Նազիկ Հակոբյան, Պատմվածք, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Արևայրուք

Ճանապարհը խիստ երկար ու փոշոտ էր։ Տաքսին սայլի նման ճոճվում էր, ներսում հեղձուկ էր ու տհաճ հոտ։ Շատ էի ուզում ավտոբուսով գալ գյուղ, բայց ծնողներս պնդեցին, որ իրենց ձևով ճանապարհեն, իհարկե, իմ ապահովության համար։ Պայուսակիս մեջ մի քանի կտոր հագուստ էր, մաքուր թղթեր, թղթապանակս՝ իմ սիրելի գծանկարներով, ու շատ մատիտներ։ Մաքուր թղթին հանձնելու շատ տպավորություններ ունեի ճանապարհից։ Հորաքրոջս տանիքն արդեն երևում էր, երբ հենց ճամփեզրին այսուայնկողմ վազող մի հսկայի տեսա։ Վանդականախշ խունացած վերնաշապիկով և ուսերին թափված մազերով։ Մինչ մեքենան կաղին տալով անցնում էր, վարորդը գլուխը թեքեց երիտասարդի կողմը․

-Տարօրինակ մարդիկ են ապրում այս գյուղում։

Շատ էի ուզում ասել, որ տարօրինակը հազիվ շարժվող ու կեղտոտ մեքենայով մարդ տեղափոխելն է։ Բայց լռեցի։ Երեսս մոտեցրի ապակուն, ձեռքերիս ափերով սկսեցի պահել անծանոթի շարժումները։ Դեղնած ճամփեզրի մեջքին մեծ ու կապույտ երկինքն է, մի քանի կնճռոտ ամպափնջիկ ու երկու բարդի։ Տղան գլուխը թափ է տալիս, մազերը շեկ պոչով դաղում են երկինքն ու ծառերը։ Ինձ հասնում է նրա քրքիջը, որ ավելի շատ երգելու է նման։ Ոտքերի տակից հող ու փոշի է բարձրանում։ Նա մեկ աջ է վազում, մեկ՝ ձախ։ Ձեռքերս չեն հասցնում պահել նրան ու չկորցնել։ Մտածեցի՝ այդպես ցատկում ու վազում են գնդակ խաղալիս։ Երեսը չէի տեսնում։ Ուշ աշունը շատ էր մոտ, և կուզեի բացել պատուհանն ու շնչել խիստ սառը օդը։ Հետ էի նայում ճանապարհին։ Վերնահագուստ չկար հագին։

Նրան նախկինում չէի տեսել կամ տեսել ու չէի հիշում։ Հետո իմացա՝ հենց այն տղան է, որ մի քանի տարի գյուղում չի սովորել, այլ քաղաքի՝ հատուկ երեխաների համար նախատեսված դպրոցում։ Պատմածներից գիտեի՝ ծնվել է մեծագլուխ, սփրթնած ու շշմած, ոչ ոք հույս չի տվել, որ այսքան կմեծանա, հասակ կառնի, կդառնա լայնաթիկունք ու արջի նման խոշոր։ Իսկ նրա երկվորյակ քույրը կմահանա մի թեթև ու անհեթեթ պատահարից հետո, երբ այդքան առողջ ու գեղեցիկ էր ծնվել։ Խեղճ աղջիկը գնդակի հետևից վազել, ընկել էր ու սրունքը վնասել։ Դրանից հետո աղջկա վերքը փորձում էին բուժել ճամփեզրին աճող եզան լեզվի հսկա տերևներով։ Վեցերորդ օրը աղջկա լացն ու տառապանքը վերջապես ստիպեցին  ծնողներին նրան տանել հիվանդանոց։ Մինչև լուսաբաց Մայան մահացավ փտախտից՝ ութերորդ դասարանը չավարտած, եղբորը շատ կարոտած։ Հրեշտակի արտաքինով աղջկան իջեցրին խոր փոսը, ու մոր վիշտն ու սուգը մրմուռ բերեց բոլորի սրտին։ Խեղճ կինը մի նորմալ հարազատ ուներ, նա էլ գնաց։ Հարբեցող ամուսինը ամբողջ օրը կամ բռունցքներով հարձակվում էր հսկայամարմին կնոջ վրա, կամ ընկերներին բակը լցրած՝ հարբում։ Բայց երբ շատ էր հարբում, ընկնում ու քնում էր որտեղ պատահի։ Հասմիկը սովորություն էր դարձրել օղու լիքը շիշը բերել դնել նրա առաջ ու հաշտվել ամեն բանի հետ։ Օրեր էին լինում, որ պատշար Համոն արթնանում էր խեղճացած, ավելի փոքրամարմին,  նստում հին ավտոմեքենան ու գնում աշխատանքի։ Ու մի անգամ էլ,  մինչ բոլորը զբաղված էին իրենց գործերով, Համոյի եղբայրը քաղաքից բերեց ու հենց տան դիմաց իջեցրեց սար դարձած պատանուն։ Բոլորը զարմացան՝ նրան տեսնելով. գյուղից ճանապարհել էին պեպենոտ, խիստ կարճ կտրած մազերով, գաճաճի նման կարճ ու նաև գեր տղայի, որ չէր կարողանում անգամ հասարակ հարցերի պատասխանել։ Հիմա նա այնքան մեծ էր, փոխված, բարևում էր բոլորին, որպիսություն հարցնում, վազում օգնելու։ Երբ նա մի կուշտ լացել էր քրոջ համար, սկսեց գյուղում շրջել ու ամենածանր գործերում օգնել բոլորին։ Մարդիկ սկսեցին գումար տալ տղային, չնչին վարձատրություն, որի դիմաց երիտասարդը կարող էր մի ամբողջ արտ վարել, բայց նա գոհ էր մնում: Վազում էր հյուսնի մոտ, նրանից գնում երկար, հարթ տախտակներ, բերում դարսում իրենց ետնաբակում ու նորից հիշում քրոջն ու լացում։ Երբ նա չէր երևում, գիտեին, որ նստել է գերեզմանատանն ու մի կտոր քարի վրա է թափում ամբողջ կարոտն ու ցավը։

Երկրորդ օրն էի գյուղում ու  նայում էի, թե ոնց է հպարտ-հպարտ, ճոճվելով անցնում դժգույն փողոցով: Գույնը գալիս էր նրա հետ, ներկում իմ աշխարհն ու այն թուղթը, որի վրա ուզում  էի պատկերել լրիվ ուրիշ բան։ Միշտ նույն խունացած կարմիր վերնաշապիկով էր, յուղոտ ու երկար մազերով, որոնց գույնը պարզելու համար պետք էր շատ մոտիկից զննել: Բաշ հիշեցնող մազերը՝ տեղ-տեղ խանձված, տեղ-տեղ մեղրագույնից դեպի շեկ, անփույթ թափված էին ուսերին, ընկնում էին երեսին։ Ոտքերին սպորտային մաշված կոշիկներ էին՝ կրծած քուղերով, և հավանաբար սպիտակ էին եղել։ Իսկ ամենատարօրինակն ու արտասովորը նրա անունն էր։ Տղային պապի պատվին կոչել էին Մայիս։ Նա ավելի շատ ուշ աշուն էր, խանձված հոկտեմբեր, գունատ էր, անփույթ ու արևահարված։  Իմ տարիքին համապատասխան՝ ամեն բան ընկալում էի շատ վառ ու արտասովոր, բայց հիմա հասկանում եմ՝ իրականում իմ նոր ծանոթը վառ ու արտասովոր էր, խիստ տարբերվում էր փոշոտ գյուղի անգույն ֆոնի վրա։ Պատերին թառած տղեկները նրա հետևից անհամ կատակներ էին շպրտում կամ անտեղի հռհռոց, նա իր հսկա հասակով թեքվում էր, մատը թափ տալիս, բարեհոգի ժպտում ու անցնում իր գործերին։

Հովիվներից մեկը Մայիսին գամփռ էր նվիրել՝ մեղրագույն թմբլ քոթոթ՝ ծանր թաթերով, սև քթով։ Թվում էր՝ գնացել, մռութով մտել է մրափոշու մեջ, այնքան որ իր գույնի հետ անսովոր էր մռութի սևը։ Մայիսը քոթոթին գրկած՝ նույն հպարտ քայլվածքով անցնում էր գյուղի միջով, հրճվում, ոգևորվում։ Ձեռքից բաց էր թողնում միայն այն ժամանակ, երբ պետք էր վազել ինչ-որ մեկին օգնելու։ Տեսնում էի՝ ոնց է նույն սիրով գրկում-բարձրացնում համարյա իր նման հսկայամարմին մորը, ու կնոջ ծոծրակին կապված դեղին մազապոչը ճոճվում է թիկունքին։ Մտածում էի՝ տղան շատ է նման մորը, շատ է բարի ու հոգատար։ Երբ հայրը հարբած մոտենում էր բռունցքներով, Մայիսը չէր հրում նրան, այլ կանգնում էր այնպես, որ հարվածներն իրեն հասնեն։ Շատ կարճ ժամանակում ինձ համար պարզ էր մի բան՝ նա ամեն ինչ անում է նույն հոգատարությամբ ու նվիրվածությամբ, նույն հանդարտ շարժումներով, երբ շան համար ճաշ էր եփում ու մեջը հաց բրդում, երբ տախտակները թևի տակ դրած՝ անցնում էր գյուղով, կամ մեծ բահը ձեռքին՝ փնչացնելով քար ու հող էր քանդում։

Հորաքրոջս խորհրդով Կնուտ Համսուն էի կարդում։ Աչքիս առաջ ալեկոծված անտառն էր՝ կանաչ բաշով, անհասկանալի սիրո պատմությունը։ Իմ տարիքում շատ էի դժվարանում պատկերացնել այդպիսի փոխհարաբերություններ։ Չէ՞ որ բոլորովին վերջերս սիրահարվել էի Դիսնեյի մուլտհերոս Փիթեր Փենին։ Դրա համար չէի հասկանում մեծերի սերը։ Սիրտս եփվում էր բնության նկարագրությունները կարդալիս. մարմին առած բնությունը, անտառը հսկա ու տարերքի մեջ։ Սև մատիտով նկարեցի ծառերը, քամու բերանն ընկած գորշությունը, ու սիրտս գույն ուզեց, արևահար սաղարթ, երկինք։  

Երկար ժամանակ նստած էր թթենու տակ՝ գոգին քնած քոթոթին չարթնացնելու համար: Մոտեցա նրան՝ գիրքը ձեռքիս։ Նա մատը դրեց շուրթերին։ Գլխով արեցի, տեղավորվեցի կողքին։ Գիրքը բացեցի, դրեցի ծնկներիս ու ցածրաձայն սկսեցի կարդալ այն հատվածներից մեկը, երբ անտառը ազնիվ զայրույթից հևացող հսկա էր։ Մայիսը զարմանքով ու հմայված նայում էր դեմքիս։ Շան ականջներից մնացած կտորները շարժվում էին՝ բրդոտ գլխին կպած։ Այդ երեկո թղթի անկյունում նրա վերնաշապիկից մի կտոր նկարեցի, ներկեցի թեթև կարմիր գծերով՝ ականջիս մեջ մուրճի հարվածներ, որոնք լսվում էին հարևանիս բակից, երբ նա տեսադաշտից կորչում էր։ Շատ էի ուզում հասկանալ՝ ինչ է շինում նա այդքան երկար։

Այդ օրը նրանց բակից խռմփոցի ձայն էր գալիս։ Մի քանի պտույտ արեցի բակում, հետո մոտեցա ցանկապատին: Հասմիկը մարգերի վրա կռացած՝ ծուռտիկ վարունգներ էր գտնում ու պոկում թփերից։ Պատի տակ փռվել էր Համոն։ Նրա ծանր խռմփոցից փոշին բարձրանում, լցվում էր քիթուբերանը։ Մայիսը չկար, մուրճի ձայն չէր լսվում։ Բայց բակի մյուս ծայրում կարմրին  էր տալիս Մայիսի խունացած վերնաշապիկը։ Բարձրացա ոտնաթաթերիս, ոչինչ չտեսա՝ բացի երկինք խոյացող ձողից։ Հասկացա՝ եթե բարձրանամ հորաքրոջս տանիքը, կտեսնեմ նրանց բակն ամբողջությամբ։

Զգույշ տեղավորվեցի տանիքի պոչին։ Թվաց՝ ֆիլմից մի կտոր եմ տեսնում։ Մայիսը չոքել էր հսկա առագաստանավի առաջ, մի ձեռքին՝ վրձին, մյուս ձեռքը՝ նավի կոնքին։ Ամենազարմանալի բանը, որ կարելի էր տեսնել այս ցամաք գյուղում, մեծ առագաստանավն էր՝ առանց առագաստների, կաղ բադի նման կողքի ընկած։ Հայացքով կարճեցի տարածությունը, մոտ իջա նավին, գրկեցի տռուզ փորն ու հառաչեցի. դեպի ազատություն ձգտող այս հսկան երբեք չի լողալու։ Իսկ նավի կոնքին կարծես շոկոլադով, բավականին մեծ տառերով գրված էր՝ ՄԱՅԱ։

Մայիսը բարի ժպտում էր՝ մանկան հայացքով, անմեղ, սիրուն։ Պատերին թառած տղաները երկար սուլեցին իմ հետևից։

-Մայիսիկ, էլ Սիրանին չե՞ս ծիկրակում, նոր ու ջահել ընկերուհի ես գտել։ Մեր գյուղի աղջիկներից ոչ մեկը սենց սիրուն մազեր չունի։

Ուսիս վրայով հետ նայեցի։ Տղաները նույն գլանակը ձեռքից ձեռք փոխանցելով՝ մի ծուխ ներս էին քաշում ու դուրս փչում՝ աչքերը ծխից ու արևից կկոցած։ Մայիսը մի ձեռքով նրանց վրա մատ թափ տվեց, մյուսով մոտ քաշեց ինձ․

-Հիմա՞ր եք, Շահանը քույր է։

Տղաները քրքջալով երկու տակ ծալվեցին, որքան հնարավոր էր հավերի դիրքով թառած։

-Լավ պրծանք, որ մորաքույր չի։ Բա Սիրա՞նը ում քույրն է։

-Սսկվի՛, գամ՝ կիմանաս,- Մայիսը ոտքը խփեց գետնին, հսկա մարմնով առաջ հակվեց, հետո մազերը հետ տարավ երեսից։- Գնանք։

Ձեռքս զգույշ ազատեցի նրա ափից։ Հետո ուզում էի հարցնել՝ Սիրանն ո՞վ է, բայց խուսափեցի։ Տղան դեռ շիկնած էր։

-Ես քո նավը տեսել եմ։

Մայիսն այնքան կտրուկ կանգնեց, որ ոտքերի տակ փոշի պայթեց։

-Ո՞նց։

-Մեր տանիքից։

Մայիսի դեմքն այրվում էր, աչքերում տաք լույս էր։ Սպասում էր, որ մի բան ասեմ։

-Շատ սիրուն է, շատ մեծ։ Զարմացա, որ ձեր բակում տեղավորվել է։

Մայիսը ձեռքերը տարածեց կողքերը, խոր շունչ քաշեց, գրկեց շատ գեր ու անտեսանելի մի բան։

-Ես կգնամ այդ նավով։ Ինձ մնում է առագաստների հարցը լուծել։ Ներկած պատրաստ է։ Անպայման պիտի ջուր ու քամի լինի։

Գլխով արեցի։ Ո՞նց հարցնեի՝ բա որտեղի՞ց այդքան ջուր ու այդքան հզոր քամի։ Նա շարունակեց քայլել ու խոսել․

-Ես լավ երաժշտություն եմ լսում, ամբողջ ժամանակ լսել եմ ու նավը կառուցել։ Լավ գրքեր եմ կարդում։ Ուզում եմ՝ լինեն մարդիկ, որոնք ինձ որոշ բաներ կբացատրեն։ Ախր նավապետը պետք է խելացի  ու ճաշակով լինի։ Մեծ գիտելիքներ ունենա։

-Իհարկե։

-Ես հինգ տարի ուրիշ տեղ եմ ապրել, չար ու բարի մարդիկ եմ տեսել։ Ապրել եմ հիվանդ երեխաների հետ։ Միշտ չեմ հասկացել, թե ինչու են նեղացնում նեղված ու թույլ մարդկանց։ Այն տղաները, որոնք ավելի ճարպիկ էին, գալիս ու ծեծում էին հազիվ շարժվող թույլերին։ Այդ դպրոցում գրքերին հասնելու համար դժվարություններ կային։ Ես մի կերպ հասնում էի, դրանք գալիս, ուզում էին ինձ ծաղրել ու պատռել գրքերը։ Ես պաշտպանվում էի ոնց կարողանում էի։ Հետո բոյ քաշեցի, մի տարվա մեջ էսքան մեծացա, ուժեղացա։

Լուրջ լսում էի նրան ու փորձում հասկանալ՝ ինչու է սրա մասին խոսում նավի թեմայից հետո։ Բայց հետո կապը հասկացա։ Անարդար բաներ է տեսել, հոգնել է մարդկանց չարությունից, ուզում է բաց ծով դուրս գալ։ Էէէ,Մայիս ջան։

Մայիսը ծնողների վեճի ժամանակ ընկել էր հոր ձեռքի տակ, ծեծվել ու գնացել էր տնից։ Նրան երեկվանից չէին տեսել։ Սիրտս ցավում էր այն մտքից, որ մենակ է, սոված ու դառնացած։ Մտքումս խոսքեր էի պատրաստել նրան ասելու, եթե հանկարծ գտնեմ։ Դիվային լռություն էր շուրջս։ Մի պահ վախեցած կանգ առա, բայց հաջորդ պահին մի մեծ ու համարձակ քայլով ոտքս դրեցի բլրի անհարթ սկզբի վրա։ Ոտքիս տակից քարեր պոկվեցին, ինչպես մութ խոռոչից փախչող չղջիկներ, ու կորան ներքևում։ Հայացքով բռնվելու տեղ փնտրեցի, որ բարձրանամ։ Նույն պահին հեռվում շարժում նկատեցի. մեծ քարերի հետևից կարմրին տվեց նրա մաշված վերնաշապիկը։ Ինքս էլ  չէի սպասում, որ այսքան կուրախանամ ու նաև կշփոթվեմ։ Նա քայլեց դեպի ինձ, ոտքերի տակից մանր քարեր վազեցին ներքև։ Իջնում էր: Կանգնեցի ու այդպես էլ բռնվելու տեղ չգտնելով՝ մնացի տեղումս։ Հիշեցի՝ նրա մասին պատմում էին, որ կարող է մի հայացքից զայրանա, հարձակվի, հրի։ Սիրտս անհանգստությունից թուլացավ, չնայած որ չէի հավատում դրան։ Չցանկացա ցույց տալ վախս, թե չէ կնստեի հենց գետնին։
-Վերև մի՛ գնա,- ձայնը խռպոտ էր ու նյարդային։- Ի՞նչ ես անում ստեղ։ Վտանգավոր է մենակ։
Պատրաստի պատասխանները համրացան։ Լուռ նայեցի անլվա ու գունատ երեսին։ Ճակատին մեծ կապտուկ կար։ Այնքան սփրթնած էր, այնքան անգույն, որ աչքերի մուգ կապույտը լույսի նման թափվում էր երեսին։ Նա անհանգիստ շարժվեց տեղում, հետո նստեց հենց ոտքերիս տակ։
-Մի գնա վերև, կնեղանամ, էսօր շատ ենք տխուր։
Նրանից նամահոտ էր փչում, ինչպես միշտ։
-Որոշել եմ առանց Մայա չգնամ։
Ցնցվեցի ամբողջ մարմնով։ Այդ ինչպե՞ս։ Բայց շարունակում էի լռել։
-Մայային ո՞նց թողնեմ մենակ։ Պատկերացրու՝ լեռնային առյուծները իրենց քույրերին լքեն քարերի մեջ ու գնան։ Իսկ Մայան իմ կեսն է։ Կեսս թաղված է վերևում,- նա առանց հետ շրջվելու՝ դունչը տնկեց դեպի բլրի գագաթը։- Գերեզմանատունը վերևում չէ, Շահան, բլուրն անցնում ես, կտրուկ իջնում, հասնում հարթ մակերեսի: Մաշված քարերը շաղ տալու նման մեխել են գետնին, որ հասկանանք՝ որտեղ ում կեսն է թաղված։ Չեմ սիրում գերեզմանաքար։ Ագռավներն աղմկում են, շնագայլերը՝ ոռնում, մողեսները՝ տաք օրերին մարմինները փռում այրող քարերին։ Իսկ Մայան սիրել էր ուզում, չէր ուզում պառկել այս խեղդող հողում։ Ուրուները երկինքը ծածկել են նրանից: Մայան կապույտ էր սիրում, իր աչքերի կապույտից։

Ապշած լսում էի՝ հայացքս չկտրելով այդ խելապակաս երիտասարդի դեմքից, մտածում էի` մի՞թե այսպես կարող են խոսել նորմալ տղաները։ Նրա նկարագրությունը աչքիս առաջ բերեց Մայային ու նրան շրջապատող քար ու քռան։ Իրոք, մարդուն պետք է կանաչ ու շնչող հողում թաղել։ Պատկերացրի` ոնց է քամին թափառում գերեզմանաքարերի վրայով, սահում, գայթում, բարձրանում, ու փեշը քսվում է միայն մարմարից ու բարձրակերտ մի քանի հուշաքարի։
-Մայային չեմ թողնի մենակ։
-Հա, մնա, որ շիրիմը խնամես, տես, մայրդ չի կարողանում էսքան ճանապարհ կտրել-անցնել։
-Հետս կտանեմ։
Նայեցի նրա պեպենոտ դեմքին, աչքերը կախեց։ Ի՞նչ կար մտքին։ Մեղվի փրչոտ ոտքեր հիշեցնող թարթիչները խոնավացան։ Մի ծանր կաթիլ կախվեց, ու մտածեցի, որ եթե իրականում մեղվի ոտք լիներ, ինչպես թափ կտար արցունքի կաթիլը, և ինչպես այն կսահեր գունատ երեսով։ Շատ էի ուզում՝ ձեռքիս մատիտ լիներ, ածխի կտոր ու թուղթ։ Իսկ նրա արտասանած հաջորդ նախադասությունը ինձ ցնցեց ոտքից գլուխ։

-Եթե հիմա թուղթ ու գրիչ լիներ, քեզ համար կգրեի՝ ինչ եմ մտածում, կգրեի` ինչ է զգում Մայան, որտեղ է պառկած։

Նայեց երեսիս, երևի որ հասկանա՝ ինչ տպավորություն թողեց ասածը։ Իսկ ես հասկացա` արվեստով արտահայտվում են այն մարդիկ, որոնք ցավին չեն դիմանում, որովհետև մեծ է։ Դա ստիպում է գտնել արտահայտչամիջոց։ Ինքս ինձ հարց էի տալիս այդ պահին՝ իսկ նա իրականում կարո՞ղ էր գրող դառնալ, ախր տրամաբանության հետ խնդիրներ ուներ, բայց հազարավոր երիտասարդներից լավ էր զգում կյանքը։

Ներքևից կանանց ձայներ լսվեցին։ Մայիսը վեր ելավ։

-Մաման․․․ հեսա սևս կտա։

Վազելով ցած իջավ, հասավ փեշերը հավաքած Հասմիկին և նրան թևանցուկ արած հորաքրոջս։
Հասմիկը թևն ազատեց ու երկու ձեռքով հարվածներ տեղաց բարձրահասակ, հսկա արջի նման ամուր որդու մեջքին, ուսերին. ձեռքը գլխին լավ չէր հասնում։ Մայիսը կռացավ, գլուխը խոնարհեց մոր թուլացած ձեռքերի առաջ։ Հորաքույրս հետ էր պահում զայրացած ծնողին.

-Գոնե գլխին մի՛ տուր, անխի՛ղճ։

-Անտե՛ր, ո՞ւր ես թափառում, սատկեիր, պրծնեի քեզնից։

Մայիսը բարձր ձայնով սկսեց լաց լինել, իսկ ես նրանց արանքում տեսնում էի մի շիկահեր աղջկա, որը կախվել էր գազազած մոր թևերից ու պաշտպանում էր եղբորը։

Նստեցի գետնին, ես էլ լաց եղա։

Բաճկոնով էի, քամին կտրուկ երեսիս էր խփում ու ստիպում ավելի շատ թաքնվել օձիքիս մեջ։ Խանութին հասնելու համար շատ քիչ ճանապարհ էր պետք, իսկ ես սաստիկ մրսում էի ու կարոտում քաղաքի ամեն քայլափոխին հանդիպող խանութները։ Մայիսին շատ ուշ նկատեցի։ Երբ արդեն վաճառողուհուն ասել էի, թե ինչ եմ ուզում ու դրամները ձեռքիս սպասում էի, մինչև տոպրակի մեջ դասավորի մթերքը, կողային տեսողությամբ նկատեցի շատ ծանոթ վերնաշապիկը։ Մայիսը կքանստել էր հենց պատի տակ ու ձեռքի տոպրակի մեջ ինչ-որ բան էր ուշադիր զննում։ Մազերը լցված էին երեսին։ Գնումներս ձեռքիս՝ մոտեցա նրան, բայց սիրտ չարեցի ձայն տամ կամ դիպչեմ։ Երբ անցա նրա կողքով, գործակատար կնոջ ձայնը ինձ ստիպեց հետ նայել։

-Մայի՛ս, տո՛ւն գնա, էլ քեզ ստեղ չտեսնեմ։ Մի անգամ էլ ես էկել, էսքան մնացել խանութում, քեզ էլ ոչ մի բան չեմ վաճառի։

Մայիսն արագ ոտքի ելավ, քամու նման անցավ կողքովս, խանութից դուրս փախավ։ Մինչ ես հետաքրքրված ու զարմացած դուրս եկա նրա հետևից, ծանոթ վերնաշապիկը տեսա արդեն պատի վրա, ու Մայիսը մի ցատկով նորից թռավ խանութի բակ։ Արդեն չէի կարող նրան տեսնել, բայց այդտեղ գալու պատճառը կարծես կռահեցի։ Մի քանի երիտասարդ աղմուկով մտան խանութ․

-Սիրան ջա՛ն, բարև, մեզ համար ի՞նչ ունես։

-Նույնը, ինչ բոլորի համար,- Սիրանի ձայնը կրծքային էր, նաև խռպոտ։

Ամբողջ մարմնով փոքրացա ու ինձ երեխա զգացի։ Հենց պատի տակ նոթատետր տեսա՝ խիստ հնամաշ ու կեղտոտ։ Մոտեցա, վերցրի։ Երբ բացեցի, հասկացա՝ ումն է։ Հենց առաջին էջին Էքսլ Ռոուզի լուսանկարն էր, հետո՝ նավի նախագծեր ու սխեմաներ։ Մի քանի էջեր լցված էին ծովի նկարագրություններով։ Հաստատ որոշեցի՝ նոթատետրը կվերադարձնեմ, երբ կարդամ։

Այդ օրը Մայիսին առաջին անգամ ուրիշ վերնաշապիկով տեսա ու հավաքված մազերով։ Մաշված քուղով ծոծրակին կապված այրված մազերն այդպես ավելի երկար էին թվում։ Կաթնագույն վերնաշապիկով էր, ամեն անգամվա նման՝ առանց վերնահագուստի։ Հորեղբոր հոգեհանգստի արարողությանը երկար կանգնեց գլխահակ ու խաչված թևերով, հետո առանց հայացքը բարձրացնելու՝ թափորից առաջ գնաց գերեզմանատուն, երկար նստեց քրոջ տապանաքարի մոտ։ Հայացքը թափառում էր շատ հեռու: Երբ թաղման թափորը հասավ տեղ, ու կանանց լացուկոծը տարածվեց շուրջը, Մայիսը սկսեց հեծկլտալով լացել ու թևքով սրբել աչքերը։ Հետո բոլորից առաջ ընկնելով՝ լքեց գերեզմանատունն ու վերադարձավ իրենց տուն, գրկեց մոտ վազած քոթոթին։ Աշնանային  ելակները փնջերով կախվել էին դեղնող թփերից։ Մայիսը նստեց գետնին, հերթով բարձրացրեց ու հենց թփի վրայից, առանց ձեռքով պոկելու, կերավ ելակները։ Երբ ուշ ժամի տնեցիները եկան, նա արդեն իր նավի կողքին էր՝ շնիկը թևի տակ սեղմած։ Մայրն աղմկելով բակ մտավ, ձայն տվեց, որ գնա, գոնե մի կտոր հոգեհաց ուտի, որ հորեղբոր հոգին անխռով ու թեթև լքի այս աշխարհը։ Հայրը՝ շատ կուշտ ու շատ հարբած, հենց կոստյումով փռվեց փոշոտ գետնին ու անմիջապես քնեց։ Մայիսը երևի հասկանում էր, որ մայրը շատ է հոգնած, ամբողջ օրը, անտեսելով ոտքերի ցավը, գործ էր արել տեգոր տանը։ Բայց երիտասարդը շատ էր խռովում նրանից։ Գոնե գար Մայային տեսության։

Այս ամենը տեսնում էի միայն կողքից ու անսահման կարեկցում նրան։ Հետո քուն մտա խոնավ աչքերով։ Մի բուռ կոնֆետ ունեի բաճկոնիս գրպանում, տանում էի Մայիսի համար։ Մայիսը, շալվարի փողքերը մինչև ծնկները ծալած, վազվզում էր ավազի վրա ու անմարդաբնակ կղզուց փախչողի փափագով գալիս հրում թեքված նավի անհարթ փորից։ Տղայի մազերը փոշու մեջ կորած էին, թևերը՝ ճանկռոտված ու կեղտոտ, հագուստը` հողի բերանից հանած։ Բայց սիրտը ծարավ դեպի ծովն էր վազում՝ հրամայելով հսկա մարմնին հենվել նավին ու հրել դեպի անտառափեշ։

Առավոտը բացվեց Մայիսի բղավոցով։ Սկզբում ոչ ոք չէր հասկանում, որ դա լուռ ու խաղաղ Մայիսն է աղմկում։ Նրա ոռնոցը բոլորին ստիպեց դուռ ու լուսամուտները բացել։ Նա գազանի նման բղավելով հարձակվել էր փողոցի տղաների վրա, գլխով, ձեռքերով հրում էր բոլորին միաժամանակ ու գցում։ Տղաները ճվճվոցով փորձում էին պաշտպանվել։ Չէի հասկանում, թե ինչը կարող էր նրան ստիպել այդպես գազազել։ Հաջորդ վայրկյանին ականջիս հասավ քոթոթի կաղկանձը։ Երբ ամեն բան պարզ դարձավ, յուրաքանչյուր ծնող իր տղային քաշելով տարավ տուն՝ հսկա տղային թողնելով փողոցի մեջտեղում՝ իր մի բուռ շնիկի հետ։ Մայիսը չոքել էր գետնին, ձեռքերը փալասի նման կախվել էին կողքերից, ու չէր համարձակվում ձեռք տալ կոտրված ողնաշարով քոթոթին, որը ոտքերը քարշ տալով թավալ էր գալիս ու լացում։ Իմ տասնվեց տարիների ընթացքում առաջին անգամ էի այդպիսի սոսկալի տեսարանի ականատես լինում, սիրտս քիչ էր մնում պայթի անզորությունից ու խղճահարությունից։ Վերջապես Մայիսի ոռնոցը թուլացավ, բայց շնիկն ուժասպառ դեռ կաղկանձում էր։ Մայիսը վճռական շարժումով վերցրեց ձագին, ոտքի ելավ, վազեց իրենց բակի կողմը։ Չհամարձակվեցի քայլել նրա հետևից։ Զայրույթից շունչս կտրվում էր։ Նույն պահին տղաների խումբը դուրս եկավ փողոց ու մյուս մայթն անցավ։ Երևի իմ փոխարեն ուրիշ մեկը ճչաց․

-Հերոս եք, հա՞։ Ինչի՞ համար եք ատելությունից անմարդկային արարքների դիմում։ Մայիսը ոչ միայն ֆիզիկապես է ձեզնից ուժեղ, նա ամեն ինչով է ձեզնից բարձր։ Ավարաների խումբ, դատարկագլուխ, փուչ ու ձանձրալի։ Զզվում եմ ձեզնից։

-Դու խոսել գիտե՞ս։

Քիչ մնաց հասնեի ու խփեի դրա քիթմռութին։

Նույն պահին կողքի բակից մի կին զայրացած արձագանքեց ինձ․

-Գժերի տեղը սովորական մարդկանց մեջ չի։ Որ դրան բաց չթողնեին, էսքան վտանգավոր չէր լինի մեր էրեխեքի համար։ Հլը մի բան էլ դու քաղաքից էկել, դատավոր ես կանգնել։ Մյուս անգամ չհամեմատես մեր էրեխեքին էդ խելապակասի հետ։

-Վտանգավորը փայտով շուն սպանող մարդն է։

Հորաքույրս քաշեց թևս ու զայրացած նետեց անզուսպ կնոջ կողմը․

-Գնա լակոտիդ դաստիարակի, պարապ թառած ա պատերին ամբողջ օրը:

Հետո բոլորը սկսեցին աղմկել։ Լաց եղա։

Մի քանի ժամ հետո շնիկի ձայնը կտրուկ լռեց։ Մենք շարունակում էինք խղճահարությունից լաց լինել։

Մի քանի փոքրիկ գլխապատառ աղաղակով լցվեցին բակ, իրար հերթ չտալով պատմեցին, որ գյուղի ուժեղ տղեկները տասը-տասներկու հոգով ծեծել են Մայիսին ու գցել գերեզմանատուն տանող ճանապարհին։ Երեխաներից մեկը պատկերավոր պատմում էր` ոնց էր երկու ձեռքով հրել շատ ծանր մարմինը, բայց տեղից էլ չի շարժել։ Նա ոգևորված խոսեց ճչոցի հասնող ձայնով, հետո կեղտոտ քիթը վեր քաշեց ու ցածրաձայն ասաց.

-Դե, մեռած կլինի։

Ընկերներից մեկը խփեց ուսին, նա արագ-արագ նայեց ընկերների դեմքերին.

-Չէ՞, տղերք։

Տղերքը գլխահակ դուրս գնացին բակից։

Մի պահ թվում էր՝ ամբողջ գյուղն է վազում տեսնելու տղային։ Կանայք ախուվախ անելով մոտեցան տղայի անշարժ մարմնին ընկած Հասմիկին։ Մայրը ցնցում էր որդուն, շոյում արյունոտ թևերը, ուսերը։ Անցյալ անգամվա նման հեռվից էի դիտում այդ ամենն ու նորից տեսնում այն շիկահեր աղջկան, ստվերի նման, լույսի պես թափանցիկ, բայց ամենազորեղ գրկով եղբորը փարված աղջկան։

-Հազիվ ես շնչում, տղես,- ճչում էր Հասմիկը։

-Կարևորը` շնչում է,- մյուս կանայք ավելի համարձակ մոտեցան։

Բաց, փոշոտ, ազատ, ափաձև գոգավորության կենտրոնում ընկած կարմիր ծանոթ վերնաշապիկով երիտասարդին էի տեսնում։ Արջի պես հսկա, ուժեղ Մայիսը փալասի նման ընկել էր ու սովորության համաձայն չէր ողջունում դեպի իրեն եկողներին։ Մի քանի ուժեղ երիտասարդ զգույշ բարձրացրին տղային։ Արևահարված մազերն ու թևերը կախ ընկան, ճոճվեցին, աջ ցուցամատից արյան շիթ հոսեց։

Մի քանի օր էի գյուղում, երկու նկար էի արել: Ծնողներիս վերադարձին երկու օր էր մնում։ Այդ առավոտ Մայիսը բակ դուրս եկավ առանց վերնաշապիկի, անթև շապիկով, բոբիկ ոտքերը քարշ տալով բակի կենտրոն։ Փնտրեց, չգտավ շան դին։ Հետո հետ գնաց տուն, բարձր միացրեց մագնիտոֆոնը, երբ Guns N’ Roses-ը ամբողջ բակով մեկ ճչաց, նա բարձրացրեց թևերը, սկսեց ծույլ շարժվել երաժշտության ռիթմով։ Ամբողջ մարմինը քերծված էր ու կապտած։ Պարելու ընթացքում քանդեց ձախ դաստակի վիրակապը։ Արյան շիթը հոսեց վեր պարզած ձեռքից։ Հայրը բղավեց ներսից, հայհոյեց, իսկ Մայիսը կանգնել էր աշնան ծանր երկնքի տակ ու անձրևին էր սպասում։ Բակի մյուս ծայրից հոր հայհոյանքներին խառնվեցին մոր ճիչերը, ու երբ ես բակ վազեցի՝ Մայիսին համոզելու,  որ պետք է մոր մասին մտածի, որ դեռ չի ամրացել ու կվնասի իրեն, նաև կմրսի, սարսափով լսեցի վառվող փայտի ճարճատյուն։

Հիմա մտածում եմ, որ եթե անձրևն այն օրն այդքան թույլ չգար, այլ հեղեղի նման թափվեր խոստացածի նման, այն աղետը չէր լինի, ու իմ նոր ընկերը կկարողանար երկար փայփայել բաց ծով դուրս գալու երազանքը։ Նա վազում էր դեպի այրվող նավը, երկինք խոյացող հսկա խարույկը։ Իսկ ես նայում էի նրա հետևից ու տեսնում, թե ոնց է ամբողջ գարուն աշխատել ու վազվզել գյուղով մեկ՝ տախտակները թևի տակ: Գնել է, խնդրել, որ նվիրեն։ Մեծ փափագով կառուցել է այս անհավանական նավը, ու հիմա բաց ծովը ցամաքել է հենց ոտքերի տակ։

Ճանապարհին հիշեցի, որ նոթատետրը չեմ վերադարձրել։ Շատ դառնացա. նա հաստատ կփնտրեր ու կտխրեր: Ակամա մի հարված էլ ես էի հասցրել իմ նոր ընկերոջը։ Երբ նեղված մտածում էի, թե ոնց վերադարձնեմ այդքան կարևոր իրը, թղթապանակի մեջ գտա ու բացեցի նախորդ գիշեր արված գծանկարը։ Մի կտոր արև, խանձված աշուն, լայն ճակատին իջնող երկար մազափունջ, խիստ գունատ երես։ Աչքի փոխարեն մեծ մեղու էի նկարել՝ փրչոտ ոտքերով ու գունեղ։ Ոչ մի վարպետ նկարիչ չէր կարողանա պատկերել Մայիսի հայացքը։ Երկար տարիներ էին հարկավոր՝ հասկանալու այն ամենը, ինչ կատարվել էր, գտնելու հատկապես կատարվածի պատճառները։ Եթե հաջորդ գյուղ գալուց տեսնեի Մայիսին, ու հանկարծ պարզվեր, որ նա վերքերից ապաքինվել է, կդառնայի նրա ամենալավ ընկերը։ Նա հպարտ ու ճոճվելով կքայլեր գյուղի անտանելի նեղ փողոցներով, կգտներ բառեր ու ժպիտներ մարդկանց համար, կաշխատեր մինչև մայրամուտ, արջի նման փնչացնելով թփերից կուտեր հասած հատապտուղներն ու կնկարագրեր այն ծովը, որ երբեք չէր տեսել։ Իսկ ես նկարում էի թղթի մի անկյունում գերեզմանատուն տանող ճանապարհը՝ խունացած վերնաշապիկի գույնով ներկելով աշնանային երկինքը, ու չգիտեի, որ էլ երբեք չեմ տեսնելու Մայիսին ու վատ լուրն իմանալուց հետո միայն պատկերացնելու եմ, թե ոնց են ցախատան փտած գերանները պահել նրա ծանրությունը։

Պատմում էին, որ նրա չոքած մարմինը գտել են լուսադեմին: Երեսին թափված մազերի տակից դեմքը չէր երևում, իսկ նավը դեռ երկար ծխում էր, նույնիսկ այն ժամանակ, երբ Մայիսի հասակակից նորաթուխ քահանան գերեզմանատանը հոգեհանգստի աղոթքն էր երգում՝ բռաչափ մատուռում երկար արտասվելուց հետո։

Խնկաբույրն ու ածխացած նավից բարձրացող ծուխը երկինք չէին հասել։