Լուսինե Աղաջանյան, Պատմվածք, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Մարդ եմ, շուն ու լուսին

   (պատմվածք կամ մազերն արձակած բանաստեղծություն)

Գիշերվա մի ժամ կա, որ չգիտես՝ ավելի շատ ավարտ է, թե սկիզբ: Օհանը միշտ այդ ժամն է ընտրում այգին մաքրելու համար: Գործատուն  նրան չի ստիպում աշխատանքը վաղ սկսել, բայց նա միշտ ընտրում է այդ սահմանն ու սեպի պես խրվում օրվա տրամադրության մեջ: Ասում է.

-Էս ժամը երկնքի հետ էլ կապ կպահես, շների հետ էլ: Վախ չունի. ասում է՝ էդ ժամին դու բաց ես աշխարհի առաջ ու խոցելի, իսկ լուսինն ու շները գնահատում են քո թուլությունն ու ներսը, որովհետև նրանց հետ դու նույն ինֆորմացիոն դաշտում ես:

Սա այն ժամանակն է, երբ կարող ես տերևներն ավլելիս առանձնացնել չորացած թիթեռներն ու չթափել, պահել քեզ մոտ՝ գրքերի արանքում կյանքը պիտանելիության զգացումով շարունակելու համար… Թիթեռներն իրականում գրքի թերթերն առանձնացնելու կամ ընթերցածի կեսն ընդգծելու համար չեն, այլ բովանդակությանը հմայք հաղորդելու, որ  հիշեցնում են կյանքի խոնավ վաղանցիկության ու երկարատև չորության մասին:

-Երբ ավարտեցի ինստիտուտը, ես հնագետ էի ու պեղումների մասնակցելն ինձ դարձրեց հնությանը հավերժ սիրահարված մեկը: Ու հիմա ինչպե՞ս կարող են ինձ հարցնել, թե ինչո՛ւ ես փողոց մաքրում, մի՞թե պարզ չէ, ինձ միշտ հետաքրքրում է հին կամ անպիտան համարված իրեր գտնելը:

Օհանը փողոցի 65 ամյա հավաքարար է ու քաղաքի այս այգին դարձել է իր աշխարհը: Գիշերվա 4-ին արթնանալով գործն սկսում է աղբամանից ինչ-որ մոռացված բան գտնելու հետաքրքրվածությամբ: Իսկ տարիների փրկած իրերը պահում  տանն ու դասակարգում ըստ իրենց ենթադրյալ պատմության:

Աշնանը տերևները խշխշան են ու թաց, հողին կարծես փրկած լինեն վերևի լացից, էդ ցեխոտ տերևները Օհանը նմանեցնում է իր ոչ այնքան հաճախ լվացվող, ուսերին փռված մազաթնջուկին, իսկ գարնանային անձրևն ուրիշ է, Օհանը էդ տերևները առանձնահատուկ է սիրում, վերցնում, շնչում է բույրն ու ասում ՝ իսկ ա՛յ սրանք Սաթենիկի մազերի բույրն ունեն:

Այսօրվա գտածոն ուղղակի երջանկության ճամպրուկ էր Օհանի համար: Նա շան պես հոտոտեց, որ դեռ չբացած ծանոթանա բովանդակության հետ, ու ինքն իրեն ստուգելու համար ասաց՝ տղամարդու իրեր կլինեն: Փականներից մեկը ժանգոտ էր և ուժ պահանաջեց բացելու համար: Հին իրեր էին, առաջին հայացքից այո՝ տղամարդու: Օհանի ուշքը գնաց գրպանիկում բլոկնոտ տեսնելով, դուրս հանեց ու էլի հոտ քաշեց…

-Թուղթը դեղնած է, բայց տաքություն ունի…Սիրում եմ այսպիսի իրեր, որոնք պատմություն ունեն…

Թերթեց ու կարդաց՝

           …

Շուտով կծածկի մեզ ձյունն աշխարհի,

 Ես քեզ էլ ի՞նչ սրտով բարի մաղթեմ,

 Ճամփորդներ ենք մենք նույն ճանապարհի,

 Քրիզանթեմ, ճերմակ քրիզանթեմ ։

……………….

Ու՞ր գնացին ծաղիկները

Սուս քնած են հողի տակ…

………….

 Մի քիչ կամա՜ց, ասաց,

Մի քիչ կամա՜ց…

Սիրտս նուռ է ճաքած

Ու չքամած։

…………

-Մարինեին… Մարինեին… բոլորը Մարինեին է նվիրել… Տես է՜, նրբահոգի ու պոեզիա սիրող տղա է, բայց իրենը գրել չի կարողացել… Իսկ ես ի՛մն էի գրում իմ Սաթենիկի համար, գնահատում էր… Այլապես վերջում չէր ասի՝ էն բլոկնոտդ հետս կդնես…  Օ՜, այստեղ նույնիսկ հասցե ու հեռախոս կա. մարդ բռնի ու գնա գտնի դրան… Բայց չէ՜… Այս ճամպրուկի տերն էլ, Մարինեն էլ մահացած կլինեն, իսկ ժառանգները  նրա հին իրերը ճամպրուկով  տնից դուրս հանած… Ի վերջո չես կարող մեղադրել նրանց, ու՞մ են պետք իրերն առանց տիրոջ:

Օհանը,  որպես իր խոսքի հաստատում, անընդհատ ինչ-որ բաներ էր փնտրում ճամպրուկում.

-Ահա պիջակ, հնամաշ փողկապներ, ուրեմն կիրթ մարդ է եղել, գրական ճաշակն էլ ահագին բարձր էր… Ձեռագործ գուլպաներ, գծավոր, բրդյա… գյուղական ծագումով բաներ են սրանք, սա նրան իր մայրը տված կլինի… Օհանը դրանք էլ հոտոտեց, ու քիթը փակեց.

-Ֆո՛ւ… ցեցերը սրանք ո՞նց են կերել… էս էլ ցիլոն… տես է՜… Իրեն իր երազած տղայի տեղն է դրել… ո՜վ գիտե, մի փրչոտ գեղցի ես, էլի՛… հի՛, հի՛, հի՛… Հլը էս գրական-գեղարվեստական գրպանիկում է՞լ ինչ կա… Պա՜հ, պա՜հ… Աֆորիզմների գրքույկ… փիլիսոփայել է սիրել, ծխել ու սուրճ խմել, թե բա՝ ինչպես կասեր Մոնտեսքյոն… ծա՛կ փիլիսոփա: Սաթենիկն էլ չէր սիրում, ինձ ասում էր՝ հերիք է փիլիսոփայես, գործով զբաղվի, գործո՜վ… Սա ի՞նչ է, էս մի ափսե՞ն ինչու է դրվել շորերի հետ…

 Յուրաքանչյուր տան սպասքն իր հուզական պատմությունն ունի, եթե իհարկե  օրվա մեջ գոնե մեկ  անգամ սովորություն կա ընտանյոք ճաշել: Օհանը հիշեց, որ մայրը հոր մահից հետո սեղան էր պատրաստում չորս հոգու համար, բայց ընթացքում «հիշելով» սեղանից վերցնում մեկ ափսե, մեկ բաժակ, մեկ  դանակ-պատառաքաղ…

-Նրանք մեր տան ամենատխուր սպասքը դարձան, որովհետև լի էին  դատարկությամբ ու մեզ փոխանցած թախիծով: Հարևան տատիկն էլ  ամուսնու մահից հետո  «մոռանալով» միշտ  երկու բաժակ սուրճ էր լցնում, հետո հառաչելով մի բաժինը թափում, որը բաժակի պատերին տխուր նախշեր էր թողնում, ու հաստատ  փոքր ինչ աղիություն կունենար… Տոնինո Գուերրայի պատմվածքի հերոսը կնոջ դավաճանությունից հետո կարգադրել էր սեղանին ևս մեկ դատարկ ափսե դնել, որ այդ երրորդի բացակա-ներկայությունը կնոջը միշտ հիշեցներ սեփական անխոհեմ  արարքի դառնությունը:  Ընտանեկան սպասքն ամենաթունդ էմոցիաները կրողն է,- հառաչեց Օհանը,- զարմանալի է նկատել, որ հենց ուզում ես  փոխարինել նորերով, նրանք  իրե՛նք են արժանապատվորեն հեռանում քեզանից, նրբանկատորեն թողնելով կոտրվելու  պատրանքը: Իրենք էլ են ընտանիքի  նման ու երբ «մերձավորներից» մնում են հինգը, երեքը, երկուսը, մի տեսակ խեղճանում են, «գիտակցելով», որ սեղանին չես համոզի  կիսատությամբ  բարեկամություն անել: Ինչե՜ր են կրել նրանք իրենց ճենապակե ուսերին՝ մարդկանց միախառնվելու ուրախությունը, խանդը, զայրույթը, ուրախությունը, անզգուշությունը, կորուստը, կարճ ասած ամուսնությունն իր բոլոր փուլերով՝ շեմքին կոտրվող ափսեից մինչև պատեպատ զարկվողները, մինչև սովորական դառնալը, դառնանալն ու քիչ-քիչ պակասելը… Տան սպասքը ընտանիքի խոր ապրումների վկայությունն է, եթե անգամ սաղրիկ է: Հետաքրքիր է՝ համ ունի՞ նրանց կյանքի պատմությունը,  ովքեր մեկանգամյա օգտագործման սպասքից են օգտվում, չէ՞ որ նրանց սեղանամերձ շփումը ճմրթվում, նետվում է աղբարկղը,- Օհանը ափսեն ձեռքն առած մանրակրկիտ զննում էր ու կարծես անբնական ներշնչանքի մեջ ընկած խոսում,- հա՜, հաստատ այսպիսի մի պատմություն ունի  ափսեն. պատկանել է ճամպրուկի տիրոջ մերձավոր հարազատին… Իսկ սա՞ ինչ է… Տեր աստված ալբո՞մ, լուսանկարների ալբո՞մ… հիմա  երևի կտեսնեմ էս ամենի տիրոջը:- Ու բացելով հնամաշ ալբոմն ասաց.

-Վա՛հ… համակրելի մարդ է… Էս  նույն անձրևանոցը չէ՞ հագին… Հա էլի… հե՛նց սա… Նկարի հետևում էլ գրված է՝ 68 թվական, Լոռի… Էն մյուսը կինն է…չ ի կարող պատահել, սա Մարինեն չի լինի, գրազ եմ գալիս, որ այս տանկը նրա կինն է, էս գեղի բոքոնը, սա մի 6 երեխա բերած կնիկ կլինի, սրան որ նայում ես, չես ուզում էն բանաստեղծությունը արտասանել, ուզում ես բլոկնոտն ուտել… Հա էլի… Հետևը գրված է՝ Անուշի հետ, Լոռիում, 74 թիվ, սպասում ենք Գևորգի ծնվելուն… Ա՜, դե ասե՛ք… Ուրեմն Անուշը նրա կինն է, իսկ Մարինեն՝ գաղտնի կամ առաջին սերը…

Օհանը երկար զննեց Անուշի նկարն ու ասաց.

-Չէ՜, էս Անուշն էլ հիմա ողջ չի լինի. ավելորդ քաշը նրա կյանքը հաստատ կրճատած կլինի… Իսկ պիջակի գրպանի էս բանալին տեսնես ի՞նչ է արել… Ներսի գրպանը սովորաբար դրսի աչքերից մի բան թաքցնելու համար է… Ուրեմն ճամփեն պիտի չիմանա՞ թե ուր կերթաս դու… թե ի՛նչ դուռ կբացես դու… Մարինեի՞… չէ՜… Եթե նրանք կրքով զբաղված լինեին, պոեզիան այլևս տեղ չէր ունենա… Նա ոչ էլ հասել է Մարինեին, միայն շնչով, միայն բանաստեղծությամբ… Իսկ ի՞նչ կանեի բանալին ես… Բանալին ինձ համար կարծես խոստում լինի, որ բացեմ մի բան, ինչը դեռ չի բացվել: Ես էլ բոլորից թաքցնում էի բաներ, որոնք բացատրություն չունեին: Գուցե սա որպես նրա հույզերի թաքստոցի նշան է, գուցե անցյալի պատմությունների ու իր սեփական կորսված մասերով լի արկղի բանալի,  որոշ մեղքերի պահոց, որոնք մինչև հիմա դժվար է եղել խոստովանելը. օրինակ, թեկուզ այն, որ ամեն անգամ մորն այցելելիս  գրկել է նրան ու ասել, որ իր կյանքի կանանցից ամենաաստվածայինը մայրն է: Ու գիտե՞ք հետո ինչ դժվար է եղել  գիշերը… Սաթենիկին գրկելն ու ասելը, որ սիրում եմ իրեն…

Տարածական ընդունված չափումներից վերացած Օհանն արդեն չէր զգում իր ու անծանոթի պատմությունների սահմանը, այս միախառնությանը նա հավատում էր, ինչպես Արարիչն ու գրողը կհավատային իրենց ստեղծագործությանը:

-Ես էլ էս Անուշի մարդու նման չէի ուզենա, որ մեկը գործածեր իմ բանալին, հա՛, նույնիսկ Սաթենիկը, հա՛, նույնիսկ իմ մահից հետո… Բա որ բացեին ու իրենց համար ծիծաղելի թվար իմ կուտակածը ու արժեզրկեին միայն այն պատճառով, որ չգիտեն դրանց իրական պատմությունը: Նա էլ ինձ նման չորուկ-մորուկ մի տղամարդ է… Է՜, մի ժամ է, ինձ ու ինձ խոսում եմ… Շեկո, որտե՞ղ ես… Ա՛յ Շեկո արի պատմելու լիքը բան կա, լեզուս քոր է գալիս: Շեկո՛ ո՞ւր ես… Արի՛ էս ճամպրուկը տես, որ հետս տուն եմ տանելու, մի տեսակ չեմ ուզում, որ սրա կենսագրությունն այստեղ ավարտվի…

Օհանը շփոթված էր, նա հանեց բանվորական ձեռնոցներն ու դրեց նստարանին, նայեց շուրջն ու ասաց.

-Աշխարհը դեռ աղտոտված է, բայց ես համենայն դեպս ինչ-որ բան մաքրեցի իմ ներսում…

………………………………………….

Օհանը նույնիսկ չփորձեց մոտակայքում փնտրել շանը, նոր գտածոն բարձած սայլը քշեց դեպի իր տուն, հուսալով, որ  ճանապարհին շանը գտնելով՝ երկու ծախսը մի դռնից կհանի: Բայց շունը այսօր այգու սահմաններից անվերադարձ դուրս էր եկել: Օհանը վստահ էր, որ նա պառկել ու մտածում էր իր մասին, թեկուզ այսպես…

«Սա իմ տարածքն է…Ես էս կողմերում էի, երբ դեռ լակոտ էի, հիմա մորթս թափվում է, շատ եմ քնում ու գրեթե միայն հոտառությամբ շարժվում, քանի որ լավ չեմ տեսնում… Ջահել օրերիս բավական էր մեկն ինձ կանչեր՝ Շեկո, միայն անունս լսելով արդեն հաչում էի ու այնքան պինդ էի, հիմա էլ հավես չի մնացել… կամ ու՞մ վրա հաչես… էն բիձու հոտը երկու օր է չեմ առնում, հաստատ էսօր էլ չի եկել, աչքովս չընկավ… Դրա մորթին էլ է ահագին թափված, կարծեմ իրար տարիքի ենք… Ինձ ասում է՝ շան օրն եմ ընկել, բայց ես վստահ եմ, որ ե՛ս եմ իր օրն ընկել… Կարո՞ղ է դրան քնացրեցին… Էս կողմում մեր տարիքի շատերին են քնացրել… Բայց ինձ չուզեցին. դե ես իմ կամքով քնող եմ, գրազով քնող եմ… ո՞ւր է փռչոտը, ախր… Օրվա մեջ գոնե գալիս էր, մաքրում, հետս խոսում, իրար հետ ուտելիք էինք կիսում, հետո քորում էր ինձ… Էս սայլի ձայնն ինչու՞ չի լսվում… Գար տեսներ, թե ինչ մի թոթոլիկ սենդվիչ եմ գտել. հոտն առա, մի քիչ լպստեցի, հետո մի կողմ դրեցի, որ իրար հետ կիսվենք… Հենց կշտացավ, սիրում է երգել, ես էլ կողքից՝ աո՜ւո՜ււււււ… Լավ մարդ է, բայց չի ֆահմում երգելիս վերև նայի, լուսնին… Այ դա պոեզիա՜ է… Չէ՛, գլուխը կախ, նայում է հողին ու դնդնում: Աշխարհի բոլոր սիրուն երգերը լուսնի մասին են, մարդիկ դա մեզ նման չեն զգում: Լուսինը մեր մեջ արթնացնում է  մեր պապերի գայլային անցյալի գենետիկ հիշողությունը, վայրի անտառների կարոտը, օգնում է, որ մեր ցեղակիցների հետ կապ հաստատենք հեռավորության վրա ու զգանք իրար, հաղորդակցվենք, պատասխանենք իրար, այսպես մեր ձայնով, բնական, ոչ թե մարդկանց պես հեռախոսով խոսելով ու ավելի շատ լռելով: Հա՜, լուսինը շատ է ազդում մեր զգայարանների վրա ու ակտիվացնում դրանք, որի պատճառով ամեն մի փոքր ստվեր կարող է ազդել մեր նյարդերին: Իսկ մարդը, այն փռչոտը, ասում էր՝ դու մենակությունից ես ոռնում… Դե որ էդպես է, դու էլ ոռնա, չէ՞ որ 5 տարի է չկա քո պառավը… ոռնա ու տես, գուցե արձագանքի՞… Մեկ էլ տեսար, որ տրամադրությունը տեղն է լինում, ասում է՝ դու սիրահարված ես, դրա համար ես ոռնում… կամ քեզ ապաստարան է պետք… բայց ո՞վ ինձ համար ապաստարան կկառուցի… մարդն իսկի իր ցեղակիցների համար ապաստարան չի կառուցում…

Ես գիտեմ. հիմա փրչոտն ինձ է ման գալիս, սպասիր, ես էլ իրեն փնտրեմ…  Ա՜խ երանի վերև նայեր ու մի հատ ոռնար, ինձ նշան տար…Ասում են, եթե երկու իրար փնտրող տարբեր կողմերից նայեն լուսնին, լուսինը կձգի երկուսին ու կգտնեն իրար: Քունս տանում է, բայց ելնեմ,  փնտրեմ մարդուն, մեղք է դրան առանց ինձ թողնելը… Համ էլ ծերության օրերին բոլոր շնչավորները լավ կանեն, զույգ ունենան…

Ես սովոր եմ սովին ու ցրտին, կարողանում եմ կծկվել ու քնել, բայց նա մարդ է, դրանք նազուկ են, շատ եմ նկատել, որ անգամ տաք տան մեջ սրթսրթալով են ման գալիս, մանավանդ էս փրչոտը, որ մենակ գլխին մի քիչ մորթի ունի, իսկ մարմնին՝ ոչ… Ասում է՝ տաքացնող չունեմ, դրանից էլ մրսում եմ… էգ է ուզում փաստորեն, չմտածելով, որ ես էլ կարող եմ ծոցում իրեն տաքացնել…Նա զգում է, որ ես իր հոտը շատ եմ սիրում, որովհետև իրենը բարության հոտ է, ինչքան հոտոտոտես չես կշտանա, կուզենաս անընդհատ հետևից գնալ…

Սպասիր շնչեմ մեր մշտական ճանապարհն ու փնտրեմ ընկերոջս. ո՜վ գիտե, դրա գլխում խելք չի մնացել…

……………………………………………..

Այս անգամ շան ու մարդու  որոնումները՝  իրար մոտ, բայց  իրար չտեսնողների պտույտ էր հիշեցնում, իսկ լուսինը վերևում պատմում էր.

-Հազարաամյակներ այստեղ եմ ու մեծագույն հաճույք է ոչնչից կախված լինելը: Ես լի եմ, լիահույս ու լիալույսիկ…Ամսվա իմ հատուկ օրերն ունեմ ինքնաբավ լինելու, մտքի փայլատակումներ ունենալու…

Երբևէ փորձե՞լ եք ինձ նման մեկ բաժակ գինով արբել ու բանաստեղծել… Օրինակ գետը նետվելու մասին: Մի՞թե խենթ թեմա չէ: Ես գիտեմ ցանկացած ջրային մակերեսի վրա նետվել ու լողալ՝ դեղի՜ն-դեղի՜ն… Պոետներից Եսենինը մի օր այնպես էր վախեցել, ասում էր՝ գյուղում, ձիերը գիշերով գետի ջուրն էին խմում ու կուլ տալիս լուսինը, իսկ հետո ես շունչս պահած սպասում էի, որ ջրի ավելցուկի հետ լուսինը նորից հետ թափվի գետը…

Ա՜խ, սիրում եմ իմ էությունը. մեկ թախծոտ, մեկ շփոթեցնող ու ինտրիգային, բայց երբեք ցույց չտվող, թե դրսիս լույսերը վառելու համար ներսումս ինչպիսի այրոցների եմ դիմանում… Մարդը, որ միշտ այս կողմերում է լինում, նույնիսկ չգիտի, որ իր ու կնոջ առաջին հանդիպումն իմ դիմաց է եղել, դեռ 50 տարի առաջ…  Հիշում եմ, նա գրկել էր դողացող աղջկան ու ասում էր՝ նայի՛ր, երկնքից աստղ է ընկնում, շո՛ւտ մի երազանք պահիր…

Չգիտեր, որ ես եմ հրել, որպես հուշում, որպես նվեր, որպես հույս, որ համատեղ կյանքում փայփայելու բան ունենան: Մի օր էլ, երբ արդեն թունդ սիրահարներ էին, բարձրացան գյուղի տան տանիքին ու, պառկեցին չորացած հարդի վրա, որ թաքնվեն իրենց փնտրող հարազատներից: Ես իհարկե կարող էի չարաճճի լինել ու որքան ուժ ունեի լուսավորեի, բայց խնայեցի սիրահարներին ու պոչս քաշեցի, գլուխս կախեցի ամպի տակ: Նրանք  երջանիկ էին, շունչները պահեցին ու քարացան այնքան, մինչև մարդիկ հոգնեցին իրենց փնտրելուց… Տեսնելով, որ արդեն անվտանգ է, ես դուրս եկա: Դե ուզեցի մի քիչ խանգարել իրենց սիրաբանությանն ու չթողնել, որ շատ խլվլան… 50 տարի առաջ բարքերն ուրիշ էին: Ու երբ լույսս շատացավ, աղջիկը կարմրեց ու ասաց՝ նայի՛ր, նայի՛ր, լուսինը կարծես երկնքի վզին կախազարդ լինի: Կարո՞ղ է ոսկյա նվերի ակնարկ էր անում… Բայց երկուսն էլ չէին լսում, որ ես դնդնում էի իմ երգը՝

Եկ այնպես նայենք երկնքին,

Որ տերն այս տաղն էլ հորինի,

Անքուն է մի զույգ տանիքին,

Անքննին գործը Վերնինի…

Տղան էլ ընկավ իր սենտիմենտի գիրկն ու ասաց՝ այնքան կուզենայի բռնել լուսնի մեկնած դունչն ու ճոճվել այս աշխարհի վրա…Աղջիկն ավելի տաքացավ ու ասաց՝ արի մեր աղջկան Երկնուհի կոչենք, ի պատիվ այս օրվա…

Այդտեղ ես հասկացա, որ այս խենթերը կարող են  անթույլատրելիության աստիճան առաջ գնալ: Ամպերին խուտուտ տվեցի, սրանք էլ ուժգին խրխնջացին ու տակներն արեցին…

Մի տեսնեինք, թե ո՜նց փախան այս ջահելները՝ թրջված, վախեցած, բայց երջանիկ…  Հետո շուտ ամուսնացան և արդեն ինձ համար անհետաքրքիր դարձան: Միայն երբեմն, մարդ ու կին սիրում էին ուշ երեկոյան զբոսնել. Մարդը հղի կնոջն ասում էր՝ կարծես ծոցվոր ես լուսնով, քո լուսինն այնքան կաթնահոտ է… Պա՛հ, պա՛հ, պա՜հ… պոետիկ էր մեր այս փրչոտը… Իսկ հիմա ու՞ր է, չի երևում…

……………………………….

Օհանը, երբեմն շանը ծանոթ սուլոց արձակելով, երբեմն էլ՝ Շեկո կանչելով, ամայի փողոցներով ու ամեն օրվա ճանապարհը երկարացնելով, դեպի իր տուն էր գնում: Իսկ շունն իր դռան դիմաց էր. ճամպրուկով բեռնված սայլակը, շունն ու լուսնոտ երկինքը ամբողջականության զգացողություն հաղորդեցին մարդուն, վերջին 5 տարվա մեջ նա լիարժեքության այսպիսի ապրում չէր ունեցել: Նույնիսկ հուզմունքով հիշեց, որ տարիներ առաջ, հենց այստեղ է առաջին անգամ արժանացել շան վստահությանն ու կռանալով այս անգամ համբուրեց նրա  ճակատը:  Շեկոյի պոչի աշխույժ թափահարումներին ի պատասխան էլ  ասաց.

-Հա՛, ճիշտ ես, ինչ լավ բան է իրար գտնելը, չէ՞,- նրանք  նայեցին վերև:

Ոչինչ չէր փոխվել աշխարհում, բայց իր ներսում հաստատ ինչ-որ բան տեղն ընկավ:

Օհանը, կարծես ինքն իրեն  բան ապացուցողի նման, ուզեց անպայման ճամպրուկից հանած բանալիով  դուռը բացել: Հետո բաց դռան ներսը ձեռքով ցույց տալով, շանն ասաց.

-Ներս արի, այսուհետ ինձ հետ կմնաս, ծերո՛ւկ, թե չէ հազար բան անցավ մտքովս…

Լուսնի սիրտն արդեն հանգիստ էր այն երկուսի համար: Ուստի օրն սկսեց լուսանալ…