Արշակը երկու մատով բռնեց ծիրանենու ծաղկած ճյուղը և երկարեց դեպի Շաքեն։ Ճյուղի վրա հարսնաշոր հագած ծաղիկներ էին և մի հատիկ բողբոջ․ բողբոջը չէր հասցրել ծաղիկ դառնալ։ Շաքեն նայեց Արշակի կարճ կտրած եղունգներին և հիացավ տղայի մաքրասիրությամբ․ նախկինում քանի-քանի հոգու դադարել էր ժպտալ միայն եղունգների պատճառով․․․ Արշակի ականջներում նորից հնչեցին ծովի և անապատի բղավոցն ու լռությունը։ Առջևում լեռնային անտառն էր, որ տղամարդու մազածածկ կրծքի նման վերուվար էր անում։ Արշակը չէր հասկանում՝ սա՞րն է շնչում հոգեվարքի մեջ գտնվողի պես, թե՞՝ անտառը։ Դիմացի ժայռերից թափվող ջրվեժներն այլևս չկային, տեսնես ո՞վ էր դատարկել կենսատու հեղուկը։ Արշակը նորից տեսավ իր ձեռքի ծիրանենու ճյուղը․ ճյուղի վրա հարսի շորեր հագած ծաղիկներ էին ու մի հատիկ բողբոջ․․․ Նա բացեց աչքերը, ևսենյակը լուսավորող արծաթագույն լույսը սառեցրեց։ Գիշեր էր, բոլոր արշալույսները մնացել էին պատուհանը ծածկող շերտավարագույրի արանքներում։ Նորից փակեց աչքերն ու տեսավ ոտնատակ տված արտը․ որոշ եգիպտացորենների գլուխները թռցրել էին, մյուս եգիպտացորենները խոնարհվել և աստիճանաբար մարում էին՝ բնության տված կանաչ պատանքի մեջ փաթաթված։ Բացատի աղբյուրից ջուր էր կաթում․ այնքան քիչ, որ Արշակը հազիվ կարողացավ խոնավեցնել մատը։ Հո ջուր չէ՞ր՝ աչքի դեղի պես առատ էր։ Տեսնես ո՞ր վարպետի մտքով է անցել աղբյուրին բալանման քանդակի ձև տալ։ Իսկ հեռվում երևացող էն ջրվեժներից մեկը կնոջ կրծքի նման էր․ ջրվեժի քանդակագործը մայր բնությունն էր։ Նորից ձայնը հնչեց ականջների մեջ և խլացրեց․ Արշակը չգիտեր՝ գնալ դեպի գլխիկոր եգիպտացորենների արտը, վազել դեպի անտառ, թե՞ հաղթահարել զառիթառն ու ջրին հասնելու հույսով շարժվել դեպի ցամաքած ջրվեժները։ Երանի թռչել իմանար։ Արշակը լայն բացեց կարմիր կաթացող և հալվող թևերը, զառիթափի քարերը փախան նրա ոտքերի տակից, կտոր-կտոր եղան, մեքենայի յուղի հոտ արձակեցին ու հալվեցին Արշակի բերանի մեջ։ Բոլոր կաթնաղբյուրները ցամաքել էին, հողը ճաքճքել էր․ լսելի էր անտառի տակից դուրս ցայտելուն պատրաստ ջրի ձայնն ու կրակի ֆշշոցը։
Շաքեն կանգ առավ Բաղրամյան փողոցի վրա և նայեց լիալուսնին։ Մատների ծայրերին ասեղների ծակծկոցներ էր զգում, իսկ մարմնի մյուս հատվածներում բութ ցավ․ դատարկ ծոցում միայն անտեր մնացած քամիներ էին սուլում։ Հենց այդտեղ, Բաղրամյան փողոցի այդ հատվածում մի ամիս առաջ կեսգիշերին կանգնեց անձրևի տակ, հենց այդտեղ դեղին քարով մատանի դրած մի անծանոթ կին քաշեց Շաքեի թևից, վրանում գաթայով կանաչ թեյ խմեցրեց և օգնեց փոխել բարձրակրունկ կոշիկները։ Հիշեց, թե ոնց վերջին անգամ գլուխը դրեց Արշակի ուսին և արտասվեց․ հիշեց ճզմված խոտի և ուրցի հոտը, դրանց կանաչ գույնը, որ կպել էր իր կարմիր շրջազգեստին։ Հիշեց՝ ինչպես էր Արշակը մեջքը ձիգ պահած կանգնել և ձեռքին բռնած թղթից ինչ-որ բան կարդում։ Նորից հիշեց Արշակի պինդ ուսերը, կարճ կտրած ու խնամված եղունգները։ Կեսգիշերին փողոցում հատուկենտ մեքենաներ էին երևում․ որոշ մեքենաներ մտնում էին թունել և դուրս գալիս Օրբելի փողոց։ Անցած անգամ Շաքեին չթողեցին Արշակի սենյակ մտնել։ Այս անգամ Բաղրամյան փողոցում ոչ ոք Շաքեի թևից չքաշեց, վրանում թեյ չտվեց, կոշիկները չփոխեց։ Շնչահեղձ լինելով և կարգուկանոնը խախտելով՝ Շաքեն վազեց դատարկ թունելի միջով, հասավ մայթին, անցավ ցանկապատի ճաղերի արանքով։ Պահակները քնած էին, իսկ երկաթե ճաղերը՝ սահադաշտի սառույցի պես սառը։ Ամեն օր Արշակը չմուշկներ էր հագցնում Շաքեին և սովորեցնում էր պարել սահադաշտում։ Շաքեն իր սառչող մատները տաքացնում էր Արշակի եռացող ափերի մեջ։ Հենց զգում էր, որ ընկնելու է, ամուր բռնվում էր Արշակի ուսերից և կչկչալով կախվում նրա բրդե բլուզից․․․ Ինչ լավ է, որ հիվանդանոցի պահակները քնած են։ Շաքեն մտավ Արշակի սենյակ, մի կողմ նետեց մանուշակագույն թիկնոցը, շփեց ձեռքերը, քաշեց Արշակի վրայի ծածկոցը․ ո՜նց էր ուզում նորից մատները տաքացնել Արշակի ձեռքերի մեջ․․․ Ծնկի եկավ Արշակի մահճակալի առաջ, արցունքների պատճառով այտերի վրա լղոզված սև և մանուշակագույն գույները ճահճացան այտերի վրա։ Արշակը փորձեց սրբել Շաքեի այտերը, բայց չկարողացավ։ Շաքեն կտրուկ շարժումներով քաշքշեց Արշակի գծավոր բլուզը, շոյեց վիզը, շոյեց վերուվար անող մազոտ կուրծքը, ամուր ուսերն ու դրանց վրա դրված վիրակապերը․․․ Արշակի բլուզի թևերի մեջ միայն օդն էր պտտվում։ Շաքեն ծնկի եկավ, փաթաթվեց Արշակի մկանոտ, պողպատանման գոտկատեղին և արդեն այրվող ձեռքը դանդաղ սահեցրեց ներքև։ Վերադարձի և կորուստների հետ հաշտված Շաքեն ոտքի կանգնեց, ազատվեց բարձրակրունկներից, հանեց մտերիմ ընկերուհու կարած շրջազգեստը և դրեց մահճակալի ծայրին, շնչահեղձ անող դիմակը մանուշակագույն կրծկալի հետ կախեց պատի միակ մեխից։ Գլուխը դրեց Արշակի ուսին․ գիտեր, որ այլևս չի տեսնի Արշակի կարճ կտրած, խնամված եղունգները։ Արշակը փակեց աչքերը և նորից տեսավ եգիպտացորենի արտը։ Գլուխները բարձր բռնած եգիպտացորենները չէին ուզում խոնարհվել պտտահողմի և պայթյունների առաջ։ Արշակն այնպես ցանկացավ նորից ծնվել, որ հաճույքից ծալեց մենակ մնացած ոտքը, թռչեց անհաղթահարելի թվացող զառիթափի վրայով և մեջքն ու գոտկատեղը պոկեց սպիտակ սավանից։ Շաքեն այնքան ամուր էր գրկել Արշակի վիզը, թվում էր՝ ուր որ է կխեղդի նրան։ Արշակը կամուրջ էր դարձել, որի վրայից անցնելով կարելի էր հասնել աղբյուրին ու ջրվեժներին։ Զառիթափի բոլոր քարերը թրջվեցին, հալվեցին և ծաղկափոշու հետ խառնված՝ լցվեցին Շաքեի երակների, ծնկների, իրանի, թևերի մեջ։ Ծանր շնչող անտառը դղրդաց, և գետնի խորքից դուրս հորդացող շատրվանը քշեց տարավ Շաքեի մարմնի ծակծկոցները, բութ ցավերն ու ծոցի դատարկության մեջ դեգերող քամին։ Երբ Արշակը բացեց աչքերը կենսատու հեղուկը ողողել էր տաք հողը։ Շաքեն շարունակում էր բռնվել Արշակի ուսերից և ազդրերով սեղմել նրա գոտկատեղը։ Քամի չկար, պայթյունների ձայն չէր լսվում, սկսել էր լուսանալ։ Արշակն ատամներով բռնել էր ծաղկած ծիրանենու մի ճյուղ. ծաղկաթերթիկները հատիկ-հատիկ թափվում էին Շաքեի սև, երկար մազերին։ Ճյուղի վրա մի հատիկ բողբոջ կար, որ պատրաստվում էր պայթել սպիտակի բոլոր երանգներով։
