Նաիրա Աբրահամյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Թիկ-թակ, թիկ-թակ․․․

(մրցույթին ներկայացված պատմվածքները չեն խմբագրվում և չեն սրբագրվում )

-Համբարձո՛ւմ, ինձ ճիշտն ասա, քո ականջով ձայնը լսեցի՞ր։

-Դու ուտելիքը պատրաստի՛ր, ժամանակ չկա։ Երկար բանակցություններից հետո էսօր վագոնները հազիվ տեղ են հասցնելու, պետք ա ապրանքը մուտքագրելիս ներկա լինեմ, իմ ստորագրությունը պարտադիր ա։

-Թոքերից ձայնը մաքո՞ւր էր դուրս գալիս, չէ՞։ Վա՜յ, օրհնվի էն օրը, երբ․․․

-Ի՞նչ ձայն, մա՛մ, ի՞նչ ես խոսում։  

-Ինձ չխաբես, Համբարձո՛ւմ, ես ցավ ապրած կին եմ, էդ մի հարվածին էլ չեմ դիմանա։

-Մա՛մ․․․

-Համբի՛կ ջան, ասում ես՝ ձայնը բա՞րձր էր, հա՞։ Վա՜խ աման, թոքերը մաքրվել են։

-Հազար եմ ասում՝ ա՛յ մեր, էս իմ թղթերին ձեռք մի՛ տուր։ Հիմա ես որտեղի՞ց գտնեմ դրանք։ Ի՞նչ է,  նախագծային հաշվարկների վերլուծությո՞ւն էիր անում, թե՞… Ասա՛, ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ էիր կորցրել, որ էսպես տակն ու վրա ես արել սրանք։

-Ի՞նչ ես թարս ու շիտակ նայում, ա՛յ տղա, ես մարդ չե՞մ, գրել-կարդալ չգիտե՞մ։ Ի՞նչ անենք, որ քո ու կնկադ նման համալսարաններ չեմ ավարտել։

-Մա՛մ, հարցը դա չէ, հասկացի՛ր, ախր դու ոչ մի ձևով չես ուզում ընդունել էն, որ ինքս իմ գրությունները դասավորում եմ էնպես, որ ես էլ իմանամ՝ որտեղից ինչ եմ վերցնելու։

-Տո՛ ասա՝ հիմա ես էլ քո ինչի՞ն եմ պետք։ Ամեն օր ծառին թառած աշնան անուժ տերևի նման սարսուռ ու դող եմ զգում, ուժս վաղուց հատել ա։ Մի օր էլ քամին կխփի, թևին կառնի ու կտանի․․․ էն ժամանակ էի ես քեզ պետք, Համբարձու՛մ տղա, էն ժամանակ, երբ փոքր էիր, երբ խնամքի ու ջերմության կարիք ունեիր։ Քո համար օրվա կեսին հեր էի խաղում, մյուս կեսին մեր էի դառնում։ Ա՜խ, ա՜խ, ո՞ւր ես, արի՛, աշնա՛ն քամի։

-Մա՛մ, քամիներին դեռ ժամանակ կա, ճի՛շտն ասա, թղթերը թափթփել ես, որ ի՞նչ գտնես։

-․․․ սա էի ուզում։

-Ու ի՞նչ, ի՞նչ պիտի անես մեր զագսի գրքույկը։

-Համբարձու՛մ…

-Հլը ո՞նց էլ ծոցն ա պահել։

-Ասում եմ՝ դե որ․․․էրեխու ձայնը դուրս չգար․․․Տո՛ եսի՞մ, է՜․․․ Մեռնեմ Աստծո զորությանը, խոր ծերության օրերին աչքս չոր պահեց։

-Մինչև հիմա ես քեզ դեմ չեմ կանգնել, ընդունել եմ տվածդ խոսքն ու խրատը, գլուխս կախել եմ, երբ սաստել ես ինձ, բայց այս հարցում, միտքդ պահի՛ր, մա՛մ,  թեկուզ գեհենի դուռ՝ միայն կնոջս հետ։

-Ա՜․․․հա՜․․․հա՜, էլ չկար էդ անլեզուներից։ Մի օր ականջդ հետ պահի, տես՝ մարդիկ ինչ են խոսում դրանց մասին։ Էն ժամանակ ինձ գեղով մեկ ամոթանք էին տալիս, որ նախրի մեջ մոզիի պոչը բռնեցի։ Հլը թերթերը բացի՛, բացի՛, տե՛ս, ամեն տեղ Շողանի թոռն ա ու իր գրածները։ Ի՞նչ մարդ ա դարձել, ո՞ւմ հետ ա նստում, վեր կենում, ի՞նչ էրեխեք ունի՝ ամեն մեկը՝ լույսի կտոր։

-Ու ի՞նչ…

-Ես Ռուզանի խոսքն արդեն առել էի, էդ դո՛ւ չուզեցիր, դո՛ւ։ Անուն կպցրիր, լավ ու վատ արիր․․․ Օ՜ֆ, խոսողն ա վատամարդ, լսողը՝ ի՞նչ։ Օրհնվի արևդ, նանի՛ ջան, ասում էր՝ լեզուդ զուր տեղը մի՛ թացացրու։

-Մա՛մ, էդ ո՞ւր հասար՝ ի՞նչ  Ռուզան, ի՞նչ թերթ, ի՞նչ նանի․․․

-Է՜հ, ես քո հավեսը չունեմ։ Կնկադ կասես խավիծը տաք-տաք ուտի, չայ շատ խմի, էրեխու կաթը սակավություն չանի։

-Տո՛ ասա, էլ ուտելու տեղ թողի՞ր, հա՞։

-Ա՛յ տղա, էդ իմ հե՞տ էիր, հը՞։ Քո հետ եմ, Համբարձո՛ւմ, քթիդ տակ էդ ի՞նչ փնթփնթացիր։

-Հե՛չ, ասում եմ՝ Վաղինակենց ղաչաղ կատուն էս կողմերում ֆռֆռում ա, տես՝ բադերդ անճուտ չմնան։

***

Գիշերը դանդաղ ու աննկատ ծածկել էր գյուղի ուսերին նստած բարկ ամռան մերկությունը։ Աստղերից կաթացող լույսը լցվել ու փայլփլում էր գյուղի թաղերը շրջանցող ոլորուն առվի ջրերի մեջ։ Ջրերը, զարկվելով սուրսայր ու չեչոտ քարերին, ցավը մոռացած՝ սեթևեթում էին՝ աննկատ մնալով մթության մեջ դես ու դեն վազող ջրկիրների բահերից։

Գյուղ մտած քամին, գողնալով վայրի վարդի ու դաղձի հոտը, փորձում էր փախչել՝ դիմացի սարերին գյուղից բաժինք հասցնելով։ Հոտը համառորեն հետ էր մնում՝ ամուր կառչելով պարաններից ծածանվող թաց ու խոնավ լվացքին, ամռան խոտի՝ դեռևս բարալիկ դեզերին, տանիքներին չորացող չորաթանի ճերմակ ու թաց գնդերին։ Հոտը դիպչում ու մնում էր արևի հետ քնող, բայց արևից շուտ զարթնող մամիկների յուղոտած ու կաթնահոտ գոգնոցներին, որոնք ամառ թե ձմեռ, միշտ բուրում էին անուշ ու քաղցրահոտ։

        Գյուղում անլուսին ու տաք գիշեր էր։ Միայն Մեխակն էր անհանգիստ, փորձում էր աչքը գցել սրա-նրա հողամասին։ Նա գյուղի ջրբաժանն էր։ Պաշտոնը ժառանգել էր հորից, նա էլ՝ իր հորից, հայրն էլ՝ պապից։ Ասում էին՝ պապը անգիր գիտեր՝ ով քանի ծառ ունի, այդ տարի քանի մարգ լոբի ու ճակնդեղ է տնկել, հողը քարքարոտ է, թե կաղճնապատ, ինչքան է  հողի խոնավությունը, ինչ ժամանակում կհասցնի ջուրը ներծծել… Մեծ պապի՝ Մնացականի համբավն էր, որ գերդաստանի տղամարդկանց սերնդեսերունդ այդ պաշտոնին էր պահում։

Թոռներից ճարպիկն ու աչքի ընկնողը Մեխակն էր։ Դպրոց հաճախելու օրերը, թե իրար գումարեիր, հինգ տարի էլ չէր դառնա։ Հաշվարկների մեջ հմուտ էր՝ ստախոսության մեջ՝ առավել։ Ջուրը խոստանում էր մեկին, բայց հանկարծ ուրիշի առուն էր ջրից փքվում, մեկին ջրի մեջ էր թողնում, մյուսին՝ ջուրն անհերթ տալու դիմաց՝ սեփական գրպանը տրորում։

Այդ գիշեր, չգիտես՝ ինչ սրտացավությամբ, Զախարենց Ամատունին հայտնվեց Մեխակի ցուցակի մեջ։ Ամատունին ու կինն այդ օրվան սպասել էին արդեն երեք շաբաթ։ Հողի մեջ էլ կանաչ ոչինչ չէր մնացել։ Կինն ամեն անգամ հողամասի կողմը նայելիս աչքերն էր սրբում։ Մսացու անասուն էլ չունեին, հանդում գլորվելիս թիակը փշրվել էր, աչքը դուրս էր եկել, մորթեցին։ Մի հորթի փող էլ դուրս չեկավ․ գյուղացիք մսին անուն դրին, առնող չեղավ։

Դե չորացած հողն էլ ի՞նչ պիտի տար, որ դրանով կարողանային ձմեռը գլորելու մթերք ու վառելիք գնեին։ Հագուստ ձեռք բերելու մասին վաղուց արդեն մոռացել էին։ Իրենք ի՞նչ, ունեցածով էլ յոլա կգնային, աղջիկն էլ համեստ էր, ծնողների առջև պահանջներ չէր դնում։

Նուշիկը վաղուց հարմարվել էր իր մենավոր ու ճգնակյաց կյանքին։ Իրեն հեռու էր պահում բակից ու տարեկիցների հետ շփումից։ Ժամերով կառչում էր պատուհանագոգին, գաղտուկ ու լալագին հետևում ազատության մեջ թևածող ընկերների խաղ ու զրույցին, զբոսանքներին, թաքնված սեր ապրելուն։ Երբեմն մտովի ինքն էլ էր վազում ու միանում խմբին, նրանց հետ ժրում ու չարաճճիություններ անում։ Ամենաշատը սիրում էր Մանյա բաբոյի բաղչից անհաս արևածաղիկ ու խնձոր գողանալու հերոսությունը։ Ավարը փեշերի մեջ թաքցնելով՝ հավաքվում էին վնասատուներից մեկի բակում։ Գողացածն իրականում ուտելու բան էլ չէր, հող ու արևից դեռ չէր հասցրել բաժինքը վերցնել: Բերածը ծամում, ծամծմում էին՝ կտորտանքը գցելով իրենց թաղամաս նոր տուն գնած՝ լոռեցի Արտուշի հնդկահավերի դիմաց։ Երբմեն չարաճճիները միամիտ փետրավորներին զուտ կատաղեցնելու համար սննդի փոխարեն փոքրիկ քարերով էին գայթակղում։ Նրանք էլ «հյուրասիրությունը» կտուցով շուռ ու մուռ էին տալիս, հասկանալով խաբված լինելը՝ փքվում էին, թևերը գետնին քսելով վազում էին անզգամ ու չարամիտ երեխաների հետևից։ Ո՞նց էին վախեցած վազում, ո՜նց, մինյանց հրմշտում էին ու փախչում։

Նուշիկն այդ ամենին շա՜տ էր կարոտել, շա՜տ։ Հիշելիս սիրտը սկսում էր դողացող կարոտ ապրել։ Հիշողությունը փակելու համար արագորեն քաշում էր վարագույրը, հեռանում պատուհանից։  

Մայրն աղջկան համոզում, իսկ հայրը պարտադրում էր՝ տանը շատ չմնա, գնա, շփվի, մտերմանա նրանց հետ։ Մենությունը սիրտ կրծող անկասելի զգացում է։ Այն միշտ գալիս է հուշիկ ու աննկատ, գալիս է աներեր։ Երբեմն ապրած զգացումները թեթևության խլրտոց են պարգևում, երբեմն քայքայում ու ավերում են հոգին։

Նուշիկը շատ լավ էր հասկանում ազատության գինը, բայց ինքն իր համար կապանքներ էր ստեղծել, անտես պատնեշներ, որոնք գծագրված կամ շինված չէին, որոնք չկային, գոյություն չունեին, բայց հորինվել էին փուխր հոգիները թրծելու ու կոշտացնելու համար։

Նա իր բարալիկ ուսերին Աստծո պարգևած «մեղքն» էր կրում, կրում էր անձայն ու լուռ, կրում էր անխոս, ինչպես ամբողջ կյանքում համր ապրող ծնողները, որոնք կյանքի բառերը տեսնում ու լսում էին միմիայն աչքերով։

Երբ դեռ փոքր էր, Նուշիկն էլ մյուսների նման հաճախ էր բակ վազում։ Ճարպիկ աղջիկ էր, խաղերի մեջ անխարդախ էր ու պարզ։ Մրցելիս խմբի երեխաներն իր շնորհիվ էին հաղթող դառնում, ոգևորվելիս սիրտ էին առնում, թևավորվում, բայց րոպեներ հետո ուրախության բերկրանքը մոռացած՝ հետևից գոռում էին՝ է՜յ, լալի՛ աղջիկ։

Դպրոցում միջակ սովորող էր, բայց փայլում էր կարգապահ ու պարկեշտ վարքով։ Դա էլ չէր օգնում ուսուցիչների սիրտ ծակող փսփսոցներն անտեսելուց․  «Սա լալի աղջկա աշխատանքն է, դու էլ աչքի անցկացրու»։

Ում նստեցնում էին Նուշիկի կողքը, լացելով կամ ծնող կանչելով ազատվում էր «լալի» ներկայությունից։ Ուսուցիչներն էլ ավելորդ գլխացավանքից ազատվելու համար որոշեցին ու մի նոր նստարան բերեցին դասարան․ Նուշիկն այդ օրվանից մենակ նստեց։

Թե մեկը փորձում էր սիրահետել աղջկան (հասակն ու դեմքի սիրունությունը աչք ծակող էր), մյուսներն «ասպետին» սրտացավ հորդոր էին հասցնում․ «Գժվե՞լ ես, ի՞նչ է, լալի աղջկա՞ն պիտի ուզես»։

Նուշիկը հաճախ երանի էր տալիս ծնողներին․ նրանց ականջներն ի զորու չէին կրելու մարդկային կեղծ հորինվածքի նենգ ու տմարդի բարքերը։ Աստված նրանց հոգին այնքան նուրբ ու փուխր էր ստեղծել, ու այն անկարող էր զգալու ցավեցնող բառերի ծանրագույն ուժն ու անչափելի կշիռը։

Լիարժեք կյանք դեռևս ոտք չդրած՝ աղջկա հոգին մենացավ, խռովեց աշխարհից՝ ապրելով իր հորինած խորթացած ստվերներում, որտեղ քամիները բույր ու հոտ չունեին, որտեղ ջրերը հոսում ու չէին գլգլում, որտեղ սիրահարվում, բայց երբեք չէին զգում սիրո խայտանքն ու սիրտ շոյող խնդությունը։

Նուշիկը ժամերով մենանում ու կուչ էր գալիս բակ նայող պատուհանագոգի առջև․ այնտեղից ազատությունը պարզ էր երևում, երբեմն բարձրանում ու թաքնվում էր տանիքում, այնտեղից ազատությունը հսկա էր թվում։ 

Կեսօրվա բարկ արևին ծնողներն աղջկան թույլ չէին տալիս տանիք բարձրանա, բա որ արևը գլխին խփի՞, քթից արյուն գա՞։  Մայրը պատմել էր, որ մի անգամ ճակնդեղի դաշտում աշխատելիս մեծ տատի քթից արյուն է եկել։ Ոչ մեկը բանի տեղ չի դրել՝ մտածելով՝ արյուն է, կկտրվի էլի։ Տատի քթին մի մեծ շոր են կապել, ու ամեն մեկը տարվել է իր գործով։ Աշխօրի ավարտին հանկարծ տեսել են՝ տատն անշարժ պառկած է իր քաղհանած ածուի մեջ։ Զարմանքից քարացել են, բայց էլ ի՞նչ կարող էին անել։

Մոր սարսափեցնող պատմություններն աղջկա մոտ երբեմն վախ էին առաջացնում, երբեմն՝ տագնապի զգացումներ, բայց, մեկ է, իր համար իր ապրածը ծանր էր ու դժվարին։

Ծնողների նկատմամբ սերը Նուշիկի համար էլ էր թանկ: Պատրաստ էր անել հնարավորը, միայն թե նրանց դեմքին մի փոքր ուրախություն խաղա: Սակայն դրսում աղջիկը լուռ էր, ծնողների հետ հաղորդակցվելու առիթներն անտեսում էր:

Իրականում ճարահատվել էր: Անցորդներն իրենց խեթ ու հեղգ հայացքները համառ կոպտությամբ խցկում էին Նուշիկի ու ծնողների գրպանները, որպես…  Ազատվե՞լ․․․ իհարկե, անկարող էր. հասարակությունն անչափելի էր, ինքը՝ անկարևոր:

Հետո ի՞նչ՝ ծնողներն ազնիվ ու պարկեշտ մարդիկ են, ուրիշին ձեռք չեն պարզում, նրանց սահման ոտք չեն դնում, իրենց արդարությամբ այլոց գործած մեղքը չեն ճնշում, պարզապես նրանք կյանքի բացվող ամեն օրվա հետ մեծ, մի մեծ «մեղք» են իրենց հետ քարշ տալիս, որից ոչ մի մեղա ու աղոթք նրանց ազատել չի կարողանում։

Նուշիկն ամաչում էր հորն ասել, բայց մորը զգուշացրել էր, որ դրսում հանկարծ իր հետ «չխոսի», փորձի տասը մատ արժեցող բառերը միշտ խցկի ու թաքցնի գրպաններում։

Մանուշը գիտակից կին էր, կարողանում էր աղջկա լռությունը լռությամբ թարգմանել։ Նա էլ ամուսնու նման հանուն միակի պատրաստ էր անել ամեն բան, միայն թե աղջիկն իրենց պատճառով օտարի մոտ գլուխը չկախի, ամոթ չզգա։

***

Մի անգամ գյուղում վաճառական բոշա էր եկել։ Մեծ ու երեխա շրջապատել էին կնոջը։ Իրար հերթ չտալով՝ գույնզգույն տոպրակներից հանում ու ուրախանում էին պառավի բերած մանր-մունր իրերով։

Կտուրին կանգնած Մանուշը կիսաչոր ավելուկի հյուսած թոկերն էր շուռ ու մուռ տալիս, սալորաչրի սկուտեղները փոխում։ Գլուխը բարձրացնելով՝ հանկարծ աչքովն ընկավ խմբված հարևաններին։ Միանգամից գլխի ընկավ․ թաղում վաճառական է եկել։ Գործը չավարտած՝ կտուրից ցած իջավ՝ շտապելով նրանց ուղղությամբ:

Հաց թխելու օրերին Նուշիկը դպրոց չէր գնում, մորն օգնելու համար գործերը քիչ չէին: Մայրը չէր սիրում, որ գործը հասնում էր արևամուտին, մինչև կեսօր, ի տարբերություն հարևաններից շատերին, մայր ու աղջիկ հաց թխելու ծանր գործն արդեն ավարտած էին լինում:

Նուշիկն այդ օրն էլ թարմ լավաշն արդեն դարսել էր կախոցի վրա, թոնիրը հովանալուց հետո հացատունը մաքրել ու խմորի մեծ կոնքը քարշ էր տվել բակ՝ լվանալով ամանի պռունկների չորացած կտորտանքը։ Գործն արագ չէր ստացվում․ աչքն ընկել ու մնացել էր ջրի մեջ թփթփացող, աղերսանք մուրող բզեզին։ Նուշիկը մտորումների մեջ ընկավ․ «Տեսնես որտեղի՞ց է սկսվում բզեզի ազատությունը»։

-Նուշի՜կ, ա՛յ Նուշիկ․․․

Հեռվից հասնող ձայնը միանգամից սթափեցրեց աղջկան, մտքերից վեր թռավ։

-Նուշի՜կ, մամադ քո հետ ա, ա՛յ աղջի, շո՛ւռ արի։

Նուշիկը, մոռանալով բզեզի ու ազատության հարաբերությունը, տեղից վեր թռավ, վազեց մորն ընդառաջ։ Մանուշն աղջկան տեսնելով՝ ոգևորված նույն ժեստերը նորից կրկնեց՝ հասկացնելով, որ ինքն էլ մոտենա բոշային,  իր համար ծամոն, ծամակալ, զարդեր ընտրի։

Երեխաները, տարված առևտրականի պարկի ավարով, հավանաբար չէին էլ նկատել իրենց մոտեցող Մանուշին, բայց Նուշիկը շիկնած ու կարմրած դեմքը կախելով՝ այնպես ամուր սեղմեց մոր ձեռքը, որ այնտեղից դուրս թափվող բառերը կծկվեցին ու խորթացան միանգամից։ Մանուշը հիշեց խոստումը, բայց ուշ էր արդեն, այս անգամ պայմանը խախտել էր: Աղջկա սեղմումից ձեռքը չէր ցավել, բնավ, բայց սրտին մորմոք էր քսվել:

Նուշիկի դեմքի սպիտակը կորավ. վարմունքը կոպիտ էր, խիղճը փաթաթվել էր կոկորդին:

Օրը սկսել էր հետմիջօրեի տապն ապրել։ Իրենց թաղից բոշան վաղուց հեռացել էր՝ այս անգամ հասնելով սարի փեշին ծվարած Չայլի մեծ թաղը․ տոպրակները պետք է դատարկվեին:  

Խաթուն բաջին ուրախ-ուրախ բոշայից գնած մաղն էր փորձում՝ քամուն տալով ցորնահատին խառնված թեփն ու կորեկի սերմերը։ Մարոյի հասակ առած աղջիկները տարվել էին աչքի հուլունք հիշեցնող մատանիներով, որոնք անմիջապես մատից հանում ու փեշերի տակն էին պահում, երբ տեսնում էին բակում ներս ու դուրս անող տատին։ Ա՛յ թե գողունի առևտրի մասին իմանար, հարսի գլխին սև օր կբերեր․ տնաքանդն ապրանքի դիմաց ճիշտ մեկ թեյի բաժակ յուղ էր տվել։

Իսկ Կծու աղբյուրի մոտ նստած լացկան Հակոբը ագահորեն լիզում ու լպստում էր գնած շաքարաքլորը։ Աքլորի պոչը միանգամից էր հուպ տվել, իսկ փորն ու գլուխը լիզելիս քաղցրահյութը թևքերից ծորալով՝ թափում էր մաշված հողաթափերի կապիչներին։ Բակում հավաքված մեղուները Հակոբի քաղցր ոտքերի համար կռիվ էին տալիս։

Տանիքում կուչ եկած Նուշիկի համար այդ գունեղ պատկերները հանկարծ ծանր թվացին, գլուխը կախեց, աչքերին ակամայից քուն իջավ։

Երկնքից գնալով սկսեցին ջնջվել մայրամուտի տաք ու ոսկի գույները։ Բվեճները որսի դուրս ելան։ Լուսատտիկները լուսավոր փորիկները շարժելով՝ սկսեցին թիթեռներին իրենց հետևից քարշ տալ։ Գյուղում գիշեր էր։

-Նուշի՛կ, ա՛յ աղջի, ո՞ւր ես,-հարևան Ամատունու բակ չհասած՝ հեռվից սկսեց գոռգոռալ ջրբաժան Մեխակը՝ անհամբերությամբ հուպ տալով գլանակից դեռևս դուրս չեկած՝ ծխախոտի անախորժ ծուխը։

Մեխակին տեսնելով՝ Ամատունին տնից միանգամից դուրս թռավ։ Բայց ի՞նչ կարող էր անել․ հասկացավ, եկվորը կարևոր ասելիքով էր իրենց բակ հասել։

-Տե՛ս, որ էս աղջիկը չի՞ գալիս։ Տո՛ ասա՝ ես ձեր ժամանա՞կն ունեմ, հա՞,-ձայնի տոնն ավելի խստացնելով՝ Ամատունու կողմը ձեռքն ուղղեց Մեխակը։ -Ձեր ձեռքը բոլորս համր ենք դառնալու։

Դրությունը փոխելու համար տանտերը աչքերով կնոջը փնտրեց՝ հասկացնելով, որ Նուշիկին տանիքից անմիջապես կանչի՝ ցույց տալով դռան մեջտեղում կանգնած եկվորին։

Նուշիկը հեռվից ջրբաժանի խառնիխուռը, մեխակի փունջ հիշեցնող մազերը տեսնելով՝ փորձեց հափշտապ բակ իջնել՝ միանգամից հասկանալով այդ պահին իր ներկայության կարևորությունը, բայց աստիճանն անհարմար էր, ժամանակը երկարեց։

Ծնողների անօգնական, կարեկցանք մուրող աչքերը տեսնելով՝ աղջիկը մի ազդու հայացք գցեց անսիրտ ու տմարդի ջրբաժանի վրա։ Մեխակն իսկույն հասկացավ իրեն հասցված՝ դեռատի աղջնակի լուռ ու ազդու պատիժը։ Երևի սիրտը ցավ ապրեց, ձայնի տոնը մեղմացրեց․

-Ասում եմ՝ Նուշի՛կ ջան, պապային բան չկարողացա հասկացնեմ, ես էլ նեղվեցի։ Ես էս անարդար աշխարհի հերն եմ թաղել, հա՜։ -Ա՛յ բալա՛, ախր դուք էլ ինձ հասկացեք,- թքոտած մատը մաշված տետրակին մոտեցնելով՝ սկսեց արդարանալ Մեխակը,- բաղ ու բոստան ջրելու սեզոնա, բոլորի աչքն իմ ճամփին ա, ժամանակ ունե՞մ որ․․․

Նուշիկի աչքերը խոշոր էին, ծայրերը՝ նշաձև։ Հենց դա էր պատճառը, որ հայրը մի օր որոշեց ու աղջկան այլևս իսկական անունով չկանչեց։ Դրանից թոռան անվանակից տատը շատ նեղացավ ու էդ օրվանից հարսի ու տղայի հետ քեն քաշեց։

Մեխակի կեղծ փաղաքշանքից Նուշիկի աչքերի շրջանակները ակամայից գծափոխվեցին․ այնտեղ զայրույթ էր խցկվում։

-Նուշի՛կ, հորդ ասա՛, էս գիշեր ջուրը ձեզ եմ տալիս, պատրաստ լինի, Հովհանենց Սաքոյից հետո ջուրը դուք պիտի կապեք։

-Ախր մենք էս պահին օգնող չունենք, գոնե շուտ ասեիր, Աշոտին կկանչեինք, կօգներ մեզ։ Ախր․․․

-Ախր ու ի՞նչ,-բարկությունն այս անգամ չզսպեց Մեխակը։ -Հիմա էլ դո՞ւք եք հրաժարվում, հա՞։ Ես էս քանի օր հազար մարդու հետ վատամարդ լինեմ, նրանց մերժեմ, ջուրը պահեմ ձեր համար՝ մտածելով՝ մեր Ամատունին ա, մեղք ա, կարիքի տեր ա, դուք հիմա սկսեք լավ ու վատ անե՞լ, հա՞։

-Չէ՛, չէ՛, Մեխակ քեռի, ես դա չէի ասում, ուղղակի․․․

Մանուշը մե՛կ Մեխակի կրակոտած աչքերին էր նայում, մե՛կ աղջկա՝ լիմոնի գույն ստացած դեմքին։ Ծնողներն ամեն ձևով աղջկան լռելու ժեստեր էին ցույց տալիս։ Իսկապես զրույցը շարունակելն անիմաստ էր, Մեխակն էլ դա հասկացավ՝ մարմնից շուտ գլուխը շրջելով՝ դուրս թռավ։ Մեխակի ծանրացած մարմնի հետևից բակի ժանգախեղդ դուռը դեռ երկար ճռնչաց։

«Տեսնե՞ս մեզ էդ ջուրը իրենց ջրհորի՞ց ա տալու, թե՞  սեփական գետից,-հագուստի գործվածքից ծղոտի շյուղերը հեռացնելով՝ ինքն իրեն նեղսրտեց Նուշիկը։ – Բոլորիս ստրուկ ա կարգել, իրեն գյուղի տեր ա զգում»։

Մայրը խորասուզվել էր կյանքի ու այդ օրվա լռության մեջ, հայրը բահի վրայից չորացած հողն էր քերում՝ երկաթի՝ ականջ ծակող ծղրտոցը խառնելով ծղրիդների գիշերային նվագին։

Զախարենց Ամատունին ողջ գիշեր երկու համար մեծ սապոգները ոտքից չհանելով, բահը հավատարիմ զենքի նման կողքը դրած՝ սպասեց ջրի գալուն։  Լույսը բացվելուն պես ջուրը մարգերին հասավ։

Բույսերը կանաչեցին, լավ էր, ձմռանն էլ Նուշիկենց ծխնելույզից ծուխը չպակասեց։

***

Գիշերը վաղուց կես էր դարձել, իսկ հեռվից դեռ լսվում էր շների տևական կլանչոցը․ գյուղից դեռ հարսանիքի հոտ էր գալիս։

Անձրևը կորցրել էր թափը։ Խանձված ու կարծրացած հողը սվսվալով կուլ էր տալիս անձրևից մնացած խոշոր ու թաց կաթիլները։ Հողից արձակվող գոլորշին տարածվել ու նստել էր ամենուր՝ այգու տձև ու լխտիկ ծառերին, լոբու մարգերից դուրս ցցված անհամաչափ ցցերին, Քուչոյի բնի առջև ընկած՝ կերամանի անմիս ոսկորին։ Գոլորշին հասցրել ու մտել էր անգամ հավաբնի չափառից ներս՝ անտես դարձնելով բնկալի հոտած ձուն, որից տարածվող նեխահոտը մոտիկ չէր թողնում անգամ ձվագող խլեզներին։  Անձրևից հետո թանձր գոլորշին գյուղ էր մտել՝ օդը դարձնելով թանձր ու սակավաշունչ։

Մանուշն անհամբեր էր, ղոնաղների համար դարսած վերմակների եզրակարը քիչ քանդելով՝ փորձում էր գտնել երկար բրդով վերմակը։ Օժիտը պետք է լավը լիներ, հո սկեսուրի մոտ ամոթով չէ՞ր մնա։ Լեզուն էր փակ, ձեռքերն էլ հո՞ առատ էին։

Ամատունին վառարանի մեջ աննպատակ փայտ էր խցկում։ Սիրտը բացվել էր, փեսան սրտով էր։ Ամեն անգամ աղջկա ժպտացող աչքերը հիշելիս պապակ հոգին սկսում էր մարմնին հաճելի դողի ազդակներ ուղարկել։

Ամատունու առատաձեռնությունից վառարանը, չհասցնելով ծուխը կուլ տալ, սկսեց հուշիկ-հուշիկ մարել, վրան եռացող թանապուրի սիրտը վերջապես տեղն ընկավ։ Ամատունին բացեց պատուհանը։ Ծուխը խառնվեց դրսի գոլորշուն։

-Աշխարհի արդարությունը մեր ճակատին էլ քսվեց, Մանո՛ւշ, աղջի՛, լսո՞ւմ ես։ Աստծո մեջ դեռ խիղճ կա,-ձեռքերը գործի դնելով՝ խոսքը կնոջն ուղղեց Ամատունին։

Մանուշը շուռ չեկավ․ երկար բրդով վերմակն արդեն գտել էր։

***

Համբարձումը կնոջ ծնողներին հաճախ էր այցի գալիս։ Ծանր ու պատասխանատու աշխատանքից հետո ամենահեշտն այստեղ կարելի էր խաղաղություն փնտրել։ Դե իսկ Ամատունին հմուտ էր շախմատի մեջ, Համբարձումն արդեն մրցակից ուներ։

Այդ երեկո Նուշիկին տանից դուրս հանելը դժվար ստացվեց. մարմինը փոքր-ինչ տկարացած էր։ Ամուսնու խոսքը հատու էր, բաճկոնակը վրան գցեց։

Մեքենան դեռ չէր դադարեցրել անիվների ընթացքը, երբ ամուսինները տան տարբեր մասերից միանգամից հայտնվեցին ճանապարհին՝ եկվորներին ուղղելով աչքերում կուտակված սպասումը։

Տուն մտնելուն պես անմիջապես սեղան նստեցին․ Մանուշին հակառակվելը դժվար էր։ Տաք սպասն իսկապես հաճելի թվաց, աղջկա վառվող սիրտը միանգամից հովացավ։

Շախմատի տուփը բացվեց, քարերը կորցրին իրենց երբեմնի հանգստությունը։ Ձիու վարգն ամենուր էր, Ամատունին ժպտում էր, Համբարձումը խոժոռվեց։

Կանայք այս անգամ նրանց խաղին ուշք չէին դարձնում, ուշ աշնան տաքուկ ջերմությունը բանտելով՝ փսփսում էին, թե ում հաղթանակից հետո իմաց տան Նուշիկի կրծքի տակ բաբախող նոր սրտի բարի լուրը։

Մանուշը դեմքին խաղացող ժպիտը թաքցնելու համառ փորձեր էր անում։ Նուշիկը, մոր կողքից չհեռանալով, կամացուկ ու հուշիկ նրա ոսկրոտ ու ցորնամաշկ ձեռքն էր շոյում, որոնք ափերի մեջ պահում ու փայփայում էին աշխարհի ամենաքաղցր ու դեռևս չհնչած բառերը։ Հանկարծ Մանուշը տեղից վեր կացավ, մոտեցավ պատի՝ ժանգ ապրած մեխից կախ ընկած ժամացույցին, փորձեց բարակիրան ու թմբլիկ սլաքներն աջ ու ձախ տանել: Ժամացույցը կրկին հիշեց կյանքի՝ իրեն վստահված անխախտ պարտականությունը: Սենյակի լռության մեջ նոր բառեր խցկվեցին՝ թիկ-թակ, թիկ-թակ…

Խուլ ու համր աշխարհն արդեն ժպտում էր։