ ես ուզու՞մ եմ վստահվել,, մրթմրթում եմ, իսկ նա չի նահանջում:
-Այդպես էլ երազանք մնաց նրա մարմնին դիպչելը…հավատացեք, եթե իմը լիներ, ոտքից գլուխ կհամբուրեի, մեղք գործած կլինեի, եթե մի խալաչափ տեղ բաց թողնեի:
Նա անցնում է մենախոսության, իսկ ես սկսում եմ պեղել նրա էջը. որովհետև այս տարածքում ես հոտառությունս սրած հոգեբանական բացահայտումների եմ պատրաստ:
…..Հիշում եմ նրան՝ սև, դեդեռոն չուլկիներով ու մինի, կիպ յուբկայով, շպիլկա կոշիկներով…ուզում էիր անվերջ քայլել հետևից ու աչք չթարթելով նայել:
…..Ամուսինը ոչ էլ գնահատեց նրան..
….Ախ երանի ես իմանայի՝ դեպի ուր էին բարձրանում կրունկից վերև ձգվող չուլկիների գծերը, երանի ես դրանց ավարտը տեսնեի ու խորանայի այնտեղ, ուր ինձ համար տեղ չկար…
……Գիտեք քանի տարի է անցել, հիմա նա էլ չկա, բայց ես ամեն երազիս նրա հետ եմ…նրա ցանկալի բդերը ձեռքիս մեջ ճմրթելով…
……Դե հիմա ասացեք ինձ, կարո՞ղ եմ մոռանալ նման կնոջ,- մոնոլոգը ընդհատում է արդեն ինձ ծանոթ կնոջ նկարը ուղարկելով, որն հիմա էլ լայն լանջաբացվածքով ու անթերի մարմնական կորերը գրկած ժայնականախշ հագուստով, դարձյալ սեքսուալ դիրքով հենված է գրասեղանին: Այս ընթացքում ես Ֆելիքսի էջն արդեն ուսումնասիրել եմ՝ նոր բացված, կեղծ էջ է: Նա շարունակում է.
-Նրանից հետո այլևս երբեք չկարողացա հավանել որևէ կնոջ:
Իսկ ես ընդհատում եմ.
-Կարեն, ավելի լավ է ինձ գրեք Ձեր հիմնական էջով:
-Սա Ֆելիքսն է, շփոթում եք…Այո, Կարենը նրա տղան է, անչափ տաղանդավոր ու հարգանքի արժանի տղա: Հեռվից կարդում եմ նրան ու հիանում:
………..Ի դեպ, դուք այնքան սազում եք իրար:
……….Արտահայտեք Ձեր սերը նրա հանդեպ, չեք փոշմանի, Լիլիթ. Դուք շատ եք սազում իրար:
-Ես նրան սիրահարված չեմ, իսկ Դուք Կարեն, կրկնում եմ, գրեք ինձ Ձեր էջով:
-Այս ի՞նչ եք ասում. ես ինչպե՞ս կարող եմ Կարենը լինել…Ուրեմն տղան կարող է երազել մորը ունենալու մասի՞ն…
-Ես պնդում եմ, որ Դուք Կարենն եք, թողեք դերասանությունն ու գրեք Ձեր հիմնական էջով: Այս նամակները ես անպատասխան եմ թողնելու:
…..Ուրեմն ի՞նչ, մտածում եք, որ տղան կարող էր մորը սիրե՞լ…
…..Ձեզ ի՞նչ է թվում, տղան մորն իրավունք ունի ցանկանա՞լ…
……Պարզ երևում է, որ սիրահարված եք Կարենին, բոլորը Ձեր աչքին Կարեն են երևում…
…..Հասկացեք, ես պաշտել եմ նրա մորը, նա միակ կինը եղավ, որին առ այսօր ուզում եմ, երանի եմ տվել, որ մի գիշեր ունենամ նրա հետ, հասկանու՞մ եք…
……Իսկ Դուք՝ Կարեն, հա Կարեն…
…….Ո՞նց կարող է տղան մորը ցանկանալ…
-Կարե՛ն, Ֆելիքս անունով Ձեր կեղծ էջը փակում եմ. հարցերի դեպքում գրեք ինձ իսկական էջից…Երևի մոռանում եք, որ հոգեբան եմ ու նման նաիվ ձևով չեք կարողանա ինձ խաբել:
Էլի մեկ օր անց Կարենը գրեց.
-Չեք պատասխանում, Լիլիթ:
-Ինձ դուր չեկավ Ձեր լեքսիկոնը…ինչ պատասխանեմ…
-Մորս նկարն իրո՞ք հավանեցիք…շատերն էին սիրահարված նրան…Հիշում եմ մի ջութակահար կար, հիմա Երևանում է ապրում:
-Հա՜ Ֆելիքսը…Կարեն թողեք դերասանությունը, ես կրկնում եմ, որ դա Դուք եք:
Շատ չմանրամասնեմ, ես համարձակ ու ինքնավստահ պնդեցի, որ Ֆելիքսը նույն Կարենն է, և հիմնավորեցի՝ նույն ռուսատառ հայերենը, նույն բառամթերքը, նամակի նույն սկիզբը՝ միևնույն կնոջ գովասանքով, Կարենի մեծարումն ու նրա կյանքի շատ մանրամասներ, կնոջ տարաշխարհիկ գեղեցկության գովքն ու արդարացնելը, թե բարոյական կին էր: Կարենն իհարկե խոստովանեց, որ ինքն էր, ու արդարացավ, որ ինձ էր ստուգում, թե ինչ կխոսեմ անծանոթ մեկի հետ, արդյո՞ք ինձ վստահված գաղտնիքը կպահեմ: Իսկ կեղծ էջն ինձ ավելի էր օգնել հասկանալու, որ նա նարցիս է ու Էդիպի բարդույթ ունի: Սեփական էջում ամեն օր տարբեր դիրքերով լուսանկարներ տեղադրող տղամարդը, որն աքսեսուարների հանդեպ ընդգծված սեր ունի, կանանց ևս իր կերպարի մի մաս է ընկալում, դրա համար էլ՝ ,,դուք սազում եք իրար, դուք սազում եք,,…Կարծես ես պիտի իր կրծքին ամրացված բրոշ լինեմ, որն հաստատ ամեն պիջակի հետ չի կրի: Էլի նարցիսականությանը բնորոշ բազմաթիվ հատկանիշներով աչքի ընկնող այս մարդն հաստատ ինձ համար խնդիրների կծիկ է: Ես ինքս ինձ պատրաստում եմ ծայրահեղ զգուշության՝ ակնհայտորեն ցույց տալով, որ չեմ հավանում իր հրապարակախոսական գրառումները, համաձայն չեմ արտահայտած մտքերի հետ, չեմ հիանում իր ֆոտոշարքով, որը կարծես ագրեսիվ գովազդի պես խոթում է աչքդ ու ասում՝ նայի՛ր ինչ լավն եմ, նայի՛ր ինչ հարուստ եմ, նայի՛ր ինչ տաղանդավոր եմ, նայի՛ր ինչ սիրված եմ, որ հիանաս ինձանով, հիանա՛ս, հիանա՛ս…Ու բազմաթիվ խոստովանություն-մեկնաբանություն հղող կանանց մեջ, միայն ես եմ կարդում խղճալի տողատակը՝ որովհետև ես նարցիս եմ ու սնվում եմ միջավայրից եկող էներգիայով:
Նա անշուշտ, որքան էլ ուզեր իրեն ծանր պահել, միևնույն է, խախտում էր իմ լռությունն ու անուշադրությունը, և նոպայի պես ամիսը մեկ անգամ գրում ինձ: Սա ամենածանր քեյսն էր, որ ձևավորվում էր հոգեբանիս համար, քանզի ամեն մի հաջորդ նամակն ավելի էր բացում նախորդի փակագծերը, որոնք այս դեպքում իր մոր իգականության նրբափքուն ցուցադրությունը կարծես լինեին՝ ժանյակավոր վարտիքի ամենանեղ մասում: Ես այս նամակների տառապահետաքրքրասերն էի, գրողահոգեբանիս երկհուզականության զոհը: Նա պատմում էր բաներ, որի մասին դու պետք է լռեիր, բայց չիմանայիր՝ ,,ո՞ր մեղքիդ համար,,:
-Գիտե՞ս, մի անգամ ես մորս տեսա լիովին մերկ, ներքնաշոր հագնելիս: Ես շունչս պահած զննում էի այդ չքնաղ տեսարանը նրա սենյակի դռան անցքից: Նա նոր էր լողացել, վրայից նետեց բաղնիքի խալաթն ու կլորիկ հետույքը դեպի դուռն արած, հայացքն էլ հայելուն, հագավ սև կրծկալը, որով նա ինձ Սոֆի Լորենի կուրծքն հիշեցրեց, հետո սև նուրբ, ցանցկեն վարտիքը, որը ոտքի միջով անցկացնելիս կռացավ ու ես տեսա ավելին, քան միայն արտաքին բացվածքը կարող էր ցուցադրել: Այդ պահին ես նույնիսկ չզգացի աչքիս ու վարտիքով վարագուրված բացվածքների մեջտեղում լայն բացված բիբս սեղմող ցավը: Նա դեռ չուլկին էլ պիտի հագներ, ուստի նստեց աթոռին, արդեն դեմքով դեպի դուռը: Մորս մարմնի որոշ մասերի կիսաթափանցիկ խորհրդավորությունն ինձ ստիպեց շարժել երևակայությունս ու էլի ինչ-որ բաներ ինձ վրա, որն ստիպեց ինձ հեռու քաշվել դիտանցքից, քրտնախաշ գլուխս բռնել, ուժեղ սրտխփոցներս զսպելու համար ձեռքս դնել կրծքիս ու վեր ընկնել բազմոցին…Ես վատ էի զգում. պառկեցի: Մայրս արդեն հագնված դուրս եկավ ու զարմացավ, որ արդեն տանն եմ: Սա առաջին դեպքն էր, որն իմ դեռահաս մարմնի վրա եղած զգայական բազմաթիվ կոճակների տեղը ցույց տվեց, որի պատճառով ես երեք օր ջերմեցի:
Յուրաքանչյուր նամակի հաջորդում էր Կարենի խնդրագիրը՝ սա մեր մեջ մնա, հետո երկրորդում արդարացումը՝ դե նա բարոյական կին էր, ուղղակի շատ գեղեցիկ, կամ՝ Դուք կարծում եք, որ նա սայթաքած կլինի՞ և այլն… Ես ավելի քան վստահ նկարագրում էի այդ կնոջ հետագա քայլերն ու գործողությունները, ինչը զարմացնում էր Կարենին, որն ասում էր.
-Կարծես նրան ճանաչած լինեք, կարծես հենց մեր տանը ներկա լինեք այդ խոսակցությանը…Դա ինչպե՞ս իմացաք, ու շարունակում էր նոր դեպքեր պատմել, ուր ամեն անգամ կարծես ոչ թե բացեր, այլ երկու ձեռքով հետ տաներ այն փակագծերը, որտեղ ներսում, թվում է իր մոր պատմությունն էր, ոչ թե արգանդախոռոչում, այլ հենց ի՛ր, ուր դրսից մայրն հափռել ու դեպի իր մեջ էր ներքաշել որդուն՝ սեփական իգականության խորքերը: Շատ դեպքերում Կարենին թվում էր, թե իր պատմության դուռը դրսից է, սահմանազատված ճեղքով, այնինչ ներսից էր, ներծծված ու կուչ եկած, արդեն տարիքն առած, բայց դեռ ծնվելում անպատրաստ էմբրիոնային դիրքում:
-Դու պնդում ես, որ մայրս շատ տղամարդիկ է ունեցել, բայց ոչ, կար մեկը, որն օգնեց մորս տան վերանորոգման հարցում ու հետո նրան իր ճանկը գցեց: Գիտես, սկզբից ամաչում էի ասել, բայց ես մի օր տեսա իրենց, հենց մեր տանը: Շուտ էի վերադարձել դասից ու իմ բանալիով բացեցի դուռը: Զգացվում էր, որ տանը էլի մարդ կա: Այս անգամ ավելին կարող էի տեսնել, քան բանալու փոքրիկ անցքն էր, որովհետև դուռը կիսաբաց էր իսկ նրանք մահճակալին…Նրանց գործողությանը մինչև վերջ ես հետևում էի հայելու մեջ…Երբևէ չեմ ուեցել ավելի ծանր ապրում, քան այդ օրվա տեսարանն էր…Մայրս մեջքով էր, նստած նրա վրա, իսկ նա ճտտացնում էր նրա մերկ հետույքին ու հայհոյում…Այդ օրը ես նաև ինձ դավաճանված զգացի, հասկացա, թե ոնց եմ ուզում իմ մորը…Բայց չգիտես ինչու, թիկունքում մի շաբաթ ուժեղ ու ծակող ցավեր ունեցա…
Հաջորդ անգամներին ևս Կարենը ինտիմ տեսարաններ էր նկարագրում, օրինակ իր նկարչության ուսուցչի հետ, որի մոտ մայրն իրեն ուղեկցել էր: Ես զգում էի, որ ատում եմ այս կնոջը, ով կարող էր 15 տարեկան տղային թողնել նկարակալի դիմաց, իսկ նա ուսուցչի հետ փակվել մի սենյակում, որտեղ մի փոշոտ պատից բացի ուրիշ ոչ մի տեղ չկա կրքով կրակվելու տրամադրությամբ վարակվելու համար:
-Նայիր,-շարունակում է Կարենը,-այս լուսանկարները ես գտա մորս դարակում, նրա մահից հետո,-և ուղարկում է կիսամերկ նկարներ՝ սև զուգագուլպաների ու վարտիքի կրքոտ ընդմիջման արանքում ճերմակ ոտքեր, բաց հետույք, թավջութակյա մեջք, կանացի դիմագծերը քողարկող սև գանգուրներ, կուրծքը երկու բռի մեջ առած ու շրթունքի մի ծայրը կծող կնոջ կիսադեմ: Լուսանկարներ, ուր շեշտված էր սեքսուալությունը, սեռականությունը, ցանկասիրությունն ու գրգիռների փոխանցումը:
-Իսկ ի՞նչ գիտես, որ սա քո մայրն է, դեմքն այնքան էլ չի երևում:
-Գիտեմ…ես նրա մարմնի ամեն մի մասը տեսել եմ…ես մոլուցք ունեի, արդեն հետևում էի նրան բաղնիքում, իր սենյակում, ամենուր, ուր հնարավոր էր, որ նա մերկ լիներ…Ես վառվում էի նրա մերկությունը տեսնելու փափագից, ես չէի կշտանում՝ հասկանու՞մ ես…Ուզում էի շոշափել…
-Լավ, իսկ ի՞նչ գիտես, որ հենց էն հիմարն է նրան լուսանկարել…
-Գիտեմ, դե նա նաև լուսանկարիչ էր ու հենց նա ինձ փոխանցեց այդ արվեստի գաղտնիքները…ես լսեցի, որ մորս կողքի տարավ ու համոզեց գալ լուսանկարնվելու անկեղծ տեսարաններով…
-Դե իսկ մայրդ երևի ասում էր՝ թե ես ամուսին ունեմ, չէ՞:
-Վայ, կարծես էնտեղ կանգնած լինեիր, ի՞նչ գիտես:
-Դե գիտեմ, էլի,-էմոցիաներս զսպելով ասում եմ նրան: Հո չե՞մ ասելու՝ անգիր գիտեմ նման կանանց վարքը, բայց այսքան անփու՞յթ… Ոնց կխեղդեի մորդ…Իսկ Կարենը դեռ իր սեփական ֆիլմն է հետ պտտում, զգում եմ, որ ուզում է պատմել ու մանրամասնել: Սա հերթական նոպան է, որ էս ամիս իր արտահայտությունն է գտել այս եղկելի պատմության մեջ: Կարենն ուղղակի ուզում է ազատվել դրանից:
-Ինչու՞ այդ մասին որևէ քանդակ չես անում, թեկուզ լուսանկարների շարք,-հարցնում եմ,- տուր արվեստին ու ազատվիր այդ պատմությունից…
-Ինչպե՞ս քանդակեմ. քանդակե՞մ, որ մոլբերտիս առջևից ելա ու դռան ճեղքից նկատեցի, թե ինչպես էր իմ ուսուցիչը պատին հենել մորս…Մայրս շփոթված էր, հասկանո՞ւմ ես, նա չէր սպասում…Միգուցե ձայն չէր հանում, որովհետև ես կարող էի լսել…
-Չէ՞ր սպասում,-ինձ թվաց արդեն կռվում եմ,-դե արի գրազ գանք, որ նա այդ օրը շքեղ զուգագուլպա էր հագել, հեշտորեն հանելուն հարմար կիսաշրջազգեստ…
-Հա, հա…թեև ձմեռ էր…հա ճիշտ ես, ոնց էլ իմացար…
-Իմանա՞լ…մայրդ կարծես հենց հիմա իմ դիմաց կանգնած լինի…
-Ու էդպես…երբ մորս ոտքերն իջեցրեց, հասկացա, որ պիտի շուտ տեղս նստեմ…Վրձինս դողում էր, ես դեռ կուժը չէի նկարել ու հիմա էլ հաստատ չէի կարողանալու ավարտին հասցնել, անկապ լվանում էի վրձինս ու նյարդային թափահարում հատակին: Երբ սենյակից դուրս եկան, նկատեցի, որ մորս աչքերը կարմրած են, ու հետո էլ ողջ ճանապարհին, մեքենայի մեջ հետս ոչ մի բառ չփոխանակեց, շատ տխուր էր…Դու վերջում ջնջում ես չէ՞ մեր նամակները:
-Անհոգ մնա,-ասացի,-բայց մի օր կգրեմ էս պատմությունը:
-Գրիր,-ասաց,-ես չեմ համարձակվում, գոնե դու գրիր:
Շատ հանգիստ ասաց, որովհետև իրեն թվում էր, թե ես եղածը պետք է շարադրեմ իր պատկերացման պրիզմայով՝ գեղեցիկ կին, պատանի, որ սիրում է մորը, բայց գիտե, որ դա մեղք է, տղամարդիկ, որ քաղցած գայլերի պես պտտվում են այդ ,,անմեղ,, կնոջ շուրջ, չունենալով մեղքի զգացում: Իսկ ես գուցե էս ողջ դրամայի մեջ գրեմ էն կուժի մասին, որի չնկարված կեսի մեջ էր դեռահասի ճակատագիրը, նրա կյանքի սցենարը, երջանկությանը խոչընդոտող բարդույթները, կանանց հանդեպ վերաբերմունքն ու միայնակությունը, որը վանելու էր նկարված սեփական կեսին ու երբեք չէր ուզելու ամբողջանալ: Ես կգրեմ այդքան խնամված մարմնակնոջ մասին, որն այդքան անխնամ կարող էր իրեն պահել որդու կյանքի մեջ, որը չէր նկատում կուժի կիսատության վրա չնկարված ճաքը ու գետին ցփնված ջրի կիսագույն կաթիլքի իզուրությունը: Ու նման կնոջը հայրս կարո՞ղ էր նկատել…Հավատացնում եմ, այս պահին իմ մեջ որդիական խանդը չի խոսում. թող հայրս կենակցեր նրա հետ, եթե դա լրացնելու էր ուրիշի ամուսնու բացը ու երբեք դրանով կիսատ չէր մնալու երեխայի կուժը թղթի վրա:
-Իսկ դու ինչ ես կարծում հայրս եղե՞լ է մորդ հետ:
-Մի օր եկել էր մեր տուն, միգուցե և հենց այդ նպատակով…Մայրս ինչ-որ խնդրանքով էր դիմել, նստեցին սեղանի շուրջ, խոսեցին, իմացավ, թե ով է նրա ամուսինն ու ծանոթներ էին՝ պարզեց…Հայրդ լուռ ելավ, ձեռքի փաթեթը դրեց սեղանին ու գնաց:
-Ապրի իմ հայրը: Կան որոշակի չափանիշներ, որ պետք չէ խախտել: Ճիշտ է երկուսն էլ այսօր չկան, բայց ես կարծես այս պահին պարզերես եմ քո դիմաց:
-Ու գիտե՞ս ինչ ասաց գնալիս՝ վրադ շոր գցի, երեխեն էլ տունն է…մամաս մի խալաթ ուներ, որ երկու չափսով փոքր էր հագին՝ ծնկից շատ վերև ու շատ կիպ, դա էր հագել:
-Դա հեշտ կլիներ հանելը…չէ ավելի հարգեցի հորս…հա, դա նրա խոսքն է՝ շոր գցի վրադ…
Անցնում էին ամիսներ ու ամեն նամակի մեջ նա նշում էր, թե կուզենա ինձ հանդիպել, հարցեր տալ մորից հետո կանանց չսիրելու, բացի նրանից ուրիշի չցանկանալու մասին…օր ու ժամ էր նշանակում, ու մեկ օր առաջ հրաժարվում՝ չեմ կարող, անսպասելի գործեր եղան, հիշիր, որ քեզ նուրբ եմ սիրում…Ամեն ամիս…Նարցիսի սերն էս կյանքում ամենաշատն է արժանի թերահավատության: Վիրտուալ կյանքի լավն էլ այն է, որ շփման այս կողմից կարող ես ազատ քմծիծաղել, մյուս կողմը չի վիրավորվի, եթե դա բառերով չարտահայտես, իսկ երկիմաստ ժպտացող էմոջին մեկնաբանելն էլ արդեն թող մնա իր հասկացողությանը:
Կարենի նոպայաձև պարպումները նման էին կանանց ամսական ցիկլին՝ էլի գրում էր ամիսը մեկ անգամ, նկարագրում մոր որևէ մարմնամասը, ծնկի ծալը, կրծքի խալը, որոնք իր համար բացահայտել էր բանալու անցքը, դռան ճեղքը, հայելու անդրադարձը ու բոլոր այն մեծ ու փոքր դիտաբացվածքները որոնք ընկած էին սեփական աչքի ու աշխարհի արանքում: Վերջում էլի սեանսի համար օր էր նշանակում՝ լա՛վ, կհանդիպենք ուրբաթ, ժամը երեքին, կարևոր հարց ունեմ քեզ: Իմ քմծիծաղն իրեն երբեք էլ հասու չէր լինում: Բայց մի օր չդիմացա ու գրեցի.
-Մի՛ ժամադրիր, միևնույն է չես գալու, դու չես կարող ինձ հետ հանդիպել բաց տարածության մեջ ու երկու աչքով, դու էս աշխարհին սովոր ես նայել ճեղքերի արանքից ու թաքուն, դրա համար էսպես վիրտուալ ծիկրակելը քեզ շատ հարմար է ու գիտե՞ս ինչ, քո մասնագիտությունն էլ հենց մայրդ է ձևավորել, դու լուսանկարիչ դարձար, որովհետև օբյեկտիվն է քեզ համար միակ ամենագեղագիտական անցքը էս աշխարհին հայացք գցելու համար: Իզուր էլ ժամադրում ես ինձ, ես չեմ սպասում, որ դու կգաս…
Ու գիտե՞ք ինչ պատասխանեց նա ինձ.
-Երևում է, որ սիրահարված ես ինձ, ուղղակի ինձ հարմար չէ հանդիպելը…Այսինքն ինչո՞ւ եմ զարմանում՝ շատ կանայք են սիրահարված ինձ…
-Վրադ շոր գցի հա՞…
