Գրիշ Սարդարյան, Պատմվածք

Տիեզերագնացը

Երևանյան արևոտ օր էր։

Լրագրերը չգիտեին՝ ինչ գրեն…

Տիեզերագնացի շորերը հագին, սաղավարտը թևի տակ, մի տղա մտավ համալսարանի գլխավոր բակ, անցավ կիսանդրու կողքով, կարծես պատրաստվելով թռիչքի, քայլեց դեպի երկարուձիգ աստիճանաշարը, գնդլիկ շարժվելով, սկսեց բարձրանալ։ Մարդիկ ապուշ կտրած նայում էին, ենթադրելով, թե նկարահանում է ու տիերագնացի շուրջը տեսախցիկներ փնտրում։ Ապարդյուն։ Չկար ոչ մի սովորականություն, արտառոց բա՛ն, տիեզերագնացն ինքնակամ էր հայտնվել այս կողմերում, և արդեն մուտքի դուռն էր պատրաստվում բանալ, ծիծաղաշարժ, անհեթեթ կեցվածքով երկու ուսանողներ ներսից օգնեցին նրան և դուռը բացած պահեցին, որպեսզի անցնի, խնդացին, ու տիեզերագնացն ինքն էլ ի պատասխան խնդաց, ասես նորմալ էր ամեն ինչ, նկարահանման էր կամ իսկապես որ պատրաստվում էր թռիչքի, վերջին ժպիտներն էին փոխանակում, վերջին պայմանականությունները հաղթահարում…

Մարդկանց թվաց՝ րոպեներ անց մասնաշենքի տանիքից ծխարձակելով դուրս կգա հրթիռը ու կթռչի, կթռչի… ուսանողուհիները թաքուն աչքով արին իրար, ծիծաղեցին և ուսով արին։

Տիեզերագնացի հայտնվելը ուրախություն պատճառեց բոլորին։ Ներսում կրկին քար կտրած, հետո զարմացական-բերանբաց, իսկ ուշքի գալուց հետո՝ ծափողջույններով ճանապարհեցին նրան վեր, և նա սկսեց աստիճանները ելնել, սպիտակ սկաֆանդրը բարձրանում էր կարմիր գորգի վրայով, իրավիճակից հորդում էր անհեթեթություն, հիացմունք, հմայք, ծաղրուծանակ, խառն էր և դեռ միասնական վերաբերմունքի չէր հանգել ուսանողությունը, տիեզերագնացը միավորել էր նրանց, բայց դեռ հստակ ու հաստատուն տրամադրություն չկար․ ոմանք ժպտում էին, ոմանք հռհռում, ոմանք ձեռքով էին անում, խնդրում նկարվել, կանգնում կողքին, ժպիտը դեմքին, լույսը վառում էր, մարում, չրխկում, շնորհակալություն էին հայտնում ու բաժանվում։ Այս իրարանցման մեջ ոմանք նույնիսկ մտաբերում էին նրան, հաճախ էին տեսել՝ կյաժ տղա էր, կենտրոնական շքամուտքով գալիս էր-գնում։ Կյաժուկ, քչամազ տղա, հիշեցին, երևի ուշադրության կարիք ուներ…

Նա հաստատ խելագարվել էր, մի աղջիկ տեղի ունեցողն այդ կերպ բացատրեց ընկերուհուն, տղային տեսել էր ամիսներ առաջ ծեծ ուտելիս, քաշել էին մասնաշենքի հետևը, հրմշտել պահակի ծառանոցներից ներս, ու տուր թե կտաս․․․ Նա պատուհանից էր տեսել, թե տղային ինչ դաժանությամբ ծեծեցին, հաստատ ցնորվել էր…

Տիեզերագնացը հասավ երկրորդ հարկ, բարևեց ծանոթ դասախոսին։

  – Բարև… էս ի՞նչ ես հագել,- երկմտանքով հարցրեց դասախոսը։

  – Մարդ իրավունք չունի՞ ուզածը հագնի,- հարցրեց տղան։

Ու չլսեց, շարունակեց բարձրանալ սուլոցների տակ, հասավ չորրորդ, հինգերորդ հարկ, մոտեցավ ընկերներից մեկին, որն իրեն ընկեր չէր համարում.

  – Սիգարետ ունե՞ս։

  – Հո դու խփնված չե՞ս։ Էս ի՞նչ ես հագել։

Տիեզերագնացը նորից ասեց, որ մարդ ինչ ուզի՝ կհագնի, տենց չի՞։ Ու նորից չլսեց պատասխանը։ Հարյուր անգամ քայլել էր այս միջանցքներով ու գեթ մի անգամ այսքան տպավորիչ չէր եղել, ոչ զիջել էին, ոչ նայել վրան, ոչ քաշվել էին պատերի տակ, ոչ այսքան համբերատար զննել իրեն, ուսով խփել էին, շպրտել մի կողմ, տարբեր, տարբեր իրադարձություններ եկան ու անցան գլխով, առաջին օրերին հապճեպորեն գցվեց դասասենյակ, այս նույն դասախոսը հետևներից մտավ, հայացքով որսաց իրեն, թեև աստիճանների վրա, աճապարանքի մեջ, դասախոսին տրորել ու հրմշտել էին այլ դասընկերներ, թեև այդպես էր, ինքն էլ շարքի վերջերն էր նստած, նրանք՝ առաջ, դասախոսի հայացքը բռնացրեց իրեն ու զգաց, որ ստացվեց, խեղճացրեց, դեմքից սահեց ամոթխած ժպիտը, կարմրատակած, զգաստացրեց, գլխահակ դրության մատնեց, այդպես անողոքաբար ճնշեց ու չափից դուրս երկար զննեց, հառած իրեն, այդ զավեշտալի բարկացկոտ հայացքը լսարանը քրքջացրեց, իսկ հետո ուղղակի պայթեցրեց հռհռոցներով.

  – Տղա ջան, հո դու տիեզերագնաց չե՞ս…

Դասասենյակը դղրդում էր, մի քանիսը հանկարծակիությունից թռան վեր, ընկան նստարաններին, ծիծաղից թուլանում էին, կրունկները խփում հատակին, ափերով խփում սեղաններին, րոպե անց, բավարարությունից ծոր տալով, դասախոսը շտկվեց, գնաց նստեց սահմանված տեղում, բարկությունից դիմագծերը թեթևակի խաղացնելով, լսարանը պայթեցրած ու հանդարտեցրած, առաջին մոտեցմամբ հողմերին էր սանձել։ Ուրիշ ոչ ոք նկատողության չարժանացավ, բացի կուրսի տիեզերագնացից։ Հետագայում ներկա-բացակա անելիս չէր խորշում անընդհատ հարցնել.

  – Տիեզերագնա՛ց, էստե՞ղ ես։

Ու լսարանը նորից էր պայթում, հողմերը նորից էին սանձվում։ Եվս մեկ ուսանողի անունը կարդալիս քինոտ ավելացնում էր՝ ջրասո՛ւյզ, բայց նրա վրա չէին ճայթում, հատուկենտ փռթկոցներ էնպես, ընկերները մեջքից խնդմնդային թե չէ, դեռ վերջում կթեքվեին տիեզերագնացին ու ծաղրական կխնդային նորից։

Սպիտակ սկաֆանդրը դուռը հազիվհազ հրեց, հետ ընկավ, բացվեց, այս նույն դասախոսն էր։

Հիմա նայում էր ակնոցների վրայից, խեթ հայացքը զարմանք էր արտահայտում, շփոթ, թյուրըմբռնում, բայց ոչ ավելին, տիեզերագնացը դռնից խցկվում էր ներս, կողքի մտավ – ձախ ուսը, աջ ուսը – ուղղվեց, սաղավարտը թևի տակ կանգնեց և ուրախությամբ ասաց.

  – Բարև Ձեզ։

Պատասխան չհնչեց, ուստի կիլոգրամները շալակած գնաց կատարյալ լռության դեմ հանդիման, շշուկ չկար, երբեք այսքան լուռ չէր եղել իր մուտքը, մտնելիս փռթկում էին, վարակվում ծիծաղով, նույն դեմքերը, այս դեմքերը, ընդմիջմանը մոտենում էին իրեն, հարցնում.

  – Տիեզերքում ի՞նչ կա, ախպեր ջան…

Մեղմելու համար ավելացնում.

  – Լավ, լուրջ, ինչ-որ կապ կա՞ տիեզերագնացության հետ։

Որովհետև լսել էին պապի մասին, միամտաբար թռցրել էր բերանից, ինչպիսի հիմար համընկնում, պապիկը Մոսկվայի տիեզերագնացության դպրոցն է ավարտել, իզուր էր վստահել, լուրը տարածվել էր, հատուկ էին հարցնում, այլևս չէր խոստովանում, չէ՛, կապեր չկան, հայրս զինվորական է եղել, այդքանը։ Դասամիջոցին պարապ մնացած կատուների պես շուլալվում էին, կպչում, դիպչում էին ուսերին, ափը դնում էին ուսին, ուսոսկրը սեղմում, դու ստեղծված ես տիեզերքի համար, ստեղծված ես, որ թռչես, համեստություն մի՛ արա, հայ առաջին տիեզերագնացի թոռը, ասել ենք ու կասենք, ինչպես կասեր Յուրի Գագարինը՝ թռռաանք, ախ, մորս արև, ախպեր ջան, ինչպես կասեր քո պապի ընկեր Յուրի Գագարինը…

տիեզերագնա՛ց, ընդդիմանո՞ւմ ես, զարմացնում ես, ինչ մի վիրավորական բան տեսար, ես Վարդևանն եմ, ես՝ Բարեղամը, ես՝ Գեղամը, արի քայլենք, էն ծառերի հովին կանգնենք, տիեզերքում վատ բան չկա, տիեզերքի մեջ վատ բան չկա, ախպերս, անհեթեթ զրույց էր ստացվում, հետո նրանք խոտերը խշխշացնելով ցատկոտում էին դուրս, հազար ասինք՝ գլխին մի խփեք, տուուուուու-տուտու-տուու…

Լսարանը դեռ ուշքի չէր գալիս, չէր պայթում, և վայրկյաններն այդպես հետահայաց գնում էին՝ տուտ, տուտ, տուտ, րոպե անց կրկին պայթելու էր, այս անգամ ինքն էր պայթեցնելու լսարանը, նրանք, միևնույն է, անզոր էին հասկանալ՝ ինչ նպատակով է սկաֆանդրը ձեռք գցել, միևնույն է՝ չէին հասկանում, միջանցքներում արդեն փսփսոց էր տարածվում, թե ցնորվել է, խելակորույս պատանու քայլ, գլխի՜ն, ախր գլխին ո՞վ է խփում, լսարանը համոզվում էր արդեն, վզները մեկ առ մեկ ծռել էին տիեզերագնացի նստարանի կողմ, հատուկենտ պտտում էին 180 աստիճան, ուսումնասիրում պատուհանի մոտ նստած Վարդևանին, Բարեղամին, Գեղամին… և կարծես հարցնում՝ ախր գլխին ո՞վ է խփում։ Անթարթ, կիսատխուր հետևելով զարգացումներին, նրանք կարծես արդարանային, մե՞նք, ի՞նչ ենք արել, գժությունը տեղից կլինի, ուրեմն մի բան եղել է, տիեզերքը ֆոն է հանդիսացել էս դեպքում, պետք է հարցնել, թույլ տվեք դասախոսը հետաքրքրվի, սկզբում կհնչի հարցը, իսկ հետո կփռթկա, կպոռթկա պայթյունը, քար լռություն է տարածվել, սսկվել են նաև միջանցքներում, դռան արանքից ծիկրակում են՝ ջանալով համոզվել, բայց վախենում են հիշյալ դասախոսից, լռությունը շարունակվում է, լռությունը վերջապես խախտվում է.

  – Էս ի՞նչ ես հագել,- հարցնում է դասախոսը։

  – Իրավունք չունե՞մ իմ ուզածը հագնել,- հարցնում է տիեզերագնացը և կամաց, կամաց խնդիկներ առաջացնում, երկրաշերտը մանր, մանր, դանդաղորեն ցնցվում է, ասես նախապատրաստում թռիչքի, հիշելու բան կունենան, հազար տարի անցնի, ուսանողները տարիքներն առնեն, նստեն մի փաբում, սրճարանում ու հիշեն տիեզերագնացին։ Նա այնպես արեց, որ իրեն միշտ հիշեն, տարիներ, տարիներ կսահեն, նրա ցնորքը երբեք չի մոռացվի, թե ինչ խելքին փչեց, ինչու ցնորվեց, ինչպես գնաց այդ քայլին և ընդվզումի րոպեին պահարանի փակը կոտրեց, նետեց դեն։ Սկզբում սկաֆանդրը շողշղում էր, աստղային փոշին փայլ էր տալիս մթության մեջ, ցուցանմուշի պես, տարիներ ի վեր կախարդական հագուստը սպասեց իր նոր տիրակալին, ահա նա, ահա նրա մանկության երազանքը, պատանեկան ողբերգության հետ միավորված, շողում է, շողշղացնում, նրա հագին է արդեն, սա մանկություն է, սա երեխայություն է, տիեզերագնացը դուրս է մագլցում նկուղից, ինչպես սև խոռոչից.

  –  Ցնորվա՛ծ,- ֆշշում է հարևանուհին։

Իհարկե ցնորված պիտի լինես։ Հարյուր հազարի դիմաց կարող էին վաճառել, վերադարձնել, տասնյակ հազարներ քնած կվճարեին, եթե որոշեին իրենց տան մասունքը հանձնել, պապենական վահանը, թուրը,  տիեզերագնացը լավ գիտեր, նրանց հաշվարկը պարզ էր, իր հաշվարկն էլ պարզ էր. անվտանգություն, անխոցելիություն, անթափանցելիություն, դե ինչ, բոլորը տեղում են, կարող ենք սկսել, բայց դասախոսը… ձգձգում էր շարունակ, բան էր ուզում ասել, տիեզերագնացը սպասում էր նրա վերջին բառերին, բոլորի, բոլորի վերջին բառերին, չէ որ հիմա ինքն էր թռչում, ուրեմն պարտավոր էր հրաժեշտի խոսքերը լսել։ Լսում էր, խոսեք, նա համակ ուշադրություն դարձած սպասում էր և սաղավարտը հարմարեցնում գլխին։ Լուռ էին, նա սաղավարտը գլխին մի փոքր սպասեց, էլի լուռ էին, նա փակեց պաշտպանիչ դիմակալը, իջեցրեց երկրորդ շերտը, այնժամ միայն դասախոսը հարցրեց.

  – Թռիչքի ես պատրաստվո՞ւմ…

Լսարանը պայթեց… բայց տիեզերագնացը անվնաս ու ապահով նստած, հերմետիկ փակ, քանդել էր արդեն «СССР» նշանով ծոցագրպանը, հանել նռնակը, քաշել օղակը և նետել նախընտրած ուղղությամբ։

Երևանյան արևոտ օր էր։

Լրագրերը չգիտեին՝ ոնց գրեն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *