Թարգմանություն

Հարավային փիղը

(hատված վեպից)

Ավտոբուսից էլի հիսունմեկերորդ դպրոցի մոտ եմ իջնում: Մեծ քթով պապիկը շուտ իջավ համալսարանի մոտ, կամարով անցավ ու երևի Կեկելիձեով բարձրացավ վերև: Կարևոր է՝ վերելակը աշխատի, ու Կեկելիձեի շենքերի մութ աստիճաններով թոռների համար մի կերպ գնված միրգը ձեռքով քարշ չտա…

Իսկ ես, կարելի է ասել, տանն եմ, բայց տունը զբաղված է: Շորենայի մոտ մտնել էլ չեմ ուզում: Տեղանքը հիսունմեկերորդ դպրոցի աշակերտների ծնողներով է լցված, նրանց լսելը սոցիալական ցանցի ստատուսները կարդալուց բեթար բան է, Շորենան էլ վաղուց պիտի վերջացրած լիներ անձեռոցիկների ծալման գործընթացը: Գետնանցումով մյուս կողմ եմ անցնում, բայց Վերայի այգում էլ գործ չունեմ, Նիկոլաձեով անցնում եմ Պերով ու քայլում եմ բարերի ու սրճարանների փողոցով: Շատ եմ ուզում տանս մի հատ աչք գցել, բայց չեմ համարձակվում: Փոքր երեխա հո չեմ, որ էն տան մոտ թափառեմ, որտեղ ընկերս կին է տարել: Անցնում եմ Պերովը, դուրս եմ գալիս Հանրապետության հրապարակ ու Էլբաքիձեով ներքև իջնում: Կարծեմ արդեն ժամանակն է, որ քաղաքի մյուս կողմն էլ գնահատեմ: Հա՛, էդպես կանեմ, բայց մինչ էդ, մեկ է, չեմ դիմանում, ձախ եմ թեքվում ու միջանցիկ մութ շքամուտքով Քիաչելի եմ դուրս գալիս: Պերովի տասնմեկ համարում սուզվում եմ ու Քիաչելիի տասնչորս համարում դուրս գալիս՝ հենց Բերիայի տան մոտ: Ի՞նչ կտեսնեմ էստեղից։ Տունս հազիվ է երևում, մեկ է, կանգնում եմ, սիգարետ եմ վառում ու աչքս տեղանքին գցում։ Զբաղվում եմ, էլի, մի խոսքով…

Կամուրջներով տան աստիճաններից մայրիկիս սերնդակից ծանոթ կին է իջնում պստիկ շան ուղեկցությամբ: Գլխով բարևում ենք միմյանց: Էս տան ուրիշ ապրողներին էլ եմ ճանաչում: Էս տունը միշտ հուզում էր ինձ, որովհետև էստեղ՝ հենց իմ հարևանությամբ, Լավրենտի Բերիան էր ապրել: Ուղղակի գիտեի, որ տներից մեկում էր ապրել, ու երբեք չեմ հարցրել՝ որ մեկում: Ես տեսել եմ էս տնից դուրս եկած տղա-աղջիկների, կանանց ու տղամարդկանց, ծերերի, ոմանց բարևում էլ եմ, ու քանի որ հեռվից հաճելի մարդիկ են թվում, ոչ մեկին չեմ կասկածում կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի բնակարանում ապրելու գործում: Բայց մեկնումեկն ապրում է, բազմանում է, ինչ-որ բանով ուրախանում է, ինչ-որ բանից նեղանում է, ծերանում, մեռնում: Էս տան պատշգամբները ներքևով՝ Էլբաքիձեի զառիվայրով են անցնում: Վերջերս զառիվայրի գրեթե ամբողջ աջ կողմը քանդել են, միայն Միխեիլ Ջավախիշվիլիի տանը չկարողացան կպչել: Էս երկհարկանի կոկիկ տան մոտ կանգնեց վթարային տան քանդումը: Տան վրա փակցրած փոքր հուշատախտակը կանգնեցրեց: Տախտակին գրված է, որ էս տանը ապրել էր մեծ գրող, ավելի ճիշտ՝ «ականավոր վրացի գրող Միխեիլ Ջավախիշվիլին»: Էսօր կամուրջներով տան հետևում ծառեր են աճել, ու Ջավախիշվիլիի տունը մշուշապատվում է, իսկ էն ժամանակ ուղիղ տեսարան էր, ու Բերիան էլ տեսնում էր փոքր տունը ու նրա բնակչին, նայում էր, հետևում էր…

Ո՛չ գրողի գերեզմանն է հայտնի, ո՛չ էլ նրա դահճի: Իսկ երկու տունն էլ էլի դեմ դիմաց են կանգնած, միայն թե Բերիայի տան վրա հուշատախտակ չկա: Դեռ երեխա էի, երբ մայրս ասաց, որ էստեղ Բերիան է ապրել, ու էնպես ասաց, որ հիշեցի, թեպետ պատկերացում չունեի, թե ում մասին էր ասում: Կիսաշշուկով ասված կիսաճշմարտությունների ժամանակն էր, ու էդ կեսի համար էլ եմ շնորհակալ, քանի որ շատերը էդ կեսն ասողներին էլ չունեին:

Բերիան պատշգամբից տեսնում էր Էլբաքիձեով գնացող-եկող, կախ ուսերով, ձեռնափայտով գրողին, ու նրա տեսքը հանգիստ չէր տալիս, նյարդայնացնում էր, հետաքրքրում: Կենտրոնական կոմիտեի քարտուղարը գրողին տուն էր հրավիրում՝ ճաշի, զրուցելու: Մի անգամ փոխանցեց, երկու, երեք, գրողը հրավերը արհամարհում էր: Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ հրավերի պատմությունը, բայց մայրս էդպես պատմեց արդեն մեծ տարիքում, էլի կիսաշշուկով ու արդեն հետո, երբ շշուկը պարտադիր չէր, մոտավորապես նույն բանը կարդացի թերթերից մեկում: Կարևոր չէ՝ ճիշտ է, թե ոչ, քանի որ ինձ համար արդեն ճիշտ է դարձել, ու ես հավանում եմ գրողին, որն աշխարհի ամենավտանգավոր մարդու հրավերը մերժել է: Բերիայի կնոջ մասին ասում են՝ արտակարգ տնային տնտեսուհի էր, էնքան լավ, որ ամուսինները կարմրախայտով թունավորեցին իրենց տուն հյուր գնացած աբխազ Նեստոր Լակոբային: Թեպետ այլ տարբերակներ էլ կան. կամուրջներով տան բնակիչները հիշում են Բերիայի կնոջը, ավելի ճիշտ նրա մասին ծնողների ու տատիկ-պապիկներից շշուկով պատմածն են հիշում և ասում են, որ Նինա Գեգեճկորին բարի ու առաքինի կին է եղել, շատերին նախանձախնդիր, փրկող նույնիսկ, ու էն թունավոր կարմրախայտը ոչ թե նրա, այլ Լավրենտիի մայրիկի պատրաստած-համեմածն էր: Դե գնա՛ ու հասկացի՛ր: Ինձ հետաքրքիր չէ: Իսկ էն ճշմարտությունում, որ հավանում եմ, գրողը Բերիայի մոտ չի գնում, ո՛չ կարողանում է հրավերը մերժել, ո՛չ էլ գնալ, ու էդ պատճառով էլ սիրում եմ: Մի անգամ, երկու անգամ, երեք անգամ չի գնում և երևի շատ լավ գիտի, որ դրանով սեփական դատավճիռն է ստորագրում: Ուղղակի չի կարողանում գնալ, չի կարողանում իրեն ստիպել անցնել էս վերջին սահմանագիծը, որից հետո կդժվարանա ապրել: Հաց կիսի մարդու հետ, որի համար գրողին հյուրընկալելը սեփական անսահման ուժի ևս մեկ ապացույց է, որին չի կարող հակաճառել ու նույնիսկ հակաճառելու դեպքում էլ նրա դաժանության արդարացիության հարցում բարձրաձայն կասկածելու դեպքում էլ, միևնույն է, հյուրընկալը կհաղթի հյուրին, վեճում էլ կճնշի, քանի որ չարությունը տրամաբանություն ունի, փաստարկներ ունի, իսկ թույլ մարմնի ակնոցավոր գրողը ոչինչ չունի՝ սեփական ու ուրիշների գրքերից բացի, էդ գրքերն են իր կյանքի արդարացումն էլ և գուցե փրկությունն էլ: Երկաթե տրամաբանություն որ ունենար, հարցերի պատասխանները որ գիտենար, հետևողական որ լիներ, գուցե ուրիշ գործով էլ զբաղվեր և կարողանար, հետո ո՛չ արտաքինով կտարբերվեր, ո՛չ էլ պատշգամբ դուրս եկած Լավրենտի Բերիայի աչքը կընկներ ու հրավերից էլ կպլստար…

Բայց չպլստաց…

Իսկ նրան՝ պատշգամբին իրեն արևին տված չարության մարմնավորմանը, օդի նման է հարկավոր ինչ-որ մեկը, որի հետ մուկն ու կատու կխաղա, կապրեցնի կամ կկործանի, որը սարսռալով կայցելի իրեն, իր խճճված ու դաժան տրամաբանությունը կլսի ու կհամաձայնի իր հետ։ Դա էլ ելք չէ, կարող է մեկը գնդակահարել, բայց հիմա շատ է ուզում էս մարդու հյուրընկալությունն ընտանեկան ջերմ սեղանի շուրջ, որտեղ էնպիսի խվանճկարա կխմեցնի, որից դիստրոֆիկ կառուցվածքի գրողը երազում չի տեսել, իսկ Նինայի պատրաստած ուստեստներից լավը ընդհանրապես չկա, իսկ նա չի գալիս, և Լավրենտի Բերիան նեղանում է, քանի որ ինքն էլ է մարդ, համ էլ վրացի, կովկասցի է և նեղանում է, որ հրավերը մերժեցին…

Մի անգամ Թազոյին հարցրի, ավելի ճիշտ, Վորոնցովում՝ ոտքի վրա կանգնելու սեղանի, սառած խինկալիի և օղու շշի շուրջ, բարձրաձայն մտածեցի.

– Ա՛յ, ես համոզված եմ, որ վատ մարդ չեմ:

Ծիծաղեց:

– Դե, չեմ ասում, որ լավն եմ, բայց կարծում եմ, որ վատը չեմ և, միևնույն է, մտքերով որ ընկնում եմ, հատկապես գինովցած, էնքան զզվելի բաներ են մտքիս գալիս, որ վախենում եմ: Ոչ թե ինձնից եմ վախենում, այլ վատերից եմ վախենում: Եթե ես կարողանում եմ էսքան վատ բաների մասին մտածել, ո՞վ գիտի՝ նրանց գլուխներում ինչ է կատարվում։

Խինկալիանոցում լույսերն անջատեցին, ոմանք անձեռոցիկները վառեցին, մեկը մոմեր բերեց ու բոլորին բաժանեց: Մեր կողքի ցմփոր քեռիները մեր տարիքի զինվորի էին փաղաքշում, թույլ ուսերին ձեռքերով խփում էին ու տափակ-տափակ բաներ էին ասում: Զինվորական շինելը հագով մեծ էր, փոքր մարմնի վրա տոպրակի նման էր նստել, լուռ լսում էր քեռիներին ու անհամբեր սպասում էր նրանցից ազատվելուն, դուրս գնալուն:

– Չարերի մասին դարդ չանես: Դրանք ընդհանրապես չեն մտածում… Դրանք միանգամից գործում են,- ու Թազոն ինչ-որ թույն լցրեց, որն էն տարիներին խմում և ինչ-որ հրաշքով հաջորդ օրը ողջ էինք արթնանում:

Երևի էդպես է: Բերիան էլ միանգամից արեց, կատարեց, ինչպես հիմա են ասում՝ առանց երկար-բարակ մտածելու: Մայրս պատմում էր, ու դրա ապացույցը մի տեղ կարդացի, կարծես իր ձեռքով է խոշտանգել, կարծես երկարաճիտ սապոգով է գրողի գլուխը ճզմել, որն ուղղակի չկարողացավ իրեն ստիպել Էլբաքիձեի զառիթափով վեր բարձրանալ, հետո Քիաչելիով թեքվել ու կամուրջներով տան մոտ հասնել: Ով գիտի՝ ժողովրդից անցնող-դարձողներից էլ էր ամաչում, կնոջից ու երեխաներից կամ էլ ամենաշատը նրանից էր վախենում, որ արնատենչ մոլագարը չասեր, որ իր սիրելի գրողն է:

Էլբաքիձեից չտարան: Քվիշխեթիի ամառանոցում առավոտ կանուխ գլխին կանգնեցին ու անկողնուց հանեցին: Սպիտակ կոստյում էր հագել ու էդպես գնացել: Զավակները պատմում էին, որ բակից երկար ժամանակ տեսնում էին չեկիստների մեջ սպիտակ կոստյումով գնացող հայրիկին. սև-գորշագույների մեջ գնացող սպիտակ բիծը…

Խոշտանգման ճանապարհին կանգնած մարդու ինչի՞ն էր պետք սպիտակ կոստյում։ Կարող է՝ էսքան սպասումից ուժասպառ՝ չեկիստների գալուց թեթևություն զգաց նույնիսկ: Գուցե հենց էս ճանապարհով անցնե՞լն էր թեթևություն։ Առջևում ցավ, վիրավորանք և մահ էր: Խոշտանգելու ու սպանելու էին տանում նրանք, ում համար իր և ուրիշների գրքերը ընդհանրապես ոչինչ չէին նշանակում, և մինչև ցավեցնելը կեղտի մեջ կթաթախեին, ու, ով գիտի, գուցե նույնիսկ կոտրեին, միակ բանը, ինչ կարող էր նրանց հակադրել՝ կարծես հատուկ նրանց աչքը մտցնելու համար, օսլայած ճերմակ կոստյումն էր:

«Նրանք», «նրանց». հաստատ գիտեմ՝ ումից են տպավորվել չարություն արտահայտող էս դերանունները՝ անգլերենի անհատական ուսուցչուհուցս, որը Քիաչելիի կամուրջներով տնից մի փոքր հեռու՝ Թազոյի թաղամասում՝ Մթածմինդայում, Բեսիկի այգու մոտակայքում էր ապրում: Կարծեմ առաջինն էր, ով իմ ներկայությամբ չարության դերանունները շշուկով չէր արտաբերում, բայց մեր երկխոսությունները ռուսերեն ու անգլերեն էին, և հետևաբար նրանից «Они» և «They» էի լսում:

Անգլերենի ուսուցչուհին մեծամարմին կին էր և օրիգինալ (ոչ ադապտացված) Օսկար Ուայլդ էինք կարդում, ուրիշ բաներ էլ էինք կարդում, բայց ես միայն Օսկար Ուայլդին եմ հիշում: Who art thou? Էդպես էր հարցնում եսասեր հսկան փոքրիկ տղային, որին ինչ-որ տեղից ճանաչում էր: Ոչ թե հարցնում էր՝ Who are you? Այլ մի տեսակ այլ կերպ, հին անգլերեն էր հարցնում, ու ձեռքերը մեխված էն երեխան Հիսուսն էր, եկել էր հսկային դրախտ տանելու, ու հիմա մտածում եմ, կարող է՝ ուսուցչուհու աչքերը արցունքոտ էին, երբ սա կարդալ էր տալիս, քանի որ դեպի պատուհանն էր շրջված և բակում հսկայական սև թթենու վրա բարձրացած երեխաներին էր նայում: Իսկ ես, ուսուցչուհուս աչքերը փնտրելու փոխարեն, նրա նման բակին էի նայում, հենց գրքից կտրվում էի, քանի որ ես էլ էի ուզում էն ծառի արգելված պտուղը, ոչ թե Օսկար Ուայլդ կարդալ: Օրենքով «Էկերսլ» ու միստեր Պրիստել պիտի անգիր անեինք, իսկ մենք «Երջանիկ արքայազն» ու «Եսասեր հսկա» էինք կարդում: Անգլերենիս գեր ուսուցչուհին ինքն էր անզավակ հսկան, իսկ էն թթենին նրա՝ տասներկուծառանոց դեղձենիների այգին էր: Մի անգամ ասաց, որ իր հայրն էր տնկել: Ռեպրեսիայի ենթարկված ծնողներ ուներ. հորը գնդակահարել էին, իսկ մայրը հյուսիսում՝ ինչ-որ տեղ, երկար ճանապարհին չդիմացավ, ուժասպառ էր. նրան էլ գնդակահարեցին: Իսկ էս ծառը նրանցից է մնացել: Ինքը տատիկի հետ մնաց բարձր առաստաղով սենյակում, որը որպես լավություն առանձնացրել էին էն տանը, որ մի ժամանակ իր նախնիներինն էր: Տատիկի մահից հետո մանկատանը ապրեց մի քանի տարի և չափահաս դառնալուն պես նորից էստեղ վերադարձավ՝ էս սենյակ, որտեղ գեղեցիկ ճենապակյա բաժակներով էր ինձ թեյ խմեցնում: Շատ էինք բամբասում դեռ ռուսերեն, հետո՝ անգլերեն: Էնքան գիտելիք ձեռք բերեցի, որ միտքս փոխանցել և նրան հասկանալ կարողանում էի: Ավելի առաջընթաց չունեցանք, էդտեղ կանգ առանք ու հետո միայն խոսում էինք: Եթե մի բան չէր կարողանում հասկացնել, նորից ռուսերենի էր անցնում: Եսասեր հսկան ինձ էլ էր հուզում էնպես, ինչպես Օսկար Ուայլդն էր հուզում ինչ-որ պարզունակ ու վայրի նրբությամբ ու նրանով, որ բացարձակ նման չէր դպրոցիս անգլերենին, ոչ էլ «Էկերսլիի» լեզվին, ուսուցչուհուս բրիտանական անգլերենը անգլերեն էր ու լիվերպուլյան «յու վիլ նեվեր վոք ըլոն»-ի նման էլ չէր: Միշտ հիշում էի, որ Օսկար Ուալդն էլ էր էն երկրից, որտեղ պարտված թիմին անձրևի ներքո երգում ու մխիթարում են…

Իսկ եսասեր հսկայի այգում միշտ ձմեռ էր, մինչև ցանկապատը չհանեց և երեխաներին թույլ չտվեց դեղձենու վրա բարձրանալ: Դրանից հետո տարիներ անցան: Թբիլիսիում թութը հունիսին է հասնում, իսկ ես էնպես եմ հիշում, կարծես միշտ հասած լիներ, վրան միշտ հարևանի երեխաներն էին թառած, և մենք միշտ «Եսասեր հսկան» էինք կարդում: Հիմնականում սա եմ հիշում մեր դասերից ու մեկ էլ ուսուցչուհուս պատմած մի քանի պատմությունները և իմ պատկերները. ահա ուսուցչուհու մայրիկին չեկիստները տանում են… ընդմիշտ: Մայրիկը մեքենայից ժպտում է և խաչակնքում, և ամեն ինչ էս բակում է կատարվում. ինչքա՞ն բան կարող է պահել իր մեջ մի բակը։ Մի կյա՞նք։ Քանի՞ բանի է դիմանում մի սիրտը։ Հիմա եմ դա հարցնում, իսկ էն ժամանակ ուղղակի հետաքրքիր էր ուսուցչուհուն լսելը: Հետո Թազոյին էի պատմում էս պատմությունները: Անգլերենի դասերը միայն իմն էին, ու ափսոսում էի, որ Թազոն չէր լսում: Չէ՞ որ էն ժամանակ ոչ ոք մեզ նման պատմություններ չէր պատմում, գրեթե ոչ ոք: Շատ չէր մնացել, ու մի քանի տարուց քաղաքն ու երկիրը լցվեցին պատմություններով, դիմանկարներով, վահանակներով, շշուկը խլացուցիչ գոռոցով փոխարինվեց, իսկ իմ ուսուցիչը էլի իր պատուհանի մոտ էր նստած, որտեղից թթենին և վրան թառած երեխաներն էին երևում, որոնց նախնիները իրեն պատկանող հսկայական տունն էին զբաղեցրել. նայում էր երեխաներին ու ժպտում, ժպտում…

Եվս մի պատկեր. տատիկը մահացավ: Ոսուցչուհիս մանկատանն է, ու էնտեղ ինչ-որ բույսի սերմեր տվին համտեսելու, նա էլ չգիտեր էդ բույսի անգլերեն անունը, վրացերենն էլ չգիտեր: Черная Белена. էդպես էր անվանում, ու էդ անունը, որում երկու հակադիր գույներ՝ սևն ու սպիտակն էին հիշատակված, վախենալու էր հնչում: Զգայախաբ դեղ է եղել: Մեծ տղաներն էին տվել ու սեղանի տակ կուլ էր տվել: Իսկ սեղանի տակ փոքր լինելու համար չէր նստում, ուղղակի սեղանի տակ իր սիրելի ապաստարանն էր, պաշտպանված և հանգիստ էր զգում, բայց էդ զգայախաբը փորձելուց հետո էդ տեղն էլ ատեց, քանի որ մի ժամանակ հանգիստ, լաքոտ սփռոցի ծալքերով շրջափակված իր փոքրիկ աշխարհը հանկարծակի սարսափելի մեծացավ և ամենաչար ու անվերջ տարածքի վերածվեց, որը մարդու սթափ ուղեղն անգամ չի էլ կարող պատկերացնել (մանկատնից ուրիշ բան չէր պատմում)…

I have many beautiful flowers, but the children are the most beautiful of all․ հսկան շատ գեղեցիկ ծաղիկներ ուներ, բայց իր այգում երեխաներից գեղեցիկ, միևնույն է, ուրիշ բան չէր կարծում: Մի ժամանակ ուսուցչուհուս ծառին մի հայտնի ռեժիսոր էլ է բարձրանում: Այո՛, ուսուցչուհիս իր մանկության վկան է եղել և միակ արտահայտությունը, որով հիշատակում էր նրան ռուսերեն, «դուռակն» էր: Հիշում եմ՝ ուսանողական տարիներին Թազոյին որ պատմեցի, նյարդայնացած դեսուդեն գնաց սենյակում ու ասաց՝ էդ քո ուսուցչուհու ծալը մի քիչ պակաս է: Ուսերս թափ տվեցի: Ռեժիսորի մի քանի ֆիլմերից ամենաառաջինը շատ էինք հավանում, մինչև հիմա հավանում եմ, ու հակակշիռը միայն անգլերենիս ուսուցչուհու արհամարհական «դուռակն» էր…

Էլի մոր մահվան մասին էր պատմում. ինքն էնտեղ չէր: Տասնամյակներ անց ոմն Մարիամ Անդրոնիկաշվիլիի փոխանցածն էր պատմում: Վրացերեն ասում էր «մորաքույրմարիամանդրոնիկաշվիլի», մի բառի նման էր արտասանում և էս տարեց կնոջ ասած «մորաքույրն» ու վրան դրված իշխանական ազգանունը բոլորովին տարօրինակ էին հնչում: Ուսուցչուհուս մայրը աղջկա նման բարձրահասակ, բայց շատ թույլ կին է եղել: Էնտեղ՝ There, էդպես էր ասում ուսուցչուհին, երբ Գուլագին նկատի ուներ և իհարկե «նրանք», երբ չեկիստների, ուղեկցող պահակախմբի կամ մատնիչի անուն էր տալիս: Էնտեղ ու նրանք՝ There and They: Նրանք էնտեղ սպանեցին մայրիկին, երբ ճամբարից ճամբար ոտքով տեղափոխվելիս այլևս չէր կարողանում քայլել ու ձյան մեջ ընկավ: Կարճ ժամանակով մորաքույրմարիամանդրոնիկաշվիլին կողքին կանգնեց, բայց նա էլ երկար չկարողացավ տանել նրան: Հետո միմյանցից բաժանեցին, մորաքույրմարիամանդրոնիկաշվիլին գնաց, շարասյանը միացավ: Մայրիկի մոտ «նրանցից» մեկը մնաց: Մորաքույրմարիամանդրոնիկաշվիլին հետ չի նայել… ոչ մի անգամ:

– Ների՛ր, զավա՛կս,- ասում էր ու լալիս աքսորից վերադարձածը,- հետ որ նայեի, գուցե վերադարձնեին, իսկ ես ուզում էի էս անտեր կյանքը:

Ուսուցչուհին լսում էր ու չէր կարողանում լալ, ուզում էր ու չէր կարողանում, մորաքույր Մարիամը էն ժամանակ էլ հետ չնայեց, երբ ձյան մեջ խլացած միակ կրակոցի ձայնը լսեց, ու մի քիչ հետո նրանցից մեկը՝ One of them, վազելով հասավ շարասյանը: Հասավ ու առաջ ընկավ, գլուխ կանգնեց գործունյա ու եռանդուն, իր նմանից սիգարետ վերցրեց, վառեց ու ինչ-որ բան սկսեց պատմել ճանապարհին…

Լավ հիշում եմ՝ տարիներ հետո էս ամենը լսելիս ինչի մասին էի մտածում՝ հյուսիսի տափաստանների, ձյան և գազանների, որոնք ձյան մեջ անտեր մնացած ուսուցչուհուս մոր դին կերան: Լեշ դարձած դիակին դեռ գայլերը մոտեցան, և հետո երևաց էն տարօրինակ անունով կենդանին: Գայլերին վռնդեց ու…

Էն ժամանակ Թազոն կերպարվեստի էր գնում Նկարիչների տանը, որը 1991 թվականին՝ Թբիլիսիի պատերազմի ժամանակ, Ռուսթավելիի պողոտայի հետ պիտի վառվեր: Թազոյի ստուդիան առաջին հարկում էր, էնտեղ էի գնում ու վերև՝ ցուցասրահներ էինք բարձրանում: Ինչ ցուցադրություն ասես՝ չեմ տեսել. Խորհրդային Միությունում բազմաթիվ մեծ և փոքր եղբայրական ազգեր կային, բոլորը ավագ, միջնեկ և կրտսեր եղբայրներ էին, և պարբերաբար նրանցից մեկի արվեստի գործերը Թբիլիսիի նկարիչների տանն էին ցուցադրում: Էդպես տեսա Թազոյի հետ Չուկոտկու ցուցահանդեսը, նրանց նյութական մշակույթը, որի ամենաավագ եղբայրները ստիպողաբար փոխեցին մանկական պարզմիտ կենցաղը, հետո «քաղաքակիրթ» աշխարհի դեմ օղու շշի հույսին թողին և բազմաթիվ հիմար անեկդոտներ հորինեցին:

Մի միսիոներ, որ էսկիմոսներին քրիստոնյա դարձրեց, իր հուշերում գրում էր.- Ստիպված էինք դեռ նրանց մեղսագործություն սովորեցնել և միայն դրանից հետո կարողացանք ճշմարիտ կրոնի բերել: Ինչ ազնիվ է ասված, չէ՞։ Մարդ խոնարհվել է ուզում: Չեմ կարծում, որ կոմունիստներից մեկը ափսոսանքի նման բառեր գրեր, բայց էսկիմոսների ու չուկչաների դարձի հարցում երկու դեպքում էլ օղին էր գլխավոր և բացառիկ զենքը:

Չուկչաների էդ արվեստը սալոններում տեսած շատ ցուցադրություններից լավն էր, սովորականից ավելի փոքրաչյա Լենինի դիմանկարը ու անխարդախ բաներ էին ցուցադրված: Իմ մեջ մի իր տպավորվեց: Ծովառյուծի հսկայական ժանիքին մի քանի նախշազարդ էր դրոշմված, ու ռուսերեն ծուռտիկ-մուռտիկ տառերով և ուղղագրական սխալներով գրված էր պատվիրան կամ խրատ՝ մեր՝ հարավցիներիս համար բոլորովին անպիտան, բայց Չուկոտկայի բնակիչների համար երևի կենսական կարևոր. «Росомаха опасный зверь»։ Մտքիս հենց էս տարօրինակ անուն ունեցող ու վտանգավոր կենդանի «ռոսոմախան», որով երևի բևեռային երկար գիշերներին չուկոտցի մայրերը վախեցնում էին իրենց անհնազանդ զավակներին, ուտում էր մորաքույրմարիամանդրոնիկաշվիլիից լքված և «նրանց» կողմից գնդակահարված ուսուցչուհուս մոր թույլ և հյուծված մարմինը…

Թարգմանությունը վրացերենից՝  Ասյա Դարբինյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *