Հակոբ Հարություն, Պատմվածք

Ծանրոցը

Հոսանքագծերի պես սահմանի երկու կողմերով ձգվող խրամատները լուռ են. ոչ մի կրակոց: Անորոշությունը լցվել, հոսում է առաջնագծի զինվորների երակներով, դարձել՝ սիրտ ճմլող անհանգստություն:

Քամու համար ժամ-պատարագ չկա: Այն ամենօրյա ընթացքի մեջ է, մտնում-ելնում է, ուր պատահի, տնտղում հանդիպածին: Խրամատով անցնելիս, ահա, մտերմաբար հպվում է խրամատակողին.  «Տեսնես անիրավները ի՜նչ են մտածել, որ պապանձվել են>>: Դադրած լռություն: Քամին համառում է. «Հը՞, ի՞նչ կասես, ձեն հանի>>: Խրամատակողը դժկամությամբ թե՝   «Մի դավ մոգոնում են, դրանցից լավ բան մի՛ սպասիր: Հետո էլ ի՜նչ իմանամ, հարցրո՛ւ զինվորին. նա ավելի շատ բան է տեսնում>>:

Քամին անմիջապես սահում է դիրքապահ զինվորի սաղավարտի տակ, շոյում մազերը. «Ոնց որ ձեն-ծպտուն չկա»: Զինվորը հազում է, իբր՝ մի՛ կռկռա: Քամին շարունակում է խաղալ զինվորի մազերի հետ.  «Անցնում էի կողքովդ, հարցրի՝ ինչ եղավ»: Զինվորը չորեց.  «Ինձնից ձեռ քաշի. հեքիաթի յոթ հարյուր երեսունիններորդ գիշերն է: Այս էլ թող այսպես անցնի»:

Քամին նեղացավ. դուր չեկավ զինվորի պահվածքը. վերջիվերջո գիշերների սրտակից ընկերն է եղել, հազար ու մի ձայն-լուր է տեղ հասցրել. «Է՜, աշխա՛րհ, աշխա՛րհ, տեղը մի փոքր լավացել է, ինձ հետ գլուխ չի դնում»,-մտածեց քամին, մի գալար տվեց, գետնից փոշի հանեց ու լցրեց զինվորի պատռված կոշիկների մեջ ու հեգնանքով նետեց,-վաղը, այսինքն՝ այդ վաղն այսօր է արդեն, կիջնես դիրքերից, մյուս օրը քեզ կզորացրեն, բա ո՞նց ես սրանցով տուն գնալու»:

Զինվորը առաջին անգամ ուշադրություն դարձրեց այդ հանգամանքին: Տխրեց:

Քամին չէր հանդարտվում: Նորից խեթեց.  «Է՜, իսկական քարվան կտրելու գիշեր է: Չելնե՞ մ անցնեմ սահմանը, մի զույգ կոշիկ խլեմ ու գամ»: Ու ծիծաղեց, զինվորն էլ խնդաց ու նայեց կոշիկներին.  «Բախտի հերն անիծեմ. սրանք էլ ժամանակ գտան ճղվելու»: Զինվորի հոգին աջ ու ձախ սկսեց խփվել: Կոշիկ…կոշիկ…կոշիկ… Մորզեի SOS-ի պես սկսեց տկտկալ ուղեղը:

 Քամին դարձյալ ծաղրեց.

-Հայերդ մի հասարակ Լենին չունեցաք, որ գնայի,  մի զույգ կոշիկ խնդրեի ու բերեի տայի:

-Լենին չունենք, ախտեցի Լեռնիկ ունենք,- իրենից գոհ ժպտաց զինվորը:

-Քոռ ախտեցի:

-Հա՛, հա՛, հենց քոռ ախտեցի:

-Բայց կտա՞,-ծոր տվեց քամին:

-Նա քեզ նման քամի չէ, կտա: Կհասնեմ տուն, ետ կուղարկեմ:

-Ինչպե՞ս ես ուղարկելու:

-Վախենաս մի բանով չուղարկե՞մ:

-Տե՛ս, չուղարկեցիր, կգամ ձեր տուն ու կպատմեմ, թե ոնց էիր վախեցել, երբ գիշերը կատվին դիվերսանտի հետ էիր շփոթել: Էդ անտեր զենքդ էլ քեզ դավաճանել էր, չէր կրակել, ու դու, այն կատվի կողմը նետելով, հավարէիր կանչել:

-Սկզբում սահմանաշունչը սարսռող է: Վախը որ չճանաչես, ո՞նց զգույշ կլինես:

-Հիմա վախենում ես, որ կոշիկ չես ճարելու, չէ՞:

-Այդ մեկը չէ: Ես ընկերներ ունեմ:

Քամին չքվեց: Զինվորը հանկարծ տեսավ՝ լուսացել է: Արշալույսը մայրական քնքշությամբ ողողեց նրան: Ճակատից քրտինքի կաթիլ գլորվեց աչքի մեջ, ծանրանալով ընկավ ու պայթեց խրամատի հողին:

Բարձրացավ հողի բուրմունքը…

…Օրեր անց Հայաստանի մի ծայրից մյուսը՝ աշխարհից աշխարհ, N զորամասի հասցեով մի ծանրոց էր թռչում: Ճանապարհը երկար էր, անցնում էր գեներալների և գնդապետների ապարանքների մոտով: Ծանրոցում մեկ զույգ զինվորական կիսաճիտ կոշիկ էր, քաղցրավենիք, ծխախոտ ու գրություն՝ դիրքապահի ձեռքով գրված՝ «Զգո՛ւյշ կլինեք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *