
(հատված)
Հայրիկն ու մայրիկը չէին ուզում և չէին հավատում, որ իշխանության գլուխ կանգնելու օրից անսխալական կառավարության որոշումը զավեշտի վերածած անձրևն իրենց որդու խնդրանքով է եկել:
Դա ոչ միայն անհավանական էր ու անհավատալի, այլև անցանկալի:
Կառավարությունները սովորաբար դժվարությամբ են որոշումներ ընդունում և նույն դժվարությամբ էլ փոխում որոշումները: Իսկ այն, ինչ կառավարությանն ստիպում է նման քայլի դիմել, դիտվում է որպես դավադրություն՝ անկախ նրանից, բարի՞ է, թե՞ չար, օգտակա՞ր է, թե՞ վնասակար:
Կառավարության համար ամենակարևորը իր հեղինակությունն է: Եվ այն պահպանելու համար նա պատրաստ է ամեն ինչի, պատրաստ է նույնիսկ զոհ տալ իր ժողովրդին, պատժել ցանկացած մարդու՝ անկախ սեռից, տարիքից:
Այնպես որ, փրկարար անձրևի գալստյան մեջ Լոշտակի միջամտությունը տեսնելը հայրիկի ու մայրիկի համար ոչ միայն անհավատալի էր, ձեռնտու չէր ու անցանկալի էր, այլև վտանգավոր: Չափազանց վտանգավոր էր նույնիսկ այդ մասին մտածելը:
Ինչ մտածեցիր, գաղտնիք չէ այլևս, մտքով հավատացիր՝ հավատացյալ ես իրականում, մտքով դավաճանեցիր՝ դավաճան ես իրականում:
Եվ որպեսզի կարողանան խուսափել որդուն մատնելուց, նրանք լռելյայն վճռեցին ոչ միայն չմտածել, այլև երբեք չխոսել անձրևի մասին:
Ողջ երկիրը տենդագին հետաքրքրասիրությամբ քննարկում էր անամպ երկնքից թափված անձրևի առեղծվածը, դրան հաջորդած անձրևների շարանն ու եղանակի կտրուկ բարելավումը, որի շնորհիվ վերահաս երաշտին փոխարինեց զարմանալի, չտեսնված ու չլսված առատություն: Ծաղկում էին անգամ քարերը: Անապատները վերածվում էին փթթուն օազիսների, ցորենը թեև դեռ չէր դարձել քանց ընկույզ մի, բայց հասկերն արդեն եգիպտացորենի չափ էին և ստիպված խչմար էին տալիս յուրաքանչյուր հասկի տակ: Ընկույզները դարձել էին ձմերուկի չափ, նույնիսկ դժբախտ դեպքեր գրանցվեցին, իսկ ձմերուկներն այնքան մեծ ու ծանր էին, որ երկու հաղթանդամ տղամարդ հազիվ էին կտրում գետնից:
Երկիրը պայթում էր առատությունից, մարդիկ այլևս ստամոքսի հոգս չունեին և հաճույքով տրվում էին անբանության, խռնվում էին հրապարակներում և բորբոքված քննարկում երկնային անանախադեպ բարեհաճության պատճառները:
Կառավարությունը գաղտնի գործակալների բերանով լուրեր էր տարածում, թե այդ ամենը նորահայտ զենքի ընդամենը առաջին խաղաղ պտուղներն են, գիտնականներից շատերը պնդում էին, որ մթնոլորտի վերին շերտերում տիեզերանավերի բացած անցքերից երկիր իջած աստղափոշին երիտասարդացրել, նոր ուժ ու զորություն է հաղորդել այս մեղսավոր մոլորակի չարչարված հողին, ավելին, նույնիսկ լուրեր էին պտտվում, թե աստղափոշին հավերժական երիտասարդություն պարգևելու մոգական հատկություն ունի, և այն հատուկենտ երջանիկները, որոնք ներկայանում էին որպես աստղափոշուն արժանացած ընտրյալներ, պայծառատեսի ֆոսֆորափայլ հայացքները գամելով թերահավատների ճակատներին, իրենց օրինակը ցուցանելով՝ հաղթանակած շոյում էին լերկ գանգերին հայտնված փարթամ գանգուրներն ու անատամ բերաններում հայտնված նորաբուս ժանիքները կրճտացնելով՝ ջարդուփշուր էին անում հոռետեսության վերջին ջատագովների թույլ կռվանները, հավասարակշռությունից հանում նաև նրանց:
Եվ հաջորդ օրը սրանք էլ էին միախառնվում այն վիթխարի բազմությանը, որն ամեն Աստծո օր՝ ցողաթաթախ առավոտների մեջ, փնտրում էր երկնային հրաշագործ փոշու հետքեր, մագլցում ծերպեր ու քարափներ, ոտնատակ տալիս անտառներ, մարգագետիններ, արտ ու այգի: Շատերին նույնիսկ առաջնորդում էր ոչ թե հավերժական երիտասարդության բալասանին արժանանալու գայթակղությունը, այլ նորանոր բախտավորների մասին այսուայնտեղ անընդհատ պտտվող լուրերից ծնված նախանձը:
-Մենք ոչնչով վատ չենք նրանցից, ինչո՞ւ պիտի ոմանք անմահանան ու հավերժական երիտասարդություն վայելեն, իսկ մենք մնանք սովորական մահկանացու և կրենք այս անցողիկ կյանքի ողջ տանջանքները. Աստված բոլորին հավասար է ստեղծել, այդ է ասում նաև սահմանադրությունը,- միմյանց քաջալերելով՝ ասում էին նրանք ու նոր տենդով շարունակում որոնումները:
Եվ հուսահատությունից ծնվող ոգևորությանը բնորոշ մոլեգնությամբ այնքան տրորեցին արտ ու այգի, որ առատության եղջյուրից թափված բարիքից հետք անգամ չմնաց: Խանութներում ու շուկաներում դատարկություն էր:
Մարդիկ երկնային պարգևը վերածեցին պատուհասի:
Անիմաստ ու անարդյունք որոնումներից հոգնատանջ ու թևաթափ` առօրյայի փրկարար ափ վերադարձողներին դիմավորում էր վերահաս սովի չարագույժ ուրվականը, ստիպում կարոտով վերհիշել անձրևին նախորդող ժամանակների հանդարտահոս ու ծույլ, բայց ապահով կյանքը:
Եվ նրանք, խռնվելով հրապարակներում, անիծում էին իրենց դյուրահավատ ու թեթևամիտ գենը, որն անձրևի ընդամենը մի քանի կաթիլի ազդեցության տակ ոտնատակ տվեց հրաշքներին չհավատալու օգտակար, իրատես ու փրկարար համոզմունքը և կյանքի մեջ ներարկեց մի նոր՝ մղձավանջային երանգ:
Նրանք անիծում էին ամեն ինչ, և, առաջին հերթին՝ անձրևը, որի պատճառն ու բնույթը այդպես էլ հանելուկ մնաց, ու ոչ ոք չէր կարող ասել, թե նրա տված օգո՞ւտն էր շատ, թե՞ վնասը:
