Կարինե Ռաֆայելյան, Պատմվածք

Մահ՝ ուրախության թևերին

Անգինը լսեց «սև ագռավի» հռնդյունը։ Սիրտը թուլացավ: Ամբողջ օրվա ապրումները նորովի գլուխ բարձրացրին:

-Տանից դուրս չգաս, հորդ տեսնել չփորձես, թե չէ հաջորդ վագոնով էլ մենք ու մեր երեխեքն ենք Սիբիր քշվելու,- ասել էր Գարեգինը:

Մեսրոպը զգուշացրել ու պահանջել էր, որ Անգինը գրավոր հրաժարվի հորից: Դա կփրկի նրան կուլակի, թուրքական շպիոնի զավակի խարանից, բանտից, աքսորից:

Հոր գառների հոտն արածեցնող տղան էր եղել Մեսրոպը, որին հայրը միշտ գովել էր, օրինակ բերել իր երեխաներին։ Սովետի առաջին տարիներին գյուղից գնացել էր մայրաքաղաք, կրթություն ստացել, մեծ մարդ դարձել, բայց պաշտոնն ու դիրքը երբեք չէին խանգարում, որ գյուղ գալիս անպայման այցելեր աղա Խաչատուրին, որին սովետական իշխանությունը կուլակ էր հռչակել, որակել դասակարգային թշնամի, մի քանի տարի փակել բոլշևիկյան բանտում: Ուսյալ տղան շարունակում էր հարգալից ու ջերմ վերաբերմունք տածել աղա Խաչատուրի հանդեպ և առիթը բաց չէր թողնում՝ պատմելու, թե ինչ բարի, մեծսիրտ մարդ է իր աղան:

-Գիտե՞ք՝ ոնց էր ընտրում իր տան աշխատողներին: Նախ մի ճոխ սեղան էր գցում, նստեցնում հաց ուտելու, ինքը քաշվում էր մի կողմ, լուռ հետևում: Վերջում աշխատանքի էր վերցնում նրանց, ովքեր կարգին հաց էին կերել: Թե ոնց էր որոշում՝ որն է կարգին հաց ուտելը, իրենից բացի, ոչ ոք չգիտեր:

Կարգին հաց ուտողը կարգին էլ գործ կանի, եթե հացի գինը գիտի, գործինն էլ կիմանա․ սա էր եղել աղա Խաչատուրի փիլիսոփայությունը։ Կարգին հաց ուտողներից մեկն էլ, ուրեմն, Մեսրոպն էր եղել։ Նրան էր վստահել աղա Խաչատուրն իր գառների հոտը։ Բայց 20 թվի գարնանը, երբ Մեսրոպը գնացած էր եղել քաղաք, նա ոչխարներն ի պահ էր տվել Արաքսի մյուս ափին ապրող թուրքին: Վաղուցվա ծանոթեր էին, դեռ հոր ժամանակներից: Էդ աշնանը Հայաստանը դարձել էր խորհրդային, փշալարերով գծվել էր ռուս-թուրքական սահմանը, և Խաչատուրի ոչխարները մնացել էին սահմանից այն կողմ:

Աշնան վերջին թուրքն ամեն օր եկել-կանգնել է փշալարից թույլատրելի հեռավորության վրա, ձայն տվել, որ գան-տանեն աղա Խաչոյի ոչխարները, ասել, որ ինքը հարամ մալ ուտող չի: Լուրը բերել-հասցրել են Խաչատուրին: Սա էլ իր հերթին է հրաժարվել ոչխարներից․

-Թուրքին ըսեք՝ հալալ էղնի, թող հուրան էղնի էտա մալ:

Էս անմեղ փոխկանչից էլ սարքվել էր թուրքական շպիոն Խաչատուրի քաղաքական մեղադրականը, որ առանց այն էլ կուկալության մասով արդեն տեղը տեղին սարքված էր:

***

Հայրենական պատերազմի երրորդ տարին էր, երբ Ներսեսին տարան ռազմաճակատ ուղիղ ուսանողական նստարանից, վերջին քննությունները հանձնելուց ու բժշկի դիպլոմն ստանալուց անմիջապես հետո: Այս հանգամանքը նպաստեց, որ փոքր-ինչ թուլանա հակասովետական Խաչատուրի շուրջ սեղմված օղակը։ Որոշ ժամանակ անց լուր էր եկել, թե Ներսեսը գերի է ընկել, ֆաշիստական ճամբարում է: Հետո իմացան, որ կարողացել է փախչել, միանալ խորհրդային պարտիզաններին։ Այդուհանդերձ, հետպատերազմական շրջանում նրան մեղադրեցին հակասովետական գործունեության, ֆաշիստական ճամբարից կասկածելի հանգամանքներում փախչելու ու էլի ինչ-որ ծանր հանցանքների մեջ և փակեցին ստալինյան պատժարաններում։ Վիճակն առավել բարդացավ, երբ Խաչատուրի դեմ վերսկսված հալածանքների օրերին նա չցանկացավ հրաժարվել հորից, ինչպես Անգինը: Խաչատուրին բանտարկեցին երկրորդ անգամ, Ներսեսին քշեցին Սիբիր։ Անգինն անզոր պատեպատ էր խփվում, անձայն մղկտում հոր ու եղբոր համար, իսկ Գարեգինն ու Մեսրոպը ձեռքներից եկածն անում էին՝ նրան զերծ պահելու համար ժողովրդի թշնամու զավակին ու քրոջն սպառնացող հնարավոր վտանգներից։

***

Անգինը վախվորած մոտեցավ լուսամուտին, վարագույրի ճեղքից տեսավ ոտքերը հազիվ քարշ տվող հորը՝ երկու հրացանավոր պահակի ուղեկցությամբ: Փղձկոցը խեղդեց կոկորդում։

Հայրը կծկվել, մի բուռ էր դարձել։ Երբեմնի հպարտ, անկոտրում, իրասածի աղա Խաչատուրը:

Անգինի մայր Մայրանուշը մահացել էր, երբ Անգինը եղել էր երեք տարեկան, Ներսեսը՝ վեց ամսական։

Մոր մահից շաբաթներ առաջ, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից մեկին նախորդած պահքի օրերն էին, Մայրանուշը կովերի կաթը հավաքում, մածուն էր մերում ու պահում կավե կճուճներում, որ պահքից հետո թանապուր եփի։ Մի օր Անգինը մտնում է մառան, տեսնում կողք կողքի շարված կճուճները։ Հացի պահարանից չոր լավաշ է հանում, նստում կճուճի մոտ, հացը թաթախում մածնի մեջ, ախորժակով ուտում։ Մայրը ներս է մտնում այն պահին, երբ աղջիկը բերանն է տանում մածնոտ լավաշն ու հաճույքով ճպճպացնում շրթունքները։

-Վա՜յ, աննամուս ճիժ, էս ինչ էրիր։ Մեր պաս փսորիր, Ասսու կրակ բերիր մեր գլխուն,- ճչում է աստվածավախ կինը։

Գյուղի ծեր կանայք հավաքվում, ջահել հարսին խորհուրդ են տալիս եղած մածունն ու լավաշը բաժանել աղքատներին, թոնիր վառել, նոր հաց թխել, անարա՛տ հաց, որը չի հարամվել պասի ժամանակ մածնի հետ խառնվելով, իսկ Անգինին տանել Տեր հոր մոտ, որ գլխին աղոթք կարդա, Աստծո պատիժը հեռացնի նրանից: Անգինը, չհասկանալով, թե ինչ է արել ինքը, ձայնը գլուխը գցած ճչում է, ուզում դուրս պրծնել իրեն դատափետողների շրջանակից: Մայրը գրկում է նրան, վազում եկեղեցի, մեղա գալով պատմում գլխին եկածը: Տեր հայրը խոժոռվում է, խաչը իջեցնում երեխայի գլխին, միալար ձայնով ինչ-որ բառեր շշնջում: Կարճ ժամանակ անց անհասկանալի հիվանդությունից մահանում է Մայրանուշը, և գյուղով մեկ տարածվում են պասը խախտելու մեղքի ու Աստծո չուշացած պատժի մասին խորհրդավոր շշուկները։ Էդպես էլ ապրում է Անգինը՝ անգիտակցաբար գործված մեղքի ծանր բեռն ու մոր կորստի մրմուռը սրտում։

***

Մայրանուշի մահից հետո Անգինն ու Ներսեսը մնացել էին հոր խնամքին: Բայց տղամարդը երեխա խնամելու համար չէ, դա կնոջ գործ է, և հարևան-բարեկամները գտում են հեքիաթների խորթ մոր նման չար ու խորամանկ Նուշիկին:

Երբ հայրը տանն էր լինում, Անգինն ու Ներսեսն իրենց պաշտպանված, ապահով էին զգում: Խաչատուրի՝ զավակների հանդեպ խստությամբ քողարկված սերը հետ էր պահում Նուշիկին իր քմահաճույքները որբուկներին թելադրելուց: Իսկ Խաչատուրի բացակայության ժամանակ քույր ու եղբայր վախեցած, պատրաստակամ հետևում էին այդ օտար կնոջ՝ մեկը մեկից անհեթեթ հրահանգներին և ամենափոքր զանցանքի համար արժանանում նրա ոսկրոտ մատների ծանր ապտակին: Վիճակն ավելի բարդացավ, երբ աշխարհ եկան նրա երկու դուստրերը: Կինը հույս ուներ, որ տղա կծնի, և ամուսնու աչքը կքաղցրանա իր վրա, բայց ծնվեցին աղջիկներ: Դա ավելի քարացրեց Նուշիկի սիրտը: Հատկապես Ներսեսն էր դառնում խորթ մոր թիրախը, որովհետև ըմբոստ էր, չարաճճի: Իսկ Անգինը հաճախ իր վրա էր վերցնում եղբոր հանցանքը, ուրեմն և՝ պատժվում կրկնակի:

Անգինը պատմում էր, թե ինչպես են մի անգամ կարկուտի տակ ընկել ինքն ու Նուշիկը: Գյուղից դուրս են եղել, բաց դաշտում․ բանջարի էին գնացել։ Պայծառ օրը մեկեն մռայլվել է, երկնքից կարկուտ է թափվել: Պահվելու ոչ մի ճար չի եղել: Նուշիկն Անգինին քաշել է թևի տակ, գլուխն առել ափերի մեջ, որ պաշտպանի սառցագնդերի տարափից: Երբ կարկուտը կտրվել է, աղջկան կոպիտ հրել է մի կողմ, հավաքած բանջարը տվել շալակն ու թևերը թափ տալով՝ քայլել դեպի գյուղ:

-Կասես մի մեղքով էր եկել կարկուտը,- ամեն անգամ էս պատմությունն անելիս քրթմնջում էր Անգինը:

Երեկոյան Խաչատուրին ցույց է տվել կարկտահարված մատները, նվնվալով պատմել, թե ոնց է Անգինին քաշել թևի տակ, երբ սկսվել է կարկուտը, ոնց է պաշտպանել գլուխն իր ձեռքերով, ոնց է հետո գրկած տուն բերել:

-Գրկա՞ծ, ի՞նձ: Թե՞ ես էի շալակած բերել բանջարի ծանր հակն ու սնքրտացել ամբողջ ճամփին, որ մութուլուսին մեծի պես գնացել էի բանջարի, իսկ իր աղջիկներն անուշ քնած էին իմ մոր կարած վերմակների տակ,- մխացող հուշի միջից ամեն անգամ հառաչում էր արդեն թոռնատեր Անգինը։

Երբ Անգինի տասնչորսը լրացել էր, խորթ մայրն սկսել էր նոր թեմայով կտցահարել աղջկան.

-Դախացե, մացեր ես տուն։ Քու թայ աղջըկներ շուտո՜ւց մարդու, ճժի տեր ին, դու հեչ մէ բանի պիտու չէլար, բա իմա՞լ կեղնի՝ մնաս անպսակ։ Մէ ուզնկան գար, քե տայինք-պրծնինք: Էնա աղբորդ էլ ղըրկինք քաղաք, մենք ու մենք խախանդ ապրինք էսա տան մեջ:

Անգինն ամեն անգամ էս խոսքերից հետո վազում էր զալոյի՝ հորեղբոր կնոջ մոտ, սիրտը դատարկում:

Մի օր, երբ իրենց խաղողի այգում հասած ճութերն էր քաղում, դասավորում քթոցի մեջ, գյուղի նեղլիկ, ծուռումուռ փողոցում ֆայտոն հայտնվեց: Դա արտասովոր բան էր: Անգինը մեջքն ուղղեց, հայացքը հառեց ձիերի ոտնափոխի հետ զնգզնգացող ֆայտոնին: Նա տեսավ իր վրա սևեռված երկու շագանակագույն աչքեր ու կախարդվածի պես գամվեց տեղում: Մինչև երեկո դիմացել էր, հազար անգամ վերապրել ֆայտոնի ու նրա սիրուն ուղևորի խորհրդավոր հանդիպման ակնթարթները: Երեկոյան որոշել էր չեղած-եղածը պատմել զալոյին:

-Զալո՜, զալո՜,- շնչակտուր կանչել, ընկել էր գիրկը,- էսօր մեր գյուղ ֆայտոնով մէ տղա էր էկած: Ես բաղի մեջն ի, հինք էկավ, հընցավ մեր դռնով։ Աղի բլիթի գիշեր էտա տղեն ընձի էրազ ա էկած: Գիշերվա մի ժամու ծարվըցա, գացի ջուր խմի: Ֆայտոնի տղեն էրազ էկավ, էրկու խատ նուռ տվեց, խարցուց.

-Հորի՞ չի մացիր, որ գի, քե ջուր տի:

-Շատ ի ծարվըցե,- ըսի խեղճ-խեղճ:

-Բան չիկա,- ըսավ,- էս նռներ վերցու:

Զալոն խնդմնդացել էր․

-Սրտամեռ, դու էտա տղին կառնիս:

Էդ տղան Գարեգինն էր՝ Մեսրոպի ընկերը։ Քաղաքում իրար հետ էին աշխատում: Մեսրոպի մայրը զալոյին պատմել էր, որ նա էլ Սուրբ Սարգսի գիշերը Անգինին է տեսել երազում, ուրեմն նրանց ճակատագիրը Աստված է որոշել։

Մի քանի օր անց Մեսրոպի, նրա հոր ու մոր հետ Գարեգինը եկավ աղա Խաչատուրի տուն՝ Անգինին ուզելու:

Խաչատուրը խոժոռեց դեմքը, երբ իմացավ հյուրերի գալու նպատակը․ ինքը չեկիստին տալու աղջիկ չունի: Գարեգինն աշխատում էր երկաթուղային կայարանում և կրում համազգեստ, որը նման էր Խաչատուրի հետևից եկող, նրան կուլակի պիտակ կպցրած, բանտ քշած պագոնավորների հագուստին: Նա էդ համազգեստավորների մեջ տեսնում էր իր ոխերիմ թշնամիներին և ատում նրանց։ Խաչատուրին բացատրեցին-համոզեցին, որ Գարեգինը չեկիստ չէ, որ հագինը կայարանի ծառայողի համազգեստ է, որ էդ համազգեստից նաև Մեսրոպն է հագնում, որ Մեսրոպն ու Գարեգինը մոտ ընկերներ են: Իր սիրելի Մեսրոպի անունը լսելուց հետո Խաչատուրի ներսի սառույցը հալվեց, նա համաձայնեց մտածել Գարեգինի առաջարկի մասին: Այդ պահին Գարեգինը սիրտ առավ, խնդրեց.

-Ինձ թույլ կտա՞ք մի քանի րոպեով մենակ մնալ Անգինի հետ:

Սա չլսված հանդգնություն էր ավանդապաշտ Խաչատուրի համար․ ո՞վ դարձավ էս քաղաքի լակոտը, որ իր աղջկա հետ մենակ մնա: Դարձյալ օգնության հասան Մեսրոպն ու նրա ծնողները, և Անգինն ու Գարեգինն առանձնացան կողքի սենյակում:

***

-Անգին, սիրտս կպել է քեզ։ Շատ եմ ուզում՝ ամուսնանանք։ Կդառնա՞ս իմ կինը։ Կապրենք քաղաքում, քեզ կուղարկեմ սովորելու, մասնագիտություն կստանաս, կաշխատես․․․

Անգինը կաս կարմիր էր կտրել ամոթից, հուզմունքից, անսպասելիությունից, Գարեգինի կիրթ հայերենից: Իր եղբորից ու գյուղի մի քանի տարեկիցներից բացի, նա ոչ մի տղայի հետ երբեք չէր խոսել: Հիմա ի՞նչ ասի էս քաղաքացի անծանոթին, որին տեսել է ընդամենը երեք անգամ՝ երազում, ֆայտոնի մեջ ու հիմա: Ինքն ո՞վ է, որ էսպիսի հարցերում բան ցանկանա, բան որոշի: Ի՞նչ կանի հայրը, եթե ինքը համարձակվի մի խոսք ասել:

-Հայրի՜կս… հայրի՜կս…,- կմկմաց անվստահ:

-Հայրի՞կդ,- իրեն չկորցրեց Գարեգինը,- ուզում ես ասել՝ եթե հայրիկդ դեմ չլինի, դու համաձա՞յն ես ամուսնանալ ինձ հետ:

Անգինը վախվորած կուչ եկավ: Ինքն էդպիսի բան չասաց: Բայց Գարեգինը չսպասեց Անգինի խոսքին, դուրս եկավ սենյակից և զվարթ հայտարարեց․

-Անգինը համաձայն է, մնում է Դուք համաձայնություն տաք, հայրի՛կ:

Աղա Խաչատուրը զայրույթից վառվող աչքերով չափեց անպատկառ ջահելին, փնչացրեց արհամարհանքով:

Երեկոյան Մեսրոպի ծնողներն ու զալոն Խաչատուրի հետ երկար, ծանր զրույց ունեցան: Նուշիկն էլ իր հերթին յուղ լցրեց կրակին։ Նա ուներ իր հաշվարկը․ Խաչատուրը հավան չէ էդ ջահելին, եթե Անգինը պսակվի դրա հետ, օժիտի երես չի տեսնի, տան եղածից ոչինչ չի պակասի։ Սրանից էլ լավ բա՞ն․ արդեն իր աղջիկներն են հասնում ամուսնացնելու տարիքի։

-Էդ ծակ ջեբով, անտուն-անոթի գաղթական իմ սրտով չէ: Ձեր մուր՝ ձեր գլուխ, ինչ կէնեք, էրեք,- երկար չեմուչումից հետո ձեռքերը լվացել էր Խաչատուրը:

Մի քանի օր անց Անգինին նշանեցին: Գարեգինը եկել էր մոր, եղբայրների ու հարսների հետ: Հայրը մահացել էր տարիներ առաջ՝ ցեղասպանված ծնողների, առևանգված քրոջ ցավը և պապական տան կարոտը սրտում:

Մշեցի գաղթականների այս ընտանիքը հարսի մատին մի բարալիկ պղնձե մատանի դրեց, խմեցին նորահարսի ու նորափեսայի, ծնողների կենացը, նաև՝ մահացածների հիշատակի համար: Աղա Խաչատուրը զայրույթից եռում էր. ի՞նչ բարեկամություն անի սրանց հետ, մի կարգին մատանի էլ չդրեցին իրենց հարսի մատին:

Երբ վերջին կենացը խմեցին, և խնամիները վեր կացան գնալու, Գարեգինի մայրն ու ավագ եղբայրը մոտեցան Խաչատուրին, մի կապոց դրեցին բռան մեջ:

-Իսիկ մեր խարսի զուգսն ի: Մեր պապական ունեցվածքեն ի: Սև օրով ինք փրկե, դուրս խանե Էրգրից: Թող Անգին թաքցնե, մեկում շանց չի տա: Թուրքից փրկած բոլշևիկներու բաժին չէղնի,- ասել էր սկեսուրը:

Խաչատուրն անակնկալի էր եկել։ «Կերևա էսոնք անտուն-անոթի չին, տակներ լիքն ի: Բայց մուզմուզ ին, խա՜: Չես կանա էսոնցից գլուխ խանե»,- մտածել էր:

***

Անգինն ու Գարեգինը գյուղից հեռացան այն նույն ֆայտոնով, որի մեջ առաջին անգամ Անգինը տեսել էր իր երազի տղային: Առանց յոթ օր, յոթ գիշեր հարսանիքի՝ նորապսակները եկան քաղաք և ապրեցին երկաթուղային կայարանի վարչական շենքում: Տասնվեց տարեկան Անգինը, սովոր գյուղի կենցաղին, քաղաքաբնակ դառնալու ընթացքում շատ ու շատ անակնկալներ ունեցավ՝ ամեն անգամ հրճվանքի և հպարտության զգացումներ ապրելով իր բախտի համար։ Նրա կյանքում նոր, լուսավոր ժամանակ էր սկսվել․ Գարեգինը նրան տարել էր գիշերային դպրոց, ավելի ուշ աշխատանքի տեղավորել իրենց վարչությունում։ Իսկ որ ամենակարևորն է, ինքն սկսել էր Գարեգինի նման կիրթ հայերեն խոսել։

Աղա Խաչատուրն էդպես էլ չէր ընդունել կազիոննի համազգեստով գաղթական փեսային: Արդեն ծնվել էր Անգինի ու Գարեգինի առաջնեկը, հայրը երբեևէ չէր այցելել նրանց ու իր տուն էլ չէր հրավիրել: Ապրում էին իրարից անտեղյակ՝ չհաշված քաղաք եկող-գնացող համագյուղացիների, հատկապես Մեսրոպի ու Ներսեսի բերած լուրերը:

Մի օր Գարեգինը քաղսովետի դիմաց տեսնում է շվար կանգնած Խաչատուրին:

-Ի՞նչ ես անում էստեղ, հայրի՛կ,- հարցնում է։

-Հե՛չ,- չորում է Խաչատուրն ու ինքն իր մեջ փրփրում, որ էդ անտուն-անոթին իրեն հայրիկ է կոչում։

-Գործո՞վ ես եկել,- շարունակում է փեսան,- ինչո՞վ քեզ օգնեմ:

-Դո՞ւ,- արհամարհանքով նետում է Խաչատուրը,- քո ձեռ ի՞նչ կա, դու ի՞նչ կանաս էնե:

Այդ պահին քաղսովետի շենքից դուրս է գալիս պաշտոնյան, որի դռան առջև երկար ու ապարդյուն սպասել էր Խաչատուրը: Տեսնելով Գարեգինին՝ մտերմաբար հարցնում է.

-Ճանաչո՞ւմ ես էս մարդուն:

-Աներս է,- ասում է Գարեգինը:

-Բա ինչի՞ չասաց, մի բան կանեի:

Պարզվում է՝ Խաչատուրը աշնանը մթերած կարտոֆիլի փողն ստանալու է եկել քաղաք, իսկ քաղսովետում գործը ձգձգում, մարդկանց, հատկապես՝ հակասովետականներին անիմաստ քաշքշում են:

Պաշտոնյան խոստանում է օրվա ընթացքում լուծել խնդիրը։ Գարեգինն առաջարկում է աներոջը գնալ իրենց տուն, մի քիչ հագստանալ, մի կտոր հաց ուտել, մինչև․․․

Փնթփնթալով, չեմուչումով Խաչատուրը գալիս է աղջկա տուն: Կոկ, մաքուր քաղաքային բնակարանը, ճաշակով կահավորված սենյակները զարմացնում են կոշտ ու կոպիտ գյուղական օդաներին սովոր Խաչատուրին: Աղջիկը զուսպ քնքշանքով հորն ընդունում, հագուստը թափ տալիս, ոտքերը տաք ջրով լվանում, քաղաքի ուտելիքներով կերակրում ու առաջարկում է քնել-հանգստանալ։ Մինչև Խաչատուրը աչքը մի քիչ կպցնում է, փեսան վերադառնում է՝ սովետական փողի տրցակը ձեռքին:

Խաչատուրը գյուղ է հասնում, պատմում էս ամենի մասին, գովում փեսայի աչքաբացությունը, բայց և հեգնում․

-Ինչ էլ էնա, նույն անտուն-անոթին ի: Էտա տուն հուրան չէր, կայարանապետինն էր։ Աչքիս թոզ կը փչեր, թե իշկա՝ ինչ տունուտեղ ունիմ դրած:

Էս խոսակցությունն ընկնում է Ներսեսի ու Մեսրոպի ականջը: Խաչատուրին հարցուփորձ են անում, թե ինչպիսին է եղել տունը, ուր տարել է իրեն Գարեգինը։ Լսում են նրա պատմածներն ու ծիծաղում:

-Ա՛յ հեր, էդ հենց Անգինենց տունն է: Ի՞նչ կայարանապետ, ի՞նչ բան:

-Աղա Խաչատուր, ես օրումեջ էդ տանն եմ: Երբ Անգինը համեղ ճաշ է եփում, Գարոն ինձ կանչում է միասին հաց ուտելու,- հաստատել էր Մեսրոպը:

-Ուրեմն էտա տուն Անգինի՞նն էր: Ուրեմն էտա մեր փեսեն անտուն-անոթի չէ՞,- զարմանում է Խաչատուրը և պահանջում, որ Ներսեսը քրոջն ու փեսային հրավիրի գյուղ:

***

Խաչատուրը Գարեգինին ու Անգինին ընդունել էր հարգանք-պատվով, ճոխ սեղան գցել, որոշել ուշացումով աղջկան օժիտ տալ։ Հետո զալոն պատմել էր, որ հայրը Նուշիկին պատվիրած է եղել բաժինք սարքել Անգինի համար և կապոցի մեջ իր ձեռքով դրել է Մայրանուշի գործած ամենագեղեցիկ կարպետը։ Նուշիկը դժգոհ մռթմռթացել է․ տուն մտած օրից աչքն էդ կարպետի վրա է եղել, ոտքի տակ չի գցել, որ չմաշվի, որ հետո օժիտ տա իր մեծ աղջկան։

Գիշերը, երբ բոլորը քնած են լինում, Նուշիկը բացում է իր կապած բաժինքը, Խաչատուրի դրած կարպետը փոխարինում հնամաշ ուրիշով։

Առավոտ շուտ Անգինն ու Գարեգինը կապոցը ձեռքներին դուրս են գալիս տանից, ճամփա ընկնում քաղաք։ Գյուղամեջ չհասած՝ լսում են Խաչատուրի հևասպառ ձայնը․

-Անգի՜ն, Գարեգի՜ն, հլա կայնե՜ք։

Հայրը գրեթե վազում էր՝ թևի տակ Մայրանուշի գործած կարպետը։ Հասնում է, քանդում Գարեգինի ձեռքի կապոցը, միջից հանում Նուշիկի խցկածը, տեղը դնում իր բերածն ու գոհունակ դեմքով, հաղթական հեռանում։

***

Հիմա իր հաղթական, աղա հայրը կծկվել, մի բուռ էր դարձել, կալանավոր էր, ժողովրդի թշնամի, աքսորական։

Դա վերջին տեսնելն է լինում։ Օրեր անց գալիս է նրա մավան լուրը։ Մահացել էր ստոլիպինյան վագոնում։ Երևի ինչ-որ կայարանում մարմինն իջեցրել էին, թաղել, երևի՝ ուղղակի դուրս նետել գնացքից՝ իբրև գել ու գազանի կերակուր։ Գարեգինն էդ մասին Անգինին պատմել էր տարիներ անց, երբ հերթական անգամ դուստրը մղկտացել էր հոր համար, խնդրել հարցում անել, մի տեղեկություն իմանալ։

***

Վաթսունականների կեսերին, երբ մի փոքր ճեղքվել էր երկաթե վարագույրը, Երևանի «Արմենիա» հյուրանոցում հայտնվում էին օտար ափերում ապաստանած հայեր։ Մի օր խորթ քրոջ որդին եկել էր գյուղ ու հայտարարել, թե Ներսեսից լուր է բերել․ «Արմենիայում» աշխատող իրենց համագյուղացուն մի ֆրանսիացի տուրիստ հարցուփորձ է արել Խաչատուր աղայից, Անգինից, Գարեգինից, Մեսրոպից, զալոյից, գյուղի անցուդարձերից։ Համագյուղացին հարցրել է, թե որտեղի՞ց է նրան հայտնի էդ ամենը։ Նա էլ թե՝ Խաչատուրի որդի Ներսեսից է լսել, որը սեփական հիվանդանոցի տեր է, հայտնի մարդ իրենց քաղաքում։ Մի դեղի սրվակ է ցույց տվել, ասել, որ Ներսեսն է տվել իրեն, որպեսզի խմի թռիչքից առաջ, վատ չզգա օդանավում։

Անգինն ու խորթ քույրը ոտքի են ելել, որ հասնեն Երևան, տեսնեն էդ խորհրդավոր անծանոթին, քրոջ տղան չի թողել․

-Էդ կնկա բան չի, ես կգնամ, կիմանամ՝ ով ա, ինչ ա։

Գնացել էր և վերադարձել ձեռնունայն։ Անծանոթը չէր ցանկացել շփվել նրա հետ, ավելին՝ ասել էր, թե իրեն ճիշտ չեն հասկացել, թե ինքը ոչ մի Ներսեսի էլ չի ճանաչում, թե նրա մասին շատ վաղուց իր մի ծանոթից է լսել․․․

Անգինը կասկած էլ չուներ, որ նրան վանել է խորթ զարմիկի անլուրջ պահվածքը։ Նա պատմել էր եղելությունը Գարեգինին, հաջորդ օրը միասին էին գնացել Երևան։ Հյուրանոցում ասել էին, որ իրենց փնտրած տուրիստն արդեն մեկնել է Ֆրանսիա։

Անգինն իրեն չէր ներում, որ ենթարկվել է դատարկագլուխ զարմիկին։ Հենց առաջին օրը պիտի Գարեգինի հետ գնային Երևան, տեսնեին էդ ֆրանսիացուն։ Իրենց կվստահեր, կպատմեր Ներսեսի մասին։ Նա նույնիսկ չէր բացառում, որ դա հենց Ներսեսն էլ եղել է՝ ծպտված ուրիշ անվան տակ, թե չէ օտար մեկը էդպես մանրամասն տեղեկացված չէր լինի իրենց ընտանիքից, շրջապատից, գյուղից։

Դրանից հետո աչքաբաց զարմիկին հանգիստ չէր տվել ֆրանսիաներում սեփական հիվանդանոց ունեցող քեռու, թեկուզ և՝ խորթ, հավանական գոյությունը։ Սկսել էր պարբերաբար գնալ «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրություն, կորած քեռուն փնտրելու մասին հայտարարություններ տպագրել, բայց բոլոր հարցումները մնացել էին անարձագանք։

Անգինը զայրանում էր զարմիկի համառության վրա, պահաջում դադարեցնել որոնումները։ Նա մտածում էր, որ եղբայրը չի հաղթահարել ստալինյան դժոխքի սարսափը, այդ պատճառով էլ չի ուզում բացահայտվել, շփվել հարազատների հետ ու նախևառաջ՝ վերջիններիս ապահովության համար է անում դա։

***

Թեև տասնամյակներ շարունակ Անգինը որևէ լուր չուներ Ներսեսից, բայց հավատացած էր, որ նա կա, ողջ է, ապրում է բարեկեցիկ կյանքով, հարգված, ճանաչված մարդ է. սիրտը, մի քիչ էլ ֆրանսիացի խորհրդավոր տուրիստի բերած լուրերն էդպես էին հուշում։ Երկու տարի առաջ բակում գործ անելիս ուշաթափվել էր, ընկել։ Որդին վազել, գրկել էր մորը, զանգել շտապ օգնություն։ Մինչև բժիշկների գալը ուշքի էր եկել, ինքն իր համար խոսել․

-Ներսեսս էլ չկա, իմ ու նրա սրտի կապը կտրվեց: Աստծուն փառք, իմ գիտնական-բժիշկ եղբայրն ապրեց մինչև խոր ծերություն:

Անգինի կյանքը կարծես տարատեսակ ցավերի կայանատեղի լիներ, իսկ ամենադաժանը մեղքի զգացումն էր, որ որդի պես կրծում էր նրա հոգին անդադար: Քիչ էր իր մանկական չարաճճիության պատճառով վրա հասած Աստծու պատիժը՝ մոր վաղաժամ մահը, հետո էլ դրան գումարվեց հալածյալ հորից գրավոր հրաժարվելու՝ արդեն գիտակցված քայլը, որի պատճառով Աստված պատժեց երկրորդ անգամ. երկու առողջ, սիրուն երեխա ծնելուց հետո Անգինն ամլացավ և զրկվեց յոթ որդով սեղան նստելու՝ իր ու Գարեգինի երազած բախտից, հիմա էլ…

Ամենասարսափելին հիման էր՝ վերջին երկու շաբաթները: Ներսես թոռն անհետ կորած էր: Պատերազմն իբրև թե ավարտվել էր, պատերազմի սարսափները՝ ոչ: Որդին Արցախից տուն չէր գալիս: Սար ու ձոր չմնաց, որ չչափեր, չորոներ զավակի դին:

***

Հարսը քայլող ուրվականի պես հետուառաջ էր անում ընդարձակ սենյակում, ո՛չ բառ էր ասում, ո՛չ Անգինի ասածներն ընկալում: Իսկ Անգինը վստահ էր (իր սիրտն էդպես էր հուշում, իր սրտի կապը թոռան հետ կտրված չէր), որ իր Ներսեսին պիտի ողջերի մեջ փնտրեն, ոչ թե անթաղ դիակների:

-Դու չես հավատա, բայց իմ սիրտն ինձ երբեք չի խաբել,- հերթական անգամ հարսին համոզում էր Անգինը,- ես իմ թոռանն իզուր չեմ Ներսես անվանել: Նա պիտի իմ եղբոր պես նշանավոր բժիշկ դառնա ու շատ երկար ապրի: Քո սկեսրայրն ուզում էր հորս՝ Խաչատուրի անունը դնել որդուդ վրա, բայց ես չթողեցի: Վախեցա, որ անթաղ-անգերեզման մնացած իմ հոր ճակատագիրը կփոխանցվի թոռանս: Իսկ Ներսեսս հաղթող էր: Ինչերի՜ միջով էր անցել կյանքում, բայց վերջը փրկվել ու մեծ մարդ էր դարձել…

Հեռախոսի զանգն ընդհատեց Անգինի չարչրկված երկխոսություն-մենախոսությունը: Մինչ հարսը դուրս կգար ընդարմացումից, Անգինն ասես հափշտակեց բջջայինն ու հույսով ասաց՝ ալո՛:

Հարսը, որ շունչը պահած հետևում էր սկեսուրին, նկատեց, թե ինչպես նա գունատվեց, ինչպես դողաց ձեռքը, ու ծեր կինը երերաց:

Հարսը խլեց նրա ձեռքից լսափողը, դրեց ականջին, և նրա ճիչը տարածվեց տնով մեկ:

Մինչ նա սնքրտալով իրար հետ չկապակցված բառերի շարան էր տեղում հեռակապի բջջային լայնատարածում, Անգինը փլվեց բազմոցին և մի թույլ հոգոց հանեց:

Մեկ օր անց Անգինի տանը մեծ բազմություն էր հավաքված: Եկել էին Ներսեսի վերադարձի աչքալուսանքին և ամբողջ կյանքում տառապած Անգինի հոգեհանգստին, որին մահն իր գիրկն էր տարել ուրախության թևերին: