ՄՈՒՍԻՆ
Նա աժդահա էր, մի քիչ էլ՝ անճոռնի: Երկուսուկես մետրանոց բոյը բարձրանում էր ու մեջքի կողմից մի քիչ կորանում՝ լայն թիկունքին ձևավորելով կլոր սապատ: Վիզը երկար էր, հաստ, գլուխը՝ եռանկյունի: Ծնոտն առաջ եկած էր՝ ամուր, վարի շրթունքը՝ կախ: Աչքերն էլ կիսախուփ էին, կարծես ուղիղ գիծ, բայց կայծկլտում էին հրեղեն բոցով: Ձեռքերը չափից ավելի երկար էին. դաստակները ծնկներից ներքև էին իջնում: Երեխաները նրանից վախենում էին, հենց տեսնում էին, խուճապահար վազում էին տները, մտնում իրենց մոր փեշերի տակ ու վախից սուտ քուն մտնում: Մայրերը աչք էին ածում չորս կողմն ու որոշում՝ Մուսին մոտակայքում է: Երբ արդեն դպրոց գնացին ու մի քիչ բանահյուսություն իմացան, հասկացան, որ Մուսին Անգեղ տնից է: Նրանք իրենց մայրերին բացատրում էին, որ նա Տորք Անգեղի հորեղբոր տղան է, ու երբ հին աստվածներն ու հսկաները մարդացել են, Մուսիին ուղարկել են իրենց գյուղ: Զարմացած նշում էին նաև, որ նրանց ցեղը եղել է ժայռափորների ու հողագործների ցեղ:
Երբ Մուսին գնաց աղջիկ ուզելու, վեց հարսնացու աղջիկները փախան մտան հարևանի տուն: Աղջիկների մայրը, որը դեմ չէր, որ Մուսին իր փեսան դառնա, գնաց նրանց հետևից ու նշանացու աղջկա ականջին փսփսաց.
-Գյուղումը հու մի՞ տղամարդ չկա:
Աղջիկը նայեց մորը, ականջները փակեց, բայց աչքերը բացեց: Ու այնուհետև փակ ականջներով ու բաց աչքերով պիտի գյուղում ման գար, հետն էլ իր քաղցրահմա ձայնով գյուղի բեմում, հարսանիքներին, քեֆերին երգեր.
-Դուն իմ մուսան ես, առանց քեզի երգել չեմ կարող…
Նրա սիրառատ ձայնը շոյում էր շատերի ականջները, խոսում նրանց սիրաբաղձ սրտերի հետ, բայց Մուսիի մոտ լրիվ ուրիշ զգացողություն էր առաջացնում. նրա սիրտն ուռչում էր հզոր կրծքավանդակի տակ այն մտքից, որ երգն իր մասին է, ու հպարտ ծնոտն ավելի էր առաջ գալիս՝ նման ինչ-որ հաճույք վայելած, քաղցր ուտեստ համտեսած կենդանու ծնոտի:
Ինքն էլ էր երբեմն երգում: Հողագործ էր, տրակտորիստ: Գյուղի շրջակայքի դաշտերն էր հերկում: Տրակտորը նրանից նրբագեղ էր՝ իր կապույտ գույնով ու ժապավենաձև թրթուրներով: Մի կերպ տեղավորվում էր ներսում: Երբ տրակտորը հռնդում էր ու պոկվում տեղից, նա իրեն յոթերորդ երկնքում էր զգում ու ինքնամոռաց, գլուխը հետ գցելով, դունչը առաջ ցցած՝ ձայնը գլուխն էր գցում.
Տրակտորիստ տղա,
Աշխատասեր ու արի,
Այս դարավոր խամուխոպանը վարի…
Երգում էր իր իմացած միակ երգը, որը սովորել էր, երբ մի տարի խոպան էր գնացել:
Տրակտորի վարած ցելերում միջատներ ու որդեր կտցող աներես ագռավները, որոնք հաշտ էին ու սովոր տրակտորի հռնդոցին, Մուսիի տենորից, որը միախառնվելով տրակտորի դռդռոցին վեր էր ածվում մի ահազդու համանվագի, սև երամ կապած, ահաբեկված վերթևում էին երկիք, որպեսզի հենց Մուսին ձայնը կտրի, նորից իջնեն ու շարունակեն իրենց գործը: Մուսին ոլորաններում էր երգում. վարում, վարում էր, հենց պիտի տրակտորը թեքեր ու նոր ակոս բացեր, երգն իրեն-իրեն հորդում էր: Երգելով նա մտքում մրցում էր կնոջ հետ ու իրեն թվում էր՝ նրանից լավ է երգում: Վերջին ժամանակներս Մուսիին էլի ինչ -որ բաներ էին թվում. նրա մեծ սիրտը մի փոքր կասկած էր ընկել: Նրա սիրտն ասում էր, որ կինն էլ իր մասին չի երգում: Ճիշտ է՝ ինքը նույն Մուսին է, Մովսեսը, որին գյուղում կրճատ Մուսի են ասում, բայց կինը էս վերջերս Մուսիի փոխարեն Մուսա է ասում: Տղամարդկային բնազդը նրան դրդեց խորամուխ լինել, բայց, դե՜, բան չգտավ: Միայն մի օր, երբ տուն գնաց, հարևան Հայրոն էր պադվալից դուրս գալիս: Նա էլ արդարացավ, որ եկել է արաղի թնդությունը որոշի: Մուսիի սիրտը հանգստացավ:
Բայց հիմա Մուսիի սիրտը շատ անհանգիստ է: Նա ուրիշ աշխարհում է: Նստել էր ծռված իշոտնուկին, որը քիփ հենած էր սպիտակ կավով ներկած խարխուլ պատին: Իշաոտնուկը խրվել էր փխրուն հողի մեջ, ու դրանից Մուսիի երկար ոտքերը դնչին էին կպել: Նա մտածում էր: Չէր մտածում, իրեն-իրեն բողոքում էր. նրան բերել են ու էս օտար հողում ասում են՝ ապրի: Մեկ էլ հետ էր դառնում՝ ինքն իրեն մեղադրում:
Նա չհասկացավ, թե մեծ գաղթի ժամանակ՝ 1993-ին, երբ գյուղը անդադար հրակոծության տակ էր, ինքը ոնց խառնվեց գյուղից գնացողներին: Կնկա խելքին ընկավ: Գյուղը, հողն ու տրակտորը թողեց ու գնաց: Հիմա, հենված սալոմով ու թրիքի շաղախով ծեփած խատի պատին, մտածում է այդ մասին, մտածում ու իրեն չի ճանաչում, հետն էլ իրեն չի ներում: Խատը այնքան ցածր է, որ ամեն մտնելիս ու դուրս գալիս գլուխն ու ճակատը խփում է կոշտ ու չռանդած տախտակին: Տախտակի սուր փշուրները փշերի պես ցցվում են նրա լայն ճակատին: Խատի ներսում հազիվ է տեղավորում. երկուտակված է ման գալիս: Երկաթե ժանգոտած մահճակալն էլ հո պապենական թախտը չէր, որ ազատ փռվեր մեջն ու հանգիստ պարգևեր խոնջացած մարմնին: Ոտքերը դուրս էին գալիս մահճակալի երկաթե ճաղերի արանքից ու քսվում հողե հատակին: Շուռումուռ էր գալիս, ու երբ աչքն ընկնում էր խատի ցածր՝ իր գլխին կպչող առաստաղի համար իբր կոճ ծառայող ծուռ փայտին՝ մտածում էր, թե որտեղի՞ց են ճարել այդ գերան կոչվածը, որի կեսը հաստ էր, մյուս կեսը քանի գնում բարակում ու համարյա ճիպոտ էր դառնում: Նա հարյուրերորդ անգամ մրթմրթում էր.
-Ա՜, սրանց յրադանը խվարի, սրանց քոլումը մի դուզ փետ չկա՞ր:
Աչքի առջևով անցնում էին նրանց անտառների բարձրուղեշ ծառերը, որոնք ի՜նչ գերաններ կլինեին, ի՜նչ գերաններ, ի՜նչ տան կոճեր…
Ու էլ չէր կարողանում քնել: Դուրս էր գալիս, նայում ազատ տարածություններին, անսահմանությանն ու աչքերն իր Գարդմանա սարերն էին փնտրում, իրեն պարուրող ու պատսպարող լեռնաշղթան էր փնտրում, որը իր աշխարհն էր ու իրեն տաք էր պահում: Այս տափաստանում նա իրեն անպաշտպան ու անօգնական էր զգում, նա վախենում էր անսահմանությունից, որը նրան անորոշություն էր ներշնչում: Ծանր մարմինը դարձել էր անքաշ, ինքն իրեն չէր զգում, կարծես անկշռելի տիրույթում վերուվար էր անում այլմոլորակայինի նման: Անընդհատ մրսում էր, արագ վազելու-փախչելու մի անհասկանալի ցանկություն էր նրան պատում: Բայց եթե փախչեր, ոչ մի բանի չէր հանդիպելու, ոչ մի բանի չէր բախվելու. ո՛չ քար կար, ո՛չ ժայռ, ո՛չ ծերպ, ո՛չ քարափ: Ու նորից հիշում էր իրեն տաքացնող լեռներն ու սարսափով մտածում, որ եթե թաղվի էլ այս կանաչ անապատում, մեռած տեղն էլի կվախենա մենությունից, որովհետև պատվար չկար, պաշտպանող պատ, ժայռ ու ծերպ չկար: Նա գենետիկ հիշողությամբ ապավինում էր պարսպին, պատին, քարին ու ժայռին, ու այս անծայրածիր անդաստանում Մուսին հենման կետ չէր գտնում:
Այս ամռանը ամեն մի հատը կես կիլոգրամանոց բիբարի, կես մետրանոց ծիցակի տոննայով բերք հավաքեցին: Հողն էլ զարմացրեց իր բերրիությամբ ու փխրունությամբ: Տարիներով չէին մշակել, ու ամուլ հողը կարոտել էր ջրի ու հողագործի խմանքին: Հարևան պառավն ասաց, որ միայն, էն ինչ է՞ր, հա՜, ուկրոպ(սամիթ), մի մարգ ուկրոպ են ցանել:
-Ա՜, սրանց յրադանը խվարի, էս ի՜նչ հող ա, սերմն ընգավ, ծիլ ա տալի, բայց հեկտարներով բրախած ա,- անմշակ հողի համար ցավելով՝ հողագործի կսկիծով կրկնում էր նա իր զարմացական «յրադան» բառը, որը ոչ ոք չէր հասկանում: Մուսին էլ մի բան լավ չէր հասկանում՝ հողերի տարբերությունը. այտեղ սև, խոնավ, փխրուն, որդերով լիքը: Մտածում էր՝ ա՜յ թե տրակտորն այստեղ լիներ, ո՜նց կվարեր, ո՜նց կվարեր: Բայց մեկ էլ չէր ախորժում: Մուսիի ուշքն ու միտքն իր վարած դեղին հողն էր: Ու սիրտը չէր տաքանում, կսկծում էր անբացատրելի ձևով: Նրա ռունգերում դեռ պահպանվում էր իր վարած հողի տաք բուղը, որը երբեմն ծխի նման դուրս էր գալիս քթանցքերից՝ կսկծացնելով հոտոտելիքն ու աչքերը, այնտեղից կսկիծը հասնում էր հզոր սրտին, որն անհասկանալի ձևով կուչ էր գալիս ու դառնում նորածնի նուրբ բռունցքի չափ: «Հողը հող ա էլի՜, Մուսի՜»,- հիշում էր հարևան Վանոյի ասածը: Բայց չէ, չէ՛ր հարմարվում՝ նրա սիրտը իր վարած դեղին ու ղռոտ հողն էր ուզում: Ու նորից կենտրոնանում էր հողերի գույների վրա. Մուսին երևի չէր հասկանում, որ մեր հողը դեղին է, որովհետև արևը մեջը շատ է, Մուսին չէր հասկանում, որ մեր հողը դեղին է, որովհետև ոսկի շատ է պարունակում, դրա համար էլ մեր հողի ձգողական ուժը հզոր է ու այդ հզորությամբ էլ իրեն գիշեր-ցերեկ ձգում է ու հանգիստ չի տալիս: Նա չէր հասկանում, բայց լինելով այդ հողից հունցված, զգում էր ու տառապում, տոչորվում էր այդ հողի, այնտեղ բացվող բազմերանգ ծաղիկների գունախաղի կարոտից: Նրա ժայռեղեն հոգին թռչում էր այնտեղ՝ իր ժայռեղեն հայրենիքը:
Համեմատությունները նրան հոգնեցրին: Վերցրեց խատի պատին հենած բահիկը ու սկսեց հարվածել հենց պատի տակ աճած փարթամ ամբրոզիայի թփերին: Հարևան միայնակ ապրող ռուս պառավը նրան բացատրել էր, որ այդ թունավոր բույսի սերմերը գերմանացիներն են ուղղաթիռով շաղ տվել պատերազմի ժամանակ՝ ժողովրդին թունավորելու համար: Այն մահացու ալերգիա էր առաջացնում: Գերմանացու պատերազմն ավարտվել էր տասնյակ տարիներ առաջ, բայց էկոլոգիական պատերազմը դեռ շարունակվում էր: Առ այսօր այդ բույսը աճում է ու ում բակում կամ այգում կա՝ պիտի մաքրի, այլապես կտուգանվի: Մուսին արմատներով հանում էր, հետն էլ մտածում ռուսական անծայրածիր հողում՝ Կերչում անհետ կորած իր պապի մասին, որին չէր տեսել, բայց ամբողջ մանկությունը ներծծված էր նրա մասին նանի պատմած հիշողություններով: Գուցե՞ այդ հողը մի քիչ էլ քոնն էր, Մուսի: Չէ՞ որ դու այդտեղ սուրբ մասունքներ ունես…
Մուսին բահիկը շպրտեց, գնաց ջրհորից ջուր հանի: Ջրհորի աղի ջուրը ռեզինե խողովակից լայն շիթով լցվում էր ալյումինե դուլյի մեջ: Մուսին մի պահ հիշեց իր Քար աղբյուրն ու նրա զուլալ ջուրը, բայց հիշողություններն ընդհատեց վիլիսի դռռոցի ձայնը: Առավոտ շուտ կանաչ գույնի վիլիսը եկավ ու մտավ բակ, քիփ կանգնեց՝ խատի դուռը փակելով այնպես, որ ոչ մեկը չկարողանա դուրս գալ: Չորս ռուս ոստիկան մտան տուն: Մուսին անելիքը չգիտեր: Մինչ նա կորոշեր՝ ինչ անել, ոստիկանները մտան ու քնածներին արթնացրին: Անձնագրեր պահանջեցին: Չտվին: Ոստիկանները ռուսական վառարանի բուխարուց հանեցին կապույտ անձնագրերը, դրին կարմիր պորտֆելի մեջ: Չորս տարեկան աղջիկը նրանց համազգեստներից վախեցած՝ աղիողորմ լաց էր լինում:
Ոստիկանները երեխայի լացը չտանելով՝ դուրս գնացին: Մուսին, դեռ ջրհորի մոտ կանգնած, անելիքը չէր իմանում: Երբ ոստիկանները դուրս եկան, նրա փախչելու ցանկությունն ուժեղացավ: Ոստիկանները, տեսնելով հսկա մարդուն, զարմացան: Մուսին շրջվեց ու սկսեց վազել: Նա վազում էր վարած աշնանային ցելերով: Վազում էր ուժերի ողջ լարումով, վազում էր հևասպառ: Քառասունհիգ համարի կիսաճտքավոր կոշիկները խրվում էին սև ու կպչուն հողի մեջ, ամեն հողից դուրս քաշելիս գնդով ցեխը պոկվում ու հարվածելով գունդ-գունդ կպչում էր նրա գլխին, վզին, մեջքի սապատին: Մուսին աշխատում էր հասնել մոտակա ակացիաների պուրակ ու ծառերի հետևում թաքնվել: Վիլիսը, շրջանցելով ցեխոտ դաշտը, ուղիղ ճանապարհով կտրեց Մուսիի դիմացը: Մուսին հենվեց հսկա ակացիայի ծառին: Նրա շառագունած դեմքը զայրույթից ու լարումից աղավաղվել էր: Ոստիկաններից մեկը դուրս եկավ վիլիսից ու մանր, անգույն աչքերը նրա վրա չռելով՝ ինչ-որ բան ասաց: Մուսին ռուսերեն լավ չգիտեր. մի քիչ հասկանում էր, բայց խոսել չէր կարողանում: Ոստիկանը ձեռքի փոքրիկ փայտիկը մոտեցրեց նրա ծնոտին՝ հսկային ոտքից գլուխ զարմացած նայելով: Նա ծիծաղում էր ու ընկերներին ինչ-որ բան ասում: Նրանք խմբով ծիծաղում էին: Մուսին անհարմարություն էր զգում: Նրա ձեռքերն ավելի էին երկարել ու մեծ-մեծ ափերը ծնկից ներքև անօգնական ճոճվում էին՝ չիմանալով իրենց անելիքը: Բայց ասելիք ուներ. ա՛յ, թե Մուսին ռուսերեն լավ իմանար ու ռուս ոստիկանին ասեր, որ ինքը արևոտ, կապույտ պատշգամբով երկհարկանի տուֆակերտ տուն ունի՝ ահռելի քարե պարսպով ու կանաչ ներկած երկաթե դարպասով շրջափակված: Ա՛յ, թե Մուսին ռուսերեն լավ իմանար ու ռուս ոստիկանին ասեր, որ ինքը պարտեզ ունի, որտեղ ոչ մի ամբրոզիա չի աճում, այլ տարին տասներկու ամիս բազմագույն գեորգինաներ ու վարդեր են ծաղկում, որ ինքը մառան ունի, որը մառան չէ, իրենց սուպերմարկետներից էլ չէ, այլ հիպերմարկետ է, որտեղ տակառներով գինի ու օղի է եռում, որ այնտեղ բազմազան պահածոներ կան, ու էդ մառանից դեռ նանի ժամանակներից փայտե սյունից կապած չոր նարգիզի ու մըշըհամանքի բույր է տարածվում, ոչ թե թրիքի հոտ, ինչպես իրենց խատերից՝ մանավանդ անձրևից հետո: Ու նաև կասեր, որ իր հսկա մարմինը իրենց սարդի բներին ոչ էլ հարմար է, որ այնտեղ՝ խատի չորս անկյուններում, շատ սարդեր են բնակվում ու անընդհատ սարդոստայն հյուսում: Ինքն էլ մեկ-մեկ անզգուշորեն ընկնում է այդ սարդի բների մեջ՝ կոլոլվելով կպչուն ու լպրծյուն սարդոստայնով: Ա՜խ, թե Մուսին ռուսերեն խոսել իմանար․․․ Եթե իմանար ու այդ ամենն ասեր, ռուս ոստիկանի գունատ դեմքին սազեցրած բզով ծակած մոխրագույն աչքերը ոչ թե ճակատը կթռչեին, այլ ավելի վեր: Ռուսերեն իմանայիր, էլի՛, Մուս՛: Բայց… գուցե՞ լավը դա էր, որ Մուսին ռուսերեն չգիտեր, որոհետև այդքանը լսելուց հետո, ռուս ոստիկանը կարող է նրան ոչ թե ոստիկանատուն տանել, այլ մոտակա Կոստանտինովկա գյուղում գտնվող հոգեբուժարան ու օգներ բժշկին ախտորոշելու, որ այս հայը անհավանական ու անհավատալի բաներ է զառանցում իր ունեցվածքի՝ բարձրահարկ տան, ծաղկուն պարտեզի և շա՜տ ու շա՜տ անհավանական բաների մասին: Այս հայը աֆեկտի վիճակում է և վտանգ է ներկայացնում շրջակայքի խատերում միայնակ ապրող ռուս պառավների համար: Լավ է, որ Մուսին ռուսերեն չգիտեր: Միայն լավ գիտեր, որ այդ գյուղի անունը Սվաբոդա էր, իրենց փողոցն էլ՝ Մալադյոժնայա, չնայած այնտեղ բոլորը միայնակ տատիկներ էին: Այդ մասին ոստիկանները Մուսիին հարց չտվին:
Սվաբոդա խուտորի ծայրի ակացիաների պուրակում նրանք Մուսիին երեք տակ ծալեցին ու մի կերպ խցկեցին վիլիսը: Գիշերը մնաց ոստիկանատանը: Այնտեղ էլի հայ տղամարդիկ կային: Կանանց ոստիկանատուն չէին բերում, միայն անձնագրերն էին վերցնում:
Գիշերը ցուրտ չէր, բայց մրսեց ու սրթսրթաց, զայրույթից լքլքաց: Առավոտյան տղան եկավ, տուգանքը մուծեց, անձնագիրը վերցրեց, հորն էլ տարավ: Մնացած հայերին էլ նրանց հարազատները տարան:
Հասան տեղ: Զգույշ, որպեսզի էլի ճակատին փշե պսակ չդաջվի, գլուխն իջեցրած մտավ ներս ու փլվեց ժանգոտած մահճակալին:
Նրանց հետ գաղթած դրկից հայերը եկան Մուսիին տեսնելու: Նա արձանացած նստած էր: Ոչ մեկի հետ չէր խասում: Երբ հարևանները սեղան նստեցին ու տաքացան, սկսեցին կենացներ նվիրել հայրենի հողին, ջրին, գյուղին, գյուղը պահող տղերքին, սահմանը պահող գյուղացիներին, հետն էլ հուզվեցին ու արտասվեցին:
Մոսին դեռ պապանձված էր, կատարվածից ուշքի չէր գալիս:
Առավոտ վաղ արթնացավ: Հնամաշ փայտե արկղից հանեց բրդյա քորքոտած սվիտերը, ծալեց, դրեց տոպրակը, երկու ահռելի ոտքն էլ՝ կիսաճտքավոր կոշիկի մի թայի մեջ ու որոտաց.
-Ես քնում եմ գյուղ:
Որդին գիտեր, որ չի կարողանալու կանգնեցնի, բայց հիշեցրեց.
-Գյուղում կրակոցներ են, էդ ո՞ւր…
-Քնամ իմ հողը վարեմ:
Ու գնաց:
Ասում են՝ հիմա վարում է գյուղի մերձակայքի դեղին հողերը: Ամեն նոր ակոս բացելիս գլուխը հետ է գցում, նայում գյուղը պարսպած կապույտ ժայռերին, ու նրանց կատարներին բեկված արևի ճառագայթներից աչքերն էլի երջանիկ կայծկլտում են, բայց էլ չի երգում…
