Մարգարիտ Դերանց, Պատմվածք

Ավետյաց երկիր

 ( «Ավետյաց երկիր» պատմվածքը 2024թ. ՀԳՄ «Արցախի պաշարման և արցախահայերի բռնի տեղահանման» թեմայով մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի)

            Այգու բոլոր ծառերը գլխատված էին, ու զուլալ մի գետ հոսում էր ծառերի արանքով։ Ջուրը շողշողուն էր`թվում էր, թե գետի հատակին հազարավոր լույսեր էին վառվում ու ջրերի խորքից գլաքարերը ճառագում էին գոհարների պես։ Հայրը գրկել էր կացնահարված ծառի բունը ու բեղի տակ ժպտում էր։ Աչքերը խոսուն էին, կարծես պատրաստվում էր կարևոր բան հայտնել։ Դուստրը վազեց ընդառաջ, պինդ գրկեց, կարոտակեզ պաչպչեց. «Մեռնեմ քեզ, պա ՜, էնքան շատ ըմ կրոտալ»։

       «Լյուսդ թող լյուս պիրի, Աստուծ…մի լյուս պեր հային հետե»[1], – խաչակնքեց երազի ու իրականության մեջ հայտնված Զինան, մոտեցավ անլույս, փոքրիկ պատուհանին։ Հայացքը հառեց հեռու երկնքնում կայծկլտացող լուսաբացի շողերին։

            Սենյակում լսում էր թոշակառու ամուսնու` Արմենակի խռմփոցը, որին դեռ չէր համակերպվել, քանի որ  կողակիցը ավելի շատքնել էր խրամատներում, քան ամուսնական մահճում: Այնուհանդերձ Աստծո ողորմածությամբ վեց զավակ ունեցան` չորս որդի, երկու դուստր։ Ավագ տղաները պայմանագրային պատասխանատու զինվորականներ էին, չնայած մայրը չէր էլ հասկանում, թե ինչ գաղտնի ծառայություն էր այն, բայց շատ անհանգիստ էր նրանց համար։

       Դրկից պառավ Հայկանուշի Փահլևանը կայտառ ծուղուրուղով ազդարարեց այգաբացը։ Սեպտեմբերյան արևը ծիկրակեց սարի ետևից։ Աքաղաղի ու արևի համար ամենի ինչ սովորական էր։ Նրանց բնավ չէր հուզում Արցախի վրա դամոկլյան սրի պես կախված հոգեմաշ պաշարումը և յաթաղանի սպառնալիքը։ Ազերիները դարանակալ որսորդների պես զօր ու գիշեր հսկում էին Շուշիի բարձունքից շրջափակման մեջ գտնվող սովահար քաղաքը, որպես թակարդն ընկած որսի ու անհամբեր էին՝ երբ են խժռելու։

        Զինան որոշեց օրվա մեջ անպայմանայցելել հոր շիրիմին։ Հայրը նրա խորհրդատուն էր, պահապան հրեշտակը: Ուս-ուսի տված մի ամբողջ կյանք քար ու ապառաժի հետ կռիվ են տվել ու տներ կանգնեցրել։ Հորը թաղեցին նախորդ տարվա ցրտաշունչ դեկտեմբերին: Զինայի մայր Նախշունը պինդ կառչել էր դստեր արմունկից, որպեսզի չընկնի։ Ծեր կինը սառած աչքերով դիտում էր, թե ինչպես էր քարքարոտ կավահողը թափվում վար՝ ծածկելով սիրելիին։ Ամուսնու մահից հետո իր կյանքն անիմաստ ու երերուն է դառնում։

      Հայրը շատ էր սիրում մորը. «Նախշունը հանգ կնեգյ ա, վեր պիտի պաչիս, տինիս կլխեդ, հետան յիրա փոշին թիմիսցնիս, օրիշ վէշմին պէն»[2]։ Իսկ Զինայի լուսահոգի տատը դրկից հարևանուհիների մոտ հետնախոսում է հարսի ետևից. «Նախշունը հանց  նստում ու յէր ա կենում, հանց ա լհա  Մելիք Շահնազարովեն թոռը ինի: Նա հի ՜նչ հարս, մունք ընք տնավ-տեղավ նրա հըրթնոթունն անըմ»[3]։

Ու չնայած դարերը՝ կորած արահետի պես, ոչ մի վկայություն, սեպագիր, մագաղաթ կամ փաստ չեն պահել մոր իշխանական արյան մասին, այնուամենայնիվ դուստրը համոզված էր, որ մոր նախնիները թագավորներ են եղել, կամ առնվազն` մելիքներ։ Զննելով իր կոշտուկապատ ձեռքերը՝ համոզված էր, որ ինքը մոր արյան հետ ոչ մի կապ չունի, ինքը հոր պես «աքինչի»[4] է։

       Կինը գուշորեն բացեց այգու ճռճռան դռնակը։  Բողարը՝ հոր սիրելին, փաթաթվեց, հոտոտեց ոտքերը. «Պապուս վըտը ինձանա յա առնում»։ Բոստանի ու մոլախոտի հետ կռիվ տվեց։ Հոր աչքով նայեց այգուն։ Հայրը պարտադրում էր, որ անպտուղ ծառերը կտրեր, որպեսզի բոստանը մեծանա ու ապրուստը շատանա։ Շենքերում ապրող թաղամասի հարևանուհինները օրհնում էին Զինային մի գազարի, սոխի կամ կարտոֆիլի համար, կարծես թե մի պարկ ոսկի էր նրանց բաշխում։ Պաշարված Ստեփանակերտում դրանք ոսկուց էլ թանկ էին։

 Մարդիկ նիհարել էին, դեմքները՝ սրվել։ Պառավները անիծում էին օրեր ձգվող կտրոնով, տարօրինակ տեսքի ու համի հացի չվերջացող հերթերը։ Տղամարդիկ լուռ էին, մռայլ, ցասումից բռունցք առած ձեռքերով։ Ձեռնահաս արցախուհիները սուղ մթերքներից սովորական կյանքի պատրանք էին ստեղծում` շենքերի, տների առջև ինքնաշեն վառարանների վրա ինչ-որ բան  եփում, զրուցում, աղոթում ու անվերապահորեն հավատում էին, որ շրջափակումը ուր որ է կվերջանա` Հայաստանը չի՛ լքի, թորքը չի՛ համարձակվի, ռուսը կօգնի՛, Ամերիկան կհասնի՛․․․

       Եվ ձորում ապրող Ասատուր դայու թոռան` քսան թվականին զոհված վաղամեռիկ պոետ Վարդան Քյուրաթաղցու Անահիտ կինը ոգեշնչում էր հուսահատվածներին. «Տերն ավելի պեցուր ա, քան պեցուրներումը ցղնված թորքը…Տերն ուրան սիրողներին չի՛ լքում»։

       Ընդամենը հինգ կարտոֆիլ էր մնացել նկուղում ու տասներկու շունչ՝ տանը։ Հազիվ մեկ օր կարող են դիմանալ։ Իսկ աշնան կարտոֆիլը ամիս ու կես հետո հազիվ հասներ։ Հարևան Հայկանուշի հավերն էլ երես էին թեքել պառավ տիրուհուց։ Երկուսով խոսքները մեկ են արել` ձու չեն ածում։ Պառավը Զինային հանդիպելիս շուլուխներ[5] էր անում, ժպիտ կորզում տխուր դեմքով հարևանուհուց։ էսօրվա նրա կատակները Փահլևանի շուրջն էինպտտվում։  «Կլոխ-պահող վերցակ ա Փահլևանը, բոյ-բուսաթին խաբվիս վեչ, սրա վէզը բիտի շոռ տամ… սրա մեղքզվ էն էրկու հավերը չբեր ըն»[6]։

    Զինան ծիծաղում էր, հետո լուրջ-լուրջ մտորում. «Եթե լոխ Հայկանուշեն նման ղոչաղ ինին, Արցախը կուրցնել չընք»[7]։

*  *  *

       Արևը երկնակամարի կենտրոնում էր։  Տնից դուրս արևի ծովն էր։ Թվում է՝ոչ մի ուժ ի զորու չէր խախտելու լույսով շաղախված քաղաքի խաղաղությունը։

Զինան հեռվից նկատեց դպրոցից վերադարձող առաջնեկ թոռանը՝Արմոյին` կրտսեր եղբորով, զույգ զարմուհիներով շրջապատված։ Բողարը վազեց երեխաններին ընդառաջ։ Շունը նստեցու առջևի թաթերը պարզեց Արմոյին` բարևելու։ Երեխաները իրար ձեռքից  խլխլում էին շանը, փորձում գրկել նրան։ Վերջինս, պոչը խաղացնելով, խուսանավում էր բոլորից, ցատկոտում Արմոյի շուրջը։ Պատանին ու շունը անբաժան ընկերներ էին։

Հենց այդ պահին երկինքը ծակվեց։ Հրետակոծության կարկուտ էր թափվում. պայթյունները, սև ծուխը բռնեցին աշխարհը։ Կրտսեր հարսը` Հասմիկը, գլխապատառ դուրս թռավ տնից՝ երեխաներին ընդառաջ, բայց նրանց չգտավ։ Խելագարի պես էր։

Այնինչ Բողարը կայծակի արագությամբ սուրացել էր՝ երեխաներին առաջնորդելով դեպի նկուղ։ Սարսափահար Հասմիկը պինդ գրկել էր երեխաներին եւ չէր ուզում պոկվել, իսկ կրտսեր դուստր Կարինեն երկու փոքրիկների հետ սոսնձվել էր Նախշուն բաբոյին։

Վերևում շխշխկալով պատեր էին ավերվում։ Նկուղը ծակվեց։ Արդեն անհնար էր շնչելը, միմյանց չէին տեսնում։ Ամենուր խեղդող, մահաբեր ծխի և փոշու մշուշն էր։

Ադրբեջանը «լավություն» էր անում աշխարհին, արմատախիլ անում իրենց հողից կառչած հարյուր երեսուն հազար հայերի՝ որպես մարդկությանը վտանգ սպառնացող ահաբեկիչների։ Նման դեպքում արցախցին ասում է. «Թորքը հանց սոտ կասե, վեր ղորթը կոխկեն կպըպըզի»[8]։

       Մինչ օրս Զինան չի հիշում, թե ինչպես պայթյուններից փրկվելու համար փախան ձորի տունը, որտեղ քույրն էր ապրում։ Այն գտնվում էր հսկա ժայռի տակ, ու արկերը, ռումբերը չէին հասնում այնտեղ։ Ձորի տանն էր ապաստանել Ասատուր դային իր հարս Անահիտի, երկու տարեկան Վարդանի հետ։ Անահիտը ծնկած աղոթում էր։ Այնտեղ էին հավաքվել շատ այլ բարեկամներ ու հարևաններ։ Զինան անհանգիստ հայացքով փնտրեց պառավ Հրանուշին։ Ծեր կինը այնտեղ չէր։

       Համարյա երկու օր տևած դաժան, անընդմեջ հրետակոծությունը կարճ ժամանակով դադարեց։ Ամուսիններով վերադարձան տուն` փոխնորդ հագուստների, մի քանի կարտոֆիլի ետևից։

       Տունը ծանր վիրավոր, մահամերձ զինվոր էր հիշեցնում։ Ամբողջ տնից փրկվել էր միայն փողոց նայող խոհանոցը։ Սպա որդիներից լուր չունեին։ Շշուկներ էին պտտվում, որ Արցախի  պաշտպանության բանակը պարտություն է կրել, որոշ գումարտակներ ոչնչացվել են, որոշները շրջափակման մեջ էին։  Քաղաքի նկուղներում սարսափահար կանայք երեխաներից թաքուն պատմում էին միմյանց Խնկավան, Հաթերք, Առաջաձոր գյուղերում տեղի ունեցած սարսափազդու կոտորածների մասին։

        «Զինա, ակուշկան պեց, էս ժողովուրդեն նհետ հինչ ա պտահալ, տյուս եկ՝  տես…էդ ինչ սասեր ա»,[9]– կնոջը դիմեց Արմենակ ամուսինը։

       Փողոցում իրարանցում էր, խառնաշփոթ։ Անցորդները վազում էին, իրար հրմշտելով խումբ-խումբ լցվում մեքենաները։

-Թորքը կյամա,[10] փըխճեցեք, – ինչ-որ մեկի բղավոցն էր։

Ազերիները համարյա Զինայենց տան մոտ էին։ Թեժ մարտեր էին տեղի ունենում անվտանգության ծառայության տղանների ու հակառակորդի միջև հենց մերձակա իններորդ դպրոցի մոտակայքում։

Խելակորույս ամբոխը վազում էր դեպի հրապարակ՝ կառավարական շենքի մոտ: Զինան նրանց հետ էր։ «Տյուս չըմ  կյալու իմ տանան, օզըմ չըմ փրկվիմ, խոխեքս կանվեչ, թող թորքը սպանե ինձ»,[11]– մտածում էր խելակորույս մայրը։

Հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Գյուղերից մազապուրծ փախածները ընտանիքներով գիշերել էին այնտեղ։ Ծերերը, կանայք, երեխանները հոգնաբեկ պառկած էին գետնին. ով ինչպես կարող էր` հատ ու կենտ ներքնակների, շորի ու տոպրակների, խառնիխուռն թափված իրերի մեջ։

Երեկո էր։ Կառավարական շենքի վրա փողփողում էր Արցախի դրոշը։

-Դրոշը քըշըցրեք,- կատաղած գոռում էր Զինայի կողքից հևասպառ վազող ջահել մայրը,- մեր երեխաներին վերադարձրեք մեզ։   

Զինան հպարտ էր, որ Հայոց բանակի ու այս դրոշի համար չորս որդի է ծնել, դրոշի համար են զոհվել եղբայրները, դրոշի համար էր կին տեղով տարիներ ծառայել աշխարհազորում։ Դրոշի շուրջն էր պտտվում Արմենակ ամուսնու և իր ողջ կյանքը։ Եվ վերջապես այս դրոշի շուրջն է պտտվում արցախահայի ու համայն հայության կյանքը։

Սպաներից մեկը առաջ եկավ, փորձեց հանգստացնել բորբոքված, խենթացած մայրերին.

-Ժողովուրդ ջան, աղետալի օրեր են…Արցախ ընք կորցնում… Հանգստացեք… քիչ հետո լավլուրեր կհայտնենք մեր տղաների մասին։

Սպիտակ մազերը քամուն հանձնած ջղաձիգ դեմքով, տարիքով մեկ այլ մայր բռունցքներով հարձակվեց սպայի վրա. «Տու, вобще ծենդ կտրե…Մեծամեծերիդ խոխոնցը  հանալ ըք Արցախից…ուսանող ըք ձևակերպալ…չորս օր ա՝ մինուճարիցս խաբար չի օնիմ…դրոշը քըշըցրեք, թող մեր խոխոնցը սաղ-սալամաթ պիրին[12]»։

Զինան ճանաչեց պաշարման ընթացքում խիստ նիհարած, լողլող դարձած սպային։ Համեստ, գրագետ, հայրենասեր տղա էր։ Իր որդի Հարութի հետ ավարտել էր ռազմական ուսումնարանը ու ապրիլյան կռիվներին մահամերձ վիրավորվել ու հրաշքով փրկել էր։ Կինը հազիվ էր ոտքերի վրա կանգնում, զարհուրած էր, գիտակցում էր պահի հույժ կարևորությունը։ Չգիտես թե ինչու մտածեց, որ Աստված երեսը փայլեցրել է տարիքով կնոջ վրա` մինուճար ունենալու բախտի է արժանացրել այն ժամանակ, երբ հավանաբար սպառվել էր նրա երեխա ունենալու վերջին հույսը։  Զինան կտրուկ մոտեցավ, կանգնեց սպայի ու ճերմակահեր մոր արանքում.

-Հվաքե՛ քեզ…էս լյուսու նման տղեն հանգիստ թող։ Սրա մարը աշխարհէն տանջանքն ա քաշյալ, մինչև էս տղէն վըննի ա կըղնըցրալ

Զինայի սիրտը ներսից փշուր-փշուր էր լինում սպայի, կատաղած մայրերի, որդիների ու նրանց բախտի համար։ Ասատուր դայու հավատացյալ Անահիտ հարսի պես ուզում էր գոռալ. «Բարի եղեք, գթասիրտ եղե՛ք, մարդիկ»։

Արդեն բերանից բերան էր անցնում, որ ադրբեջանցիների միակ պայմանը դրոշի իջեցումն է, Արցախի ամբողջական տարհանումը։ Խոսում էին, որ Հագարի կամուրջը բացելու են միայն կանանց, երեխանների ու ծերերի համար։ Տղամարդիկ մնալու են կռվելու ու մինչև վերջինը սպանվելու։ Փսփսում էին, որ հրադադարի պայմանագիրը արդեն կնքված էր։

Մթնեց։ Քաղաքում համատարած խավար էր, միայն ավելի հազվադեպ հրետակոծություններն էին լուսավորում աշխարհից լքված քաղաքը։ Քաղաքապետարանի շենքի մոտ երկար հերթ էր գոյացել հեռախոսները «դվիժոկի» լույսով լիցքավորելու համար։

Զինան կես մարդ դարձած վերադարձավ ու հազիվ ճանաչեց գիշերվա խավարի մեջ մղձավանջի վերածված իրենց տունը։ Գլխիկոր ամուսինը կնոջն էր սպասում կիսավեր խոհանոցում։

-Հի՞նչ ըս նստալ Արմենակ, էգուց քնանք մեր տղերանցը փնտրենք…

Հաջորդ օրը այր ու կին ոտքով քայլեցին Ստեփանակերտից դուրս։ Տասնհինգ կիլոմերտր քայլելուց հետո հասան հոսպիտալ։ Հարութը ծանր վիրավորվել էր ուսից, «կանտուզիա» էր ստացել։ Այնտեղից ավտոմեքենայով նրան ետ բերեցին Ձորի տուն։

                   Իսկ ավագ որդուն փնտրում էին հիվանդանոցներում, դիահերձարանններում…Ինչ դիակներ ասես չտեսան, ինչ սարսափելի դեպքերի հետ ասես, որ չառնչվեցին…Որդին չկար ու չկար։ Զինան խենթի պես էր։

Արգամը վերադարձավ քսանչորսի գիշերը` հոգնաբեկ, փայլազուրկ աչքերով, կարծես թե հոգու մարտկոցը անջատված լիներ։ Հայրը հարցրեց.

        -Արգո, խե՞ ստի տեռավ…

 -Խրեգընք ա՛յ հար…մինակ մեր հույսը…Հայրենիքը ծերքերը ծալած յէշում ա` հունց ա թորքը ուրան կուճուր ախպորը ապանում[13]

-Մինակ մունք ընք մեղավէր, մեր հողեն կյինը վե՛չ գիդացենք, վեչ էլ կըրեցինք պահինք։[14]

-Կըռև ընք ըրալ…լյավընք կռվև ըրալ…բայց ամեն ինգյունան շրջապատված ընք իլլալ։ Կամանձիրը հանձնվից, վէր մեզ պեց թողին…թողից վեչ  մինչև վերջ կռև անինք ու սաղավ մեռնինք… օզալմ հետ քինյամ, թողից վեէչ…մինակ-մինակ քեցավ, ծէրքէրը պիցրացրած, սպիտակ դրոշը ծերքին… թորքերն էլ հռհռացալն,[15] –  անթարթ հայացքը մի կետի սևեռած` ինքն իր հետ խոսում էր Արգամը։  Դրսում թանձրանում էր մութը։ Սպայի աչքի առաջ վեր էին հառնում զոհված ընկերների դիերը, սպիտակ դրոշը ձեռքին հավերժ անհետացող սիրելի հրամանատարի ուրվագիծը։ Ու տղամարդը վրեժից, անզորությունից ու չբարձաձայնված մեղավորության զգացումից սեղմում էր բռունցքները, եղունգները ցավեցնելու աստիճան խրում մսի մեջ…

-Էդ պեցուր տեղ նըստածը գիդումար հինչար անում, կամաց-կամաց քայլ առ քայլ պիրեցին սրան, աթոռը պըհեցեն ու երկիրը ծըխեցեն,[16] –   միջամտեց Նախշուն բաբոն…

-Այ կնեգյ, քինա տես Հարութը հունց ա… Արգոյին հանգիստ թող… մեղք չի.. օզումըս սերտը ճաքե՞,[17] – մորը սաստեց Զինան…

Սովահար մարդիկ ճանապարհի համար ոչինչ չունեին ուտելու։ Լուսաբացին ընդառաջ ծեր Հրանուշը ոտքերը քստքստացնելով հասավ Ձորի տունը։ Զինային կանչեց դուրս, խորամանկ ժպտաց.

-Հեսա լյուսը կպեցվի։ Եք Փահլևանին ու իրա էրկու կնգանը մորթե։ Նաֆարը շատ ա, քշտանալյու չըք..․ գոնե ճանապարհէն սրտներս կպահե, վէր սովից չմեռնիք։[18]

Ստեփանակերտի վրա մութն էր իշխում, երբ Զինան ու Հրանուշ բաբոն տեղ հասան։ Սեպտեմբերյան քամին ներս էր փչում, անդադար բաց ու խուփ անում գոմի դռնակը, և մոմը ծեր կնոջ դողդողացող ձեռքում կայծկլտում էր՝ հազիվ լուսավորելով շուրջը։ Թռչունները իրարանցման մեջ էին։ Զինան կացինը ձեռքին գործի անցավ։ Կացնահարեց Փահլևանին ու նրա հարեմը։

       -Զինա ջան, ընցած տարվանից պահած մի կուճուր գազի բալոն օնիմ, եկ վերջին անգամ  ղարաբաղա ճիրավը լղանանք, հետան հավերը իփինք։[19]

       Միավորված համընդհանուր դժբախտությամբ ու ճակատագրով` բարեկամներով, հարևաններով կեսօրին հավաքվել էին Զինայենց ավերակ տան մոտ: Զինվորական Урал բեռնատարը, փոքրիկ Уаз-ը և սովետից ժառանգություն մնացած ավտոմիբիլը նրանց էր սպասում։ Բոլորը բեռները արդեն տեղավորված էինմեքենաների մեջ։

Զինայի կրտսեր եղբայր Բենոն եկել էր հրաժեշտ տալու, բենզին չուներ իր հին բեռնատարի համար։ Ընտանիքով հաջորդ օրն էր դուրս գալու Ստեփանակերտից։

Հրանուշ Բաբոն լողանալուց հետո թարմացել էր, մազերը հարդարել էր, կոշիկներն ու հագուստները փոխել` պատրաստվել էր ճամփա ընկնելուն։

Արդեն մեքենաները շարժվելու էին, երբ վերջին պահին ծեր կինը ըմբոստացավ, «ծենը քցեց կլոխը»[20], պարտադրեց, որ իր հնամաշ, ծանր ճամպրուկը իջեցնեն.

– Ես ծեզ հետ եկողը չըմ…

– Այ կնեգ, մինակ-մինակ հունցըս մնալու թորքի կողքին, մըռնիմ էլ, առանց քեզ քինան չըմ,[21]– համոզում էր նրան Զինան։ Ապարդյուն։ Կինը հաստատակամ էր ու անընդմեջ կրկնում էր.

-էս հողի վրա յա նախնոցս արյունը, տղուս, թոռանս, հարսիս, ծնողիս արյունը։ Էստեղ իմ տօնն ա…շտըխան հեռու` ես էլ մարդ չըմ։ Կարել չըմ ապրիլ… թող թորքը կյա, սպանե։[22]

       Ու էդ խառը իրավիճակում Ասատուր դային բեռնատարից քարշ տվեց իր ծանր պայուսակը և կանգնեց Հրանուշի կողքին. –

   -Առանց էս հողի, ես ըլ չըմ ըպրելու։ Հետո համոթ չի՞, վէր մեր Հրանուշին մինակ թողիմ:[23]

   Ասատուր Դային և Հրանուշը կանգնած էին կողք-կողքի և անթարթ նայում էին հեռացող շարասյուններին…իսկ և իսկ Դեդո ու Բաբոյի արձանների պես…

       Իսկ մեկնողները շրջվել էին՝ սիրագորով հայացքով շոյում էին հարազատ վայրերն ու տեսադաշտից անհետացող մայրաքաղաք Ստեփանակերտը։  Անահիտը մտածում էր մեծ սկեսրայր հոր` Ասատուր Դեդոյի մասին, Հրանուշ բաբոյի մասին։  Ինչքա ՜ն կդիմանան ծերերը մեն-մենակ, դատարկված քաղաքում։ Մտածում էր, որ սուրբ գրքում միայն Ղովտի կինը շուռ եկավ, ետ նայեց հարազատ քաղաքին, սիրտը ճաքեց  ու վերածվեց  աղե արձանի։ Իսկ հիմա հարյուր երեսուն հազար հայ, յուրաքանչյուրն իր ներսում նման մի արձան էր տեղափոխում։ Սարսափելին այն է, որ աղե արձանի անեծքը` ցեղասպանության ու գաղթի տեսքով հետապնդում է հայ ժողովրդին, սոսնձնվել է նրա բախտին որպես խարան ու չի պոկվում…Իսկ աշխարհը` Պիղատոսի պես մաքրամաքուր լվացած  ձեռքերով, անտարբեր ժպիտով լոկ դիտում է…

*   *   *

Կեսօրին դուրս եկան Ստեփանակերտից, շարասյունը ընթանում էր շատ դանդաղ։ Զինան հոգնած էր, թուլացած, մարմինն ու գլուխը օրորվում էին մեքենայի ճոճվելուն համընթաց։ Անցնում էին գերեզմանոցի կողքով։ Կինը սթափվեց թմբիրից ու սևեռուն հայացքը հառեց հեռու։ Քսանի պարտությունից հետո իրենց` Շուշիից փախածներին, հատկացրին  Ստեփանակերտի կիսավեր տունը և  հող այս գերեզմանոցում։ Արցունքը գլոր-գլոր հոսում էր դեմքով։ Այնտեղ՝ միայնակ գերեզմանաթմբին թաղված էր հայրը, ու դուստրը այդպես էլ չայցելեց հոր շիրմին։

       Հորդառատ անձրև տեղաց։ Կարկուտ էր, որոտ։ Երկու ահարկու պայթյունների դղրդոցից  հազարավոր մարդիկ վեր թռան։ Բոլորը շվարած էին, ոչինչ չգիտեին։ Շտապ օգնության մեքենաները մեկը մյուսի հետևից հետ էին սլանում Ստեփանակերտ։ Հետո չարագույժ լուրը կախվեց օդում. բենզալցակայանը  պայթել է, կան հարյուրավոր զոհեր…

       «Բենո՜ն», միտքը կայծակի պես կտրեց ուղեղը։  Զինան շարունակաբար զանգում էր եղբորը, բայց նրանից ոչ մի պատասխան չէր ստանում՝ «Մինակ Բենոն ողջառողջ լինի»։ Հանկարծ Զինան նկատեց, որ մայրը դուրս է եկել շարասյունից ու հևասպառ մոտենում է իրենց։ Դուրս եկավ մեքենայից, ընդառաջ գնաց նրան.

       -Բենոն սաղ-սլամաթ ա, քեզ էլ բարևում ա, ու տղեդ ասում ա՝ մորս պաչի…

       Ասաց, ու պինդ գրկեց մորը։

     … Մազի կամուրջի վրա ասեղ գցելու տեղ չկար։ Մեքենաների խիտ շարասյունը դանդաղ էր ընթանում։ Կեսգիշերն անց հասան Շուշի։ Լուսարձակները դեղին աղոտ ցոլքով լուսավորում էին ճանապարհը, իսկ Շուշվա երկնքի աստղերը ճերմակ էին ու պայծառ։

-Վերջին դինումեն մաշինին ակուշկեքը պեց ըրեք։ Վերջին դյոնումը Շուշըվաս օդն օզումըմ շնչիմ[24],-

ավագ թոռ Արգամին  դիմեց  Նախշուն տատը։ Բոլոր պատուհանները իջեցրին։ Ծերը կինը խոր շունչ քաշեց։ Օտար, թշնամական հոտը բռնել էր սարերը, անտառները, Շուշին։

       -Լոխ ծածկեցեք, շյուտ ծածկեցեք, – հրամայեց Նախշունը և լուռ մտորեց. «էս թորքի հոտը պռնալ ա աշխարհը, ուրեմն մունք էլ Արցախ չոնինք»:[25]

Նախշուն բաբոն երկու ձեռքով պինդ բռնեց սիրտը։ Սիրտը մարմնից դուրս էր թռչում։

       Շուշիից ոչ հեռու գտնվող անցակետում ռուսները հպանցիկ ստուգեցին մեքենանները ասելով.

– Мы вас отпускаем, но впереди азербайджанцы, которые могут вас уничтожать…

Պայծառ աստղերի արանքից հսկա, չարագույժ մի ամպ կրնկակոխ հետևում էր նրանց։ Ղեկին Արգամն էր, կողքին` Նախշուն բաբոն, ետևի թափքին՝ անչափահաս տղա ծոռները, կողքին` զույգ աղջիկ ծոռնուհիները: Երեխանների ոտքերի մոտ Բողար շունն էր։

Մայրուղին բացվեց, ու մի քանի ժամ հետո մեքենաները մեկը մեկի ետևից մոտեցան Հագարի կամուրջին։ Այնտեղ ադրբեջանական անցակետն էր… Ամեն մի մեքենան ստուգում էին ամենայն բծախնդրությամբ։

       Նախշուն բաբոն անչափ թույլ էր, երկար ու ձիգ ճանապարհին բերանը ոչինչ չէր դրել։ Դստեր առաջարկած նշխարաչափ ուտելիքը թաքուն տվել էր անդրանիկ Արմո ծոռանը։ Վերջինս էլ այն կիսել է Բողարի հետ։ Բաբոյի լեզուն չորացել էր ծարավից, բայց ադրբեջանցուց ջուր չխնդրեց։ Լուռ փաստաթղթերը հանձնեց նրան։ Փոխգնդապետ ադրբեջանցին զննեց թղթերը, հրամայեց մեքենան հանել մայրուղուց դուրս՝ անցակետի հակառակ կողմը։  Հետո` քմիծիծաղով դիմեց վարորդին.

          – Что за встреча, ты ли, это Арго.. бывший подполковник Ходжалы?

     Արգոն գլխով հավանության նշան տվեց։ Փոխգնդապետը հեռացավ դեպի իր գործընկերները։ Խումբը ինչ-որ բան էր քննարկում։ Նախշուն բաբոյի շունչը կտրվում էր, սարսափից դառնահամ զգաց բերանում։ Փակ աչքերով լուռ աղոթում էր` Բարձրյալի ողորմությունն էր աղերսում թոռան ու ծոռների համար։

    Ադրբեջանցի սերժանտը, ռուս թարգմանչին հետևից գցած, ատրճանակը ձեռքին խաղացնելով՝ մոտեցավ նրանց։ Թարգմանիչը խնդրեց բացել դռները, բեռնախցիկը, իսկ ադրբեջանցին գրպանի լապտերով նախ լուսավորեց բեռնախցիկը, հետո լույսի ճառագայթները ուղղեց երեխաններին։ Կպչուն, պիղծ, անհագ հայացքը նետեց նախ անչափահաս տղաններին, հետո զննեց փոքրիկ աղջնակներին։

     Արգամի հայացքը սառել էր մեկ կետի, բռունցքները ավելի ու ավելի էին սեղմում մեքենայի ղեկը։ Նախշուն բաբոն զգում էր թոռան շնչառության հևքը, վերնաշապիկի տակ պրկված մկանները։ Հասկանում է, որ իրավիճակը թեժ է, ու ուր որ է թոռան ցասումը դուրս է ժայթքելու ու կատարվելու է անուղղելին…

    Սերժանտը նախ  հեռանում էր մեքենայից, ապա նորից մոտենում։ Ատրճանակով  շարժումներ էր գծում դեպի վիզը, ականջները, աչքերը, իբր թե կկտրեմ ձեր ականջները, վիզը, կհանեմ ձեր աչքերը…

   Հիշողության հորձանքը չգիտես ինչու ընթերցասեր Նախշուն բաբոյին տարավ հույն Ոդիսևսի ու նրա Տելեմաքոս որդու մոտ։ Բաբոն ամբողջ ուժով սեղմեց Արգամ որդու ձեռքը և սեփական ձայնի ուժգնությունից ապշելով՝ խրոխտ հռչակեց.

     -Զսպիր կատաղությունդ, Արգամս, դեռ ժամը չէ…

     Իսկ Բողարը չարագույժ գռմռում էր, ակնդետ հետևում ադրբեջանցուն։ Երբ սերժանտը կտրուկ շուռ եկավ, շունը ցատկեց, գետնեց նրան, գզգզեց վերնշապիկի օձիքը և ուրոր է հասնելու էր կոկորդին։ Իրարանցում էր, հրմշտոց։ Ադրբեջանցի փոխգնգնդապետը կրակեց։

    Բողարը սրտակեղեք կաղկանձեց։ Ընկրկեց։ Շրջվեց մեջքի վրա, ոտքերը ցնցվում էին։ Երեխանները սուր ճչացին։ Նախշունը ձեռքով փակեց բերանը, որպեսզի խեղդի աղեկտուր հեկեկոցը։

    Այդ ընթացքում գնդապետը կտրուկ հասավ գետնին պառկած սերժանտին, ոտքով կատաղած հարվածեց նրան։

     -Axmaq, nə şou etdin… mən olmasaydım, səni artıq erməni iti öldürəcəkdi…[26]

     Սա օրորվելով մի կերպ վեր կացավ գետնից.

     -Polkovnik, mən ermənini özümüzlə aparmaq istəyirdim։[27]

     -Beyinsiz… bu bizə lazım deyildi… bunun komandiri artıq bizdədir, Bakı həbsxanasında…։[28]

      Էլեկտրասյունի աղոտ, անտարբեր լույսի ներքո Բողարը վերջին անգամ թույլ շարժվեց, հետո անշարժացավ, մեխվեց գետնին։

      Արգամը իր ավագ որդի Արմոյի հետ շան դին դրեց  բեռնախցիկ։ Բողարի վերքից արյուն էր կաթկթում, ծորում ասֆալտով մեկ… Արմոն շուրթերը պինդ սեղմած  սրբում էր գլոր-գլոր թափվող արցունքները։ Տղուկը ուզում էր թափվող արցունքների պես ջուր դառնար, հոսեր վերջանար, չլիներ։ Այդտեղ` Հագարի կամուրջի անցակետում, վերջացավ Արմոյի մանկությունը։ Հետո, շատ հետո, երբ զմրուխտ լեռները մտովի կայցելեն նրան որպես կորուսյալ աշխարհ, Արմոն կհիշի ասֆալտին կաթկթացող հավատարիմ շան արյունը, ամեն անգամ հոր՝ Արգամի պես, անելանելիությունից կսեղմի բռունցքները՝ որպես վրեժ, անզորություն ու չբարձաձայնված մեղավորության զգացում։

Արգամը լուռ վարում էր մեքենան։ Տատ ու թոռ լուռ էին, ասելու ոչինչ չունեին։ Լուսադեմին ընդառաջ Արգամ թոռանը թվաց, որ Նախշուն բաբոն ձայն տվեց։ Տատը ինչ-որ բան էր ուզում ասել, բայց չէր կարողանում։ Հետո սկսեց խռխռալ։ Դեմքը ջղաձիգ էր, կարմրատակած։ Գաբրիել հրեշտակը աննկատ վերցրեց նրա հոգին, որովհետև կարճ ժամանակ անց բաբոյի սիրուն դեմքը խաղաղվեց, ճերմակեց, բերանի անկյունում աննշմարելի, երանելի ժպիտ հայտնվեց։

  Արևը սարի ետևից դուրս եկավ։ Մոլորված, ցավից անտեղյակ մի շողիկ նստեց բաբոյի քարացած, սառած դեմքին ու բռնկվեց լույսի խաղիկներով….

*    *    *

     Կոռնիձորում փախստականներին շատ ջերմ ընդունեցին։  Հասարակ ժողովուրդը, կամավորական խմբերը եկան շարասյուններին ընդառաջ. ջուր, հաց, միրգ, քաղցրեղեն, ուտելիքներ էին փոխանցում մեքենա առ մեքենա…Օդի մեջ ցնծությունն էր, երեխանների ուրախ ճիչեր, գրկախառնություններ։ Արցախայերը փրկված էին, նրանք մտել էին Ավետյաց երկիր, այնուհանդերձ բազմության մեջ շատ էին անսփոփ, վշտահար դեմքերով մարդիկ։

       Զինայենց գերդաստանը հավաքվել էր գլուխ-գլխի։ Երկու օր սպասեցին Բենոյի տասներկուամյա որդի Պետոյին։ Նա էր վարում հոր հին բեռնատար Уаз-ը դեպի Գորիս։ Մեքենայում մայրն էր, կրտսեր քույրերը, չորս տարեկան եղբայրը, իսկ բեռնախցում հոր` Բենոյի ցինկե փակ դագաղն էր։

       ….Չորս կողմ կիրճն էր, բարձրադիր ապառաժներով շրջապատված , իսկ  բարձունքին Կոռնիձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին էր։ Նախշուն բաբոյին ու նրա մինուճար  որդի Բենոյին թաղեցին  եկեղեցուց հեռու գտնվող բարձունքին։ Մայր ու որդուն թաղեցին նույն փոսի մեջ։ Գտան, որ այդպես ճիշտ է։ Բենոն ընտանիքի կրտսերն էր, տարիքավոր Նախշուն մոր «կյարմուր խնձոր», «իրես»[29] տված ընտրյալ որդին, որ Աստծո ողորմությամբ ծնվեց առաջին արցախյան աշխարհամարտում զոհված ավագ եղբայրների զոհվելուց հետո։

    Բլուրի ստորոտում թաղեցին Բողարին։

    Երկինքը շառագունել էր մայրամուտի հանգույն։ Սուրբ Հովհաննես եկեղեցու գագաթից քամու բերանն ընկած ամպերը կուտակ-կուտակ կարոտների պես վազում էին ետ` դեպի Արցախ։


[1] – Լույսդ թող լույս բերի Աստված, մի լույս բեր հայի համար։

[2]–Նախշունը այնպիսի կին է, որին պետք գլխիդ վրա պահես, համբուրես ու վրայի փոշին մաքրես, ուրիշ` ոչինչ…

[3]–Նախշունը նստում – վեր է կենում Մելիք Շահնազարովի թոռան պես։ Նա ի ՜նչ հարս, մենք ենք նրան հարսնություն անում։

[4]— հողագործ

[5] –  կատակներ

[6] – Գլուխ պահող աքլոր է Փահլևանը, բոյ-բուսաթին չխաբվես, սրա վիզը պետք է կտրեմ, սրա մեղքով են երկու հավերը չբեր։

[7] – Եթե բոլորը Հայկանուշի պես պինդ լինեն, Արցախը չենք կորցնի

[8] –  Թուրքը էնպես սուտ կասի, որ  ճիշտը ծնկաչոք կլինի

[9] – Պատուհանը բացիր, դուրս արի` տես, էս ժողովրդին ի՞նչ է պատահել, ինչ ձայներ են դրսում

[10] -Թուրքը գալիս է, փախեք

[11] –Դուրս չեմ գալու իմ տնից, երեխաններս չկան ու թող թուրքը սպանի ինձ։

[12] –Դրոշը հեռացրեք, ու մեր երեխաներին ողջ-առողջ վերադարձրեք

[13] —Քիչ ենք  հայր, ու մեր միակ հույս Հայրենիքը ձեռքերը ծալած դիտում է, թե թուրքը ինչպես է իր կրտսեր եղբորը շանսատակ անում։

[14] —Միայն մենք ենք մեղավոր, մեր հողի հարկը ոչ իմացանք, ոչ էլ կարողանաք պահել։

[15] —Կռվել ենք, լավ ենք կռվել, բայց շրջապատման մեջ ընկանք։ Հրամանատարը հանձնվեց թուրքին, որպեսզի մեզ բաց թողնեն։ Չթողեց մինչև վերջ կռվենք ու մեռնենք։ Ձեռքերը բարձրացած, սպիտակ դրոշը ձեռքին հանձնվեց, իսկ թուրքերը հռհռում էին։

[16] —Բարձր տեղում նստածը, գիտեր, թե ինչ էր անում, քայլ առ քայլ բերեցին բերեցին սրան, աթոռ պահեցին ու երկիր ծախեցին։

[17] —-Ա՛յ, կին, գնա տես Հարութը, ինչպե՞ս է, Արգոյին հանգիստ թող, ուզում ես սիրտը ճաքի՞։

[18] — Շուտով լույսը կբացվի: Արի Փահլևանին, իր երկու կանաց հետ մորթի։ Շատվոր ենք, չենք կշտանա, բայց կօգնիի, որ ճանապարհին սովից չմեռնեք։

[19]—- Զինա ջան, անցյալ տարվանից գազի բալոն ունեմ, արի վերջին անգամ ղարաբաղի ջրով լողանանք, հետո հավերը եփենք։

[20] —ձայնը գլուխը գցեց

[21]—Այ կին, ինչպե՞ս ես մեն-մենակ մնալու թուրքի կողքին, մեռնեմ, առանց քեզ ճանապարհ չեմ ընկնի։

[22] —Այս հողի վրա է նախնյացս արյունը, որդուս, թոռանս, հարսիս արյունը։ Այստեղ իմ տուն է, այստեղից հեռու, ես էլ մարդ չեմ։ Չեմ կարող ապրել, թող թուրքը գա սպանի ինձ։

[23] –Առանց այս հողի, ես էլ չեմ կարող ապրել, և վերջին հաշվով ամոթ է մեր Հրանուշին մենակ թողնելը։

[24]—Վերջին անգամ ուզում եմ շնչեմ Շուշիիս օդը

[25]—Թուրքի հոտը բռնել է աշխարհը, ուրեմն մենք էլ Արցախ չունենք:

[26] – Ապուշ, էս ինչ ներկայացում սարքեցիր…չլինեի, հայի շունը արդեն սատկացրել էր քեզ…

[27] –Գնդապետ, ուզում էի հային տանեինք մեզ հետ։

 [28]  – Անուղեղ.. սա մեզ պետք չէր…սրա հրամանատարը արդեն մերոնց մոտ է` Բաքվի բերդում…

[29] – Կարմիր խնձոր… երես