1.
Վարորդը բարկացած ինչ-որ բան էր ասում։ Մութ էր, քնի ու արթնության եզրին, որում գտնվում էր Անուշը, դժվար էր տարբերել իրականությունը երազից։ Աջ թևն էլի ցավում էր։ Դժվարությամբ այն ուղղեց, հարմար դիրքի բերեց։ Կրկին բացեց-փակեց աչքերը։ Ուրեմն որդին, հարսը, թոռը երազում էին։ Իսկ ինքն այստեղ է և մեն-մենակ։ Մեքենան դատարկ է։ Ուղևորներն այլևս կողքին չեն։ Վարորդն էլ չկա: Հիմա պետք է հասկանալ՝ որտե՞ղ և ինչո՞ւ են կանգնել։ Հա, երևի արդեն սահման են հասել։ Իջեցրեց պատուհանի ապակին ու գլխով մտավ մթության մեջ։ Առջևում ու հետևում շատ մեքենաներ էին շարված՝ մեծ ու փոքր, մարդատար ու բեռնատար, ավտոբուսներ, տաքսիներ։ Կանգնած էին անցակետում, ու գլխավերևում մեծատառերով գրված էր «РЕСПУБЛИКА СЕВЕРНАЯ ОСЕТИЯ-АЛАНИЯ»[1]։ Վերջապես արթնացավ, բացեց դուռն ու փորձեց իջնել։ Հենց այդ պահին վերադարձան վարորդն ու մեքենայի մյուս ուղևորները։ Նստեցին, ու մինչ վարորդը մեքենան շուռ կտար, որ հետ քշի դեպի Կաբարդինո-Բալկարիա, Անուշն ուղևորներից փորձեց ճշտել՝ ինչն-ինչոց է:
‑ Ի՞նչ ա պատահել:
‑ Հե՛չ: Անցակետից էն կողմ չեն թողնում: Ասում են՝ նե վելենո: Ասում են՝ սահմանը փակվել է, ու իրենց վերևից հրահանգել են անցակետից այն կողմ ոչ մի մեքենա չթողնել,- ասաց կողքի վաթսունն անց, սափրված ու կոկիկ տղամարդը:
‑ Վաաայ: Բայց խի՞,- հարցրեց Անուշը՝ բջջայինի էկրանին ստուգելով ժամը:
‑ Խի-ն չեն բացատրում՝ նե վելենո:
Բջջայինը տեղեկացնում էր, որ 2014 թվի օգոստոսի 21-ն է, ժամը՝ 00:30:
‑ Բայց խի՞ ա փակվել,- շարունակում էր Անուշը:
– Դե Լարսն ա, ո՞վ գիտի՝ խի ա փակվել: Սրանք էլ մարդ չեն, սրանցից բան չես իմանա,- պատասխանեց վարորդի կողքի անթրաշ ուղևորը:
Մեքենան թեքեցին ու միացան ճամփեզրին շարված մեքենաների բազմությանը:
– Մինչև առավոտ ստեղ մնանք, հետո տեսնենք՝ ինչ ենք անում,- տեղեկացրեց մեքենայի վարորդը:
– Վաաայ: Բա ես թոռանս քեֆին չե՞մ հասնելու,- սրտնեղեց Անուշը:
Դրսում տղամարդիկ խումբ-խումբ կանգնած ծխում էին: Կանայք մեքենաներից դուրս չէին գալիս: Անուշը բացել էր տաքսու դուռն ու ուռած ոտքերը մեքենայից դուրս կախել: Վերադարձավ կողքի կոկիկ տղամարդը:
– Ասում են՝ սահմանի վրացական կողմում ինչ-որ դղրդյուն է եղել, որից հետո վրաց սահմանապահները թողել են անցակետն ու փախել: Թե ինչ է իրականում պատահել՝ դեռ չգիտեն: Սա էլ ֆուրերի վարորդներն են իմացել՝ ավելի առաջ գտնվող իրենց ընկերներին զանգելով:
– Բա հիմա ո՞նց ա լինելու,- հարցրեց Անուշը:
– Ոչ ոք ոչինչ չգիտի: Օսերն անցակետն ընդամենը տաս րոպե առաջ են փակել: Մինչև առավոտ սպասենք՝ կիմանանք,- պատասխանեց տղամարդը, ապա, տեղավորվելով մեքենայում, շարունակեց,- ներեցեք, Ձեզ ինչպե՞ս դիմեմ:
– Անունս Անուշ ա, Ղափանից եմ, բայց մի տաս տարի ա՝ Սոչի եմ ապրում:
– Ուրախ եմ: Ես Լևոն Սերգեյիչն եմ:
– Դու՞ էլ ես Սոչի մնում:
– Չէ՛, մի քանի օրով էի Սոչիում, կովկասագիտական կոնֆերանսի էի մասնակցում, կովկասագետ եմ:
– Վաայ: Կներես… Կներեք, Լևոն Սերգեյիչ ջան: Հիմա Դուք էս բոլորի մասին գիտե՞ք՝ կաբարդինցիների, օսեթցիների, չեչեննե՞րի…
– Այո՛, դա իմ մասնագիտությունն է,- ժպտաց Լևոն Սերգեյիչը:
– Բա ճի՞շտ են ասում, որ օսետիններն ու հայերը բարեկամ ժողովուրդ են:
– Օսերն ալաններից են սերում, իսկ ալաններն իրանական ծագում ունեն: Էդ առումով, այո՛, նրանք հնդեվրոպական ժողովուրդ են, այնպես, ինչպես մենք, ու տարբերվում են կովկասյան ծագման ժողովուրդներից:
– Դրա համա՞ր վրացիների հետ կռվեցին,- շարունակում էր հետաքրքրվել Անուշը:
– Ծագման տարբերությունը պատճառներից մեկն է միայն: Մյուսն, իհարկե, էդ ծագումը մանիպուլացնելու կարողությունն է… Ա՛յ, տեսեք, գրված է Կաբարդինո-Բալկարիա, ինչո՞ւ… Որովհետև ժողովուրդների հայր Ստալինը լավ գիտեր՝ ինչպես բաժանել և տիրել։ Կաբարդինները և բալկարները երկուսն էլ կովկասյան ծագման ժողովուրդ են, բայց կաբարդինները՝ կովկասյան, իսկ բալկարները թուրքական լեզվով են խոսում: Թուրքական լեզուները տարածվել են վերջին յոթ-ութ հարյուր տարիներին, և այդ լեզուներով խոսում են բալկարներն ու կարաչայները: Կաբարդիններին ու բալկարներին միավորել է մեկ ինքնավարության մեջ, որ կարողանա կառավարել, իսկ չերքեզներին, որոնք կաբարդիններին ազգակից ժողովուրդ են, միացրել է կարաչայների հետ: Մի կողմից բաժանել են ինքնությամբ մոտիկ ժողովուրդներին, մյուս կողմից՝ միավորել ինքնությամբ և համակրաքներով տարբեր ժողովուրդների: Մինչև նրանք իրենց ներքին պրոբլեմներով կզբաղվեն, վերևի կառավարիչների գործը կհեշտանա: Մի խոսքով, այսօրվա քարտեզը քաղաքական պլանավորման, տեսլականի կառուցման արդյունք է: Պլանավորման, որն ազդում է ժողովուրդների ու մարդկանց ճակատագրերի վրա:
Անուշը լուռ էր: Գիշերվա մթության մեջ նոր սկսել էր տեսնել ու հիմա, աչքերը լայն բացած, նայում էր շարված ու շարվող մեքենաների համարանիշերին՝ հայկական, վրացական, ադրբեջանական, ռուսական: Մեքենաները գալիս էին ու գալիս: Թևը շարունակում էր մզմզալ: Բացեց պայուսակը: Մեջից մի տոպրակ հանեց, բացեց ու սկսեց ուղեկիցներին հյուրասիրել.
– Իմ սարքած չիրն ա: Կերեք: Իմ ձեռով եմ սարքել: Ճիշտ ա՝ Ռուսաստանի մրգերը Հայաստանի պես քաղցր չեն, բայց դե թթվաշ ա, լավն ա:
Վարորդը վերցրեց: Լևոն Սերգեյիչն էլ: Դիմացի անթրաշ ուղևորը դրսում ծխում էր: Լևոն Սերգեյիչի կողքինը ջահել տղա էր: Անհանգիստ էս ու էն կողմ էր քայլում: Անուշը նրան պարզեց չրով տոպրակը.
– Տղա ջան, փորձի՛, իմ սարքածն ա:
Երիտասարդն ամաչկոտ նայեց Անուշի պարզած տոպրակին և մի չիր վերցրեց:
– Շատ նիհար ես, տղա ջան, կե՛ր, որ վրեդ մի քիչ միս գա,- չփչփոցով ծամելով՝ ասաց Անուշը:
2.
Ծմակ տեղ էր, կածանը վազում էր ներքև, ինքը՝ կածանի հետևից: Հողը խոնավ էր, կոշիկները՝ ցեխից ծանրացած: Վազում էր, ընկնում, վեր կենում: Հասավ կածանի ծերը: Խորը անտառ էր, ծառերի արանքից վերջը չէր երևում: Նստեց՝ շունչ առնելու: Հը՞: Մութն էսա կընկնի, իսկ ինքը ճամփան չի գտնում: Ախր էս անտառը հինգ մատի պես գիտի: Էն էրեխա-աղջիկ ժամանակ ինչքա՜ն ա ստեղ կրմնձուկի, մոշի, հոնի ու տանձի էկել: Ամեն քոլն ու ծառը, ամեն առուն ու բացատը ծանոթ ա: Շունչը տեղն էկավ: Քրտինքը վրան էր տվել ու հիմա սառում էր ծառերի շվաքում: Ոտքից-գլուխ ցեխի ու քրտնքի մեջ կորած էր: Ծառերի տերևները քամուց սվսվում էին: Ձեռքը մեկնեց, որ մի փայտ վերցնի, մահակ սարքի ու կածանն ի վեր հետ գնա՝ ճամփան գտնելու: Փետը խրվեց ցեխի մեջ ու դուրս չի գալիս: Իրեն կորցրած դեսուդեն ա նայում: Իրա կածանն ա, իրա անտառը: Մերն ու հերը հիմա տանն իրար են տվել ու Անուշին են սպասում: Հերը երևի մի լավ կոնծել ա, տղերքին տանից դուրս արել, մորը ծեծել՝ թե մի աղջիկ չես կարում կարգին դաստիարակես, առավոտից գնացել ա անտառը, մութն էսա վրա կտա, դեռ չկա, մնացինք իրա մոշի հույսին, դրա ծախելու ժամն էլ անցավ: Վա՛յ գիտի՝ մերը, շունչը պահած, մի անկյունում կուչ էկած, անիծում ա էն սհաթը, երբ Անուշին մեն-մենակ անտառ ուղարկեց: Իսկ Անուշը հիմա ցեխերի մեջ, աչքն արևի շողին, կանաչ տերևներին, ճամփեն մոռացել ա: Մանկության պատկերները խառնվել են իրար։ Ինքը կորել ա ժամանակների մեջ: Չի հասկանում՝ ու՞ր ա, ե՞րբ ա: Թևում ուժ չկա, որ էդ անտեր փետը պոկի, մահակ սարքի: Թևն ուզում ա բարձրացնի, չի բարձրանում:
– Տիկի՜ն, տիկի՛ն…
– Հը, վա՜յ-վա՜յ-վայ՜-վա՜յ, մամա՜ ջան:
– Տիկի՛ն, տիկի՛ն, հը՜մ, տիկի՛ն Անուշ:
Էս ու՞ր ա: Քրտինքը վրան սառել ա: Թևը քաշում են: Ու՞ր ա թևը: Թևը չի գտնում: Կորցրել ա: Կողքի կոկիկ տղամարդն ա թափ տալիս:
– Տիկի՛ն Անուշ, ինձ լսո՞ւմ եք:
– Հա՜… էս որտե՞ղ եմ: Թևս որտե՞ղ ա:
– Մենք Ռուսաստանում ենք՝ Հյուսիսային Օսիայի սահմանին: Կեսգիշերից այստեղ կանգնած ենք, որովհետև առաջ գնալ չեն թողնում: Ձեր աչքը մի պահ կպավ: Երևի վատ երազ տեսաք: Երազում խոսում էիք, գոռում՝ մա՛մ ջան, մա՜մ ջան, թև՜ս, թև՜ս:
– Թև՞ս… Հա՜… վաայ…- աջ թևը մնացել էր գլխի տակ: Ուռել էր: Մի կերպ ուղղեց: Ցավին գումարվել էր նաև թմրածությունը: Ձեռքը չէր զգում,- իսկ հիմա ժամը քանի՞սն ա:
– Առավոտյան վեցի կողմերը:
Երկնակամարն արդեն կարմրել էր, ու գիշերով հազիվ ուրվագծվող մեքենաները հիմա հստակ երևում էին: Անուշը բացեց դուռը՝ առավոտվա թարմ օդին կարոտ: Արևակարմրի հետ մեքենա մտավ միզա-բենզինա-սիգարետահոտ մի իրողություն: Մեքենաների ծայրը չէր երևում: Հա եկել ու եկել էին, գիշերը ճանապարհին լուսացրել: Զուգարան չկար, ու մարդիկ կարիքները ճամփեզրերին էին հոգացել: Մեզի հոտն այնքան սուր էր, որ հաղթում էր բոլոր մյուս հոտերը: Անուշը զզվանքով դուրս եկավ մեքենայից: Կանգնեց, ուղղվեց ու հասկացավ, որ երազի քաշող ցեխը միզելու ցանկությունն էր: Լավ ա տակը չէր արել: Էդ մտքից արևածագի գույն դարձավ: Սկսեց տեղ փնտրել` միզապարկը դատարկելու համար: Ճանպարհին կանգանծները միայն տղամարդիկ էին: Կանայք մեքենաներից դուրս չէին գալիս: Դրանց գործը հեշտ ա. մեջքները քո կողմ են անում, ցիցը հանում ու ջրում ճամփեզրերը: Հատկապես գիշերով սկի չեն էլ նկատի: Բա ինքն ի՞նչ անի: Սկի մի թփանման բան էլ չկա: Որտե՞ղ պպզի: Ո՞նց պպզի: Էն անտեր իննսնականներին էր: Ինքն ու մարդը Շիկահողի գյուղերում առևտուր էին անում: Առևտուրը ո՞րն ա: Ապրանքափոխանակություն: Բանկա էին տանում, տեղը մթերք վերցնում, Ղափանում ծախում: Տենց մի ամբողջ տարի ընտանիք պահեցին: Էդ օրը գյուղից ուշ դուրս եկան: Կեսգիշերով քանդուքարափ անտառի ճամփա էր, ինքն ու մարդը՝ իրանց հին վիլիսով:
– Ցավդ տանեմ, ստեղ պահի, մեռնում եմ, էլ չեմ դիմանում: Էսա կպայթի:
– Այ կնի՛կ, էս գիշերով, էս անտառ տեղը պահեմ, որ գելի փայ դառնա՞նք:
– Չեմ կարում: Տակս կանեմ: Պահի մի վայրկյանով դուս գամ:
Մի ժամ էդ մասին էին խոսում: Վերջը պահեց: Անուշն իջավ, մտավ ծառերի մեջ: Հազիվ էր պպզել, երբ իրենց մեքենան տեղից ուժեղ պոկվեց ու գնաց: Չիշիկի կեսը վրան թափեց։ Առանց տրուսիկը նորմալ բարձրացնելու՝ յուբկան իջեցրեց ու վազեց ավտոյի հետևից: Էլ ի՞նչ: Ավտոն անհետացավ հեռվում, ինքը մնաց մեն-մենակ անտառում: Տենց թաց շորերով, արցունքն աչքերին, շվարած, վիրավորված, նվաստացած մնաց կանգնած ճամփի մեջտեղում: Ավելի նվաստացած երևի մեկ էլ երեսուն տարի առաջ էր եղել: Ղափանում տեխնիկումի ուսանող էր: Ընկերուհիներով կինո էին գնացել: Վերադարձին ուշ ու մութ էր, երբ ապագա ամուսինն իր համագյուղացիների հետ Անուշին փախցրեց: Մեքենան կանգնեց, արագ չորս հոգով դուրս եկան, Անուշի ոտուձեռը բռնեցին, ու մինչև ընկերուհիները հարայ-հրոցը կդնեին, խցկեցին մեքենայի մեջ: Հետո չոր ցիցն էր, որն էդպես էլ չտեսավ, բայց որից ներսում ամեն բան մեկընդմիշտ պատռվեց, քանդուքարափ եղավ: Ամոթից, ցավից, նվաստացումից երկու շաբաթ ուշքի չէր գալիս: Սենյակում փակված ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, ո՛չ խոսում: Ներսն ու դուրսը վերք էր: Թե ոնց էդ վերքը միջից ջնջեց, հանեց, մոռացավ, ինքն էլ չգիտեր: Բայց էդ գիշեր անտառում չիշիկի ու արցունքի աղը վերքը բացեց, ու մրմուռն էլի կերավ Անուշին: Սուտ ա: Չի անցնում: Դու հա ծալի, պուճուր, աննշան կետ դարձրու ու կոխի ուղեղիդ ամենամութ, ամենահեռու կորած անկյունը: Ջնջի, կարի-կարկատի, շուլալի-բլանդի, մաքրակար արա, սպիացրու, չորացրու, մոռացի: Լույսը վրան անջատի, աչքերդ փակի, չտեսնելու տուր, կյանքդ ապրի, կողքով անցի-գնա, տասրոպեանոց սեքսդ արա, չոր ցիցը քեզանով թացացրու, մարդուդ կատակներից ծիծաղի, էրեխեքովդ ուրախացի, կյանքի լուսումութը վայելի: Մեկ ա, էդ մութ անկյունում տապ մտած՝ սպասում ա հարմար առիթի, որ բացվի, լերդացած արյունն ու թարախը հանի, կյանքդ թունավորի: Ու ո՜նց ա մրմռում, ո՜նց ա մղկտում: Հոնգուր-հոնգուր, աղի-աղի, մեծ- մեծ: Հենց հիմա իրա աչքի առաջ ուղեղի խորը ծակից դուրս եկավ, մեծացավ ու էս պահին ամբողջ գլուխն ու մարմինն էդ հին, քսանամյա վիրավորանքն ա՝ ցավը մեջը մնացած, չծլած-չծաղկած, մտովի աբորտ արած, տասիննամյա որդու տեսքով իր տան ճրագ-սերմը: Հետո պատահական մեքենա էր: Համագյուղացի դուրս էկավ: Ի՞նչ հորիներ: Էդ գիշերվա կեսին ո՞նց ա մեն-մենակ հայտնվել անտառում: Մինչև ինքը հորինում էր, մեքենան կանգնեց: Դիմացը լույս-լույս էր: Իրենց վիլիսի ֆառերն էին: Հետ էր եկել: Իջավ մեքենայից: Ծիծաղում էր. «Մտքով էի ընկել, ինձ թվաց Անուշն արդեն նստել ա, քշեցի-գնացի»:
Սաղ ճամփեն լուռ էին: Պոչամբարի մոտ Անուշն արդեն ծիծաղում էր: Զրնգուն, թաց, աղի ծիծաղում էր:
Իսկ էստեղ ո՛չ անտառ կա, ո՛չ ծառ, ո՛չ էլ մութ ա: Արդեն ահագին քայլել էր: Վերջապես մեքենաների շարասյունը վերջացավ: Մի քիչ էլ գնաց: Ճամփեզրին մի երկու թուփ երևաց, թփերի հետևում՝ թափառական, քոսոտ շուն: Քարն առավ, շանը քշեց, պպզեց՝ աչքը մայրուղուն, որ հանկարծ մարդ-մուրդ չերևա: Հապշտապ շորերը բարձրացրեց, վեր կացավ, թեթևացած շունչ քաշեց: Չէ՛, թևի ցավը չէր կտրվում:
3.
– Նոր Երևան խոսեցի: Մերոնք ինտերնետով նայել են: Պարզվում է՝ Կազբեգի գլխի ձյուն-սառույցը պոկվել, էկել-հասել է գետին, գետը վարարել է, ափերից դուրս եկել ու ճանապարհը վրացական պոստի հետ քշել-տարել: Ասում են, որ մոտակա ժամերին պարզ կդառնա, թե որքան ժամանակում կարող են երթևեկը վերականգնել,- ասում էր Լևոն Սերգեյիչը:
– Բա ի՞նչ ենք անելու,- հարցրեց Անուշը:
– Դե մի քիչ հետ քշենք, մի տեղ ծառերի տակ կանգնենք, սպասենք, տեսնենք՝ ինչ ա լինում,- ասաց վարորդը:
Մյուս երկու ուղևորներն էլ համաձայնեցին: Այլ տեղեկություններ չկային: Շարված մեծ ու փոքր, մարդատար ու բեռնատար մեքենաների թիվն արդեն հարյուրների էր հասնում: Ճանապարհին կանգնած վարորդներն ու ուղևորները ճամփեզրի կրպակներում սուրճ ու թեյ էին խմում, սեմուշկա չրթում ու քննարկում անելիքները: Նրանք, ում համար իրավիճակը նորություն չէր, հնարավոր ելքեր էին առաջարկում: Իրենց վարորդը գնաց հաճախակի երթևեկող ֆուրերի վարորդների հետ զրուցելու: Վերադարաձավ առանձնապես աննորություն:
– Անցակետում ասել են, որ հիմա իրավիճակն են գնահատում: Մի քանի ժամից նոր պարզ կլինի, թե ինչ ծավալի աշխատանքների կարիք կա և որքան կտևի: Ամենաբարդը ֆուրերի վիճակն ա, հատկապես սահմանի մյուս կողմում. թարմ, արագ փչացող գյուղմթերք են բերում:
Երբ հետ էին քշում, նկատեցին, որ ադրբեջանական, վրացական ու ռուսական համարանիշերով մեքենաներ էլ գրեթե չկան: Միայն հայկականներն էին մնացել:
– Իրանք ալտերնատիվ ունեն: Դաղստանով կգնան՝ ով Ադրբեջան, ով Վրաստան: Մենք ենք, որ էս մի մազից ենք կախված: Ու ամեն վայրկյան մազը կարա վաբշե կտրվի,- ասաց վարորդը:
‑ Վերջը աչքովս տեսա, թե գործնականում Եվրազեսը ոնց ա աշխատում: Մի օր, թե վրացիները որոշեն Լարսը փակել, մենք լրիվ գերի ենք մնում: Ռազմավարական գործընկերոջ հետ միակ կապը 18-րդ դարին գցված военно-грузинская дорога-ն[2] ա,- խոսեց Լևոն Սերգեյիչը:
– Նովոռոսիյսկից պառոմով կարանք Փոթի գնանք,- առաջին անգամ խոսակցությանը միջամտեց դիմացի անթրաշ ուղևորը,- ես մի անգամ տենց եմ գնացել: Լարսն էլի փակվել էր, խոպանի սեզոնը պրծել ու պտի տուն գնայի: Հետն էլ՝ իմ ավտոյով: Էդ տարի գործերս լավ էին, տղուս համար ավտո էի առել: Բայց իմ հիշելով՝ էդ պարոմն ամեն օր չի լինում, հետն էլ էժան չի, ու Լարսը որ փակվում ա, գներն ավելի են թռնում:
– Ախպեր ջան, բերանդ խերով բաց,- ծխախոտը պատուհանից դուրս շպրտելով՝ ասաց վարորդը,- ես ստեղ էդքան մնացողը չեմ:
– Ահա Կովկասն իմ ոտքի տակ, ես՝ մեն մենակ վերևում… Էստեղ ծառեր են երևում, չկանգնե՞նք,- հարցրեց Լևոն Սերգեյիչը:
Կանգնեցին, իջան: Ով ինչ ուներ հանեց: Մինչ տղամարդիկ քիչ հեռվում կարիքներն էին հոգում ու հետո ծխում, Անուշը դաշտի սեղան գցեց: Վարունգը հավեսով կտրատեց: Խաշած հավից հոտ քաշեց, ստուգեց, հետո կտրատեց: Պանիրը բացեց: Լավաշ, հաց: Մի խոսքով, սիրուն, իրա ղայդի տնավարի համով սեղան ստացվեց՝ ֆոլգայով աղը, էփած կարտոլը, կանաչին էլ հետը: Տղամարդկանց կանչեց: Նստեցին, սկսեցին ուտել:
– Արաղն ա պակասում,- ասաց խոպանչին:
Անուշը նայեց խոպանչուն: Մոտեցավ մեքենային, վարորդին խնդրեց բագաժնիկը բացել: Հանեց տռզած վանդակավոր ճամփորդական պայուսակը: Բացեց ու դրած տեղից հանեց հանքային ջրի շիշը:
– Վեկա՛լ, իմ քաշածն ա: Հոն ա:- Որդու համար էր դրել: Ոչինչ, մի շիշ էլ կար:
Մի-մի բաժակ քցեցին: Կարմրեցին: Կյանքը թեթևացավ: Միայն երիտասարդը բան չէր պատմում: Սուս-փուս ուտում էր: Արաղին սկի չկպավ:
– Տղա՛ ջան, խմի՛: Սաղ լավ ա լինելու:
– Ի՞նչն ա լավ լինելու,- հարցրեց երիտասարդը:
– Ինչի մասին հիմա մտահոգվում ես,- միջամտեց Լևոն Սերգեյիչը,- կյանքն ամեն բան իրա տեղն ա դնում: Կյանքն էս ճանապարհի պես լայն ա, կարևորը՝ սիրտդ լայն պահես: Երբ քո տարիքին էի, համալսարանի ընդունելության քննություններից կտրվել էի, ու աշխարհն աչքիս սև էր:
– Հա՛: Ես էլ եմ էդ ասում, Լևոն Սերգեյիչ ջան,- տաք-տաք խոսեց Անուշը,- Էն ա, ես ստեղ նեղվում եմ, ընդեղ՝ մոռանում: Կյանքը սիրուն ա: Կյանքն իրանն ասում ա: Ջահելներն էդ չեն հասկանա: Ո՞նց բացատրեմ: Քառասուն տարեկանում կույր աղիքի սուր պրիստուպով տարան հիվանդանոց: Նենց վատ եմ: Կանաչել եմ: Փորս՝ լիքը թարախ: Բժիշկները հեչ հույս չէին տալիս: Ես էլ, ամոթ չլինի ասելը, յոթ ամսական հղի: Օպերացիան արին, պրծան: Տաքությունս չի իջնում: Շլանգները վրես կպցրած՝ բոքսում պառկած եմ: Սիպտակ խալաթավորները գալիս նայում են, գլուխները տմբտմբացնում, գնում: Մեկը մի մարդավարի բան չի ասում: Պառկած եմ: Վառվում եմ: Ներս ու դուրսս պաժառ ա: Մտածում եմ՝ էս աշխարհին ո՞նց հրաժեշտ տամ: Էն ա ամեն բան աչքիս առաջով անցնում ա: Լավն ու վատը: Վատը սկի չի անցնում: Ես վատը միշտ մի խորը տեղ եմ քցում, որ չտենամ: Էդ մոմենտին էլ վաբշե իրա մասին մոռացել եմ: Աչքիս առաջ սիրուն տղեքս են, տունս-տեղս, իմ ձեռով մաքուր քաղհանած այգիս, ձմեռվա լոբով ճաշիս հոտը, գարնան առաջին ժենգյալը, բալկոնում փռած չրերն ու թթու լավաշը: Բա հմի ես էս սաղ էլ չե՞մ տեսնելու: Տենց բան ո՞նց կլնի: Հետո նենց վատ եմ, որ աչքիս էլ պատկեր չկա: Բան չի էրևում: Մի խոսքով, տղուս ասեմ, մի քանի օր անգիտակից պառկել եմ: Էդ ինձ հետո են ասել, ես բան չեմ հիշում: Էդ օրն առավոտը, որ աչքերս բացեցի, աչքս ընգավ պատուհանին: Թթի ծառ էր: Դուզ պատուհանի տակ: Կանա՜չ, կանա՜չ: Արևը տերևների մեջ խաղ էր տալիս: Քամին ճյուղերը խփում էր պատուհանին, ու էդ ծառը ոնց որ ինձ կանչեր, ասեր՝ Անո՛ւշ, քո վախտը չի: Էդ ծառի տերևն ուզեցի, էդ տերևի ամեն երակը տեսա, էդ տերևի հոտն առա, ու էդ ծառն ինձ փրկեց, էդ ծառն ինձ էն աշխարհից հետ բերեց: Տղա՜ ջան, ասածս էն ա, որ էդ ծառն ա կյանքը, էդ կանաչն ա կյանքը, կյանքը դու ես, ես եմ, էս ճանապարհն ա, արյունդ խաղացնող էս արաղն ա:
Երիտասարդը շփոթված Անուշին էր նայում: Լևոն Սերգեյիչն էլ: Անուշը վեր կացավ, փեշերը թափ տվեց:
– Ինձ խմելը հակացուցված ա: Խմում եմ ու սկսում կյանքս պատմել,- կչկչալով ծիծաղեց,- տղա՜ ջան, էդ կանաչ ծառի շնորհիվ ծնված որդուս տարիքին ես: Ասածս էն ա, որ մտածես-չմտածես, լավ ա լինելու: Դու սովորի ամեն ինչի կանաչը տեսնել:
Սկսեց արագ-արագ «սեղանը» հավաքել: Խոպանչին ու վարորդն առանձնացած ծխում էին: Լևոն Սերգեյիչն ուշադիր Անուշին էր նայում:
4.
Երբ վերադարձան անցակետ, արդեն միայն հայկական համարանիշներով մեքենաներն էին մնացել: Անցակետի մոտ բրեզենտից մեծ վրան էր խփած: Երկու սպիտակ 07 էր կանգնած՝ վրան МЧС[3]-ի նշանը: Մեքենաների դիմաց МЧС-ի ֆորմայով մեկն ОРТ[4]-ին ինտերվյու էր տալիս իրավիճակի մասին: Հայտնում, որ իրենք այդտեղ են, վրան են խփել, որ մարդիկ մտնեն ներս, նստեն, հանգստանան, արևից պատսպարվեն, թեյ ու սուրճ ստանան: Անուշը վրանից ներս մտավ: Դատարկություն էր: Ոչինչ չկար: Դատարկ վրան՝ կեղտոտ ասֆալտի վրա: Ու միզահոտ: Էդ ա: Տելեվիզրով մի բան են ասում, սիրուն նկար ցույց տալի, իսկ իրողությունն ուրիշ բան ա: Իր համար դա հո նորությո՞ւն չի: Էն սովետի վախտով, որ կոմբինատում աշխատում էր, իրանց մասին պուպուշ-սիրուն հաղորդումներ էին անում: Իսկ իրանց տարին էրկու անգամ բուժզննման էին տանում: Ամեն առավոտ կաթ տալիս: Ու կանանց կրծքերը հերթով կտրում: Առաջինն իրա հարևան Ռիման էր: Հիսունը նոր էր լրացել, որ էդ բանն ասին: Մեծ-մեծ, սիրուն կրծքեր ուներ: Ինքն էլ փարթամ, շարմաղ, աղուհացով, անող-դնող կնիկ էր: Աջը Էրևան կտրեցին: Աջն է՞ր, թե՞ ձախը: Մի քանի ամսից հետ էկավ Ղափան, ասեց՝ կոմբինատի կարիք էլ չունեմ. քիմիայիս դոզան մնացած սաղ կյանքիս կհերիքի: Հաշմանդամության կարգ դասավորեց, թոշակի անցավ: Հետո հերթով. որը կանացի, որը կուրծք, որն էլ շատ գիտեմ՝ ինչ: Հիմի՝ ով սաղ, ով՝ մեռած: Բայց հո Մասկվան ու Էրևանը կոմբինատը նե՜նց նկարում էին, նե՜նց ցույց էին տալիս՝ վպերեդի պլանետի վսեյ: Մի անգամ ինքն էլ ինտերվյու տվեց: Որպես պերեդավիկ: Լավ օրեր էին: Աղջկերքով կչկչալով ծիծաղում էին, հավեսով աշխատում: Ո՜ւֆ, բա էս պալատկում մի տեղ չլիներ՝ նստեր շվաքին, կոֆե խմեր:
– Տիկի՛ն Անուշ,- Լևոն Սերգեյիչն էր,- մենք որոշեցինք էլ չսպասել: Արդեն հստակ է, որ մոտակա տաս օրը Լարսը չի բացվի: Մի էդքան աշխատանք կա անելու: Վարորդն ասում է, որ մեզ կարող է հետ տանել Սոչի: Ինքն էնտեղից պարոմով փորձելու է Բաթում գնալ: Բայց ես ուզում եմ Մինվոդի-Երևան ինքնաթիռի տոմս գնել ու ինքնաթիռով վերադառնալ:
– Վա՜յ: Բա թոռանս քեֆը: Բա ի՞նչ եմ անելու: Ես կարա՞մ սամալյոտով գնամ:
– Ինքնաթիռի տոմսերն արդեն թանկացել են: Տեղերն էլ սահմանափակ են, ու մոտակա երկու թռիչքը ամբողջովին վաճառված է: Վաղը չէ մյուս օրվա համար դեռ տոմս կա: Թանկ, բայց կա: Եթե դրամի հետ կապված խնդիր չունեք, կարող եմ օգնել տոմս գնելու հարցում: Կարող ենք ինտերնետով գնել:
– Իմ պրոբլեմը ուրիշ ա: Լևոն Սերգեյիչ ջան, դու կրթված մարդ ես, ինձ կարաս օգնես…. Ուրեմն, ես թղթերի պրոբլեմ ունեմ: Ըմմմ… Ո՞նց ասեմ: Դե մարդուս հետ էկանք Սոչի ու տենց մնացինք: Էն վախտ ո՞վ էր թուղթ-մուղթ բանի տեղ դնում: Հմի, որ էս փոփոխություններն էղան, պետք ա ներկայանանք… Վերջը, որ պտի քեֆին գնայի, ինձ ասին՝ գնում ես կոնսուլի մոտ, ասում՝ թղթերս կորցրել եմ, թազա թուղթ կտա քեզ, դրանով կարաս Լարսով հանգիստ գնաս Հայաստան, հետո էլ հետ գաս:
– Ե՞վ:
– Դե անցած շաբաթ գնացի կոնսուլի մոտ: Ես էլ միամիտ կնիկ: Մտա մոտը, ու թե՝ ինձ ասել են, որ ձեզ ասեմ, որ թղթերս կորցրել եմ: Ասի ու հենց ըտեղ հասկացա, որ սխալ բան եմ ասել: Բախտս բերեց, կոնսուլը հասկացող մարդ էր, ժպտաց, բայց վերջը թղթերս սարքեց, տվեց: Հմի ինձ ասել են, որ Լարսով գնալը հեշտ ա, բայց սամալյոտով կարող ա պրոբլեմ ունենամ:
– Կարո՞ղ եք հյուպատոսի տված թղթերը ցույց տալ:
– Հա, ավտոյում ա, սումկիս մեջ:
Վրանից դուրս եկան: ОРТ -ին նոր լրատվամիջոցներ էին ավելացել: Մոսկվա-Երևան մեծ իկարուսի մոտ գորշ կուտակում էր: Ոնց որ ագռավների խումբ: Մեկ էլ, հո՛պ, ագռավների պես թռան տարբեր կողմեր: Գոռգոռոց, կարճ մազեր, անթրաշ դեմքերը, արյան շիթեր, արանքներում էլ՝ ճվճվացող պերեկիսագլուխ կաչաղակ: Լևոն Սերգեյիչն Անուշից ներեղություն խնդրեց ու գնաց դեպի ագռավների խումբը: MЧС-ականներն էլ կամեռաները թողեցին ու գնացին նույն ուղղությամբ: Ոստիկններն էլ խառնվեցին: Ագռավներին ցրեցին, կաչաղակին կանայք մի կողմ տարան, տուշամատիտախառը դեմքը սառը ջրով լվացին, ջուր ու կապլի տվեցին, պարզվեց՝ ճնճղուկ ա: Էլ շատ չխորացան եղելության մեջ: Ամեն մեկն իր ուղղությամբ գնաց:
– Լի՛րբ, փչացա՛ծ, բո՛զ,- իկառուսի միջից շարունակում էր գոռգոռալ մի հաստավիզ տղամարդ:
Ճնճղուկի դեմքին շպարն էնքան շատ էր, որ տարիքը չէր երևում: Բայց հյուծված, նիհար, ոսկրոտ մարմին ուներ ու շատ երկար, բարակ մատներ: Էդ բարակ մատներով ծխախոտ կպցրեց: Անուշը մեքենայից բերեց թթի արաղը, բուդկից բաժակ խնդրեց, բերնեբերան լցրեց ու մեկնեց կնոջը:
– Վեկա՛լ, խմի՛, կապլիից լավ ա օգնելու:
Կարմիր շրթներկի տակից երևացին արյունոտ ատամները: Ուրեմն բերնին մեկը հասցրել էր: Բարակ մատները վերցրին արաղը: Մի շնչով կուլ տվեց:
– Մերսի:
Անուշը վերցրեց բաժակը, մի հատ էլ լցրեց: Ճնճղուկն էլի անձայն խմեց:
– Արի՛, մեր ավտոյում նստի:
– Չէ, մորքուր ջան, չեմ ուզում: Էսա կհանգստանա: Տենց ա միշտ: Խանդոտ ա: Էս անգամ պատճառը դեմիս ջահելն էր: Իրան ուտելիք առաջարկեցի:
– Ոչինչ: Ուրեմն սիրում ա: Մա՞րդդ ա:
– Մարդս ա,- արձակելով ծխախոտի ծուխը՝ դառնաժպտաց ճնճղուկը:
– Բայց շատ հյուծված ես, վայ թե շատ ա նեղացնում:
Ճնճղուկը լուռ էր: Ծխում էր: Ոտը ոտին գցած: Մոտեցավ Լևոն Սերգեյիչը:
– Ինչպե՞ս եք:
– Լավ,- ծխեց կինը:
– Պետք չի բռնությունը հանդուրժել:
– Հա,- ծխեց կինը:
– Ելք միշտ կա:
– Հա,- կրկին ծխեց կինը,- բայց դու ստուց գնա, որ բռնությունը չգա,- ասեց Սերգեյիչին:
– Ճիշտ ա ասում, Լևոն Սերգեյիչ ջան: Դու գնա: Տղամարդ ա, կխանդի, լավ բան դուրս չի գա,- միջամտեց Անուշը:
– Լավ: Խնդրում եմ՝ ինձ միայն ասեք, ուզո՞ւմ եք ինքնաթիռի տոմս, թե՞ ոչ:
– Դու գնա ավտոն, ես էսա կգամ:
Սերգեյիչը գնաց: Ճնճղուկը թե.
– Սամալյոտով գնալու վարիանտ կա՞:
– Հա՛, բայց թանգ ա:
– Մերս շատ հիվանդ ա: Պտի էսօր-էգուց հասնեմ: Կարա՞ս օգնես՝ վեշերս ավտոբուսից նենց հանեմ, որ էնի չտենա:
– Որտե՞ղ ա: Բագաժնիկո՞ւմ:
– Չէ, նստատեղիս տակ: Մի պուճուր սումկա ա:
– Բա ո՞նց կլնի: Չենք կարա նենց վերցնենք, որ չտենա:
– Արի, ես իրան ավտոբուսից հանեմ, դու գնա վերցրա:
Համաձայնվեցին: Ճնճղուկը վերցրեց Անուշի շշով արաղը, բուդկի տված բաժակն ու գնաց հաստավզի մոտ: Քֆուրների տարափը բանի տեղ չդնելով՝ նստեց գոգին, բաժակը լիքը արաղ լցրեց ու մեկնեց սրան: Վիզը գրկեց: Սիգարետ կպցրեց: Մի հատ ինքը քաշեց, հետո դրեց մարդու բերանը: Հետո գրկախառնված դուրս եկան ավտոբուսից՝ կանանց ու տղամարդկանց դատապարտող հայացքների տակ: Գնացին ուղիղ դեպի դատարկ դաշտ՝ ման գալու: Անուշը մտավ ավտոբուս, նստարանի տակից վերցրեց պայուսակն ու իջավ: Երբ զույգը վերադարձավ, Անուշն արդեն իրենց մեքենայում Լևոն Սերգեյիչին թղթերն էր ցույց տալիս:
– Կարծում եմ՝ կարող եք ինքնաթիռ նստել: Հետո էլ հետ վերադառնալ: Խնդիր չի լինի: Նորմալ էլ թղթեր են սարքել,- ասաց Սերգեյիչը:
– Վաա՜յ: Մաղարիչ ունես, Լևոն Սերգեյի՛չ ջան: Բա էդ տոմսը ո՞նց կարանք առնենք: Էն քածն էլ ա վայ թե ուզում սամալյոտով թռնի:
– Բայց ինչո՞ւ քած:
– Դե բա քածություն ա անում: Գնաց էն մարդու վզով ընգավ: Սաղի աչքի առաջ: Բայց դե խիղճս տանջում ա: Մեղք ա, ասում ա՝ մերը լավ չի, պիտի շուտ հասնի:
Մեքենայի Երիտասարդ ուղևորն անհանգիստ դեսուդեն էր անում:
– Տղա՜ ջան, ինչո՞վ կարող եմ օգնել,- հարցրեց Լևոն Սերգեյիչը:
-Հե՛չ,- երիտասարդն ակնհայտորեն շփոթված էր: Արագ քայլքով հեռացավ մեքենայից:
– Владей Кавказом, владей Востоком,[5] ու էսպես մինչ օրս,- քթի տակ խոսում էր Լևոն Սերգեյիչը,- բա չէ, մեր նման, լավագույն դեպքում ինչ-որ կորած-մոլորած Արարատ Ավստրալիայում կամ Ամերիկայում, էն էլ, վայ թե, անունը մեզ հետ սկի կապ էլ չունի: Թե՞ Տիգրանակերտ: Դժվար է ապրել Հայաստանում ու կլաուստրոֆոբիա չունենալ:
– Հը՞, Լևոն Սերգեյիչ, բա՞ն ես ասում:
– Ո՛չ, ո՛չ: Տեսեք, կինը գալիս է: Տեսնենք ինչո՞վ կարող ենք օգտակար լինել:
Ճնճղուկը մոտեցավ իրենց մեքենային:
– Խմցրի-քնցրի: Վեշերս ո՞ւր են:
– Ստեղ ա:
– Բա ձեր ավտոյում տե՞ղ կա, ինձ կարա՞ք հետներդ այրապորտ տանեք:
– Հիմա վարորդը գա՝ հասկանանք,- ասաց Լևոն Սերգեյիչը,- բայց սվյազնոյով նայել եմ, ամենամոտ թռիչքը, որի բոլոր տոմսերը դեռ վաճառված չեն, երկու օրից է, գինն էլ կրկնակի՝ տաս հազար ռուբլի: Պատրա՞ստ եք այդքան վճարել և Մինվոդիիում մնալու տեղ ունե՞ք:
– Վո՜ւյ, հողերս գլխներին: Էրկու օ՞ր: Լևոն Սերգեյիչ ջան, մի հատ նայի էլի, կարո՞ղ ա գոնե մի տեղ վաղվա համար վարիանտ կա: Ախր թոռս բանակ ա գնում: Ախր ո՞նց բացատրեմ: Էդ էրեխեն նոր էր ծնվել, հերը գնաց Ամերիկա: Զոռով դասավորեցինք: Ապրելու հնար չկար: Գործ չուներ տղես: Ղափան ինչի ձեռ տվեց, չորացավ: Մի կերպ թղթերը սարքեցինք, գնաց: Էդ էրեխուն ես եմ մեծացրել: Հերը տասութ տարի գնացել ա, մի անգամ էլ Հայաստան չի էկել: Թղթերի խնդիր ունի: Հմի բանակ են տանում, ես ինչ իմանամ՝ ուր կընգնի: Հասկանո՞ւմ ես: Պիտի հասնեմ:
– Լավ՛, տիկի՛ն Անուշ, էսա նայեմ, տեսնեմ՝ գուցե մի բան հնարավո՞ր լինի:
Ճնճղուկը դեսուդեն էր գնում: Հեռախոսով անընդհատ խոսում ու վախեցած շուրջբոլորը նայում: Վարորդը վերադարձավ: Ոտքից գլուխ չափեց Ճնճղուկին: Սիգարետ կպցրեց: Ճնճղուկն էլ ուզեց:
– Կարա՞ս ինձ էլ վերցնես,- հարցրեց վարորդին,- վիզ պետք ա:
– Թե հետևի պասաժիռներս խտանան, մի հոգու տեղ տան՝ տանեմ, ինձ ինչ:
– Ես տեղ կտամ: Վայ թե՝ Սերգեյիչն էլ: Էն ջահել տղեն էլ ձեն չի հանում:
– Ուրեմն էսպես,- ասաց Սերգեյիչը,- վաղվա համար, բիզնես կարգի մի տոմս ա մնացել՝ քսան հազար ռուբլի, թե կվճարեք, վերցնեմ:
Անուշը բացեց պայուսակը, հանեց դրամապանակը, հաշվեց փողերը, մի հատ էլ հաշվեց, մի թղթադրամ իրեն պահեց, մնացածը մեկնեց Սերգեյիչին:
– Վերցրու, է՛ս ա:
– Առայժմ պահեք, տիկի՛ն Անուշ, ես քարտով պիտի վճարեմ: Որ գործարքն ընդունի՝ կտաք,- հեռախոսը փորփրելով՝ ասաց Լևոն Սերգեյիչը,- ընդ որում, քանի որ սենց բաներից ես գլուխ չեմ հանում ու հաշվիս վրա էլ էդքան փող չունեմ, վճարողը Երևանում գտնվող աղջիկս է: Հիմա իրեն կասեմ, որ ձեր տոմսը վերցնի: Հետո պիտի սպասենք, որ հաստատի, ու նոր միայն կվերցնեմ ձեր գումարը:
Երիտասարդը վերադարձավ դեմքի նույն արտահայտությամբ:
– Տղա՛ ջան, որ մի ավել պասաժիռ վերցնենք, չե՞ս նեղանա,- հարցրեց Անուշը:
Երիտասարդը շփոթված նայեց Անուշին, ապա Ճնճղուկին, ու գլուխը բացասաբար տարուբերեց: Հետո դիմեց վարորդին.
-Ե՞րբ ենք շարժվում:
– Էսա էն դեմի պասաժիռն էլ գա, մի հատ խոսանք, հասկանանք՝ ով որտեղ ու շարժվենք,- հերթական սիգարետը վառելով՝ պատասխանեց վարորդը:
Ճնճղուկը նստեց մեքենայի մեջ ու դուռը փակեց, պատուհանն էլ բարձրացրեց: «Վախում ա մարդը բռնացնի»,- մտածեց Անուշը: Դիմացի ուղևորը վերադարձավ: Պարզվեց, որ Պյատիգորսկից ինչ-որ հին ծանոթներ է գտել: Նրանք վերադառնում էին Պյատիգորսկ և նրան իրենց տանը մի քանի օր հյուրընկալելու պատրաստակամություն էին հայտնել, մինչև ինքնաթիռի տոմս կգներ ու այդպես Երևան կվերադառնար: Հանեց իրերը, վարորդի հետ հաշիվները փակեց, հրաժեշտ տվեց մյուսներին ու գնաց: Լևոն Սերգեյիչը նրա փոխարեն գրավեց առջևի նստատեղը: Հետևում մնացին Անուշը, երիտասարդն ու Ճնճղուկը: Շարժվեցին: Ճնճղուկը տեղավորվել էր երիտասարդի ու Անուշի արանքում: Հենց նա էլ առաջինը խախտեց լռությունը:
– Հիմա տոմսերի հարցը կլնի՞ դասավորել:
– Այո՛, իհարկե: Բայց դուք Մինվոդիում մնալու տեղ ունե՞ք: Երկու գիշեր մնալ է պետք, որովհետև մինչ այդ բոլոր տոմսերը վաճառված են կամ էլ՝ աստղաբաշխական գների:
– Ախպերս, միշտ տենց ա, հենց էս Լարսը փագվում ա, սամալյոտի գինը կրկնակի ա դառնում,- սիգարետը պատուհանից դուրս շպրտելով՝ ասաց վարորդը:
– Այրապորտում կմնամ: Մենակ թե դու տոմսի ճար անես:
– Աղջիկս ինձ համար արդեն վաղը չէ մյուս օրվա տոմս է գնել: Հիմա զանգեմ, տեսնեմ՝ տիկին Անուշի տոմսի հարցն ինչ եղավ, համ էլ խնդրեմ՝ ձեզ համար էլ ինձ հետ նույն ռեյսի տոմս գնի:
Մինչ Լևոն Սերգեյիչն աղջկա հետ էր խոսում, Ճնճղուկը թեքվեց երիտասարդի կողմը.
– Ապեր, բա դու ի՞նչ ես անելու:
Երիտասարդը թոթվեց ուսերն ու աչքերը փակեց, որ իրեն էլ հարց չտան:
– Տիկի՛ն Անուշ, ձեր տոմսը ստացվել է: Իսկ ձեր համար աղջիկս կփնտրի: Կզանգի, երբ ստացվի: Անուշն արագ բացեց դրամապանակը ու Լևոն Սերգեյիչին մեկնեց 20,000 ռուբլին:
– Կյանքումս առաջին անգամ եմ բիզնես կլասով թռնելու:
Հետո նայեց դրամապանակի մեջ ու հասկացավ, որ հյուրանոց վարձելու փող էլ չունի: Ունեցածն ամբողջությամբ ծախսել էր ինքնաթիռի տոմսի վրա, ինչ էլ մնացել էր, պետք է մեքենայի վարորդին տար, երբ Մինվոդի հասնեին: Փակեց աչքերն ու կրկին հայտնվեց մանկության անտառներում: Էս անգամ ինքն ու մայրն էին: Ցուրտ օր էր: Կովը կորել էր, գնացել էին փնտրելու: Երբ արթնացավ, տեղ էին հասել: Դրսում մութ էր: Ճնճղուկն անհամբեր փորձում էր Անուշի վրայով բացել մեքենայի դուռն ու դուրս ցատկել:
5.
Օդանավակայնի սպասասրահը լիքն էր: Ազատ աթոռ չգտան: Իրերը դրեցին մի անկյունում ու, հենց այդպես, ճամպրուկների վրա տեղավորվեցին:
– Ես ձեզ այստեղ մենակ չեմ թողնի: Ձեզ հետ կմնամ,- ասաց Լևոն Սերգեյիչը:
Ճնճղուկի տոմսն էլ էր ստացվել: Երիտասարադը տոմս չէր ուզել, բայց մեքենայի մյուս ուղևորների հետ ինքն էլ իջավ: Հետը մի փոքրիկ, թեթև ուսապարկից բացի ոչինչ չուներ: Նստեց սպասասրահի հենց հատակին: Ժամանակ առ ժամանակ մեկնող ու ժամանող ինքնաթիռների մասին խոսող անտարբեր կանացի ձայնը խախտում էր սենյակում կախված դզզոցը: Անուշը փորձում էր հասկանալ՝ էդ հոտն իր քթում ճանապարհից էր մնացել, թե՞ սպասասրահում էլ էր գերիշխում: Հոտոտեց, հոտոտեց, հետո հասկացավ, որ չնայած օդանավակայանը կարծես նոր էին վերանորոգել, օդափոխության խնդիրներ կային, և ամառվա շոգին շարունակ բացվող-փակվող զուգարանից միզահոտն անցնում էր սպասասրահ ու ներծծվում մեջդ: Պրծում չկար: Դուրս եկավ մաքուր օդի: Երբ վերադարձավ, Ճնճղուկն ուշադիր Լևոն Սերգեյիչին էր լսում:
– Ա՛յ, տեսնո՞ւմ եք, դժբախտ ազգ ենք: Սպասասրահում միայն մենք ենք: Ինչո՞ւ: Որովհետև մեր իսկ ձեռքով ինքներս մեզ բերում, նման անելանելության ենք հասցնում: Ունենք-չունենք էս մի ճանապարհն ունենք: Տարին մի քանի անգամ այն փակվում է: Քանի որ հիմա օդափոխադրող էլ չունենք, որ ինքն էլ գին թելադրի, ստիպված ռուսական ավիաուղիների գների հետ պետք է հարմարվենք: Նրանք էլ տեղում բարձրացնում են գները երկու, երեք, չորս անգամ: Գիտեն, որ այլընտրանք չկա: Թակարդ է: Վրացիներն ու Ադրբեջանցիները կարող են Դաղստանով գնալ: Իսկ մե՞նք: Ամբողջ Կովկասի աչքի փուշն ենք: Չեչեններին տարան Սիբիր, մեզ իրենց աուլներում բնակեցրին: Մազից կախված. մեր ռազմավարական դաշնակցի բարի կամքին կարոտ, տարիներով սպասումի մեջ ապրում ենք: Լարսը փակ է, թե՞ բաց: Գազ կգա, թե՞ չէ: Ատոմակայանը կպայթի, թե՞ կպլստանք: Չենք ապրում: Սպասում ենք վերջին: Նկատե՞լ եք, որ մենք չենք ապրում: Մենք շարունակ հետաձգում ենք մահը, թե՞ կյանքն ենք հետաձգում՝ չգիտեմ: Վազում ենք կյանքով՝ հոգսերի մեջ թաթախված, առանց վայելելու այն, ինչ ունենք՝ օրվա խնդիրները չլուծելով, վաղվան թողած: Սպասելով: Հիմա էլ, էս սպասասրահում միայն մենք ենք: Ու սպասում ենք: Ազգովի սպասում:
Ճնճղուկը հոգոց հանեց:
– Սաղ կյանք մորիցս փախած եմ ապրել: Ազատություն էի ուզում: Ապրել էի ուզում: Տասվեց տարեկանում ընկերոջս հետ փախա: Սամալյոտի տոմս առանք ու թռանք Մասկվա: Դպրոցը դեռ չէի ավարտել: Մամայիս զապիսկա էի թողել: Գրել էի. «Մա՛մ, ես ապրել եմ ուզում: Ստեղ շատ նեղ ա: Արմենն ինձ սիրում ա, ես էլ՝ իրան»: Վոբշըմ, տենց էկանք Մասկվա: Արմենը հինգ տարի վրես մեծ էր: Ստեղ ընգերներ ուներ: Վարձով օբշի մի տեղ էին մնում: Մի քանի ամիս մեզ ըտեղ մի սենյակ տվին, հետո գնացինք Վարոնեժ: Մի տարուց էրեխա ունեցա: Արմենին էլ խփեցին: Էրեխես քառասունքի մեջ՝ վերադարձա մորս մոտ: Մերս խանութում էր աշխատում: Բայց արդեն առողջություն չուներ: Մի քանի ամսից հասկացա, որ իրա աշխատածով յոլա չենք էթա: Էրեխուն թողի մոտը, հետ էկա Մասկվա՝ Արմենի ընգերների մոտ: Առևտրի մեջ էի: Ստեղից փող էի ուղարկում մորս, որ աղջկաս պահեր: Տենց տարիները ոնց անցան, չհասկացա: Աղջիկս դպրոցն ավարտել ա, դաժե համալսարան ա ընդունվել: Սաղ մորս շնորհքն ա: Էն, ինչ իմ համար չի կարացե անի, աղջկաս համար ա արե: Հմի մերս լավ չի: Ու սաղ կյանքս դեմս ա:
– Տղուս պես: Ես էլ իրան տասութ տարի չեմ տեսել: Էս տարի կարող ա գա: Կյանք ա: Աչքդ թարթում ես՝ արդեն մեծ մասն անցել ա, ու դու շվարած-կանգնած ես էս այրապորտում,- ասաց Անուշը:
Երիտասարդն աչքի տակով Ճնճղուկին էր նայում: Խորը հոգոց հանեց: Վեր կացավ, ուսապարկն առավ ու դուրս եկավ: Ճնճղուկը՝ հետևից:
– Կարո՞ղ ա սիգարետ ունենաս:
Երիտասարդը շփոթվեց:
– Չեմ ծխում:
– Ի՞նչ պրոբլեմ ունես: Ինձ ասա: Ես ընգած-հելած եմ, կարող ա կարենամ մի բանով օգնել:
Սև ջինսի շալվար, սպիտակ բոթասներ, կարմիր սպորտային շապիկ, սև կեպիի տակ՝ շփոթված աչքեր:
– Չէ: Բան չկա:
– Թե սամալյոտի տոմսի փող չունես, կարամ տամ: Ես քո տարիքում էս վիճակում շատ եմ էղե, ու լրիվ անծանոթ մարդիկ են ինձ օգնել: Մի լավ բան որ անում եմ, սիրտս հանգստանում ա, մտածում եմ՝ Աստված էլ մորս կօգնի:
– Չէ: Հարցը փողը չի,- արցունքները հոսեցին աչքերից:
– Արի մի քիչ քայլենք: Համ էլ սիգարետ կառնենք: Այրապորտում ամեն ինչ ավելի թանկ ա:
Քայլեցին: Ճնճղուկը չէր բզում, տղան էլ չէր խոսում: Ահագին քայլել էին, երբ երիտասարդը վերջապես խոսեց:
– Հերս մորս մի տարի առաջ թողել ա: Մերս ուկրաինուհի ա: Հերս հետը Կիևում ա սովորել: Տենց ծանոթացել, սիրահարվել, ամուսնացել են, միասին եկել Երևան: Ես եմ ծնվել: Ամեն բան շատ լավ էր: Մեր ընտանիքի պես սիրով ընտանիք ես չգիտեմ: Հերս, որ դառավ քառասուն տարեկան, ֆազերը քցեց: Էդ մարդուն ոնց որ փոխեցին: Սկսեց շատ խմել: Խմում, իրեն կորցնում էր: Սկսում փիլիսոփայել կյանքի անիմաստության մասին: Մորս էր կպնում, բողոքում, մեղադրում, թե՝ ո՛չ ջահելություն արինք, ո՛չ էլ հիմա ենք ապրում: Վերջը մեկի հետ կապվեց: Ընտանիքատեր կնոջ: Ես բանակում էի, երբ մորս թողեց ու էդ կնոջ հետ փախավ Սոչի: Էդ կինն էլ իր էրկու էրեխուն թողեց: Բանակից որ էկա, ընդունվեցի համալսարան: Վճարովի, իրավաբանական: Հերս ասեց՝ թող գա մոտս, ամառը իրա համար ծովափին մի հատ սեղանիկ կդնեմ, սուվինիր-բան կծախի, ինչ աշխատի՝ իրան ուսման վարձ: Մերս ուրախացավ: Ստեղ-ընդեղ աֆիցիանտկա ա աշխատում, ծերը-ծերին հազիվ ա հասցնում: Բարձրագույն կրթություն ունի, հաշվապահ ա, բայց իրա չիմացած հայերենով իրեն ոչ ոք գործի չի վերցնում: Կյանքում երբեք մասնագիտությամբ չի աշխատել: Մի խոսքով, տենց մայիսի վերջ էկա Սոչի: Սաղ ամառ գիշեր-ցերեկ էդ դախլն եմ աշխատացրել, հարբած հորս ստեղից-ընդեղից հավաքել: Վերջում պարզվեց՝ հերս եքա պարտք ուներ: Պարտատերերն էկան, իմ ու իրա սիրածի աչքի առաջ հորս ծեծեցին: Տենց սաղ աշխատածս թողեցի իրան ու էդ ավտոն նստեցի: Էդ էլ տենց փակվեց: Իմ բախտն ա տենց. ուր գնում եմ, չորանում ա: Բանակ տեղ ինձ ուր ուղարկեին, մի թարս բան պտի ըլներ: Վերջում դաժե պոստ չէին ուղարկում, ասում էին՝ որ օրը դու պոստ ես գնում, մի դիվերսիա, մի բան լինում ա: Էրկու տարում տաս անգամ հիվանդացա: Հետն էլ մեկը մեկից փախած հիվանդություններ՝ էլ մոնոնյուկլիոզ, կյանքում տենց բանի մասին լսած չկայի, էլ բրուցիլիոզ, էլ ո՞րն ասեմ: Էն սովորականներն էլ չեմ հաշվում: Մտածում եմ՝ ում ա պետք սենց կյանքը: Մտածում եմ մնամ ստեղ, տուն չգնամ. կարող ա մի բան ստացվի:
– Արի՛ դու ինձ լսի: Ռուսաստան սենց անկապ, առանց ծանոթի տեղ չարժի մնալ: Գլխիդ էդ պատմածներիցդ ավելի վատ բաներ կգան: Տե՛ս, ասում ես իրավաբանական ես ընդունվե: Ուրեմն խելքդ ահագին կտրում ա, ու նենց չի, որ բախտդ ամեն հարցում չի բերում: Ուզո՞ւմ ես՝ պարտքով փող տամ, սամալյոտի տոմս առ, հետ արի Երևան, հետո կվերադարձնես: Անունդ ի՞նչ ա:
– Արտյոմ: Իսկ ձե՞րը:
– Ժաննա: Լուրջ եմ ասում, Արտյոմ ջան, ինձ հավատա: Էրեխուս տարիքին ես, քո լավն եմ ուզում, արի հետ գնանք, տենանք էն Սերգեյիչը կարա՞ քո համար էլ տոմս դասավորի:
Մտան սուպերմարկետ: Սիգարետ, ջուր, մի քանի կոնֆետ առան ու դուրս եկան: Հետդարձի ճամփին լուռ էին: Սպասասրահում ինչ-որ տեղեր էին ազատվել, որովհետև բոլոր ոչ հայերն արդեն մեկնել էին: Անուշն ու Լևոն Սերգեյիչը նստել էին, երկու տեղ էլ Ժաննայի ու Արտյոմի համար պահել: Ժաննան նստեց, Արտյոմը զուգարան գնաց: Սերգեյիչն էլ սպասասրահում քայլում, մարդկանց էր խոսացնում: Անուշի աչքն էլի կպել էր:
– Վաայ, վա՜յ-վա՜յ-վա՜յ-վա՜յ,- ասում էր քնի մեջ: Թևը գլխի տակ ուռել էր: Աչքերը բացեց ու էլի երկար չէր կողմնորոշվում՝ որտեղ է:
– Թևդ ի՞նչ ա էղե,- հարցրեց Ժաննան:
– Հե՛չ: Մի քսան տարի առաջ կուրծքս կտրել են: Հմի մի տարի ա՝ էդ կտրած կողմի թևս ցավում ա: Ես էլ պրինցիպիալ բժշկի չեմ գնում:
– Բայց պետք ա գնալ,- Ժաննայի դեմքին անհանգստություն երևաց,- մերս էլ չգնաց, չգնաց, վերջը բանը բանից անցել էր: Անտերն արդեն ոսկորների մեջ էր, էլ ոչ մի բան չօգնեց:
– Ինձ կոմբինատից ուղեգրով Էրևան ուղարկեցին: Ասում էին՝ վտանգավոր բան չկա: Ապերացիայի ժամանակ բժշկին ինչ-որ բան դուր չէր էկել: Դուրս էր էկել մարդուս ասել, որ պետք ա կուրծքս լրիվ կտրի, ու որ հարազատների համաձայնությունն ա պետք: Մարդս էլ համաձայնել էր: Հետո քիմիա, ճառագայթում նշանակեցին: Առաջին քիմիայից հետո նենց վատացա՝ հրաժարվեցի: Ճառագայթումը մինչև վերջ ստացա: Չգիտեմ, ես էն վախտ էլ մի տեսակ չէի հավատում, որ մոտս ռակ ա: Հմի էլ չեմ հավատում: Ըլնելու բանը կըլնի:
Անուշն առաջինը մեկնեց: Բոլորին հրաժեշտ տվեց ու թռավ: Արտյոմը գիշերն անհետացել էր: Ոչ ոք խաբար չէր՝ էդ տղան ուր կորավ: Ժաննան ու Լևոն Սերգեյիչը ինքնաթիռում միասին էին, երբ օդանավի կապիտանը հայտարարեց.
– Առջևում ամպրոպ է։ Ես կփորձեմ հաղթահարել այն:
Եվ ինքնաթիռը մտավ կայծակի մեջ: Կես ժամից Երևանում էին:
***
16:29, 23 Օգոստոս, 2014 ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքից հետո վրացական իշխանությունները շարունակում են մաքրման աշխատանքները: Կազբեկ-Վերին Լարս ճանապարհահատվածում երթևեկության լիարժեք վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու շաբաթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Գրուզիա օնլայն» լրատվականին, այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության ներկայացուցիչը: Դարիալի կիրճին հարակից շրջանում հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքներին մասնակցող երկու մարդ՝ Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիներ, սողանքի հետևանքով անհայտ կորել են: Պետական մարմինների հաղորդմամբ՝ Թերեք գետը Ռուսաստանի Դաշնության տարածք է բերել մի մարդու դի, որը ենթադրաբար հենց Թուրքիայի կորած քաղաքացին է: Նրա ինքնությունը հստակ պարզելու համար ընթանում է փորձաքննություն: Դարիալի կիրճում ընթացող մաքրման աշխատանքներին հետևելու համար այստեղ է ժամանել Վրաստանի էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Կախա Քալաձեն: Այստեղ են գտնվում նաև մյուս նախարարները, ինչպես նաև Վրաստանի վարչապետն ու նախագահը: Նախնական հաշվարկներով սահմանային անցակետին հասցված վնասը գնահատվում է 3 մլն ԱՄՆ դոլար: Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել է 2014 թվականի մայիսին: Ռազմավարական ճանապարհը ժամը 22:45- ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 23-ին՝ առավոտյան ժամը 11-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը:
[1] Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետություն
[2] Ռազմական վրացական ճանապարհ:
[3] МЧС- Министерство Черезвычайних Ситуаций, Արտակարգ իրավիճակների նախարարություն
[4] ОРТ- Общественное Рассийское Телевидине, Ռուսաստանի հանրային հեռուստատեսություն
[5] Տիրիր Կովկասին, տիրիր Արևելքին: Ռուսաստանի Վլադիկավկազ և Վլադիվոստոկ քաղաքաների անուններն են:
