Քնաբեր
Սարը հենց Սվետի տան դիմաց էր: Այդպես էր ստացվել: Նույնիսկ ամենախիտ մառախուղին երևում էր: Այսինքն Սվետը վստահ էր, որ դիմացը սարն է: Տեսել էր, դրա համար էլ վստահ էր: Այնքան բարձր էր, որ երկինքը չէր երևում ու Սվետը աղոթքների փոխարեն ուղղակի նայում էր սարին: Քնելուց առաջ ու զարթնելուն պես: Ամառ-ձմեռ: Ամեն դեպքում՝ գյուղական մամռաքար եկեղեցում, որն ասում էին միջնադարյան կառույց է՝ ինչ-որ իշխանի ու իշխանուհու հարսանիք տեսած, ոչ ոք Սվետին չէր տեսել: Նույնիսկ կիրակի օրերին, երբ շաբաթվա ընթացքում գործած ամբողջ մեղքը ուսերին՝ կանայք ու տղամարդիկ գնում էին մի մոմ վառելու, իրար տեսնելու, նոր մեղքեր գործելու համար խիզախություն ստանալու, անբացատրելիի համար պատասխաններ ու անտանելիի համար ուժ խնդրելու: Ջահելների դեպքում մի փոքր ուրիշ էր: Գնում էին եկեղեցի՝ վերջապես նրա՛ն տեսնելու: Ընդ որում նա-ն ամենևին էլ Աստված չէր, ոչ էլ նրա որդին: Շատ բան տեսած, ծեր քահանա Սահակը, մեռնելուց առաջ անձամբ էր կնքել անմիտ-անտեր հռչակված Սարոյի էպիկ բացահայտումը: Մի կիրակի, եկեղեցի տանող ճամփին, որ իմիջիայլոց, անցնում էր գերեզմանների միջոց, Սարոն՝ սովորության համաձայն շաշ-շաշ կանգնած է եղել ջահել մեռած կնոջ շիրմաքարի առաջ ու տեսնելով մոտեցող մեղավորներին, ձեռքը մարգարեի պես վեր է տնկել ու գոռացել.
-Ինչպես մեռելները գերեզմանոցում չեն, այնպես էլ Աստված եկեղեցում չէ:
Սարոյի ասածն արագ հասցրել էին Տեր Սահակին, մարդն էլ ժպտացել էր: Հին հավատացյալները պնդում էին, որ նախկինում երբեք քահանային ժպտալիս չէին տեսել: Երկու օրից մեռավ: Կտակի համաձայն՝ մարմինն այրեցին ու հանձնեցին քամուն: Եկեղեցուց թաքուն:
Սարոն էլ երկար չապրեց: Ամեն դեպքում գյուղում վստահ էին, որ եթե մեկին երկար ժամանակ չես տեսնում, ուրեմն մեռել է: Աստված գիտի՝ ուր էր կորել: Գյուղի միակ խանութին բժշկական երշիկ առաքող շոռաչք Սուրուն վստահեցնում էր, որ քիչ հեռու՝ ոչ պակաս մամռաքար ու միջնադարյան կամրջի տակ տղամարդու մարմին է տեսել, դեմքը՝ ծանոթ: Թերթերն էլ գրեցին: Էլի առանց անունը տալու: Խոշորացված համայնքի ղեկավարությունը, ինչպես կարգն է, հուղարկավորեց անտեր մարմինը ու համայնքի ամենամեծ գերեզմանոցում հայտնվեց մի նոր թումբ՝ «1457» գրությամբ տապանաքարով:
Բայց ինչների՞ս են պետք ուրիշ մարդիկ, հատկապես մեռած, երբ սարը Սվետի տան դիմաց էր: Գարուն-աշուն: Պատահել է դեպք, որ նույնիսկ գիշերազգեստով է վազել սարի մոտ, գրկել ու քնել: Դեպքե՛ր: Ամուսնացած չէր: Չէ՛ր ուզում, չէ՛ր կարող: Հաշմանդամության սայլակին գամված հորն էր խնամում, դպրոցում տարրական դասարանցիներին տառերն էր սովորեցնում ու բոլոր հետաքրքրվածներին հարցերին, թե «էսքան սիրուն ես, ինչի՞ չես թողնում մեկը կողքիդ կանգնի», ասում էր. «Ժամանակ չունեմ. երաժշտություն եմ լսում»: Ու ճիշտ էր ասում: Սվետն առհասարակ միշտ ճիշտ էր անում, նույնիսկ այն ժամանակ, երբ գյուղական դպրոցի մաթեմատիկայի դասատուն մի աշնանային անձրևոտ օր նայեց ուսուցչանոցի պատուհանից երևացող ծառի տերևաթափն ու կարծես ինքն իրեն շշնջաց. «Մի հատ անմահական կոֆե լիներ, խմեինք, քաղցր» և երբ Սվետը վեր կացավ տեղից ու սուրճ պատրաստեց: Դառը:
Դպրոցից վազում էր տուն: Հորը պիտի կերակրեր, տակը փոխեր, սպիտակեղենը լվար, հաջորդ օրվա ճաշը եփեր, աշակերտների գրավորները ստուգեր, մահճակալի կողքին դրված հերթական գիրքը կարդար, խուլ ու համրացած հոր արձակած ձայնից վեր թռներ, վազեր հոր սենյակ, նրա ճակատին սառը թրջոց դներ, գլուխը շոյեր, օգներ, որ պառկի մահճակալին, սպասեր, որ աչքերը փակի, համոզվեր, որ արդեն քնել է, հառաչեր, որ ընդամենը քնել է, վերադառնար իր սենյակ, վերջապես հագներ գիշերազգեստը՝ մինչ այդ մի րոպեի չափ լրիվ մերկ կանգնելով հայելու առաջ, հետո պառկեր իր մահճակալին ու աչքերն առանց փակելու՝ հիշեր այն 9 տարեկան տղային, որ մամայի վազից իրիս կոնֆետ էր ցրել, որ բերի դպրոցում իրեն տա, հետո էն մյուս՝ 16 տարեկան տղային, որ չէր մտածում իր հետ խոսելուց առաջ՝ կարծելով, թե զգացմունքների արտահայտման պահին կարևորը անկեղծությունն է, ոչ թե բառերը: Ավելի ուշ հայտնվեցին ավելի հասուն, բայց էլի տղամարդիկ՝ երաժիշտ, զինվորական, բժիշկ, գրող, գրողուցավ, հյուսն, որ համառորեն պնդում էր, որ Սվետի անունը Մարիամ է ու իրենք ահա՛ նոր աշխարհ են հիմնելու… Սուտ: Նույնիսկ իսկական Մարիամը չծնեց մեկին, ով փոխեց աշխարհը:
Շատերը եկան Սվետի պատուհանի տակ ու բոլորն անցան այդ պատուհանի տակով: Ամառ-ձմեռներ, գարուն-աշուններ: Սա՛րը: Սվետը վազում է դեպի նրան: Նա վազում է, որ հասնի սարին ու ասի, որ ատում է նրան: Ատում է, որովհետև բոլորը գնում են, իսկ սարը ոչ: Արդեն քանի տարի՝ ոչ: Երբեք՝ ոչ: Սվետը վազում է սարն իր վեր: Նա ուժասպառ է լինում լանջին: Նա չի տեսնում գագաթը: Սվետը հանում է գիշերազգեստն ու փարվում սարին: Ինչո՞ւ է նա այդպես անում: Ո՞վ գիտի, թե ի՞նչ ու ինչո՞ւ է անում կինը՝ աստղազարդ գիշերներին:
Սվետն ատում է սարին ու աչքերը փակում է նրա գրկում: Մանավանդ ձմեռներին: Ինչո՞ւ չի գնում, ախր: Բոլորի պես:
Սարը տեսել է Սվետին: Ոտքից՝ գլուխ: Բառերեն չխոսող, բայց այնքան բան ասող մատների ծայրից մինչև հոգու խորքը: Դրա համար է Սվետը լացում: Սարը տեսել է իրեն ու չի գնում սարը: Իրավունք չունի սարը՝ մնալու: Տեղ չունի սարը՝ գնալու: Կանգնած է: Միշտ: Կայուն: Խաղաղ: Բարձր: Անկախ փոթորիկներից ու քամիներից, ձյան առատությունից ու տեղատարափ անձրևից, երաշտ տարիներից ու անտառային հրդեհներից: Մարդու միս ուտող գիշատիչներից, երկրաշարժերից, դաշտամկներից ու խլուրդներից: Մնո՛ւմ է սարը:
-Ինչպես մեռելները գերեզմանոցում չեն, այնպես էլ ողջերն իրենց տներում չեն,-սա է ասում Սվետն ամեն առավոտ՝ ցերեկային կյանք վերադառնալով: Նա իջնում է սարի լանջից, դանդաղ, բայց առանց հետ նայելու: Նրա հետ չնայելն առաջ գնալու կոփված էությունն է և անտանելի վստահությունը, որ սարը մնում է:
Բայց Սվետի ասածից ոչ ոք չի ժպտում: Ոչ ոք չկա, որ լսի ու ժպտա: Ոչինչ էլ չկա, որ լսեն:
Ոչ ոք:
Ոչինչ:
Սարը:
