ՄԵՆՔ
2002 թվականն էր, աշնան վերջին օրերին ձյուն եկավ։ Ես, Վրեժն ու Սաքոն դպրոցից վազելով դուրս թռանք, իսկ մեր հետևից, ավելը ձեռքին, հավաքարար Մարգոն։
-Լակոտնե՜ր,- ասաց Մարգոն ձեռքի ավելը թափ տալով,- դուք հլը վաղը դպրոց կգաք։
Մարգոյի վերջին խոսքերը մեզ համար արդեն լսելի չէին, մենք դպրոցի բակից հեռացել էինք ու թաց ձյունով ձնագդիկներ էինք սարքում, նետում առաջ՝ չափելու, թե մեզնից ով ավելի հեռուն կնետի։ Ես երկրորդն էի, առաջինը՝ Վրեժը, իսկ Սաքոն, արդեն պարզ է, երրորդն էր։ Սաքոն սրտնեղեց և առաջարկեց մի բան, որից ինքն էր ամենալավը՝ բարձրանալ դպրոցի մարզադաշտ, որ փոքր թմբի վրա էր տեղակայված։ Առաջարկելն ու վազքով մարզադաշտ վազելը մեկ եղավ։ Մենք էլ հետ չմնացինք Սաքոյից, բայց նրա ճարպկությունն իրենն արեց, ու հենց նա առաջինը հասավ մարզադաշտ։ Մարզադաշտը ընդամենը հողե օղակաձև մի տարածք էր, որ կիսով չափ էր ցանկապատված, իսկ երկու կողմերում տեղադրված էին ժանգոտ ֆուտբոլային դարպասներ, որոնք ստանդարտից գրեթե երկու անգամ փոքր էին։ Մարզադաշտը գրեթե ամբողջությամբ ձյունածածկ էր, միայն մի քանի հատվածներում էր, որ դեռ երևում էր կարմրաշագանակագույն հողը։ Վրեժը, անցնելով ցանկապատի անցքից, ցատկեց ու գոռաց․ «Այ подкат սենց են անում»։
Նույնը կրկնեցինք բոլորս։ Ձյունատված ու ցեխոտված՝ մենք մի ուղիղ շարք կազմեցինք, ինչպես անում էին դրանից երկու ամիս առաջ իններորդ դասարանցիները՝ ռազմագիտության ժամին։ Սկզբից հրամանատարը Վրեժն էր, հետո՝ ես, իսկ Սաքոն հրաժարվեց: Ինձ թվաց, թե նրա համար անհետաքրքիր էր մեր այդ քայլերթը։ Ձյունը հետզհետե ուժեղանում էր, իսկ մեր քայլերթը՝ դանդաղում։ Ներսումս անարդարության զգացողություն կար, որ Սաքոն հրամանատար չէր եղել։ Տան ճանապարհի ուղիղ կեսին, երբ ես էի հրամանատարը, կանգնելու հրաման տվեցի ու ասացի․
-Իսկ հիմա հրամայում եմ, որ Սարգիս Խաչատրյանը գա և ինքն առաջնորդի քայլերթը դեպի տուն։
Սաքոն դժկամությամբ եկավ առաջ ու հրաման տվեց. «Քայլո՜վ մա՛րշ»։
Եվ այդպես քայլելով մենք հասանք մինչև Սաքոյենց փողոց, ես նրանց ժամանակավոր հրաժեշտ տվեցի, քանի որ սահնակ քշելու եղանակները ճանապարհին համարել էինք բացված։
Վրեժն ու Սաքոն եղբայրներ էին։ Ավագը Վրեժն էր, որ մեզնից մեկ տարի մեծ էր։ Երեքով սովորում էինք Աշտարակի երրորդ դպրոցում, որ Քասաղ գետի ձախ եզրին էր։ Դպրոցի աշակերտները հիմնականում մեր թաղերից էին, և բոլորս մեկս մյուսին ճանաչում էինք։ Մեր տուն հասնելը դժվար էր։ Տղերքին բարի ճամփա ասելուց հետո գլուխս պարզել էի երկինք և լեզվով փորձում էի ձյան փաթիլներ որսալ։
-Ա՜յ, որ թռնես ու նոր բերանդ բացես, ա՜յ էդ ժամանակ կբռնիս,- տարօրինակ ծիծաղով ասաց Համոն։
-Բարև, հոպա՛ր,- ժպտալով ասացի ես։
-Բարև, բալե՛ս։ էդ ի՞նչ լավ էիք քայլում ընգերներով։ Այ տենց քայլում էի, որ շան տղերքը դրին տրաքցրին, հասկանում ես, չէ՞, ես էդ տղեն չէի ախր, ձեր տիրոջ մերը, որ դատում եք, ես ձեզ բերդից փրկեցի…
-Լավ, հոպա՜ր, ես գնացի,- չթողնելով, որ խոսքն ավարտի,- տատին մենակ ա տանը։
-Գնա, բալե՛ս, բայց իմացի, որ հերն անիծածները հեսա ձեզ էլ վնաս կտան։
Համոն էր, Սաքոյի ու Վրեժի հորեղբայրը, 90-ականների պատերազմից այդպես էր վերադարձել տուն՝ տարօրինակ։ Իհարկե մենք այդ ժամանակ շատ բան չէինք հասկանում պատերազմից, միայն պատկերացնում էինք այն, ինչ ցուցադրում էին հեռուստաֆիլմերում։ Բոլորս նրան հոպար էինք ասում, ինքն էլ մեր այդ բառից կարծես առողջանում էր, դառնում էն սովորական Համոն, որ Ռազմական տեխնիկումը կարմիր դիպլոմով էր ավարտել: Մենք էինք, որ Համոյին դարձնում էինք Համո, իսկ նա ստանձնում էր բոլորիս հորեղբայրը լինելու պատիվը և առավոտից իրիկուն խաղաում էր մեզ հետ։
Ես շարունակում էի բարձրանալ Ուլատիտիկ բլուրն ի վեր, որի փեշերին տարածվող թաղամասերը ժողովրդական լեզվով կոչվում էր Շաքարաշեն։ Ես բարձրանում էի դանդաղ, ինչպես մեր հասակն էր բարձրանում անհոգ տարիների վերջին երթի ընթացքում, ինչպես մենք էինք դանդաղորեն հասնում՝ մեր երազած մեծերի տարիքին։ Եվ հիմա, երբ արդեն հասել ենք մեր երազած տարիքին, այլևս չենք ցանկանում առաջ գնալ, քանզի սրանից հետո գալիս է ծերերի տարիքը, որից բոլորս փորձելու ենք փախչել, քանի որ այդտեղից հետո անհայտություն է։
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՍՏՂԸ
Աստղազարդ երկինք շատ էի սիրում: Ամռան երեկոները, երբ Աշտարակի հատ ու կենտ լուսավորվող փողոցների լույսերը անջատվում էին, քույրերս ինձ ցույց էին տալիս մեծ ու փոքր շերեփների համաստեղությունները, իսկ ես երևակայական գծեր էի քաշում իրար հաջորդող աստղերի միջև ու անցնում մյուս աստղերին, որոնցով նոր համաստեղություններ էի կառուցում, և նրանց անունները ինքս էի հորինում։ Հետո, այս ամենով տարված, երազիս աստղեր էի տեսնում, որոնք մեղմորեն ճոճվում էին այս ու այն կողմ, ինչպես տերևները քամու աննշան հպումից անգամ։ Ամառային արձակուրդներին մեր ամենասիրած զբաղմունքը Ֆուտբոլն էր։ ֆուտբոլ, որ կարող էր տևել մի քանի ժամ։ Մենք խաղում էինք անդադար՝ առանց ընդմիջման։ Լավ հիշում եմ. մի օր ֆուտբոլից հոգնած հավաքվել էինք դպրոցի այգում վեր խոյացող բարդու ստվերի տակ, երբ Սաքոն առաջարկեց գնալ ձոր՝ լողալու։ Առաջարկությունը ընդունվեց միաձայն։ Մի տասը տղա կլինեինք։ Գնդակը թողեցինք բարդու ստվերին ու բոլորով շարժվեցինք դեպի գետը։ Սբ. Սարգիս եկեղեցու ոլորանն անցնելուն պես երևաց Քասաղ գետը, ու տղերքից մի քանիսը, առաջ ընկնելով, գնացին «Ավազագյոլի» կողմը, որպեսզի ստուգեն ջրի տաքությունը։
-Տղե՜րք,- ձայն տվեց Սերգեյը,- իսկական լողանալու ա։
Ես լողալ չգիտեի։ Սաքոն ու Վրեժը խոսք տվեցին, որ կսովորեցնեն։ Ավազագյոլը շատ հին պատմություն ուներ։ Ասում են, երբ Խաչատուր Աբովյանը, որպես դպրոցական տեսուչ եկել էր Աշտարակ, դասերից հետո աշակերտների հետ գնացել էր Ավազագյոլ լողալու, բայց հիմա դժվար թե կարողանաք գտնել այն, հիմա այնտեղ ժամանցի վայր է, ու, կարծես թե, մաս-մաս են եղել երկու հսկա սալաքարերը՝ Վառեկն ու Աքլորը, որի վրա այդ օրը, հավաքվել էին դասարանի տղաները։ Գետի մյուս ափին ես ու Սաքոն զրույցի էինք բռնվել։
-Սաք, դու տեսե՞լ ես «Մեծ շերեփը»,- հարցրի ես։
-Ո՞նց չեմ տեսել, կուխնյայում դարակի մեջ ա։
-Արա՛, չէ, ծիծաղելով ասացի ես,- էդ երկնքում ա, համաստեղություն ա։ – Չէ, չգիտեմ։
-Որ գիշերը հելնես դուրս, ուղիղ Արագածի վրա երևում ա,- ասացի ես ու ավազների վրա նկարեցի Մեծ շերեփը։
Հետո Սաքոն վերցրեց փայտե մի շիվ, իմ նկարած համաստղության կողքը մի մեծ աստղ նկարեց՝ ասելով.
-Այ էս աստղն էլ, զինվորների աստղն ա, հոպար Համոյի սաղ
ընկերները ընդեղ են, ու գիշերը հոպարի հետ իրա ընկերները խոսում են, հոպարն էլ մեկ-մեկ նենց բարձր ա պատասխանում, որ քնից հելնում եմ։
Ես նույն երեկո գնացի մեր պատշգամբ ու երկար, շատ երկար նայեցի, որ գտնեմ զինվորների աստղը, բայց այդպես էլ չգտա։
ՖՈՒՏԲՈԼԸ, ՍԱՔՈՆ ԵՎ ԿՅԱՆՔԸ
Տարիներն անցնում էին իրար հետևից։ Ես, Սաքոն ու Վրեժը հերթով անցնում էինք պատանեկան տարիներով։ Սա հենց այն ժամանակն էր, երբ կյանքը մեզ համար աստիճանաբար սկսում էր իրականանալ, դառնալ այն, ինչ հիմա ապրում ենք։ Մենք բոլորս էինք սիրում Ֆուտբոլ, բոլորս տարված էինք համաշխարհային աստղերով, բայց Սաքոն այդ տենդով ուղղակի վառված էր։ Սկսել էր հաճախել ֆուտբոլի։ Աշտարակի կիսավեր մարզադաշտը, որ մեր քաղաքը ժառանգություն էր ստացել նախորդ դարից, մի հողե դաշտ ուներ, որտեղ մարզվում էին ֆուտբոլիստ դառնալու երազանքով ապրող երեխաները։ Ես էլ նման երազանք ունեի, բայց մեկ պարապմունք գնալուց հետո հասկացա, որ ես ֆուտբոլիստ դառնալուց շատ հեռու եմ։ Բայց Սաքոն շատ լավն էր, խաղում էր դարպասապահի դիրքում, և, ինչպես մարզիչներն էին ասում, նրան մեծ ապագա էր սպասում։ Եկավ մի շրջան, երբ Սաքոն սկսեց դպրոց չգալ։ Մենք այդ ժամանակ 14 տարեկան կլինեինք։ Վրեժին հարցնում էինք, թե Սաքոն ինչու դասի չի գալիս, իսկ նա մեկ պատասխանում էր, թե հիվանդ է, մեկ էլ ֆոտբոլային խաղերի է։ Մեկ ամիս բացակայելուց հետ Սաքոն առաջին անգամ եկավ դպրոց, մի տեսակ ուրախություն էր ամբողջ դասարանով։ Հարց ու փորձ արեցինք՝ ֆոտբոլից, խաղերից, նա տարօրինակ խուսափողական պատասխաններ էր տալիս։ Տուն գնալուց Սաքոն ասեց․
-Մի բան ասեմ, ոչ մեկին չպատմես։
-Ինչ՞ ա եղել Սաք,- հարցրի ես։
-Որ դասի չէի գալիս, հիվանդ չէի։
-Բա՞:
-Աշխատում էի,- ասաց Սաքոն։
-Որտե՞ղ, Սա՛ք։
-Հացի փռում։
-Բա՞ ֆուտբոլը։
-Մի 15 օր ա՝ ընդեղ էլ չեմ գնացել, բայց էն օրը Միքայելյանը եկել էր մեր տուն։
-Ի՞նչ էր ասում։
-Ասում էր «Իմպուլսից» հետաքրքրվել են ինձնով, ասել են՝ թող գա մեր սպորտ դպրոց։
-Է, գնա՜:
-Չէ, արա՛, դրանց դպրոցը Դիլիջանում ա, պիտի մնամ, մենակ շաբաթ կիրակի պիտի գամ։ Հայրիկը ասում էր գնամ, բայց ես չուզեցի։ Ստեղ ֆուտբոլի կգնամ, համ էլ ձեռի հետ կաշխատեմ, տանը մի բանով կօգնեմ։ Հետո եթե «Իմպուլսից» կանչել են, կարող ա ուրիշ տեղից էլ կանչեն։ Ասում են՝ էս տարի առաջնություն ենք խաղալու։
Ես շատ էի ուրախացել, որ Սաքոյին թիմ էին կանչել: Նրան էլ ասացի, որ ավելի լավ կլինի գնա, մենք էլ մի քանի տարի հետո կգնանք Հայաստանի խաղերին, իրեն «բալետ կանենք»։ Բայց Սաքոն այլ ուղի էր տեսնում, նա տեսնում էր կյանքի, ապրելու դժվարություններ, տեսնում էր, որ տանը ութ հոգով են ապրում, և որ հայրն ու եղբայրը չեն հասցնում տան հոգսերը հոգալ։ Հետզհետե Սաքոն սկսեց ավելի քիչ հաճախել ֆոտբոլի։ Մոտ մեկ տարի էր անցել, ես նրան նորից հարցրի առաջարկի մասին, ինքն էլ պատասխանեց․ «Էլ ինչ առաջարկ, «Իմպուլսը» փակվել ա, ուրիշ տեղից էլ, չգիտեմ, կկանչեն թե չէ, խաղերին չեմ էլ գնում, էս տարի աշխատեմ, որ, գոնե, Վրեժը մի տեղ գնա սովորելու»։ Իմ առջև Սաքոն էր՝ իմ հասակակից ընկերը, որն այդժամ ինձ նայում էր ինձնից մի քանի տարի մեծի աչքերով, ինձնից ավելի հասուն, և որի համար այդ ժամանակ պոեմներից ու թվերից ավելի կարևոր բան կար՝ աշխատանք, որն իր ընտանիքին մի փոքր շնչելու հնարավորություն կտար, աշխատանք, որն ավագ եղբոր կրթությունը կապահովեր։ Իսկ ես շարունակում էի լինել պատանի, տարվել առաջին սիրո անհասկանալի բերկրանքով, խաղալ ֆուտբոլ, երազել աներազելի բաներ։
ՀՈՊԱՐ ՀԱՄՈՆ
Համոն՝ մեր հոպարը, կարծես, բոլորիս կյանքի վկան էր. նրա աչքի առաջ մեծացանք, նրա աչքի առաջ մենք դարձանք մենք։ Նրան մինչև հիմա էլ կարող եք տեսնել Երևանյան փողոցի միակ լուսացույցի մոտ՝ քարին նստած կամ կքանստած, ծխախոտը բերանին։ Նա ուշադիր նայում է մի կետի, թե ուր՝ միայն ինքը գիտի։ Համոն մեկ-մեկ կատաղում է, իր մեծ ոտնաքայլերով քաղաքի մի ծայրից մյուսն է անցնում, երբեմն՝ բարձր հայհոյելով, երբեմն էլ առանց ծպտուն հանելու։ Բայց անգամ կատաղության ամենաբարձ կետին, երբ նրան բարևում ես, պատասխանում է, «Բարև, քա՛ղցր»։ Համոն ու Սաքոն մի տեսակ այլ հարաբերություն ունեին։ Սաքոն շատ էր օգնում նրան։ Սրան ի պատասխան՝ Համոն երբեք չէր առարկում եղբորորդու ասած և ոչ մի բանը։ Հետպատերազմյան հոգու ցավերի սրացման ժամին, երբ Համոն բարձրաձայն խոսում էր ինքն իրեն կամ վեճի բռնվում անցյալից որևէ մեկի հետ, Սաքոյի սենյակ մտնելուց հետո խաղաղվում էր։ Կարծում եմ՝ Սաքոն այսպես էր դիմում Համոյին․ «Հոպա՛ր, հերիք ա, քնի՛», նա էլ պատասխանում էր. «Հա, քա՛ղցր, գնա քնի, էլ ձեն չեմ հանի»։
Համոյին զայրույթի ժամին օգնության էր հասնում կանեփը։ Դա նրան թմրեցնում էր, ժպիտ տալիս դեմքին և դարձնում ամենաբարի մարդն աշխարհում։ Երևի թե կանեփը մեղմում էր ցավերը, ստիպում նրան ինչ-որ պահ մոռանալ անցյալը ու ապրել ներկայով։ Իսկ ներկան նրա համար ընդամենը ապրելու գործընթաց էր, որի միջոցով գնում էր ապագա, որը առանձնապես չէր հետաքրքրում իրեն։ Նրան ոչինչ ու ոչ ոք չէր հետաքրքրում, միայն Սաքոն՝ պստիկ Սաքոն, ում առաջին քայլերը Համոյի գրկից էին կատարվել։ Համոն հպարտորեն պատմում էր ամենայն մանրամասնությամբ, թե ոնց Սաքոն իր գրկից պոկվեց ու գնաց դեպի կոնֆետի ամանը։
-Այ սենց, բալա՛,- ասում էր նա,- նվաց, նվաց, ես էլ իջցրի՝ տենամ քայլում ա, գիտե՞ս ուր,- ավելացնում էր նա,- ուղիղ կանֆետի ամանը, քաղցրակեր էր, է՜։
ԼՌՈՒԹՅՈՒՆ
Ձմռան մութ ամպերը հավաքվել ու լցվել էին Աշտարակի վրա, իրար հերթ չտալով քամու ուժգին ալիքները զարկվում էին ամենին, ինչ կհանդիպեր իրենց։ Արդեն մի երկու-երեք ամիս էր, ինչ քաղաքում ոչ մի ձայն չէր լսվում, քաղաքն ինքն իր մեջ լռության երդում էր տվել։ Բոլորը նայում էին միմյանց, խոսում շշուկով, կամ եթե բարձրաձայն էին խոսում, այդ նշանակում էր՝ ինչ-որ մեկը առաջնագծում իր տեսակին հատուկ մի խենթություն էր արել։
Սա Հայաստանն է, լեռնային մի երկիր, որտեղ ապրողներս լեռների պես հանգիստ ենք, բայց միևնույն ժամանակ բռնկուն ու խենթ: Մեր մեջ, ինչպես մեր լեռների խորքում, ահարկու մի հրաբուխ կա, որը ամեն վայրկյան կարող է պոռթկալ ու ավերել ամեն բան ինչ կհանդիպի իր ճանապարհին։ Սա Հայաստանն է, ուր ցավը համընդհանուր է, իսկ ուրախությունը՝ համամարդկային: Մենք մեր մեջ հայացք գցելուց տեսնում ենք դեռ արարչագործական ակնթարթների իմաստնության բեկորներ և չենք էլ հասկանում, թե ինչպես է այն մեր մեջ մտել։ Սա Հայաստանն է՝ լեռնային երկիր, որի հողը սուրբ է, իսկ բնիկները՝ խենթ ու խելառ։ Սա Հայաստանն է՝ արդարության մարտիկների օրրանը։
Ձմեռն իր ծանրությամբ ստիպում էր լռել։ Մարդիկ, շշուկով իրար հետ խոսելով, փոքր խմբերով բարձրանում էին Սբ․Մարիանե եկեղեցու աստիճաններով։ Ես ու Սերգեյը իրար հետ՝ առանց բառերի, գլուխներս կախ մտանք եկեղեցի։ Խորանի առջև դրված էր եռագույնով ծածկված դագաղը։ Սաքոն էր…
ՄԵՆՔ, ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ՄԵՆՔ
Երբևէ մտածե՞լ եք ժամանակի ու ձեր մասին, ժամանակի ու ձեր կյանքի փոխհարաբերությունների մասին, թե ինչպես եք նույն տարածության մեջ ապրում ժամանակը և, միևնույն ժամանակ, սպառում ձերը։ Իսկ երբ սպառում եք ձեր ժամանակը, այդ ընթացքում նկատո՞ւմ եք մյուսների ժամանակ սպառելը։ Իհարկե կայնքում լինում են ժամանակներ, երբ մենք բոլորոս միասին վերապրում ենք, նույն պահն ու ակնթարթը։
Հիմա, երբ կյանքն առանց քեզ է ժամանակ սպանում, հասկանում եմ՝ որքան թանկ է եղել ամեն ակնթարթը, որքան թանկ է այն, որ իրար նայելով տեսել ենք եղբայրական հարազատություն: Եվ հիմա այն, որ գրում եմ քո մասին, ընդամենը այս տարիների հոգուս արտահայտումն է, որ խտացել-խտացել է իմ մեջ, մեր մեջ, մեր հոգու մեջ, բայց մի տեսակ լուռ ենք մնացել, չենք խոսել, կամ քիչ ենք խոսել քո մասին, մեր մասին, բոլորիս մասին, որովհետև էս ցավը բոլորինս է։ Երևի հիմա մեկը կկարդա ու կասի, որ ես եմ քիչ խոսել, իսկ իրենք՝ անդադար, բայց ես նրան հիմա կպատասխանեմ՝ մենք որքան էլ խոսենք, չենք հագենալու, չենք կարողանալու լցնել քո հետ ապրելու ցանկության բաժակը, որովհետև մենք էլ երբեք չենք լինի առաջվանը։
Ինձ տանը ասացին, որ գնացել ես։ Ես հպարտացա։ Ես տղերքից մի երկուսին ասացի, նստեցինք, զրուցեցինք, քեզ փառքի ճամփա մաղթեցինք։ Վատ լուրերը շատ էր, չէինք հասցնում լսել, չէինք հասցնում հոգեհանգիստ գնալ, չէինք կարողանում նորմալ հաց ուտել։ Վատ լուրերը շատ էին, չգիտեինք՝ որին հավատայինք, որին՝ չէ։ Հետո իմացա, որ քեզնից լուր չկա։ Մի քանի հոգով նստեցինք, ծխեցինք, մեր ապրածը հիշեցինք։ Իսկ հոպար Համոն, էլ չասեմ, լրիվ տարօրինակ էր։ Մի տեսակ այլ ձև էր իրեն պահում, չէր երևում փողոցներում կամ, եթե դուրս էր գալիս, միայն երեկոները։ Մեր թաղերից շատերը կային ձեր հետ, բայց դո՛ւ հետ չեկար։ է՜, պիտի նահանջեիր, որ հետ գայիր, բայց չէ, դու չէիր կարող դու չլինեիր, դու պիտի հաղթեիր ժամանակին, ու հիմա քո աստղին եմ նայում, ախպե՜րս, քո ու մեր մյուս տղերքի։
ՊՍՏԻԿ ՍԱՔՈՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Երևանից տուն էի գալիս։ Համոն նորից կատաղած դուրս էր եկել քաղաքի մեջ։ Բարևեցի, չլսեց, տարված էր.
-Արի՛։ Ես դրանց տիրոջ մերը։ Թող սաղ տենան, որ եկել ես ։ Հա՜, թող տենան։ Ես ձեր մամու օսկըռներ։
-Բարև, հոպա՛ր։
-Բարև, քա՛ղցր։
Համոն շարունակեց ճանապարհը, ես էլ իմը։ Ուշ երեկո էր, մի երկու շիշ գարեջուր էի վերցրել։ Հասա տուն, արդեն տասներկուսն անց էր։ Ամռանը մեր թաղերում մի տեսակ անուշ հով է փչում, որն ուրիշ հովերի հետ համեմատել չի լինում։ Գալիս է, հասնում տերևներին, մի հրաշք սոսափյուն է արձակում։ Հոգնածությունը, գարեջուրն ու մեղմ քամին խառնվեցին իրար, ու կարծես խաղաղություն իջավ ինձ վրա։ Պատշգամբում նստած իմ բազկաթոռին նայում էի աստղերին։ Մտքերի մեջ ընկա։ Աստղերի մեջ սկսեցի փնտրել Սաքոյի ասած զինվորի աստղը։ Հետ սկսեցի ընկալել Համոյի ասածները․ «Արի՛։ Ես դրանց տիրոջ մերը։ Թող սաղ տենան, որ եկել ես։ Հա՜, թող տենան։ Ես ձեր մամու օսկըռներ»։ Գլխի ընկա։ Վերցրի գարեջրի շշերն ու իջա Սաքոյենց թաղ։ Փողոցի լույսերը դեռ վառվում էին։
-Հոպա՛ր, պիվա կուզես։
-Էս բա խ՞ի սենց ուշ եկար,- ձայնից հասկացա, որ կանեփ էր ծխել,- Սաքոն էր եկել։ Գայիր, ընկերոջդ կտենայիր։
-Որտեղի՞ց էր եկել։
-Այ էն աստղը կտենա՞ս։
-Հա։
-Այ ընդեղից, շան տղեն նենց ա սիրունցե։
-Բա չասեց՝ երբ ա գալու։
-Վաղը: Ասեց՝ հոպա՛ր, ես գնամ, դու էլ գնա քնի: էն էլ դու եկար, հո՞ քեզ մենակ չեմ թողնի։
Երկար զրուցեցինք Համոյի հետ։ Նրա մտքերը լավ չէի հասկանում, բայց մի բան հաստատ էր. նա ամեն ինչ կառուցում էր Սաքոյի շուրջը։
-Լավ, քա՛ղցրս, ես գնամ։
-Հա, հոպա՛ր, բարի գիշեր։
-Այ էն աստղը կտենա՞ս,- ասաց նա ու կրկին մի աստղ ցույց տվեց,- այ էդ է, տղերքին ասել եմ՝ տիրություն անեն։
Համոն քայլում էր դեպի տուն, նրա մեծ ոտնաձայնները հազիվ լսելի դարձան, բայց նա շարունակում էր խոսել․
-Տեսա՞ր, չհասկցավ, որ հետս ես,- ծիծաղեց,- տեսա՞ր՝ ոնց էր չաղացել։ Նայեցի հոպարին, արդեն տուն էր մտնում։
-Բարի գիշեր, Սա՜ք,- ասացի ես։
Լուսինե Աղաջանյան
Մարդ եմ, շուն ու լուսին
(պատմվածք կամ մազերն արձակած բանաստեղծություն)
Գիշերվա մի ժամ կա, որ չգիտես՝ ավելի շատ ավարտ է, թե սկիզբ: Օհանը միշտ այդ ժամն է ընտրում այգին մաքրելու համար: Գործատուն նրան չի ստիպում աշխատանքը վաղ սկսել, բայց նա միշտ ընտրում է այդ սահմանն ու սեպի պես խրվում օրվա տրամադրության մեջ: Ասում է.
-Էս ժամը երկնքի հետ էլ կապ կպահես, շների հետ էլ: Վախ չունի. ասում է՝ էդ ժամին դու բաց ես աշխարհի առաջ ու խոցելի, իսկ լուսինն ու շները գնահատում են քո թուլությունն ու ներսը, որովհետև նրանց հետ դու նույն ինֆորմացիոն դաշտում ես:
Սա այն ժամանակն է, երբ կարող ես տերևներն ավլելիս առանձնացնել չորացած թիթեռներն ու չթափել, պահել քեզ մոտ՝ գրքերի արանքում կյանքը պիտանելիության զգացումով շարունակելու համար… Թիթեռներն իրականում գրքի թերթերն առանձնացնելու կամ ընթերցածի կեսն ընդգծելու համար չեն, այլ բովանդակությանը հմայք հաղորդելու, որ հիշեցնում են կյանքի խոնավ վաղանցիկության ու երկարատև չորության մասին:
-Երբ ավարտեցի ինստիտուտը, ես հնագետ էի ու պեղումների մասնակցելն ինձ դարձրեց հնությանը հավերժ սիրահարված մեկը: Ու հիմա ինչպե՞ս կարող են ինձ հարցնել, թե ինչո՛ւ ես փողոց մաքրում, մի՞թե պարզ չէ, ինձ միշտ հետաքրքրում է հին կամ անպիտան համարված իրեր գտնելը:
Օհանը փողոցի 65 ամյա հավաքարար է ու քաղաքի այս այգին դարձել է իր աշխարհը: Գիշերվա 4-ին արթնանալով գործն սկսում է աղբամանից ինչ-որ մոռացված բան գտնելու հետաքրքրվածությամբ: Իսկ տարիների փրկած իրերը պահում տանն ու դասակարգում ըստ իրենց ենթադրյալ պատմության:
Աշնանը տերևները խշխշան են ու թաց, հողին կարծես փրկած լինեն վերևի լացից, էդ ցեխոտ տերևները Օհանը նմանեցնում է իր ոչ այնքան հաճախ լվացվող, ուսերին փռված մազաթնջուկին, իսկ գարնանային անձրևն ուրիշ է, Օհանը էդ տերևները առանձնահատուկ է սիրում, վերցնում, շնչում է բույրն ու ասում ՝ իսկ ա՛յ սրանք Սաթենիկի մազերի բույրն ունեն:
Այսօրվա գտածոն ուղղակի երջանկության ճամպրուկ էր Օհանի համար: Նա շան պես հոտոտեց, որ դեռ չբացած ծանոթանա բովանդակության հետ, ու ինքն իրեն ստուգելու համար ասաց՝ տղամարդու իրեր կլինեն: Փականներից մեկը ժանգոտ էր և ուժ պահանաջեց բացելու համար: Հին իրեր էին, առաջին հայացքից այո՝ տղամարդու: Օհանի ուշքը գնաց գրպանիկում բլոկնոտ տեսնելով, դուրս հանեց ու էլի հոտ քաշեց…
-Թուղթը դեղնած է, բայց տաքություն ունի…Սիրում եմ այսպիսի իրեր, որոնք պատմություն ունեն…
Թերթեց ու կարդաց՝
…
Շուտով կծածկի մեզ ձյունն աշխարհի,
Ես քեզ էլ ի՞նչ սրտով բարի մաղթեմ,
Ճամփորդներ ենք մենք նույն ճանապարհի,
Քրիզանթեմ, ճերմակ քրիզանթեմ ։
……………….
Ու՞ր գնացին ծաղիկները
Սուս քնած են հողի տակ…
………….
Մի քիչ կամա՜ց, ասաց,
Մի քիչ կամա՜ց…
Սիրտս նուռ է ճաքած
Ու չքամած։
…………
-Մարինեին… Մարինեին… բոլորը Մարինեին է նվիրել… Տես է՜, նրբահոգի ու պոեզիա սիրող տղա է, բայց իրենը գրել չի կարողացել… Իսկ ես ի՛մն էի գրում իմ Սաթենիկի համար, գնահատում էր… Այլապես վերջում չէր ասի՝ էն բլոկնոտդ հետս կդնես… Օ՜, այստեղ նույնիսկ հասցե ու հեռախոս կա. մարդ բռնի ու գնա գտնի դրան… Բայց չէ՜… Այս ճամպրուկի տերն էլ, Մարինեն էլ մահացած կլինեն, իսկ ժառանգները նրա հին իրերը ճամպրուկով տնից դուրս հանած… Ի վերջո չես կարող մեղադրել նրանց, ու՞մ են պետք իրերն առանց տիրոջ:
Օհանը, որպես իր խոսքի հաստատում, անընդհատ ինչ-որ բաներ էր փնտրում ճամպրուկում.
-Ահա պիջակ, հնամաշ փողկապներ, ուրեմն կիրթ մարդ է եղել, գրական ճաշակն էլ ահագին բարձր էր… Ձեռագործ գուլպաներ, գծավոր, բրդյա… գյուղական ծագումով բաներ են սրանք, սա նրան իր մայրը տված կլինի… Օհանը դրանք էլ հոտոտեց, ու քիթը փակեց.
-Ֆո՛ւ… ցեցերը սրանք ո՞նց են կերել… էս էլ ցիլոն… տես է՜… Իրեն իր երազած տղայի տեղն է դրել… ո՜վ գիտե, մի փրչոտ գեղցի ես, էլի՛… հի՛, հի՛, հի՛… Հլը էս գրական-գեղարվեստական գրպանիկում է՞լ ինչ կա… Պա՜հ, պա՜հ… Աֆորիզմների գրքույկ… փիլիսոփայել է սիրել, ծխել ու սուրճ խմել, թե բա՝ ինչպես կասեր Մոնտեսքյոն… ծա՛կ փիլիսոփա: Սաթենիկն էլ չէր սիրում, ինձ ասում էր՝ հերիք է փիլիսոփայես, գործով զբաղվի, գործո՜վ… Սա ի՞նչ է, էս մի ափսե՞ն ինչու է դրվել շորերի հետ…
Յուրաքանչյուր տան սպասքն իր հուզական պատմությունն ունի, եթե իհարկե օրվա մեջ գոնե մեկ անգամ սովորություն կա ընտանյոք ճաշել: Օհանը հիշեց, որ մայրը հոր մահից հետո սեղան էր պատրաստում չորս հոգու համար, բայց ընթացքում «հիշելով» սեղանից վերցնում մեկ ափսե, մեկ բաժակ, մեկ դանակ-պատառաքաղ…
-Նրանք մեր տան ամենատխուր սպասքը դարձան, որովհետև լի էին դատարկությամբ ու մեզ փոխանցած թախիծով: Հարևան տատիկն էլ ամուսնու մահից հետո «մոռանալով» միշտ երկու բաժակ սուրճ էր լցնում, հետո հառաչելով մի բաժինը թափում, որը բաժակի պատերին տխուր նախշեր էր թողնում, ու հաստատ փոքր ինչ աղիություն կունենար… Տոնինո Գուերրայի պատմվածքի հերոսը կնոջ դավաճանությունից հետո կարգադրել էր սեղանին ևս մեկ դատարկ ափսե դնել, որ այդ երրորդի բացակա-ներկայությունը կնոջը միշտ հիշեցներ սեփական անխոհեմ արարքի դառնությունը: Ընտանեկան սպասքն ամենաթունդ էմոցիաները կրողն է,- հառաչեց Օհանը,- զարմանալի է նկատել, որ հենց ուզում ես փոխարինել նորերով, նրանք իրե՛նք են արժանապատվորեն հեռանում քեզանից, նրբանկատորեն թողնելով կոտրվելու պատրանքը: Իրենք էլ են ընտանիքի նման ու երբ «մերձավորներից» մնում են հինգը, երեքը, երկուսը, մի տեսակ խեղճանում են, «գիտակցելով», որ սեղանին չես համոզի կիսատությամբ բարեկամություն անել: Ինչե՜ր են կրել նրանք իրենց ճենապակե ուսերին՝ մարդկանց միախառնվելու ուրախությունը, խանդը, զայրույթը, ուրախությունը, անզգուշությունը, կորուստը, կարճ ասած ամուսնությունն իր բոլոր փուլերով՝ շեմքին կոտրվող ափսեից մինչև պատեպատ զարկվողները, մինչև սովորական դառնալը, դառնանալն ու քիչ-քիչ պակասելը… Տան սպասքը ընտանիքի խոր ապրումների վկայությունն է, եթե անգամ սաղրիկ է: Հետաքրքիր է՝ համ ունի՞ նրանց կյանքի պատմությունը, ովքեր մեկանգամյա օգտագործման սպասքից են օգտվում, չէ՞ որ նրանց սեղանամերձ շփումը ճմրթվում, նետվում է աղբարկղը,- Օհանը ափսեն ձեռքն առած մանրակրկիտ զննում էր ու կարծես անբնական ներշնչանքի մեջ ընկած խոսում,- հա՜, հաստատ այսպիսի մի պատմություն ունի ափսեն. պատկանել է ճամպրուկի տիրոջ մերձավոր հարազատին… Իսկ սա՞ ինչ է… Տեր աստված ալբո՞մ, լուսանկարների ալբո՞մ… հիմա երևի կտեսնեմ էս ամենի տիրոջը:- Ու բացելով հնամաշ ալբոմն ասաց.
-Վա՛հ… համակրելի մարդ է… Էս նույն անձրևանոցը չէ՞ հագին… Հա էլի… հե՛նց սա… Նկարի հետևում էլ գրված է՝ 68 թվական, Լոռի… Էն մյուսը կինն է…չ ի կարող պատահել, սա Մարինեն չի լինի, գրազ եմ գալիս, որ այս տանկը նրա կինն է, էս գեղի բոքոնը, սա մի 6 երեխա բերած կնիկ կլինի, սրան որ նայում ես, չես ուզում էն բանաստեղծությունը արտասանել, ուզում ես բլոկնոտն ուտել… Հա էլի… Հետևը գրված է՝ Անուշի հետ, Լոռիում, 74 թիվ, սպասում ենք Գևորգի ծնվելուն… Ա՜, դե ասե՛ք… Ուրեմն Անուշը նրա կինն է, իսկ Մարինեն՝ գաղտնի կամ առաջին սերը…
Օհանը երկար զննեց Անուշի նկարն ու ասաց.
-Չէ՜, էս Անուշն էլ հիմա ողջ չի լինի. ավելորդ քաշը նրա կյանքը հաստատ կրճատած կլինի… Իսկ պիջակի գրպանի էս բանալին տեսնես ի՞նչ է արել… Ներսի գրպանը սովորաբար դրսի աչքերից մի բան թաքցնելու համար է… Ուրեմն ճամփեն պիտի չիմանա՞ թե ուր կերթաս դու… թե ի՛նչ դուռ կբացես դու… Մարինեի՞… չէ՜… Եթե նրանք կրքով զբաղված լինեին, պոեզիան այլևս տեղ չէր ունենա… Նա ոչ էլ հասել է Մարինեին, միայն շնչով, միայն բանաստեղծությամբ… Իսկ ի՞նչ կանեի բանալին ես… Բանալին ինձ համար կարծես խոստում լինի, որ բացեմ մի բան, ինչը դեռ չի բացվել: Ես էլ բոլորից թաքցնում էի բաներ, որոնք բացատրություն չունեին: Գուցե սա որպես նրա հույզերի թաքստոցի նշան է, գուցե անցյալի պատմությունների ու իր սեփական կորսված մասերով լի արկղի բանալի, որոշ մեղքերի պահոց, որոնք մինչև հիմա դժվար է եղել խոստովանելը. օրինակ, թեկուզ այն, որ ամեն անգամ մորն այցելելիս գրկել է նրան ու ասել, որ իր կյանքի կանանցից ամենաաստվածայինը մայրն է: Ու գիտե՞ք հետո ինչ դժվար է եղել գիշերը… Սաթենիկին գրկելն ու ասելը, որ սիրում եմ իրեն…
Տարածական ընդունված չափումներից վերացած Օհանն արդեն չէր զգում իր ու անծանոթի պատմությունների սահմանը, այս միախառնությանը նա հավատում էր, ինչպես Արարիչն ու գրողը կհավատային իրենց ստեղծագործությանը:
-Ես էլ էս Անուշի մարդու նման չէի ուզենա, որ մեկը գործածեր իմ բանալին, հա՛, նույնիսկ Սաթենիկը, հա՛, նույնիսկ իմ մահից հետո… Բա որ բացեին ու իրենց համար ծիծաղելի թվար իմ կուտակածը ու արժեզրկեին միայն այն պատճառով, որ չգիտեն դրանց իրական պատմությունը: Նա էլ ինձ նման չորուկ-մորուկ մի տղամարդ է… Է՜, մի ժամ է, ինձ ու ինձ խոսում եմ… Շեկո, որտե՞ղ ես… Ա՛յ Շեկո արի պատմելու լիքը բան կա, լեզուս քոր է գալիս: Շեկո՛ ո՞ւր ես… Արի՛ էս ճամպրուկը տես, որ հետս տուն եմ տանելու, մի տեսակ չեմ ուզում, որ սրա կենսագրությունն այստեղ ավարտվի…
Օհանը շփոթված էր, նա հանեց բանվորական ձեռնոցներն ու դրեց նստարանին, նայեց շուրջն ու ասաց.
-Աշխարհը դեռ աղտոտված է, բայց ես համենայն դեպս ինչ-որ բան մաքրեցի իմ ներսում…
………………………………………….
Օհանը նույնիսկ չփորձեց մոտակայքում փնտրել շանը, նոր գտածոն բարձած սայլը քշեց դեպի իր տուն, հուսալով, որ ճանապարհին շանը գտնելով՝ երկու ծախսը մի դռնից կհանի: Բայց շունը այսօր այգու սահմաններից անվերադարձ դուրս էր եկել: Օհանը վստահ էր, որ նա պառկել ու մտածում էր իր մասին, թեկուզ այսպես…
«Սա իմ տարածքն է…Ես էս կողմերում էի, երբ դեռ լակոտ էի, հիմա մորթս թափվում է, շատ եմ քնում ու գրեթե միայն հոտառությամբ շարժվում, քանի որ լավ չեմ տեսնում… Ջահել օրերիս բավական էր մեկն ինձ կանչեր՝ Շեկո, միայն անունս լսելով արդեն հաչում էի ու այնքան պինդ էի, հիմա էլ հավես չի մնացել… կամ ու՞մ վրա հաչես… էն բիձու հոտը երկու օր է չեմ առնում, հաստատ էսօր էլ չի եկել, աչքովս չընկավ… Դրա մորթին էլ է ահագին թափված, կարծեմ իրար տարիքի ենք… Ինձ ասում է՝ շան օրն եմ ընկել, բայց ես վստահ եմ, որ ե՛ս եմ իր օրն ընկել… Կարո՞ղ է դրան քնացրեցին… Էս կողմում մեր տարիքի շատերին են քնացրել… Բայց ինձ չուզեցին. դե ես իմ կամքով քնող եմ, գրազով քնող եմ… ո՞ւր է փռչոտը, ախր… Օրվա մեջ գոնե գալիս էր, մաքրում, հետս խոսում, իրար հետ ուտելիք էինք կիսում, հետո քորում էր ինձ… Էս սայլի ձայնն ինչու՞ չի լսվում… Գար տեսներ, թե ինչ մի թոթոլիկ սենդվիչ եմ գտել. հոտն առա, մի քիչ լպստեցի, հետո մի կողմ դրեցի, որ իրար հետ կիսվենք… Հենց կշտացավ, սիրում է երգել, ես էլ կողքից՝ աո՜ւո՜ււււււ… Լավ մարդ է, բայց չի ֆահմում երգելիս վերև նայի, լուսնին… Այ դա պոեզիա՜ է… Չէ՛, գլուխը կախ, նայում է հողին ու դնդնում: Աշխարհի բոլոր սիրուն երգերը լուսնի մասին են, մարդիկ դա մեզ նման չեն զգում: Լուսինը մեր մեջ արթնացնում է մեր պապերի գայլային անցյալի գենետիկ հիշողությունը, վայրի անտառների կարոտը, օգնում է, որ մեր ցեղակիցների հետ կապ հաստատենք հեռավորության վրա ու զգանք իրար, հաղորդակցվենք, պատասխանենք իրար, այսպես մեր ձայնով, բնական, ոչ թե մարդկանց պես հեռախոսով խոսելով ու ավելի շատ լռելով: Հա՜, լուսինը շատ է ազդում մեր զգայարանների վրա ու ակտիվացնում դրանք, որի պատճառով ամեն մի փոքր ստվեր կարող է ազդել մեր նյարդերին: Իսկ մարդը, այն փռչոտը, ասում էր՝ դու մենակությունից ես ոռնում… Դե որ էդպես է, դու էլ ոռնա, չէ՞ որ 5 տարի է չկա քո պառավը… ոռնա ու տես, գուցե արձագանքի՞… Մեկ էլ տեսար, որ տրամադրությունը տեղն է լինում, ասում է՝ դու սիրահարված ես, դրա համար ես ոռնում… կամ քեզ ապաստարան է պետք… բայց ո՞վ ինձ համար ապաստարան կկառուցի… մարդն իսկի իր ցեղակիցների համար ապաստարան չի կառուցում…
Ես գիտեմ. հիմա փրչոտն ինձ է ման գալիս, սպասիր, ես էլ իրեն փնտրեմ… Ա՜խ երանի վերև նայեր ու մի հատ ոռնար, ինձ նշան տար…Ասում են, եթե երկու իրար փնտրող տարբեր կողմերից նայեն լուսնին, լուսինը կձգի երկուսին ու կգտնեն իրար: Քունս տանում է, բայց ելնեմ, փնտրեմ մարդուն, մեղք է դրան առանց ինձ թողնելը… Համ էլ ծերության օրերին բոլոր շնչավորները լավ կանեն, զույգ ունենան…
Ես սովոր եմ սովին ու ցրտին, կարողանում եմ կծկվել ու քնել, բայց նա մարդ է, դրանք նազուկ են, շատ եմ նկատել, որ անգամ տաք տան մեջ սրթսրթալով են ման գալիս, մանավանդ էս փրչոտը, որ մենակ գլխին մի քիչ մորթի ունի, իսկ մարմնին՝ ոչ… Ասում է՝ տաքացնող չունեմ, դրանից էլ մրսում եմ… էգ է ուզում փաստորեն, չմտածելով, որ ես էլ կարող եմ ծոցում իրեն տաքացնել…Նա զգում է, որ ես իր հոտը շատ եմ սիրում, որովհետև իրենը բարության հոտ է, ինչքան հոտոտոտես չես կշտանա, կուզենաս անընդհատ հետևից գնալ…
Սպասիր շնչեմ մեր մշտական ճանապարհն ու փնտրեմ ընկերոջս. ո՜վ գիտե, դրա գլխում խելք չի մնացել…
……………………………………………..
Այս անգամ շան ու մարդու որոնումները՝ իրար մոտ, բայց իրար չտեսնողների պտույտ էր հիշեցնում, իսկ լուսինը վերևում պատմում էր.
-Հազարաամյակներ այստեղ եմ ու մեծագույն հաճույք է ոչնչից կախված լինելը: Ես լի եմ, լիահույս ու լիալույսիկ…Ամսվա իմ հատուկ օրերն ունեմ ինքնաբավ լինելու, մտքի փայլատակումներ ունենալու…
Երբևէ փորձե՞լ եք ինձ նման մեկ բաժակ գինով արբել ու բանաստեղծել… Օրինակ գետը նետվելու մասին: Մի՞թե խենթ թեմա չէ: Ես գիտեմ ցանկացած ջրային մակերեսի վրա նետվել ու լողալ՝ դեղի՜ն-դեղի՜ն… Պոետներից Եսենինը մի օր այնպես էր վախեցել, ասում էր՝ գյուղում, ձիերը գիշերով գետի ջուրն էին խմում ու կուլ տալիս լուսինը, իսկ հետո ես շունչս պահած սպասում էի, որ ջրի ավելցուկի հետ լուսինը նորից հետ թափվի գետը…
Ա՜խ, սիրում եմ իմ էությունը. մեկ թախծոտ, մեկ շփոթեցնող ու ինտրիգային, բայց երբեք ցույց չտվող, թե դրսիս լույսերը վառելու համար ներսումս ինչպիսի այրոցների եմ դիմանում… Մարդը, որ միշտ այս կողմերում է լինում, նույնիսկ չգիտի, որ իր ու կնոջ առաջին հանդիպումն իմ դիմաց է եղել, դեռ 50 տարի առաջ… Հիշում եմ, նա գրկել էր դողացող աղջկան ու ասում էր՝ նայի՛ր, երկնքից աստղ է ընկնում, շո՛ւտ մի երազանք պահիր…
Չգիտեր, որ ես եմ հրել, որպես հուշում, որպես նվեր, որպես հույս, որ համատեղ կյանքում փայփայելու բան ունենան: Մի օր էլ, երբ արդեն թունդ սիրահարներ էին, բարձրացան գյուղի տան տանիքին ու, պառկեցին չորացած հարդի վրա, որ թաքնվեն իրենց փնտրող հարազատներից: Ես իհարկե կարող էի չարաճճի լինել ու որքան ուժ ունեի լուսավորեի, բայց խնայեցի սիրահարներին ու պոչս քաշեցի, գլուխս կախեցի ամպի տակ: Նրանք երջանիկ էին, շունչները պահեցին ու քարացան այնքան, մինչև մարդիկ հոգնեցին իրենց փնտրելուց… Տեսնելով, որ արդեն անվտանգ է, ես դուրս եկա: Դե ուզեցի մի քիչ խանգարել իրենց սիրաբանությանն ու չթողնել, որ շատ խլվլան… 50 տարի առաջ բարքերն ուրիշ էին: Ու երբ լույսս շատացավ, աղջիկը կարմրեց ու ասաց՝ նայի՛ր, նայի՛ր, լուսինը կարծես երկնքի վզին կախազարդ լինի: Կարո՞ղ է ոսկյա նվերի ակնարկ էր անում… Բայց երկուսն էլ չէին լսում, որ ես դնդնում էի իմ երգը՝
Եկ այնպես նայենք երկնքին,
Որ տերն այս տաղն էլ հորինի,
Անքուն է մի զույգ տանիքին,
Անքննին գործը Վերնինի…
Տղան էլ ընկավ իր սենտիմենտի գիրկն ու ասաց՝ այնքան կուզենայի բռնել լուսնի մեկնած դունչն ու ճոճվել այս աշխարհի վրա…Աղջիկն ավելի տաքացավ ու ասաց՝ արի մեր աղջկան Երկնուհի կոչենք, ի պատիվ այս օրվա…
Այդտեղ ես հասկացա, որ այս խենթերը կարող են անթույլատրելիության աստիճան առաջ գնալ: Ամպերին խուտուտ տվեցի, սրանք էլ ուժգին խրխնջացին ու տակներն արեցին…
Մի տեսնեինք, թե ո՜նց փախան այս ջահելները՝ թրջված, վախեցած, բայց երջանիկ… Հետո շուտ ամուսնացան և արդեն ինձ համար անհետաքրքիր դարձան: Միայն երբեմն, մարդ ու կին սիրում էին ուշ երեկոյան զբոսնել. Մարդը հղի կնոջն ասում էր՝ կարծես ծոցվոր ես լուսնով, քո լուսինն այնքան կաթնահոտ է… Պա՛հ, պա՛հ, պա՜հ… պոետիկ էր մեր այս փրչոտը… Իսկ հիմա ու՞ր է, չի երևում…
……………………………….
Օհանը, երբեմն շանը ծանոթ սուլոց արձակելով, երբեմն էլ՝ Շեկո կանչելով, ամայի փողոցներով ու ամեն օրվա ճանապարհը երկարացնելով, դեպի իր տուն էր գնում: Իսկ շունն իր դռան դիմաց էր. ճամպրուկով բեռնված սայլակը, շունն ու լուսնոտ երկինքը ամբողջականության զգացողություն հաղորդեցին մարդուն, վերջին 5 տարվա մեջ նա լիարժեքության այսպիսի ապրում չէր ունեցել: Նույնիսկ հուզմունքով հիշեց, որ տարիներ առաջ, հենց այստեղ է առաջին անգամ արժանացել շան վստահությանն ու կռանալով այս անգամ համբուրեց նրա ճակատը: Շեկոյի պոչի աշխույժ թափահարումներին ի պատասխան էլ ասաց.
-Հա՛, ճիշտ ես, ինչ լավ բան է իրար գտնելը, չէ՞,- նրանք նայեցին վերև:
Ոչինչ չէր փոխվել աշխարհում, բայց իր ներսում հաստատ ինչ-որ բան տեղն ընկավ:
Օհանը, կարծես ինքն իրեն բան ապացուցողի նման, ուզեց անպայման ճամպրուկից հանած բանալիով դուռը բացել: Հետո բաց դռան ներսը ձեռքով ցույց տալով, շանն ասաց.
-Ներս արի, այսուհետ ինձ հետ կմնաս, ծերո՛ւկ, թե չէ հազար բան անցավ մտքովս…
Լուսնի սիրտն արդեն հանգիստ էր այն երկուսի համար: Ուստի օրն սկսեց լուսանալ…
