Նորեկ Գասպարյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Պատմվածք

   Նախ՝ խոստովանեմ, որ նման ծիծաղելի, ավելի ճիշտ՝ տարօրինակ բան ինձ հետ  երբեք չի կատարվել։ Ուզում եմ ասել, երբ գրելու ցանկություն կոչվածը,  առանց ավելորդ սեթևեթանքի ու խոստումների կանգնել է կողքիս, ձեռքս մեկնել եմ գրչին։ Իհարկե, միշտ չէ, որ ինձ ոգևորել են նման այցելությունները, բայց, ընդհանուր առմանբ, հաճախ կարգին, համարյա երեխայի պես, ուրախացել եմ, հասկացել, որ առանց այդ հարաբերությունների ես աշխարհի ամենաձանձրալի ու անհետաքրքիր, անհամ ու, պատկերացնու՞մ եք, վտանգավոր արրածը կլինեի, և ամենևին էլ զարմանալի չէ, որ նման իրավիճակում, առանց բացատրության, ինձ լքում են նույնիսկ ամենամտերիմ ու հարազատ մարդիկ։ Մեկն էլ վերջերս ականջիս շշնջացել է, որ ինձնից… որ ինձնից ամլության հոտ է փչում։

                 Պատահել է նաև, որ այդ գրելու ցանկությունը ժամանել է, իսկ ես  մարդավարի չեմ դիմավորել նրան, ինձ պահել եմ ամենավերջին , ո՞նց ասեմ, ամենաանամոթ վայրենու նման։ Անգամ չեմ էլ հետաքրքրվել նրա անպատեհ ու անժամանակ այցելությամբ։ Օրինակի համար, կարո՞ղ էի, չէ՞,  գոնե ձևացնել, որ ուրախությունս չափ ու սահման չունի, որ մեծ ու փոքր, կին, թե՝ տղամարդ, նախանձում են ինձ, որ իր առաջ միշտ էլ բաց է դուռս, որ առանց նման հանդիպումների հնարավոր չէ ապրել, կանգնել մարդկանց կողքին և բացատրել, որ ԵՐԿԻՐԸ կլոր է։ Իհարկե, կարող էի, բայց, նորից եմ ասում, ինձ պահել եմ ամենաանուղեղ մարդուկի նման։

                             Սակայն հիմա, ինչ տեղի է ունենում ինձ հետ, լրիվ նորություն է, թեպետ, թվում է, անհասկանալի ոչինչ էլ չկա, պարզապես որոշել եմ  մի լավ պատմվածք գրել,  այնպիսի մի պատմվածք,  որի նմանը մինչև ինձ ոչ մեկը չի գրել ու, ամենակարևորը, չի կարողանալու գրել նաև ինձնից հետո,  հատկապես, եթե հաշվի առնենք, որ բոլոր լավ ու վատ պատմվածքներն  էլ այդպես են գրվել։ Ուզում եմ ասել, եթե մարդը ինչ-որ բան գրելու տրամադրություն է ունեցել, ընտրել է կողքին ապրողներին  ու հանգիստ բնակեցրել իր նախընտրած, նման դեպքում ասում են՝ համապատասխան միջավայրում ու բոլորին հանել իրար դեմ։ Եվ ուսանելին այն է, որ նրանք բոլորն էլ լուռ ու մունջ, ուղղակի խոնարհաբար ենթարկվել են հեղինակի կործանման տանող հրամաններին: Ոչ մի ինքնուրույն քայլ, ոչ մի ծպտուն, առանց թույլտվության ոչ մի շարժում։ Որոշումներ կայացնողը միշտ էլ, ինչքան գիտեմ, մեկն է՝  ինքնահավան ու միահեծան հեղինակը, անպատիժ, կախաղան հանող, գնդակահարող, կրակը նետող, բռնաբարող ու հալածող․․․

                                Թաքցնելու բան չկա, ես էլ եմ այդպիսին, իմ հերոսներն էլ։ Նրանցից և ոչ մեկը մինչև այսօր չի փորձել դժգոհել անգամ, ասենք՝ իր հագ ու կապից, իր սանրվածքից, իր, թեկուզև, հարևանից։ Բայց ամենազարմանալին կանայք են, նրանց համակերպվածությունն ու հնազանդությունը։ Ես դիտմամբ նրանց վիրավորում եմ, ձայն չեն հանում, ձանձրալի, անկարող ու անպտուղ մեկի հետ դնում եմ նույն անկողնում, լուռ ու մունջ տանում են իրենց բաժին ցավը, դարձնում եմ մարմնավաճառ, դիմանում են, զրկում եմ մայրանալու շնորհներից, չեն անիծում:  Մեկը կար, հետը ինչ ասես, արեցի, բայց ամեն անգամ  հադիպելիս  այնպես էր ուրախանում, այնպես էր թռչկոտում, որ ես իմ արածից ամաչում էի, ցանկանում  ներողություն խնդրել։ Մի անգամ էլ, հենց փողոցի մեջ, մարդկանց ներկայությամբ  ասաց, որ սիրում է ինձ և առանց ինձ չի պատկերացնում  ո՛չ արշալույսները, ո՛չ մայրամուտները, ոչ էլ, բնականաբար,  երկար-երկա՜ր գիշերները։

                    Չէ, բան չունեմ ասելու, ինձ հաճելի է նման մերձեցումը, նման վերաբերմունքն ու հանդարտությունը, բայց տարիներ անց այդ ամենը սկսում էր հոգնեցնել, ձանձրացնել, չարչարել էլ։ Նույնիսկ՝ հիասթափեցնել։ Ես նրանցից սկսում էի վախենալ, հրաժարվել հանդիպումներից ու  ցանկացած հարաբերությունից։

              Էլի բան չունեմ ասելու, իմ այդ մտերմուհիներն այնքան էլ վատը չէին, իսկ առանձին-առանձին, և առանց ինձ՝ հետաքրքիր էլ։ Մեկը կար, նրան, ճիշտն ասած, շատ էի սիրում, իր կնիկ տեղով ամբողջ քաղաքը բուռն էր հավաքել, դեմը խաղ-մաղ չկար, դերասանություն-մերասանություն չէր ընդունում։ Ամենաշատն էլ տղամարդիկ էին տակները լցնում։ Իսկ կանայք, չգիտես ինչու, նրանից չէին բամբասում։

                           Որ ասես շատ լավն էր, շատ լավը չէր, ասես գեղեցիկ չէր, ազնիվ չէր լինի։ Ամեն ինչը տեղն էր, ուզում եմ ասել՝ տեսնելիս քեզ կորցնում էիր, անպայման ուզում էիր մի մեղրաթաթախ խոսք ասել, կողքին մի քիչ երկար կանգնել, իբր պատահաբար, դիպչել ինչ-որ տեղին, մի լավ բան առաջարկել․․․ Ով էլ համարձակվեր ասել ուզում է քնել հետը, գիտե՞ք ինչ էր ասում,  ասում էր՝ ուզում ես, քնիր, ո՞վ է քեզ խանգարում:                                                                                                                   Իսկապես, լա՜վն էր հերն անիծածը։ Ես նման մեկին ուրիշ տեղ չեմ տեսել։ Եվ գիտեր, որ ես իր հանդեպ ամենևին էլ  անտարբեր չեմ, ուղղակի չէի համարձակվում  արտահայտվել,  կողքիս գոնե մեկ-երկու ժամ կանգնելու առաջարկություն անել։ Մի հետաքրքիր բան էլ՝ ասածս սկբնական շրջանում մի տեսակ տհաճությամբ էր ընդունում, չէր ուզում ենթարկվել, կատարել պատմվածքի հերոսի իր պարտականությունները՝ ամենևին էլ չմտածելով, որ հենց ես եմ իր արարիչը, ուզում եմ ասել՝ կյանք պարգևողը։ Եվ, թաքցնելու բան չկա, եթե այդպես շարունակեր, ես նրան կոչնչացնեի, ես նրան կուղարկեի գրողի ծոցը կամ էլ, լավագույն դեպքում, կդարձնեի ծայրամասային փողոցներից մեկում արևածաղիկ վաճառող, հազար շորի մեջ բնակվող պառավ։

                        Իհարկե, մարդկային առումով հեշտ չէր, բայց հանուն գրականության  կանեի և ճիշտն էլ դա կլիներ։ Եվ այդ՝ բոլորին իշխելու առաքելությամբ լույս աշխարհ եկած ու բնակության համար մեր քաղաքն ընտրած կինը հնազանդվեց։ Ավելին, ինքն էլ ինձ հասկացրեց, որ լրիվ մենակ է ու այդ մենակությունից սարսափում է, որ հաճախ  ուժեղ, պինդ, չհանձնվող տղամարդու հոտից կորցնում  է գլուխը, որ ինձ հետ, եթե ես, իհարկե, ցանկանայի, հաճույքով մի բաժակ սուրճ կխմեր, որ․․․ Չէ, իսկապես, ես նրան ամենևին էլ չէի մեղադրում, նա արևածաղիկ վաճառող պառավ դառնալու համար չէր ծնվել և, բնականաբար, չդարձավ, չարչարեց իր մարմինը, բայց չդարձավ․․․

                      Մեկն էլ չէր ուզում հրաժարվել բավականին գեղեցիկ կենցաղից, ամուսնուց ու երեխաներից, ուզում եմ ասել՝ չէր ցանկանում տեղափոխվել  մեկ այլ բնակավայր, ո՞նց ասեմ, ապրել էր ուզում։ Եվ դիմադրում էր, խնդրում էր, վարար արտասուք էր թափում, ճանկռոտում երեսս, վիրավորական արտահայտություններ անում, փորձում թաքնվել, անհետանալ։ Ճիշտ է, տարիները դեռ չէին հասցրել ավերել նրան, աչքերը շողշողում էին, մարմինը շարունակում էր գայթակղել անգամ կյանքում հազար կին տեսած արուներին, բայց նրա հեռանալը պարտադիր էր, պահանջ։ Իսկ նա՝ չէ ու չէ։ Մի անգամ էլ ուղղակի շրխկացրեց․

-Դու տղամարդ չես։

                      Եվ դա՝ երեսիս, աչքերիս նայելով։ Կատաղած, հոշոտելու պատրաստ։ Դիմադրելը համարյա անհնար էր, այդ պահին՝ իմ ուժերից վեր։ Իսկ նա նահանջելու մտադրություն չուներ և տեղում, առանց ժամանակ վատնելու․

-Եթե համաձայն չես, քնիր ինձ հետ;

                       Թաքցնելու բան չկա, ես նրանից նման անամոթություն չէի սպասում, թվում էր, կատակում է, փորձում խաղի վերածել տեղի ունեցածը, բայց՝ չէ․

-Քնիր ինձ հետ․․

                        Հանձնվելու իրավունք ես չունեի։ Նման հիմարությունը ինձ էլ կհեռացներ, նրան էլ։

-Քնիր ինձ հետ։

                        Ես չէի կարողանում պատկերացնել, որ շուտով հրաժեշտ եմ տալու այդ  գեղեցիկ ու երիտասարդ կնոջը, մասնակցելու եմ նրա թաղման արարողությանը, և ոչ մեկը չի կասկածելու, որ  իր կողքին կանգնած ոչ երիտասարդ, անծանոթ տղամարդն է այդ անժամանակ, անհասկանալի, մի տեսակ, խորհրդավոր մահվան պատճառը․․․ անխիղճ մարդասպանը, այդ դահիճը, այդ ստահակը․․․

                 Իսկ նման հանցավոր ու պատասխանատու որոշում ես կայացրել էի նրա ըմբոստությունից դեռ օրեր առաջ: Սկզբում, ուզում եմ խոստովանել, այնքան էլ հստակ չէի պատկերացնում սպանության պատճառն ու հետևանքը, բայց մեր յուրաքանչյուր հանդիպում համոզում էր, որ ես իմ որոշման մեջ չեմ սխալվել, թեպետ, նորից եմ ասում, մարդկայնորեն այնքան էլ հեշտ չէր նման շքեղ արարածի վրա ձեռք բարձրացնելը, նման կնոջը մերժելը։ Հնարավո՞ր էր  ներել,  ընտրել մեկ ուրիշի, ասենք, հնացած, պառավ մեկին: Իհարկե, հնարավոր էր։  Բայց, եթե ավելի ազնիվ, ես ամենաշատը ընթերցողներից էի վախենում։ Նրանք չեն սիրում, երբ հեղինակը գնում է նման անզոր, տմարդի, կարելի ասել՝ անհեթեթ քայլերի, երբ հեղինակը հրաժարվում է նման կանանցից։ Ինչքան էլ այդ հեղինակը փորձում է նման մարդկանց զբաղեցնել  այլ գեղեցիկ արարածներով,  նրանք ունեցածից չեն ուզում հրաժարվել։                                                       

                 Թաքցնելու բան չկա, նկատել էի, որ մեկն անընդհատ հետևում էր ինձ: Մի օր էլ երկար-երկա՜ր փողոցում միայն մենք էինք, նախ՝ սկսեց անհասկանալի քրքջալ, հետո միանգամից լրջացավ ու այդպես լուրջ-լուրջ էլ․

– Եկել եմ քեզ սպանելու։

… բան չէի հասկանում, իսկապե՞ս, մարդն այդ կարող էր նման բան անել, այդ բավականին տարիքով, բարությամբ լեցուն աչքերով ընթերցողը։ Ձայնն էլ էր խաղաղ, բայց.

– Հը՞, ի՞նչ կասես․․․

           Չէի կարողանում ինքս ինձ համոզել, որ իմ դեմ կանգնածը խելառի, ավազակի մեկն էր, հոգեբուժարանից հենց նոր դուրս պրծած։ Հագածն էլ չէր դա հուշում։ Կոստյումով էր։ Ճիշտ է, ո՛չ թանկարժեք, բայց գույնն էլ, ոճն էլ տեղն էր։ Փողկապ էլ էր կրում՝ կոստյումին համահունչ։ Սափրված էր։ Փնթիության ոչ մի ծվեն։ Հասցրի կոշիկներն էլ տնտղել։ Փայլփլում էին։ Երևում էր, որ նոր էին սկսել ծառայել իրենց տիրոջը, բայց նորից․

-Կարելի՞ էր, չէ՞, մեզ էլ մարդու տեղ դնել, մի բան էլ մեզնից հարցնել․․․

                             Ինչ խոսք, խելոք բան էր ասում մարդը։  Շատ կշռադատված ու բանականությանը մոտ։ Ուզում եմ ասել՝ մարդն առաջարկում էր մոտ լինել ժողովրդին, հասարակ մարդկանց և երբեք հարաբերությունները չխզել նրանց հետ։ Բայց, դե, այդպես էլ գրողը կկորցներ ինքնուրույնությունն ու համարձակությունը և չէր կարող վերահսկել գործողությունների ընթացքը։ Ինչքան մտածում եմ, այդ ուշադրությունը կգործեր իմ դեմ և մի սովորական օր էլ կքարկոծվեի բոլորի աչքի առաջ։ Չէ, չէ, նման հիմարություն ես ինձ չէի կարող թույլ տալ, ինքս ինձ չէի կարող  տանել կործանման։ Եվ ինչքան էլ խելոք լինեին ժողովրդի ծոցից ելած առաջարկությունները, ես պարտավոր էի մերժել, չընդունել, ժխտել։ Թե չէ․

-… սպանել․․․

                        Ուզում էի ասել՝ լավ եմ արել, քո ի՞նչ գործն է, դու ո՞վ ես, ընդհանրապես, բայց մարդը եկել էր ինձ սպանելու մտադրությամբ, և այդ մի քանի բառը, միանշանակ, կարագացներ այդ գործողությունը, դրան կհամոզեր, որ ինքն ամենևին էլ չի սխալվել, նույնիսկ, հնարավոր է, մի քիչ էլ ուշացել է։ Ժամանակին գար, խեղճ կինը էն մյուս աշխարհում չէր լինի։

-Էդ դու ի՞նչ ես դառել, որ ինչ ուզես, անես, հը՞․․․

                           Չէ, սա արդեն համը հանում էր, բայց ես, փոխանակ նրան կոպտելու, քիթն ու պռոշը մի լավ տրորելու, էլի փորձեցի արդարանալ՝ ասելով, որ իր սիրելի կինը իմ ուզելով չի, որ ինքնասպանություն է գործել, ընդհակառակը, նա իր այդ անմիտ քայլով  առաջինը վիրավորել է Աստծուն ու ինձ, քաոսային վիճակ ստեղծել, թյուրիմացության մեջ գցել նման հարգարժան ընթերցողին։ Հետո էլ սկսեցի դրա գլուխը լցնել անհավատալի պատմություններով ու հսկայածավալ ստերով՝ պարտադիր նշելով, որ յուրաքանչյուր գրիչ բանեցնող ուրախ պիտի լինի նման հանդիպումների, նման զրույցի ու կապերի համար։ Չմոռացա նշել նաև, որ ինչ գրվում է, ժողովրդի համար է գրվում, և ժողովրդի ուսյալ ներկայացուցիչների շարունակական ներկայությունը համարյա պարտադիր է, և ոչ մի գրող առանց նման դիտորդների չի կարող ստեղծել քիչ, թե շատ արժեքավոր գործ։ Ես այսքանը ասում եմ, իսկ նա շարունակում է քշել իր սովորականից մեծ, սև էշը․

-Էս մեկից ինչու՞ ես ուզում հրաժարվել։

                   Այ քեզ բա՜ն․․․Սա արդեն պատերազմ հայտարարելու նման էր, և ես հասկացա, որ գործ ունեմ ոչ սովորական հանցագործի, կարելի է ասել՝ մոլագարի հետ, ով սիրահարվում է իմ հերոսուհիներին, ապրում է նրանց հետ, ամենուր նրանց կողքին է և նրանց հետ էլ անկողին է մտնում։ Եվ հիմա, երբ նրանք չկան, դարձել է անկանխատեսելի, այդ ուհիներին իմ ստեղծած իրականությունից տեղափոխվել իր իրականություն, որտեղ, պարզվում է, լրիվ մենակ է ու տկար։

-Դու գոնե գիտակցու՞մ ես, որ այս ամենի համար մեղավորը դու ես, պարոն կնասպան, պարոն հանճա՜ր․․․

                 Եվ հեռացավ։ Միանգամից։ Առանց հրաժեշտի; Ու՞ր։ Չգիտեմ։ Պարզ էր միայն մի բան, եթե ես որոշել եմ մեռնել գեղեցիկ, ճիշտ կլիներ ասել՝ ոչ անժամանակ ու խորհրդավոր պայմաններում, ասենք հենց տանը, բազկաթոռին նստած, գրիչն էլ ձեռքիս, ապա իմ՝ այդ կնոջ մասով կայացրած որոշումը պիտի որոշակի փոփոխության ենթարկեի, չանեի այն, ինչ մտադիր էի անել։ Մի խոսքով այդ կինը պետք է ապրի և՝ վերջ: Ես կարող էի և պարտավոր էի նման որոշում կայացնել, այն էլ առանց ուշացումի, ժամանակին, և ոչ մեկը չէր կարող ինձ խանգարել։

                      Մի բան էլ կար, որ ինձ շփոթությոն մեջ էր գցում, դա էլի ժողովրդի այդ կոստյումավոր ներկայացուցիչն էր։ ճիշտ է, հեռացել էր, բայց, թվում էր, կողքիս է։ ես զգում էի նրա գոլ, թթվաշ շնչառությունը, նրա հոտը, ուզում եմ ասել, նա մի տեսակ, կարծես, իրական էլ չէր։ Միայն նրա հեռանալուց հետո զգացի, որ ծանոթ էին դիմագծերը, հայացքը, ձայնը, նույնիսկ կոստյումն ու փողկապն էին մտերիմ, փայլփլուն կոշիկները։ Որտե՞ղ եմ հանդիպել, ո՞վ է նա, ինչու՞ է այսքան մտահոգված կանանց ճակատագրով։ Իսկ գուցե հենց իմ արարածների՞ց է։ Գոնե անունը հարցնեի։ Իսկապես, շա՜տ ծանոթ էր սրիկան, հատկապես կոստյումի գույնը, կոշիկների աղյուսագույն փայլը․․․

                  Բայց, դե, ի՞նչ նշանակություն ուներ նրա ծանոթ կամ անծանոթ լինելը, կարևորն այն էր, որ նա եկել էր իմ վերջը տալու, եկել էր լուծելու սիրելի  կնոջ վրեժը։ Ես կասեի, անգամ ասպետական ինչ-որ բան կար նրա այդ արարքի խորքերում, բայց վերջին պահին էլ, կարծում եմ, մարդը հասկացել է, որ ինձ էն մյուս աշխարհն ուղարկելն ամենևին էլ հարցի լուծում չէ: Ավելին՝ այդպես հնարավոր չէ ետ բերել կորցրածը և փրկությունն էլի ինձ հետ բանակցելն է, լեզու գտնելը։ Ինչ ասեմ, ես հավանեցի այդ խեղճ ու կրակին։ Ճիշտ է, ինձ կարգին վախեցրեց, բայց տեղը տեղին տղամարդ էր։ Կարելի է առանց երկար-բարակ մտածելու հետը ընկերություն էլ անել, ծանոթացնել ավելի գեղեցիկ կանանց հետ, ինչ-որ դեր վստահել, հանձնարարություններ տալ․․․ բայց․․․ որտե՞ղ եմ տեսել նրան, այդ կոստյումը, փողկապը, աղյուսագույն կոշիկների փայլը․․․ Հաստատ, ինչ-որ բան իմ վերահսկողությունից դուրս էր, ես անպաշտպան էի, և ով ինչ ցանկանար, կարող էր անել ինձ հետ։

                     Մի օր, երբ մեկին փորձել եմ հասկացնել, որ ինքն իմ տարածքից դուրս գոյություն ունենալ չի կարող, և առանց ինձ ուղղակի չի կարող տեսնել ամենասովորական ծառերն ու ծաղիկները, սկսել է քրքջալ ու այդպես քրքջալով էլ բացատրել, որ այդ ես եմ իրենց շնորհիվ քարշ տալիս խղճուկ գոյությունս և այնքան տհաս ու միամիտն եմ, որ նման հասարակ, պարզից էլ պարզ բաները ի վիճակի չեմ հասկանալ ու ընդունել։ Բայց, դե, եթե ճիշտը խոսելու լինենք, նրանցից հրաժարվելն էլ մի տղամարդկութուն չէ և կարող է ավելի ծանր ու անկանխատեսելի հետևանքների բերել։ Ուզում եմ ասե՝ մեկ էլ տեսար էլի փայլփլուն կոշիկներով մեկը, գիշերվա հազարին կտրեց ճանապարհդ․․․

          Բայց, ինձ հասկացողներն ու ընդունողներն էլ քիչ չեն։ Մի քանիսն էլ մեղադրում են ինձ, որ ես, օրինակի համար, այդ նույն կնոջ ինքնասպանությունը ուշացրել եմ, ավելորդ ձգձգել, չեմ ցուցաբերել պահանջվող սառնասրտություն ու վճռականություն, և ոչ մեկն էլ իրավունք չունի խառնվել գրողի ներքին գործերին՝ նրան ծանրաբեռնելով անիմաստ ու սիրողական խորհուրդներով։ Ժողովրդի ծո՜ց… ժողովրդի կարծի՜ք….

                              ․․․Երբ ծեծեցին դուռը, բեզարած քաղաքը վաղուց անկողին էր մտել։ Եվ ինձ թվաց դա լսողական խաբկանք է, որովհետև նման բան երբեք չի եղել, ուզում եմ ասել՝ այդ ժամին ոչ մեկը դուռս չի ծեծել, այն էլ՝ առանց ընդհատելու․․․

                  ․․․կոշիկների աղյուսագույն փայլը․․․ անկասկած վերադարձել է ժողովրդի այդ ինքնասիրահարված ներկայացուցիչը, հետևել է ինձ, ճշտել է հասցես ու եկել է․․․ ինչու՞․․․  չէ, մարդ սպանելն այնքան էլ հեշտ գործ չէ․․․ ենթադրենք ատրճանակի կամ հրացանի փողը դրեցիր ճակատին ու․․․  հետո՞․․․․

                   Բացե՞լ, թե․․․ ամբողջ քաղաքը վաղուց անկողին էր մտել․․․

                  ․․․փակում ես աչքերդ ու․․․ միանգամից լուսանում է․․․

                 -եկել եմ քեզ սպանելու․․․

                  Բայց, դե, հնարավո՞ր է, չէ՞, մարդը եկել է ասելու, որ սխալվել է, որ ինքն իրավունք չուներ, որ մի անծանոթ կնոջ պատճառով չի կարելի հարաբերություններ փչացնել․․․

                 Մտածեցի, որ ապահովության համար կարելի խոհանոցի մեծ դանակը վերցնել, հետո բացել դուռը, չի խանգարում, կարելի է նույնիսկ փոքրիկ կացինն էլ վերցնել․․․ ո՞վ է ինչ ասելու, թող մտածի նա, ով գիշերվա հազարին եկել, այդպես փորձում է ներխուժել իմ խաղաղ կացարանը․․․

          Իսկ գուցե  հարևանուհի՞ս է։ Ճիշտ է, նա երբեք այդ ժամին ինձ չի այցելել, բայց սիրում է ամեն առիթ օգտագործել ու դժգոհել հարևաններից, եղանակից, անընդհատ տարածվող հիվանդություններից, վերջում էլ՝ պարտադիր ամուսնուց ու խղճի կաթիլ չունեցող տղամարդկանցից։ Հաճախ էլ չարաշահում էր համբերությունս, բայց ես լուռ ու մունջ լսում էի նրա արտաբերած յուրաքանչյուր բառը, անգամ լրացուցիչ հարցեր էի տալիս, խնդրում ինչ-որ բան պատմելիս չշտապել ու չմոլորվել ավելորդ զգացումների մեջ: Չեմ թաքցնում, մի քանի անգամ էլ տուն եմ հրավիրել, սուրճ ու կոնյակ հյուրասիրել։ Բայց, ընդհանուր առմամբ, շատ չէր ձանձրալի, ցանկության դեպքում կարելի էր գեղեցիկ էլ համարել։ Եթե, օրինակի համար, մի քիչ էլ, շատ չէ, ասենք՝ մի տաս-տասնհինգ կիլոգրամ քաշ գցեր, կարող էր հանգիստ մոլորեցնել ցանկացած տղամարդու, հնարավոր է՝ նաև ինձ․․․

                   Այսպես, թե՝ այնպես, գիշերվա կեսին այնքան էլ տհաճ չէր լինի նրա փափուկ ներկայությունը։ Կգար, կխոսեր, կհանգստանար։ Նրանից, ինչպես ասում են, վնաս չկար, կարող էր անգամ հետաքրքիր դարձնել այս զզվելի ու անտանելի, այս աղի ու փնթփնթան խավարը։ Ընդհանրապես, ինձ միշտ էլ թվացել է, ես հենց գիշերն էլ մեռնելու եմ, երբ քաղաքն այդպես հոգնած, ինքն իրենից գոհ ու վաստակած խռմփացնի, ես փակելու եմ աչքերս։ եվ մինչև հասկանան ինչ է տեղի ունեցել գիշերը, ես լինելու եմ բավականին հեռու;

                      Դա, իհարկե, հետո։ Հիմա դուռը ծեծում են։ Եվ դա ինձ հաճելի չէր, դա ինձ կարգին էլ անհանգստացնում էր։ ճիշտ է, բոլորն էլ գիտեին, որ ես գիշերները համարյա չեմ քնում, որ իմ բոլոր ճակատագրական որոշումները հենց գիշերներն էլ կայացրել եմ, որ ոչ մեկին ցերեկային ժամերին մահվան չեմ դատապարտում, չեմ հանդիպում նույնիսկ ամենաշքեղ կանանց, բայց մինչև հիմա ոչ մեկի մտքովն անգամ չի անցել այդ ժամին խանգարել ինձ իր անիմաստ այցով։ Դրա համար էլ մոլորվել էի, չգիտեի ինչ անել, ինչպես դիմավորել։

                       Լավագույն տարբերակն էլի հարևանուհիս էր։ Եթե ավելի ազնիվ, ես նրան սպասում էլ էի։ Այդ չաղլիկը, եթե չօգներ էլ, հաստատ, չէր էլ խանգարի։ Ուզում եմ ասել, պատմվածքը կդարձներ ավելի հետաքրքիր, սովորական, ավանդական մտածողությունից ու մոտեցումներից դուրս․․․

          Բայց մեկը կար, նրան էլ էի կասկածում։ Առավոտյան էի ծանոթացել։ Ի տարբերություն հարևանուհուս, նիհարիկ էր, զարմանալի քչախոս, մենակ, տղամարդուց ձանձրացած ու, պարզ երևում էր, հոգնած։ Ամենևին էլ չէր թաքցնում, որ իմ ներկայությունից ոգևորված չէր, որ պատրաստ չէր ընդունել իմ առաջարկությունները, դառնալ իմ տարածքների բնակիչը։ Ճիշտ է, չէր մերժում, բայց նաև չէր շտապում համաձայնությունը տալ։ Թաքցնելու բան չկա, ես դեռևս չգիտեի որտեղ էի բնակեցնելու նրան, ում կողքին էի դնելու, ինչ որոշում էի կայացնելու, բայց նրա ներկայությունը հաճելի էր, անգամ՝ պարտադիր։

                    Մի՞թե նա է․․․

                    Խոհանոցային մեծ դանակը՝ աջ ձեռքիս, կացինը՝ ձախ․․․ Բայց կարո՞ղ էի մարդ սպանել, այն էլ՝ դանակով կամ կցինով։ Դժվար: Չնայած ամեն ինչ էլ հնարավոր է։ Չէի կասկածում, որ ինձ այդպես զինված տեսնողը տեղում կմեռներ սարսափից ու չէր համարձակվի նույնիսկ մեկ բառ արտաբերել;

                   Միջանցքի հայելու մեջ տեսնելով ինձ, լայն ժպտացի։

                   Կարո՞ղ էի չբացել դուռը։ Իհարկե, կարող էի։ Հետո՞, իմա՞ստը․․․ մարդ արարածը հենց այնպես մեկ ուրիշ մարդ արարածի բնակարանի դուռը չի ծեծում, այն էլ՝ գիշերվա հազարին․․․ Իսկապես, չէի մտածում, որ մոլորյալի մեկն է։ Պատահական մարդ։ Նման մեկը չէր կարող հսկայական քաղաքի այդքան շենքերը թողած, գալ, բարձրանալ հինգերորդ հարկ ու կանգներ հենց իմ դռան առաջ։ Ծիծաղելի էլ է։

          Այնպես որ, ինչքան մտածում եմ, դուռը բացելը միակ տարբերակն էր, բայց այդպես զինված, կացինը մի ձեռքիս, դանակը՝ մյուս․․․

               Իսկ եթե հարևանուհի՞ս է․․․ այդպես կտեսներ ինձ ու… կհիասթափվեր ինձնից, ինձ կհամարեր վախկոտի մեկը․․․ կասեր գրող մարդ է,  բայց քնում է դանակն ու կացինը բարձի տակ։ Իսկապես, խայտառակ ու ամոթալի բան կստացվեր, աններելի։

                Կարոտեցի չաղլիկին, հենց այդպես, առանց տասնհինգ կիլոգրամ քաշ գցելու։ Հանկարծ, չգիտես ինչու, հիշեցի նաև, որ մենակ եմ, որ միշտ էլ մենակ եմ եղել, որ ոչ մեկը ինձ հետ չի ապրել, որ բոլորն էլ ապրել են կողքիս, և ոչ մեկն էլ չի դիմացել իմ անվերջանալի տարօրինակություններին, իմ ծանր, ուղղակի անտանելի բնավորությանը, իմ հոտին, իմ ձայնին, իմ հարցերին․․․ արցունքի մի քանի կաթիլ շարել են ափերիս մեջ ու հեռացել են․․․

                   Ով ուզում է լինի, կբացեմ այդ անիծյալ դուռը, սակայն ներս չեմ հրավիրի։ Հենց դռան մոտ էլ ամեն ինչ կպարզեմ  ու կճանապարհեմ։ Խոսքն, իհարկե, կանանց չի վերաբերում։ Կին արարածին ներս չհրավիրելը խոզություն է բառիս բուն իմաստով, այլանդակություն, մեղք էլ՝ եթե կուզեք։ Թաքցնելու բան չունեմ, արդեն չեմ հիշում երբ եմ վերջին անգամ կին հյուր ունեցել․․․

                     Միջանցքի հայելու մեջ կրկին տեսնելով ինձ, էլի լայն ժպտացի։ Տեսքս, իսկապես, այնքան էլ չէր համապատասխանում գրող մարդու իմ կարգավիճակին։ Այդպես, բնականաբար, ոչ մի կնոջ չէի կարող գայթակղել, ինչքան էլ այդ կինը մենակ լիներ, ասենք՝ մի հարյուր տարի տղամարդու երես չտեսած։ Գոնե միայն դանակը լիներ․․․ կացինը պատկերի տրամաբանությունն ամբողջությամբ  փոխում էր․․․

                         ․․․կոստյումը՜․․․ խոսելու ու կանգնելու ձևը՜․․․ կոշիկների աղյուսագույն փայլը՜․․․ ո՞նց էի ես դրան մոռացել, հասկանալի ու անհասկանալի այդ  խորհուրդատուին, այդ, ինչպե՞ս ասեմ, այդ գրողասպանին․․․ Բայց դիմացս հարևանուհիս էր, իմ այդ թմբլիկ շատախոսը, կանգնել, չէր կարողանում խոսել,  բերածն ընդամենը մի քանի անդամահատված  բառ էր, այն էլ՝ ծիծաղի խորքերում հազիվ երևացող․

-Գրող ջան,  էս հիմա ու՞մ ես պատրաստվում ուղարկել էն իմ չսիրած աշխարհը․․․ համ էլ եկել եմ ասեմ, որ շենքի առաջ ինչ-որ անծանոթ, լավ հագնված տղամարդ է ֆռֆրում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *