Մրցույթի մասին խոսում են գնահատող հանձնախմբի անդամները
– Մրցույթն արդեն երրորդ տարին է անցկացվում։ Ինչպե՞ս էիր այն պատկերացնում երեք տարի առաջ, երբ մրցույթի գաղափարն ունեիր ընդամենը: Հիմա հետհայաց եթե նայենք, ինչ կարող ենք ասել երեք տարվա արդյունքների, ձեռքբերումների մասին։
Մհեր Իսրայելյան (արձակագիր, մրցույթի հիմնադիր)
– Զուտ մրցույթի գաղափարի իրագործման ու բովանդակության առումով կարող եմ վստահաբար ասել, որ մեծ անակնկալներ կամ հիասթափություններ չեն եղել։ Անսպասելին այն աշխուժությունն էր ու հայտերի հոսքը, որ մենք ունեցանք, հատկապես առաջին տարվա համար։ Երեք տարիների շուրջ 250 հեղինակների մասնակցությունն ու 319 ստեղծագործության ներկայացման փաստն ինքնին վկայում է, որ մեզ նման փոքր երկրի գրական ընթացքի մեջ կարողացել ենք ինչ-որ առումով կոտրել սառույցը ու գրականության այնպիսի նուրբ ժանրում, ինչպիսին պատմվածքն է, որոշակի հետաքրքրություն առաջացնել։ Համենայնդեպս, պարբերաբար ստանում ենք ազդակներ, որ հեղինակները ու գուցե ընթերցողներն արդեն ամեն տարի սպասում են մրցույթին։
Ամենամեծ մարտահրավերը հենց սկզբից մրցույթի անաչառության վերաբերյալ թերահավատությունն էր, ինչը հավանաբար լավ օրից չի գալիս, քանի որ տարիներ շարունակ Հայաստանյան իրականության մեջ հիմնականում գերիշխել է հովանավորչությունն ու ֆավորիտիզմը, բացակայել է թափանցիկությունն ու արդարությունը, հեղինակին երբեմն գնահատել են ոչ թե ներկայացրած ստեղծագործության գեղարվեստական արժանիքով, այլ անձնական մտերմության, բիզնես շահի կամ քաղաքական համակրանքների շրջանակում։ Մենք փորձել ենք այնպիսի հարթակ ստեղծել, որտեղ կզսպվեն այդ մարդկային թուլությունները, հուսամ փոքրիշատե հաջողվել է։
– ժյուրիի կազմում եք մրցույթի հիմնադրման պահից, այս ընթացքում մի քանի հարյուր պատմվածք եք կարդացել։ Կուզեի անդրադառնաք այս տարի և այս երեք տարիներին Ձեզ առաձնապես տպավորած գործերին։ Այս ընթացքում եղե՞լ են պատմվածքներ, որ Ձեզ տպավորել են, ցավոք ընդհանուր արդյունքում չեն զբաղեցրել մրցանակային տեղեր, բայց արժանի են անդրադարձի։
Հովհաննես Երանյան (արձակագիր)
– «Տոնապետ» գրական մրցանակաբախշության այս երեք տարիների ընթացքում երեք հարյուրից ավելի հայտ է եղել։ Դրանց մի զգալի մասը կդժվարանամ պատմվածք կոչել, դրանք ավելի շուտ դպրոցական շարադրություն են հիշեցրել, որոշներն անգամ վատ գրված շարադրություն։ Այս տարի էլ պատկերը նույնն էր։ Սկզբում հուսահատեցնող էր մեզ ուղարկված ստեղծագործությունների մակարդակը։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Հեղինակներն ասես պայմանավորվել էին ավելի արժեքավոր գործերը ներկայացնել մրցույթի սահմանված ժամկետի վերջին օրերին։ Նկատեցի, որ այս տարվա հայտերի մեջ փոքր ինչ նվազել էին պատերազմի, հայրենազրկման թեմաները, որոնք բնականորեն գերիշխող էին նախորդ տարիներին։ Որպեսզի ասեմ ինձ այս տարիների ընթացքում ամենից շատ տպավորած պատմվածքների մասին, ուղղակի պիտի մատնացույց անեմ «Կայարան» գրական հանդեսը, որտեղ տպագրվել են ոչ միայն մրցանակակիր պատմվածքները, այլև՝ լավագույն տասը, տասնհինգ գործերը։ Այո, եղել են պատմվածքներ, որոնք շատ եմ հավանել, ցանկացել եմ, որ մրցանակի արժանանան, բայց ժյուրիի ընդհանուր գնահատմամբ չեն ստացել։ Դրանցից մեկը Աշոտ Ստեփանյանի պատմվածքն էր, որի վերնագիրը հիմա չեմ հիշում, և երկրորդը՝ Նաիրա Աբրահամյանի «Նոյեմբեր» գործն էր։ Այնպես չէ, թե ես համարում եմ, որ հաղթողներներն արժանի չեն եղել մրցանակների, պարզապես ափսոսում եմ, որ նշածս պատմվածքները և էլի մեկ–երկու գործ ժյուրի իմ գործընկերներին նույնքան չգոհացրեցին, որքան ինձ էին դուր եկել։
– Այս կամ այն գործը գնահատելիս ի՞նչն եք ավելի կարևորում, ի՞նչն է Ձեզ համար
առանձնակի գրավիչ դարձնում գրական ստեղծագործությունը:
Մհեր Իսրայելյան.
– Ինչպես և նշել ենք մեր հայտարարության մեջ, գնահատում ենք հիմնականում պատմվածքի գեղարվեստական արժանիքը։ Ինձ համար անչափ կարևոր է ստեղծագործության ասելիքի արդիականությունը, հավասարաչափ գնահատելի են լեզուն կամ թե կուզեք՝ ձեռագիրը, ասելիքը տեղ հասցնելու վարպետությունն ու ինքնատիպությունը։ Շատ կուզեի, որ մեր հեղինակների ստեղծագործություններում ավելի շատ ներթափանցեր հումորը, թե որպես բարձր ինտելեկտի ցուցիչ, թե ապրեցնող խթան, մի բան, ինչը ցավոք, հազվադեպ ենք տեսնում արդի գրականության մեջ։ Հումորի նուրբ զգացողությամբ հեղինակն իմ կարծիքով ավելի մեծ հնարավորություն ունի նվաճելու քմահաճ ընթերցողի բարեհաճությունը։ Ես փորձում եմ այնպիսի պատմվածքի ընտրություն կատարել, որ հարյուր տարի հետո էլ հուզի ընթերցողին, քանզի բոլոր դարաշրջաններում էլ որքան էլ տարբեր լինեն միջավայրները, կան մարդկային զգացողություններ, որ աստվածատուր են և ենթակա չեն ժամանակի սրբագրումներին։ Ինչպես հազարավոր տարի առաջ է նախնադարյան մարդու սրտխփոցն աշխուժացել ժայռապատկերը տեսնելիս, այնպես էլ հիմա է մարդը հուզվում կամ ժպտում լավ պատմվածք ընթերցելիս։
Հովհաննես Երանյան
– Գնահատելիս առաջին հերթին կարևորում եմ ստեղծագործության կենդանի, շնչող լեզուն։ Այնուհետ՝ պատկերների թարմությունը, ստեղծագործության՝ որպես ճարտարապետական կառույցի ամրությունն ու գեղեցկությունը, տեքստի ստեղծման ոճային առանձնահատկություններն ու նրբությունները, կերպարների կենդանությունն ու լիարժեքությունը։ Հասկանալի է, որ ես հիմա նշեցի կատարյալ պատմվածքի իմ իդեալը և ուղղորդիչը գնահատելիս, բայց միշտ չէ, որ անգամ հաջողած գործը բոլոր այս չափումներին դիմանում է։ Եվ անգամ մրցանակ ստացած պատմվածքներն էլ բոլորը չէ, որ ապահովում են այս պայմանները։ Ժյուրիի անդամներս հաճախ ստիպված ենք լինում համեմատության մեջ գնահատել մեզ ներկայացված գործերը։ Կարևոր է մի բան հստակ իմանալ։ «Տոնապետը» մրցույթ է ոչ թե գրողների միջև, այլ՝ պատմվածքների։ Գնահատելիս էլ պիտի կարողանաս անաչառ լինել այնքան, որ այս կամ այն հեղինակի ոչ վաստակը, ոչ անունն ու մրցանակաները ավելի կարևոր չդառնան, քան ստեղծագործության թվարկածս արժանիքները։ Բացի այդ, երբեք չեմ մտածում, որ մրցանակ ստացած պատմվածքի հեղինակն ավելի լավ գրող է, քան չստացածինը։ Պարզապես այս անգամ մի պատմվածքն ավելի հաջողված է, քան՝ մյուսը։
Գրիշ Սարդարյան (արձակագիր)
– Ինձ համար մրցույթի մեկնարկն ազդարարող հայտարարության մեջ նշվող
բոլոր արժանիքների` կառուցվածք, ոճ, լեզու, նորարարական տարրեր…
բոլոր այս արժանիքների հանրագումարն է կարևոր։ Այս ամենի բնական
մեկտեղումով հեղինակը մի գաղտնախորհուրդ ամբողջականություն է
ստանում։
– Այս տարի ի՞նչ թեմատիկ շեշտադրումներ կային, ինչ հետաքրքիր լուծումներ են գտել հեղինակները, ինչը քեզ` որպես գրականագետի չի բավարարել, կամ տխրեցրել է գուցե։
Դիանա Խաչատրյան (գրականագետ)
– «Տոնապետ» պատմվածքի մրցույթում ինձ համար կարևոր է, թե որքանով է այս կամ այն գործը համապատասխանում ժանրային հստակ պահանջներին: Պատմվածքն ունի իր առանձնահատկությունները, որոնցից բխող դժվարությունները ստեղծագործողը միշտ չէ, որ կարողանում է հաղթահարել: Առանցքային նշանակություն ունեն կառուցվածքային ամբողջականությունը, լեզվաոճական ու ենթատեքստային շերտերը, ինչպես նաև գաղափարի ինքնատիպ մատուցումը, որը կտպավորի, ընթերցողին կտանի բացահայտելու գրականության նոր տարածություններ: Առհասարակ, թեմատիկ շեշտադրումների և հետաքրքիր լուծումների առումով պատկերն ինձ համար փոքր-ինչ տխուր է: Դժվարանում եմ առանձնացնել կոնկրետ թեմա կամ թեմաներ, քանի որ մոտեցումն ու մատուցման ձևը շատ ավելի էական են. նույն թեմայով կարող են գրվել բազմաթիվ գործեր, բայց եզակի դեպքերում տպավորվեն կամ հիշվեն: Որպես օրինակ՝ պատերազմի և կորստի թեմայով տարբեր տեքստերից մեզ՝ իրարից անկախ, հուզել էր «Պստիկ Սաքոն» ստեղծագործությունը: Բնականաբար, կային նաև նոր ու հետաքրքիր ասելիքով, թեմատիկ փորձարկումներով աչքի ընկնող գործեր: Այստեղ պիտի առանձնացնեմ «Երիտասարդական» անվանակարգի երկու պատանիներին, որոնց ստեղծագործական հետագա ընթացքին հետաքրքիր կլինի հետևել (և ոչ միայն նրանց): Ցավոք, հազվադեպ է հեղինակի մտահաղացումն ամբողջական տեսք ստանում՝ համապատասխան պատմվածքի ժանրային պահանջներին: Քիչ չեն դեպքերը, երբ հետաքրքիր գաղափարը լավ գեղարվեստական գործ դառնալու կես ճանապարհին է մնացել, քանի որ բովանդակություն-կառուցվածք-լեզվական շերտ միասնական շղթան չի ամբողջացել կամ զարգացել է անհամաչափ:
–Ի՞նչն է գրավում, ինչն է հետաքրքիր այս և նմանատիպ մրցույթներում։ Ի՞նչն է
տարբերվող ըստ քեզ «Տոնապետում»։
Միակն ես ժյուրի անդամներից, որ եղել է բարիկադների երկու կողմում։ Ինչպիսին էին զգացողությունները` իբրև մրցույթի մասնակից, մրցանակակիր, հիմա
արդեն որպես ժյուրիի անդամ։ Որ կողմում ինչ բարդություններ կամ դժվարություններ կան:
Գրիշ Սարդարյան.
– Այս և նմանատիպ մրցույթները ևս մեկ անգամ գրականության ու
ընթերցանության կարևորության հիշեցում են։
«Տոնապետ»-ի պարագայում ես առանձնահատուկ նշանակություն եմ
տալիս հենց պատմվածքի ժանրի զարգացմանն ուղղված ջանքերին։
«Տոնապետ»-ը բացառապես պատմվածքի մասին է և դրանով արդեն իսկ
տարբերվող է։ Հավակնորդների տասնյակ ունենալու գաղափարը, այդ
տասնյակում տեղ գտած պատմվածքների տպագիր և էլեկտրոնային
տարբերակներով հրապարակումը ապահովում է թափանցիկություն և
սովորական ընթերցողներին, շահագրգիռ բոլոր կողմերին անուղղակի
կերպով գնահատման պրոցեսի մաս է դարձնում։ Եվ սրա մասին ժյուրիի
յուրաքանչյուր անդամ հիշում է, գիտի։
Որպես մասնակից դու մտածում ես գլխավորապես քո ստեղծագործության
մասին։ Հաճելի է լինել հաղթողների շարքում։ Առհասարակ, մրցույթների
մասնակցելիս, ինձ համար, և ենթադրում եմ, որ այլ հեղինակների համար
նույնպես, կարևոր է հասկանալ, ուսումնասիրել ավանդույթը,
պատկերացում կազմել նախկինում հաղթած հեղինակների վերաբերյալ,
իմանալ, թե ում կամ ինչ ստեղծագործության անուն է կրում մրցանակը։
Հեղինակի կարգավիճակով դու պարզապես նախապատրաստվում ես այդ
իրադարձությանը։ Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ մրցակիցների
բազմաթիվ հայտերը դուրս են մնում քո տեսադաշտից։ Դու
պատասխանատու ես միայն քո և ներկայացրածդ պատմվածքի համար։
Իսկ ժյուրիի կազմում քո տեսադաշտում են հայտնվում տասնյակ
ստեղծագործություններ` առանձին-առանձին և համեմատության մեջ,
իհարկե դա մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Եթե որպես
մասնակից քո անհատականությունն է ընդգծվում, ապա որպես ժյուրիի
անդամ` ինքդ ես փնտրում անհատականություններին, ազատվում ես
խանգարող ու շեղող բոլոր անձնական հատկանիշներից ու
նախապաշարմունքներից։
– Այս տարի էլ ակտիվ էին երիտասարդները, նույնիսկ ունեցանք
13,14 տարեկան մասնակիցներ, որ հետաքրքիր գործերով էին ներկայացել։ Ի՞նչն է
հուզում այսօրվա երիտասարդներին, ինչն է նրանց մտահգում, ինչ գծեր
կառանձնացնեիր, որ նկատել ես մասնավորապես երիտասարդների
ստեղծագոծություններում։
Մհեր Իսրայելյան.
– Երիտասարդների հետաքրքրության շրջանակն այնքան բազմազան է, որ կդժվարանայի այն սահմանափակել մի քանի շերտերի կաղապարով։ Սիրո, քաղաքային կյանքի, մանկության երազանքների թեմայից սկսած մինչև մահվան, սպանությունների, մեղքի զգացողության և որ թերևս զավեշտալի հնչի՝ ծերության վախերի տարաբնույթ պատումներ։ Պատերազմ, արտագաղթ, էկոլոգիական հարցեր, արվեստ, կինո, կենդանիների կերպափոխում և կյանքի այլ շատուշատ գույներ։ Մի խոսքով, այն ամենն ինչ այսօր կարող է տեսականորեն և գործնականում գրականության հումք կամ նյութ դառնալ, հուզում է մեր երիտասարդներին։ Երիտասարդ սերնդի մոտ ավագ սերնդի հետ համեմատ ցածր է գրագիտության, գրողական վարպետության մակարդակը, սակայն ասելիքի բազմազանության և արդիականության առումով երիտասարդների արծարծած թեմաները երբեմն ավելի հետաքրքական են։ Նկատելի են «սասրափ» ժանրի որոշակի փորձարկումներ, մեր դարդուցավը թողած այլ երկրների կյանք սողոսկելու երբեմն չարդարացված և արհեստական ջանքեր։ Գրականությամբ լրջորեն զբաղվելու հավակնություն ունեցող երիտասարդներին խորհուրդ կտայի շատ ընթերցել, թե հայ թե օտարալեզու գրողների, հարստացնել գրականության վերաբերյալ գիտելքիներն ու գեղագիտական ճաշակը։
– Եղա՞ն բացահայտումներ այս տարի։ Հեղինակներ, որոնց առաջին անգամ հենց մրցույթի ընթացքում ես կարդացել ու ճանաչել ։ Եվ հետասյու կհետևես նրանց ստեղծագործական ընթացքին, կկարդաս նրանց այլ գործերը ևս:
Գրիշ Սարդարյան
-Այս տարի հատկապես երիտասարդական մրցանակի համար պայքարող մի
քանի մասնակիցներ զարմացրին։ Նրանց անունները պիտի նշեմ` հաղթող
Վոլոդյա Մկրտչյանը, որի ստեղծագործությունը կարծես արվեստների
յուրատեսակ սինթեզ լինի, վիպապաշտների մոռացված, բայց առինքնող
գաղափարների համաձայն։ Գրականություն, որը գրական հնարքներով
տպավորելու փոխարեն ասես կինոյի ու գեղանկարչության հնարքներով է
տպավորում։
Մեկ ուրիշ մասնակցի`Եվա Թիրաբյանի պատմվածքը կուզեմ
առանձնացնել, որը հետաքրքիր ոճական լուծումների միջոցով,
փիլիսոփայական հայացքով, գոյապաշտական կեցվածքով հերոսի է
ներկայացնում։
Անպայման պիտի նշեմ մեր երկու կրտսեր մասնակիցներին։
Տասնչորսամյա Մուշեղ Համբարձումյանի «Տոնածառի խաղալիքը»
պատմվածքը էթիկական դատողություններով հագեցած մանկական մի
ծիսակարգ է` պարզ ու տպավորիչ կառուցվածքով և համահունչ
ծիսակարգային լուծումով։
Իսկ տասներեքամյա Առնո Բախի «Իմ նոր կյանքը» պատմվածքի գլխավոր
հերոսը կատու է, ընդ որում, ոչ պակաս հավատարժան, քան ժամանակին
արևմտահայ մամուլում Եղիա Տեմիրճիպաշյանի կերտած Գրասերի կատվի
կերպարը:
– Խոսենք նաև լեզվի, գրողական ձեռագրի և հմտության մասին. կայի՞ն գործեր, որտեղ հենց լեզուն էր գրավիչ և կանչող դարձնում ասելիքը։
Մհեր Իսրայելյան
-Գրողական ձեռագիրը, լեզուն, հմտությունն իհարկե գրողի, հատկապես արձակագրի հունար ունեցող մարդու, կարևոր, եթե չասենք պարտադիր շնորհներն են, բայց քանի որ գրականությունն ի վերջո ստեղծվում է ընթերցողի, նույն է թե՝ մարդու համար, հիշվում և մնայուն գործերի շարքին են դասվում այն պատմվածքները, որոնք իրենց ասելիքով ու թերևս երևակայությամբ գտել են դեպի սիրտ տանող ճանապարհը։ Երևակայությունը կամ կա, կամ չկա, թերևս բնատուր է։ Իմ կարծիքով մեր մրցույթում այս տարի հաղթեց այն գործը, որ կարողացել էր մարդկային հարաբերությունների նրբերանգների առավել պատկերավոր, երբեմն իրական, երբեմն էլ այլաբանական շոշափմամբ խոսել մարդու երազի, ընկերության, սիրո և ատելության, կյանքի և մահվան երերուն սահմանագծի մասին, այն մասին, որ մարդը փխրուն ու խոցելի էակ է և կարիք ունի սիրո ու պաշտպանության։ Եթե ուզում ենք մի օր տեսնել Թերեզա» Ամրյանի «Հեքիաթ լռության մասին» պատմվածքի բևեռափայլը, արժանանալ երանելի հեքիաթի ողորմածությանը, պիտի սիրենք ու փայփայենք մեր միջի մարդուն, մեր միջի աստվածայինը։ Եթե ուզում ենք, որ Մարինա Բաղդագուլյանի «Սիրելի աքսոլոտլ» պատմվածքի սառեցված գազանիկը հազար տարի հետո արթնանա, պիտի հավատանք այդ հրաշքին։ Եվ վերջապես, եթե ուզում ենք, որ Յոհան Գալստյանի «Պստիկ Սաքոյի» հերոսի պես խոսենք աստղերի տեսքով մեզ վերադարձած սիրելիների հետ, պիտի մեկ մեկ նայենք երկնքին։
Դիանա Խաչատրյան
– Քանի որ ինձ համար հավասարապես կարևոր են թե՛ լեզուն, թե՛ գրողական ձեռագիրն ու հմտությունը, պիտի առանձնացնեմ երեք գործ: Նախ՝ «Երիտասարդական» մրցանակի հաղթող Վոլոդյա Մկրտչյանի «Սպիտակ դատաստան» ստեղծագործությունը, որը շարժվող պատկերի նման մնում է հիշողությանդ մեջ: Հաջորդը կշեշտեմ Դիանա Անդրոմեդայի «պատՄվազք» գործը, որտեղ առկա էր հետաքրքիր աշխատանք բառի ու լեզվի հետ: Եվ վերջապես՝ Թերեզա Ամրյանի «Հեքիաթ լռության մասին» պատմվածքը, որն ինձ համար Բորխեսի առաջ քաշած վերադարձի ու որոնման սյուժեների հետաքրքիր ենթատեքստն ուներ: Բնականաբար, կային նաև այլ ուշագրավ ստեղծագործություններ, որոնց հետ ծանոթանալու հնարավորություն ընթերցողները արդեն ունեն «Կայարան»-ի շնորհիվ:
– Ինչ- որ բան կա՞, որ կմաղթեիք արձակի ժանրում ստեղծագործող հայ հեղինակներին, նաև գրականասեր ընթերցողներին, քանի որ առանց ընթերցող հեղինակի գիրը կիմաստազրկվի, և այդ երկխոսությունն է գրականության հաջողության գրավականը։
Մհեր Իսրայելյան
– Հայ հեղինակին, ընդհանրապես բոլոր ազգերի հեղինակներին ոչ թե կմաղթեի, այլ խորհուրդ կտայի ապրած կյանքը համեմել այնպիսի երևակայությամբ, որ պատմվածքը իրականությունից գա, բայց շատ էլ մոտ չլինի իրականությանը։ Կյանքի դառնություններն արդեն իսկ բավական են մեզ, արվեստը այդ դառնությունը մեղմելու առաքելություն նաև պիտի ունենա։ Գրողը պետք է անկեղծ լինի, ինչը չի նշանակում, թե ամեն ինչ պիտի ցմրուր ասվի։ Պետք է ընթերցողին էլ մտածելու տեղ թողնել, չէ որ ինքն էլ արժանի է գրականության լիարժեք մասնակիցը դառնալու կոչմանը։
Հարցազրույցը՝ Աղավնի Գրիգորյանի
