Նարեկ Թոփուզյան, Պատմվածք

Անհաղթահարելի բարձունքը

Նուբարաշեն բարձրացող միակ ճանապարհի նեղլիկ ու անձրևից խոնավ սահմաններում համրընթաց սահող կնոջ հետևում պարսկական տարբերանշաններով բեռնատարը բարձր ու երկար ազդանշան տվեց: Ձայնը նախ ուշունցի պես հնչեց, ճիշտ այնպես, եթե ինչ-որ մեկի ատրուշանի կրակը քրֆած լինեիր, ապա մտրակի գալարուն օղակներով մեջքը ձաղկելու պատրաստ, շառաչեց կնոջ գլխավերևում, բայց դա մայթի անվտանգ ու երթևեկելի գոտու վտանգավոր սահմանաբաժանով քայլող ցնցոտիավոր կնոջ վրա ոչ մի էական ազդեցություն չգործեց: Կինն ասենք անսպասելիությունից վեր չթռավ, կանգ չառավ, մատ չտնկեց, պատասխան հայհոյանքներ չտեղաց ու մինչևիսկ չպտտվեց դեպի ձայնի աղբյուրը: Նա մարմինը վտանգավոր գծից պարզապես քաշեց ներս՝ դեպի անվտանգ սահմանն ու շարունակեց անայլայլ ընթացքն առանց բեռնատարի վրա ուշադրություն դարձնելու: Վտանգավորի ու անվտանգի այդ սահմանաբաժանը ասֆալտի վրա կավճի պարզորոշ սպիտակ գծով գծված չէր, դրա համար էլ կինն աներևույթ գծով խարխափելով, պարբերաբար դուրս էր ընկնում անվտանգ լուսանցքից ու ճանապարհի ամեն հատվածը մեկ մի որևէ մեքենայի շչակով հետ քշվում դեպի այն:

Որոշելն անկասկած աստծու մենաշնորհն է ու Մարդու համար միգուցե լավ է, որ նրանն և ոչ Մարդունը, բայց դա չի խանգարում արտահայտել սեփական կարծիքը, էդ դեպքում, ներող լինեք, միայն թե ոչինչ չի մնում անել, քան պնդելն է, թե Նախշունի համար երևի լավ կլիներ, որ նա ասենք պատահմամբ հայտնվեր պարսկական բեռնատարի թափքի տակ ու ավարտեր անմարդկային տանջանքների դրվագաշարը, որ ապրում է աղբակղների հույսին հանձնվելուց հետո: Այո, ավելի լավ կլիներ, մինչդեռ Նախշունն ամեն անգամ հետևում լսելով մեքենաների հռնդյունը կամ մեջքը ծեծող շչակի ձայնը, կողք է քաշում մեքենաների անարգել ընթացքը խոչընդոտող ոսկրացած մարմնի ձախ կեսն ու ճանապարհ տալիս դրանց այնպես ասես կյանքն այդպես անկրկնելի պետք է հենց իրեն և ուրիշ ոչ ոքի:

Նախշունն իր այդ կյանքում ունի հասարակ մահկանացուի կենցաղի համար բնութագրական ատրիբուտները` չորս պատ ու տանիք գլխին: Մեջը վաղուց գազ չկա, ջուր չկա, հոսանք չկա, բայց վրան գյուռ-գյուռ գույքահարկ է հաշվարկվում ու թաղապետարանից էլ գեդինը չեն մտնում, Նախշունին հարկ վճարելու նախապահանջներ են ուղարկում ու չվճարելու դեպքում հաթաթա տալիս դատարանով: Է՜ էդ դեպքում ինչո՞վ տուն չի: Ունի երկու ժառանգ` տղա ու աղջիկ, առաջինը կողքն է, երկրորդը` ջհանդամումը: Ձեռ չեն գցում, շան տեղ չեն դնում, տիրություն չեն անում, բայց ժամանակին ծիծն են կերել, կերել են կյանքն ու երիտասարդությունը. Է՜ էդ դեպքում ինչո՞վ զավակներ չեն: Նախշունն իրոք ունի կյանքն իմաստավորելու համար հարկավոր ատրիբուտները, բայց դրանք նրա դեպքում հռչակագրային նշանակության են, որովհետև տունը տուն է այնքանով, որքանով այն համապատասխանում է դրա ֆիզիկական հատկանիշների վերաբերյալ ընդունված պատկերացումներին, զավակները զավակներ են այնքանով, որքանով ծննդյան փաստաթղթերում «Ծնող» սյունակի դիմաց գրառված են Նախշունի տվյալները: Այդ տանը վաղուց այլևս իր բուղը չի արձակում ընտանեկան ընթրիքի ջերմացնող բուրմունքը, այդ զավակների հետ վաղուց Նախշունը հույսեր չի կապում ու չնայած դրան նա բռնել է իր երևակայության մեջ քաշված կյանքի կավճաթաթախ գիծը և կամովին պարսկական բեռնատարի տակն ընկնելու փոխարեն Նուբարաշեն բարձրացող միակ ճանապարհով գործնական մարդու ռիթմով անընդհատ վերուվարում է: Նայես՝ կասես գնալու տեղի պակաս չունի:

Մարդկանցից մերժված Նախշունը նախապես երկու տեղ ուներ գնալու՝ հասարակական կուտակումների բոլոր հնարավոր վայրերը, որտեղ կարող էր հայցել մարդկանց բարեգթությունը՝ Շուկայի մերձակայքն ու Երկաթգծի կայարանի մատույցները: Այստեղ նա գետնի վրա կամ մարդկային հոսանքի որևէ անվտանգ հատվածում սևեռվելով, ձեռքն առաջ էր պարզում ու սեփական չափի բացառիկ գիտակցմամբ բարեգթություն մուրում այնպիսի չափաքանակով, որն ափսոս չէ շռայլել օտարին՝ տասը-քսան, հազվադեպ հարյուր դրամ: Սկզբից Նախշունի ինքնասիրությունը նման զբաղմունքի անպատվաբերության հաշվառմամբ, ոռիկ-ոռիկ լինով մերժում էր այն, բայց ուղտի սապատով տնկված պատվախնդրությունը սովի մատնվելով, վերջապես հաշտվեց իրավիճակի անելանելիության հետ ու Նախշունը վերջապես հնարավորություն ստացավ անարգել իրագործել մտադրվածը: Սկզբից լավ էլ ստացվում էր, սկզբից Նախշունը լավ էլ պահում էր գլուխը, բայց ժամանակի հետ մարդկանց բարեգթությունը ավտոյի դիմապակու պես տարածուն ճաքեր տվեց ու Նախշունը սեղանին դրեց պահեստային տարբերակը՝ այցելությունը դեպի քաղաքային աղբարկղներ: Նույն պահին ճաք տվեց Նախշունի բանականությունը և լավ էր, որ այդպես ստացվեց, այլապես նա հազիվ թե կարողանար մոտենալ դրանց:

Քանի դեռ քաղաքը ողողված էր սովետական նմուշի մետաղական աղբարկղներով Նախշունը նեղություն չէր քաշում: Մարդու կեսի հասակն ունեցող աղբարկղները Նախշունին հասանելի էին նրա կարճ հասակի բարձրությունից, իսկ առավելագույն դժվարությունը, որ կրում էր նա դրանց հետ հարաբերվելիս, աղբարկղների խորքերին հասնելն էր: Մեկ հատուկ այդ նպատակներով հարմարեցված կեռիկով, մեկ գոտկատեղով դրա եզրերին կռթնելով, Նախշունը, սակայն հասնում էր նաև աղբարկղների  խորքերին ու հենց ներսում քջջում էր աղբը: Նախշունի համար շատ ավելի հեշտ էր հին նմուշի մետաղական աղբարկղների այդ ժամանակներում և շատ ավելի հեշտ էր այդ ժամանակներում, երբ չկային ցելոֆանե տոպրակները: Երբ դրանք չկային, մարդիկ իրենց աղբը դույլի կամ խաշլամի անպետք ղազանի մեջ բաց-բրախ, բերում ու շուռ էին տալիս աղբարկղների մեջ: Այդ ժամանակներում մարդիկ իրենց կեղտը չէին թաքցնում ու մի կտոր դեն նետված ուտելիքի համար այն քջջելը հեշտ էր:

Սկզբից Նախշունն իր հասակն առնվազն մեկ քառորդով գերազանցող այդ պլաստմասե հրեշներին հանդիպեց հատուկենտ տեղերում: Տեսավ, դրանց վրա չռեց մոխրագույն աչքերը, հետո մոտեցավ, զարմանքով չորս կողմից զննեց-շոշափեց ու միգուցե նաև հոտոտեց դրա անկյուններն, ապա ուղղություն վերցրեց դեպի ենթագիտակցորեն իրեն ծանոթ հին ու բարի աղբարկղները: Հետո մեկը մյուսի հետևից հին աղբարկղները վերացան նաև նրա այցելությունների բոլոր սովոր վայրերից: Նոր աղբարկղները Նախշունի այցելությունների շրջանակը նեղացրեցին աստիճանաբար, մինչև մի օր փողոց դուրս գալով, Նախշունը չգտավ իրեն այնքան ծանոթ միջավայրը: Առաջին անգամ խնդիրների Նախշունը բախվեց այդ օրը, հենց այդ օրը, երբ բեռնատարի թափքի վրա դրած, տարան վերջին մետաղական աղբարկղը, նա փորձեց հասնել ժամանակին իրեն հեշտ տրվող աղբի կույտին: Նախշունը հնի համին գնալով, կարծեց հեչ բան` հեսա կմոտենա, վատագույն դեպքում գոտկատեղը պռնկին դեմ կտա ու կհասնի խոստումնառատ ընդերքին, բայց, երբ մարմնի ծանրությունը ոտքի ծայրերին սևեռելով փորձեց նայել ներսը, հասկացավ, որ վեր ձգված ոտքերի մատները նույնիսկ չեն ապահովում անհրաժեշտ բարձրությունը: Այս իրողությունից սարսափած Նախշունն այդ օրն իրեն շպրտեց բոլոր ծանոթ տեղերն ու մինչևիսկ համարձակվեց ճամփա բռնել դեպի քաղաքի խոպան վայրերը, որտեղ ծնված օրվանից ոտքը չէր դիպել: Երկար ճանապարհ անցնելուց հետո արտադրական նշանակության մի շինության կողքին Նախշունին վերջապես հաջողվեց գտնել ենթագիտակցորեն իրեն ծանոթ մեն-միակ աղբարկղը: Աղբարկղի արտաքին տեսքից Նախշունի աչքերը լայն կամարեցին, ինչպես խավարի մեջ լույս փնտրող բիբն ու անձկացան, երբ հանդիպեցին դրա բովանդակությանը: Քաղաքի միակ մետաղական աղբարկղի մեջ Նախշունը բացառապես շինարարական թափոններ գտավ ու գոնե նեխած հացի ոչ մի կտոր:

Այդ օրն առատ անձրև էր գալիս ու աղբարկղի կողքը ծալապատիկ նստած Նախշունի աչքերի տակի կաթիլները երևի ոչ մի առնչություն չունեին նրա ներսը բռնած անմխիթարելի տխրության հետ, հատկապես որ նրա ներսը վաղուց դադարել էր արձագանքել զգայական ազդակներին: Ամեն դեպքում նա կիսակոր հետագծով սրբելով ակնախոռոչների ստորոտը, մի կերպ ոտքի կանգնեց ու բռնեց Նուբարաշեն տանող միակ ճանապարհը, որտեղ պարսկական տարբերանշաններով բեռնատարը կողք շպրտեց Նախշունին ինչպես ջրափոսի մի բուռ անձրևաջուրն ու մի կերպ խուսափեց Խաչխաթունի Մխոյին տակը գցելու վտանգից:

Վերահաս մահվանից փրկված Խաչխաթունի Մխոն բույրերից փաղաքշվող մռութը մայթեզրի աղբարկղի անհասանելի բարձրունքին դարձրած, իր անելիքը որոշել չէր կարողանում: Առաջ չէր կարողանում գնալ, որովհետև դիմացը նրա հասակը մի քանի անգամ գերազանցող բարձրությունն էր, իսկ թողնել-հեռանալ չէին թույլատրում ռունգերը գերեվարման մեջ առած բույրերի աներևույթ թելերը: Մխոն հսկում էր պռնկի վրա դեզ դարձած աղբն ակնդետ հայացքով, որում նշմարվում էր լուծումներ գտնելու նրա տարտամ ցանկությունն ու շեղվում էր երանելի բարձրունքից միայն հպանցիկ դիտելու իր մտավոր կենտրոնացմանը սպառնացող անցորդներին: Թվաց Մխոն լուծում գտնելու անկարող, այդպես էլ այս դիրքում կմնա, երբ հանկարծ նա հետ-հետ գնաց, արագություն հավաքեց և սուրաց դեպի աղբարկղը, մի քիչ էլ ու պրկված մարմինը պիտի պոկեր նրան գետնից, բարձրացներ վեր, բայց երևի առողջ դատողությունն էր` խանգարեց նրան ավարտին հասցնել ծրագրածը, որովհետև աղբարկղի մերձակայքում Մխոյի փքուն մարմինն ինչպես ծակված փուչիկը` վայրկենապես կորցրեց առաձգականությունը: Մխոն կանգնած տեղից վեր ոստնելու մի քանի փորձեր էլ կատարեց, բայց դրանք ավարտվեցին մարմնի վեհերոտ վերուվարումներով միայն: Մխոյի առաջին փորձին հետևեցին նույն տրամաբանությամբ համալրված երկրորդ, երրորդ փորձերն ու Մխոն արդեն պիտի հուսահատվեր, երբ չորրորդ նրա փորձը պսակվեց հաջողությամբ: Մխոն նորից հետ-հետ գնաց, արագություն հավաքեց ու շպրտեց իրեն վեր: Մարմնի առաջին կեսով աղբարկղի մեջ, Մխոն հետևի թաթերի չանչերով քերքրելով աղբարկղի պլաստմասե երեսպատվածքը, վեր բարձրացրեց գահավիժման վտանգի մեջ թպրտացող մարմնի երկրորդ կեսն ու թրմփալով ընկավ աղբարկղի բացվածքի մեջ:

Քիչ հեռվում վերջալույսի աղոտ շողերի մեջ զմայլմունքով Մխոյին դիտող Նախշունի աչքերը ցուցադրում էին նրան պատած բացահայտման բերկրանքի լույսն ու Նախշունն այլևս ոչ այս կողմ, ոչ՝ այն, կռացավ, գետնից մի ժեռ քար վերցրեց ու առաջացավ դեպի Մխոն: Խաչխաթունի Մխոն իր բիրտ բնավորությամբ նվեր չէր ոչ անծանոթի ու մինչևիսկ ոչ իր տիրոջ համար: Էս քոփակ անտեր շունն իր կարճ կյանքի ընթացքում հասցրել էր չափել աշխատանքից տուն ուշացած շատ աղջիկպարոնների վախն ըստ Ռիխտերի սանդղակի ու մի անգամ նույնիսկ քրքրել-պոկել էր մի կտոր Լուսոյի մարմելադ բդից, բայց Մխոն դեռ չէր բախվել քաղցած մարդու հուսահատ վճռականությանը, դեռ չէր պատահել, որ մեկը Մխոյի մսից պոկելու պատրաստ, կրճտացներ ատամները նրա վրա ու Մխոն դա հասկացավ հենց այն պահին, երբ քարը գլխավերևում պահած Նախշունը մոտեցավ աղբարկղին: Էլ ո՛չ ժանիքներ մերկացնել, ո՛չ գռմռալ, ո´չ ատամ գցել, Մխոն պարզապես դուրս ցատկեց ու գլուխն առնելով, մի կողմ փախավ: Հազիվ էր Մխոն անհետացել տեսադաշտից, երբ Նախշունը հետ-հետ գնաց, թափ հավաքեց ու շուն դառնար Հուսեյն Բոլտի հերը, նրանից ոչ պակաս արագ սուրաց դեպի աղբարկղը: Ձեռքերը դրա պռնկին սևեռելով, Նախշունը աղբարկղի դիմային պատի վրա ոտքերով տեղապտույտներ կատարելով, պոկեց մարմինը գետնից ու հայտնվեց մինչ այս անհաղթահարելի թվացող բարձրունքի գագաթին: Նախշունի էությունը բռնած երանությունն այնքան անմնացորդ էր, որ չկար մեկն, ով տեսած կլիներ նրան աղբարկղ մտնելուց հետո աղբարկղից դուրս գալիս, սակայն կար ընտանեկան ընթրիքից շատուշատ ուշացած պատահական մի անցորդ, ով քաղաքային աղբավայրում թափառական շների կողմից անճանաչելիության աստիճանի հոշոտված դիակի  հայտնաբերումից որոշ ժամանակ անց հայտարարում էր, որ այդ օրն աղբարկղի կողքով անցնելիս կարծել է, թե աղբարկղը մարդու շունչ առած, երազի մեջ խռռացնում է:

Աղբահավաք ծառայության աղբատար մեքենաների վարորդների հեչ պետքը չի՝ քնա՜ծ ես, անբուժելի հիվա՜նդ ես, դրանք սովորություն ունեն, գալիս ու գիշերը ժամը երկուսին-երեքին, երբ մարդիկ տասներորդ երազն են տեսնում, շըխկ-թըխկ՝ մեքենայի ամբարձիչին են ամրացնում աղբարկղն ու դիվահար ցնցելով գիշերային լռության օձիքը, դատարկում այն բեռնատարի թափքի մեջ: Այդ օրը, երբ Նախշունին հասանելի էր դարձել անհաղթահարելի բարձրունքը, ծառայության մի մեքենա գիշերվա երեքին, հետնային լուսարձակն ուղիղ դեպի աղբարկղը պահած, հետադարձ ընթացքով մոտեցավ դրան: Բեռնատարի խցիկից մի մարդ ցատկեց, աշխույժ ոստոստալով այնպես, ասես ծեգ էր ու ոչ գիշեր, մոտեցավ աղբարկղին, մոտեցրեց-հարմարեցրեց այն բեռնատարի ամբարձիչին, ապա սեղմեց թափքի վրայի լծակներից մեկը: Աղբարկղն աղիողորմ ճիչեր արձակելով, պոկվեց գետնից, դղրդոցով բարձրացավ դեպի մեքենայի գագաթն ու կախվեց դրա վրա: Դատարկվող աղբը խուլ թրմփոց, ապա բեռնատարի քառաբոլոր թափքով խլացած աղաղակ արձակեց ու լծակը ձեռքում պահած մարդն այս աղաղակից ցնցվելով, բաց թողեց այն: Նոր զարգացումներին ականջալուր, նա մի քանի ակնթարթ դադար տվեց, ապա երբ աղաղակին չհետևեց նրա կողմից պարտադիր դիտված կրկնությունը, հանգստացած, ձեռքը նորից մեկնեց լծակին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *