Նազիկ Հակոբյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Տատը

(մրցույթին ներկայացված պատմվածքները չեն խմբագրվում և չեն սրբագրվում ) 

  Տատը փեշերը հավաքած առաջ է քայլում, ամեն քայլի հետ ավելի շատ փնչալով ու տնքալով։ Նրա ետևից, փոքրիկ սատանիկի նման նիհար ու սևուկ, մի պոզանի աղջնակ է բարձրանում։ Գալիս երկու ձեռքով խփում է տատի ծածանվող հագուստին, հասնում կողերին ու կչկչալով նորից ետ ընկնում, որ տատը առջևից գնա։

Սարը դեղնում է, սարալանջին մեծ չորսաչքանի տունն է։ նոր թիթեղյա տանիքին  արևը պառկել ու փայլում է։ Տատը մտքում ասում է. «Տեղ հասա, հեսա հասա»։ Փոքրիկ պոզավորը նույն խենթ ու խելառ վազքով ու նահանջով քայլում է նրա հետևից։ Տատի թմբլիկ մատներից կախ ընկած ճոճվում է ցանցավոր տոպրակը, միջին մի քանի խոշոր դեղձ։  Պապը դեղձ էր ուզել լուսադեմին։ Այգում միայն խնձորենիներ են ու խաղողի խճճված վազեր։ Տատը գնացել էր դեղձ ունեցող հարևանից խնդրել։ Հիմա փոքրիկ աղջիկը տատին չի հասկանում։ Ուզում է տատը ժպտա իրեն, գրկի, թուշը քաշի փափուկ ափով, գրպանից կոնֆետ հանի։ Բայց տատը միայն գլուխը տմբտմբացնելով ու փնչալով բարձրանում է դեպի տուն։

Աշնան արևը ծակում է աղջնակի աչքերը, երկինքը մի քանի փետուր ամպերով գալիս է իրենց հետ։ Գնում են հիվանդ պապին դեղձ հասցնեն։

Տատը հասավ բետոնե ճանապարհին, ետ նայեց։ Աղջիկը հասավ տատին, վեր նայեց։ Ցից մազապոչը գլխին ցնցվեց։ Տատը օրվա մեջ առաջին անգամ ժպտաց.

֊Գնանք ճաշ կեր, գառ ջա՛ն։

Սենյակում միջանցիկ քամի էր,  ճանճերը քամու մեջ ընկած թռնում կպնում էին առաստաղին, կամ ծածանվող կաթնագույն վարագույրին։ Տատը չոքել, խոշոր լաթով լվանում էր թարմ ներկած տախտակնորը։ Փեշերը բարձրացրել էր մինչև կոնքերը, թևքերը քշտել։ Նորից դժվարանում էր ու փնչացնում։ Աղջիկը նայեց պապի սենյակի դռնից։ Ծեր մարդը երկու դեղձ էր կերել։ Հիմա թեյ էր խմում հոնի մուրաբայով։ Աղջիկը զգույշ մոտեցավ մահճակալին։ Պապը ձեռքից պահարանի վրա դրեց բաժակը։ Թափանցիկ ապակուց երևացին  լողացող թեյի թերթիկները։ Աղջիկը գիտեր` պապը սիրում է, երբ թեյը չեն թրմում, այլ լցնում են բաժակի մեջ ու վրան` մուրաբան։ Ամեն անգամ մուրաբայի հատիկների հետ պնակի մեջ էր թքում թեյի խոշոր թերթիկները։

֊Մոծա՛կ, հաց կերե՞լ ես։ Բա մերդ ո՞ւր ա, չի էրևում։

Պապից ծխահոտ էր փչում ու աղջիկը փախնում էր, որ թուշը չպոկի թութունից դեղնած մատներով։

Տատը շատ էր հոգնում։ Աղջիկը չէր հասկանում` ինչու։ Տատը մեծ էր, ուժեղ, գիրուկ։ Պապին օգնում էր տեղից բարձրանա, ուղեկցում էր լվացվելու։ Պապը նիհար, փոքր պապ էր։ Աղջիկը քայլում էր նրանց ետևից ու հին բլուզի տակից հաշվում պապի դուրս ցցված թիակները։ Երկու թիակ, սուր ոսկոր։ Աղջնակը մի հատ թռնում էր տեղում ու, եթե ձեռքը պարզեր, կկախվեր դրանցից մեկից։

Տատը բակը ավլել, նստել է ցածրիկ աթոռին։ Հարևանի կինը, արևածաղկի սերմերը խալաթի գրպանները լցրած, տնկվել էր առաջն ու հարցեր տալիս։ Ամեն անգամ ոսկրոտ ձեռքը տանում էր գրպանը, սերմերը հանելու, բայց չէր համարձակվում ։ Տատը բակը մաքուր ավլել էր, ջուր ցանել։ Տաք գոլորշին բարձրանում էր դեպի երկինք։ Տանիքին պառկած մի քանի կատուները քնի մեջ մռռում էին՝ արևը բեղներին առած։ Աղջիկը ցցվել էր բակի մեջտեղը, ձեռքերը տարածել կողքերը ու փակ աչքերով, տանիքի կատուների նման, երեսը դեմ տվել տաք արևին։

-Գոնե սրան տանեին,- հարևանի կինը շրջվեց, որ հեռանա։

-էրեխեն ինձ չի խանգարում, ցրվում եմ։

-Չի խանգարում,֊ ծոր տվեց հարևանուհին։֊-Չեն օգնում, հլը իրենց էրեխին էլ բերել գցել են վրեդ։

-Գործիդ գնա՛,֊ տատը ելավ տեղից, աթոռը մտցրեց սեղանիկի տակ։

Աղջիկը եկավ, կպավ տատի փեշին։

Դիմացը դեղին սարալանջն է, կուշտ ու ծուլացած կովերի նախիրը ուսին առած։ Սարի կատարին թեք դրած գլխարկի նման մի ամպ է կպել ու ուզում է պոկվել, լողալ երկնքում։ Աղջիկը մատը տնկել, ամպիկին պոկում է ու հրում դեպի ազատություն։ Պապը տան ներսում հազում է ու տնքում։ Տատը արդարանում է, ինչպես միշտ։ Աղջիկը մանր քայլերով պտտվեց տան շուրջը, մինչև եկավ հասավ դռանը, այնտեղ արդեն հարևանի ավագ որդին էր ցցվել։ Շատ բարձրահասակ ու նիհար մարդ էր, կեղտոտ գլխարկը հանել տրորում էր մրոտ մատների մեջ։

-էկա տենամ` ոնց է բիձեն։

-Բարով էկար,- տատի հոգնած դեմքին տաք ժպիտ տարածվեց,֊- սառը մածուն կուտե՞ս, մեռնեմ ջանիդ։

-Չէ, չէ։ Նոր իջել եմ մեքենայից, հլը մեր տուն չեմ գնացել։ Գնամ մերս հաց կտա։

Տատը ետ քաշվեց շեմից, մարդը ներս մտավ։ 

Աղջնակը նորից պտտվեց տան շուրջը, մանր քայլերը հաշվելով ու գլուխը տատի նման տմբտմբացնելով։ Մի պտույտ էլ անի գա տեսնի մայրը եկել է։

Աղջնակը մի խոշոր տերև է պոկել, պահել արևի տակ։ Տերևի մի պոզը դեղնել է, մյուսները կանաչ փայլում են։ Զննում է տնկված երակներն ու մի կողմ գցում։ Աշնանը խաղողի տերևները համեղ չեն, թթու չեն, դառն են ու փոշոտ։ Խաղող չի սիրում։ Կատուներից մեկը վազեց խաղողի վազերի համար հենարան ծառայող հին փայտերի վրայով, աղջնակի երեսին փոշի ցանելով։ Պստիկը ետ քաշվեց, թափ տվեց միակ պոզը։ Կատուն նստել էր հենց գլխավերևում ու դիտմամբ պոչը համաչափ խփում էր կախ ընկած խաղողներին։ Աղջնակը ետ քաշվեց վազերից, եկավ կանգնեց տան պատի տակ։ Տանիքից մի քիչ ներքև կանաչ մողես էր կանգնել, արևի տակ տաքացնում մեջքը։ Աղջնակը ճչալով վազեց տատի մոտ։

֊-Տա՛տ, օձ եմ տեսել։֊-Ցցվեց տան շեմին, երկու ձեռքը պարզեց բազմոցին նստած տատին, չռեց մատները.- Սենց ձեռքերով օձ։Պատին կանգնած մատները սենց։

Տատը ծիծաղեց, հետո ծանր ելավ տեղից.

֊-Գնանք ցույց տուր։ Մողես ես տեսել երևի։

Տուն է ուզում գնալ, մայրիկը գա տանի։

Պապը ծանր խռմփացնում է, տատը կողքի թախտին պառկած ձայնակցում է։

Աղջնակը վախենում է տանը պտտվող ստվերներից։  Ստամոքսն էլ քաղցից տրորվում է։ Դուրս սողաց անկողնուց, եկավ քաշեց տատի գիշերանոցի փեշը։

-Տա՛տ, հաց եմ ուզում։

Տատը նստել է անկողնում, խոշոր ափով տրորում է երեսը.

-Արի՛, կողքս պառկի՛, քնի՛։

-Չէ, սոված եմ։

Տատը ծանր ելնում է տեղից, աղջնակը շան նման ետ-ետ նայելով,  առաջն ընկած վազում է խոհանոց։ Պապը չի արթնանում։

Սև ամպերը կուտակվել են սարի գլխին, տան պատերը մթնել, գորշացել են։ Աղջնակը կարճ պոզը լավ ձգեց բարակ մատներով, եկավ կանգնեց բետոնի ու հողի սահմանագծին։ Տատը խռմփացնում է աթոռին նստած, կզակն իջել է կրծքին խաչած թևերին։ Տատի հոնքերը ճերմակ են, թարթիչները երկար ու սև։ Աղջնակը ուզում է` տատը զարթնի։ Շատ է մենակ ու տխուր զգում իրեն գյուղում։ Այստեղ միայն տատին է սիրում։ Տատն էլ կամ զբաղված է, կամ` քնած։ Աղջնակը մոտեցավ, չոքեց, գլուխը դրեց տատի ծնկին։ Տատից չորացրած ռեհանի հոտ էր փչում։ Երևի ափով կանաչի է տրորել։ Փեշից տաք ձվածեղի հոտ է գալիս։ Աղջնակը փակում է աչքերը, տեսնում է տատը առջևից գնում է, իջնում ձորալանջից դեպի գետը։ Աղջնակը մոտեցել նայում է`ոնց է մերկանում, գետափին նետում նախշուն խալաթը։ Հետո պարարտ մարմինը, ճոճվելով ու արևի տակ փայլելով, վազում մտնում է ջուրը։ Աղջնակը ձեռքը պարզում է, չի հասցնում դիպչել տատին, ետ է նայում դեպի տուն։ Բա պապը՞։

 Նստում է գետնին, ուզում է լաց լինել։ Չոր խոտի վրայի կարմիր զատիկը խոտի հետ իջնում է մինչև նախշուն խալաթն ու կանաչ ցողունի պատկերի վրայով մտնում գրպանը։