Անահիտ Արփեն, Պատմվածք

Օձագալար

Տագնապալի կանչեր խուժեցին ուղեղը. փոքրիկն արթնացավ ու սոսկումով զարնվեց մթությանը:  Երեխան անկարող էր գիտակցել, թե ինչ է կատարվում շուրջը, ինչ աղմուկ է, և թե ինչու ինքը չի տեսնում: Մանկապարտեզում սովորաբար ցերեկն էին քնում, ցերեկն էլ արթնանում, իսկ հիմա վախենալու խավար էր, վախենալու հոտ էր գալիս ու վախենալու  ձայներ էին… Տարերային թփթփոց-թրխկոցները սարսափեցնում, մթագնելու աստիճան այլայլում էին մանկան գիտակցությունը… Փրկության հասավ բնազդական ճիչն, ու ի պաշտպանություն՝ երեխան սկսեց լացել ու մայրիկ կանչել։

– Սուս, սուս կաց, բալա, բան չի պատահել, հիմա մամադ կգա:- Մոր ձայնը չէր…

Դայակները քնած երեխաներին իջեցնում էին նկուղ, ետ գնում մյուսների հետևից։ Հրետակոծությունն ու դղրդյունն ավելի էին շտապեցնում: Իրենք մի քանիսն էին, երեխաները շատ։ Խուճապն անխուսափելի էր, նկուղում՝ կիսախավար։

– Բեր որ արթնացել ես, հագցնեմ,- ասաց մի ուրիշ ձայն:

– Մամա ջա՜ն…- ճչում էր աղջնակը և բռունցքներով դիմադրում:

– Լավ, դե, մեծ աղջիկ ես, ուզես ինքդ կհագնես, հերիք է լացես, վերցրու շորերդ:

Դաստիարակչուհին չգիտեր՝ որ մեկին հասնի, որ մեկին ուր տեղավորի, ոնց հանգստացնի. գոռում էին գրեթե բոլորը: Ուշքումիտքն ի՛ր ընտանիքի կողմն էր:

– Երեխանե՛ր… Երեխանե՛ր, խաղ ենք խաղում… խաղո՜ւմ ենք, աչքերը փակեք, լսո՞ւմ եք… մինչև չասեմ՝   չբացեք: Փակե՛ք: Փակեցի՞ք…,- փակեցին թե ոչ՝ կիսամութում չէր տեսնելու, շարունակեց,- այ, ապրե՜ք…

Տնտեսվարը հեռախոսը խնայում էր, մոմեր էր ճարմրել, բայց լուցկի չէր գտնում, որ վառի: Եվ երբ հույսը կտրած՝ ձեռքը գրպանը տարավ, հեռախոսի հետ էլ լուցկու տուփը գտավ: Օդը գաղջ էր, տտիպ ու ավելի անդուր, քան երեխաների բղավոցները. նրանք չէին էլ հասկանում՝ իրենց աչքերը բաց են, թե փակ, փակում էին մութ էր, բացում էին մութ էր…

Դայակներից մեկը, քրթմնջալով, ոտքի տակ ինչ-որ բան շոշափեց. հեռախոս էր:

– Հիմա, հիմա, երեխեք ջա՜ն…- ասաց կերկերուն ձայնով:

– Լռությու՛ն,- սաստեց դաստիարակը,- հիմա լույս կլինի… Չբացե՜ք, չբացեք…  Հենց ասեմ՝ բացեք, նոր կբացեք, հենց հիմա լո՜ւյս կլինի…

– Ահա, էս էլ քո քուրիկը, գնա քուրիկիդ մոտ:- Չորսամյա մի տղայի մոտեցնելով ճչացող աղջնակին՝ ասաց դայակը:

 Մանկիկը, որ քնաթաթախ էր ու ոչինչ չէր հասկանում, թե իրեն ուր են տանում, ուր են բերում, տեսնելով լացող քրոջը՝ ինքն էլ սկսեց լացել:

– Է՜, չեղավ չէ՞, ախպորդ լացացրիր,- բարկացավ դաստիարակը:

– Աա-պեե՜ր,- հեկեկաց աղջնակը…  

2023-ի սեպտեմբերի 19-ի ցերեկվա ժամը մեկը քնի ժամ էր: Աղջնակի մայրը՝ Արմինեն, երկու երեխաներին հանձնել մանկապարտեզ, փոքր որդու հետ տանն էր, ամուսինը՝ Արթուր Դանիելյանը, աշխատանքի էր՝ երբ հրետակոծությունը ճեղքեց գյուղի օդն ու թափվեց թաղի գլխին։ Արցախցիները թաղ բառով գյուղեր շատ ունեն ու գյուղերին էլ շեն են ասում: Ներքին Հոռաթաղը հարվածի տակ ընկել էր 2016-ի գարնանը, 2020-ի աշնանը ու հիմա՝ 1993-ին ազատագրվելուց 30 տարի անց, կրկին գնդակոծվում էր: Սև՜ լիներ էդ օրը, որ սև էր… Ի՜նչ ասես տեսել էին. օտարի լուծ, ընկեր-հարևանի սպանություն, պատերազմներ, զոհեր, հաշմանդամություն, հին ու նոր եկեղեցի…  2020-ի աշնանից առաջին կրակի բերան էին, վերջին ինը ամիսն էլ, ինչպես Արցախի մյուս շեները՝ շրջափակման մեջ:  Ու էս անգամ ավելի ծանր օրեր քաշեցին, քան պատերազմներում, բայց սովի, սնունդ հայթայթելու և պաշար կուտակելու գյուտարարության, էդքան ցավ ու էդքան տառապանքի մեջ սևը հենց էդ օրն էր, էդ հարձակումը՝ սպասելի, բայց հանկարծակի… Էլ ի՞նչ քնի ժամ… Արմինեն ճանկեց որդուն ու եկեղեցիների մոտով վազ տվեց մանկապարտեզ…

– Ապրե՜ք բալիկներ ջան, դե բացեք նայեք լույսերին, հա՞… տեսեք՝ ինչ սիրո՜ւն են… Երկնքի աստղերի նման են, չէ՞…- ասում էր դաստիարակը:

Տեղ-տեղ թույլ մոմեր էին կայծկլտում, տեղ- տեղ՝ հեռախոսների լույսեր: Աղջնակը շորը գրկել, դեռ արտասվում էր: Իրարով անցած դաստիարակներն ու դայակները երեխայից երեխա էին անցնում ու փորձում վերահսկել բոլորին: Արդեն գյուղացիներն էլ էին հավաքվում՝ և՛ իրենց երեխաներին փնտրելու, և՛ ապաստան գտնելու: Մանկապարտեզի նկուղը հարմար էր, բայց շարժվելու տեղ քիչ կար:

– Էս ո՞ւմ շորն է,- իբր չիմանալով՝ աղջնակի շորը քաշքշեց դայակը:

– Իմն է, իմն է,- ճչաց աղջնակը՝ կառչելով ճոթից:

– Լավ,- դայակը թեքվեց դաստիարակի կողմը,- խելքը ետ է գալիս:

– Տուր ինձ,- խոսեցրեց դաստիարակը,- որ չես հագնում, տուր ինձ:

– Չէ՛:

– Տո՜ւր…

Երեխայի աչքերը արցունքների մեջ քարացան, կտրուկ լռեց:

– Ի՞նչ կլինի, տուր ինձ,- արդեն մեղմաձայն խնդրեց դաստիարակը:

Խեղճացած երեխան շորն անխոս սեղմեց իրեն:

– Գողացա՛,- զվարթ ու երգեցիկ կանչեց դաստիարակը՝ աղջնակից թռցնելով շորը,- գողացա, գողացա՜, բա… Չեմ տա…

– Էս ո՞վ է,- ինչ-որ լուսանկար շարժելով՝ հարցնում էր մյուս դաստիարակը մի տղա երեխայի:

– Պապաս,- հպարտացավ տղան:

– Պապադ լավը չի,- կատակեց դաստիարակը…

– «Գողացավ, խլեց, քոնը քո՛նը չի… պապան լավը չի…»,- քրթմնջաց գյուղացի կանանցից մեկը:

– Դու մանկավա՞րժ ես,- կնոջը կտրուկ հարցրեց տղային զբաղեցնող դաստիարակը:

– Չէ՛,- նետեց կինը:

– Ես մանկավարժ եմ, իսկ դու ամեն ինչի մեջ վատն ես տեսնում, մեղք ես:

– Մեղա, մեղա, քեզ ի՞նչ եղավ, ա՛յ աղջի…- կնոջ կողը բոթեց հարևանուհին:

– Հեչ,- ասաց կինը,- լսածս տեղադրում եմ մեր իրականության մեջ ու տեսնում ոնց ենք թողնում, որ  մերը խլեն մեզնից…

Կինը ափ նետված ձկան պես օդ կուլ տվեց…

Արմինեն, փոքր որդուն գրկած, մտել էր նկուղ և բազմության մեջ իր ձագերին էր փնտրում:

– Անյուտա՜… Մուշե՞ղ…

Անյուտան մոր ձայնը լսելուն պես՝ նորացրեց լացը, Մուշեղը փարվեց քրոջը:

– Անյուտա, բալաս, ցավդ տանեմ, ինձ նայի՞ բալա, շըշ, շըշշ, մաման եմ, Անյուտա՜ջան, վախեցե՞լ ես, ի՞նչ է եղել, մի՛ լաց, եկել եմ, ինձ նայի, բալա…

– Մութ էր, մամա…- հեծկլտաց երեխան:

– Անցավ, բալաս, անցավ…

Արմինեն երեքին էլ գիրկն առավ, որ սփոփի, բայց ինքը փլվեց. արցունքներն ակամա հորդացին: Շրջափակման ինը ամիսների ընթացքում մեկ ակնթարթ անգամ չէր լացել, չէր բողոքել, նույնիսկ ամուսնուն խնդրել էր, որ իրենց խոշոր կարտոֆիլի պաշարը պահեն նեղ օրվա, իսկ առայժմ առնեն վաճառվող մանրերը՝ եռակի թանկ: Կոնֆետի մասին խոսք լինել չէր կարող, գաթան դոշաբից էին թխում, ձվով ինչ ասես սարքում: Չգիտեին, թե շրջափակումն ինչքան կտևի,  ժամերով հացի հերթ էին կանգնում… 90-ականների պատերազմի ժամանակ չափաբաժնով, բայց տալիս էին, իսկ էս շրջափակման մեջ միայն լսում էին, թե չկա կամ քիչ է, իսկ իրենք չգիտեին, թե էդ չեղած քիչը քանի օրվա պաշար անեն: Ու էլի չէին ընկճվում, մի բան ստեղծում, ապրում էին:

Արմինեն թևքը արագ քսմսեց դեմքին մաքրեց:

– Տե՛ս, ախպերներդ քեզնից փոքր են ու չեն լացում, դու էլ, մի՛ լաց,- ասաց՝ սրբելով նաև երեխայի արցունքները:- Հիմա հայրիկն էլ կգա, կգնանք տուն…

– Լացում են,- ասաց Անյուտան՝ արդեն ընդհատ-ընդհատ սնկրտալով:- Դու էլ ես լացում:- Քիթը քաշեց և ուղիղ նայելով մորը՝ լռեց…

Տնտեսվարը, կաղին տալով, արկղեր էր իջեցնում նկուղ. խոհանոցում ինչ ճարում քարշ էր տալիս ներքև… Հետո ինքն էլ ոտքը բռնած քաշվեց մի կողմ: Երբ արկերի տարափը դադարեց, և բոլորը մի քիչ խաղաղվեցին, լռությունն ավելի ահավոր էր:

Հաջորդ օրն արդեն խոսում էին, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս մարդիկ գնան իրենց տները: Ասել էին՝ հիմա հնարավոր չի, հիմա գնացեք Ստեփանակերտ և հրահանգել՝ մի քանի օրից ամեն ինչ կհանդարտվի կգաք: Բայց գյուղացոց կարծիքները տարբեր էին.

– Ո՜ւր գնանք ախր, է՜…- մտմտում էին:

– Բա ի՞նչ ենք անելու, ասենք մի գիշեր էլ ստեղ մնանք… Արդեն դպրոցին են խփում՝ գիտեն ուր ենք…

– Գյուղում չենք կարող։ Մարդիկ փողոցում են՝ առանց դեղորայքի, առանց հացուջրի: Զոհեր, վիրավորներ շատ կան, իսկ դիրքերում մնացածներից լուր չունենք… Ստեփանակերտ են ուղարկում,- պնդեց գյուղապետը:- Շարժվե՛ք:

– Մնացականյա՛ն, հագներս շոր չկա, ձեռքներս փող չկա:

– Մի քանի օրից հետ եք գալու, մի՛ մտածեք,- համոզեց Մնացականյանը:

– Քանի՞ զոհ ունենք,- հարցրին:

– Կապ չենք կարողանում հաստատել,- դժգոհեց գյուղի ղեկավարը։

– Ժուլյային են թոռանը հետ թխալ… Մեծի խոխին՝ Արեգին,- կամացուկ ու ցավով ասաց ականատես գյուղացիներից մեկը:

Ժուլյայի տղերքը՝ երկուսն էլ զինվորական, արկղերը հարմարացրել էին ու հրետակոծության տակ իրենց մորն ու երեխուն մի կերպ հանձնել հողին:

– Էխ, էխ, է՜խ…- հառաչեցին գյուղացիք:

Ու մի կերպ հասան Ստեփանակերտ ՝ երբեմնի Վարարակն՝ վստահ, որ հետ են գնալու իրենց տները: Բայց տեղ չհասած՝ նոր դղրդյուն ու պայթյուն ցնցեց բոլորին. հայտնի չէ թե ով և ինչու պայթեցրել էր լցակայանը:

– Հը՞, ի՞նչ իմացաք,- հարցրին կանայք:

– Մեկն ասում ա ծխախոտ են գցել, մյուսը՝ մի ուրիշ բան,- լուր բերին տղամարդիկ:

– Հետո էլ ասում են, թե վառելիք չկա: Փաստորեն կար ու հեչ էլ քիչ չէր:

– Վախեցնում են, որ բոլորս կորչենք գնանք,- ասաց մեկը:

– Առանց վախեցնելու էլ՝ մնացող չկա: Պարզ չի՞, որ թուրքի ձեռի տակ ապրել չի լինի: Համը գիտենք…

Կռվի մեջ եղած մի երիտասարդ հոռաթաղցի գնում-գալիս զննում էր ապաստարանը, ընդառաջ շտապում եկողներին, ի վերջո, վճռական ոտքի կանգնեց:

– Վովա ջան, հի՞նչ ա ըլալ,- հարցրին համագյուղացիք:

– Ես քինում եմ շենը,- ասաց,- հերս ու մերս  շենումն են մնացալ:- Ասաց ու գնաց զոհվելու իր իսկ տան շեմքին՝ մինչ հերն ու մերը անտառներով թաքուն կհասնեին Ստեփանակերտ ու վայ կտային իրենց գլխին:

Քիչ անց, ապաստարան հասավ հաջորդ հակասական լուրը:

– Խաղաղապահներն ասում են՝ կարաք գնաք ձեր տները,- հայտարարեցին:

– Էլ չե՞ն կրակում,- ուրախացած հարցրին լրաբերին:

– Ասում են, թա կռիվ ա, թուրքն էլ՝ գյուղում:- Ապա ձայնը իջեցրեց,- Վովային թխալ են:

– Բա ո՞նց ենք գնում,- տարակուսեցին անզոր մարդիկ:

– Խաղաղապահն էր ասում,- արդարացավ լուր բերողը,- իսկ տղերքն ասում են՝ կռիվ ա: Ասում են՝ դուք ո՞ւմ ասածին եք հավատում, թուրքերը խանութի մոտ են, ո՞ւր եք գալիս…

– Դե գնացեք ձեր բարեկամների տները՝ գյուղ չեք ուզում,- հորդորեցին կողքից:

– Մե՞նք չենք ուզում… Ա՜յ քեզ բան, ո՞նց թե՝ չենք ուզում…

Օդանավակայանում ասեղ գցելու տեղ չկար: 

– Գոնե էրեխեքին ուղարկենք Երևան կամ թեկուզ մի ձևով հասցնեն մինչև Գորիս: Գոնե էրեխեքը փրկվեն,- մտածում էին մարդիկ:

Ով Ստեփանակերտում մի ծանոթ կամ ազգական, մի բարի կամեցող ուներ, գնաց նրա տանը ծվարեց՝ սպասելով մի հուսադրող լուրի… Բայց չորս օր անց ռուս «խաղաղապահները» էս անգամ էլ հայտարարեցին, թե՝ ի՞նչ կռիվ ի՞նչ բան, վերջ՝ Արցախը հանձնած է, հեռացեք:

Մարդիկ ականջներին չէին հավատում, իրենց մխի մեջ մոլորված՝ տեղից չէին շարժվում:

– Սև հաց կուտեմ, բան չեմ ուզում,- կծկվեց մեկը:

– Ո՜նց հասանք էս օրին,- մղկտաց մյուսը:

Ասես ապաստարանը փուլ եկավ ժողովրդի գլխին…

– Ախր ինչո՞ւ… Ախր խաղաղապահներ կան, ախր…- իրար երեսի էին նայում:

– Ի՞նչ խաղաղապահ, ա՛յ միամիտներ,- ասաց մի տղամարդ՝ երեխային վերցնելով գիրկը,- օձը տաքացնողին ա կծում, լի՜, վեր կացեք: Տասնհինգ թվին էլ են մեզ նման մտածալ, որ էլի. հետևը՝ սուր, առաջը՝ ջուր… Ու կարմիր հայասպան:

– Վեր կացեք, վեր, ճիշտ ա ասում,- էդ ռուսների մոտից չե՞ն տանում մեր տղերքին, ոնց որ 90-ականներին էին անում: Նույնն էլ հիմա, լի՜, ո՞ր դեպքն ասեմ… Ոսկի ու ադամանդ ըլնենք, ձեռի մեջ ձվածեղ եփենք ռսի համար, մեկ ա՝ ռուսն իր օձությունն ա անելու: Վեր կացեք քինանք:

– Դե որ ռուսը թուրքից վատն ա, էլ ո՞ւր եք գնում… Հի՞նչ կյանք ա ըլելու՝ տնավեր, բնավեր… Էս գոնե գիտեմ, որ իմ տանն եմ:

– Ի՞նչ գիտես՝ ուր են ուղարկելու: Քո տնից չե՞ն քեզ հանել բերել:

– Է ռուսն ասեց՝ մնացեք մինչև իրավիճակը հանդարտվի, կգնաք ձեր տները:

– Էլի ասում ա՝ ռուսը: Կամ դրանք կթողե՞ն իրավիճակ հանդարտվի:

– Հա, բայց ապրել են, չէ՞, Սովետի վախտը,- ձայնը բարձրացրեց մի երիտասարդ:

– Սովետի վախտը պետությունը Սովետն էր, տղա ջան, Ադրբեջանը չէր, ու հիմա Սովետի վախտը չի:- Տղամարդը նայեց իր կնոջը,- վեր կաց, աղջի, վեր կաց, հորդ Ասսուն մեռնեմ, վեր կաց գնանք…

– Կրկժանում…,- հանկարծ խոսեց մի երիտասարդ հարս,- թուրքը մտավ մեր տուն, վախից երեխուն գիրկս առա, նայեց ինձ, ասեց՝ դուրս եկեք: Զարմանալի բան՝ հեչ թուրքի նման չէր:

– Երևի հրաման են ստացել՝ միայն վախեցնել ու դուրս քշել, որ հետո ասեն, թե իբր հայերը իրենք չուզեցին մնան: «Կալցոյի» ժամանակ ռսի բանակը ո՞նց էր ստիպում, որ հայերը թուղթ գրեն, թե իբր չեն ուզում իրենց շենում ապրեն ու հեռանան: Չխաբվեք ո՛չ նրան, ո՛չ նրան:

Արթուր Դանիելյան և Արմինե Առստամյան ամուսինները լուռ էին: Արթուրի աչքի առաջ հոր շիրիմի մի բուռ հողն էր, որ մնացել էր տանը. մտածում էր՝ գոնե էդ հողը վերցնեին: Արմինեն էլ մտածում էր՝ «Բա մա՞րդ էլ երկու մեքենա ունենա, մեկը չկարողանա…»: Բայց որսալով մոր քարացող հայացքը՝ նկատեց, որ էս երկու տարում մայրն ավելի է ծերացել: Բա նա՞ ինչ ասեր… Քառասունչորսօրյայից առաջ ծնողներն ու եղբոր ընտանիքը Ավետարանոցից եկել էին ծնունդ շնորհավորելու, ու պատերազմ էր սկսվել, գյուղը մնացել Ադրբեջանին:

Մայրը հոգոց հանեց, շունչը կուլ տվեց, Արմինեն տխուր խոնարհեց գլուխն ու նայեց հողաթափերին:

– էս քի՞թը երբ ա ծակվալ,- մտածեց:- Գոնե կոմպդ մոտդ լիներ,- ասաց ամուսնուն:

Արթուր Դանիելյանը նայեց կնոջ դեմքին:

– Չգնա՛ս,- ճչաց Արմինեն, ապա գլուխն աղերսանքով տարուբերեց,- չէ՛: Տեսար՝ գնացողն ինչ եղավ… Ի՜նքը, ընկե՜րը՝ զինվոր տղերք… Ու չորս խոխա էլ որբացան:

Արմինեն այլայլված հայացքը սևեռել էր ամուսնուն:

– Լավ, հանգստացի, գյուղ չեմ գնա: Ի՞նչ ա պետք, ձեզ մի բան ճարեմ՝ սենց տկլոր չմնաք: Դու երեխեքին աչքիդ առաջ պահի, ես շուտ գնամ-գամ:

 Արթուրը շարժվեց դեպի ապաստարանի ելքը: Արմինեն ակամա մոտ քաշեց առանց էդ էլ իրեն կառչած զավակներին՝ գրկից չիջեցնելով ամենափոքրին։ Տանը թողել էին սև օրվա համար պահած հացահատիկը, վեց պարկ ալյուր, կարտոֆիլի բերք, կենդանիներ, հավուճիվ, առանց շաքարավազի հարյուր վաթսուն պահածո, տունուտեղ…

– Հոքիրիդ տղան ասում ա՝ եկեք մեր տուն:

Արմինեն նայեց մորը, որից էլ եղբո՛ր երեխաները պոկ չէին գալիս: Հորաքրոջ որդին անխոս բռնեց մեծերի ձեռքը և քայլեց դեպի դուրս: Արմինեն ու մայրը փոքրերին գրկած՝ հետևեցին նրանց:

Մի չորս օր էլ հորաքրոջ տանը մնացին ու բոլորի նման ստիպված, մեկ օրվա պաշարով, գլխներին գալիքը չիմանալով՝ բռնեցին գաղթի ճամփան, ուր իրենց իմացած մի քանի ժամվա տարածությունը հաղթահարելու էին երկու օրում՝ անջուր, անհաց և անհույս՝ թե անվնաս դուրս կգան: Խճուղին ամբողջովին խցանված էր ամեն տեսակի փոխադրամիջոցներով ու հետիոտն փախստականներով, երթևեկությունը գրեթե կանգնած էր. ամեն րոպե կարող էին հրետակոծվել կամ ուղղակի ճամփեզրերից գնդակոծվել…

Տատ ու թոռնուհի Անյուտաներն աչք չէին կտրում հայոց չհեռացող, հրաժեշտ տալ չցանկացող սարերից։ Բնությունը, որ  միշտ հային ուժ տվող ապավեն ու պաշտպան էր եղել, վիրավորանքը մոռացած՝ կառչել էր օձագալար ճամփան բռնած քարավանի փեշերից ու նվաստացումը կուլ տալով աղերսում էր՝ մեզ մի՛ լքեք: Քարութուփ անզորությունից սեղմվում էին, ու ամեն քարից արյուն էր ծորում՝ Արցախի ազատագրության համար ազատամարտիկների ու բանակայինների հեղած արյունը։ Իսկ զոհվածների հոգիները քարացել էին երկնքում, և գաղթական ժողովուրդը նրանց գլուխներով սալարկված ճամփով էր հեռանում։

Առջևի մեքենայում անհանգստություն սկսվեց, ուղևորներն ինչ-որ մեկին դուրս քաշեցին՝ հապշտապ փորձելով օգնել, բայց ավա՜ղ… ո՛չ օգնել կարող էին, ո՛չ էլ մարդն արդեն օգնության կարիք էր զգում: Նա այլևս ոչինչ չէր ուզում…

Գաղթողների ցավուվիշտը մեկն էր, հերթական աղետից ցավագլոր ձգվող քարավանը՝ համազգային ողբերգություն: Մեքենա կար, որում քար լռություն էր, մեքենա կար, որում թոռների միջև նստած հադրութցի կրկնափախստական տատը նստած տեղը հոգին ավանդել էր, ու նրան հենված թոռները գլխի չէին տատի հեռացած լինելուն: Եվ ոչ մի մեքենայում փոքր երեխաները տեղ չունեին, ուստի մեծերի ծնկներին կամ գրկից գիրկ էին տվայտվում: Անտանելի նեղվածք ու քարացած վիճակ էր: Շատ քիչ, բայց մեքենա կար, որում բուռն խոսակցությունը չէր դադարում ու որ մեքենայում ինչ խոսեին, բոլորը հիմնականում նույն եզրահանգմանն էին գալիս.

– Մարդկանց չտվեցին, պահեցին թալանչի ու ուրիշինը վայելող ռուս ու թուրքին…

       – Ինչ արեցին՝ մեր մեծամեծներն արեցին, հետո էլ թե՝ դուրս եկեք, դուրս եկեք…

– Լա՜վ էլ իրար հետ կազմակերպված խուճապ գցեցին, որ մարդիկ սկսեն փախչել…

Այսպես, ամեն վայրկյան տասնհինգ թիվը գլխներին կախված՝ բռնի տեղահանվողները հերթով հասնում էին Հակարի կամուրջ, ներկայանում ռուսի ու թուրքի ստուգիչ անցակետեր, որոնք հարևանությամբ էին զետեղված, երկուսն էլ՝ բավական լուրջ կահավորված:

Հերթը հասավ Արթուր Դանիելյանի ընտանիքներին: Թուրքը թակեց մեքենայի պատուհանը, Արթուրը մեծերին հրահանգեց լռել, երեխաներին խնդրեց չխոսել: Թուրքը գլուխը մտցրեց ներս, հաշվեց քանի մեծ քանի փոքր կա մեքենայում, հայտնեց, գրառեցին:

– Մնացեք, մնացեք,- ծաղրում էին,- ինչո՞ւ եք գնում, էրմանիլար:

Ռուսը մլուլ էր տալիս մեքենայի շուրջը, թուրքը կոպիտ թխկացրեց բեռնախցիկին, թե՝ բացեք, տեսնենք ինչ եք տանում… Էհ, ի՞նչ էին կարողացել վերցնել, որ ի՜նչ տանեին: Ցա՞վ, մրմո՞ւռ, անզորությո՞ւն, թե՞ չարածի ափսոսանք… Զինվորական հագուստ ու զենք տանելը բացառվում էր. մեքենայով անցնում, սարքով հայտնաբերում, խլում էին: Տեղում ճշտում էին, թե ով, ինչ, ինչքան դուրս եկան Արցախից, հայտնում իրենց վերադասներին:

Ավար չհայտնաբերելով՝ խուզարկողներն իրենց ավանդական չարախնդությամբ մոտեցան մյուս մեքենային. քարավանի պոչն արդեն երևում էր, վերջին փախստականներն էին հեռանում, նրանցից ինչ էլ պոկեին օգուտ էր, իսկ ետ մնացածները նրանք էին, ովքեր լավից-վատից հասցրել էին մի բան վերցնել՝ թեկուզ միայն ոսկեղեն: Ուրեմն հնարավորինս թալանվելու էին:  Եվ ոսկեղենի ակնկալիքով էլ բարեկամ դաշնակիցները զննեցին հայի հաջորդ մեքենան:

– Ոսկի չկա, փո՞ղ էլ չկա,- հարցրեց թուրքը:

Նայեցին իրար երես. ռուս զինվորն ուսերը թոթվեց, թե՝ ինձ չես հավատում, դու գտի: Ադրբեջանցին նայեց մեքենայի մեջ, մի պատանի զոհված հոր լուսանկարը սեղմեց կրծքին: Թուրքն ինքնաձիգի փողը դրեց տղայի գլխին:

– Отставить (թողնե՛լ),- արհամարհական նետեց ռուս զինվորը:

Թուրքը ետ քաշվեց, տղայի մայրը փախցրեց հայացքը, խուզարկողները շտապեցին անցնել հաջորդ մեքենային՝ փախստականների շարասյունն ավարտվում էր:

Հայերը կամաց-կամաց հեռանում էին իրենց բնօրրանից: Երբ անցակետերը մնացին ետևում, և հույս ծագեց, թե ողջ կմնան, մի փոքր ազատ շունչ քաշեցին: Մի քիչ էլ հեռացան, սկսեցին հույս փայփայել, թե կփրկվեն: Ի վերջո, ահուդողը սրտներում, արնոտ քարութփին քսվող ոլորաններով, օձագալար ցավից ատամները սեղմած՝ քարավանը հասավ Գորիս:

– Եկեք, եկեք, վերջ, ազատվեցիք…- ասացին Գորիսում:

– Է՜, ազատվեցինք…- դառը հեգնեց Արթուրը,- փախչողին ի՞նչ ազատվել…

– Հասկանում ենք՝ ինչ ես ասում, բայց դե կարևորն էն ա, որ ողջ մնացիք,- ասացին,- սա էլ ա Հայաստան:

– Շա՞տ մարդ մնաց,- հարցրին:

– Երևի միայն ծերեր, անդամալույծներ, անմեղսունակներ, այլազգի կամ խառնամուսնություններով զույգեր, չգիտենք, շատ-շատ մի 20 հոգի,- պատասխանեցին:

– Եկեք հանգստացեք,- ասացին:- Մինչև տեսնենք, թե ինչ է գալիս գլուխներս:

– Չէ, մամա, ես չեմ ուզում քնեմ, աչքերս չեմ փակի, թե չէ էլի մութ կլինի…

Ասաց վեց տարեկան Անյուտան, որ Աննա, Անահիտ անվան ռուսականացրած արտահայտությունն է…