(հատված վեպից)
թարգմ․գերմաներենից՝ Մարիամ Գուրզադյանի
Ամառային արձակուրդները քլորի համ ունեին։ Լողավազանում վաճառվող ֆրիի ու շոկոլադա-անանուխային պաղպաղակի համ ունեին։ Բայց միայն այն ժամանակ, երբ արև էր։ Երբ անձրև էր, ոչ մի բանի համ էլ չունեին։ Բրեմեն-Նորդում հիմնականում անձրև էր գալիս, բայց Կառլոտան, միևնույնն է, հիշում էր միայն արևոտ օրերը, հիշում էր երեսուներկու աստիճանի հասնող շոգն առանց մաղող անձրևի։ Նա ատամի մածուկը թքեց լվացարանի մեջ՝ հիշելով այն օղակի մասին, որն ավազանի ամենախորքից երևի մի 500 անգամ որսացել էր, առանց լողի ակնոցի։ Հիշեց Մուրատին, ով իրեն հրել-գցել էր ջուրը, հետո հարցրել, թե արդյոք կուզենա հետն ընկերություն անել։ Կատակով, իհարկե։ Հիշեց ինքն իրեն, որ գոռացել էր. «Քեզ հետ՝ երբեք»։ Լուրջ, իհարկե։ Լողավազանի հերթապահի մասին հիշեց, որ գոռացել էր Մուրատի վրա, շատ ավելի բարձր էր գոռացել, քան մյուսների վրա. «Չցատկե՛ս լողավազանի եզրից, թե չէ դուրս կթռնես»։ Իրենց երկուսի մասին էլ, որ թաքուն ծիծաղել էին նրա վրա։ Նա քսուքը տարածեց այտերին, ու այնպիսի տպավորություն ուներ, ասես մաշկը ձգված լիներ մինչև անվերջություն, աչքերն էլ՝ ջրից կարմրած։ Օր չկար առանց պաղպաղակի: Մոր հետ նստում էին պատշգամբում ու գդալներով գործի անցնում։ Շոկոլադա-անանուխային համով պաղպաղակը, իհարկե, իրենն էր։ Իսկ մայրը բալի համովն էր նախընտրում։ Այդ պահերին իրեն թվում էր, թե արձակուրդները երբեք չեն վերջանալու։ Բայց վերջացան։ Ընդ որում՝ հենց այդ առավոտյան։ Այսօր կրկին սկսվում էին դասերն ու Կառլոտան փոխադրվել էր հինգերորդ դասարան։
Առավոտյան յոթն էր, նա կանգնած էր լոգասենյակում։ Հայելու միջից իրեն մի աղջիկ էր նայում, որն օտար էր իրեն։ Մազերն իբրև թե մուգ կարմիր էին, ինչպես մայրն էր համարում։ Ինքը կարծում էր, որ շագանակագույն են, համենայն դեպս`արևի լույսի տակ ու մի փոքր երևակայության պարագայում։ Նա սկսեց մազերի փնջերը այս ու այն կողմ ձգել։ Երկու օր առաջ կյանքում առաջին անգամ վարսահարդարի մոտ էր եղել։ Միայնակ զբոսնել էր հետիոտնային արահետով[1], ուղղվել էր դեպի վարսահարդարման երեք սրահներից մեկը, գուցե զուտ այն պատճառով, որ իր ճանապարհին այն թվով երկրորդն էր՝ մեջտեղինը: Հավանաբար առաջնորդվել էր «ոսկե միջին» կամ «միջինը ոսկի է» տրամաբանությամբ, ինչպես հայրն էր հաճախ ասում։ Կառլոտան թեթևակի դիպել էր սրահի դռանը, այն իսկույն բացվել էր, ու կանացի մի զույգ ստվերաներկած աչքեր բռնել էին իր հայացքը։ Դռան շեմին Կառլոտան մի պահ կանգ էր առել՝ հասկանալով, որ գաղափար անգամ չուներ, թե ինչ սանրվածք էր ուզում, հա՛, նույնիսկ չգիտեր, թե առհասարակ ինչ սանրվածքներ գոյություն ունեին։ Նա մազերը երբեք հատուկ ձևով կտրած չկար, դրանք պարզապես միշտ երկար էին եղել, սուր-սուր ծայրերով, որոնք միշտ մայրն էր կտրել՝ երբեմն շատ, երբեմն՝ ավելի քիչ։ Հիմնականում՝ ավելի քիչ, այնպես, որ վերջին շրջանում արդեն գոտկատեղին էին հասնում։ Այսօր մազերի հետ կարող էր անել, ինչ ուզենար։ Վատն այն էր, որ գաղափար չուներ, թե ինչ է ուզում։ Մտածել էր հետ դառնալ, բայց վարսահարդարը՝ բարձրակրունկները կտկտացնելով մոտեցել էր իրեն, ոսկյա մեծ մատանիով մատը պահել էր բազկաթոռներից մեկի ուղղությամբ ու ասել. «Դե ինչ, օրիո՛րդ, տեղավորվե՛ք, խնդրում եմ»։ Կառլոտան նստել էր, իսկ վարսահարդարը մի թիկնոց էր գցել ուսերին ու կանանց գլուխների նկարներով ամսագիր էր տվել ձեռքը: Նկարներում կանայք վառ կարմիր, արծաթագույն, շագանակագույն մազեր ունեին։ Ոմանց մազերն ալիքներով թափված էին ուսերին, մյուսներինը ուղիղ հարդարված էին կամ գանգրեցված։ Կառլոտան ամեն էջի վրա կանգ էր առել, փորձելով այդ կանանց գլուխների փոխարեն, իր դեմքը պատկերացնել։ Նման մի դրվագ էր հիշում գործակալների մասին այն ֆիլմերից, որ Նիսան երբեմն թաքուն միացնում էր, երբ նստած էին լինում Կառլոտայի տատիկի բազմոցին, իսկ հեռուստացույցով ոչ մեկի չհետաքրքրող սերիալներ էին ցուցադրում: Ու թեև Կառլոտան սկսել էր պատկերացնել, թե որ տարբերակներից կարելի է ընտրել, նա, միևնույնն է, դեռ չէր կողմնորոշվում, թե որ սանրվածքն էր ուզում ընտրել։ Այնպիսի տպավորություն էր, ասես իր սիրելի պաղպաղակի խանութի ցուցասեղանի դիմաց էր կանգնած ու կարող էր ընդամենը մեկ գունդ ընտրել՝ իր կյանքում ամենավերջինը։ Միայն թե շոկոլադա-անանուխայինը վերջացել էր, իսկ ինքը երբևէ ուրիշ համի պաղպաղակ չէր փորձել, թեև տեղյակ էր, որ դրանք լինում են աղի ու դառը, շատ քաղցր կամ էլ քացախանման թթու համերի։ Նաև գիտակցում էր, որ հարցը պաղպաղակի նման չնչին խնդրի չէր վերաբերում, այլ իր ապագային։ Վարսահարդարն այդ ընթացքում թիկնոցն էլ ավելի ձիգ էր կապել ու կկոցած աչքերով իրեն էր նայում։ Ինչ-որ պահի, երբ սպասելը վերածվել էր ոտքի տպտպոցի, Կառլոտան վերջապես մի նկար էր մատնացույց արել՝ հուսալով, որ իրեն ամենաշատը հենց դա էր դուր եկել։ «Սանրվածք «բոբ», հրաշալի՜ ընտրություն», – բացականչել էր վարսահարդարը՝ բազկաթոռը լվացարանի մոտ գլորելով։
Լոգասենյակի իր հայելու մեջ Կառլոտան ոչ թե «բոբ» էր տեսնում, այլ մի բան, որն իրեն քրքրված հատակմաքրիչ էր հիշեցնում։ Մազերի հարդարված շերտերը, որ ամսագրի նկարում գեղեցիկ ալիքներով ծածկում էին մոդելի ականջները, իր գլխի վրա ցցվել էին բոլոր հնարավոր ուղղություններով։ «Բան չկա»,- մտածեց նա ու ժպտաց իր արտացոլանքին։ Ի վերջո նա ուներ իր սիրելի նորաձև կոմբինեզոնն ու մանուշակագույն «Eastpack» ուսապարկը, որ իր տասնամյակին էր նվեր ստացել։ Մի քանի օր առաջ նա փոխել էր դելֆիններով իր հին պայուսակը այս մեկով՝ վրան ամրացնելով Backstreet Boys խմբի նկարով բանալիների կախիչը։ Բայց ամենակարևորն այն էր, որ իր կյանքում Նիսա կար։ Իր զարմուհու հետ լինելը նման էր զվարճանքների այգում ժամանակ անցկացնելուն։ Երբեք չգիտեիր, թե ինչ կարող է պատահել, բայց մի բան հաստատ էր՝ հետաքրքիր էր լինելու։ Օրինակ՝ մի անգամ նախաճաշին, երբ Նիսան վարսակի փաթիլների մեջ թաքուն շաքարավազ էր լցրել կամ էլ մի քանի շաբաթ առաջ՝ հետմիջօրեին, երբ թաքնվել էր վարագույրի հետևում՝ փողոցի անցուդարձին հետևելու։ Նիսան առաջարկել էր հավաքել փողոցում թափված շագանակներն ու պատուհանից նշան բռնել անցնող մեքենաների վրա։ Նրանք միայն մեկ անգամ էին նշանակետին դիպել, ու դրանից հետո խաղն ավարտվել էր։ Վարորդը մեքենան կագնեցրել էր մայթեզրին ու սկսել էր Նիսայենց մուտքի դուռը ջարդել, մինչև որ քեռի Իսմայիլն այն բացել էր: Վարորդը գոռգոռացել էր նրա վրա, ասելով, թե լավ կաներ իր խափշիկ երեխաների սանձերը քաշեր՝ թե չէ վատ կլիներ։ Թե ինչ էր պատասխանել քեռի Իսմայիլը, Կառլոտան այլևս չէր ընկալել, քանի որ նրա խոսքերը տարրալուծվել էին մորաքույր Մարթայի գոռգոռոցի մեջ, որ փոթորկի նման թափվել էր աղջիկների գլխին։ Բայց դա Կառլոտային չէր հուզել, քանի որ մտքերի իր գզրոցում բազմերանգ լույսեր արձակող մի հիշողություն էր ավելացել։
Ամեն երեկո՝ անկողնում պառկած, Կառլոտան մտքում պատկերում էր այդ մեծ ու ծանր, մուգ փայտե գզրոցը։ Օրվա ամեն ակնթարթ նա դասդասում էր գզրոցի տարբեր անկյուններում։ Կային բազմերանգ հիշողություններ, ինչպես, օրինակ, մոր հետ կենտրոնում գնումներ անելը, որից առաջ իրեն բացառության կարգով թույլ էին տվել Բուրգեր Քինգում մայոնեզով ֆրի պատվիրել։ Կային սև ու չարագույժ հիշողություններ, ինչպես այն օրը, երբ իր մեծ քեռի Վարդանը հիվանդանոց էր ընկել ու այլևս այնտեղից չէր վերադարձել։
Հիշողությունների մեծ մասն աղոտ էր, ինչպես, օրինակ, ատամներ լվանալը կամ մանկաբույժի սենյակում սպասելը, ու Կառլոտան դրանք նորից արագ մոռանում էր։ Մյուս հիշողություններից էլ մեկ-երկուսը գզրոցից պարբերաբար անհետանում էին։ Նման բան նկատելիս Կառլոտան զայրանում էր, անգամ եթե դրանք մռայլ հիշողություններ էին։ Դա էր պատճառը, որ հաճախ շուտ էր պառկում քնելու։ Նրան ժամանակ էր պետք՝ նորից իր հիշողություններն ի մի բերելու համար, որպեսզի ստուգեր՝ հո կարևորներից որևէ մեկը չէ՞ր անհետացել։ Նիսայի հետ անցկացրած պահերը հատկապես արագ էին վերականգնվում, քանի որ Նիսայի հետ կապված հիշողությունները շատ վառ էին։ Իր գզրոցում դրանք այնքան շատ էին, որ Կառլոտան այլևս կորցրել էր հաշիվը։ Շաբաթն առնվազն մեկ անգամ պայմանավորվում էր զարմուհու հետ, որ շաբաթավերջին գիշերեն իրենցից մեկի տանը։ Իսկ այսօրվանից նա Նիսային ամեն օր էր տեսնելու, քանի որ Կառլոտան ավարտել էր տարրական դպրոցը, իսկ Նիսան մնացել էր նույն դասարանում։ Մոտակա տարիներին նրանք մի դասարանից էին լինելու։ Ինքն ու Նիսան իրար կողքի կնստեին։ Ու այդ դեպքում միևնույնն էր, թե ինքը ինչ կոմբինեզոն էր հագել, ուսապարկը նո՞ր էր, թե՞ հին, սանրվածքը «բո՞բ» էր, թե՞ հատակմաքրիչ էր հիշեցնում։ Նիսան իր ճանաչած ամենախիզախ ու ամենաուրախ աղջիկն էր։ Երբ Կառլոտան նրա հետ լիներ, իրեն ոչ ոք չէր նեղացնի։ Դասամիջոցին նրանք երկուսով իրենց սեփական կանոնները կսահմանեին, թքած, թե ուրիշներն ինչ կմտածեին։ Կառլոտան մի վերջին հայացք գցեց հայելու մեջ իր դեմքին. այն ժպտում էր։ Հետո շտապեց դեպի աստիճանները, որտեղ մայրն իրեն էր սպասում՝ ձեռքին տարեկանի հացի երկու կտոր, հալած պանրով ու վարունգով։
Դպրոցը հենց կողքն էր, դեպի հետիոտնային ուղի տանող անկյան մոտ։ Հին շինություն էր, պատերն էլ այնքան բարձր էին, որ նույնիսկ քայլերիդ արձագանքն էիր լսում միջանցքներում։ Առաստաղին ձևավոր սվաղ կար, իսկ պատուհանների տակ շագանակենիների ճյուղերն էին ծածանվում։ Կառլոտան երբևէ ոտք չէր դրել այդքան երկար միջանցքներով ու լայն աստիճաններով շենք։ Այստեղ չէիր էլ նկատի, որ պատերի պաստառները անկյուններում պատռված էին, իսկ առաստաղի վրա շագանակագույն լաքաներ կային։ Հանդիսասրահում նա նստած էր մոր, Նիսայի ուՄարթա մորաքրոջ կողքին։ Քեռի Իսմայիլը չէր կարողացել գալ, քանի որ հերթական անգամ իր բեռնատարով ճանապարհներին էր։ Կառլոտայի հայրը կարող էր գալ, բայց չէր եկել։ Այն օրվանից, ինչ երկու տարի առաջ նրանք տեղավորել էին իրենց բոլոր իրերն արկղերի մեջ ու Կառլոտան մոր հետ տեղափոխվել էր ավելի փոքր բնակարան, ծնողներն այլևս գրեթե չէին հաղորդակցվում։ Լավագույն դեպքում սահմանափակվում էին «Այսօր կվերցնե՞ս Կառլոտային» կամ «Սպասում ենք քեզ» կարգի կարճ նախադասություններով։ Փոխարենը հայրը նրան դպրոցից հետո կվերցներ։ Նրանք միասին կգնային նավահանգստից ոչ հեռու աշխատող հույնի մոտ, ու Կառլոտան բրնձով ու առանց բանջարեղենի ֆրի կպատվիրեր։ Հետո հորը կպատմեր օրվա անցուդարձից ու համադասարանցիների հետ իր հարաբերություններից։ Դասերի մասին ոչինչ չէին խոսի։ Եթե հայրը հարցներ, Կառլոտան կպատասխաներ՝ «Ամեն ինչ ընտիր է»։ Երկու տարի առաջ պատահածից հետո նա հատուկ զգուշավորությամբ էր հորը պատմում դպրոցի մասին։ Երկրորդ դասարանում էր սովորում այն ժամանակ։ Մի երեքշաբթի, դպրոցից հետո, հյուրասենյակի սեղանի մոտ նստած տնային աշխատանքներն էր անում։ Գերմաներենի տետրի մեջ ձեռագիր փոքրատառ l-ն էր նկարում։ Ու կապ չուներ, թե Կառլոտան որքան ուշադիր էր գիծը քաշում, ամեն անգամ գրիչն իր ձեռքում սահում էր, ու l-ն թղթի վրա վերածվում էր ծուռտիկ խոտ կամ լղոզված մարդուկ հիշեցնող պատկերի։ Ականջներում հնչում էր տիկին Շլիխտինգի ձայնը. «Կառլո՛տա, չափազանց անփույթ ես, տե՛ս՝ Հելենեի մոտ ինչ լավ է ստացվում»։ Շիկահեր պոչիկով Հելենեի գրչատուփի մեջ նույնիսկ ֆլոմաստերներն ըստ գույների էին դասավորած։ Հենց այն պահին, երբ մատիտի ծայրը նորից թղթին էր դրել, հայրն էր անցել կողքով. «Տնայիննե՞րն ես անում, անո՛ւշս»։ Ինքը տետրը դեմ էր տվել հորը՝ հարցնելով՝ կարո՞ղ էր արդյոք իրեն օգնել։ Հայրը ծնկի էր իջել իր կողքին՝ սեղանի մոտ, մատիտը ցուցամատի ու բութ մատի արանքում սեղմել ու գիծ գծել։ «Չէ՜, պա՛պ, սա տպատառ է»։ Հայրը նայել էր նրան խոժոռած ունքերով, իսկ ինքը հարցրել էր՝ «Դու ձեռագիր չգիտե՞ս, պա՛պ»։ Այդ ժամանակ հայրը վեր էր թռել տեղից ու բարձր «ա՜խ» քաշելով դուրս վազել։ Ամբողջ օրվա ընթացքում Կառլոտային այդպես էլ չէր հաջողվել «l» տառը գրել տետրի մեջ։ Երեկոյան՝ «Բարի գիշեր» հաղորդման հեքիաթի ժամանակ, նա հարցրել էր մորը, թե ինչն էր սխալ արել։ «Հայրիկդ երբեմն մի քիչ տարօրինակ է, դա քեզ հետ կապ չունի», – հանգստացրել էր նրան մայրը։ Հետագայում Կառլոտան այդ հիշողությունը քշել էր մտքերի իր գզրոցի հեռավոր ու մութ անկյուններից մեկը, ուր հասնելն այնքան էլ հեշտ չէր։
«Կառլոտա Բլումե, 5գ»։ Մի ձայն նրան վերադարձրեց հանդիսասրահ։ Տնօրենն էր, որ կանգնած էր բեմի վրա ու թվարկում էր նոր աշակերտների անունները։ Նրա կողքին ուսուցիչներն էին ՝ ձեռքներին ցուցանակներ. «5ա, 5բ, 5գ»։ Կառլոտան վեր թռավ տեղից ու նստարանների միջով մոտեցավ անհարթ մորուքով մարդուն, ում ձեռքի ցուցանակին «գ» էր գրված։ Հաջորդ րոպեներին նա լարված ականջ էր դնում, մինչև վերջապես լսեց այն, ինչին սպասում էր. «Նիիիզաա…», – հնչեց բարձրախոսի միջից, սակայն ոչ թե սուր ս-ով, այլ փափուկ զ-ով, ինչպես «նիզակ» բառում։ «Նիզաա … զզզաա…»։ Ձայնն ընդհատվեց։ Կառլոտան նայեց զարմուհուն։ Նիսան հիմա հաստատ սկսելու էր ծիծաղել, բայց հանկարծ նրա աչքերում իրեն անծանոթ մի արտահայտություն նկատեց։ Եթե դա Նիսան չլիներ, ապա հայացքը կարող էր և անվստահություն նշանակել։ «Նիզա Սահին»։ Հիմա էլ Նիսայի ազգանվան շ-ն էր պակասում։ Նրա դեմքի այդ արտասովոր արտահայտությունն այդպես էլ մնաց։ «Գնա՛, երևի քեզ նկատի ունեն»։ Մարթա մորաքույրը Նիսային պոկեց նստարանից, ու միայն այդ ժամանակ նա մոտեցավ «գ» տառով ցուցանակին, որի մոտ արդեն Կառլոտան էր սպասում։
Նիսայի անունը միակը չէր, որն արտաբերելիս դպրոցի տնօրենը սխալվեց։ Ցուցակի գրեթե ամեն երկրորդ անուն սխալ էր հնչում։ Դրանց թվում էին Լուկա Բիանչիի, Հյուլյա Գենչի, Միխայիլ Իվանովի, Էմրե Օյցթյուրքի, Օլգա Խմիլևսկու, Մուրատ Թոսունի (նա, ով Կառլոտային լողավազանում ամբողջ ամառ նյարդայնացրել էր), Հասան Դեդեի անունները։ Երբ տնօրենը կարդաց բոլորի անունները, Կառլոտայի կողքին երեսունմեկ երեխա էր կանգնած, ու նրանցից տասնինն այնպիսի անուններ ունեին, որոնք հնչեցնելիս տնօրենը սկսում էր կմկմալ։ «Լռությո՛ւն, խնդրում եմ»։ Անհարթ մորուքով մարդը ներկայացավ որպես պարոն Բերգման։ Նա իրենց աստիճաններով ուղեկցեց երկրորդ հարկ՝ դեպի իրենց նոր դասասենյակը։ Դռան առջև նա գրպանից մի թուղթ հանեց ու մի անգամ էլ կարդաց բոլորի անունները, այս անգամ՝ հասցեներն էլ հետը։ Հասցեներից մեկը կրկնվում էր՝ Բիդոլեկշտրասե 2, Բիդոլեկշտրասե 5, Բիդոլեկշտրասե 6 և 8։ «Փաստորեն բոլորդ Գրոհներ Դյունե[2]-ում եք ապրում, հա՞», – հարցրեց պարոն Բերգմանը։ Յոթ երեխա գլխով արեց։
Կառլոտան մտածեց, որ այդ անունը շատ սազական է տեղանքին։ Բնակելի շենքերը արհեստական պատնեշի նման վեր էին խոյանում կայարանի շենքի ու նավահանգստի վրա ու պաշտպանում դրանք քաղաքից քամու բերած ամեն ինչից։ «Լավ էլ մեծ խումբ ենք նորից ստացել ձեր կողմերից», – ասաց պարոն Բերգմանը։ Նա խնդմնդաց, սակայն տոնը Կառլոտային լողավազանի հերթապահին հիշեցրեց, երբ վերջինս գոռացել էր Մուրատի վրա։
Երբ երեխաները տեղավորվեցին շրջանաձև շարված պլաստմասե աթոռներին, Կառլոտան սկսեց իր նոր համադասարանցիներին ուսումնասիրել։ Աղջիկներից մեկն իր նախկին դպրոցի Հելենեին էր նման՝ դեպի հետ, ձիգ կապած իր հյուսերով ու ուսապարկով, որի վրա «Դիդլ» մկներ էին պատկերված։ Գրոհներ Դյունեի բոլոր երեխաները միանման էին հագնված ու սանրված։ Տղաները գելի հաստ շերտ քսած կարճ մազերով էին։ Աղջիկների մազերը երկար էին, մի քանիսինը՝ նաև փայլուն։ Կառլոտան դասարանում միակ կարճ մազերով աղջիկն էր։ Ոչ մի երեխա կոմբինեզոնով չէր, հիմնականում կիսաշրջազգեստներով էին կամ ջինսով։ Ու նրանցից ոչ մեկի ուսապարկից Backstreet Boys-ի նկարով կախիչ չէր ճոճվում։ Կառլոտան զգաց, թե ինչպես հատակը, որ մինչ այդ ոտքերի տակ բավականին ամուր էր, սկսեց երերալ։
«Դե, եկեք պարզենք, թե մոտակա տարիներին ում հետ ենք գործ ունենալու», – ասաց պարոն Բերգմանն ու նորից ծիծաղեց։ Երեխաները պետք է արձակուրդներից պատմեին. «Այն ժամանակի մասին, որին հասնելու համար դեռ մեկ տարի պետք է ջանք թափեք»։ Կառլոտան զգաց, թե ինչպես հատակն իր ոտքերի տակ կրկին պնդացավ։ Առաջադրանքը բարդ չէր, նա պետք է պարզապես պատմեր այն, ինչի մասին մտածել էր առավոտյան հայելու առջև։ Լողավազանը, արևը, պաղպաղակի կրպակը։ Պարոն Բերգմանը ձեռքը պարզեց դեպի Էմրեն. Բիդոլեկշտրասե 2։ «Ես տանն էի՝ Թուրքիայում»։ Էմրեն պատմեց, թե ինչպես էր քույրերի հետ օդանավ բարձրացել։ «Օդանավի անունն էլ Պեգասուս էր, ինչպես ձիունը»։ Նա ձեռքերով թռիչք հիշեցնող շարժումներ արեց։ «Մինչև Անթալիա, մի շնչով»։ Միշան՝ Բիդոլեկշտրասե 5, ասաց, որ ինքն էլ է տանը եղել։ Այդ նպատակով նրան երկու օր շուտ էին արձակուրդ տվել։ Ծնողները բեռնել էին մեքենան հագուստով, քաղաքների քարտեզներով ու մի շիշ օղիով։ «Տատիկիս համար», – ասաց Միշան։ «Նա ամառանոցում ամեն երեկո երեք բաժակ գցում է»։ Անջելոն պատմեց զարմիկների հետ Նապոլիի ափին ֆուտբոլ խաղալու մասին։ «Ոսկյա ավազ էր, է՜»։ Կենանը Ալբանիայի սարերի գագաթները հիշեց, Դոմինիկան՝ Լեհաստանը, իր մորաքրոջ այգու խնձորենիներն ու պելմենները։ Նիսան բոլորից երկար խոսեց։ Նա, քեռի Իսմայիլն ու Մարթա մորաքույրը Ստամբուլ էին մեկնել։ Առաջին շաբաթն անցկացրել էին իր բաբա Աննեի մոտ։ «Նա այնքան շատ ուտելիք է պատրաստում, որ մարդ վատանում է»։ Այնուհետև նրանք երեքով նավ էին նստել և ուղևորվել Բույուկադա։ Դա մի իշխանի անունով կղզի է՝ Բոսֆորում, որտեղ միայն կառքերով կարելի է երթևեկել։ «Սարսափելի գարշահոտ է տարածված, է՜, բայց դու քեզ թագուհի ես զգում»։ Ի վերջո նրա ծնողները նորից հետ էին վերադարձել, իսկ Նիսային թույլ էին տվել դեռ մի երեք շաբաթ էլ մնալ Ստամբուլում։
Կառլոտային ծանոթ էին այդ պատմությունները։ Նիսան իրեն ամեն տարի, ամառային արձակուրդներից հետո, պատմում էր ոսկեգույն գլխարկներով տղամարդկանց մասին, որոնք առևտրային պասաժներում պաղպաղակ էին լցնում, շուկայի առևտրականների մասին, որոնք գոռալով էին խոսում զբոսաշրջիկների հետ ու երեխաներին պիստակ էին նվիրում, ու աղի համով ծովի մասին, որն ավելի փիրուզագույն էր, քան լողավազանի ջուրը։ «Մի օր դու էլ պիտի հետս գաս», – ասում էր Նիսան ամեն անգամ, – «այդ ժամանակ ես քեզ իմ Ստամբուլը ցույց կտամ»։ Ու ամեն անգամ Կառլոտան գլխով էր անում։ Երեկոյան՝ անկողնում պառկած, ինքն իրեն հարց էր տալիս, թե ինչու այն նաև իր Ստամբուլը չէր։ Ի վերջո, իր հայրն էլ էր Ստամբուլում ծնվել, ինչպես քեռի Իսմայիլը։ Բայց իրենք ամառային արձակուրդներին երբեք Թուրքիա չէին մեկնում։ Հայրն իր հետ թուրքերեն չէր խոսում։ Երբ կիրակի օրերին տատիկի տանն էին լինում, Կառլոտան միակն էր, որ հետևում էր հեռուստասերիալներին, մինչդեռ մյուսները, ներառյալ Նիսան, թուրքերեն նախադասություններ էին փոխանակում։ Այդ բառերը սեպի պես մխրճվել էին իր ու իր ընտանիքի մյուս անդամների միջև։
Այդ օրը դպրոցում Կառլոտան գլխով չէր անում, փոխարենը փորձում էր գլխում իր հիշողություններից պատկերներ պեղել։ Նախկինում իրենք էլ մի անգամ արձակուրդին Հունաստան էին մեկնել։ Այն ժամանակ դեռ ողջ ընտանիքով ավելի մեծ բնակարանում էին ապրում ու փողի կարիքն այնքան էլ չէր զգացվում: Իսկ հիմա հայրը երբեմն մոռանում էր ալիմենտը վճարել։ Հունաստանում իրենք ամեն երեկո զբոսնում էին, հայրն իրեն ուսերին դրած ման էր տալիս սպիտակ ավազով ափի երկայնքով ու փոքր քարեր նետում ջուրն այնպես, որ դրանք մակերեսին ցատկոտեին։ Ռեստորանում ահռելի քանակի ուտելիք էր պատվիրում ու ստիպված էր լինում հետո դրա մեծ մասը մենակ ուտել։ Կառլոտան միայն բրինձ ու ֆրի էր ուզում, առանց բանջարեղենի, իսկ մայրը՝ աղցան։
Այդ արձակուրդից մի երեկո առանձնապես տպավորվել էր հիշողության մեջ։ Իրենք նստած էին հյուրանոցի դիմաց՝ աստիճաններին։ Հայրը գրպանից մի տոպրակ էր հանել, մեջը փոքր սուր-սուր սերմեր՝ լիքը աղ արած։ Նա տոպրակից հանել էր սերմերից մեկն ու դրել ատամների արանքը։ Չրթոց էր լսվել ու քիչ անց հայրը մաքրած հատիկը դրել էր Կառլոտայի բերանը։ Հատիկը հատիկի հետևից աղջիկը կուլ էր տվել այդ պստիկ սերմերը։ Հետո հայրը ցույց էր տվել, թե ինչպես կարելի է ինքնուրույն կեղևահան անել դրանք. դիմացի ատամներով պետք էր սեղմել նեղ եզրին, ոչ շատ առաջ, ոչ էլ շատ հետ, մի փոքր ուժ գործադրել և վերջ, կեղևը բացվում էր։ Տասներկու օր մնացել էին Հունաստանում։ Կառլոտան ամեն երեկո աստիճաններին նստած արևածաղիկ մաքրելու փորձեր էր անում, մինչև վերջապես, լիքը կեղև կուլ տալուց հետո, կարողացավ մաքրած հատիկներ ուտել։
«Իսկ դո՞ւ ինչ կասես, հըմ, Կառլո՛տա»։ Նա տեսավ, թե ինչպես էր պարոն Բերգմանը ցուցակը թափահարում ու զգաց, թե ինչպես Նիսան ցուցամատով իրեն բզեց։ Արագ փորձեց Հունաստանի պատկերները հեռու քշել ու կենտրոնանալ վերջին ամառային արձակուրդների վրա։ «Նա լողավազանում է անցկացրել»։ Մուրատը խնդմնդալով նայեց իրեն։ Կառլոտան գլխով արեց։ «Այսինքն արձակուրդների ողջ ընթացքում այստեղ ես եղե՞լ, Գերմանիայո՞ւմ», – հարցրեց պարոն Բերգմանը։ Կառլոտան ուզում էր պատասխանել, բայց չէր կարողանում հարմար բառեր գտնել։ «Դե, նա չի կարող տուն մեկնել»։ Այս անգամ Նիսան օգնության հասավ։ «Նրա տունը Բրեմեն-Նորդում է»։ Այդ պահին Կառլոտայի ոտքերի տակ լինոլեումի հատակը մի փոքր երերաց։
«Իսկ դո՞ւ»։ Պարոն Բերգմանը հայացքն արդեն թեքել էր իրենից ու խոսքն ուղղել էր Օլգա անունով աղջկան։ Կառլոտան նայեց պատուհանի դիմացի շագանակենիների կարմիր ու դեղին տերևներին, որ քամու հետ պար էին գալիս։ Սկսեցին վերադառնալ այն հիշողությունները, որ քիչ առաջ ջանում էր վերականգնել։ Օղակը ջրի խորքում, շոկոլադա-անանուխային համով պաղպաղակը պատշգամբում. նույն պատկերներն էին, ինչ առավոտյան՝ հայելու առջև։ Բայց արևի լույսը թեթևակիորեն խամրել էր։ Լողավազանում անցկացրած ամառը, որ իրեն այդքան հիասքանչ էր թվում, հանկարծ ասես ապականված լիներ։ Ու նա զգաց, թե ինչպես հուշերը, որ մինչ այդ լուսավոր ու շողարձակող էին, մաս-մաս տեղափոխվում են դեպի գզրոցի հեռավոր մութ անկյուններ։
[1] Գերմ.՝ Fußgängerzone, առանձին փողոց հետիոտների համար, որտեղ բազմաթիվ խանութներ և սրճարաններ են գտնվում։
[2] Գերմ.՝ Grohner Düne, աշխատավորների բնակելի մեծ թաղամաս Բրեմենի հյուսիսային արվարձանում։
