Հասմիկ Ավետիսյան, Պատմվածք

Թափառող մտքեր

                                                            

   Սառն ու ամպամած գիշեր էր։ Քամին ծեծում էր դռներն ու պատուհանները, աղմուկ տարածում շուրջբոլորը, ասես ինչ-որ մեկը այս ու այն կողմ էր անում դատարկ տան մութ սենյակներում։ Ինչ-որ չարագուշակ բան կար փոթորկուն գիշերվա խոր խավարում։ Դուրս եկա մթության մեջ թաղված հյուրասենյակ, որտեղ կայծակը ցերեկվա պես լուսավորեց պատից կախված ջահել օրերիս դիմանկարը։ Քարացած-կանգնած մնացի տեղումս, դեմ առ դեմ մնալով լույսից առավել ընդգծված ու մի վայրկյանում կենդանություն ստացած սեփական հայացքիս, որի խորքում երևում էր ապրածս տարիների յուրաքանչյուր ակնթարթը։ Նկարը մթնեց, կայծակի լույսն անհետացավ։ Փոթորիկը կարծես ավարտվեց։ Խաղաղություն զգացի շուրջս։ Սկսեցի շարժվել տեղումս, զգալու համար՝ արդյո՞ք դեռ ունակ եմ դրան։

Կամաց-կամաց սկսեցի քայլել։ Ձեռքերս ու ոտքերս թմրությունից ծակծկում էին այնպես, որ ոտքս չէի կարողանում հատակին դնել, իսկ ձեռքս չէր բռնում դռան փոքրիկ բռնակը։ Վերջապես դուռը բացվեց, և անմիջապես ինձ անկողին գցեցի, վերմակով ամուր ծածկեցի գլուխս ու ականջներս՝ որոտի նոր ժայթքումներից իբր պաշտպանվելու համար։

   Արթնացա աքաղաղի կանչից։ Արևը սկսում էր ծուլորեն բացել իր՝ հետզհետե ջերմացնող շողերը։ Աչքերս բացելուն պես տեսա փակ վարագույրը նրբորեն շոյող դեղին բծերը։ Նստեցի անկողնում, և աչքերիս առջևով մի ակնթարթում անցավ գիշերվա խորհրդավորությունը։ Մտքիցս դուրս չէր գալիս կայծակով լուսավորված երիտասարդ, առանց կնճիռների աչքերս և այնտեղից նայող համարձակ հայացքը։ Ծանրացած ոտքերս դժվարությամբ հանեցի վերմակի տակից, իջա անկողնուց, հագնվեցի, պատրաստվում էի դուրս գալ տնից, երբ հայացքս հանդիպեց դիմանկարի երիտասարդ, կյանքով լեցուն աղջկա հայացքին։ Մարմինս փշաքաղվեց ,ու ես կրկին մնացի տեղումս քարացած-կանգնած, հայացքս գամված ջահել օրերիս պատկերին։ Նայում էի ու նայում, երբեմն չհավատալով, որ նկարում պատկերված կինը ես եմ։ Երբ ամուսնացա համարյա երեխա էի։ Ընտանիքս բազմանդամ էր, ապրում էինք այս նույն գյուղում։ Ծնողներս ծերը ծերին հազիվ էին հասցնում։ Սոված ու ցուրտ օրերը հետևում էին մեկը մյուսին։ Տան ամենափոքրն էի։ Հարևան կանայք հաճախ էին ասում․ «Լուսի կտոր ա աղջիկդ, Անուշ»։ Այդ խոսքերից հետո ամեն անգամ վազում էի հայելու առաջ ինքս ինձ ուսումնասիրելու, ինչ-որ ոգևորիչ բան էի փնտրում ինքս իմ մեջ, իմ արտաքինում։ «Լուսի կտո՞ր»,- արտացոլանքս նշմարելով հայելու աղոտ ապակու խորքում, կրկնում էի ես և տեսնում բոլորովին հակառակ պատկերը։ Դեմքիցս գունատություն էր ծորում։ Որքան երկար էի նայում ինքս ինձ, այնքան այդ գունատությունը, որ սկզբում տխրեցնում էր ինձ, վերածվում էր «յուրահատուկ գեղեցկության», ինչպես մի օր նկատեց մեր հարևանի տղան, որին էլ գարնան մի զով երեկո հայրս ինձ կնության տվեց։ Երբ հայրս ձեռքս դրեց նրա ափի մեջ ու ասելով՝ երջանիկ եղեք, փակեց դուռը մեր հետևից, ես անսպասելիությունից սկսեցի բարձրաձայն հեկեկալ, ապա՝ լաց լինել։ Մի կերպ ազատվեցի «ամուսնուս» ձեռքից ու սկսեցի ուժգին բախել մեր տան փայտե դուռը։ Չգիտեմ, որտեղի՞ց իմ մեջ այդքան ուժ, ես փոքրամարմին աղջիկ էի, բայց այնպես էի բախում, որ քիչ էր մնում դուռը պոկվեր տեղից։ Ամուսինս կարողացավ բռնել ինձ ու հանգստացնել։ Մեր տան դուռն այդպես էլ չբացվեց իմ առաջ։ Միայն լսեցի, թե ներսում ինչպես էր լաց լինում մայրս, իսկ հայրս չոր պատասխանում նրան․ «Մի հոգսից պրծանք, կգնա ու իր համար առոք-փառոք կապրի»։ Արցունքներս սառեցին երեսիս ու այլևս չհոսեցին։ Ես հնազանդորեն հետևեցի ամուսնուս և գնացի իմ նոր ու արդեն միակ տունը։ Սկսվեց իմ նոր կյանքը, որին երկար ժամանակ չէի կարողանում հարմարվել, բայց մի օր դա էլ եղավ։ Ես վեր էի կենում աքաղաղի կանչի հետ, կերակրում ամուսնուս ու ճանապարհում սարերը։ Դռան դիմաց կանգնած, հայացքով ուղեկցում էի ամուսնուս մինչև նրա փարթամ ստվերն այնքան էր փոքրանում, որ դառնում էր մի փոքրիկ կետ և նախրի հետ կորում արևի նոր-նոր դուրս եկող ճառագայթների մեջ։ Ես վերցնում էի կորեկով լի ամանն ու մտնում հավանոց։ Հավերը թառերից ցած էին նետվում ինձ տեսնելիս ու իրար հրմշտելով խժռում կորեկը։ Հավանոցի դռան ետևից իր կանաչ աչքերը ինձ էր հառում սպիտակամազ կատուն, որ բացուխուփ էր անում ու չփչփացնում բերանը։ Կատվին տեսնելիս հավերն անմիջապես թռչում էին թառերին, իսկ ինքը՝ կատուն, լիովին բավարարված էր զգում իրեն հավերին իրենց տեղը ցույց տալու համար։ Ես դուրս էի գալիս հավանոցից ու գնում խոհանոց։ Կատուն մի արհամարհական հայացք էր նետում հավերի ուղղությամբ ու հետևում ինձ՝ ստանալով կաթով լի մի ափսե։ Մինչ կատուն ագահորեն, մռութը մինչև ափսեի հատակը սուզելով կլանում էր կաթը, ես մածուն էի մերում, ապա լցնում խնոցին՝ կարագ ու պանիր պատրաստում։ Մտքերս թափառում էին մեր գողտրիկ տան տաքուկ, միևնույն ժամանակ սառը անկյուններում։ Փորձում էի հայացքով գտնել բեռի ծանրության տակ կքած փոքրացած մորս հեզ պատկերը, որ առավոտից իրիկուն անտրտունջ աշխատում էր տանը, հանդում, դաշտում՝ ամենուր։ Հորս նիհարած դեմքը, չորացած ու աշխատանքից կոշտացած ձեռքերը։ Մտքերով թափառեցի ու հասա մեր խնոցուն, որում մայրս աշխարհի ամենահամեղ կարագն ու պանիրն էր պատրաստում ու մենք բոլորով ուտում էինք պայթելու աստիճան, չնայած այն բանին, որ կարագն ու պանիրը այնքան էլ շատ չէին․ մեր ստամոքսներն էին փոքրացել այնքան, որ մի պատառը մեզ հասցնում էր պայթելու աստիճանի։

   -Մյաո՜ւ, – վերջացնելով ուտելը մլավեց կատուն ու նստելով վառարանի կողքին սկսեց լեզվով լպստել բեղիկներին ցողի պես նստած կաթը։ Ես բացեցի խնոցին, ամանների մեջ լցրի կարագն ու պանիրը, ապա ալյուր մաղեցի, թոնիրը վառեցի ու լավաշ թխելու պատրաստություն տեսա։ Մեկը մյուսի հետևից հանում էի մեծ ու փափուկ լավաշները, որոնց տաք բույրն արդեն տարածվել էր խոհանոցի պատերից դուրս և խնամքով շարում սեղանին։ Կաթից փքված կատուն, որ արդեն քուն էր մտել վառարանի տաք անկյուններից մեկում պառկած, դանդաղորեն բացեց կանաչ աչքերը։ Սպիտակամազը շնչեց լավաշի բույրն ու ավելի փքվեց, այն աստիճան, որ քիչ էր մնում պայթի։ Նա ծուլորեն վեր կացավ պառկած տեղից ու չմչմփացնելով մոտեցավ լավաշի սեղանին։ Ես կիսեցի լավաշներից մեկն ու դրեցի կատվի առաջ։ Նա մի վայրկյանում կուլ տվեց լավաշն ու ծուլորեն վերադարձավ իր տեղը։ Թոնրից հանելով վերջին լավաշը, բերեցի նախորդ օրվանից հունցած գաթան ու դրեցի թոնիրը։ Շատակեր կատվի քթին հասավ թարմ թխված գաթայի հոտը, բայց ծուլությունից փքվեց ու տեղից չշարժվեց:

   Կեսօր էր։ Արևն արդեն ահագին բարձր էր երկնքում։ Այդ ժամերին սովորաբար լվացք էի անում, վերցնում էի տաշտն ու գնում գետը։ Կատուն հետևում էր ինձ։ Քայլում էի ու ինձուինձ ասում․ «Հանկարծ ու չտեսնեմ նրան»։ Այդ պահին ինձ դեմ-հանդիման դուրս էր գալիս հարևան տան հարսներից մեկը։ Ես խորը շունչ էի քաշում նրան տեսնելիս։ Մենք կանգ էինք առնում, մի քանի րոպե խոսում դեսից-դենից և որովհետև նա չափազանց շատախոս էր ու բամբասկոտ, արագ  բաժանվում էինք։ Մինչ գետը հասնելը կատարվում էր այն, ինչից վախենում էի։ Ամեն անգամ, չգիտեմ պատահաբար, թե դիտավորյալ, ինձ հանդիպում էր գյուղի երիտասարդ բժիշկը, որ մշտապես գյուղացիներից մեկի տուն էր գնում։ Մենք բարևում էինք միմյանց։ Ինձ դուր չէին գալիս այդ «պատահական» հանդիպումները,բայց նա այնքան կիրթ ու բարեհամբույր երիտասարդ էր, որ չէի համարձակվում կոպիտ խոսել հետը։ Քաղաքավարությունից ելնելով մի քանի վայրկյան խոսում էի նրա հետ ու հեռանում։ Երբ գնում էի գետը, կատուս հետ էր շրջվում ու նայում նրան։ Մեխանիկորեն ես էլ էի շրջվում ու տեսնում, որ բժիշկը դեռ երկար նայում էր իմ հետևից, բայց, ի վերջո, շարունակում էր ճանապարհը։ Կատուն դանդաղ քայլերով գալիս էր ետևիցս։ Ես գետում լվացք էի անում, իսկ կատուն պառկում ու կիսաքուն ինձ էր նայում։

   Երեկոն պարուրել էր գյուղը։ Կերակրելով հավերին ու փակելով հավանոցի դուռը, ես գալիս էի տուն ու ընթրիքի սեղան պատրաստում՝ սպասելով ամուսնուս վերադարձին։ Կատուն արդեն վայելում էր իր բաժին ընթրիքը և շատ էլ գոհ էր ծույլի իր կարգավիճակից։ Ահա եկավ նաև ամուսինս ու մենք սկսեցինք ընթրել։

Հիմա ես միայնակ եմ գյուղի իմ տանը, իմ ջահել օրերի դիմանկարի առջև փշաքաղված-կանգնած։ Ամուսինս վաղուց է մահացել, չկա անգամ ծույլ, շատակեր կատուս։ Լավաշ ու գաթա հազվադեպ եմ թխում։ Տունս դատարկ է, դրանց տաք բույրը շնչող չկա։ Երեխաներս վաղուց են լքել գյուղը, մեր երբեմնի շնչող տունը։ Մնացել ենք միայն ես ու իմ թափառող մտքերը և, իհարկե, իմ ջահել կրկնօրինակը, որ գարնան մի զով երեկո նվիրել էր այն երիտասարդ բժիշկը։