Գեվորգ Տեր-Գաբրիելյան, Պատմվածք

Շրջանակի մեջ

Զավենը «տուզ» էր, բայց՝ «ինտելիգենտ», դպրոցի աղջիկների ուշքը գնում էր իր խաթր, լավ սովորող, զարգացած, բայց և՝ ռազբիրատ անել իմացող: Թանկանոց և լավագույն ջինսն էր հագնում՝ տղեքը «լևիս» էին ասում, փոքրուց վարում էր իր հայրիկի «քսանչորսը», թեև վարորդական իրավունք դեռ չուներ:

Բոլորն էին ուրախ նրան ընկերը լինել, սակայն Հայկն ուզում էր՝ որ իրենցը հատուկ ընկերություն լինի, քանի որ Զավենը խելոք էր, հետը կարելի էր խելոք բաներից խոսել: Բայց Զավենն ուներ մի ամենամոտիկ ընկեր՝ Վարդանը, և իրենք գրեթե միշտ միասին էին:

Զավենն ապրում էր Հայկենց տնից վերև, դպրոց գնում էր պողոտա իջնելով: Եթե մի քիչ շուտ թեքվեր դեպ դպրոց՝ Հայկենց տան մոտով էր անցնելու: Հայկն առաջարկեց. «Արի դու իջի մեր տան մոտով, ես էլ իջնեմ, միասին դպրոց էթանք»:

Կստանային տասը լիքը րոպե միայն անձամբ շփվելու, առանց Վարդանի. հոյակապ ծրագիր:

Զավենը համաձայնեց: Սակայն… Մի քանի անգամ այդպես անելուց հետո ասաց.

– Վաղը չեմ գա:

– Խի՞:

– Պայմանավորվել ենք Վարդանի հետ, որ պռասպեկտով գնամ Օպերայի աստանովկեն, ինքն ավտոբուսով հասնի, միասին էթանք դպրոց:

Այդպես, Հայկը չէր կարողանում նրան կարթի կեռիկի վրա պահել:

Մի օր, ութերորդ դասարանում, Հայկը տանը զգեստապահարանը բացեց, ձեռքը տարավ հայրիկի բաճկոնի գրպանը: Փող էր պետք շտապ, տանը չկար, Հայկը միայնակ էր, մտածեց՝ գուցե հայրիկի գրպանում մի քանի կոպեկ պատահաբար մնացել է: Դա գողություն չէր համարում, որ հայրիկը տանը լիներ՝ նույնը կաներ, փող պետք լիներ՝ բաճկոնի գրպանից կհաներ:

Կոպեկների փոխարեն հայրիկի բաճկոնի գրպանում Հայկը գտավ չսոսնձված ծրար: Հետաքրքրաշարժությունից՝ բացեց: Օ՜, զարմանք. առաջին անգամ էր այդպիսի բան տեսնում: Իսկույն հասկացավ, ի՛նչ է պատկերված. «Շվեյկի» այն դրվագը, երբ սպաները լողատաշտ են դնում ակումբում, և այնտեղ լողանում է երեք մերկ կին, իրենց ջրահարս ներկայացնելով, մեկի հետույքում՝ տառեխի պոչ:

Գրաֆիկական նկար էր՝ լուսանկարված, ո՛չ թե իրական լուսանկար: Շվեյկի ժամանակների ռազմիկների փոխարեն՝ սովետական ժամանակների համազգեստներով սպաներ ու զինվորներ էին պատկերված, և՝ շատ ավելի բաց էր տեսարանը, քան «Շվեյկում» նկարագրածը:

Մի քանի նույն նկարից կար ծրարի մեջ:

Հայկը չգիտեր, ինչո՛ւ է հայրը ծրարը դրել բաճկոնի գրպանը: «Ինքն էլ մեր պես թաքուն խուժա՞ն ա էղել, չեմ իմացել»: Սակայն չէր կասկածում՝ մի աներևակայելի ու տարօրինակ պատճառ կլիներ. հազիվ թե հանուն այդ նկարների առաջնային օգտագործման ֆունկցիայի պահած լիներ հայրը դրանք, երևի, ինչ-որ հատուկ հանգամանք կար դրանց առնչված: Պատկերներից մեկը, համենայն դեպս, վերցրեց: Կարծում էր, հայրիկին դեռ պետք չեն գա, եթե թողել է այդ բաճկոնի գրպանում, չի ստուգի:

Առավոտյան տարավ դպրոց: Որոշել էր, որ Զավենին գրավելու հարմար խայծ է: Գուցե մի բան էլ բացատրի, Զավենը հասկացող տղա էր:

Մեծ դասամիջոցին ասաց.

– Արի մի կողմ, բան ունեմ ցույց տալու:

Զավենը դժկամությամբ համաձայնեց, սակայն Վարդանն էլ հետը եկավ:

Հայկն այն ժամանակ այդքան անվախություն չուներ, որ ասեր՝ «մենակ քեզ եմ ուզում ցույց տամ»:

«Ստիպված»՝ նկարը երկուսին էլ ցույց տվեց:

– Էս ո՞րդից:

– Պապայիս մոտից:

– Թռցրել ե՞ս: Արա դու խայտառակ ես: Հլը տուր լավ նայեմ, – ասաց Զավենը:

Հայկը տվեց:

Զավենը նկարը դրեց գրպանը:

– Հե՛տ տուր, պըտի տանեմ հե՛տ, քանի պապաս տեղյակ չի:

– Ես մի հատ լավ, ուշադիր նայեմ՝ նոր:

Զանգը տվեց:

Ճարահատյալ՝ Հայկը գնաց դասի:

Հետո, երբ կարդաց Բրեդբըրիի՝ իր սիրելի պատմվածքը՝ ինչպես է քառասնամյա տղամարդը գնում իր մանկության քաղաքը՝ իր տասներկուամյա ժամանակների ընկերոջը սպանելու, քանի որ վերջինս իրեն միշտ «քցում էր» և արհամարհում՝ կարծես իր մասին գրված լիներ:

Դասերի վերջում էլի մոտեցավ նրանց.

– Հե՛տ տու նկարս:

– Կբերես էսսեդ ինձ ցույց կտաս՝ կտամ:

Երկու շաբաթ առաջ Զավենենց տանը եղել էր իր ծննդյան օրվա առթիվ տոնակատարություն: Զավենը Հայկին էլ էր հրավիրել: Նաև՝ մի շարք տղաներ և աղջիկներ, ի թիվս այլոց՝ մի դասարան իրենցից բարձր սովորող Զոյային:

Զոյան գեղեցկուհի էր, միշտ մի ընկերուհու հետ, որի անունը Հայկը չի հիշում, ավաղ, անամոթը, քանի որ ընկերուհին գեղեցկուհի չէր, «ընդհակառակը»՝ շա՜տ բարի էր: Զոյան շլացուցիչ էր, տեսնելիս գամվում էիր: Զոյան հետո ամուսնացավ սերբի հետ, գնաց Սերբիա: Սերբացավ: Բայց իր զավակները՝ կուկլա են, կուկլա: Իրեն սազում է սերբուհի լինելը. Միլա Յովովիչն իր առջև ղալաթ էր արել:

Զավենը հաջողացրել էր ոչ միայն նրան ծանոթանալ, այլև ընկերանալ, և Զավենն ու Վարդանը երբեմն դասերից հետո սիլի-բիլի էին անում Զոյայի և իր ընկերուհու հետ: Երբեմն Հայկն էլ էր ներկա լինում այդ դրվագներին, որպես անվճար հավելված: Թեև՝ բոլորն էին անվճար հավելված Զավենի և Զոյայի ֆոնին:

Զավենը լկտիացել էր, իր ծննդյան տոնին հրավիրել Զոյային, և վերջինս, պատկերացրեք, համաձայնել ու եկե՛լ էր:

Կրկնենք. Զավենը մոգական ձգողական ուժ ուներ, իրենցից մեկ տարի մեծ աղջիկը եկել էր իրենց՝ մանրապճեղներից մեկի ծննդյան երեկոյին:

Սկզբում անիմաստ դեգերում էին սենյակից սենյակ (Զավենի ծնողներն այն ժամանակների մասշտաբով փառահեղ բնակարան ունեին՝ երեք թե նույնիսկ չորս սենյականոց), սպասելով, մինչև Զավենի գեղեցկուհի մայրը հյուրասիրությունը դասավորի:

Այդ դեգերումների պահերից մեկին Զոյան կռացավ, որպեսզի Զավենի՝ բոլորի սիրելի փոքրիկ քրոջը գուրգուրի:

Զոյան կռացավ ուղիղ Հայկի առջև, և նրա շորիկի բացվածքի մեջ Հայկը պարզորոշ և խորությամբ տեսավ նրա կրծքիկները:

Առաջին անգամ էր այդ պատկերը տեսնում: Հայացքը, իհարկե, տեսավ այն, ինչ երևում էր, մնացածը երևակայեց մանրամասնորեն: Տեսածն է՛լ էր շատ: Շոկ էր: «Գռոգի» մեջ ընկավ: Հատո՞ւկ է այդպիսի խոր կտրվածքով բլուզկա հագել, առանց կրծկալ: Հատո՞ւկ հիմա կռացավ իր առջև:

Հազիվ էր ուշքի եկել՝ Զավենն ասաց, որ մյուս սենյակում սկսվում են պարերը: Լույսերը հանգցրին, մթության մեջ, միայն մագնիտոֆոնի կանաչ աչքիկի թարթոցի տակ՝ սկսեցին դանդաղ պարեր պարել: «Բլյուզ» էին անվանում այդ պարերը, երբ տղան ու աղջիկը գրկված են:

Զավենը հոյակապ «զապիսներ» ուներ. է՛լ Բի Ջիիզ, է՛լ Բիթըլզ, է՛լ ինչ ուզես:

Հայկը սկսեց պարել մի հաճելի աղջկա հետ՝ Զավենի հարևանուհու: Երևի իրենից մի քիչ փոքր՝ տասներեք տարեկան: Սակայն նա անծանոթ էր և քարացած, թեև՝ բուրավետ, ասես ծառի մատղաշ, բայց պինդ շյուղ:

Հայկը ձեռքերը սկզբում սխալ էր դրել՝ չափից դուրս ներքև: Ինչպես որ ստացվել էր պատահաբար:

«Հիմա կմտածի՝ հատուկ եմ էդքան ներքև դրել ափերս»:

Սակայն աղջիկն այնքան փայտացած էր, որ, գուցեև, չէր էլ հասկանում դա:

Վայ թե ինքն էլ էր առաջին անգամ տղայի ձեռքերի մեջ պարում:

Անհարմար է, պետք է ձեռքերի դիրքը փոխել: Սակայն եթե սղղալով վեր տաներ՝ կստացվեր, որ շոյում է: Ի՞նչ անի:

Կամքի ողջ ուժը հավաքեց, մագնիսի պես նրա ջինսե ազդրերին սոսնձված ափերը մի պահ ուժով պոկեց, սինքրոն, և դրեց վեր՝ բլուզկապատ բարակ մեջքին:

Առաջին անգամ էր, որ աղջկա հետ «բլյուզ» էր պարում: Մինչ այդ՝ երբ իմացավ, որ հրավիրված է իր կյանքում առաջին «ժաժքին» (Զավենն ասել էր, որ դանդաղ պարեր են լինելու)՝ հատուկ մարզվել էր՝ միայնակ պարելով, ձեռքերով երևակայելով, ինչպես է «նրան» գրկում: Տրենինգ էր արել, աթոռն օդ բարձրացրած և գրկած: Մատղաշն այժմ, Հայկի ձեռքերի մեջ, շատ ավելի թեթև էր, հարմար, հպատակվող, քան տանը՝ աթոռը:

Զավենը, իհարկե, սկսեց պարել Զոյայի հետ:

Պարի մեջտեղը բոլոր պարողները հանկարծ մթության մեջ պարզորոշ լսում են համբույրի չմփոց:

Հայկն էլ, իր զույգն էլ և այլ զույգեր:

Ձև են թափում, թե բան չլսեցին:

Պարը վերջացավ, լույսը վառվեց: Զոյայի դեմքից բան չէր երևում: Զավենը, ինչպես միշտ, իրենից գոհ էր:

Պատմական այդ երեկոյից հետո՝ Հայկի առաջին «ժաժքից», տանը նա նստեց ու գրեց, այն պատկերելով, էսսե:

Հենց այս ամենը: Էսսե էր, պատմվածք չէր, վերջ չուներ՝ punch line: Պարզապես, այնքան էր տպավորվել երեկոյից, որ եղած-չեղածը պատկերել էր: Սպիտակ բլուզը, դանդաղ բլյուզը…

Հետո Զավենին դպրոցում ասել էր, որ գրել է: Երևի, որոշել էր գլուխ գովել, հիմարը:

Զավենն արդեն գիտեր, որ Հայկը գրող է:

Ասել էր.

– Բեր կարդամ, հետաքրքիր ա:

– Աստված գիտի ինչեր ես գրել, ա՛յ գյադա, – ասել էր մշտաներկա Վարդանը:

Զավենը նայել էր Վարդանին, և Հայկի աչքի առաջ իր աչքերը կլորացել էին:

Սպառնալի էր Վարդանի ձայնի երանգը, Հայկը վախեցավ՝ տետրը ձեռքից առնեն կամ նույնիսկ ոչնչացնեն: Չբերեց:

– Ի՛նչ իրավունքով ես դու մարդու ծնունդի մասին էսսեներ գրում,- ասել էր Վարդանը: – Առանց իրա թույլտվության՝ իրավունք չունես:

Այժմ, օգտվելով Հայկի միամտությունից, ճնշելու միջոց ձեռք բերեցին.

– Էսսեդ բեր՝ լուսանկարը տամ:

Ստիպված, Հայկը բերեց:

Զավենը, իրոք, լուսանկարը դժկամությամբ, սակայն վերադարձրեց: Հայկը զարմացավ. Զավենի կողմից դա ռազմավարական սխալ էր. պիտի տետրն էլ վերցներ, լուսանկարն էլ չտար: Ոնց որ հետագայում Ադրբեջանը: Մանավանդ՝ Վարդանը կողքը կանգնած էր ու, բնականաբար, լուսանկարի վերադարձը չէր քաջալերում: Քանի որ Զավենից այդպիսի մեծահոգի արարքն անսպասելի էր, Հայկը կասկածների գիրկն ընկավ. ինչու՞ վերադարձրեց, ի՞նչ կա պայմանագիրը պահելու՝ ցուցադրական այդ քայլի տակ թաքնված:

Իսկ Զավենն 96 էջանոց ընդհանուր տետրը՝ Հայկի բոլոր գրոտածներով, հանգիստ պահեց բաճկոնի տակ.

– Տանը կկարդամ:

– Սա իմ ամբողջ հարստությունն ա, ունեցած-չունեցածս, ես չե՛մ ուզում քո մոտ թողնել, – պաղատեց Հայկը:

– Տանը կկարդամ՝ կտամ, – ասաց անողոքը: – Վարդանի հետ կկարդանք:

Մի խնդիրը լուծեց՝ մյուսի մեջ ընկավ: Հո վրան չէր հարձակվելու, թեև, եթե չվերադարձներ՝ Հայկը կհարձակվեր: Մի կողմից՝ խուժանական բացիկը վերադարձրեց, ուրեմն հույս՝ կար: Մյուս կողմից՝ եթե տետրը ձեռքն էր գցել, այլևս ինչու՞ պիտի այն վերադարձներ: Ի՞նչ ձև ուներ Հայկը՝ հետ պահանջելու:

Դիլխոր՝ Հայկը լուսանկարը դրեց պատմության դասագրքի կազմի տակ:

Տանը դասագրքերն իր փոքրիկ սենյակում՝ շուշաբանդում, դատարկեց գրասեղանին: Հոգնած էր, ինչպես սովորաբար՝ դպրոցից հետո: Բան կերավ, պառկեց քնելու:

Արթնացավ երեկոյան: Ծնողներն արդեն աշխատանքից եկել էին, նաև տատիկը՝ բաբոն, հյուր էր եկել:

Հայրը Հայկին կանչեց մի կողմ:

Գրպանից հանեց լուսանկարը:

– Ինչի՞ ես էս իմ պիջակի գրպանից հանել:

Հայկը մանթրաշ ընկավ. սովորաբար իր գրասեղանը ծնողները չէին քչփորում, իր իրերը չէին խուզարկում: Ի տարբերություն՝ իրեն:

Պատմեց, որ կոպեկ էր ման գալիս՝ ու հայրիկի բաճկոնի գրպանում պատահաբար գտավ:

– Տարել էիր դպրոց, որ տղաներին ցույց տաս, հա՞:

-Ոչ, -խաբեց Հայկը,- ոչ մեկին ցույց չեմ տվել, ուղղակի զարմացա, պատրաստվում էի hետ դնել՝ չհասցրի:

-Սա մի խեղճ նկարիչ կա՝ նա ա նկարել,- ասաց հայրը:- Ես, հասկանում ես, ժողովրդական ատենակալ եմ նշանակված, դատարանը էդ նկարչի հարցն ա քննում. նա ստացել ա պետական արվեստանոց և, փոխանակ ազնիվ նկարելով զբաղվի, սենց բաներ էր արտադրում ու ծախում: Չնայած տաղանդավոր մարդ ա: Հիմա փորձում ենք նենց անել, որ պատիժն արդար լինի, շատ չլինի: Սրանք իրեղեն ապացույցներ են, ինձ են հանձնել, որպես էքսպերտի, որ ասեմ, սրա մեջ կա՞ գեղարվեստ, թե՞ չէ:

«Գեղարվե՞ստ»:

-Նիստը մի քանի օրից ա, դրա համար մինչև էդ պիջակումս էի պահել, որ մարդ չտեսնի,- ասաց հայրը:

-Բա դու ո՞նց քթար էս նկարը:

-Ե՛ս չեմ քթել, բաբո՛դ ա քթել: Էկել ա, տեսել, որ քնած ես՝ սեղանիդ պատմության դասագիրքը պատահաբար, ձեռի հետ, բացել ա՝ մեջն էս նկարը: Շատ զարմացել էր: «Դպրոցում ե՞ն տվել»:

Բաբոն սա տեսե՞լ է: Լրիվ խայտառակություն:

– Ես իրան ասացի, – շարունակեց հայրը, – որ դու կապ չունես, չես էլ տեսել. ե՛ս եմ պատահաբար սխալ տեղ դրել, աշխատանքից որ հոգնած էկա՝ անջատված էի: «Շնորհակալություն, որ ժամանակին քթար», ասացի:

– Հավատա՞ց:

– Համոզեցի:

«Գեղարվե՞ստ»: Հայկը գնաց, գրքերի պահարանից հանեց «Շվեյկը», բերեց հայրիկին այդ հատվածը կարդաց:

Հայրիկն ուշադիր լսեց, շուռ եկավ ու, գլուխն օրորելով, մտազբաղ հեռացավ:

Չնախատեց Հայկին, երևի՝ մեղավոր զգալով, որ ճիշտ տեղ պահած չի եղել նկարները: Եվ բաբոյին՝ իր մայրիկին էլ համոզեց, որ Հայկը մեղք չունի՝ նույն պատճառով. որ չպարզվի, որ ինքն իր սխալ վարքով հարմար վիճակ է ստեղծել, ու Հայկը բացիկները հայտնաբերել է:

Շնորհիվ հայրիկի՝ իր և բաբոյի հետ հարցը լուծված էր: Մնում էր ընդհանուր տետրն ազատագրելը, Զոյայի և Զավենի համբույրն ու մյուս իր բոլոր գրոտումները՝ մարգարիտ թե պարապ վախտի խաղալիք, մեջը:

Մյուս օրը մոտեցավ Զավենին.

-Տետրս հե՛տ տուր:

-Քելե մի կոմ:

Հայկը, Զավենը, Վարդանը գնացին դպրոցի բակի անկյուն:

-Ես չեմ կարա հիմա տետրը քեզ տամ,- ասաց Զավենը:- Որտև դու մի բան ես գրե, որին ես համաձայն չեմ:

-Ի՞նչ եմ գրել, գրել եմ, ինչ որ կա:

-Քո գրածն արատավորում է իմ բարի անունը: Եվ՝ Զոյայի:

-Բայց ախր ես դա ոչ մեկին ցույց չեմ տալու:

-Իսկ ես ի՞նչ երաշխիք ունեմ:

-Ես էդ ուղղակի իմ համա՛ր եմ գրե, ի՞նչ երաշխիք:

-Բա մեզ խի՞ ասցիր:

-Դե, քո մասին էր՝ ասցի շնորհակալ լինեմ, որ ծնունդդ իզուր չի անցել, նյութ ա տվել:

-Դու տենց բաներից նյութ ես քաղում, հա՞, ապե, – ասաց Վարդանը: – Դու հո գորձ տվո՞ղ չես:

-Ի՛: Գորձ տվողը դու՛ ես: Ասում էիր՝ պապայիս կասես: Ես ո՞ւմ եմ գորձ տվել:

-Ապե, սկզբից մեր գլխին էիր գորձ սարքում, հետո՝ պապայիդ: Մենք որ բարի չըլնեինք, էդ նկարը տանեինք ուր որ պետք ա՝ էրեխեքին պոռնոյով փչացնելու համար պապայիդ հարցը լուծված էր ըլնելու:

-Էդ ուրեմն դո՛ւք էիք գորձ տվող ըլնելու:

-Բա էդ նկարը խի՞ բերիր մեզ ցույց տալու, փչացա՛ծ:

-Կեղտ ես բռնո՞ւմ:

-Կեղտին կեղտ չի կպնի, գորձ տվո՛ղ:

-Դե, նայի,- տրամաբանեց Զավենը,- սկզբից դու ինձ ասում ես, որ ծնունդիս մասին էսսե ես գրել: Բայց կարդալ չես տալի: Հետո պապայիցդ գողացած պոռնո ես բերում մեզ ցույց տալի: Հետո որ ստիպում ենք ծնունդիս էսսեն բերես՝ պարզվում ա էլի պոռնո ա: Ընչի՞ հըմար ես դու էդ անում:

Ճիշտ էր, փաստորեն: Հայկն ինքն իրեն կրակն էր գցել՝ Զավենի ընկերությունը, ճանաչումը ստանալու մարմաջից:

-Բայց դու տիպ ես, հա՜,- ասաց Վարդանը:- Էդ ինչ ես գրե՞՜. «Նրա կրծքիկները շողարձակեցին նրա բլուզկայի խորը բացվածքի մեջ, ասես արեգակունք»… Էդ ո՞նց ես դու տենց բան գրե, արա՛:

-Լավ, էդ կհանեմ,- ասաց Հայկը:- Տետրս տվեք:

-Իյա: Բա չլմփո՞ցը:

-Ի՞նչ չլմփոց:

-«Մագնիտոֆոնի կանաչ աչքիկի թարթոցի տակ՝ մթության մեջ պարզորոշ լսվեց չլմփոց»:

-Չըպպոց, ո՛չ թե չլմփոց:

-Ավելի վատ:

-Էդ անգիր ես արե՞:

-Տենց բանը մոռնա՞լ կըլնի խի:

-Բայց դե ես հո բան չեմ տեսել:

-Բայց նենց ես գրե, ոնցոր քո աչքով տեսած ըլնեիր: Կարդում ես՝ մարդու աչքի առաջ ա գալի: Թե չես տեսել՝ խի՞ ես գրում, որ իրանք էին: Կարող ա ուրիշ զույգ էր: Պառաժ ես գրել, էլի, փաստորեն:

-Բայց դու իրան իրոք պաչեցի՞ր:

-Դե, հա:

Հայկը հիացած նայեց Զավենին:

-Բայց ո՞նց մտքովդ անցավ:

-Դե, զգացի, որ հարմար պահ ա:

-Իսկ ինքը՞:

-Ի՞նչ՝ ինքը:

-Ո՞նց ընդունեց:

Զավենն աննկարագրելի հայացքով նայեց Հայկին:

-Դե, տեսար, էլի:

-Չտեսավ: Լսեց,- ուղղեց քթիմազ Վարդանը:

Հայկը, քանի որ կյանքում աղջկա չըպպացրած չկար, լրիվ կորած էր:

-Ո՞ր մասը:

-Գլուխս կռացրի, ուր կպավ՝ կպավ:

-Վի՞զը:

-Դե, չգիտեմ: Վզի ու դնչի արանքը: Էն փափուկ մասերը որ կա, է՝ թշի տակ:

-Ի՞նչ զգացիր:

-Ապե, ոնց օր բա՛րխըտ քսես բերնիդ:

Հայկը սկզբից չհասկացավ, հետո հասկացավ, որ թավիշն է:

-Մալադե՛ց:

– Դու էլ կարայիր, էն ա, Գոհարիկին պաչեիր:

-Էրեխա էր, առաջի անգամ էի ծանոթանում, պաչեի՝ կրակն ընգնեի՞: Բա որ սկանդալ ըլներ:

-Խի՞: Մութ էր: Կասեիր՝ «ես չեմ»:))

Վարդանը ծիծաղեց.

-Իրա պապան մեծ կտորդ ականջդ կթողեր,- ասաց երազկոտ:

-Ես առաջի անգամից չեմ պաչում:

-Բայց դե բդերը շոշափեցիր:

-Դո՞ւ ինչ գիդես: Էդ էլ հո չե՞ս լսել:

-Ի՛նքդ ես գրել, է՛շ: Քո գրածն էլ չես հիշո՞ւմ: Գոնե դուրըդ էկա՞վ:

-Եսիմ:

-Լավ էրեխա ա: Հանգի՜ստ: Բայց դու է՛լ տիպ ես, հա՜: Էկած-չեկած՝ Գոհարիկին չանթիր:

-Խոստանում եմ, ոչ մեկի ցույց չեմ տա,- ասաց Հայկը Զավենին:

-Էդ քիչ ա,- ասաց Վարդանը:

-Հա, պըտի սաղ ջնջես,- ասաց Զավենը:

-Ինչի՞ պըտի ես իմ գրածը ջնջեմ: Ասում եմ՝ էս մենակ իմ համար եմ գրե:

-Բա որ մեկնումեկը քթնի:

-Չի քթնի: Ես լավ կպահեմ: Իմ իրերի մեջ սովորաբար մարդ քիթը չի խոթում (սուտ):

-Էդ քիչ ա,- ասաց Վարդանը:- Երաշխիք չունենք:

-Ինձ տետրն ա պետք,- ասաց Հայկը:- Ընդե իմ բոլոր գրածներն են:

Այդ տետրում էր այն ամենը, ինչ Հայկը գրել էր այն պահից, ինչ հասկացել էր, որ արձակագիր է, այսինքն՝ կես տարի առաջվանից: Եթե այն կորեր՝ Հայկի կյանքը վատնված էր լինելու:

-Դու խախտել ես մարդու հեղինակային իրավունքը,- ասաց Վարդանը:

– Չըպպցնելը իրա հեղինակային իրավունքն ա՞:

-Բա ինչ, ինքը որ չչըպպցներ, դու հո չէի՞ր գրի, գրելու բան էլ չէիր ունենա: Մարդը իրա համար իրա կյանքն ա ապրում, քեզ էլ հրավիրել ա, որ դու էլ մի քիչ քեզ մարդ զգաս, քո թշվառ գոյությունից մի պահ դուս գաս՝ իսկ դու…

-Ասենք ծաղիկի մասին որ գրեի, ծաղիկի հեղինակային իրավունքն է՞լ էի խախտած լինելու:

-Դու սխալ ես, ապե: Դու խայտառակում ես մարդուն, ինքը խաբար էլ չի: Ըտենց որ գնա, սաղի մասին էլ կարաս բան գրես, իրանք՝ բանից բեխաբար: Է, հետո՞:

-Ի: Սխալը դո՛ւ ես:

-Դե լավ, լավ,- ասաց Զավենը, Հայկի ու Վարդանի մեջտեղը մտնելով:- Բայց ճիշտ ա ասում, ապե,- ասաց Հայկին:- Սենց որ ում մասին ասես ինչ ուզես գրես, ո՞ւր կհասնի: Հըմի որ ճղեմ էլ՝ էլի կարաս հետ գրես, է, ախր:

-Մատները ջարդենք,- հաճույքով ասաց Վարդանը:

Գողություն անելու համար դասարանի Մաթոսի հայրը նրա մատներն էր ջարդում: Այսինքն որ գողություն այլևս չանի: Բայց Մաթոսն էլի անում էր: «Մատները ջարդելը» տղերքի լեզվում դարձել էր էդպիսի դեպքերում մարդու հախից գալու քննարկվելի ձևերից մեկը:

– Չի օգնի,- չարախնդաց Հայկը:- Մագնիտաֆոնով զապիս կանեմ:

-Արա դու հո շառ չես,- ասաց Զավենը:

-Թե տետրը չտաք՝ պապայիդ կպատմեմ ամեն ինչ,- ասաց Հայկը:- Որ չըպպցրիր Զոյային:

-Լեզուդ կկդրենք,- ասաց Վարդանն անհույս:

Արդեն հասկանում էր. լեզուն էլ թե կտրեին՝ մեկ է , Հայկը էլի կարող էր գրել: Իսկ և՛ լեզուն կտրել, և՛ մատները ջարդել կամ ձեռքը կտրել՝ շատ կլիներ, չէր ստացվելու: Գործը բարդանում էր:

-Ի: Բա որ մե՞նք պատմենք,- ասաց Զավենը:

-Արի տենց էլ անենք. դու իմ պապային պատմի, ես՝ քո: Իմ պապան ինձ չի ծեծում: Տենանք ո՛վ ավելի շատ կտուժի: Գռազ գամ՝ պապադ կասի․ «Տետրն իրանն ա, պըտի վերադարձնես»: Էն վախտվա պես՝ չափալախն աչքիդ տակ կգաս կասես «ներեղություն», աղջկեքին կասես․ «Կռիշից եմ ընգե դաչեն»:

-Արա էսի իսկականից շառ ա: Պալիտ կանի կքաշվենք:

-Բա որ ասում եմ,- ասաց Վարդանը:- Սողոսկում ա ամեն տեղ, քիթը խոթում, ամեն ինչ իմանում ու գրում: Հետո նայում ենք՝ ախր ոչ մի ըտենց բան չի էղե… Սրապեսներից պրծում չկա: Չես կարա՞ նորմալ գրողի պես, ասենք՝ Օ՜, հայրենիք, ուր ա բաղնիք…

-Էդքան վախում ե՞ք իմ գրելուց:

-Տո, վախկոտը հարևանիդ քյալլեն ա:

-Հարևանս դու ես:

– Տո, ես քեզ ի՞նչ հարևան, արա՛: Ապե ես ջգի: Էսիգ գիժ ա: Ի՞նչ անես սրա հետ:

-Գրելուցս եք վախում,- ասաց Հայկը:- Լավ ա, վախեք, վախեք:

-Խի դու էլ վախում ես, որ գրածդ ճղենք:

-Իմ գրածս չի լնի ճղել, ապե, իմ գրածս ըստե ա, ըստե,- Հայկը բռունցքով կտկտացրեց քունքը:

-Խի դու հավերժ ե՞ս:

-Հավերժը դու ես: Ընենց հավերժացնեմ, սաղ կյանքդ հավերժ մնաս, մեռնելուցդ հետո էլ քեզ չմոռանան:

-Հլը սրան: Ապե, սրա հետ ի՞նչ անենք, վրա ա քշում: Ես մանթրաշ եմ,- մտազբաղ ասաց Վարդանը:

-Ես պիտի մտածեմ, ի՛նչ անեմ,- ասաց Զավենը:- Ե՛ս եմ որոշում: Գլխիս էս ինչ ջառմա էր: Իմանայի՝ չէի հրավիրի: Վաղը կորոշենք:

Երբ  Զավենն ասաց «Ե՛ս եմ որոշում»՝ Հայկի սիրտը թեթևացավ, բայց երբ վերջում կրկին հոգնակի ասաց «Վաղը կորոշենք»՝ Հայկն էլ իրեն չզսպեց: Մինչև վաղը չսպասեց: Հաջորդ դասամիջոցին կրկին Զավենին կանչեց մի կողմ, և կրկին Վարդանն էլ եկավ:

-Լսի,- ասաց Հայկը,- արդեն ասցի. ես լավ հիշողություն ունեմ:

-Չբռնե՞նք սրա տետրը վառենք:

-Թե տենց բան անեք՝ իսկականից կվեկալեմ սաղ նորից կգրեմ ու սաղին կբաժնեմ՝ դասարան, ուսուցիչ, է՛լ ընկեր Ռիմա… Զոյային էլ կտամ: Իրա ընգերուհուն էլ: Ես կապիռկա ունեմ, հինգը օրինակ միանգամից կարամ սարքեմ: Չեմ էլ ալարի՝ կարտագրեմ մի էրկու անգամ, մի տասնհինգ օրինակ կբաժնեմ սաղ ախշարհին:

-Դու ըտենց գյադա ե՞ս,- ասաց Վարդանը:

-Ինձ ելք չեք թողում: Կխայտառակեմ բոլորիդ, քո մասին էլ բան կհնարեմ,- ասաց Հայկը:- Չեմ խնայի ոչ մեկիդ: Էլ ռեալիզմ չեմ գրի: Փիս-փիս բաներ կգրեմ սաղիդ մասին ու կտամ սաղ կարդան: Դու չես կարա էդ ոչնչացնես: Տետրը տուր ինձ՝ հաշիվը փակենք:

-Հիմա մոտս չի:

-Ստի՞:

-Հազա՛ր անգամ:

-Դե իմացի, հա, թե վաղը չբերես…

-Հլը ոնց ա խոսում, է՛…

Զավենը մտազբաղ, գլուխն օրորելով հեռացավ:

Մյուս օրը Հայկին մի կողմ կանչեց.

-Մենք որոշեցինք տետրը հետ տանք, բայց էսսեի էջերը ճղած,- ասաց:

-Ուրիշ բան չճղեք, հա՛,- սպառնալից ասաց Հայկը ճարահատյալ:

-Չէ, մենակ էդ էջերը: Բայց մի պայմանով: Որ դու էդ էսսեն էլ նորից չես գրի:

-Լավ,- ասաց Հայկը:

-Քյաստը՞մ:

-Քյաստըմ:

Զավենը տետրը հանեց բաճկոնի տակից, մեկնեց Հայկին: Իրոք, միայն էսսեի էջերն էին միջից խնամքով ճղած: Մկրատով եզրից կտրած, այնպես, որ այլ էջեր չտուժեն, նույնիսկ իրենց տեղում չթուլանան:

Մի կողմից, Հայկի սիրտը տեղն եկավ. տետրը հետ էր գալիս: Մյուս կողմից, ափսոսանքը պարուրեց հոգին:

-Բայց դու էս դեպքը լա՛վ կհիշես,- ասաց:- Դու է՛լ:

-Պահ, մի գրողիս տեսեք: Գլխներիս գրող ա դառե, պատուհասը:

-Խի որ գրեմ ի՞նչ ես անելու:

-Բայց դու ասցիր, չէ՞, որ չես գրի: Քյաստըմն էլի վերաբացում ե՞ս:

-Չէ, ծնունդդ՝ խոսք եմ տալի, չեմ գրի: Ասենք՝ մի քառասուն տարի:

-Ապե, դու ասցիր՝ երբեք:

-Երբեք ես երբեք չեմ ասի, քանի որ մարդս վերջնական ա, ասցի, չէ՞, հավերժություն չկա: Բացի իմ գրածից:

-Հըլը էս մեծաբերանին տես:

-Ապե, քառսուն տարի հետո ով սաղ, ով գրող,- ասաց Զավենը մտազբաղ:

-Չէ, ապե, քառսուն տարի թե հիսուն՝ ընդհանրապե՛ս չըպըտի գրի, ինքը տենց էր ասում,- ասաց Վարդանը:

-Ապե, ես ինչ ուզեմ՝ կգրեմ,- ասաց Հայկը:

-Չէ, ինքը էս դեպքն ա ասում,- ասաց Զավենը:- Ծնունդիս օրը:

-Դե էս դեպքը՝ ասցի, քառսուն տարի չեմ գրի: Խի՞ եք լեղապատառ ըլնում:

-Բա որ գրե՞ց,- ասաց Վարդանը:

-Դուք ինձ էդքան չեք վստահու՞մ:

-Ապե, գրողին ով ա վստահում, որ: Գրողի բերանը չի փագվում, իշ կա-չկա՝ գրում ա: Հրեն, էն մարդուն գրելու հըմար չնստըցրի՞ն:

Խոսքն Էդմոն Ավետյանի և Ռաֆայել Պապայանի ձերբակալության մասին էր. լուրերը, որ երկու գիտնականներին հակասովետական տեքստերի պատճառով էին ձերբակալել՝ պտտվում էին քաղաքում:

-Նախանձում ե՞ս:

-Ինչի՞ն նախանձեմ,- անկեղծ զարմացավ Վարդանը,- որ նըստըցրի՞ն:

-Նախանձում ես, որ դու էդ հնարը ձեռդ չունես՝ կյանքդ անմահացնելու:

-Պա՛հ, մի անմահացնելու բան էլ ըլնե՛ր:

-Էդ դու ճիշտ ես ասում: Քոնը՝ անմահացնելու բան չի: Բայց գրողի ձեռի տակ՝ ինչ ասես կարա անմահանա:

-Կառոչի, ապե,- ասաց Զավենը:- Էդ փիլիսոփայությունը թարգի: Չես գրելու, չէ՞:

-Չէ: Բայց էս դեպքի մասին՝ գրելու եմ:

-Ո՞ր դեպքի:

 Դե, էս: Ոնց էիք տետրը ձեռիցս առե:

-Այսինքն քու հորն էլ ես խայտառակելո՞ւ:

-Ես ընենց կգրեմ, որ չի խայտառակվի:

-Տենում ես, չէ՞, չի ուզում քյաստըմ տա:

-Դե ինչ ուզում ա թող գրի, մենակ թե ծննդիս իրիգունից հեռու:

-Բա ո՛նց կարա էս գրի առանց էն գրելու:

-Էդ էլ ես ճիշտ ասում:

-Հիմա բացատրեմ,- ասաց Հայկը:- Պապաս ասում ա, Սարյանը հրաժարվում էր Ստալին նկարել, անունն էլ էնքան բարձր էր, որ չէին կարում ստիպեին: Հետո որ պատերազմը սկսվեց, տղուն տարան կռիվ, ինքը շատ էր հուզվում: Իրան էլ էկան ասցին, որ Ստալին չնկարես՝ տղուդ կռվի տեղը լավ չենք նայի, առաջնագիծ կղրգենք: Խեղճը ճարահատյալ նկարեց: Բայց ո՞նց:

-Ո՞նց:

-Մանկական երկաթուղու այգում Ստալինի մի հատ պուճուր կիսանդրի կար: Ինքը այգու էդ մասը նկարեց՝ արձանը մեջը:

-Էդ խի՞ ես պատմում:

-Ըտենց: Որ ասեմ, ո՛նց կարելի ա ծննդյան տոնդ փաստորեն չգրել, իսկ էս պատմությունը՝ գրել:

-Ծնունդիս մասին չգրե՞լ:

-Ծնունդդ չգրել, էս պամությունը՝ գրել:

Հայկն ուզում էր ասեր․ «Չըպպոցը՝ կգրեմ, կուզես՝ չլմփոց կգրեմ, մուռս կհանեմ, բայց՝ շրջանակի մեջ, որ տետրս ձեռիցս առել էիք ու հետ չէիք տալի. ռամկի մեջ, ոնց որ Ստալինի կիսանդրին՝ այգու մեջ»: Բայց որ դա էլ ասեր՝ հաստատ էլի ռազբիրատը կշարունակվեր:

Զավենը՝ շփոթված, գանգուրներն էր քորում:

-Զզվցրեց, չէ՞: Ապե, ինչ ուզում ես՝ արա, մենակ թե իմ մասին չգրես,- ասաց Վարդանը:- Պատկերացրու, որ ես չկամ: Գոյություն չունեմ: Նի՛խտ:

-Դու իրոք չկաս,- ասաց Հայկը:- Գոյություն չունես: Զի՛լչ:

 -Գնա, գնա,- ասաց Վարդանը:- Գորձիդ կաց: Գոհ էղի, որ տետրդ հետ ենք տալի:

-Հլը մի փորձվեիք չտալ:

Վարդանը հետո, տարիներ հետո, Մոսկվայում զուգարանակոնքերի բավական հաջողակ վաճառող էր: Զավենի հետ Հայկի մոտիկությունը չստացվեց: Այդ դեպքից հետո այլևս Հայկը հույս չուներ, որ Զավենը հալալ ընկեր կլինի, պարզ էր, որ իրեն այդքան էլ չի համակրում: Ժամանակը ներքև էր վազում, գնալով արագանալով, ասես անվերջ բացվող հովհար, Հայկը՝ հետևից ընկած, հևիհև, Զավենի՝ սովետի Երևանում հայտնի հայրիկը՝ մինիստրի նախկին տեղակալ, և երաժշտագետ մայրիկը վերջերս Հյուսիսային պողոտայում պենթհաուս էին գնել, Հայկը երբեմն տեսնում էր նրանց լերկ պողոտայով թևանցուկ ճեմելիս: Հեռվից նայում, չէր մոտենում-բարևում, չնայած ուզում էր: Էն սիրունիկ փոքրիկ խելոք քույրիկն ամերիկյան մի անհայտ քաղաքում կոնսերվատորիայի ռեկտոր էր դարձել, Զավենն էդքան հաջողակ չէր՝ Բերդյանսկում էր:

Երեք տասնյակ տարի անց՝ մեջտեղի էն հիմա լավ թվացող տարիներից մեկը, երբ դեռ ամեն վատ բան կարծես ավարտվել էր, ու դեռ նորերը չէին սկսվել, կարճ ասած՝ 2012-ին, Հայկն Ուկրաինայի մասին ռեպորտաժների շարք էր գրում, գործուղման գնաց, «Զանգե՞մ», մտածեց Բերդյանսկում, համարը Սըպոյից՝ դասարանի արխիվարիուսից գտավ, Զավենն ուրախացավ, Վարդանը կողքը չէր՝ բարեհամբույր էր, կարոտած էր թվում, ճաշի հրավիրեց, ծանոթացրեց իր գեղազան կնոջն ու երեխաներին: Բիզնեսմեն էր, այն օրը, երբ հանդիպեցին, «տանկըվի զավոդ» էր առնում-ծախում, անընդհատ բջջայինով զանգում էին, թավշյա իր ձայնով բանակցում էր, բայց գոհ էր՝ առել էր արդեն «տանկըվի» իր «զավոդը»: Մյուս օրը էլ չհանդիպեցին, գանգուր գլուխը խառն էր՝ «տանկըվի զավոդը» շտապ հետ էր ծախում, որ ձեռից չառնեն:

2020 թվի պատերազմի օրերին, մի առավոտ, լուրերն ըմբռնելուց հետո, Հայկը նստած էր խոհանոցի բազկաթոռին, ուղիղ առջևն էր նայում պլշած: Բջջայինը բզզաց: Սըպոն էր՝ Սպարտակը, դասարանի լուր հաղորդողը: «Տեսնես ում որդին ա զոհվել»: Հայկը նայում էր բզզացող հեռախոսին, չէր ուզում Սըպոյից լուր իմանալ, բայց անհարմար զգաց, հաղթահարեց իրեն, պարտքը ստիպեց: Դասարանից ոչ մեկինը չէր զոհվել, դեռ, փոխարենը Զավենի հայրն էր մահացել ընդամենը, պսակաժահրից, Զավենը եկել, արագ պենթհաուսը վաճառել-գնացել էր, չէր էլ հանդիպել դասարանցիներին, նրանք էլ չէին իմացել հոր մահվան մասին, միայն Սըպոյի հետ էր կապվել: Բայց դրանից բացի էլի մահացած կար. դու մի ասա, կես տարի առաջ նաև Զավենի գեղեցկուհի կինն էր մահացել: Հայկն ինֆորմացիան կուլ տվեց, անցավ առաջ, ժամանակն էլ վազեց նորից, վը՜զզ, զում արեց, 2022 թվականի Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա երբ ծավալվեց, Հայկը մտքով անցկացրեց՝ տեսնես ի՛նչ եղավ Զավենը, ռմբակոծված «տանկըվի զավոդները», վայ թե, վաղուց կորցրել է, տեսնես ո՛ր աշխարհներում է թափառում բերդյանսկցին: Մի օր երեկոյան՝ դռան զանգ, տարօրինակ էր, վաղուց առանց բջջայինով իմաց տալու իրար հյուր չէին գալիս, գուցե գազի տեսուչն է կամ մուրացկան, նայեց դիտանցքից, դուռը բացեց: Զավենը, հետևից՝ երեք երեխա:

-Էկանք, ապե, ասցինք հյուր գանք:

Հագին, ինչպես միշտ, «լևիս», միայն «լևիս»:

Հայկն ուզում էր ավտոմատ կերպով ասեր՝ «տանկըվի զավոդ», բայց ուրիշ ինչ-որ բան ասաց: Տանը ուտելու շատ բան չկար, խորոված պատվիրեց, երեխաներն ախորժակով կերան, կարոտել էին, Զավենն ուզում էր գնալ, նոր էին ժամանել, գնային հյուրանոց վարձեին, Հայկն առաջարկեց մնան, թեև Հայկենց հին, անռեմոնտ բնակարանը հյուրանոցի պես հարմարավետ չէ, բայց դե էնտեղ պիտի առնվազն երկու սենյակ վարձեին կամ լյուքս:

-Ինչքա՞ն չէի էղել էս տանը, – Զավենը շուրջն էր նայում:- Բան չի փոխվե փաստորեն:

Հայկը չէր ասում՝ բա գոնե տանըս հեռախոսի համարը պըտի որ անգիր հիշեիր, խի՞ մի հատ զանգ չտվիր: Կարող էր պատկերացնել՝ ինչի զանգ չէր տվել. ով գիտի, հանկարծ ու ինքը տանը չլիներ, եթե զանգ տար: Իսկ գուցեև չէր հիշում:

-Բա ձեր իրե՞րն ուր են:

-Իր կա՞ որ, ապե: Իշ կա՝ ավտոյի մեջ ա:

Պատուհանի տակ՝ «ռովերը» տեղ էր գտել բանուկ փողոցում, շնորհքով կայանվել:

-Հիշում ե՞ս, գալիս էիր մեր տան տակ, որ միասին էթանք դպրոց:

-Չէ, ապե:

-Պատուհանից նայում էի, տեսնում գալիս ես՝ իջնում:

Սըպոյենց տուն չէր կարող գնալ… Հայկը մտքում թվարկեց համադասարանցիներին, ում տուն Զավենը կարող էր գնալ: Ով սաղ, ով մեռած… Երեխեքի վրա հալ չկար: Հյուրասենյակի մեծ բազմոցը բացեցին սենյակով մեկ, րոպե անց ֆսֆսացնում էին, անջատված. տասնվեց տարեկան Դանիելը, տասներկու տարեկան Ինեսսան, ութ տարեկան Գարիկը: Սենյակի կողքով անցնելիս՝ Հայկը նայեց քնած երեխեքին, ոտները՝ վերմակներից դուրս, նրանք հեռացան, ասես հեռադիտակի հեռացնող կողմից նայեր, վը՜զզ, զում, ի՞նքն էր նայում, ի՞նքն էր հիմա ներկա քնած իրենց ներկայությանը, ինքն ի՞նչ կապ ուներ էս կյանքերին: Ժամանակը, շուրջանակի պտտվելով, գնալով արագանալով՝ ընկնում էր վեր, ասես սահնակով զառիթափով վեր սլանայիր, գլխապտույտ, գրավիտացիային հակառակ: Զավենը՝ խոհանոցում նստած, մի կետի էր նայում, պլշած: Գանգուրները՝ կիսասպիտակ. մատղաշ մարալ Զավենին մեծ հին տուփի մեջ էին պարփակել, ասես ռոբոտի, բայց՝ թափանցիկ. միջից հին Զավենը լավ էլ երևում էր: Քանի կենդանի է՝ մարդու տուփը թափանցիկ է, հին մատղաշը շրջանակի միջից ծիկրակում է, գոնե երբեմն, դագաղի մեջ արդեն չի երևում: Արդեն պատմել էր, ինչպես Մարիաննան՝ կինը, հարձակված քաղցկեղի ձեռից գնաց, ինչպես, այժմ Հայկենց շենքի ներքևը կայանելու խունջիկ տեղ գտած «ռովերով»՝ հազար վեց հարյուր անգամ հազար սրտխփոց ու դող, մի բարդ պատճառով՝ Նովոչերկասկով, ուղիղ ճամփան շրջանցելով (Հայկը չհասկացավ մանրամասները), Լարսով՝ Երևան: Զավենը սմարթֆոնը հանեց. լուսանկարում լուսամուտի դատարկ շրջանակն էր՝ դուրս ընկած, մեջը՝ մութ ու ապակու ցից կտոր: Ասես հեռուստացույցի կոտրված էկրան: Տուն չկար: Զիլչ: Լավ ա, կինը գնաց, չտեսավ: Հայկը կոնյակ էր լցնում, շատ թույլ չէր տալիս, որ Զավենը խմի, «Բայց մալոչ քեզ, ապե, ձեր տանը բան չի փոխվե, էս ոնց ես սենց պահե», չնայած շատ բան էր փոխվել, Հայկն ասաց․ «Մի հատ արի», զոռով վերկացրեց, տարավ ննջարան՝ հին պահարանի մոտ, փեղկը բացեց, պահարանի մութ միջից նաֆտալինի հոտ բուրաց և հայրիկի թույլ հոտը:

-Հիշում ե՞ս, պապայիցս պոռնո ֆոտո էի թռցրե, ապե:

-Չէ:

-Բերե քեզ ցույց էի տալի:

-Հա՞: Տո դու կանեիր, բա չէի՞ր անի: Դու խուժան էիր:

-Էս ա իրա պիջակը, սենց էլ կախած մնացել ա, սրա գրպանից էի հանե:

Զավենը հասկացող հայացքով նայում էր, հոտ քաշում, հետո ձեռը տարավ, բաճկոնի կտորը շոշափեց:

-Ոնց օր բա՛րխըտ ըլնի, ապե: