A working class hero is something to be.
A working class hero is something to be.
Երգում եմ ամեն օր դասի գնալիս: Չգիտեմ՝ ի՞նչն է ինձ դեռևս պահում Լենոնի հետ, բայց էս աշխարհում դա միակ բանն է, որ ինձ հետ է: Էսօրվա պես հիշում եմ օրը, երբ Լենոնի հետ որոշեցինք ծխել դպրոցի պետքարանում: Էդ օրն էր, որ Լենոնը ինձ առաջին անգամ պատմեց իր երազանքի մասին՝դառնալ երգիչ, թերևս, ըստ իս և նաև ըստ Լղարի, նա էնքան էլ չէր փայլում վոկալ ունակություններով: Իսկ մեր Լենոնը չէր կարող ռեպեր դառնալ, թերևս, կարծում եմ, փողոցային բառապաշարը նրան կարող էր այդ հարցում օգնել: Հատկապես էդ օրերին հայկական ռեպով սկսում էին զբաղվել նրանք, ովքեր իրենց քուչի լավ տղա էին երևակայում և շփվում էին իրենց ասած՝ «չոր պանյատով»: Իհարկե, էդ պետքարանը միշտ էլ իր առաջնային դերը չի սպասարկել: Ու ինչպես տղեքն էին սիրում ասել ՝«Курилка» ենք գնում: Էդ օրերին արդեն իսկ մոդա էր խոսելիս ռուսերեն կամ անգլերեն բառեր օգտագործել, բայց էս էդ դեպքը չէր: Էս էն հայտնի դեպքը չէր, որ մեկի հետ էիր խոսում, ինքն էլ ընթացքում բացի հայերենը բռնբարելուց, բռնաբարում էր նաև ուղեղդ՝ իր իմացած անգլերեն և ռուսերեն բառերով: Բայց ի տարբերություն այդպիսի մարդկանց, իմ նոր դասարանի Լիլիթը ֆրանսերեն բառեր էր ասում, որոնք հասկանալը գրեթե անհնար էր: Իհարկե, մի քանի բառ հնարավորություն ունեցա սովորելու, բայց էդ երբեք չէր օգնում հասկանալ Լիլիթին: Եթե անկեղծ լինեմ աշխարհի հետ, կասեմ, որ Լենոնի մահից հետո միակ սփոփիչ, հուսադրող մարդը էս աշխարհում Լիլիթն էր: Նա միակն էր, ում հետ կարելի էր կտրվել ամեն ինչից, խոսել գրականությունից, երաժշտությունից, խոսել ցանկացած հիմար բանից: Իսկ մյուսները, ովքեր մնացել էին իմ կյանքում, վաղուց արդեն ինձ համար հետաքրքիր չէին: Ես չէի սիրում ոչ մեկին, երևի ամենաշատը չէի սիրում ինձ: Մտածում էի՝ կյանքը ֆիզիկական տանջանք է, մտքի հիվանդություն և, ցավոք, մահը էդ ամենից փրկություն չէ: Բայց չէի ծխում, որ մեռնեի, ծխում էի՝ մոռանայի ապրել: Լենոնի մահվան լուրը լսելուց հետո ունեի հնարավորություն ամեն ինչ նորից սկսելու, բայց հակառակ դրան, ավելի խրվեցի էդ գրողի տարած դեղահաբերի և ծխելիքների մեջ: Աշխարհը ինձ համար կորցրել էր իր գույները, ես էլ մոռացել էի, թե ինչպես է հնարավոր դրանք վերականգնել: Թերևս Լիլիթը նկարչուհի էր և ինձ երբեմն սովորեցնում էր, թե մտածածդ ինչը ինչ գույնով կարելի է կյանքի կոչել: Ինձ մոտ էնպիսի շրջան էր, որ ես ուզում էի միայն ամեն ինչին դեմ գնալ, ամեն ինչ մերժել: Ես զզվում եմ օրենքներից: Դրանք ինձ թվում են ընդամենը խոչընդոտներ, որ կոկորդիդ չոքած խանգարում են քեզ իմաստուն գործել: Դրա համար էլ խախտում էի հնարավոր բոլոր կանոները, որոնք սովորական էին մարդկանց համար: Լիլիթի ներկայությունը իմ կյանքում փրկության օղակի մի մասն էր, բայց դա էլ ինձ հերիք չէր: Ես ամեն օր ինքս ինձ կրկնում էի՝ մարդկային շփում գոյություն չունի: Ցանկացած մարդ էս գրողի տարած կյանքում միշտ մենակ է: Այնուամենայնիվ, եթե շրջապատված ես քիչ թե շատ պարկեշտ ընկերությամբ, կարող ես բավական երկար ժամանակ մոռանալ էս սարսափելի փաստի մասին: Կարող ես որոշ ժամանակ քեզ ազատել էդ զզվելի բանից՝ մտածելուց: Բայց ես ընկերներ չունեի: Լղարը անհետացել էր, Լենոնը մեռել…
Իսկ գուցե բոլորի փոխարեն ես էի մեռել կամ էլ անհետացել, ո՞վ իմանա։ Իսկ Լիլիթը, ա՜խ, էդ Լիլիթը։ Նա նման էր էն հաբերին, որոնք ես ընդունում էի, այսինքն՝ ժամանակավոր փրկություն էր, ժամանակավոր հաճույք։ Բայց բարդ էր հասկանալ Լիլիթի համը, քանի որ ես դեռևս չէի զգացել այն լիովին։ Եվ, իհարկե, սա դարձավ իմ մտքի միակ ուղղությունը, գտնել Լիլիթի, նրա շուրթերի բանալին։ Հեշտ ստացվեց նրա սիրո աղբյուրից ջուր խմելը, քանի որ նա ևս տարված էր իմ տարօրինակություններով։ Իմ և նրա առաջին համբույրը․ դա նման էր միանգամից երկու հոգու հետ համբուրվելուն։ Հա՛,էդպիսի բան մեկ հանդիպել էի գրքերում, մեկ կարդացել էի սատանայի համբույրի մասին, մեկ էլ ինքս զգացել էի հորեղբորս առատաձեռն հյուրասիրությունների շնորհիվ։ Թերևս կազախաուկրաինական համբույրը չէի կարող համեմատել էդ մաքուր, կուսական հայուհու համբույրի հետ։ Ամեն օր մտածում էի՝« Գուցե նրա համբույրի մեջ թմրադեղի դառնություն կա՞, գուցե նրա շուրթերում կարելի է չխելագարվե՞լ»: Սակայն վաղուց խելագար էի, երբ գիշերները անցկացնում էի կամուրջների վրա կամ տանիքներին։ Ես վաղուց էի խելառ, որ էդ թույնը լցնում էի ստամոքսս, անգամ հասկանալով, որ էդպես չեմ վերադարձնի Լղարին և Լենոնին։ Գիտե՛ք, ինչ-որ մեկի համար կյանքն սկսվում և ավարտվում էր սիրելիին կորցնելով, իսկ իմ կյանքը ավարտվել էր ընկերներիս կորստով։ Մինչև Լիլիթին իրապես բացահայտելը, մինչև նրա աշխարհի գույնը հասկանալը, մինչև նրա մեջ փրկության հույսի կայծ տեսնելը, ես ապրում էի մի քանի աշխարհում։ Առավոտյան կապտած, դեղնած, անտանելի հյուծված գալիս էի դասի, Լիլիթի հետ ուսանում, ինչքան հնարավոր էր, հատկապես՝ սովորում էի նրա կյանքի գույները, որ հիասքանչ պատկերում էր թղթի վրա։ Իմ դիմանկարն էր նկարել մի օր, բայց աչքերիս տակի սև փոսիկները չէր ներառել էդ նկարում։ Էս էր պատճառը, որ ես նրան մեղադրում էի ինձ լիովին իրական չտեսնելու մեջ, իսկ նա պնդում էր, որ իրական եսս հենց այդ դիմանկարի տղան է։ Դպրոցում շատերը գիտեին իմ ընկերների մասին, բայց ոչ մեկը չէր խիզախում էդ մասին խոսել, անգամ Լիլիթը, որ արդեն իմ ընկերուհին էր, չէր համարձակվում դա անել, սակայն մի օր չդիմացա և ինքս խոսեցի։ Էդ օրը շատ թեթևացա, բայց մեկ է՝ հոգուս մոխիրը չանէացավ։ Երբեմն ինձ թվում էր՝ ամբողջական չեմ, որ էդ ես-ի մեջ տարորոշված է մեկ այլ ուժ, որ իմ փոխարեն էնտեղ այլ երևույթներ են ամեն ինչ որոշում, որ պարզապես հասարակ, խորը մոլորության զոհ եմ: Սակայն, երբ արդեն իմ եսի մեջ մտել էր նաև նա՝ այդ անծանոթ ու միաժամանակ ծանոթ ֆրանսախոս գեղեցկուհին, ինձ մնացել էր միայն չկործանել նրա կյանքը։ Բայց իմ վերքը խորն էր, իմ ցավը խորն էր, ես խորը փոսի մեջ էի։ Երևի դա էր պատճառը, որ Լիլիթի սիրտը իմ կոշտ ձեռքերով երկու մասի բաժանեցի, պատռեցի հասարակ, չպետքական թղթի պես, թերևս կարծում եմ՝ անպետք թուղթ չի լինում։ Էդ օրը դեղահաբերի չափաբաժինը խախտեցի, ավելի շատ ընդունեցի։ Հանդիպման վայր նշանակեցի մեր տունը։ Էդ օրը տնեցիք տեղ էին գնացել ու տունն ամբողջությամբ իմ խենթությունների ու ֆանտազիաների խշխանության տակ էր։ Եկավ Լիլիթը, ա՜խ երանի չգար, ուղղակի չբացեր էդ անտեր դուռը, ուղղակի դասարանում երբեք ինձ ուշադրություն չդարձներ, ուղղակի երբեք բարևս չառներ։ Սկզբից ամեն ինչ լավ էր, խոսում էինք, Լիլիթը նկարում էր, ես երգում, Լենոնի «Imagine»ը։ Նկարչությանը, կյանքին, ստեղծագործությանը ավելի մոտ երգ էս աշխարհում չկա, չի ստեղծվել․ դա միակ բանն էր, որում ես համոզված էի։ Հետո գինի խմեցինք, հետո գինին թափվեց մորս նոր առած սփռոցի վրա, հետո դանակով միամիտ ճղեցի ձեռքս․ ուզում էի հյուրընկալ թվալ՝ միրգ էի կտրատում, բայց իմ կյանքում միայն լավ կտրատել եմ ավել-պակաս խոսացող շների լեզուները։ Հետո ինչ-որ շնային բնազդ իմ մեջ ծնվեց, հարձակվեցի թարմ ոսկորի վրա, որտեղ չէի հասկացել, որ մաքուր մաշկ է, զգայուն, մարդկային, այլ ոչ թե կենդանական, ինչպես ինձ թվացող շոյանքներն ու համբույրները։ Սկզբից համբուրեցի, հետո լիզեցի էդ ոսկորը, զգացի, որ սկսում է պլստալ ձեռքիցս, չդիմացա, երկու ձեռքերով ամուր բռնեցի նրան, բացեցի նրան երկու մասի, ու հենց բաժանման տեղում սկսեցի խրել դանակս, որ ավելի ցավի, որ ավելի դաժան լինի, որ ավելի հաճելի լինի։ Մինչև հասկացա, որ ոսկորից արյուն չի գալիս, կամ էլ գալիս է, չգիտեմ, արդեն ուշ էր։ Լիլիթը չներեց ինձ, ես չներեցի Լենոնին, Լղարին, աշխարհին ես չներեցի։ Ատեցի ամբողջ աշխարհը, այնքան մեծ ուժով ատեցի, որ պատրաստ էի իմ սատանայական ձեռքերով ավերել այն, մեկ հրամանով վերջ տալ դրա գոյությանը, վերջ տալ մարդկային ստորությանը։ Թերևս, երբ ուշքի եկա, հասկացա, որ ոսկորին իրականում ոչինչ էր չէր եղել, ասել է թե՝ ոսկորը արյուն չունի, բայց ոսկորը էլ երբեք չի վերդառնա շան մոտ, միայն դարեր անց մարդիկ նրա առաջ կշպրտեն մի քանի անպետք ոսկոր և կասեն՝ լափի՛։ Ու էդ ժամանակ էր, երբ ես ուզեցի ամբողջ աշխարհին բղավել՝ հնարավորությունը կորցնել չի կարելի, բայց աշխարհը դադարել էր լսել ինձ։ Աշխարհը Լենոնին էր լսում, նրա հիասքանչ և ֆանտաստիկ երգերը, նրա սրտին դիպչող և ավերող երգերը։
Լիլիթը փոխեց դասարանը, ես էլ կարողացա էդ ցավը վերջապես պետքական բանի վերածել, գնացի էն «Ձորը», որտեղ հավաքվում էինք Լենոնի և լղարի հետ, երբ պետք է ինչ-որ մեկի գլուխը ջարդեինք, և թափեցի իմ ամենամոտիկ ընկերոջը ներքև․․․ Լսվեց մի քանի տկտկոց, մի քանի ոտնաձայն, բարձր ծիծաղ և դուրս հորդող անճաշակ երաժշտություն՝ թաղի լավ տղերքից մեկի ավտոմեքենայից։ Դրեցի ականջակալներս, երևի այդպես էլ չհանելու նպատակով․․․
