Կարծես հեքիաթ լինի… Տղան նստած էր ամառանոցի պատուհանի մոտ, երբեմն ակամա մի հայացք էր գցում առանձնատունը եզրագծող անտառին, որն այնպես խաղաղ էր, ասես ոչ մի ճյուղ չէր շարժվում նրա ողջ տարածքում։ Ամառային մեղկ հետմիջօրե էր, և մուգ կապտաթույր օդը՝ տաք, ծանր, փռվել էր հողի վրա։ Նոտաների տետրը պատուհանագոգին դրած՝ տղան ծուլորեն երաժշտական նշաններ էր խազմզում թղթին՝ անսպասելի, այդ պահին միտքն եկած պատահական նոտաներ։ Ցանուցիր մտքերով տարված՝ նա ինքնաբերաբար ավելացնում էր դրանք և յուրատեսակ մանկական հափշտակությամբ այնքան նոտայագլուխ ու խաչ դրեց, որ մի ամբողջ տող լրացավ, ապա բավարարված ժպիտով սկսեց դիտել իր խաղը։ Պատկերացում էլ չուներ, թե ինչ էր ստացվել։ Բաց պատուհանից սենյակ թափանցող տոթը ընդարմացնող էր․ նա մատիտը ձեռքից վար դրեց և, հայացքն աննպատակ մի կետի հառած, բաց աչքերով երազում էր։
Մեղմ, հազիվ նկատելի սյուք անցավ սենյակով, նոտայագրված թերթիկը քշեց, տարավ և նրա անտարբեր հայացքի տակ ճյուղերի մեջ խճճելով՝ անտառամիջյան նեղ արահետով դանդաղ դուրս բերեց անտառի եզր։ Տղան ուշադրություն չդարձրեց, քիչ հետո գնաց իր սենյակը, նստեց դաշնամուրի առջև և սկսեց կրկնել գամմաների կատարումները։
Մի երիտասարդ, որին անգամ պատահական անցորդը տեսքից սկսնակ արտիստ կամ, ամենաքիչը, արվեստի կրքոտ նվիրյալ կհամարեր, իր համար երգելով՝ կտրեց-անցավ անտառի կածանը և արդեն դուրս էր գալիս մայրուղի, երբ հայացքը պատահաբար կանգ առավ հովի բերած թղթին՝ նոտայագրված երեսը հենց նրա կողմը դարձրած։ Նա հապճեպ վերցրեց այն, հետաքրքրությամբ աչքի անց կացրեց։ «Ահա թե ինչ,-անփույթ զվարճախոսեց նա,- ուրեմն՝ ես միակ երաժիշտը չեմ քաղաքից հեռու ընկած այս փոքրիկ ծառուտում։ Դե, մտահաճ խզբզոց է անշուշտ, որով իմ անծանոթ գործընկերը տարվել է այս ծառերի հովին»։ Նա փորձում էր կենտրոնանալ, և մեղեդին աստիճանաբար, մաս առ մաս՝ այսպես ասած, վերծանվում էր վարժությունների թերթիկից։ «Վատ չէ կարծես թե։ Այո՛, անկասկած։ Այս նոտաների մեջ ինչ- բան կա։ Ով սա կարող էր դեն նետել, ուրեմն գլխում շատ այլ գաղափարներ էլ ունի․ Աստված վկա, ես այս գործը չէի թողնի ճամփեզրին ընկած, եթե այսպիսի մտքեր ընդհանրապես իմ գլխում լինեին»։ Ապա նորից սկսեց մեղեդին երգել, արդեն համատեքստում, որ տղան, ինքն էլ չիմանալով ինչպես, ինքնաբերաբար գրել էր թղթին․ «Սրտիցս է խոսում, շատ հարազատ է, ինչ-որ յուրահատուկ մի բան կա այստեղ… Կանանց համար, Աննիկի համար»։
Եվ շտապեց ընկերուհու մոտ՝ Աննայի, որը հմայիչ, անուշիկ աղջիկ էր և այրի մոր միակ ուրախությունն ու երջանկությունը։ Լուսավոր անմեղությունն էր խոսում նրա կերպարանքից, դիմագծերից, և երիտասարդ արտիստը սիրում էր նրան կրակոտ սիրով, հրայրքով, որի իրական իմաստը դեռ հասու չէր դեռատի օրիորդի անարատ մտքին։ Նա մտավ աղջկա սենյակը։ Օրիորդը մենակ էր․ մայրը այցելության էր գնացել ազգականի տուն։ Սիրահարը հապճեպ բարևեց, գնաց ուղիղ դեպի դաշնամուրը և տրվեց երևակայությանը։ Աղջիկը մոտեցավ, նստեց նրա կողքին, մտերիմ, քնքշորեն նայեց աչքերին, սկսեց լսել։ Ամեն հնչյունի և ակորդի հետ նրա դեմքը նոր արտահայտություն էր ստանում։ Նա լսում էր լարված, ուշադիր։ Գունատ այտերի վրա նուրբ շառագույն էր իջնում, խոհեմ, ջինջ աչքերը խոնավանում էին։ Դեմքը մատնում էր բուռն գրգիռների մասին։ Նրա ողջ կերպարանքը խորունկ հուզմունք էր արտահայտում, ասես ինչ-որ բան խռովել էր հոգին։ «Ինչպիսի՜ մեղեդի …»,- շշնջում էր նա։ Երիտասարդ արտիստը ծավալում էր համասփյուռ մեղեդիներ՝ միևնույն թեմայի տարհնչումներով, որ զվարճալի պատահականությամբ անտառամիջյան ճանապարհն էր նրան մատուցել։ Նրա մատների կախարդանքով զանազանակերպումների սքանչելաբույլեր էին սփռվում դաշնամուրի ստեղներից, և շարունակ կրկնվում էր նույն հիասքանչ մեղեդին, որը որքան հնչում, այնքան ավելի սրտահույզ, կախարդիչ էր դառնում։ -Օ՜, ինչպիսի մեղեդի։ Միայն հանճարն ունի այդպիսի մտքեր։ Միայն հանճարը կարող է փոքրիկ, պարզ մեղեդին այնպիսի կախարդանքով հնչեցնել, որ ունկնդիրն, աշխարհից վերացած, ասես անհունի մեջ, ապրի անմեկնելի զմայլանք։
Ինչպիսի՜ մեղեդի: Երբ վերջին ակորդի հետ այն կամաց-կամաց մեղմացավ, երբ երիտասարդ արվեստագետն ավարտեց, ինչպե՜ս էր մեղեդին դեռ թրթռում շուրջբոլորը, ինչպե՜ս էր բերկրությամբ թաթավուն օդը հեշտանք սփռում։
Աղջիկը հափշտակված, ասես աշխարհից հեռու՝ երկնային ոլորտներում, կախարդված նստել էր: Ընդամենը մի քանի վայրկյան։ Ապա խոշոր, շողարձակող աչքերը հառեց նրան, կրակոտ, անզուսպ հիացքով։ Երիտասարդը չէր հասցրել մի բառ ասել, երբ նա ընկավ նրա գիրկը, ապշահար երիտասարդի ձեռքերը հպեց շուրթերին, ծածկեց տաք համբույրներով։ Երիտասարդը լուռ խոնարհվեց, աղջիկը գրկեց նրան հառաչելով, խնդությամբ, վայրի մի թովչանքով, որպիսին տղան երբեք չէր տեսել և չէր սպասում։ Աղջիկը պառկել էր նրա գրկում և իր շնչով հեղեղում էր սիրեկանին զմայլելի քաղցրությամբ…
Ինչպիսի՜ մեղեդի…Սա նախերգանքը եղավ անվերջանալի երանության երիտասարդի և աղջկա համար…
O՜, այնպես չէ, թե երիտասարդն ամուսնանալու էր նրա հետ, ո՛չ, մեծ արվեստագետն այդպես պարզ ու սովորական չի ավարտում իր ամենահետաքրքիր արկածը։ Բայց նա երկար ժամանակ հավատարիմ մնաց նրան՝ մի քանի ամիս, որի ընթացքում գրեց մի դաշնամուրային էտյուդ և մեծ հռչակ ձեռք բերեց։
Այդ փոքրիկ ստեղծվածքի մեջ ինչ-որ անիմանալի երաժշտականություն կար, ինչպես խանդավառ նվիրյալներն էին ասում։ «Կատարումը տաղանդավոր է, իսկ գաղափարը հանճարին է վայել»,-հայտարարել էր մի քննադատ։ Երաժշտական աշխարհը լցված էր այդ էտյուդով, և կանայք՝ առանձնահատուկ կերպով։ Դա հողեղեն արարածի ստեղծած չէր, սերն ինքն էր ստեղծողը։ Այո՛, այն նաև երաժշտական թեմա էր, հատկապես՝ կանանց համար։ Խեղճ Աննիկ, դու այն ճանաչեցիր քեզանով։
Հազվադեպ էին մարդիկ որևէ բանի այնպես լարված սպասել, ինչպես սպասում էին երգահանի հաջորդ մեծ գործին։ Եվ դա երկար տևեց, իսկ այդ ընթացքում նա՝ որպես այդ հիասքանչ երաժշտական փոքրիկ գործի հեղինակ, բոլոր հասարակություններում գովերգվեց, որոշ շրջանակներում երկինք հանվեց և քաղաքի ամենագեղեցիկ և ամենանրբագեղ կանանց գրկում շուտով մոռացավ իր Աննիկին։ Քանզի կանայք արվեստագետների հանդեպ արտասովոր ազնիվ են, նրանք սիրում են շռայլորեն հատուցել իրենց առաջարկված հաճույքների դիմաց։
Նրա դաշնամուրային էտյուդը դարձավ հանրահռչակ, կատարվեց նաև լարային նվագախմբի կողմից, շրջեց աշխարհի բոլոր համերգասրահներով։ Իսկ ե՞րբ պետք է նա մի նոր բան գրեր։ Սպասեցին, սպասեցին և հուսախաբ եղան։ Նրանից մնաց միայն այդ հրաշալի եղանակը, երգահանի անունը աստիճանաբար մոռացության տրվեց։
Մոտավորապես մեկ տարի հետո քաղաքում լուր է տարածվում, որ վերջին ժամանակներում մեծ հռչակ ձեռք բերած երգահանը գնդակ է արձակել սրտին։ Երիտասարդ երգահանը մահանում է։ Ինչու՞ էր նա վերջ տվել կյանքին։ Իր շրջանում ոչ ոք, անշուշտ, չէր կարող գլխի ընկնել։ Ինչ-որ անդառնալի բա՞ն էր կատարվել նրա հետ․ ո՞վ կարող էր հասկանալ։
Միակ բանը, որ հավանական է, այն է, որ մի չարաշշուկ ժամի գիտակցությունը սկսել է տանջել նրան․անակնկալ հռչակի համար ինքը պարտական է ոչ սեփական ուժերին, այն հետևանք է մի յուրօրինակ պատահականության, անտառում նոտայաթերթը կորցրած ինչ- որ մեկի երանավետ պատրանքի, և ինչը նրան սպանել է, երևի զղջումն է եղել, վիրավորված փառամոլությունը, գուցե և նախանձը նրա նկատմամբ, ով այդ մեղեդին ստեղծել էր։ Միևնույնն է, նրա տեղն արդեն նրանց մեջ չէր, ովքեր նրան մեծարում էին։
Իսկ նա՞, ով մեղեդին ստեղծել էր, թեկուզ և ակամա։
Հեքիաթի պե՞ս է հնչում։ Ծիծաղելի, տխուր, միաժամանակ, անհավատալի պատմություն։
Այն տղան փորձեց նվագել հանրահայտ դաշնամուրային էտյուդը․ չկարողացավ և խնդրեց իր ուսուցչին՝ կատարելու այն։ Գլուխը ձեռքերին հենած՝ նստում էր այնտեղ, մոլեռանդ նվիրումով լսում հիասքանչ հնչյունները և տարվում էր այնպես, ինչպես թեմայի գեղեցկության մեջ թափանցող յուրաքանչյուր ոք։ Նրա առջև հառնում էր մի նոր, անծանոթ աշխարհ՝ որպես հեռավոր երանության պատրանք, գաղափար, որ խորապես ապրում ես, բայց չես կարող հասկանալ։
Երկնային ոլորտների երաժշտությունն էր, որ սփռվում էր նրա շուրջը։
-Ինչպիսի՜ մեղեդի։
ԱՄԵՐԻԿԱ
Նավը մոտենում է ափին։ Ես ոտք եմ դնում նոր աշխարհամաս։
Աշնան միգամած առավոտը ստվերում է երկիրն ու ծովը․ գետինը դեռ տարուբերում է քայլերս, ալիքների խռովահույզ հևք է թվում դեռ ոտքերիս տակ։ Քաղաքը դանդաղ բարձրանում է մշուշներից։ Շուրջս աչալուրջ, ժրաջան ամբոխի եռուզեռ է։ Մարդիկ չեն զգում օտարությունը, նրանք զգում են միայն նորը։ Մերթընդմերթ լսում եմ՝ ինչպես է մեկնումեկն ինքն իրեն շշնջում՝ Ամերիկա։ Կարծես ուզում է համոզվել, որ այստեղ է՝ այս հեռուներում։
Ես կանգնած եմ ափին, միայնակ։ Չեմ մտածում Ամերիկայի մասին, նրանից չեմ պահանջում երջանկություն, որն ինձ իմ երկիրը պարտք մնաց, ո՛չ, ուրիշ պատկերներ են հիմա իմ հոգում․․․
Իմ փոքրիկ սենյակը․ այնքան իրական է թվում, ասես ոչ թե տարիներ առաջ, այլ հենց երեկ եմ հեռացել այնտեղից։ Սեղանի վրա շղարշե կանաչ լուսամփոփն է, անկյունում՝ ասեղնագործ թիկնաթոռը։ Պատերի պղնձադրոշմ վիմագրությունները տարրալուծվում են կիսաստվերներում։ Աննան ինձ հետ է։ Պառկած է ոտքերիս մոտ՝ գանգրահեր գլուխը ծնկներիս հենած. խոնարհվում եմ նրա վրա՝ նայելու աչքերին ։
Խոսքերը դադարել են, երեկոն շարունակվում է, սենյակում լռություն է տիրում։ Անձրև է սկսվում. լսում ենք՝ ինչպես են կաթիլները թակում պատուհանի ապակիները, ծանր, հանդարտ։ Աննան Ժպտում է․ դեմքս հպում եմ բերանին, համբուրում եմ շուրթերը, ճակատը, կիսախուփ աչքերը։ Մատներս խաղում են ականջի հետևում ալիքված ոսկեգույն գանգուրների հետ։ Մազերը հետ եմ տանում, համբուրում եմ ճերմակ, քաղցրաբույր մաշկն ականջի տակ։ Աչքերը բացում է, ասես զմայլանքի մեջ շշնջում․ «Հայտնագործություն»։ Շրթունքներս ամուր հպված են պարանոցին՝ ականջի տակ։ «Այո՜, նոր եմ հայտնաբերել»,- ասում եմ ժպտալով։ Ծիծաղում է, երեխայի պես հրճվում․«Ամե՜րիկա»։
Որքա՜ն երջանիկ էինք, որքա՜ն խենթ ու խնդուն։ Ես նայում էի նրան․ ինչպե՜ս էին ճառագում նրա չարաճճի աչքերը, ինչպե՜ս էր նրա ալ շուրթերից հորդում՝ Ամե՜րիկա։
Շատ ծիծաղեցինք մենք այն ժամանակ, արբեցանք նրա գանգուրներից մեր «Ամերիկայի» վրա սփռվող բույրով։
Եվ այդ սքանչելի անունով էլ մնաց այն։ Սկզբում միշտ նույն անունն էինք ասում, երբ անհամար համբույրներից մեկը մոլորվում էր ականջի տակ, հետո շշնջում էինք, հետո` միայն մտածում, բայց միշտ էլ մեր մտքում կար այն։
Հիշողությունները հորձանք են տալիս սրտումս․․․ Հիշում եմ գովազդային վահանակը՝ հսկայական նավի պատկերով․ մոտեցանք, կարդացինք՝ Լիվերպուլ – Նյու Յորք – Բրեմեն – Նյու Յորք։ Ծիծաղեցինք։ Փողոցի կենտրոնում։ Եվ նա բարձրաձայն ասաց կողքով անցնող մարդկանց․ «Գիտե՞ք, մենք այսօր Ամերիկա ենք գնում»։ Մարդիկ զարմացած նայում էին, իսկ երիտասարդ մի շիկամորուս նաև ժպտաց։ Զայրացա, անգամ մտածեցի․»Այո՛, դա հաստատ կուզենար նրա հետ գնալ…»։
Մի անգամ նստած էինք թատրոնում, արդեն չեմ հիշում` ինչ ներկայացում էր․ մեկը բեմի վրա խոսում էր Կոլումբուսի մասին։ Պիեսը չափածո էր, հիշում եմ տողերը․ »Եվ երբ Կոլումբուսը ոտք դրեց կամուրջին…»։ Աննան փարվեց ձեռքիս։ Նայեցի նրան, հասկացա նրա ժպիտը՝ խեղճ Կոլումբուս, եթե «իրական Ամերիկան» հայտնաբերեր․․․ Թատրոնից հետո, ռեստորանում նստած, խոսում էինք այդ բարի մարդու մասին, որն այնքա՜ն հպարտանում էր իր խեղճ Ամերիկայով։ Մենք ուղղակի կարեկցում էինք նրան։ Ես երկար ժամանակ չէի կարողանում նրան այլ կերպ պատկերացնել, քան որպես երազկոտ հայացքով տարօրինակ մի կերպարանք՝ իր նոր աշխարհամասի ափին կանգնած, լայնեզր գլխարկով, նորաձև թիկնոցով, գլուխը հիասթափված տարուբերելով։ Մի անգամ նկարեցինք նրա պատկերը սրճարանի սեղանի մարմարին և միշտ նոր մանրամասնություններ էինք գտնում։ Աննան ուզում էր, որ նա ծխելիս լիներ, բացի դրանից, մեծ հայտնագործողը մեր նկարի վրա հովանոց ուներ, և նրա լայնեզր գլխարկը ճմռթված էր, բնականաբար, ապստամբների պատճառով։ Այդպես Կոլոմբոսը դարձել էր ողջ համաշխարհային պատմության ծիծաղելի կերպարը մեզ համար։ Ի՜նչ լավն էինք։ Ի՜նչ խենթ ու խելառ։
Հիմա ես կանգնած եմ մեծ, ցուրտ քաղաքի կենտրոնում: Ես սուտ Ամերիկայում եմ։ Ես երազում եմ իմ քաղցր, բուրավետ «Ամերիկան», այնտե՜ղ․․․ Որքա՜ն տարիներ են անցել՝ անթիվ, անհամար։ Ցավ է իջնում վրաս, խելացնորում, որ իմ «Ամերիկան» կարող էր ահա այսպես անվերադարձ կորած լինել։ Անգամ չգիտեմ՝ ինձանից մի լուր կամ մի նամակ որտեղ կարող է նրան հասնել, այլևս ոչինչ, ոչինչ նրա մասին ես չգիտեմ։ Խորը՝ քաղաքի միջով է անցնում ճանապարհս, բեռնակիրը գալիս է իմ հետևից։ Մի պահ կանգ եմ առնում, փակում եմ աչքերս, և զգայարանների յուրօրինակ խաբկանքով պարուրվում եմ նույն բույրով, որ այն երեկո Աննայի գանգուրներից հորդում էր ինձ վրա, երբ մենք «Ամերիկան» էինք հայտնագործում։
Թարգմանությունը գերմաներենից՝ Ամալյա Ալեքսանյանի
