Գեվորգ Տեր-Գաբրիելյան, Էսսե

Մտորումներ պսակաժահրի օրերում

Մարդիկ սովորում են ավելի շատ օնլայն կարդալ:

Օնլայնը պիտի դառնա վճարովի, բայց…

Անձնական հիգիենան – journey (ճամփորդություն) – ինչպե՞ս ես սովորում ու մտածում հավանականության մասին, ինչպե՞ս է դա ազդելու մարդկանց գործելակերպի ու վարքի վրա:

Ի՞նչն է դժվարանում – վարսավիր, բժիշկ: Մերձավորիս շուն է կծել: Ի՛նչն է ավելի վտանգավոր. կատաղություն-կարկամա՞խտը, թե՞ բուժհաստատությունում սրսկվելուց կպցրած պսակաժահրը: Հավանականության տեսություն և պրակտիկա: Երկու երնեկ մեկտեղ չի լինում, իսկ երկու չերնեկ՝ որքան ուզես:

Շները, կատուները, առնետները, ճնճղուկները, ագռավները, աղունիկները, սոխակները, սարյակներն ակտիվացել են: Միմյանց հետ են կյանք անում: Բայց նաև մի տեսակ զարմացած են ու տխուր, որ մարդ քիչ կա:

Օնլայն ինֆոյի քանակի ավելացումը – ի՛նչ անել դրա հետ, ինչպե՛ս հախից գալ:

Տրամադրության վայրիվերումները:

Ապագան կառուցելը-պլանավորելը:

Թափթփված ես դառնում, քանի որ պիտի փոխես սովորույթներդ, և նախկինները, որ հավաք էին պահում, այլևս ռելևանտ չեն. հաճախ ցրվածություն ես դրսևորում, քանի որ իրերի դասավորությունը, ֆունկցիոնալ համընկնումը՝ ո՛րը՝ ե՛րբ, ո՛ր ժամին, ո՛ր գործողությունների ժամանակ պետք կգա, այլևս հինը չէ: Նոր պրոցեդուրաներն էլ գիտակցորեն մտածել, հետո ինտերիորիզացնել է պետք, որ ավտոմատացնես առանց սխալվելու, բայց դժվար է: Տնից դուրս գալու, տուն գալու, դրսում քայլելու, առևտուր անելու նոր ծեսեր:

Մեծ ֆիզիկական շարժումներ անելու՝ սկզբում՝ պահանջ, հետո նաև ալարկոտություն է առաջանում: Եթե պարզապես գրասենյակում աշխատելը նշանակում էր սենյակից սենյակ քայլել, զրուցել մարդկանց հետ, ձեռքով-ոտքով, տարբեր մարդկանց հետ միաժամանակ կամ փոխնիփոխ, քայլել քաղաքով, փողոցով, տրանսպորտ նստել կամ ավտոմեքենա, ավտոմեքենա վարել, – այդ ամենի փոխարեն փոքրիկ էկրան, ձեռքի շարժումներ, աչքի սահմանափակ շարժումներ, վառ էկրան, նստած մարմնի փայտացում և՝ ծուլություն, և՛ մարզանք անելու, և՛ տնից դուրս գալու, նույնիսկ զբոսնելու կամ՝ խանութ, քանի որ խանութը գործ է և եռանդ է ուզում, նաև՝ ոչ հարմարավետ, քանի որ պիտի ճիշտ հագնված, դիմակով, ձեռնոցով և այլն գնաս, այնտեղ զգույշ լինես, հետ գաս՝ հականեխես ամենը…

Մեծ գործ: Իսկ զբոսանքը՝ քանի որ չկա սրճարան կամ շփվելու, հյուր գնալու հնար՝ պիտի շատ ինքնախոհ լինես, որ ցանկանաս զբոսնել բավարար չափով, միայնակ, քո մտքերի, քո դիտողականության հետ:

Երբ դուրս ես գալիս՝ այո, հաճելի է, սակայն դուրս գալ ինքզինք ստիպելը երբեմն դառնում է դժվար:

Այդպես, «դրսաշապիկը»՝ այն ամենը, ինչ կազմակերպում է կյանքդ՝ դուրս գալ առավոտյան, ուրեմն՝ արթնանալ ժամանակին և այլն, այն ամենը, ինչ կյանքի անիմաստությանը կառուցվածք է հաղորդում և այդպիսով քեզ պահում, կմախքիդ պես, – հանկարծ չկա, ուրիշ կառուցվածք պիտի ձևավորվի փոխարենը, շատ ավելի՝ ներքին կարգապահությանդ վրա հիմնված, դրսի սոցիալական ատաղձը չի պահում այլևս բավարար չափով, բայց մինչ այդ՝ կարող ես ընկնել անկառուցվածքության մեջ, և որքան էլ գործ ունես անելու և աշխատասեր ես՝ ու հենց համակարգչով, – միևնույն է, դա ստեղծում է որոշակի դատարկություն, հունից դուրս վիճակ: Կամքի ավելի մեծ, քան սովորաբար, ուժ է պահանջում՝ չտրվել այդ ալարկոտությանը: Ստրկությունը, անազատությունը, կաշկանդն առաջացնում է ալարկոտություն, երկյուղածություն՝ լիաթոք ապրելու հանդեպ. դրա համար էլ մարդիկ իրենց շղթաները դարերով չեն թոթափում:

Մտածելու խնդիրը revisited («վերաայցելեց») – պսակաժահրի հետ կապված մտածելու խնդիրը:

Ապրումների շրջանակի ընդլայնումը. մանր, փոքր, ներքին ապրումներդ, որ առաջ ժամանակ չկար, որ շատ խորանայիր՝ այժմ կարելի է խորանալ, կամ՝ իրենք են խորանում, քո կամքից անկախ:

Կենտրոնանալու դժվարությունը և հարաբերականությունը:

Առաջին ամիսը սթրեսային՝ «դրանգ նախ օստեն» (Հիտլերի ծրագրած անկասելի հարձակման անունը՝ «ճնշում դեպի արևելք») վիճակն էր. սովորել նոր վիճակին, փորձարկել նոր տարբերակներ: Ասենք՝ խանութից պատվեր-առաքումով գնումներ կատարել: Երեք-չորս անգամից հետո հրաժարվեցի, քանի որ համացանցով ընտրելը կամ հեռախոսով բացատրելը սարսափելի տվայտանք էր, չնայած ընդունողների սիրալիրությանը: Նաև՝ «չարված գործերդ ավարտել». նրանք, որոնք հետաձգվել էին, որովհետև ժամերով նստել և վրան աշխատել էին պահանջում: Դա էլ արվեց մասամբ: Առաջին ամիսը՝ շատ չմտածել, պարզապես հետաձգել այն անելիքներդ, որոնք պահանջում էին նախկին կյանքի պայմանները. ճամփորդությունը, նորոգումը և այլն: Շատ չմտածել, նյութ կուտակել: Որոշ «չարված գործեր» ավարտի հասցվեցին, եթե տեքստային էին: Հետո դա էլ դարձավ անկարևոր, եթե պարտադիր չէ:

Հետո եկավ երկրորդ ամիսը, և որոշ բարեկամներիդ վարքում հոգեբանական խնդիրներ երևակվեցին: Հեռախոսով կամ համացանցով զրուցելը, բացատրելը, «հանգստացնելը», համբերատար լինելը, չվիրավորվելը հապշտապ մանր ագրեսիայի նկատմամբ կողմնորոշվելու կարիքից դարձան «նոր նորմալ»: Ամեն անգամ մանր ագրեսիայի հանդիպելիս՝ մտածել, գուցե սա կարանտինի, իրավիճակի ազդեցությունն է մարդու վրա: Նրան փորձել դա բացատրել: Հանդիպել դիմադրության, նույնիսկ երբ մեղմորեն ես բացատրում. ռեֆլեքսիայից լավ բան չկա, երբ հասկանում ես, ինչու՛ է քեզ հետ այս կամ այն տեղի ունենում, սակայն ռեֆլեքսիան նաև ցավոտ կարող է լինել, մանավանդ երբ սովոր չես դրան դիմել, և դաժան ճշմարտություն է, քո հոգեբանական թուլություններն ի ցույց դնող:

Վախ, արդյոք կկարողանա՞ս անել այն, ինչ նախկինում անում էիր, երբ «հին նորմալը» վերադառնա: Ասենք՝ քայլել այն նույն չափի տարածություն, որ առաջ էիր քայլում: Բարձրացնել նույն չափի ծանրություն: Մարզանքը չի օգնում:

Ավելի խորքային ռեֆլեքսիա մարմնիդ հանդեպ, քան ամեն օր. փոխվու՞մ է. ավելի քիչ շարժվելն ազդու՞մ է: «Հանգստանու՞մ» է: «Դեգեներացվու՞մ է»: Նաև՝ արդյոք չե՞ս վարակվել: Գուցե հիմա վարակն արդեն մեջդ է, դեռ չգիտես: Ինչու՞ հազացիր: Վա՞տ ես շնչում: Համբուրե՞լ արդյոք մերձավորիդ, խանութից քիչ առաջ է վերադարձել, չնայած, մեկ է, միասին եք ապրում, մեկ է կվարակվեք միասին, եթե վարակվեք:

Գնալ-գալու ծեսի զարգացում. ձեռնոցով, դիմակով փորձել, հետո՝ առանց, հետո՝ նորից, մեկ ձեռնոցով, այսինչ հականեխիչը հետդ տանել գրպանում, այնինչը, դիմակը հարմարեցնել դեմքիդ, ականջիդ երբ գցում ես՝ ակնոցդ կարող է ընկնել, չմոռանալ չիջեցնել-չբարձրացնել փողոցում, որ ձեռքով դեմքիդ չդիպչես, ծաղիկ առնել – ծաղիկին դիպչու՞մ է, հոտ քաշեցիր, քիթդ մտցրեցիր յասամանի բույլի մեջ, վտանգ, փողը փոխանցելիս՝ մատներդ դիպան վաճառողի մատներին, չմոռանաս, բոլոր ցելոֆանները մաքրել, հետո դեն նետել – իսկ բանջարեղենին, մրգին դիպչու՞մ է, որքա՞ն է ողջ մնում, ցելոֆաններն օդափոխել՝ դեն նետելու փոխարեն, որքա՞ն ժամանակ օդափոխել, տան կահավորանքում փոփոխություններ անել. դռան մոտ՝ դատարկ սեղան, որ բերես ու «վարակվածը» դնես վրան, աշխատանքային սեղանդ, որ դռանը մոտ էր, դռնից հեռու տեղափոխել, ունենալ նաև արդեն մաքրած ապրանքի համար՝ հատուկ դարակ: Բանալին մաքրել, բայց շքամուտքի կողպեքը բացող մագնիսը չի՞ փչանա արդյոք հականեխիչից:

Սկզբում ձեռնոցով լվացվել, հետո՝ առանց ձեռնոց, քսան վայրկյան, չէ, դա շունչը պահելն էր, սա է՞լ, հետաքրքիր զուգադիպություն, շունչդ քսան վայրկյան պահած՝ ձեռքերդ լվա, ձեռնոցը պահպանել, փռել-չորանա, օդափոխվի: Դրանից հետո նորից լվացվել, այս անգամ՝ դեմքդ էլ: Այս վերնաշապիկով էիր, երբ ապրանքն էիր մաքրում, փոխե՞լ, վստահե՞լ, անփու՞յթ լինել:

Դրսի շորերն ամեն անգամ գալուց հետո լվանալ, օգտագործած դիմակը լվանալ, արդուկել՝ չէ, հա: Օդափոխելը հերիք է, ժահրիկը հո անմահ չէ, մի քիչ հետո անօգնական, անսնունդ, անմարդ՝ կմեռնի-կպրծնի: Փոքրացնել հավանականությունը, բայց չձգտել այն վերացնել, մեկ է՝ անհնար է: Պերֆեկցիոնիզմի կարիք չկա: Կյանքիդ քաղաքատնտեսության մեջ հավասարակշռությունը պիտի պահպանվի. ժամանակ ծախսել ամեն անգամ դրսի շորերը լվալու վրա (և՝ նյութական վնաս կրել. մաշեցնել արագ, ներառյալ լվացքի մեքենան, որ, ոմանց թվում է, անմահ է, բայց փչացածը սարքողը գիտի) վերսուս՝ օդափոխել և ազատ ապրել: Ռիսկն արժե:

Ձեռքերդ շատ լվացվելուց չորացել են, ասես ցուրտ ձմռանն առանց ձեռնոց ման գալուց: Էլի հիշում ես Օրասիո Կիրոգայի պատմվածքը՝ ձեռք լվանալու մոլուցքի մասին:

Տունդ օդափոխիր ավելի հաճախ, եթե մեջը հիվանդ կամ կասկածյալ կա՞, թե եթե մեջը չկա էլ: Իսկ դու ի՞նչ գիտես, կա թե չկա: Մեծ մասամբ առնվազն երեք օր հետո կարող է զգացվել, այսօրվա այցելությունդ խանութ պատուհաս էր, թե ոչ: Երկար շունչ: Համենայն դեպս, օդափոխենք նորից: Երեկոյան կողմ գլուխդ ծանրանում է: Ծանրանալը գլխացա՞վ է: Հարևանը ծխում է պատշգամբում: Պատշգամբից պատշգամբ ժահրիկը կարո՞ղ է ցատկել: Ծխախոտն օդում թափ տվեց: Մոխիրը եկավ մեր կողմ: Մոխիրից կարո՞ղ է ցատկել: Կրակի մեջ հրկիզվե՞լ է: Տունը մաքրել սեփական հարազատ կեղտի՞ց, թե պսակաժահրից: Դրանք տարբեր մոտեցումներ են, ամեն մեկը տարբեր մարտավարություն, առանձին ծես է պահանջում:

Դուրս էիր եկել ման գալու, երեսուն մետր հեռու երկու տղա, պուրակում նստարանին նստած, բարձր-բարձր զրուցում էին: Նրանց բերանից քուլա տվող արաղաբույրը անձրևից հետո զուլալ օզոնը ճղեց-եկավ-հասավ քթիդ: Արաղաբույրը ժահրիկին երեսուն մետր կտեղափոխի՞: Քիթդ մաքրե՞ս: Չնշչե՞ս: Խոր շու՞նչ քաշես, թոքերդ մաքրե՞ս: Բա որ հենց դրանով մեջդ ավելի խորն ընկղմե՞ս:

Թղթիկը գրել ես: Այս անգամ թղթիկը գրելը մոռացել ես: Դժվար է թղթիկը գրելը չմոռանալ դուրս գալուց: Գողեգող զբոսնես: Էլեկտրոնային՝ ոչ, շառից հեռու: Օգտագործված թղթի մյուս երեսին կարելի՞ է գրել: Ամեն բառը պիտի գրե՞ս, վերևի վերնագիրն է՞լ («Արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկ» և այլն), թե զուտ ֆունկցիոնալ ինֆորմացիան: Ձեռագիրդ վատացել է, էլ սովոր չես ձեռագրով բան գրել: Դա խնդի՞ր է: Ջնջում արեցիր: Նորի՞ց գրես: Երեկվանը գրեթե նույնն է, ջնջում անես-ամսաթիվը փոխե՞ս, թե՞ այդ դեպքում, թե կանգնեցնեն, կտուգանեն: Ակնոցդ դիմակից քրտնում է, խանութում բան չես տեսնում, կույր խարխափում ես: Կարելի է չսափրվել, բայց մորուքի մեջ պսակաժահրն ավելի հեշտ կծվարի: Հինգ հարյուր մետր, թե մեկ կիլոմետր: Ինչպես հաշվես: Պարետի հրահանգներն օրեցօր փոխվում են, անհասկանալի լեգալիզմական լեզվով, չես հասկանում. խնդրում ես գործընկերներիդ, իրավաբաններին՝ թարգմանել. ի՛նչն է այսօր դեռ և արդեն կարելի, ի՛նչը՝ ոչ:

Ինը տարեկանիցդ, ինչ հայրիկդ ձեռքի առաջին ժամացույցդ նվիրեց (չեխական), առաջին անգամ կյանքումդ ժամացույց չես կապում. դաստակին ժամացույցի գոտկի տակ պսակաժահրը կծվարի: Որբացել է ժամացույցդ: Չի որբացել. տնից դուրս գալիս ամեն անգամ մոռանում-կապում ես, հետո հիշում, հանում-տեղը դնում: Նոր ծես: Անձնագիրը ծոցագրպանումդ է: Տուն գալով՝ հանեցիր: Կեղտո՞տ ձեռքով հանեցիր, մաքու՞ր: Բավարա՞ր չափով մաքուր: Իսկ գուցե ինքն արդեն վարակվա՞ծ էր: Անձնագիրը հականեխե՞ս, թե օդափոխես: Հետո ձեռքերդ նորից լվա՞ս: Բանկոմատից հանած փողը հականեխե՞ս:

Զումը կարևոր է դառնում, ետևդ պատին նկար չկա, մերկ պատ է, կնոջդ նկարները բերել, հարմարեցնել, որ զումով խոսելիս ֆոն լինի: Նոր գեղագիտության, ներկայանալի նոր տեսքի հիմունքներ. փողկապի փոխարեն՝ ետևումդ նկար: Աշխատանքային ժամեր, շաբաթ-կիրակի խառնվել են իրար. ով երբ ժամանակ ունի՝ սկսում է աշխատել, երբ չունի՝ դադարում. դպրոցահասակ երեխա ունեցող մայրերից ոմանք երեկոյան են աշխատում: Ինքդ միշտ ասում էիր՝ չհապաղենք, իրար շտապ կապվելու կարիք կա՝ չնայենք, աշխատաժամ է, օր է, տոն է, մեռելոց է, – կապվենք: Չես դադաարում զարմանալ գիշերվա երկուսին ստացվող աշխատանքային իմակներից (իմեյլ բառն է՝ արևմտահայերեն, դուրըդ եկավ):

Ալարկոտությունը, տագնապը երկրորդ ամսից է սկսվում: Ե՞րբ էր, եղե՞լ է, որ այսքան «միապաղաղ» իրադրություն լինի՝ անկտրտած: Արձակուրդը՝ մեկ շաբաթ, դե՝ երկու, և միայն շա՜տ վաղ տարիքումդ՝ ամառային արձակուրդ՝ երեք ամիս անընդհատ, երբ ձանձրանում էիր ի վերջո, թեև, մեկ է, դպրոց գնալը ցանկալի այլընտրանք չէր, բայց գոնե՝ փոփոխություն: Կամ՝ դպրոցի դեկտեմբերյան վախտերը, երբ, թվում է, անվերջ է ձմեռային այս դպրոցը, դասի, տուն, դասեր, քնել՝ դասի, տուն, դասեր, քնել…

Երկար շունչ է պետք: Պլանները՝ ապագան ինչ է լինելու, ավելի շատ էիր կազմում առաջին ամսում, երբ դեռ թարմ էիր և նայիվ: Այժմ՝ հասկանում ես, որ որքան շատ դիտեցիր այս իրավիճակը՝ այնքան, ի վերջո, եթե կարողանաս որևէ նոր բան հասկանալ՝ ավելի արժեքավոր կլինի: Որովհետև իրավիճակը տևական է: «Դրանգ նախ օստեն» չի ստացվի: Երկար շունչ է պետք: Մեծ Հայրենական: Ղարաբաղյան կոնֆլիկտ: Ե՞րբ ունեիր երկար շունչ: Չգիտեիր էլ, որ ունես, բայց՝ երբ երկիրը փլվում էր ու հետո պատերազմ էր: Կամ՝ երբ երեխաներդ նորածին էին և փոքրիկ՝ մի երեք-չորս առաջին տարին: Երկար շունչ՝ նշանակում է, դեռ վարակված չես (կամ՝ վարակը դեռ մեջդ հասունանու՞մ է, դեռ պարզապես չի՞ արտահայտվել): Քսան վայրկյան կամ ավելի:

Ոչ տիպականի փնտրտուք. համացանցում լի են քեզպեսները՝ պարզապես կարանտինում ապրող: Վարակվածները քիչ են արտահայտվում, նրանց բուժող (ոչ թե վարակին չհավատացող) բժիշկները՝ նույնպես, կարանտինը խախտողները՝ նույնպես: Վարակվածների ներսի պատմություններ ես ուզում: Մի երկուսը, որ իմացել ես՝ շատ թեթև են, էն մուլտի պես՝ գետաձիու մասին, որ վախենում էր սրսկումներից. «Раз – и готово»: Ուզում ես նրանց ներքին ռեֆլեքսիան, բայց չեն արտահայտում, իրենց ներսում են պահում: Զոհերի հարազատներն էլ չեն պատմում իրենց զգացածը, կամ՝ քեզ չի հասնում՝ քո «պղպջակին»:

Ծիծաղ՝ համացանցի կոնսպիրոլոգիական խրախճանքից, քաղաքական ապուշությունից: Բոլոր էմոցիաները համացանցից. հումոր, նրբին քնքշություն, ապուշություն:

Կենտրոնանալ, վերջապես հասկանալ շատ բաներ, որոնց մասին չես հասցրել մտածել: Բայց առաջին ամսում ավելի շատ հույս կար, որ դրա շանսը հեշտ կլինի, երկրորդ ամսում հասկացել ես, որ ավելի շուտ՝ կայծակներ, փայլատակումներ, պետք է դրանք կուտակել, տևական կենտրոնացումը դժվար է ու… Ինչ-որ տեղ չի տանու՞մ: Չգիտես:

«Գոհարներ» հավաքագրել, սեփական մտքից, համացանցից: Կուտակել: Պետք կգա: Ընկերուհուդ փոքր ժամանակ մայրն արգելում էր բոբիկ քայլել հողի վրա: Ասեղով ներբանը ծակում էր, որպես պատիժ: Հողի վրա բոբիկ քայլելը մնացել է երազանք, հաճույք, տաբուի խախտում: Բայց էլ չի անում: Սովորեցրել են չանել: Ընտելացել է չանել: Անելիս՝ տաբուի խախտումը, պատժի հիշողությունը թունավորում է հաճույքը:

Կան մարդիկ, որոնք աշխատում են (և ոչ բժիկները), գրեթե ինչպես միշտ: Ազգային ժողովը: Ինչպե՛ս են իրենք հարմարվում: Նրանց ներքին ապրումների մասին էլ քիչ տեղեկություն կա: Գյուղերում, քաղաքից դուրս՝ այգում, դաշտում: Միայն գեղեցիկ լուսանկարներ են դնում երբեմն: Ոմանք գնում են ավտոմեքենայով հեռու: Գնա՞ս: Չես ուզում: Ալարկոտություն է իջել հոգուդ: Մեկ է, չես կարող գոնե երկու հոգով գնալ: Կամ՝ կարող ես, բայց մեծ ճիգ է պահանջում:

Սմարթֆոնն անջատեցիր (ինքնաթիռային ռեժիմ), որպեսզի էդ անորոշ տեղորոշումը քո դեպքում չաշխատի: Հետդ չես վերցնում: Իհարկե, հին բջջայինը հետդ է, երբ դուրս ես գալիս: Սմարթֆոնը, սակայն, նաև լուսանկարչական սարք է: Երբեմն դրսում լուսանկարելու բան կա, բայց, ավաղ, սմարթֆոնը տանն է: Գործնական օրագիրդ, ուր ամեն օր, ամսեամիս հանդիպումներիդ ժամերն էիր գրանցում, մարտի 15-ից ի վեր չես օգտագործում: Զումով բոլոր հանդիպումները դարձել են հեշտ հիշվելիք, կարծես երբ երիտասարդ էիր: Հանդիպումների, գործերի գրանցումը՝ շաբաթը, օրը, ժամը, կարևոր էր, որովհետև արագ տեղաշարժվելուց մոռանում էիր, տարբեր կոնտեքստները պետք էր արհեստականորեն աչքիդ առաջ բերես, որ հիշես, ինչից հետո՝ ինչ է, չուշանաս: Այժմ՝ նույն կոնտեքստում, տանը, ամենը կարծես հիշվում է ինքնըստինքյան: Սթրեսն ավելի քիչ է: Զումով հանդիպումներ չէիր սիրում, սկայպից հուշտ էիր լինում: Այժմ սովորեցիր, այն էլ ինչպես: Նույնիսկ հեռախոսազանգեր շատ չէիր սիրում, գերադաասում էիր անձնական հանդիպումները: Այժմ սովորեցիր: Սակայն մարդկանց սթրեսի ավելացման պատճառներից մեկն էլ, իհարկե, դա է. որ իմակով (իմեյլ) կամ նույնիսկ հեռակա տեսաշփումով մարմնիդ ողջ ուղերձը չի հաղորդվում, և գործնականը կարող է կոպտություն կարծվել, կամ՝ ոչ բավարար չափով քնքշություն, ինչի կարիքը շատերն ունեն, – թեև տեսաշփումն իմակից լավ է, ինչ խոսք:

Քիչ ինֆորմացիա կա, արդյոք ուտելիքի մեջ, եփված թե ոչ, կարող է մնալ, թե ոչ, որքան ժամանակ, ինչպես: Շուտով կսկսեն բացօթյա սրճարաններն աշխատել: Իրարից հեռու կնստենք, բայց ինչ իմանանք, որ մատուցողը վարակված չէ, ինչ իմանանք, ուտեստի մեջ դեռ կենդանի է ժահրիկը, թե արդեն ոչ:

– Գնա՞մ տատիկի մոտ սուրճ խմելու, նա ցանկանում է շփվել:

– Դե տես. մենք ախր միայն վարակման հավանականությունն իջեցնելու բիզնեսի մեջ ենք: Գուցե գնաս, սուրճ եփես, նստեք, խմեք, դիմակո՞վ ես խմելու: Գուցե դու վարակ տանես, գուցե, ով գիտի, իրենից բերես, կամ՝ փողոցում վրադ նստած լինի, մնա իր տանը… Թե շատ անհրաժեշտ է՝ գնա: Գուցեև ոչինչ չլինի, գուցե՝ լինի…

– Լավ, հասկացա, լուսամուտից կտամ ուտելիքն ու գրքերը: Հեռախոսով կշփվենք հետո: Բայց ուրիշները չեն հետևում: Խանութում վրաս էին քշում, ցեպիտ էին տալիս: Գիտե՞ս ինչ արեցի:

– Ինչ:

– Արհեստականորեն, ամբողջ ուժով վրաները փռշտացի: Իհարկե, դիմակի միջով: Բոլորը փախան-ցրվեցին, ասես ժահր:

– Ապրես: Պաշտպանության լավ միջոց է:

– Բայց ինչու նրանք չեն վախենում վարակվել:

– Դա կարևոր չէ: Իրենց գործն է: Մեր նպատակն է: որ մենք ու մեր մերձավորներն անփորձանք անցնենք այս ժամանակով:

– Բայց չէ որ նրանց վարքից մեր վտանգն էլ է ավելանում:

– Պետք է հասկանալ, ինչ է կատարվում: Երբ ուզում ենք կորի գագաթը համեմատաբար հարթեցնել՝ նշանակում է, որ շատ երկար է տևելու այս իրավիճակը: Եվ երբ կորի գագաթն անցանք՝ վտանգը չի անհետանալու: Եթե լրիվ ազատ թողնեին՝ ավելի արագ գուցե անցներ: Իսկ այժմ խառը վիճակ է, պետությունն օգնեց՝ կարանտին մտցնելով, սակայն մարդկանց սեփական կամքին է թողնված. վախենալ, թե ոչ, խուսափել, թե ոչ, հավանականությունը՝ որ ինքդ կվարակվես, փոքրացնել, թե ոչ: Ես նույնիսկ զարմանում եմ, որ այսքան ենթարկվող կա:

– Իսկ ինչ ես ասում դավադրության տեսություններին հավատացողներին:

– Ինքս ես ոչ մի դավադրության տեսության ո՛չ թե պարզապես չեմ հավատում. ինչի մասին չգիտեմ՝ չեմ էլ մտածում, ժամանակ չեմ կորցնում դրա վրա:  Ոչ մի «դավադրության տեսության» վրա փոքրուց ժամանակ չեմ կորցրել, սկսած աստվածների գոյության հարցից մինչև արհեստականորեն բուծված ժահրով չղջիկը չինա-ամերիկյան Բիլ Գեյտսի կողմից ուտելը: Չգիտեմ, ինչու: Ծնողներիցս է եկել, բայց որքանով է գենետիկ, որքանով սոցիալական՝ դժվար է ասել: Գուցե քանի որ Սովետի պրոպագանդային փոքրուց չէի հավատում, ո՛չ թե չէի հավատում՝ դրա վրա միտք ու զգացմունք ծախսելու ժամանակ չէի հատկացնում՝ այդպես էլ պարզապես ժամանակ չեմ հատկացնում և ո՛չ մի բանի վրա, որի հիմքը մշուշոտ է, պարուրված է մոգականությամբ և այլն: Բավական է մի՛ պահ դրա մասին մտածել՝ և կսկսես մեջը թաղվել, սկել, սուզվել, խորտակվել, խեղդվել: Կտրում եմ, մի կողմ նետում: Դա՝ չկա:

– Բայց մարդս փափուկ է, նա կարդում է, հուզվում…

– Այո, մարդս փափուկ է, և ես էլ, իհարկե, հավատում եմ լիքը աբստրակտ բանի, որ կյանքումս չեմ տեսել: Բայց ես տարբերակում եմ ուրիշ աբստրակտը դավադրության տեսությունից, որովհետև հենց որ տեսնում եմ, որ ինձ ուզում են վախեցնել կամ ապաիշխանավորել՝ իսկույն թերահավատ եմ: Ես «ուժըս» կինո էլ չեմ կարողանում նայել, քանի որ հորինովի «ուժըսների» վրա ժամանակ չեմ ծախսում: Կարելի է այդպես էլ ապրել՝ հավատալով ամեն սնոտիությանը կամ դավադրությունների, և նույնիսկ արտաքնապես հաջողակ և թվացյալ նորմալ ապրել: Ես՝ ոչ:

– Իսկ եթե ճիշտ դուրս եկա՞վ:

– Եթե ճիշտ դուրս եկավ՝ ուրիշ. կմտցնեմ գիտելիքիս մեջ: Բայց պիտի հաստատ իմանամ, որ ճիշտ է դուրս եկել:

– Իսկ ինչ ես ասում սա գրիպի հետ համեմատողներին:

– Սա գրիպի հետ համեմատողներին ես ասում եմ, որ մարդկության հաղորդակցությունն ու տեղաշարժը հասան այն արագության, որ մարդու կյանքի գինը վերջապես գնահատվեց շատ ավելի լայն տարածքում, քան միայն Արևմուտքը: Մարդու պատասխանատվության կարիքն ընդգծվեց: Սա ինքնավարակ է. դու՛ պիտի մտածես, որ ուրիշներին չվարակես, և միայն հետո՝ որ իրենք քեզ չվարակեն: Քե՛զ պահպանիր՝ որ ուրիշի՛ն վնաս չտաս: Քեզ՝ ուրիշին վնաս տալուց պահպանիր: Մայրական դիրքորոշում՝ մարդկության հանդեպ: Ահա՛ ինչ կարիք է դնում մեր առջև: Սա քանդում է ավանդական, կեղծ գիտակցությունը՝ «մենք և նրանք»-ի: Նախ և առաջ՝ «մե՛նք» պիտի պատասխանատու լինենք, որ «նրա՛նց» վնաս չտանք: Սա հակաֆաշիզմ է, հականացիզմ, հակա-«բնական ընտրություն». ո՛չ թե «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ», ո՛չ թե «թույլերը պիտի ոչնչանան», այլ՝ հակառակը. հանուն «թույլերի» կյանքի արժեքի: Մարդիկ ասում են, որ բժշկական համակարգը չի դիմանա, ռացիոնալիզացնում են, իսկ այն, ինչ զգաց չվարակվածը, այն, ինչ զգաց վերապրածը, փրկվածը՝ չեն ֆիքսում, բնականաբար, դժվար է: Սա խաղաղարարություն է՝ համամարդկային մասշտաբով, քանի որ երբ խաղաղություն է, երբ ինչ-որ մեկը կամ հենց դու խաղաղություն եք կերտում՝ սովորաբար դուք կամ ուրիշներս չենք ֆիքսում: «Հակազոհերն» իրենց «հակազոհ» չեն զգում: Մենք պայքարում ենք «հակազոհերի» քանակի ավելացման համար, այսինքն սա ոչ թե պատերազմ է, այլ՝ «հակապատերազմ»: Եվս մեկ «թավշյա հեղափոխություն», պատմական, և այս անգամ՝ համաշխարհային – և երանի բոլորին, ով ապրում է մարդկության այս փոփոխումը: Տեսնես անդա՞րձ:

Խաղ է, ծես է, նոր խաղ, նոր ծես սովորել: Չընդունելը, արհամարհելն էլ է խաղ և ծես: Դրսի բառերով չընդունողը, դավադրությանը հավատացողն էլ դրսի բառերով զգուշությունդ ծաղրում է, ինքն իր ներսում ու կյանքում՝ իր խաղն ու ծեսը զարգացնում:

Ժահրիկը կիսակյանքի-կիսաչկյանքի միասնություն է: Շատ հետաքրքիր է դրա մասին մտածել: Տեսնես այժմ որտեղ է նստած, քեզ նայում, հույսով՝ կմոտենաս, կդիպչես իրեն, կհավաքագրես, մեջդ կտեղադրես քնքշորեն: Որ ապրի, քեզ մեռցնելով. ինքն ապրի ու քեզ մեռցնելու հետ էլ մեռնի, ուրիշներին, թե հաջողացնի, քանի քեզ չի մեռցրել՝ վարակի և հետո մեռնի, վերակենդանանալով արդեն այդ ուրիշների մեջ: Մինչև քոքը չկտրվի:

Էպիկենտրոնի այդ տվյալներից, որ քիչ եք ստանում, մի բանը հիշվեց. որ մահանալուց առաջ մարդիկ հեռախոսով են ցտեսություն ասում հարազատներին, բժիշկը նրանց տալիս է իր սմարթֆոնը: Իսկ գուցե զումո՞վ: Քանի որ իրար անձամբ տեսնել էլ չեն կարող:

Ժահրիկը նստած է այն անկյունում – տեսնես կարո՞ղ են նրանք այդպես օդից-լուսամուտից ներս սողոսկել – նստած սպասում է, քանի չի սատկել, որ հիմա-հիմա դու իրեն կմոտենաս, կփաղաքշես, մեջքը կքորես, մեջդ կներքաշես: Որքա՞ն ժամանակ է նա ապրում այդպես անպատշպան, նույնիսկ եթե փայլուն պլաստիկե կամ մետաղյա մակերեսի վրա չէ: «Շնորհակալ եմ,- ասում ես ժահրիկին,- էշի գլուխ, դասերիդ համար»: Սպասում ես, չես մոտենում:

Սատկեց:

Հավանականությունը փոքրացավ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով