Արթուր Կարենց, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Չվախենաս, տղաս

Մրցույթին ներկայացված պատմվածքները հրապարակվում են հեղինակների ցանկությամբ, չեն խմբագրվում և չեն սրբագրվում:

(իրապատում)

-Կարելի՞ է նստել,- հարցրեց տղամարդը:

-Խնդրեմ՝ մի կողմ քաշվելով, – պատասխանեց դեռատի օրիորդը: Մազերն արձակ էին, հյուսքերը թափվել էին ցած՝ ուսերն ի վար, ալիքաձև, ոլորուն խոպոպիկներով: Ոսկեհեր էր, դեմքն արտահայտիչ, սպիտակամաշկ, հոնքերն ու թարթիչներն՝ աղեղներ ասես ու  խոնարհումի հանդես, որ անմիջապես մեխվում էր դիմացինի հիշողության մեջ, շուրթերը՝ նրբալույս թրթիռներով լեցուն, մեղրաթերթ ու կանչո՜ղ, իսկ աչքե՞րը … Աչքե՜րն, Աստված իմ, որտե՞ղ է տեսել նրանց – ծավի՜, կապու՜յտ- կապու՜յտ որքա՜ն, եթերայի՜ն ու լու՜յս ճառագող …Մանկության այն անդարձ օրերին՝ տանից ոչ հեռու գտնվող իրենց դիմացի սարի քերծերում բուսած՝ մեկ հատիկ հպարտությամբ, սարերի քամիներին դիմագրավող ու կանգուն՝ կապուտաչյա հիրիկի նման , որի ետքից գնաց մի ո՜ղջ կյանք …Գնա՜ց … Չհասա՜վ սակայն … Էն ե՞րբ էր … Տղամարդն ընկավ հիշողությունների գիրկը.

Նրա տասն էլ դեռ չէր բոլորել, առավոտ կանուխ կանգնել էր սարի գլխին գտնվող ամենաբարձր քերծի պռնկին: Ներքևում ձորն էր, անհատակ խորացող անդունդը: Տղան միշտ էլ վախեցել էր մեծ բարձրություններից, բայց այսօր: Դիմացի բարձունքին՝ աշխարհին ու արևներին իր հպարտությունն ու քնքշանքը մեկնած, բուսել էր նա՝ կապուտաչյա հիրիկը, թերթերը թավշյա ու նրբաթերթ, ցողունը՝ կանաչ կրակ ու … սիրու՜ն- սիրու՜ն՝ որքա՜ն և որքա՜ն կանչող:

Քաղեմ պիտի՜,- անմիջապես անցավ տղայի մտքով: Ցանկությունն ու տենչն այն ունենալու՝ տղային մղեցին առաջ, դեպի՝ անհնարինը: Քայլ գցեց: Ներքևում ձորն էր՝ կանչող ու անհանգիստ: Հիշեց մոր խոսքը,- «Բալես, սար գնալուց զգույշ եղիր, ոտքիդ տակը ուշադիր նայիր: Քեզնից հեռու, բայց տեսա՞ր, չէ՞, ի՞նչ եղավ՝ սար կակաչի գնացած էն ռուս տղայի հետ, ձորն ընկավ, ջարդուխուրդ եղավ»… Մի կողմ վանեց ծանր մտքերը: Հայրն եկավ աչքին: Նա միշտ էլ լավ սար գնացողի և պնդոց ընկած ուլերին՝ քերծերից հանելու շնորհն ուներ, որով ինքը հպարտանում էր դասարանի ու բակի տղաների մոտ: Իսկ ի՞նքը … Հիշեց հոր հաստատուն խոսքը, – « Երբեք ցած չնայես՝ անդունդի պռնկով անցնելիս, դիմացդ նայիր, ուր ուզում ես գնալ, ոտքերդ զգույշ, բայցև ամուր դիր հողին, ձեռքերով ամուր կառչիր քար ու քերծից, իսկ ամենակարևորը՝ չվախենա՜ս: Հեշտ է ասել չվախենաս: Գլխում հազար ու մի ինչուներ էին խառնվել իրար:  Տղան նայեց դիմացը՝ իրեն ողջունող կապուտաչյա գեղեցկուհուն, սաստեց, ներքև ընկնելուն պատրաստ ու  կանչող վախը, շարժվեց առաջ : Ահա, էլի մեկ-երկու քայլ և ծաղիկն արդեն իրենը կլինի: Աշխարհը տվին իրեն, երբ այն քաղեց: Բակի տղաներից շատերն էին փորձել քաղել այն, բայց ձորն ընկնելու վտանգը միշտ էլ ետ էր պահել նրանց: Այսօր իր հերթն էր: Այսօր դա ինքը աներ պիտի: Իմանալով այս մասին՝ հայրը կզայրանար, բայց, առանձնակի քնքշանքով մեջքին խփելով, կասեր,- «Մեծանում ես, Տղա՜ս» …  Դա շա՜տ- շա՜տ բան կհուշեր իրեն ուղղված՝ հոր գովեստի ժլատ խոսքերի ֆոնին … Իսկ մա՜յրը … մայրը, իրեն սար ու ձոր կգցեր, խեթ կնայեր ամուսնուն, որ միշտ էլ ոգևորել էր որդու սար գնալը, ձեռքերը կխփեր ծնկներին ու խեղճացած ու  մեղմ ձայնով կասեր,-« Բա որ ընկնեի՞ր, բալե՜ս » … Տղան իրեն խանգարող մտքերը մի կողմ վանեց ու կենտրոնացավ … Հիմա ամենադժվարին պահն է» – մի ձեռքում ծաղիկն էր ամուր բռնել, մյուսով՝ մի կերպ բռնվելով պետք է ետ գար: Լարվածությունն այնքան մեծ էր, ձորն ընկնելու վտանգը՝ այնքան իրական, որ ետ գալը դառնում էր որքա՜ն ցանկալի, նույնքան էլ՝ անիրական և անհույս մի տենչ:

Տղան կառչեց առաջին իսկ պատահած ցից քարից, ոտքը հնարավոր ամուր հարմարացրեց քերծի եզերքին ու ոտքը փոխեց: Մի ամբողջ կյանք անցավ ետ գալու ճանապարհին: Սառը քրտինքը վախից ու ցրտից պատել էր ողջ մարմինը: Ձորի պռնկին միշտ էլ միջանցիկ քամիներ էին  առկա: Ատամներն իրար էին դիպչում, քայլքը դանդաղ էր, դեպի ետ՝ կյանք գալու նման: Որքա՜ն ազատ ու անկաշկանդ զգաց իրեն, երբ, վերջապես, ետ վերադարձի ճանապարհի վերջին սանտիմետրերը հաղթահարեց : Ծաղիկն իրենն էր արդեն: նա լիաթոք ու ազատ շնչեց սարերի սառնավուն օդը, կյանքն ավելի գեղեցկացավ աչքին, օրն ավելի պայծառ ու երանավետ դարձավ: Մտածեց, ծաղիկը կնվիրի իրենց բակի ամենագեղեցիկ աղջկան՝ Նարեին, որը կապու՜յտ- կապու՜յտ և ծավի աչքեր ուներ, հենց այս հիրիկի թերթերի գույնին, հենց նրա նման հպա՜րտ ու կանչո՜ղ …

Աղջիկը ժպտաց իրեն … Որտեղից՝ որտե՜ղ,- մտածեց տղամարդը: Իսկ գնացքը շորորում էր ասես՝ հանգիստ ու կրկնվող ռիթմով…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *