Չեմ հիշում, թե վերջին անգամ իմ ընկերուհի Թամարին երբ եմ տեսել․ այսօր առավոտյա՞ն էր, թե՞ երեք օր առաջ․ գուցե մի քանի ժամ կամ քսան րոպե առաջ էր․․․
Թամարը կանգնած է բժիշկների կողքին՝ այն կապույտ վրանի առջև։ Մոտենում եմ՝ հրաժեշտ տալու։
– Հիմա ո՞նց ես մենակով գնալու, – հարցնում է նա։
Ես էլ՝ թե․
– Քարտեզ ունեմ, կկողմնորոշվեմ։
– Ինչո՞ւ երեկ բժիշկների օգնականների հետ չգնացիր։ Նրանք ամենագնացով դաշտ իջան, քեզ էլ կտանեին։ Իզուր էիր ինձ սպասում։
– Ինչո՞ւ չես ուզում միասին գնանք, – ասում եմ և փորձում որսալ նրա հայացքը։
– Մանո՛ւշ ջան, ինձ համար մի՛ անհանգստացիր։ Մի քանի օր անց բժիշկները կհավաքեն իրենց վրանները և ճամփա կընկնեն․ ես նրանց հետ կիջնեմ, – ասում է Թամարը։
Տեսնես ինչո՞ւ է Թամարը մյուսների պես ինձ Մանուշ անվանում։ Ախր նա ինձ փաղաքշանքով Նուշիկ էր ասում։ Փորձում եմ նայել Թամարի աչքերին․ նրա հայացքն անվերջ թափառում է։
– Ես քեզ շատ եմ սիրում, – շշնջում եմ ես, իսկ Թամարը նույնիսկ չի ժպտում։
Շնորհակալություն եմ հայտնում բժիշկներին, գրկախառնվում եմ և հրաժեշտ տալիս։ Ուզում եմ Թամարին էլ գրկել, բայց չեմ համարձակվում։
Քայլլում եմ ներքև, հասնում եմ վիշապաքարին, շրջվում և օդային համբույր եմ ուղարկում։ Բժիշկները ձեռքով են անում։ Թամարին չեմ տեսնում, երևի մտել է վրանը․ այդտեղ բժիշկները նոր կյանք էին պարգևել նրան։ Բժիշկներից մեկն իր հին պայուսակը և մի քարտեզ նվիրեց ինձ։ Քայլում եմ ներքև, բայց ոտքերս դժվարությամբ են առաջ գնում։ Կարծես խաբված լինեմ, կարծես կողոպտված լինեմ, բայց չեմ հասկանում՝ ինչու։ Ուսիցս կախված պայուսակը ցած է քաշում, քիչ է մնում ընկնեմ։ Քարտեզին նայելով՝ մոտավորապես հասկանում եմ, թե ինչքան ժամանակ անց կհասնեմ անասնապահների վրաններին։
Մի անգամ ևս կանգ եմ առնում ու հետ նայում։ Բժիշկների վրանները հեռվում կապույտ կետիկների են նմանվել․ վրաններից վերև մոխրագույն ժայռերն են երևում․․․ Ես ու Թամարը չկարողացանք հաղթահարել այդ ժայռերը, չկարողացանք հասնել լեռան փառահեղ գագաթին, չտեսանք բևեռափայլը։ Ասում են՝ ամեն տարի հոկտեմբերի տասին այդ լեռան գագաթից կարելի է տեսնել բևեռափայլը։
Պայուսակից հանում եմ բժիշկների դրած ուտելիքը։ Այդտեղ է նաև դեղաբույսերից պատրաստված լավաշը, որ Թամարն էր դրել պայուսակի մեջ։ Բժիշկները չորացրած ու մշակած խոտերով են պատրաստել այդ լավաշը։ Նման բույսեր հավաքելու, ուսումնասիրելու, բուժիչ լավաշներ ու բալասաններ պատրաստելու համար նրանք ամեն տարի խմբով սար են գալիս։ Լավաշից մի կտոր կտրում եմ և ծամում․ քիթս ու բերանս լցվում են հազարաթերթիկի և ուրցի համուհոտով, հոգնած աչքերս հանգստանում են, և սրտիս զարկերը հանդարտվում։
Ներքևում անասնապահների սև վրանները հազիվ են երևում․ չգիտես ինչու՝ ինձ թվում է վրաննները նոսրացել, քչացել են։ Երբ ես ու Թամարը բարձրանում էինք, անասնապահների վրաններն այնքան շատ էին, որ ծածկել, սևացրել էին լեռնալանջը։ Նորից եմ նայում բժշկի տված քարտեզին։ Կարող եմ ենթադրել, որ մոտավորապես քառասուն րոպեից կհասնեմ անասնապահների վրաններին։ Ճանապարհին մեծ ու փոքր գղձաքարեր կան․ տեսնես վերելքի ժամանակ ինչո՞ւ չէի նկատել, որ գղձաքարերն այդքան շատ են։ Սար բարձրանալիս Թամարն այնպես էր քայլում, կարծես զիգզագ գծեր գետնի վրա։ Ես լուռ ու հնազանդ հետևում էի նրան։ Երբեմն հոգնում էի ու կանգնում։ Հետո ինքնս ինձ համոզում էի, որ հոգնելու իրավունք չունեմ․ ախր ես էի Թամարին համոզել, որ հետս գա սարի գագաթից տեսնելու բևեռափայլը։ Թամարը հաճախ քաջալերում էր ինձ․
– Նուշի՛կ ջան, մի քիչ էլ դիմացիր․ տե՛ս, գագաթը երևում է։ Հենց տեղ հասնենք, քեզ մի լավ հեքիաթ կպատմեմ՝ լռության մասին հեքիաթը։
Իսկ հիմա մտքերս ինձ հանգիստ չեն թողնում․ անընդհատ Թամարի ուշաթափության մասին եմ հիշում։ Քայլերս դանդաղում են, ու ինձ թվում է, թե գետնի վրայի բոլոր գղձաքարերը լցվում են սրտիս մեջ։ Լավ է, որ կարողացա փրկել ընկերոջս, լավ է, որ Թամարիս մենակ չթողեցի ժայռերի մեջ։ Վերելքի ժամանակ ինչքան հարցեր էի տալիս Թամարին, ինչքան էինք ծիծաղում, ինչքան էի շտապում տեսնել բևեռափայլն ու լսել լռության մասին հեքիաթը։ Գրպանիցս արևածաղիկ էի հանում չրթում, իսկ Թամարն իր կանաչ դրամապանակից անանուխի ծամոն էր հանում և ծամում։
Ուշքի գալուց հետո Թամարի հայացքն ինչո՞ւ էր փոխվել։ Երբ հենվեցի ժայռին, ապա կռացա՝ ուսապարկիս միջից ուտելիք հանելու, Թամարը հանեց դրամապանակը և սկսեց ծամոն փնտրել։ Հետո, գլուխս բարձրացրի, Թամարը չկար։ Առաջ գնացի ու տեսա, որ ընկել է, իսկ նրա դրամապանակը կախվել է ժայռի եզրին աճած մի թփից․․․
Ինչո՞ւ եմ հիմա այսքան դժվար քայլում։ Վերելքի ժամանակ այնքան առույգ էի, որ մի ժամվա ճանապարհը քսան րոպեում էի անցնում։ Կարողացա ընդամենը յոթ րոպեում ժայռերի մոտից Թամարին գրկած՝ հասնել բժիշկների վրանների մոտ։ Երբ Թամարին ուշքի էին բերել, բժիշկներից մեկն ասաց․ «Եթե երեք րոպե էլ ուշ բերեիր․․․»։
Նստում եմ աղբյուրի մոտ։ Մարդիկ անմշակ քարեր են շարել աղբյուրի շուրջ ու փոքրիկ ավազան սարքել։ Ջուրը առվակի տեսքով դուրս է հոսում ավազանից, հետո բարակում է ու կորչում կիսականաչ, կիսադեղնած խոտերի մեջ։ Վերելքի ժամանակ Թամարն ավազանի կողքից եղեսպակի տերևներ պոկեց, ճզմեց ափի մեջ, հոտ քաշեց ու ասաց․ «Նուշի՛կ, տե՛ս ինչ հաճելի է բնության հոտը»։ Հետո դրամապանակից հանեց իր դեղերը և անանուխի ծամոնը․․․ Այդ դրամապանակը ես էի մի տարի առաջ նվիրել Թամարին, բայց նա երբեք դրա մեջ գումար չէր պահել․ միայն ծամոն ու դեղեր։
Մոտենում եմ անասնապահների վրաններին։ Ճիշտ էի նկատել․ վրանների կեսը չկա։ Չոբանի շները նույնպես քչացել են։ Մի շուն ինձ է նայում ու հաչում։ Հովիվ Վլեն բղավում է ու սաստում շանը։ Վերելքի ժամանակ էինք ծանոթացել Վլեի հետ։
– Վլե՛ ջան, բա մյուս վրաններն ո՞ւր են, – հարցնում եմ ես։
– Աղջիկներն ու երեխաները դաշտ են վերադարձել, մնացել ենք մենք մերոնցով՝ չոբաններով․ երկու օրից էլ մենք ենք գնալու։ – ասում է Վլեն ու շարունակում, – Մանո՛ւշ քույրիկ, բա ընկերուհիդ ո՞ւր է։
– Ընկերուհիս վատառողջ է․ բժիշկների վրանում մնաց։
– Բա մեր տված մածունն ու թանը նրան չօգնեցի՞ն, թե՞ նորից է թունավոր սունկ կերել։
– Չէ, լավացել էր, բայց հետո ժայռերի մոտ ուշաթափվեց։
– Ո՞նց ուշաթափվեց։
– Համարյա գագաթին էինք հասնում․ վատ զգաց, ներքև գլորվեց։
– Ես էն ժամանակ էլ ասում էի, որ դուք երկու ընկերուհի խելառ եք․ սարի գլխին ի՞նչ բևեռափայլ։
Մեկ այլ շուն է մոտենում, Վլեն խոժոռվում, ինչ-որ բան է ասում շանը, հետո շրջվում է իմ կողմ․
– Դե այսօր մեզ մո՛տ մնա, համ էլ ոչխարների հարսանիքը կտեսնես։
– Ի՞նչ հարսանիք, – հարցնում եմ ես։
– Ամեն աշուն դաշտ գնալուց առաջ մենք թողնում ենք, որ խոյերն ու մաքիները խառնվեն․ բա հարսանիք չի, բա ի՞նչ է, – ծիծաղում է Վլեն։
Ես ոչինչ չեմ ասում, իսկ Վլեն շարունակում է․
– Հիմա արի մածուն ուտելու․ տե՛ս, ընկերներս սեղան են նստել։ Կարող ես մեր վրաններում քնել, հանգստանալ։ Դու մեր փոքր քույրիկն ես։ Կուզե՞ս երկու օր էլ մնա ու մեզ հետ կիջնես դաշտ։
– Մածուն չեմ ուզում․ եթե կաթ ունեք, կխմեմ,- ասում եմ ես։
– Արդեն չենք կթում, դրա համար էլ կաթ չկա։ Մածուն ու պանիր ունենք, – պատասխանում է Վլեն։
– Դե լավ, հիմա չեմ ուզում․ գնամ մի քիչ ման գամ, հետո կգամ, կասեմ։
Չեմ ուզում մածուն ուտել, կուլ չի գնա․․․ Վերելքի ժամանակ, երբ Թամարը սնկից թունավորվել էր, անասնապահները մածունով ու թանով բուժեցին նրան։ Քայլում եմ դեպի անտառ․․․ Ինձ կողոպտված եմ զգում․ տեսնես ինձնից ի՞նչ են գողացել։ Բարձրանալիս ես ու Թամարը նստեցինք փշատերև անտառից ոչ հեռու։ Չոր ցախով կրակ վառեցինք։ Թամարը սուրճ էր պատրաստում ու ծխում, ես էլ ծառերի տակից սունկ էի հավաքում, որ խորովեմ։ Հիմա նայում եմ նույն անտառի սոճիներին ու կաղնիներին․․․ Այս ծառերը ո՞նց են իրար հետ ապրում նույն երկնքի տակ։ Ծառերի տակ էլ ինչքան սունկ կա։
Երբ բժիշկների վրաններից հեռացել էինք և մոտեցել ժայռերին, Թամարը հարցրեց․
– Դու իսկապե՞ս չես տարբերում թունավոր և ուտելի սնկերը։
– Աստված վկա, երդվում եմ, ես շփոթել էի, – ասացի ես։
– Բա դու ինչո՞ւ չկերար։
– Ես չհասցրի ուտել․ դու վատ զգացիր, ես խուճապի մատնվեցի․․․ Չգիտեի ինչ կանեի, եթե հովիվներն օգնության չհասնեին, մածուն ու թան չտային,- պատասխանեցի ես։
Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ մի անգամ էլ Թամարի կյանքը կվտանգվի, երբ այդքան մոտ կլինենք լեռան գագաթին։
Փորձում եմ կանգնեցնել մտքերս։ Ուզում եմ չմտածել Թամարի մասին, սնկերի մասին, բևեռափայլի մասին։ Գնում, թափառում եմ ծառերի տակ, մի քանի հատ սունկ հավաքում, բերում դնում պայուսակի մեջ։ Այդ սնկերը կհիշեցնեն իմ ու Թամարի ընկերության մասին։
Անասնապահների վրաններից ներքև, մինչև խաղողագործների հողերին հասնելը մի աղբյուր կա։ Նստում եմ աղբյուրի մոտ, բայց չեմ կարող ջուր խմել։ Դատարկում եմ շիշն ու նորից լցնում։ Վերելքի ժամանակ այս աղբյուրի մոտ Թամարը լվացվեց ու կատակով ջուր ցողեց դեմքիս։
Երբ ես ու Թամարը ճամփա էինք ընկել և դեռ թափառում էինք խաղողագործների հողերում, ամեն օր տեսնում էինք, թե ոնց են խաղողը քաղում ու լցնում մեծ կողովների մեջ։ Ջահել աղջիկներն ու տղաները մեզ հրավիրում էին պանիր և խաղող ուտելու։ Մի օր գիշերեցինք խաղողագործների տանը․ տանտիրոջ աղջիկը ընկերացավ մեզ հետ․ շագանակագույն աչքեր ուներ, անունը Նռանե էր։ Նռանեն մեզ մառան էր տարել, ցույց էր տալիս ու պատմում․
– Խաղողն էլ մարդու նման ճակատագիր ունի։ Նույն խաղողից կարող են տարբեր բաներ ստացվել՝ մաճառ, գինի, քացախ։ Խաղողի հյութից պատրաստած քաղցրավենիք էլ կա․ մեր նախնիներն այն անվանում էին «անմահական խեժ»։
– Անմահական խեժն ի՞նչ է։
– Հապա մի կտոր կե՛ր։
– Շարոցի համը ունի, – ուտելուց հետո ասացի ես։
-Այն մեզ ուժ կտա, որպեսի կարողանանք հասնել լեռան գագաթին ու տեսնել բևեռափայլը,- ասաց Թամարը։
-Ո՞նց չեք վախենում այդտեղ գնալ։ Պապիկս համոզված էր, որ այդ գրանիտե ժայռերն անիծված են։ Շատերն են գնացել, բայց ոչ մեկը դեռ չի վերադարձել այդ ժայռերի մոտից։ Հեքիաթներում ասվում է, որ այդ սարի վրայի ժայռերի միջև ոսկու կտորներ և բյուրեղանման որձաքարեր են թափված,- ասաց Նռանեն։
-Ես եմ Թամարին համոզել, որ բարձրանանք և լեռան գագաթից տեսնենք բևեռափայլը։ Գիտե՞ս քանի ամիս եմ համոզել։ Մարտից սկսած համոզել եմ,- ծիծաղելով ասացի ես։
Թամարը ոչինչ չասաց, նստեց կոճղին ու դրամապանակից ծամոն հանեց։ Այդքան տարի ընկերներ էինք, բայց չէի իմացել, որ Թամարի սիրտը երբեմն «աղմկում է», և Թամարը ստիպված է դեղ խմել, անանուխի ծամոն ծամել։ Ժայռի վրա էլ ծամոն էր փնտրում, մեկ էլ աչքիցս կորավ։ Ներքև նայեցի, տեսա՝ ընկել է։ Փառք եմ տալիս Աստծուն, որ կոտրվածք չէր ստացել․․․ Լավ է, որ նրան գրկեցի ու ժամանակին հասցրի բժիշկների կապույտ վրաններին։ Ուշքի գալուց հետո ոչ միայն Թամարի հայացքը, այլև ձայնն էր փոխվել։
-Չե՞ս ցանկանա վերսկսենք ճանապարհը․ գնանք բևեռափայլը տեսնելու,- ասացի ես։
-Ես ամեն ինչ տեսա,- վրանի մուտքից ներս թափանցող լույսի շողին նայելով՝ ասաց Թամարը, ապա շարունակեց,- բայց դու տո՛ւն գնա։ Ես դեռ բժիշկների մոտ կմնամ։
-Հենց տեղ հասնեմ, ձերոնց կասեմ, որ ուշ ես գալու,- ասացի ես։
-Մերոնց արդեն լուր եմ ուղարկել․․․ Բժիշկների օգնականները երեկ դաշտ գնացին։
Ինչո՞ւ էր ընկերս այդպես փոխվել, ինչո՞ւ էր ժայռերի միջից ուրիշ Թամար վերադարձել։ Հեռավոր Սիբիրի տեղաբնիկները գիտեն, որ մահվան ճիրաններից փրկվելուց հետո մարդը փոխվում է, որովհետև նրա էության մի մասը մնում է անդրաշխարհում՝ հոգիների ճանապարհին։ Նման մարդու մասին ասում են, որ մահը ճանաչել է նրան։
Վերև եմ նայում․ անասնապահների վրանները մնացել էին հեռվում։ Առանց մածուն ուտելու և առանց հրաժեշտ տալու հեռացա այդ հոգատար ու ազնիվ մարդկանցից․ հովիվներին չպատմեցի, որ Թամարի դրամապանակը մնացել է ժայռերի արանքում, գրեթե օդից կախված։ Չասացի, որ ժայռերի մեջ կորցրել եմ նաև իմ ուսապարկը։
Հենց հասանք ժայռերին, տեսանք, որ շուրջբոլորը ոսկու կտորներ կան։
-Այդ ոսկիներին ձեռք չտաս, դրանք մերը չեն,- ասաց Թամարը։
-Էլի սկսեցի՞ր․․․ Ինչո՞ւ ձեռք չտամ, քո ասածը սնահավատություն է,- ասացի ես ու մի քանի կտոր ոսկի դրեցի իմ ուսապարկի գրպանը։
Նստած նայում եմ գղձաքարի վրայի ալիքաձև գծերին․ կարծես նախշ լինի․․․ Պայուսակի մեջ եղած-չեղածը դատարկում եմ քարի կողքին։ Պայուսակում մնացել են մի քիչ առաջ հավաքած սպիտակ սնկերը, մի կտոր հաց, ելակի համով մի հատ կոնֆետ և դեղաբույսերից պատրաստված լավաշը։ Բժիշկներն ասել էին, որ թուլություն զգալու պարագայում այդ լավաշից մի կտոր ծամեմ։ Էնքան ճերմակ ու սիրուն են իմ հավաքած սնկերի ոտիկները․ կարծես ամպերից պոկված պատառիկներ լինեն։ Սիրտս նվաղում է, պառկում եմ դեղնած խոտին։ Սոված եմ, թույլ եմ, Թամարին եմ կարոտել։ Ուզում եմ վեր կենալ, բայց չեմ կարող։ Ախր ինձ կողոպտել են, տարել են բևեռափայլը տեսնելու երազանքը, տարել են ընկերոջս, տարել են նրա դատարկ դրամապանակն ու լռության մասին հեքիաթը։ Շոշափում եմ կողքս թափված ուտելիքն ու մի կտոր բան եմ գցում բերանս։ Ամեն ինչ դառն է, բայց նաև անհամ։ Շրջվում եմ դեղնած խոտի վրա, փոքր ժամանակվա պես պառկում եմ փորի վրա, գլուխս դնում եմ գղձաքարին, փակում եմ աչքերս, որպեսզի խոսեմ Թամարի հետ․․․ Գլխիս տակի քարը բարձի պես փափկում է։ Ես այն գրկում եմ, հետո զգում եմ, որ այն քար չէ, այլ իմ ուսապարկն է․ բա ինձ թվում էր՝ ուսապարկը թողել եմ ժայռերի մոտ։ Այն ջերմացնում է իմ գլուխը, ուսը, կուրծքը։
Խաղողագործների դուստր Նռանեն խանգարում է, միջամտում է իմ ու Թամարի զրույցին․
-Զառանցում է հա։ Չգիտեմ՝ ջերմո՞ւմ է, թե՞ թունավորվել է։ Ինչի՞ մասին ես պատմում․․․ Ես Թամարը չեմ, ի՞նչը դիտավորյալ չես արել։ Բացի՛ր աչքերդ։
Հեռվից, շատ հեռվից մի տղամարդու ձայն է լսվում․
-Քացախով շփեք կոկորդն ու ճակատը մինչև ուշքի գա։
Նռանեն բղավում է․
-Կողքին դեղաբույսեր և դժգույն գարշասունկի կտորներ են թափված։
Հետո հովիվ Վլեի ձայնն է գալիս․
-Շտապենք, այս աղջկան ամենագնացով հասցնենք բժիշկների մոտ։
Բայց ամենաշատը ես եմ շտապում։ Այնքան արագ եմ վազում ու հասնում սարի գագաթին։ Նորից եմ տեսնում գրանիտե ժայռերը, թափված ոսկու կտորները։ Նորից գնում եմ իմ ու Թամարի անցած ճանապարհով, ժայռից ներքև եմ նայում․ դրամապանակն այնտեղ չէ․ երևի Թամարը եկել տարել է։ Ժայռերից էլ վերև եմ բարձրանում․ ինչքա՜ն թափանցիկ որձաքար կան։ Արևի լույսն ընկնում է այդ բյուրեղների վրա և տարածվում է տարբեր գույներով։ Հաշտվում եմ ինքս ինձ հետ ու այլևս ոչինչ չեմ ուզում․ չեմ ուզում վերադառնալ ներքև՝ ոչ բժիշկների, ո՛չ անասնապահների, ո՛չ էլ խաղողագործների մոտ։
-Նուշի՛կ, իմ Նուշի՛կ, մի՛ քնիր։
Վա՜խ, Թամարիս ձայնն է․․․ Փակում եմ աչքերս, որպեսզի հասկանամ՝ ձայնը որ կողմից է գալիս։ Չեմ կարող ոչինչ կռահել, չեմ կարող բացել աչքերս․ լեռան բոլոր ժայռերը, գղձաքարերը, որձաքարերն ու ոսկու կտորները լցվել են կոպերիս։ Թափառում եմ լեռան գագաթին։ Նորից եմ տեսնում արևի ճառագայթների ու բյուրեղների պարգևած բևեռափայլը։ Հաճույքից ու երջանկությունից պառկում եմ փորի վրա և զգում՝ ոնց են բևեռափայլի գույները լցվում իմ էության մեջ։ Ինչ-որ մեկը համբուրում է ծոծրակս ու շշնջում․
-Իմ քմահա՛ճ Նուշիկ, խնդրում եմ, արթնացի՛ր։ Ես քեզ շատ եմ սիրում, ես հավատում եմ, որ դու ինձ չես հրել։
Բացում եմ աչքերս․․․ Բացում եմ, որպեսզի տեսնեմ լռության մասին հեքիաթը։
